Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Սեպտեմբեր 2012, N 5

ՅԱԿՈՎ ՆԻԿԻՏԱՅԻ ԶԱՐՈԲՅԱՆ

Սուրեն Սարգսյան, հրապարակախոս, տնտեսագետ

Յակով Զարոբյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 25-ին, Ռուսական կայսրության Բաթումի մարզի Արդվին քաղաքում (ներկայում՝ Թուրքիա), արհեստավոր գյուղացու ընտանիքում։ Քաղաքի գրեթե բոլոր բնակիչները, իսկ նրանք ավելի քան 10.000 էին, հայեր էին։ 1914թ. նոյեմբերին նրանց ընտանիքը տեղափոխվում է Բաթում՝ ոտքով կտրելով մոտ 50 կմ, իսկ հետո՝ բեռնատար վագոնով, Դոնի Նախիջևան (Ռոստով քաղաքի մոտ)։ Չդիմանալով ծանր պայմաններին՝ մահանում են սկզբում հայրը, իսկ հետո նաև ավագ եղբայրը։

10-ամյա Յաշան սկսում է աշխատել կոշկակարի արհեստանոցում՝ որպես աշկերտ, միաժամանակ սովորելով քառամյա հայկական դպրոցում։

Ռոստով տեղափոխվելուց հետո Յակովը, կովկասյան կոշիկների արհեստանոցում աշխատելուն զուգընթաց, ընդունվում է իննամյա դպրոց, որտեղ ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով։

1924թ. Յակովի քույրը և մայրը տեղափոխվում են Խարկով, մեկ տարի անց նրանց է միանում նաև Յակովը։ Այստեղ նա ընդունվում է կոմերիտմիության շարքերը, իսկ 1928-ից սկսում աշխատել «Հանքափորի լույսը» գործարանում, սկզբում՝ որպես սևագործ բանվոր, իսկ ավելի ուշ՝ կռունկավար և խառատ։ 1931թ. Զարոբյանն, առանց արտադրությունից կտրվելու, ընդունվում է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետ, որն ավարտում է 1938թ.։

Դրանից վեց տարի առաջ՝ 1932թ., Զարոբյանն ընդունվել էր կուսակցության շարքերը և սկսել աշխատել «Խարկովի պրոլետար» թերթում, իսկ 1936-ից սկսել է աշխատել Խարկովի ամենախոշոր ձեռնարկությունում՝ Ստալինի անվ. էլեկտրամեխանիկական գործարանում, որտեղ, տեխնիկից հասնելով արտադրամասի պետի տեղակալի պաշտոնին, 1939թ. ընտրվում է գործարանի կուսկոմի քարտուղար։ Նույն թվականին Զարոբյանն ամուսնանում է ծնունդով Նախիջևանի Կզնուտ գյուղից՝ Արփենիկ Թառայանցի հետ, որի հետ երջանիկ ապրում է ավելի քան 40 տարի, ընդհուպ մինչև մահկանացուն կնքելը 1980թ. ապրիլին։ 1940թ. հուլիսին ծնվում է նրանց որդին, որին, ի պատիվ վաղամեռիկ պապի, անվանում են Նիկիտա (Մկրտիչ)։ Նույն թվականի հոկտեմբերին Յակով Զարոբյանն ընտրվում է Ուկրաինայի Կոմկուսի Խարկովի Ստալինյան շրջանի քարտուղար։ Այս պաշտոնին էր, երբ ստանում է ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման մասին։ Արդեն հունիսի 22-ի առավոտյան գումարվում է կուսակցության մարզային և քաղաքային կոմիտեների բյուրոյի միացյալ նիստ՝ շրջկոմների քարտուղարների և քաղաքի ու մարզի կուսակցական ակտիվի մասնակցությամբ։ Օրակարգում մի հարց էր. անցում ռազմական դրության և աշխատանքի հարմարեցում ռազմական նպատակներին՝ խորհրդային բանակին առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։

Պատերազմի սկզբից և մինչև 1941թ. հոկտեմբերի 24-ին գերմանացիների Խարկով մտնելը կուսակցության շրջկոմը և Յա.Զարոբյանը՝ որպես շրջկոմի քարտուղար, ակտիվորեն զբաղվել են ընդհատակի կազմակերպմամբ, պարտիզանական շարժում ծավալելու համար կադրեր պատրաստելով, աշխարհազորի կորպուսի ձևավորմամբ, քաղաքի մատույցներում պաշտպանական կառույցների շինարարության կազմակերպմամբ, արդյունաբերական ձեռնարկությունների և բնակիչների տարհանմամբ։ Զարոբյանը վերջիններից մեկն էր, որ շրջկոմի աշխատակիցների խմբի հետ դուրս եկավ Խարկովից Ստարի Սալտովի ուղղությամբ։ Նրանք հրաշքով փրկվեցին գերի ընկնելուց։ Այդ մասին «Յակով Զարոբյանը և նրա դարաշրջանը» գրքում գրում է նրա որդին՝ Նիկիտա Զարոբյանը. «Երբ հայրս, գլխավորելով կուսակցական աշխատողների խումբը, դուրս էր գալիս Խարկովից, նրանք հայտնվում են ճամփաբաժանի առջև և չեն կողմնորոշվում ուր գնալ։ Ուղղություններից մեկը տանում էր դեպի Նիկիտովկա գյուղ, և հայրս որոշում է շարժվել հենց այդ ուղղությամբ։ Հետո պարզվում է, որ դա միակ ճիշտ որոշումն էր։ Մի քանի ժամ անց գերմանական օղակը սեղմվում է Խարկովի շուրջ։ Եթե հայրս այլ ճանապարհ ընտրեր, նրա ճակատագիրը կանխորոշված կլիներ։ Հրեաների ու կոմունիստների, մանավանդ կուսակցական ֆունկցիոներների հետ գերմանացիներն այն ժամանակ ձևեր չէին թափում»։

Այսպիսով, որդու անունը (Նիկիտա) մարդկանց համար փրկություն է դառնում։ Զարոբյանի ընտանիքը (մայրը, կինը և որդին) տարհանվում է Ուֆա։ Տեղի բնակչությունը վատ էր վերաբերվում եկվորներին։ Ինքը՝ Զարոբյանը, աշխատում էր Կուպյանսկ քաղաքում, կուսակցության ընդհատակյա մարզկոմում, որը գտնվում էր Խարկովից 100 կմ հեռավորության վրա, ռազմական գործուղումների էր մեկնում Կույբիշև, Վորոնեժ, Ստալինգրադի և Սարատովի մարզեր, իսկ ավելի ուշ (1942թ.) ուղարկվեց Օմսկ։ Շուտով այստեղ տեղափոխվեց նաև նրա ընտանիքը։ Այստեղ էլ 1944թ. Զարոբյանների ընտանիքը համալրվեց ևս մեկով. ծնվեց դուստրը՝ Թամարան։ Յա.Զարոբյանի կյանքի օմսկյան շրջանը տևեց յոթ տարի, վերջին երկու տարիներին նա աշխատում էր որպես մարզկոմի արդյունաբերության գծով քարտուղար (երրորդ քարտուղար)։ Այստեղ 1944թ. նա պարգևատրվեց իր առաջին՝ «Կարմիր աստղ» շքանշանով և մեդալներով։ Պատերազմի ժամանակ Օմսկ էր էվակուացվել Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվ. թատրոնի կոլեկտիվը։ Զարոբյանը բարեկամացել էր գլխավոր ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի, առաջատար դերասաններ Նիկոլայ Օխլոպկովի, Անդրեյ Աբրիկոսովի և շատերի հետ։

ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1949թ. ապրիլի 15-ի որոշմամբ Յա.Զարոբյանը Օմսկից հետ է կանչվում և ուղարկվում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տրամադրության տակ։ Յակով Զարոբյանի՝ հայրենիքում ապրելու և աշխատելու բազմամյա երազանքը, վերջապես, իրականություն դարձավ։ Կյանքի և գործունեության երևանյան շրջանն սկսվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի վարչական բաժնի վարիչի պաշտոնով։

Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին քարտուղար, միևնույն ժամանակ՝ ժողտնտխորհի նախագահ Եղիշե Թևոսի Ասցատրյանի հուշերով՝ «Յա.Զարոբյանը կենսուրախ մարդ էր, միջահասակ, կայտառ աչքերով, լայնաճակատ և նոսրացող մազերով, շփվող ու խոսքասեր զրուցակից էր, մեծ բառապաշարով, ինչը նրան հնարավորություն էր տալիս արագ և առանց դժվարության շփում հաստատել շրջապատի հետ։ Բնավորության և աշխատաոճի առավել արտահայտված գծերն էին շփումն աշխատավոր կոլեկտիվների, ժողովրդի հետ, ընդունված որոշումների կամ հանձնարարությունների կատարման վերահսկողությունը, պարտադիր ստուգումը և, հնարավորության դեպքում, կազմակերպությունների, ձեռնարկությունների, զանգվածային լրատվամիջոցների ու աշխատավորների բարձրացրած հարցերի լուծումը։ Այս ամենի ամենօրյա իրականացումը և նրա գործունյա աշխատաոճն էին պատճառը, որ Յա.Զարոբյանը մեծ ժողովրդականություն էր վայելում»։

1950թ. հուլիսի 6-ին Զարոբյանը հաստատվում է որպես կուսակցության Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար։ Այստեղ հարկ է պարզաբանել, որ այն ժամանակ քաղկոմի երկրորդ քարտուղարը փաստացի քաղաքային կուսկազմակերպության ղեկավարն էր, քանի որ անվանապես քաղկոմի առաջջին քարտուղար էր համարվում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։ 1952թ. ապրիլից Յա.Զարոբյանը մեկ տարի աշխատում է որպես պետանվտանգության՝ կադրերի գծով փոխնախարար, իսկ 1953թ. մայիսին նշանակվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կուսակցական, արհմիութենական և երիտասարդական մարմինների բաժնի վարիչի տեղակալ, ևս կես տարի անց նրան կանչում են Մոսկվա և առաջարկում զբաղեցնել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը՝ Գ.Ա. Հարությունյանի փոխարեն։ Բայց նա հրաժարվում է՝ դա բացատրելով նրանով, որ բավականաչափ չգիտե հանրապետության առանձնահատկություններն ու հայերենը։ Արդյունքում՝ առաջին քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է Ս.Ա. Թովմասյանը, իսկ Յա.Ն. Զարոբյանը, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումի որոշմամբ, 1953թ. նոյեմբերին ընտրվում է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամ և արդյունաբերության գծով քարտուղար։

Զարոբյանին առաջարկված բարձր պաշտոնից հրաժարումը կապված էր իր անձի հանդեպ մեծ պահանջկոտության և հանձնարարված գործի նկատմամբ պատասխանատվության հետ։ Այդ ընթացքում նա արդեն բավական հիմնավոր կերպով ծանոթացել էր հանրապետության հետ և սկսել արդեն հրապարակավ ելույթ ունենալ հայերեն։ Արդյունաբերության գծով քարտուղարի հնգամյա աշխատանքի շրջանը բավական արգասավոր էր եղել։ Դա հանրապետությունում նոր արտադրահզորությունների բուռն զարգացման և եղածի ընդլայնման ժամանակաշրջան էր։

Այդ շրջանում շարք մտան Գյումուշի հիդրոէլեկտրակայանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, Լենինականի տեքստիլ կոմբինատը, ավարտվեց Երևանի կոնյակի գործարանի նոր շենքի կառուցումը և այլն։ Նախատեսվել էր Կիրովականում կառուցել արհեստական մանրաթելի և ացետիլ ցելյուլոզի արտադրության գործարաններ, մեծացնել «Պոլիվինիլացետատ» գործարանը, նախագծվեցին Ստավրոպոլ-Թբիլիսի-Երևան գազատարը, «Երևան-Աղստև» երկաթուղին և այլն։

1958թ. մայիսի վերջին Զարոբյանն ազատվեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարի պարտականություններից՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ։ Այստեղ Զարոբյանը բախվեց հանրապետական մասշտաբով ոչ միայն արդյունաբերությունը և էներգետիկան, այլ նաև գյուղատնտեսությունը ղեկավարելու անհրաժեշտությանը։ Սակայն նախորդ հինգ տարիների աշխատանքը նպաստել էր հանրապետության, մասնավորապես՝ գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրները լավ ճանաչելուն, և նա արագ հարմարվեց նոր պաշտոնում։

1956թ. սկզբին Կրեմլում խորհրդակցության ժամանակ քննարկվում էր այն հարցը, որ ԽՍՀՄ-ը հետ է մնում էլեկտրոնիկայի հարցում և հարկավոր է երկրում մի քանի նման կենտրոններ ստեղծել։ Յա.Ն. Զարոբյանը Ն.Ս. Խրուշչովին առաջարկեց նման կենտրոններից մեկը ստեղծել Հայաստանում՝ դա բացատրելով նրանով, որ Հայաստանում դրա համար համապատասխան գիտական, կրթական և տեխնոլոգիական բազա, առաջին հերթին՝ զարգացած մաթեմատիկական դպրոց կա։ Ն.Ս. Խրուշչովին առաջարկությունը դուր եկավ։ Արդյունքում՝ 1956թ. հուլիսին ստեղծվեց Երևանի Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ն, որի առաջին տնօրենն այնուհետև նշանակվեց (Զարոբյանի առաջարկով) հայ ականավոր մաթեմատիկոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ս.Ն. Մերգելյանը։

Կուզենայի կանգ առնել Յակով Զարոբյանի որդու հիշողությունների վրա։ «Նոր կազմակերպվող գիտական կենտրոնի տնօրենի թեկնածությունը, կենտրոն, որի համար հանրապետությունում այն ժամանակ կադրեր գրեթե չկային, շատ կարևոր էր։ Նա պետք է լիներ մի մարդ՝ հայտնի գիտական աշխարհում, որը պետք է իբրև մագնիս ծառայեր և դեպի իրեն ձգեր մասնագետների՝ ողջ Խորհրդային Միությունից։ Եվ այս առումով երիտասարդ մաթեմատիկոսի թեկնածությունն ավելի քան ճիշտ էր։ Բայց իրեն՝ Ս.Ն. Մերգելյանին, վարչական աշխատանքն այնքան էլ չէր գայթակղում։ Նա ուզում էր իր գիտական և մանկավարժական գործունեությունը շարունակել Մոսկվայում։ Հայրս մեծ ջանքեր գործադրեց՝ նրան համոզելու, որ գլխավորի նոր ինստիտուտը։ 1956թ. օգոստոսին «Մոսկվա» հյուրանոցի համարում ես վկան դարձա Մերգելյանի հետ այս թեմայով հորս վճռական խոսակցության։ Նա եկավ համակրելի մի աղջկա՝ իր ապագա կնոջ հետ, որը մասնագիտությամբ դերասանուհի էր։ Հայրս նրան առաջարկեց դառնալ տնօրեն նոր գիտական կենտրոնի կայացման սկզբնական փուլում, խոստացավ որպես տեղակալ լավ տնտեսվար տալ, որպեսզի առավելագույնս ազատի նրան վարչական աշխատանքից, խոստացավ ապահովել նրան Մոսկվայում գիտամանկավարժական աշխատանքից չկտրվելու հնարավորությամբ։ Վերջում կատակով առաջարկեց շախմատ խաղալ. եթե Մերգելյանը պարտվի, ապա անմիջապես գնալու է սարքաշինության և ավտոմատացման միջոցների մինիստր Մ.Ա. Լեսեչկոյի մոտ՝ ձևակերպվելու որպես ինստիտուտի տնօրեն։ Հայրս շախմատ սիրում էր և առաջին կարգայինի մակարդակով խաղալ գիտեր։ Նա հաղթեց»։

1960թ. փետրվարի 12-ին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումը Յա.Ն. Զարոբյանին ընտրեց ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար։ Այս պաշտոնում նա աշխատեց մինչև 1960թ. դեկտեմբեր, ընդհուպ մինչև առաջին քարտուղար ընտրվելը։

1960թ. դեկտեմբերի 28-ին Զարոբյանն ընտրվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ Այս պաշտոնում նա ընդամենը հինգ տարի է աշխատում։ Այնքան էլ մեծ ժամանակ չէ, բայց նա կարողացավ հասնել այն բանին, որ դիտարկվեն հանրապետության համար բախտորոշ խնդիրներ։ Դրանցից բոլորը չէ, որ հաջողվեց հասցնել ավարտին, բայց նրա մտածողությունն այնքան մասշտաբային էր, որ այդ որոշումների հետևանքները կարևոր են նաև մեր օրերում։ Դրանց թվում են Սևանա լճի պահպանման հարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկը, Գրիգորի Արտեմի Հարությունյանից բացի, այդքան խոր հետք չի թողել նրա զարգացման գործում (թեև ճակատագիրը նրանց ավելի մեծ ժամանակ էր շնորհել), որքան Յա.Զարոբյանը։ Սկսենք Սևանա լճից։ Էներգետիկ և գյուղատնտեսական կարիքների համար մշտական ջրառի և, հետևաբար, ջրի մակարդակի իջեցման պատճառով լիճը կարող էր ճահճի վերածվել։ Առաջարկվեց բարդ հիդրոտեխնիկական կառույցի և Վարդենիսի լեռնաշղթայի տակով մոտ 49 կմ երկարությամբ թունելի կառուցման գաղափարը, ըստ որի՝ Արփա գետի ջրերը՝ տարեկան ավելի քան 250 մլն խոր. մետր քանակությամբ, պետք է հոսեին Սևան։ Հարցի արժեքն այնքան բարձր էր, որ դրա լուծումը բոլորին ֆանտաստիկայի ժանրից էր թվում։

1961թ. մայիսի 6-ին Հայաստան է գալիս Ն.Խրուշչովը և հինգ օր մնում այստեղ։ Յա.Զարոբյանը Նիկիտա Սերգեևիչին Սևան է տանում։ Այնուհետև ներկայացնում եմ Եղիշե Ասցատրյանի հուշերից.

«Յա.Զարոբյանը դիմում է Ն.Խրուշչովին.

- Ի՞նչ կլիներ, եթե Դնեպրը ցամաքեր։

- Ինչպե՞ս կարելի է պատկերացնել ցամաք Դնեպրը, չէ՞ որ դա Ուկրաինայի զարկերակն է, նրա ժողովրդի կենսատու աղբյուրը։

- Իսկ եթե ռուս ժողովուրդն արթնանա ու տեսնի, որ Վոլգայում ջուր չկա, ցամաքել է։         

Ն.Խրուշչովը շրջվում է և զարմացած հարցնում.

- Էս ի՞նչ զարմանալի հարցեր ես տալիս, Յաշա։

Եվ հանկարծ այդ ժամանակ առաջնորդների հայացքի առջև, ասես բարձր լեռների արևի մեջ, եզերված Վարդենիսի լեռնաշղթայի լեռներով, արծաթի փայլի մեջ հիանալի տեսարան է բացվում՝ Սևանա լիճը։ Եվ Ն.Խրուշչովը հիացած բացականչում է.

- Ի՜նչ գեղեցկություն։

- Այո, Նիկիտա Սերգեևիչ, բայց այս գեղեցկությունը ցամաքում է, և մեր սերնդի օրոք լիճը կարող է ճահիճ և օձերի, գորտերի ու մոծակների բուն դառնալ, ինչպիսին էր առաջ Արարատյան դաշտավայրի մեծ մասը։

Ն.Խրուշչովը զարմանում և անգամ զայրանում է, թե ինչպես կարելի է թույլ տալ, որ բնության նման հրաշքը և ժողովրդի կենսատու աղբյուրը չորանա։

Յա.Զարոբյանը մանրամասն պատմում է Սևանի ողբերգության պատճառը։ Քանի որ այն Արարատյան դաշտավայրի ոռոգման միակ աղբյուրն է, լճի ջրերը կիսով չափ բաց են թողնվում, միաժամանակ հէկ-ն էլեկտրաէներգիա է արտադրում հանրապետության արդյունաբերության և ողջ ժողտնտեսության աճող կարիքները հոգալու համար։

- Իսկ ի՞նչ կարելի է անել լիճը փրկելու համար։

- Նիկիտա Սերգեևիչ, մասնագետների և նախագծային կազմակերպությունների հետ մենք մշակել և իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, որոնք պետք է նպաստեն լճի որքան հնարավոր է բարձր մակարդակի պահպանմանը։ Բայց ամենագլխավոր միջոցառումը չենք կարող անցկացնել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում։ Բոլոր բարձրագույն մարմինները և նրանց ղեկավարները տեղյակ են, բայց խնդիրը չի լուծվում։

- Խնդրի էությունն ի՞նչ է։

- Այ, այն սարի հետևում հոսում է Արփա գետը, հարկավոր է թունել փորել և նրա ջրերն ուղղել դեպի Սևան,- եզրափակեց Յա.Զարոբյանը։  

Այնուհետև լճի վրա պտույտ կատարեցին «Անաստաս Միկոյան» ջերմանավով, թարմ իշխան ճաշակեցին և սեղանի շուրջ ավելի մանրամասն քննարկեցին Սևանի խնդիրն ու դրա լուծման ճանապարհները»։

Ավելի հանգամանալիորեն ծանոթանալով խնդրին, լսելով այլ ղեկավարների և մասնագետների՝ Խրուշչովը համաձայնություն տվեց թունելի կառուցմանը, և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1961թ. օգոստոսի 12-ին ընդունեց որոշում «Արփա գետի հոսքի մի մասը Սևանա լիճ հասցնելու միջոցառումների մասին՝ նրա մակարդակը բնական պայմաններին մոտ նշաձողի վրա պահպանելու նպատակով»։ Դրանից հետո ՀԿԿ Կենտկոմը և ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը օգոստոսի 29-ի իրենց որոշմամբ հաստատեցին թունելի կառուցման միջոցառումներն ու անհապաղ սկսեցին շինարարությունը։

Ավելի ուշ Մոսկվայում, Հայաստան կատարած իր այցելության մասին զեկուցելով ԽՄԿԿ Կենտկոմի նախագահությունում, Խրուշչովն ասել է. «Ես չէի պատկերացնում, որ այդ լեռնային, կիսանապատային երկրում այդքան հերոսական, մեզ անմնացորդ նվիրված ժողովուրդ է ապրում»։ Այս մասին Յա.Ն. Զարոբյանին ասել է Ա.Ի. Միկոյանը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանն ու պահանջատիրությանը, ապա կուզենայի հատկապես երիտասարդ ընթերցողներին հիշեցնել, որ սոցիալիստական Հայաստանում սա արգելված թեմա էր։ Յա.Զարոբյանը Մոսկվայում հասնում է այն բանին, որ թույլատրվի նշել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կենտրոնական՝ «Պրավդա» թերթում այս թեմայով հոդված է տպագրվում։

1965թ. ապրիլի 24-ին Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում հրավիրվում է սգո ժողով՝ նվիրված Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության 50-ամյակին։ Ցավոք, այն առանց էքսցեսների չանցավ։ Ցուցարարների ամբոխը կոտրում է ապակիները, չի ենթարկվում ոստիկանությանը՝ հարգանք չցուցաբերելով անգամ կաթողիկոս Վազգեն 1-ին։ Այնուամենայնիվ, Յա.Զարոբյանը կարողանում է հասնել այն բանին, որ թույլ տրվի ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել, ինչպես նաև ամեն տարի սգո հանդիսավոր միջոցառում անցկացնել նրանց հիշատակի օրը։

Յա.Զարոբյանի օրոք հանրապետությունում բուռն զարգացում ապրեց գիտությունը։ Գիտահետազոտական ինստիտուտների թիվը հասավ 85-ի, այդ թվում բացվեցին այնպիսիները, ինչպիսիք են նուրբ օրգանական քիմիայի, կենսաքիմիայի, սրտաբանության, արևելագիտության, փիլիսոփայության և իրավունքի, հիդրոպոնիկայի և ագրոքիմիական խնդիրների, ժողտնտեսության և պլանավորման ու այլ ինստիտուտները, կառուցվեց ֆիզիկայի ինստիտուտի օղակաձև էլեկտրոնային արագացուցիչը, ինչպես նաև նույն ճյուղի ձեռնարկությունների մի ամբողջ համալիր Աբովյանում, Գառնիից ոչ հեռու ստեղծվեց տիեզերական կենտրոն (տնօրենն էր ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը, որին բարձր էր գնահատում ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովը), ինտենսիվորեն սկսեց զարգանալ բուհական կրթությունը, ծաղկում ապրեցին մշակույթի և սպորտային օբյեկտները (Մ.Սարյանի և Ե.Չարենցի թանգարանները, 3500 տեղանոց «Դինամո» մարզադահլիճը, պատանի մարմնամարզիկների դպրոցը)։ Հենց Յակով Նիկիտայի Զարոբյանի ջանքերի շնորհիվ Երևանը մետրո կառուցելու թույլտվություն ստացավ (սկզբում կոչվում էր արագընթաց տրամվայ)։ Չմոռանանք, որ մետրոն վիթխարի պաշտպանական նշանակություն ունի Երևանի համար, ինչպես նաև անուղղակիորեն նպաստում է ավտոտրանսպորտի գազերի արտանետումների նվազմանը, որոնք այսօր Երևանում կազմում են ընդհանուրի 92-93%-ը։ Ցավոք, 1989-ից հետո ոչ մի ուղևորակայան չբացվեց («Չարբախ» դեպո-կայարանը հաշիվ չէ)։ Էլի մի բան։ 1964թ. Յակով Զարոբյանն առաջ քաշեց Հայաստանում ԱԷԿ կառուցման գաղափարը։ Դժվար է գերագնահատել նրա նշանակությունը Հայաստանի համար։ Դա բազա ստեղծեց արդյունաբերության ինտենսիվ զարգացման համար և կործանումից փրկեց Սևանա լիճը։ 1989թ. փետրվար-մարտին որոշ վայ-էկոլոգների ու կեղծ դեմոկրատների ճնշման տակ երկու աշխատող էներգաբլոկները փակվեցին։ Դա հսկայական վնաս հասցրեց երկրին։ Սևանի մակարդակը 1991-1997թթ. իջավ երեք մետրով, էլեկտրաէներգիայի բացակայությունը անասելի դժբախտություն էր բնակչության, էլ չեմ ասում արդյունաբերության համար։ ԱԷԿ-ը կանգնեցնելու մասին որոշումը սխալ ճանաչվեց, և 1995թ. նոյեմբերի 5-ին երկրորդ բլոկը կրկին սկսեց աշխատել։ Յա.Զարոբյանի ճշմարտացիությունն ապացուցվում է նաև նրանով, որ 2006թ. Հայաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց նոր ԱԷԿ կառուցելու մասին։ Հայաստանն էներգետիկ անվտանգության ուրիշ այլընտրանք չունի։

1964թ. ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը։

Ժամանակին նա քաղդպրոցում սովորել էր Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Երվանդի Քոչինյանի հետ և ամեն կերպ շեշտում էր այդ մասին։ Հայաստանում դա զգացվեց։ Ինքնատիպ ընդդիմություն էր ձևավորվել՝ հանձինս Ա.Քոչինյանի, Կենտկոմի երկրորդ քարտուղար Հ.Բաղդասարյանի և Կենտկոմի քարտուղար Գ.Տեր-Ղազարյանցի։ Նրանք իրենց կողմն են գրավում նաև բյուրոյի ուրիշ անդամների, Յա.Զարոբյանի կողքին են մնում միայն Գ.Արզումանյանը, Մ.Մելքոնյանը և Ե.Ասցատրյանը, ընդ որում՝ նա ինքը, լինելով խիստ կարգին մարդ, բյուրոյի քվեարկությանը չէր մասնակցել (դա էլ կանխորոշեց արդյունքները)։ 1966թ. փետրվարի 5-ին Երևանում, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Ի.Վ. Կապիտոնովի մասնակցությամբ տեղի է ունենում ՀԿԿ Կենտկոմի պլենումը, որտեղ առաջին քարտուղար է ընտրվում Ա.Քոչինյանը։ Յակով Զարոբյանին առաջարկվում է մի քանի պաշտոն (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում ԽՍՀՄ դեսպանի) ընտրություն կատարելու համար, բայց նա ընտրում է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության մինիստրի տեղակալի պաշտոնը։ Նա մտածում էր, որ այդ պաշտոնում ավելի մեծ օգուտ կբերի իր երկրին ու սիրելի Հայաստանին։ Նա առանձնապես հոգ էր տանում Հայաստանի այն 23 էլեկտրատեխնիկական ձեռնարկությունների համար, որոնք ուղղակիորեն իրեն էին ենթարկվում։

Յա.Զարոբյանի աշխատասենյակում կախված էր Հայաստանի քարտեզը, որի վրա նշում էր Արփա-Սևան թունելի շինարարության ընթացքը, ինչպես նաև կառուցվող էլեկտրակայանները։

1974թ. Յա.Զարոբյանի համար հնարավորություն է ստեղծվում վերադառնալ Հայաստան։ Այստեղ հերթական իշխանափոխությունն էր կատարվել։ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար էր ընտրվել Կ.Ս. Դեմիրճյանը, որը, մինչև կուսակցական աշխատանքի անցնելը, ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրենն էր, և Զարոբյանը նրան լավ գիտեր, մանավանդ որ 1962թ. դեկտեմբերին նա ինքն էր նրան նշանակել այդ պաշտոնին։ Յա.Զարոբյանի թեկնածությունը դիտարկվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնում, սակայն ի վերջո այդ պաշտոնին նշանակվում է մեկ այլ մարդ։ Երիտասարդ ու հավակնոտ Դեմիրճյանը չուզեց սկզբից ևեթ հայտնվել Զարոբյանի հեղինակության ստվերում։

1980թ. հունվարի 1-ին Յա.Զարոբյանը թոշակի է անցնում, իսկ երեք ամիս անց վախճանվում է։ Նա մահացել է Մոսկվայում, բայց, իր կամքի համաձայն, թաղված է Երևանում։

Բազմաթիվ ցավակցական հեռագրեր ստացվեցին Միության տարբեր ծայրերից, դրանց մեջ էր նաև բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հեռագիրը, որն ավարտվում էր հետևյալ բառերով. «Յակով Նիկիտիչի անունը դեռ երկար կապրի ժողովրդի սրտում։ Ծիծեռնակաբերդի հավերժական կրակը վառվում է նաև Զարոբյանի հիշատակին»:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am