Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Մարտ 2013, N 1

2012Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2013Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այստեղ դիտարկում ենք այն հիմնական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել աշխարհում 2012-2013թ. սահմանագծին։ Առաջ անցնելով՝ նշենք, որ, ինչպես և նախկինում, ուշադրության կենտրոնում է գտնվել իրավիճակը բազմաչարչար Սիրիայում, որը հայտնվել է գլոբալ աշխարհաքաղաքականության վաշինգտոնյան ճարտարապետների հարվածների տակ։ Եվ սիրիական իրադարձություններից էլ հենց կսկսենք մեր տեսությունը։

Դեկտեմբերի սկզբին ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հավանություն տվեցին Թուրքիայում զենիթահրթիռային Patriot համալիրներ տեղակայելուն։ ԶՀՀ մի քանի մարտկոց տրամադրելու խնդրանքով դաշնակիցներին էին դիմել թուրքական իշխանությունները։ Որպես պաշտոնական պատճառ նշվել էր Սիրիայի հնարավոր հարձակումից պաշտպանությունը։ Միաժամանակ, ՆԱՏՕ ներկայացուցիչները հայտարարում էին, որ Patriot ԶՀՀ տեղակայումը Թուրքիայում չի նշանակում, թե պատրաստվում են ներխուժել Սիրիա։ Նշենք նաև, որ հրթիռային համալիրների տեղակայումն ամբողջությամբ ավարտվեց փետրվարի 18-ին։ Ներկայում Patriot մարտկոցները մարտական հերթապահություն են իրականացնում Գազիանթեփ նահանգում։ ԶՀՀ երկուական համալիր տրամադրել են Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդեռլանդները։

Չնայած հրթիռային համալիրների տեղակայման նպատակների մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչների հավաստիացումներին՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ ծրագրերի առիթով՝ ընդգծելով, որ Patriot-ի տեղակայումը թուրք-սիրիական սահմանին կբարձրացնի տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման ռիսկերը։

Բայց փետրվարի վերջին արևմտյան մամուլում տագնապալի տեղեկություն հայտնվեց Արևմուտքի բավական հեռահար պլանների մասին։ Ինչպես տեղեկացնում է DefenceNews պորտալը՝ հղում կատարելով ՆԱՏՕ աղբյուրներին, Թուրքիայում տեղակայված զենիթահրթիռային Patriot համալիրների հիմնական խնդիրը լինելու է այն ռադարի պաշտպանությունը, որը հսկում է Իրանից հրթիռների հնարավոր արձակմանը։ Խոսքն ԱՄՆ-ին պատկանող վաղ իրազեկման և Կյուրեջիքի բազայում գտնվող ռադարի մասին է։

Արժե նշել, որ ՆԱՏՕ հրամանատարությունը հայտարարում էր, թե Թուրքիայի օդային տարածքի պաշտպանության գործողությունը սիրիական հակամարտության սրման պարագայում կշարունակվի մեկ տարվա ընթացքում, ընդ որում՝ հետագայում այդ ժամկետը կարող է կրճատվել կամ երկարացվել՝ կախված հանգամանքներից։ Միևնույն ժամանակ, փորձագետները, որոնց կարծիքին հղում է կատարում DefenseNews էլեկտրոնային պարբերականը, պնդում էին, որ այդ ժամկետը հաստատ երկարացվելու է։

Դեկտեմբերի գլխավոր իրադարձությունների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում չարաբաստիկ «Մագնիտսկու օրենքը», որը Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունների լարվածության պատճառ դարձավ։ Ամսվա սկզբին ԱՄՆ կոնգրեսի վերին պալատն ընդունել է «Մագնիտսկու օրենքը»՝ կապված Ջեքսոն-Վենիկի ուղղումը հանելու հետ։ Սենատորներն ընդունեցին օրինագծի տարբերակ, որը մինչ այդ արժանացել էր Ներկայացուցիչների պալատի հավանությանն ու որը վիզային և ֆինանսական պատժամիջոցներ է նախատեսում ռուս այն չինովնիկների համար, որոնք հանցակից են, Վաշինգտոնի կարծիքով, իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը և մասնակից են մարդու իրավունքների այլ խախտումների մեջ։

Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, հայտարարել է, որ կոշտ է արձագանքելու ԱՄՆ իշխանությունների ընդունած «Մագնիտսկու ցուցակի» մասին օրենքին, իսկ այդ օրենքի ուժի մեջ մտնելը բացասաբար կազդի Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վրա։

Դիտորդները կարծիք են հայտնել, թե Վաշինգտոնը և Մոսկվան չեն հասնի ուղղակի դիվանագիտական դիմակայության՝ հույս հայտնելով, որ ակնհայտորեն հակառուսական օրենքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ստորագրի։ Այս հույսն ունեին նաև ռուսական քաղաքական շրջանակներում։

Բայց 2012թ. դեկտեմբերի 14-ին Սպիտակ տան ղեկավարը ստորագրեց Ջեքսոն-Վենիկի ուղղումը հանելու և «Մագնիտսկու օրենքը» մտցնելու մասին օրինագիծը։

Ռուսաստանը, ինչպես խոստացել էր, անհապաղ պատասխան միջոցներ ձեռնարկեց։ Մասնավորապես, պատասխան օրինագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ մտցնել այն ամերիկացիների դեմ, որոնք մեղավոր են Ռուսաստանի քաղաքացիների դեմ հանցագործություններ կատարելու մեջ, ոչ պաշտոնապես անվանեցին «Դիմա Յակովլևի» օրենք՝ երկամյա ռուս տղայի անունով, որը մահացել էր 2008թ. ԱՄՆ-ում՝ իրեն որդեգրած ծնողների մեղքով։

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ օրենքի առաջին ընթերցումը Պետդումայում։ Դեկտեմբերի 17-ին «Եդինայա Ռոսիա»-ի և ՌԼԴԿ պատգամավորներն առաջարկեցին օրինագծում մտցնել կետ ամերիկյան քաղաքացիների կողմից ռուս ծնողազուրկ երեխաներին որդեգրելու արգելքի մասին։

Դեկտեմբերի 19-ին Պետդուման ընդունեց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ՝ այդ թվում դրանում ներառելով այն շտկումները, որոնք արգելում են ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուս որբերի որդեգրումը և ընդլայնում են փաստաթղթի գործողությունը ցանկացած երկրի վրա, որի քաղաքացիները կխախտեն ռուսաստանցիների իրավունքները։ Արգելվում էր նաև Ռուսաստանի տարածքում այն ՈԿԿ-ների գործունեությունը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ից և սպառնալիք են ներկայացնում ռուսական շահերին։

Դեկտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Մագնիտսկու օրենքը» համարում է հակառուսական՝ ուղղված ոչ թե կոնկրետ չինովնիկների, այլ Ռուսաստանի դեմ։ Եվ որ ամենագլխավորն է, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, օրենքն աննախադեպ է և որևէ կերպ չի հրահրված ռուսական կողմից։

Դեկտեմբերն, ընդհանուր առմամբ, լի էր ռուսական կողմի հասցեին ամերիկյան չինովնիկների հարձակումներով։ Այսպես, կրակին յուղ լցրեց այդ օրերին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը լքող Հիլարի Քլինթոնը։ Անդադրում մադամը, որը հրով ու թրով «դեմոկրատիա և ամերիկյան արժեքներ» էր տարածում ողջ աշխարհում, իր անփառունակ դիվանագիտական կարիերայի մայրամուտին ամերիկյան իշխանությունների անունից խոստացավ խանգարել «Խորհրդային Միության նոր տարբերակին՝ տնտեսական ինտեգրման տեսքով»։

Քլինթոնը նշել է, որ նոր ԽՍՀՄ-ը կարող է ստեղծվել նոր անվան տակ՝ «Մաքսային միություն կամ Եվրասիական միություն»։ ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղարը նշել է, որ ռուսական իշխանությունները պաշտպանում են այդ պլանը հարևանների հետ տնտեսական կապերի խորացման համար։

«Եկեք սխալներ չգործենք։ Մենք գիտենք, թե որն է նպատակը, և մենք կփորձենք այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխելու արդյունավետ միջոց գտնել»,- ասել է նա։ Այնպես որ, այն երկրները, որոնք ներգրավված են (կամ նախատեսում են ապագայում միանալ) Մոսկվայի նախաձեռնած ինտեգրման գործընթացին, հաստատ չեն ձանձրանա։

Դեկտեմբերին ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել հետխորհրդային տարածքում։ Խոսքն Ադրբեջանում գտնվող Գաբալայի ՌԼԿ-ի մասին է, որի հետագա շահագործումից հրաժարվեց Ռուսաստանը։ 2002թ. հունվարին Մոսկվայում ստորագրվել էր համաձայնագիր ՌԴ-ի և Ադրբեջանի միջև Գաբալայի կայանի վարձակալության մասին։ Դրա համաձայն՝ կայանը համարվում էր Ադրբեջանի սեփականությունը, իսկ դրա գործարկումն իրականացնում էր ռուսական կողմը։ Ամենամյա վարձավճարը 10 տարի շարունակ կազմել է 7 մլն դոլար։ Հետո Բաքուն գինը բարձրացրեց մինչև տարեկան 300 մլն դոլար։ Այս պայմաններն, ամենայն հավանականությամբ, Մոսկվային ձեռնտու չէին։

Գաբալայի կայանը տեխնիկական բնութագրերով անգամ այսօր աշխարհում նման ռադիոլոկացիոն կայանների մեջ ամենահզորներից մեկն է։ Որոշ տարածաշրջանային փորձագետներ շտապեցին ենթադրել, թե Գաբալայից ռուս մասնագետների հեռանալուց հետո այնտեղ կարող են ուրիշները գալ։ Նրանց ենթադրություններն այնքան էլ հեռու չէին իրականությունից, քանի որ, իսկապես, հետագայում «ուրիշների» հայտնվելը միանգամայն հնարավոր է։ Չէր անցել երկու ամիս Գաբալայից ռուս զինվորականների հեռանալուց հետո, երբ հորիզոնում նշմարվեց ՆԱՏՕ ստվերը։

Ելույթ ունենալով Ադրբեջանում ՆԱՏՕ միջազգային դպրոցի ձմեռային նստաշրջանում («Անվտանգության մարտահրավերները Կասպիական տարածաշրջանում»)՝ Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ համակարգող սպա Ուիլյամ Լահուան ասել է, որ դաշինքն արդեն բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ երկրի տարածքը Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ օգտագործելու համար։

Փորձագետների կարծիքով՝ Իսրայելի կողմից միլիարդավոր դոլարների արժողությամբ սպառազինություն գնող Ադրբեջանը չի մերժի ամերիկացիներին. խոսքն ակնհայտորեն այն մասին է, որ հենակետ պատրաստվի Իրանին խփելու և, հնարավոր է՝ ոչ միայն դրա համար։

Զորքերն Ադրբեջանում տեղակայելով՝ Պենտագոնն ուղղակի մուտք կունենա դեպի Կասպիա, նշանակում է՝ նաև ռուսական Հյուսիսային Կովկաս։

Մեկ անգամ ևս ընդգծենք. Ադրբեջան ԱՄՆ զորքերի հնարավոր մուտքի մասին տեղեկատվությանը նախորդել էր Բաքվի և Մոսկվայի բանակցությունների ձախողումը Գաբալայի կայանի վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին։

Հայկական կողմից փորձագիտական մակարդակով կարծիք էր հնչել, թե Հայաստանում С-400 զենիթահրթիռային համալիրների տեղակայումը կդառնար Մոսկվայի առավել իրատեսական պատասխանն Ադրբեջանին Գաբալայի ՌԼԿ-ից ռուս զինվորականների հեռանալու հետ կապված։ Ինչպես նշել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը, «չնայած ռուս-ադբեջանական հարաբերություններում ամենալավ իրավիճակը չէ, որ ստեղծվել է, իմ կարծիքով, անհրաժեշտություն չկա, որ Մոսկվան նոր ՌԼԿ կառուցի»։

«Եթե Մոսկվան, այնուամենայնիվ, որոշի պատասխան քայլ կատարել, ապա ավելի իրատեսական կլինի Հայաստանում հակահրթիռային պաշտպանության նոր համալիրների տեղակայումը։ Իմ կարծիքով՝ բանը նույնիսկ այնքան Գաբալան չէ, որքան ռուսական զորքերի ներկայությունն Ադրբեջանում, քանի որ Գաբալայից հեռանալուց հետո Ադրբեջանում այլևս ռուսական զինվորական ներկայություն չի լինի»,- ընդգծել է քաղաքագետը։

Ի դեպ, մինչ այդ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չէր բացառել Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքում Գաբալայի տիպի ՌԼԿ կառուցելու հնարավորությունը։

Մի խոսքով՝ նշված ձմեռային իրադարձությունների ֆոնին իրավիճակը մեր առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում այնքան էլ նպաստավոր չէր զարգանում։

Տարածաշրջանային իրադարձություններից անդրադառնանք նաև Հայաստանի նախագահի ընտրություններին, քանի որ նախընտրական անցուդարձը հանրապետությունում ժամանակի ընթացքում ձեռք է բերել ոչ այնքան ներքաղաքական, որքան արտաքին քաղաքական երանգավորում։ Փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթեց Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ շատերի համար անսպասելիորեն նրա հիմնական մրցակիցը դարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվեց երկրորդ տեղում։ Վերջինը կտրականապես հրաժարվեց ընդունել քվեարկության արդյունքները, նախաձեռնեց բողոքի մի շարք հանրահավաքներ Երևանի Ազատության հրապարակում՝ պահանջելով Սերժ Սարգսյանից «հեռանալ նախագահի պաշտոնից»։ Հենց այդ հանրահավաքներում էլ հնչեցին հայտարարություններ, որոնք թույլ տվեցին որոշ փորձագետների ու արևմտյան գրանտներից սնվող հայրենական ԶԼՄ-ների շրջանառության մեջ դնել «Երևանի ամերիկամետ շեղման ուժեղացման» թեման։

Արժե նշել, որ պարտված թեկնածուն պնդում էր իր «անվերապահ հաղթանակի» մասին՝ չնայած ընտրությունների արդյունքները լայնորեն ճանաչվել էին միջազգային հանրության կողմից, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրման առիթով բազմաթիվ, այդ թվում և համաշխարհային առաջնորդներից՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներից, շնորհավորանքներ էր ստացել։

Դիտորդների կարծիքով՝ տանուլ տված Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքական դաշտում երկու խնդիր էր լուծում, ընդ որում՝ ամենևին էլ ոչ ներքին (նրա բոլոր հայտարարությունները հայ քաղաքացիների մասին՝ ընդամենը շղարշ են անդրօվկիանոսյան խաղացողների ավելի գլոբալ պլանների իրագործման համար)։ Առաջին՝ իսկապես հակառուսական տրամադրություններ էր հրահրում իր կողմնակիցների շրջանում՝ հավանաբար կատարելով որոշակի կենտրոնների պատվերը։ Երկրորդ՝ մահակի դեր էր խաղում Վաշինգտոնի ձեռքին, որը վերջինը, անկասկած, կթափահարի պաշտոնական Երևանի վրա անհրաժեշտության դեպքում։ Թե ինչպես կզարգանա իրավիճակը Հայաստանում՝ առայժմ պարզ չէ, քանի որ հոդվածը գրելու պահին ամերիկամետ քաղաքական գործիչ Հովհաննիսյանը մտադիր չէր հրաժարվել «համազգային» պայքարից հանուն ամերիկյան հայրենիքի։

Ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանը բավական հաջող փոխգործակցում էր մեր հարևան Վրաստանի հետ։ Ակնհայտ է դառնում, որ վրացական նոր իշխանությունները մտադիր են հրաժարվել Սաակաշվիլու ժառանգությունից և Մոսկվայի հետ հարաբերությունները դուրս բերել ճգնաժամից։ Համենայնդեպս, ձմեռվա ամիսները բավական նպաստավոր էին այս առումով, քանի որ այդ շրջանում դրական տեղաշարժեր կատարվեցին, ինչը փետրվարի վերջին փաստեց ՌԴ ատրգործնախարարությունը։

Ընդ որում՝ իրավիճակը բավական բուռն էր զարգանում, և բոլորովին վերջերս թշնամաբար տրամադրված կողմերը նույնիսկ կարողացան շփումներ հաստատել բարձր մակարդակով։ Այսպես, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Ամենայն Վրաց պատրիարք Իլյա II-ին։ Դավոսում տեղի ունեցավ Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարճ հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ։ Ստրասբուրգում հանդիպեցին երկու երկրների խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչները։ Այս ամենը, ռուս դիվանագետների կարծիքով, անհրաժեշտ դրական մթնոլորտ ստեղծեց առանձին ոլորտներում գործնական հարցերի լուծման համար։ Մասնավորապես, փետրվարի վերջին «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետների խումբն այցելեց Վրաստան՝ ուսումնասիրելու գինու և հանքային ջրերի արտահանումը վերսկսելու պայմանները։ Այդ օրերին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման ժամանակ վերջինը հայտարարել էր, թե ռուսաստանյան իշխանությունները չեն բացառում վիզային ռեժիմի մեղմման հնարավորությունը Վրաստանի քաղաքացիների համար։

Եվս մեկ կարևոր ասպեկտ, որը թեև մարզական բնույթ է կրում, բայց քաղաքական տեսակետից նույնպես հետաքրքրություն է ներկայացնում։ Խոսքը Սոչիի Ձմեռային օլիմպիադայի մասին է։ Փետրվարի վերջին Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե Սոչիի Օլիմպիական խաղերին վրացի մարզիկների մասնակցության հարցը քննարկվելու է մարտի սկզբին։

«Մենք ամուր պաշտոնական դիրքորոշում ունենք, որ Վրաստանը չի բոյկոտելու Օլիմպիադան։ Մենք ուզում ենք, որ մեր թիմը մասնակցի այդ խաղերին, բայց դրա համար գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք պետք է լուծել, քանի որ Օլիմպիադան տեղի է ունենալու մի երկրում, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք»,- հայտարարել է Փանջիկիձեն։ Արժե նշել, որ վրացական իշխանությունները խիստ պրագմատիկ և կառուցողական դիրքորոշում են որդեգրել, իսկ այդ քաղաքականության իրագործումը, անշուշտ, բավական դրական արդյունքներ կունենա տարածաշրջանի համար։

Հանգիստ թողնենք մեր տարածաշրջանը և խոսենք մեր կարծիքով կարևոր այլ իրադարձությունների մասին աշխարհի այլ մասերում։ 2013թ. հունվարի 21-ին Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի 57-րդ երդմնակալության ընթացքում Վաշինգտոնում չորրորդ անգամ երդվեց՝ կրկնելով, այդպիսով, Ֆրանկլին Ռուզվելտի պատմական «նվաճումը»։ Իհարկե, եթե Ռուզվելտի դեպքում երդմնակալությունների թիվը համընկնում էր նախագահական ժամկետների թվի հետ, ապա Օբամայի դեպքում պաշտոնին անցնելն ուղեկցվում է երկու անգամ երդում տալով։

2009թ. կրկնակի արարողության պատճառ էր դարձել գերագույն դատարանի նախագահի սխալը, որը խառնել էր երդման բառերը։ Այդ անգամ Օբաման երկու անգամ երդվեց ամերիկյան սահմանադրության պատճառով, որի համաձայն՝ նրա առաջին ժամկետը սպառվել էր հունվարի 20-ի կեսօրին։ Ընթացիկ տարում այդ օրը կիրակի էր, ուստի արարողությունն անցավ ոչ պաշտոնական իրավիճակում, Սպիտակ տան երկնագույն սենյակում։ Անցած տարվա նոյեմբերին վերընտրված Օբաման գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, վարչակազմի անդամների, նախագահի ընտանիքի և մի քանի լրագրողների ներկայությամբ խորհրդանշորեն ձեռքը դրեց ընտանեկան Աստվածաշնչի վրա և երդվեց պահպանել ու պաշտպանել ԱՄՆ սահմանադրությունը։ Հաջորդ օրը նա կրկնեց երդումն արդեն Կապիտոլիումում, լայն հասարակայնության առջև։

Պաշտոնին անցնելուց հետո Սպիտակ տան ղեկավարը ձեռնամուխ եղավ կադրային փոփոխություններին իր վարչակազմում։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրեց արդեն նախկին դեմոկրատ սենատոր Ջոն Քերին, Պենտագոնը ղեկավարեց նախկին հանրապետական սենատոր Չաք Հեյգելը։

Առաջինն, ինչ արեց Ջոն Քերին նոր պաշտոնում, այն էր, որ հայտարարեց, թե ԱՄՆ-ը կշարունակի դեմոկրատիայի և ամերիկյան արժեքների տարածումը ողջ աշխարհում։ «Անհրաժեշտ է աշխարհի բոլոր մասերին ընտրության հնարավորություն ընձեռել, որը մեզ (ԱՄՆ-ին) ավելի ուժեղ և ավելի լավն է դարձրել։ Մենք ուզում ենք մնացյալ ողջ աշխարհը բերել այն ընտրությանը, որն արել ենք մենք»,- ասել է Քերին՝ առաջին անգամ ընդարձակ ճառով ելույթ ունենալով որպես պետքարտուղար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ամեն բան կանի երկրի ներսում դեմոկրատիայի պաշտպանության համար և մտադիր է զգալի ջանքեր գործադրել աշխարհում ամերիկյան արժեքների տարածման համար։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվորեն կօգտագործի դիվանագիտությունը, այլ ոչ թե բանակն ապագայում իր նպատակներին հասնելու համար։ Մինչ այդ, ելույթ ունենալով կոնգրեսում, Քերին հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Բարաք Օբամայի վարչակազմի օրոք մտադիր է հրաժարվել ռազմական ուժի կիրառումից, եթե դրա անհրաժեշտությունը չկա, և իր նպատակներին հասնել դիվանագիտական մեթոդներով։

Այնուհետև Հռոմում նա հանդիպեց սիրիական ընդդիմության առաջնորդների և այն երկրների իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք աջակցում են նրան։ Այսպես կոչված «Սիրիայի բարեկամների խմբի» հետ հանդիպման արդյունքներով Քերին հայտարարեց, թե ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը հավելյալ օգնություն է ցուցաբերելու 60 մլն դոլարի չափով, ինչպես նաև առաջին անգամ չթռչող միջոցներ կտրամադրի ապստամբներին։

Միացյալ Նահանգների որոշմանը զուգահեռ՝ Եվրամիությունը նույնպես որոշեց օգնել «դեմոկրատիայի համար պայքարող» սիրիացիներին։ Եվրոպացիները թույլ տվեցին չթռչող ռազմական տեխնիկա մատակարարել սիրիական ընդդիմության զինված խմբավորումներին։ Խոսքը կոնկրետ ապստամբներին չսպառազինված զրահապատ ավտոմեքենաներ, ինչպես նաև ցանկացած այնպիսի ռազմատեխնիկա մատակարարելու մասին է, որը «չի կրակում և չի պայթում»։ Այլ խոսքով՝ հանդերձանք, հեռադիտակներ, գիշերային հսկման սարքեր, կապի միջոցներ. այս ամենը բարեկամ երկրներն այժմ կարող են ուղարկել զինված հակամարտության գոտի։ Ինչպես տեսնում ենք, օղակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պարանոցի շուրջ սեղմվում է։

Ձմռան վերջին Ալմաթիում տեղի ունեցավ «վեցնյակի» (միջազգային միջնորդների) հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ։ Երկօրյա բանակցությունների արդյունքներով միջնորդներն առաջարկել են Թեհրանին մեղմացնել պատժամիջոցներն ուրանի մինչև 20% հարստացումը դադարեցնելու դիմաց։ «Վեցնյակն» առաջարկում է թուլացնել պատժամիջոցները և լրացուցիչ պատիժներ չմտցնել ՄԱԿ ԱԽ գծով, եթե իրանական կողմը համաձայնի գնալ ուրանի մինչև 20% հարստացումը դադարեցնելու և Ֆորդու օբյեկտի պարամետրերի գործառնությունը նվազեցնելու քայլերի»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ իրանական կողմն առաջին անգամ արձագանքել է և ներկայացրել իր նկատառումներն ի պատասխան այդ առաջարկությունների։

Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, «համաձայնություն է ձեռք բերվել փորձագետների հաջորդ հանդիպումն անցկացնել մարտին, Ստամբուլում, որին կհետևի «հինգ գումարած մեկ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա) հանդիպումն Իրանի հետ ապրիլի 5-6-ին Ալմաթիում»։

Նյութի ավարտին խոսենք ԱՄՆ բյուջեի ավտոմատ սեկվեստրի մասին, որի սկիզբը համընկավ փետրվարի վերջի – մարտի սկզբի հետ։ Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին ծախսային բոլոր հոդվածները կկրճատվեն 85 մլրդ դոլարով։

Բյուջեի ավտոմատ սեկվեստրը նշանակում է ծախսերի կրճատում 1,2 տրլն դոլարով առաջիկա տասը տարիների ընթացքում։ Միակ պայմանը, որով կարելի էր խուսափել սեկվեստրից, պայմանավորվածությունն էր Սպիտակ տան և կոնգրեսի միջև պետծախսերի հաշվեկշիռը փոխելու մասին՝ հարկային համակարգի միաժամանակյա բարեփոխմամբ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից հարկային օրենսդրության շրջանցման միջոցները վերացնելու ճանապարհով։ Բայց դա տեղի չունեցավ։

Բանակցությունների վերջին ռաունդում իշխանության ճյուղերի ներկայացուցիչների միջև փոխզիջում չարվեց։ Հանրապետականները պնդում էին հարկային համակարգի անսասանության մասին, դեմոկրատները մերժեցին կրճատել սոցիալական ոլորտի ծախսերը։

Արդյունքում՝ երկրի նախագահ Բարաք Օբաման ստիպված էր հրամանագիր ստորագրել բյուջեն սեկվեստրի ենթարկելու մասին, որի համաձայն՝ 85 մլրդ դոլարից, որը ենթադրվում էր հանել բյուջեի ծախսային մասից, մոտ 50 մլրդ-ն չեն ստանա ուժային գերատեսչությունները։

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ ԱՄՆ նախագահը նշեց, որ բյուջեի սեկվեստրը ցավագին հարված կհասցնի ողջ տնտեսությանը։ Նրա խոսքով՝ ծախսերի ավտոմատ կրճատման մեխանիզմի գործադրումը երկրի վրա մոտ 750 հազար աշխատատեղ կնստի։ Մենք մեր կողմից ավելացնենք, որ ֆինանսատնտեսական հիմնախնդիրները Միացյալ Նահանգներում մեծ ալիքով կանցնեն նաև համաշխարհային տնտեսության վրայով, որն ամուր նստած է դոլարային ասեղի վրա և, չնայած ամերիկացիների հերթական ֆինանսական հարվածին, չի պատրաստվում հրաժարվել դրանից (գուցե ԱՄՆ-ը թո՞ւյլ չի տալիս)։

Մեր տեսությունը կավարտենք մարզական իրադարձությամբ, որի հետևանքները կարող են փոխել Օլիմպիական խաղերի կառուցվածքն ու անմիջական ազդեցություն գործել Հայաստանի օլիմպիական արդյունքների վրա։ Փետրվարի կեսին Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել է Օլիմպիական խաղերի ծրագրից հանել մարզական ըմբշամարտի բոլոր տեսակները։ Նախաձեռնությունը հնչել է ՄՕԿ գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, որը նվիրված էր Օլիմպիադա-2020-ի ծրագրին (որի մայրաքաղաքը լինելու հավակնորդներն են Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն)։ Ընդունելով որոշումը՝ գործադիր կոմիտեի անդամները հաշվի են առել մի քանի տասնյակ չափանիշներ, այդ թվում և մարզաձևի ժողովրդականությունն ու տարածվածությունն աշխարհում, հեռուստավարկանիշը, տոմսերի վաճառքը և այլն։ Գործադիր կոմիտեի որոշումը՝ Օլիմպիադան թողնել առանց ըմբշամարտի, որի մրցամարտերն անցկացվել են դեռ անտիկ ժամանակներում, անասելի ռեզոնանս առաջացրեց շատ երկրներում։ Ինչպես նշում են ՄՕԿ որոշման հակառակորդները, հնարավոր է՝ ըմբշամարտն, իսկապես, ամենատեսարժան մարզաձևը չէ, բայց թեթև ատլետիկայի հետ միասին այն ողջ օլիմպիական շարժման ինքնատիպ հիմքն է։

Բայց չարժե արագացնել իրադարձությունները. մայիսին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՄՕԿ գործադիր կոմիտեի նստաշրջանը, որտեղ լուծվելու է այն հարցը, թե որ մարզաձևն է զբաղեցնելու ցուցակի թափուր տեղը։ Դրան հավակնում են, օրինակ, կարատեն, ուշուն, բեյսբոլը, ժայռեր մագլցելը և էլի մի քանի մարզաձև։ Ըմբշամարտը լիովին կարող է մրցակցել դրանց հետ։ Եվ եթե նույնիսկ պարտվի, էլի ամեն ինչ կորած համարել չի կարելի։ Բանն այն է, որ ըմբշամարտը Օլիմպիադայի ծրագրից հանելու վերջնական որոշումը կարող է ընդունել միայն ՄՕԿ նստաշրջանը (տեղի է ունենալու սեպտեմբերին Բուենոս Այրեսում), պայմանով, եթե դրա համար քվեարկի 115 պատվիրակների երկու երրորդը։

Այսպիսին էր 2012-2013թթ. ձմեռն աշխարհում։ Առջևում գարունն է, և հուսանք, որ գարնանային սրացումները զգալի չեն լինի համաշխարհային քաղաքականությունում։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am