Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հուշեր

Հուշեր
Սեպտեմբեր 2012, N 5

ԱԶԳԱԼԴՅԱՆ ՀԵՐՈՍԸ

Նոյեմբերի 22-ին «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 70 տարեկան

Ասքանազ Աբրահամյան

Ուզում էի վերնագրել «Ազգային հերոսը», բայց տխրությամբ փաստեցի, որ նա առայժմ, չգիտես ինչու, այդ կոչմանը չի արժանացել։ Այո, Լեոնիդ Ազգալդյանը, որի նման մեկ ուրիշը ցանկացած երկրում վաղուց պետականորեն արժանացած կլիներ հերոսի կոչման, առայժմ, դե յուրե, ՀՀ ազգային հերոս չէ, իսկ դե ֆակտո ժողովուրդը վաղուց է նրան այդ կոչմանն արժանացրել։ Այստեղ տեղին է նշել, որ ադրբեջանական պարտված բանակը, ոչ ավելի, ոչ պակաս, 173 ազգային հերոս ունի։ Իսկ մեր պատկան մարմիններն անտեսում են նույնիսկ Ազգալդյանին...

Լեոնիդ Ազգալդյանին հիշում եմ մանկական տարիներից։ Նրա ընտանիքն ապրում էր այն տարիներին Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայի թիվ 16 շենքում, մենք՝ նույն շենքի բակում գտնվող սեփական տանը։ Լյոնյան (այդպես էին մտերիմները կոչում նրան) մեզնից մեծ էր ու, բնականաբար, չէր մասնակցում բակային մեր խաղերին, բայց երբեմն-երբեմն իջնում էր բակ, զրուցում հետներս, հաղորդակցվում մեր խնդիրներին ու անելիքներին, խորհուրդներով նպաստում դրանց իրագործմանը։ Հայրը կուսակցական պաշտոնյա էր ու ծառայողական «Վոլգա» ուներ։ Ամռանը, շաբաթ օրերին Լյոնյան խնդրում էր վարորդին մի քանի ուղերթով մեզ մանկական երկաթուղի հասցնել. լողանում էինք Հրազդան գետի վրա մեր իսկ սարքած ջրավազանում, ամբողջ օրն անցկացնում այնտեղ ու Լյոնյայի հետ, արդեն ոտքով տուն վերադառնում։ Երբ գործարկվեց Երևան-Սևան երկաթգիծը, Լյոնյան առաջինը գնացքով մեզ Սևան տարավ։ Նրա խոսքը բոլորիս համար օրենք էր։ Եթե ինչ-որ հարցով վիճում էինք, հաշտարար դատավորը նա էր, որին անվերապահորեն լսում էինք։ Նրա միջամտությունից հետո ինչպես մենք, այնպես էլ հարևան բակերից մեզ հետ ֆուտբոլ խաղալու եկած տղաները, հաշտվում էինք։ Ֆուտբոլ խաղում էինք սկզբում լիմոնադի վրա (պարտվող թիմը հաղթողի տղաներին մեկական շիշ լիմոնադ պիտի գներ), հետո, տարիքներս առնելուն զուգընթաց, լիմոնադը փոխվեց գարեջրի։ Մի անգամ, խաղը հաղթած, քափ-քրտինք մտած, վայելում էինք սառը գարեջուրը, երբ հանկարծ հայտնվեց Լյոնյան։ Տեսնելով գարեջրի կիսադատարկ շշերը՝ մռայլվեց ու ոչ այն է վիրավորված, ոչ այն է՝ զայրացած, կիսաշշուկով ասաց.

- Չէ, չեղավ տղաներ, նախ՝ քրտնած վիճակում սառը հեղուկ ընդունելը վտանգավոր է, իսկ գարեջուր խմելը, մեղմ ասած՝ հարբեցողության նման բան։ Էսպես որ գնա, դուք կարող է նաև ծխեք, թմրամիջոցներ օգտագործեք։ Եթե իմ ասածները ձեզ համար գրոշի արժեք չունեն, պատրաստվում եք շարունակել ձեր ընտրած ճանապարհը, ինձ կմնա ցտեսություն ասել ձեզ։

Մենք ամոթից գետինը մտանք ու միաբերան երդվեցինք այլևս չկրկնել։ Այդպես էլ եղավ ու շարունակվում է ցայսօր։ Ինքն էլ չէր ծխում, ոչ էլ խմում էր՝ նույնը պահանջելով նաև մտերիմներից ու ընկերներից։

Տարիները մեզ բաժանեցին, յուրաքանչյուրս գնաց իր ճանապարհով։ Մեր վերջին հանդիպումը 1992-ի հունիսի վերջերին էր, երբ Լյոնյան, ցավոք, հավերժ լուռ, իր պաշտելի հայոց եռագույնը կրծքին, վերջին հրաժեշտն էր տալիս հարազատներին, ընկերներին, պաշտելի հայ ժողովրդին, մեզ՝ բակի տղաներիս...

Մինչ այդ մենք նրա կյանքի վերջին ավելի քան 10 տարվա մասին ոչինչ չգիտեինք։ Այն, ինչ պատմեցին հերոսի մարտական ընկերներն ու ծառայակիցները, մեզ համար միանգամայն սպասելի էր, բայց՝ նորություն։

...Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լ.Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակ ոտնձգությունից զենքը ձեռքին պաշտպանելու գործում։ Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի հետ։ Եվ քանի որ նրանից մեծ էր, շատ բանով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը՝ երբեք չհավակնելով կուսակցական գործիչ լինել։ Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում նրանց բաժանման պատճառ դարձավ, քանի որ Նավասարդյանն առաջարկել էր մտնել կուսակցություն։ Լեոնիդն առանձնացավ և ձեռնամուխ եղավ Ազատագրական բանակի ստեղծմանը: Հեռատես ու բանիմաց հայորդին Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից բարձրաձայնում էր, որ մեզ լուրջ փորձություններ են սպասվում, քանզի ադրբեջանցիները հեշտությամբ չեն հրաժարվի Ստալինի կողմից իրենց նվիրաբերված բնիկ հայկական տարածքներից ու ոչինչ չեն խնայի Արցախը նույնպես Նախիջևանի բախտին արժանացնելու համար։ Դեռևս խորհրդային բռնապետության օրերին նա զենքեր պատրաստելու, ադրբեջանցիների կողմից մեզ պատերազմ պարտադրելուն պատրաստ լինելու բացահայտ կոչեր էր անում։ «Ձեռքերը թափահարելով և ճառեր ասելով Արցախը պահել հնարավոր չէ»,- ասում էր նա՝ հընթացս իր շուրջը համախմբելով համալսարանական ու լազերային ինստիտուտի ընկերներին՝ ֆիզիկոս-գիտնականներին և սկսելով ինքնաշեն զենքերի արտադրությունը: 1990թ. փետրվարից Ազգալդյանը վարել է Անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի ազատագրմանը, հետագայում ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991թ. հունիսին ֆրանսահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանի («Պարոն Հովսեփ») հետ միասին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին միտված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Պատմում է ջոկատի մարտիկ, այսօր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, մասնագիտությամբ կիբեռնետիկ, հոգով ու էությամբ բանաստեղծ–երաժիշտ, ազգային պարարվեստի երախտավոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը.

- Ես ազատագրական բանակին անդամագրվեցի Ազգալդյանի զոհվելուց մեկ ամիս հետո։ Նա չկար, բայց բանակն ապրում ու շնչում էր նրանով։ Եթե մի բան անում էինք, անպայման խորհրդակցում էինք, թե Ազգալդյանն ինչպես կվարվեր։ Նրա տված դեղատոմսերը մինչև պատերազմի ավարտը բոլորիս համար ուղեցույց էին։ Իհարկե, մինչև ջոկատին անդամագրվելը ես ճանաչում էի Ազգալդյանին, գիտեի նրա անցած ճանապարհը։ 1960 թվականին Ազգալդյանն ընդունվել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել էր Երևանի պետական համալսարան ու ավարտել ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Իսկ տեղափոխության պառճառն այն էր եղել, որ Մոսկվայում ցույց էր կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ լրջորեն վտանգելով կուսակցական պատասխանատու պաշտոն զբաղեցնող հոր վարկանիշը:

1988-ի հանրահավաքներին չմասնակցեց, ուղղակի կանգնեց, լսեց ու ձեռքը թափ տալով հեռացավ` ասելով, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու: Նա հեռացավ աղմկահարույց միտինգներից, ինչպես ավելի քան մեկ դար առաջ պատկերավոր ասել էր Բեռլինի կոնգրեսից ձեռնունայն վերադարձած Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը՝ «երկաթե շերեփ», ասել է թե՝ զենք ստեղծելու: Առաջին ինքնաշեն զենքերը հենց նա էլ ստեղծեց: Եթե չլինեին Ազգալդյանի այդ ձեռնարկումները, գուցե այդ շարժումը դատապարտված լիներ։ «Այս երկրում` մերօրյա Հայաստանում, ավելի թանկ արժեք ունեցող երևույթ չկա, քան կամավոր զինվորագրված հայ տղան»,– սիրում էր կրկնել Ազգալդյանը։

- Արցախյան գոյամարտը երկու հսկաներ է տվել,- որոնք անխոցելի են այն առումով, որ մտավորն ու ֆիզիկականն իրենց մեջ հավասարազոր ուժգին էին` Մոնթե Մելքոնյան և Լեոնիդ Ազգալդյան, որոնց միտքն ու ուժը իրար չէին զիջում,- ասում է Ազգալդյանի բանակի զինվոր Գինոսյանն ու շարունակում.- Լ. Ազգալդյանը նժդեհյան գաղափարախոսության կրողն էր: Նժդեհն ասում էր` հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնել իր կողքին: Այդպիսին էր և Լեոնիդը, ով միշտ իր ջոկատի կողքին էր և ոգեշնչում էր տղաներին: Միաժամանակ, նա ջոկատում խիստ կարգուկանոն էր սահմանել` չծխել, չխմել, զենքը միշտ ձեռքին պահել: Ազգալդյանի հրամանատարության 4 տարիների ընթացքում զոհվել է ընդամենը 6 զինվոր, իսկ նրա գլխավորած ջոկատն ազատագրել է 27 բնակավայր:

Գ.Գինոսյանի համոզմամբ` հենց Լ.Ազգալդյանն է Նժդեհի հոգեզավակը, իսկ ինքը նրան որակել է որպես «բազմաբևեռ մագնիս», չնայած մագնիսն ունենում է երկու բևեռ: Նա ոչ միայն զինվոր է կերտել, այլև ՀՀ քաղաքացի։ Նրա ջոկատում լինելը պատիվ էր ու մեծ դպրոց, որտեղ թրծվել են նաև հայոց բանակի ապագա բազմաթիվ սպաներ:

- Լաչինի ազատագրումից հետո,- շարունակում է Գինոսյանը,- Լ.Ազգալդյանն ասել է, որ այս հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի հայոց կանոնավոր բանակը: Լ.Ազգալդյանն անկուսակցական լինելու սկզբունքին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը: Արտասահմանցի լրագրողի հարցին, թե ինքն ինչ գույնի է, այսինքն` ինչ կուսակցության է հարում, հայրենասեր հայորդին ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել, որ դա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա:

Գ.Գինոսյանը հիշում է իր հրամանատարի մարգարեությունը. եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քելբաջարը: Քելբաջարի ազատագրումը տեղի է ունենում արդեն Լ.Ազգալդյանի մահից հետո։ Գործողության իրականացումը ղեկավարում էր մեր ժողովրդի մյուս նվիրյալ զավակը՝ Մոնթե Մելքոնյանը, Ազգալդյանի կազմավորած ջոկատի տղաների ակտիվ մասնակցությամբ։ Ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն՝ Ազգալդյանի խոսքերն են: Նա համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա էլ կկործանվի։ Ու կրկնելով իր մեծ հայրենակցի՝ Դրաստամատ Կանայանի խոսքերը, ասում էր. Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին:

Գինոսյանը պատմեց Լ.Ազգալդյանի հետ կապված հիշարժան դեպքեր ևս. մեքենայով գնալիս տղաներից մեկն օդում արծիվ է տեսել և ցանկացել է կրակել: Լեոնիդը իջեցրել է նրա զենքն ու ասել. «Երբեք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք, առավել ևս, որ այդ թռչունը նաև Հայաստանի զինանշանի վրա է»:

- Մեկ ուրիշ անգամ,- շարունակում է Գինոսյանը,- ջոկատի տղաներից մեկը կրակել ու սպանել էր դաշտում հայտնված կրիային։ Ազգալդյանը կանչել էր զինվորին ու, զսպելով զայրույթը, ցածրաձայն հարցրել. «Դու քանի՞ տարի ես ապրելու»։ «Մի 60-70»,- վախվորած քրթմնջացել էր տղան։ «Իսկ գիտե՞ս կրիան քանի տարի է ապրում,- հանգիստ հարցրել էր հրամանատարն ու ինքն էլ պատասխանել,- մի երկու-երեք հարյուր տարի, այսինքն՝ 3 դար, դառնալով այս բնության մի մասը, լուռ ու անվրդով վկան, իսկ դու նրան զրկեցիր կյանքից։ Բա կարելի՞ է։ Գնա, այս անգամ ներում եմ։ Մենք այստեղ եկել ենք ոչ թե սպանելու, այլ հաղթելու, արժանապատվորեն ապրելու ու ապրեցնելու համար, էլ չկրկնվի...»։

- Լեոնիդ Ազգալդյանի գերնպատակը պատերազմի դաշտում մարդկային անխուսափելի կորուստների թիվը նվազագույնի հասցնելն էր,- շարունակում է Գինոսյանը,- «շատ քրտինք` քիչ արյուն», ասում էր նա ու ինքն էլ անձամբ ղեկավարում զինվորների պարապմունքները: Յուրաքանչյուր զինվոր նրա համար անչափ թանկ էր, յուրաքանչյուր կորուստ շատ ծանր էր տանում: Այդ պատճառով էլ ցանկացած գրոհի ամենամանրակրկիտ ձևով էր պատրաստվում` լավագույնն ընտրելու համար, հնարավոր բոլոր տարբերակները, թշնամական դիմադրության ուղղություններն ու ձևերը հաշվարկելով: Ազատ ժամերին ռազմարվեստ էր ուսումնասիրում, հետը գրքերի մի ամբողջ պայուսակ էր ման տալիս։ Յուրաքանչյուր զինվորի հիմնովին բացատրում էր մարտական գործողության բոլոր մանրամասները, հաղթելու ու առաջ շարժվելու միջոցները: Այս խիստ, պահանջկոտ, միաժամանակ անսահման բարի հրամանատարն իր բոլոր մարտիկների կուռքն էր: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարևորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում:

Եղել են դեպքեր, ասում է Գինոսյանը, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:

Զինվորն ամեն ինչ անում էր` նույնը չկրկնվելու համար: Այսինքն` երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա ավելի մեծ ապտակ է, ավելի մեծ պատիժ: Սա մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատը լինելու, պատժող լինելու խնդիր չունի: Սա պիտի ընդօրինակման առարկա դառնա խստությունն ու կոպտությունը ինքնահաստատման միջոց դարձրած մեր շատ վայ–հրամանատարների համար։

Լեոնիդ Ազգալդյանը առողջ էր մարմնով, հզոր՝ հոգով, մտքով՝ իմաստուն, իսկական անտիկ հերոս՝ այրական գեղեցկությամբ, հին Սպարտայի արքայի անունով, որը հպարտությամբ էր կրում: Խորհրդավոր էր նաև «ազգ» արմատով ազգանունը: Նա պաշտում էր իր ժողովրդին, իր հայրենիքը: Վերջինս նրա համար ժամանակակից Հայաստանի սահմաններով չէր ավարտվում: Ազատագրելով Արցախը` նա մտովի ազատագրում էր նաև Կարինն ու Վանը, Կարսն ու Էրզրումը, ողջ Պատմական Հայաստանը։ Սիրում էր կրկնել. «Մի հավատացեք, եթե ասեն, որ մահացել եմ: Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»:

Մարտական ընկերները չեն մոռանում նրա մյուս թևավոր խոսքն Արցախի մասին, որը Լեոնիդն ապացուցեց անգամ զոհվելու գնով. «Սա Հայաստան է և վերջ… Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի, ինչպես նաև մնացած հայոց հողերի հանձնումը»։

Ազատագրական բանակի մեկ այլ զինվոր՝ Սարգիս Հացպանյանը, հավելում է. «Ինչպես Զանգեզուրը պահելու և թուրքի՝ հերթական բռնազավթման նկրտումներն ի դերև անելու համար պարտական ենք մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրումը։ Լեոնիդն է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:

«Շփվելով հետը՝ ես զարմանում էի նրա գիտակությունից, նրա պատրաստվածությունից: Այն, որ Լեոնիդը գիտնական էր, խելացի, դաստիարակված, մտավորական ընտանիքի զավակ, ես գիտեի, բայց որ ռազմարվեստին էլ էր տիրապետում, ինձ համար թե՛ զարմանալի էր և թե՛ ուրախալի։ Զինվորական կրթություն և ռազմական գործողություններ վարելու փորձ չունենալով` Լեոնիդը կարճ ժամանակում, այն էլ` ծայրահեղ պայմաններում, կարողացավ անել այն, ինչը ռազմական շատ գործիչներ տարիների ընթացքում կանեին: Ռազմական ակադեմիական գրականություն ուսումնասիրելով՝ Ազգալդյանը ոչ միայն ամենալավն ընտրեց, այլև ստեղծեց իրենը` նորն ու արժեքավորը, ես կասեի՝ իր դպրոցը: Նրա կերպարը մեզ համար օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին». սա, ինչպես նաև այն, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ, Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի զուսպ գնահատականն է մարտընկերոջը:

Լեոնիդ Ազգալդյանը 1992թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ մղված մարտերում զոհվեց թշնամու գնդակից՝ անկատար թողնելով Ստամբուլի պատերի տակ ընկնելու երազանքը...

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am