Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Ապրիլ 2008, N 1

Ամսվա քրոնիկա եվ համարի տեսություն

Արտյոմ Խաչատրյան

«Ազգային գաղափարի» առաջին համարը լույս է տեսնում թեժ օրերին: Անցյալում են մնացել նախագահական կամպանիան, եզակի դրությունը երեք նախագահներով (գործող, ընտրված, ինքնակոչ), ջարդարարություններն ու թալանը Երևանում, արտակարգ դրությունը... Եվ իհարկե, Ապրիլի 24-ի հերթական տարելիցը, որն ամեն անգամ ստիպում է հետ նայել անցյալին և վերիմաստավորել այն: Հաջորդ համարից մենք պատրաստվում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ամսվա հնարավորինս ամբողջական նկարագիրը համարի տեսության հետ միասին, իսկ այս անգամ կսահմանափակվենք առավել նշանակալի իրադարձությունները փաստելով: Դրանց թվում են Հայաստանի երրորդ նախագահի երդմնակալությունը, հերթական կոալիցիայի ստեղծումը, Ռուսաստանի երրորդ նախագահի ընտրությունը, ժամանակավոր անդորրը Հայաստանում հետընտրական բուռն դրամայից հետո, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդաազատագրական պայքարի` հետախուզման մեջ գտնվող ակտիվիստների անցումն ընդհատակ և նրանց բուռն գործունեությունն այդ դժվար աշխատանքային պայմաններում: Մի խոսքով, վերաձևակերպելով հայտնի գործչի միտքը` կարելի է ասել, որ Հայաստանում ապրելն ավելի հետաքրքիր, ավելի ուրախ է դարձել... Այսպիսով, 2008թ. ապրիլը նշանավոր էր Հայաստանի համար, քանի որ ապրիլյան իրադարձություններն ուրվագծեցին պատմության զարգացումը մոտակա ապագայում. և’ մեկ, և’ երկու ու երեք ամիս անց մենք կվերլուծենք իրականությունը` հիշելով, որ դրա փոփոխությունները սաղմնավորվել են հենց ապրիլին:
Այժմ գլխավորի մասին: «Ազգային գաղափար»-ում մենք որոշեցինք փոխ առնել Մոսկվայում Վիտալի Տրետյակովի հրատարակած «կՏսՌՑՌփպրՍՌռ ՍսՈրր»-ի բավական յուրատեսակ ավանդույթը: Խոսքը համարի տեսության մասին է, որի նպատակն է ծանոթացնել ընթերցողներին ամսագրի բովանդակության հետ, ինչպես նաև ցույց տալ հրատարակչի ու խմբագրության վերաբերմունքը հրատարակվող նյութերի նկատմամբ: «Ամսվա քրոնիկա և համարի տեսություն» խորագիրը մենք մտադիր ենք վերածել հեղինակների հետ կառուցողական երկխոսության (անհրաժեշտության դեպքում` նաև բանավեճի) ասպարեզի, որոնց մեծամասնության կարծիքները, բնականաբար, չեն կարող համընկնել մերի հետ, ինչը չի կարող նրանց ձայնի իրավունքից զրկելու պատճառ հանդիսանալ, քանի որ «Ազգային գաղափարը» մտահղացվել է բացառապես որպես ամբիոն երկրի հասարակական մտքի և ոչ թե մարդկանց նեղ մի խմբի համար: Սակայն ամբիոն տրամադրել հակադիր կարծիք կրողին և զրկել քեզ գոնե այն մեկնաբանելու իրավունքից, իմ կարծիքով, նույնպես արդարացի չէր լինի, բայց այս դեպքում` մեր հանդեպ: Հենց դրա համար էլ մենք կունենանք մշտական խորագիր, որի տակ հրատարակիչը և խմբագրությունն իրենց իրավունք կվերապահեն արտահայտվել յուրաքանչյուր նյութի վերաբերյալ` որևէ ոտնձգություն չկատարելով հեղինակի կարծիքի նկատմամբ:
Ամսագրի առաջին համարում ներկայացված են յոթ հոդվածներ, բոլորը` տարբեր խորագրերով: Հակիրճ անդրադառնամ դրանցից յուրաքանչյուրին:
«Քաղաքականություն» խորագրի տակ այսօր հանդես է գալիս բանաստեղծ և հրապարակախոս Դանիել Վարուժանը: Հեղինակն անհանգստության երկու առարկա ունի` կապված քաղաքական ասպարեզում երկրի առաջին նախագահի երկրորդ հայտնության հետ: Առաջինը երկրի սուվերենության դեֆիցիտն է` Տեր-Պետրոսյանի գլխավորած, այսպես կոչված, «ժողովրդաազատագրական» պայքարի արդյունքում նոր նախագահի թուլացման հետևանքով, երկրորդը` հակահասարակական տարրերի, որոնց նա քնքշանքով անվանում է «բորենիներ», քաղաքական կյանքի երկարաձգումը, հանձինս որոնց Սերժ Սարգսյանը հարկադրված էր հենարան գտնել: Անկեղծ ասած, Դանիելի առաջին համոզման հետ ես համաձայն չեմ և կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի երկրորդ հայտնությունը միայն զորեղացրեց նախագահ Սարգսյանին (այս հարցը ես դիտարկում եմ իմ «Լաուտենզակ եղբայրները հասարակությունում և իշխանությունում» հոդվածում), թեև մասամբ զրկեց նրան լեգիտիմությունից և սուվերենությունից: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ կետին, ապա դժվար է այդ առիթով միանշանակորեն արտահայտվել: Ասեմ միայն, որ Հայաստանի համար երջանկություն կլիներ, եթե հեղինակի երկյուղներն իզուր լինեին:
Ամսագրի գլխավոր խմբագիր Արիս Ղազինյանը «Աշխարհաքաղաքականություն» խորագրի տակ վերլուծում է Հայկական հարցը պատմական իրականության պրիզմայով: Հոդվածը լի է միջազգային փաստաթղթերից արված մեջբերումներով, քաղվածքներով, այն առատ է նաև վերլուծական տեղեկատվությամբ, մի խոսքով, մտորումների և ինքնուրույն վերլուծության բավական նյութ կա: Հեղինակը գիտակցաբար խուսափում է միանշանակ գնահատականներից, չի պարտադրում իր կարծիքը: Իմ կարծիքով, նյութը հետաքրքիր է ստացվել...
«Հասարակություն և իշխանություն» խորագրի տակ զետեղված է իմ «Լաուտենզակ եղբայրները հասարակությունում և իշխանությունում» հոդվածը: Դիտարկում եմ սպասարկու դասերը, որոնք յուրաքանչյուր երկրում ի հայտ են գալիս դարաշրջանների սահմանագծում, այսպես կոչված, «անցումային շրջանում»: Հոդվածում մեկ այլ դիտանկյունով ներկայացված է Դանիել Վարուժանին հուզող խնդիրը: Մի խոսքով, խորհուրդ կտամ չանտեսել:
Արվեստագետ Աննա Ասատրյանը «Բանավեճեր» խորագրով մտորում է երկրի պետական հիմնի ճակատագրի մասին: Հեղինակը գիտակցաբար խուսափում է հարցի քաղաքականացումից, այնինչ արժեր, քանի որ պետական հիմնը ոչ այլ ինչ է, քան զուտ քաղաքական հարց: Մերժելով ներկա հիմնը` Աննան միանգամայն հիմնավորված փաստարկներ է բերում դաշնակցական հիմնի անընդունելիության առնչությամբ, և այս հարցում ես նրա հետ լիովին համամիտ եմ: Սակայն ամբողջությամբ չեմ կիսում նրա համոզմունքը խաչատրյանական հիմնի ոչ այլընտրանքության մասին: Անշուշտ, Խաչատրյանի երաժշտությունը ստեղծվել է հատուկ հանրապետության հիմնի համար, և համեմատել այն ներկա թյուրիմացության հետ` պարզապես պարկեշտ չէ, բայց դա դեռ ոչ այլընտրանքային համարելու հիմք չէ: Բանն այն է, որ պետական հիմնը քաղաքացիական աղոթք է, և դրանով ամեն ինչ ասված է: Այն պետք է մտնի երկրի յուրաքանչյուր քաղաքացու սիրտ` առանց բացառության, և եթե կգտնվեն 10-15 մարդ, ովքեր հանկարծ ոտքի չեն կանգնի նրա կատարման ժամանակ, ուրեմն մենք ոչ թե հիմն, այլ մի ուրիշ բան ունենք: Որևէ կերպ չվիճարկելով Խաչատրյանի արժանիքները` միևնույն ժամանակ կարծում եմ, որ Կոմիտասի գանձարանում, ցանկության դեպքում, կարելի է բավականաչափ մոտիվներ գտնել` արժանի դառնալու իսկական հիմնի հիմքը: Մի խոսքով, սա բարդ հարց է, որը միանշանակ պատասխան չունի. միանշանակ կարելի է միայն ժխտել ներկայիս հիմնը, և Աննան դա անում է միանգամայն համոզիչ կերպով:
«Գիտություն և կրթություն» խորագրի տակ ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խոսում է իրեն վստահված ոլորտի իրողությունների մասին: Սա համարի ամենափոքրածավալ հոդվածն է, բայց իմ մեջ ամենամեծ թվով մտքերի առաջացման առիթ հանդիսացավ, որոնք չարտահայտել չեմ կարող:
Ընդհանրապես (իմ կարծիքով), եթե պետությունն ունի գիտության և կրթության նախարարություն, ուրեմն այդ պետության մեջ չկան ո’չ գիտություն, ո’չ կրթություն: Ի հաստատումն ասվածի` բերեմ երկու օրինակ. Միացյալ Նահանգներում` ամենազարգացած և կատարյալ (որքան դա հնարավոր է) գիտակրթական համակարգ ունեցող երկրում, երբեք համապատասխան նախարարություն գոյություն չի ունեցել, իսկ Հայաստանում, որտեղ այն միշտ եղել է, կա և կլինի, կրթության և գիտության հետքն անգամ չի մնացել: Իսկ երբ նախարարությանը կից ստեղծում են նաև գիտության կոմիտե, ապա, ինչպես ասում են, արդեն կասկածելի է դառնում, և ուզում ես ասել հետևյալը. կա’մ պետությունը վերջնականապես մտադիր է փոխարինել գիտությունը կոմիտեով (դե, ո՞ւմ մտքով կանցնի խոսել գիտության բացակայության մասին Հայաստանում, որտեղ անգամ պետական կոմիտե է գործում), կա’մ պետությունն իսկապես ցանկացել է գոնե ինչ-որ բան շտկել և գիտությունը դուրս բերել ցայտնոտից, որում այն հայտնվել է բարբարոսական, բայց շատ ազատական բարեփոխումների հետևանքով: Սակայն կոմիտեի նախագահի անձը հուսադրում է, և ուզում ես հուսալ, որ երկրի ղեկավարությունն, այնուամենայնիվ, իսկապես շահագրգռված է իրավիճակի բարելավմամբ: Ելնելով այս լավատեսական ենթադրությունից` կուզենայի արտահայտվել մի քանի պահերի շուրջ:
Ցավոք, Սամվելը, նախարարի կարգավիճակի պաշտոնյա լինելով, չի կարող անկեղծ և քննադատաբար խոսել, չի կարող հնչեցնել պաշտոնական դիրքորոշմանը հակադիր կարծիքներ: Ակնհայտ է, որ նա գիտակցում է խնդրի ողջ խորությունը և փորձում է գտնել օպտիմալ լուծումներ: Սակայն, խոսելով բնագիտության ոլորտի գիտական հաստատությունների մասին և լավ հասկանալով գործի էությունը` նա անտեսում է հումանիտար հաստատությունների խնդիրը, մինչդեռ դրանք ավելի կարևոր են: Կարևոր են այն իմաստով, որ եթե, օրինակ, ֆիզիկայի կամ քիմիայի ինստիտուտների անտաղանդ գործունեությունից պետության վնասը կսահմանափակվի միայն քամուն տված միջոցներով, ապա հումանիտար մտքի ոլորտում գործող գիտական հաստատությունների պարագայում գործը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Օրինակ, պատմության ինստիտուտում արդեն երկար ժամանակ տերուտնօրինություն են անում իսկական աղանդավորները: Նրանց մեջ չափազանց քիչ են պրոֆեսիոնալ պատմաբանները, այնտեղ հիմնականում աշխատում են ակորդեոնահարներ, բանասերներ, իսկ նրանց այդ գործում օգնում են ռադիոֆիզիկոսներ, ճարտարապետներ և այլք: Նրանք զբաղվում են նրանով, որ զանգվածաբար կեղծում են Հայոց պատմությունը, ավելի ճիշտ` երկրի պաշտոնական պատմագրությունը: Մարդիկ հայերին են վերագրում շումերների և ուրիշ շատերի հայրությունը, մայրությունը, տատությունն ու պապությունը, ընդունում իրենց ավագությունը եգիպտացիների, ասորացիների, բաբելոնացիների և, մի խոսքով, մնացած բոլորի հանդեպ: Հայաստանը համարում են «Համաշխարհային քաղաքակրթության բնօրրան» (!) և նույնիսկ հանդիսավոր, բայց ապուշ միջազգային գիտաժողովներ են կազմակերպում այդ թեմայով: Երբեմն հայ պետականության տարիքը հասցնում են (մասնավորապես, հայտնի ռադիոֆիզիկոսը) 15.000 տարվա, իսկ այբուբենին հատկացնում են 7.500-ամյա պատմություն: Ավելին, խեղաթյուրում են պատմության համատեքստը: Օրինակ, Տիգրան Մեծին հավասարեցնում են Դրոյի կամ Վազգեն Սարգսյանի տիպի գործիչներին, այսինքն, նրա վեհությունը նեղացնում են մինչև տեղային ազգային գործչի մակարդակը, այնինչ դա կոպտագույն խեղաթյուրում է. հոգեպես առողջ յուրաքանչյուր մարդ գիտի, որ կայսրությունը (այդպիսին էր Տիգրան Մեծի պետությունը) արդեն ազգային պետություն չէ, իսկ կայսրը` վերազգային, ավելի գլոբալ, ավելի մասշտաբային գործիչ է: Այնուհետև, անտեսում են հելլենիզմի գործոնը, որը կազմում է ողջ Հայոց պատմության գրեթե մեկ քառորդը: Դա էլ քիչ է, գողանում են ուրիշների աստվածներին: Իհարկե, այսօր թույլատրված է գրել և խոսել այն ամենը, ինչ ուզում ես, բայց այլ նրբություններ էլ կան: Օրինակ, յուրաքանչյուր գժանոցում կարելի է հանդիպել մեկական Նապոլեոնի, Հռոմի պապի, Սուվորովի և Ալեքսանդր Մակեդոնացու: Բնականաբար, սա մարդկանց կարծիք է, որը գոյության իրավունք ունի: Սակայն բանն այն է, որ համընդհանուր հավաստիացում չստացած փաստն արդեն ծանր ախտորոշում է, ուստի և արդիականության բոլոր նապոլեոններն ու ալեքսանդրները մեկուսացված են հասարակությունից: Բայց հայոց պետականության ողբերգությունն այն է, որ պատմության ինստիտուտի աղանդավորները ոչ միայն չեն մեկուսացվում, այլև քաջալերվում են, և այս հարցը, կարծում եմ, պետք է գտնվի Սամվել Հարությունյանի, ինչպես և երկրի բարձրագույն քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում, քանի որ այն, ինչ նրանք են անում, աղետալի վնաս է հասցնում հայոց պետությանը: Բերեմ մեկ օրինակ` մեկնաբանություններից ձեռնպահ մնալով: Նախագահներ Քոչարյանի և Ալիև ավագի Սադարակի 16-րդ հանդիպման ժամանակ, հետնասրահներում, լրագրողները և դիվանագետները բանավեճ են սկսում Ղարաբաղի պատմական պատկանելության վերաբերյալ (ներկա էր նաև մեր խմբագիր Արիս Ղազինյանը): Մասնավորապես, փաստարկներ են բերում հօգուտ հայերի` վկայակոչելով հայկական աղբյուրները: Այդ ժամանակ մի բավական խելոք ադրբեջանցի դիվանագետ ասում է. «Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը վստահել հայկական աղբյուրներին: Դուք տեսեք, թե ինչե’ր են գրում հայերն իրենց մասին»: Եվ մեջբերում է կատարում ի դժբախտություն հայ ժողովրդի` պատմությամբ հրապուրված հայտնի «ռադիոֆիզիկոսի» աշխատանքից, որի համաձայն` հայերը որպես էթնոս ձևավորվել են 30.000 տարի առաջ, պետություն են ստեղծել 15.000 տարի առաջ, կառուցել և վերակառուցել են եգիպտական բոլոր բուրգերը, ինչպես նաև Չինական մեծ պարիսպը, այբուբենը հորինել են մոտ 7.500 տարի առաջ, իսկ ամենագլխավորն այն է, որ Ադամը հայ էր, և ընդհանրապես, նրա անունը Արամ էր, ոչ թե Ադամ, ինչպես ընդունված է կարծել այս «անգետ և հայերի հանդեպ թշնամանքով լի» աշխարհում: Ադրբեջանցին, իհարկե, ճիշտ է. նա, ինչպես և բոլոր նորմալ մարդիկ, գիտի, որ աշխարհում չկան 30.000-ամյա էթնոսներ, որ դա արդեն լուրջ ախտորոշում է, իսկ եթե մարդ մի տեղ ստում է, հետևաբար, կստի և այլ հարցերում, և նրան ոչնչի մեջ չպետք է հավատալ: Իսկ ընդդիմախոսներին կոչ է անում խորհել հենց այս տեսանկյունից: Մի խոսքով, հաշված տարիների ընթացքում աղանդավորները կարողացան աղճատել ինչպես ժողովրդի և երկրի պատմագրությունը, այնպես էլ հայագիտությունն ընդհանրապես, որ փշուր առ փշուր ստեղծել էին այնպիսի ականավոր մտածողներ, ինչպիսիք էին Մառը, Օրբելին, Երեմյանը և այլք:
Ես մի անգամ Սերժ Սարգսյանին (այն ժամանակ` դեռ վարչապետ) նամակ էի գրել` առաջարկելով ցրել այդ ինստիտուտը կամ միացնել հնագիտության և արևելագիտության ինստիտուտների հետ և այդպիսով ձերբազատվել այդ գանգրենային աղանդից: Նախագահն առայժմ չի արձագանքել: Հասկանում եմ, որ փակել ինստիտուտը կամ բռնի դուրս նետել այնտեղից մարդկանց, վրդովմունքի վայնասուն կառաջացնի (բա չե՞ն ասի, թե Ստալինն ինստիտուտը ստեղծեց, իսկ Սարգսյանը փակեց), սակայն հասկանում եմ նաև այն, որ թողնել ամեն ինչ այս վիճակում և այդ աղանդին վստահել հայ պատմագրությունը, այլևս չի կարելի, քանի որ մենք հեռանկարում հսկայական քաղաքական ու աշխարհաքաղաքական բարդություններ կունենանք, որոնց հետևանքները գրեթե անհնար է գուշակել: Եթե այսօր աշխարհում դեռևս հակված են Ղարաբաղյան հիմնախնդրի մեկնաբանության հայկական վարկածին, ապա շատ շուտով պատմության ինստիտուտի ջանքերով կգա մի պահ, երբ հայ պատմագրությունն ընդհանրապես կզրկվի վստահությունից համաշխարհային ակադեմիական և քաղաքական շրջանակներում: Բավական է թերթել վերջերս գիտությունների ակադեմիայի հրատարակած «Հայոց պատմություն» գլուխգործոցը Է.Դանիելյանի և Ա.Մելքոնյանի հեղինակությամբ (ովքեր, ի դեպ, այս տարի արդեն հրատարակում են ակադեմիական քառահատորը, այսինքն, երկրի պաշտոնական պատմագրությունը, որն իրականում դանդաղ գործողության ական է), գիտակցելու համար այն ամբողջ վտանգը, որ բխում է այդ կարգի մարդկանցից: Անկեղծ ասած, այդ գործի յուրաքանչյուր պարբերության համար հարկավոր է մեկական քրեական գործ հարուցել, բայց, ինչպես տեսնում ենք, դա չի արվում: Փաստորեն, ստացվում է, որ պետությունը պահում է մի գիտական հաստատությունը, որը գործում է երկու հարևան (և ոչ այնքան բարեկամական) պետությունների շահերի օգտին: Հազիվ թե Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները, հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսելով, ի վիճակի լինեին ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին, քան հայկական պետական գիտական հաստատությունը, որն այդ գործն անում է նրանց փոխարեն, հայրենական հարկատուների հաշվին: Սա արդեն դուրս է առողջ բանականության սահմաններից և բացատրություն չունի: Դե, իսկ նախագահ Սարգսյանն, անշուշտ, պետք է իմանա, որ պաշտոնական պատմագրությունը լուրջ բան է: Այն պետության դեմքն է և յուրատեսակ ծրագրային փաստաթուղթ, որի հետ կատակել չի կարելի: Նախագահը պետք է նաև հիշի, որ պատմության և նրա դասավանդման հարցերը միշտ գտնվել են պետության առաջին դեմքերի ուշադրության կենտրոնում, և նույնիսկ Ստալինը ժամանակ էր գտնում դպրոցական դասագրքերի խմբագրման համար: Իհարկե, ոչ ոք Սարգսյանին չի կոչում նման բանով զբաղվել, նրան ընդամենը խնդրում են ժամանակ հատկացնել այդ հիմնախնդրին և մեկընդմիշտ վերջ տալ այս մղձավանջին: Հույս ունեմ, Սամվել Հարությունյանը նույնպես կզբաղվի այս խայտառակությամբ և ջանքերի առավելագույնը կգործադրի այն արմատախիլ անելու համար, իսկ հաջորդ համարներից մեկում մեզ հետաքրքիր կլիներ լսել նրա կարծիքն այս հարցի շուրջ, ինչպես և այն միջոցառումների մասին, որոնք նա պատրաստվում է ձեռնարկել:
Արվեստագետ և դաշնակահարուհի Գայանե Մարգարյանը «Մշակույթ և արվեստ» խորագրի տակ մտորում է մեկ այլ ողբերգության մասին, որ թափվել է մեր գլխին արժեքների համընդհանուր նենգափոխման հետևանքով: Հեղինակը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է մշակույթի պետական հոգածություն, ընդհուպ մինչև «զտիչ գրաքննության» կիրառումը` նպատակ ունենալով մաքրել մշակութային դաշտն այն տիեզերական խայտառակությունից, որով այսօր լեփ-լեցուն են հեռուստաեթերը, ուսումնական հաստատությունները և այլն: Անձամբ ինձ դուր է գալիս Գայանեի` նման զտիչի գաղափարը, որը կգործի, ասենք, երկրի նախագահի աշխատակազմին կից կամ մեկ այլ տեղ: Կարծում եմ, որ հապաղել չի կարելի, այլապես մոլախոտերը կխեղդեն կենդանի ամեն ինչ, որ հաջողվել է պահպանել անկախության 17 տարիներին: Հեղինակը նաև առաջարկում է անցնել դեպի մշակույթը պարտադրանքով արմատավորելու քաղաքականությանը: Շատերին դա վիճելի է թվում, սակայն այդ կապակցությամբ նկատեմ, որ Հայաստանի պատմության ամենապայծառ երկու շրջանները, որոնք առանձնացան աննախադեպ կառուցողականությամբ և լուսավորմամբ (Տիգրանի և խորհրդային դարաշրջանները), տարբերվեցին հենց նրանով, ինչն ընդունված է անվանել մշակույթի պարտադրական արմատավորում:  Ինչպես տեսնում ենք, որևէ սարսափելի բան չպատահեց` երկու դեպքում էլ ժողովուրդը երկու հազար տարվա տարբերությամբ հսկայական թռիչքներ կատարեց, իսկ դա արդեն այն ֆենոմենն է, որը չի ողջունվում միայն հատուկ բժշկական հաստատությունների պոտենցիալ պացիենտների կողմից: Բացի այդ, եթե այսօր աշխարհում ընդունված է պարտադրանքով արժեքներ արմատավորել, ընդ որում` բռնի ուժով (օրինակ, ժողովրդավարությունը), ապա ինչո±ւ դա չի կարելի անել նաև մշակույթի հետ: Մանավանդ, որ մշակույթը, ըստ իս, ավելի ունիվերսալ արժեք է և անհամեմատ անհիվանդագին է ներդրման համար, քան ժողովրդավարությունը, թեպետև որևէ հրահանգ արտասահմանից այս հարցի առնչությամբ դեռ չի ստացվել:
«Պատմություն» խորագրով Երվանդ Մարգարյանի բավական հետաքրքիր աշխատությունը: Հոդվածի անվանումն իսկ` «Իդեալական պետական կազմակերպման փնտրտուքները հելլենիստական Հայաստանում. ուտոպիա և իրականություն», պետք է, որ հայրենի պատմագիրների մեջ երկյուղ ու սարսուռ առաջացնի, որոնց վրա «հելլենիզմ» բառն իսկ այն ազդեցությունն է գործում, ինչ կարմիր կտորը` ցլի, քանի որ, արի ու տես, որ հայերին «վայել չէ» ենթարկվել հելլենացման, դրա փոխարեն իրենք «կհայացնեն» ում ասես: Բայց դա կարևոր չէ, ավելի հետաքրքիր է այն, ինչի մասին խոսում է Երվանդը: Տիրակալի և մտածողի, իշխանության և մտավորականության (մտածող հասարակայնության) փոխհարաբերությունների խնդիրը միշտ արդիական է: Նրանց միջև բնական անտագոնիզմը բնորոշ առանձնահատկություն է եղել գրեթե բոլոր դարաշրջաններում: Բանն այն է, որ մտավորականության առջև միշտ երկընտրանք է եղել. կա’մ հեռու մնալ իշխանությունից և «չաղտոտվել» նրա հետ շփվելուց, կա’մ փորձել համագործակցել իշխանության հետ և դրանով իսկ ծառայել ժողովրդին: Առաջինների շարքին կարելի է դասել ստոիկներին, էպիկուրյաններին, գրեթե բոլոր ռոմանտիկներին (Բայրոնին, Լերմոնտովին, 19-րդ դարի ռուս արևմտամետներին և այլն), երկրորդին` Արիստոտելին, Մերտրոդորոսին, Սենեկային, Վոլտերին, Լոմոնոսովին, Գյոթեին, Սպերանսկուն, Տյուտչևին և շատ ուրիշներին, ավելի պրագմատիկ մարդկանց, ովքեր գիտակցում էին իրենց պատասխանատվությունը ժողովրդի առջև և հանուն հասարական բարեկեցության` իշխանության հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Սակայն պատմությունը վկայում է, որ մտածողների (մտավորականության)` կատարյալ իշխանավորի (իշխանության) կերպարի կերտման փորձերը, որպես կանոն, ողբերգական ավարտ են ունենում. Մետրոդորոսի և Սենեկայի ողբերգական ճակատագրերը խիստ հատկանշական են և առաջին հայացքից հաստատում են մտավորականության` իշխանությունից հեռու մնալու ճշմարտացիությունը: Սակայն հարկ է հաշվի առնել երկու պահ. նախ` նրանց գործն իրենց հետ չմեռավ, այն մնաց իրենց աշակերտների և օբյեկտիվ իրականության մեջ, որոնց ստեղծմանը նրանք աջակցություն ունեցան: Երկրորդ` իշխանություններին օգնություն ցուցաբերելը, գաղափարների արտադրման գործում նրան աջակցելը, այնուամենայնիվ, օբյեկտիվ անհրաժեշտություն է: Եվ քանի որ այդպես է, ուրեմն ինչ-որ մեկն այդ պե’տք է անի: Իսկ ո՞վ պետք է զբաղվի դրանով, եթե ոչ մտածող հասարակայնությունը: Այս և հելլենիստական Հայաստանի (որն այժմ անտեսվում է պաշտոնական պատմագրության կողմից) բազմաթիվ այլ հետաքրքիր առանձնահատկությունների մասին է գրում Երվանդ Մարգարյանը:
Եվ վերջապես, մեր ամենահետաքրքիր խորագիրը «Մեջբերումներ դասականներից»: Ես այն մտածել եմ մեծ մտածողների ստեղծագործությունների (կամ հատվածների) տպագրման համար, որոնք համահունչ են մեր ժամանակաշրջանին և հրատապ են հայ իրականության համար, կամ էլ անկասկած հետաքրքրություն են ներկայացնում ընթերցողների համար: Օրինակ, այս համարում զետեղվել է երեք մեջբերում լեզուների մասին, որ պատկանում են տարբեր ազգերի և ժամանակաշրջանների` 5-18-րդ հարյուրամյակներ, գիտնականների: Կամ վերցնենք Կանտի «Ի՞նչ է լուսավորությունը» հարցի պատասխանը» հոդվածը, որը խիստ արդիական է այսօր մեզ համար և որը, ցավոք, Հայաստանում և հայերենով տպագրվում է առաջին անգամ (պետք է ներողամիտ վերաբերմունք խնդրեմ հայերեն թարգմանության անկատարության համար, եթե այն ինչ-որ մեկին անթերի չթվա): Խորագրի տակ տեղ են գտել նաև իր ժամանակի մեծ նեոպլատոնական Մովսես Խորենացու անմահ երկի առաջին երեք գլուխները: Վերջապես, ուշադրություն ենք հատկացրել նաև Ֆյոդոր Տյուտչևին միջնադարի հայ բանաստեղծ Ֆրիկի հետ միասին: Բնականաբար, մեջբերումները պատահականորեն չեն ընտրվել, դրանցում message-ներ կան, և լավ կլիներ, եթե հասցեատերերը չանտեսեին դրանք: Եվ քանի որ խորագրի գլխավոր սկզբունքը հրաժարումն է մեկնաբանություններից, սահմանափակվեմ ասվածով և մաղթեմ ընթերցողին հաճելի ժամանց «Ազգային գաղափարի» առաջին համարի հետ:

 

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվաջը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am