Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Սեպտեմբեր 2012, N 5

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ստորև դիտարկելու ենք համաշխարհային քաղաքականության իրադարձությունները 2012թ. աշնան երեք ամիսներին։ Թեև իրադարձությունների առումով այս շրջանը հագեցած էր, նորություններով հագեցած էին աշխարհի բոլոր անկյունները, բայց կանգ կառնենք գլխավորների վրա, քանի որ դրանք են տոն տալիս աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզին՝ կանխորոշելով և անգամ թելադրելով գլոբալ փոփոխությունների հետագա դինամիկան։

Սեպտեմբերի սկզբին շարունակում էր օրակարգում մնալ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման հարցը։ Միջազգային հանրության ներկայացուցիչները հայտարարություններ էին անում, ճիշտ է՝ ոչ այնքան կոշտ, բայց դատապարտում էին պաշտոնական Բաքվի գործողությունները։ Բայց այս ամենի միջով մի տագնապալի գիծ էր անցնում՝ հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքն անդառնալի վնաս հասցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վարվող բանակցային գործընթացին, և բոլոր կողմերը, արտահայտելով իրենց դիրքորոշումը «Սաֆարովի գործի» վերաբերյալ, մտահոգ էին հենց այդ հանգամանքի հետ կապված։

Այդ օրերին տարածաշրջանային այցով Երևան և Բաքու էր ժամանել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում նա իր մտահոգությունն է հայտնել Սաֆարովի ներման առիթով՝ կրկնելով Երևանում արած հայտարարությունը։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Սաֆարովի ներումը չի կարող նպաստել խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծմանը և ընդգծեց, որ դա կարող է բացասաբար ազդել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Ռասմուսենը վերստին նշեց, որ ՆԱՏՕ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

Այդ ընթացքում Հայաստանի նախագահն ընդունում էր տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ հավատարմագրված դեսպաններին։ Օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը նախազգուշացրեց այն մասին, որ Սաֆարովի ներմամբ Ադրբեջանի նախագահը փորձեց ստուգել միջազգային հանրության հակազդեցությունն ադրբեջանական կողմի անհեթեթ քայլերին։ «Գիտե՞ք, ես պատերազմ անցած մարդ եմ, դրա համար էլ նոր պատերազմ չեմ ուզում։ Բայց միայն ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ։ Եվ այդ գործողությունները պետք է սկսվեն այն բանից, որ իրերն անվանվեն իրենց անուններով։ Այսպես կոչված դիվանագիտական կոռեկտությունն այս ոլորտում պարզապես վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Մի խոսքով՝  Բաքվի իշխանությունների, մեղմ ասած, ապակառուցողական գործողությունների պատճառով փխրուն խաղաղությունը տարածաշրջանում հայտնվել է հարվածի տակ, իսկ միջազգային հանրությունն առայսօր ստիպված է կուլ տալ Մեհրիբան Ալիևայի ամուսնու եփած ապուրը։

Բայց սեպտեմբերին Հայաստանի համար նաև դրական իրադարձություն տեղի ունեցավ, որը, անշուշտ, կարելի է մարզական տրիումֆ անվանել. մեր երկիրը հաստատեց շախմատային տերության իր կարգավիճակը՝ երրորդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում։ Ստամբուլում անցկացվող վերջին մրցաշարում հայ շախմատիստները հաղթեցին հունգարներին 2,5։1,5 հաշվով։ Հայաստանի հավաքականին հաղթանակ բերեց Սերգեյ Մովսիսյանը՝ հաղթելով Զոլտան Ալմաշիին։ Հայաստանը հավաքեց 19 միավոր, ինչպես և Ռուսաստանը, բայց նրանից առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշներով։

Հայաստանի հավաքականը Ստամբուլի Օլիմպիադայում ինը հաղթանակ տարավ, կրեց մեկ պարտություն (չինացիներից) և ոչ ոքի խաղաց ռուսաստանցիների հետ։

Սեպտեմբերի 11-ին Լիբիայում դրամատիկ և աղաղակող իրադարձություն տեղի ունեցավ, որը դիտորդները հեգնանքով անվանեցին «արաբական գարնան փտած պտուղներ»։ Բենգազիում զինյալները հարձակվեցին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա, հարձակման զոհ դարձան ամերիկյան դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը և պետդեպարտամենտի երեք աշխատակից։ Հատկանշական է, որ դեսպան Սթիվենսը Վաշինգտոնում արաբական խաղաղության գծով գլխավոր մասնագետներից մեկն էր համարվում։ Հենց նա էր անցած տարի Մուամար Քադաֆիի դեմ ապստամբած լիբիական ընդդիմությանը ցուցաբերվող արևմտյան օգնության գլխավոր համակարգողներից մեկը։ Մարտական գործողությունների թեժ պահին նա քանիցս մեկնել է Բենգազի, որտեղ էլ արդյունքում կնքեց իր մահկանացուն այն նույն «հեղափոխականների» ձեռքով, որոնց օգնում էր զավթել իշխանությունը։

Սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ամենամեծ զորավարժարանում, որը կրում է խորհրդային մեծ զորավար Հովհաննես Բաղրամյանի անունը, ՀԱՊԿ ուժային կառույցների մասշտաբային զորավարժություններ անցկացվեցին։ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների ակտիվ փուլին մասնակցեց մոտ երկու հազար մարդ, մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկա և գրոհային ավիացիա։ Զորավարժությունների ընթացքին հետևում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները, ՀԱՊԿ ՕԱՀՈւ (օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր) շտաբի ներկայացուցիչները։ Առաջին անգամ ծավալուն զորավարժությունների ժամանակ գործի դրվեցին ԱԻՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստորաբաժանումները։ Եվս մեկ նորություն էր ՀՕՊ միջոցների և հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։

Իսկ հիմա խոսենք Հարավային Կովկասում աշնանային ամենագլխավոր իրադարձության՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին։ 2012թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած քվեարկությունը ոչ միայն փոխեց երկրի քաղաքական պատկերը, այլև միանգամայն նոր խթան հաղորդեց իրավիճակի զարգացմանը մեր տարածաշրջանից դուրս։ Եվ այսպես, ընտրությունների արդյունքներով Վրաստանում իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ։ Քվեարկության պաշտոնական արդյունքներն այսպիսին էին. «Վրացական երազանքը» ստացավ ձայների 55%-ը, իսկ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժումը»՝ 45։

«Առաջին անգամ Վրաստանի պատմության մեջ այնպես պատահեց, որ քաղաքացիները կարողացան փոխել կառավարությունն ընտրությունների ճանապարհով։ Դա մեծ իրադարձություն է վրացական պատմության մեջ, այն գրվելու է ոսկե տառերով։ Մարդիկ կարողացան ստիպել և՛ կառավարությանը, և՛ ընդդիմությանը գործել օրենքի շրջանակում»,- հայտարարեց Իվանիշվիլին քվեաթերթիկների հաշվարկի առաջին արդյունքների հրապարակումից հետո։

Բայց, մյուս կողմից, այս ընտրությունները Վրաստանի պատմության մեջ կմտնեն որպես ամենալարված, անկանխատեսելի և ընտրատեխնոլոգիաների ոճով՝ կեղտոտ ընտրություններ։ Իսկապես, սկզբում «կոմպրոմատների պայքար» էր գնում, որն սկսվեց ընդդիմադիր ԶԼՄ-ներում Թբիլիսիի բանտում բանտարկյալների կտտանքների մասին տեսանյութով։ Իշխանությունները կտտանքների մասին տեղեկությունները Մոսկվայի փողերով սարքված սադրանք անվանեցին և անցան հակահարձակման. եթեր հեռարձակեցին տեսանյութեր այն ընդդիմադիրների մասին, որոնք կաշառում են ոստիկաններին և շփվում օրենքով գողերի հետ։ Ընդդիմությունը պատասխանեց նոր տեսանյութով։

Ընտրությունների նախօրեին ընդդիմությունը գործող իշխանություններին մեղադրեց վարչական ռեսուրսն օգտագործելու մտադրության մեջ, ի պատասխան՝ մեղադրվեց ընտրողներին կաշառելու մեջ։ Ավելի ուշ, արդեն անմիջապես քվեարկության ժամանակ, կողմերը միմյանց մեղադրում էին ընտրատեղամասերում բազմաթիվ խախտումներ թույլ տալու մեջ։ Հակամարտող կողմերն անգամ բռունցքներով էին հաշիվներ պարզում։

Բայց ընտրություններն անցան, իրավիճակը Վրաստանում, ինչպես վերը նշեցինք, արմատապես փոխվեց, փոխվեց նաև Թբիլիսիի արտաքին քաղաքականությունը։ Ներքին քաղաքականության հարցերում նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնարկեց այն բանից, որ սկսեց թուլացնել Սաակաշվիլու դիրքերը՝ կրճատելով նրա «նախագահական» բյուջեն ֆինանսական միջոցների խնայողության նպատակով, հետաքննություն սկսեց նախագահի՝ նախկին կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող զինակիցների հանդեպ։ Այս ֆոնին Վրաստան սկսեցին վերադառնալ Սաակաշվիլու հակառակորդները, նրանց մեջ՝ այնպիսի անցանկալի մեկը, ինչպիսին է Իրակլի Օկրուաշվիլին։ Արտաքին քաղաքականության առումով Իվանիշվիլին նշեց հետևյալ գերակայությունները. եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիան այլընտրանք չունի, միևնույն ժամանակ՝ Վրաստանը փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Իվանիշվիլին նույնիսկ այս հարցերով ներկայացուցիչ նշանակեց, բայց երկրի տարածքային ամբողջականությունից հրաժարվել չի պատրաստվում։ Մի խոսքով՝ քանի դեռ իրավիճակը վերափոխման փուլում է, ինչ-որ կանխատեսումներ անելն անիմաստ է։ Մի բան կարելի է վստահաբար ասել՝ Սաակաշվիլու օրոք առկա անկանխատեսելիությունն ու արկածախնդրությունը Թբիլիսիի դիրքորոշման մեջ, հաստատ, վերացել են։ Ի դեպ, գալիք տարի, նախագահի ընտրություններից հետո, երկրում փոխվելու է հասարակական-քաղաքական կարգը, և խորհրդարանն ու կառավարությունը, մասնավորապես՝ վարչապետը, զգալիորեն ավելի մեծ լիազորություններ կստանան։

Իսկ այժմ անցնենք 2012թ. աշնան կարևորագույն համաշխարհային իրադարձությանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությանը։ Քվեարկության արդյունքներով, որը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ստացավ ընտրողների 332 ձայն, նրա մրցակից Միթ Ռոմնին՝ 206։ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, որը հավաքում է ընտրողների 538 ձայնից 270-ը։ Նահանգում ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը հավաքած թեկնածուն հավաքում է նահանգի բոլոր ընտրողների ձայները։ Դեկտեմբերի 17-ին յուրաքանչյուր նահանգի ընտրողները կանցկացնեն իրենց քվեարկությունը, որի ընթացքում պաշտոնապես կընտրեն նախագահին՝ ձայները տալով «իրենց» թեկնածուներին։ Ընտրողների այդ քվեարկության արդյունքները դեկտեմբերի 26-ին կփոխանցվեն ԱՄՆ կոնգրեսին, և 2013թ. հունվարի 6-ին Վաշինգտոնում կհրապարակվեն երկու պալատների հատուկ համատեղ նստաշրջանում։ Ընտրյալ նախագահի երդմնակալությունն ավանդաբար տեղի է ունենում ընտրության հաջորդ տարվա հունվարի 20-ին։

Եվ այսպես, Բարաք Օբաման հաղթեց և առաջնահերթ զբաղվեց նոր վարչակազմի ձևավորման գործով։ Ինչպես ընտրություններից մի քանի օր հետո նշել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, նախագահը դեռ որոշում չի ընդունել կոնկրետ թեկնածությունների հետ կապված։ Նա նաև հրաժարվել է մեկնաբանել այն լուրերը, թե պետդեպարտամենտի ղեկավար կարող  է նշանակվել ՄԱԿ ներկայիս մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը։ Բայց հստակ հայտնի է, որ ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է թողնել պաշտոնը Օբամայի երդմնակալությունից հետո։

Օբամայի հաղթանակից հետո շատ դիտորդներ հայտարարեցին, թե նրա արտաքին քաղաքականությունը կլինի հավասարակշռված, գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ չեն լինի։ Փորձագետները նշում են, որ հանրապետականները, ի տարբերություն դեմոկրատների, ավելի կոշտ քաղաքականություն են վարում միջազգային հարաբերություններում, իսկ Օբամայի մրցակից Միթ Ռոմնիի հաղթանակի դեպքում, մասնավորապես, կմեծանար Սիրիայում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությունը, մինչդեռ Օբամայի հաղթանակը նվազեցնում է այդ հավանականությունը։

Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին հակառակը։ Սկսենք սիրիական ճգնաժամից։ ԱՄՆ նախագահի ընտրություններից շատ չանցած՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի շուրջ օղակը սկսեց արագ սեղմվել։ Սկզբում սիրիական «դեմոկրատները» Կատարի մայրաքաղաքում պայմանավորվեցին «ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» (ԸՀՈւԱԿ) ստեղծման մասին, որը, նախագծի հեղինակների մտահղացմամբ, «կներկայացնի Ասադի բոլոր հակառակորդների շահերը»։ Սակայն նոր հակակառավարական միության մեջ մտան ընդդիմության ամենևին էլ ոչ բոլոր ներկայացուցիչները։ Մասնավորապես, Դոհայի բանակցություններն անտեսեցին Ազգային համախմբման կոմիտեի ներկայացուցիչները, որը գործում է Սիրիայի ներսում։ Ավելին, սիրիական քրդերի երկու ամենամեծ խմբավորումները հայտարարեցին, որ իրենց ուժերը կմիավորեն ապստամբների խմբավորումների դեմ պայքարելու համար. Քրդական ազգային խորհրդի և Արևմտյան Քրդստանի Ժողովրդական խորհրդի միջև համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Իրաքում կայացած բանակցությունների արդյունքում։ Շարժումների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմում միավորված ռազմական կազմավորումները չեն պաշտպանի ոչ մեկին, այլ կպաշտպանեն միայն քրդական ավանների բնակիչներին։ Նրանք հայտարարեցին նաև, որ մտադիր են ստեղծել քրդական ինքնավարություն ապագա սիրիական դաշնության կազմում։

Այնուամենայնիվ, չնայած դրան, ԸՀՈւԱԿ-ը ստացավ Արևմուտքի և Թուրքիայի լայն աջակցությունը։ Օրինակ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապեց Ելիսեյան պալատում ընդունել այդ կազմակերպության ղեկավար, շեյխ Ահմեդ ա Մուազա ալ-Խաթիբին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ասադի հակառակորդների հետ հանդիպման ընթացքում Օլանդը հաստատեց, որ իր երկիրը «սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ» է ճանաչում ԸՀՈւԱԿ-ը և օգնելու է ընդդիմությանը։ Բացի այդ, նա տեղեկացրեց, որ «Ֆրանսիայում Սիրիայի դեսպան կլինի, որը կնշանակվի կոալիցիայի նախագահ»։

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ահմեդ ալ-Խաթիբը փորձում էր ֆրանսիական կողմի հետ պայմանավորվել զենքի մատակարարման շուրջ։ Օլանդը խոստացավ, որ այդ հարցը կներկայացնի ԵՄ քննարկմանը։ Ազգային կոալիցիային օգնել խոստացան նաև ԱՄՆ իշխանությունները, թեև ԸՀՈւԱԿ լեգիտիմությունը ճանաչել չեն շտապում։

Այս իրադարձություններից հետո ասպարեզում կրկին հայտնվեց Մերձավոր Արևելքի գլխավոր սադրիչը՝ Թուրքիան։ Հայտարարելով Սիրիայի կողմից հնարավոր հրթիռային սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտության մասին՝ Անկարան նոյեմբերի վերջին պաշտոնական հարցում ուղարկեց ՆԱՏՕ՝ Սիրիայի հետ 900 կիլոմետրանոց սահմանին Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու մասին։ Թուրքական իշխանությունները հավաստիացնում էին, որ զենիթահրթիռային համալիրները նախատեսված են «թուրքական տարածքի պաշտպանության համար և կօգտագործվեն Սիրիայի անթռիչք գոտու սահմանման համար»։ Անկարայի հավաստիացումներին քչերը հավատացին։ Այսպես, Սիրիան այս քայլը «սադրիչ» անվանեց։ Թուրքիայի գործողությունները քննադատական գնահատական ստացան նաև Իրանի ու Ռուսաստանի կողմից։ Օրինակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Patriot-ի հնարավոր տեղակայումը սիրիա-թուրքական սահմանին անվանեց  տարածաշրջանում լարվածության խորացմանն ուղղված քայլ։ Իր հերթին, ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն նախազգուշացրեց, որ Patriot համակարգերի տեղակայումը սիրիա-թուրքական սահմանին՝ ակնհայտ քայլ է սիրիական իրադարձություններին դաշինքի ներգրավման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա, ինչպես հայտարարեց բրիգադի գեներալ Յադուլա Ջավանին (ԻԻՀ հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի գլխավոր զինվորական խորհրդական), Թուրքիան պետք է գիտակցի, որ հրթիռների տեղակայումը ռազմավարական սխալ է։ «Եթե այդ հրթիռները տեղակայվում են Սիրիայի գործերին միջամտությունը նախապատրաստելու համար, ապա Անկարան էլ ավելի մեծ վնաս կկրի, քան առաջ, և դրա համար չափազանց թանկ գին կվճարի։ Այն բանից հետո, երբ Սիրիայում ճգնաժամբռնկվեց, Անկարան դարձավ Արևմուտքի և սիոնիստների խաղի մասնակիցը և սկսեց օգնել սիրիացի գրոհայիններին՝ նպաստելով բռնության աճին»,- հայտարարել է գեներալ Ջավանին։

Չնայած լարված իրավիճակին, Մոսկվայի և Թեհրանի կողմից հնարավոր հետևանքներին ու նախազգուշացումներին՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ռասմուսենը նոյեմբերի 27-ին հայտարարեց, որ դաշինքն օրերս որոշում կընդունի թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայման մասին։ «Մենք ունենք Թուրքիայի պաշտպանության բոլոր անհրաժեշտ պլանները, և եթե պահանջվի, մենք դրանք գործի կդնենք»,- հայտարարեց Ռասմուսենը։

Խոսենք նաև մերձավորարևելյան ևս մեկ իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Խոսքն իսրայելական «Ամպի սյուն» գործողության մասին է Գազայի հատվածում, որը շատերն անվանեցին «Իրան ներխուժման գլխավոր փորձ»։ ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների և արմատական իսլամիստական այդ կազմակերպության առաջնորդների դեմ ութօրյա պատերազմական գործողության ընթացքում Իսրայելն օգտագործեց F-16 և F-15 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, հակաբունկերային ռումբեր, այսինքն՝ բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն Իրանի հետ ենթադրյալ առճակատման դեպքում։ Ի թիվս այլ բաների, Իսրայելն իր ռազմական մեքենան և թիկունքը պատրաստում էր Իրանի հետ գալիք դիմակայության հետևանքներին։

Հատուկ գործողության սկսվելուց հետո պաղեստինյան զինյալները կտրուկ ակտիվացրին իսրայելյան տարածքների հրթիռակոծումները։ Ռմբակոծությունների արդյունքում զոհվեցին ավելի քան 140 մարդ պաղեստինյան և 5 հոգի՝ իսրայելյան կողմից։ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքման մասին հայտարարվեց նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան։ Հրադադարի կնքումից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալեդ Մաշալը հայտարարեց, որ Իսրայելի հատուկ գործողությունը Գազայի հատվածում ձախողվել է։ Ըստ նրա՝ «Իսրայելը չկարողացավ հասնել հայտարարված նպատակներից ոչ մեկին»։

Շարունակելով պաղեստինյան թեման՝ նշենք, որ նոյեմբերին Իսրայելը մեծ անհաջողություն կրեց այն բանից հետո, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ տվեց։ Համապատասխան բանաձևին կողմ քվեարկեցին ՄԱԿ 193 անդամ երկրներից 138-ը, դեմ էին 9-ը, 41 մասնակից ձեռնպահ մնաց, որոշ երկրներ ընդհանրապես չքվեարկեցին։ Փաստաթղթին հավանություն տված երկրների մեջ էին Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Լիբանանը, Թուրքիան, ՀԱՀ-ը և Հարավային Կորեան։ Պաղեստինի՝ որպես պետության ճանաչմանը դեմ էին Իսրայելը, ԱՄՆ-ը, Կանադան, Պանաման և Չեխիան ու էլի մի շարք մանր կղզեպետություններ՝ Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, Մարշալյան կղզիները։

ՄԱԿ ԳԱ փաստաթղթում հաստատվում է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը Պաղեստինի պետության՝ 1967թ. Իսրայելի կողմից զավթված տարածքում։

Մինչև այժմ Պաղեստինը համաշխարհային կազմակերպությունում ներկայացված էր որպես դիտորդ-սուբյեկտ։ Նրա կարգավիճակի բարձրացումը պաղեստինցիներին թույլ կտա դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ Իսրայելի դեմ մեղադրանք առաջադրելու համար։

Տարածաշրջանային թեմատիկայից անհրաժեշտ է առանձնացնել նաև Իրանի դեմ նոր՝ երրորդ պատժամիջոցների փաթեթը, որն արժանացել է ամերիկյան սենատի հավանությանը։ Պատժամիջոցները, որոնց վերաբերյալ օրինագիծն ընդունվեց որպես ներկայում պալատի կողմից քննարկվող պաշտպանական բյուջեի լրացում, ուղղված են Իրանի էներգետիկ հատվածի ընկերությունների, իրանական նավատերերի, նավաշինարարների ու բանկերի դեմ։ Պատժամիջոցների նպատակն է սահմանափակել այդ ընկերությունների՝ միջազգային ապահովագրությունից օգտվելու իրավունքը, ինչպես նաև այնպես անել, որ Իրանը հնարավոր եկամուտներ չստանա էներգառեսուրսների վաճառքից ու տեղափոխումից։

Այս ֆոնին ԱԷՄԳ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հայտարարեց, որ ամերիկյան կողմը Իրանի միջուկային ծրագրի հարցը կբարձրացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում, եթե Թեհրանը մինչև մարտ չսկսի ըստ էության համագործակցել ԱԷՄԳ-ի հետ։ «Եթե մինչև մարտ Իրանը բովանդակային համագործակցություն չսկսի ԱԷՄԳ-ի հետ, ԱՄՆ-ը կպնդի, որ ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդը զեկուցի ՄԱԿ ԱԽ-ում առաջընթացի բացակայության մասին։ Չի կարելի թույլ տալ, որ Իրանն անվերջ անտեսի իր պարտականությունները»,- հայտարարել է նա։

Դատելով ամերիկյան դիվանագետի այս հայտարարությունից՝ կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ, համենայնդեպս, մինչև գարուն իրանական միջուկային ծրագրի «ոչ դիվանագիտական» լուծումը չի երևում։ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների, մասնավորապես՝ Իսրայելի օդուժի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին վերջին ժամանակներս շատ է խոսվում։

Աշնանային իրադարձությունների մեջ անհրաժեշտ է առանձնացնել ՌԴ պաշտպանության նախարարությունում խոշոր կոռուպցիայի հետ կապված աղմկալի գործը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչությունը հինգ քրեական գործ է հարուցել՝ կապված այն խարդախությունների հետ, որոնք իրականացվել են պաշտպանական գերատեսչության «Օբորոնսերվիս» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքի, հողակտորների և բաժնետոմսերի իրացման ժամանակ։ Նախնական տվյալներով՝ կոռուպցիոն գործունեության և մեքենայությունների հետևանքով հասցված վնասը կազմել է ավելի քան 3 մլրդ ռուբլի։ Այս ռեզոնանսային իրադարձությունները հանգեցրին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հրաժարականին։ Նրա տեղը զբաղեցրեց Մերձմոսկվայի արդեն նախկին նահանգապետ Սերգեյ Շոյգուն։ Գործով անցնողներից ոմանք, ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, վաղուց ծանոթ են Սերդյուկովին և նրա հետ սերտ հարաբերություններ ունեին։ Քննության ընթացքում պարզվեցին այնպիսի փաստեր, ինչպիսին է, նույնիսկ, ունիկալ ավտոմեքենաների կորուստը Ռյազանի Ռազմական ավտոտեխնիկայի թանգարանից։ Դրանց մեջ էին այնպիսի հազվագյուտ մեքենաներ, ինչպիսիք են ԶԻԼ-111 լիմուզինը, որով Յուրի Գագարինը գնացել է Կրեմլ՝ զեկուցելու համար տիեզերք թռիչքից հետո, ԶԻԼ-117-ը, որը ԽՍՀՄ ղեկավարությունը նվիրել էր Ֆիդել Կաստրոյին, որով Կուբայի առաջնորդը երթևեկում էր Խորհրդային Միություն այցելությունների ժամանակ, ինչպես նաև ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի ԶԻՍ-110-ը։ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանի լուծարման հրամանը տրվել էր 2010թ. Անատոլի Սերդյուկովի կողմից։ Թանգարանի աշխատակիցներին ասվել էր, թե պատմական արժեք ներկայացնող ավտոմեքենաները տանելու են։ Որոշ տվյալներով՝ ավտոմեքենաները «քոչել» են պաշտպանության նախարարության հատուկ գարաժ Մերձմոսկվայում, իսկ Ռյազանի թանգարանի որոշ նմուշներ այդպես էլ այդ հատուկ գարաժը չեն հասել...

Այս աղմկալի գործի հետաքննությունը շարունակվում է, պարզվում են նոր սկանդալային մանրամասներ։

Շեղվենք համաշխարհային քաղաքականությունից և խոսենք ավանդական նոբելյան շաբաթի մասին, որի ընթացքում հայտնի դարձան հեղինակավոր մրցանակի 2012թ. դափնեկիրները։

Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացան ճապոնացի Սինյա Յամանական և բրիտանացի Ջոն Գերդոնը, որոնց աշխատանքները վերաբերում են կենդանի բջիջների զարգացումը կառավարող գենետիկ  ինֆորմացիայի «վերածրագրավորմանը» և կարևոր նշանակություն ունեն ապագայում ծանր հիվանդությունների բուժման համար։

Ֆիզիկայի գծով մրցանակն ստացան ֆրանսիացի Սերժ Արոշը և ամերիկացի Դևիդ Ուայնլենդը։ Նրանց աշխատանքները քվանտային օպտիկայի բնագավառում թույլ կտան ստեղծել քվանտային համակարգիչների, գերհուսալի շիֆրերի և ամենաճշգրիտ ժամերի հիմքերը։

Վերջապես, քիմիայի գծով մրցանակն ստացան ԱՄՆ գիտնականներ Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան։ Նրանք ուսումնասիրել են G սպիտակուցով (G-protein-coupled receptors, GPCRs) հագեցած ռեցեպտորների աշխատանքը, մոլեկուլներ, որոնք մասնակցում են կենսաքիմիական ազդանշանների հաղորդմանը կենդանի բջիջների ներսում։ Այդ հետազոտությունների արդյունքները թույլ են տվել հասկանալ, թե ինչպես են աշխատում լույսի, համի ու հոտի ընկալման համար պատասխանատու սպիտակուցների մոլեկուլները։

Գրականության գծով մրցանակակիր դարձավ չինացի 57-ամյա գրող Մո Յանը. սա նրա կեղծանունն է, որը թարգմանաբար նշանակում է «լռիր», իսկ նրա իսկական անունը Գուան Մոե է։ Նոբելյան կոմիտեն  Մո Յանին պարգևատրեց «ժողովրդական հեքիաթները, պատմությունը և արդիականությունն ապշեցուցիչ ռեալիզմով միավորելու» ունակության համար։ Ինչպես նշում են փորձագետները, մրցանակը նրան շնորհելուն նպաստել է այն փաստը, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով։

Տնտեսության գծով 2012թ. մրցանակը, որը սահմանվել է ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի 1968թ.՝ շվեդական պետական բանկի կողմից, շնորհվեց ամերիկացի Էլվին Ռոտային և Լլոյդ Շեփլիին՝ բաշխման տեսության մշակման և շուկայական պլանավորման մեջ դրա գործնական կիրառման համար։

Եթե «գիտական» և գրական անվանակարգերում դափնեկիրների անունները փորձագետների մեջ առանձնակի կասկածներ չառաջացրին, ապա Նոբելյան կոմիտեի՝ խաղաղության մրցանակը Եվրամիությանը հանձնելու որոշումը մեծ վեճեր առաջացրեց։ Շատ փորձագետներ և իրավապաշտպաններ Նոբելյան կոմիտեի ընտրությունը վրդովմունքով ընդունեցին. ԵՄ-ին դժվար է հիմնական խաղաղարար անվանել արդի աշխարհում, միության ներսում ևս կան խնդիրներ ազգայնականության և այլատյացության հետ կապված։ Միևնույն ժամանակ, շատերին զայրացրել էր այն, որ մրցանակը շնորհվել է ոչ թե մարդկանց, այլ «քաղաքական դուքանի»։

Մեր տեսության ավարտին անդրադառնանք Հայաստանի նախագահի արտասահմանյան այցելություններին և մի կարևոր իրադարձության՝ ԵԺԿ Արևելյան գործընկերության երևանյան գագաթաժողովին։ Նոյեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Ֆրանսիայում։ Պետության ղեկավարը հանդիպեց իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի, Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ։ Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը եղավ նաև Լիոնում, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Լիոնում նախագահը հանդիպես ֆրանսիական գործարար հանրության ներկայացուցիչների հետ և այցն ավարտեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։

Նոյեմբերին  Հայաստանի նախագահը պաշտոնական այց կատարեց Լիբանան, որտեղ հանդիպումներ ունեցավ այդ երկրի ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նոյեմբերի վերջին Երևանում, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Եվրոպական ժողովրդական կուսակցության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցեցին ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բառոզուն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը։  Գագաթաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ գագաթաժողովի մասնակիցների հետ։ Երևանյան գագաթաժողովի ավարտից հետո ՀՀ նախագահը, ԵԺԿ և Եվրահանձնաժողովի նախագահները, Վրաստանի և Մոլդովայի նախագահներն ամփոփեցին բարձր մակարդակի երկխոսության արդյունքները լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես մասնավորապես հայտարարեց Հայաստանի նախագահը, հայկական երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին պատմական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Եվրոպական մերձեցման կարևորագույն նպատակներից մեկը մեր ժողովուրդների, հասարակությունների, առանձին անհատների միջև շփումների խթանումն է։ Իսկ այդ հասարակությունների կարևոր մասն են, իհարկե, նաև քաղաքական կուսակցությունները, նշել է Սերժ Սարգսյանը։ Պետության ղեկավարն անդրադարձավ նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։ Սերժ Սարգսյանը մատնանշեց այն փաստը, որ Եվրամիությանն անդամակցել ձգտող Թուրքիան շարունակում է արևելյան գործընկեր հանդիսացող Հայաստանի անօրինական շրջափակումը։ «Մենք վստահ ենք, որ Եվրոպայի այս վերջին փակ սահմանը պետք է անհապաղ բացվի և առանց նախապայմանների»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հուսանք, որ այս ծանրակշիռ փաստարկները երբևէ կհասնեն թուրքական իշխանություններին, թեև, հաշվի առնելով նրանց վարքագիծը միջազգային ասպարեզում, կարելի է ասել, որ նման հույսերի համար հիմքերը շատ քիչ են։

Այսպիսին էր աշունը 2012թ.։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում։                                                           

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am