Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հասարակություն և իշխանություն

Հասարակություն և իշխանություն
Հունիս 2008, N 3

ԴԻԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արտյոմ Խաչատրյան, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնորեն

 

Սկզբում` մի քանի քրեստոմատիկական նկատառում: Հայերը ժողովուրդ են, որ գիտակցության մեջ ընտանեվարության գերաճ ունեն և համընդհանուր չեն ընդունում այն ամենը, ինչը հակասում է դրան, մասնավորապես` պետականությունը: Այստեղից էլ բխում է այն, որ մեզանում չի կարող լինել նորմալ սոցիալական հանրակեցություն, քանի որ հանրակեցությունը հիմնվում է «ընդհանուր գործի», այն է` հանրապետական սկզբունքների վրա, որոնք խորթ են հայ հանրային գիտակցությանը: Այս առիթով մեջբերեմ ռուս հայտնի պատմագետի խոսքերը, որի հետ գրագրություն ունենք մի նախագծի շրջանակներում: Ահա թե ինչ է նա գրում ինձ հայ իրականության մասին. «Հայաստանը, հավանաբար, միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ խոսակցությունները res publica-ի, ընդհանուր բանի կամ ընդհանուր գործի մասին աբսուրդ են թվում»: Կարծում եմ` կարիք չկա փաստարկներ բերել հօգուտ ասվածի, քանի որ մեզնից յուրաքանչյուրը կհամոզվի դրանում` առանց հատուկ ջանքերի. բավական է մտնել երևանյան բազմաբնակարան շենքերի կեղտոտ մուտքերը, որոնք ավելի շուտ մարտադաշտ են հիշեցնում (որտեղից փչում է բնության ամեն տեսակ վարակների գարշահոտությունը), բայց ոչ երբեք քաղաքային բնակարան, իսկ հետո նայել երևանցիների մաքուր, խնամված բնակարաններից  ներս` դրանում համոզվելու համար:

Սակայն ազգը և հասարակությունը առանց ընդհանրության չեն կարող գոյություն ունենալ, ինչ-որ բան նրանց պետք է միավորի, ինչ-որ բան պետք է նրանց կապի, նրանք պետք է գոնե ինչ-որ բանում նույն ճաշակն ունենան: Դա կարող է լինել առասպել կամ ուտոպիա կամ ինչ ասես, բայց միայն ոչ կենդանի գաղափար, որն ի վիճակի կլինի իրականության մեջ առաջ բերել ինչ-որ կառուցողական բան` նման, ասենք, հանրապետական սկզբունքներին ու արժեքներին: Հայերն ունեն ընդհանուր ճաշակ և իրենց կողմից ձևավորվող արժեքներ, հակումներ, և այսօր խոսքը կվերաբերի դրանցից մի քանիսին, որոնք առանձնապես կործանարար են անդրադառնում քաղաքական իրականության վրա: Մենք խոսում ենք կռապաշտության և նրա ածանցյալի` դիապաշտության`  հայերի հանրային գիտակցության ծանր արատների մասին: Եվ այսպես, ի՞նչ է դա նշանակում:

Առհասարակ, հայկական քաղաքականությունը եզակի միջավայր է հանդիսանում ուտոպիաների և միֆերի համար, քանի որ այն ոչ թե քաղաքականություն է հանրային կամքի արտահայտման, այլ ընդամենը առևտրայնացված միջավայր, որտեղ հագուրդ են ստանում առանձին անհատների ու խմբերի առևտրային կրքերն ու մասնավոր շահերը: Սակայն քաղաքականությունն ու քաղաքական գործընթացն անհնար է առանց գաղափարի կամ, դրա բացակայության դեպքում, առանց դրա պատրանքի, երևութականության: Օրինակ, ոչ մի քաղաքական կուսակցություն (գործիչ) նախընտրական քարոզչությունում անկեղծորեն չի ասի, թե քաղաքականությամբ զբաղվելու իր նպատակը մասնավոր տնտեսական-քաղաքական շահերի իրականացումն է: Ընդհակառակը, նրանք կբարբառեն բարձր մատերիաներից, անգամ եթե դրանց հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, քանի որ` չէ՞ որ քաղաքական գործընթացն ինչ-որ գաղափարական շրջանակում պետք է ունենա: Իսկ այնտեղ, ուր ընդհանրապես գաղափարի ու մտքի վակուում է տիրում, ուտոպիաներն ու միֆերը կատարյալ միջոց են դառնում, քանի որ դրանք իրականության հետ կապ չունեն: Ավելին, դրանց իրականը պետք չէ, բավական է և այն, որ դրանք վայելեն զանգվածների համակրանքը, նրանց համար ինչ-որ ընդհանուր, հասանելի, ընդունելի ու հաճելի դառնան:

Ի՞նչը կարող է միավորել այնպիսի ժողովրդին, ինչպիսին հայերն են: Համընդհանուր հավասարության և եղբայրության գաղափա՞րը: Ոչ, քանի որ չի կարող հավասարության ձգտում ունենալ մի ժողովուրդ, որի գիտակցության մեջ գերակշռողը ընտանեվարությունն է. չէ՞ որ դրա հիմքում եսասիրությունն ու եսակենտրոնությունն են (աշխարհի բոլոր բարիքները` ինձ և իմ ընտանիքին, անգամ եթե դա ոտնահարում է ուրիշների իրավունքներն ու ազատությունները, քանի որ ես ավելի կարևոր եմ, իսկ իմ ընտանիքը` ավելի քաղցր): Սրանում, օրինակի համար, կարելի է տեսնել մոնոպոլիզմի արմատները հայկական էկոնոմիկայում, նրա օլիգարխիական էությունը, ինչպես նաև քաղաքական էլիտայի կլանային կառուցվածքը: Գուցե կրո՞նը կարող է լինել միավորող գաղափարը հայերի համար: Ամենևին, քանի որ հայերի կրոնասիրությունը, նախ, խիստ դեֆորմացիայի է ենթարկվել կոմունիստական ժամանակաշրջանում, երկրորդ` հայ եկեղեցին պատմականորեն աշխարհիկացվել էր և ավելի շուտ զբաղվում էր ոչ թե իր բուն` հոգևոր, այլ կենցաղային, աշխարհիկ գործերով ու խնդիրներով: Ինչպես տեսնում ենք, դժվար է կենսալի գաղափար գտնելը, ուստի անհրաժեշտ են միֆեր, ուտոպիաներ: Եվ Հայաստանում նրանց գտնում են հանձինս հերոսների, որոնք բարձրացվում են կուռքերի աստիճանի, այլ խոսքով` դիակների. քանի որ երկրի վրա կուռքերը տեղ չունեն, այդպիսին դառնում են բացառապես դիակները, անգամ եթե դրանք գոյտևում են ֆիզիկապես:

 

ԴԻԱԿՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական քաղաքականության մեջ դիակներն իրական գործոն են դարձել: Որևէ գործողություն, որևէ միջոցառում առանց դրանց չի անցնում: Նրանց վկայակոչում են, նրանց օրինակ են բերում, իսկ ընտրարշավների ժամանակ նրանց փորձում են «իրենցով անել» իրարամերժ քաղաքական ուժերը: Մասնավորապես, զվարճալի էր դիտել, թե ինչպես էին երկու հակոտնյաներ` Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, միաժամանակ և մեկը մյուսից անկախ, վերմակի նման իրենց վրա քաշում Վազգեն Սարգսյանի դիակը: Առաջինը նրան իսկական հայրենասեր ու մեծ պետական գործիչ էր համարում, որ զոհվել էր ժողովրդի թշնամիների ձեռքով, և անուղղակիորեն դրանում մեղադրում էր իր ընդդիմադրին: Երկրորդը մեռած Վազգենի միջոցով ապացուցում էր, որ ինքը և միայն ինքն է ի վիճակի բոլորից լավ կատարել երկրի նախագահի պարտականությունները, իսկ որպես հավաստիացում, բերում էր տեսահոլովակները Վազգենի հետ, որը խոսում էր Սարգսյանի անփոխարինելի հատկանիշների մասին: Մի խոսքով, իսկական ներկայացում: Բայց ողբերգությունն այն է, որ քչերի խելքին փչեց հարց տալ. արժե՞ր արդյոք (և որքանո՞վ էր դա ընդհանրապես արդյունավետ քաղաքական տեսակետից) կուռքի աստիճան շնորհել մի անհատի, որը համընդհանուր զզվանքի ու նողկանքի առարկա էր եղել: Եվ որքանո՞վ էր հիմնավորված նրա ծառայություններից օգտվելը, մանավանդ նախընտրական շրջանում: Ավելացնեմ, որ եթե այսօր երկրում կա մարդկանց որոշակի թվաքանակ, որն արդարացիորեն ատում է Վազգենին, ապա առաջինը նրանց շարքում պետք է նշել Տեր-Պետրոսյանին, դե, իսկ երկրորդը... Ասենք, եթե անկեղծ, ապա երկրորդը մեզնից յուրաքանչյուն է...

Բայց ամենահետաքրքիրն այլ բան է: Որքան էլ մեզ իռացիոնալ թվա ատելի  մեկին պաշտելու պրակտիկան, այնուամենայնիվ, չես ասի, թե քաղաքական գործընթացի մասնակիցները պրագմատիկ չեն: Այս կապակցությամբ` մի քանի նկատառում:

Առաջին. ընդդիմադիր դաշտում դատարկ մնացած տեղ զբաղեցնելով` Տեր-Պետրոսյանը պետք է հանդես գար մոլի, անհաշտ դիրքերից: Մանավանդ, որ Քոչարյանի վարչակարգը քննադատելու բան կար, սակայն միայն դա բավարար չէր լինի. անհրաժեշտ էր նաև լուրջ գաղափարական զորավիգ ուժ: Իսկ ինչպե՞ս ապահովել դա: Նշենք, որ ո´չ իր կառավարման տարիներին, ո´չ էլ դրանից առաջ Տեր-Պետրոսյանը չէր փայլում գաղափարներ ծնելու կարողությամբ. միակ բանը, ինչին նա ընդունակ էր, վայրի պոպուլիզմն էր և ծայրահեղ ձևով իբր ազատական գաղափարների պարտադրումը: Նկատի ունենալով նաև այն, որ հայերը լուսավորյալ ազգ չեն, այսինքն, չգիտեն իրերը կոչել իրենց անուններով, և, ըստ Կանտի, չեն օգտվում դատողականությունից հանրորեն, ապա կարելի է նշել, որ դեմագոգ-պոպուլիստի համար լավագույն գաղափարախոսություն է դառնում դիապաշտության  գաղափարաբանությունը: Քանի որ ոչ ոք չի հանդիմանի Տեր-Պետրոսյանին այն բանում, որ նա Վազգենին կամ Դեմիրճյանին է որպես իր դրոշ ընտրում, և ոչ ոք հրապարակավ չի քարկոծի նրան դրա համար (քանի որ ազգն ի վիճակի չէ հրապարակավ ասել այն, ինչ մտածում է), այն դեպքում, երբ նրա ցանկացած այլ դոկտրին, ցանկացած գաղափարախոսություն կարող են դառնալ հախուռն քննադատության առարկա (դրանցում մեռածներ չկան, հետևաբար` վախենալու բան չկա, ազգն այստեղ ի վիճակի է ասել այն, ինչ մտածում է):

Երկրորդ. Տեր-Պետրոսյանն անսխալ կռահել էր (թեև դրա համար շատ խելք չէր պահանջվում), որ մեռելահոտն այս ազգի վրա ցնցող ազդեցություն է թողնում: Ավելին, նախկին նախագահին հայտնի է, որ հայ մտածողության իռացիոնալությունն ի վիճակի է հրաշքներ գործել: Ո՞վ կարող էր մտածել, որ Հայաստանի նորագույն պատմության ամենախորշելի ու հանցավոր գողծող անձի անունը կարող է ոգևորել միտինգավոր տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնց մեծ մասն ինտելեկտուալներ են: Մարդիկ, որոնց համար «Մանվել» բառն ինքնին վաղուց արդեն դարձել է անմարդկայնության, բարբարոսության, կոռումպացվածության ու դաժանության հոմանիշները, վանկարկում էին «Ման-վել, Ման-վել», հիացմունքից նվաղում էին, որ գեներալը նույնպես հարել է «համաժողովրդական շարժմանն» ու հույս ունեին նրա օգնությամբ ազատվել ղարաբաղյան կլանից ու մտնել միասնական Եվրոպա, այն դեպքում, երբ չէին կարող չհասկանալ, որ լավագույնը, ինչ կարող էր սպասել նրանց Մանվելի հետ, ողջ երկրի համընդհանուր ֆեոդալացումն էր ու իրենց` այսօր քիչ թե շատ գոյություն ունեցող բոլոր քաղաքացիական իրավունքների ու ազատությունների կորուստը: Կա՞ այստեղ արդյոք գոնե հեռավոր կերպով առողջ բանականություն հիշեցնող ինչ-որ բան: Բնականաբար, անգամ դրա նշանները չկան: Իսկ ի՞նչ կա: Պետական մտածողությո՞ւն: Եվրոպական իրավագիտակցությո՞ւն: Եվրոպական քաղաքական գիտակցությո՞ւն: Հայրենասիրությո՞ւն: Սկզբունքայնությո՞ւն քաղաքական պայքարում: Մի խոսքով, մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին...

Երրորդ. Տեր-Պետրոսյանը կուլտային, անմեղսունակ ֆիգուր է: Իսկապե՞ս նա իրեն երկնային էակ է համարում, թե՞ խաղում է այդ դերը` ելնելով պրագմատիկ նկատառումներից, քանի որ համոզված է, որ դա է իշխանություն տանող ուղիղ ճանապարհը. դժվար է ասել: Սակայն միանշանակ կարելի է ասել հետևյալը. Կուլտային ֆիգուրներին օդի պես անհրաժեշտ են այլ կուլտեր, ցանկալի է՝ մեռած վիճակում, քանի որ նրանց բազմությունն է միայն ի վիճակի զորեղացնել հանրային գիտակցության ընկալունակությունն այդ երևույթի նկատմամբ։ Այստեղ կարելի է նմանություն անցկացնել «օրենքով գողերի» հետ։ Հայտնի է, որ նրանք հազվադեպ են իրար հետ լավ լինում, մշտական առճակատման մեջ են, հաճախ մեկը մյուսի սպանությունն են պատվիրում և այլն, սակայն «գողական» համերաշխությունը նրանց համար վեր է ամեն ինչից։ Օրենքով գողը մեկ այլ գողի համար անվերապահ հեղինակություն է, անկախ նրանց փոխհարաբերություններից։ Նույնն է և կուլտերի պարագայում. ինչ նողկանք էլ տածեր Տեր-Պետրոսյանը Վազգենի կամ Դեմիրճյանի հանդեպ, նա, միևնույն է, հասկանում է, որ պարտավոր է պահպանել նրանց հեղինակությունը, վեր դասել նրանց հասարակ մահկանացուներից և հրապարակավ սքանչանալ նրանցով։ Քանի որ նա գիտի, որ հանրային կարծիքի ներողամիտ վերաբերմունքը դիակների՝ կուլտի գծով իր կոլեգաների հանդեպ ավտոմատ կերպով տարածվում է իր վրա։ Փաստորեն, Տեր-Պետրոսյանն իր ամբոխին ասում է մոտավորապես հետևյալը. «Ահա Վազգենը, ձեր հերոսը, միակ ու անկրկնելի սպարապետը, մեծն ու հզորը... և այլն, և այլն, թեև դուք բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ նա պատմության մեջ իրեն հավասարը չունեցող տականք է և լավ եք հիշում, թե ինչ էր նա բերում երկրի ու ձեր գլխին և որքան ճակատագրեր է խորտակել։ Բայց այդ ամենը կարևոր չէ, քանի որ նա ձեր կուռքն է, նա անհրաժեշտ է մեզ մեր պայքարում, և նրան ամեն ինչ ներելի է, հետևաբար՝ ամեն ինչ ներելի է նաև ինձ, և այսուհետ չհամարձակվեք հիշեցնել ինձ տնտեսական ճգնաժամի, սովի ու ցրտի մասին, քանի որ ես նույնպիսի կուռք եմ, ինչպես և Վազգենը»։ Ինչպես տեսնում ենք, Տեր-Պետրոսյանի մարտավարությունն արդարացնում է իրեն հայ իրականության մեջ. այսօր նա գլխավորում է լուրջ մի շարժում, ավանգարդում և թիկունքնում ունի մի երկու կուլտային դիակներ, որոնք պաշտպանում են նրան արագ տապալումից, որպես ընդդիմախոս՝ նա ունի թույլ իշխանությունը, որին ինքն է թելադրում խաղի կանոնները, ինքն է որոշում կոնյուկտուրան, իսկ նրա գործունեության ասպարեզը ողջ հայ իրականությունն է՝ ներառյալ փորձարկվող բնակչությունը։

ԴԻԱԿՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսպիսով, եթե դիապաշտությունը հարմար հենարան է այսպես կոչված «ընդդիմության» համար, ապա անհասկանալի է, թե իշխանության ինչին է այն պետք։ Հասկանալի է, ի տարբերություն ընդդիմության՝ իշխանության համար դիապաշտությունը գաղափարական հենարան չէ, բայց, այնուամենայնիվ, չի կարելի չնկատել նրա կողմից վառ արտահայտված զիջողական վերաբերմունքն այդ խեղաթյուրման նկատմամբ։ Փորձենք հասկանալ՝ անհրաժե՞շտ են արդյոք դիակներն իշխանությանը և կործանարար չե՞ն արդյոք դրանք նրա համար, ի տարբերություն «ընդդիմության»։ Այս առիթով պետք է անդրադառնամ մի շատ էական հարցի։

Բանն այն է, որ Քոչարյանի հեռանալով Հայաստանի դռները թակեց նոր դարաշրջանը։ Առհասարակ, դարաշրջանի ճարտարապետը կա´մ Ժամանակն է, կա´մ դրա մասին կանխադիտող ականավոր անհատը։ Մեր պարագայում մենք գործ ունենք Ժամանակի հետ, և Սարգսյանն այստեղ անմասն է։ Քաղաքական առաջնորդը նոր դարաշրջանի թևակոխման շրջանում գործողությունների երեք հնարավոր տարբերակ ունի. նա կա´մ փորձում է հետ շրջել Ժամանակը, և, բնականաբար, զոհվում է նրա հարվածներից՝ մնալով փլուզված կառույցի փլատակների տակ, կա´մ ստանձնում է վերահաս փոփոխությունների ղեկը և ինքն է ուղղորդում դրանք՝ դառնալով մեծ պատմական անհատ, կա´մ անգործության է մատնվում և շարժվում է իներցիայով։ Իմ կարծիքով, նախագահ Սարգսյանն ընտրել է վերջինը և ակնհայտ է (համենայնդեպս, ինձ համար), որ նոր դարաշրջանի գալստյանը նա չի հավատում։ Երբեմն պատահում է, որ պրագմատիկները, ինչպիսին Սարգսյանն է, խիստ սխալվում են՝ չափից շատ տարվելով ընթացիկ հարցերով, ինչը հանգեցնում է գլոբալ հարցերի անտեսմանը կամ դրանք չնկատելուն։ Այսպես քաղաքական առաջնորդը կորցնում է հոտառությունը և դադարում է տարբերել առաջնայինը երկրորդականից, գլոբալը՝ սովորականից։ Այսօր Սարգսյանը զբաղված է իրեն ժառանգություն մնացած ընթացիկ և ամեն օր իրականության մեջ ծագող խնդիրները լուծելով։ Ձեռնարկում է կոռուպցիան սանձելու քայլեր, կարգուկանոն է մտցնում հարկային ոլորտում, էլիտաների համար նոր վարքականոն է հաստատում և այլն։ Դա, իհարկե, լավ է, սակայն չափազանց քիչ է դարաշրջանների հատման կետում գտնվող երկրի ու առաջնորդի համար։ Ավելին է անհրաժեշտ, հատկապես մի պետության համար, որը սկզբից ևեթ կառուցվել է ինքնախաբեության սկզբունքներին համապատասխան կեղծ արժեքների վրա։ Պետք է կողմնորոշվել նոր արժեքների գրանցամատյանի հարցում և չվախենալ դրանք բարձրաձայնելուց։

Պետության ղեկավարի՝ հին, իրեն սպառած իներցիայով գործելակերպը հանգեցնում է նրան, ինչը ես վերն անվանել եմ «ներողամտություն» դիապաշտության հանդեպ։ Դա վտանգավոր է նախագահի ու երկրի համար, և նա պետք է հասկանա, որ երբեք չի կարողանա իրեն ծառայեցնել դիակներին, ինչպես դա հաջողվում է Տեր-Պետրոսյանին, և խաղալով դրանց հետ ու օժանդակելով կուլտերի բարգավաճմանը՝ նա ընդամենը ամրացնում է տերպետրոսյանական աղանդի դիրքերը՝ դրանով իսկ անգնահատելի ծառայություններ մատուցելով նրան։

Ինչպես տեսնում ենք, ըստ էության, մեռելասիրության առաջին թշնամին պետք է դառնա ինքը՝ պետության ղեկավարը։ Այդ են պահանջում առողջ բանականությունն ու տարրական պրագմատիզմը։ Ի՞նչն է հետ պահում Սարգսյանին արմատական քայլերից: Դժվա՞ր է նրան դիակներին ռմբակոցել և դրանով իսկ վերջ տալ Տեր-Պետրոսյանին, ով իր համար ամենամեծ վտանգն է ներկայացնում: Մանավանդ որ նա կարող է համազգային հակադիապաշտական կամպանիա նախաձեռնել, միաժամանակ մնալով ստվերում` իրադրության զարգացումը թողնելով տարերայնությանը: Անձամբ նրա համար վատ ավարտ դա չի ունենա, իսկ արդեն բավարար է, որ փորձել սկսել այն...

ԴԻԱԿՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայ հասարակությունը պասիվ է, պարփակված իր մեջ, նրան չեն հետաքրքրում պետությունը, պետականությունը և այն ամենը, ինչը դուրս է մնում ընտանիքի շրջանակներից: Դա է այն բանի պատճառը, որ հայերի վզին կարելի է փաթաթել ինչ պատահի: Այնպես է դասավորվել, որ անկախ պետականության պայմաններում Հայաստանում առաջին պլան է մղվում ագրեսիվ փոքրամասնությունը, որը, օգտվելով մեծամասնության օասիվությունից, հասնում է իր շահերի իրականացմանը: Դրա համար էլ մենք այսօր ունենք խայտառակ պետական խորհրդանիշներ, մեռյալ քաղաքական գաղափարախոսություններ ու կազմակերպություններ, և, իհարկե, դիապաշտությունը որպես իրական գործոն քաղաքական իրականության մեջ: Երևանի բնակիչները հանգիստ են վերաբերում Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Դրաստամատ Կանայանի և այլ պատմական բակտերիաների անվամբ մայրաքաղաքի փողոցների և այլ հաստատությունների գոյության փաստին, այն ժամանակ, երբ փարիզեցին դա կհամարեր անարգանք պատմության, հասարակության, ազգային և մարդկային արժանապատվության նկատմամբ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դիապաշտության արմատախիլ անելու գործում հույս դնել հասարակության վրա, մեղմ ասած, միամտություն է: Եվ եթե երբևիցե այդ այլասերումը վերանա, ապա դա կարող է անել միայն պետական իշխանությունը. Իսկ ինչ վերաբերում է դիապաշտությունից հասարակությանը հասցված վնասի աստիճանին, ապա այդ մասին խոսելն ավելորդ է: Ասեմ միայն, որ կործանվում են մարդկային ճակատագրեր, վատթարանում է բարոյականությունը, իսկ պետությունը դոփում է տեղում` դուրս չգալով ճգնաժամային իրավիճակներից:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե փորձենք պարզել երկրագնդի ամենակայացած և հզոր պետությունները, ապա առաջինը, որ կգտնենք այնտեղ, ֆունդամենտալ հոգևոր-բարոյական արժեքներն են: Օրինակ, Միացյալ Նահանգների ֆենոմենալ տնտեսական-քաղաքական համակարգի ակունքները տանում դեպի մաքրակրոնական (պուրիտանական) էթիկա: Բողոքականները չեն ճանաչում ոչ ոքի, Աստծուց բացի, որի հետ շփվում են առանց միջնորդների` ի դեմս եկեղեցական հիերարխիայի: Նրանց համար սրբեր գոյություն չունեն, յոթ խորհուրդներից նրանք ընդունում են երկուսը, իսկ աշխատանքը նրանց համար յուրահատուկ փորձության թեստ և աստվածընտրյալ լինելու աստիճանի պարզելու միջոց, որի ցուցանիշը հարստությունն է: Ցավալի է հիշել, որ Անիի ծաղկման դարաշրջանում հայերն իրենց զարգացման մակարդակով 1000 տարով գերազանցում էին ամերիկացիների նախնիներին` հյուսիսային եվրոպացիներին, որոնք բարբարոս էին այդ ժամանակ: Այսօր այդ նախկին բարբարոսները, անցնելով Ռեֆորմացիան ու Լուսավորությունը, կարողացան հասնել մեծ պետությունների ստեղծմանը, քանի որ նրանց հիմքում, չխաբելով իրենց, դրեցին ճշմարիտ արժեքներ` մաքրելով այն մեռյալ անցյալի մոխրից: Իսկ հայերն մինչ օրս պաշտում են այն, ինչ պաշտելու ենթակա չէ: Կեղծ ֆունդամենտի վրա չի կարող կառուցվել որևէ շինություն, և Հայաստանի Հանրապետությունը դրա լավագույն ապացույցն է:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am