Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Սեպտեմբեր 2012, N 5

ՆՈՐՕՐՅԱ ՍԱՍՆԱ ԾՈՒՌԸ

Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանը կդառնար 55 տարեկան

Ասքանազ Աբրահամյան

«Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատ-ճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատ-կանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ` իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար, բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին:

Անցյալում Սփյուռքի մեջ պայքարել եմ մեր ժողովրդի իրավունքների համար և այստեղ եմ նույն պատճառով: Սա այդ նույն պայքարի շարունակությունն է:

Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորի ու նաև պարտականությունը: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկել նույնն անելու, միայն այդ է զարմանալին»:

Այս խոսքերով է հիմնավորել իր մասնակցությունը Ղարաբաղի ազատագրական պատերազմին գիտնական, ԱՄՆ Բերքլիի համալսարանի շրջանավարտ, հետմահու ՀՀ և ԼՂՀ բարձրագույն` Ազգային հերոսի կոչմանն արժանացած Մոնթե (Ավո) Մելքոնյանը:

 

Նա նման էր իր ժողովրդի հերոսական էպոսի Սասնա ծռերին. նրանց պես բարի էր, ազնիվ, բայց նաև համարձակ, ինքնիշխան ու անվախ, անխուճապ ու հմուտ հրամանատար: Եվ հայրենիքի շահերը վեր էր դասում ամեն ինչից։

Ծնվել էր պատմական հայրենիքից հեռու` Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի մերձակայքում գտնվող Վայսիլիա ավանում, սովորել տեղի միջնակարգ դպրոցում: Անգլիախոս պատանու համար ճակատագրական և ուղենշային դարձավ ծնողների հետ Թուրքիայով ճամփորդելը: Եղան Արևմտյան Հայաստանի շատ բնակավայրերում, այցելեցին Մարզվան քաղաքում դեռևս պահպանված մորական պապի կիսավեր տուն, որտեղ մահմեդականություն ընդունած հայերը պատմեցին իրենց նախնիների ողբերգական պատմությունը:

15 տարեկան էր, երբ որպես գերազանց սովորող այցելեց Ճապոնիա, ծանոթացավ Արևելքի այդ հրաշք երկրի մշակույթին, հետո խնդրեց երկարացնել ժամկետը մեկ տարով և սկսեց ճապոներեն ուսումնասիրել: Շուտով ճապոներենից ֆրանսերեն ու անգլերեն թարգմանություններ էր կատարում, ավելի ուշ կարատեի սև գոտի ստացավ: Ճապոնիայից հետո Մոնթեն ճամփորդեց Հարավարևելյան Ասիայի երկրներում: 1992թ. մի հարցազրույցում նշել էր, որ վիետնամցիների ազգային-ազատագրական պայքարը պետք է ոգևորող լինի Ղարաբաղի համար:

Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ Մոնթեն ընդունվեց Բերքլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժին` 4 տարվա ծրագիրն ավարտելով 2,5 տարում:

Ուրարտուի ժայռափոր դամբարանների մասին Մոնթեի գրած ավարտաճառը լայն արձագանք գտավ ոչ միայն համալսարանում, այլև աշխարհի հայագետների շրջանում: Պատահական չէ, որ նրան աշխատանք առաջարկվեց Օքսֆորդի համալսարանի հնագիտության բաժնում: Մոնթեն, սակայն, կյանքը չէր պատկերացնում առանց ճամփորդության, և 1978թ. գարնանը մեկնում է Իրան, որտեղ անգլերենի դասեր է տալիս և մասնակցում շահի դեմ ծավալված շարժմանը: Ավելի ուշ գնում է Իրանյան Քրդստան, ծանոթանում քրդերի պատմությանն ու կենցաղին, հոդվածներ պատրաստում նրանց ծագման, էթնոսի, ավանդույթների ու արդար պայքարի մասին: Նույն տարվա աշնանն արդեն Բեյրութում էր և ակտիվորեն մասնակցում էր հայկական թաղամասի պաշտպանությանը:

1980թ. գարնանը Մոնթեն անդամագրվում է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակին («Ասալա»): 1981-1989թթ. մի քանի անգամ ձերբակալվում ու բանտ է ընկնում: Մեկուսացման տարիներին ևս ձեռքերը ծալած չի նստում: Հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին նրա հոդվածները տպագրվում են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում: 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլիի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»:

1989թ. սկզբներին Մոնթեն արտաքսվում է Եմեն, որտեղից կնոջ` Սեդայի հետ տեղափոխվում է Եվրոպա, հետո` Հայաստան և դառնում ազգային-ազատագրական շարժման զարթոնքի ականատեսն ու մասնակիցը: Մոնթեն լավ էր հասկանում, որ գալիք տարիները վտանգավոր ու վճռական են լինելու հայ ժողովրդի համար: Ու երբ Ղարաբաղյան շարժման դեմ սուր բարձրացրած նորօրյա թուրքերը փորձում էին ճնշել հայոց ազատասիրական ոգին, երիտասարդ հայրենասերն իր ուշադրությունը սևեռեց Արցախի վրա` նշելով. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»: Եվ առաջիններից էր, որ գնաց Ղարաբաղ` զինվորական գիտելիքներն ի սպաս դնելու երկրամասի պաշտպանությանը:

1991թ. սեպտեմբեր-դեկտեմբերին Մոնթեն մասնակցում է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանությանն ու թշնամու գրաված գյուղերի ազատագրմանը` ցուցաբերելով հրամանատարական տաղանդ ու հմտություն: Հետո Մարտունին էր: Մոնթեին հանձնարարվում է ստանձնել շրջանի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարումը: Կային մարդիկ, որ քամահրանքով էին վերաբերվում այդ քչախոս նվիրյալին՝ ասելով. «Ի՞նչ կարող է անել այդ մորուքավոր օտարականը, որն ավելի շատ այլմոլորակայինի է նման»…

Սակայն շնորհիվ Մոնթեի պահանջկոտության, օրինապաշտության, աշխատասիրության, ազնվության ու համառության, շուտով Մարտունին դարձավ Արցախի ամենակարգապահ, ամենաանխոցելի շրջաններից մեկը, անջատ գործող ջոկատները միավորվեցին ու հզոր բռունցք դարձան` զինվելով գլխավորապես թալանով զբաղվածների միջոցներով գնված, ինչպես նաև թշնամուց առգրաված զենք-զինամթերքով: Հետաքրքիր է, որ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես եք տեսնում Հայաստանն ապագայում, Մոնթեն պատասխանել էր` կաշառակերներից մաքրված, արդար Մոնթեն, փաստորեն, իր հեղինակության, արդարամտության ու անշահախնդրության շնորհիվ դարձավ Մարտունու ոչ միայն պաշտպանության, այլև տեղական ինքնակառավարման կառույցների փաստացի ղեկավարը, առանց որի համաձայնության չէր լուծվում ինչպես շրջանի ինքնապաշտպանության, այնպես էլ տնտեսությանը վերաբերող ոչ մի կարևոր հարց:

Բնությունը Մոնթեին օժտել էր զորավարական բացառիկ հատկանիշներով: Նրան լսում ու հրամանները ճշգրտորեն կատարում էին ենթակաները, նրա հետ հաշվի էին նստում քթները վեր ցցած բարձրաստիճան հրամանատարներն ու պաշտոնյաները: Մարտական ընկերը, այժմ՝ գնդապետ Մավր Օհանյանը (Մավո) պատմում է, որ երբ Մոնթեին զեկուցել են, թե նոր համալրում է եկել` «կռվող տղերքով», զայրացած բացականչել է. «Ինձ կռվող տղերք պետք չեն, ինձ զինվորներ են պետք»: Ասել է թե՝ հաղթանակի հասնելու համար մեզ բանակ, բանակային կարգապահություն, զինվորական ենթակայություն է անհրաժեշտ և ոչ թե ամենուր տարածված կամավորական ոգևորություն, ինքնագլուխ պահվածք ու ամենաթողություն… Զինվորական կարգապահությունը Մոնթեն լավագույնս զուգակցում էր նաև քաղաքացիական բնակչության հետ ունեցած հարաբերությունների հետ՝ բնակիչներին արգելելով վախի ազդեցության տակ լքել բնակավայրերը: «Առանց բնակչի գյուղը գյուղ չի, տունը՝ տուն»,- ասում էր նա ու փախչել պատրաստվողներին համոզում վերադառնալ իրենց տները: Այդպիսի գյուղերն, իրոք, որպես կանոն, մնացին սահմանից այս կողմ:

Մարտական ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի հուշերից.

- Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես նա այդքան արագ ռազմական գործիչ դարձավ: Մեր առաջին հանդիպումը Թեհրանում էր, երբ եկավ մեզ՝ քաղաքական հայացքների համար բանտարկվածներիս տեսության: Գնաց Բեյրութ՝ հայկական թաղամասերը պաշտպանելու: Երբ Ղարաբաղ եկավ, մենք առանց վարանելու զինվորագրվեցինք նրա ջոկատին: Ես այդքան մաքուր մարդ չեմ տեսել: Մոնթեն սիրասուն ընկեր էր, խիզախ ֆիդայի, իր անձնական օրինակով՝ բարությամբ, համարձակությամբ, ընկերասիրությամբ, հեռատեսությամբ դաստիարակում էր բոլորիս: Տանել չէր կարողանում սուտն ու կեղծիքը, դաժանությունն ու վախկոտությունը: Հսկայական գործ արեց նաև տնտեսական բնագավառում: Մարտունիում բացել տվեց հացի փուռ, վերագործարկեց հիվանդանոցներն ու դպրոցները, գորգի արտադրամասը: Ժողովուրդը Մոնթեին այլմոլորակայինի տեղ էր դնում և իր ներքին բնազդով սկսեց սիրել այդ պարզ ու շիտակ, ազնիվ ու բարի առասպելական մարդուն: Եղել էր 64 երկրում, տիրապետում էր 8 լեզվի: Երբ մի առիթով հարցրի, թե իտալերեն որտեղ է սովորել, պատասխանեց՝ բանտում, իտալացի ընկերոջից: Փաստորեն, բանտում էլ պարապ չէր մնացել…

…1993թ. գարնանը Մոնթեն իր ջոկատով մասնակցում է Մարտակերտի ազատագրմանը, իսկ հետո ղեկավարում Քելբաջարի մարտական գործողության ուղղություններից մեկը: Հունիսի սկզբներին Մոնթե Մելքոնյանի ղեկավարած ջոկատն Աղդամից Ղարաբաղի հայկական գյուղերը ռմբակոծող կրակակետերը լռեցնելու առաջադրանք է ստանում: Հունիսի 12-ի առավոտյան լուր է ստանում, որ իր տղաները գրավել են ադրբեջանական հերթական տանկը: Քանի որ, սովորության համաձայն, պիտի անպայման անձամբ տեսներ, շոշափեր, անհրաժեշտության դեպքում՝ նաև վարեր նոր տեխնիկան, գնաց Մարզիլի գյուղ` անձամբ տեսնելու տանկը: Գյուղի կենտրոնում կանգնած զրահամեքենայից, որը Մոնթեն յուրայինի տեղ էր ընդունել, կրակ են տեղում նրա «Վիլիսի» վրա: Տղաները չգիտեին ու չէին էլ կասկածում, որ գյուղում դեռևս ադրբեջանցիներ են մնացել կամ ներխուժել: Զոհվում են Մոնթեն ու Սարիբեկը, մյուսները՝ վիրավորվում:

Ավարտվեց մեր վերջին ազատամարտի ամենալուսավոր ու խորհրդավոր այրերից մեկի` Մոնթե Մելքոնյանի առասպելական կյանքի երկրային հատվածն ու սկսվեց նրա անմահությունը:

Նրան հողին հանձնեցին իր նորանկախ երկրի եռագույնով: Հարյուր հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս գիտնական-ազատամարտիկին, մարդու, որ պահ իսկ չերկմտեց պաշտպանելու պապերի հողը: Նա թաղվեց Եռաբլուրում` իր քաջարի զինակիցների կողքին: Հայրենիքն իր հերոս զավակին բազում պարգևների ու շնորհների արժանացրեց, իսկ ամենամեծ պարգևը համաժողովրդական ճանաչումն ու սերն է, որին արժանացել է Մոնթե Մելքոնյանը:   

 

Հ.Գ. Պարտադրված հետգրություն, որ գրեթե առանձին հոդված է

Մոնթեի հոբելյանին նվիրված վերոբերյալ հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ադրբեջանական կայքերում նրան վերաբերող հերթական լկտի ստի ու բացահայտ ապատեղեկատվության հանդիպեցի ու ցանկանում եմ ներկայացնել ընթերցողի դատին։

Դեռ ողջ աշխարհը զարմացած ու զայրացած դատապարտում էր ադրբեջանցի «հերոս» Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու հերոսացումը, երբ «ղարաբաղյան պատերազմի վետերան, հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար» հորջորջված ոմն Թոֆիկ Ջաֆարով Ադրբեջանի լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում կազմակերպված մամուլի ասուլիսում, Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակի նախօրեին, հպարտանում էր, որ Մոնթեին ինքն է ձեռնամարտում ոչնչացրել, և Ադրբեջանում լայնորեն տարածված լուսանկարում, իբր, Մոնթեի կտրած գլուխն իր ձեռքին է, ոչ թե «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովի, ինչի համար էլ վերջինս արժանացել է երկրի բարձրագույն պարգևին, հերոսացվել ու բազմաթիվ արտոնություններ ստացել։ Իր ասուլիսում Ջաֆարովը մեկ ուրիշ բացահայտում էլ է արել։ Ըստ նրա, «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովի շուրջ «մաֆիոզ խումբ է ձևավորվել, որն զբաղվում է արտոնյալ բիզնեսով»: Ներկայումս Աղջաբեդիի շրջանում ապրող Ջաֆարովը վկայել է, որ Իբադ Հուսեյնովի «հերոսության» պսակազերծումից հետո այդ խմբի անդամները հանդիպել են իրեն, զրուցել` «լռության դիմաց առաջարկելով Բաքվում բարձր պաշտոն և բիզնես», իսկ երբ հրաժարվել է, սկսել են սպառնալ: Մամուլի ասուլիսին Ջաֆարովը ներկայացրել է իր և Իբադ Հուսեյնովի «մաֆիոզ խմբի անդամների զրույցի ձայնագրությունը»:

Այն, որ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ու խրախուսանքով ադրբեջանցի «գիտնականների», վերլուծաբանների, պատերազմի վետերանների մոգոնած ստերը հաճախ իրենց քիչ թե շատ սթափ մտածողներն էլ են ժպիտով ընդունում, բոլորին է հայտնի։ Հայաստանում հազարավոր մարդիկ մասնակցեցին հերոսաբար զոհված Մոնթե Մելքոնյանի թաղմանն ու արտակարգ ոչինչ չտեսան՝ թաղման թափորի բազմամարդությունից բացի։ Որ Մոնթեն թաղվեց սեփական գլխով՝ տողերիս հեղինակն էլ է անձամբ տեսել։ Այնուամենայնիվ, չվստահելով հիշողությանս, զանգահարեցի Մոնթեի ամերիկաբնակ այրուն՝ Սեդային, դիմեցի նաև շատերին, որոնք ներկա են եղել հերոսի հուղարկավորությանը։ Բոլորը միաբերան պնդեցին, որ Մոնթեն, իրոք, թաղվել է գլուխը վրան, իսկ մարտական ընկերը՝ Վահե Շահմուրադյանը, մանրամասնեց.

- Երբ նոր էինք ծանոթացել Մոնթեի հետ, հարցրեցի, թե դեմքի, ձեռքերի սպիները որտեղից են, պատմեց, որ 12 տարեկանում Լոս Անջելեսում բարձունքից լողավազանի մեջ թռչելիս գլուխը խփել է հատակին ու քիթը, ատամներից մեկը ջարդել։ Երբ արդեն տարիներ անց անշնչացած Մոնթեին վերցրեցինք, որպեսզի համոզվեմ ինքն է, նայեցի վերքերին, բացեցի բերանն ու ջարդած ատամը տեսնելով՝ ասացի, որ, այո, Մոնթեն է։ Ինչ վերաբերում է գլուխը կտրելուն, զավեշտ է, հիմար սուտ, ֆիզիկապես էլ անհնար, քանի որ կրակելուց անմիջապես հետո ադրբեջանական ԲՄՊ-ն փախավ, մենք հասանք օգնելու Մոնթեին, Սարիբեկին, բայց արդեն Մոնթեն չկար, արկի բեկորը հետևի մասից խոցել էր գլուխը…

Այնուհանդերձ, նույնիսկ եթե ընդունենք, որ վերոհիշյալ ասուլիսի մասնակից ադրբեջանցի «հերոսները» ճշմարտությունն են ասում, դեռևս պատանեկան տարիներին կարատեի Սև գոտու արժանացած Մոնթեին հաղթել են ձեռնամարտում, գլուխը կտրել–տարել են, ապա քիչ թե շատ խելք ունեցող մարդը կամաչեր խոստովանել իր կատարած վայրագության մասին։ Բայց ոչ մեր հարևանը...

Թոֆիկ Ջաֆարովի մամուլի ասուլիսը Ղարաբաղյան պատերազմի տարիներին նրա գլխավորած դիվերսիոն-ահաբեկչական, ինչպես նաև Իբադ Հուսեյնովի «հետախուզական» խմբավորումների մասին պարզ ինքնախոստովանություն է: Եթե հատուկ նպատակով ուզենաս քեզ, քո ժողովրդին ծաղրուծանակի ենթարկել, ի ցույց դրվել որպես 21-րդ դարում վայրենությունն ու հանիբալիզմը չմոռացած երկոտանիների խաժամուժ, ավելի լավ չես մտածի։ Այս «բացահայտումներին» ծանոթացող օտարերկրացին լավագույնս կհասկանա, թե ում հետ գործ ունի հայ ժողովուրդը։ Հանիբալիստներ այսօր էլ կան՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի կողմից հովանավորվող ու հերոսացվող բազմաթիվ «քաջարի» զինվորների։

Ավելորդ չէ մեջբերել ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ուղերձ-զգուշացումն իր զինվորներին։ Նորից լսենք Մոնթեի մարտական ընկեր Վահե Շահմուրադյանին. «Քելբաջարում վերցրեց բարձրախոսն ու իր փայլուն թուրքերենով հորդորեց ադրբեջանցիներին՝ վայր դնել զենքերն ու թողնել ռազմադաշտը՝ երաշխավորելով ազատ ելքը: Ավելորդ է ասել, որ խոսքի տերը եղավ՝ հրամայելով մեզ, որ հանկարծ որևէ մեկին ձեռք չտանք: Զայրույթով էր խոսում Ադրբեջանի ղեկավարների մասին, որ անփորձ զինվորներին մարտադաշտ էին ուղարկել՝ դատապարտելով ստույգ մահվան: Պատահական չէ, որ հրամայել էր ոչ մի պայմանով գերիներին ու զենք չկրող անձանց մահապատժի չենթարկել, չնվաստացնել ու չստորացնել, մեր սննդի առանց այդ էլ ոչ առատ բաժնից գերիներին էլ կերակրել...»:

Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Մնում է սպասել այն օրվան, երբ Բաքվի նավթադոլարներով կուրացած քաղաքակիրթ աշխարհը վերջապես կհասկանա ճշմարտությունն ու ադրբեջանցիների այսօրինակ ստերին ու վայրենաբարո «քաջագործություններին» համապատասխան գնահատական ու հակահարված կտա։

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am