Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հունիս 2008, N 3

ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ

Սվետլանա Գուլյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, կինոգետ

 

Հայերն աշխարհասփյուռ ազգ են: Բնականաբար, անհնար է նշել մարդկային գործունեության որևէ ոլորտ, որին նրանք մասնակից չլինեին: Եվ կինոն բացառություն չէ: Ապրելով և աշխատելով տարբեր երկրներում` մեր հայրենակիցները դառնում էին ֆրանսիական, լեհական, ամերիկյան և ռուսական փայլուն արտիստներ, իսկ նրանց միավորում էր փոքր մի բան, որ կարծես առնչություն չուներ արվեստի հետ: Դա այն էր, որ նրանք բոլորը հայեր էին: Եվ այսպես, խոսքն այսօր համաշխարհային կինոյում առավել աչքի ընկած մեր հայրենակիցների մասին է, և մենք կսկսենք տարիքով ավելի ավագից:

ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ծնվել է Թբիլիսիում 1897թ. հոկտեմբերի 8-ին, բանկատիրոջ ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է Փարիզում, Մոնտենի հանրահայտ լիցեյում: Այնուհետ Թբիլիսիի գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա և ընդունվում համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Մի քանի ամիս հաճախում է Եվգենի Վախթանգովի ղեկավարած ՄԽԱԹ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն) ստուդիան: Երկու տարի էր մնացել համալսարանն ավարտելուն, երբ նա վերադառնում է Թբիլիսի, որտեղ զբաղվում է լրագրությամբ, աշխատում է իր և Լևոն Քալանթարյանի հիմնած թատրոն-ստուդիայում: 1920թ. մեկնում է Լոնդոն, որտեղ, Սենթ Ջեյմի թատրոնում, կայանում է նրա առաջին բեմելը «Դռան թակոց» ներկայացման մեջ: Ներկայացման ռեժիսուրան այնքան տպավորիչ էր, որ նրան միաժամանակ աշխատանքի են հրավիրում Ֆրանսիայում և Ամերիկայում: Նա ընտրում է Ամերիկան և այդպիսով հայտնվում Ռոչեսթրում, որտեղ կազմակերպում է օպերային ստուդիա` դնելով ամերիկյան ազգային օպերայի հիմքը: 1927թ. սկսվում է նրա գործունեությունը Բրոդվեյում, աղմուկ հանած «Պորգի» ներկայացման բեմադրությամբ, որում առաջին անգամ ամերիկյան բեմում հանդես են գալիս ոչ թե պարզապես սևամորթ եր•իչներ, այլ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ: Ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինն այնքան էր տպավորվել ներկայացումով, որ անմիջապես սկսում է դրա հիման վրա գրել «Պորգին և Բեսը» օպերան: Ներկայացման հաջողությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները: Նյու Յորքի թերթերում և ամսագրերում հրապարակված բազմաթիվ գրախոսականներում քննադատական դիտողություններ գրեթե չկան: Գովասանք և միայն գովասանք: «Բեմադրությունը մոգական փայլ ունի, որը ստեղծվում է ոչ թե առանձին աստղերի խաղով, այլ ամբողջ անսամբլի ինտենսիվությամբ»,- գրում է գերմանացի հայտնի ռեժիսոր Մաքս Ռեյնդարդը: Եվ շարունակում է. «Ես պնդեցի, որ իմ դերասանները դիտեն «Պորգին»: Բոլորը նույնպես զմայլված էին, ինչպես և ես, ով կուզենար կրկին ու կրկին դիտել և ունկնդրել այդ պիեսը»: Մամուլյանը Բրոդվեյում ևս մի քանի ներկայացում է բեմադրում և հիմնավորապես վաստակում տաղանդավոր թատերական ռեժիսորի փառքը: 1929թ. «Փարամաունթ» ստուդիան Մամուլյանին հրավիրում է նկարահանելու առաջին ձայնային գեղարվեստական կինոնկարը` «Ծափահարությունները»: Մամուլյանը հանրահայտ դարձավ արդեն «Պորգի» ներկայացումից հետո: «Ծափահարություններ» կինոնկարը, որն սկսեց ձայնային կինոյի դարաշրջանը, նրա համար ապահովեց նույնքան տաղանդավոր կինոռեժիսորի փառքը: Մամուլյանն ասես ներքուստ էր զգում դեռևս բավական երիտասարդ կինոարվեստի առանձնահատկությունները: Իր առաջին ֆիլմում և հետագա մի ամբողջ շարք կինոնկարներում նա բացահայտում է կինեմատոգրաֆի այնպիսի հնարավորություններ, որոնք և´ կինեմատոգրաֆի համար ընդհանրապես, և´ իր բազմաթիվ գործընկերների համար դառնում էին հայտնագործություններ: Այսպես, «Ծափահարություններ» ֆիլմում նա առաջին անգամ կինեմատոգրաֆում օգտագործում է երկու միկրոֆոնով նկարահանումներ, ինչը հնարավորություն էր տալիս, որպեսզի էկրանին միաժամանակ երկու ձայն հնչի: Առաջին անգամ կինեմատոգրաֆում նա կինոխցիկը տեղադրում է ոչ թե ծանր ու անշարժ ռելսերի, այլ թեթև ռետինե անիվների վրա, ինչն այն դյուրաշարժ էր դարձնում: Նա հրաժարվում է կինոստուդիաների տաղավարներում կատարվող նկարահանումներից և խցիկը դուրս է բերում բնության մեջ` դրվագներ նկարահանելով մետրոյում, կայարանում, երկնաքերի տանիքին: Մամուլյանի շնորհիվ կինեմատոգրաֆում առաջին անգամ սենյակում լսվեցին փողոցից եկող ձայները: Իր հաջորդ` ժանրով գանգստերական «Քաղաքային փողոցներ» (1931) ֆիլմում առաջին անգամ օգտագործում է կադրից դուրս տեքստը: Առաջին անգամ այդ ժանրի ֆիլմում հայտնվեց «մարդկային դեմքով» հերոս (դերասան Հարի Կուպերը): Մամուլյանի հաջորդ աշխատանքը Ռ.Լ. Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» վեպի էկրանավորումն էր (1932), որը դարձավ վարպետորեն կատարված սարսափ ֆիլմի օրինակ: Այս կինոնկարում կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին անգամ Մամուլյանն օգտագործեց սուբյեկտիվ խցիկի մեթոդը, որը հետագայում լայն կիրառություն գտավ ռեժիսորների աշխատանքում: Շատ տարիների ընթացքում չբացահայտվեց Ջեքիլի` Հայդի վերամարմնավորվելու տեսարանի նկարահանման գաղտնիքը: Գլխավոր դերակատարի` Ֆրեդերիկ Մարչի աշխատանքն արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակով` «Օսկարով»: Ուրախ, սրամիտ, «Սիրիր ինձ այս գիշեր» երաժշտական ֆիլմում (1932) Մամուլյանը հղկում է իր ռեժիսորական տեխնիկան` շարունակելով փորձարկումները կինոխցիկով աշխատելիս և ձայնն ու պատկերը համադրելիս: Այստեղ ամեն ինչ կառուցված է ռիթմի, կոնտրապունկտի (ձայնակարգության), ոճավորման, դանդաղեցված և արագացված շարժման, բաժանված էկրանի վրա: «Երգ երգոց» (1933) և «Քրիստինա թագուհին» (1934) ֆիլմերում Մամուլյանն ի հայտ բերեց մեծագույն ամերիկյան դերասանուհիներ Մառլեն Դիտրիխի և Գրետա Գարբոյի տաղանդը նոր, նրանց համար անսովոր կողմից:
«Բեքի Շարփն» (1935) առաջին գեղարվեստական կինոնկարն էր` նկարահանված նոր միայն կատարելագործված եռագույն Տեխնիքոլորով: Այդ ֆիլմում Մամուլյանը վառ գույներն օգտագործել է ո´չ գեղեցիկ էֆեկտի համար: Առաջին անգամ գունավոր կինեմատոգրաֆի պատմության մեջ Մամուլյանը ցույց տվեց, թե ինչ հնարավորություններ ունի գույնը ֆիլմի դրամատուրգիայի զարգացման համար: Եթե «Բեքի Շարփի» ստեղծումն ինքնատիպ հետախուզություն էր, թե ինչի է ընդունակ գույնը կինոյում, ապա դրա առանձնահատկությունների իր ամբողջ իմացությունը Մամուլյանն արտահայտեց իր հիասքանչ գունավոր գլուխգործոցում` «Արյուն և ավազում» (1941): Այս ֆիլմի յուրաքանչյուր կադր կարելի է ցուցադրել որպես գեղանկարչության ինքնուրույն ստեղծագործություն: Հաջորդ ֆիլմերում Մամուլյանն այլևս հայտանգործություններ չէր անում: Նա պարզապես ցուցադրում էր իր հղկված վարպետությունը: Դա և´ «Էյ դեսպերադո»-ն էր (1936), և´ «Բարձրահասակ, թիկնեղ և համակրելի»-ն (1937), և´ «Ոսկի տղան» (1939), և´ «Մատանիներ նրա մատներին»-ը (1942), և´ «Ամառային արձակուրդները» (1947): Իր վերջին` «Մետաքսե գուլպաներ» ֆիլմը Մամուլյանը նկարահանեց 1957թ.: Նա, ընդհանուր առմամբ, 17 ֆիլմ է նկարահանել: Դրանցից յուրաքանչյուրում Մամուլյանը պատկերավոր բարձրագույն վարպետություն, կինոռեժիսուրայի փայլուն տիրապետում է ցուցադրում: Մամուլյանի ֆիլմերում նկարահանվել են անվանի դերասաններ Հելեն Մորգանը, Ֆրեդերիկ Մարչը, Միրիամ Հոփկինսը, Ջանեթ Մակդոնալդը, Մորիս Շևալիեն, Մառլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Թայրոն Փաուերը, Ուիլյամ Հոլդենը, Միքի Ռունին: Նրա վերջին` 1957-ին նկարահանված «Մետաքսե գուլպաներ» ֆիլմը ուրախ, սրամիտ կինոկատակերգություն էր: Այն Խորհրդային Միությունում հակախորհրդային էր հայտարարվել, ինչը Մամուլյանին երկրի համար «անհարմար» անձ էր դարձրել: Այստեղ գալու հնարավորություն Մամուլյանը ստացավ ընդամենը 1971թ.` որպես Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հյուր: Այդ ժամանակ էլ նա այցելեց Հայաստան: Մամուլյանի կապը Հայաստանի հետ երբեք չի ընդհատվել: Նա երբեք չի թաքցրել իր հայությունը: Ամերիկայում գտնվելու առաջին իսկ տարիներին նրան առաջարկեցին փոխել ազ•անունը: Մամուլյանը կտրականապես հրաժարվեց: Մանուկ տարիներին նա հաճախ է հանդիպել ծնողների ընկերներին` հայկական մշակույթի գործիչներ, գրողներ Սունդուկյանի ու Շիրվանզադեի, դերասաններ Աբելյանի, Փափազյանի, Զարիֆյանի հետ: Անշուշտ, մեծերի խոսակցությունները տպավորվել են նրա մանկական գիտակցությունում` ձևավորելով ազգային ինքնագիտակցությունը: Ամերիկայում նա շատ հաճախ և հաճույքով այցելում էր հայ համայնքի ամեն տեսակ հավաքույթներին: Մի անգամ նրան շնորհակալություն հայտնեցին այն բանի համար, որ ազգանունը չի փոխել: Մամուլյանը զարմացավ. «Ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում: Իմ արարքը շատ բնական է: Անբնական կլիներ, եթե այլ կերպ վարվեի»: Մամուլյանի տանը, դաշնամուրին, միշտ դրված է եղել «Հայկական մանրանկարներ» գիրքը, որի մեջ պահվում էին Հայաստանի մասին հայկական ու ռուսական թերթերում հրապարակված հոդվածները: «Կլեոպատրա» ֆիլմի սցենարում (նրան առաջարկել էին նկարահանել այդ ֆիլմը) Մամուլյանը ներառավ Արտավազդ թագավորի դրվագը: Մամուլյանը ծրագրել էր, որ հայ հզոր թագավորին Կլեոպատրայի մոտ բերեն ոսկե շղթաներով: Սկզբում ծրագրվել էր, որ ֆիլմի նկարահանումները պետք է անցկացվեն Ե•իպտոսում, բայց Եգիպտոսը փոխարինվեց Իտալիայով: Ի վերջո, նրան առաջարկեցին ֆիլմը նկարահանել... Անգլիայում: Ընդ որում` նկարահանումները պետք է սկսվեին աշնանը: Տոթակեզ Եգիպտոսը` մռայլ, միշտ ամպամած` Անգլիայում: Երբ ֆիլմից արդեն 20 րոպե նկարահանվել էր, այրվեցին ԲՈԼՈՐ դեկորացիաները: Մամուլյանը չցանկացավ շարունակել նկարահանումները և հրաժարվեց շարունակել աշխատանքը: Խիստ սկզբունքային և պահանջկոտ մարդ լինելով` Մամուլյանը հաճախ տարաձայնությունների մեջ էր ընկնում: 1944թ. նա ձեռնարկեց «Լորա» ֆիլմի աշխատանքը: Պրոդյուսերի հետ տարաձայնությունների արդյունքում Մամուլյանը հրաժարվեց հետագա աշխատանքից: 1958թ. նա սկսեց աշխատել «Պորգին և Բեսը» ֆիլմի վրա` ըստ Ջ. Գերշվինի համանուն օպերայի: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ օպերայի հիմքում նրա 1929թ. բեմադրած ներկայացումն էր: Սակայն Մամուլյանն այդպես էլ չնկարահանեց այն: Ստուդիայի ղեկավար Սամուել Գոլդվինի հետ ունեցած տարաձայնություններն այնքան խորացան, որ Մամուլյանին փոխարինեցին այլ ռեժիսորով: Ամերիկյան կինոյում նրա բարեկեցությունը թվացյալ էր: Այդպիսի դաժան քննադատական հոդվածներ իր մասին չէր կարդացել և ոչ մի ամերիկյան ռեժիսոր: 1933թ. հայտնի ամերիկյան կինոքննադատ Դուայթ Մակդոնալդը Մամուլյանի մասին գրում էր. «Այդ նմանակողը, կեղծ քաղաքավարությամբ ու արևելյան մարդու կեղծ նրբությամբ հայն աչքի է ընկնում գռեհկությամբ»: Մեկ այլ քննադատ` Ռիչարդ Գրիֆիթը, կրկնում է նրա հետևից. «Մամուլյանը բավարարվում է կինոյի մեծ վապետների աշխատանքները վերարտադրելով: Դիտել Մամուլյանի ֆիլմը, շնանակում է` դիտել այլ ռեժիսորների բանաքաղությունը»: Եվ սա` Մամուլյանի, մի ռեժիսորի մասին, որի վարպետությամբ հիանում էր մեծն Օրսոն Ուելսը: Հայտնի ամերիկյան կինոռեժիսոր Ալան Պակուլան ասել է. «Եթե ես չհետևեի, թե ինչպես եք դուք ռեժիսորություն անում, եթե ձեր աշխատանքը չդառնար իմ կյանքի մի մասը, ես չէի կարողանա ֆիլմեր նկարահանել»: Լույս էին տեսնում կինոյի մասին գրքեր ու տեղեկագրեր, որոնցում Մամուլյանի անունն անգամ չէր հիշատակվում: Եվ ոչ միայն Ամերիկայում: Եվրոպայի պատմաբաններ Ժորժ Սադուլը և Լեփրոոնը կինոյի մասին իրենց հիմնարար գրքերում միայն հարևանցիորեն են հիշատակում Մամուլյանի անունը: Մամուլյանի նկատմամբ անտարբերության այդ ամուր պատվարը քանդեց Իտալիայի կինոգետ Ջուլիո Չեզարե Կաստելոն: Նա 1964թ. նրա մասին մի հիանալի գիրք գրեց, որը ռեժիսորի մասին հրապարակումների մի ամբողջ շարքի սկիզբը հանդիսացավ: Դրանք են` Թոմ Միլնի գիրքը Լոնդոնում, Մարկ Սպերգելինը` Ամերիկայում, Ա. Հոլդաուինը և Գ. Փրինցլերինը` Բեռլինում: Նրա մասին հոդվածներ են տպագրվում տեղեկագրերում և հանրագիտարաններում:
Կինոյին զուգահեռ Մամուլյանը շատ էր աշխատում նաև թատրոնում: Բրոդվեյում, «Պորգիից» բացի, նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, որոնք մտել են ամերիկյան թատրոնի պատմության մեջ. «Թևեր Եվրոպայի վրայով», «Կոնգաի», «Մարկոյի միլիոնները», «Օքլահոմա», «Կարուսել» և այլն: Մամուլյանը կինոյի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Նա նաև երեխաների համար գրված «Աբիգայլ. մսուրի կատվի պատմությունը» գրքի հեղինակն է: 1965թ. լույս տեսավ Մամուլյանի «Շեքսպիրի «Համլետը». նոր վարկած» գիրքը: Ռեժիսորը հսկայական աշխատանք է կատարել` Շեքսպիրի «Համլետը» հին անգլերենից թարգմանելով ժամանակակից անգլերենով` այն ավելի ըմբռնելի դարձնելով ժամանակակից մարդու համար: Մամուլյանը պիեսում փոխել է 2000 բառ, կրկին գրել 100 տող, տեքստի բնօրինակից հանել 510 տող, փոխել է կետադրությունն ու բառերի արտասանությունը: 1966թ. Քենթուկիի համալսարանում կայացավ «Համլետի» մամուլյանական տարբերակի պրեմիերան:
1970-80-ական թթ. Մամուլյանը միջազգային շատ կինոփառատոնների ժյուրիների անդամ է: Նա ակտիվորեն հանդես է գալիս զանազան սեմինարներում` նվիրված կինոյի հիմնախնդիրներին: Նա կինոռեժիսուրայի մասին դասախոսություններ է կարդում ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում: 1980թ. Մամուլյանն ընդգրկվում է «Բրոդվեյի փառքի սրահում»: Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է: 1983թ. հատուկ արարողության ժամանակ նրան է հանձնվում Ամերիկայի կինոռեժիսորների գիլդայի բարձրագույն պարգևը` Դ.Ու. Գրիֆիթի մրցանակը: Դերասան Ֆրեդերիկ Մարչը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին` «Օսկարին», արժանացավ «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» ֆիլմի գլխավոր դերակատարման համար: Նույն մրցանակը ստացան «Արյուն և ավազ» կինոնկարի օպերատորներ Էռնստ Փալմերը և Ռեյ Ռենահանը: «Էյ, դեսպերեդո» ֆիլմն արժանացավ ամերիկյան և օտարերկրյա կինոքննադատների մրցանակին: «Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և կյանքում ամենակարևորը` այն լավ խաղալն է, անկախ պիեսի որակից, որում խաղում ես». սրանք Մամուլյանի խոսքերն են: «Ռուբեն Մամուլյանը և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ թե´ ուրախություն, թե´ դառնություն: Բայց նրան հաջողվեց ստեղծել ամենաբարձրակարգ ստեղծագործություններ:
Ռուբեն Մամուլյանը վախճանվեց 1987թ.: Ինչպես հիշում է Ծաղիկ Գյուրջյանը` երիտասարդ մի կին, որը բարեկամացել էր Մամուլյանի հետ և նրա կողքին էր կյանքի վերջին հինգ տարիներին, մահվանից մի քանի օր առաջ նա հանկարծ սկսել է խոսել հայերեն: Մահվանից առաջ ձեռքերով ինչ-որ տարօրինակ շարժումներ է արել: Հարցին, թե ինչ է անում, պատասխանել է. «Տատիկիս հետ վերմակ եմ կարում»: Մամուլյանը թաղվել է Լոս Անջելեսում: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հայկական եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը կատարել են 7 քահանա և 3 թեմակալ: 600 հոգուց ավելի մարդ էր հավաքվել եկեղեցում` Մամուլյանին հրաժեշտ տալու համար: Նրանց թվում էին Էլիա Կազանը, Քերկ Դուգլասը, Դելբերտ Մանը, Ֆրենկ Կապրան, Սթենլի Քրամերը, Ֆրանսիս Կոպոլան, Բիլի Ուայդերը, Ֆրեդ Ցինեմանը, Սիդ Չարիսը, Ջոզեֆ Շիֆերը, Ֆրանկլին Շեֆները, Ջին Ռեյնոլդսը, Մարտին Ռիդը, Ռոբերտ Վայսը և այլն:

ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ

Մեկ այլ հանրահայտ հայի` ռեժիսոր Անրի Վերնոյի, որի կյանքն անցել է Ֆրանսիայում, ստեղծագործական ճակատագիրը զգալիորեն ավելի հաջողված էր: Որպես ռեժիսոր նկարահանել է 42 գեղարվեստական կինոնկար: Դրանցից 27-ի սցենարիստն ինքն է եղել: Որպես դերասան նկարահանվել է 6 ֆիլմում: Եղել է 4 կինոնկարի պրոդյուսերը: Ֆրանսիայում պարգևատրվել է Պատվո լե•եոնի շքանշանով: Երկու անգամ ստացել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակը երկու անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» (1980), և կենդանության օրոք ունեցած նվաճումների համար (1996): 1954թ. ստացել է Լոկարնոյի փառատոնի Գլխավոր մրցանակը, իսկ 1956թ.` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում:
Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է 1920թ. հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում: 1924թ. Մալաքյանների ընտանիքը, Արևմտահայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը կրկնելով, փախել է Հունաստան: Նպատակ ունեին տեղափոխվել Մեքսիկա, սակայն ճանապարհին ստիպված են եղել կանգ առնել Մարսելում, որտեղ էլ հիմնավորվել են: 1930թ. ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Մարսելում հայրը զբաղվում էր ձկնորսությամբ: Նախնական կրթությունն Աշոտ Մալաքյանը ստացել է Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում: Ծնողները խստորեն հետևում էին որդու ուսմանը` ցանկանալով նրան լավ կրթություն տալ: Նրանք մասնավոր ուսուցիչ են վարձում, որպեսզի ֆրանսերենի հետ միաժամանակ շարունակի սովորել նաև հայերեն: Նրա բարձրագույն կրթության մասին տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են հաղորդվում: Հոդվածներից մեկում ասվում է, որ ավարտելով ինստիտուտը` նա ստացել է ծովային չափագետի մասնագիտություն: Մյուսում խոսվում է բանասիրական կրթության մասին: Մի բան ճիշտ է. ինստիտուտն ավարտելուց հետո Աշոտը սկսում է աշխատել «Լա Մարսելյեզ» թերթում: Երբ 1945-ին պատերազմն ավարտվեց, ամբողջ աշխարհը, այդ թվում և Ֆրանսիան, մտահոգ էին խաղաղության պահպանմամբ և ամրապնդմամբ: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Մալաքյանին առաջարկեցին հանդես գալ Հայկական հարցի վերաբերյալ հոդվածաշարով: Հոդվածները մեծ արձագանք ունեցան: Դրանք ստորագրված էին Անրի Վերնոյ անվամբ: Այս մականունը նրա հետ մնաց մինչև կյանքի վերջը: Ավելի ուշ նա ինքն է թերթ հիմնում և միևնույն ժամանակ ռադիոհաղորդումների ցիկլ վարում: Վերնոյը ցնցվել էր, երբ դեռ պատանի` տեսել էր առաջին ֆիլմը: Կինոն նրա վրա այնքան խոր տպավորություն էր թողել, որ նա չէր դադարում մտածել դրա մասին: Տարօրինակ զուգադիպությամբ նրա տեսած առաջին ֆիլմը Ռուբեն Մամուլյանինն էր: Ահա թե ինչ է գրում այդ մասին ինքը` Վերնոյը. «Ֆիլմում խաղում էր Գրետա Գարբոն: Դա Մամուլյանի «Քրիստինա թագուհին» էր: Այդ պահից սկսած` չկար մի օր, որ ես կինոթատրոն չգնայի: Ես չէի կասկածում, որ օրերից մի օր ես կգտնեմ իմ տեղը կինեմատոգրաֆում»:
1948թ. Անրի Վերնոյը նկարահանում է իր առաջին ֆիլմը: Դա փաստագրական ժապավեն էր Մարսելի մասին: Հետագա տարիներին նա նկարահանում է ավելի քան 30 վավերագրական և կարճամետրաժ կինոնկարներ:
1951թ. Վերնոյը սցենար է գրում Մարսել Էմեի «Սեղան մեռածների համար» վեպի հիման վրա և ցույց է տալիս այն ժամանակ արդեն անվանի կինոդերասան Ֆերնանդելին: Վերջինիս սցենարն այնքան է դուր գալիս, որ անգամ ցանկություն է հայտնում նկարահանվել դրանում: Ռեժիսորը նկարահանում է «Սեղան մեռածների համար» ֆիլմը, որն անմիջապես ցուցադրվում է Կաննի կինոփառատոնում, և եթե այս ֆիլմը հանրահայտ չի դարձնում, ապա գոնե հայտնի հաստատ դարձնում է, որովհետև Վերնոյն անմիջապես հրավեր է ստանում Հոլիվուդից:
1960-70-ական թթ. Վերնոյի անունն արտաբերվում էր ֆրանսիական կինոյի այնպիսի վարպետների կողքին, ինչպիսիք էին Ռընե Կլերը, Ժան Ռենուարը, Մարսել Կարնեն, Ֆրանսուա Տրյուֆոն, Քրիստիան-Ժակը, Ժակ Դյուվիվիեն: Նա ներկայացնում էր այն ֆրանսիական կինոն, որը գիտեն և սիրում են ամբողջ աշխարհում: Վերնոյի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ժան Գաբենը (հինգ կինոնկարներում), Ժան-Պոլ Բելմոնդոն (վեց կինոնկարներում), Ալեն Դելոնը, Պատրիկ Դևաերը, Իվ Մոնտանը, Էնտոնի Քուինը, Հենրի Ֆոնդան, Օմար Շարիֆը,Կլաուդիա Կարդինալեն և այլք:
Նրա ֆիլմերից առավել հայտնի են «Այդքան տարբեր ճակատագրեր»-ը (1954), «Մեղեդի նկուղից»-ը (1963), «Հազար միլիարդ դոլար»-ը (1964), «Սիցիլիական կլան»-ը (1969), «Եվ... ինչպես Իկարը» (1980): Հայ հանդիսատեսին լավ հայտնի է նրա «Մայրիկ» ֆիլմը (1991), որում նա վերադառնում է իր արմատներին, իր ընտանիքի պատմությանը, որ կիսում է թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայերի ճակատագիրը:
«Այդքան տարբեր ճակատագրեր»-ը զվարճալի, ուրախ կատակերգություն է Ֆերնանդելի, Լուի դը Ֆյունեսի, Պոլեթ Դյուբոյի և Ֆրանսուազ Առնուլի մասնակցությամբ: Ոչ մեծ ֆրանսիական գյուղակում ծնվում են հինգ երկվորյակ տղաներ: Մի անգամ, արդեն մեծացած պատանիները վիճում են իրենց հոր հետ և հեռանում գյուղից: Սյուժեի հետագա զարգացումը բերում է նրան, որ գյուղի բնակիչները ջանում են գտնել և գյուղ վերադարձնել տղաներին: Նրանք վերադառնում են, և եղբայրներից մեկն ունենում է... վեց երկվորյակներ: Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» «Լավագույն սցենար» անվանակարգում (1956):
Իհարկե, «Մեղեդի նկուղից»-ում ամենահատկանշականը Ժան Գաբեն - Ալեն Դելոն դերասանական երկյակն է: Հիանալի կերպով ըմբռնելով գանգստերական ֆիլմի առանձնահատկությունները` դերասանները բառացիորեն լողում են ռեժիսորական առումով փայլուն լուծումներ ստացած դրվագներում... Հարուստ «Ծառայացուցակ» ունեցող ծեր գանգստերը (Ժան Գաբեն) ֆրանսիական Ռիվիերում գտնվող կազինոյի սեյֆը թալանելու պլան է մշակում: Որպես օգնականներ նա հրավիրում է սկսնակ ավազակների` Ֆրանսուայի (Ալեն Դելոն) գլխավորությամբ: Ֆիլմում հնչում են գեղեցիկ երկխոսություններ և Միշել Մանի ցնցող ջազային իմպրովիզացիաները: ԱՄՆ-ում ֆիլմն արժանացավ Էդգար Ալան Պոյի մրցանակին` լավագույն արտասահմանյան քրեական կինոնկարի համար, ինչպես նաև ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը` որպես լավագույն արտերկրյա ֆիլմ:
«Հազար միլիարդ դոլար»-ը Անրի Վերնոյի լուրջ, մերկացնող ֆիլմերից մեկն է: «Մեզ հայտնի ռեժիսորներից և ոչ մեկն այնպես խորությամբ չի բացահայտել փողի իշխանության դաժան և անսիրտ աշխարհը, ինչպես դա արել է Անրի Վերնոյը»,- գրել է «Յումանիտեն» թերթը ֆիլմի` էկրաններին հայտնվելու օրերին: Ֆիլմի հիմքում Ռոբերտ Լատեսի համանուն վեպն է: Հազար միլիարդ դոլարը 31 առաջատար կապիտալիստական մոնոպոլիայի շրջանառու կապիտալն է: Էկրանին պատերազմ է ընթանում, բայց ծածուկ պատերազմ: Մարտական գործողությունների մասնակիցները ոչ թե զինվորական համազգեստ են կրում, այլ շքեղ կոստյումներ: Նրանց զենքը ոչ թե ատրճանակներ են, այլ պորտֆելների պարունակությունը և հմայիչ ժպիտները: Բայց այդ պարկեշտ աշխարհիկ անտուրաժի հետևում միմյանց հետ շահույթը կիսել չցանկացող ֆինանսական խոշոր գործարարների մահացու գոտեմարտն է: Երկու տարվա ընթացքում ռեժիսորը հավաքում էր անհրաժեշտ տեղեկություններ այս վիթխարի տնտեսական կայսրության մասին, այն մասին, թե ինչ էր խոսվում նրա մասին անցյալում, և ինչ է տեղի ունենում այժմ: Այսպես կոչված «բազմազգ» այդ ընկերությունները տնօրինում էին Արևմուտքի հիմնական կապիտալը և իրենց շոշափուկները տարածում են աշխարհով մեկ, հաճախ նրանց շահերով է թելադրվել այս կամ այն երկրի քաղաքականությունը: Այս ընկերություններից մեկի ղեկավարը չափազանց բարեկիրթ, քաղաքավարի և սիրալիր մարդ է (Մել Ֆերեր), որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցել է Հիտլերի հետ և շարունակել է օգնել նրան նաև այն ժամանակ, երբ պատերազմի մեջ է մտել նաև ԱՄՆ-ը: Խնամքով թաքցվող այս մանրամասների մասին իմանում է հայտնի լրագրողներից մեկը (Պատրիկ Դևաեր): Լրագրողին, իհարկե, վերացնում են, սակայն նրա մերկացնող հոդվածը տպագրվում է ծայրամասային քաղաքներից մեկի թերթում: Թվում է` արդարությունն այնուամենայնիվ հաղթում է, և ճշմարտությունը հայտնի է դառնում բոլորին: Բայց կինոնկարի ավարտը բերում է այն համոզման, որ նման եզակի դեպքերն ի վիճակի չեն փոխել այս աշխարհում փողի իշխանությունը:
«Սիցիլիական կլան» կինոնկարը երկար ժամանակ տեղ էր զբաղեցնում ամենադրամարկղային ֆիլմերի հարյուրամյակում ֆրանսիական կինոյի ողջ պատմության ընթացքում: Ֆրանսիայում այն դիտել են 5 միլիոն հանդիսատեսներ: Ժանրով այն կրկին գանգստերական ֆիլմ է` նորից Ժան Գաբենի ու Ալեն Դելոնի մասնակցությամբ` գումարած հիանալի ֆրանսիական դերասան Լինո Վենտուրան և Չառլի Չապլինի որդին` Սիդնի Չապլինը... Սիցիլիական կլանը Վիտորիոյի (Ժան Գաբեն) գլխավորությամբ մտադրվում է հանդուգն հափշտակություն կատարել` գողանալ Նյու Յորք տեղափոխվող թանկարժեք իրերի հավաքածուն: Պլանն իրագործելու համար կազմակերպվում է հայտնի ավազակ Ռոժեի (Ալեն Դելոն) անհավանական փախուստը: Վերջինիս բանտ է տեղափոխում ոստիկան Լը Գոֆը (Լինո Վենտուրա): Պլանը գործողության մեջ է դրվում Ֆրանսիայի և Ամերիկայի պրոֆեսիոնալ հանցագործների կողմից: Ուղևորատար «Բոինգը», որով տեղափոխվում էին ադամանդները, վարպետորեն հափշտակվում է: Հղկված վարպետությամբ, ճշգրիտ ռիթմով Վերնոյը մանրամասն վերարտադրում է հանցագործության նախապատրաստման և իրականացման գործընթացը: Ֆիլմի վերջաբանն անսպասելի է, այն դժվար թե գուշակեին անգամ դետեկտիվի ամենամոլի սիրահարները: Ֆիլմի համար հիասքանչ երաժշտություն է գրել Էնիո Մարիկոնեն, որն այն ժամանակվա համար աներևակայելի հոնորար է ստացել` 1.000.000 դոլար:
«Եվ... Ինչպես Իկարը» ֆիլմը, որի գործողությունները կատարվում են մտացածին երկրում, որը շատ նման է ԱՄՆ-ին, նկարահանվել է քաղաքական ֆանտաստիկայի ժանրով: Ֆիլմի վրա ռեժիսորն աշխատել է չորս տարի... Նախագահը սպանվել է: Ենթադրվող դավադրության հետաքննությունը վարում է դատախազը (Իվ Մոնտան), որը հանուն արդարության պատրաստ է ամեն տեսակ մերկացումներ անել` անգամ կյանքի գնով: Նա հասցնում է բացահայտել դավադրության շատ թելեր, բայց ինքը դառնում է մարդասպանի զոհ: Բնականաբար, բոլորը գլխի ընկան, որ ֆիլմը Քենեդիի սպանության մասին է: «Յումանիտե դիմանշին» տված հարցազրույցում Վերնոյն ասում է. «Ես կարդացել եմ Ուորենի զեկույցը և այն ամենը, ինչ հրապարակվել է դրանից հետո, բոլոր հետաքննությունները: Դրանք գաղտնիքը չեն բացել: Եվ ես պատկերացրի մի ոմն դատախազի, մարդու, որի մասին երազում էր ամբողջ Ամերիկան, բայց ով իրականում գոյություն չուներ»: Վերնոյը ֆիլմում մի դրվագ ունի, որը հիմնված է Ելի համալսարանի լաբորատորիայում հոգեբան պրոֆեսոր Սթենլի Միլգրամի կատարած փորձի վրա: Փորձի մասնակիցներին առաջարկեցին էլեկտրական հոսանքով ներազդել հիշողության կորստով տառապող հիվանդի վրա` որոշակի թեստը հիշելիս թույլ տված յուրաքանչյուր սխալի համար նրան «պատժելով» հոսանքի ավելի ուժեղ լիցքով` սկսած 25 վոլտից: Եղել են դեպքեր, և բավական հաճախակի, երբ փորձարկողները «պատիժը» հասցնում էին մինչև մահացու չափաբաժնի` 450 վոլտի: Միլգրամը ենթադրում էր, որ փորձի մասնակիցների միայն մեկ կամ երկու տոկոսն ի վիճակի կլինի օգտագործել մահացու չափաբաժինը: Սակայն պարզվեց, որ 100 մարդուց 60-ը ընդունակ է նման դաժանության: Փորձարկողներն այնքան բարեխղճորեն էին կատարում առաջադրանքը, որ անգամ հիվանդի անտանելի տառապանքները տեսնելուց հետո էլ շարունակում էին ավելացնել լարումը: Իհարկե, հիվանդի դերը կատարում էր դերասանը, և ոչ մի հոսանք էլ չկար: Բայց պատիժն իրականացնողներն այդ մասին չգիտեին: Հոգեբաններն այսպիսով պարզեցին, որ մարդիկ հաճախ մարդասպան են դառնում պարզապես հրաման կատարելով: Վերնոյն այս փորձն ամբողջությամբ ընդգրկեց ֆիլմում` իբրև հավաստում այն թեզի, որ «ոչ մի դիկտատոր չի կարողանա վերացնել իր բոլոր թշնամիներին: Նրան պետք են միլիոնավոր կատարողներ, որոնք կատարում են նրա աշխատանքի մի մասը` միաժամանակ պահպանելով մաքուր խիղճը: «Ես ընդամենը հրաման եմ կատարել». սա հին ու չափազանց ծանոթ երգ է»,- ասում է Անրի Վերնոյը: «Եվ... ինչպես Իկարը» ֆիլմն իսկական իրադարձություն էր ֆրանսիական կինոյի կյանքում», - գրում էր Ս. Լաշիզը «Յումանիտե դիմանշում»:
Անրի Վերնոյը միշտ պահպանել է կապն իր արմատների հետ: Սպիտակի երկրաշարժից հետո նա, որպես բեմադրող ռեժիսոր, մասնակցել է «Քե´զ, Հայաստան» երգի երաժշտական հոլովակի պատրաստմանը: Երգի հեղինակներն էին Շառլ Ազնավուրը և կոմպոզիտոր Ջորջ Գարվարենցը: 1991թ. նրա նկարահանած երկու վերջին ֆիլմերը` «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588», նույնպես թելադրված էին նրա հայկական ծագմամբ: Երկու կինոնկարներն էլ տոգորված են հարազատ ընտանիքի մասին հիշողություններով, հարազատ ժողովրդի մասին խոհերով, որոնց հետ կապը նա երբեք չի կտրել: «Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետևից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել, նշանակում է` հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաև մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաև հայ մշակույթի»:
Անրի Վերնոյը վախճանվել է 2002թ. հունվարի 11-ին: Հունվարի 17-ին նրա հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Փարիզի հայկական եկեղեցում: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն ասաց. «Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասն է»:

ԵԺԻ ԿԱՎԱԼԵՐՈՎԻՉ

1970-ական թթ. վերջին իր նոր` «Նախագահի մահը» ֆիլմի պրեմիերայով Հայաստան եկավ լեհ հայտնի կինոռեժիսոր Եժի Կավալերովիչը: Նա արդեն համաշխարհային կինոյի աշխարհահռչակ դասական էր: Ես բախտ եմ ունեցել հարցազրույց անցկացնել Եժի Կավալերովիչի հետ Հայկական հեռուստատեսությունում, որի ավարտին հարցրի նրան իր հայկական ծագման մասին: Եվ ամբողջ Հայաստանով մեկ հնչեց նրա պատասխանը. «Այո´, իմ նախնիները հայեր են եղել: Իմ տատն ու պապը լավ էին խոսում հայերեն: Նրանք հաճախ հայկական երգեր էին երգում»: Սակայն նրանք վաղ են մահացել, և Կավալերովիչի կապը հայության հետ ընդհատվել է վաղ մանկությունում: Հայ համայնքի հետ նա կապ չի ունեցել և իրեն լեհ է համարել: Գտնվելով Հայաստանում` նա այցելեց հանրապետության պատմական հիշարժան վայրեր: Նա զարմանալիորեն քաջատեղյակ էր հայ ժողովրդի պատմական իրադարձություններին: Գիտեր Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության մասին: Սակայն չէր հիշում, թե ծա•ումով որտեղից են եղել ծնողները: Կավալերովիչը եղավ հայկական գյուղում և հաճույքով ճաշակեց պանրով ու կանաչիով բրդուճն ու գյուղի մածունը: Երևան վերադարձի ճանապարհին, մեքենայում, նա երկար լռեց, իսկ այնուհետև մտախոհ ասաց. «Այնպիսի զգացողություն ունեմ, ասես այս ամենն ինձ հետ արդեն պատահել է: Այս ամենն ինձ ծանոթ է: Դա, հավանաբար, գեներիս հիշողությունն է»: Իսկ մասնավոր զրույցում Կավալերովիչն ասաց, որ «իչ»-ով ավարտվող լեհական ազգանուն կրողները էթնիկ հայեր են:
Եժի Կավալերովիչը ծնվել է 1922թ. հունվարի 19-ին, ծայրամասային փոքրիկ Ուկրաինական Գվոզդևե (Գվոզդեց) բնակավայրում, մտավորականների ընտանիքում: Ընտանիքում ավանդաբար հրապուրված էին գեղանկարչությամբ: Նրա քեռին պրոֆեսիոնալ նկարիչ էր և մահվանից հետո քրոջորդուն էր թողել ներկապնակը, նկարակալը և ներկերը: Այդպես Եժին վաղ հասակից կապվեց նկարչությանը: Փոքր քաղաքում ո´չ թատրոն կար, ո´չ թանգարաններ, դրա համար էլ գեղանկարչությունն էր լրացնում պատանու` արվեստով հրապուրվածությունը: Ավելի ուշ, գիմնազիայից հետո, նա մեկնում է Կրակով և ընդունվում Գեղարվեստի ակադեմիա: Այստեղ արդեն նա տարվում է կինոարվեստով և միաժամանակ հաճախում կինոինստիտուտի պարապմունքներին: 1947թ. իբրև ռեժիսորի ասիստենտ մասնակցում է լեհական «Արգելված երգեր» կինոնկարի նկարահանումներին: 1951թ. Կազիմեժ Սումերսկու հետ միասին նկարահանում է իր առաջին` «Լեռնակույտ» ֆիլմը, որում հստակ ի հայտ եկավ Կավալերովիչի հետաքրքրվածությունը կինոյում ձևի հարցերի նկատմամբ: Բայց պլաստիկ ձևերով խաղը երբեք ինքնին չի հրապուրել ռեժիսորին: Նա երբեք չի հայտնվել այն արվեստագետի վիճակում, որին հանդիսատեսից անդունդն է բաժանում: «Ես ուզում եմ, որ հանդիսատեսը չլսի ինձ, այլ մտածի ինձ հետ միասին կյանքի մասին»: Այս խոսքերը դառնում են նրա ստեղծա•ործության բանաձևը: Յուրաքանչյուր նոր աշխատանքում նա ոչ միայն նյութին առավել համապատասխանող ձևը կփնտրի, այլև հանդիսատեսի հետ «միասին ստեղծագործելու» նոր հնարավորություններ:
Եժի Կավալերովիչն ապշեցնող արագությամբ ճանաչման արժանացավ և´ հայրենիքում, և´ նրա սահմաններից դուրս: Նրա յուրաքանչյուր հաջորդ ֆիլմն ավելի ու ավելի լավն էր, ավելի վարպետորեն ստեղծված, ավելի նուրբ, և մեծ չափով տարբերվում էր նախորդներից: Կավալերովիչի ստեղծագործությունը վարպետության օրինակ է, որն անընդհատ կատարելագործվում էր: Յուրաքանչյուր նոր ֆիլմի հետ բարդանում էր նրա լեզուն, կատարելագործվում ձևը: Բայց վերջինս երբեք նրա ֆիլմերում չի դառնում ինքնանպատակ և չի գերիշխում բովանդակության վրա: Հանդիսատեսի և ռեժիսորի միջև թյուրըմբռնում երբեք չի առաջացել: Նա միշտ սիրելի է եղել հանդիսատեսի համար, և նրա ֆիլմերը միշտ լեփ-լեցուն կինոսրահ են հավաքել: Եվ ոչ միայն Լեհաստանում:
Եժի Կավալերովիչի ֆիլմագրությունն այնքան էլ մեծ չէ: Մոտ 20 կինոնկար: Բայց դրանց մեջ են այնպիսի փայլուն կինոնկարներ, ինչպիսիք են «Ստվերը» (1956), «Մեծ պատերազմի իսկական ավարտը» (1958), «Գնացքը» (1959 «Փարավոնը» (1966), «Նախագահի մահը» (1978) և «Յո՞ երթասը» (2001):
«Մեծ պատերազմի իսկական ավարտը» (մեր երկրում այն ցուցադրվել է «Դա չի կարելի մոռանալ» անվամբ) ֆիլմում նկարահանված է մի մարդու պատմությունը, ով պատերազմի ավարտից մի քանի տարի անց վերադառնում է կնոջ մոտ համակենտրոնացման ճամբարից, էպիլեպսիայով հիվանդ, համր, հիշողության կորստով, բայց նորմալ մտածողությամբ: Կինը պայքարում է ամուսնու հանդեպ պարտքի զգացման և այլ տղամարդու նկատմամբ սիրո միջև: Տնային աշխատող ծեր կինը հավատարմորեն սիրում է հիվանդին և ատում նրա կնոջը, իր կարծիքով` ամուսնու նկատմամբ նրա եսասիրության պատճառով: Հերոսները մարտնչում են անելանելի իրավիճակում` «պատռվելով» պարտականությունների, բարոյական պարտքի և զգացմունքների արանքում: Սեր մարդկանց, ատելություն պատերազմի և մարդկային երջանկության հանդեպ անկեղծ մտահոգություն. այս զգացումներով է լեցուն ֆիլմը և դրանցում է նրա գլխավոր արժեքը: Ֆիլմը թաթախված է նաև ապշեցուցիչ անելանելիության զգացումով: Ֆիլմի հերոսների համար պատերազմն այդպես էլ չի ավարտվել: Ֆիլմի անվանումն ասես նախազգուշացում է` ուղղված մարդկանց: Ֆիլմի գլխավոր դերերի փայլուն կատարմամբ հանդես են եկել Լյուցինա Վինիցկան և Ռոլանդ Գլովացկին: Սա Լյուցինա Վինիցկայի երկրորդ դերն էր կինոյում: Հետագայում նա շատ կանանց կերպարներ է մարմնավորել Կավալերովիչի ֆիլմերում:
«Գնացքը» ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել գնացքի վագոն-ննջարանում: Գնացքով ծով հանգստանալու էր գնում քաղաքաբնակների մի խումբ: Ֆիլմում միասնական, կապակցված սյուժետային գիծ չկա: Կավալերովիչը վիրտուալ կերպով առաջ է տանում պատմությունը` անընդմեջ ընդհատելով և միահյուսելով տարբեր սյուժետային գծերը, անընդհատ ավելացնելով նոր գծեր հերոսների բնութագրերին, տեղի ու ժամանակի նորանոր հատկանիշներ գտնելով, որոնք նրբորեն ազդում են գործողության զարգացման և կերպարների արարքների վրա: Ինչպես որ անհնար է վերապատմել երաժշտությունը, այդպես էլ անհնար է խոսքերով հաղորդել Լյուցինա Վինիցկայի, Լեոն Նեմչեկի, Զբիգնև Ցիբուլսկու դերասանական խաղի նրբին վարպետությունը: Ֆիլմում հերոսներ շատ կան, և նրանցից յուրաքանչյուրը լեհական հասարակության ինքնատիպ շերտի բացահատման որոշակի խնդիր է կրում: Կավալերովիչը համոզիչ կերպով բաց է անում գնացքի ուղևորներից յուրաքանչյուրի հոգեբանությունը` երբեմն ճիշտ գտնված մանրամասնի, իսկ երբեմն էլ` պատկերավոր միջոցների բարդ համակարգի օգնությամբ: «Գնացքը» զուտ ռեժիսորական ֆիլմ է: Ինչպես և, ի դեպ, Կավալերովիչի բոլոր ֆիլմերը: Ռեժիսորը դիմում է հանդիսատեսների ասոցիատիվ մտածողությանը: Նա խոստովանել է, որ «Գնացք»-ում չի ձգտել ցուցադրել «մեծ գաղափարներ»: «Ես ֆիլմ եմ նկարել միայն զգացմունքների մասին, թռուցիկ շփումների մասին, որ ծնվում են մարդկանց մեջ, ընդհանրության մասին, որ անգամ մեկ գիշերվա մեջ է առաջանում»: Ռեժիսորն ասում է, որ կուզենար գրավել հանդիսատեսների ուշադրությունը որոշ հարցերի վրա, որոնց մասին սովորաբար ամոթխածորեն լռում են: Կավալերովիչի այս ֆիլմը, ինչպես և նրա ֆիլմերի մեծամասնությունը, չի ավարտվում կինոդահլիճում: Մտքերը նրա մասին հեռանում են հանդիսատեսի հետ:
Նրա հաջոորդ` «Իոաննայի մայրը` հրեշտակներից» Կավալերովիչը նկարահանել է այն ժամանակ, երբ լեհական կինեմատո•րաֆում եռանդուն որոնում էին այն հարցերի պատասխանները, որոնք առաջադրում էր արդիականությունը: Ինչպես և լեհ ռեժիսորներից շատերը, Կավալերովիչը փնտրում էր մարդկանց հոգևոր անբարեկեցության պատճառները: Եվ նա տալիս է լեհերի ժամանակակից հոգեկան հիվանդության ախտորոշումը` ճակատամարտ տալով ամենամռայլ ու չարակամ այն ամենին, ինչը տանջում է նրանց: «Կինոյի արվեստը» հանդեսին տված հարցազրույցում Կավալերովիչը ասել է ֆիլմի մասին. «Ֆիլմում բախվում են երկու ուժ` սերը և հավատը, և սրանում է նրա հերոսների ողբերգությունը: Կրոնական հավատը սպանում է մարդկային սերը»: Կավալերովիչը հանդես է գալիս եկեղեցու և կրոնական մտածողության, այլ ոչ թե Աստծո կամ նրա սպասավորների դեմ, նա հանդես է գալիս որոշ մարդկանց այն համոզման դեմ, թե հավատը գերազանցություն ունի բանականության հանդեպ: Ֆիլմը խիստ անսովոր է, բարդ և բազմաշերտ: Կինոնկարի մտահղացումը փայփայվել է մի քանի տարվա ընթացքում, նրա յուրաքանչյուր կադրը ստուգված է և իրականացված վիրտուոզի թեթև ձեռքով: Կարդինալ Ռիշելիեի հրամանով ձերբակալվում և ողջ-ողջ այրվում է քսյոնձը: Ճիզվիտ Սուռինը նա էր, ով քշում էր սատանաներին Իոաննայի միջից: Իոաննան մեռնում է վանքում` հիվանդ և´ ֆիզիկապես, և´ հոգեպես: Կավալերովիչը հարազատ է մնացել պատմական ճշմարտությանը: Ֆիլմի գործողությունը նույնպես տեղի է ունենում վանքում: Իոաննայի դերակատարն է ռեժիսորի սիրելի դերասանուհին` Լյուցինա Վինիցկան, որն այս ֆիլմում հանդես է բերում իր տաղանդի նոր որակներ: Եթե նախորդ ֆիլմում նա իր հերոսուհուն ներկայացնում է դերասանական խաղի շատ նուրբ, հազիվ նշմարելի նյուանսներով, ապա «Իոաննայի մայրը` հրեշտակներից»  ֆիլմում նրա խաղը տարբերվում է լայն ու հոծ վրձնահարվածներով, որոնք երբեմն գրեթե վերածվում են գրաֆիկայի: Ռեժիսորն ու դերասանուհին էկրանին ստեղծում են անկոտրում բնավորություն: Ի տարբերություն Իոաննա Իվաշկևիչի` Վինիցկայի հերոսուհին ֆիզիկապես ու բարոյապես առողջ է: Նա խելացի և հիասքանչ կին է: Նա ստիպված է ենթարկվել իր աշխարհում պարտադիր օրենքներին: Բայց նա չի ուզում և չի կարող ստրուկ դառնալ: 1966թ. ֆիլմն արժանացավ Կաննի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին:
«Փարավոնը» լեհ հանրահայտ վիպասան Բոլեսլավ Պրուսի համանուն վեպի էկրանավորումն է: Շատ ժամանակակից ռեժիսոր լինելով` Կավալերովիչն անդրադառնում է անցյալին միայն նրա համար, որ նրա օգնությամբ մտածի իր օրերի Լեհաստանի հիմնախնդիրների մասին: Ֆիլմը նրան հնարավորություն է տալիս կողմնորոշվել քաղաքականության ու իշխանության մեխանիզմի հարցում և հանդես գալ ընդդեմ երեսպաշտության կյանքում և քաղաքականության մեջ: Նրա ուշադրությունը հատկապես գրավել էր իշխանության համար քրմերի դեմ փարավոնի պայքարի թեման: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ, սկսելով նկարահանումները, նա հասկանում էր, որ ֆիլմը խիստ հրատապ է լինելու: Ընդ որում` նա նկատի ուներ նախագահ Քենեդիի մահը: Թեև այդ մահը խորհրդավոր էր, բայց հիմնականում միանգամայն հասկանալի: Քենեդիի մահվան և փարավոնի` ոսկու պահապանների կազմակերպած սպանության միջև զուգահեռը հանդիսատեսներն անպայման կանցկացնեն, և նրա ֆիլմը կօգնի նրանց շատ բան հասկանալ:
«Փարավոնից» հետո Կավալերովիչը նկարահանեց «Խաղը» (1968), «Մադալենա» (1971) և «Նախագահի մահը» (1978) ֆիլմերը: Վերջինի մտահղացումը նա փայփայում էր 30 տարի: Կինոնկարի գործողությունը տեղի է ունենում 1922թ. և հիմնվում է իսկական պատմական փաստաթղթերի վրա: Եվ կրկին թեման քաղաքականությունն է, պետությունը և իշխանությունը: Անդրադառնալով վաղուց անցած օրերի իրադարձություններին` ռեժիսորը մշտապես մտածում է իր օրերի Լեհաստանի մասին: Ժամանակը թույլ չէր տալիս նրան ազնվորեն և ուղիղ ձևով խոսել այն մասին, ինչը նրան անհանգստացնում և հուզում էր Լեհաստանում, որը նա շատ էր սիրում: Բարձրակարգ ռեժիսոր լինելով` Կավալերովիչն, այնուամենայնիվ, ֆիլմում ասաց այն ամենը, ինչի մասին մտածում էր, և հանդիսատեսները նրան հասկացան: 1979թ. Բեռլինի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացավ Արծաթե արջի:
Կինոռեժիսորի վերջին աշխատանքը «Յո՞ երթաս» ֆիլմն է (2001)` լեհ գրող Հենրիկ Սենկևիչի վեպի էկրանավորումը: Հավատարիմ մնալով վեպի ոգուն` Կավալերովիչը մասշտաբային գործ է ստեղծում` նվիրված քրիստոնեության ծագմանը Հին Հռոմում: Հոյակապ դերասանները, վարպետորեն նկարահանված զանգվածային տեսարանները, գույնի փայլուն օգտագործումը ֆիլմը դարձրին շատ տարածված: Այն ցուցադրվեց աշխարհի բազմաթիվ երկրներում:
Եժի Կավալերովիչը վախճանվել է 2007թ. դեկտեմբերի 27-ին: Թաղվել է Վարշավայում:

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ

Մինչև 1993 թվականը կանադական կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի անունը Հայաստանում, հավանաբար, հայտնի էր առանձին մարդկանց: Նրա մասին տեղեկատվությունը եկավ իր ֆիլմի` «Օրացույցի» հետ միասին, որն Էգոյանը մասամբ նկարահանել էր Հայաստանում: Մենք մեզ համար հայտնաբերեցինք մի ռեժիսորի, որին արդեն լավ ճանաչում էին Եվրոպայում և անգամ Ամերիկայում:
Ատոմ Էգոյանը ծնվել է 1960թ. Կահիրեում: Երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Կանադա և բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին կահույքի խանութից ստացվող եկամուտով: Ատոմը դեռ երեխա էր, երբ նրա տատիկին ծերանոց տարան: Այս իրադարձությունն այնպես էր վշտացրել տղային, որ նա դադարեց խոսել հայերեն և անգամ փակում էր ականջները, երբ հայերեն խոսք էր լսում: Երբ նրա «Ընտանեկան դիտում» ֆիլմի հերոսը` 17-ամյա Վանը (կիսով չափ հայ) հայտնվում է նման իրավիճակում, նա ոչ միայն պարզապես այցելում է իր տատիկին, ինչպես դա անում է պատանի Ատոմը, այլև նրան իր մոտ` տուն է տանում: Իր ազգային պատկանելության մասին Էգոյանը երբեք չի մոռացել: Ավելին, հայկական թեման այս կամ այն չափով առկա է ռեժիսորի շատ ֆիլմերում: Իսկ 2002թ. նա նկարահանում է «Արարատ» ֆիլմը, որի հիմնական թեման հայերի ցեղասպանությունն է Թուրքիայում: Հայկական արմատները խորապես նրա էության մեջ էին: Դժվար է Էգոյանի ֆիլմերն ինքնակենսագրական անվանել: Սակայն շատ բան նրա կյանքից դրանցում իրենց արտացոլումն են գտնում: Պատանեկության տարիներին նա մի քանի տարի աշխատել է Վիկտորիայի շքեղ «Միապետուհի» հյուրանոցում: «Դեր տեքստով» ֆիլմի (1989) գործողությունը գրեթե ամբողջությամբ տեղի է ունենում հյուրանոցում: 1989թ. այրվում է ծնողների կահույքի խանութը: «Ապահովագրական գործակալը» ֆիլմում (1991) այրվում է հերոսի տունը: Երբ Էգոյանը գրում էր «Էկզոտիկա» ֆիլմի սցենարը, գլխավոր դերը հաշվարկված էր ռեժիսորի կնոջ` Արսինե Խանջյանի համար, դերասանուհի, ով նկարահանվել է ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերում: Ֆիլմի նկարահանումներն սկսելու պահին Արսինեն յոթամսյա հղիություն ուներ: Նրանց ընդհանուր կենսագրության այդ փաստն անմիջապես մտցվում է սցենարի մեջ և, բնականաբար, խաղացվում ֆիլմում: Բայց այս ամենը` հետո, իսկ մինչ այդ Ատոմ Էգոյանը Տորոնտոյի համալսարանի ուսանող էր: Ընտրելով դիվանագետի մասնագիտությունը` նա սովորում է միջազգային հարաբերությունների բաժնում: Միևնույն ժամանակ դասական կիթառի դասեր է առնում: Նրա հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է. գրում է ֆիլմերի գրախոսականներ, իրեն փորձում է դրամատուրգիայում, կինոսցենարներ է գրում: Մտնելով համալսարանի հայ համայնք` նա վերահսկում է հայերենի պարապմունքները: Առաջին մրցանակներն Էգոյանը ստացել է «Մասնավորապես Հովարդ» կարճամետրաժ կինոնկարի համար, որը նկարահանվել է համալսարանում և ցուցադրվել Ազգային կանադական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող կինոփառատոնում: Ավարտական կուրսի ուսանող եղած ժամանակ Ատոմ Էգոյանը սեփական սցենարով նկարահանում է «Բաց տուն» ֆիլմը (1982), որի նկատմամբ իրավունքները ձեռք է բերում ՍիԲիԷս-ի կանադական բաժանմունքը: Էգոյանի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Մերձավոր ազգականները», կանադական էկրան բարձրացավ 1984թ. և նկարահանվել էր «Բաց տուն» ֆիլմից ստացված միջոցներով:
«Մերձավոր ազգականները» կինոնկարն անմիջապես ուշադրություն գրավեց... Անգլոսաքսոնական ընտանիքի զավակը` երիտասարդ մի տղա, հեռանում է մշտապես վիճող բողոքական ծնողներից և ապաստան գտնում հայկական ամուսնական զույգի մոտ` իրեն ներկայացնելով որպես նրանց վաղուց կորած որդին: Առաջին ֆիլմում արդեն կա այն ամենը, ինչը կպահպանվի նրա գրեթե բոլոր ֆիլմերում. կորստի թեման, վերադարձ անցյալին, հիշողություններին, տեսագրության օգտագործում սյուժեի զարգացման մեջ, կինոխցիկի հսկող աչք: Ֆիլմը Մանհեյմում արժանացավ «Ոսկե դուկատ» մրցանակի: Այս կինոնկարը մտերմացրեց Էգոյանին կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հետ, որը շուտով դարձավ նրա կինը: Էգոյանի ֆիլմերը շատ դժվար է վերապատմել: Դրանցում գործնականում որոշակի սյուժետային գիծ չկա: Դրանք հուզում են իրենց խորհրդավորությամբ, ծածկագրված լինելով: Պատահական չէ, որ նրա սիրելի ռեժիսորներն են Ալեն Ռենեն, Անդրեյ Տարկովսկին, Ինգմար Բերգմանը, Լուիս Բունյուելը:
Երկրորդ` «Ընտանեկան դիտում» (1987) ֆիլմը ներկայացվեց 20 խոշոր կինոփառատոններում և բազմաթիվ պարգևների արժանացավ: Երիտասարդը, որ հենց նոր ավարտել է դպրոցը, շատ ժամանակ է անցկացնում իր հայուհի տատիկի հետ: Բայց երիտասարդի հայրը տատիկին ուղարկում է ծերանոց` մոռանալու համար իր ընտանեկան կյանքը և այն ամենը, ինչ կապված է նրա հետ: Մի անգամ որդին թաքնված տեսաերիզներ է գտնում, որոնցում դրոշմված են հոր մանկությունը, նրա հարաբերությունները մոր և տատիկի հետ, նրա և սիրուհու հանդիպումները: Տեսածի տպավորության տակ հերոսը որոշում է նոր կյանք սկսել` ազատագրվելով հոր ազդեցությունից: Եվ սկսում է նրանից, որ տատիկին վերցնում է ծերանոցից: Տեսախցիկը ֆիլմում դառնում է դառնացած ու անկերպարանք հիշողության ճշգրիտ մետաֆորը: Հենց այս ֆիլմն է ստեղծում հետքրքրության մթնոլորտ Ատոմ Էգոյանի շուրջ: 1988թ. այն արժանանում է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակին Լոկարնոյի կինոփառատոնում:
Իր շատ ֆիլմերում Ատոմ Էգոյանն անդրադառնում է ընտանեկան թեմատիկային: Եվ այնուամենայնիվ, նրա ֆիլմերը մեծ մասամբ հոգեբանական դրամաներ են:
Ամեն նոր ֆիլմի էկրան դուրս գալով Ատոմ Էգոյանն ավելի ու ավելի հայտնի է դառնում: Նրա ֆիմերը ցուցադրվում են փառատոններում, ավելի հեղինակավոր մրցանակներ նվաճում: Այդ ֆիլմերն են` «Դեր տեքստով» (1989), «Ապահովագրական գործակալը» (1991), «Էկզոտիկան (1993): Վերջինը 1994թ. Կաննի կինոփառատոնում արժանացավ կինոքննդատների» ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակին:
«Օրացույց» կինոնկարը (1993), որով սկսվել է Էգոյանի ծանոթությունը Հայաստանի հետ, հատուկ տեղ է գրավում ռեժիսորի ստեղծագործության մեջ: Առաջին անգամ Էգոյանի ֆիլմում հայկական թեման դառնում է ոչ թե զուգընթաց, այլ գլխավոր թեմա: Լուսանկարչի պատմությունը, որը գալիս է Հայաստան` օրացույցի համար 12 հայկական եկեղեցիների լուսանկարներն անելու նպատակով, խոր դրամայի է վերածվում. նրա կինը սիրահարվում է իրենց ուղեկցող զբոսավարին: Այդ մասին լուսանկարիչն իմանում է կնոջ տեսագրությունները դիտելուց հետո միայն, որ նա արել էր Հայաստան այցելության ժամանակ: Անձնական և ազգային ինքնության թեման այս ֆիլմում հատկապես ակնհայտ է արտահայտված: Փառքի բարձրագույն կետին Էգոյանը հասավ 1997թ., երբ նրա «Փառավոր ապագա» ֆիլմը ներկայացվեց Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին միանգամից երկու անվանակարգերում` ռեժիսուրայի և սցենարի: Էգոյանի «Արարատ» ֆիլմը (2002) մեծ աղմուկ բարձրացրեց սկզբում Կաննի, ապա` Մոսկվայի փառատոններում: Երկուսի ժամանակ էլ ֆիլմը ներկայացված էր ոչ թե մրցութային ծրագրում, այլ մրցույթից դուրս ցուցադրելու համար: Էգոյանը միտումնավոր էր այդպես արել: «Ես փորձում էի հանդարտեցնել քաղաքական կրքերը ֆիլմի շուրջ: Ռետրոսպեկտիվով դա ավելի հեշտ էր: Այն, ինչ ցուցադրված էր ֆիլմում, բավականաչափ կոթողային է: Որովհետև ֆիլմը միայն հայերի ցեղասպանության մասին չէ: Այն ավելի ունիվերսալ է, քանի որ հնարավարություն է տալիս հասկանալ, թե ինչ է նշանակում լինել զոհը մի բանի, որն ընդունված չէ շրջապատողների կողմից»: «Արարատը» Էգոյանի ամենամասշտաբային և ամենաինտիմ ֆիլմն է... Հանրահռչակ ռեժիսոր Սարոյանը (Շ.Ազնավուր) ֆիլմ է նկարահանում 1915թ. հայերի ցեղասպանության մասին: Նրա տեսածիրում ներքաշվում են մի քանի գործող անձինք, և նրանք բոլորը փնտրում են իրենց ազգային արմատները` նպատակ ունենալով հաշտվել անցյալի հետ: Դա պատանի Րաֆֆին է (Դևիդ Ալֆեյ), որ օգնում է Սարոյանին, և նրա մայրը (Ա.Խանջյան), որն ուսումնասիրում է ազգությամբ հայ ամերիկյան նշանավոր նկարիչ Արշիլ Գորկու ստեղծա•ործությունը, և ինքը` Գորկին: Մյուս գործող անձինք նրա համար են, որպեսզի երանգավորեն, իսկ երբեմն էլ` ընդգծեն գլխավոր միտքը: Դա նաև մաքսավորն է (Քրիստոֆեր Փալմեր), որ կալանել է Րաֆֆու` Թուրքիայից բերած ժապավենը, և ֆրանսացած թուրքը, որ նկարահանվում է Սարոյանի ֆիլմում: Բազմաձայն աշխարհ ունեցող այս ֆիլմի նկարահանումների ընթացքում Էգոյանին անհաժեշտ էր իմանալ կոնտրապունկտի տեսությունը: «Ես մանրամասն ուսումնասիրել եմ կոնտրապունկտի տեսությունը: Իմ սիրելի կոմպոզիտորը Բախն է»,- ասել է Էգոյանը «Տեղեկագրին»  տված հարցազրույցում: Կոնտրապունկտի օգտագործումը շատ կարևոր է «Արարատի» գլխավոր միտքն ընդգծելու համար: Օգտվելով կինեմատոգրաֆի հնարավորություններից` Էգոյանն ազգային դրաման ներկայացնում է ռեժիսորական, անձնական, քաղաքական, պատմական տեսանկյուններից: Ֆիլմն, իհարկե, աղմկալի բողոքների ալիք բարձրացրեց Թուրքիայում: Այնուամենայնիվ, այն ներկայացվել է փառատոններում, ցուցադրվել տարբեր երկրներում` մշտապես առաջ բերելով հանդիսատեսի հետաքրքրությունը:
2005թ. Ատոմ Էգոյանը նկարահանում է կիսադետեկտիվ, կիսահոգեբանական «Որտե՞ղ է թաքնվում ճշմարտությունը» դրաման... Հանրահայտ կատակերգական Լենի (Քևին Բեյքոն) և Վինա (Քոլին Ֆերտ) երկյակը, որոնք բարեգործական մարաթոն են անցկացնում հօգուտ պոլիոմելիտով հիվանդների, իրենց սենյակում անծանոթ շիկահեր կնոջ դիակ են գտնում: Լենին ու Վինսը համոզիչ ալիբի ունեն: Բայց 20 տարի անց մեկ այլ շիկահեր կին (Էլիսոն Լոման), որը լրագրող է և ցանկանում է բեսթսելեր գրել, հետևում է ընկերներին` փորձելով պարզել, թե ինչ է պատահել այն ժամանակ: Ֆիլմը շատ բանով տարբերվում է նրանից, ինչ Էգոյանն արել է մինչ այդ, բայց այնուամենայնիվ, շատերն այն համարեցին տարվա ամենահիշարժան և ամենազգայական ֆիլմերից մեկը: Ատոմ Էգոյանը դեռ երիտասարդ է, և մենք նրանից նոր, հետաքրքիր աշխատանքներ ենք սպասում:

Share    



Գնահատում

Ինչպե ՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am