Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հունիս 2008, N 3

Ամսվա քրոնիկա եվ համարի տեսություն

Արտյոմ Խաչատրյան

Քաղաքական ակտիվության առումով հունիսն առանձնապես հագեցած էր, ինչն այնքան էլ բնորոշ չէ ամառային ամսվա համար: Առաջին տասնօրյակում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական պատմական հանդիպումը: Իբր խոսել են Ղարաբաղյան կարգավորման մասին, քննարկել համանախագահների առաջարկները և գոհ մնացել միմյանցից: Առհասարակ, ես կարծում եմ, որ բավական բարդ է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին գրելը. նախ` ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է պահվում, և մնում է բավարարվել ենթադրություններով կամ բամբասանքներով, հետևաբար` առանց ինֆորմացիայի վերլուծություն անելը չափազանց անշնորհակալ գործ է: Երկրորդ` Ղարաբաղյան կարգավորումն, ըստ էության, իրական չէ, քանի որ հակամարտությունն ինքը նորմալ չէ, այն է` սկզբից ևեթ դրանում լուծման հնարավորություն չկար: «Իրավունքի փիլիսոփայությունում» Հեգելը հատուկ ուշադրություն է նվիրում դրան: Մտորելով պատերազմի` որպես անցողիկի մասին, նա ասում է, որ «պատերազմն ընդհանրապես մղվում է ո՜չ ներքին ինստիտուտների և խաղաղ ընտանեկան ու մասնավոր կյանքի դեմ, ո՜չ մասնավոր անձանց դեմ», քանի որ անվիճելի է, որ պատերազմը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունների շահերի բախման արդյունք է: Այստեղից բխում է, որ պատերազմում իսկապես պետք է առկա լինի հաշտության պահը, քանի որ պետությունները գոյություն ունեն մի համակարգում, որտեղ անիրավության համար տեղ չկա: Հայտնի է, որ, ինչպես ամենուրեք Արևելքում, պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև մղվում էր հենց ընդդեմ ներքին ինստիտուտների, խաղաղ ընտանեկան ու մասնավոր կյանքի, ընդդեմ մասնավոր անձանց: հենց այս պատճառով էլ պատերազմներն Արևելքում սկսվում, բայց չեն ավարտվում, և դա բավական է, որպեսզի հենց սկզբից վերացվի պատերազմի բնույթի մեջ դրված հաշտության հնարավորությունը: Իսկ հայ-ադրբեջանական հակամարտության միակ լուծումը կարող է լինել միայն բռնությունը, այս անգամ` մեծ տերությունների կողմից, ինչն, ի դեպ, նույնպես չի կարող արդարացնել իր վրա դրված հույսերը, քանի որ պարտադրված ցանկացած որոշում չի ընդունվելու Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների կողմից: Թե ինչ կհետևի մեծ տերությունների բռնությանը, դժվար չէ կռահել. վառ օինակ է սերբական ողբերգությունը, որտեղ վատթարագույնը դեռ սպասվում է:

Սակայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնարինության վերաբերյալ առկա փաստարկներին ես ուզում եմ ավելացնել ևս մեկը: Այն գտնվում է անձնային հարթությունում, ինչի պատճառով Սարգսյանի ու Ալիևի միջև երկխոսություն, իմ կարծիքով, լինել չի կարող: Բանն այն է, որ Ալիև-կրտսերը գահաժառանգ է, ի տարբերություն Սարգսյանի, ով self-made անհատ է: Դա բավական է ողջ բանակցային գործընթացը խափանելու համար, քանի որ տոհմիկ միապետները երբեք լեզու չեն գտնում ժողովրդի «ծոցից դուրս եկածների» հետ: Նախագահներն ամենից առաջ մարդիկ են և անձնային որակներն ու դրանից բխող միջանձնային հարաբերությունները վիթխարի դեր են խաղում միջազգային հարաբերություններում: Ճիշտ այնպես, ինչպես Նապոլեոնը չկարողացավ լեզու գտնել եվրոպական միապետների հետ, ովքեր նրա հետ խոսում էին նրան խորթ լեզվով (իսկ դա, ի դեպ, վերջին դերը չի խաղացել ֆրանսիացիների կայսեր կործանման մեջ), այդպես էլ այսօր մենք տեսնում ենք նման երևույթներ Քոչարյանի, Սարգսյանի, Ալիևի հարաբերություններում: Նշենք, որ Ալիև-ավագի հետ պայմանավորվածություն ձեռք բերելն անհամեմատ հեշտ էր. օրինակի համար վերցնենք թեկուզ 2002թ. Ժնևում նրա պատրաստակամությունը` ճանաչել Ղարաբաղի անկախությունը նախկին ԼՂԻՄ սահմաններում` հարակից տարածքների փոխարեն (խանգարեց հիվանդությունը, ինչպես նաև երկյուղը գահաժառանգ որդու և ներքին ընդդիմության հարաբերությունների համար): Դժվար է պատկերացնել, որ Ալիև-կրտսերը կարող է իր մեջ ուժ գտնել հաղթահարելու միապետի հպարտությունը, ինչը չկար Հեյդար Ալիևի մեջ, և ստորագրել գոնե Մինսկի խմբի 1997թ. նախագծերը, որ արժանացել էին հոր հավանությանը: Մի խոսքով, «Ղարաբաղյան կարգավորում» անունը կրող սերիալը, որ ձգվում է ավելի քան 14 տարի, հաջողությամբ շարունակվում է, և որևէ հույս չկա, թե այն կավարտվի: Այն կընթանա սեփական սցենարով, անկախ այն բանից` ինչպես և ինչ կառաջարկեն միջնորդները և ինչպես կարձագանքեն հակամարտության կողմերը: Կշարունակենք հետևել դրան` պատրանքների մեջ չընկնելով և հիշելով որոշ տարրական ճշմարտություններ: Ավելացնեմ, որ ներկայիս ստատուս քվոն փրկություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար, քանի որ կանխում է իրադարձությունների աղետալի զարգացումը: Տա Աստված, որ այն ձգվի մինչև դարի ավարտը, իսկ հետո` արդեն կերևա...

Եթե Ղարաբաղի հետ ամեն ինչ պարզ է, ապա շատ բան անհասկանալի է մնում Հայաստանի ներքին իրականության մեջ: Այսպես, ամսվա սկզբին ամենալիբերալ ձևով կատաղեց (պայթյունի նշանները երևում էին դրանից շատ առաջ) 20-րդ հարյուրամյակի երկրորդ կեսի խայտառակագույն պերսոնաժներից մեկը` օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, մականունը` «Դոլար»: Կատաղեց որպես ազնվագույն դիսիդենտ. մարդ, որ անգամ հարազատ եղբորն առանց կաշառքի ոչինչ չի անի (ըստ նրան ճանաչող մարդկանց պնդումների), հանկարծ դարձավ մարդու իրավունքների իսկական պաշտպան և գրեց հաշվետվություններ (կամ զեկույցներ)` ասես թելադրված «համաժողովրդական շարժման» շտաբում կամ Ստրասբուրգում: Ի՞նչ ասես մարդկային ցեղի այս խայտառակության մասին և այն մասին, թե ինչ է նա անում: Նայեք այդ աֆերիստ ժուլիկի դեմքին դիմագիտության տեսակետից և կտեսնեք, որ այնտեղ ամեն ինչ գրված է, և գրելու բան, ըստ էության, չկա: Պետք է միայն հերթական անգամ դժգոհել նախկին նախագահ Քոչարյանից, քանի որ իր պետությունը հարգող և նրան որպես պետության, այլ ոչ թե քոսոտ դուքանի վերաբերվող պետության ղեկավարը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենար կարևորագույն նշանակումների հարցին: Իսկ այն, որ այդ քաղաքացուն «Դոլար» էին անվանում (նախագահը չէր կարող չիմանալ դրա մասին), բավական էր նրա քաղաքական կարիերայի բոլոր ճանապարհները փակելու համար: Դժվար թե մոլորակի վրա 1960-ական թթ. ավելի զզվելի ու նողկալի ինչ-որ բան ծնված լիներ, քան Դոլար Արմենը, և ազգի ողբերգություն կարելի է համարել այն, որ հենց նրան է այսօր վստահված պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում: Այ սրա համար նախկին նախագահն առանձին երախտագիտության է արժանի: Բրավո՜: Ավելի վատ բան լինել չէր կարող:

Բայց, ցավոք, Հայաստանում դոլարացված ու լիբերալացված օմբուդսմենից ավելի լուրջ խնդիրներ կան: Հայերը բավական տարօրինակ բնութագրական մի գիծ ունեն, որն իրականության բոլոր բացասական պահերի ուժեղ խթանիչ է հանդիսանում: Խոսքը դիլետանտության մասին է: Առհասարակ, չափազանցություն չի լինի ասել, որ Հայաստանում ամեն ինչ վատ է արվում. վատ են կառուցում, վատ են սովորում, վատ են դասավանդում, մի խոսքով` ամեն ինչ վատ է: Օրինակ, երկրում շինարարական բում է նկատվում, բայց հազիվ թե որևէ մեկը շինհրապարակում շինարարի է տեսել` սաղավարտը գլխին: Անձամբ ես նման հրաշք տեսա մի անգամ. նախագահ Քոչարյանն այցելել էր նորակառույցներից մեկը, և, հետևելով պատշաճության կանոններին, բոլորի գլխին սաղավարտ էին տեղադրել, իսկ դրանցից մեկն անգամ տվել էին նախագահին: Գուցե հրաշքն այս կրկնվի, եթե Սարգսյանը հանկարծ ցանկանա անձամբ դիտել կառուցվող օբյեկտներց մեկը, իսկ եթե ոչ, ուրեմն կապրենք առանց հրաշքների` գոհանալով գորշ առօրյայով:

Բնական է, բացառություն չեն նաև զանգվածային լրատվամիջոցները: Հունիսի 20-ի երեկոյան պատահեց մի դեպք, որը ստիպեց ինձ խորհել շատ բանի մասին: Մասնավորապես, Հանրային հեռուստատեսության առաջին ալիքը նորությունների թողարկման մեջ, քաղաքացիներին տեղեկացնելով Տեր-Պետրոսյանի հանրահավաքի մասին, տառացիորեն հաղորդեց հետևյալը. «Երևանում տեղի ունեցավ համաժողովրդական շարժման հանրահավաքը, ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո շարժման կողմնակիցներին թույլատրվեց այն անցկացնել Մատենադարանի մոտ...» և այլն: Հիշեցնեմ, որ առաջին ալիքը պաշտոնական տեսակետն արտահայտողն է: Հարց է ծագում. եթե դուք Տեր-Պետրոսյանի շարժումը համաժողովրդական եք ընդունում, ապա ո՞ր գրողի համար դուք էլ հրապարակում չեք և ինչո՞ւ չեք զիջում Բաղրամյանի 26-ի տնակը այդ շարժման առաջնորդին: Երկար ժամանակ, Քոչարյանի օրոք և նրանից առաջ, այդ հաստատությունը (առաջին ալիքը) ամենաապաշնորհ ձևով սևացնում էր ընդդիմությանը` քննադատության օբյեկտ դառնալով երկրում և արտասահմանում: Այսօր Սարգսյանի աշխատակազմում վերջապես հասկացան, որ կարելի է և հարկավոր է ընդդիմությանը ձայն տալ, իսկ նրան սևացնել` չարժե. անհրաժեշտ է միայն օբյեկտիվ ինֆորմացիա մատուցել, իսկ ընդդիմությունն ինքը կխեղդվի սեփական կեղտի մեջ: Բայց առաջին ալիքում, հավանաբար, ի վիճակի են հասկանալ միայն մի բան, իսկ երկուսը կամ ավելին ըմբռնել ի վիճակի չեն, և եթե վերևից նրանց ասում են, թե բավական է ցեխոտել ընդդիմությանը, ուրեմն նրանք անմիջապես այն, այսինքն, տերպետրոսյանական աղանդը, հայտարարում են «համաժողովրդական շարժում»: Հայրենական լրատվամիջոցներում բազմակողմ մտածողությունն իսպառ բացակայում է: Միտքս է գալիս հիվանդ երեխաների մասին անեկդոտը: Ուրեմն, խորհրդային ժամանակներում հանձնաժողով է գալիս գժանոց և քննում է երեխաներին: Մեկին հարցնում են. «Տղա՜ ջան, անունդ ի՞նչ է»: «Ալյոշա»,- պատասխանում է սա: «Ի՞նչ ես ուզում դառնալ»: «Չգիտեմ», - ասում է հիվանդ երեխան: Հասկանալի է, հանձնաժողովը դժգոհ է մնում անձնակազմի աշխատանքից, տնօրենին նկատողություն են հայտարարում, և վերջինս, բնականաբար, սկսում է աշխատել: Որոշ ժամանակ անց երեխաների ուսման առաջադիմության նոր ստուգում է սկսվում, և նույն տղային հարցնում են. «Տղա՜ ջան, ի՞նչ ես ուզում դառնալ»: «Տիեզերագնաց», - պատասխանում է նա: «Ապրես, բալիկ ջան, բա անունդ ի՞նչ է»: «Չգիտեմ»,- պատասխանում է դժբախտ արարածը: Մոտավորապես նույն պատկերն է հայրենական իշխանամետ ԶԼՄ-ի պարագայում. հասկանում և կարող են սովորել միայն մի բան, դրանից ավելիին պարզապես ի վիճակի չեն: Ես սկսեցի խոսել այս մասին միայն նրա համար, որպեսզի ասեմ. Տեր-Պետրոսյանի «համաժողովրդական շարժման» համար հզոր դաշնակից է ի հայտ եկել` պաշտոնական քարոզչությունը հանձինս իր ապաշնորհ տարածողների: Նշեմ, որ այս դաշնակիցը շատ ավելի զորեղ է, քան արևմտյան հանրույթն իր կառույցներով, քանի որ հենց հայրենական ԶԼՄ-ն են զբաղված հանրային կարծիքի բթացմամբ: Էլի մի փոքր սպասենք, և առաջին ալիքը տերպետրոսյանական աղանդի օրինակով Տեր-Պետրոսյանին երկրի նախագահ կանվանի, ու հետո, մեկ էլ տեսար, ժողովուրդը վերջնականապես կհավատա: Իսկ մեզ դրանից հետո ոչինչ չի մնա անելու, բացի երկրից արագ հեռանալու մասին մտածելու: Պարզ է, բանն այն չէ, որ Սարգսյանի ռեժիմը ճակատագրի պարգև է: Այլ ընդամենը այն է, որ Տեր-Պետրոսյանը պետության ղեկին նշանակում է` խելագարների ու հարբեցողների ասպատակություն իշխանության վրա և դրա բացարձակ անմեղսագիտակություն: Տեր-Պետրոսյանն իշխանության ղեկավար` դա Մանվել Գրիգորյանն է (կամ նրա նման մեկը) պաշտպանության նախարարի պաշտոնում և ճորտատիրական իրավունքի հաստատումը ողջ երկրում, դա ահաբեկչություն է և գեստապոյական կտտանքներ խաղաղ քաղաքացիական բնակչության համար (հիշենք 1996-ը), դա անարգանք է անձի նկատմամբ, հրեշավոր կոռուպցիա և գանձագողություն: Դա, ի վերջո, Հայաստանի կործանումն է և հայության վախճանի սկիզբը: Կարծում եմ` չարժե այլևս թվարկել...

Մի քանի խոսք հունիսի 20-ի հանրահավաքի մասին: Տերպետրոսյանական աղանդը դրան պատրաստվել էր ամենայն մանրամասնությամբ: «Եհովան» ինքը խոսեց մեկ ժամից ավելի, հաստատեց այն, ինչ ասում է անցյալ տարվա հոկտեմբերից. մի խոսքով, ասում էր այն, ինչ վայել է հազվագյուտ տականքին: Սակայն այդ օրը տեղի ունեցավ այն, ինչ էական փոփոխություններ կմտցնի իրականության մեջ, այն է` բազմաթիվ մերժումներից հետո իշխանությունն, այնուամենայնիվ, թույլատրեց հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ պահանջում էին աղանդավորները, այսինքն, կոտրվեցին, իսկ դա հենց այն էր, ինչին ձգտում էին աղանդավորները, և վատթարագույնը, ինչ կարող էր անել իշխանությունը: Համարձակվում եմ ենթադրել, որ Սարգսյանի վարչակարգի ու Տեր-Պետրոսյանի աղանդի միջև ուժասպառման պատերազմն սկսվել է: Ո՞ւմ կհասնի հաղթանակը. այդ մասին գրել եմ նախորդ համարում: Ինչպե՞ս կզարգանա իրավիճակը: Շատ պարզ` ըստ դասագրքի. «համաժողովրդական շարժումը» կսկսի ձգտել ամենշաբաթյա հանրահավաքների անցկացման (հաջորդը նշանակված է հուլիսի 4-ին), կսպառնա սկանդալներով ու անկարգություններով, իսկ իշխանությունը կրկին կկոտրվի ու կզիջի: Դրան զուգահեռ` Տեր-Պետրոսյանն իր վարակը կտեղափոխի շրջաններ. դեբյուտն արդեն կայացել է հունիսի 28-ին Գյումրիում: Քաղցր օրեր երկրի տնտեսությանը չեն սպասվում, սոցիալական լարվածությունը կխորանա, իսկ հանրային կարծիքն «ընդդիմադիր» և իշխանամետ ԶԼՄ-ի ջանքերով` կբթանա, և աշնան սկզբին Տեր-Պետրոսյանը երկրորդ անգամ կզավթի հրապարակը: Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը, մեղմ ասած, ցեխի մեջ թաղված է մարտի 1-ին աղանդավորների զավթած հրապարակն ազատագրելու պատճառով: Պետք է կարծել, որ իշխանությունը երկրորդ անգամ դա անելու ուժ չի ունենա, կամ էլ ստիպված կլինի դրա համար վճարել ծայրահեղ մի գին միջազգային ասպարեզում: Մի խոսքով, ահա այսպիսի բաներ, և մենք դրանցում անելիք չունենք. խոսքն ու գործը երկրի քաղաքական ղեկավարությանն են:

Բնականաբար, ես գիտեմ այն դրդապատճառները, որոնցով աղանդավորներին թույլատրվեց հանրահավաքը. իշխանությունները չցանկացան կրկին բռնությամբ ցրել Հայաստանի քաղաքացիներին ԵԽԽՎ նստաշրջանից առաջ: Այս տեսանկյունից ղեկավարության որոշումն, անշուշտ, միանգամայն խելամիտ ու ճիշտ է թվում: Բայց և այնպես, դա չի հերքում այն, ինչ ասել եմ. «ընդդիմությունը» և ամբողջ բնակչությունը տեսան իշխանության թուլությունը և այն փոքրիկ ճեղքը, որից անպայման կօգտվեն: Դրա համար էլ կարծում եմ, որ անհամեմատ ավելի ճիշտ կլիներ (ռազմավարական առումով), այնուամենայնիվ, ցրել ամբոխը մինչև հանրահավաքը սկսվելը. նախ` Արևմուտքում վերջապես կտեսնեին, որ Հայաստանի նոր ղեկավարությունը գործում է այնպես, ինչպես պահանջում են ներքին իրադրությունն ու տեղի օրենսդրությունը և ոչ թե արտաքին կոնյուկտուրան, և դա կմեծացներ նրա հեղինակությունը ԵԽԽՎ-ի և այլ կազմակերպությունների առջև: Երկրորդ` «համաժողովրդական շարժումն» ու դրա ֆյուրերը կգիտակցեին, որ իշխանությունը Հայաստանում ուժեղ է և չի կռանում, իսկ Արևմուտքից օգնություն չի լինելու: Հասկանալի է, որ սա կկոտրեր «համաժողովրդական շարժման» շարքային մասնակիցներին, խառնաշփոթություն կմտցներ նրա շարքերում, և դա հենց այն է, ինչ անհրաժեշտ է երկրի իշխանությանը և նրա նորմալ քաղաքացիներին (ի դեպ, շատ հազվադեպ է, որ քաղաքական էլիտայի ու բնակչության շահերը միավորվում են, և սա այդ դեպքն է): Անշուշտ, շատ շուտով իշխանությունը կզղջա, որ թույլ է տվել հանրահավաքը, բայց գնացքն արդեն մեկնել է. այժմ նա աներևակայելի ջանքեր պետք է գործադրի իրավիճակը նախկին հուն վերադարձնելու համար:

Մի քանի խոսք ԵԽԽՎ նստաշրջանի մասին: Արևմտյան հումանիզմի ոգուն ու նորմերին համապատասխան` Հայաստանի Հանրապետությանը ներեցին. վեհանձն ժողովը նրան հնարավորություն տվեց ուղղվել, վերադաստիարակվել և կրկին հաշիվ տալ հունվարին: Սակայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանը իսկական քաղաքացիական սխրանք գործեց. ԵԽԽՎ ամբիոնից սեփական երկրի համար մահապատիժ պահանջեց և ի նշան բողոքի արևմտյան հումանիզմի դեմ` լքեց դահլիճը: Պրն Հովհաննիսյանը պահանջեց անհապաղ, և որ գլխավորն է` անշրջելի ժողովրդավարություն հաստատել Հայաստանում, ինչպես նաև սպառնաց, որ նիստերի դահլիճ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործը գլուխ չի բերվի: Ընդհանուր գործի համար ավելի օգտակար կլիներ, եթե նա ողջակիզվեր կամ խարակիրի աներ, բայց բանն այն է, որ Րաֆֆին դրան ընդունակ չէ: Տեր-Պետրոսյանի ներկայիս կողմնակիցներն ինձ երկար համոզում էին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակ անասուն է, իսկ ես երկար ժամանակ հակառակվում էի այդ տեսակետին, մինչև որ ինքս անձամբ համոզվեցի (ցավոք, պատշաճության նորմերը թույլ չեն տալիս գրել, թե ինչպիսի էպիտետներով է նա բնութագրվում «համաժողովրդական շարժման» կենտրոնում): Բայց այն, որ դրա հետ մեկտեղ նա նաև «always ultra»-ի կամ «libress invisibleե-ի նման մի բան է, այդ մասին իմացա ամսի 25-ից հետո: Այս առիթով պետք է ասեմ, որ Տեր-Պետրոսյանն, իհարկե, ճիշտ է` ժամկետից շուտ խորհրդարանական ընտրություններ պահանջելով, քանի որ չի կարող նորմալ լինել երկրի խորհրդարանը, որտեղ միակ ընդդիմադիր խմբակցությունը ամերիկյան «Procter and Gamble» ընկերության արտադրած` կանանց հիգիենայի առարկաների հավաքածու է հանդիսանում: Այնպես որ, հերթական անգամ ստիպված եմ համերաշխությունս հայտնել նախկին նախագահի հետ, թեև դժվար է դա ինձ համար: Բայց, ինչպես ասում են, ճշմարտությունը չես թաղի, նրան չես խաբի. ճշմարտությունը հզոր է ամեն ինչից և բոլորին ու ամեն ինչ իրենց տեղը կդնի: Առանց ընդդիմության, այլ ոչ թե ներկայիս «պրոկտերգեմբլական» արտադրության ընդդիմության նման, խորհրդարան երկրին պետք չէ, և այս հարցը, կարծում եմ, պետք է լրջորեն մտահոգի քաղաքական ղեկավարությանը:

Այժմ` հակիրճ սույն համարի բովանդակության մասին: Առաջինն այսօր ներկայանում է Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Վերջերս մենք խնդրել էինք նրան պատասխանել մեզ հետաքրքրող մի քանի հարցերի www.nationalidea.am կայքի համար, և դեսպանը` անգլիացուն հատուկ քաղաքավարությամբ, համաձայնեց, բայց միևնույն ժամանակ խնդրեց, որ իր պատասխանները տեղ գտնեն նաև ամսագրի տպագիր տարբերակում: Բնականաբար, քաղաքավարությունը քաղաքավարություն է ծնում, և մենք չէինք կարող մերժել պրն. Լոնսդեյլի խնդրանք-պահանջը: Սակայն «Ազգային գաղափարն» ունի իր կանոններն ու ավանդույթները, և դրանցից մեկի համաձայն` մենք հարցազրույցներ չենք տպագրում, գուցե միայն կարող ենք բացառություն անել պետության առաջին դեմքի համար: Ուստի և Ձերդ գերազանցության կարծիքներն ամսագրում ստացել են հոդվածի տեսք` առանց մեր կողմից շտկման: Մի խոսքով, դեսպանի խոսքն ընթերցողի առջև է, և յուրաքանչյուր ոք կարող է կարծիք կազմել: Ես պարզապես կխնդրեի ուշադրություն դարձնել Ղարաբաղի համար կոսովյան նախադեպին վերաբերող պարբերության վրա, իսկ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող անձանց խորհուրդ կտայի գոնե 30 անգամ չափել յուրաքանչյուր միտք` խուսափելու համար անհեթեթություններից, այլապես բոլոր երկրների բոլոր դեսպանները կասեն նույնը, ինչ բրիտանական դեսպանը: Իսկ դա, ինչպես տեսնում ենք, չի համապատասխանում հայկական շահերին:

Դեսպանից հետո ներկայացված է ամսագրի գլխավոր խմբագիր Արիս Ղազինյանի հոդվածը: «Քաղաքականություն» խորագրի ներքո Արիսը գրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծեծված թեմայի մասին` իրեն հատուկ ոճով, իսկ դա նշանակում է, որ հոդվածը խիստ հետաքրքիր է:

«Աշխարհաքաղաքականություն» խորագրի ներքո ամսագրի քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանը քրդական գործոնի պրիզմայի միջով խորհում է մեր տարածաշրջանի մասին: Կարծում եմ, որ հայ ընթերցողի համար այն բավական նոր խորհրդածությունների տեղիք տվող մտքեր է պարունակում:

Ղազախստանցի մեր գործընկեր Նուրթայ Մուստաֆաևը «ԱՊՀ» խորագրով ներկայացնում է վերջին երկու տասնամյակի ընթացքում Ղազախստանում էթնիկ խմբերի էթնոդավանական ինքնագիտակցության վերարթնացման, ինչպես նաև այդ երկրի քաղաքական իրականության վրա այդ երևույթի ունեցած ազդեցության մասին: Ի դեպ, պետք է ասեմ, որ հայերը Ղազախստանը հարկ եղած չափով չեն ճանաչում. ափսոս, որ այդպես է, քանի որ խոսքը հետխորհրդային տարածքում ավելի կայացած պետության մասին է: Կարծում եմ` Նուրթայի հոդվածն ինչ-որ չափով կլրացնի այդ բացը, և մենք ավելի մեծ ուշադրություն կնվիրենք այդ հրաշալի հանրապետությանը, որը գերազանցում է ԱՊՀ բոլոր գործընկերներին տնտեսական աճի դինամիկայով ու ազգային-պետական կայացվածությամբ:

«Հասարակություն և իշխանություն» խորագրի ներքո ներկայացված է իմ հոդվածը: Այս անգամ ես գրում եմ հայերին բաժին ընկած ծանր այլասերման, ինչպես նաև նախագահ Սարգսյանի ձեռքն անցած երջանկության մասին, որից, սակայն, նա օգտվել չի շտապում: Բայց այլևս չեմ հուշի, խորհուրդ կտամ ծանոթանալ նյութիս, մանավանդ, որ այս անգամ բավական կարճ եմ գրել` ընդամենը չորս էջ...

«Տնտեսություն» խորագիրը ներկայացնում է Ռուբեն Գրձելյանի հրապարակումը` Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին: Բավական հարուստ փաստացի նյութի հիման վրա հեղինակը փորձում է ուրվագծել ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման հեռանկարները:

«Մշակույթ և արվեստ» խորագրի ներքո տեղ է գտել արվեստաբան Սվետլանա Գուլյանի հոդվածը` նվիրված հայազգի չորս հանրահայտ կինոբեմադրողի: Ոչ պակաս հետաքրքիր է նաև պատմաբան Արտակ Հովհաննիսյանի հրապարակումը Երուսաղեմ քաղաքաի մասին. այս նյութին կարող եք ծանոթանալ «Պատմություն» խորագրում:

«Մեջբերումներ դասականներից» խորագիրը ներկայացնում է հայ և ռուս հայտնի գրողների ու գաղափարախոսների մտորումները /Հայրենիքի և Ազգի մասին/, ինչպես նաև 1920թ. կնքված երկու պայմանագրի /Սևրի և Ալեքսանդրապոլի/ բովանդակությունը:

                                                                                                                                                                                                         Ա. Խաչատրյան  

   

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am