Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Հունիս 2008, N 3

ՔՐԴՍՏԱՆ. ՎԻՐՏՈՒԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

Լեւոն Սարդարյան, «Ազգային գաղափար» ամսագրի քաղաքական մեկնաբան

 

 

Իրաքի հյուսիսային նահանգների նկատմամբ Թուրքիայի ռազմական ագրեսիայի հետ կապված` քրդստանյան ճակատի իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել տարածաշրջանային նոր վերաբաժանման համատեքստում, որի բազմաթիվ սխեմատիկ տարբերակները վաղուց մշակված են ԱՄՆ Պետքարտուղարությունում և «Նոր Մերձավոր Արևելք» անվամբ հայտնի ընդհանուր նախագծի անքակտելի բաղադրիչն են: Նշյալ նախագծով ենթադրվում է իրականացնել մի շարք քաղաքական միջոցառումներ, այդ թվում և խիստ արմատական, որոնք կողմնորոշված են դեպի ամերիկյան հսկողության հաստատումը աշխարհի այնպիսի հանգուցային աշխարհաքաղաքական տարածաշրջանի նկատմամբ, ինչպիսին, անվիճելիորեն, հանդիսանում է Առաջավորասիական տարածաշրջանը: Պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումներին համապատասխան` նման արդյունք կարելի է ապահովել քաղաքական բավական լայն ձեռնարկներ ներառող տարբեր միջոցներով. այս կամ այն երկրում անցանկալի վարչակարգերի տապալումից ու վերահսկելի կառավարության հաստատումից մինչև միջազգային իրավունքի առանձին սուբյեկտների մասնատումը մի շարք փոքր պետական կազմավորումների, որոնք, իրենց հերթին, վերահսկելի կլինեն վաշինգտոնյան վարչակազմի կողմից: Նման կազմավորումների թվում պետք է դիտարկել նաև քրդական պետականության մի ինչ-որ ձևի ստեղծման հեռանկարը1:

Այս մասին են վկայում ամերիկյան մի շարք բարձրաստիճան և պաշտոնաթող քաղաքական գործիչների հայտարարություններն ու աշխատանքները, ինչպես նաև այդ տարածաշրջանի` պարբերաբար միջազգային քաղաքագիտական շուկա ՙարտանետվող» սխեմատիկ պատկերումներն ու հեռանկարային քարտեզները: Հենց այս առումով էլ առանձին էթնիկական կամ դավանական կազմավորումներ հակված են ԱՄՆ-ը դիտարկել որպես քաղաքական անկախության ձեռքբերման գլխավոր երաշխավոր: Մինչդեռ, խոսքն ամերիկյան կառավարության կողմից բավական խոշոր էթնիկական կամ դավանական առանձին սուբյեկտների ձգտումների մանիպուլացման մասին է` տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության պահանջվող մակարդակի ապահովման նպատակով2:

***

Ներկայումս կրկին ակտիվորեն քննարկվում է Քրդստանի` որպես աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր կազմավորման հեռանկարը: Անհրաժեշտ է նշել, որ նման «հեռանկարները» բավական հարուստ ավանդույթներ ունեն3: Քրդստանի` որպես անկախ պետության կամ ազգային ինքնավարության ստեղծման նախագիծը բոլորովին էլ նոր չէ և քաղաքական երկար «պատրաստություն է անցել»: Փոփոխվող իրողություններին, ուժերի դասավորվածությանը համապատասխան և քրդական էթնոսի բնակության հիմնական արեալի (Թուրքիա, Իրան, Իրաք, Սիրիա, Այսրկովկաս) հաշվառմամբ` փոխվում են միայն գերակայությունները և քրդական պետականության օջախի տեղայնացումը: Այժմ այն տեղայնացվել է Իրաքի հյուսիսում, քանի որ այսօր դա առավել համապատասխանում պաշտոնական Վաշինգտոնի շահերին և Նոր Մերձավոր Արևելքի կերտման սկզբունքներին:

Այս հարցի քննարկման ժամանակ հաճախ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ քրդերը բազմամիլիոն ազգերից միակն են, ով զրկված է սեփական պետականության իրավունքից. իրանական այս ժողովրդի թվաքանակի մասին տարբեր տվյալներ կան. 20-ից մինչև 40 մլն մարդ: Աշխարհի ժողովրդա•րական քարտեզին ավելի բազմաքանակ ժողովուրդների (օրինակ` Հնդկաստանում) առկայության փաստը, իհարկե, տարակուսելու առիթ է տալիս նման դատողությունների արդարացիության հարցում, բայց միևնույն է` հաստատում է քրդական էթնոսի ֆենոմենը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք նրբությունների վրա: Առաջին հերթին կարևոր է պատկերացնել ԱՄՆ Պետքարտուղարության` մերձավորարևելյան նախագծի այս կամ այն օղակի մտածվածության աստիճանը: Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, ամերիկյան վարչակազմն ի վիճակի չէ լիակատար վերահսկողություն սահմանել նախանշված ձեռնարկների մեծամասնության իրականացման գործընթացում, ինչն իր հերթին վկայում է համապատասխան սխեմաների մանրամասն «կշռադատվածության ակնհայտ դեֆիցիտի» առկայության մասին: Այդ դեֆիցիտը (որ հիմնվում է այն բանի վրա, թե անհնար է կանխագուշակել անգամ հրահրվող սցենարների հնարավոր զարգացումները) ընդունում են ամերիկյան շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ: Շատ իրադարձություններ դուրս են գալիս հսկողությունից և ձեռք են բերում ինքնուրույնության տարրեր ու զարգացման հատուկ տրամաբանություն:

Տարածաշրջանի քաղաքական վերաբաժանման մեջ, այսպես թե այնպես, ներգրավված են նաև ԱՄՆ գործընկերները, որոնք չեն թաքցնում իրենց հավակնությունները. նրանք ևս ցանկանում են ունենալ մերձավորարևելյան կարկանդակի իրենց կտորը: Սա հիմնականում վերաբերում է Թուրքիային, պետություն, որն ի վիճակի է ոչ միայն առարկել Վաշինգտոնին այս կամ այն հարցում, այլև իր վրդովմունքն արտահայտել ավելի արմատական ձևերով:

2003թ. Իրաքի օկուպացման շրջանում և դրանից հետո փորձագետները սկսեցին բացահայտ խոսել երկիրն ըստ կրոնական և ազ•ային հատկանիշների երեք պետության` Սուննիստան, Շիիստան և Քրդստան, բաժանելու հեռանկարի մասին: Չնայած պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում էր Եվրոպայից արևելք գտնվող պետությունների տարածքային ամբողջականության հարգման մասին, սակայն ամերիկյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այնուամենայնիվ, հնարավոր են համարում Իրաքի մասնատումը, ինչն էլ առաջ է բերում տարածաշրջանի շատ երկրների վրդովմունքը4:

Ակնհայտ է նաև, որ Իրաքի հարևան պետությունները այդ երկրի հնարավոր մասնատման հեռանկարը համարում են տարածաշրջանային նախադեպի սխեմա, այնպես, ինչպես նախկին Խորհրդային միության չճանաչված հանրապետություններին ներկայանում է Կոսովոյի նախադեպը: Այս առումով խիստ հատկանշական են 2007թ. նոյեմբերի 4-ի «Միլիեթի» համարում Թուրքիայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Դողան Գյուրեշ փաշայի հարցազրույցի հետևյալ խոսքերը. «Թուրքիայի համար առկա է բաժանման վտանգը: Դա են ուզում և´ ԱՄՆ-ը, և´ Եվրամիությունը: Ես վախենում եմ, որ մի գեղեցիկ օր մեզնից մեկնումեկը կասի, թե քրդերը մեզ ձանձրացրել են, թող վերցնեն իրենց հողերն ու հեռանան: Այդ ժամանակ արդեն մեր Հաքյարի նահանգը կպատկանի Բարզանիին»:

Մեջբերված հայտարարությունը ներկայացնում է թուրքական սպայակույտի տրամադրվածությունը, որը չի թաքցնում իր խիստ բացասական դիրքորոշումը երկրում անցյալ տարվա ընտրությունների արդյունքների հանդեպ, որոնք չեն բացառում երկրի նոր ղեկավարության կողմից տարածաշրջանի վերաբաժանման ամերիկյան պլանի իրագործման հնարավորությունը:

Քրդական հարցի շուրջ առկա իրավիճակի տարօրինությունը Կոսովոյի նախադեպի հարցում եվրոպական պարադոքսի կրկնությունն է. ավանդաբար արտաքին քաղաքական տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունեցող շատ երկրներ դառնում են գործընկերներ առանձին վերցրած հիմնախնդրի պարագայում: Մասնավորապես, տարածաշրջանում Թուրքիայի ավանդական մրցակից Իրանը դառնում է թուրքական սպայակույտի դաշնակիցը և Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդական պետության ստեղծման ակնհայտ հակառակորդը: Այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ պաշտոնական Թեհրանը գիտակցում է արդեն իր մասնատման նախագծի առկայությունը ոչ այնքան Իրանի վարչական քարտեզին Քրդստանի նահանգի երբեմնի գոյության, որքան հզոր ադրբեջանական (պաշտոնական եզրաբանությամբ` ազերի) ներկայության համատեքստում` որպես դանդաղ գործողության ականներ: Ակնհայտ է, որ ազերիների շահերը ներկայացնելու համար Վաշինգտոնի ընտրած քաղաքական դեմքերը ամենասերտ կապերի մեջ են Պետքարտուղարության հետ, ընդ որում` ամերիկյան որոշ քարտեզներում Իրանի Իսլամական Հանրապետությունն իսկապես մասնատված տարածքի տեսքով է ներկայացված:

Հատուկ ուշադրության է արժանի նաև Սիրիայի բարեհաճ դիրքորոշումը. այս երկրի հետ Անկարայի հարաբերությունները խիստ լարված են, այդ թվում նաև հենց քրդական հարցի հետ կապված: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը 1990թ. հարկադրված էր ապաստան գտնել հենց Սիրիայի տարածքում, ուր և կազմակերպեց իր ռազմական ճամբարը: «Սիրիական հյուրընկալության» արդյունքում Անկարայի և Դամասկոսի հարաբերությունները, թվում է` երկար ժամանակով, փչացան: Լարվածությունը տարեցտարի խորանում էր, և 1998թ. թուրքական իշխանությունները Սիրիային պաշտոնապես զգուշացրին, որ պատրաստ են նրա տարածքում ռազմական գործողություն իրականացնել «թիվ 1» ահաբեկչին բռնելու համար: Սիրիայից հարկադրաբար արտաքսված Աբդուլա Օջալանն ապստան գտավ Իտալիայում, որը հրաժարվում էր նրան հանձնել Թուրքիային: Ի նշան բողոքի` Թուրքիայում սկսեցին բոյկոտել իտալական ապրանքները: ՔԱԿ առաջնորդը հեռացավ Իտալիայից անհայտ ուղղությամբ, և միայն 1999թ. Թուրքիայի գաղտնի ծառայությունները ահաբեկչին բռնելու գործողություն իրականացրին Քենիայում և ինքնաթիռով նրան հասցրին Ստամբուլ: Եվ այնուամենայնիվ, ներկայումս Դամասկոսն ու Անկարան դաշնակիցներ են առանձին վերցրած մեկ` քրդական հարցում:

***

Դաշնակիցների հակասական հարաբերությունները և հակառակորդների որոշակի փոխըմբռնումը ի ցույց դրվեցին անցյալ տարվա նոյեմբերին: Հատկանշական է, որ նոյեմբերի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի` Թուրքիայի մայրաքաղաք կատարելիք այցի նախօրեին անսպասելի այցով Անկարա ժամանեց Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչհր Մոթաքին: Նա հավաստիացրեց իր թուրք գործընկերոջը, որ հավատարիմ են քուրդ զինյալների դեմ համատեղ գործողություն վարելու խոստմանը: Ավելին, Մոթաքին հայտարարեց, որ Սիրիան, հնարավոր է, նույնպես կմիանա անջատողականների դեմ գործողությանը: Այդ ժամանակ էլ հյուսիսային Իրաքի վարչակազմը հայտարարեց, որ Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողություն անցկացնելու իսկական նպատակը իր տարածքների մի մասի անեքսիան է: Որպես փաստարկ «Հարավային Քրդստանի» իշխանությունները նշում էին Թուրքիայի դժգոհությունն այն բանից, թե իբր նավթի պաշարներով հարուստ Քիրքուկում ճնշումներ են բանեցվում թուրքմեն բնակչության հանդեպ: Չնայած հյուսիսային Իրաքի ղեկավարությունն ամեն կերպ հերքում է քրդական պետություն ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները, բայց թուրք զինվորականներին ու շատ քաղաքական գործիչներին արդեն մտահոգում է հյուսիսային Իրաքի` քրդերի հսկողության տակ գտնվող շրջանների անվանումն իսկ «Հարավային Քրդստան»:

2007թ. նոյեմբերի 2-ին Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի և ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման հնարավոր ռազմական գործողությունն էր քուրդ անջատողականների դեմ և ԱՄՆ պոտենցիալ աջակցությունն այդ հարցում: Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ալի Բաբաջանը հայտարարեց, որ քրդերի դեմ պայքարի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու Թուրքիայի բոլոր փորձերը սպառել են իրենց: Իրաքի կենտրոնական իշխանությունը, որն անգամ բանակ չունի, ընդունակ չէ պայքարելու ահաբեկիչների դեմ, իսկ Քրդստանի` հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունը բաց ու անկեղծ չէ այս հարցում: «Մենք գտնվում ենք այն կետում, ուր խոսքերն ավարտվել են, և եկել է գործողություններն սկսելու ժամանակը»,- ասել է Ալի Բաբաջանը` նշելով, որ Թուրքիան իր ռազմավարական ու ռազմական գործընկերոջից որոշակի քայլեր է ակնկալում:

Պատասխանելով «Վաշինգտոն փոստի» թղթակցի` ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերի մասին հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասաց, որ Իրանի տարածքում գործում է ահաբեկչական Քրդստանի աշխատավորական  կուսակցությանը մոտ «PEJAK» կազմակերպությունը: Այս վերին աստիճանի հայտանշային հայտարարությունը համարժեք արձագանք չգտավ միջազգային լրատվամիջոցներում: Այնինչ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առաջին անգամ հարկ համարեց հանդես գալ Իրանի պաշտպանությամբ ամերիկյան գործընկերոջ ներկայությամբ: Ի տարբերություն առաջինի` Քոնդոլիզա Ռայսը որևէ նոր բան չասաց` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը հիմնախնդիր է ոչ միայն Թուրքիայի համար: Պատասխանելով թուրք լրա•րողի հարցերին` պետքարտուղարն ասաց, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս ամբողջ Իրաքի տարածքային ամբողջականության օգտին և չի ցանկանում նրա եռատումը: Միևնույն ժամանակ, Իրաքի հյուսիսը նա «Քրդստան» անվանեց:

Նոյեմբերի 3-ին Ստամբուլում ընդունվեց կոմյունիկե Իրաքում ՄԱԿ-ի դերի ուժեղացման մասին («ահաբեկչությունն արմատախիլ անելու համար»), ինչին այդպես համառորեն ձգտում էր Թուրքիան: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ասաց, որ ըմբռնումով է վերաբերվում Անկարայի` տարածաշրջանային անվտանգության պահպանման երկյուղներին. «Իրաքի տարածքի օգտագործումը հարևան երկրներին հարվածելու համար անընդունելի է»: Իրաքի կենտրոնական կառավարությունը պարտավորվեց փակել ՔԱԿ-ին աջակցող կազմակերպությունների բյուրոներն ու գրասենյակները: Այդ նույն օրն իրաքյան Էրբիլ քաղաքից տեղեկություն ստացվեց այն մասին, որ փակվել է ՔԱԿ համակիր կազմակերպության բյուրոն:

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը մեկ անգամ ևս հաստատեց Թուրքիայի` Իրաքի հյուսիսում գործողություն սկսելու վճռականությունը: Դեկտեմբերի 16-ին թուրքական ՌՕՈւ 50 ինքնաթիռներ հարվածեցին ՔԱԿ դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում: Մեկ շաբաթ անց թուրքական զորքերը հերթական օդային հարվածն իրականացրին, ընդ որում` հայտարարվեց, որ զանգվածային ռմբակոծությունների զոհ են դարձել 175 քուրդ զինյալներ: Անկարան ընդգծեց, որ հարվածել է իրաքյան Քրդստանի շրջանում գտնվող գրոհայինների հենակայաններին` նախապես ստանալով հետախուզական տվյալներ և ԱՄՆ հավանությունը: Այդ նույն ժամանակ Բաղդադը հայտարարեց, որ Թուրքական հարձակումները Իրաքի հյուսիսում խախտում են երկրի ինքնիշխանությունը:

Այսպիսով, Իրաքի հյուսիսային նահանգներում թուրքական ռազմական ագրեսիան կարծես մի ինչ-որ փոխզիջում եր Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև: Բայց ոչ միայն. այն ի հայտ բերեց Թուրքայի ներքին թվացյալ կայունության փխրունությունը և գուցե առաջին հերթին դարձավ երկրի նոր ղեկավարության և սպայակույտի միջև հարկադրական փոխզիջման հավաստումը5:

***

2007թ. հուլիսին, խորհրդարանական ընտրություններում, Թուրքիայի իշխող կուսակցության տարած հաղթանակն ավելի քան համոզիչ էր: Ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների գրեթե կեսի աջակցությունը` այն ՙջախջախեց» Աթաթյուրքի հիմնած Հանրապետական ժողովրդական կուսակցությունը. «ազգի հոր» հռչակած սկզբունքներն արժանացան քվեարկողների ձայների ընդամենը մեկ հինգերորդի աջակցությանը: Չնայած իսլամամետ կուսակցությունը վայելում էր միջազգային ազդեցիկ կազմակերպությունների միակողմանի աջակցությունը, Թուրքիայի ներքին իրավիճակը չէր կայունանում: Գլխավոր շտաբի ներկայացուցիչները չմասնակցեցին Աբդուլա Գյուլի երդման արարողությունը և զինվորական շքերթին չհրավիրեցին նրա կնոջը: Ավելին, պատիվ չտվեցին իրեն` նախագահին, ամբիոն բարձրանալիս: «Մենք ուշադիր հետևելու ենք Գյուլի յուրաքանչյուր քայլին և հսկելու ենք նրա հավատարմությունը հանրապետությանը»,- զգուշացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Օզյուրեքը: Ելնելով այս իրողություններից` որոշ քաղաքագետներ դեռևս չեն բացառում միջամտությունները սպայակույտի կողմից և հերթական ռազմական հեղաշրջման հնարավորությունը: Այս կտրվածքով էլ հենց առանձնանում է Իրաքի հյուսիսային շրջաններ թուրքական ներխուժման առանձնահատկությունը` որպես ներքին հակասությունների կարգավորման առավել հարմար ու փոխընդունելի մեխանիզմ:

 

 

1.  Քուրդ ժողովուրդն իր զարգացման ողջ ընթացքում, այս կամ այն պատճառով (որոնց հետազոտությունը չի մտնում սույն հոդվածի շրջանակների մեջ), ի վիճակի չի եղել ունենալ սեփական պետականություն: Քրդական ընտանիքի, առանձին կլանի կամ թեյփի ավանդական կացութաձևը չէր ենթադրում էական փոփոխություններ, իսկ ազգային էլիտան համեմատաբար հազվադեպ էր հանդես գալիս որպես քաղաքական ուժ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ պատմական ժամանակագրությունը քրդական շարժման քիչ օրինակներ չունի, ընդ որում` ոչ միայն 19-20 դդ. միջակայքում:

Մասնավորապես, Արաբական խալիֆայության թուլացման շրջանում փորձեր էին արվում հասնել ինքնուրույնության, ծայրահեղ դեպքում, առանձին խոշոր ցեղային խմբավորումների համար, որոնք ղեկավարում էին առավել ազդեցիկ և անվանի առաջնորդները (Հասանվայականներ, Մարվաններ, Շադդադներ). վերջիններս հավակնում էին հիմնել սեփական դինաստիաներ: Նրանց մի մասը, սակայն, վասալական իրավունքով տնօրինում էր բավական ընդարձակ տարածքների: Մասնավորապես, 11-12-րդ դդ. սահմանագծին առաջին պլան մղվեց Այուբների դինաստիան, որը բավական ազդեցություն ուներ Եգիպտոսում, Սիրիայում, Պաղեստինում և Եմենում: Սակայն քրդական ընտանիքներից և ոչ մեկը երկարատև չէր ու չկարողացավ իր տրամադրության տակ գտնվող տարածքը վերածել քրդական պետականության ազգային օջախի: Սալադինի կայսրությունում (Այուբների դինաստիա) վիթխարի տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը կազմում էին ոչ թե քրդերը, այլ արաբները, ընդ որում` զորքը հիմնականում կազմված էր թյուրքերից: Բազմաթիվ գործոնների առկայության պատճառով քրդական էթնոսն այդպես էլ չմշակեց ազգային միասնության և սեփական ուժերով սեփական պետություն ստեղծելու գաղափարը:

2.  Այս գաղափարը վաղուց է առաջարկվել քրդական ազգային վերնախավին` դրսից, այն պետությունների կողմից, որոնք շահագրգռված էին Օսմանյան կայսրության թուլացմամբ և մասնատմամբ: Բացի դիվանագիտական բաղադրիչից, քրդական գործոնը բավական ինքնաբավ կերպով դրսևորվել է նաև որպես ռազմական գործոն և «պահանջարկ ուներ» ռազմական գործողությունների թատերաբեմում: Ընդ որում` ոչ միայն հենց իր` Օսմանյան կայսրության, այլ նաև նրա թշնամիների կողմից. մասնավորապես, 1853-1856թթ. Ղրիմի պատերազմում քրդական հեծելազորը` երկու գունդ, ռուսական բանակի կազմում շեշտակի հարվածներ էր հասցնում թուրքական զորքերին: Թուրքական ռեժիմի դեմ զինված հարձակումները հատկապես սաստկացան 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ քրդերը, ասորեստանցիների հետ դաշինք կազմած, գրավեցին Մեհաբադից և Ուրմիայից մինչև Շամզինան ընկած տարածքը: Քրդերի ազատագրական պայքարի պատմության մեջ նշանակալի տեղ է գրավում 1880թ. ապստամբությունը շեյխ Օբեյդուլայի գլխավորությամբ. այս ապստամբության մասին հարուստ փաստական նյութ կա Պ.Ի. Ավերյանովի «Քրդերը Պարսկաստանի և Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատերազմներում 19-րդ հարյուրամյակի ընթացքում» գրքում, որը հրապարակվել է 1900թ. Թիֆլիսում: Թուրքիայում քրդերի մի քանի խոշոր գործողություններ են արձանագրվել 1908-1909թթ. երիտթուրքական հեղափոխության, 1905-1911թթ.` իրանական հեղափոխության ժամանակ և Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին:

3.  20-րդ դ. սկզբին Մերձավոր և Միջին Արևելքում ազգային-ազատագրական պայքարի ակտիվացման հետ կապված` քուրդ առաջնորդները սկսեցին ստեղծել քաղաքական կազմակերպություններ: Առաջին քայլն այս ճանապարհին քրդերենով և թուրքերենով քաղաքական պարբերականների հրատարակումն էր: Դեռ 1898թ. Կահիրեում սկսեց հրատարակվել «Քրդստան» թերթը, իսկ այնուհետև կազմակերպվեց «Խեթավի քուրդ» («Քրդերի արև») թերթի թողարկումը: 1910թ. քուրդ իրավաբան ուսանողների մի խումբ ստեղծեց «Խիվա քուրդ» («Քրդերի հույսը») ընկերությունը, որը հրատարակում էր «Ռոժա քուրդ» («Քրդական օր») ամսագիրը: Առաջին աշխարհամարտի տարիներին քրդերը որպես ազգ որոշակի կողմնորոշում չունեին, ընդ որում` քրդական ստորաբաժանումները թուրքական բանակի կազմում մասնակցում էին հայերի ցեղասպանությանը: Ավելին, ավտոխտոն հայ բնակչության ոչնչացումն ու բռնի տեղահանումն ուղեկցվում էին պատմական Հայաստանի տարածքները քրդերով բնակեցնելով, ինչի հետևանքով ներկայումս հիմնականում նրանք են այդ հողերի բնակիչները: Քրդական վերնախավի որոշ ներկայացուցիչներ էլ, ինչպես, օրինակ, Քամիլ բեյ Բադիրխանը, ռուսական կողմնորոշում ուներ, ինչի մասին գրում է Վ. Նիկիտինը «Քրդերը» գրքում: Առաջին աշխարհամարտի ընթացքում և հատկապես դրանից հետո Անտանտի տերությունները բարձրացրին Քրդստանի ինքնավարության ստեղծման անհրաժեշտության հարցը:

1920թ. օգոստոսի 10-ին ֆրանսիական Սևր քաղաքում ստորագրվեց պայմանագիր Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջասի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի` մի կողմից և մյուս կողմից` Թուրքիայի միջև, որով Օսմանյան կայսրությունը զրկվում էր զբաղեցրած տարածքի 80%-ից: Ըստ ստորագրված համաձայնագրի` ի թիվս այլոց հաստատվում էր նաև քրդական ինքնավարություն, ընդ որում` ոչ թե ներկայիս Իրաքի տարածքում, այլ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում, ժամանակակից Թուրքիայի սահմաններին (Վանա լճի հարավային ափ - Էլյազիգ-Մալաթիա-Մարաշ): Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ ինքնավարությունը հետագայում պետք է վերածվի քրդական պետության Անգլիայի հովանու ներքո: Այսպիսով, Քրդական հարցն իսկապես օգտագործվում էր տարբեր նպատակներով, տարբեր պետությունների կողմից, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտներում: Թուրքիայում քեմալական շարժման հաղթանակը ջնջեց Սևրի պայմանագիրը: Եվ չնայած այն բանին, որ այն մնաց ընդամենը թղթի վրա, այնուամենայնիվ, Սևրը կարևոր շրջադարձ նշանավորեց քրդական հիմնախնդրի զարգացման մեջ: Առաջին անգամ դիվանագիտական փաստաթղթում դիտարկման արժանացավ Քրդստանի ինքնավարության հարցը: Այնուամենայնիվ, Քեմալ Աթաթյուրքը սկսեց իրականացնել Թուրքիայի ներկայիս տարածքում բնակվող ոչ թուրք ժողովուրդների բռնի ուծացման և թյուրքացման ակտիվ քաղաքականություն: Թուրք ազգի «միասնությունը» ամրագրվել է թուրքական բոլոր սահմանադրություններում, ներառյալ նաև այժմ գործող սահմանադրությունը: Ոչ թուրք ժողովուրդների ազգային ինքնագիտակցության յուրաքանչյուր դրսևորում համարվում էր անջատողականություն և դաժանորեն պատժվում էր: Քրդերենը, քրդական սովորույթները, «քուրդ» և «Քրդստան» հասկացություններն արգելված էին: Քրդերը հայտարարվեցին «լեռնցի թուրքեր», որոնք կորցրել են իրենց ազգային ինքնությունը, իսկ քրդերենը համարվում էր թուրքերենի, պարսկերենի և արաբերենի խառնուրդ: 1928թ. ընդունվեց վերաբնակեցման մասին փաստաթուղթը, որով նախատեսվում էր քուրդ բնակչության հարկադրական տեղահանություն դեպի զուտ թուրքական շրջաններ: Հատկանշական է, որ 1925-1940թթ. ընթացքում տեղի է ունեցել ավելի քան քսան ապստամբություն:

Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատմամբ և դրան հաջորդող խորհրդային պետության ստեղծմամբ բոլշևիկյան ղեկավարությունը փորձեց իրականացնել այն, ինչ ի վիճակի չեղավ անել Սևրի պայամանգիրը` ստեղծել քրդական ինքնավարություն, ընդ որում` կրկին Հայկական լեռնաշխարհի տարածքում: 1923թ. հուլիսի 16-ին Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահության (Սերգեյ Կիրովի ղեկավարությամբ) հրամանագրով կազմավորվեց Քրդստանյան գավառը: Այդ օրվանից իր կարճատև գոյությունն սկսեց Կարմիր Քրդստանը: Մինչ այդ չորս լիագումար նիստերի ընթացքում (1922թ. հոկտեմբերի 21-ին և 22-ին, դեկտեմբերի 30-ին և 1923թ. հունվարի 13-ին) Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմն այդպես էլ չկարողացավ լուծել այդ հարցը` ապագա գավառի սահմանների հետ կապված տարաձայնությունների պատճառով, և միայն հուլիսի 7-ին ընդունվեց որոշում դրա ստեղծման մասին: Քրդստանյան գավառը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Խորհրդային Հայաստանի միջև և ներառում էր հայկական պատմական Արցախ և Սյունիք նահանգների (հետագայում` Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջաններ) նախկին շրջանները: Սակայն քրդական կազմավորում ստեղծելու մասին խոսակցություններն ի հայտ եկան արդեն 1921թ. հոկտեմբերին, երբ Իոսիֆ Ստալինի գլխավորած Ազգությունների ժողովրդական կոմիսարիատն իր «Ազգությունների կյանք» թերթում զետեղել էր մի հոդված, որով խորհրդային հանրությանը տեղեկացվում էր Քրդստանի հանրապետության ստեղծման հարցի քննարկման լրջության մասին:

4.  Հատկանշական է, որ 2003թ. սեպտեմբերի 26-ին ամերիկյան սենատը քվերակեց մի բանաձևի ընդունման օգտին, որը ողջունում էր Իրաքի ֆեդերալացումը երեք մասի ըստ էթնոդավանական հատկանիշի. քրդական, շիական և սուննիական: Փորձագետներն այս որոշումը առաջին քայլը համարեցին անկախ քրդական պետության ստեղծման ճանապարհին: Սա, իհարկե, լավ են հասկանում և´ Իրաքի նախա•ահ, քուրդ Ջալալ Թալաբանին, և´ ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին` հայտնի քրդական տոհմի ժառանգը, որը պայքարում է հանուն անկախության դեռ 1930-ից: Եվ թեև իրենց հրապարակային ելույթներում նրանք իրաքյան Քրդստանը ընդունում են որպես միասնական Իրաքի մի մաս, սակայն իրականում չեն պատրաստվում ձեռքից բաց թողնել այդքան հարմար հնարավորությունը:

5.  Թուրքիայում հերթական ռազմական հեղաշրջման անխուսափելիության բազմաթիվ կանխատեսումները չարդարացան: Քաղաքագետներն իսկապես կանխատեսում էին, որ երկրի ղեկավարությունը կփոխվի և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը հրաժարական կտա` հանրապետության սպայակույտի անմիջական միջամտության միջոցով: Սպայակույտը արմատական ձևով միջամտում է երկրի ներքին կյանքին հենց իրական սպառնալիքների ծագման շրջանում, որոնք ի վիճակի են սասանել Քեմալ Աթաթյուրքի հռչակած պետականության հիմքերը: Նման մարտահրավերների շարքում առավել հրատապ են երկրում կրոնական տրամադրությունների խորացումը և իշխանության լծակների անցումը բացահայտորեն իսլամամետ քաղաքական կառույցներին: Մասնավորապես, թուրքական բանակը երեք անգամ ռազմական հեղաշրջում է կատարել (1960, 1971 և 1980թթ.): Բացի այդ, զիվորականների ճնշմամբ 1997թ. իշխանությունից հեռացվեց կառավարության ղեկավար, իսլամականների առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը: Այսպիսով, չի կարելի պնդել, թե Թուրքիայի սպայակույտի ակտիվ ներգրավվածությունը երկրի ներքաղաքական կյանքում միջազգային կառույցները միանշանակորեն բացասական են գնահատում: Այս մտայնությունից ելնելով էլ, ինչպես նաև հաշվի առնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձր հնարավորությունները 2007թ. խորհրդարանական ընտրություններում, շատ փորձագետներ իշխանության փոփոխություն էին կանխատեսում ընտրարշավի նախօրեին կամ ընթացքում: Նման սցենարը միանգամայն իրականանալի էր նախագահական ընտրությունների հերթագայող փուլերի միջև: Հենց այդ շրջանում էլ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախազգուշացրեց երկրի ղեկավարությանը. «Գլխավոր շտաբն անհանգստությամբ է հետևում աշխարհիկ կարգի պաշտպանության հարցին առնչվող իրավիճակին: Վերջին օրերին այս թեման երկրում առաջին պլան է մղվել` կապված նախագահական ընտրությունների անցկացման գործընթացի հետ: Չպետք է մոռանալ, որ թուրքական զինված ուժերը լաիցիզմի (աշխարհիկության) վճռական պաշտպաններն են»:

Այս հայտարարությունն արվել է պետության ղեկավարի` խորհրդարանում անցկացված ընտրության առաջին փուլից հետո: Որոշ ժամանակ անց գլխավոր շտաբի պետ Յաշար Բյույուքանըթը նշեց, որ երկրի նոր նախագահը «պետք է հավատարիմ լինի աշխարհիկ կարգին»: ՌՕՈւ թղթակցի խոսքերով` գլխավոր շտաբի հայտարարությունը հուզումներ է առաջ բերել, քանի որ այն գնահատել են որպես ուղղակի նախազգուշացում կառավարությանը և կոչ սահմանադրական դատարանին` քվեարկությունն անվավեր համարել և ցրել խորհրդարանը: Հենց այս ժամանակ էլ Եվրամիությունը զգուշացրեց թուրք զինվորականներին` չմիջամտել նախագահական ընտրությունների շուրջ առաջացած քաղաքական ճգնաժամին: Թուրքիայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Դողան Գյուրեշ Փաշայի վերոնշյալ հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել այս կտրվածքով:

Share    



Գնահատում

Ինչպե ՞ եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am