Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Հուլիս 2012, N 4

ՆԱ ՕԳՆԵԼ Է ՔԱԴԱՖԻԻՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ ԿԱՌՈՒՑԵԼ

Սուրեն Թովմասյանի հիշատակին

Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ

Սուրեն Հակոբի Թովմասյանը ծնվել է 1909թ. դեկտեմբերի 20-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում, աղքատ ընտանիքում, որին կերակրելու համար հայրն աշխատում էր Բաքվի և Գրոզնու նավթահանքերում։ Տղան 10 տարեկանից դառնում է գյուղի հովիվը՝ նյութապես օգնելով ծնողներին։ 1926թ. Սուրենն ընդունվում է կոմերիտմիության շարքերը, իսկ 1930թ. ՀամԿ(բ)Կ  տոմս է ստանում։ Այդ շրջանում նա աշխատում էր Զանգեզուրի մայրուղիների շինարարությունում, իսկ 1929-ից, տեղափոխվելով Երևան, աշխատանքային գործունեությունը շարունակում է «Բանկոոպ» ձեռնարկությունում։

1929-1931թթ. արտադրությունից չկտրվելով՝ սովորում է Երևանի բանֆակում։ 1932թ. Թովմասյանն սկսում է կուսակցական գործունեությունը. սկզբում աշխատում է որպես Սիսիանի կուսշրջկոմի հրահանգիչ, հետո արդեն՝ Իջևանի շրջկոմի բաժնի վարիչ, 1938թ. ընտրվում է Կապանի՝ Հայաստանի խոշոր և տնտեսապես կարևոր շրջանի կուսկոմի քարտուղար։

1939թ. Հայաստանի Կոմկուսի XII համագումարում Թովմասյանն ընտրվում է Կենտկոմի անդամ, արդեն երկու ամիս անց նշանակվում է ներքին գործերի ժողկոմի առաջին տեղակալ։ Մինչև այս պաշտոնին նշանակվելը՝ 1937թ. նոյեմբերին, ձերբակալվել էր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Անուշավան Արզումանյանը։ Թովմասյանն անձամբ ճանաչում էր նրան որպես Զանգեզուրում կոմերիտմիությունը հիմնողներից մեկը։ Ծանոթանալով Արզումանյանի գործին՝ Թովմասյանը վճռականապես լծվում է նրան արդարացնելու գործին։ Դիմելով Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին՝ նա հասնում է այն բանին, որ Արզումանյանին ազատ են արձակում։ Ուշ գիշերով Թովմասյանին է զանգահարում բանտապետն ու զեկուցում, որ Արզումանյանը հրաժարվում է բանտից դուրս գալ՝ պահանջելով իրեն վերադարձնել կուստոմսը։ Հաջորդ առավոտյան, այն բանից հետո, երբ Թովմասյանն ստացել էր Կենտկոմի առաջին քարտուղարի թույլտվությունը, կուստոմսը վերադարձվում է նախկին ռեկտորին։

Աքսորից Թովմասյանի փրկած անձանց մեջ էր նաև հայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Թովմասյանին զեկուցում են, որ «ժողովրդի թշնամի» Աճառյանը կտրականապես հրաժարվում է այն մեղադրանքից, թե թուրքական հետախուզության գործակալ է։ Թովմասյանի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Աճառյանն ուղղակի ասում է. «Պատրաստ եմ ընդունել, որ աշխատել եմ աշխարհի ցանկացած հետախուզության, բայց ոչ երբեք թուրքականի համար. թուրքերը մորթել են իմ բոլոր հարազատներին»։Գիտնականն ազատ է արձակվում։

1941թ. օգոստոսին Սուրեն Թովմասյանը դիմում է Հայաստանի Կենտկոմի բյուրո՝ իրեն ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով։ Նրա խնդրանքը բավարարվում է։ Պատերազմում նա երկու անգամ ծանր վիրավորվում է, բայց հրաժարվում է զորացրվելուց, իսկ իր փառահեղ ռազմական ուղին ավարտում է 1945թ. մայիսի 9-ին, Պրահայում, որպես 61-րդ դիվիզիայի քաղբաժնի պետ, բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով պարգևատրված։ (Այդ ժամանակ նույն կարգավիճակն ուներ, բայց բանակում, ԽՄԿԿ Կենտկոմի ապագա առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը)։

Պատերազմի ավարտից հետո Թովմասյանը վերադառնում է Երևան, որտեղ 1946թ. աշխատում է որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անասնաբուծության բաժնի վարիչ, իսկ 1947-48թթ.՝ ադմինիստրատիվ բաժնի վարիչի տեղակալ։ Զուգահեռաբար քննություններ է հանձնում և էքստեռն կարգով ավարտում ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1948թ. Թովմասյանն ընտրվում է Երևանի կուսքաղկոմի քարտուղար և դրանից անմիջապես հետո հրաժարվում այն թոշակից, որը նրան նշանակվել էր պատերազմի ավարտից հետո՝ որպես երկրորդ խմբի հաշմանդամի, կարծելով, որ աշխատող կոմունիստն այն ստանալու բարոյական իրավունք չունի։

1950թ., ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից երկամյա վերապատրաստման դասընթացներն ավարտելուց հետո Թովմասյանը սկզբում վերադառնում է նախկին պաշտոնին, իսկ հետո՝ 1952թ., ընտրվում Երևանի օկրուգկոմի երկրորդ քարտուղար։ Վերջինն իր տարածքով կազմում էր Հայաստանի կեսը, իսկ առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Անտոն Քոչինյանը։ Զինակիցների հիշողություններում Թովմասյանը եռանդուն, անզիջում մարդ էր, կենցաղում՝ համեստ ու ոչ քմահաճ։ Հայաստանի ժողտնտխորհի նախագահ Եղիշե Ասծատրյանը գրում է. «Ամեն անգամ, երբ մենք նրա տանն էինք լինում, կշտամբում էինք նրան անհարմար կենցաղային պայմանների համար։ Վերջապես, ընկերների ճնշմամբ ստիպված է լինում կրկին ստանալ իրեն օրենքով հասանելիք թոշակը, որով մի քանի աթոռ է գնում, սեղան ու այլ իրեր։ Նրա կինը՝ Ամալյան, անսահման ուրախ էր, երբ մեր համառ պնդումներից հետո նաև արտասահմանյան զգեստապահարան է գնում»։

1953թ. մարտին մահանում է Ի.Ստալինը, իսկ արդեն երկու ամիս անց օկրուգկոմները վերացվում են։ Թովմասյանը նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի վարչական և առևտրաֆինանսական մարմինների բաժնի վարիչի տեղակալ։ Իշխանության եկած Ն.Խրուշչովը բացասաբար էր տրամադրված Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանի հանդեպ, քանի որ վերջինս ժամանակին չէր աջակցել ագրոքաղաքների կառուցման նրա նախաձեռնությանը։ 1953թ. նոյեմբերի 28-30-ին տեղի է ունենում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի լիագումար նիստը, որը Գրիգոր Հարությունյանի փոխարեն Կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Սուրեն Թովմասյանին։ Որոշ ժամանակ անց, նրա առաջարկությամբ, Յակով Զարոբյանն ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետո դառնում Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ Շմավոն Առուշանյանը՝ Երևանի կուսքաղկոմի առաջին քարտուղար, ևս մի քանի ամիս անց՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։ Սա Սուրեն Թովմասյանի մերձավոր շրջապատն էր, և հենց նրանք են օգնել նրան զբաղեցնել հանրապետության ղեկավարի աթոռը։

1954թ. փետրվարին տեղի է ունենում Հայաստանի Կոմկուսի XVII համագումարը, որտեղ ծրագրային խոսքով հանդես է գալիս Թովմասյանը՝ վերլուծելով երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակը, նշելով հանրապետության առաջնահերթ խնդիրներն առաջիկայում։ Համագումարի ժամանակ Թովմասյանը միաձայն վերընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար։ Դրանից հետո նա ավելի համարձակ է գործում, օպերատիվ լուծում կադրային հարցերը, տնտեսության և մշակույթի զարգացման հիմնախնդիրները։ Սակայն ամեն բան չէր, որ հարթ էր ընթանում։ Իշխանության ղեկին գտնվելու նրա առաջին իսկ օրերից աջուձախ ձայներ էին լսվում. «Ո՞ւմ է ժպտում կյանքը։ Կյանքը ժպտում է զանգեզուրցիներին»։ Այսպիսով նրան կշտամբում էին այն բանում, որ պաշտոնների էր նշանակում իր հայրենակիցներին։ Լուրեր էին տարածվում, թե Թովմասյանի ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են, որ, աշխատելով ՆԳԺԿ-ում, նա կտտանքների է ենթարկել անմեղ մարդկանց։ Բայց Մոսկվայից ուղարկված հանձնաժողովը, մանրամասն ուսումնասիրելով բոլոր հանգամանքները, եկավ այն եզրակացության, որ այդ ամենը զրպարտություն է։ Ստուգման ժամանակ պարզվեց, որ նախապատերազմյան տարիներին ներքին գործերի քննչական մարմիններում իսկապես աշխատել է ոմն Սուրեն Թովմասյան, որի գործունեությունն էլ վերագրում էին Կենտկոմի առաջին քարտուղարին, բայց նա ոչ թե Սուրեն Հակոբովիչ էր, այլ Սուրեն Գրիգորևիչ։

Հենց Թովմասյանի օրոք սկսեցին զանգվածաբար հրատարակել ազգային հեղինակներին։ 1955-59թթ. մեծ տպաքանակով լույս տեսավ Րաֆֆու տասը հատորյակը։ Շնորհիվ առաջին քարտուղարի եռանդի և համառության Հայաստանում հրատարակվեցին Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի ստեղծագործությունները, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»: Վերջինի հրատարակումը Բաքվում բացասական արձագանք առաջացրեց, որը հետագայում շարունակվեց Մոսկվայում։ Նրա օրոք շփումներ հաստատվեցին Վենետիկի Սբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության, ինչպես նաև արտասահմանյան հայ մշակութային օջախների հետ։ Կուսակցական ժողովում արտասանած ճառում Սուրեն Թովմասյանն ասել է. «Շատ տարիներ մեր հայագետները, նաև մեր մշակութային հաստատությունները խուսափել են Մխիթարյան գիտնական այրերի հետ շփումներից։ Այո, նրանք կապված են Վատիկանի հետ։ Բայց այդ նույն Մխիթարյաններն են հավաքում և պահպանում հայ ժողովրդի մշակութային արժեքները։ Փոխանակումը հայագիտության ոլորտում կարող էր մեծ օգուտ բերել մեր մշակույթի պատմությանը»։

Բացի այդ, Թովմասյանը համարձակորեն կապեր էր հաստատում նաև հայկական կուսակցությունների՝ հնչակների և ռամկավարների, իսկ նրանց միջոցով՝ նաև սփյուռքի հետ։ 1955թ. Թովմասյանի նախաձեռնությամբ կաթողիկոս է ընտրվում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Պալյանը։ (Տարօրինակ է հնչում, բայց սոցիալիստական Հայաստանում այդ հարցը համաձայնեցվում էր հանրապետության ղեկավարության հետ)։ Ժամանակը ցույց տվեց, որ Վազգեն I-ը արժանավորագույն հոգևոր առաջնորդ էր և վաստակեց համայն հայության սերն ու ակնածանքը, իսկ 1994թ. հուլիսի 29-ին (վախճանվելուց 20 օր առաջ) առաջինն արժանացավ անկախ պետության բարձրագույն՝ Հայաստանի Ազգային հերոսի կոչման։

Թովմասյանն ակտիվորեն այցելում էր արդյունաբերական և տնտեսական օբյեկտներ, զբաղվում աշխատանքային կոլեկտիվների գործերով՝ մշտապես օգնելով սուր խնդիրների լուծմանը։ Անվիճելի է նրա վաստակը հանրապետության էլեկտրիֆիկացման և գազիֆիկացման, ավտոմայրուղիների և երկաթուղու շինարարության, տրանսպորտի աշխատանքի արմատական բարելավման գործում։ Հայաստանի տնտեսությունը նրա ղեկավարության տարիներին շարունակում էր զարգանալ բարձր տեմպերով, զգալի էին նաև գյուղի աշխատավորների հաջողությունները։ Հենց այդ ժամանակ էր, որ շնորհիվ Հայաստանի ղեկավարության հեռատես քաղաքականության, դադարեցվեց հանրապետության էներգատար արդյունաբերության զարգացումը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1955թ. մարտի 28-ին ընդունեց համապատասխան որոշում։ Հետագայում դա թույլ տվեց էներգետիկայի կարիքների համար պակասեցնել ջրառը Սևանա լճից, իսկ հանրապետությունում սկսեցին կառուցվել արդիական սարքաշինական գործարաններ ու թեթև և սննդարդյունաբերական ձեռնարկություններ։

Եղիշե Ասծատրյանի հուշերից. «Մի անգամ, Մոսկվայից վերադառնալուց հետո, Ս.Թովմասյանն իր աշխատասենյակում ինձ է մեկնում ճապոնական արտադրության մի փոքրիկ ռադիոընդունիչ՝ ծխախոտատուփի մեծության, և ասում, որ հարկավոր է փորձել մեզ մոտ սկսել նման ռադիոընդունիչների արտադրությունը։ Այդ նույն օրը ես գնացի սարքաշինական գործարան։ Գործարանի տնօրեն Ա.Կիրակոսյանի և մի քանի ինժեներների ներկայությամբ ընդունիչը քանդվեց, և պարզվեց, որ այն սարքված է տրանզիստորներից ու կիսահաղորդիչներից, որոնց մասին այն ժամանակ ԽՍՀՄ-ում պատկերացում չունեին։ Պարզ դարձավ, որ այդ խնդիրը մեզ մոտ այդ ժամանակ անլուծելի էր, բայց տարիներ անց այդ արտադրությունը կազմակերպվեց և հաջողությամբ աշխատեց»։ Այդ նույն տեղում Եղիշե Թևոսովիչը գրում է. «Վերադառնալով Կենտկոմի ապարատ՝ որպես բաժնի վարիչ, ես հնարավորություն ունեի ամենօրյա գործնական աշխատանքում ավելի մոտիկից շփվել Ս.Թովմասյանի հետ։ Ես համոզվեցի, որ Սուրեն Թովմասյանն ինտելեկտուալ մեծ կարողություններ ունեցող քաղաքական գործիչ է, ինքնուրույն մտածող, սկզբունքային ու պահանջկոտ ղեկավար։ Երկար ժամանակ նա չէր կարողանում համակերպվել, որ ապարատի աշխատակիցները, մասնավորապես, արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի աշխատողները, զբաղվում են տնտեսական և ֆինանսական հարցերով, ժողովրդական տնտեսության նյութատեխնիկական ապահովման խնդիրներով, կարծելով, որ կուսակցական, քաղաքական աշխատողները պետք է զբաղվեն քաղաքական, կազմակերպչական հարցերով, այլ ոչ թե, ինչպես ինքն էր արտահայտվում, մետաղի, ցեմենտի, անտառանյութի բաշխմամբ։ Յա.Զարոբյանին ու ինձ հեգնաբար անվանում էր ոչ թե կուսակցական, քաղաքական աշխատողներ, այլ տնտեսվարողներ։ Երբ մենք Յա.Զարոբյանի հետ միասին երկուսով նրան զեկուցում էինք, որ այս կամ այն գործարանը կամ շինկազմակերպությունն աշխատում է ոչ լրիվ հզորությամբ ու հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, նա մեզ կտրուկ ընդհատում էր. «Դրանով պետք է զբաղվեն Մինիստրների խորհուրդն ու համապատասխան մինիստրությունները, պահանջեք, որ նրանք բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները»։ Մենք գիտեինք, որ աշխատանքի նման ոճը բնորոշ էր բոլոր մակարդակի կուսակցական մարմինների համար, որ նրանք քաղաքական աշխատանքին զուգահեռ զբաղվում էին տնտեսական հարցերով, և նա չէր կարող փոխել երկրում հաստատված ավանդույթը, թեև մեր գործնական փորձը հուշում էր, որ կուսակցական մարմինների օպերատիվ միջամտությունը տնտեսական գործերին այն պայմաններում անհրաժեշտություն էր։ Դա էլ պատճառն էր, որ ժամանակի ընթացքում Կենտկոմի նոր առաջին քարտուղարը նույնպես ստիպված էր աշխատել ստեղծված պրակտիկային համապատասխան։

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ մենք Ս.Թովմասյանի և Միհնխորհի առաջին տեղակալ Սուրեն Մովսիսյանի հետ գնացինք Սևանի արևելյան ափ, որտեղ երկրաբանական արշավախմբի պետ, փորձառու և բարեխիղճ ղեկավար Փիլոյանը պատմեց կավահողի տեղի պաշարների, ինչպես նաև ժողտնտեսության մեջ դրա օգտագործման կարևորության մասին։ Այնուհետև մենք գնացիքն Զոդի ոսկու հանք, որտեղ մեզ մանրամասն բացատրություններ տվեց երկրաբանական արշավախմբի պետ Սամվել Մաթևոսյանը։ Մենք բոլորս, և հատկապես Ս.Թովմասյանը, ոգևորված էինք նրանով, որ մեր երկրի ընդերքը ոչ միայն աղքատ չէ, այլև հուսալի հումքային բազա կարող է լինել արդյունաբերության արագացված զարգացման համար։

Հետագայում մենք քանիցս այցելեցինք երևանյան սինթետիկ կաուչուկի և «Հայէլեկտրամեքենա» գործարաններ, որոնց գործունեությանը նա բացառիկ կարևոր նշանակություն էր տալիս։ Ծանոթանալով դրանց արտադրական հզորությունների հետ և ըստ արժանվույն գնահատելով դրանք՝ նա խորապես գոհ էր մնում այդ այցելություններից։ Ամենատպավորիչը նրա համար ծանոթությունն էր Արզնիի ՀԷԿ-ին, որն այն ժամանակ գտնվում էր շինարարության փուլում։ Երբ մենք մոտեցանք Արզնիի խոր կիրճին և ստորգետնյա քարայր մտանք, որտեղ ընթանում էր խոշոր ստորգետնյա հիդրոէլեկտրակայանի շինմոնտաժային աշխատանքը, Ս.Թովմասյանը հիացավ տեսածից, կատարվող աշխատանքի մասշտաբայնությունից։ Եվ ավելի ուշ մեկ անգամ չէ, որ հիշում էր այն տպավորության մասին, որ ստացել էր այդ եզակի կառույցն այցելելիս»։

1956թ. փետրվարի 14-25-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԽՄԿԿ XX համագումարը։ Համագումարն անցկացվում էր Սյունազարդ դահլիճում։ Հայկական պատվիրակությունը՝ Սուրեն Թովմասյանի ղեկավարությամբ, տեղավորվել էր ձախ կողմում, Վրաստանի պատվիրակության հետևում։ Պատվիրակության անդամ, Երևանի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Գուրգեն Փահլևանյանի հուշերից. «Երբ ներս եկան ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամները՝ Ն.Ս. Խրուշչովի գլխավորությամբ, բոլորը սովորության համաձայն վեր կացան և սկսեցին ծափահարել։ Խրուշչովը ձեռքով կտրուկ կանգնեցրեց մեր գործողությունները, որպեսզի այլևս դա չկրկնվի, որ մենք հավաքվել ենք գործնական խոսակցության, այլ ոչ թե շքերթի, որ այդ «հին ձևերը» անհրաժեշտ է մի կողմ նետել (դա ինձ դուր եկավ)։ Նա բացեց համագումարը։ Ինքն էլ հանդես եկավ հաշվետու զեկույցով։ Խոսեց մոտ երեք ժամ։ Մի երկու տեղ հիշատակվեց անձի պաշտամունքի մասին՝ առանց հիշատակելու Ստալինի անունը։ Զեկույցը քննադատական էր, բացասական երևույթների վերլուծությունը՝ ճիշտ։ Աշխատանքի հինգերորդ օրը մնացել էին միայն պատվիրակները (առանց հյուրերի), և զեկույցով կրկին հանդես եկավ Նիկիտա Սերգեևիչը։ Ինչի մեջ ասես, որ չմեղադրեց Ստալինին, ինչպես կարող էր նվաստացրեց նրա գործունեությունը, հատկապես Հայրենական մեծ պատերազմի շրջանում։ Երբեմն նա կտրվում էր տեքստից և այնքան էլ պարկեշտ չէր խոսում Ստալինի հասցեին։ Ողջ դահլիճը քարացել էր, իրերի նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում։ Վրացիներն իրենց շատ վատ էին զգում, և ոչ միայն նրանք։ Զեկույցի ժամանակ Խրուշչովը հաճախ դիմում էր առանձին բարձրաստիճան պաշտոնյաների, ասես իր ասածների համար աջակցություն սպասելով։ Նվաստացնելով Ստալինի վաստակը ռազմական գործում՝ նա դիմեց Գ.Կ. Ժուկովին, վերջինս հաստատեց, հետո՝ Հ.Ք. Բաղրամյանին, նա էլ հաստատեց, հետո՝ Վ.Մ. Մոլոտովին, վերջինը գլուխը թափահարեց, թե, իբր, չէ, Ա.Ի. Միկոյանին, նա ևս հաստատեց և այսպես շարունակ։ Ժխտումը նրան բոլորովին դուր չեկավ։ Խրուշչովի անձի պաշտամունքի մասին զեկույցի շուրջ մտքերի փոխանակություն չեղավ, ասես դա ի գիտություն պետք է լիներ։ Ընտրություններն սկսվեցին։ Բոլորն ընտրվեցին միաձայն։ Մենք ցրվեցինք մեր հանրապետություններով։ Երբ անցնում էինք Վրաստանի տարածքով, մեր գնացքն ինչ-որ տեղերում քարկոծվեց, շատ վագոնների ապակիներ կոտրվեցին։ Պարզվեց, որ վրեժ էին լուծում Միկոյանի ելույթի համար (թեև Անաստաս Իվանովիչն իր ճառում բացասական գնահատական տալով անձի պաշտամունքին՝ իբրև երևույթի, ի տարբերություն Խրուշչովի, Ստալինին չէր հիշատակել)»։

Ժողովրդական տնտեսության զարգացման ակնառու նվաճումների համար Խորհրդային Հայաստանը 1958թ. պարգևատրվեց Լենինի շքանշանով։ 1959թ. հուլիսի 17-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կ.Վորոշիլովը ժամանեց Երևան՝ շքանշանը հանձնելու համար։

Քանի որ նա պետք է անցներ Թբիլիսիի միջով, Ս.Թովմասյանը, Ա.Քոչինյանը և Շ.Առուշանյանը մեկնում են հարևան հանրապետության հետ սահման՝ Իջևան։ Հանդիպումը բարձրաստիճան հյուրի հետ սահմանամերձ գյուղում ջերմ ու հանդիսավոր պայմաններում է անցնում, նրան մեծ խանդավառությամբ դիմավորում են նաև Իջևան տանող ճանապարհին։ Դիլիջանի հանգստի կառավարական տանը նախատեսված էին կարճատև հանգիստ և ճաշ։ Սակայն ծայր առած անկաշկանդ զրույցն այնքան հետաքրքիր էր, որ բոլորը դուրս մնացին ծրագրված գրաֆիկից։ Ժամանակի անբավարարության պատճառով չհաջողվեց այցելել Սևանի ստորգետնյա ՀԷԿ։

Կոտայքի ռադիոկայմին հարող տարածքում պիոներների մի մեծ խումբ Վորոշիլովին ծաղկեփնջեր մատուցեց, պիոներական փողկապ կապեցին, իսկ հայկական ազգային տարազներ հագած աղջիկները նրան հյուրասիրեցին ավանդական հաց ու գինով։

Երբ մեքենաների շարասյունը հյուսիսային կողմից մտավ Երևան, Կոմիտասի փողոցի ողջ երկայնքով բարձրաստիճան հյուրին ողջունում էին տասնյակ հազարավոր մարդիկ, մեքենաները ստիպված էին դադարեցնել ընթացքը, քանի որ անհնար էր անցնել Բաղրամյան փողոցում դիմավորողների հոծ շարքերի միջով։ Տեսնելով դա՝ Ս.Թովմասյանն առաջարկեց վարորդին փոխել նախապես համաձայնեցված երթուղին և շրջվել դեպի Կիևյան փողոց ու արևմտյան կողմից գնալ քաղաքի կենտրոն։ Իսկ մնացած մեքենաները, այդ թվում նույնիսկ ավտոտեսչության մեքենաները, ժամանակին չնկատելով, որ առաջին մեքենան շեղվել է ծրագրված երթուղուց, շարունակեցին իրենց ճանապարհը մարդկանցով լի Բաղրամյան փողոցով և մեծ դժվարությամբ հասան Ընդունելությունների տուն, ուր արդեն հասել էին բարձրաստիճան հյուրերը։

Հետագա երեք օրերին բարձր կազմակերպվածությամբ անցավ հանրապետությանը Լենինի շքանշանով պարգևատրելու արարողությունը, ինչպես նաև ծրագրված բոլոր միջոցառումները։ Վորոշիլովը ծանոթացավ հանրապետության ճարտարապետամշակութային հուշարձաններին, գիտաարտադրական միավորումների գործունեությանը, Արարատյան դաշտավայրի մշակների կենցաղային պայմաններին։ Գոհ մնալով տեսածից՝ Կ.Վորոշիլովը վերադարձավ Մոսկվա։

Սակայն 50-ական թթ. վերջին հանրապետության ղեկավարների փոխհարաբերությունները սրվեցին։ ԽՄԿԿ Կենտկոմը նամակներ ու հեռագրեր էր ստանում, որոնցով պահանջվում էր քննարկել Թովմասյանի աշխատաոճն ու մեթոդները։ Դրանցում պարունակվող փաստերի ճնշող մեծամասնությունը մտացածին էր, սակայն պետք է ասել, որ Թովմասյանն ուղղամիտ ու կոշտ մարդ էր և իր կոշտությամբ ու կտրականությամբ ավելացնում էր չարակամների թիվը։ Իր ղեկավարության շրջանում նա փորձել էր Անտոն Քոչինյանին Մինխորհի նախագահի պաշտոնում փոխարինել մեկ ուրիշով, բայց Մոսկվան այդ հարցում նրան չաջակցեց։ Հասկանալի է՝ վերջինը դա չէր մոռացել։ Նրանից երես թեքեցին նաև նախկին ընկերները՝ Յակով Զարոբյանն ու հատկապես Շմավոն Առուշանյանը։  Այսպիսով, Հայաստանի Կոմկուսում իրավիճակը լարված էր։ Ելնելով դրանից՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի ողջ կազմը հրավիրվեց Մոսկվա։ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության նիստը վարում էր Ֆ.Կոզլովը։ Քննարկումը երկար տևեց, բայց այս անգամ ոչ մի կադրային որոշում չկայացվեց։ Քարտուղարությունը խիստ նախազգուշացրեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյին ամենակարճ ժամկետում վերացնել քննարկման ընթացքում բացահայտված թերությունները։ Սակայն, ցավոք, Երևան վերադառնալուց հետո իրավիճակը չշտկվեց։ Թովմասյանի մրցակիցները շարունակեցին պայքարը։ 1960թ. դեկտեմբերին Սուրեն Թովմասյանն ազատվեց աշխատանքից, իսկ նրա պաշտոնին նշանակվեց Յակով Զարոբյանը։ Սուրեն Հակոբովիչը նշանակվեց ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Վիետնամում, հետո՝ 1965-ին, Լիբիայի Թագավորությունում։ 1969թ. սեպտեմբերին այնտեղ հեղաշրջում կատարվեց, և Լիբիան հանրապետություն հռչակվեց։ Երկրի բարձրագույն մարմնի նախագահը դարձավ 27-ամյա սպա Մուամար Քադաֆին։ Լիբիայում ԽՍՀՄ դեսպանի ակտիվ մասնակցությամբ Լիբիան սկսեց «լիբիական արաբական սոցիալիզմ» կառուցել։ Այդ բուռն տարիների մասին Թովմասյանը գրել է «Լիբիան անկախության և սոցիալական առաջընթացի ճանապարհին» հետաքրքիր գիրքը (1980թ.)։

1970թ. Թովմասյանը թոշակի անցավ։ Հին մարտական վերքերն զգացնում էին իրենց՝ մեծ տառապանք պատճառելով նրան։ 1980թ. փետրվարին նա վախճանվեց։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am