Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հուլիս 2012, N 4

ԱՆՀԵՏԱՑՈՒՄ

Վեպ

Անահիտ Թոփչյան

Շնորհակալ եմ իմ բարեկամներին և, հատկապես` չարակամներին, որ ստիպեցին ինձ գրել այս վեպը...

Անահիտ Թոփչյան

«Պատմությունը մի վեպ է, որ տեղի է ունեցել,

վեպը պատմություն է, որ կարող էր տեղի ունենալ»:

Էդմոն Գոնկուր:

 

Ազգային հեռուստատեսության ամփոփիչ լրատվության մեջ, որ հեռարձակվում էր օրվա ավարտից առաջ, արդեն երկու անգամ հնչած և մի քանի ժամում հնություն դարձած նորությունների վերջում, էկրանով մեկ հայտնվեց նշանավոր դերասանուհի Ա.Թ.-ի լուսանկարը, և կադրից դուրս ընթերցվեց հետևյալ լուրը.

«Այսօր, օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով 15.35-ին, HELVETICA ընկերության` Ցյուրիխ-Երևան երթուղիով թռչող օդանավում պետք է գտնվեր հանրաճանաչ դերասանուհի Ա.Թ.-ն: Թռիչքից երկու ժամ առաջ նա ներկայացել է գրանցման, հանձնել ուղեբեռը, սակայն ուղևորների մեջ չի եղել: Օդանավակայանի ռադիոհանգույցը մի քանի անգամ, տարբեր լեզուներով, այդ թվում և հայերեն, հրավիրել է թռիչքի, սակայն տիկին Ա.Թ.-ն այդպես էլ չի ներկայացել, ուստի օդանավը մեկնել է առանց նրա:

«Samsonite» մակնիշի նրա ճամպրուկն անմիջապես դուրս է բերվել օդանավից և հանձնվել Ցյուրիխի ոստիկանության հակատեռորիստական բաժանմունք: Քննության արդյունքներն առայժմ հայտնի չեն:

Նրա անհետացումն անչափ մտահոգել է Շվեյցարիայի իրավապահ մարմիններին: Երկրի գերմանալեզու, ֆրանսալեզու և իտալալեզու հետուստատեսությունները հայտարարություն են հեռարձակել, ցուցադրել դերասանուհու լուսանկարները, նույնիսկ մի դրվագ` Շվեյցարիայում նկարահանված նրա ֆիլմից, և խնդրել նրան տեսնողներին անմիջապես զանգահարել ոստիկանություն:

Մենք ևս խնդրում ենք արտերկրում գտնվող մեր հեռուստադիտողներին, բոլոր նրանց, ովքեր միջին եվրոպական ժամանակով ժամը 15.00-ից հետո տեսել են Ա.Թ.-ին, զանգահարել Շվեյցարական համադաշնության ոստիկանություն կամ ՀՀ հյուպատոսական ծառայություն` Շվեյցարիայում»:

Հաղորդավարուհու խուճապահար դեմքը, բառեր կուլ տալը, սխալ ընթերցումը, ինչը վկայում էր, որ տեքստը վերջին պահին է հանձնվել, բավական մռայլ, տագնապալի տրամադրությամբ էր համակում հեռուստադիտողին: Էկրանով մեկ ցուցադրվող դերասանուհու դեմքը` 60-ականներին նկարահանված սևճերմակ պատմական ֆիլմից, որտեղ տասնութամյա Ա.Թ.-ն հանդես էր գալիս պատանի իշխանուհու դերում, պատմության խորքերը տանող այդ պատկերը, նրա տխուր ժպիտը, ստեղծում էին անվերադարձ մեկնումի մի տրամադրություն: Ասես խոսքը ոչ թե քմահաճ աստղի հերթական անակնկալի մասին էր, այլ ողբերգականորեն անդառնալի իրողության:

 

***

- Մնում է Շոպենի քայլերգը նվագեն, - շպրտեց նա և անջատեց հեռուստացույցը:

Այնուհետև, դատարկ էկրանին նայելով, ավելացրեց.

Հույս չունենաք, այդ հաճույքը ձեզ չեմ պատճառի:

Նա արդեն կլինիկայում էր: Իրեն հատկացված հիվանդասենյակում: Ժամը 12.30-ն էր: Նախորդ օրվա զգայացունց լուրը հարստացվել էր մի երկու մանրամասնով. դերասանուհու ամուսինն անհաղորդ դեմքով պատասխանում էր աննրբանկատ լրագրողուհու կպչուն հարցերին(«Ճի՞շտ է, որ դուք դիմել եք դատարան ամուսնալուծվելու», - «Ի՞նչ կարիք կա դատարան դիմելու, երբ մենք փաստորեն ամուսնալուծված ենք», - «Ասում են` ձեր բնակարանը 100.000-ով եք վաճառել մի պարսիկի», - «Հա՞, ես իմ բնակարանին նույնիսկ 1000 դոլար չէի տա...»): Զրույցի վերջում նա հաստատեց, որ իր կինն, իսկապես, զանգել է թռիչքից առաջ և հայտնել, որ գալիս է(«Եվ դուք գիտեի՞ք, որ չի գալու», - «Ինչո՞ւ եք այդպես կարծում», - զարմանում է ամուսինս: Նրա դեմքն այլևս անհաղորդ չէ: «Որովհետև չգնացիք դիմավորելու, հավանաբար, գիտեիք, որ օդանավ չի նստելու», - շարունակում էր հարցախեղդ անել հեռուստալրագրողը):

Երկրորդ լրացումը, որ ստացվել էր Ցյուրիխից, ընդամենը խորհրդավորություն էր հաղորդում առեղծվածային անհետացմանը: Մոտավորապես ժամը 15.00-ին Դերասանուհուն տեսել էին օդանավակայանի տարածքում հեռախոսով զրուցելիս: «Սակայն դա չէ խորհրդավորը, - հարկ համարեց ճշտել հաղորդավարը, - այլ որ նույն օրը, ոստիկանությունը Ա.Թ.-ի ձեռքի հեռախոսը հայտնաբերել է Ցյուրիխի Բանհոֆշտրասեի գարեջրատանը` տասնութամյա մի ալբանացու ձեռքին: Վերջինս պնդում էր, որ գործիքը գտել է օդանավակայանի սրճարանում...»:

Այո, այդպես է, ալբանացին չի խաբում: Իսկապես սրճարանում թողեցի հեռախոսը, ուղղակի սեղանին, ափսեի և գարեջրի գավաթի արանքում: Նույնիսկ ծածկեցի անձեռոցով, որպեսզի անմիջապես չգտնեն և հետևիցս վազելով չհանձնեն: Հիշեցի այդ տղային, որ նստած էր կողքի սեղանին: Հեռանալիս աչքի պոչով տեսա, թե ինչպես, իբր անտարբեր, իմիջիայլոց, մոտեցավ և գողունի շուրջբոլորը նայելով, հեռախոսը գցեց գրպանը: Այդ պահին բարձրախոսն, արդեն հինգերորդ անգամ(այս անգամ հայերեն), ինձ հրավիրում էր թռիչքի:

Անտարբեր անցա ճանապարհող և ճանապարհվող բազմության միջով, դուրս եկա օդանավակայանից և նստեցի Լոզան մեկնող գնացքը: Ժամուկես հետո կհասնեմ, իսկ այնտեղից դեպի կլինիկա... հավանաբար մի քսան րոպե տևի` անշուշտ, դոկտոր Տեսիեի մեքենայով:

Կայարանում ինձ դիմավորում է 30 տարեկան մի երիտասարդ: Ասես դոկտորը լինի` մի տասը տարով երիտասարդացած: «Ինքնիրեն պլաստիկ գործողություն է արել», - անմիջապես մտածում եմ ես:

- Ժերար Տեսիե, - ներկայանում է նա: - Ես դոկտորի եղբայրն եմ:

Կլինիկան գտնվում է Լյուտրիում` Լոզանի արվարձաններից մեկն է, լճին շատ մոտ:

...Դոկտորի հետ ծանոթացա Ժնևում, բարձրաշխարհիկ մի երեկոյի ժամանակ: Հրավիրվածները գերազանցապես թատրոնի և կինոյի մարդիկ էին, կային նաև նկարիչներ, նշանավոր լրագրողներ: Երեկոն սովորական չէր, այն լցված էր խորհրդավորությամբ և նույնիսկ վերնագիր ուներ. «New Look»: Հենց այդ երկու բառն էր դրոշմված կարմիր խոշոր տառերով հրավիրատոմսի վրա, որտեղ մասնավորապես ասվում էր. «Տեր և Տիկին ...ները ձեզ խնդրում են պատիվ անել ներկա գտնվելու Էլիզաբեթի Նոր Կերպարի հայտնագործմանը: Հագուստը` երեկոյան, հնարավորին չափ արտառոց»:

Էլիզաբեթը տանտիրուհին էր, իմ ընկերուհին, Ժնևի թատրոններից մեկի բարձրացող մի աստղ: Նրա ժողովրդականությանն ինչ-որ առումով նպաստեցի նաև ես: Ռուսական հեղինակավոր թերթերից մեկում տպագրված իմ թատերախոսականը պատճառ դարձավ, որ ներկայացումը հրավիրվի Մոսկվայի թատերական փառատոն, որտեղ նա պատվավոր մրցանակի արժանացավ:

Հրավիրատոմսն ուղարկվել էր հանդիսությունից երեք շաբաթ առաջ, և մենք` բարեկամների մեր շրջանակում, փորձում էինք գուշակել, թե ինչ է նշանակում այդ «Նոր Կերպարը»: Ընկերուհուս ընտանիքի գաղտնիքներին քաջատեղյակ մի լրագրող ասաց, որ Էլիզաբեթը հիմա Մյունխենում է, ուր նկարահանվում է գերմանական մի հեռուստասերիալում: «Նոր Կերպարը», ամենայն հավանականությամբ, այդ նոր դերն է, և, ըստ երևույթին, ցանկանում են նշել բացառիկ հաջողությունը: Կատակ բան չէ, մոտ երեք միլիոն է ստանալու:

Իրողությունը, սակայն, պարզվեց, կապ չունի կինոյի հետ:

Հրավիրվածներն արդեն կես ժամ կլիներ, ինչ հավաքվել էին: Էլիզաբեթը, սակայն, չկար: Ամուսինն ասաց, թե ուր որ է կհայտնվի: Եվ, իսկապես, մի քանի րոպե անց լույսերը մարեցին, և երաժշտության հանդիսավոր հնչյունների ներքո, կիսախավարի մեջ, Էլիզաբեթն սկսեց դանդաղ իջնել երկրորդ հարկի աստիճաններով: Երբ վերջապես հասավ ընդարձակ սրահ և հայտնվեց հյուրերից կազմված շրջանակի կենտրոնում, լույսերը միանգամից վառվեցին:

Զարմանքի մի ընդհանուր արտահայտություն հնչեց, որին հաջորդեցին ծափերն ու հիացմունքի աղաղակները:

Էլիզաբեթը դարձել էր անճանաչելի` ուրիշ, մի նոր մարդ: Դա իսկապես «New Look» էր, և ապշեցնողը միայն նրա փոփոխված դեմքը չէր, փոխվել էր նաև մարմինը, փոխվել էին անգամ շարժումները, որ սովորաբար կտրուկ էին, մի քիչ կոպիտ: Թվում էր նույնիսկ, որ եթե խոսի, ուրիշ ձայն ենք լսելու, առնվազն ուրիշ երանգ: Եվ, իսկապես, սրահի կենտրոնում դառնալով, որպեսզի բոլորը հավասարապես նրան տեսնեն, ներկաներին դիմեց մի ձայնով, որը ծանոթ էր բոլորին, միաժամանակՙ անծանոթ:

- Սիրելի բարեկամներ, ես եմ ձեր առջև` Էլիզաբեթը... Եվ այս հրաշալի կերպարանափոխության համար պարտական եմ...

Նա ձեռքը մեկնեց դեպի սրահի խորքը, որտեղ մի անծանոթ տղամարդ էր կանգնել` պատին հենված, բաժակը ձեռքին:

- Թույլ տվեք ներկայացնել հրաշագործին... Դոկտոր Տեսիե:

Մոտ հիսուն տարեկան տղամարդ` վճռականություն արտահայտող կանոնավոր դեմքով: Սրահի կենտրոն չի գալիս, մնում է պատի մոտ կանգնած և գլխի զուսպ խոնարհումներով ընդունում ծափերը, իսկ Էլիզաբեթը շարունակում է ներկայացնել բժշկին.

- Ես գիտեմ, գուցե ոմանք ցանկանային անմիջապես նրա պացիենտը դառնալ, բայց, ավա՜ղ, առաջիկա երկու տարին արդեն զբաղված է... Այդպես չէ՞, դոկտոր:

- Թերևս..., - նորից խոնարհվելով պատասխանեց վերջինս:

Հրավիրված կանանց առնվազն կեսը հավանաբար կերազեր հենց հիմա դոկտորի պացիենտը դառնալ, մյուս կեսն էլ` ժամանակի հետ... Ուստի պատահական չէր, որ կանայք իրենց ամբողջ ուշադրությունը սևեռել էին նրա վրա, իսկ տղամարդիկ աչքները չէին կտրում Էլիզաբեթից: Նա դարձել էր կնոջ այն տեսակը, որն այլևս տարիք չունի և, չնայած անձնագրով քառասուն էր, հիմա հանգիստ կարող էր երեսուն տարեկան կանանց դերեր խաղալ:

Իմ քառասունը ես վաղուց էի նշել և անդառնալիորեն մոտենում էի հիսունին, ուստի բնական էր, որ արդեն սկսել էի մտորել նման գործողության մասին, անշուշտ, հեռավոր, տարտամ, անորոշ ժամանակի մեջ: Սակայն Էլիզաբեթի աներևակայելի կերպարանափոխությունը բորբոքեց երևակայությունս... Ես, իհարկե, կարող էի միայն երազել այդ մասին, քանի որ երկու տարվա հերթից զատ, պատկերացնում էի, թե որքան կարժենա:

...Ես չզգացի, թե ինչպես հայտնվեցի դոկտորի առջև: Նա ժպտաց, հետո շեշտակի նայելով ինձ, ասաց.

- Տիկին, ես մեկ ժամ է ուսումնասիրում եմ ձեզ: Դուք դերասանուհի ե՞ք:

- Այո, դոկտոր... Սակայն, կներեք, եթե բեմադրիչ լինեիք, կհասկանայի, թե ինչու եք ուսումնասիրում... Մանավանդ երկու տարվա հերթի հետ...

- Այդ երկու տարին Էլիզաբեթի երևակայության արգասիքն է: Եվ հետո, մի քանի հանգամանք կա, որ ստիպում են ուրիշ կերպ նայել ձեր պարագային:

- Հետաքրքիր է, ի՞նչ հանգամանքներ, - զարմացա ես:

- Նախ, որ հայ եք:

- Դուք առանձնահատուկ սեր ունե՞ք հայերի հանդեպ:

- Չէի ասի` սեր, - ժպտաց դոկտորը: - Ավելի շուտ` պարտականություն:

- Դուք շատ խորհրդավոր մարդ եք:

- Ոչ մի խորհրդավորություն չկա: Իրողությունը շատ պարզ է. իմ կինը կիսով չափ հայ է, մոր կողմից..., - հետո, գաղտնիք հայտնելու պես, ավելացրեց. - Եվ նրա լավագույն որակներն այդ կողմից են:

- Իսկ մյուս հանգամա՞նքը:

- Օ՜, դա երկար խոսելու նյութ է... Բացատրեմ երկու բառով. իմ պացիենտներին ես եմ ընտրում, և ոչ թե հակառակը:

- Բայց դա անմարդկային է, - ինձնից անկախ պոռթկացի ես:

- Եթե սովորական վիրաբույժ լինեի, այո, դա կլիներ անմարդկային, բայց ես յուրովի եմ բուժում մարդկանց. ես գեղեցկացնում եմ նրանց, փոխում արտաքինը: Իմ առաքելությունը գեղագիտական է, ուստի ամեն մի արվեստագետի պես պետք է ազատ ընտրության հնարավորություն ունենամ:

- Ահա թե ի՜նչ…

- Գիտեք, ես կանանց... ի դեպ, ես միայն կանանց եմ վիրահատում, ես նրանց նայում եմ... կներեք... որպես նյութի, ինչպես քանդակագործը մարմարի ժայռակտորին կնայեր, որից կարելի է մի հանճարեղ քանդակ ստեղծել:

- Բայց մենք արարված ենք արդեն:

- Իրավացի եք, այնուհանդերձ նայում եմ ձեզ և տեսնում, որ արարումը պետք է շարունակել...

- Իմ դեմքը... տգե՞ղ է, - զարմացա ես:

- Ի՜նչ եք ասում, տիկին, կանանցից շատերը կերազեին ձեր գեղեցկությունն ունենալ...

- Շնորհակալ եմ, ուրեմն ձեզ մնում է մի տասը տարով երկարաձգել այդ գեղեցկությունը:

- Նման գործողության համար դուք կարող եք բազմաթիվ ուրիշ վիրաբույժներ գտնել, որոնք չնչին միջամտությամբ կթարմացնեն ձեր դեմքը, սակայն իմ առաքելությունն ուրիշ է...

Նրա աչքերում տարօրինակ փայլ հայտնվեց.

- Ինչպե՞ս բացատրեմ... Ես այսօր նայում էի ձեզ և բազմաթիվ դեմքեր տեսնում, մեկը մյուսից հետաքրքիր... Դուք հոյակապ նյութ եք... Կներեք... Կանայք կան` հաճելի, համակրելի, բայց նրանց դեմքը ոչինչ չի ասում իմ երևակայությանը: Մինչդեռ, դուք... Օ՜, ես պատկերացնում եմ ձեզ իմ միջամտությունից հետո: Այսօր բոլորդ հիացած էիք Էլիզաբեթի կերպարանափոխությամբ, բայց, հավատացեք, ձերն առավել տպավորիչ կլինի... Պարզապես ցնցող...

Նա խոսում էր զուսպ, բայց ոգևորված, համոզիչ: Նրա առնական և գրավիչ արտաքինի տակ բացահայտվում էր խորունկ և բացառիկ մի անձնավորություն: Հենց այսպիսի տղամարդկանց մասին են երազում կանայք:

- Ասացիք, որ մի քանի հանգամանք կա...

Նա ժպտաց և, ծոցագրպանից մի լուսանկար հանելով, ասաց.

- Դուք շատ նման եք իմ կնոջը:

Լուսանկարի կինը քառասունից պակաս կլիներ: Գեղեցկուհի չէր, բայց գրավիչ մի բան ուներ դեմքին, որ ստիպում էր շարունակ նայել: Նրա դիմագծերն, առանձին վերցված, չէի ասի, թե նման էին, սակայն արտահայտության մեջ մի բան կար, որ իսկապես իմն էր, նույնիսկ կարող էի ասել, թե այդ կինը ես եմ, ավելի շուտ իմ մարմնավորած կերպարներից մեկն է, ասես այնպես եմ մտել պերսոնաժի «մաշկի» մեջ, որ նրա դիմագծերին հաղորդել եմ իմ էությունը: Ուստի, եթե այդ լուսանկարը ներկայացնեի որպես իմ դերակատարումներից մեկը, հազիվ թե կասկածներ առաջանային:

- Տասը տարվա լուսանկար է, - հարկ համարեց ճշտել դոկտորը: - Այստեղ նա երեսունինը տարեկան է: Մենք տարեկիցներ ենք:

- «Մենք» ասելով նաև ինձ նկատի ունե՞ք:

- Այո, տիկին, - պատասխանեց դոկտորը: - Ես կարողանում եմ գրեթե անսխալ գուշակել կանանց տարիքը... Մասնագիտական սովորույթ է, նաև պարտականություն, չէ՞ որ պիտի իմանամ, թե քանի տարով երիտասարդացնեմ իմ պացիենտին:

- Եթե խոսքն իմ մասին է, ապա տասը տարով... Ափսոս, որ մոտս չունեմ տասը տարի առաջվա իմ լուսանկարները, մեր հաջորդ հանդիպմանն անպայման կբերեմ:

- Պետք չէ, տիկին... Երբ ասում եմ, թե տասը տարով կերիտասարդանաք, չի նշանակում, թե ճիփ ճիշտ տասը տարի առաջվա պես կլինեք... Այդ գետն այլևս մտնել չեք կարող, և իմաստ էլ չունի: Դուք արդեն եղաք այդպես, ի՞նչ կարիք կա ինքներդ ձեզ կրկնելու: Երիտասարդացեք առաջ գնալով, նոր էություն հաղորդելով ձեզ, վերջապես, նոր դեմք, նոր կերպար ստանձնելով...

Նա խոսում էր ոգևորված, աչքերը նայում էին ինձ, բայց հայացքն ուրիշ տեղ էր` հեռուներում, և ինձ թվաց, որ եթե այսպես մի քանի ժամ, մի քանի օր լսեմ նրան, ապա կկերպարանափոխվեմ… Եվ, իսկապես, ես արդեն զգում էի, որ ինչ-որ անծանոթ հույզեր, տարօրինակ գրգիռներ են արթնանում իմ մեջ...

Մեր զրույցն ավարտված համարելով, ինձ մեկնեց իր այցեքարտը և խնդրեց իմը:

- Առաջիկա շաբաթների համար ոչինչ չեմ խոստանում, - ասաց դոկտորը: - Սակայն չեմ կարծում, թե մեր հանդիպումը շատ կուշանա:

 

***

Կլինիկան ճիշտ իմ պատկերացրածի պես էր: Այցեքարտն ստանալու հաջորդող օրերին փորձում էի քարտեզի վրա տեղորոշել հաստատությունը և պատկերացնում ճերմակությունից փայլող հիվանդասենյակներ: Պարզվեց, որ հենց այդպես է, և նույնիսկ ավելին.

- Մեր սենյակները շատ չեն, ընդամենը չորսը. երկուսը լճահայաց են, մյուս երկուսը նայում են լեռներին, - բացատրեց դոկտորի եղբայրը: - Որը կուզեք ընտրեք, մանավանդ, որ դուք միակ պացիենտն եք լինելու:

Դոկտորը չկա: Նա վաղը կժամանի Փարիզից, որտեղից և զանգեց ձեռքիս հեռախոսի վրա, թռիչքից առաջ, և հայտնեց, որ իր ծրագրերը փոխվում են, որ առաջիկա շաբաթները կատարելապես ազատ է, ուստի պետք է շտապեմ օգտվել առիթից, հայտնի չէ` հետո մեկ էլ երբ կլինի:

Բոլոր սենյակներում դոկտորի կնոջ խոշոր լուսանկարներն են փակցված պատերին: Բարձրարվեստ աշխատանքներ, որ խոշոր պլանով հոգեկան տարբեր վիճակներ են ներկայացնում: Այս նկարները վաղո՞ւց են այստեղ կախված, թե՞... Ինչ որ է, հաճելի զուգադիպություն է, և ես ուշադիր նայում եմ...

Գուցե ոչ մի վիրահատություն չի լինելու, ինչպես ասում էր դոկտորը, գուցե այսպես` օրեր և շաբաթներ, կաթիլ առ կաթիլ փոխվելու եմ ներքուստ, և այդ փոփոխությունն արտահայտվելու է դեմքիս... Մի՞թե այդքան դյուրին է: Հապա անցյալս, ժառանգականությունս, սերերս ու ատելությունները, երկիրս, ազգս... Այս ամենի հետ ի՞նչ է լինելու... Դրանք ևս պիտի փոխվե՞ն, անհետանան…

 

***

Քնեցի զարմանալի խորը քնով: Վաղո՜ւց այդպես չէի քնել: Ինչ-որ երազներ էի տեսնում, մոգական ձայներ, դյութող երաժշտություն լսում: Արթնացա թեթևության անհավատալի մի զգացումով, անհոգ սրտով: Գերագույն հաճույքով վայելեցի նախաճաշը, որ մատուցվեց անմիջապես լոգանքս առնելուց հետո:

Դոկտորն այստեղ կլինի կեսօրին: Մինչև նրա գալը դեռ բավական ժամանակ կա... 

Վերցնում եմ DVD-ներից մեկը: Ո՜վ զարմանք. տուփի վրա դարձյալ դոկտորի կինն է, այն նույն լուսանկարը, որ տեսա ընկերուհուս տանը: Միացնում եմ: Նրա անունն է հայտնվում էկրանին. Դոմինիկ: Հետո, մի վերնագիր, ավելի ճիշտ, մի պատվիրան. «Սիրիր մերձավորիդ»: Վերջապես, էկրանին երևում է ինքը` Դոմինիկը` խոշոր պլանով, և ես ցնցվում եմ. նրա ձայնը ասես ծանոթ է ինձ. «Սիրիր մերձավորիդ... Այս պատվիրանը մենք լսում ենք մեր ծննդյան օրվանից, կրկնում հաճախ, հորդորում, պահանջում բոլորից, բայց մեզնից քանի՞սն է հասկանում այդ բառերի բուն իմաստը, հետևում այդ խորհրդին, իսկապես սիրում մերձավորին:

...Ուշադրություն դարձրե՞լ եք ծեր մարդկանց դեմքին. այնտեղ մեծ մասամբ հեզություն, բարություն, երբեմն էլ տառապանք, վիշտ ու համակերպվածություն է տպված: Այսպիսով, մեր դեմքը դառնում է ոչ միայն մեր կյանքի, այլև մեր էության հայելին, պատկերավոր ասած` մեր ներսը դառնում է մեր «դուրսը»:

Սակայն հանդիպում են տարեց մարդիկ, որոնց դեմքին մաղձ ու չարություն է տպված: Այդպիսին են եղել նրանք ամբողջ կյանքում, և նրանց ներսն անխուսափելիորեն դուրս է եկել լույս աշխարհ, նրանք այլևս անկարող են թաքցնել իրենց էությունը: Մի նշանավոր դերասանուհի կա, որ երիտասարդ տարիներին անմեղ ու հրեշտակաբարո կերպարներ էր մարմնավորում: Ծերանալու հետ նրա դեմքին դիվական մի բան հայտնվեց, և դա ոչ միայն նրա, այլև այն միջավայրի էությունն էր, որ դուրս պրծավ տարիների հետ... Մի՞թե իրոք այդպիսին չեն կինոյի բարքերը. դիվական...»:

Անջատեց: Այլևս չէր կարող լսել: Մյուսները վերցրեց` թվով վեց: Բոլորի վրա նույն դիմանկարն էր, տարբերությունը նշում էին լոկ հռոմեական թվերն ու վերնագրերը. «Հոգևոր կատարելագործման սկզբունքները», «Ներաշխարհի ճանաչումը», «Ինչպես փոխես ինքդ քեզ», «Ինչպես դառնալ երիտասարդ», «Տրանսցենդենտալ մոգության ծեսը» և այլն: Չուզեց նայել… Թող մնա հետո:

Գրապահարանը նայեց: Առանձնապես հարուստ չէր: Հինգ-վեց գիրք: Բոլորի հեղինակը Դոմինիկն էր. «Սիրիր մերձավորիդ» և «New Look», «Փնտրեք ձեր միջի երեխային», «Հոգու սքանչացում», «Արթնացրեք ձեր հոգևոր կարողությունները»: Հավանաբար ավելի դյուրին կլինի կարդալը... Եվ արդեն ուզում էր դրանցից մեկը վերցնել, երբ զանգեց հեռախոսը: Դոկտորն էր.

- Բարի լույս, տիկին: Հուսամ, լավ քնեցիք:

- Քի՜չ է ասել` լավ:

- Հրաշալի է: Կցանկանայի՞ք այսօր ժամը մեկին ինձ հետ ճաշել… կլինիկայում:

- Սիրով:

Ճաշի ընթացքում նա խոսում էր իր ուղևորությունից, գիտական ինչ-որ խորհրդաժողովից` նվիրված մարդկության ապագային:

Ես նրան կտրուկ ընդհատեցի.

- Դուք գիտե՞ք, որ շվեյցարական ոստիկանությունն ինձ փնտրում է:

Մինչև հարց տալը նա քահ-քահ ծիծաղեց.

- Հուսամ, բանկ չեք կողոպտել:

- Ոչ էլ խանութ:

- Ուրեմն, մնում է...

- Սպանությունը, - վճռական եզրափակեցի ես:

- Հրաշալի՜ է, - նորից ծիծաղեց նա: - Ուրեմն, ճիշտ ժամանակին եկաք ինձ մոտ: Նրանք ձեզ այստեղ չեն գտնի: Իսկ մինչև գտնեն, դուք արդեն կատարելապես փոխված կլինեք:

- Մանավանդ որ հետքեր չեմ թողել:

- Պաշտում եմ գեղեցիկ ու խելացի կանանց:

Ճաշից հետո, սուրճ խմելիս, նա ընդհանուր գծերով ներկայացրեց իր մեթոդը.

- Սկզբունքը հետևյալն է. հնարավորին շատ խոսք և քիչ նշտար:

- Իսկ պատահե՞լ է, որ նշտարն իսպառ չգործածվի, - հարցրի ես:

- Առայժմ` ոչ, բայց ես ձգտում եմ դրան:

- Եվ դուք կարծում եք, որ դա հնարավո՞ր է:

- Տեսականորեն այո, և եթե պացիենտը ցանկանա, եթե ինձ օգնի...

Նա անսպասելի ընդհատեց և ոգևորված շարունակեց, ինչպես մեր առաջին հանդիպման ժամանակ.

- Դուք միանգամից բուն խնդրին մոտեցաք, քանի որ արդեն սկսել եք կերպարանափոխվել: Ես ձեզ հիմա մի բան ցույց կտամ...

Մենք մտանք մի մութ, անպատուհան սենյակ, որտեղ օպտիկական գործիք էր դրված, կողքը` երկու աթոռ, իսկ դիմացի պատին` էկրան:

Իմ առջև հայտնվում է շրջանակված մի հայելի, որը սակայն ոչինչ չի արտացոլում: Տարօրինակ է, ասես կլանում է պատկերդ, գողանում: Ես նույնիսկ թեթևակի խուճապի մատնվեցի, ինձ թվաց, որ հիմա, եթե նորմալ հայելու մեջ նայեմ, դեմքս չեմ տեսնելու...

Սակայն դոկտորը, որ նստել է վահանակի առջև, միանգամից փարատում է տագնապս. նա միացնում է սարքը, և տեղնուտեղը էկրանին տեսնում եմ ինձ` խոշոր պլանով, ամենայն մանրամասներով, երևում է յուրաքանչյուր մազը: Մաքիյաժ չեմ արել. դա պարտադիր պայման է, մեկ ամիս իմ դեմքին ոչինչ չպիտի քսվի: Ես հմայված նայում եմ ինձ և տեսնում, թե ինչպես, բառացիորեն մի քանի վայրկյանում, փոխվում է դեմքիս արտահայտությունը... Հետո, ասես, մի օտար կին է հայտնվում էկրանին... Մի՞թե սա ես եմ... Դոկտորի ձայնն եմ լսում, իսպառ մոռացել էի նրա գոյությունը.

- Այդ շրջանակի մեջ դրված է` անտեսանելի էլեկտրոդներով հարստացված հզոր մի ոսպնյակ, որը ոչ միայն խոշորացնում է ձեր դեմքը, այլև գրանցում այն ամենը, ինչ կա նրանից անդին, այլ կերպ ասած, մտնում է ձեր հոգու մեջ և բացահայտում, ինչ ջանում եք թաքցնել: Ասենք, դուք վախենում եք, բայց փորձում եք անհոգ երևալ: Իսկ այժմ աշխատեք անկեղծ պատասխանել յուրաքանչյուր հարցին:

Ասես հայտնվել էի հեքիաթային մի աշխարհում: Դոկտորը զանազան հրահանգներ էր տալիս, մեկը մյուսից տարբեր, երբեմն` հակասական: «Հիշեք ձեր ամենաատելի մարդուն»: «Օ՜, մեկը չէ»: «Հիշեք ձեր առաջին օրգազմը»: «Ես կգերադասեի ոչ թե հիշել, այլ ապրել»: «Ձեր ամենածանր կորուստը»: «Մեկ բառով դժվար է ասել»: «Այնուամենայնիվ»: «Մի ստիպեք...»: «Ես չեմ ստիպում, մեր մեթոդն է ստիպում...»: Ասես պատին եմ դեմ առել, մեջս դատարկություն է: Էկրանին տեսնում եմ արցունքի մի խոշոր կաթիլ, որ գլորվում է իմ այտի վրայով: Լույսերն անսպասելի վառվում են, պատկերն անհետանում է էկրանից: Վե՞րջ:

- Ինչո՞ւ դադարեցրիք, - հարցնում եմ:

Նա հետաքրքրված նայեց ինձ.

- Իսկ ի՞նչ կուզեիք ասել: Ո՞րն է ձեր ամենամեծ կորուստը:

- Մեկը չէ, երկուսն է, գուցեև երեքը... Նախ` երեսունհինգ տարին, որ խլեցին ինձնից, տասնհինգ տարին, որ ապրեցի այստեղ և առաջիկա տարիները, որ պիտի ապրեմ... չգիտեմ որքան և որտեղ...

- Ուրեմն, կորած եք համարում ոչ միայն ապրված, այլև ապրելիք տարիները: Ես ճիշտ հասակացա՞:

- Դուք ճիշտ հասկացաք:

- Անկախ այն բանից, թե որտե՞ղ:

- Անկախ այդ բանից, - պատասխանում եմ:

- Այդ դեպքում ինչո՞ւ էիք ուզում գնալ Երևան:

Չգիտեմ, թե ինչ ասեմ: Կարծես ինչ-որ բանի մեջ բռնացրին ինձ:

- Անկեղծ եղեք, - հորդորում է դոկտորը:

- Չեմ կարող չգնալ... հարազատներ ունեմ այնտեղ…

- Անցյալի համար հասկանում եմ, - մտորելուց հետո ասաց դոկտորը: - Ներկայի համար էլ ինչ-որ կերպ կարող եմ համաձայնել, բայց ապագայի հարցում ձեր հոռետեսությունն ինձ համար կատարելապես անընդունելի է:

- Կարո՞ղ եք փոխել իմ ապագան:

- Ապագան փոխել չեմ կարող, բայց կարող եմ փոխել ձեր հայացքը ձեր ապագայի հանդեպ: Գուցեև` անցյալի... Հասկացեք, կարևորն այն չէ, թե ինչպես եք նայում աշխարհին, այլ թե որքանով է այդ ընկալումը ձեզ երջանիկ դարձնում…

 

***

Մենք նույն անպատուհան և մութ սրահում ենք: Էկրանի վրա հերթով ցուցադրվում են իմ «ներքին» և «արտաքին» վիճակները:

- Հազվագյուտ անձնավորություն եք, - ասում է դոկտորը: - Գրեթե ոչ մի տարբերություն չկա ձեր ներսի և դրսի միջև:

- Դա լա՞վ է, թե՞ վատ:

- Դա շատ լավ է, բայց ձեզ նման մարդկանց կյանքը վերածվում է դժոխքի: Mundus vult decipi, ասում էր Կյերկեգորը. աշխարհն ուզում է խաբված լինել:

- Բայց ես չեմ ուզում խաբված լինել:

- Մի խաբվեք, բայցև խաբվածներին մի ձգտեք տարհամոզել, այլապես կհայտնվեք անապատում, բացարձակ մենության մեջ:

- Ես արդեն անապատում եմ:

- Այդ պատճառով էլ ամեն ինչ համարում եք կորած... ավելի ճիշտ` կորցրած...

- Ի՞նչ տարբերություն:

- Այն, որ կորածը ֆորս մաժորն է, անհաղթահարելի ուժը, իսկ կորցրածի պատասխանատուն կամ մեղավորը դուք եք: Դուք կորցնում եք և հրաժարվում տեր կանգնել ձեր ունեցածին:

- Ինչի՞ն տեր կանգնեմ, երբ առջևս ոչինչ չեմ տեսնում:

- Փոխեք ձեր հայացքը:

- Ուրեմն ջնջեմ ամեն ինչ և զրոյից սկսե՞մ, - հարցրի ես:

- Պետք չէ ջնջել, չեք էլ կարող... Պարզապես փոխեք ձեր վերաբերմունքն այդ ամենի հանդեպ:

Մենք շարունակեցինք դիտել իմ պատասխան-արտահայտությունները: Եվ ես իսկապես նկատեցի, որ թեկուզ չնչին, աննշմարելի, բայց այստեղ անցկացրած քսանչորս ժամվա ընթացքում արդեն ինչ-որ անծանոթ բաներ էին հայտնվել իմ դեմքին:

 

***

Ինձ համար այլևս հայելի գոյություն չունի: Անգամ լոգանքի սրահում: Աստված տա բարեհաջող դուրս գամ այս փորձությունից` պիտի գիրք գրեմ. «Կինն առանց հայելու»: Հրաշալի վերնագիր է: Սկսեցի հիշել, համրել, թե օրը քանի անգամ էի նայում հայելուն: Նկատի չունեմ միայն իմ տան կամ պայուսակիս հայելիները(սովորական, խոշորացնո՜ղ): Նկատի ունեմ ընդհանրապես հայելային իմ բոլոր արտացոլումները: Օրինակ` իմ փողոցում մի խանութ կա, որի ցուցափեղկի մեջ օրն առնվազն երկու անգամ նայում եմ, առանց որևէ հատուկ նպատակի, պարզապես ինձ տեսնելու համար: Հիմա ինձ զրկել են ինձնից: Ինչպե՞ս կարող է կինն ապրել առանց հայելու: Մանավանդ ինձ նման կինը: Ոչ, խոսքն ինչ-որ բացառիկության մասին չէ, այլ եթե կուզեք էքզիստենցիալ երևույթների: Չէ, գրքի վերնագիրն ավելի ճիշտ պետք է լինի այսպես. «Կինը հայելուց առաջ և հետո»: Ես նկատի ունեմ հայելու գյուտից առաջ և հետո: Մինչև հայելու գյուտը կանայք կարող էին իրենց արտացոլումը տեսնել ջրի մակերեսին` խաբուսիկ և վաղանցուկ մի բան: Հեղափոխությունն սկսվեց այն օրվանից, երբ հայելին դարձավ կենցաղային իր, մտավ տուն և դարձավ մատչելի ուզած պահին: Կնոջ ծնունդը Ադամի կողից չեղավ, այլ տուն մտած հայելուց: Ինձ հիմա միանգամից ետ տարան դեպի քարանձավ: Բայց կանայք հնարամիտ են: Լվացարանի մեջ ջուր կլցնեմ և կնայեմ իմ արտացոլմանը, ինչպես նախնադարի կանայք...

 

***

- Դուք ճանաչո՞ւմ եք այս կնոջը:

Արդեն երկու շաբաթ է այստեղ եմ: Դոկտորի հսկողության տակ: Ուղղակի և փոխաբերական իմաստով: Ոչ, ես չէի ասի, թե սա բանտ է: Երկու անգամ, երբ թեթևակի փորձ արեցի ընդվզելու, դոկտորը սառնասրտորեն պատասխանեց. «Ոչ ոք ձեզ այստեղ բռնի չի պահում, դուք կարող եք ուզած պահին  հեռանալ»: Հետո կատակով ավելացրեց. «Ոստիկանությունը վերջապես կիմանա, թե որտեղ էիք թաքնվում»: Նա կրկնում է հարցը.

- Դուք ճանաչո՞ւմ եք այս կնոջը:

Հավանաբար պատասխանս շատ ուշացավ: Ճանաչում եմ, անշուշտ, բայց ինչո՞ւ եմ վարանում: Եթե իսկապես անծանոթ մեկը լիներ, անմիջապես կասեի. «Ոչ, առաջին անգամ եմ տեսնում»:

Սակայն առջևս իմ լուսանկարներն են` տասնչորս օրվա վաղեմությամբ, երբ առաջին անգամ մտանք մութ սենյակ: Դրանց կողքին իմ մի քանի խոշոր պլաններն են ֆիլմերից, որ դոկտորը գտել է ինտերնետում:

Ես հիմա եմ հասկանում, թե ինչ է նշանակում երկու շաբաթ սեփական դեմքը հայելու մեջ չտեսնել, և պատասխանս ուշացնելով, ասես ուզում եմ այդ օրերի պարապը լցնել:

- Այո, ճանաչում եմ:

Նա առանձնացնում է երկու լուսանկար` վերջիններից մեկը և քսան տարի առաջ նկարահանված ֆիլմից մի կադր:

- Սրանք հավասարապես ծանո՞թ են:

Դժվարանում եմ պատասխանել:

- Հավանաբար... ոչ:

Դոկտորն, ըստ երևույթին, գոհ է իմ պատասխանից: Ինձնից անկախ հարցնում եմ.

- Դոկտոր, ձեր կինը դեռ չի եկե՞լ:

- Վերադարձել է, - ժպտալով պատասխանում է նա: - Համբերեք մի քիչ, դուք անպայման կհանդիպեք նրան:

Օրը երկու անգամ մտնում ենք մութ սրահ: Ես տեղավորվում եմ զարմանահրաշ հայելու, իսկ դոկտորը` վահանակի առջև: Նա զբաղված է ինչ-որ մոգությամբ: Ինձ շարունակ արգելված է նայել էկրանին, եթե ցանկանամ էլ, ոչինչ չեմ տեսնի. հսկայական հայելի-ոսպնյակն իսպառ ծածկել է տեսադաշտս: Ես միայն պատասխանում եմ հարցերին` ամենաբազմազան: Կարող եմ և չպատասխանել, բայց դա ևս կհամարվի պատասխան:

- Քանի՞ անգամ եք դավաճանել ձեր ամուսնուն:

- Օ՜, - ծիծաղում եմ ես: - Հաշիվը կորցրել եմ...

- Վուայորիզմը բնորո՞շ է ձեզ:

- Իսկ ո՞ւմ բնորոշ չէ:

- Կա՞ մարդ, որին կուզեիք սպանել:

- Սպանել` ոչ, պատժել` այո, անպայմա՛ն:

- Ինչպիսի՞ պատիժ, մարմնակա՞ն:

- Ոչ, բարոյական:

- Բայց արյունարբու ոճրագործներ կան, նրանց ինչպե՞ս կպատժեիք:

- Ցմահ կբանտարկեի և կստիպեի օրը քսանչորս ժամ իրենց զոհերի լուսանկարներին նայել:

- Կուզեի՞ք պառկել ինձ հետ:

- Գործից դուրս` թերևս:

- Ոչ, հենց այս պահին:

- Տեղը հարմար չէ, և հետո...

- Դուք լրտեսե՞լ եք ձեր ծնողների մտերմությունը:

- Պայմանները թույլ չէին տալիս:

- Իսկ եթե թույլ տայի՞ն:

- ...

- Կուզեի՞ք զբաղվել քաղաքականությամբ:

- Մի՞թե ես այդքան...

- Ձուկ սիրո՞ւմ եք:

- Միայն ճերմակ գինու հետ:

- Սիրո՞ւմ եք գաղտագողի խմել:

- Ծխել` այո:

- Արե՞լ եք այնպիսի մի բան, որի համար կարմրում եք:

- Թերևս, շատ չէ:

- Կուզեի՞ք փոխվել անճանաչելի դառնալու չափ:

- Փոխվել` այո, բայց որքան, չգիտեմ:

- Կուզեի՞ք հրաժարվել ինքներդ ձեզնից:

- Սիրով... Հոգնել եմ ինքս ինձնից:

- Դուք գո՞հ եք Աստծո տվածից: Ձեր արտաքինը նկատի ունեմ...

- ...

 

***

Դոկտորի վերջին հարցերը սադրիչ էին: Հարցեր կան, որոնց չպատասխանելն արդեն պատասխան է: Տասներկու-տասներեք տարեկանից թաքուն նայում էի հայելուն և ինձ պատկերացնում ուրիշ կերպ: Մեկ երազում էի հունական արձանների ուղիղ, դասական քիթը, մեկ փոքրիկ, մի քիչ վեր ցցվածը... Մինչդեռ, իմս ստանդարտ չէր: Աչքե՞րս... Այդպես էլ չհասկացա` գեղեցի՞կ են, թե՞ ոչ: Բայց հետագայում, երբ սկսեցի քսվել, դարձան տպավորիչ, նույնիսկ գեղեցիկ, և կինոյում շատ էին սիրում ինձ խոշոր պլանով նկարել: Քիչ թե շատ գոհ էի իմ բերանից և դեմքիս գծագրից, բայց ընդհանրապես, ինքս ինձ այնքան էլ դուր չէի գալիս: Իսկ երբ տասնութ տարեկանից սկսեցի նկարահանվել ֆիլմերում, ապա մի սևեռուն գաղափար մտավ գլուխս` անպայման պլաստիկ վիրահատություն անել: Ինչ-ինչ հանգամանքներ խանգարեցին իրականացնել այդ ցանկությունը, որոնցից մեկը` իրար ետևից քաղաքում հայտնվող, կտրած քթերով կանայք էին, մեկը մյուսին նման, նկարագիրը կորցրած: Ասես կլոնավորած մուտանտներ լինեին:

Վիրահատության գաղափարից հրաժարվեցի, բայց դժգոհությունը սեփական դեմքից երբեք չի լքել ինձ: Ամսագրերի շապիկներին իմ լուսանկարներն էին տպագրվում, հոդվածագիրները խոսում էին իմ տաղանդի և գեղեցկության մասին, իսկ ես, հայելու առջև նստած, շարունակ թերություններ էի տեսնում իմ դեմքին:

Բայց մի՞թե միայն դեմքին... Ես միշտ դժգոհ եմ եղել ինքս ինձնից: Իմ ամենափայլուն հաջողությունների մեջ մշտապես անբավարարություն է խառնված եղել: Գուցե պատճառը կատարելության իմ անհագ ծարավն էր:

Իմ տարիքին հասած յուրաքանչյուր կին տագնապով է նայում իր դեմքի և մարմնի փոփոխություններին, մանավանդ եթե դերասանուհի է: Քանի՜ հոյակապ դերեր չխաղացի, և գիտեմ, որ այլևս չեմ խաղա...

Այդ ամենից զատ ուրիշ բան էլ կա. մեկ այլ կյանքի, մեկ այլ մարդ դառնալու երազը, որն, ըստ երևույթին, ապրում է շատերի մեջ, և գուցե այդ երազն էր, որ ինձ ստիպեց ընդունել դոկտոր Տեսիեի հրավերը: Շատ էի հոգնել ինքս ինձնից: Բայց ո՞րն է լինելու այն նոր կյանքը, որ պիտի առաջարկվի ինձ... Իսկ ինքս ինչպե՞ս եմ պատկերացնում... Տարիներ շարունակ խաղացած իմ դերերն այդ ուրիշ կյանքին չէին փոխարինո՞ւմ: Գուցե, բայց որքա՜ն թանկ էի վճարում դրա համար... Հիմա մտել եմ մի արկածախնդրության մեջ, որից չգիտեմ, թե ինչպես եմ դուրս գալու:

Բայց ես սիրում եմ արկածախնդրությունը...

 

***

- Այս կնոջը ճանաչո՞ւմ եք:

Այդ կինը ես եմ: Չէի ասի, թե միանգամից ճանաչեցի: Բայց ճանաչեցի: Մանավանդ կիսադեմից: Քթիս շնորհիվ: Իսկ դիմացից` աչքերիս, ավելի շուտ, կոպերիս: Մնացած ամեն ինչը փոխվել է: Մանավանդ դեմքիս գծագիրը: Ասես ավելի է երկարել: Ես կբնորոշեի այսպես. փոխվել է առանց փոխվելու: Օրինակ` բերանս նույնն է, բայց ինչ-որ վճռականություն է հայտնվել: Աչքերիս արտահայտությանը կարծես նոր բան է ավելացել: Ես այդպիսին էի լինում որոշ դերերումՙ ամիսներ շարունակ աշխատելիսՙ «ներսը դուրս է դառնում», ինչպես կասեր Դոմինիկը:

Ես բեմական հարյուրավոր լուսանկարներ ունեմ: Կյանքիս լուսանկարներն էլ շատ են: Գրեթե մեկ առ մեկ հիշում եմ, մտովի համեմատում և զարմանում վիճակների բազմազանությունից:

Այսպիսի մի դեպք եմ հիշում: Տարիներ առաջ էր, Երևանում: Ներկայացման ավարտից հետո բարձրացել էի հանդերձասրահ... Խմբի վարիչը դուռս թակեց և խորհրդավորությամբ ասաց, թե Մոսկվայից եկած մի կինոռեժիսոր ուզում է հետս խոսել: «Հավանաբար քեզ դեր ունի առաջարկելու իր նոր ֆիլմում», - ասաց նա: Դուրս եկա հանդերձասրահից և միջանցքում տեսա ինձ սպասող ռեժիսորին, որի հետ լավ ծանոթ էինք, բազմիցս հանդիպել էինք Երևանում և Մոսկվայում: Ինձ տեսնելուն պես քարացավ: Հետո ուշքի գալովՙ հարցրեց.

- Ուրեմն, այդ դո՞ւ էիր բեմում:

- Այո, ես էի:

- Այդ ինչպե՞ս էիր փոխվել, որ չճանաչեցի:

- Գուցե խորքում էիր նստած, - փորձեցի մեղմել կացությունը:

- Ոչ, ցավն էլ այն է, որ շատ մոտիկ էի բեմին: Դեմքերը հստակ տեսնում էի:

- Դե, ուրեմն, թույլ տուր ասել` այնպես էի կերպարանափոխվել, որ նույնիսկ քեզ նման մասնագետը չտեսավ դերակատարին: Ի դեպ, գրիմ շատ չեմ անում... փոխվում եմ ներսից:

Այս միջադեպից հետո իսկապես նոր դեր ստացա կինոյում, բայց ուրիշ ռեժիսորի մոտ: Այն մեկը, հավանաբար, ինձնից զգուշացավ: Գուցե, որ ինձ հետ ամեն ինչ բարդ էր: Ես շարունակ փոխվում եմ, անորսալի եմ, անըմբռնելի, անկանխատեսելի… Իսկ գուցե համոզված էր, որ իր սիրուհին չեմ դառնա… Քանի որ ընկերներ էինք: Չէ որ մեր ռեժիսորների մեծ մասը, ֆիլմն սկսելուց առաջ նախ սիրուհի են փնտրում, հետո նոր դերակատար: Այդ «կատակներն» ինձ հետ չէին անցնում, և բոլորը գիտեին այդ մասին կամ, առնվազն, ենթադրում էին:

Այժմ իմ առջև երեք շաբաթվա աշխատանքի արդյունքն էր դրված: Ես գիտեի, ես արդեն սպասում էի այդ լուսանկարներին: Եթե դրանք ցույց տային մեկին, որն ինձ լավ գիտի, կճանաչե՞ր արդյոք:

- Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ արտահայտությունը չի փոխվել, - հարցնում եմ:

- Եղել են:

- Եվ ինչպե՞ս եք շարունակել:

- Վիրաբուժական միջամտությամբ:

Դոկտորը լռում է, մի քանի լուսանկարներ առանձնացնում.

- Եվ չնայած դուք այս երեք շաբաթում հսկայական առաջընթաց ունեցաք, այնուամենայնիվ, կուզեի ձեր դեմքին վիրաբուժական մի քանի փոքրիկ գործողություն կատարել: Իսկ դրա համար պետք է ստանամ ձեր գրավոր համաձայնությունը:

Երկու լուսանկար է դնում առջևս.

- Ահա դուք առաջին օրը և այսօր:

Ես ցնցվում եմ: Դոկտորն իսկապես հրաշագործ է:

- Այս վիճակը ձեզ բավարարո՞ւմ է, - հարցնում է նա:

- Դոկտոր, ես արդեն քսան օր է հայելու երես չեմ տեսել, թույլ տվեք նայել, գոնե մեկ վայրկյան, հավանաբար ես էլ մի երկու բան նկատեմ:

- Գիտեմ, թե ինչ եք ուզում ստուգել` պարանոցի և բերանի մոտի կնճիռները: Դրանք այլևս չկան:

Թերահավատությամբ շոյում եմ դեմքս, պարանոցս, և ինձ թվում է, որ դոկտորը չի խաբում:

- Եթե այդպես է, համաձայն եմ:

 

***

Դոկտորը գոհ է վիրահատությունից: Նրա ասելով, տասը-տասներկու օրից ամեն ինչ վերջացած կլինի: Այդ ընթացքում ես պիտի շարունակեմ սերտել Դոմինիկի գրքերը, որոնք արդեն մեկ անգամ ծայրեծայր կարդացել եմ: Դրանք հետաքրքիր են, այդ մտքերը թափանցում են ներսդ, դառնում քոնը: Ես արդեն սկսում էի կասկածել, թե գուցե դոկտորը հատուկ է նրան հեռու պահում ինձնից, այսպես ասած, չխախտելու համար բուժման իր մեթոդը: Սակայն պարզվում է, որ իրավապաշտպան միջազգային մի կազմակերպության հանձնարարությամբ մեկնել է աֆրիկյան ինչ-որ երկիր` տեղի քաղբանտարկյալների մասին ռեպորտաժներ անելու: Նրա առաքելությունն արդեն ավարտին է մոտենում, և այս քանի օրը պիտի վերադառնա: Դոկտորը խոստանում է հանդիպում կազմակերպել, իրենց տանը:

Իսկ մինչ այդ, վիրակապված երեսով ուսումնասիրում եմ նրա աշխատությունները: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է իմ կերպարանքը, երևի նման եմ այլմոլորակայինի...

 

***

Արդեն սեպտեմբերի 12-ն է: Այսօր պիտի վերադառնայի Երևանից, որպեսզի երկու օր հետո մեկնեի Միլան` փորձնական նկարահանումների կամ, ինչպես այստեղ են ասում, casting-ի: Մնաս բարով իտալական կինոյում նկարահանվելու տարտամ հույս, թող մնա հաջորդ անգամ, իմ «նոր կերպարով», որն իտալացիներին գուցե ավելի հրապուրիչ թվա: Ի դեպ, դոկտորը պատմեց, որ ընկերուհուս` Էլիզաբեթի «կերպարանափոխությունը» մեծ աղմուկ է առաջացրել կինոյի աշխարհում, և օրվա կոնյուկտուրան ճիշտ ժամանակին հոտոտող հեղինակներից մեկն արդեն սցենար է գրում այդ նյութի վրա: Լավ, «նոր կերպարը», հասկացանք` Էլիզաբեթն է խաղալու, իսկ ո՞վ պիտի մարմնավորի «հինը»... Ավելի լավ է ես իմ հոգսերով զբաղվեմ և Դոմինիկի վերջին հրահանգները սերտեմ` մեդիտացիա, խորասուզում «ես»-իդ մեջ, վերացում իրականությունից և նույնիսկ իրականից, միաժամանակ, հնչում է Դոմինիկի ձայնը, որը լսում եմ ավելի շատ ներսից, քան դրսից... Նա իրոք թափանցել է իմ մեջ, դարձել իմ էությունը, ես «նա» եմ կամ, ավելի ճիշտ, «նա» ես եմ:

 

***

Մի՞թե մարդը չի կարող իր միջից ծնվել: Մի՞թե այն, ինչ կատարվում է ինձ հետ վերածնունդ չէ: Ես այսօր վերջապես հայելու մեջ կնայեմ, դա կլինի ծես, արարողություն, իսկ մինչ այդ, դոկտորն զգուշորեն հեռացնում է վիրակապերը: Կարծես ամեն ինչ սպիացել է, որովհետև ցավ չեմ զգում: Վիրակապերն հեռացնելուց հետո, դոկտորը հատուկ անձեռոցիկով սրբում է երեսս: Տեղ-տեղ թեթևակի այրում է: Վե՛րջ:

- Ձեր տեղը լինեի, դեռ չէի նայի հայելու մեջ, մի փոքր էլ կհամբերեի:

Բայց ես անհամբեր եմ, ուստի շաբաթների զրկանքից հետո առջևս մի մեծ հայելի է դրվում: Դոկտորն իրավացի էր: Երանի համբերեի ևս մի երկու օր: Կարմիր բծեր եմ տեսնում...

- Դա անխուսափելի է, - հանգստացնում է նա ինձ: - Կանցնի շատ արագ: Կարևորը` ոչ մի սպի չկա, ասես միջամտություն չի եղել:

Իսկապես, ոչ մի սպի չեմ տեսնում: Անթերի աշխատանք է, իսկ բծերը, հուսանք, շուտով կանցնեն: Եվ, ասես ավելի վստահեցնելու ինձ, որ իրոք այդպես է լինելու, դոկտորն ազդարարում է.

- Վաղը չէ մյուս օրը դուք հրավիրված եք մեր տուն: Դոմինիկն անհամբեր սպասում է ձեզ:

...Հայելու միջից ինձ է նայում լուսանկարի կինը: Դոմինի՛կը: Իսկ ե՞ս... ես անհետացել եմ, ես այլևս չկամ...

- Դոկտոր, ես ուզում էի, որ ինձ հեռացնեք ինձնից, սակայն... չափից ավելի մոտեցրիք ձեր կնոջը:

- Դա է կանացի իմ իդեալը, - անվրդով պատասխանում է դոկտորը:

Անհասկանալի, անծանոթ ու տագնապալի զգացումներ են համակում ինձ:

- Այս ի՞նչ արեցի... , - հանկարծ հայերենով արտաբերում եմ ես:

Զարմանալի է. դոկտորը նույնիսկ չի հարցնում այդ բառերի նշանակությունը: Նա պարզապես ուշադիր հետևում է ինձ: Իսկ ես նայում եմ իմ դեմքին և մահ եմ արձանագրում, միաժամանակ` ծնունդ: Երկուսն էլ իմն են: Բայց մի՞թե մահը հիմա փաստեցի, մի՞թե վերջին տասնհինգ տարին դանդաղ մահացում չէր` չնայած իմ ամենօրյա պայքարին, չնայած հեռավոր հույսերին, որ միամտորեն շարունակում էի փայփայել, իմանալով, որ դրանք հազիվ թե իրականություն դառնան: Ասացի տասնհի՞նգ...

Դոկտորն ահա հետ բերեց այդ տարիները, ավելի շուտ, հնարավորություն տվեց դրանք նորից ապրելու: Ես հիմա երեսունհինգ տարեկան եմ, ոչ ոք ինձ ավելին չի տա, և ես հրճվանքի պոռթկումով ելնում ու համբուրում եմ նրան, իսկ նա.

- Սպասեք, դուք դեռ ամեն ինչ չտեսաք:

Ինձ առաջնորդում է մի սենյակ, որտեղ կշեռք է դրված հատակին, կողքը մի բարձր հայելի, իսկ սեղանին` տարբեր լողազգեստներ:

- Մինչև հայելուն նայելը խնդրում եմ կանգնեք կշեռքին, - առաջարկում է դոկտորը:

Ես կանգնում եմ:

- Առաջին օրը երբ կշռվեցիք յոթանասունմեկ կիլո էիք: Մեկ ու յոթանասուն հասակի համար դա առաձնապես շատ չէր, բայց արդեն գիրանալու միտումներ էին նկատվում:

- Իսկ հիմա որքա՞ն եմ:

- Վաթսունութ ու կես, մի կիլո էլ որ նիհարեք կմոտենաք նորմային:

- Ինչպե՞ս, - անհամբեր հարցնում եմ ես` չհավատալով լսածիս: - Միայն մարզանքի շնորհի՞վ:

- Ոչ միայն, նաև ներշնչման, ձգտման..., - պատասխանում է դոկտորը և, սեղանին դրված լողազգեստները ցույց տալով, ասում. - Այժմ ես ձեզ լքում եմ մի քանի րոպեով: Փորձեք այս լողազգեստները, և եթե համոզվեք, որ ձեր մարմինը ձեր դեմքի պես երիտասարդացել է, խնդրում եմ կանչեք ինձ, կուզեի իմ աշխատանքի պտուղներն ամբողջությամբ տեսնել:

Նա դուրս է գալիս, իսկ ես շտապում եմ ինձ տեսնել նախ սպորտային զգեստով, որ հիմա հագիս է: Իսկապես որ նիհարել եմ: Բայց մարմինս արդյոք շահե՞լ է դրանից: Դանդաղ, անշտապ հանվում եմ հայելու առաջ: Կարելի է ասել` ինքս ինձ համար ստրիպտիզ եմ անում: Իմ առջև ոչ թե ես եմ, այլ անծանոթ մեկը, որի դեմքը նոր-նոր սկսում եմ ստանձնել, և այդ դեմքին հիմա ավելանում է կատարելապես նոր, ամեն ինչով անծանոթ մի մարմին... Ես ոչ թե տասնհինգ, այլ քսան տարով եմ երիտասարդացել: Սիրահարվում եմ այդ մարմնին, տարօրինակ հույզեր են անցնում իմ միջով... Իմ մարմնից դժգոհ չէի, մանավանդ երիտասարդ տարիներիս, բայց այսպես երբեք չեմ եղել: Այսպիսի մարմնով պետք է շտապել լողափ, մանավանդ որ եղանակը դեռ տաք է:

Սկսում եմ լողազգեստները չափել: Ցնցո՛ղ է... «Դուք դեռ պատրաստ չե՞ք...», - լսվում է դրսից: Հավանաբար երկար մնացի... Վերջին շտկումներն եմ անում և դոկտորին հրավիրում ներս: Նա մտնում է, ուշադիր զննում ինձ և, ծափահարելուց հետո, հայտարարում.

- Տիկին, եթե ճիփ-ճիշտ ձեր նմանը չունենայի տանը, անպայման կսիրահարվեի ձեզ:

- Այդ դեպքում, դոկտոր, ձեզ նման մի երկրորդը ստեղծեք:

- Ավա՜ղ, տիկին, անկարող եմ...

 

***

Առավոտից նստած եմ հայելու առջև: Իմ «Նոր Կերպարը» ոչ միայն տարբերվում է իմ նախորդ դեմքից, այլև անսահման փոփոխությունների հնարավորություններ տալիս: Ասես մի tabula rasa է, որի վրա ամեն ինչ կարող եմ գծել: Ի դեպ, դոկտորն այդպես էլ բնորոշեց և խնդրեց` իրենց տուն գնալուց առաջ ոչ մի մաքիյաժ չանեմ:

…Տպավորությունն ապշեցնող էր: Դոմինիկն ինձ ընդունեց անկեղծ ջերմությամբ: «Ես քույր ունեցա, այն էլ երկվորյակ»: Այնուհետև որոշում ենք այսպիսի խաղ խաղալ. երկուսով միասին ներկայանում ենք հյուրերին, և թող որոշեն, թե ով ով է:

...Նրանք բերանները բաց նստել էին և չէին կարողանում մեզ զանազանել: Ամեն ինչ պարզ դարձավ, երբ սկսեցինք խոսել: Ինձ մատնեց իմ առոգանությունը: Այնուամենայնիվ, ֆրանսերենն իմ մայրենի լեզուն չէ:

Ընթրիքի ընթացքում Դոմինիկը հետաքրքիր մանրամասներ էր պատմում աֆրիկյան ուղևորությունից: Բոլորս կլանված լսում էինք: Ես հմայված էի նրա դիտողականությամբ, վերլուծելու, երևույթների մեջ թափանցելու կարողությամբ, նրա զգայուն սրտով, միաժամանակՙ համարձակությամբ: Ես ուրախ էի, որ նման ենք ոչ միայն արտաքինով, այլև համոզմունքներով: Ճիշտ է, ես նրա գիտելիքները և վերլուծական հմտությունը չունեի, բայց պատրաստ էի ստորագրել նրա յուրաքանչյուր բառի տակ: Ներկաներից մեկը, նշանավոր մի գրող, խորհուրդ տվեց շտապել գրի առնել տպավորությունները` քանի դեռ թարմ են:

- Ես այդպես էլ ուզում էի անել, - համաձայնեց Դոմինիկը: - Մեկ ամսով փակվել մեր գյուղի տանը, ոչ մեկին չտեսնել ու գրել, բայց, ավաղ, չեմ կարող:

- Ինչո՞ւ:

- Արդեն նոր հանձնարարություն են տալիս, և չգիտեմ, թե ինչ պատասխանեմ:

- Իսկ ո՞ւր են ուղարկում:

- Հայաստան...

Քիչ մնաց ճչայի:

- Շատ կուզեի գնալ, վաղուց երազում եմ, ի վերջո տատիկիս ծննդավայրն է: Խնդրեցի հետաձգել, բայց չեն կարող. ընդդիմադիր մի քանի գործիչներ արդեն երրորդ անգամ մեր միջամտությունն են խնդրում... Ահավոր բաներ են գրում, պետք է գնալ տեղում ստուգել:

- Իսկ դուք հայերեն գիտե՞ք, - հարցրի ես:

- Շատ քիչ, կարելի է ասել` չգիտեմ:

- Ասացիք` մի քանի հոգի՞, - նորից հարցնում եմ ես: - Իսկ հիշո՞ւմ եք նրանց անունները:

Դոմինիկը ելնում է տեղից.

- Սպասեք` հիմա կբերեմ, սեղանիս վրա է, այսօր առավոտյան ստացա, նույնիսկ լուսանկարները կան, հասցե, հեռախոս, բոլոր տվյալները:

Նա դուրս է գալիս, քիչ հետո վերադառնում և A4 չափի երեք թերթ մեկնում ինձ: Ես զարմանքից քարանում եմ. իմ առջև ամուսնուս լուսանկարն է` գրեթե ամբողջ էջով: Նկարի տակ, մանր տառերով գրված է անուն-ազգանունը, փոստային և էլեկտրոնիկ հասցեները, հեռախոսը, մասնագիտությունը(«փիլիսոփա, լրագրող, հրապարակախոս»): Նշվում է, որ վերջին տարիներին, իր քաղաքական հայացքների համար մշտապես հալածվել է, նույնիսկ մի քանի ամիս բանտարկվել, որտեղից վերջերս է դուրս եկել (բանտարկության մասին ես իմացա բառացիորեն հաջորդ օրը: Նրա ընկերներից մեկն ինձ զանգեց և խստորեն հրահանգեց, որ ոչ մի դեպքում Երևան չգամ: Ասաց, որ դա ամուսնուս պահանջն է, որ կարող է ինձ քաղաքական շանտաժի ենթարկեն և այդ կերպ ճնշում բանեցնեն նրա վրա: Նույն ընկերն ինձ զանգեց երկու ամիս հետո, դարձյալ առավոտյան վեցին, երբ այնտեղ ժամը ինն է, և ասաց, որ շտապ Երևան գամ, քանի որ ամուսնուս ազատել են, բայց առողջական վիճակը լավ չէ, բողոքում է սրտից, ահավոր դեպրեսիայի մեջ է, որ պետք եմ նրան, որ մենակ է և ոչ մեկին չի ուզում տեսնել...):

Այդ օրը առավոտ կանուխ նկարահանում ունեի, ռեժիսորն անչափ գոհ էր, ասաց, որ միաժամանակ մի քանի պլան էի խաղում, իսկ ես ասացի, որ այսօր, հենց հիմա պիտի գնամ օդանավակայան և առաջին իսկ թռիչքով մեկնեմ Երևան... Եվ պատմեցի նրան առավոտյան զանգի մասին: Ռեժիսորը բերանը բաց կանգնել էր. «Բայց դեռ տասն օրվա աշխատանք ունենք»: Տասը օրը, վերջապես, դառնում է վեց, և նկարահանման հրապարակից ինձ ուղղակի օդանավակայան են տանում: Ճամպրուկը հանձնելուց հետո անմիջապես զանգում եմ Երևան. «Գալիս եմ, չորս ժամից կլինեմ: Եթե կարող ես, դիմավորիր, եթե` ոչ...»: «Իսկ քեզ ո՞վ է կանչել», - կտրուկ ընդհատում է ամուսինս: Ապշած այդ պատասխանից, չգիտեմ, թե ինչ ասել, բառերը դուրս են գալիս ինձնից անկախ. «Բայց լսիր...»: «Ոչ մի բայց, քեզ այստեղ սպասող չկա», - նորից ընդհատում է ինձ և լսափողը դնում: Մի կերպ, ծեծված շան պես, անարգված, ջարդված, ոտքերս քարշ տալով հասնում եմ օդանավակայանի սրճարան, նստում ազատ սեղաններից մեկի մոտ, որպեսզի չընկնեմ և աչքերս հառում անորոշ մի կետի: Ինչո՞ւ եկա այստեղ... Հա, հիշեցի, ահավոր քաղցած եմ, առավոտից ոչինչ չեմ կերել: «Տիկին, այստեղ ինքնասպասարկում է», - հուշում է կողքի սեղանից մի երիտասարդ: Ես, անզգա, վեր եմ կենում, մոտենում ընդարձակ մատուցասեղանին, վերցնում պատահական մի բան, առանց հասկանալու, թե ինչ, վճարում, վերադառնում տեղս և սկսում ծամել` առանց հասկանալու, թե ինչ...

Ինչո՞ւ այդպես կոպիտ խոսեց, բանտի պայմաններն են կոշտացրե՞լ, թե՞ վիրավորված է, որ ինքը բանտում էր, իսկ ես այստեղ թքած եմ ունեցել... Բայց չէ՞ որ ընկերը զանգեց այդ օրերին և շատ լուրջ պատճառաբանությամբ խորհուրդ տվեց մնալ այստեղ... Ի դեպ, երկրորդ անգամ է, որ ինձ այսպես կոպիտ վանում է: Առաջինը...

Այդ պահին ձեռքիս հեռախոսը Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի առաջին ակորդներն է հնչեցնում պայուսակիս մեջ: Հը՛մ, հաստատ խղճի խայթ է զգացել և հիմա զանգում է, որպեսզի մեղքը քավի: Վերցնում եմ անհամբեր: Անծանոթ մի բարիտոն ֆրանսերենով ինձ է ուզում: Դոկտոր Տեսիեն է: Հենց հիմա հրավիրում է ինձ կլինիկա: Վաղվանից կարող ենք սկսել: Ես ենթարկվում եմ բարիտոնի հորդորին: Պայուսակս վերցնում եմ և վազում կայարանՙ հեռախոսը թողնելով սեղանին: Անում եմ դա բնազդաբար, առանց գիտակցելու, հետո եմ հասկանում, թե ինչու. որպեսզի ինձ չգտնեն… Եթե, իհարկե, ինձ փնտրելու են... Ես թողնում եմ այս աշխարհը… Ուզում եմ, որ ինձ էլ հանգիստ թողնեն…

Արցունքս կաթում է ուղիղ ամուսնուս աչքի մեջ: Ե՞րբ սկսեցին հոսել: Քանի րոպե է A4 չափի թղթերն եմ նայումՙ մեկ առ մեկ… Դոմինիկը մոտենում, գրկում է ինձ և «Kleenex» մեկնում:

- Կներեք, ես չգիտեի, որ այդքան զգայուն եք, - արդարանում է նա: - Հավանաբար, պետք չէր ցույց տալ...

Հետո, թաշկինակը ձեռքիցս առնելով, ինքն է սրբում արցունքներս և իմիջիայլոց հարցնում.

- Դուք գիտե՞ք նրանց:

- Այո...

Ավելին չեմ ասում: Բարեբախտաբար, իմ և ամուսնուս ազգանունները տարբեր են: Այնպես որ, նրանք հիմա չհասկացան, որ արցունքներիս պատճառը նա էր:

Ուրիշ հարց չեն տալիս: Նրբանկատորեն ինձ հանգիստ են թողնում և խոսում այլ բաներից: Ինձ թվում է, թե այս հուզմունքից դոկտորի աշխատանքն իսպառ ջնջվեց, և ես հիմա նման եմ ժամանակից շուտ պառաված մի կնոջ` տառապանքի դրոշմը դեմքին:

Գնում եմ զուգարան` տեսնելու, թե իրո՞ք այդպես է: Լվացարանի հայելին ցույց է տալիս երեսունհինգ-երեսունվեց տարեկան մի կին` լաց եղած դեմքով, տխուր աչքերով: Թեթևացած շունչ եմ քաշում և դեմքիս մի քանի շտկումներ անում, դիմափոշի քսում... Տեր Աստվա՜ծ, որքա՜ն նման եմ Դոմինիկին... Եվ իմ գլխով մի շա՜տ տարօրինակ բան է անցնում... Վերադառնում եմ սրահ:

Հյուրերն արդեն պատրաստվում են գնալ: Ժամանակից շուտ, ինչպես ինձ է թվում: «Փչացրի նրանց երեկոն», - մտածում եմ ես: Ինքս էլ եմ վերկենում, բայց տանտերերը խնդրում են, որ չշտապեմ: Հյուրերին ճանապարհելուց հետո, Դոմինիկն, առարկություն չընդունող ձայնով, դիմում է ինձ.

- Երևի ճիշտ կլինի, որ այս գիշեր մնաք մեզ մոտ, այդ տրամադրությամբ պետք չէ, որ գնաք:

- Բան չկա, արդեն ամեն ինչ անցավ... Եվ հետո, չէի ուզի ձեզ նեղություն պատճառել:

- Մի մտահոգվեք, - հանգստացնում է ինձ Դոմինիկը, - մենք առանձին սենյակ ունենք հյուրերի համար:

 

***

Առավոտյան, նախաճաշի ժամին, հարցնում եմ Դոմինիկին.

- Ի՞նչ որոշում ընդունեցիք: Գնալո՞ւ եք, թե՞ ոչ:

- Չգիտեմ, մի հարցրեք... Երևի մերժեմ:

- Համաձայնեք, - համոզում եմ:

- Չեմ կարող, սիրելիս, ես ուզում եմ մնալ և աշխատել:

- Դուք կմնաք և կաշխատեք: Համաձայնեք:

- Չեմ հասկանում ձեզ, բացատրեք, խնդրեմ, ինչպե՞ս կարող եմ գնալ և միաժամանակ մնալ ու աշխատել:

- Դա շատ պարզ է, - պատասխանում եմ և ներկայացնում իմ ծրագիրը:

Նախ հայտնում եմ, որ այդ երեք անձնավորություններից մեկն իմ ամուսինն է:

- Դուք պետք է անհապաղ մեկնեք Երևան, - հորդորում է նա:

Ես պատմում եմ մեր վերջին հեռախոսազրույցի մասին:

- Առավելևս, - պնդում է Դոմինիկը: - Նա հիմա հոգեկան ծանր վիճակում է, դուք պիտի նրա կողքին լինեք:

- Համաձայն եմ, ես ուզում եմ գնալ, բայց որպես ո՞վ... որպես նրա կի՞նը, թե՞...

Դոմինիկը հարցական և զարմացած նայում է ինձ, իսկ ես կրկնում եմ հարցս.

- Որպես նրա կի՞նը, թե՞ որպես Դոմինիկ Տեսիե...

Վերջապես նա հասկանում է և, չգիտես ինչու, ծիծաղում.

- Բայց դա խենթություն է:

- Այո, - համաձայնում եմ:

- Եվ վտանգավոր արկածախնդրություն:

- Այո, արկածախնդրություն է, բայց ոչ վտանգավոր: Այդ մասին իմանալու են ընդամենը երեք հոգի. ես, դուք և դոկտորը: Մնում է, պարզապես, ձեր անձնագիրը վստահեք ինձ մեկ ամսով:

- Ինչպե՞ս կարող եմ վստահել, դա կոպիտ խախտում է... Եվ հետո, ես շատ տգեղ կացության մեջ կհայտնվեմ, ստիպված կլինեմ խաբել իմ ղեկավարությանը:

Ես լավ գիտեմ, թե շվեյցարացիք որքան օրինապահ են ու պարտաճանաչ: Հասկանում եմ, թե նրան ինչի եմ մղում, բայց գիտեմ նաև, որ դիմացս խելացի ու սրտացավ մի կին է, և դա է իմ միակ հույսը:

- Ձեր գյուղում կարո՞ղ է ոստիկանները գան և անձնագիր հարցնեն:

- Ոչ, ի՜նչ եք ասում, անգամ բանկում ինձնից անձնագիր չեն հարցնում... Անձնագիրն ինձ պետք է գալիս միայն ճամփորդելիս:

- Ուրեմն, այդ երեսուն օրվա ընթացքում անձնագրի կարիք չեք ունենալու:

- Իսկ ի՞նչ անեմ իմ գիտակցության հետ, որ օրենքի կոպիտ խախտում եմ կատարում և խաբում գործընկերներիս:

- Դե ֆակտո դուք չեք խախտում և չեք խաբում:

- Իսկ դե յուրե՞...

- Եթե կուզեք, դե յուրե` նույնպես...

Ես միտումնավոր և լիովին գիտակցված ընդհատում եմ խոսքս: Չէ՞ որ փորձառու դերասանուհի եմ, պիտի կարողանամ անհրաժեշտ պահին արտասուք հոսեցնել: Այս դեպքում արդեն արհեստականություն գրեթե չկա. ես վերհիշեցի իմ ցնցումները` օդանավակայանում... և արցունքներս հոսեցին ավելի առատ, քան երեկ: Այնպես որ, դերասանական վարպետությունը ավելացավ բնական վիճակին: Դիմացինդ քարսիրտ մեկը պիտի լիներ` այդ արցունքներին անտարբեր նայելու համար: Բայց ես գիտեմ, որ Դոմինիկը քարսիրտ չէ, և նա կարծես զիջում է:

- Սպասե՛ք, սպասեք, - հանգստացնում է նա ինձ: - Պետք չէ... Ես ձեզ լիովին հասկանում եմ, թողեք մտածենք...

- Գիտեք ինչ, - անմիջապես գրոհի եմ անցնում ես: - Այստեղ հանգիստ ու ապահով նստած եմ, իսկ այնտեղ, ամեն վայրկյան կարող է... Նա ծանր հիվանդ է, հասկանո՞ւմ եք, ես պիտի նրա կողքին լինեմ... Այսօր իսկ, հենց հիմա... Ճիշտ է, նա ինձ կոպտեց, վիրավորեց, բայց ես ներում եմ նրան, ես պատկերացնում եմ նրա հոգեվիճակը...

- Այո, իհարկե, - համաձայնում է Դոմինիկը: - Բայց ինչո՞ւ ինքներդ չեք գնում, ձեր անձնագրով:

- Իհարկե, կարող եմ և իմ անձնագրով գնալ,  բայց... դե՞մքս… Եվ հետո, այն գործը, որն ստիպված եք մեկ ամսում անել, ես կանեմ մի քանի օրում: Դա իմ երկիրն է, ես լավ գիտեմ մարդկանց, լեզուն, սովորույթները... ամեն ինչ... Ես բաներ գիտեմ, որ դուք երբեք չեք իմանա, չեք հասկանա...

Նա ուշադիր լսում է ինձ, դա արդեն մեծ բան է, դա նշանակում է, որ ես համոզելու ճամփան եմ բռնել.

- Բացի այդ, ինչպե՞ս չօգտվել այս կացությունից... Չէ՞ որ մենք փաստորեն նույնացանք...

Նա շարունակ լուռ է: Չգիտեմ` ինչպես դա բացատրել, համոզո՞ւմ եմ նրան, թե՞ ոչ:

- Եվ հետո, ձեզ մի բան ասեմ. այո, այդ երեք հոգին, և ոչ միայն նրանք, ենթարկվել են քաղաքական հալածանքների, բայց իմացեք նաև, որ նրանք հրեշտակներ չեն, այդ թվում և ամուսինս... և եթե կուզեք իմանալ` իրար արժեն, այսպես կոչված, ընդդիմությունը և վարչակարգը:

- Ինձ նորություն չեք հայտնում, ես գիտեմ, որ քաղաքականության մեջ բացարձակ սև և բացարձակ սպիտակ չի կարող լինել:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք զուր ծախսեր անում, հարցրեք այնտեղ հավատարմագրված եվրոպական դեսպաններին և նրանք ձեզ սպառիչ տեղեկություններ կուղարկեն այդ ամենի մասին:

- Մենք անկախ, ոչ պետական կազմակերպություն ենք, և եղել են դեպքեր, երբ մեր գործունեությունը ոչ միշտ է համերաշխվել մեր երկրի արտաքին քաղաքականության հետ: Պետական բարձրագույն շահերը, մեղմ ասած, ոչ միշտ են համընկնում մարդու իրավունքների տառի և ոգու հետ` նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում... Ավա՜ղ, նման դեպքերը հազվագյուտ չեն:

- Ուրեմն, դուք ուզում եք ինքներդ տեղում ծանոթանալ փաստերին և կարծիք կազմել` առանց որևէ կողմի բարոյական ճնշման:

- Ճիշտ այդպես:

- Հրաշալի է: Դուք կունենաք այդ տեղեկությունները` բազմազան, հարուստ և, ամենակարևորը` անկողմնակալ:

- Այն, որ մեր մեկ ամսվա գործը կանեք մի քանի օրում, ինչպես դուք ասացիք, հավատում եմ: Որ դա կլինի բազմազան, հարուստ, դարձյալ հավատում եմ: Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, կներեք, մի քիչ կասկածում եմ:

- Ինչո՞ւ:

- Որովհետև այդ երեքից մեկը ձեր ամուսինն է: Երեկվա և այսօրվա ձեր արցունքները եթե ինձ օգնեցին ընդհանուր առմամբ, շատ լուրջ վերապահումներով ընդունելու ձեր արկածախնդրական առաջարկը, ապա հիմա լրջորեն խանգարում են վերջնական վճիռ կայացնելուն:

- Դուք վախենում եք, որ ամուսնուս դեպքում ինչ-ինչ փաստեր կթաքցնե՞մ ձեզնից, որ կաշխատեմ իմ ուզած ձևով ներկայացնե՞լ:

- Այո, - հաստատում է Դոմինիկը: - Եվ դա բնական կլինի... Մեղադրելու համար չեմ ասում:

Նա ինձ մտցրեց փակուղի: Արցունքն արդեն անզոր է: Ավելին, գործը կարող է վերածել մելոդրամայի և փչացնել ամեն ինչ: Հիմա միայն երկաթյա տրամաբանությունը կարող է համոզել Դոմինիկին:

- Ձեզ մի բան պիտի ասեմ, Դոմինիկ: Ես էլ ձեզ նման ուզում եմ ամբողջ ճշմարտությունն իմանալ... Ամուսնուս մասին է խոսքը: Ես նկատի չունեմ նրա քաղաքական գործունեությունը, ամենից քիչ դա է ինձ հետաքրքրում: Ես նկատի ունեմ իմ հարաբերությունները նրա հետ` որպես կին և ամուսին... Նույնիսկ դժվարությամբ եմ արտասանում այդ բառերը, դյուրին բան չէ տասնհինգ տարի զատ-զատ ապրել տարբեր երկրներում... Ոչ, ոչ, ես նրան չեմ խանդում, ավելին, երբ անկախությունից հետո ահավոր տարիներ էին, և նա մեն-մենակ էր մութ և ցուրտ բնակարանում և ինձ կտրականապես արգելում էր վերադառնալ` ասելով, թե ես չեմ դիմանա այդ դժվարություններին, ես նրան գրեցի, որ դեմ չեմ, որ թույլ եմ տալիս, ավելին` պնդում եմ` ընկերուհիներիցդ մեկին կանչիր, թող հետդ մնա, կողքիդ մի կին լինի... Իմ մասին մի մտածիր, ես հիմա վեր եմ դրանից, ես ամեն ինչ հասկանում եմ, և նման բաներ… Եվ ասում էի այդ խոսքերը կատարելապես անկեղծ, զգալով իմ մեջ հսկայական մի սեր և կարեկցանք մերձավորի հանդեպ ընդհանրապես… Նույնիսկ ինքս իմ աչքին բարձրացա, որ ընդունակ եմ այդպիսի գիտակցված զոհաբերության… Այդ ամենը, իհարկե, հեշտ չէր, և այնուամենայնիվ…

- Եվ ի՞նչ, հետևեց ձեր խորհրդին, - հարցնում է Դոմինիկը, և ես նկատում եմ, որ իմ անկեղծ մենախոսությունը լրջորեն հետաքրքրել է նրան:

- Ոչ: Հաջորդ օրը զանգեց և վրդովված, վիրավորված, երկրից-երկիր սկանդալ սարքեց գլխիս. «Ինձ ո՞ւմ տեղն ես դրել, մի՞թե այդքան ստոր եմ...»: Նա ոչինչ չհասկացավ, չգնահատեց իմ զոհաբերությունը: Բայց այդ խոսակցությունից մեկ տարի անց, բացեիբաց, առանց քաշվելու, կանայք էր բերում իր մոտ...

- Դարձյալ չխանդեցի՞ք:

- Ինչպե՞ս ասեմ... Ավելի շուտ հասկացա, որ տղամարդ է, կնոջ կարիք ունի...

- Եվ լուռումունջ կուլ տվեցի՞ք:

- Իհարկե, ոչ: Զանգեցի Երևան և պահանջեցի, որ այդ լրբերին չհամարձակվի իմ անկողնում օգտագործել:

- Իսկ կասեի՞ք..., - մի պահ վարանելուց հետո հարցրեց Դոմինիկը, - թե նա ինչ պատասխանեց:

- Ասաց, որ իր անկողինը լիուլի բավական է... Նա հարբած էր կամ ձևացնում էր:

- Եվ դարձյա՞լ չխանդեցիք:

- Ոչ, խղճացի, արգահատեցի, որովհետև դա անկում էր... ինքնաուծացում... Նրա նման մտավորականը չէր կարող չհասկանալ, թե ինչ է անում իր հետ… և մեզ հետ…

- Իսկ հիմա քեն չունե՞ք նրա հանդեպ:

- Գիտե՞ք, դժվար է մի բառով ասել: Ամեն ինչ խառնվել է. և՛ քեն, և՛ ատելություն, և՛ սեր, և՛ խղճի խայթ, և՛ մեղավորության զգացում... Պետք է գնալ և տեղում պարզել:

- Դուք կարծես համոզեցիք ինձ, բայց թույլ տվեք մի քիչ էլ մտածել: Բացի այդ, ես պետք է անպայման խորհրդակցեմ ամուսնուս հետ, առանց նրա չեմ կարող նման վճիռ ընդունել:

Ես վերկացա և գորովով համբուրեցի նրան.

- Հուսամ` վաղը վերջնական պատասխանը կստանամ:

 

***

Հաջորդ օրն առավոտյան Դոմինիկը զանգում է և խնդրում, որ անցնեմ իր մոտ: «Որոշված է, - ասում է նա` միանգամից անցնելով «դու»-ին. - Գնում ես»: Եվ ճիշտ է անում. ինչպե՞ս կարող է ինքն իր հետ «դուք»-ով խոսել: «Եթե չես նախաճաշել, - ավելացնում է նա, - ժամանակ մի կորցրու, արի այստեղ միասին կնախաճաշենք»: Բարեբախտաբար նրանց տունը հեռու չէ. հինգ րոպեում հասնում եմ:

- Արդեն զանգել եմ կենտրոն և համաձայնությունս տվել: Մանրամասների համար դեռ չեմ պայմանավորվել:

Այնուհետև մի թուղթ է դնում առջևս. պարտադիր պայմաններն են, որոնց պետք է խստորեն և աչալրջորեն հետևեմ ուղևորության ամբողջ ընթացքում: Հետս պիտի տանեմ Դոմինիկի ձեռքի հեռախոսը և այնտեղից մի քանի անգամ զանգեմ: Բոլոր կապերը կենտրոնի հետ իրագործվելու են դոկտորի միջոցով: Կենտրոնից զանգ լինելու դեպքում պիտի աշխատեմ կարճ կապել: Ոչ մի փաստաթուղթ չպիտի ստորագրեմ:

Տեղում, պետական մարմիններն իրենց թարգմանիչներին կառաջարկեն, նույնիսկ անվճար: Պիտի հրաժարվեմ, պատճառաբանելով, որ արդեն պայմանավորված եմ մեկ ուրիշի հետ: Պետք է հրաժարվել նաև ընդդիմության թարգմանիչներից: Ես թարգմանչի կարիք չունեմ, սակայն, կասկածներ չառաջացնելու համար պետք է մեկին ընտրեմ. մի չեզոք թարգմանիչ:

Անձնագիրը պետք է մշտապես մոտս լինի, ոչ մի դեպքում տանը չպիտի թողնեմ: Ցանկալի է բոլոր զրույցները ձայնագրել: Չնայած կենտրոնը վճարում է կեցության ծախսերը, այնուհանդերձ պիտի խուսափեմ հյուրանոցում հաստատվելուց և աշխատեմ մասնավոր բնակարան վարձել: Պետական մարմինները հնարավոր է մեքենա տրամադրեն, բայց կատարելապես ազատ լինելու համար ցանկալի է մեքենա վարձել:

Դոմինիկն անսպասելի հարցնում է.

- Ամուսինդ կարո՞ղ է քեզ ճանաչել:

- Ես այնպես եմ փոխվել, որ եթե անգամ նմանություն գտնի, հազիվ թե կասկածի:

- Ազգականներ շատ ունե՞ք այնտեղ:

- Շատ:

- Աշխատեք նրանցից հեռու մնալ:

- Վախենում եք, որ կճանաչե՞ն:

- Այո:

- Դուք մոռանում եք իմ մասնագիտությունը:

- Այնուհանդերձ, խուսափեք: Մանավանդ ձեր մոր հետ... Հուսամ ողջ է:

- Այո, ողջ է:

- Չպիտի հանդիպեք, ոչ մի դեպքում: Հատկապես նրան: Գիտեմ, որ դաժան բան եմ պահանջում, բայց խոստացեք, որ չեք հանդիպի:

- Խոստանում եմ:

Դոմինիկն ասես հասկանալով իր պահանջի խստությունը, ավելացնում է.

- Մի քիչ էլ համբերեք, թող այս ուղևորությունը բարեհաջող ավարտվի, մենք հետո միասին կգնանք Հայաստան:

Մի քանի օր ժամանակ եմ խնդրում նախապատրաստվելու համար: Բազմաթիվ հոգսեր կան, որոնց թվում նաև կացարանի խնդիրն է. մի բնակարան կա մեր փողոցում, իմ տան դիմաց, պիտի ջանամ դա վարձել: Երկու տարի առաջ ինձ խնդրեցին բնակարան փնտրել ֆրանսիացի հեռուստալրագրողների համար, և հարևաններիս հարցուփորձ անելով կարողացա այդ մեկը գտնել: Հեռախոսը կտամ Դոմինիկին, թող իրենց կենտրոնից զանգեն և պայմանավորվեն:

Ես գիտեմ, թե ինչու եմ այդ բնակարանը վարձում. այնտեղից կարելի է անգամ անզեն աչքով տեսնել ամուսնուս, իսկ զինվա՜ծ աչքով... Ինձ ճապոնական մի հեռադիտակ են նվիրել, որ քսանհինգ անգամ մեծացնում է... Վերջապես պետք կգա... Բայց սա դեռ ամբողջը չէ:

 

***

Թռիչքից երկու օր առաջ դոկտորն իր մեքենայով մեզ տանում է գյուղ: Մենք երեքով ցուցադրաբար զբոսնում ենք գյուղի փողոցներով, մտնում խանութ, սրճարան: Նա, իմիջիայլոց, հայտնում է, որ Դոմինիկը (այսինքն` ես) բացակայելու է և որ այդ ընթացքում այնտեղ պիտի մնա նրա ազգականը (այսինքն` Դոմինիկը), որն իսկապես շատ նման է նրան: Արվում է սա հանուն զգուշության, եթե հանկարծ որևէ մեկն այնտեղ տեսնի նրան, այդ հեռավոր գյուղում, և ճանաչի, չնայած դա շատ անհավանական է, եթե հաշվի առնենք, որ շվեյցարական լեռնային գյուղերում, անգամ օրը ցերեկով, հատուկենտ անցորդներ կարելի է տեսնել: Իսկ Դոմինիկը պիտի աշխատի հնարավորին չափ քիչ դուրս գալ տնից: Մի՞թե դա չէ նրա երազանքը...

 

***

Ես նորից Ցյուրիխի օդանավակայանում եմ: Դոկտորն ինձ ուղեկցեց: Ծանոթների, բարեբախտաբար, չհանդիպեցինք: Համենայն դեպս, մուգ ակնոց եմ դրել:

Ես հիմա եմ հասկանում, որ արկածախնդրությունն սկսվեց` բոլոր առումներով: Մինչև այս պահը դեռ հնարավորություն կար հրաժարվելու իմ խելահեղ ձեռնարկումից, բայց այժմ, երբ HELVETICA-ի սիրունատես աշխատակցուհին «իմ» անուն-ազգանունը, տոմսի տվյալները մտցրեց համակարգչի մեջ, ես զգացի, որ սահմանագիծն անցա: Ճամպրուկս հանձնված է և այս անգամ հազիվ թե օդանավից հանեն:

Դոկտորն ինձ գրկեց գորովով, այնպես, ինչպես սիրելի կնոջը, և ականջիս շշնջաց. «հաջողություն»: Իսկ ես, առանց խղճի խայթի, փաստում եմ, որ շատ հաճելի է լինել նրա գրկում, որ կուզեի այս պահն ավելի երկար տևեր և, իհարկե, ոչ այստեղ...

Դոմինիկի կազմակերպությունը բավական առատաձեռն է. ես ուղևորվում եմ «Բիզնես կլասով»: Շատ մարդ չկա, ընդամենը մի քանի հոգի են, և բոլորը տղամարդիկ, և բոլորը նայում են ինձ, այնպես, ինչպես հայերն են նայում եվրոպացի գեղեցիկ և երիտասարդ կնոջը, այսինքն` հանվեցնելով: Իսկ դրանցից մեկը պարզապես աչքերով ուտում է ինձ: Boutique-ից գնված կոստյում է հագին: Կոշիկներն էլ էժաններից չեն, իսկ ձախ ձեռքն այնպես է տեղավորել, որ «Cartier» ժամացույցը երևա: Կլինի երեսունհինգ-երեսունվեց տարեկան: «Իմ տարիքին է», - անմիջապես մտածում եմ ես, իսկ ինչո՞ւ ոչ, չէ որ ասում են` կինն այնքան է, որքան երևում է: Հավանաբար որևէ նորահարուստի ժառանգ է, կամ ինքն է նորահարուստ: Դեռ առիթ կունենամ նման արարածների հանդիպելու:

Վերցնում եմ գերմաներեն և ֆրանսերեն թերթերն ու հարմար տեղավորվում: Եվ առաջին անակնկալը. թերթերից մեկի առաջին էջին իմ լուսանկարն է, իմ նախկին դեմքը: Դա այլևս ես չեմ: Լուսանկարի տակ զետեղված լրատվությունն ասում է, որ նշանավոր դերասանուհի Ա.Թ.-ն առ այսօր չի հայտնաբերվել և ոստիկանությունը որևէ տեղեկություն, որևէ հավանական վարկած չունի: Այնուհանդերձ, փնտրտուքները շարունակվում են: Տեղեկություններ ունենալու դեպքում...

- իa vous intռresse beaucoup, cette femme-

- Et vous-[1]

«Cartier» կապած տղամարդն է: Եկել նստել է կողքիս, ի դեպ, առանց թույլտվության: Չէի ասի տգեղ է, ավելի շատ տհաճ է և, մանավանդ, ինքնագոհ:

- Ի՞նձ, - զարմացած հարցնում է նա` ցուցամատը դնելով կրծքին:

- Այո, ձեզ, չի հետաքրքրո՞ւմ:

Եթե խոսքն ուրիշ կնոջ մասին լիներ, այդ հարցը չէի տա և ընդհանրապես չէի խոսի նրա հետ: Բայց ես ուզում եմ իմանալ, թե իմ հայրենակիցները, իմ հանդիսատեսներն ի՞նչ են մտածում իմ անհետացման մասին: Իսկ կողքինս որ հայ է և Հայաստանից է, ոչ մի կասկած չունեմ: Ստույգ է նաև, որ ինձ չի ճանաչել, այլապես չէր մոտենա, իսկ մոտենալու դեպքում էլ ֆրանսերեն չէր խոսի:

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, թե պիտի ինձ հետաքրքրի, - ֆրանսերեն շարունակում է նա:

- Որովհետև հայ եք, որովհետև ձեր նշանավոր դերասանուհին է, ինչպես այստեղ է գրված, վերջապես մարդ է կորել...

- Ինչի՞ց իմացաք, որ հայ եմ, իմ ֆրանսերենի՞ց:

- Ոչ, ձեր հագուստից, իսկ ձեր ֆրանսերենը վատ չէ, չնայած թեթև անբնականություն կա: Բայց դուք չասացիք, թե ինչու ձեզ չի հետաքրքրում:

- Նախ, ես թատրոնի սիրահար չեմ...

- Գիտեք, - ընդհատում եմ նրան, - ես էլ ֆուտբոլի սիրահար չեմ, բայց եթե վաղը մի տաղանդավոր ֆուտբոլիստ անհետանա, ես գոնե կմտահոգվեմ:

- Ո՞ր մեկի համար մտահոգվեմ, միլիոն ու կես մարդ է լքել Հայաստանը, և դրանց մեծ մասը, կարելի է ասել, անհետացած են...

Հաճույքով կապտակեի այս լկտի լակոտին կամ գոնե կասեի. «Մնացած մասն էլ անհետացած կհամարեք, երբ դադարեն դառը քրտինքով վաստակած փողն ուղարկել Հայաստան...»: Բայց դա կարող է շատ հեռուները տանել:

- Արդյոք ճի՞շտ լսեցի, իսկապե՞ս միլիոն ու կես մարդ է հեռացել փոքրիկ Հայաստանից:

- Մոտավորապես այդքան, գուցե մի քիչ պակաս:

- Իսկ ինչո՞վ կբացատրեք այդ ահավոր թիվը:

- Դե, ինչպե՞ս ասեմ, հիմա հեշտացել է երկրից դուրս գալը:

- Կներեք, Ֆրանսիայից դուրս գալը, կարծեմ, ավելի դյուրին է, բայց այնտեղից գրեթե ոչ ոք չի հեռանում:

- Որտեղի՞ց գիտեք, - դժգոհ հարցնում է նա:

- Վերջերս մի հաղորդում նայեցի այդ մասին: Բայց դուք չասացիք, թե ինչու եք նրանց վերջնականապես կորած համարում:

- Որովհետև այդ միլիոն ու կեսից հազիվ մի քանիսը հետ գանՙ անշնորհքները:

- Դուք այդքան հանգիստ սրտով հրաժարվո՞ւմ եք միլիոն ու կեսից:

- Հապա ի՞նչ անեմ, լաց լինե՞մ:

Չէ՛, ես նրան իսկապես կապտակեի: Սակայն.

- Կներեք, դուք Հայաստանում եք ապրո՞ւմ:

- Այո:

- Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչով եք զբաղվում:

Գրպանից հանում է այցեքարտը և մեկնում ինձ: Օ՜, սա հասարակ մեկը չէ: Երկու լեզվով ասվում է, որ պարոնը Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին տնտեսական կապերի դեպարտամենտի նախագահն է:

- Դա իմ անձնական կարծիքն է, - շտապում է հայտնել նա և անմիջապես փոխում խոսակցության նյութը: - Իսկ չէի՞ք ասի, թե ինչ նպատակով եք գնում Հայաստան:

Ի պատասխան, նրան եմ մեկնում «իմ» այցեքարտը, որտեղ «իմ» անվան տակ գրված է. «Լրագրող, փորձագետ»:

- Որքա՞ն պիտի մնաք:

- Այնքան, որքան կպահանջի գործը:

- Ես չեմ կարծում, թե այնտեղ շատ գործ կունենաք:

- Տեսնենք:

- Իսկ մենք կարո՞ղ ենք հանդիպել:

- Դուք մեր պաշտպանության կարիքն ունե՞ք:

Մի պահ շփոթված է, բայց խոսքի տակ չի մնում.

- Գուցե դուք մեր պաշտպանության կարիքն զգաք:

- Կտեսնենք:

Ուղեկցորդուհին փրկում է ինձ արտաքին տնտեսական կապերի կորիֆեյի ներկայությունից. նա հարցնում է, թե պարոնի ճաշը որտե՞ղ մատուցի` իմ կողքի՞ն, թե՞  նախկին տեղում:

- Նախկին տեղում, - կարգադրում եմ ես:

 

***

Դեռևս Երևանում ապրած տարիներին, ամեն անգամ հյուր ընդունելիս և հյուրանոցում տեղավորելիս, մտածել եմ, թե ինչ ապրումներ կունենամ, եթե սեփական քաղաքում, թեկուզ մեկ գիշեր հյուրանոցում անցկացնեմ: Հազիվ հարմար առիթ ստեղծվեց այդ արտառոց զգացումն ապրելու, այն էլ ինքս փչացրի` բնակարան վարձելով: Բայց ոչինչ, մի բան կմտածեմ… Այնպես կանեմ, որ գոնե մի գիշեր քնեմ Երևանիՙ այդ նորակառույց հյուրանոցներից մեկում, մանավանդ որ վճարողը ես չեմ:

Իսկ մինչ այդ, պիտի ընտրեմ, թե որ մեքենայով եմ գնալու այն փողոցը, որտեղ այն տունն է, ուր ժամանակին մի կյանք եմ ապրել: Այդ բնակարանի զույգ սենյակների պատուհանները նայում են դիմացի մայթին կանգնած, տիպային միևնույն նախագծով կառուցված, միևնույն հարկի համանման բնակարանին:

Երեք մեքենա է սպասում ինձ` երեք տարբեր կազմակերպություններից, եթե ընդդիմությունն էլ կազմակերպություն համարենք: Կարելի է նաև այսպես դասակարգել. պետական` դատախազության կողմից, հասարակական` մարդու իրավունքների կազմակերպության կողմից և, ինչ-որ առումով հակապետական` ընդդիմության կողմից: Մեքենաներն էլ տեսակավորված են հետևյալ կերպ. վերջին մոդելի BMW X5, առնվազն յոթ-ութ տարվա «Mercedes» և 70-ական թվականների «Honda»` ղեկն աջ կողմից: Չափազանց պերճախոս է. ընդդիմությունը նաև այսպես է հակադրվում հանրապետությունում` գործող իշխանությունների հաստատած ճանապարհային երթևեկության օրենքներին. ձեր ղեկը ձախ կողմի՞ց է` մերն աջից կլինի, իսկ եթե ձերն աջակողմյան դառնա, մերը կդարձնենք ձախակողմյան:

Ներողություն խնդրելով «BMW»-ից և «Mercedes»-ից, նախընտրում եմ ճապոնական «դինոզավրը»ՙ հուսամ ճամփի կեսին չի մնա: Լուրջ հիմքեր կան այդպիսի ընտրություն կատարելու: Նախ, մենք, այսինքն` այն կազմակերպությունը, որ տվյալ դեպքում ներկայացնում եմ ես, թույլերի և հալածվածների պաշտպանն ենք, բացի այդ, դիմավորողների մեջ է իմ ամուսինը, որ ժամանել է հենց այդ մեքենայով:

Ինչպիսի՜ ստորաքարշություն, մարդկային արժանապատվության ինչպիսի՜ կորուստ, քիչ է մնում ոտքերս համբուրի... Սրիկա՛, եթե ես ժամանեի որպես ԵՍ, չէր բարեհաճի նույնիսկ դիմավորել, իսկ հիմա խոնարհվում է մինչև գետին, անշուշտ ոչ գալանտությունից մղված...

Ահա թե ինչու չեմ ուշաթափվում, չեմ հուզվում, աչքերիցս ոչ մի կաթիլ արցունք չի հոսում, ներսս ոչ մի բան շուռ չի գալիս: Տեղով քար եմ: Եվ տալիս եմ մի հարց, որը նրան կատարելապես տակնուվրա է անում:

- Դուք պարոն ...յա՞նն եք, - դիմում եմ նրան:

- Ի՞նչ իմացաք, - քաղաքական ընդդիմադրին ոչ հարիր միամիտ զարմանքով հարցնում է նա:

- Ձեր լուսանկարն ստացա ինտերնետով:

Սեղմում եմ նրա ձեռքն առանց որևէ հուզմունքի և երկրորդ հարցը տալիս.

- Լուր ունե՞ք ձեր կնոջից:

Բերանը բաց նայում է ինձ, հետո շուտասելուկով, առանց որևէ հույզի, պատախանում.

- Ոչ մի լուր: Իսկ դուք որտեղի՞ց գիտեք այդ մասին:

Ես հանում եմ թերթը և մեկնում նրան.

- Օդանավում կարդացի... Այնտեղ ձեր մասին էլ է ասվում: Հա, ի դեպ, դուք ֆրանսերեն գիտե՞ք:

Ընդդիմադիրներն իրար են անցնում.

- Նրա անհետացումը ոչ մի կապ չունի մեր պայքարի հետ, - գրեթե միասին հայտարարում են նրանք:

- Ես այդպիսի բան չասացի, պարոնայք, - ժպիտը դեմքիս պատասխանում և հարմար տեղավորվում եմ վարորդի կողքին` ձախից:

...Որպես նոր մարդ ես վերադառնում եմ իմ քաղաք, իսկ ամուսինս, ետևս նստած, կիսախավարի մեջ ջանում է շվեյցարական թերթի հոդվածը կարդալ:

- Կարո՞ղ եմ սա պահել, - հարցնում է ինձ:

- Խնդրեմ, ձեզ համար եմ բերել: Միայն թե կուզեի, որ մեկ օրինակ պատճենեիք... Այդ հոդվածը կարող է ինձ պետք գալ:

Այնուհետև, ձեռքի հեռախոսով զանգում եմ Լոզան, դոկտորին հանում քնից և հայտնում, որ բարեհաջող տեղ եմ հասել:

 

***

Ամուսինս և իր ընկերներն առաջարկում են գնալ ռեստորան` ընթրել և զրուցել: Ես հրաժարվում եմ, պատրվակելով հոգնածությունը, և խնդրում ամուսնուս, որ օգնի ճամպրուկս բարձրացնել վերև: Ընդդիմադիր ընկերները յուրովի հասկանալով իմ խնդրանքը, նրան թողնում են ինձ հետ մենակ: Միայն թե նրանցից մեկը, մտահոգված, թե երկիմաստ կատակով, նախազգուշացնում է.

- Արա, զգույշ, սիրտդ նորից չվատանա, էդ չամադանը շատ ծանր ա էրևում:

- Հանգիստ կաց, - պատասխանում է ամուսինս: - Ձեռով չեմ տանում, լիֆտով ենք բարձրանում:

Վերելակը, բարեբախտաբար, աշխատում է, իսկ ճամպրուկն, իսկապես, ծանր է: Իմ գնած նվերներին իրենցն ավելացրին Դոմինիկն ու դոկտորը: Ես վերցնում էի մորս, եղբորս համար, առանց մտածելու, թե ինչպես եմ հանձնելու, որպես ո՞վ... Սակայն շվեյցարական թերթի հոդվածն ինձ արդեն բաներ է հուշում:

Բարձրանում ենք չորրորդ հարկ: Ամուսինս բացում է մուտքի երկաթյա դուռը, բանալին տեղնուտեղը հանձնում ինձ, ճամպրուկը գլորում ներս և, դուռը փակելով, սկսում ծանոթացնել երկսենյականոց բնակարանին: Նախևառաջ բացում է բերնեբերան լցված սառնարանը: Ինչ ասես չկա այնտեղ, անգամ օղի և վիսկի: Կարելի է կարծել, թե մի բազմամարդ ընտանիք էին սպասում:

- Ո՞վ է գնել այս ամենը, տանտիրուհի՞ն:

- Ոչ, նրա համեստ աշխատավարձը թույլ չէր տա նման ծախսեր անել:

- Այդ դեպքում` ո՞վ:

Ամուսինս մեղավոր ժպտում է և մի կերպ պատասխանում.

- Ընդունեք մեր կողմից որպես համեստ նվեր:

- Մենք խնդրել էինք ընդամենը օգնել այս բնակարանը վարձել, բայց ոչ սա... Կներեք, չեմ կարող ընդունել ձեր նվերը:

Նա շարունակում է ժպտալ և, չլսելու դնելով իմ մերժումը, ավելացնում.

- Ինչ վերաբերում է բնակարանին, ապա կարող եք չմտահոգվել, ամբողջ ամսվա համար վճարված է:

- Ո՞վ է վճարել:

- Մենք:

- Մենք` ո՞վ:

- Մենք` ընկերներով:

Ճամպրուկս գլորում եմ դեպի դուռը և պահանջում.

- Հենց հիմա ուղեկցեք ինձ հյուրանոց, ես չեմ կարող այստեղ մնալ:

Նա շվարած է, ինչ-որ բառեր է թոթովում, այդ մտավորականը, պայքարի այդ մարտիկը, ազգի խի՜ղճը...

Վեհաշուք արձանն ասես միանգամից ընկավ ու փշրվեց: Մինչ այդ պահը, հազիվ էի հաղթահարում նրան գրկելու և համբուրելու ցանկությունը: Եվ ոչ միայն դա... Բայց հիմա առջևս տեսնում էի խեղճ, ողորմելի մի մարդու, որն արժանի է արգահատանքի և երբեք չի կարող սեր ու հիացմունք առաջացնել կնոջ մոտ, այն էլ ինձ նման կնոջ: Եվ սա այն տղամարդն է, որին սիրել եմ և, չնայած այս ամենին, շարունակում եմ սիրել...

- Եղածը մի բան չէ..., - արդարանում է նա:

- Որքա՞ն եք վճարել այս ամենի համար` այս բնակարանի, լեփլեցուն սառնարանի... խնդրում եմ, ասեք, միևնույն է, կիմանամ:

Ես հասկանում եմ, թե ինչ ծանր կացության մեջ եմ դնում հայ տղամարդուն, այն էլ օտար կնոջ առջև, բայց անզիջում պետք է լինեմ:

- Բոլորը միասին մոտ հազար դոլար, - փոքր-ինչ վարանելուց հետո պատասխանում է նա:

- Եվ դուք կարծում եք, որ դա մեծ բան չէ՞: Կներեք, բայց այդպես նորահարուստը կխոսեր, սակայն ոչ ազատամիտ մտավորականը, որը սոցիալական արդարություն է պահանջում կոռումպացված իշխանությունից...

Ես լռում եմ, քանզի իմ անզուսպ լեզուն կարող է ինձ մատնել: Ուստի փորձում եմ մեղմել արդեն լարված մթնոլորտը, անշուշտ, առանց նահանջելու.

- Լավ, այս գիշեր ես կմնամ այստեղ, սակայն, խնդրում եմ... ո՛չ, պահանջում եմ վաղն ևեթ ինձ հաշիվ ներկայացնել, այլապես հաջորդ բոլոր գիշերները ստիպված կլինեմ անցկացնել հյուրանոցում: Բարի գիշեր և շնորհակալություն:

Նա ծեծված շան պես ինձ բարի գիշեր է մաղթում և գլխիկոր դուրս գալիս: Այդպես էլ պիտի լիներ, չէ՞ որ ես լավ գիտեմ, թե նրա հետ ինչպես պետք է խոսել նման դեպքերում...

 

***

Այսօր չորս ժամադրություն ունեմ. առավոտյանՙ «Ներկա» կոչվող ընդդիմադիր թերթի խմբագրությունում, այնուհետև, նույն գործով ոստիկանություն պիտի գնամ, կեսօրից հետո` դատախազություն, իսկ երեկոյան` երևանյան իմ բնակարանում, ամուսնուս հետ պիտի տեսնվեմ:

Առաջին հանդիպումը խմբագրությունում է: Բողոքը հետևյալն է. նախընտրական պայքարի թեժ պահին խմբագրության դռան առջև ինքնաշեն ռումբ է պայթել:

- Վնասներն ինչպիսի՞ն են, - հարցնում եմ:

- Դուռն է վնասվել:

- Այս նույն դուռն է՞ր, որով ներս մտա:

- Այո:

- Ուրեմն, ստիպված չէիք փոխել:

- Ոչ:

- Փականն էլ չէր վնասվե՞լ:

- Մի քիչ, բայց փոխելու կարիք չեղավ: Սակայն խնդիրը նյութական վնասները չեն, տիկին, այլ բարոյական... թերթը երեք օր լույս չտեսավ:

- Ինչո՞ւ, - զարմանում եմ ես:

- Ամբողջ խմբագրությունն ահուսարսափի մեջ էր... Կոլեկտիվի մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, վախենում էին գործի գալ:

- Ինչի՞ց էին վախենում:

- Ամեն ինչից... կարող էին մտնել և հաշվեհարդար տեսնել:

- Բայց երեք օր հետո թերթը լույս տեսավ, այլևս չէի՞ք վախենում:

- Արա, չեմ հասկանում, - կնաձայն, անսպասելի և հայերեն գլխավոր խմբագրին է դիմում սենյակում գտնվող չորրորդ անձը, որ ներկայացավ որպես ազատ լրագրող: - Էս կնիկը էս ի՞նչ լիշնի բաներ ա հարցնում, կարո՞ղ ա սրան արդեն առել են...

Կատարելապես չեզոք դեմքով նայում եմ մերթ սրան, մերթ զրուցակցիս: Վերջինս սաստում է «ազատ լրագրողին», ձայնագրող գործիքը ցույց տալիս հայացքով և հանդարտ պատասխանում.

- Ոչ, մենք շարունակ վախենում էինք, այս երկրում միշտ վախեցել ենք, պարզապես, աշխատանքի ժամերին երկու զինված թիկնապահ ապահովում էին մեր անվտանգությունը:

- Ոստիկանությունն ի՞նչ է ասում, որևէ բան պարզվե՞լ է:

Գլխավոր խմբագրի դեմքին դառը ժպիտ է հայտնվում.

- Ի՞նչ պիտի ասի, հո չեն խոստովանելու, որ իրենք են արել:

- Դուք որոշակի հիմքեր ունե՞ք այդպիսի հայտարարություն անելու:

- Բա ո՞վ պիտի աներ, ո՞ւմ էինք խանգարում, մի՞թե պարզ չէ: Մենք նրանց աչքի փուշն էինք:

- Եթե իրոք այդպես է, ապա նրանք կարող էին այնպիսի վնասներ պատճառել, որ դուք անհամեմատ ավելի երկար ժամանակով չկարողանայիք լույս տեսնել:

- Զգուշանում էին:

- Ինչի՞ց:

- Ժողովրդից:

- Այդ դեպքում ինքնաշեն ռումբն էլ չէին պայթեցնի, եթե, իհարկե, նրանք են պայթեցրել:

- Նրանք են, նրա՛նք, ես համոզված եմ դրանում, - իրենն է պնդում գլխավոր խմբագիրը:

Այս մարդուց ուրիշ բան այլևս հազիվ թե լսեի, ուստի, խոստանալով նորից այցելել, հրաժեշտ եմ տալիս:

Նույնպիսի անապացույց համոզվածության եմ հանդիպում ոստիկանատանը.

- Պարզ չի՞, որ իրենք են արել, որպեսզի ընտրությունների նախօրեին ներկայանան որպես հալածանքների զոհ և արտասահմանյան դիտորդների ներկայությամբ վարկաբեկեն իշխանությունը:

- Ապացույցներ ունե՞ք, հետաքննությունն ինչպե՞ս է ընթանում:

- Ապացույցներ առայժմ չունենք, սակայն պարզ տրամաբանությունն ասում է, որ մենք ոչ մի շահ չունեինք նախընտրական շիկացած մթնոլորտում նման հիմար քայլի դիմելու:

- Լավ, ենթադրենք այդպես է, բայց ձեզ չի մտահոգո՞ւմ այն փաստը, որ անհայտ անձինք կարող են ռումբ պատրաստել և պայթեցնել` պատճառելով նյութական վնասներ... Կարող էին և զոհեր լինել:

- Իհարկե, մտահոգում է, մենք լրջորեն զբաղվում ենք դրանով, առայժմ ոչինչ չեմ կարող ասել, բայց արդեն որոշ արդյունքներ կան:

Երրորդ հանդիպումը բավական կարճ է տևում: Ինձ ընդունում է այն համայնքի դատախազը, որտեղ ծավալվել են հիմնական գործողությունները: Նրա առաջին հարցը հետևյալն է.

- Ի՞նչ աղբյուրներից եք ծանոթացել դեպքերին:

- Հիմնականում երկու. մամուլից և տուժած կողմի գրավոր բողոքներից:

- «Տուժած» ասելով ո՞ւմ նկատի ունեք:

- Նրանց, ովքեր առայժմ կալանքի տակ են կամ արդեն եղել են:

- Այսինքն` տուժած եք համարում օրենք ոտնահարողներին:

- Դա ձեր կարծիքն է:

- Լավ, չեմ պնդում, չնայած երկու զոհ կա, ծեծված ոստիկաններ, այրված մեքենաներ, ավերված ու կողոպտված խանութներ և այլ նյութական վնասներ:

Զգում եմ, որ լուրջ վրիպում թույլ տվեցի և շտապում եմ դրությունը շտկել:

- Անշուշտ, նրանց նույնպես նկատի ունեմ, տուժած կողմ է նաև պետությունը, սակայն փաստերի և ապացույցների բացակայությունը թույլ չի տալիս հստակ կողմնորոշվելու:

- Հասկանում եմ, - ժպտում է դատախազը: - Ես ձեզ կօգնեմ կողմորոշվել:

Նա երկու DVD է դնում առջևս.

- Խնդրեմ, այդ ողբերգական օրվա ամբողջ անցուդարձն այստեղ կգտնեք. սիրողական և մասնագիտական նկարահանումներ են:

- Մասնագիտական ասելով ի՞նչը նկատի ունեք:

- Նկատի ունեմ նախևառաջ զանազան հեռուստածրագրերի նկարահանումները, ի դեպ, ամբողջությամբ, չմոնտաժված:

- Իսկ պետանվտանգության և ոստիկանության նկարահանումնե՞րը...

- Դրանք նույնպես այդտեղ են:

- Իսկ նշվա՞ծ է, թե որն ումն է:

- Մի՞թե այդքան էական է, տիկին, մարդասպաններին ոստիկանական օպերատորն է նկարե՞լ, թե՞ հեռուստատեսության:

- Ինչո՞ւ եմ այդ հարցը տալիս, որովհետև ընդդիմությունը բողոքում է, թե, այսպես ասած, կառավարամերձ հեռուստատեսությունները ցուցադրել են մոնտաժված կադրեր կամ անձանց ու տեսարաններ, որոնք կապ չունեն դեպքերի հետ:

- Լսել եմ, գիտեմ, - զուսպ պատասխանում է դատախազը: Թող հիմնավորեն իրենց բողոքները, իսկ եթե ունեն սեփական նկարահանումներ, թող ներկայացնեն, դա միայն կօգնի հետաքննությանը: Մենք առայժմ ոչինչ չենք ստացել նրանցից, չնայած բազմիցս խնդրել ենք:

Փաստարկն ինձ թվում է համոզիչ: Ես մի պահ լռում եմ, թվում է այլևս հարց չունեմ տալու: Օգտվելով այս ընդմիջումից, զրուցակիցս նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը.

- Հուսամ, միայն այս գործի համար չեք եկել Հայաստան:

- Ի՞նչը նկատի ունեք, - զգուշորեն հարցնում եմ ես:

- Առանձնապես ոչինչ, - երկիմաստ ժպտում է նա: - Պարզապես սեպտեմբերը Հայաստանում ամենալավ ամիսն է, հրաշալի տեղեր կան այցելելու...

Խոսքը մնում է կիսատ: Ես լուռ եմ:

- Հուսամ, ինչ-որ մեկն ուղեկցում է ձեզ...

- Ինձ ուղեկցում է իմ թարգմանը` զուտ գործնական նպատակներով:

- Ուրեմն, եթե ցանկություն ունենաք, որ գործից դուրս ինչ-որ մեկը ձեզ ուղեկցի, առանց թարգմանի, անշուշտ,  խնդրում եմ զանգեք:

Այցեքարտն է մեկնում: Համակրելի տղամարդ է, մոտ քառասուն տարեկան, ճաշակով հագնված, զուսպ և հղկված շարժուձևով: Պահում է իրեն բարեկիրթ եվրոպացու պես: Ինձ հետ, անշուշտ: Հայ կնոջ հետ ինչպե՞ս կպահեր իրեն, չգիտեմ... Այսինքն` ինչպե՞ս չգիտեմ, շատ լավ էլ գիտեմ: Ինչ որ է` վերցնում եմ: Կերևա: Ես այսօր պիտի հանդիպեմ ի՛մ տղամարդուն, իմ ամուսնուն...

- Ֆրանսերենը որտե՞ղ եք սովորել, - հարցնում եմ:

Նրա դեմքը շողում է.

- Երկու տարի ստաժ եմ անցել Ֆրանսիայում:

- Երկու տարվա համար հրաշալի է, - քաջալերում եմ նրան:

 

***

Առաջինը երկրորդին արժեր:

Եթե ամիսուկես առաջ հեռախոսով ասաց. «Քեզ այստեղ սպասող չկա», ապա առաջին անգամ, տասնհինգ տարի առաջ, պարզապես տնից քշեց:

...1991 թ. աշնանն էր: Մեկ տարուց ավելի Եվրոպայում մնալուց հետո վերադարձա Երևան: Գնացել էի այնտեղ ներկայացումներ խաղալու. ամիսները դարձան տարի, տարին էլ երկարաձգվեց, հրավերներ եղան չորս կողմից, ներկայացումներ տարբեր քաղաքներում, չլսված հաջողություն, հիացական հոդվածներ մամուլում, նոր ներկայացումների ծրագրեր...

Մինչ այդ, երկաթե վարագույրից այս կողմ, երազել անգամ չէի համարձակվի, որ կարող եմ մենակ գնալ Եվրոպա, ստեղծագործական ծրագրեր իրականացնել, մի քանի տասնյակ ներկայացումներ խաղալ, առատորեն վճարվել, օգնել այնտեղից Հայաստանում մնացած հարազատներիս և ընկերներիս: Մինչ այդ իմ արտիստական ճակատագիրը կախված էր զանազան «շեֆերի» քմահաճույքներից, նրանց ֆանտազմներից և ճղճիմ հաշիվներից, մինչդեռ հիմա ինքս էի տնօրինում իմ ճակատագիրը: Բեմադրելու և խաղալու հետ, նոր ասպարեզ բացվեց, սկսեցի գրել թերթերի համար: Օրս լցված էր ստեղծագործելով, և որքան աշխատում, եռանդս այնքան ավելանում էր:

Սակայն հայացքս շարունակ հայրենիքին էր, զգում էի, որ վերադարձի ժամը վաղուց է հնչել, որ չափից ավելի երկար մնացի դրսում... Իսկ նրա կողմից բացարձակապես ոչ մի արձագանք չկար: Մի երկու անգամ զանգեցի Երևան: Հետս այնպես էր խոսում, կարծես ամուսինս չլիներ: Խոսակցությունները տևում էին կարճ, սառը, անհույզ, տարտամ... Զանգերս էլ միշտ անպատեհ էին. կամ մոտը մարդ կար, ուստի չէր կարող «երկար-բարակ» խոսել, կամ հոդվածի վրա էր աշխատում, որը մեկ ժամ հետո պիտի հասցներ խմբագրություն, կամ, պարզապես, մեքենա կար սպասող: Զարմանալին այն էր, որ չէի խանդում, պարզապես անհանգիստ էի, մի քիչ էլ վիրավորված և զարմացած: Իսկ վերջին զանգն ամենակարճն էր. «Լսիր, չեմ կարող հեռախոսով ասել, մնա այդտեղ` որքան կարող ես... Քեզ հետո կգրեմ, մանրամասն կբացատրեմ...»:

Չգրեց: Ես էլ արդեն սիրտ չունեի զանգելու: Ընկերներից իմացա, որ ամուսինս նոր սեր է գտել, նոր կիրք. քաղաքականությունը: Հետո պիտի համոզվեի, որ ոչ մի կին չի կարող այդպես գրավել տղամարդուն, ինչպես այդ կիրքը:

…Ուղևորությունը Ցյուրիխից մի կատարյալ մղձավանջ դարձավ: Այդ օրերին ուղիղ թռիչք դեպի Երևան չկար: Մոսկվա հասա կեսօրից հետո, և չնայած ժամը չորսն էր, բայց հսկայական քաղաքին մի թանձր խավար էր իջել` ճնշող ու անթափանց, որ թվում էր, այլևս երբեք չի ցրվելու և անեծքի պես մնալու է կախված ամբողջ երկրի վրա: Մարդկանց դեմքերին հուսահատություն էր տպված, օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկար, ապագա ուղևորները նստարաններին, հատակին տեղավորված սպասում էին իրենց ինքնաթիռին: Հսկայական երկիրը բառացիորեն աչքի առջև քայքայվում էր, և մեծ խիզախություն էր` այդպիսի երկիր վերադառնալը:

Ինքս էլ ստիպված եղա երկու օր սպասել տիեզերական այդ խառնաշփոթի մեջ: Երբ վերջապես հրավիրեցին թռիչքի, մի ահավոր իրարանցում սկսվեց. մարդիկ հոգնած, հուսահատ, արժանապատվությունը կորցրած, տոմսով, անտոմս, իրար գլխի վրայով, հրմշտելով, տրորելով շտապում էին լցվել օդանավ, ասես վերջինն էր, ասես աշխարհում այլևս օդանավ չէր մնալու...

Բախտս բերեց. շվարած կանգնել էի, երբ մի կին մոտեցավ և ժպտադեմ հարցրեց. «Ներողություն, երեկ ձեզ տեսա հեռուստատեսությամբ, ձեր ‎ֆ‎իլմն էին ցուցադրում` «Անվերջ ուղևորությունը»... Այս էլ որերորդ անգամն եմ նայում և հիանում ձեզնով... Ի՞նչ եք անում այստեղ... Այսինքն` ո՞ւր եք գնում»: Կինը կապույտ համազգեստով էր, նշանակում է` օդանավակայանում է աշխատում: «Ուզում եմ Երևան գնալ»: «Եկեք ինձ հետ: Դուք այստեղից չեք կարողանա ինքնաթիռ նստել»:

Կինը, որ օդանավակայանի պատասխանատուներից էր, միանգամից տարավ դեպուտատական սրահ և ինչ որ պետք էր կարգադրեց: Այստեղ մոլեգնող քաոսի կատարյալ հակապատկերն էր: Ոչ մի աղմուկ, ոչ մի իրարանցում, լռություն և անդորր: Նույնիսկ սուրճ և թեյ առաջարկեցին: Անքուն գիշեր էի անցկացրել, գրեթե ոտքի վրա: Զորավոր սուրճն էլ անզոր էր: Չնկատեցի, թե ինչպես աչքերս փակվեցին: Որքան քնեցի, չեմ կարող ասել: Լավ է, եկան արթնացրին. «Վեր կացեք, ժամանակն է...»: Օդանավի մոտ հավաքված տանջահար ամբոխի միջով, ինչ-որ օտար պատվիրակության հետ, ներս անցկացրին:

Երևան հասա առավոտ կանուխ: Ոչ ոք չէր դիմավորում: Ամուսնուս զանգել և հայտնել էի թռիչքի ժամն ու օրը, բայց նա չէր եկել օդանավակայան: Տան ճանապարհին երազում էի միայն մի բանի մասին. ամենայն զգուշությամբ, անաղմուկ ներս մտնել, որպեսզի ամուսինս չարթնանա և այս վիճակում ինձ չտեսնի, որ հասցնեմ լոգանք առնել ու տանջալից ճամփորդության հետքերը ջնջել: Սակայն պարզվեց, որ իզուր եմ հուզվում. ամուսինս տանը չէր:

Բնակարանն ահավոր վիճակում էր. կատարյալ խոզանոց: Բայց դա չարյաց փոքրագույնն էր. տանը ջուր չկար, հոսանք չկար, գազն էլ հազիվ էր վառվում, ասես հիմա շունչը կփչի... Հեռախոսը, բարեբախտաբար, անջատված չէր, լավ թե վատ, աշխատում էր: Զանգեցի մորս: Այնտեղ և՛ հոսանք կար, և՛ ջուր: «Շո՛ւտ արա, - ասաց մայրս: - Թե չէ երկու ժամից լույսը կգնա»: Հետո ավելացրեց. «Ամուսինդ քաղաքում չէ, երեք օրով գնացել է շրջան, վաղը կվերադառնա»:

Նա ոտքով ու գլխով թաղվել էր քաղաքականության մեջ: Նախկին ազատամիտն ու ազատախոհը, որևէ հանձնառություն կտրականապես և ցուցադրաբար մերժողը, հին ու նոր փիլիսոփաներով կրթված ու դաստիարակված մտավորականը, որը ժամանակին, առիթ թե անառիթ, խոսում էր «ամեն տեսակի` ժողովրդավար, թե տոտալիտար, ազգային թե ապազգային պետության հակամարդկային, դիվական էության» մասին, այժմ դարձել էր նորանկախ պետության գաղափարական սպասավորը, գուրուն, հոգևոր հայրը: Որևէ պաշտոն չուներ, ընդամենը դեպուտատ էր նորընտիր խորհրդարանում, ուր համաձայնել էր ընդգրկվել շուք հաղորդելու համար այդ հաստատությանը` ինչպես ինքն էր կարծում: Բայց նրա առջև բաց էին բոլոր դռները, որևէ լուրջ հարց չէր քննարկվում առանց նրա գիտության կամ մասնակցության:

Եվրոպայում եղած ժամանակ արդեն լուրեր հասան ամուսնուս բուռն գործունեության մասին: Մի երկու անգամ նամակ ստացա նրանից, որտեղ հպարտությամբ, գուցեև ինքնահիացումով գրում էր, թե «երջանիկ ապագա է սպասվում այն երկրին, որտեղ պետական այրերն իրենց գործունեության մեջ առաջնորդվում են իմաստուն փիլիսոփաների խորհուրդներով»: «Իմաստուն փիլիսոփան», անշուշտ, ինքն էր` ամուսինս: Խորհրդային տարիների կեսանկախ, կեսմերժված-կեսընդունված, կիսաայլախոհ փիլիսոփան դառնում էր կատարելապես հանձնառու կամ, ինչպես ինքն էր սիրում ասել` engagռ մտավորական:

Իմ վերադարձը Երևան ընդունեց այնպես, ասես մի երկու ժամով հյուր էի գնացել ընկերուհուս մոտ և հիմա նորից տանն էի: Չնեղացա, չվիրավորվեցի այդ տարօրինակ պահվածքից: Երևում էր, որ նա կորցրել է իրականության զգացումը և ապրում է իր գաղափարների, իր առասպելների աշխարհում: Չէր նկատում կամ չտեսնելու էր դնում օրավուր դժվարացող, պարզապես գեհենի վերածվող կենցաղն ու առօրյան: Վերադարձի երրորդ օրն էր, երբ մի կերպ, գրեթե աներևույթ բոցով այրվող գազն իսպառ վերացավ: Իսկ մեկ շաբաթ անց վերջնականապես կորավ այն հոսանքը, որն օրը հազիվ երկու ժամով էին տալիս: Տան կողքը գտնվող ենթակայանը չդիմացավ ծանրաբեռնվածությանը և վառվեց: Սև ծուխը, չնայած փակ դռներին ու պատուհաններին, լցվում էր բնակարան և երկար ժամանակ գարշահոտ հաստատում այնտեղ:

Թվում էր, թե այս ամենը անցումային շրջանի դաժան փորձությունն է, որ մի երկու շաբաթ չարչարելուց հետո անհետանալու է և պիտի վերականգնվի այն հարաբերական բարեկեցությունը, որն այսօր թվում էր դրախտային:

Սակայն աղետը գնալով խորանում էր: Ազատ, անկախ և ժողովրդավար հանրապետությունը մի քանի օրում իր քաղաքացիներին վերադարձրեց քարանձավ, բայց քսաներորդ դարի որոշ ատրիբուտներով: Օրինակ` դասական քարանձավը հազիվ թե կենցաղային աղբ ունենար, ինչ որսում էին` ուտում էին, ոսկորն էլ գցում շներին: Իսկ քսաներորդ դարի մարդն աղբ է արտադրում, նույնիսկ քարանձավի պայմաններին հասցված արդիական բնակարաններում:

Հայրենասիրական բոցաշունչ ճառեր արտասանող և կոմունիստներին անգթորեն պախարակող քաղաքապետը համոզված էր, որ անկախացած երկրի համար աղբից շատ ավելի կարևոր բաներ կան: Այնպես որ, մի քանի օր անցած, բակում աղբի բլուր առաջացավ, որն անշեղորեն աճեց ու հասավ երկրորդ, նույնիսկ երրորդ հարկի բարձրության: Իսկական դրախտ վայրենացած շների և առնետների համար, որոնք գիշեր-ցերեկ լկտիորեն վխտում էին այդտեղ: Գարնան գալու հետ, նրանց ավելացան ճանճերն ու թունավոր գարշահոտը:

Հերոսական ճիգեր էին պետք այդ պայմաններում քիչ թե շատ մարդկային կենցաղ ապահովելու համար: Ամուսինս ոչինչ չէր նկատում, հետևաբար չէր էլ մտածում այդ հոգսերը թեթևացնելու մասին: Նրա գլուխն ամպերում էր, իր ուտոպիկ գաղափարների մեջ, մինչդեռ պաշտոններին նստած նրա «հեղափոխական» ընկերները զբաղված էին բացահայտ թալանով: Իր ամպերի բարձունքից չէր կարող չտեսնել: Նման բաների դեմ պիտի որ ընդվզեր, քանզի բացարձակ անարծաթասեր էր: Բավական տհաճ խոսակցություն ունեցավ նրանցից մի քանիսի հետ: Ընկերներն էլ այդ դժգոհությունն ուրիշ կերպ էին հասկացել և նրան բաժին հանել, ինչից, անշուշտ, հրաժարվել էր:

Դա առաջին սառը ցնցուղը եղավ նրա համար: Բայց դասեր չառավ: Նա շարունակում էր հավատալ, որ վերջապես եկել է Աստծո Քաղաքը կառուցելու ժամանակը և որ այդ ճանապարհին կլինեն նաև նման ցավալի միջադեպեր: Ի՞նչ կարող ես անել, ոմանց համար դժվար է սատանայի փորձություններին դիմադրել, ինքնիրեն մխիթարում էր նա: Մի՞թե չէր տեսնում, թե շուրջն ինչ է կատարվում, մի՞թե այդքան միամիտ էր: Անկարելի էր, որ այդպես լիներ: Չէ՞ որ լավ գիտեի ամուսնուս. որքան էլ երազող, նույնքան էլ սթափ մտածող էր, երազը նրա համար իրականության շարունակությունն էր: Ուրեմն, կույր չէր, տեսնում էր ամեն ինչ: Բայց այլևս վերադարձ չուներ, չէր կարող կտրուկ շրջվել ու ետ դառնալ: Ուրեմն, մնում էր շարունակել երազի մեջ ապրել: Բայց մինչև ե՞րբ...

Հավանաբար ընկերներն էլ հասկացան նրա հոգեվիճակը և դրան համապատասխան մի պաշտոն առաջարկեցին, որպեսզի մի բանով զբաղվի և իրենց հանգիստ թողնի: Նրա առաքելությունն արդեն ավարտվել էր: «Հեղափոխականները» խոսքից անցել էին գործին: Դա այն օրերին էր, երբ մեջտեղ հանեցի շվեդացի դրամատուրգի պիեսը, որը վաղուց երազում էի խաղալ...

 

 

¤

 

Ամուսինս դիմավորում է ինձ փողոցում և առաջնորդում իր (մե՛ր) բնակարանը: Կամարի տակով անցնում մտնում ենք բակ: Ոչինչ չի փոխվել այստեղ: Նույն ծանոթ դեմքերը նույն «բեսեդկայում» նարդի են «գցում», երեխաները շարունակում են  գոռգոռալով ֆուտբոլ խաղալ: Թուրքերեն կլկլոցների փոխարեն հայերեն կլկլոցներ են լսվում` մի քանի տեղից միաժամանակ, և նույնքան անախորժ:

Ես հագել եմ երեկոյան շքեղ զգեստ, բարձրակրունկ գեղեցիկ կոշիկներ: Մեր հայտնվելու հետ բոլոր ձայները լռում են, երեխաները դադարեցնում են իրենց խաղը, նարդի խաղացող տղամարդիկ ապշած ինձ են նայում, իսկ կանայք հազիվ են զսպում իրենց, որպեսզի մեկնաբանություններ չանեն: Այնուհանդերձ, թիկունքից լսում ենք կանացի մի ձայն. «Գյոզալ կնկան ղրկել ա արտասահման, որ օրը մեկին բերի մոտը, չի էլ ամաչում...»: Չճանաչեցի՛ն, իսկ «գյոզալ կնկա» համար շնորհակալ եմ: Ինչ վերաբերում է «օրը մեկին», ապա «սրտացավ» մարդիկ ժամանակին հայտնել են այդ մասին` երկրից երկիր:

Ես, իհարկե, ոչինչ չլսեցի, ավելի շուտ լսեցի, բայց «չհասկացա»: Նա չի «լսում», բայց հասկանում է: Բառերն ասված էին ցածրաձայն, բայց այնպես, որ լսելի լինեն: Սակայն չի շրջվում, շարունակում է կողքիցս քայլել:

Նայում եմ շենքը բակի կողմից: Փոփոխություններ կան. «շուշաբանդներն» ավելի բարետես են դարձել: Միայն մերն է մնում անփոփոխ, անշուք, ներկը թափված: Այնուհանդերձ, այնտեղ էլ փոփոխություն կա. կանացի մի գլուխ է երևում, որն, իհարկե, իմը չէ: Կլինի երեսուն-երեսունհինգ տարեկան: Ամեն ինչ պարզ է: «Բնությունը դատարկություն չի սիրում», - կասեր ամուսինս:

Շքամուտքը մնացել է նույնը. անխնամ, կեղտոտ, խարխուլ դռներով, որոնց վրա զանազան բութ դեմքեր են փակցված: Գունավոր դիմանկարներ` գրեթե բնական չափով: Դեպուտատներն են, ժողովրդի ծառաները: Շքամուտքից անբաժան աղբահոտն էլ անփոփոխ է և լիովին սազական այդ դեմքերին: Վերելակն էլ աշխատում է առաջվա պես. չխկչխկոցով ու ճռնչալով իջնում է ցած, դռները մի կերպ բացվում և կլանում են մեզ: Ներսում ծանոթ գոզահոտն է: Հետաքրքիր է, դարձյա՞լ իններորդ հարկի տղան է... Քսանհինգ տարի առաջ, երբ նոր էին մտել այս շենքը, ինչ-որ մեկն ամեն օր միզում էր վերելակում: Պարզվեց, որ մի տղա է իններորդ հարկից: Մայրը, ներողամտություն հայցելով, բացատրում էր, որ հինգ տարեկան է, չի հասկանում... Քսանհինգ տարի է անցել, ինչպես երևում է, տղան շարունակում է չհասկանալ:

Դուրս ենք գալիս սանդղահարթակ, և ամառային տոլմայի հոտը գրոհում է մեզ: Կրնկին բացված դռան մեջ կանգնած է այն կինը, որ պատշգամբից նայում էր ներքև: Ատամները բացել է, դեմքինՙ կես փութ մաքիյաժ, փեշըՙ բավական կարճ: Չէի ասի` տգեղ է, մեջն ինչ-որ բան կա, մանավանդ հանդգնություն, որը կարող է մենակ մնացած տղամարդուն «խելքահան» անել:

Բարի գալուստի ինչ-որ բառեր է թոթովում անգլերեն, ես ցուցադրաբար պատասխանում եմ գերմաներեն: Նայում է ամուսնուս և կիսաձայն ասում. «Լսի, էս ի՜նչ կլաս կնիկ ա, քու դերասանուհուց հազար անգամ լավն ա»: Ամուսնուս անդրադարձը չեմ հասցնում տեսնել, քանզի իմ տեղը գրավողը սեփական նախաձեռնությամբ ամուր գրկում է ինձ` տոլմայի հոտ` խառնված իմ «Poison»-ին, որը թողել էի այստեղ: Լի՛րբ, տեր-տիրական է իրեն զգում այստեղ... Եվ, կարծես միանգամից մոռանալով իմ ներկայությունը, ատամների արանքից դիմում է ամուսնուս.

- Լսեցի՞ր, էն լաչառն ի՞նչ ասեց:

- Ոչինչ չեմ լսել, - կտրուկ պատասխանում է ամուսինս:

- Էդ ո՞նց ա, ես բալկոնում լսեցի, դու կողքին էիր` չլսեցիր:

- Ես լսում եմ այն, ինչը պետք է լսել: Հետո, հիմա ժամանակը չէ, - ցածր, բայց հատու ձայնով պատասխանում է նա և ձեռքի շարժումով հրավիրում ինձ սենյակ:

- Դե ըտենց խուլ ապրի, - մեր ետևից շպրտում է Լիրբը, որն, ինչպես երևում է, արդեն իրավունքներ ունի ամուսնուս վրա:

Ընդունելով այս հրավերը, ես հասկանում էի, որ դժվարին փորձության եմ ենթարկվելու. սեփական տունդ մտնել որպես օտար մարդ: Այնուհանդերձ, ես վստահ էի իմ ուժերին, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի ապտակ եմ ուտելու. սեփական տան մեջ, սեփական ամուսնու կողքին տեսնել մի լիրբ, որն արդեն տիրուհի է խաղում: Նման կացության մեջ, աշխարհի ամենահետին կինն անգամ ինչ-որ կերպ կընդվզեր, սեփական իրավունքները կպաշտպաներ: Բայց տվյալ դեպքում, ես իմ տան մեջ իրավունքներ չունեմ, որովհետև ես ես չեմ: Բայց սա այսպես չեմ թողնի, միայն թե հիմա ինձ չմատնեմ, միայն թե լռությամբ, նույնիսկ ժպիտով տանեմ այս ապտակը և նույնիսկ մյուս այտս դեմ անեմ, ինչպես խորհուրդ էր տալիս Հիսուսը: Իսկ հիմա միայն մեկ ձև կա նյարդերը հանգստացնելու.

- Թույլ կտա՞ք ծխեմ:

- Այո, իհարկե, - պատասխանում է ամուսինս  և մոխրամանը դնում առջևս:

Ես վառում եմ ծխախոտը, ծուխն ագահորեն ներս քաշում: Այս պահին, իհարկե, ավելի շատ մարիխուանան կսազեր, որպեսզի ինձ իսպառ «անջատեր» այս ստորացումից: Բայց ծխախոտն էլ լավ է...

- Սիրուն կնիկ տեսար գլուխդ կորցրի՞ր, - լսվում է Լրբի ձայնը խոհանոցից: - Քեզ հազար ասին, չէ՞, որ չծխես, ինձ չես լսում, գոնե բժշկիդ լսի...

Չէ, դերասանը ես չեմ` ամուսինս է.

- Գիտեք ինչ, - լայնաբերան ժպտում է նա: - Ձեզ համար է անհանգստանում, հիմա ուր որ է սեղան պիտի նստենք, վախենում է ծխախոտից ձեր ախորժակը փակվի:

- Օ՜, շատ հոգատար է, տիկի՞ն...

- Հա, կներեք, մոռացա ներկայացնել. Լիզա:

- Շատ ուրախ եմ, Դոմինիկ: - Գրեթե հրճվանքով ասում եմ ես և տեղնուտեղը երկրորդ ապտակն ստանում:

Դիմացի պատին ապաշնորհ, պսևդոիմպրեսիոնիստական բնանկար է կախված: Հեղինակը մի ճարպիկ և միջակ նկարիչ է, որ տարիներ առաջ կարողացավ, չգիտեմ ինչ հնարքներով, համոզել ամուսնուս, որ փառաբանական հոդված գրի իր ցուցահանդեսի մասին: Եվ չնայած հիացած չէր նրա արվեստով, այնուամենայնիվ գրեց և տպագրեց: Նկարիչը երախտահատույց եղավ այս կտավով, որն իսկույն իր արժանի տեղը գտավ պահարանի ետևում: Իսկ այժմ հանդիսավորությամբ տեղ է գրավել պատին:

Սակայն դա չէր ապտակը, այլ որ այդտեղ, այս բնակարանը մտնելու օրվանից, կախված էր իմ, թերևս, ամենալավ լուսանկարը` մեծացրած, շրջանակված, ապակու տակ դրված: Հեղինակը մոսկվացի հայտնի լուսանկարիչ էր, որ հատուկ եկավ Երևան ինձ լուսանկարելու համար: Երեքուկես միլիոն տպաքանակով լույս տեսնող միութենական կինոհանդեսը պատկերազարդ օրացույց էր տպագրում, որտեղ յուրաքանչյուր ամիսը պիտի ներկայացներ Խորհրդային Միության որևէ աստղ: Այդ տասներկուսի մեջ լինելը մեծ պատիվ էր:

Վարպետը շատ գոհ էր իր աշխատանքից, և իրավունք ուներ: Լուսանկարներ հարյուրներով ունեցաՙ և բավական հաջող, սակայն ոչ մեկն այսպես գեղեցիկ, այսպես խորը և այսպես աստղային չներկայացրեց ինձ: Եվ հենց ամուսինս էր, որ շրջանակի մեջ դրեց և կախեց պատից: «Լույս է տալիս», - ասում էր:

Ո՞վ է հանգցրել այդ «լույսը», ե՞րբ, ինչո՞ւ և ինչպե՞ս... Նկարը հիմա որտե՞ղ է, գոնե պահպանվե՞լ է... Չէ որ դա միակ օրինակն էր...

Ինչպե՞ս կարողացա ինձ զսպել, որ չգոռամ, չհարցնեմ, չպահանջեմ, որ հենց հիմա, թեկուզ գետնի տակից հանեն ու բերեն` իր տեղը կախեն...

- Հավանեցի՞ք այդ նկարը, - հարցնում է Լիրբը, որի սենյակ մտնելը չեմ նկատել:

- Պատկերացրեք, այո, - մեղրածոր ժպիտով պատասխանում եմ ես: - Ինչ-որ թաքնված... ինչպես ասեմ, անորսալի հմայք կա մեջը, շատ ինքնատիպ է:

Լիրբը ցնծագին նայում է ամուսնուս և հայերեն հատ-հատ արտաբերում.

- Տեսա՞ր: Լսեցի՞ր: Հասկացող մարդն ա ասում:

- Ինչ-որ բան սխալ ասացի՞, - հարցնում եմ միամիտ դեմքով:

- Ոչ, ընդհակառա՜կը, դուք շատ ճիշտ ասացիք, - կոտրտված անգլերենով պատասխանում է Լիրբը և նորից գրկում ինձ: Եվ նորից տոլմայի ու ֆրանսիական օծանելիքի կոկտեյլն եմ վայելում: Իսկ նա ավելացնում է.

- Գիտե՞ք որքա՜ն եմ պայքարել, որ այս նկարը կախի, - ասում է ու հայացքով ամուսնուս ցույց տալիս:

- Նկարն, անշուշտ, լավն է, խոսք չկա, - լրացնում եմ ես: - Բայց, կներեք, եթե սխալվում եմ, հավանաբար տանտերն ինքը պիտի որոշի, թե ինչ նկար կախի իր պատերից:

«Տանտեր» բառն ընդգծում եմ:

- Համաձայն եմ, - մի կերպ ընդունում է Լիրբը: - Բայց եթե նրա ճաշակին թողնենք...

- Ճաշակները վեճի ենթակա չեն, - դիվանագիտորեն միջամտում է ամուսինս:

- Վիճելը` չգիտեմ, բայց խրախուսել, հավանաբար, պետք է. օրինակ` դուք լավ ճաշակ ունեք կանանց հարցում:

- Շնորհակալ եմ, - հուզված մրմնջում է Լիրբը:

- Խնդրեմ... Ես նկատի ունեմ նախևառաջ ձեր կնոջը:

- Դուք նրան որտեղի՞ց գիտեք, ծանո՞թ եք, - աշխույժ հետաքրքրությամբ հարցնում է Լիրբը:

Ամուսինս երկու քարի արանքում է. շատ շոյված է, բայց միաժամանակ նեղված:

- Ոչ, մենք ծանոթ չենք, ես պատահաբար իմացա նրա մասին... թռիչքի օրը, օդանավում դրված թերթերից... Ի դեպ, հասցրեցի՞ք պատճենել:

- Այո, իհարկե:

Նա մտնում է կողքի սենյակը, այսինքն` մեր ննջարանը, և վերադառնում թերթի էջով, որը մի քանի օրինակ պատճենել է:

- Խնդրեմ, - ասում է: - Ձեզ համար էլ պատճենեցի:

Վերցնում եմ թերթը և մեկնում Լրբին.

- Ահա, այս նկարից դատելով եմ ասում:

Լիրբը դժկամությամբ մի երկու վայրկյան աչք է ածում և գցում սեղանին: Հրաշալի՜ է, իսկ ես շարունակում եմ նրան և, ինչո՞ւ ոչ, նաև ամուսնուս հասկացնել, թե ով ով է.

- Այդ նկարն ինձ շատ տպավորեց, երևում է, որ նա ոչ միայն բացառիկ գեղեցկության, այլև հարուստ ներքինի տեր է: Նրա անձը, նրա անհետացման պատմությունն ինձ շատ հետաքրքրեց:

- Դուք կարծում եք, որ նրա անհետացումը կապ ունի՞ Հայաստանի քաղաքական իրավիճակի հետ, - մեջ է ընկնում Լիրբը:

- Հիմքեր չունեմ նման բան կարծելու: Պարզապես փաստն ինքնին հետաքրքիր է. գեղեցիկ կինը, տաղանդավոր դերասանուհին վերջին պահին հրաժարվում է օդանավ նստել և գնում է ո՞ւր...

Ի պատասխան իմ հարցին, Լիրբը հայերեն դիմում է ամուսնուս.

- Տոլման սառում ա:

Նման փաստարկի դեմ ամուսինս անզոր է. նա ժպտալով դիմում է ինձ` յուրովի թարգմանելով հիշեցումը.

- Մեր զրույցը գուցե սեղանի շուրջը շարունակենք:

Քիչ հետո պիտի համոզվեմ, որ այս կինը խոհանոցում անելիք չունի: Տոլման ծանրամարս է թվում, չափազանց յուղոտ է, համը` կոպիտ: Սակայն իրավիճակը թելադրում է լինել խոհեմ և նույնիսկ մեծահոգի.

- Հոյակապ է, պիտի ինձ սովորեցնեք տոլմա եփել:

- Հաճույքով, - ասում է Լիրբը և նորից հաղթական նայում ամուսնուս:

Ըստ երևույթին կասկածներ ունի, որ ամբողջությամբ չի իշխում այս ծերացող, քաղաքականության լաբիրինթոսում մոլորված մտավորականին: Հետաքրքիր է... ինչպիսի՞ն է անկողնում...

Ամուսինս կտրուկ փոխում է զրույցի նյութը: Նա ոչ միայն չի սիրում նման դատարկ խոսակցությունները, այլև անհամբեր է իմանալ իմ կարծիքն այսօրվա այցելությունների վերաբերյալ:

- Առայժմ այն տպավորությունն ունեմ, որ ամեն մեկն իր դիրքերն է պաշտպանում:

- Այդպես էլ պետք է լիներ, սակայն ձեր առաքելությունն է դահճին զանազանել զոհից... Ես, իհարկե, միայն այսօրվա տպավորությունները նկատի չունեմ, դրանք շատ քիչ են վերջնական եզրակացությունների համար, բայց մինչև այստեղ գալը, հուսամ, արդեն որոշ պատկերացումներ ունեիք, մենք ձեզ բազմաթիվ նյութեր էինք ուղարկել, այդքանը բավական էր երևի ինչ-որ կարծիք կազմելու համար:

- Այդ նյութերն ինձ ծանոթ են, ես մանրամասնորեն ուսումնասիրել եմ, սակայն չեմ շտապում կարծիք կազմել, թեկուզ նախնական, հուսամ հասկանում եք, թե ինչու: Չէ՞ որ ինձ անծանոթ է, ինչպես ասացիք, «դահճի» տեսակետը:

Կարծես հիասթափված է իմ այս վերապահ կեցվածքից, նրա դիմախաղն ինձ քաջ ծանոթ է: Հավանաբար, ի դեմս ինձ, հույս ունեին միանգամից մի կայուն դաշնակից ձեռք բերել:

- Չէի ասի, թե դուք նախնական կարծիք չունեք, - անպոչ գդալի պես դարձյալ մեջ է ընկնում Լիրբը: Ձայնը միանգամից գռեհկանում է, բառերի տակ էժան հեգնանք կա... Տե՛ր Աստված, ումո՞վ է փոխարինել ինձ. ո՛չ խոսել գիտի, ո՛չ եփել, համոզված եմ` անկողնում էլ մի բան չէ...

- Ի՞նչը նկատի ունեք, - հրեշտակային ժպիտով հարցնում եմ ես:

- Դուք այսօր առավոտյան խմբագրությունում ձեզ շատ տարօրինակ եք պահել, ասես այս ոճրագործ ռեժիմի փաստաբանը լինեիք:

Ափսո՜ս չեմ կարող նրան դռան տեղը ցույց տալ: Ես, պարզապես, լուռ, չեզոք հայացքով նայում եմ ամուսնուս: Նա որոշակիորեն նեղված է, երկու քարի, ավելի ճիշտ. երկու կնոջ արանքում է: Վերջապես վճիռ է ընդունում.

- Ներողություն խնդրիր, - պահանջում է նրանից հայերեն:

Լիրբն, ի պատասխան, կտրուկ ելնում է և գնում խոհանոց:

- Կներեք, - մեղավոր դեմքով արտաբերում է ամուսինս և շտապում խոհանոց, և ես բառ առ բառ լսում եմ նրանց զրույցը, անշուշտ, հայերեն:

- Լսիր, գործը չսկսած արդեն փչացնում ես, - փորձում է խոսք հասկացնել ամուսինս:

- Բա էդ ո՞նց ա իրան պահում:

- Նա ինչպես կուզի` կպահի, մենք իրավունք չունենք նրան դիտողություն անելու, հասկանո՞ւմ ես... Մի՞թե մոռացար, որ մեր միակ հենարանը հիմա Եվրոպան է:

Լռություն:

- Գնա և ներողություն խնդրիր, և աշխատիր ամեն գնով սիրաշահել: Հասկացա՞ր, - հրամայական հարցնում է ամուսինս:

Նա վերադառնում է սենյակ և, երկրորդ անգամ ներողություն խնդրելով, բացատրում.

- Գիտեք ինչ, խմբագիրը նրա եղբայրն է, նրանք շատ ծանր օրեր ապրեցին... Այդ պայթյունից հետո Լիզան նյարդային ցնցում ունեցավ, եղբոր կողքից չէր հեռանում, շատ անհանգիստ էր նրա համար, գիշերները չէր քնում...

Չգիտես վախի՞ց, թե ավելի շատ ուրախությունից են անքուն գիշերներ անցկացրել` սեփական խմբագրության դռան տակ, սեփական ձեռքերով պատրաստած և նույն ձեռքերով պայթեցված խաղալիք ռումբի զավեշտի համար, որն, իրենց համոզումով փակուղի է մտցրել ապաշնորհ ոստիկաններին և բոլոր հիմքերը տվել «արդարամիտ ու սրտացավ» Եվրոպայի առաջ կոկորդիլոսի արցունքներ թափելու և վայնասուն դնելու` իբրև թե ֆաշիստական ռեժիմի հալածանքների զոհն են դարձել: Այնուհանդերձ, ի պատասխան ամուսնուս միամիտ բացատրությունների, լուռ գլխով եմ անում, իբր, հասկացա, ներում եմ: Մանավանդ որ կարևոր մի բան իմացա. Լիրբն այստեղ է «գործուղվել» այսպես կոչված ընդդիմության կողմից` հատուկ հսկողության տակ պահելու այս հիմարին, որ ամուսինս է, «ձեռի հետ» էլ խցկվել է անկողին... Լի՛րբ:

Կատվի քայլերով մոտենում է ինձ, մեկ ժամվա ընթացքում երրորդ անգամ ստիպում տոլմայի և «Poison»-ի խառնուրդը շնչել և ականջիս շշնջում է. «Sorry»...

- Բան չկա, մի հուզվեք, - հանգստացնում եմ նրան: - Եթե այսօր ինձ հետ լինեիք դատախազությունում, ապա ճիշտ հակառակը կասեիք:

- Իսկապե՞ս, - զարմանում է նա` կեղծ արցունքները սրբելով:

- Այո, դա իմ աշխատելու ձևն է, և միշտ օգնել է ինձ ճշմարտությանը մոտենալու: Հիմա ձեզ հետ խոսելիս էլ հնարավոր է նույն կերպ վարվեմ, այնպես որ, մի շտապեք եզրակացություններ անել:

- Հետաքրքիր է, - աշխուժանում է ամուսինս: - Օրինակ` ի՞նչ կասեիք ընդդիմության մասին, չէ՞ որ ծանոթ եք մեր ուղարկած նյութերին:

- Այո, ծանոթ եմ... և ոչ միայն ձեր ուղարկածներին: Մենք ուրիշ աղբյուրներ էլ ունենք, բայց, ինչպես ասացի, դեռ վաղ է եզրակացություններ անել, բացի այդ, պետք է ծանոթանալ նաև իշխանամետ կողմերի փաստարկներին... Առայժմ որոշ բաներ շատ համոզիչ չեն, եթե ավելին չասեմ...

- Նույնի՞սկ:

- Այո, այո, փորձեք որոշ փաստերին նայել ոչ թե շահագրգիռ մտավորականի, քաղաքական գործչի, այլ չեզոք մարդու, բարոյական արժեքների տեսանկյունից:

- Բարոյական արժեքները հավերժական կատեգորիաներ են միայն թղթի վրա, - իր տարերքի մեջ է ընկնում ամուսինս: - Բավական է իշխանությունները կես քայլ նահանջեն այդ հարցում, որպեսզի իրավունք տան մյուսներին տասն անելու... Իսկ իշխանություններն, ինչպես գիտեք, ամենուր և բոլոր ժամանակներում աչքի չեն ընկել բարոյականությամբ:

- Եվ դա ձեզ իրավունք է տալի՞ս լինել ավելի անբարո կամ, ինչպես ասացիք, անել տասը քայլը:

- Ես խնդիրը տեսականորեն ներկայացրի, ասելիքս այն է, որ օրենք ու բարոյականություն հսկողը պետք է անթերի լինի:

- Իսկ պահանջո՞ղը...

- Նույնպես, - դժկամությամբ ընդունում է ամուսինս:

- Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ «խղճի կալանավոր» եք հորջորջում մեկին, որը տարիներ շարունակ պոռնկատուն էր պահում մայրաքաղաքում, և բոլորը գիտեին այդ մասին:

- Լավ ասացիք` «բոլորը գիտեին», և այդ բոլորի մեջ մտնում էին նաև նրանք, ովքեր պիտի իմանալուն պես արգելեին այդ խայտառակ գործունեությունը և դատեին դրա համար, սակայն չեն դատել, նշանակում է անմեղ է, մինչդեռ հիմա նրան դատում են իր քաղաքական հայացքների համար, այլախոհության համար, ուստի, դե յուրե և դե ֆակտո, բոլոր հիմքերը կան նրան «խղճի կալանավոր» համարելու:

- Շա՜տ հետաքրքիր է իմանալ, թե «բորդել պապան» քաղաքական ինչպիսի՞ հայացքներ կարող է ունենալ:

- Քաղաքական հայացքներ գուցե չունի, բայց քաղաքական կողմնորոշում ունի:

- Եվ, անշուշտ, ակտիվ գործունեություն, - ճշտում եմ ես:

- Այո, ինչի հետևանքով հիմա բանտում է:

- Նա վաղուց պիտի բանտում լիներ, իրավացի եք, որպես հասարակության բարոյական հիմքերը քանդող չարամիտ մի հանցագործ... ազատությունից խոսող այդ պարոնը չգիտի՞, որ պոռնկությունը ստրկության ամենախայտառակ ձևերից մեկն է:

- Դուք նրանից շատ բան եք պահանջում, - անվրդով պատասխանում է ամուսինս: - Թող ձերբակալեին, թող դատեին որպես կավատ կամ, ինչպես ասացիք, «բորդել պապա»: Նրանք բավարարվեցին միայն այդ գաղտնի հանրատունը փակելով, որը բնավ գաղտնի չէր... Ինչո՞ւ էին հանդուրժում, ինչո՞ւ էին չտեսնելու դնում:

- Իսկապես, ինչո՞ւ, - հարցնում եմ ես:

Նրանք լիաթոք ծիծաղում են:

- Իսկույն երևաց, որ Եվրոպայից եք, - ասում է ամուսինս:

Ես նայում եմ նրան և ցավով փաստում, թե ինչ լավ է սերտել քաղաքական դեմագոգիայի դասերը:

- Այո, ես իսկապես Եվրոպայից եմ, և մեզ համար կան բաներ, որ մեկընդմիշտ անընդունելի են և անհանդուրժելի: Սակայն չասացիք, թե դուք ինչպե՞ս էիք հանդուրժում այդ ստրկությունը:

- Հանդուրժողը մենք չէինք, այլ իշխանությունը, իսկ հանդուրժում էին, որովհետև նրանցից ոմանք այդ խայտառակ հաստատության մշտական հաճախորդներն էին:

- Դուք ապացույցներ ունե՞ք:

Ծիծաղի նոր պոռթկում:

- Որքա՜ն կուզեք:

- Իսկ այդ պոռնկանոցի... ինչպես ասեմ, անձնակազմն ի՞նչ եղավ, հիմա որտե՞ղ է:

- Հայտնի չէ, բայց կարող եմ ասել, որ այդ արհեստը բանեցնող կանայք մեծ մասամբ իրենց ճակատագրի տերը չեն: Գուցե ուղարկվել են Պարսից ծոցի որևէ երկիր, գուցե` Թուրքիա, գուցեև այստեղ են և իրենց արհեստն են բանեցնում մեկ ուրիշ պոռնկանոցում:

- Իսկ այդպիսի հաստատությունները շարունակո՞ւմ են գոյություն ունենալ:

Ծիծաղի երրորդ պառթկումը:

- Հարցրեք իրենց, պիտի որ լավ իմանան:

Ինչպիսի՜ դյուրությամբ է արդարացնում ամուսինս այդ արատավոր տրամաբանությունը. եթե վերևները գողանում են, ուրեմն ես ել կարող եմ գողանալ, եթե շնանում են, ես էլ կշնանամ... Նա, որ տարիներ առաջ գրում էր, թե «քաղաքական-հասարակական քաոսի պայմաններում մտավորականը պիտի առավել մաքուր, առավել սկզբունքային և առավել անզիջում լինի բարոյականության հարցերում»: Այն ժամանակ նա հեռու էր քաղաքականությունից` այդ «մեծ պոռնիկից», ինչպես հաճախ էր ասում...

- Ինձ համար նույնպես անհասկանալի է, թե ինչպես կարելի է ազգային հերոս հռչակել գանձագողին:

- Բայց նա իսկապես հերոս է, նրա մասին առասպելներ են պատմում, այնպես որ շատ վիրավորական է նրան գանձագող անվանել:

- Կներեք, բայց մեզ մոտ` Եվրոպայում, այդպես են կոչում պետական տուրքերը չվճարողներին, և ոչ մի ներում չկա նրանց համար:

- Անգամ եթե ազատագրական պայքարի հերո՞ս է:

- Ով ուզում է լինի, օրենքի առջև բոլորը հավասար են:

- Բայց ինչո՞ւ այդ հավասարության մասին հիշեցին այն ժամանակ, երբ նա հարեց ընդդիմությանը:

- Հավանաբար այդ օրն իմացան, - նկատում եմ ես:

- Նրանք վաղուց գիտեին, սակայն, ինչպես նախորդի հետ, չտեսնելու էին դնում:

- Ինչո՞ւ:

- Որովհետև նրա հեղինակությունը մեծ էր, նա համարվում էր ազատագրական պատերազմի հերոս:

- Գիտեք ինչ, ես ընդունում եմ, որ այդ հանկարծակի ստուգումները շատ են նման վրեժխնդրության, բայց ես չեմ ընդունում, որ ազգային հերոսը, ինչպես դուք որակեցիք, կարող էր իր եկամուտները թաքցնել պետությունից, գիտակցաբար կողոպտել իր ժողովրդին և այդքանից հետո հանդես գալ ուրիշների քննադատությամբ...

Լիրբն ուզում է միջամտել, բայց ամուսինս չի թողնում և լուռ նայում է ինձ, ասես սպասում է իմ հետագա խոսքերին:

- Տարիներ առաջ մի հետաքրքիր պատմություն կարդացի Գարիբալդիի մասին: Իտալիան վերջնականապես ազատագրելուց հետո, իր զինակիցների հետ հաստատվում է Կապրերա կղզում և զբաղվում հողագործությամբ: Իտալիայի նորաստեղծ կառավարությունը բարձր թոշակ է նշանակում նրան, սակայն Գարիբալդին հրաժարվում է, ասելով, որ չի կարող ընդունել, քանզի երկիրը տնտեսական ծանր կացության մեջ է:

- Այո, լսել եմ այդ մասին, - համաձայնում է ամուսինս: - Բայց դա վաղուց էր, քաղաքական ռոմանտիզմի օրերում:

- Իրավացի եք, մենք հիմա ապրում ենք քաղաքական ցինիզմի ժամանակաշրջանում:

- Ցինիզմը երկուստեք է և ամենուր:

- Երկուստեք` թերևս, բայց ոչ ամենուր:

- Դուք մտադիր եք այդ ոգով գրե՞լ ձեր հաշվետվությունը:

- Մինչև հաշվետվությունը դեռ շատ ժամանակ կա: Կարող է նույնիսկ չգրվի: Դա չէ իմ հիմնական նպատակը, այլ հնարավորին չափ շատ ու բազմակողմանի փաստեր ու վկայություններ հավաքել:

- Բայց դա չի կարող մեքենայական աշխատանքի վերածվել, դուք պիտի խորանաք հարցի էության մեջ, աշխատեք անկողմնակալ լինել:

- Ահա թե ինչու եմ փորձում ձեր փաստարկները դիտել, այսպես ասած, հակառակ կողմից, գրված և չգրված օրենքների տեսանկյունից, մենք պիտի համոզվենք, որ դուք իսկապես մեր պաշտպանության կարիքն ունեք:

- Օրենքը չի կարող բացարձակ լինել, ժամանակից ու տարածությունից դուրս: Այն որոշակի ժամանակներում և որոշակի տեղում արտահայտում է չափազանց որոշակի շահեր:

Ինչպե՜ս է փոխվել այս մարդը, ի՞նչ գործ ուներ, ինչո՞ւ մտավ քաղաքականության ասպարեզ:

- Ըստ ձեզ, ստացվում է, որ Լոնդոնում կամ Ստոկհոլմում կարող են դատել չարտոնված ցույց անելու, խանութներ կողոպտելու և մեքենաներ հրկիզելու համար, և ոչ մի ընդդիմություն չի մեղադրի իշխանությանը, իսկ ձեր դեպքում իշխանությունը դառնում է բռնատիրական, իսկ օրինազանցներն ու թալանչիները` «խղճի բանտարկյալ»: Ես ճիշտ հասակացա՞:

- Երկու հանգամանք կա, որ հաշվի չեք առնում: Նախ` ցույցերն արտոնող կամ արգելող օրենքը և սահմանված պատիժները չափազանց տարտամ են շարադրված, և այդ օրենքով մեզ պատժել գործնականորեն անհնար է: Երկրորդ...

- Լսե՛ք, իսկ եթե մարդասպանությանը վերաբերող օրենքն էլ տարտամ շարադրված լիներ, պիտի օգտվեիք դրանից և մարդ սպանեի՞ք:

Ամուսինս անվրդով շարունակում է.

- Երկրորդ, Եվրոխորհրդարանի ներկայացուցիչներն, ի տարբերություն ձեզ, հիմնականում համաձայն են մեզ հետ և այն կարծիքին են, որ մեր երկրում իսկապես քաղբանտարկյալներ կան:

- Դա ինձ չի զարմացնում, նրանք ունեն որոշակի քաղաքական շահեր: Օրինակ, մենք խստորեն դատապարտեցինք Բելգրադի ռմբակոծումը, մինչդեռ նրանք հաշտ աչքով էին նայում այդ բարբարոսությանը: Մեր և նրանց տեսակետները միշտ չէ, որ զուգադիպում են և, այնուհանդերձ, նրանք խրախուսում են մեր գործունեությունը: Չասած, որ մեր կարծիքը որոշ դեպքերում վճռական է եղել նրանց համար:

- Ահա թե ինչու ենք մենք ցանկանում նաև ձեր աջակցությունն ունենալ:

...Ժամն արդեն ուշ է: Լիրբն ամուսնուս հետ ուղեկցում են ինձ մինչև իմ մուտքը: Տուն մտնելով փոխվում եմ և հեռադիտակը հանում ճամպրուկից: Լիրբը սեղանն է հավաքում, իսկ ամուսինս խոսում է հեռախոսով: Ըստ երևույթին, հանդիպման արդյունքն է ներկայացնում «վերադասին»: Սակայն ինձ հետաքրքրողն ուրիշ բան է: Քիչ հետո Լիրբը հայտնվում է մորե մերկ և ամուսնուս առջև սրբվում իմ սրբիչով: Ողորմելի՜... Այդպիսի մարմին ունեցողը պիտի խուսափեր տղամարդու առջև մերկանալ… Ճիշտ իր եփած ճաշի նման է: Թող ամուսինս վայելի: Ապո՛ւշ, ում հետ է ինձ փոխել, իբրև թե տասը տարով ջահել է ինձնից, այդ ես եմ նրանից տասը տարով ջահել:

Սրբիչը գցում է սեղանին` ամուսնուս քթի տակ, և մտնում ննջարան, մոտենում է իմ հայելուն, վերցնում «Poison»-ը և առատորեն ցողում ցայլքը, անութներն ու պարանոցը, հետո, առանց երկար-բարակ փնտրելու (արդեն ամեն ինչի տեղը գիտի) հանում է իմ կրծկալն ու վարտիքը` գեղեցիկ և sexy, և քաշում իր այլանդակ մարմնին... Այսօրվա պես հիշում եմ. Ժնևում գնեցի, որպեսզի երկարատև բացակայությունից հետո այդ ներքնազգեստը հագնեմ ամուսնուս համար: Չհագա: Ինչպես բերել էի, այդպես էլ մնաց ծրարված, չբացված` այդ չափազանց նրբին, ժանեկահյուս ներքնազգեստը... Այդ ցրտին, այդ խավարին, այդ համատարած աղետի մեջ ի՜նչ ժանյակ...

Ահա, թիկունքից մոտեցավ ամուսնուս և գրկեց: Իմ հեռադիտակը շատ հզոր է, նրանք իմ առջևն են` իրենց բնական չափերով, թվում է, թե կարող եմ հիմա ամուսնուս ապտակել, իսկ այդ լրբին` պետքարանի թղթով ականջից բռնած դուրս շպրտել` պղծված ներքնազգեստն էլ հետը:

...Անմիջապես մի տեսարան եմ հիշում Ժան-Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսից. իքնասպան աղջիկը հանդերձյալ աշխարհից հստակ տեսնում է, թե ինչպես իր սիրած տղային անարժան մի աղջիկ է գայթակղում: Նա վրդովվում է, լալիս, բայց ոչինչ անել չի կարող:

Որքան էլ իրավիճակները նման են, այնուամենայնիվ, ես այս աշխարհում եմ և կարող եմ որևէ բան անել, և գիտեմ, թե ինչ: Ահա թե ինչու եմ հիմա զարմանալիորեն հանգիստ:

Իսկ եթե այս Լրբի փոխարեն մեկ ուրիշ կին լինե՞ր, չեմ ասում գեղեցկուհիՙ նորմալ, բարեկիրթ, համակրելի մի կին… Ի՞նչ կանեի այդ դեպքում... Առողջ տղամարդ է, հո չի կարող տարիներով մենակ մնալ...

Դյուրին է այդ մասին մտածելը, բայց ծանր է սեփական աչքով տեսնելը:

 

 

¤

 

Ես հիմա եմ հասկանում, թե ինչ հանդուգն և վտանգավոր արկած եմ ձեռնարկել: Խոսքն այն մասին չէ, որ ինձ կարող են բացահայտել: Դա բացառվում է: Օրինական ամուսինս անգամ չճանաչեց: Ինձ սոսկում պատճառեցին քաղաքական այս խաղերը: Իշխանությունն ու, այսպես կոչված, ընդդիմությունը դեմ-դիմաց նստած պոկեր են խաղում` չխորշելով բոլոր անթույլատրելի միջոցներից և «բլե‎‎ֆներից»: Հաղթողն, անշուշտ, իշխանությունն է լինելու, որովհետև նա ավելի ուժեղ է, իսկ այս աշխարհում միայն ուժի արդարություն կա: Իսկ «ընդդիմությունն», անկախ մենամարտի ելքից, նույնպես շահող է դուրս գալու, առնվազն բարոյական առումով, չէ՞ որ պճնվել է զոհի, նահատակի լուսապսակով: Եվ սա դեռ իմ առաջին շփումն էր, ես հազիվ դիպա մակերեսին, իսկ եթե խորանամ, կարող է սոսկումից և գարշանքից աղի արձան դառնամ` Ղովտի կնոջ պես:

Սակայն վտանգն ավելին է. ես փաստորեն ինձ զրկել եմ ինձնից:‎‎

Առավոտ շուտ արթնացա լավ տրամադրությամբ, մեքենայորեն վերցրի հեռախոսը և մորս համարը հավաքեցի: Առաջին զանգը գնալուց հետո միայն գիտակցեցի, թե ինչ եմ անում: Լսափողը դրեցի տեղը: Քանի՞ րոպե նստեցի քարացած` ասես ահավոր լուրից ցնցված... Նորից եմ հավաքում մորս համարը, այս անգամ քաջ գիտակցելով, թե ով եմ ես տվյալ պահին և ում անձնագիրն է իմ պայուսակում: Երրորդ զանգից հետո լսում եմ նրա ձայնը. «Ալո...»: Լռում եմ: «Ալո... երանի ձեր հավեսին»: Արցունքներս հոսում են, չգիտեմ` ուրախությունից, թե ցավից... Երրորդ «ալոն» ասելուց և մի քիչ սպասելուց հետո լսափողը դնում է:

Մորս հետ չկարողացա խոսել, բայց այս զանգն  ինձ համար Նյուտոնի խնձորը դարձավ, որ միանգամից ձև տվեց երկու օրից ավելի գլխումս դարձող տարտամ գաղափարին. իմ հիմնական առաքելությանը զուգահեռ, ես կարող եմ զբաղվել անհետացած դերասանուհու ճակատագրով, անշուշտ, քաղաքական համատեքստից դուրս (շներ հաչեցնելու ցանկություն չկա), լոկ որպես հետաքրքիր, առեղծվածային նյութ, որ կարող է բեստսելեր դառնալ, գուցեև ֆիլմ: Այս հրաշալի պատրվակով ուզածիս չափ կարող եմ մորս տեսնել, եղբորս, բոլոր հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս և, իհարկե, անպայմա՛ն, չարակամներիս... Բոլորին... Ում որ ուզեմ... Եվ խոսեցնել, լսել բաներ, որ իմ ներկայությամբ չէր ասվի, տալ հարցեր, ասել բաներ, որոնք չէի կարողանա իմ անունից ասել... Ես կվերահայտնագործեմ կորած, անհետացած դերասանուհուն...

Այդ երկրորդ առաքելությունս ստանձնելու համար նախ պետք է խոսել ամուսնուս հետ, նրա օրհնությունն ստանալ, անհրաժեշտ մարդկանց ցուցակը կազմել` իբրև թե նրա օգնությամբ, հասցեներ, հեռախոսներ... (հետաքրքիր է, ո՞ւմ անունները կտա... ես հո բոլորին գիտեմ, նույնիսկ ավելին, քան նա): Պետք է հենց հիմա զանգել, քանի դեռ տանն է:

Հենց այդ պահին հեռախոսը զնգում է: Ամուսինս է:

- Դուք գուշակ եք, - ասում եմ:

- Ինչո՞ւ:

- Որտեղի՞ց իմացաք, որ ես էի ուզում զանգել ձեզ:

- Դրա համար պարտադիր չէ գուշակ լինել, քանի դեռ այստեղ եք, դեռ շատ կցանկանաք ինձ զանգել, մանավանդ որ դեռ շատ բան կա խոսելու:

- Պատկերացրեք, ես էլ շատ խոսելիք ունեմ:

- Ինչպիսի՜ զուգադիպություն: Ուրեմն, հանդիպենք այսօր:

- Այո, թեկուզ կես ժամ հետո:

- Ավա՜ղ, կես ժամ հետո պիտի գնամ օդանավակայան:

- Հա՞, հավանաբար մարդ պիտի դիմավորեք:

- Ոչ, այսօր առավոտյան անսպասելի զանգ եղավ. հայտնեցին, որ կնոջս ճամպրուկը վերջապես ժամանել է Երևան:

- Չհասկացա, ձեր կինը ժամանե՞լ է:

- Ոչ, առայժմ ընդամենը ճամպրուկն է վերադարձել... Դուք հավանաբար, չգիտեք. նա ճամպրուկը հանձնել էր, բայց օդանավ չէր նստել, հիմա բերել են, որովհետև վրան մեր հասցեն ու հեռախոսն է նշված:

- Բայց ինչո՞ւ այսքան ուշ:

- Դեռ լավ է, որ հասել է:

Հեռադիտակն ուղղում եմ դեպի մեր պատուհանները. ափսո՜ս, վարագուրված են: Դա ավելի է գրգռում իմ հետաքրքրասիրությունը: Համեստ նախաճաշս անում եմ պատուհանի մոտ` աչքերս չկտրելով դիմացի մայթից: Եվ, իսկապես, քիչ հետո մի սև, նիկելապատ «Համմեր» է կանգնում, միջից դուրս է գալիս քառակուսի, պնդուկ գլխով, անվիզ, ոտքից գլուխ սև հագած մի տղամարդ և տեղնուտեղն ականջին մոտեցնում ձեռքի հեռախոսը: (Ի դեպ, բրեժնեվյան տարիների «Հոնդա»-ն ի՞նչ եղավ): Երկու րոպե չանցած, հայտնվում են ամուսինս ու Լիրբը: Վերջինս միանգամից ընկնում է քառակուսի պիտեկանտրոպի գիրկը:

Թող գնան ճամպրուկս բերեն, իսկ ես որոշել եմ թալանված ու ավերված խանութներից մի քանիսն այցելել, առանց ժամադրության: Հակասալից մեկնաբանություններ եմ լսել, հետաքրքիր է զրուցել դրանց տերերի հետ:

Առաջինը կոշիկի խանութ է` «Minelli», որը Թուրքիայից կոշիկ է բերում ջրի գնով և վաճառում որպես Իտալիայում արտադրված ապրանք, անշուշտ, իտալական գներով: Իմ այցելությունը խանութի տիրոջը չի զարմացնում.

- Արդեն հաշիվը կորցրել եմ, թե քանիսը եկան` է՛լ թերթերից, է՛լ թիվիներից, թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան, է՛լ ոստիկանությունից, է՛լ կագեբեից, է՛լ հարկայինից, էս թաղի ավտարիտետներն էլ եկան... Հիմի էլ դուք... Բոլորը նույն հարցն են տալիս. «Որտեղի՞ց գիտեիր, որ էդ մառադյոռները թալանելու են խանութները»: Այ ձեր ցավը տանեմ, ես ոչինչ չգիտեի, էլ ինչո՞վ երդվեմ, որ հավատաք...

- Բայց ինչո՞վ կբացատրեք, որ այդ սոսկալի գիշերը ձեր խանութն իսպառ դատարկ էր, և դուք փաստորեն վնասներ չունեցաք:

- Լսեք, ես ոչինչ չգիտեի, ես իմ բիզնեսն եմ անում... Այդ դեպքերից դեռ մի քսան օր առաջ ռեկլամներ եմ տպել թերթերում, թիվիներով հաղորդել, հեսա՛, նայե՛ք, սաղ աշխարհը տեսավ...

Խանութի ցուցափեղկի լուսանկարն է ցույց տալիս. խոշոր տառերով և, չգիտես ինչու, անգլերեն գրված է. «sale», կողքին էլ` «Մինչև 70%»:

- Այդ դեպքերից տասը օր առաջ եմ արել... Տասը օր առաջ որտեղի՞ց պիտի իմանայի, որ խմած բոմժերն ընկնելու են քաղաքով մեկ խանութներ թալանեն...

- Իսկապե՞ս հարբած էին:

- Հարբածը դեռ ոչինչ, ուռռռա՜ծ էին:

- Բոլո՞րը:

- Բոլորը չեմ կարա ասեմ, բայց մեջները շատ կային, տասը օր ընդե վրանների տակ վեր ընկած ուռչում ու խմում էին:

- Այնուամենայնիվ, համաձայնեք, որ փաստն իրոք կարող է լուրջ կասկածների առիթ տալ. տպավորությունն իրոք այնպիսին է, որ դեպքերի նախօրեին ինչ-որ մեկը ձեզ զգուշացրել է, իսկ դա նշանակում է, որ այդ թալանն ու ավերն ինքնաբուխ տեղի չունեցան, այլ մանրամասնորեն կազմակերպվել էին:

- Բա, իհարկե, կազմակերպված էր, բա էդքան բոսյակ հավաքես մի տեղ, տասը օր իրար վրա արաղ ու պլան տաս, վերջը պըտի գնան ջարդեն ու փշրեն, մնում ա իրանց ուղղություն տաս...

- Իսկ ուղղություն տվողն ո՞վ էր:

- Էդ ինձ մի հարցրեք, ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ... Ինչ վերաբերում ա խանութը դատարկվելուն, արդեն ասել եմ, եքա պարտիա ապրանք էի բերել, լավ ծախվեց, ես իմ շահը հանեցի, տակն էլ ինչ մնաց` ջրի գնով ծախեցի, որ գնամ նոր պարտիա բերեմ... Պըտի տեղ ազատեի, չէ՞... Թե ուզում եք օգնած ըլնեք մեզ, գնացեք Եվրոպայում պատմեք, թե ինչ դժվար ա ըստեղ գործ անելը, մեղրաճանճի պես թափում են վրեդ, թիկունքիդ մարդ չունեցար` կորած ես:

Խանութից քիչ հեռու մի ռեստորան կա: Հաջորդ այցելությունս այդտեղ է: Սա էլ դարձել է զանազան կասկածների առարկա: Դեպքերից երկու շաբաթ առաջ տնօրենն ապահովագրել է իր հաստատությունը ամեն տեսակի աղետներից, սակայն դրանով հարուցել է երկու կողմի, բայց ավելի շատ ընդդիմադիրների կասկածը: Հաշվի առնելով, որ ռեստորանը պատկանում է կառավարամետ մի օլիգարխի, ընդդիմադիր մամուլը մի արշավանք է սկսել նրա դեմ` մեղադրելով, որ նա խիստ գաղտնի աղբյուրներից ստույգ տեղեկություններ ուներ նախապատրաստվող անկարգությունների վերաբերյալ, հետևաբար, դրանք հրահրվել են իշխանության կողմից: Ոմանք հավատում են, ոմանք` ոչ: Մարդիկ կորցրել են առողջ դատողության, տրամաբանելու կարողությունը, գործում է միայն մեկ, բայց ամենաարատավոր սկզբունքը. իմն է, ուրեմն ճիշտ է, կարևոր չէ` գող է, սրիկա է, մարդասպան կամ դավաճան, իմը չէ, ուրեմն սխալ է` թեկուզ առաքինի մեկը լինի...

Իսկ այդպիսի մարդիկ մնացե՞լ են Հայաստանում: Ժամանակին մի քանիսը կային, այդ թվում և ամուսինս: Բայց նա հիմա հաշվից դուրս է` բոլոր առումներով: Ի՞նչ եղան նրանք, կարողացա՞ն արդյոք դիմակայել ծանրագույն փորձություններին: Ավա՜ղ, նրանցից մի քանիսն շտապեցին շահութաբեր պաշտոններ գրավել, և երեկվա անարծաթասերները պարզվեց ահավոր ընչաքաղց են, որ իրար հրմշտելով շտապում էին ճանճերի պես բազմացող կուսակցությունները լցվել... Ոմանք հեռացան երկրից, ոմանք էլ չդիմացան անմարդկային պայմաններին և վաղաժամ հեռացան կյանքից: Շատ կուզեի իմանալ, մնացե՞լ են արդյոք անկաշառ մտավորականներ... Ինձ համար դա շատ կարևոր է: Չնայած իմ նոր կերպարանքին, իմ էությունը չի փոխվել: Ես մնացել եմ նույնը, բայց մի տեսակ դուրս այս իրականությունից, որն իմն է և միաժամանակ իմը չէ...

Կեսօրը վաղուց էր անցել, ես քաղցած էի, ուստի հաճույքով ընդունեցի ռեստորանի տիրոջ առաջարկը` ծանոթանալ նրա խոհարարի վարպետությանը: Ընդմիջման ժամն էր, և ռեստորանը լցվել էր հաճախորդներով: Ազատ տեղ չկար: Քիչ հետո ռեստորանի տերը մոտեցավ և ներողություն խնդրելով հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք իմ սեղանին այցելու նստեցնել. «Կարծում եմ, դժգոհ չեք լինի, - երկիմաստ ժպիտով ասաց նա: - Շատ հետաքրքիր անձնավորություն է, լրագրող, շատ ազնիվ ու շա՜տ համարձակ...»: Եվ, հավանաբար, զարմանք նկատելով իմ հայացքում, ավելացրեց. «Այո, այո, մեր երկրում այդպիսի մարդիկ քիչ չեն, պարզապես նրանց ձայնը չի լսվում»: «Այդ պարոնի ձայնը նույնպե՞ս անլսելի է»: «Օ՜, նրա ձայնը... Ավելի լավ է ինքը պատմի»:

Նա եկավ նստեց, շնորհակալություն հայտնեց ինձ: Նրան անմիջապես սպասարկեցին. մի հսկայական պիցցա և մեկ շիշ գինի: Մեկ հոգու համար այդքանը շատ չէ՞: Մենակ պիտի խմի՞: Գինու երկրորդ գավաթն է խնդրում և, առանց հարցնելու, լցնում ու դնում է առջևս:

- Լավ գինի է, - ասում է նա ֆրանսերեն:

Չեմ հրաժարվում:

Վաթսուն տարեկան կլինի: Գուցեև պակաս: Կյանքի ծանր պայմանները Հայաստանում ժամանակից շուտ են ծերացնում մարդկանց: Դրանից բացի, սև-ճերմակ մորուքը ծերունական ինչ-որ բան է հաղորդում նրա դեմքին, որն ինձ, չգիտեմ ինչու, ծանոթ թվաց: Փայլող աչքերը հառում է վրաս և միանգամից անցնում բուն նյութին.

- Ձեր կազմակերպության մասին շատ եմ լսել, ձեր մասին` նույնպես:

Ասում է և սպասում իր բառերի անդրադարձին: Սակայն ես լուռ եմ, դեմքս էլ, հավանաբար, ոչինչ չի ասում, բայց նա չի նահանջում: Նորից լցնում է իմ գավաթը, որից ընդամենը մի երկու կում եմ արել, և շարունակում.

- Ուզո՞ւմ եք լավ խորհուրդ լսել. էլ դեսուդեն մի ընկեք, միանգամից կողմնորոշվեք. իշխանություն կամ, այսպես կոչված, ընդդիմություն, որ երեկվա իշխանությունն էր... Մեղք եք, գեղեցիկ, երիտասարդ կին եք, կողմնորոշվեք, քանի դեռ ուշ չէ... Զուր ժամանակ եք ծախսելու, դերերն արդեն բաժանված են, շահողը` որոշված, մնացածը թատրոն է, ապաշնորհ, լպիրշ, գռեհիկ, բացահայտ...

Ես լուռ եմ: Առայժմ ասելու բան էլ չունեմ, և հետո, դա նրան չի էլ հուզում: Նա նստել է այստեղ ավելի շատ խոսելու, քան լսելու համար: Նա մարդկանց այն տեսակից է, որոնց ճշմարտությունն արդեն հոգնեցրել է բոլորին, ավելին` գրգռում է, զայրացնում, քանզի եթե ճշմարիտ խոսքն իր ետևից փոփոխություն չի բերում դեպի լավը, դառնում է յուրատեսակ թույն: Որովհետև անկարելի է շարունակ սեփական անզորության, կյանքը փոխելու անհնարինության հաստատումը լսել ուրիշի բերանից: Գալիս է մի պահ, երբ այդ ճշմարտությունները դառնում են արգահատելի, նույնիսկ ծիծաղելի: Մարդիկ սկսում են խուսափել նման ճշմարտախոսներից` թողնելով նրանց հավերժական մենության մեջ: Նրանք դառնում են անապատում հայտնված մարգարեներ, որոնք հուսահատ ունկնդիր են փնտրում, քանզի չեն կարող լռել և անհասցե խոսել: Նրանք, ի վերջո, դառնում են բարձրադիր սրիկաների, «մեծապատիվ» գողերի և տականքի գռեհիկ հեգնանքի դյուրին թիրախը: Չի բացառվում նաև, որ ամբոխի վերածված ժողովուրդը քարկոծի նրանց, ինչպես Իբսենի դոկտոր Ստոկմանին քարկոծեցին համաքաղաքացիները, նրանք, որոնց համար նա կռվի ելավ այդ «մեծապատիվ» սրիկաների դեմ: Ճշմարտախոսը դառնում է ոչ միայն մեղավորների, այլև անմեղների, ոչ միայն դահճի, այլև զոհի աչքի փուշը... Բայց իմ սեղանակիցն, արդյո՞ք, այդպիսին է: Երկրորդ գավաթը պարպեց, առանց թույլտվություն հարցնելու ծխախոտ վառեց և նորից, շեշտակի նայելով աչքերիս, շարունակեց իր մենախոսությունը.

- Իսկ կուզե՞ք ոչ միայն բարի, այլև շահութաբեր խորհուրդ տամ: Կուզե՞ք մի երկու շաբաթում մեկ միլիոն աշխատել` հանգիստ, անվտանգ, լիովին օրինական, նույնիսկ վայելելով, առանց խղճի դեմ գնալու... Կուզե՞ք... Մեկ ժամում կարող եմ կարգավորել այդ հարցը... (հանում է գրպանի հեռախոսը): Հենց հիմա, ուղղակի այստեղից... Բավական է ասեք «այո», և բառացիորեն հինգ րոպե հետո այս խղճուկ ճաշարանի առջև կկանգնի ամենավերջին մոդելի «Աստոն-Մարտինը» կամ «Բենթլին» և մեզ կտանի մեր նորօրյա նաբոբներից մեկի մոտ: (հանկարծ ուշքի գալով): Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ես ձեզ անպարկեշտ առաջարկ չեմ անում, ի սեր Աստծո, սխալ չհասկանաք... նման վայելքների համար նրանք համապատասխան էգեր ունեն, որոնք անհամեմատ ավելի էժան են... Եվ հետո, ձեզ նման կինը... (դադար): Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե ինչի համար եք ստանալու մեկ միլիոնը... Գոնե կռահո՞ւմ եք... Այո, այո, ձեր բուն իսկ մասնագիտությամբ... Գրում եք մի երկուհարյուրէջանոց դյուցազներգություն մեր օլիգարխներից մեկի մասին և տպագրում Եվրոպայում... Ձեր անունով, ձեր հեղինակությամբ հանգիստ կարող եք դա անել... Հոնորարի տասը տոկոսն էլ ինձ... Որպես միջնորդավճար... Շատ չէ, ընդամենը հարյուր հազար...

Նա լռեց, հավանաբար երկարաձգված մենախոսությունից հետո մի քիչ շունչ առնելու կամ, վերջապես, ինձ լսելու համար: Հարևան սեղաններից մեզ էին նայում, ոմանք նույնիսկ կարեկցանքով: Երևում էր, որ նա հայտնի անձնավորություն է և, ըստ երևույթին, ոչ միայն այս ռեստորանում:

- Գիտեք, ձեր առաջարկն ինձ հետաքրքրեց, և ես լրջորեն կմտածեմ այդ մասին:

- Իսկապե՞ս:

- Այո, այո, - հաստատեցի: - Բայց հիմա ինձ ուրիշ բան է հետաքրքրում...

- Ես գիտեմ` ձեզ ինչն է հետաքրքրում, - կտրուկ ընդհատում է նա: - Մի հետաքրքրվեք, միևնույն է, ոչինչ չեք իմանալու և ոչինչ չի փոխվելու... Գործ չունեք... Ավելի եք խճճվելու... Եվ հետո, ձեզ նման գեղեցիկ կինն ի՞նչ գործ ունի այս այլանդակությունների հետ:

- Ճշմարտությունը միայն տգեղների համա՞ր է:

Նա մի պահ լռում է: Կարծես մի քիչ սթափվեց.

- Ոչ, բոլորի համար է... Ճշմարտությունը հացի պես է, բոլորին պետք է հասնի, բայց, արդյո՞ք, այդպես է...

- Ես հացի հետ չէի համեմատի, քանզի քաղցը մարմնական պահանջ է, մինչդեռ ճշմարտությունը` հոգեկան... Ահա թե ինչու, շատերը գոհ են իրենց կուրությունից, մանավանդ երբ դրա դիմաց իրենց «հանապազօրյա» օղին ու թմրախոտն են ստանում կեղծ մարգարեներից:

Զրուցակիցս, հարգալից արտահայտությունը դեմքին, գլուխը վեր ու վար արեց.

- Բրավո, - ասաց նա ծափահարելով: - Արդեն հասցրիք նկատել:

- Ես դա վաղուց եմ նկատել, պարզապես այստեղ նորից փաստեցի, որ տականքն ամենուր նույնն է:

- Բրավո, բրավո, իսկապես, բրավո, սքանչելի է, տիկին, դուք նման չեք մյուս եվրոպացիներին, որ գալիս են այստեղ իրենց ճշմարտությամբ և ցանկություն չունեն բուն իրողությունը տեսնելու:

- Հարգելի պարոն, ես ցանկություն ունեմ և արդեն շատ բան եմ տեսել այս երկու օրում:

- Այո, այո, տիկին, ես հավատում եմ, և դեռ շա՜տ բան կտեսնեք ձեր այդ սուր աչքերով, բայց նկատի ունեցեք, դուք դժոխք եք մտել, ձեր կողքին անպայման պետք է մի Վերգիլիոս լինի:

- Եվ այդ Վերգիլիոսն, իհարկե, դուք եք:

- Հավատացեք, որ ավելի լավ թեկնածու չեք գտնի. մարմնով դժոխքում եմ, բայց հոգով` քավարանում:

- Համաձայն եմ, առաջնորդեք ինձ:

Ես նայում եմ նրան: Դեմքն ինձ ծանոթ է թվում: Այսինքն, դա զարմանալի չէ: Ավելի քան երեսուն տարի ապրել եմ այս քաղաքում, հնարավոր է` մի դպրոցում ենք սովորել կամ հարևանս է եղել, կամ, վերջապես...

- Վաղո՞ւց եք մորուք պահում:

Հարցս զարմացնում է ոչ միայն նրան: Ինքս էլ չզգացի, թե ինչպես դուրս թռավ բերանիցս:

- Ոչ... Այն օրերից, երբ Հայաստանում քարանձավային պայմաններ հաստատվեցին, երբ անկարելի էր անգամ մի բաժակ թեյ պատրաստել, ուր մնաց ածիլվելու մասին մտածեի: Հետո, երբ քարանձավից մտանք բորդել, ես նկատեցի, որ այսպիսով օրը կես ժամ եմ խնայում: Բայց դա ինչո՞ւ է ձեզ հետաքրքրում:

- Ձեր դեմքը, ձեր աչքերն ինձ ծանոթ թվացին, հավանաբար, առանց մորուքի...

- Չեմ կարծում, տիկին, ըստ երևույթին ինձ շփոթում եք մեկ ուրիշի հետ...

Հետո ժպտալով ավելացնում է.

- Եթե ուզում եք, հանուն ձեզ կսափրվեմ: Ահա իմ հեռախոսը, կսպասեմ ձեր զանգին: Մի ուշացրեք:

 

 

¤

 

...Պիեսի սյուժեն հետևյալն էր. անոգեղեն միջավայրում խեղդվող հերոսուհին անսպասելիորեն հեռանում է ամուսնուց, ըստ որում հեռանում է այն պահին, երբ ամուսինն ուրախ-հպարտ հայտարարում է, որ իրեն նշանակել են մինիստր. ավելին` հեռանում է իրենից տասը տարով երիտասարդ մի տղայի պատճառով, հանուն խենթ սիրո, որը, պարզվում է, ընդամենը ցնորք էր, ինքնախաբեություն... Ի վերջո, նա մնում է բացարձակ մենության մեջ, առանց նյութական միջոցների... Հերոսուհին ինքն է ընտրում իր ճակատագիրը:

Հիշում եմ, այդ պիեսն ամուսինս բերեց գրադարանից, նախահեղափոխական հրատարակություն էր, ռուսերեն, հին ուղղագրությամբ: Նույն օրը կարդացի ու ոգևորվեցի: Ամուսինս սկզբում լիովին համամիտ էր, նույնիսկ խոստանում էր թարգմանությունը կազմակերպել, բայց հետո, կարծես, նրան փոխեին. «Իսկ ո՞ւմ համար ես խաղալու, Հայաստանում այսօր կգտնվի՞ թեկուզ մեկ կին, որը չերազեր իր ամուսնուն տեսնել մինիստրական աթոռին նստած... Խաղալով այդ դերը, դու կգործես ճիշտ այնպիսի խենթություն, ինչպիսին քո այդ պերսոնաժն արեց` հարգարժան մինիստրին փոխելով քսանամյա ստահակի հետ... Չասած, որ հազիվ թե գտնես մի թատրոն, մի բեմադրիչ, որը համաձայնի դա բեմադրել»:

Ամուսնուս «առողջ բանականությունն» ավելի էր բորբոքում իմ ցանկությունը: «Բայց մի՞թե արվեստի նման գործերը չեն, որ խթանում են հասարակության առաջընթացը»: «Համաձայն եմ, բայց ոչ հիմա, գուցե մի քիչ սպասենք...»: «Եթե շվեդներն էլ ժամանակին այդպես մտածեին, ապա իրենց երկիրը հիմա նույն վիճակում կլիներ, ինչ մերը», - ասում էի ես:

Վերադարձից հետո առաջին ցանկություններից մեկը եղավ այդ պիեսի բեմադրությունն իրականացնելը: Ամուսինս այս անգամ ավելի սկեպտիկ էր. «Մտքիցդ հանիր, չես տեսնո՞ւմ` շուրջդ ինչ է կատարվում»: Տեսնում էի, բայցև համոզված էի, որ իմ երկիրը հենց այսպիսի հեղափոխող արվեստի կարիք ունի: Թատրոններում էլ աջակցություն չգտա: Թատերական կյանքն ընդհանրապես մեռած էր:

Այդ պիեսն իր արտասովոր պերսոնաժով ինչո՞ւ դարձավ ինձ համար մտասևեռում. ամեն գնով մարմնավորել այդ կերպարը, չնայած ազգային-հասարակական անխորտակելի կաշկանդումներին, չնայած քարացած պատկերացումներին, գիտակցելով, որ նյութական-կազմակերպչական, գուցեև ստեղծագործական անհաղթահարելի դժվարությունների եմ դեմ առնելու... Ֆաթալիստական ինչ-որ բան կար, ասես իմ հետագա գոյությունը կախված էր դրանից:

Պիեսի թարգմանությունը տարա Եվրոպա` իմանալով, որ այնտեղ էլ չեմ խաղալու: Ասես իմ ճակատագրի մասն էր դարձել, որից անկարելի էր բաժանվել: Եվ նույնիսկ, հանուն ապահովության, դրեցի ոչ թե ճամպրուկի, այլ ձեռքիս պայուսակի մեջ:

Սակայն մինչ այդ, մինչև երկրորդ անգամ Եվրոպա գնալը, պիտի կյանքում խաղայի այն, ինչը չկարողացա խաղալ բեմում:

...Ցուրտ և մութ օրերին էր: Երեկոյան կողմ ամուսինս կառավարական մեքենա ուղարկեց: Մութ քաղաքի միջով գնում էինք երկար: Վարորդը ոչինչ չասաց: Ես էլ չհարցրի: Քաղաքից դուրս, ճանապարհի եզրին մի շքեղ ռեստորան էր: Ամուսինս և իր «հեղափոխական» ընկերները հավաքվել էին այդտեղ: Ինձ տեսնելուն պես, նրանցից մեկը գոռաց. «Հըլա չասեք, թող վերջում իմանա»: Ստիպված չեղա մինչև վերջ սպասելու: Պարզվեց, որ ամուսնուս ինչ-որ պաշտոն են տվել. «Մինիստր չէ, բայց մինիստրից բարձր»:

Ոչ մի հրճվանք չապրեցի այդ լուրը լսելով: Դեմքիս արտահայտությունն էլ եթե փոխվեց, ապա դեպի վատը: Սակայն ինձ ուշադրություն դարձնող չկար: Միակ կինն էի խմած տղամարդկանց շրջանակում: Իմ խոսքերը պարապի մեջ մնացին անգամ, երբ ամուսնուս կենացի վրա ասացի. «Հիմա ավելի կորցրեցի նրան, կգերադասեի, որ մնար պարզապես ամուսին»:

Տանը տհաճ խոսակցություն եղավ, որը մազ մնաց վերածվեր սկանդալի: Կուլ տվեցի որոշ արտահայտություններ, վերագրելով դրանք խմիչքին: Չնայած, վստահ եմ, ասում էր այն, ինչ մտածում էր սթափ վիճակում:

Ճիշտ են ասում, թե մարդուն ուզում ես ճանաչել` պաշտոն տուր: Եվ որքա՜ն արագ, որքան հեշտությամբ էին կատարվում փոփոխությունները, բառացիորեն օրը օրի վրա: Ինչպիսի՜ հեշտությամբ, առանց ցավի հրաժարվեց իր նախկին սկզբունքներից, որոնց համար, թվում էր թե պատրաստ էր սեփական կյանքը զոհել:

Մեր միջև արդեն անդունդ էր գոյանում, որ գնալով ավելի ու ավելի խորացավ: Եվ ամենասոսկալին` ամեն ինչ կատարվում էր լուռ, անխոս: Եթե խոսեինք, թեկուզ վիճեինք, գուցե ինչ-ինչ բաներ պարզվեին, գուցեև կանխվեին: Լռությունը և իմ «անգործությունն» ավելի էին ծանրացնում վիճակը: Մեռցնող անորոշություն էր հաստատվել մեր տանը: Սովոր չէի այդպես ապրելուն, ես, որ քսան տարեկանից ապրել եմ ստեղծագործական բուռն կյանքով: Հիմա փակ էր ամեն ինչ, սառեցված, հետաձգված անորոշ ժամանակով. թատրոն, կինո գոյություն չունեին, հեռուստատեսությունն էլ միայն քաղաքականությանն էր ծառայում և օրնիբուն լատինամերիկյան սենտիմենտալ սերիալներ ցուցադրում: Զրկված էի նաև իմ սիրելի զբաղմունքից` ընթերցանությունից, մոմի լույսի տակ անկարելի էր կարդալ...

Ավելորդության զգացումն սկսեց ինձ խեղդել... Պարզապես խելագարվում էի… Ոչինչ չի կարող մեղմել արվեստագետի տագնապը, երբ նա զրկված է ստեղծագործելու հնարավորությունից, մանավանդ երբ առաքելություն ունի` կոչված է Աստծո կողմից: Առավել ծանր է, երբ տեսնում ես, որ դա արվում է կանխամտածված, չարամիտ մի ծրագրով...

Այդպես շարունակվել չէր կարող: Զգում էի, որ դանդաղ մահանում եմ, ասես աննկատելի բայց անվերադարձ խրվում ճահճի մեջ: Օրվա մեծ մասը տանն էի անցկացնում, կուտակված եռանդը ծախսում տան գործերի վրա` փոխնիփոխ սպասելով ջրի կամ լույսի հայտնությանը, ժամեր անցկացնելով հացի հերթերում` անձրևի, ձյան տակ: Մի երկու անգամ հարևանները չթողեցին, որ հերթ կանգնեմ, կտրոններս վերցրին, հացն առան բերեցին տուն: Բայց չէի կարող չարաշահել նրանց հարգանքն ու բարությունը, ուստի բոլորի հետ հավասար կիսում էի նաև այդ դժվարությունը: Շատերը գնահատեցին իմ այդ քայլը, բայց եղան նաև չարացած մարդիկ... Մի անգամ հերթի կանանցից մեկը զայրացած շպրտեց. «Գնացել էիր ընդե էլ խի հետ էկար, ինչ ա, ըստեղի հացն ավելի համո՞վ ա»: «Հացի համար չէի գնացել, - պատասխանեցի: - Եվ հացի համար չեմ եկել»:  Լկտիությունից ու մարդկային չարությունից խոցված, դուրս եկա հերթից, մեքենայորեն քայլեցի դեպի տուն և թիկունքից լսեցի, թե ինչպես միևնույն կինն, ավելի մեծ չարությամբ շարունակեց. «Դրա ի՞նչն ա սիրուն, է՛, ես էլ որ ոռս բացեմ, պռոշներս քսեմ, իրանից սիրուն կըլնեմ»:

Կյանքս դարձել էր աքսոր սեփական տանը: Հարաբերությունն ամուսնուս հետ կարելի էր որակել (այդ օրերին գործածական քաղաքական տերմինաբանությամբ) որպես «սառեցված հակամարտություն»: Օրվա ընթացքում հազիվ մի քանի բառ էինք փոխանակում: Ի վերջո, ամուսինս չդիմացավ: Հազվագյուտ կիրակիներից մեկը, երբ տանն էր մնացել, և միասին նախաճաշում էինք, վտանգավոր հանդարտությամբ հարցրեց. «Մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի»: «Ինչպե՞ս», - հարցրի: «Այսպես, - գրգռված ասաց նա: - Բույսի նման... Ոչինչ չես անում»: «Իսկ ի՞նչ կարող եմ անել, որ չեմ անում»:

Ամուսինս ուշադիր նայեց ինձ, հետո խորհրդավորությամբ պատասխանեց. «Մի բան կա, որ հաստատ կարող ես անել»: Լուռ մնացի: Հայացքս նրան հառած սպասում էի, որ ասի, թե որն է այդ «մի բանը»: Նա էլ շարունակում էր լռել, բայց, ի վերջո, նյարդերը տեղի տվեցին. «Ա, դե վեր կաց գնա, հանգիստ թող ինձ»: Նույն բանը, մինչ այդ, հասկացրել էր ավելի բարեկիրթ ձևով, ասելով նույնիսկ. «Ում հետ որ պետք է կխոսեմ, որպեսզի թղթերը չձգձգեն, դու միայն հրավերը դասավորի»:

Հարկ չեղավ «դասավորելու». հրավերն ինքը եկավ. կանչում էին ներկայացումներ խաղալու եվրոպական հինգ քաղաքներում: Թվում էր, թե այդպիսի նամակից հետո ամեն ինչ պիտի միանգամից փոխվեր, վերջապես դուրս գայի այդ ընկճված վիճակից և պատրաստվեի ուղևորության` անելու այնտեղ այն, ինչն այստեղ անհնար էր դարձել: Սակայն հակառակը կատարվեց: Անզգայության մեջ, ապակե աչքերս անորոշ կետի հառած ժամերով անշարժ նստում էի: Այդ վիճակից ինձ հանեց հեռախոսազանգը Մարսելից. «Արդյոք, ստացե՞լ եք մեր հրավերը»: «Այո...»: «Հապա ինչո՞ւ չեք պատասխանում... Խնդիրներ ունե՞ք... խնդրում եմ շտապ հայտնեք, սպասում ենք ձեզ…»:

Միանգամից համակվեցի վճռականությամբ. այս աշխարհում կան տեղեր, ուր սպասում են ինձ` իմ արվեստի համար, կան մարդիկ, ովքեր իմ կարիքն ունեն... «Ոչ մի խնդիր չկա, սիրելի պարոն, գալիս եմ»:

...Ամուսինս օդանավակայանում փորձում էր մեղմել իր ծանր բառերը. «Ես մտահոգ եմ քեզ համար, աչքիս առջև հալվում ես մոմի պես...»: (Իսկ ինչո՞ւ վեց ամսվա ընթացքում, ոչ մի անգամ «չմտահոգվեց»...): «Գնա մեկ ամսով, փոխիր միջավայրդ, ներկայացումներ խաղա, գուցե հեռանկարներ բացվեն այնտեղ... և այստեղ...»:

Գնացի մեղավորության մի ծանր զգացումով, ասես բժիշկ լինեի, որ անհույս հիվանդին լքում հեռանում է, մարտիկ, որ վճռական պահին լքում է դիրքերը, նավապետ, որ ալեկոծության մեջ ընկած նավը թողնում է անղեկ... Միաժամանակ փորձում էի արդարացում գտնել, որ եթե բժիշկ եմ, ապա առանց դեղամիջոցների, եթե զինվոր` ապա անզեն, եթե նավապետ` ապա առանց նավի և առանց ծովի... Եվ չնայած տրամաբանորեն կատարելապես հիմնավորված էին արդարացումները, մեղավորության զգացումն, այնուամենայնիվ, չէր անհետանում, ավելին, կաթիլ առ կաթիլ աճում էր, մանավանդ երբ մեկ ամիսը դարձավ ամիսներ, տարի, տարիներ...

 

 

¤

 

Ամուսնուս խնդրեցիՙ պատրաստություն չտեսնեն. «Ամենաշատը մի բաժակ թեյ»: Բնավ ցանկություն չունեի ճաշակելու Լրբի հերթական «գլուխգործոցը»... Եվ չնայած իմ նախազգուշացմանը, հեռադիտակով տեսնում եմ, թե Լիրբն ինչպես է սեղան գցում, իսկ ամուսինս վերցնում է լսափողը: Քիչ հետո զնգում է իմ հեռախոսը.

- Մենք սպասում ենք ձեզ:

Այս անգամ ինձ դիմավորող չկա: Անցնում եմ կամարի տակով և մտնում բակ: Այսօր հագնվել եմ ավելի զուսպ: Այնուհանդերձ, իմ հայտնվելուն պես բոլոր հայացքները սևեռվում են վրաս: Գիշեր ու զօր հնչող նարդու չխկոցը կտրվում է: Երեխաներն են անգամ ընդհատում իրենց ժխորը: Ես ժպտալով, գլխի շարժումով ողջունում եմ` հայացքներն ինձ հառած կանանց ու տղամարդկանց: Սակայն դա չի զսպում իմ հայտնությունը մեկնաբանողներին. «Էլի եկավ»: «Սա խի՞ ա գալիս»: «Ախչի, էս մեկը Եվրոպայից ա, քաղաքական գործերով ա եկել»: «Հետո ի՞նչ, խի եվրոպացիք էն բանից չեն անո՞ւմ»: «Տո անում են, էն էլ ո՜նց են անում...»: Տղամարդկանց մեկնաբանությունները մի քիչ տարբեր են. «Տեղը սովորեց, արդեն իրա ոտով ա գալի»: «Տո էն մեկի հախից շատ ա կարո՞ւմ գա, որ սրան էլ ա կանչել»: «Ի՞նչ գիտես, հախից գալիս ա, թե չէ...»:

Դուռը բացում է Լիրբը և ընկնում վզովս: Այս անգամ «Poison»-ը խառնված է քրտինքի թեթև հոտին: Նա հագել է իմ լավագույն զգեստներից մեկը, որն ընդամենը երկու անգամ հասցրի հագնել: Ավելի լավ, թող հագնի. երեկոյան այդ զգեստն ավելի է ընդգծում նրա այլանդակությունը: Զարմանալի է, թե ամուսինս ինչո՞ւ է թույլ տալիս այս լկտիին ազատորեն օգտվելու իմ զգեստապահարանից: Արդեն հաշտվե՞ց իմ «անհետացման» հետ, բաժան-բաժան է անո՞ւմ իմ ունեցվածքը:

Հարևան սենյակում տեսնում եմ իմ ճամպրուկը` կենտրոնում, բացված և արդեն խուզարկված:

- Եթե չեմ սխալվում, սա ձեր կնոջ ճամպրուկն է:

- Այո, - պատասխանում են ինձ միաբերան:

Հետաքրքրասիրությունս անկարող եմ զսպել.

- Իսկ կարո՞ղ եմ նայել, թե նա ինչ էր բերում:

Խնդրանքս գուցե զարմացնում է նրանց, բայց չեն մերժում:

- Գիտեք, թող տարօրինակ չթվա, ես ձեզ հետո կբացատրեմ, թե ինչու եմ ուզում նայել:

- Խնդրեմ, - պատասխանում է ամուսինս: - Ես հասկանում եմ, կանայք հետաքրքրասեր են:

Մտնում ենք հարևան սենյակ: Ամուսինս մեկ առ մեկ ցույց է տալիս պարունակությունը. զգեստներս, մի քանի գրքեր, կասետներ(իմ սիրած երաժշտությունը) և նվերներ` փաթեթավորված, անունները վրան գրված, ամուսնուս, ազգականներիս, ընկերուհիներիս... Բայց կարծես ինչ-որ բան պակասում է. մորս համար շվեյցարական շոկոլադ էի գնել, մի պատկառելի փաթեթ էր, գիտեմ` շատ է սիրում... Նույնպիսի փաթեթ գնել էի եղբորս երեխաների համար: Երկուսն էլ չկան: Քիչ է մնում գոռամ: Ամուսինս կատարյալ փալաս է դարձել: Բավական չէ, որ այս դուրսպրծուկն սկսել է իմ օծանելիքը գործածել, իմ զգեստները հագնել, դեռ կողոպտում է հարազատներիս:

Ուշադրությունս գրավում է մի տոպրակ` ծավալով մյուսներից ավելի մեծ: Այդ տոպրակն ինձ ծանոթ է վաղուց. վրան մի թուղթ է փակցված` ամուսնուս անունով... Նա նկատում է իմ հետաքրքրասեր հայացքը:

- Այդ մեկն ինձ համար էր... Շատ տարօրինակ տոպրակ է...

- Ինչո՞վ:

- Նրանով, որ տասնչորս տարի անց դարձյալ ինձ է հասնում, որ արդեն երկրորդ անգամ է գալիս Երևան:

- Չեմ հասկանում:

- Իսկապես դժվար է հասկանալ... Տասնչորս տարի առաջ, երբ նա վերադարձավ, տոպրակն այս նույն ճամպրուկի մեջ էր...

- Հետո՞:

- Հետո... Ասաց, որ ինձ համար գեղեցիկ բաներ է բերել, խնդրեց, որ անմիջապես չբացեմ, այլ իմ ծննդյան օրը...

- Հետո՞... Չուզեցի՞ք...

Ամուսինս դժվարանում է պատասխանել, ի վերջո, մի կերպ արտաբերում է.

- Մեր ուզելով չէր, պարզապես գործը դրան չհասավ...

- Այսինքն` չնշեցի՞ք:

- Այո... Ուրիշ ավելի կարևոր գործեր կային, ի՜նչ ծնունդ, ի՜նչ տարեդարձ...

 

 

¤

 

Արդեն հոռի սովորույթ էր ձեռք բերել. իր համախոհ ընկերների հետ, որոնց մեծ մասը բախտախնդիրներ էին, գնում էր ռեստորան, լավ խմելուց հետո հանկարծ հիշում, որ տանը կին ունի, զանգում և կանչում էր: Մի երկու անգամ գնացի` ձանձրույթը փարատելու համար, բայց ավելի անտանելի տաղտուկի մեջ ընկա: Եթե ինձնից զատ ուրիշ կին էր լինում, ապա, որպես կանոն, այդ «բիրդանաղաների» բոզիկները:

Տարեդարձի նախօրեին ամուսնուս հատուկ զգուշացրի. «Վաղը ծնունդդ է, խնդրում եմ գործից հետո տուն գաս: Մտածիր նաև` ում ես հրավիրում, որպեսզի անելիքս իմանամ»: Առավոտյան նորից հիշեցրի, իսկ հետո, մինչև երեկո, խոհանոցից դուրս չեկա: Դա սխրանք էր, աներևակայելի հերոսություն` քարանձավային պայմաններում նման սեղան պատրաստել:

...Ժամը յոթը եղավ, ութը, ինը, տասը: Ամուսինս չկար: Անոթի նստել սպասում էի: Ժամը տասնմեկին հեռախոսը զանգեց.

- Բա էս չես ուզո՞ւմ իմ ծնունդը շնորհավորես:

- Ուզում եմ, պատրաստություն եմ տեսել, բայց երևում էՙ իզուր:

- Մեքենա եմ ուղարկում, նստի արի:

- Գուցե մի երկու ժամ հետո զանգեիր...

- Ճիշտ ժամանակին ա, ամբողջ գիշեր քեֆ ենք անելու... Հա, նվերներդ չմոռանաս, թող ընկերներս տեսնեն, թե իմ կինը ինչպես է ինձ սիրում:

- Ի դեպ, ընկերներիդ կանայք այդտե՞ղ են:

Մի պահ լռություն տիրեց լսափողում, որի ընթացքում ամուսինս հարցը կրկնում էր ընկերներին: Դրան հաջորդեց մի գռեհիկ քրքիջ և նույնպիսի մեկնաբանություններ, որից հետո ամուսինս կենացային հանդիսավորությամբ հայտարարեց.

- Արի, արի, դու մեր սեղանի թագուհին կլինես...

Չուզեցի այդպիսի սեղանի թագուհին լինել: Չգնացի: Նվերներն էլ մնացին ճամպրուկում չբացված:

 

 

¤

 

- Լավ, բայց նվերներն ինչո՞ւ հետ տարավ:

- Շատ հապճեպ եղավ մեկնումը, գրեթե առանց նախապատրաստվելու, նույնիսկ չհասցրեց ճամպրուկը հավաքել:

- Իսկ հիմա ինչո՞ւ չեք բացում:

Ամուսինս շրջում է հայացքը: Ինձ թվաց, թե նրա աչքերը խոնավացան.

- Թող վերադառնա ինքը բացի:

- Դուք համոզվա՞ծ եք... Ուզում եմ ասել` հույսը չեք կորցրե՞լ:

- Ոչ:

Եվ ես դժվարացա հասկանալ, թե այդ «ոչը» իմ երկու հարցերից որ մեկի պատասխանն էր: Խորանալ պետք չէր, ուստի փոխում եմ նյութը.

- Քիչ առաջ, կարծեմ, ասացիք` «կանացի հետաքրքրասիրությո՞ւն»:

- Այո:

- Չեմ ժխտում, բայց իմս նաև մասնագիտական է:

- Ինչպե՞ս հասկանալ, - զարմանում է ամուսինս:

- Որոշ գաղափարներ ունեմ… Այս նյութն ինձ շատ հետաքրքրեց… Դա կանացի արտառոց մի ճակատագիր է:

- Ոչ մի արտառոց բան չկա, - մեջ է ընկնում Լիրբը: - Դա սովորական պատմություն է... Դա նրա հերթական քմահաճույքն է... Սաղ աշխարհը խառնել ա իրար, ինքն էլ հիմա իրա համար ինչ-որ տեղ կայֆ ա անում:

Ամուսինս հուսահատ փորձում է նրան հայացքով սաստել, իսկ ես մեղմ ձայնով հարցնում եմ.

- Ձեր ընկերուհին համաձայն չէ՞:

- Ինչպե՞ս ասեմ... Նա կարծում է, որ այդ անհետացման մեջ ոչ մի արտառոց բան չկա, հավանաբար, ինչ-ինչ պատճառներով մեկուսացել է և մոտ ժամանակներս կհայտնվի...

- Դուք արտասովոր չեք համարո՞ւմ, որ ճանաչված դերասանուհին, գեղեցիկ կինը թռիչքից հաշվված րոպեներ առաջ հրաժարվում է օդանավ նստել և այնպես է անհետանում, որ առ այսօր հետքը չեն կարողանում գտնել... Դուք փիլիսոփա եք, պիտի որ ինձ հասկանաք. ճանաչված դերասանուհին ստանձնում է որոշակի հասարակական պարտավորություն, նա դառնում է յուրատեսակ խորհրդանիշ... և հանկարծ, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է հասարակական այդ առաքելությունից և անհետանում... Ինչ-որ առումով սա նաև դասալքություն է:

- Ինձ համար դժվար է սեփական կնոջս փիլիսոփայական կատեգորիաների մեջ դիտել, և հետո, նման դեպքեր կարծես եղել են նախկինում նշանավոր դերասանների հետ:

- Նույնը չէ, եթե նկատի ունեք այն դերասաններին, որոնք ստեղծագործական հագեցած կյանքով ապրելուց հետո, թողնում էին իրենց արվեստը, բայց ոչ անհետանում, մինչդեռ ձեր կնոջ դեպքը ես ուզում եմ քննել հենց փիլիսոփայական-հասարակական հայեցակետից... Շատ հետաքրքիր նյութ է: Պերսոնալիստ փիլիսոփան այս պատմության վրա մի ամբողջ գիրք կգրեր:

- Ինչպե՞ս հասկանալ, դուք ուզում եք, այսպես ասած, մասնավոր հետաքննություն սկսե՞լ:

- Ամենևին, թող դրանով ոստիկանությունն զբաղվի, ինձ հետաքրքրում է արտակարգ կնոջ, արտիստուհու ճակատագիրը... Հնարավոր է` ես մի գիրք գրեմ, վավերագրություն, գուցեև` վեպ կամ սցենար... ժանրը դեռ չեմ որոշել, առայժմ կուզեի հնարավորին չափ շատ փաստեր, վկայություններ հավաքել...

- Բայց դա հեշտ չէ, ժամանակ կունենա՞ք ձեր հիմնական առաքելությանը զուգահեռ զբաղվելու նաև դրանով...

- Ես ժամանակ կգտնեմ, և հետո մի մոռացեք, որ ես նախևառաջ լրագրող եմ, և նման հետաքրքիր նյութը ձեռքից բաց թողնելը պարզապես հանցագործություն կլիներ... ուստի, առաջին մարդը, որից պիտի ստանամ բոլորՙ քիչ թե շատ կարևոր տեղեկությունները, դուք եք... Ինձ հետաքրքրում է ամեն ինչ. նրա մասին գրված բոլոր հոդվածները, տեղեկությունները, մանրամասները, որ կարող եք պատմել ինձ, լուսանկարները, ժապավենները, կասետները... Ես ուզում եմ հատկապես նրա ձայնը լսել, նրա իրերը տեսնել, նրա զգեստները, եթե, իհարկե, թույլ կտաք, ամեն ինչ, հասկանո՞ւմ եք... Շատ կուզեի հանդիպել նաև նրա գործընկերներին, հարազատներին, անգամ նրա թշնամիներին, պիտի որ անպայման թշնամիներ լինեին, տաղադավոր և գեղեցիկ կինը չի կարող նախանձողներ, թշնամիներ չունենալ...

Ամուսինս անակնկալի է եկել: Մերթ նայում է հրեշին, մերթ` ինձ: Հետո թարգմանում է նրան խնդրանքս: Վերջինիս անդրադարձը դժվար չէր կռահել.

- Հիմա պըտի լուրջ գործերը թողած սրա կապրիզները բավարարե՞ս: Դու հասկանո՞ւմ ես ինչ ա սրա մտքինը, ուզում ա ուշադրությունդ շեղի...

- Դա առանձնապես շատ ժամանակ չի խլի, հազիվ մեկ-երկու ժամ, - մեղավոր երեխայի պես արդարանում է ամուսինս:

- Լավ էլ կխլի, սաղ օրը գալու ա մոտդ` ամբախ-զամբախ հարցեր տա, դրա համար էլ ուզում ա հիմիկվանից քու դաբռոն ստանա:

- Հասկացիր, չեմ կարող մերժել, իրավունք չունեմ, սխալ կհասկանա...

- Ոնց ուզում ա հասկանա, սա հենց սկզբից ինձ դուր չեկավ, սրան հաստատ առել են:

Նրանք արդեն մոռացել են իմ գոյությունը: Լիրբը խոսում է լկտի, գռեհիկ և ագրեսիվ:

- Մենք ըստեղ արուն-քրտինքով երկիր ենք պահում, ինքն էլ ընդե բավական չի կյանք ա վայելում, հըմի էլ պըտի իրա մասին գրքեր գրեն... Ափսո՜ս, լեզուն չգիտեմ, թե չէ ինչ որ պետքն ա կասեի...

Ես հանգիստ ծխախոտ եմ վառում և, ամուսնուս աչքերի մեջ նայելով, ասում.

- Որքան հասկացա, իմ խնդրանքը ձեր ընկերուհու սրտով չէ, շատ կուզեի իմանալ, թե ինչ ասաց: Արդյոք դա կանացի խանդ չէ՞:

- Ոչ, ոչ, խանդելու պատճառ չկա, պարզապես անհանգստանում է, որ դուք կզբաղվեք իմ կնոջ խնդրով և անուշադրության կմատնեք մեր գործը:

- Դատելով նրա գրգռված ձայնից, նա արդեն վետո դրեց, ես ճիշտ հասկացա՞:

- Ոչ, ինչպե՞ս կարող է վետո դնել, ի վերջո դուք եք որոշում, թե ինչով պիտի զբաղվեք:

- Խոսքը ձեր մասին է... Կներեք, ձեր հարաբերություններն ինձ չեն հետաքրքրում, սակայն ես կուզեի հստակ իմանալ, համաձա՞յն եք ինձ օգնել, թե՞ ոչ... Ասեմ` այս տեսարանն ինձ ավելի վճռական դարձրեց` գրելու ձեր կնոջ մասին, և ինձ թվում է, նրա անհետացումն սկսվել է այստեղից...

- «Այստեղ» ասելով այս բնակարանը նկատի ունե՞ք, թե՞ քաղաքը:

- Ե՛վ բնակարանը, և՛ քաղաքը:

- Զգուշացե՛ք, գիրքը դեռ չգրած, դուք արդեն կանխակալ կարծիքների գերի եք:

- Ահա թե ինչու եմ խնդրում, որ օգնեք ինձ... Այսպիսով, կարո՞ղ եմ հուսալ, հանգիստ եղեք, նա ոչինչ չի իմանա:

Ես շեշտակի նայում եմ նրա աչքերի մեջ: Խեղճը հուզմունքից քրտնել է: Շարունակում եմ նույն ոգով.

- Հուսամ, նա օրվա քսանչորս ժամն այստեղ չէ, հուսամ, գոնե մեկ-երկու ժամ կունենաք ինձ տրամադրելու... Ի դեպ, ձեր կնոջ ճակատագիրն անբաժան է ձեզնից, դուք նույնիսկ պիտի շահագրգռված լինեք:

Լիրբը նորից միջամտում է` միևնույն գրգռված ձայնով.

- Չեմ հասկանում, էս կնիկն էկել ա մեզ գործից շեղի՞... Պատմի թող իմանա, թե ինչ են արել մեր ընկերոջ հետ:

Ամուսինս գլխով համաձայնության նշան է անում նրան, հետո դառնում ինձ.

- Ես չեմ մերժում, մենք անպայման կհանդիպենք: Իսկ հիմա կուզեի ձեզ հայտնել երեկ տեղի ունեցած մի սոսկալի պատմության մասին:

Նա բարեխիղճ աշակերտի պես նայում է Լրբին, իբր, ահա, ես կատարում եմ քո հանձնարարությունը և, դառնալով իմ կողմը, շարունակում.

- Երեկ գիշեր, մեկուսարանում, ծեծել ջարդել են մեր ընկերներից մեկին, որը հիմա, մի քանի կոտրվածքներով, գրեթե անգիտակից վիճակում, գտնվում է հիվանդանոցում:

- Ծեծողներն ովքե՞ր են, ինչո՞ւ են ծեծել:

- Դժվար է ասել, թե ովքեր են ծեծել: Այդ խցում, նրանից զատ, ևս քսան հոգի կա, դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին, մթան մեջ մի քանի հոգով հարձակվել են վրան, ասում են մարմնի վրա ողջ տեղ չկա:

- Իսկ ինչո՞ւ են ծեծել:

- Կարծում եմ, այդ հարցը պիտի չտայիք. եթե նստած լիներ որպես գող, մարդասպան, մանկապիղծ կամ սովորական խաբեբա, նրա մազին դիպչող չէր լինի, բայց դուք լավ պիտի իմանաք, որ բռնատիրական երկրներում, ինչպիսին մերն է, քաղաքականները կրիմինալ տականքի դյուրին թիրախն են... և ոչ միայն բանտում, նաև, այսպես կոչված, ազատության մեջ... Ես իմ փորձով գիտեմ...

- Այսինքն, - անհանգիստ հարցնում եմ ես: - Ձեզ էլ են ծեծե՞լ...

- Բարեբախտաբար, ոչ, բայց այդ խուցը ես լավ գիտեմ. քսան քառակուսի մետրի մեջ խցկել են քսան հոգու, որոնց մեծ մասը քրեական տականքն է, որը հաճույքով կատարում է սրանց բոլոր հրահանգները` ծեծ, ջարդ, ամենօրյա ստորացումներ... Ժամանակ առ ժամանակ, զանազան մութ արարածներ են հայտնվում մի քանի օրով, սադրանքներ անում, հետո անհետանում:

- Սխալն այնտեղից է սկսվում, - միջամտում է Լիրբը, - որ քաղաքականներին միևնույն խցում են պահում քրեականների հետ:

- Շատ կուզեի այդ մեկուսարանն այցելել, և հնարավորին չափ շուտ: Հուսամ, դժվար չի լինի:

- Ձեզ համար պիտի որ դժվար չլինի:

 

 

¤

 

Այցելության իրավունք ստանալն իսկապես դժվար չեղավ, «Համմերն» էլ իսկույն հասցրեց մեկուսարան: Այժմ նստած եմ ամրակազմ ու ժպտադեմ փոխգնդապետի առջև:

- Ճի՞շտ է, որ ես արտոնյալ եմ:

- Առանց կասկածի, - պատասխանում է նա: - Բայց կոնկրետ ի՞նչը նկատի ունեք:

- Այն, որ այս պատահարի կապակցությամբ հրաժարվել եք լրագրողներին ընդունել և, ընդհանրապես, որևէ մեկնաբանություն անել:

- Ճիշտ է, ես գործել եմ օրենքի սահմաններում, մենք մամուլի ծառայություն ունենք, թող կապվեն և իրենց ուզած տեղեկությունն ստանան:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ ընդունել:

- Դուք հյուր եք, հետո ձեզ նման կնոջը դժվար է մերժել:

- Շնորհակալ եմ, և քանի որ այդքան սիրալիր եղաք, կուզեի մի բան էլ խնդրել: Հնարավո՞ր է արդյոք ձեր անձնական կարծիքը լսել կատարվածի մասին. ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Չեմ կարծում, թե ձեր պաշտոնական կարծիքն ամբողջ ճշմարտությունն արտահայտի:

- Իհարկե, ոչ. հո չէինք կարող ասել, թե ծեծկռտուքը տեղի է ունեցել խանդի հողի վրա:

- Ինչպե՞ս թէ խանդի հողի վրա:

- Ծեծված անձնավորությունը հայտնի միասեռական է, ամբողջ քաղաքը գիտի նրան:

- Ուրեմն, խեղճ տղան կրկնակի հալածանքի զոհ է դարձել` որպես քաղբանտարկյալ և որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ:

- Բայց նա իր քաղաքական հայացքների կամ սեռական շեղումների համար չի հայտնվել այստեղ, այլ մեքենաներ հրկիզելու, ցուցափեղկեր փշրելու և խանութներ թալանելու համար:

- Բայց, հավանաբար, չեք կարող ժխտել, որ նրա քաղաքական կողմնորոշումը վճռական դեր է խաղացել:

Փոխգնդապետը ծիծաղում է.

- Տիկին, կարո՞ղ եմ արդյոք այս առթիվ մի անեկդոտ պատմել ձեզ:

- Պայմանով, որ սրամիտ լինի:

- Մի պեդո‎ֆիլի դատում են որպես քաղաքական` «պիոներ բռնաբարելու համար»: Խորհրդային տարիների անեկդոտ է...

Անեկդոտն ինձ հայտնի է: Ժամանակին նման անեկդոտներ սիրում էինք իրար պատմել և լավ ծիծաղում էինք: Հիմա չեմ ծիծաղում: Բայց փոխգնդապետը չի վհատվում.

- Չգիտեմ, սրամիտ համարեցիք, թե ոչ, բայց կարծում եմ` իրավիճակը նույնն է. եթե կարելի է երեխա պղծել քաղաքական նկատառումներով, ապա, ինչո՞ւ չէ, կարելի է նաև ջարդել ու փշրել և ներկայանալ որպես քաղաքական հալածանքների զոհ:

Սկզբունքորեն համամիտ եմ նրան, սակայն չեմ ուզում այդ մասին ասել, ուստի փոխում եմ նյութը.

- Իսկ հնարավոր չէ՞ ծեծուջարդը կանխել ձեզ մոտ:

Փոխգնդապետը նորից է ծիծաղում, ախորժակով, սրտանց, լիաթոք.

- Եթե ձեր երկրների պատժիչ հաստատություններում կարողանում են նման բաները կանխել, ապա շատ կուզեի պատմեիք, թե ինչպես են դա անում, մեծագույն ուշադրությամբ կլսեմ ձեզ:

Հավանաբար միամիտ բաներ եմ խոսում:

- Գիտեք, ես մեծ մասամբ դրսում եմ լինում և այդ առումով շատ բան չգիտեմ:

- Բանտերի մասին շարունակ սարսափի ֆիլմեր եք նկարում, դրանք էլ չեք տեսե՞լ:

- Երանի ժամանակ ունենայի ֆիլմեր նայելու:

Կողքի պահարանից DVD-ներ է հանում և մեկնում ինձ.

- Վերցրեք, նվիրում եմ, հուսամ, այստեղ ժամանակ կունենաք նայելու, սա ձեզ շատ օգտակար տեղեկություններ կտա «ազատ աշխարհի» պատժիչ հաստատությունների մասին... Հարկ եմ համարում ավելացնել, որ այս ֆիլմերը նկարված են Ամերիկայում և Եվրոպայում...

- Շնորհակալ եմ, պարոն: Բայց ասացեք խնդրեմ, հնարավոր չէ՞ նման անձանց փոքր-ինչ ապահով պայմաններում պահել, որպեսզի խուսափեք այդպիսի միջադեպերից:

Երևի ես շատ հիմար հարց տվեցի. հեգնական-ներողամիտ ժպիտը նորից ծաղկում է նրա երեսին.

- Տիկին, ես մեծագույն սիրով յուրաքանչյուրին առանձին խուց կտրամադրեի` կոմունալ բոլոր հարմարություններով, սակայն չեմ կարող, չունեմ այդ պայմանները:

- Ուրեմն, դուք հրաժարվում եք առավել խոցելի մարդկանց պաշտպանել բռնությունից:

- Ես չեմ հրաժարվում, տիկին, ես պարզապես անում եմ իմ կարելին: Նկատի ունեցեք նաև, որ այստեղ հավաքված են հիմնականում մարդիկ, որոնց համար բռնությունը սովորական մի բան է:

Ես չգիտեմ, թե Դոմինիկն այս իրադրության մեջ ինչպիսի հարցեր կտար այս ժպտադեմ Ցերբերին(հետաքրքիր է, այդ ժպիտից բաժին հանո՞ւմ է կալանավորներին), բայց զգում եմ, որ պահեցի ինձ բավական ապաշնորհ: Եվ որքան շուտ հեռանամ այստեղից, այնքանՙ ավելի լավ:

- Ուրիշ հարցեր ունե՞ք, տիկին:

- Ոչ, առայժմ չունեմ:

- Այդ դեպքում, հրաժեշտից առաջ, կուզեի ձեզ մի բան ցույց տալ:

Հրակայուն պահարանից մի մեծ ծրար է հանում:

- Նրա ընկերները տարածել են, թե ծեծվածը ոսկրային կոտրվածքներ ունի: Ահա, խնդրեմ, նայեք ռենտգենոսկոպիան, որ այսօր ստացանք:

Ես ուշադիր նայում եմ, բայց ոչինչ չեմ հասկանում: Ես բժիշկ չեմ: Ըստ երևույթին, նա ճիշտ է, այլապես նման համոզվածությամբ չէր ցուցադրի:

- Ինչպես տեսնում եք, ոսկորները չեն վնասվել, իսկ մարմնի վրա, չեմ ժխտում, կապտուկներ և քերծվածքներ կան:

Վերադարձնում եմ ռենտգենը և համենայն դեպս ասում.

- Մենք, հավանաբար, նորից կհանդիպենք:

- Պատճառեք ինձ այդ հաճույքը, տիկին:

Նրա հաճոյախոսության մեջ հեգնանք կա, բայց թաքնված, բանտապետի համար չափազանց նրբին: Տե՛ղն է ինձ, եկել եմ այս գայլերի մոտ ու երեխայական հարցեր տալիս: Չէ, սա իմ խելքի բանը չէ...

 

 

¤

 

Ամուսինս ցուցաբերում է աներևակայելի քաջություն. երեկոյան զանգում է ինձ և հրավիրում թեյ խմելու: Անմիջապես ձեռքս եմ առնում հեռադիտակը. Լիրբն, իսկապես, իրար է անցել, սեղան է գցում: Այս անգամ իմ զգեստը չի հագել: Հուսամ, սեղանին դրված տորտն էլ ինքը չի պատրաստել:

Հանդիպումն այսօր ավելի զուսպ է: Նա վզովս չի ընկնում, բայց ատամները բացած ժպտում է: Ես պատմում եմ այցելության մանրամասները` աշխատելով գոնե նրանց աչքին միամիտ չերևալ: Ռենտգենին նրանք չեն հավատում:

- Որևէ առողջ մարդու ռենտգեն կլինի, - նկատում է ամուսինս: - Քանի ուշ չէ, պետք է պահանջել, որ նորն արվի և անպայման ձեր ներկայությամբ:

- Ըստ երևույթին կարելի է հասնել դրան: Բայց նկատի ունեցեք, եթե պարզվի, որ իմ տեսածն իսկապես կեղծ չէր, ապա ձեր դիրքերն ինչ-որ չափով կթուլանան:

- Բնավ չեն թուլանա, - համոզված հայտարարում է ամուսինս: - Ամեն առիթ պետք է օգտագործել դրանց վրա հարձակվելու համար:

- Լսեք, այդ փոխգնդապետն ինքն ընդունեց, որ մարմնի վրա բռնության հետքեր կան, մի՞թե այդքանը բավական չէ ձեզ:

- Ընդունեց, որովհետև դա երևում է անզեն աչքով:

- Իսկ եթե «զինված աչքով», ձեր ներկայությամբ հաստատվի, որ ոսկորների կոտրվածք չկա, ժողովուրդն արդյոք ձեզ չի մեղադրի՞, որ չափազանցում եք իրողությունները:

- Ժողովուրդն առաջին գոռացողին է հիշում, - առանց աչքը թարթելու պատասխանում է ամուսինս: - Հետո, որքան կուզեն` թող հերքեն, արդարացողը միշտ կասկածներ է հարուցում, մանավանդ երբ դա պետությունն է:

Մի պահ սևեռուն նայում եմ նրան. ուզում եմ հավատալ, որ առջևս իսկապես ամուսինս է.

- Ձեր փիլիսոփայական տրակտատներում այդպիսի մտքեր կա՞ն:

- Չկան և չէին կարող լինել:

- Ինչո՞ւ:

- Ինքներդ գիտեք, թե ինչու:

Եթե երբեմնի ազատամիտ փիլիսոփան է այսպես խոսում, ապա ինչեր կասեն և մանավանդ կանեն «բորդել պապաներն» ու «ազգային հերոսները»: Սիրտս խառնում է, այլևս չեմ ուզում այդ մասին խոսել.

- Դուք խոստացել էիք ձեր կնոջ վերաբերյալ նյութեր տրամադրել:

- Որոշ բաներ պատրաստել եմ, առաջիկայում էլ, քանի այստեղ եք, կաշխատեմ օգնել... և գիտե՞ք ինչու...

- Խոստացել էիք:

- Այո, բայց ոչ միայն: Ես տեսնում եմ, որ այդ գործը դուք ավելի լավ կանեք, դա, հավանաբար, ձեր նկարագրին ավելի հարազատ է:

- Շնորհակալ եմ, բայց մի մոռացեք, որ ես այստեղ ուրիշ առաքելությամբ եմ եկել:

- Անշուշտ, չեմ մոռանում, բայց, կներեք, համոզված չեմ, թե այս քաոսից գլուխ կհանեք... Ձեզ համար, ըստ երևույթին, ավելի դյուրին էր աֆրիկյան ծանոթ սինդրոմները վերծանել, այնտեղ վիճակն անհամեմատ ավելի պարզ պիտի լիներ, մինչդեռ Հայաստանը բարդ երկիր է... Բազմաթիվ խնդիրներ կան դեռևս հնուց եկած, որ խառնվել են նորերին և մի ահավոր թնջուկ սարքել... Անկեղծ ասեմ, ես ինքս արդեն շատ բաներից գլուխ չեմ հանում... Լսեք իմ խորհուրդը, շատ մի խորացեք, վերցրեք առաջարկվող նյութերը, տարեք ձեզ հետ, թող այնտեղ ձեր փորձագետները վերծանեն, եթե կարող են:

- Ըստ էության ես այդպես էլ պիտի անեմ, բայց պաշտոնականից զատ ես ունեմ նաև իմ անձնական շահագրգռվածությունը. դուք մոռանում եք, որ իմ մեջ նաև հայկական արյուն կա:

- Գիտեմ, ես ձեր կայքէջն եմ բացել և ահագին նյութեր կարդացել... Ես զարմանում եմ, դուք ձեր անբասիր հեղինակությամբ ինչո՞ւ եք մտել քաղաքականություն, դա մի ասպարեզ է, որտեղ անկարելի է մինչև վերջ մաքուր մնալ:

- Իմն ավելի շատ հումանիտար գործունեություն է, բայց դուք ինչո՞ւ մտաք քաղաքականություն:

- Ես ուրիշ ելք չունեի... Դա շատ աննկատ եղավ, ինքնաբերաբար, այն, ինչ երազել էի ամբողջ կյանքում, վերջապես հնարավորություն էի ստանում իրականություն դարձնելու:

- Եվ դարձա՞վ:

- Երազելն ավելի գեղեցիկ էր... Ուտոպիան ոչ մի դեպքում չի կարելի իրականություն դարձնել:

- Մի՞թե մարդկության նախորդ փորձերը բավարար չէին նման սխալից խուսափելու համար:

- Հավանաբար, ոչ, մարդկությունը դատապարտված է շարունակ նույն սխալը կրկնելու:

- Միշտ էլ կարելի է ասպարեզը լքել, մանավանդ ձեզ նման մարդուն:

- Դա հավասարազոր կլինի ինքնասպանության...

Այս հոգնած ձայնը ես լավ գիտեմ: Նա ճիշտ այսպես էր խոսում ժամանակին, երբ չարության, բթամտության անհաղթահարելի պատին էր դեմ առնում: Հիմա էլ, այն օրերի պես, խմիչքը բացել է նրա լեզուն:

- Ինձ համար անսպասելի էր այս խոստովանությունը լսել:

- Եթե ձեզ շատ հետաքրքրեց, կարող եք ավելացնել ձեր հաշվետվությանը:

- Ինձ հետաքրքրեց, բայց այնտեղ հազիվ թե հետաքրքրական թվա: Եվ քանի որ անկեղծացաք, կուզեի ուրիշ բան խնդրել ձեզնից, միայն չմերժեք:

Նա ժպտում է.

- Գիտեմ ինչ եք խնդրելու: Ուզում եք կնոջս մասին պատմեմ: Կռահեցի՞... Սիրով, բայց ոչ հիմա: Մի երկու օր հետո, երբ երկուսով լինենք: Իսկ հիմա` վերջ քաղաքականությանը, ես զզվել եմ դրանից:

Նա չորրորդ, թե հինգերորդ անգամ է լցնում իր բաժակը, առանց հարցնելու լցնում է նաև իմը` թթի զորավոր օղին: Այս հարցում էլ չի փոխվել: Ժամանակին այսպես նստում էինք օղու շշի առջև` երկուսով, հիմնականում խմում էր ինքը, երբեմն էլ ինձ առաջարկում: Դժվար էր, բայց ընտելացա: Քանի՜ տարի է չեմ խմել այս օղին... Վերցնում եմ բաժակը և միանգամից խմում: Ամուսինս ապշած նայում է ինձ:

- Բրավո՛, դուք իմ տեսած առաջին եվրոպացին եք, որ այդպես հեշտությամբ խմեց:

- Այնքան էլ հեշտ չէր, - պատասխանում եմ հազալով: - Բայց ես սովոր եմ: Մեր տանձի օղին էլ թունդ է:

Նա հարգալից գլուխը վեր ու վար է անում.

- Ցավոք, չեմ կարող ձեզ տանձի օղի առաջարկել, բայց սրանից մի շիշ էլ ունեմ, երբ հաջորդ անգամ հանդիպենք, սեղանին կլինի: Իսկ առայժմ, վերցրեք այս ցուցակը: Այստեղ ներկայացված են նրա ազգականները, ընկերուհիները, նրա թատրոնը, նույնիսկ լրագրողները, ովքեր, սովորաբար, գրում էին նրա մասին, մի խոսքով...

Ես նայում եմ ցուցակը. բարեխղճորեն է կազմված. հասցե, հեռախոս, ազգակցական կապը, մասնագիտությունը, ոմանց նույնիսկ տարիքն է նշված:

- Համոզված չեմ, թե կհասցնեք բոլորին տեսնել, մի քանիսը գուցե այստեղ չեն, մեկ-երկուսն էլ գուցե այլևս... Մի խոսքով, հասկանում եք, մարդիկ անհետանում են փղերի պես...

Նա այսօր ինձ ավելի համակրելի է թվում: Լիրբը լուռ նստած նայում է. ոչ մի անգամ չմիջամտեց: Ամուսինս, հավանաբար, դաստիարակչական աշխատանք է տարել:

- Քանի որ այդքան սիրալիր եղաք, ձեր տիկնոջ արխիվն էլ տվեք:

- Ավա՜ղ, - պատասխանում է նա, - տանը գրեթե ոչինչ չի մնացել, ամբողջը հանձնել ենք Պետական թանգարան:

- Վաղո՞ւց:

- Մի տասը տարի առաջ էր: Այնտեղ մի գիտաշխատող կար, կնոջս երկրպագուն էր, ոչ մի ներկայացում բաց չէր թողնում... Եկավ, ինչ կար-չկար հավաքեց տարավ, թանգարանի հասցեն կա այդտեղ` կնոջ անունն էլ... Անպայման հանդիպեք` նա ձեզ շատ բան կպատմի:

- Սպասեիք, թող ձեր կինը գար ինքը որոշեր, ինչո՞ւ այդքան հեշտ հրաժարվեցիք նրա արխիվից:

- Ամեն ինչ չեմ տվել, - արդարանում է նա: - Մի քանի լուսանկարներ, մեր նամակները, որ ինձ համար թանկ են, պահել եմ, մեր հաջորդ հանդիպմանը ցույց կտամ:

Հրաժեշտ եմ տալիս նրանց: Դռան մոտ ամուսինս, իմիջիայլոց, ասում է.

- Աշխատեք նրա մորը հնարավորին չափ շուտ հանդիպել, կարծեմ վատառողջ էր:

Ես քարանում եմ, բայց ջանում եմ ամեն կերպ հուզմունքս զսպել.

- Ի՞նչ ունի, գուցե պետք է օգնել...

- Ստույգ չեմ կարող ասել... Դե, ծեր է, այդ տարիքում ինչ ասես կարող է լինել:

Կասկածներ չհարուցելու համար ուրիշ հարցեր չեմ տալիս:

- Լավ, կաշխատեմ առաջինը նրան հանդիպել:

Տուն եմ մտնում, հազիվ հասցնում եմ զգեստներս փոխել, երբ հեռախոսը զնգում է: Ամուսինս է, հայտնում է, որ իմ ֆիլմերից մեկն են ցուցադրում հեռուստատեսությամբ:

Անմիջապես միացնում եմ: Իմ լավագույն դերակատարումներից մեկն է, որ նկարահանվեցի «Լենֆիլմում»: Բարեբախտաբար նոր է սկսվել: Հարմար տեղավորվում եմ հեռուստացույցի առջև և տրամադրվում ինքս ինձ նայելու «օտարի» աչքով: Հոյակապ տեսարաններ ունեմ այդ ֆիլմում: Սակայն իմ սպասումներն իզուր են. րոպեներն անցնում են, ֆիլմը մոտենում է ավարտին, սակայն ես չկամ, չհաշված մեկ-երկու տեսարաններ ընդհանուր պլանով: Սա ի՞նչ առեղծված է: Բանից անտեղյակ հանդիսատեսը պիտի հարց տա` եթե այդպիսի համեստագույն տեղ էր հատկացված այդ դերասանուհուն, ինչո՞ւ էին անունը խոշոր տառերով ներկայացրել սկզբում, գլխավոր դերակատարների մեջ:

Բառացիորեն նույն հարցերն է տալիս ամուսինս, որն այս ֆիլմը հրաշալի գիտի: Չնայած ուշ ժամին, զանգել ներողություն է խնդրում կորած ժամանակիս համար.

- Փաստորեն նրան չտեսաք, - արդարանում է նա: - Նրա բոլոր տեսարաններն անհետացել են:

- Բայց մի՞թե դա հնարավոր է:

- Այս երկրում ամեն ինչ հնարավոր է:

- Բայց դա հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է:

Ամուսինս ծիծաղում է.

- Ի՜նչ իրավունք, ինչե՜ր եք խոսում:

- Նման բաներ հաճա՞խ են պատահում:

- Այսպիսի կամայականություններ ամեն օր պատահում են, որտեղ ասես, բայց արվեստի բնագավառում սա իմ տեսած առաջին փաստն է:

- Անհասկանալի է, ինչո՞ւ են ցուցադրում այդ ֆիլմը Հայաստանում, եթե պիտի հայ դերասանուհու տեսարանները հանվեին:

- Հենց այդ նպատակով, որ դու չկաս, գոյություն չունես այլևս:

- Այդ ֆիլմը պիտի որ լավ իմանաք, կարո՞ղ եք ասել, ուրիշ կրճատումներ կայի՞ն:

- Կարծես թե չկային, միայն նրան էին կրճատել:

Սոսկալի վիրավորանքից, աղաղակող անարդարության զգացումից քիչ է մնում գոռամ, բայց հերթական անգամ զսպում եմ ինձ.

- Կարո՞ղ եք ինձ համար ժամադրություն վերցնել հեռուստատեսության տնօրենի հետ:

Լռություն:

- Եթե դժվար է, հեռախոսը տվեք, ես կզանգեմ:

- Գիտեք, չէի ուզի դրան զանգել: Բայց կաշխատեմ կազմակերպել ձեր հանդիպումը:

- Շատ եմ խնդրում, վաղն իսկ, թեկուզ առավոտյան: Բացատրեք, որ գիրք եմ գրում և որ այս հանդիպումը քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի:

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am