Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Տնտեսություն

Տնտեսություն
Հունիս 2008, N 3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴԻ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ռուբեն Գրդզելյան, տնտեսական մեկնաբան, հրապարակախոս

 

«Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանեցում, նոր էներգետիկ, այդ թվում` միջուկային, հզորությունների ստեղծում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամալիրի կառուցում»

 

  ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն

 

 

Ինչպես բխում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից, երկրի  էներգետիկ անվտանգությունը հանդիսանում է հայոց պետականության դիմադրողականությունը պայմանավորող կարևորագույն տարրերից մեկը:

Մեր հիշողության մեջ վերջնականապես դեռ չեն ջնջվել 1990-ականների էներգետիկ ճգնաժամի մասին հուշերը: Այն տնտեսությունում խորը անկման պատճառ դարձավ, իսկ ժողովրդի առջև կանգնեց հայրենի երկրում լինել-չլինելու հարցը: Մեծամորի ատոմային էլեկտրակայանի (այժմ` Հայկական ատոմային էլեկտրակայան) վերագործարկմամբ և էներգետիկ համակարգերում նոր փոխհարաբերությունների ձևավորմամբ հաջողվեց հաղթահարել ճգնաժամը: Սա Անկախ Հայաստանի էներգետիկ համակարգի կայացման երկրորդ փուլն էր, որը աչքի ընկավ խոհրդային ժամանակաշրջանում կառուցված հզորությունների և համակարգերի մաշվածությանը միտված շահագործմամբ:

 

Ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է վերազինման և երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ապահովման մի նոր փուլի սկզբում:

 

Կառավարությունը 2007թ. նոյեմբերին հաստատեց Էներգետիկայի նախարարության (այժմ` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) գործունեության ծրագիրը, որը միտված է ոլորտի երկարաժամկետ զարգացմանը: Ծրագիրը ներդաշնակ է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգին և սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

 

1)         ապահովել ցածր գներով հուսալի էլեկտրամատակարարում բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը,

2)         խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում Հայաստանի անվտանգությունը կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների ու քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգառեսուրսները և միջուկային էներգիան,

3)         ապահովել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը մինչև ներառյալ 2016 թվականը կամ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել նոր միջուկային հզորությամբ և շահագործումից հանել` առանց անընդունելի տնտեսական, սոցիալական, բնապահպանական և էներգետիկ անվտանգության բնույթի ազդեցությունների,

4)         ապահովել բնապահպանորեն կենսունակ էներգամատակարարում` հիմնված կայուն զարգացման սկզբունքների վրա և Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական պարտավորություններին համահունչ,

5)         կառուցել ֆինանսապես կենսակայուն էներգահամակարգ` էներգիա մատակարարող բոլոր կառույցների տնտեսապես արդյունավետ գործունեությամբ և մասնավոր կապիտալի մասնակցությամբ,

6)         կառուցել արտահանման կողմնորոշում ունեցող և ավելացված արժեք ստեղծող էլեկտրաէներգետիկական համակարգ:

 

 

Ինչպես պարզ է դառնում թվարկվածից, Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև դրված են հավակնոտ խնդիրներ, որոնց լուծումը ոչ միայն կապահովի էներգետիկ անվտանգության խնդիրը, այլև հնարավորություն կտա արտահանել էլեկտրաէներգիա:

 

Երկրի էներգետիկ անվտանգությունը ապահովելու և արտաքին ռիսկերը նվազեցնելու գործում կարևոր նշանակություն ունեն էներգակիրների աղբյուրների տարատեսակեցումը և նրանց պահեստավորման հնարավորությունները: Էներգակիրների ներկրման ճանապարհների տարատեսակեցումը կարևոր է ոչ միայն ռազմավարական տեսակետից, այլ նաև տնտեսական առումով, քանի որ թույլ է տալիս օգտվել առավել էժան աղբյուրից կամ համակարգը «նստեցնել» այդ պահին ավելի էժան էներգակրի վրա: Դրա վառ օրինակն է վերջին տարիներին ՀԱԷԿ-ի հզորությունների մաքսիմալ շահագործումը, ինչը թույլ է տալիս մեզ խուսափել հնացած, ցածր արդյունավետություն ունեցող Երևանի և Հրազդանի ջերմակայաններում թանկ գազն այրելուց: Տարատեսակեցման օրինակներից է կառուցվող Իրան-Հայաստան գազատարը: Երկրորդ գազատարը կբարձրացնի էներգետիկ համակարգի գազամատակարարման կայունության մակարդակը և չի բացառվում, որ ապագայում կապահովի մրցակցություն հյուսիսային գազատարին: Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում քիչ դեր չի հատկացված էներգիայի վերականգնվող աղբյուրներին: Սակայն գլխավոր գործոնը ատոմային էներգիան է:

 

Այսպիսով ժամանակակից էներգետիկ անվտանգության համակարգ ձևավորելու գործում նշմարված են մի քանի ուղղություն` ատոմային էներգետիկա, էներգիայի վերականգնվող աղբյուրներ և էներգախնայողություն, էներգակիրների ներկրման ճանապարհների տարատեսակեցում և տարածաշրջանի այլ համակարգերի հետ ինտեգրում, բնապահպանական, սոցիալական խնդիրների լուծում, ֆինանսական կայունություն և տնտեսական շահավետություն: Ատոմային էներգետիկայի մասում պլանավորվում է նոր էներգաբլոկի կառուցում, ջերմայինում` ՋԷԿ-երի արդիականացում, վերականգնվող էներգետիկայում` ռեսուրսների մաքսիմալ շահագործում:

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

Պատահական չենք առաջին հերթին ներկայացնում ատոմային էներգետիկան: Ատոմային էներգիան ջերմայինի համեմատ ցածր ինքնարժեք ունի, ինչպես նաև չի պահանջում վառելիքի անընդհատ մատակարարում: ԱԷԿ-ը համալրվում է վառելիքով տարին մեկ անգամ (փոխվում է վառելիքի 30% - 100 կասսետ), իսկ ժամանակակից կայանները` 2-3 տարին մեկ: ՋԷԿ-երը պահանջում են հումքի հարատև մատակարարում, ինչի ռիսկը նվազեցվում է միայն պահեստավորված վառելիքի ծավալներով: Սակայն ամենաէժան էլեկտրաէներգիան ստացվում է հիդրո և հողմակայաններում: Միևնույն ժամանակ նրանք աշխատում են սեզոնային ռեժիմով: Եթե գարնանը և ամռանը գետերում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով արտադրությունը ՀԷԿ-երում աճում է, ապա աշնանը և ձմռանը հակառակ պատկերն է: Սովորաբար ՀԷԿ-երի սեզոնային ծանրաբեռնվածությունները համահարթեցվում են ջրամբարների միջոցով, սակայն Սևանա լճից բացի, Հայաստանը ջուրը պահեստավորելու ուրիշ ծավալուն հնարավորություններ չունի: Ըստ այդմ, Հայաստանի համար ամենաշահավետ էներգետիկան, որը հանդիսանում է բազիսային հզորություն, ատոմայինն է:

 

1996 թվականից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի պահպանմանն ու բարձրացմանն ուղղվել է 90 միլիոն դոլար: Մինչև կայանի փակումը պլանավորվում է այդ նպատակով ծախսել ևս 40 միլիոն դոլար: «Ներկայումս ԱԷԿ-ում մենք ունենք անվտանգության ամենաժամանակակից համակարգեր: Նրանք ավտոմատ անջատում են ռեակտորը 12 վայրկյանում, մինչդեռ նմանատիպ ռեակտորներն ուրիշ երկրներում կանգնում են մինչև 1,5 րոպեում», - հայտարարում է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Վերջին տարիներին ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանի ներքին սպառման մոտ 40%: Գործող բլոկի հզորությունը (առաջի բլոկը չի շահագործվում) կազմում է 407,5 մվտ:

 

Կայանի` շահագործումից հանելուց հետո Հայաստանը զգալիորեն կնվազեցնի իր ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը: 2016 թվականին առանց ԱԷԿ-ի և երկու հնամաշ ՋԵԿ-երի` Հայաստանը լրացուցիչ 2000 մգվ հզորության կարիք կունենա: Այսպիսով, եթե նույնիսկ երկու ջերմակայաններն էլ արդիականացվեն, առանց ատոմային էներգետիկայի Հայաստանը չի կարողանա ապահովել իր էներգետիկ անվտանգությունը: Սա ընդունում են միջազգային մասնագետները ևս, ինչը Հայաստանի կառավարությանը վստահություն է ներշնչում, որ գերտերությունները հավանություն կտան և կֆինանսավորեն նոր բլոկի կառուցումը: Դրա օգտին է խոսում նաև պատրաստի ենթակառուցվածքը (պլանավորած 4 բլոկից կառուցվել է միայն երկուսը) և բարենպաստ օրենսդրական դաշտը: Նախարարության և USAID մասնագետները համատեղ կատարել են մի հետազոտություն և Հայաստանի համար բնական գազի թանկացման երկու սցենար են մշակել: Լավագույն սցենարով ռուսական գազի գինը տարեկան կբարձրանա 4,88%, իսկ իրանական գազը դժվար թե մրցակցություն ապահովի ռուսականին: Մինչդեռ ատոմային վառելիքի գինը առաջիկա 20 տարում թանկանալու է տարեկան 3%:

 

Ներկայումս գործող ատոմային բլոկը հնարավոր է շահագործել նաև 2016 թվականից հետո, սակայն դրա համար անհրաժեշտ ծախսերը ավելի մեծ կլինեն, քան տնտեսական էֆեկտը հետագա շահագործումից: Նոր բլոկի կառուցումը միակ այլընտրանքն է գործողին: Պլանավորվում է կառուցել մեկ բլոկ 1000 մգվ կամ երկու բլոկ 500-ական մգվ հզորությունով: Թողարկումը կկազմի 7,5 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա տարեկան: Հաշվի առնելով էլեկտրականության սպառման աճը` 2016 թվականին այդ ծավալը կկազմի երկրի ներքին սպառման մոտ 50%: Հզորությունը որոշելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ապագայում ուրանի հանքերի սպառման հետևանքով վառելիքի որակը գնալով իջնելու է, և 1000 մվտ բլոկը հնարավոր չի լինի օգտագործել ամբողջ հզորությամբ: Ապագա կայանի կառուցվածքի մասին ավելի հստակ կարելի է խոսել միայն այս տարվա աշնանը, երբ պատրաստ կլինի կայանի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը:

 

Անդրադառնանք թերևս նախագծի քաղաքական բաղկացուցչին: Եթե մի քանի տարի առաջ Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագան աշխարհի մեծերին քիչ էր հետաքրքրում, ապա այժմ իրավիճակն այլ է: Դա պայմանավորված է նրանով, որ միներալ ռեսուրսների թանկացման հետևանքով աշխարհը սկսեց մեծ կարևորություն տալ ատոմային էներգիայի օգտագործմանը: Այդ միտումը չշրջանցեց Հայաստանը: Ինչպես նշեցինք, նոր բլոկի կառուցմանը նպաստում է նաև ազգային օրենսդրությունը, որը թույլ է տալիս արտասահմանյան կազմակերպություններին հանդիսանալ սեփականատեր: Բացի դա, կառավարությունը ստեղծել է հատուկ հիմնադրամ, որտեղ կուտակվում են միջոցներ գործող բլոկի կոնսերվացման համար: Հարկ է նշել, որ քաղաքական խնդիր է ոչ միայն նոր բլոկի կառուցումը, այլև նրա հետագա շահագործումը: Բանն այն է, որ հետագայում վառելիքի մատակարարման հարցում Հայաստանը որոշակիորեն կախված է լինելու այն հանգամանքից, թե ինչ տիպի ռեակտոր է ունենալու. եթե ամերիկյան տեխնոլոգիայի, ապա մատակարարը լինելու է ԱՄՆ-ն, եթե ռուսական` Ռուսաստանը, և համապատասխանաբար` եվրոպական: Այս տրամաբանության համաձայն` Արևմուտքը չափազանց շահագրգռված է Հայաստանում ԱԷԿ կառուցելու մեջ, մանավանդ, որ ատոմային կայանը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը ռուսական կամ իրանական գազից: Պատահական չէ, որ այս գործում մենք արդեն իսկ մրցակցություն ենք դիտում:

 

2007թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանը (այն ժամանակ դեռ վարչապետ ) առաջարկեց Մոսկվային համագործակցել նոր բլոկի կառուցման շուրջ: Ռուսաստանն առաջարկն ընդունեց, իսկ մեր հյուսիսային հարևանի մի քանի հեղինակավոր հայտարարություն մեզ հիմք տվեց մտածելու, որ գործընթացը սկսեց զարգանալ հենց այս ուղղությամբ: Սակայն դա այդպես չէր: Հայկական ԱԷԿ-ում նոր բլոկ կառուցելու նախաձեռնությանն անսպասելի միացավ ԱՄՆ: Ավելին, նա միանգամից գործի անցավ: Վաշինգտոնը 2 միլիոն դոլար հատկացրեց նախագծի ՏՏՀ-ն կազմելու համար: Միաժամանակ ամերիկացիներն իրենց հայտարարություններում զգույշ են: «Համաձայնագրի ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ ԱՄՆ պատրաստ է Հայաստանին նախնական տեխնիկական հետազոտությունների հարցում և նոր բլոկի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործում ցուցաբերել իր աջակցությունը», - հայտարարում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգթոնը: Այս ամենի ենթատեքստն արդեն պարզ է: Միաժամանակ Ա.Մովսիսյանը հայտարարում է, որ նոր բլոկի կառուցման համար եվրոպական մի խոշոր ընկերություն պատրաստ է 1 միլիարդ եվրո ներդնել: «Ակնկալվում է, որ մինչև 2008 թվականի վերջը կստորագրվի պայմանագիր և 2010-ին կսկսվի շինարարությունը, - նշում է նախարարը: - Այդ ընկերությունն ուզում է դառնալ 100%-անոց սեփականատեր»: Այնուամենայնիվ, նա չի բացառում ռուսական կողմի մասնակցությունը: Չնայած, որ Ա.Մովսիսյանը չի նշում եվրոպական ընկերության անունը, ամենայն հավանականությամբ, դա ֆրանսիական «Ֆրանսատոմ» կազմակերպությունն է, որը Հայաստանում օգտագործած ատոմային վառելիքի չոր պահեստարանների մեծ փորձ ունի:

 

Սակայն ամերիկացիները պասիվ չմնացին: Նոր բլոկի կառուցման ծրագրերի և գործող բլոկի գործունեության հետ ծանոթանալու նպատակով Հայաստան է այցելում ԱՄՆ Ատոմային վերահսկողության հանձնաժողովի ղեկավար, դոկտոր Փիթեր Բ.Լայոնսը: ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրության համաձայն` հյուրը Հայաստանի ղեկավար անձանց հետ քննարկեց ԱՄՆ աջակցությունը նոր բլոկի լիցենզավորման գործընթացում: Մոսկվայի արձագանքը երկար սպասել չտվեց: «Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում կառուցել նոր ատոմային բլոկ: Մենք ենթադրում ենք ոչ միայն զբաղվել ներկայիս կայանի կառավարմամբ, այլ նաև նոր բլոկ կառուցել»,- հայտարարեց Երևանում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռապոպորտը:

 

Նման հայտարարությունների առատությունը հիմք է տալիս մեզ մտածել, որ Հայաստանի ղեկավարությունը կանգնած է բարդ ընտրության առջև` ում տալ նախապատվությունը: Ցանկացած դեպքում, կարող ենք համոզված լինել, որ խաղաղ ատոմը լինելու է Հայաստանում 2016 թվականից հետո ևս: Դրա օգտին կարելի է մեկ հանգամանք ավելի բերել, երբ հաստատվի Քաջարանում ուրանային հանքավայրերի արդյունաբերական պաշարների առկայությունը: Ներկա պահին ռուսական կողմի հետ համատեղ կատարվում է հանքավայրերի լրացուցիչ հետախուզում:

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

(Հիդրոկայաններ և հողմակայաններ)

 

Հայաստանի վերականգնվող էներգիայի ներուժը (բացառությամբ երկրաջերմային, արևի, կենսագազի) գնահատվում է 4,7 միլիարդ կվտ/ժ: Մոտավորապես 3,6 միլիարդ կվտ/ժ գնահատվում է հիդրոէներգետիկան և մոտ 1,1` հողմայինը: Հիդրոէներգետիկայում ներկայումս իրացված է ներուժի կեսը` 1,8 միլիարդ կվտ/ժ: Հիմնական հզորություններն են Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը, Որոտանի ՀԷԿ-երի կասկադը, Գյումրիի ՀԷԿ-ը և մի շարք միջին ու փոքր կայաններ:

 

Հիդրոէներգետիկան փոքր ՀԷԿ-երի մասով հատկապես բուռն զարգացում ապրեց 2004 թվականից, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց բարձրացնել փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնման սակագինը 3-ից մինչև 4,5 ցենտ մեկ կվտ/ժ համար: Մինչև 2025 թվականը ծրագրված է կառուցել փոքր ՀԷԿ-եր 260 մվտ հզորությամբ և 600 միլիոն կվտ/ժ արտադրությամբ (այսօրվա 200 միլիոնին գումարած): Ներկայումս հանձնաժողովը փոքր ՀԷԿ-երի շինարարության համար արդեն տրամադրել է 58 արտոնագիր, որոնց գումարային արտադրությունը կկազմի 225 միլիոն կվտ/ժ: Սակայն փոքր ՀԷԿ-երը առավելագույնս կարող են արտադրել ընդամենը 800 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա տարեկան, ինչն ապագայում կկազմի պահանջարկի միայն 10%-ը:

 

Այլ բան է խոշոր ՀԷԿ-երի շինարարությունը և գործողների արդիականացումը: Օրինակ, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատեր «Միջազգային էներգետիկ կորպորացիան» ձեռնամուխ է եղել կայանների արդիականացման ծրագրին ընդհանուր առմամբ 30 միլիոն դոլար արժողությամբ: Դրա արդյունքում կայանների արտադրողականությունը զգալիորեն կավելանա: Համաձայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` մինչև 2015 թվականը շահագործման կհանձնվի Լոռիբերդի ՀԷԿ-ը 60 մվտ հզորությամբ և 200 միլիոն կվտ/ժ արտադրությամբ: Նախագիծը պլանավորվում է իրականացնել պետական ՙփափուկ» վարկերի հաշվին և գնահատվում է 80 միլիոն եվրո: Այդ ժամանակահատվածում պլանավորվում է նաև շահագործման հանձնել Շնոխի ՀԷԿ-ը 70-100 մվտ հզորությամբ և 300-440 միլիոն կվտ/ժ տարեկան արտադրությամբ: Շինարարությունը գնահատվում է 100-140 միլիոն դոլար: Եվ իհարկե Հայաստանի խոշորագույնը դառնալու հավակնող Մեղրիի ՀԷԿ-ը 140 մվտ հզորությամբ: 2007 թվականի սկզբին համապատասխան համաձայնագիր ստորագրվեց իրանյան կողմի հետ և աշնանը վավերականացվեց խորհրդարանի կողմից: Նախագծի հիմքում ընկած է շինարարության ֆինանսավորման հետաքրքիր տարբերակ: Երկու մասից կազմված ՀԷԿ-ը (մեկը` Արաքս գետի հայաստանյան ափին, մյուսը` իրանյան) պատկանելու է Հայաստանին: Կառուցվելու է իրանական կողմի տրամադրված 240 միլիոն դոլար վարկով, որը Հայաստանը կմարի կայանից էլեկտրաէներգիայի մատակարարումով: Մեղրիի ՀԷԿ-ը բավականին հզոր է լինելու` 800 միլիոն կվտ/ժ արտադրությամբ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014 թվականին: Ապագա կայանի միակ թերի կողմը Արաքսի հոսանքի վերին հատվածում, Նախիջևանում գտնվող ջրամբարն է, որից Ադրբեջանը կարող է սահմանափակել գետում ջրի ծավալը: Սակայն Թեհրանը խոստանում է ապահովել այդ ռիսկի նվազեցումը:

 

Հողմային էներգետիկայի բնագավառում արդեն իսկ կատարվել են առաջին քայլերը: Առաջին հողմային փոքր էլեկտրակայանը (2,5 մվտ) Պուշկինյան լեռնանցքում արդարացրեց իրեն լիովին: Արդյունքում` Քարախաչ գյուղի մերձակայքում կառուցվելու է նոր կայան 90 մվտ հզորությամբ: «Գիրիետ» արտասահմանյան ընկերությունը պլանավորված հզորությունից առաջին 25 մգվ կմիացնի համակարգին այս տարի: Մինչև 2025 թվականը հողմակայանների հզորությունները կհասնեն 200 մվտ 525 միլիոն կվտ/ժ տարեկան արտադրությամբ:

 

Ի միջի այլոց նշենք, եթե մենք այսօր ունենայինք բոլոր այն հզորությունները, որոնք պլանավորվում է շահագործման հանձնել մոտակա 15-20 տարիների ընթացքում վերանգնվող ռեսուրսների հաշվին, ապա կարիք չէինք ունենա ատոմային և ջերմային կայաններ շահագործելու: Բայց երբ պլանավորված հզորությունները սկսվեն շահագործվել, էլեկտրաէներգիայի սպառումը մեր երկրում զգալիորեն կավելանա:

 

Երկրաջերմային էներգիայի մասին ավելի ճիշտ կլինի խոսել 2009 թվականին, երբ նախարարությունը կավարտի հետազոտման աշխատանքներն այս ուղղությամբ: Նշենք միայն, որ մասնագետների նախնական տվյալները վկայում են լուրջ ներուժի մասին: Արևային և կենսագազի հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով պետությունը չի դիտարկում այս ոլորտները` որպես էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ տարրեր:

           

ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

Հայաստանում գոյություն ունի երեք ՋԷԿ` Երևանինը, Հրազդանինը և Վանաձորինը: Վերջինս 96 մվտ հզորությամբ հիմնականում սպասարկում էր Վանաձորի քիմիական արդյունաբերությունը և Հայաստանի էլէկտրաէներգետիկ արտադրության կառուցվացքի մեջ էական դեր չուներ: Այլ բան է Հրազդանի ՋԷԿ-ը 1100 մվտ հզորությամբ և Երևանինը` 550 մվտ: Սակայն երկու կայանն էլ սպառել են իրենց տեխնիկապես և բարոյապես: Գազի գների վերջին թանկացման պարագայում նրանց շահագործումը դարձավ ծայրահեղ անարդյունավետ: Մինչդեռ այդ երկու կայանները և ԱԷԿ-ը ապահովում են երկիրը էլեկտրաէներգիայով բազիսային ռեժիմում: Օրինակ, առանց դրանց դժվար է ապահովել պահանջարկը ձմռան ամիսներին: Իսկ ԱԷԿ-ի անջատման դեպքում, երբ վառելիքը համալրվում է, ՋԷԿ-եր աշխատացնելուց խուսափելն անհնար է դառնում:

 

Հրազդանի կայանի 5-րդ բլոկի ներկայիս վերակառուցման հետևանքով համակարգը կհամալրվի 440 մվտ հզորությամբ նոր կայանով, որը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կապահովի գազի ծախսի բարձր արդյունավետություն: 5-րդ բլոկը պլանավորվում է միացնել համակարգին արդեն 2009 թվականին: Նա հնարավորություն կունենա արտադրել տարեկան 2,8 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա (այսօրվա ներքին պահանջարկի կեսը), ինչի համար ռուսական սեփականատերը կներդնի կայանում 180 միլիոն դոլար: Հարկ է նշել, որ մինչև 2007 թվականը կայանից հոսանք էր արտահանվում Վրաստան, սակայն թանկության պատճառով մեր հյուսիսային հարևանը հրաժարվեց գնումներից: 5-րդ բլոկի շահագործմամբ կապահովվի համեմատաբար ցածր ինքնարժեքով մի զգալի հզորություն:

 

Անցած դարի 60-ականներին կառուցված Երևանի ՋԷԿ-ը նույնպես ապրել է իր լավագույն դարաշրջանը: 1 կիլովատ էլեկտրաէներգիա ստանալու համար հնացած սարքավորումներն այրում էին 500-600 գրամ բնական գազ: 550 մվտ հզորությունից վերջին տարիներին օգտագործվում էր միայն 50-ը: Ճապոնական միջազգային զարգացման բանկի 250 միլիոն դոլար վարկի շնորհիվ ներկայումս Երևանի ՋԷԿ-ի տարածքում սկսվել է նոր կայանի շինարարություն, որը 2-2,5 անգամ կխնայի վառելիքը: 241 մվտ հզորությամբ և 1,5 միլիարդ կվտ/ժ տարեկան արտադրությամբ կայանի շահագործումը պլանավորվում է 2011 թվականից: Այսպիսով, երկու տարի անց Հայաստանը կունենա երկու ժամանակակից ՋԷԿ` ընդհանուր առմամբ 4,3 միլիարդ կվտ/ժ տարեկան արտադրությամբ:

 

Ջերմային էներգետիկայի հետ շաղկապված է բնական գազի ներկրման խնդիրը: Այս տարվա վերջին, մյուսի սկզբին կավարտվի Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, և պարսկական գազը կհասնի Երևան: Ինչպես արդեն նշեցինք երկրորդ գազատարը դժվար թե նպաստի մրցակցության ձևավորմանը: Ըստ այդմ, իրանական գազով Հայաստանը կչեզոքացնի մի գազատարից կախվածության ռիսկը: Հետաքրքիրն այն է, որ սկզբնական ժամանակաշրջանում Իրան-Հայաստան գազատարը պլանավորվում էր որպես տարանցիկ: Սակայն ամենայն հավանականությամբ, Մոսկվայի ճնշման տակ Հայաստանը և Իրանը հրաժարվեցին տարանցման գաղափարից (այդ պահին ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը): Կառուցվեց 700 միլիմետր տրամագծով խողովակաշար, որի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տա օգտագործել այն տարանցման նպատակով: Այնուամենայնիվ, խողովակաշարի համար կառուցվեց լայն «մայրուղի», հավանաբար, երկրոդ խողովակը կառուցելու հեռանկարով: Բացի այդ, Հայաստանը իրանական կողմի հետ վարվեց ոչ կոռեկտ, երբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը փոխանցեց ռուսական կողմին: Բանն այն է, որ պլանավորվում էր իրանական գազից 5-րդ բլոկում ստանալ էլեկտրաէներգիա և վերջինով մարել միջպետական վարկը, որը Թեհրանը տրամադրում էր Հայաստանին բլոկն ավարտին հասցնելու նպատակով: Սակայն չինովնիկներն առայժմ չեն հստակեցնում, թե ում գազն է «աշխատելու» նորակառույց Երևանի ՋԵԿ-ում:

 

Հայաստանի էներգետիկ անվտանգության համար կարևոր նշանակություն ունի նաև «ՀայՌուսգազարտ» ընկերությանը պատկանող Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը: Ներկայումս նրա հզորությունն ավելացվել է մինչև 110 միլիոն խորանարդ մետր գազի պահեստավորման: Մոտ ապագայում պահեստարանի հզորությունը պլանավորվում է հասցնել 150 միլիոնի, ինչը Հայաստանի ներկայիս գրեթե ամսական պահանջարկն է կազմում: Մինչև 2025 թվականը կառավարությունը պլանավորում է կառուցել նոր գազապահեստարան:

 

ԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

 

Էներգահամակարգերի արդյունավետ աշխատանքն ապահովելու գործում կարևոր դեր ունի նաև էլեկտրաէներգիայի բաշխումը և տեղափոխումը: Երկրի ներսում ցածրավոլտ բաշխմամբ զբաղվում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերության կազմում գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այլ բան է բարձրավոլտ էլեկտրաէներգիայի տեղափոխումը: Ներկայումս նույն ճապոնական բանկի վարկային 35 միլիոն դոլարով արդիականացվում է 110 կիլովոլտ լարմամբ 17 ենթակայան: Բանկի 12 միլիոն դոլար վարկի միջոցներով ներդրվում է SCADA ժամանակակից կապի համակարգ, որը կբարձրացնի համակարգի կառավարման արդյունավետության մակարդակը:

 

Հարևան երկրների էներգետիկ համակարգերի հետ ավելի սերտ համագործակցության նպատակով մոտ ապագայում պլանավորվում է սկսել դեպի Վրաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը (գերմանական KFW բանկի վարկով` 14,6 միլիոն եվրո) և երրորդ գծի կառուցումը դեպի Իրան (իրանական կողմի վարկով` 90 միլիոն դոլար): Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հայտնի պատճառներով, էներգետիկ ոլորտում ևս կապ չկա:

 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մասնագետների համաձայն` հարավկովկասյան երկրները, ինչպես նաև Իրանը և Թուրքիան, ընտրել են էլետրաէներգետիկական համակարգերի զարգացման ինքնաբավարարման սկզբունքը: Սա անխուսափելիորեն կհանգեցնի առկա էներգահաշվեկշռի` Հայաստանի համար անցանկալի փոփոխությանը: «Հայաստանը պարտավոր է օգտագործել իր շահեկան աշխարհագրական դիրքը և միներալ ռեսուրսների պահեստավորման հնարավորությունները տարանցման համար: Առաջին հերթին դա վերաբերվում է իրանական գազի տեղափոխմանը եվրոպական երկրներ: Դրա համար անհրաժեշտ է շտապ բարեփոխումներ իրականացնել օրենսդրական, քաղաքական և ինստիտուցիոնալ համակարգերում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում քաղաքական և տնտեսական առավելություններ կստանա այն երկիրը, որն առավել առաջ ընկած տեմպերով կկարողանա իրականացնել իր զարգացման ծրագրերը` միտված ցածր ինքնարժեքով բազիսային հզորությունների ձևավորմանը: Հայաստանի պարագայում, իհարկե, դա ատոմային էներգետիկան է», - համարում են նախարարության մասնագետները:

***

Էներգետիկ համակարգում Հայաստանի կառավարությունն իր առջև հավակնոտ խնդիրներ է դրել: Ընդհանուր գնահատման պարագայում, կարելի է փաստել, որ կառավարության ծրագրում ֆիքսված է ոլորտի հնարավորությունների մաքսիմալ օգտագործումը: Միևնույն ժամանակ, եթե մոտենանք այդ հարցին Հայաստանի տարածքը համառորեն շրջանցող տարանցիկ խողովակաշարերի կառուցման և շահագործման տեսանկյունից, ապա լրացնել չիրականացված հնարավորությունները չափազանց դժվար կլինի: Սակայն դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն, ներառյալ դեռևս «փակուղային» հայ-իրանական գազատարը:

Share    



Գնահատում

Ինչպե ՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am