Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Մայիս 2008, N 2

ԳՈՎՔ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ (1509)

Էրազմ Ռոտերդամցի

 

Ռուսերենից թարգմ.` ՎԱՀԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է

 

ԳԼՈՒԽ I

 

Թող կոպիտ մահկանացուներն իմ մասին ասեն ինչ ուզում են. ինձ քաջահայտ է, թե որքան վատ համբավ ունի Հիմարությունը նույնիսկ հիմարագույնների մոտ. այնուամենայնիվ ես հանդգնում եմ հավաստել, որ իմ աստվածային ներկայությունը, և մի´միայն դա է ուրախացնում աստվածներին: Դրա լավագույն ապացույցը մեր առջևն է. հենց որ ես ամբիոն բարձրացա այս բազմամարդ ժողովում, անմիջապես բոլոր դեմքերը շաղշողացին աննախընթաց, անսովոր ուրախությունից. ամենքն էլ առաջ մղվեցին, և ամենուրեք թնդաց ուրախ, հրճվագին ծիծաղ: Ձեզ նայելիս ինձ թվում է, թե ես տեսնում եմ Հոմերոսյան աստվածներին` նեպենտով1  համեմված նեկտարից հարբած, այնինչ դուք հենց նոր նստած էիք տխուր ու մտահոգ, ասես քիչ առաջ էիք վերադարձել Տրոֆոնյան2  քարայրից: Ինչպես վաղորդյան արևը, որ ցույց է տալիս երկրին իր ոսկեշող գեղանի դեմքը, կամ ինչպես վաղահաս գարունը, որ խստաշունչ ձմռանից հետո փչում է որպես հաճելի զեփյուռ, ամեն ինչին նոր գույն ու տեսք և նոր երիտասարդություն են հաղորդում, այնպես էլ բոլորովին փոխվեցին ձեր դեմքերը` հենց որ նայեցիք ինձ: Այն ժամանակ, երբ նույնիսկ մեր ճարտասանները միմիայն երկար ու ջանախնդրությամբ մտմտած ճառից հետո են հարկադրում ձեզ հո·ուց թոթափել ծանր հոգսերը, ես հասա դրան անմիջապես, հենց միայն ձեզ երևալով:

 

ԳԼՈՒԽ II

 

Հանուն ի´նչ բանի ես այսօր հանդես եմ գալիս ինձ համար անսովոր զգեստավորումով, դուք այդ կիմանաք, եթե ուշադիր լսեք. ոչ այնպես, ինչպես լսում են եկեղեցական քարոզիչներին, այլ ինչպես ունկնդրում են շուկայի խեղկատակներին, ծաղրածուներին և աճպարարներին կամ այնպես, ինչպես մեր բարեկամ Միդասը մի ժամանակ լսում էր Պանին3: Վասնզի ես ցանկացա հանդես գալ ձեր առաջ սոփեստի, բայց ոչ դրանցից մեկի դերում, որոնք այսօր մանչուկների գլուխն են մտցնում վնասակար անմտություն և սովորեցնում նրանց ավելի քան կանացի համառությամբ հակաճառել: Ոչ, ես ուզում եմ ընդօրինակել այն հին հույներին, որոնք խուսափելով իմաստուն խայտառակ մականունից` գերադասեցին կոչվել սոփեստ4 Նրանց փութաջանությամբ

ներբողներ հյուսվեցին աստվածներին ու մեծ մարդկանց: Եվ դուք նույնպես ներբողական խոսք կլսեք այսօր, բայց ո´չ Հերակլի, ո´չ էլ Սոլոնի5այլ իմ, այլ կերպ ասած` Հիմարության հասցեին:

 

ԳԼՈՒԽ III

 

Արդարև ես բնավ չեմ մտածում այն իմաստասերների մասին, որոնք ամենահանդուգն հիմար են հռչակում ամեն ոքի, ով ներբող է թմբկահարում ինքն իրեն: Շատ լավ, թող հիմար լինի այդ, քանի որ այդքան ցանկալի է դա նրանց. միայն թե խայտառակ չլինի: Բայց էլ ո՞ւմ, եթե ոչ Հիմարությանը, ամենից ավելի է պատշաճում լինել սեփական փառքի թմբկահարը և սրինգով նվագակցել ինքն իրեն: Ո՞վ կարող է ավելի լավ պատկերել ինձ, եթե ոչ հենց ես: Գուցե միայն նա, ում ես ավելի մոտիկից հայտնի եմ, քան ինքս ինձ: Ավելին. այսպես վարվելով` ես ինձ ավելի համեստ եմ համարում աշխարհիս հզորների ու իմաստունների մեծ մասից: Կեղծ ամոթխածությամբ համակված` նրանք սիրտ չեն անում հանդես գալ անձամբ, բայց փոխարենը վարձում են մի որևէ ծախու ճարտասանի կամ դատարկա·լուխ բանաստեղծի և սրանց շրթներից էլ լսում են գովք, այլ կերպ ասած` անհեթեթ սուտ: Մեր հեզաբարո սիրամարգի նման փռում է պոչը, կատարը տնկում, իսկ այդ միջոցին անամոթ շողոքորթը այդ չնչին մարդուն հավասարեցնում է աստվածներին, ցուցադրում է նրան իբր օրինակ բոլոր առաքինությունների, որոնցից նա, ինչպես երկնային աստղերից, հեռու է, ագռավին սիրամարգի փետուրներ է հագցնում, ջանում սպիտակեցնել խափշիկին ու ճանճը դարձնել փիղ: Վերջապես ես գործադրում եմ ժողովրդական առածը, որն ասում է. «Ինքդ քեզ գովիր, քանի որ մարդիկ չեն գովում»: Չեմ իմանում ինչի վրա զարմանամ` մահկանացուների ծուլությա՞ն, թե ապերախտության. թեև նրանք բոլորն էլ եռանդագին մեծարում են ինձ և հաճությամբ օգտվում իմ բարերարություններից, սակայն ոչ ոք այսքան դարերի ընթացքում ժամանակ չգտավ երախտալի խոսքով ներբող մատուցել Հիմարությանը, այնինչ պակասություն չի եղել այնպիսի ցանկորդների, որոնք, չխնայելով լապտերի ձեթը և զոհաբերելով իրենց քունը, փքուն փառաբանություններ են հորինել Բուսիրիդներին, Ֆալարիսներին6 ընդմիջվող տենդերին, ճանճերին, ճաղատներին ու նման պատուհասներին: Իսկ ինձնից դուք կլսեք մի ճառ, որ նախօրոք պատրաստված չէ, ոչ էլ մշակված, բայց փոխարենը ավելի ճշմարտացի է:

 

ԳԼՈՒԽ XI

 

Նախ և առաջ` ի՞նչը կարող է ավելի  քաղցր ու թանկարժեք լինել, քան կյանքը: Բայց ո՞ւմ եք դուք պարտական դրա համար, եթե ոչ ինձ: Չէ՞ որ հզոր հոր դստեր` Պալլասի նիզակը և ամպահալած Զևսի վահանը7 չեն, որ սկզբնավորում ու բազմացնում են մարդկային ցեղը: Ճշմարիտ ասեմ` աստվածների հայրն ու մարդկանց տիրակալն ինքը, որ ձեռքի մի շարժումով ցնցում է Օլիմպոսը, երբեմն մի կողմ է դնում իր եռաժանի շանթերը և տիտանի կերպարանքը, որից այնքան սարսափում են երկնաբնակները: Կամա-ակամա ընդունում է, ինչպես դերասանը, ուրիշի տեսքը, երբ համակվում է երեխաներ պատրաստելու իր համար

այնքան սովորական ցանկությամբ: Ստոյիկները կարծում են, թե իրենք ամենից ավելի մոտ են աստվածներին: Բայց տվեք ինձ մի եռապատիկ, քառապատիկ, տվեք, եթե կամիք, հազարապատիկ ստոյիկի, և ես կապացուցեմ, որ նա էլ նման դեպքում հարկադրված է մի կողմ դնելու եթե ոչ իր մորուքը` իմաստության դրոշը, որ, ի դեպ, ընդհանրություն ունի այծերի հետ, ապա իր մռայլ, ծանրումեծ տեսքը և ժեռ-քար դոգմաները8 ստիպված է կոկելու ճակատի կնճիռները ու ենթարկվել հեշտավետ խելահեղության: Հավաստում եմ, որ ինձ, միմիայն ինձ պետք է դիմի այդ իմաստունը, եթե, իհարկե, տենչում է հայր դառնալ: Ասենք, ինչի համար ես, ըստ իմ սովորության, ավելի անկեղծ չխոսեմ: Ասացեք խնդրեմ, մի՞թե գլուխը, դեմքը, կուրծքը, ձեռքը, ականջը կամ մարմնի այն մասերից մեկնումեկը, որոնք բարեկիրթ են համարվում. կարող է աստվածներ ու մարդիկ առաջ բերել: Ո´չ, մարդկային ցեղը բազմացնում է բոլորովին ուրիշ մի մասը` այնքան անմիտ ու ծիծաղելի, որ չի էլ կարելի դրա անունը տալ, առանց հանուր քրքիջ առաջացնելու: Բայց և այնպես այդպիսին է այդ աղբյուրը, որ ավելի սուրբ է, քան Պյութագորասի թվերը9 և դրանից է ամենայն կենդանի սկիզբ առնում: Խղճի մտոք ասացեք, թե ո՞ր այրը կհամաձայներ ամուսնության լծի տակ մտնել, եթե իմաստունների սովորությամբ նախօրոք ծանրութեթև աներ ամուսնական կայնքի անձեռնտու հետևանքները: Ո՞ր կինը կթողներ իրեն մոտենա ամուսինը, եթե մտածեր ու խորհրդածեր ծննդաբերության վտանգների ու տառապանքների և երեխաներին դաստիարակելու դժվարությունների մասին: Բայց եթե աշխարհ գալու համար պարտական ենք ամուսնության, իսկ ամուսնության համար` իմ սպասուհի Անոյային, ապա  ինքներդ էլ հասկանում եք, թե ինչ չափով դուք իմ պարտապաններն եք: Այնուհետև, ո՞ր կինը մի անգամ երեխա բերելու փորձից հետո կհամաձայներ կրկնել այդ, եթե չլիներ իմ ուղեկցուհի Լեթայի աստվածային ուժը: Սակայն ոչ ի զայրույթ Լուկրեցիոսի ասենք` Վեներան անգամ չի համարձակվի բացասել, որ առանց իմ հրաշալի ուժին` նրա ամբողջ զորությունը ո´չ ուժ կունենար, ո´չ ևս ազդեցություն10Այսպիսով. միայն մի արբեցնող և ուրախ խաղի շնորհիվ են աշխարհ գալիս և´ մռայլ փիլիսոփաները, որոնց տեղը մեր օրերում ժառան·ել են այսպես կոչված վանականները, և´ ծրանազգեստ վեհապետները, և´ բարեպաշտ երեցները, և´ երիցս անարատ քահանայապետները, իսկ սրանցից հետո այն աստիճան բազմաթիվ բանաստեղծական աստվածների այս ամբողջ հույլը, որ Օլիմպոսն անգամ, որքան էլ ընդարձակ լինի, հազիվ է կարողանում տեղավորել այդպիսի բազմությունը:

 

ԳԼՈՒԽ XV

 

Բայց ի՞նչ ասեմ մահկանացուների մասին: Խուզարկեցեք ամբողջ երկինքը, և թող իմ անունը անարգանքի ենթարկվի, եթե դուք գտնեք թեկուզ մի կարգին ու հաճելի աստված, որը կարողանար գործել առանց իմ աջակցության: Ինչո՞ւ, օրինակ, Բաքոսը11շտապես երիտասարդ է ու գանգրահեր: Հենց նրա համար, որ խրախճանասեր է ու գինեմոլ, կյանքն անց է կացնում կերուխումների, պարերի, երգի ու խաղի մեջ և երբեք գործ չի բռնում Պալլասի հետ: Այնքան խորթ են նրա համար ամեն տեսակ մտադրությունները իմաստունի փառքի մասին, որ նա հրճվում է, երբ ծիծաղով ու կատակներով են ծառայում իրեն: Նա չի էլ վիրավորվում

այն առածից, որտեղ իրեն մականվանել են դմբո կամ ավելի ճիշտ բանջարանոցի խրտվիլակ: Իսկ խրտվիլակ են անվանել այն պատճառով, որ երբ նա նստում է տաճարի դռան մոտ, երկրագործները զվարճության համար հասած թուզ կամ խաղողի շիրա են քսում նրա դեմքին: Ինչպիսի~ կատակների առարկա չի դարձնում նրան հնադարյան կատակերգությունը: Ա´յ, ասում եմ, խելառների աստվածը զուր չէ, որ ազդրից է աշխարհ եկել: Բայց և այնպես ո՞վ չէր գերադասի մշտապես ուրախ, մշտապես երիտասարդ, ամենուրեք զվարճությունների ու խաղերի պատճառ դարձող այդ դմբոյի ու տխմարի վիճակը ամենքի համար ահեղ ու գաղտնամիտ Յուպիտերի կամ իր վայնասունով սարսափ ազդող Պանի12կամ մոխրաթաթավ, դարբնի աշխատանքից կեղտոտ Վուլկանի, կամ իր զարհուրելի Գորգոնայից13  նիզակից անբաժան ու մշտապես վայրագ հայացքը դեմքից չջնջվող Պալլասի ճակատագրից: Ինչո՞ւ Կուպիդոնը մշտապես երեխա է, ինչո՞ւ: Արդյոք ո՞չ այն պատճառով, որ նա` այդ անուղղելի չարաճճին, ոչ մի լուրջ բանի մասին չի մտածում: Ինչո՞ւ ոսկեդեմ Վեներան մշտնջենապես փթթում-գեղեցկանում է: Միայն այն պատճառով, որ ինձ ազգական է և դեմքի ոսկեթույր գույնով հիշեցնում է իմ ծնողին. սրա համար էլ Հոմերոսը անվանել է նրան Ոսկեղենիկ Աֆրոդիտե: Բացի դրանից, նա շարունակ ծիծաղում է. եթե հավատանք բանաստեղծներին ու նրանց մրցակից քանդակագործներին: Ո՞ր աստվածությանն էին հռոմեացիներն ավելի եռանդագին մեծարում, քան բոլոր վայելքների մայրը հանդիսացող Ֆլորային14:

Ասենք, եթե Հոմերոսի և մյուս բանաստեղծների երկրում հետաքննենք նույնիսկ ամենամռայլ ու վայրագ աստվածների կյանքը, կտեսնենք, որ այդտեղ ևս ամեն ինչ համակված է հիմարությամբ: Չխոսելով արդեն այլ աստվածների մասին, դուք հո գիտեք հենց նույն շանթարձակ Յուպիտերի արարքներն ու սիրային գործերը: Հապա այն խստաբարո Դիանան, որ որսորդական գործերում մոռանում էր իր սեռը, մինչդեռ ուշքը գնում էր Էնդիմիոնի15համար: Այնուամենայնիվ ավելի լավ է աստվածներն իրենց խաղքությունների մասին լսեն Մոմոսից16 ինչպես հաճախ այդպիսի առիթներ էին ունենում հնում: Բայց նրանք վերջերս զայրացան ու շպրտեցին նրան երկիր Ատեի17  հետ, որովհետև նա իր խելամտությամբ խանգարում էր նրանց երանությունը: Իսկ հիմա մահկանացուներից ոչ մեկը չի հյուրընկալում վտարյալին, նա ապաստան չունի մանավանդ վեհապետների պալատներում, որտեղ ի պատվի է  իմ սիրելի Կոլակիան, որ Մոմոսի հետ նույնքան հաշտ է, որքան գայլերն ու գառնուկները: Մոմոսին արտաքսելուց հետո առավել ևս ազատ և ուրախ են գժություններ անում աստվածները, քանի որ չեն վախենում խստապահանջ վերակացուից, ինչպես Հոմերոսն է ասում` հիրավի թեթևասիրտ: Ինչպիսի~ խաղեր չի խաղում այդ փայտե չարաճճի Պրիապոսը18: Ինչպիսի~ հնարքների չի դիմում գողաբարո Մերկուրիոսը: Նույնիսկ կաղլիկ Վուլկանը խևություններ է անում աստվածների խրախճանքներում և իր անճոռնի քայլվածքով, սրախոսություններով ու կատակներով զվարճացնում է սեղանակիցներին: Այնտեղ կորդակի սիրահար ծեր Սիլենն19 էլ պար է գալիս. նրա կողքին Պոլիֆեմը20   տրետանելլա է պարում, հավերժահարսերը` բոկոտնապար, իսկ այծոտն սատիրները ներկայացնում են Ատելական զավեշտներ21: Պանը մի որևէ անհամ ու գռեհիկ երգով հանուր քրքիջ է առաջացնում: Աստվածները ավելի հաճությամբ նրան են ունկնդրում, քան Մուսաներին, մանավանդ երբ նեկտար շատ են կոնծում: Չգիտեմ` արժե՞ արդյոք հիշել այստեղ, թե ինչպես են պահում իրենց հարբած աստվածները խրախճանքից հետո: Այնքան հիմար, որ, Հերակլը վկա, ես էլ հաճախ ծիծաղից մեռնում եմ: Բայց ավելի լավ չէ` հետևեմ լռակյաց Հարպոկրատեսի22  օրինակին, որպեսզի մի  որևէ լրտես աստված չլսի, թե ինչե~ր ենք խոսում մենք այստեղ, որոնք Մոմոսին անգամ էժան չէին նստի:

 

ԳԼՈՒԽ XIX 23

 

Բայց թերևս ձեր մեջ լինեն մարդիկ, որոնք արհամարհում են այսպիսի քաղցրությունները և ուրախություն են գտնում միայն բարեկամների հետ շփում ունենալով, ամեն ինչից լավ ու այն աստիճան անհրաժեշտ համարելով բարեկամությունը, որ նրա հետ չեն կարող համեմատվել ո´չ օդը, ո´չ կրակը, ո´չ էլ ջուրը: Նրանց կարծիքով բարեկամությունից զրկվելը հավասար է արևից զրկվելուն: Վերջապես բարեկամությունն այնքան մածապես արժանի է հարգանքի, որ նույնիսկ փիլիսոփաները, եթե միայն թույլ է տրվում այստեղ  վկայակոչել նրանց, դասում են դա մեծագույն բարիքների շարքը: Հապա եթե ես ապացուցեմ, որ հենց ես եմ այդ մեծ բարիքը ձեզ պատճառող նավի խելն ու ցռուկը: Եվ կապացուցեմ դա ոչ թե կրոկոդիլիտներով, սորիտներով և ոչ ևս  եղջերավոր սիլոգիզմներով24  ու ոչ էլ ինչ-որ տրամախոսական մանվածապատություններով, այլ պարզապես, ինչպես ասում են, միայն ցույց տալով: Ներողամիտ լինել բարեկամների թուլությունների հանդեպ, աչքերը փակել նրանց թերությունների վրա, հիանալ նրանց արատների, ասես առաքինությունների վրա. ի՞նչը կարող է ավելի մոտ լինել հիմարության: Երբ սիրահարը համբուրում է իր ընկերուհու խալը, երբ Բալբինը զմայլվում է իր Ագնայի գորտնուկով25, երբ հայրը շիլ որդու մասին ասում է, թե իբր սա խորամանկ հայացք ունի, այս ի՞նչ բան է, եթե ոչ ամենազուտ հիմարություն: Այո, իհարկե, եռապատիկ, քառապատիկ հիմարություն. բայց միայն նա Միացնում է բարեկամներին ու բարեկամությունը պահում մշտական:

 

ԳԼՈՒԽ XX

 

Բարեկամության մասին ասվածը է´լ ավելի իրավացիորեն կիրառելի է նաև ամուսնության նկատմամբ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկու մարդկանց միությունն ամբողջ կյանքում: Ամենակարո~ղ աստված, ամեն տեղ որքան ապահարզաններ և վատ բաներ կլինեին, եթե ամուսիններն ու կանայք ախորժելի չդարձներին ու չթեթևացնեին ընտանեկան կյանքը շողոքորթության, կատակների, թեթևամտության, մոլորության, կեղծումների և իմ մյուս ուղեկիցների օգնությամբ: Եվ արդյոք շա՞տ ամուսնություններ տեղի կունենային, եթե փեսացուն խոհեմաբար տեղեկանար, թե հարսանիքից առաջ ինչպիսի~ խաղերով է զվարճացել արտաքուստ այնքան քնքուշ ու ամոթխած այդ օրիորդը: Եվ  ինչքա~ն կարճատև կլինեին արդեն կատարված ամուսնությունները, եթե կանանց արարքները ծածուկ չմնային ամուսինների անհոգության ու անխելքության պատճառով: Այս ամենը Հիմարության ծառայությունն է, միայն նրան պետք է շնորհակալ լինել, եթե կինը առաջվա պես սիրալիր է մարդու, մարդն էլ կնոջ հանդեպ, եթե տանը խաղաղություն է

տիրում և ընտանեկան կապերը չեն խզվում: Խաբված ամուսնու վրա ծիծաղում են և էլ ի՞նչ անուն չեն տալիս նրան, երբ նա համբույրներով չորացնում է անհավատարիմ կնոջ արցունքները: Բայց որքան ավելի լավ է այդպես մոլորվել, քան թե խանդից կրծել իրեն` կյանքը դարձնելով ողբերգություն:

 

ԳԼՈՒԽ XXI

 

Մի խոսքով, առանց ինձ ոչ մի ընկերակցություն, ոչ մի կենցաղային կապ հաճելի ու ամուր չէր լինի. ժողովուրդը երկար չէր կարողանա հանդուրժել իր վեհապետին, տերը` ծառային, աղախինը` տիկնոջը, ուսուցիչը` աշակերտին, բարեկամը` բարեկամին, կինը` մարդուն, վարձակալը` տանտիրոջը, հարևանը` հարևանին, ընկերն` ընկերոջը, եթե նրանք փոխադարձաբար չմոլորվեին, չներեին ուրիշների թուլությունները, միմյանց հիմարության մեղր չհրամցնեին: Մեր ասածը, ըստ իս, միանգամայն բավական է. բայց սպասեցեք, հիմա դուք ավելի կարևոր բան կլսեք:

 

ԳԼՈՒԽ XXIII

 

Պատերազմը չէ՞ արդյոք արժանա·ով արարքների բուծարանն ու աղբյուրը: Մինչդեռ ի՞նչը կարող է ավելի հիմար բան լինել, քան ինչ-ինչ  պատճառներով մրցման բռնվելը, որի ընթացքում յուրաքանչյուր կողմը ավելի շատ անհարմարություն է զգում, քան օգուտ ձեռք բերում: Նրանց մասին, որոնք սպանվելու են, չարժե, ինչպես ասում էին մի ժամանակ մեռյալների մասին, երկար խոսել: Բայց ես հարց եմ տալիս ձեզ` երբ երկու զրահակուռ զորաբանակ կանգնած են դեմ-դիմաց «... ու ձողերն որոտացին կերկերագոչ հընչյունով»26, ի՞նչ օգուտ մարզանքից հյուծված, երակներում ջրիկացած ու սառն արյուն ունեցող այդ իմաստուններից: Այստեղ պիտո են ուժեղակազմ, առողջ մարդիկ, որոնց քաջությունն ավելի է, իսկ խելքը` պակաս: Ո՞ւմ է պետք այնպիսի մի ռազմիկ, ինչպես Դեմոսթենեսը, որը հետևելով Արքիլոքոսի խորհուրդին` վահանը գցելով փախավ, հենց որ տեսավ թշնամիներին. սքանչելի հռետոր, սակայն բոլորովին անպետք ռազմիկ27: Բայց և այնպես, ասում են, որ ռազմական գործում նախ և առաջ` խելք է պետք: Այո´, զորագլուխների համար, այն էլ ռազմական և բնավ ոչ փիլիսոփայական խելք: Իսկ առհասարակ ամենքից այնքան փառաբանված պատերազմը մղում են ձրիակերները, կավատները, գողերը, մարդասպանները, բթամիտ բռիները, չվճարած պարտապանները և հասարակության այդպիսի տականքները, բայց երբե´ք լուսամիտ փիլիսոփաները:

 

ԳԼՈՒԽ XXIV

 

Թե որքան փիլիսոփաներն անպետք են առօրյա կյանքի համար, դրա օրինակը կարող է լինել Սոկրատը28, որին Ապոլլոնի պատգամախոսը հասցրել է աշխարհիս միակ իմաստունի աստիճանին. ահա մի վճիռ, որը ոչ մի կերպ չի կարելի իմաստուն համարել: Մի անգամ Սոկրատի խելքին փչեց, չեմ հիշում ինչ առթիվ, հրապարակային ճառ արտասանել, բայց ամենքից ծաղրվելով` ստպիպվեց հեռանալ: Իսկ չէ՞ որ այս այրը այն աստիճասն իմաստուն էր, որ նույնիսկ բացասում էր իմաստունի կոչումը` պարտ ու պատշաճ համարելով դա միայն աստծուն, և ուսուցանում էր, որ խելացի մարդուն վայել չէ խառնվել պետական գործերին, մինչդեռ ավելի լավ կլիներ խորհուրդ տար հեռու մնալ իմաստությունից ամեն ոքի, ով ուզում է մնալ մարդկանց շարքում: Ի՞նչը, արդարև, հասցրեց նրան դատապարտվելու մի թաս մոլեխինդի, եթե ոչ իմաստությունը: Դե, իհարկե, չէ՞ որ խորհրդածելով ամպերի ու գաղափարների մասին, չափելով լվի տոտիկները և խանդաղատելով մոծակի երգից` նա ժամանակ չունեցավ սովորելու առօրյա կյանքին վերաբերող ոչ մի բան: Երբ ուսուցչին մահապատիժ էր սպասում, նրա աշակերտ Պլատոնը, որ հռչակավոր փաստաբան էր, առաջին իսկ նախադասությունից կմկմաց` բազմության աղմուկից շփոթվելով: Իսկ ի՞նչ ասենք Թեոֆրաստի29 մասին: Բարձրանալով հռետորի ամբիոնը` նա անմիջապես պապանձվեց, կարծես գայլ տեսավ: Իսոկրատը, որ իր գրավոր ճառերում ոգևորում էր ռազմիկներին մարտի նախօրյակին, այնքան ամաչկոտ էր, որ ոչ մի անգամ սիրտ չարեց բերան բանալ հանրության առաջ: Մարկոս Տուլլիոսը30, հռոմեական պերճախոսության հայրը, երբ սկսում էր խոսել, դողում էր ամենաողորմելի ձևով, խեղդվելով ու հեկեկալով երեխայի նման, մի բան, որ Ֆաբիոսը համարում է հռետորի բարեխիղճ ու գիտակից վերաբերմունքն իր առաջադրանքին: Սակայն հավաստելով սա`  նա սրանով իսկ իմաստությունը խոչընդոտ չի՞ համարում դատերը պարտ ու պատշաճ ձևով վարելու համար: Ի՞նչ կլինի մեր փիլիսոփաների վիճակը, երբ գործի դրվի երկաթը, քանի որ նրանք սարսափից դողում են նույնիսկ հասարակ բանակռվում: Եվ դրանից հետո դեռ գովաբանում են Պլատոնի նշանավոր ասույթը. «Երանյալ են այն պետությունները, որտեղ հրամայում են փիլիսոփաները կամ տիրակալները փիլիսոփայում են»31: Ստուգիր պատմաբանների մոտ, և կտեսնես, որ պետության համար ոչ մի բան ավելի կործանարար չի եղել, քան այն կառավարողները, որոնք փիլիսոփայությամբ ու գիտություններով էին զվարճանում: Իբրև օրինակ այստեղ բավական է հիշատակենք երկու Կատոններին, որոնցից մեկը հանրապետության անդորրը խռովում էր հիմար մատնագրերով, մյուսը ավելորդ իմաստությամբ պաշտպանում էր հռոմեական ժողովրդի ազատությունը, նպաստում նրա վերջնական անկման32: Ավելացնենք դրան Բրուտոսներին, Կասիոսներին, Գրակքոսներին33  և նույնիսկ Կիկերոնին, որը սակավ վնաս չհասցրեց Հռոմեական հանրապետության, քան Դեմոսթենեսը` Աթենքին: Եվ նույնիսկ Մարկոս Անտոնինոսը, որ, խոստովանում եմ, լավ կայսր էր, իր փիլիսոփայությամբ նեղություն պատճառեց բոլորին և հանուր ատելություն առաջացրեց: Բարի մարդ էր նա, բայց գահը թողնելով այնպիսի մի ժառանգի, ինչպիսին էր նրա որդի Կոմոդոսը, ավելի վնաս տվեց պետության, քան թե օգուտ իր ամբողջ կառավարմամբ34: Չգիտեմ ինչու իմաստության ջատագով մարդիկ հաջողություն չեն ունենում իրենց ոչ մի գործում, մանավանդ երեխաների հարցում, կարծես կանխատես բնությունն ինքը հոգ է տանում, որ իմաստակության հիվանդությունը շատ լայն չտարածվի: Հայտնի է, որ Կիկերոնի որդին իսկական վիժվածք էր, իսկ իմաստուն Սոկրատը ուներ ավելի իրենց մորը, քան թե հորը նման զավակներ, այլ կերպ ասած, ինչպես ճիշտ է նկատել մեկը, իսկական հիմարներ:

ԳԼՈՒԽ XXVIII

 

Բայց դիմենք գիտություններին ու արվեստներին: Ի՞նչը, փառքի ծարավից բացի, կարող էր մահկանացուների մտքերը դրդել հնարելու և հետնորդների համար հավերժացնելու, ըստ հանուր կարծիքի, այնքան հիանալի գիտություններ: Հիրավի, ծայր աստիճան հիմար են մարդիկ, որ կարծում են, թե ինչ-որ անպետք, ոչինչ չարժող հռչակ կարող է վարձատրել իրենց անքուն գիշերներն ու աշխատությունները: Այո, հատկապես Հիմարությանն եք դուք պարտական այնքան շատ և այնքան կարևոր կենսական հարմարությունների համար և, որ ամենից քաղցր է, դուք օգտվում եք ուրիշի խելահեղության պտուղներից:

 

ԳԼՈՒԽ XXIX

 

Հիմա, երբ ես արդեն ներբող մատուցեցի իմ հզորությանն ու աշխատասիրությանը, մնում է, որ գովաբանեմ իմ խոհեմությունը: Ոմանք կասեն, որ խոհեմությունն ինձ նույնքան բարեկամ է, որքան ջուրը կրակին. բայց ես հույս ունեմ համոզել ձեզ, որ հակառակն է. միայն թե առաջվա պես ուշադիր ու բարեհաճ լսեցեք ինձ:

Ամենից առաջ ասեմ, որ եթե խոհեմության նշանը գործնականությունն է, ապա ո՞վ, հարցնում եմ, իրավունք ունի հավակնել խոհեմ մարդու պատվավոր կոչումին. իմաստո՞ւնը, որ մասամբ ավելորդ խղճմտությունից, մասամբ էլ փոքրոգությունից դրդված` սիրտ չի անում որևէ բան ձեռնարկել, թե՞ ամեն ինչի հանդգնող հիմարը, որին չի զսպում ո´չ ամոթը, քանի որ դա չունի, ո´չ էլ վտանգը, քանի որ դա չի գիտակցում: Իմաստունը դիմում է հին գրվածքներին ու որոնում դրանց մեջ միայն մանվածապատ խոսքեր: Հիմարը, ընդհակառանը, մշտապես լինում է կյանքի թանձրույթում, ձեռք է բերում, ըստ իս, իսկական խոհեմություն: Սա, հակառակ իր կուրությանը, պարզ տեսավ դեռ Հոմերոսը, ուստի և ասաց. «Քանզի խենթն է տեսնում աղետն» 35: Արդարև, երկու մեծ խոչընդոտ կա երևույթները ճիշտ հասկանալու ճանապարհին` ամոթը, որ մշուշի նման լցնում է հոգին, և վախը, որ վտանգի դեմ-հանդիման ետ է պահում համարձակ որոշումներից: Սակայն Հիմարությունը զարմանալի հեշտությամբ վանում է և´ ամոթը, և´ վախը: Այնուամենայնիվ մահկանացուներից քչերն են միայն հասկանում, թե որքա~ն ձեռնտու է ու հարմար երբեք չամաչել և ոչ մի բանից չերկնչել:

Իսկ եթե խոհեմություն ասելով հասկանանք երևույթները ճիշտ դատելու ընդունակություն, ապա, աղաչում եմ, լսեցեք, թե որքա~ն հեռու են դրանից նրանք, ովքեր ամենից ավելի են պարծենում այդ ունակությամբ: Նախ և առաջ` կասկածից դուրս է, որ ամեն բան ունի երկու դեմք, ինչպես Ալկիբիադեսի սիլենեները36, և այդ դեմքերը բնավ նման չեն իրար: Արտաքուստ կարծես մահ է, իսկ երբ ներսն ես դիտում, կյանք ես տեսնում. և ընդհակառակը, կյանքի տակ թաքնված է մահը, գեղեցկության տակ` տգեղություն, առտության տակ` խղճալի աղքատություն, խայտառակության տակ` փառք, գիտության տակ` տգիտություն, զորության տակ` ողորմելիություն, ազնվության տակ` ստորություն, ուրախության տակ` թախիծ, բարգավաճման տակ` անհաջողություն, բարեկամության տակ` թշնամություն, օգուտի տակ` վնաս. կարճ ասած, դիմակը Սիլենեից պոկելուց հետո տեսնում ենք ճիշտ հակառակը այն ամենի, ինչ երևում էր առաջին հայացքից: Կարող է պատահել, որ իմ այս դատողությունը չափազանց փիլիսոփայական թվա որևէ մեկի. խնդրեմ, հիմա կխոսեմ ավելի կոպիտ ու պարզ: Էլ ո՞ւմ, եթե ոչ արքային, կարող ենք համարել հարուստ ու հզոր: Բայց եթե նա հոգում որևէ բարի բան չունի, եթե շարունակ նա անկուշտ է, ապա մնում է աղքատներից աղքատը: Իսկ եթե դրա հետ նաև իր հոգում ենթակա է բազում արատների, ապա նա ոչ միայն մուրացկան է, այլև արգահատելի ստրուկ: Այս կերպ էլ պիտո է դատել մնացած ամեն ինչի մասին: Բայց բավականանք այս մեկ օրինակով:

«Բայց և այնպես, ինչի՞ համար է այս ամենը»,- թերևս հարցնի ձեզնից որևէ մեկը: Հիմա կլսեք, թե ո´ւր եմ տանում իմ խոսքը: Եթե մեկը բեմի վրա պատռեր կատակերգակ դերասանների դիմակը և հանդիսատեսներին ցույց տար նրանց իսկական դեմքերը, մի՞թե չէր փչացնի ամբողջ ներկայացումը և մի՞թե թատրոնից չէին վռնդի նրան` քարկոծելով, ինչպես խելառի: Չէ՞ որ շուրջ բոլոր ամեն ինչ վայրկենապես նոր տեսք կընդուներ, այնպես որ հանկարծ կպարզվեր, թե կինը տղամարդ է, երիտասարդը` ծերունի, արքան` մի ողորմելի գջլոտ, աստվածը` մի չնչին մահկանացու: Վերացնել սուտը` նշանակում է փչացնել ամբողջ ներկայացումը, որովհետև հենց կեղծումն ու ձևացումն են գամում հանդիսատեսների հայացքները: Բայց և ամբողջ մարդկային կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կատակերգություն, որտեղ մարդիկ դիմակ դնելով` կատարում են ամեն մեկն իր դերը, մինչև որ խմբավարը տանի նրանց պրոսկենիոնից37: Այդ խմբավարը հաճախ միևնույն դերասանին տալիս է տարբեր դերեր, այնպես որ ծիրանակիր արքան հանկարծ հայտնվում է ձեր առջև որպես մի տարաբախտ ստրուկ: Թատրոնում ամեն ինչ երանգված է ավելի ցայտուն, բայց ըստ էության, այդտեղ խաղում են ճիշտ այնպես, ինչպես կյանքում: Ի՞նչ կասեք, եթե հիմա երկնքից իջած մի որևէ իմաստուն հանկարծ աղմկի` հավատացնելով, թե իբր նա, ում ամենքը մեծարում են որպես աստծու և իրենց տիրոջ, անգամ մարդ չէ, քանի որ անասունի պես հետևում է լոկ կրքերի թելադրանքին, որ նա մի անարգ ստրուկ է, որովհետև կամովին ծառայում է բազմաթիվ,  այն էլ գարշելի տիրակալների: Ի՞նչ կասեք, եթե իր մահացած հորը ողբացող մարդու հանդիպելիս, իմաստունը հրամայի նրան ուրախանալ, քանի որ հանգուցյալը հիմա միայն սկսեց ինչպես հարկն է ապրել. չէ՞ որ մեր երկրային կյանքը լոկ նման է մահվան: Ի՞նչ կասեք, եթե նույն իմաստունը տեսնելով իր նախնիներով պարծեցող մի ազնվականի` անվանի նրան անտոհմ մուրացիկ այն հիման վրա, որ նրա համար խորթ բան է սրտի առաքինությունը` ճշմարիտ ազնվականության միակ աղբյուրը: Ի՞նչ կասեք, եթե նա ամենքի և յուրաքանչյուրի հետ վեր կենա ու նույնպիսի դատողություններ անի. մի՞թե ամենքը չեն դիտի նրան որպես անուղղելի խելագարի: Ինչպես որ անկոչ իմաստությունից ավելի հիմար բան չկա, այնպես էլ ոչ մի բան այնքան անխոհեմ չէ, որքան խելառ խոհեմությունը: Խելառ եմ ես անվանում ամեն ոքի, ով չի ցանկանում հաշվի առնել հաստատված իրադրությունը և հարմարվել հան·ամանքներին, չի հիշում ամեն մի խնջույքի հիմնական օրենքը` կա´մ խմիր, կա´մ կորիր, և պահանջում է, որ կատակերգությունը կատակերգություն չլինի: Ընդհակառակն,

իսկական ողջամիտը նա է, ով լինելով մահկանացու` չի ձգտում ավելի իմաստուն լինել, քան պատշաճ է մահկանացուին, ով ներողամտաբար համամիտ է լինում ամբոխի թերություններին և քաղաքավարությամբ մոլորվում է նրա հետ միասին: Բայց չէ՞ որ հիմարությունն էլ հենց դրա մեջ է, կասեն ինձ: Չեմ վիճի, բայց համաձայնեցեք դուք ևս, որ հենց այդ էլ նշանակում է խաղալ կյանքի կատակերգությունը:

 

ԳԼՈՒԽ XXXIII

 

Ասենք, գիտություններից էլ ամենաբարձրը համարվում են նրանք, որոնք մոտ են առողջ բանականության, այլ կերպ ասած` համարության: Սովահար են աստվածաբանները, սառում են ֆիզիկոսները, ծաղրի են ենթարկվում աստղագուշակները, քամահրանքի մեջ են ապրում տրամախոսները: Միայն բժիշկն հմուտ բազմապատիկ գերադաս է, քան այլ անձինք38: Բայց բժիշկների մեջ էլ ով ավելի տգետ է, ավելի աներես, մնացածներից անխելք, նրա գինն ավելի բարձր է նույնիսկ թագակիր վեհապետների մոտ: Եվ բժշկությունն ինքն էլ, այն ձևով, որով այժմ շատերը զբաղվում են, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց հիմարացնելու արվեստ, ճարտասանությունից բնավ էլ ոչ պակաս:

Բժիշկներին ամենամոտը օրենսգետ-պատրվակարարներն են. գուցե և պատշաճ է առաջին տեղում սրանց դասել. ինքս չեմ համարձակվում որոշել. համենայն դեպս բոլոր փիլիսոփաները միահամուռ կերպով դրանց արհեստը անվանում են իշային: Եվ, այնուամենայնիվ, այդ ավանակների վճիռներից են կախված բոլոր` թե´ ամենակարևոր և թե´ ամենաաննշան գործերը: Օրենսգետների կալվածքները բազմապատկվում են, մինչդեռ աստվածության խորագույն գաղտնիքներին հասու եղած աստվածաբանը կանկառ է ծամում ու դաժան պատերազմ մղում փայտոջիլների ու լվերի դեմ: Այսպիսով, եթե գիտնականներից ավելի երջանիկ են նրանք, որոնք ամենքից ավելի մերձավոր ազգական են Հիմարությանը, ապա անտարակույս մեծագույն երջանիկները նրանք են, որոնք խուսափում են գիտությունների հետ որևէ շփում ունենալուց և կատարում են միմիայն բնության հրամանները. չէ՞ որ բնությունը երբեք չի մոլորվում, եթե միայն մենք չփորձենք անցնել մարդուն բաժին տրված բախտի սահմանները: Բնությանն ատելի է ամեն տեսակ կեղծում, և ամենալավն այն է լինում, ինչ չեն աղավաղել ո´չ գիտությունը, ո´չ էլ արվեստը:

 

ԳԼՈՒԽ XXXIV

 

Շարունակեցեք դիտել կենդանի արարածների որևէ ուրիշ տեսակ. ամենաբախտավորները նրանք են, որոնք ո´չ ուսում են իմանում, ո´չ էլ մարզում, բայց ապրում են բացառապես բնության օրենքով: Ո՞վ ավելի երջանիկ է մեղուներից, ո՞վ նրանցից ավելի արժանի է հիացմունքի: Իսկ չէ՞ որ նրանք չունեն մեր մարմնական բոլոր զգացմունքները: Ո՞ր ճարտարապետը կարող է համեմատվել նրանց: Ո՞ր փիլիսոփան կարողացել է հիմնել այդքան կատարյալ մի հանրապետություն: Մյուս կողմից, ահա ձեզ ձին. իր զգայարաններով նա կատարելապես նման է մարդուն և վաղուց է դարձել նրա ընկերն ու ուղեկիցը, բայց և մասնակից է նրա բոլոր դժբախտություններին: Մրցումների ժամանակ ձին հոգնությունից շնչասպառ է լինում` վախենալով պարտությունից, իսկ պատերազմում լարում է բոլոր ուժերը հաղթանակ տանելու համար, մինչև որ դունչը խփի գետնին ու գլորվի հեծյալի հետ: Արդեն չեմ խոսում ատամնավոր սանձի, սրածայր խթանների, զնդանանման մսուրների, մտրակների, մահակների, կապանքների, հեծյալի ծանրության և առհասարակ ստրկության այդ ամբողջ ողբերգության մասին, որին կամովին ենթարկվել է նա, որովհետև նմանվելով հզոր այրերին` ջանում է ամեն գնով վրեժ լուծել թշնամուց: Որքան ավելի նախանձելի է ճանճերի ու թռչնիկների կյանքը, որքան այլ ղեկավար ու դաստիարակ չունեն, բացի բնությունից: Միայն թե մարդիկ չհալածեն նրանց իրենց ծուղակներով, որովհետև բավական է թռչնիկն ընկնի վանդակ, և ահա կսկսի վարժվել շաղակրատել մարդկային լեզվով ու կորցնել իր բնական գեղեցկության ամբողջ փայլը: Որքա~ն բնության ստեղծագործությունները բարձր են արվեստի կեղծումներից: Բավականաչափ գովք չեմ գտնում Պյութագորասի այն աքաղաղի համար, որը նախ` փիլիսոփա էր, հետո` տղամարդ, կին, թագավոր, ռամիկ, ձուկ, ձի, գորտ և նույնիսկ, ինչքան հիշում եմ, սպունգ և, վերջ ի վերջո, որոշեց, որ մարդուց ավելի դժբախտ արարած չկա, քանի որ մյուս բոլոր կենդանիները գոհանում են այն սահմաններով, որոնց մեջ պարփակել էր նրանց բնությունը, և միայն  նա է փորձում ընդլայնել իր բախտի սահմանները39:

 

ԳԼՈՒԽ XXXV

 

Եվ ապա, նույն աքաղաղի կարծիքով, մարդկանց մեջ ապուշները գիտնականներից ու տոհմիկներից շատ ավելի բարձր են: Գրիլոսը բազմափորձ Ոդիսևսից ավելի իմաստուն եղավ, երբ գերադասեց, թե ավելի լավ է փարախում խռթխռթալ, քան իր պարագլխի հետ ենթարկվել նորանոր վտանգների: Այս կետում կարծեմ ինձ համաձայն է ամենայն ցնդաբանության հայր Հոմերոսը, որովհետև նա մշտապես անվանում է մահկանացուներին ողորմելի ու չարաբախտ, իսկ իր իմաստուն Ոդիսևսին կոչում է անբախտ, այնինչ ոչ մի անգամ այդ մականունը չի տալիս ո´չ Պարիսին, ո´չ Այաքսին, ո´չ էլ Աքիլլեսին: Իսկ ինչո՞ւ: Արդյոք ո՞չ այն պատճառով, որ խորամանկ, հնարամիտ Ոդիսևսը ոչինչ չէր ձեռնարկում առանց Պալլասից խորհուրդ հարցնելու, չափից ավելի էր իմաստակում և շարունակ մերժում էր բնության թելադրանքները: Այսպիսով, մահկանացուներից նրանք են երանությունից առավել հեռու, որոնք ձգտում են իմասության. ոչ, դրանք կրկնակի հիմար են, որովհետև աշխարհ ·ալով որպես մարդ,  մոռանում են իրենց ճակատագիրն ու երազում նմանվել անմահ աստվածներին և տիտանների օրինակով պատերազմ են մղում բնության դեմ` գիտություն կոչվող մեքենաների օգնությամբ: Բայց փոխարենը, ըստ երևույթին, որքան երջանիկ են նրանք, որոնք ամենից մոտիկ են անբան անասուններին և նույնիսկ որևէ չափազանց բարձր բանի մասին չեն մտածում: Փորձենք պարզաբանել սա ոչ թե ստոյիկյան էնտիմեմներով40, այլ ամենակոպիտ և ամենքի համար ակներև մի օրինակով: Երդվում եմ անմահ աստվածներով` ամենից ավելի լավ չե՞ն ապրում արդյոք այն տիպի մարդիկ, որոնք համարվում են ծաղրածու, դդում, բթամիտ, հիմարի գլուխ. իմ ճաշակով հիանալի

մականուններ: Այն, ինչ հիմա կասեմ, առաջին հայացքից կարող է անհեթեթ ու անիմաստ թվալ, բայց և այնպես դա սուրբ ճշմարտություն է: Նախ և առաջ, այդպիսի մարդիկ զերծ են մահվան սարսափից` այդ խոշորագույն չարիքից, Յուպիտե~րը վկա: Նրանք խղճի խայթեր չեն ունենում, ուրվականներից և այլ ոգիներից չեն սոսկում, գալիք աղետների վախից չեն տանջվում, ապագա բարիքներից չեն գայթակղվում: Կարճ ասած` չեն նեղվում հազարավոր հոգսերից, որոնցով լի է մեր կյանքը: Ամաչել չեն իմանում, ո´չ էլ նախանձել, ո´չ մի գլխացավանք չունեն, ո´չ ոքի չեն սիրում ու չեն հարգում: Եվս մի քայլ դեպի անասնական անմտություն և, աստվածաբանների կարծիքով, նրանց մոլորությունները նույնիսկ չի կարելի անվանել մեղք: Իսկ հիմա, կշռադատիր, հիմարագո´ւյն իմաստուն, այն բոլոր հոգսերը, որ գիշեր-ցերեկ կրծում են քո հոգին, ի մի հավաքիր քո կյանքի բոլոր դժբախտությունները և կհասկանաս, թե որքա~ն չարիքներից փրկում եմ ես իմ հիմարներին: Ավելացրու դրան, որ նրանք ոչ միայն իրենք են մշտապես ուրախանում, խայտում, երգում ու ծիծաղում, այլև, ի վերա այդ ամենի, հենց միայն մեջտեղ գալով, մյուս մարդկանց էլ են բերում ուրախություն, հրճվանք, կատակ ու ծիծաղ, կարծես ողորմագութ աստվածներից ուղարկված են փարատելու մարդկային կյանքի բոլոր վշտերը: Հենց այդ պատճառով էլ, թեև ընդհանրապես մարդիկ միատեսակ չեն վերաբերվում իրար, բայց հիմարներին ամենքն էլ սիրում են որպես մերձավորների ու հարազատների, հյուր են կանչում, փայփայում, շոյում, դժբախտության դեպքում օգնության են հասնում նրանց. թույլ են տալիս նրանց անպատիժ կերպով ինչ ուզեն ասեն ու անեն: Ոչ ոք սիրտ չի անում վիրավորանք պատճառել նրանց, անգամ գազանները չեն դիպչում նրանց իրենց պարզության համար: Ճշմարտ ասեմ` նրանք նվիրված են աստվածներին, մանավանդ ինձ, որի համար էլ ընդհանուր ու արժանի հարգանք են վայելում:

 

ԳԼՈՒԽ XXXVI

 

Հիմարները մեծագույն տիրակալների զվարճանքն են. ոմանք առանց սրանց ո´չ սեղան են նստում, ո´չ զբոսնում, ո´չ նույնիսկ կարող են մի ժամ առանց նրանց ապրել: Արքաները սիրում են իրենց հիմարներին, անկասկած, ավելի շատ, քան խոժոռադեմ իմաստուններին, որոնց, ի միջի այլոց, նույնպես պահում են արքունիքում պատվախնդրությունից դրդված: Այդ նախապատվության պատճառը նույնքան պարզ է, որքան քիչ զարմանալի. իմաստունները վարժվել են զեկուցել արքաներին ամեն մի տխուր բանի մասին և իրենց ·իտնականությամբ հպարտ` երբեմն հանդգնում են խոցող ճշմարտությամբ վիրավորել նուրբ ականջները: Ընդհակառակը` ծաղրածուների հիմար արարքները, զվարճախոսությունները, քրքիջը, կատակները ամենից ավելի վեհապետների սրտով են: Նկատի ունեցեք և այն ոչ աննշան հանգամանքը, որ միմիայն հիմարներն են կատարելապես անկեղծ ու ճշմարտացի լինում: Իսկ Ի՞նչն է ավելի գովելի, քան ճշմարտացիությունը: Ես գիտեմ, որ Ալկիբիադեսը Պլատոնի դիալո·ում ճշմարտությունն անվնանում է գինու և մանկության ուղեկիցը, բայց իրականում այդ գովեստը ինձ է վերաբերում ըստ արժանվույն. դրա երաշխիքն է Եվրիպիդեսը, որին է պատկանում հետևյալ նշանավոր խոսքը. «Հիմարը հիմարաբար էլ խոսում է» 41: Այն,

ինչ թաքնված է հիմարի սրտում, գրված է նրա ճակատին, թռչում է նրա լեզվից: Իսկ իմաստունները, ինչպես նկատել է նույն Եվրիպիդեսը, ունեն երկու լեզու. մեկը ճշմարտություն է ասում, մյուսը ճամարտակում է ըստ ժամանակի ու հանգամանքների: Այդ խելացիները սևը սպիտակ դարձնելու վարպետ են, միևնույն բերանից հերթով արձակում են ցուրտ ու տաք, մի բան թաքցնում են սրտում, ուրիշ բան են ասում ճառերում: Իրենց ամբողջ բարեկամությամբ հանդերձ արքաները ինձ թվում են ամենաանբախտ մահկանացուները, որովհետև ոչ ոք ճշմարտություն չի ասում նրանց, և բարեկամների փոխարեն նրանք միայն շողոքորթներ ունեն: Բայց ինձ կարող են ասել, թե արքայական ականջները ճշմարտություն չեն հանդուժում, այս պատճառով էլ վեհապետները փախչում են իմաստուններից` վախենալով, չլինի հանկարծ դրանց մեջ գտնվի մի ազատ մարդ, որը համարձակվի ասել ավելի շուտ ճշմարիտ, քան հաճելի բաներ: Հիրավի դա այդպես է. ճշմարտությունն ատելի է թագավորներին: Բայց իմ հիմարների մեջ զարմանալին էլ այն է, որ նրանցից ոչ միայն ճշմարտությունը, այլ նույնիսկ ակնհայտ հանդիմանությունը հաճությամբ են լսվում. հապա թող մի անզ·ույշ խոսք ասի իմաստունը, գլուխը վրա կտա դրա համար, իսկ հիմար ծաղրածուի բերանում նույն խոսքերը փոթորկալի հիացմունք են հարուցում: Ճշմարտությանն ինքնըստինքյան հատուկ է մի անդիմադրելի ձգողական ուժ, եթե, իհարկե, որևէ վիրավորական բան չխառնվի դրան. բայց աստվածները միայն հիմարներին են պարգևել ճշմարտություն ասելու կարողությունը` առանց որևէ մեկի վիրավորելու: Համարյա թե նույն պատճառներով կանայք ևս նախապատվություն են տալիս այդ տեսակ տղամարդկանց, որովհետև սրանք մյուսներից ավելի հակված են զվարճությունների ու ամենայն ցնդաբանության: Բացի դրանից, ինչի էլ որ հասնի կնոջ հարաբերությունը հիմարի հետ, թեկուզև հասնի ամենածայրահեղին, ամեն ինչ հեշտ կլինի բացատրել խաղով ու կատակով: Արդարև, անսպառ հնարամիտ է այդ սեռը, մանավանդ երբ պետք է թաքցնի իր սիրաբանությունները:

 

ԳԼՈՒԽ XXXVII

 

Բայց նորից վերադառնամ հիմարների բարեկեցությանը: Մեծագույն հաճությամբ վայելելով մահվան երկյուղից ու նախազգացումից չթունավորված կյանքը` նրանք փոխադրվում են ուղիղ Եղյուսյան Դաշտեր42, որպեսզի իրենց կատակներով այնտեղ զվարճացնեն արդարների ձանձրացող հոգիները:

Իսկ հիմա համեմատենք ուզած իմաստունի ճակատագիրը հիմար ծաղրածուի վիճակի հետ: Պատկերացրեք մի մարդու, որն իր ամբողջ մանկությունն ու երիտասարդությունը անց է կացրել գիտություններ յուրացնելով, կյանքի լավագույն մասը սպանել է անդուլ հսկումների, հոգսերի, տքնությունների մեջ, իսկ մյուս տարիներին ոչ մի հաճույք չի վայելել. լինելով մշտապես խնայող, աղքատ, տխուր, խոժոռ, պահանջկոտ ու խիստ իր նկատմամբ, ուրիշների համար ճնշիչ ու ատելի, դալկադեմ, նիհար, վտիտ, վատատես, վաղաժամ ծերացած ու ճերմակած` նա ժամանակից առաջ բաժանվում է կյանքից: Ասենք, մեկ չէ՞, թե երբ է նա մեռնում, քանի որ բնավ էլ չի ապրել: Ահա ձեզ կատարյալ իմաստունի պատկերը:

 

ԳԼՈՒԽ LVI

 

Իսկ ի՞նչ ասենք պալատական իշխանների մասին: Հավանորեն նրանցից ավելի ստրկահաճ, ստորաքարշ, գռեհիկ ու զազրելի ոչինչ չկա, այնինչ բոլոր գործերում նրանք ուզում են առաջինները լինել: Մի բանում միայն նրանք ծայր աստիճան համեստ են. բավականալով իրենց ոսկեճամուկ զգեստներով, թանկարժեք քարերով, ծիրանիով և խիզախության ու իմաստության այլ արտաքին նշաններով պճնվելով` այս երկու բաների բուն էությունը ամբողջովին զիջում են մյուս մարդկանց: Նրանց երջանկության համար լիուլի բավական է այն, որ նրանք կարող են արքային անվանել իրենց տերը, ամեն մի պատեհ առթիվ մատուցել նրան իրենց հարգանքը` առատորեն շռայլելով պերճաշուք տիտղոսներ, ինչպես «ձերդ պայծառափայլություն», «ձերդ փառահեղություն», «ձերդ մեծություն»: Որքա~ն ճարպկորեն սովորել են նրանք երեսից սրբել ամոթի շառայլը: Այս երկու արվեստը վերին աստիճանի պատշաճում է տոհմիկ մեծատունին և պալատականին: Բայց ուշադիր նայիր և կտեսնես, որ քո դիմաց կանգնած են իսկական ֆեակներ` Պենելոպեի փեսացուները. արձագանքը շատ ավելի լավ կհուշի ձեզ այս չափածոյի վերջավորությունը, քան թե ես43: Քնում են նրանք մինչև կեսօր, վարձկան մի տերտեր պատրաստ կանգնած է նրանց ակողնի մոտ, և հենց որ պարոնն արթնանա, սա հապճեպորեն կատարում է ժամասացությունը: Դրան հաջորդում է նախաճաշը, որը վերջանալուց գրեթե անմիջապես հետո մատուցում են ճաշը: Այնուհետև զառեր, ցպիկախաղ, գրազներ, խեղկատակներ, ծաղրածուներ, ցոփուհիներ, կատակախաղեր ու  զվարճություններ: Մեջընդմեջ մի երկու անգամ նախաճաշիկ խմիչքներով հանդերձ: Հետո գալիս է ընթրիքի ժամը, որին հաջորդում է գինարբուքը` բազմաթիվ, Յուպիտերը վկա, ձոնումներով: Այսպիսով, առանց նվազագույն ձանձրույթի անցնում են ժամեր, օրեր, տարիներ, դարեր: Անգամ ես երբեմն սրտանց զվարճանում եմ` նայելով այդ երկարապոչներին. ահա մի դեռատի տիկին, որ իրեն աստվածուհիներին հավասար է երևակայում, որովհետև ետևից քարշ է տալիս մի երկար տտուն. ահա մի պնդակազմ ու հուժկու երիտասարդ արմունկներով հրում է հարևաններին, որպեսզի բոլորն էլ իրեն տեսնեն Յուպիտերի կողքին. ահա և մի ուրիշը երջանիկ է նրանով, որ իր վիզը պճնված է ոչ միայն հարստությունը, այլև մարմնական ուժը ի ցույց դնող ծանր շղթայով:

 

 

ԳԼՈՒԽ LXVIII

 

Ասենք, վաղուց ժամանակն է, որ ավարտեմ. ես մոռացա ամեն չափ ու սահման: Եթե ձեր կարծիքով ես որևէ խիստ հանդուգն բան ասացի, ապա մի´ մոռացեք, որ դա ասել է Հիմարությունը, այն էլ կինը: Մի´ մոռանաք նաև այս հունական առածը. «Հաճախ հիմարը անխելք տեղով դիպուկ խոսք է ասում»: Ասենք, չեմ իմանում` ձեր կարծիքով սա վերաբերո՞ւմ է կանանց, թե ոչ: Տեսնում եմ, որ դուք ինձանից եզրակացություն եք սպասում: Բայց, ճիշտ եմ ասում, դուք ծայրահեղ թերամտություն հանդես կբերեք, եթե կարծեք, որ ես հիշում եմ այն ամբողջ բառային շիլափլավը, որ թափեցի ձեր առջև: Առաջ ասում էին. «Ատում եմ լավ հիշող սեղանակցին»: Իսկ ես կասեմ. «Ատում եմ լավ հիշող ունկնդրին»: Ուստի և ողջ լինեք, ծափ տվեք, ապրեցեք, խմեցեք, արժանափառ մասնակիցներդ խորհուրդներին Մորայի:

Վե´րջ

 

 

1. Նեպենտ` «Ոդիսական»-ում հիշատակված մի բույս, որ սաստկացնում էր գինու արբեցնող ազդեցությունը:

2.  Տրոֆոնյան քարայար` Զևսի պատգամախոսարանը Բեովտիայում: Այն շրջապատը, որ տրվում էին պատգամները, այնքան սարսափելի էր, որ քարայրն այցելածները դուրս էին գալիս ցնցված:

3.  Փռյուգիայի Միդաս արքան, որ ներկա էր եղել Ապոլլոնի ու Պանի մրցությանը, Պանի հասարակ սրինգը գերադասեց Ապոլլոնի կիթառից: Վիրավորված աստվածն ի պատիժ դրան` Միդասին օժտեց էշի ականջներով (հուն. դիցաբանություն):

4.  Նկատի ունի հին հույն փիլիսոփայության այն ուղղությունը (5-4 դարերը մ. թ. ա.), որի ներկայացուցիչների (Գորգիաս, Պրոդիկոս, Հիպպիոս, Պրոտա·որաս և ուրշներ) հայացքները համակված էին սկեպտիկությամբ, սուբյեկտիվությամբ ու հարաբերականությամբ: Նրանք անվանում էին իրենց սոփեստ (հունարեն սոֆիա` իմաստություն բառից) և «իմաստություն» էին ուսուցանում, ամենից առաջ` որևէ մի թեզ ապացուցելու-պատճառաբանելու ունակություն: Սոկրատը, Պլատոնն ու Արիստոտելը դատապարտում էին սոփեստներին` հակադրելով նրանց ուսմունքին բանականության ու բարոյականության օբյեկտիվ ու հանրապարտադիր նորմաները: Ժամանակի ընթացքում «սոփեստություն» սկսեցին անվանել «առերևույթ իմաստությունը» (ըստ Արիստոտելի բնորոշման):

5.  Սոլոն (ըստ հին հայ մատենագրության Սողոն. մոտ. 638-559 մ. թ. ա.). հին Աթենքի օրենսդիր և ատտիկյան հնագույն բանաստեղծներից մեկը: Հույները Սոլոնին համարում էին մեծագույն իմաստուններից մեկը:

6.  Ֆալարիս (կամ Ֆալարիդես, 6-րդ դար մ. թ. ա.). Ագրիգետի (Սիկիլիա) բռնակալ, վերին աստիճանի դաժան: Լուկիանոսը գրել է երկու «Խոսք» Ֆալարիսի մասին. առաջինը արտասանում են ի պաշտպանություն բռնակալի նրա պատվիրակները` դիմելով Ապոլլոնի քուրմերին ու Դելֆի ժողովրդին, երկրորդը` դրա պատասխանը - դելֆցիներից մեկը:

7.  Զևսի վահանը (էգիդա) շինված էր իրեն սնուցած Ամալֆե այծի կաշուց:

8.  Էրազմը խոսում է հույն փիլիսոփա Զենոնի (4-3-րդ դդ. մ. թ. ա.) հիմնադրած փիլիսոփայական ուսմունքի` ստոյիկության բարոյախոսության մասին, որ լայնորեն տարածված էր Հռոմեական կայսրության մեջ (Սենեկա, Էպիկտետոս, Մարկոս Ավրելիոս և այլն): Ստոյիկները քարոզում էին հրաժարվել կյանքի ուրախություններից և մարդկային բոլոր կրքերն ու զգացմունքները ենթարկել բանականությանը:

9.  Հույն փիլիսոփա Պյութա·որասի (6-րդ դար մ. թ. ա.) կարծիքով ամեն բանի հիմքը թիվն է:

10.  Տիտոս Լուկրեցիոս Կարոս (մոտ. 99-55 մ. թ. ա.). նշանավոր հռոմեական բանաստեղծ ու մատերիալիստ փիլիսոփա: Նրա «Իրերի բնության մասին» պոեմն սկսվում է Վեներային ուղղված օրհներգով:

«Էնեական ցեղի ծնող, աստվածների ու մարդկանց

Բերկրություն, օ~ դու, Վեներա´...»:

(Թարգմ. Գր. Արեյանի)

11.  Բաքոս (Դիոնիս). գինու աստվածը, Զևսի և Թեբեի թագուհի Սեմելայի որդին. ծնվել է օրապակաս, ուստի Զևսը նրան կարել է իր ազդրի մեջ, և Դիոնիսը երկրորդ անգամ ծնվել է հոր ազդրից (հուն. դից.):

12.  Անտառների աստված Պանը զայրանալիս «պանիկական» (խուճապային) սարսափ էր տարածում մարդկանց վրա (հուն. դից.):

13.  Գորգոնա` հրեշ, որի հայացքը մարդկանց դարձնում էր քար: Դյուցազն Պերսեոսը հաղթեց Գորգոնային, և Աթենաս Պալլաս աստվածուհին նրա գլուխն ամրացրեց իր վահանին:

14.  Ֆլորա` ծաղիկների ու գարնան հռոմեական աստվածուհին: Նրա տոնի օրերին տեղի էին ունենում ցոփ ուրախություններ:

15.  Էնդիմիոն` գեղեցիկ երիտասարդ: Արտեմիսի (հռոմեական Դիանայի) սիրեցյալը: Ըստ այլ առասպելաբանությունների` Էնդիմիոնին սիրում էր Լուսնի աստվածուհին, որը հավիտենական քնի մատնեց նրան:

16.  Մոմոս` չարախոսության հունական աստվածը:

17.  Ատե աստվածուհին անձնավորում էր կործանարար մոլորությունը: Մի անգամ Զևսը զայրանալով` Ատեին նետեց երկիր ու արգելեց վերադառնալ Ոլիմպոս:

18.  Պրիապոս` պտղաբերության հռոմեական աստվածը, արտերի ու այգիների հովանավորը. հետագայում հեշտասիրության աստվածը: Նրա արձանները սովորաբար շինում էին փայտից:

19.  Սիլեն` Դիոնիս աստծու դաստիարակն ու մշտական ուղեկիցը. կորդակ` սանձարձակ ու արա·աթափ պար հին ատտիկյան կատակերգության մեջ:

20.  Պոլիֆեմ` միականի կատաղի հսկա (կիկլոպ), որին կուրացնում է Ոդիսևսը:

21.  Ատելական զավեշտներ` հին հռոմեական ժողովրդական ներկայացումներ հաճախ անպարկեշտ բովանդակությամբ, որոնք սովորաբար պարունակում էին սատիրների պարերը. կոչված են իրենց առաջանալու վայրի (Ատելա քաղաքը Կամպանիայում) անունով:

22.  Հարպոկրատես` եգիպտական աստվածություն, արևածագի մարմնավորումը. պատկերվում էր հաճախ աջ ձեռքի մատը բերանի մոտ պահած, ուստի հույները համարում էին նրան լռության աստված:

23.  Տպագրվում է կրճատումներով (խմբ.)

24.  Կրոկոդիլիտներ, սորիտներ և եղջերավոր սիլոգիզմներ` միջնադարյան ձևական տրամաբանության տերմիններ, որոնցով նշում էին եզրակացության տեսակները:

25.  Բալբին և Ագնա` կոմիկական սիրահարներ, որոնց հիշատակել է հռոմեական մեծ բանաստեղծ Քվինտոս Հորացիոս Ֆլակոսը (65-8 մ. թ. ա.) իր երգիծաբանություններից մեկում (1, 3):

26.  Վերգիլիոս, «Էնեական», VIII, 2, Թարգմ. Ա. Ղազիկյանի, 1910, Վենետիկ:

27.  Արքիլոքոս` ականավոր հույն բանաստեղծ (7-րդ դարի կեսը, մ. թ. ա.): Շատ է ճամփորդել և վարձկան զինվոր է եղել հունական տարբեր քաղաք-պետությունների բանակներում: Բանաստեղծություններից մեկում Արքիլոքոսը առանց մազաչափ իսկ քաշվելու հիշում է, թե ինչպես մի անգամ Թրակիայում խայտառակ կերպով փախավ ռազմադաշտից: Դեմոսթենես (384-322 մ. թ. ա.). աթենացի նշանավոր հռետոր ու քաղաքական գործիչ: Նրա ճառերը մեծ դեր կատարեցին այն շրջանում, երբ Աթենքը պայքարում էր Մակեդոնիայի դեմ: Մորիան աղավաղում է Դեմոսթենեսի կենսագրության այն ողբերգական փաստը, երբ Դեմոսթենեսը փախավ Աթենքից` հայրենի քաղաքի պարտությունից հետո և չցանկանալով անձնատուր լինել մակեդոնացիներին` թունավորեց իրեն ու մեռավ:

28.  Սոկրատ (469-399 մ. թ. ա.). հույն մեծ փիլիսոփա: Սոկրատի ուսմունքը, որ հսկայական ազդեցություն գործեց ժամանակակից մտքի զարգացման վրա, հայտնի են նրա աշակերտների` Պլատոնի և Քսենոփոնի գրվածքները, քանի որ ինքը` Սոկրատեսը, ոչինչ չի գրել: Մեղադրվելով, որ նա բացասելով աստվածներին` ապականում է երիտասարդությանը. դատապարտվեց մահվան և մի թաս մոլեխինդ խմելով` մեռավ:

29.  Թեոֆրաստ (372-287 մ. թ. ա.). Արիստոտելի աշակերտն ու հետևորդը. հայտնի հույն մտածող, գրող ու բնագետ. հեղինակ բազմաթիվ տարբեր գրվածքների: Մորիայի ասածը Թեոֆրաստի մասին սխալ է, որովհետև սա համարվում է ականավոր հռետոր:

30.  Մարկոս Տուլլիոս Կիկերոն (106-43 մ. թ. ա.). նշանավոր հռոմեական հռետոր, պետական ականավոր գործիչ, գրող ու իրավաբան:

31.  Պլատոն, «Պետություն», V p. 473 c.

32.  Մարկոս Պորցիոս Կատոն Ավա· (234-149 մ. թ. ա.). հռոմեական հայտնի պետական գործիչ, մասնակից երկրորդ Պունիկական պատերազմի: 184 թվականին Կատոնն ընտրվեց ցենզոր ու հռչակվեց որպես բարքերի խստության աննկուն պահապան: Մարկոս Պորցիոս Կատոն Կրտսեր (95-46 մ. թ. ա.), որ ըստ մահանալու վայրի կոչված է Ուտիկյան, Կատոն ավագի ծոռը` քաղաքական գործիչ, հանրապետության մոլի կողմնակից, կռվել է Կեսարի դեմ` Պոմպեոսի կողմը: Պոմպեոսյանների պարտությունից հետո ինքնասպան եղավ` չուզենալով տեսնել հանրապետության կործանումը:

33.  Մարկոս Հունիոս Բրուտոս (85-42 մ. թ. ա.) և Գայոս Կասիոս Լոնգինոս (մեռ. 42-ին մ. թ. ա.), հռոմեական քաղաքական գործիչներ` հանրապետության վորջին պաշտպանները, Կեսարի դեմ ուղղված դավադրության կազմակերպիչները: Կեսարին սպանելուց հետո ստիպված էին հեռանալ Հռոմից, այնուհետև Ֆիլիպեի մոտ (Մակեդոնիա) մղված ճակատամարտում ջախջախվեցին եռապետներ Մարկոս Անտոնիոսի ու Օկտավիանոսի զորքերի կողմից և ինքնասպան եղան: Գրակքոս եղբայրներ` Տիբերիոս (163-132 մ. թ. ա.) և Գայոս (153-121 մ. թ. ա.). հռոմեական քաղաքական գործիչներ, պլեբեյության պաշտպաններ: Դեմոկրատական ռեֆորմներ կատարելու համար Գրակքոսների կատարած փորձերը հաջողություն չունեցան, և երկու եղբայրներն էլ սպանվեցին:

34.  Մարկոս Անտոնիոս` հռոմեական կայսր Մարկոս Ավրելիանոս Անտոնիոսի (գահակալել է 169-182 մ. թ.) ներքին քաղաքականությունը (մասնավորապես որբանոցներ հիմնելը, քաղցից ու ժանտախտից տուժած բնակչությանն օգնելը և այլն) մարդասեր կառավարողի հռչակ բերեց նրան: Պատանեկությունից զբաղվելով փիլիսոփայությամբ` Մարկոս Ավրելիանոսը եղավ ստոյիկների հետևողական աշակերտը, որոնց բարոյախոսությունը շարադրեց «Ինքս ինձ» տրակտատում: Նրա որդի Կոմոդոսը` ապականված, թուլակամ ու դաժան բռնակալը, սպանվեց 192 թվականին:

35.  Հոմերոս «Իլիական», XVII, 32:

36.  Ալկիբիադես (մոտ. 450-404 մ. թ. ա.): Աթենքի հայտնի քաղաքական գործիչ, Սոկրատի բարեկամը: Պլատոնի «Խրախճանք» դիալոգում Ալկիբիադեսը արտասանում է մի ճառ, որտեղ Սոկրատին համեմատում է սիլենեների հետ (գետերի ու աղբյուրների ոգիներ, այլանդակ արտաքինով, որոնց ներսում թաքնված էին գեղեցիկ պատկերներ):

37.  Պրոսկենիոն` անտիկ թատրոնի այն հարթակը, որտեղ դերասանները կատարում էին իրենց դերերը:

38.  Հոմերոս, «Իլիական», XI, 513:

39.  Ակնարկում է Լուկիանոսի «Աքաղաղ կամ Երազ» դիալոգը, որտեղ աքաղաղը պատմում է իր փոխակերպությունները` ռազմիկից  դառնում է Պյութագորաս փիլիսոփան, այնուհետև` հետերա (պոռնիկ), ցինիկ Կրատետը, արքա, մուրացկան, սատրապ, ձի, սև ագռավ, գորտ և, վերջապես, աքաղաղ:

40.  Էնտիմեմ` կրճատ սիլոգիզմ:

41.  Այս խոսքը քաղված է հին հույն ողբերգակ Եվրիպիդեսի (մոտ. 480-406 մ. թ. ա.) «Բաքոսուհիներ» ողբերգությունից (369):

42.  Եղյուսյան Դաշտեր` երանյալների կացարանը մեռելների թագավորության մեջ (հուն. դից.):

43.  Էրազմը նկատի ունի Հորացիոսի հետևյալ տողերը.

«Մենք բոլորս թեթևսոլիկ փեսացուներ Պենելոպի`

Նման ենք որդոցն Ալկինոյի, որք չափից դուրս զբաղված էին

Մեղկացնելով իրենց մաշկը, քնում էին մինչև կեսօր

Եվ կիթառով բերում էին մեզ վրա իջնող ծույլ մրափը»:

 

 

 

 

 

 

 

 

 

ԷՇԵՐՆ` ԸՆՏՐՈՂՆԵՐ

 

Թարգմ. Պ. Միքայելյան

 

Նվիրված է ֆրանկֆուրտյան պառլամենտին, որը դավաճանեց 1848թ. ռևոլյուցիային: Առաջին անգամ հրատարակվել է 1857թ.:

 

Ազատությունից բոլորն հագեցան,

Եվ ռեսպուբլիկան անասունների

Որոշեց ընտրել տեր միահեծան,

Որ մենակ վարի նա ղեկը երկրի:

 

Ամեն կենդանու տրվեց հրավեր,

Եկան, գրեցին թղթեր ընտրական,

Ապա իրար դեմ լարեցին դավեր,

Մոլեգնեց ահեղ կիրքը պարտիական:

 

Էշաց կոմիտեն դեռ վարում էին

Հին - Երկարականջ կոչեցյալները.

Գդականիշեր սրանք ունեին`

Վրան սև, կարմիր, ոսկու գույները:

 

Այնտեղ էր փոքրիկ պարտիան ձիերի,

Բայց ձեռնպահ էր, չէր քվեարկում.

Հին - Երկարականջ ավանակների

Հուժկու զռոցից դողում էր, սոսկում:

 

Իսկ երբ վերջապես մեկը սիրտ արեց,

Թեկնածությունը տվեց  մի ձիու,

Մի էշ ընդհատեց ու հայտարարեց

Հզոր զռոցով. «Դավաճան ես դու:

 

Դավաճան ես դու. քո երակներում

Էշային արյուն չի հոսում իսկի,

Դու էշ չես, և ես ճիշտ եմ ենթադրում`

Ծնված ես ստոր ձիուց այլազգի:

 

Սերում ես գուցե զեբրից գույնզգույն.

Գուցե շերտավոր զեբր ես, դրացի,

Ռնգային ձայնդ է քեզ մատնում իսկույն.

Եբրայեցի ես կամ եգիպտացի:

 

Թե չունենաս էլ դու օտար ծագում,

Լոկ սառը դատող էշ ես, մի´ ստիր,

Չգիտես` ի՞նչ կա էշի խոր հոգում,

Չես լսել սաղմոսն այդ հոգու միստիկ:

 

Իսկ ես հոգիս եմ թաթախել այնքան

Հնչյունների մեջ այդ երանելի,

Ես էշ եմ, այո, էշ է իսկական

Պոչիս մազն ամեն` քեզնից ավելի:

 

Սլավոն չեմ, ոչ էլ հռոմայեցի,

Ես գերմանացի էշ եմ զտարյուն,

Ինչպես իմ նախնիք, որոնք առնացի

Եվ զորեղ էին և թե իմաստուն:

 

Կիրթ շարժուձևի խաղով ախտավոր

Չեն հրապուրվել, այլ ազնվաբար

Ջրաղաց են միշտ վազել բախտավոր,

Վազել են առույգ, խոնարհ, սրտաբաց:

 

Իմ նախնիք ավար չեն դարձել մահին.

Նրանց կաշին է լոկ հանգչում հողում`

Կեղևն անցավոր: Գահից երկնային

Մեզ են միշտ նայում, հրճվանքից շողում:

 

Էշե´ր փառապանծ ու լուսահո·ի,

Անվերջ ձե~զ ենք մենք ուզում նմանվել

Եվ ճանապարհից մեր ազնիվ պարտքի

Ոչ մի մազաչափ չենք ուզում շեղվել:

 

Ինչպիսի~ բերկրանք` կյանքում էշ լինել,

Թոռն այս էշերի` լույսով պսակված,

Ուզում եմ ամեն տան կտուր ելնել,

Այնտեղից գոռալ. ես է~շ եմ ծնված:

 

Շառավիղն եմ ես մեծ էշի, որով

Ցեղն է սկսվում մեր գերմանազուն,

Ինձ գերմանացի իշուհու կաթով

Սնել է մայրն իմ, մայրն իմ սիրասուն:

 

Ես էշ եմ և մինչ իմ շունչը վերջին

Հին - Երկարականջ իմ նախնյաց նման

Անեղծ կպահեմ բարքերն իշային,

Իշային ցեղի վարքը աննման:

 

Որպես էշ, խորհուրդ կտամ ձեզ սրտանց`

Թագավոր ընտրել էշերից խելոք,

Կհիմնենք մեր մեծ տերությունն էշաց,

Որտեղ էշերն են հրամայում լոկ:

 

Բոլորս էլ էշեր ենք, ի-ա~, ի-ա~,

Նման չենք բնավ ստրուկ ձիերին,

Կորչե´ն ձիերը, կեցցե´նք մենք, ուռա~,

Փա´ռք, փա´ռք իշազուն մեր թագավորին»:

 

Հայրենասերը այսպես բարբառեց,

Էշերը նրան ծափահարեցին,

Ճառը բոլորին ազգասեր դարձրեց,

Ու սմբակներով հողը դոփեցին:

 

Եվ զարդարեցին կաղնե պսակով

Թունդ ճառախոսի գլուխը նրանք,

Որն երախտապարտ` անխոս հրճվանքով

Իր պոչն էր միայն շարժում գոհունակ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am