Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Մարտ 2013, N 1

ՍՏՈՐՋՐՅԱ ԿԱՄԻԿԱՁԵՆ

ՀԱՅՈՐԴԻՆ՝ ԽՍՀՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՈՒԶԱՆԱՎՈՐԴԸ

Ասքանազ Աբրահամյան

Ռուսական, հետագայում նաև խորհրդային  ռազմածովային նավատորմի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Ալեքսանդր Նիկոլայի Գարսոյանի (Գարսոև) անունը։ Ցավոք, Խորհրդային Միությունում ռազմական գործիչներին ու զինագործներին գերգաղտնիության մեջ պահելու տաբուն լայն հասարակության համար անծանոթ են դարձրել մեր տաղանդավոր հայրենակցի կյանքն ու գործը։

Ռուսաստանի նավագնացության պատմության մեջ «Ստորջրյա կամիկաձե», «ԽՍՀՄ առաջին գլխավոր սուզանավորդ» պատվանուններով մեծարված հայորդին ծնվել է 1882թ. Թիֆլիսում (այլ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգում), ազնվական կոչում ստացած աստրախանցի տոհմիկ նավաշինարար Նիկողայոս (Նիկոլայ) Գարսոյանի ընտանիքում: Ավարտելով Մոսկվայի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը՝ 22–ամյա Ալեքսանդրն ընդունվում է ծովային նավատորմ՝ որպես յունկեր ծառայելու։ Հընթացս ավարտում է ծովային կորպուսը, ստորջրյա սպայական դասարանը։ Ոչ լրիվ մեկուկես տարում Գարսոևը, ավարտելով ծովային կորպուսի լրիվ կուրսը, միչմանի կոչում է ստանում, ծառայության անցնում հածանավի վրա։ Մինչև 1912թ. աշունը Գարսոևը ծառայել է «Ակուլա», «Սիգ» սուզանավերի վրա, հետո նշանակվել «Մինոգա» սուզանավի հրամանատար։ Սուզանավը, դժբախտաբար, կես տարի անց տեխնիկական թերությունների պատճառով խորտակվեց։ Ի զարմանս բոլորի, շնորհիվ հրամանատարի գործիմացության, արտակարգ պայմաններում սթափ գործողությունների, նավն արագ ամբարձիչով բարձրացվեց, ողջ անձնակազմը, առանց զոհի, թողեց սուզանավը։ Գարսոևը մշակեց ու ղեկավարությանը ներկայացրեց այս տիպի սուզանավերի թերությունները վերացնելու, դրանք վթարազերծ դարձնելու պլան, որը, շատ չանցած, ներդրվեց արտադրության մեջ՝ վերահաս վտանգից փրկելով հազարավոր նավաստիների կյանքը։ 1913թ. Գարսոևին վստահվեց «Լվիցա» սուզանավի ղեկավարումը։ Սուզանավը մասնակցեց 1914–1916թթ. Բալթյան մարտական գործողություններին, որոնցից մեկի ժամանակ էլ խորտակվեց։ Այս անգամ էլ ճակատագիրը բարեհաճ գտնվեց Գարսոևի նկատմամբ։ Խորտակումից օրեր առաջ նա ծառայության էր տեղափոխվել սուզանավերի շտաբի դիվիզիոնում։

Հոկտեմբերյան հեղափոխությունը Գարսոևը դիմավորեց 2–րդ կարգի կապիտանի կոչումով։ Հեղափոխությունն իր ավերիչ հետքն էր թողել ողջ ռազմական նավատորմի վրա։ Նավերի մեծ մասը խորտակվել էր, սպիտակգվարդիականների ու օտարերկրյա ինտերվենտների հարձակումների զոհ էին դարձել հազարավոր ռազմական ծովայիններ ու սուզանավորդներ։ Հարկավոր էր ամեն ինչ զրոյից սկսել։ Շուտով Գարսոևն աշխատանքի անցավ նավատորմի գիտատեխնիկական կոմիտեում՝ որպես ստորջրյա լողի բաժանմունքի ղեկավար։ 1918–1919թթ. Գարսոևը Բալթյան նավատորմի ստորջրյա լողի ուսումնական ջոկատի պետն էր, մասնակցում էր խորհրդային նորագույն նավաշինության վեցամյա հեռանկարային պլանի կազմման աշխատանքներին՝ ղեկավարելով սուզանավերի ստեղծման ենթահանձնաժողովի գործունեությունը։ Գարսոևի ու նրա գաղափարակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ռազմական նավաշինության բնագավառում աշխարհում վերջին տեղերից մեկն զբաղեցնող Խորհրդային Միությունը շուտով սկսեց ժամանակի գերհզոր պետությունների գիտնականներին սուզանավերի նորագույն տեխնոլոգիաներ առաջարկել։ Շատ չանցած երկիրն այդ բնագավառում առաջ անցավ դասական նավաշինական պետություններից։

1919-ից պրոֆեսոր, 2–րդ կարգի կապիտան Գարսոևը սուզանավերի հարձակողական տակտիկայի ու պաշտպանական գործառույթների մասին դասախոսություններ էր կարդում պարապմունքները վերսկսած ռազմածովային ակադեմիայում։ 1921թ. հայազգի գիտնականը դարձավ Խորհրդային Միության առաջին սուզանավորդ–հրամանատարը՝ ղեկավարելով նավատորմի շտաբի ջրասուզական ծառայությունը։ 1922–1923թթ. Գարսոևը ռազմածովային ակադեմիայի ադյունկտ (ասպիրանտ) էր, 1923–1928թթ.՝ ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գիտատեխնիկական կոմիտեի ստորջրյա լողի բաժանմունքի նախագահ, տեխնիկական վարչության ստորջրյա լողի բաժնի պետ։                

Արդեն 1924թ. խորհրդային բոլոր սուզանավորդները՝ Գարսոևի գլխավորությամբ, եկել էին այն եզրահանգման, որ անհրաժեշտ է սկսել նոր սուզանավերի ստեղծումը որքան հնարավոր է արագ, քանի որ, ինչպես ասվում էր կառավարություն ուղարկված բաց նամակում՝ «...մեր ունեցած սուզանավերը շատ քիչ են և բարոյապես ու ֆիզիկապես հնացած։ Մտածել, թե պատերազմի դեպքում մենք կունենանք մարտական սուզանավեր, նշանակում է՝ խաբել ինքներս մեզ...»։

Իշխանությունների արձագանքը չուշացավ։ Խորհրդային նավաշինության բնագավառում շրջադարձային դարձավ 1926թ. դեկտեմբերը, երբ կառավարությունը որոշում ընդունեց ԽՍՀՄ առաջին սուզանավերն ստեղծելու համար հատուկ հանձնախումբ կազմակերպելու մասին։ Հանձնախմբին շունչ ու ոգի տվողը Ալեքսանդր Գարսոևն էր։ Ստեղծվեցին խորհրդային, այն ժամանակների համար առաջնակարգ՝ «Դեկաբրիստ» տիպի սուզանավերը, որոնցից շատերին վիճակված էր մարտական գործողություններ վարել գերմանական իրենց «ցեղակիցների» հետ ու հաղթանակով դուրս գալ։ Ալեքսանդր Գարսոևին, փաստորեն, վիճակված էր բարձրացնել նավատորմի ռուսական հզոր ավանդույթներն ու ծառայեցնել իր ժամանակների ծովայիններին։ Պատահական չէ, որ ծովայինները նրա մասին հետևյալ չաստուշկան էին հնարել.

Հատակում կմնար հավերժ մեր Նոյյան տապանը,

Եթե չլիներ մեկ անուն՝ կապիտան Գարսոև։

(Покатился бы на дно весь ковчег наш Ноев,

Если б имя не одно – капитан Гарсоев).

Հատկանշական է, որ Հայաստանից հեռու ծնված–մեծացած հայորդին փայլուն գիտեր հայոց պատմությունը, իր ժողովրդի հարուստ մշակույթն ու ավանդույթները։ Գարսոևը մի առիթով գրում է. «Հարցնում են, թե որտեղից հայերին այդպիսի ձգտում դեպի ծովը։ Հիշեցնեմ այդ անգետներին, որ և՛ կիլիկյան խոշոր նավահանգիստները, և՛ աշխույժ առևտուրը Ճենովայի ու Ֆլորենցիայի հետ, և՛ Միջերկրական ծովի ալիքները ճողփող հայկական նավերը, և՛ Հովհաննես Այվազովսկու կտավներն ու նրա կոչումը, ու նաև այն, որ դեռևս Ղրիմի պատերազմում Կովկաս–սևծովյան ամրացված գիծը ղեկավարում էր հայ կաթոլիկ Լազր Սերեբրյակովը՝ փայլուն կազմակերպիչ, արևելյան լեզուների գիտակ, դիվանագետ, ռազմական ծովային, միևնույն ժամանակ Նովոռոսիյսկի հիմնադիր, բոլորը միևնույն շղթայի տարբեր օղակներն են»։

1928թ., երբ նորագույն տիպի սուզանավերի արտադրությունը ԽՍՀՄ–ում լայն թափով իրագործվում էր, իրականություն էին դառնում հայորդի սուզանավորդի ծրագրերն ու տեսլականները, Ալեքսանդր Գարսոևը հիվանդության պատճառով թողեց ծառայությունը։ Մինչ այդ, ցարական կառավարությունը նրան պարգևատրել էր Սուրբ Ստանիսլավի և Սուրբ Աննայի 3–րդ աստիճանի շքանշաններով, բազմաթիվ մեդալներով։

Խորհրդային իշխանությունները, սակայն, Գարսոևի հետ ևս «հավուր պատշաճի» վերաբերվեցին։ Նրա դեմ վարկաբեկիչ «գործ» հորինվեց, նա ձերբակալվեց 1931թ.։ Ողջ գիտակցական կյանքը երկրի ռազմական նավաշինությանը նվիրած գիտնականը մեղադրվում էր այն ժամանակների համար ստանդարտ՝ հակապետական գործունեության համար։ Բարեբախտաբար, այդ ամենը սուտ մատնություն դուրս եկավ, և նա ազատվեց։ Ազատվելուց ու արդարացվելուց հետո Գարսոևն ապրեց ընդամենը 3 տարի... Լարված աշխատանքն ու հոգեկան ապրումներն արել էին իրենցը։

Նա թաղվեց Լենինգրադի Վոսկրեսենսկի–Նովոդևիչյան գերեզմանոցում ու մոռացության մատնվեց։ Մոռացվեց մեծ գիտնականը, որին վիճակված էր կյանքի գնով ոտքի կանգնեցնել Խորհրդային կայսրության ռազմական նավաշինությունը։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am