Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Մարտ 2013, N 1

«ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ...»

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

Արցախյան շարժման սկզբից իսկ Բաքվի բութ և վայրագ քաղաքականության՝ սադրանքների, բռնությունների, սանձազերծած պատերազմի, հայերի ցեղասպանության համար, մեր ժողովրդի մեծ, ծանր զոհաբերություններով հանդերձ, երախտապարտ պետք է լինենք դաժան ճակատագրին։ Բավարար ճկունություն ու տարրական իմաստություն հանդես բերելով՝ Բաքուն խաղաղորեն Հայաստանին հանձներ ԼՂԻՄ-ը, հայ-ադրբեջանցի տոկոսային հարաբերությունը տարեցտարի թեքվելու էր արագ բազմացող ադրբեջանցիների կողմը, և նրանցից ազատվել չէր լինի։ Կունենայինք կիսահայ-կիսաթուրք-ադրբեջանական երկիր և այսօրվա ազատագրված տարածքով Արցախի փոխարեն կղզիացած, 4400 քառ. կմ մի երկրամաս։ Հետևանքների մասին ավելի լավ է չխոսենք։ Բայց Բաքուն ամեն ինչ արեց այդ աղետից մեզ ազատելու համար։ Առկա օրինակը Վրաստանն է, որտեղ ոչ միայն հետզհետե ավելանում է ադրբեջանցիների քանակը, այլև Թուրքիան իր հերթին խաղաղ միջոցներով քայլ առ քայլ յուրացնում է երկիրը։ «Բարիդրացիական հարաբերություններ» ասվածն այդ արյունռուշտ ցեղի համար չէ։ Այն իր ողջ վաչկատուն պատմության ընթացքում մի կարծր բնույթ է դրսևորել՝ տարածվել գրավելով, բազմանալով, կոտորելով, ձուլելով տեղաբնիկ ժողովուրդներին։

Իհարկե, անցյալի մասին եթե-ներով չեն խոսում, բայց իրադրային հնարավոր, ավելին՝ հավանական վտանգալի կրկնությունները ստիպում են դիմել նման միջոցի։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առավել հաճախ բարձրացվում է երկու գլխավոր պայման. հայերի ցեղասպանության ընդունումը Թուրքիայում և հայ-թուրքական սահմանի բացումը։ Կարելի է վստահորեն ասել, որ այդ երկու պահանջի և զուգահեռ հարակից խնդիրների լուծումը ներկա իրավիճակում միանգամայն դրական նշանակություն կունենա մեր երկրի և ժողովրդի համար։

Չգիտեմ ով ինչ է կարծում, գոնե ես լրջորեն կասկածում եմ։ Միամտություն կլինի հուսալ, որ նույնիսկ հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց հետո Թուրքիան կտրականապես չի հրաժարվի հատկապես գլխավորից՝ տարածքային հատուցումից։ Բայց քանի որ ժամանակի հոլովույթում ամեն ինչ հնարավոր է, փորձենք պատկերացնել՝ երբ, ինչու, ինչպես Թուրքիան կփորձի ինչ-որ չափով ու ձևով «բավարարել» հայոց արդարացի այդ պահանջը։ Այդ օրը կգա։ Ավելին, նման մի մտադրություն արդեն եղել է։

Ինչպես վկայում է Regnum լրատվական գործակալության քաղաքական մեկնաբան Գայ Բորիսովը «Ո՞վ է սպանել Թուրգութ Օզալին» հոդվածում, նա էր հեղինակը նեոօսմանիզմի հայեցակարգի, որը «...տեղական որոշ վերլուծաբանների կարծիքով՝ պետք է հռչակեր «քեմալիզմի թաղումը»։ Նա նախատեսում էր Թուրքիայի տարածաշրջանային լիդերությունն ու նաև գերակշռությունը լայնատարած թուրքական աշխարհում՝ Ալթայից Բալկաններ։ Նա հասկանում էր, որ Թուրքիայի և թուրքական մնացյալ աշխարհի միջև «քրդական պատն» է և «հայկական սեպը», առանց որոնց հաղթահարման «Մեծ Թուրանի» մասին խոսք լինել չի կարող («Ազգային գաղափար», 11 հունվար, 2013)։

Նախագահ դառնալով՝ Օզալը, քրդերից բացի, սկսեց բանակցել նաև «Երևանի քաղաքագետների հետ։ Դա ամեն տեսակ ազգայնամոլների, շովինիստների և ռազմամոլների անթաքույց ցասումն ու խափանարարությունն առաջ բերեց... Անկարայում որոշ տաքգլուխներ պահանջեցին զենքի ուժով հայերին ստիպել հրաժարվել Ղարաբաղի ինքնորոշման գաղափարից։ Հայաստանում ռուսական զինվորականների և սահմանապահների ներկայությունը... խանգարեց վտանգավոր մտադրությունների իրականացմանը։ Ավելին, չնայելով խիստ քննադատությանը՝ Թուրգութ Օզալը բաց պահեց հայ-թուրքական սահմանը, որով պատերազմող երկիր բերվեցին արտասահմանյան հումանիտար օգնության նշանակալի ծավալներ»։

Հայաստանի իշխանություններն իրենց վերագրեցին դա, բայց ո՞վ չգիտի, որ թուրքական կողմի, տվյալ դեպքում՝ Օզալի վճռական դիրքորոշումը չլիներ, հայկական ոչ մի դիվանագիտություն, հարևանների հետ կանոնավոր հարաբերություններ հաստատելու ոչ մի ճիգ արդյունք չէին տալու, և տարրական կենսապահովությունից զրկված ժողովրդի վիճակն ավելի էր ծանրանալու։ Օզալին, իհարկե, Հայաստանի ժողովրդի վիճակը չէր մտահոգում, այլ, ինքնին հասկանալի է, թուրքական «երկու պետությունների» միջև ընկած «սեպը» առժամանակ խաղաղորեն հաղթահարելը։ Հեռահար նպատակն իրագործելու խորամանկ և խելացի (այս երկու կարողությունները, ինչպես գիտեք, ոչ միշտ են համընկնում) հետապնդման ճանապարհին, ԱՄՆ-ում հանդիպելով սփյուռքահայերի ներկայացուցիչներին, նա առաջարկեց «Վան» նախագիծը։ Ցեղասպանությունից փրկված հայերին, նրանց ժառանգներին հնարավորություն էր տրվելու «...վերադառնալ պատմական հայրենիք և այնտեղ ստեղծելու կուլտուրական ինքնավարության նման մի բան»։ Թուրքական դահճային մտայնությանն անհամատեղելի այս գաղափարը, բնականաբար, չէր ընդունվելու։ «Օզալը մտադիր է Վանը տալ հայերին». այսպիսի վերնագրերը բացառություն չէին ժամանակվա մամուլում... Զուգահեռաբար Օզալը հետևողականորեն առաջ էր տանում Անկարայի հովանու տակ թյուրքական երկրների միավորման գաղափարը»։

1996-ին թուրքական ԶԼՄ-ները տարածեցին Աբդուլա Օջալանի հայտարարությունը, որ քրդերի հետ խաղաղության նախնական համաձայնության համար Թուրգութ Օզալին թունավորել են թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները (Բորիսովի հոդվածում ակնարկ կա նաև ադրբեջանական հետքի մասին)։ Մահվան նախօրեին նա շրջագայեց հետխորհրդային միջինասիական երկրներով, որոնց լիդերների հետ, ինչպես հաստատել է նրա կինը, «Մեծ թուրքական հանրապետության» հռչակման նախնական համաձայնությունների հասավ»։

«Մեծ Թուրանի» հաստատման և «պատ ու սեպի» հաղթահարման երկու ճակատում Օզալի միաժամանակյա չափազանց ակտիվ գործունեությունը նրա քաղաքական սուր հոտառության ու հեռատեսության վկայությունն է. ԽՍՀՄ ավերման առաջին տարիներին ստեղծված խառնակ իրադրության նման նպաստավոր պայմաններ հազիվ թե կրկնվեին։ Եթե երեկ Օզալը, վաղը՝ Թուրքիայի մի այլ ղեկավար իրոք կամենային, սփյուռքահայերին ինքնավարություն տրամադրել, լավագույն տարբերակը Հայաստանին սահմանակից տարածքներում, առաջին հերթին՝ Սուրմալուում՝ Արարատ լեռով, ապա և Կարսում դա իրագործելն էր։ Բայց այդպիսով «Մեծ Թուրանի» ճանապարհին կամրապնդվի հայկական «սեպը»։ Ուստի, Թուրքիան երբևէ հայանպաստ նման առաջարկ չի անի։ «Ինքնավարությունը» Վանում, ում և որքան էլ գայթակղիչ թվար, մահացու ծուղակ կլիներ սփյուռքահայերի համար։ Վանի բնակչությունը՝ 367,419 (2010), հիմնականում քրդեր են։ Հայաստան-Արցախից կտրված, պատմական հայրենիքի այդ շրջանում սփյուռքահայերի հավաքվելուն, «կուլտուրական ինքնավարություն» ստանալուն զուգահեռ՝ ի՞նչ լուծում էր նախատեսվում Թուրքիայում բնակվող ավելի քան 20 միլիոն քրդերի համար։ Օզալի կառավարությունը նրանց էլ է՞ր ինչ-որ ինքնավարություն տալու։ Բացահայտորեն ոչ, քանզի դա կլիներ Անկախ Քրդստանի ստեղծման, Թուրքիայի անդամահատման առաջին քայլը։ Սփյուռքահայությունն, իր հերթին, հազիվ թե վստահեր և տարբեր երկրներից զանգվածաբար մեկներ այնտեղ մշտական բնակության, առավել ևս, որ դեռ չծնված, ծրագիրը Օզալի հետ գերեզման մտավ։ Բայց շարունակենք ենթադրել. ի՞նչ կկատարվեր համաձայնելու դեպքում։ Վանում հավաքված հայությունը հանդիպելու էր այդպիսի բարեհաճության չարժանացած քրդերի բնավ էլ ոչ բարյացակամ ընդունելությանը, աճող հակասության, թշնամանքի, բախման անկանխատեսելի հետևանքներով։ Վանի տարբերակը «քրդական պատը» և «հայկական սեպն» իրար դեմ հանելու նենգ գաղափար էր։

Խնդիրները յաթաղանով վճռելու սովոր թուրքերը չեն հասկացել կամ չեն կամեցել հասկանալ և հանդերձյալ աշխարհ են ուղարկել Օզալին։ Սինչդեռ հարցը պարզ էր ու հասարակ. ինչու չկրկնել հայերի դեմ քրդերին հանելու հնարը, որ հարյուրտոկոսանոց հաջողությամբ կիրառվեց ցեղասպանությունների տարբեր տարիներին։ Թե ինչ ստացվեց դրանից՝ այլ բան է։ Ազգային փոքրամասնություններին ինչքան կարողացան՝ կոտորեցին, մնացյալին էլ մի ազգ, մի պետություն սկզբունքով սկսեցին թուրքացնել, մինչև իսկ երկրի հիմնական օրենքով արգելելով փոքրամասնությունների ազգային պատկանելության իրավունքը. «Եվրապառլամենտի 1985թ. հոկտեմբերի նստաշրջանում նշվեց, որ համաձայն Թուրքիայի 1982թ. սահմանադրության 61-րդ հոդվածի պարագրաֆ 1-ի՝ «Թուրքական հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի թուրք է, և թուրքականից բացի այլ ազգության պատկանելու մասին ցանկացած հայտարարություն պատժվում է բանտարկությամբ և նույնիսկ մահապատժով»։ Սի շարք ազգություններ և էթնիկական խմբեր՝ քրդեր, հայեր, արաբներ, հույներ, վրացիներ, չերքեզներ և ուրիշներ, զրկված են բոլոր տեսակի իրավունքներից (Ս.Կ. Պողոսյան, Քրդերը և հայկական հարցը, Ե., 1991, էջ 12)։

Աներևակայելի այդ ճնշումները հակառակ արդյունք պիտի տային՝ գնալով ավելի սրվեցին թուրք-քուրդ հարաբերությունները։ Թուրք ոճրագործ պետության ղեկավարները կպատկերացնեի՞ն, որ Արևմտահայաստանում հայերի գրեթե վերջնական բնաջնջումով կսկսվի երկրում ամենաարագ աճող, այժմ արդեն ավելի քան 20 միլիոն քուրդ բնակչության երկարամյա, անհաղթահարելի, արդեն երկկողմանի հազարավոր զոհեր տված պայքարը։ Բայց, ինչքան էլ անհաղթահարելի, թուրքերը չեն խուսափելու փորձված միջոցով աշխարհի հայության ուժգնացող պահանջների վերջը տալ։ Հատկապես որ, ինչպես էլ զարգանան իրադարձությունները, ի վերջո հայ ժողովրդի պահանջները ևս դեմ են առնելու նույն «քրդական պատին»։ Երբ գա պատմական պահը, համոզվելով, որ անխուսափելի է Ազատ Քրդստանի ստեղծումը, Թուրքիան՝ ճարահատյալ, թե՛ կընդունի ցեղասպանության փաստը, թե՛ «կբավարարի» նաև հայկական տարածքները Սևրի դաշնագրի կամ իրեն հարմար այլ սահմաններում վերադարձնելու պահանջը։ Երկու-երեք տարի առաջ հեռուստատեսային հաղորդման ժամանակ մի թուրք մտավորական, պատասխանելով հայ զրուցավարին, հաստատեց, որ ի վերջո կընդունեն, կասեն՝ գնացեք, քրդերի հետ դեմառդեմ լուծեք ձեր հարցերը։ Այդ պարագայում ի՞նչ կարող է անել հայկական կողմը՝ պահանջել, որ Թուրքիա՞ն այդ տարածքներից միլիոնավոր քրդերին արտագաղթեցնի, բնակեցնի երկրի այլ շրջաններում և հանձնի հայերի՞ն... Մինչդեռ, որևէ, թեկուզ գերտերություն, այսօր՝ ԱՄՆ-ը, նույնիսկ ձգտի իրականացնել նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, վաղը՝ Չինաստանը չի կարող դիմել այդ միջոցին։

Հարցերի հարցը, այսուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, մնում է ազգաբնակչության անհամաչափ աճը։ Միայն Թուրքիայում և տարածաշրջանում ամենաարագ աճող, հիմա աշխարհի ողջ հայության կրկնակի, վաղը, մյուս օրը եռակի քուրդ բնակչության դիմաց, ոչ միայն Հայաստանում, այլև նույն տարածաշրջանում որքա՞ն է հայության թիվը։ Նկատի առնելով քրդերի աճի ներկա և առաջիկա տասնամ­յակների տեմպերը՝ մոտավորապես կարելի է եզրակացնել, թե միայն Թուրքիայում երբ նրանք կդառնան բնակչության կեսը և ավելին, և հարևան երկրների միլիոնավոր քրդերի հետ համատեղ, գերազանց ուժերով կհիմնեն Ազատ Քրդստանը։

Իսկ Հայաստա՞նը։ Անկախությունից հետո Հայաստանից հեռացել է գրեթե 1,7-1,8 միլիոն մարդ, հիմնական զանգվածն՝ արդեն իսկ ՀՀՇ-ական իշխանության տարիներին։ Հակառակ դրան, ըստ ՀՀ ոստիկանության հրապարակման, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 2,507,004 քաղաքացի։ 2008-ին 2,312,945 էր։ Մեծազանգված արտագաղթից հետո թիվն ավելացել է 194,059-ով։ Այսպիսի հրաշքներ մեր գալակտիկայի ոչ ամեն անկյունում են կատարվում։ Թողնենք ողջ արևմտյան աշխարհում, Ռուսաստանում, ասիական երկրներում արտագաղթով անընդհատ աճող հայերի թվերի ճշտման բնավ ոչ դյուրին գործը։ Բերենք մի պարզունակ օրինակ. Ֆրանսիայի Նանսի քաղաքում մի քանի հայ ընտանիք է եղել մինչև 2000-ը, այժմ այնտեղ հազարավոր հայեր կան («Ասպարեզ», 1 փետրվար, 2013)։ Որտեղի՞ց։ Առայժմ Մարսի վրա ընդամենը ջրի հետքեր են որոնում... Եթե 2,5 միլիոնից ավելի ընտրական իրավունք ունեցող կա, ուրեմն բնակչության ընդհանուր թիվը նկատելիորեն ավելի պիտի լինի։ Եվ նկարել են 3,285,000։ Անկախության առաջին տարիներին ՀՀ բնակչությունը հասել էր մոտ 3.65 միլիոնի։ Ստացվում է, որ դրանից հետո Հայաստանից հեռացել է ընդամենը մոտ 365,000 մարդ։ Հավատա՞նք։ Ինչո՞ւ չէ. շատ տարօրինակ ու մղձավանջային միջնադարում հայտնված մեր երկրում, երբ պետության առաջին դեմքերից սկսած բազումք միանգամից հավատացյալ դարձան, սկսեցին առիթ-անառիթ խաչակնքել, կրոնական հրաշալիքները թև առած սավառնեցին մթամած գլուխների վրա։ Լա՜ա՜վ կըլնի...

Վերջին շրջանում արտագաղթը հասել է տարին մոտ 50 հազարի։ Իհարկե, այդպես շարունակվել չի կարող երկու պարզ պատճառով. բնակչության հետագա նվազելու հետ կնվազի նաև արտագաղթողների թիվը, երկրորդ՝ քանի որ հեռանում է բնակչության հատկապես ակտիվ, աշխատունակ մասը, մնացողներից ավելի ու ավելի քչերն ի զորու կլինեն դիմել այդ քայլին։ Սակայն, կրճատվելով, հասնելով ներկա տեմպի թեկուզ կեսին, արտագաղթը կմնա (մյուս կործանարար գործոնների մասին չխոսենք) գլխավոր կործանարար գործոնը։ Հնարավո՞ր է այն դադարեցնել և նույնիսկ զանգվածային ներգաղթ կազմակերպել։ Միանգամայն։ Բայց հուսալ, որ դա կարելի է իրականացնել գործող ներկա պետական համակարգի ու լոկ «կթու կովի» վերածված, Հայաստան-Արցախի այրող խնդիրների հանդեպ մերթ պասիվ ու անտարբեր սփյուռքի դիրքորոշման պայմաններում, նշանակում է՝ ոչ թե սոսկ օդեղեն ամրոցներ կառուցող «լավատես», այլ ուղղակի երջանիկ ապուշ լինել։

Որովհետև խնդիրն անհնար է լուծել այն մակարդակով, որ մակարդակում ծագել է։ Որովհետև ելք չկա։ Պատկերացրեք թշնամիներով շրջապատված բերդաքաղաք, իրար բզկտող, դրանով իսկ արդեն անելանելիությունում հայտնված բնակիչներով։ Հաղթանակելու համար թշնամին ուրիշ անելիք չունի, առանց որևէ ակտիվ գործողության, առանց մատը մատին խփելու, շրջապատումը շարունակելուց բացի։ Շրջապատվածներին մնում է միականցումըմի վիճակից մյուսին։ Չգտնվի ինքնոչնչացումից դուրս գալու այդ թեկուզ «ստորգետնյա» անցումը, ժամացույցը կարելի է լարել վերջին զանգի վրա, գոնե մերձիմահ թմբիրի մեջ չընկնելու, սեփական մաշկի վրա զգալու կատարվելիքը, իրենց իսկ անբուժելի արատների հետևանքով։ Դրանից մի դար հետո աշխարհում սփռված, հայրենակորույս հայությունը կնշի արդեն որպես ինքնեղեռնի հարյուրամյակ։ Իսկ ժամանակը չի սպասում, պատմության շրջապտույտում մի քանի տասնամյակն ակնթարթ է։ Ամեն տասնամյակում հաշվեք առնվազն 200-250 հազար արտագաղթող, տեսեք ինչ կմնա Հայաստանից կես դար հետո։ Եվ հայության ուժասպառ մնացորդները կհայտնվեն թուրք-ադրբեջանցիների բազմապատիկ հորդաների դիմաց։

Յուր «տերերից» կողոպտված, լքված, ապականված, բռնաբարված Հայաստանը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր կացությունում։ Այն, որ վերից, վարից, ձախից, աջից մեր ժողովրդի լավագույն զավակներին շրջապատում են անհանդուրժողությունը, ագահությունը, չարությունը, գիշատչությունը, ագրեսիվ տխմարությունն ու այլ արատների մի մեծ ճահիճ, խնդրի մի կողմն է։ Բուն կործանարարն այդ և այլ չարիքներին դիմագրավելու անկարողությունը, անկազմակերպվածությունը, բոլոր դժբախտությունների ակունք բացահայտը չտեսնելու բութ համառությունն է։

Մինչև աշխարհի հայությունը չունենա իրար չհանդուրժող, ցաքուցրիվ ուժերը հավաքելու, ինքնավերացման դեմն առնելու, մեկ գլխավոր նպատակի՝ երկրի ու ժողովրդի վերածնունդին ծառայեցնելու կարողություն, մոռացեք, թե փրկել կլինի ահարկու կացությունը։ Որքան էլ կան անհատներ, խմբեր, կազմակերպություններ, կուսակցություններ, չկան կործանարար մարտահրավերներին դիմադարձելու միաձույլ ուժ և ծրագիր։ Ասպարեզ կգա այդ ուժը։ Ե՞րբ։ Հայ ժողովուրդը բնորոշ ասույթներ ունի, որոնց թվում՝ «Մինչև դանակը ոսկորին չհասնի...»-ն։ Իսկ մինչև «ոսկորին հասնի»՝ ուշ չի՞ լինի։ Ամենայն հավանականությամբ՝ պատերազմով Ազատ Քրդստանի հիմնումի սկզբնավորման պատմական պահին, «Երբ որ բացվեն դռներն հուսո...», հնարավոր կլինի բարձրացնել և իրագործել թուրք-ադրբեջանական բռնագրավված տարածքների վերադարձի պահանջը և հասնել արդյունքի։

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am