Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հունիս 2008, N 3

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐ

Նիկոլայ Բերդյաեվ

 

Ազգային տեսակը, ժողովրդական անհատականությունը որոշելու շատ մեծ դժվարություն կա: Այստեղ հնարավոր չէ խիստ գիտական սահմանում տալ: Ամեն անհատականության գաղտնիքը միայն սիրով է իմացվում, և նրանում միշտ մինչ վերջ, մինչև վերջին խորություն անըմբռնելի մի ինչ-որ բան կա: Ինձ հետաքրքրելու է ոչ այնքան այն, թե ինչ էր Ռուսաստանը էմպիրիկորեն, որքան հարցը, թե ինչ է մտքին դրել Արարիչը Ռուսաստանի մասին, ռուս ժողովրդի մտքով ըմբռնելի կերպարը, նրա գաղափարը: Տյուտչևն ասել է. «Ռուսաստնը խելքով չես հասկանա, ընդհանուր արշինով չես չափի, այն հատուկ բնույթ ունի, Ռուսաստանին կարելի է միայն հավատալ»: Ռուսաստանին հասնելու համար պետք է կիրառել հավատի, հույսի ու սիրո աստվածաբանական առաքինությունները: Էմպիրիկորեն այնքան շատ բան է վանում ռուսական պատմության մեջ: Դա այնքան ուժեղ է արտահայտված հավատացյալ սլավոնաֆիլ Խոմյակովի` Ռուսաստանի մեղքերի մասին բանաստեղծությունում: Ռուս ժողովուրդը վերին աստիճանի բևեռացված ժողովուրդ է, նա հակասությունների համատեղում է: Նրանով կարելի է հիանալ և հիասթափվել նրանից, նրանից միշտ կարելի է սպասել անսպասելին, նա վերին աստիճանի ընդունակ է իր հանդեպ ուժեղ սեր և ուժեղ ատելություն ներշնչել: Դա մի ժողովուրդ է, որ առաջ է բերում Արևմուտքի ժողովուրդների անհանգստությունը: Յուրաքանչյուր ժողովրդական անհատականություն, ինչպես և մարդու անհատականությունը, միկրոկոսմ է և դրա համար էլ իր մեջ հակասություններ է ամփոփում, բայց դա տարբեր աստիճանի է լինում: Բևեռացվածությամբ և հակասականությամբ ռուս ժողովրդին կարելի է համեմատել միայն հրեա ժողովրդի հետ: Եվ պատահական չէ, որ հատկապես այդ ժողովուրդների մոտ ուժեղ մեսիական գիտակցություն կա: Ռուսական հոգու հակասականությունն ու բարդությունը գուցե կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանում բախվում և փոխգործակցության են գալիս համաշխարհային պատմության երկու հոսանք` Արևելք և Արևմուտք: Ռուս ժողովուրդը ոչ զուտ եվրոպական և ոչ էլ զուտ ասիական ժողովուրդ է: Ռուսաստանն աշխարհի մի ամբողջ մասն է, հսկայական Արևելք-Արևմուտք, այն միավորում է երկու աշխարհ: Եվ միշտ էլ ռուսական հոգում պայքարել են երկու սկիզբ` արևելյան և արևմտյան:

Համապատասխանություն կա անծայրածիր, անեզր ու անվերջանալի ռուսական հողի և ռուսական հոգու, ֆիզիկական աշխարհագրության և հոգևոր աշխարհագրության միջև: Ռուս ժողովրդի հոգում նույնպես կա նույն անծայրածիրությունը, անեզրությունը, դեպի անսահմանություն նպատակասլացությունը, ինչպես և ռուսական հարթավայրում: Դրա համար էլ ռուս ժողովրդի համար դժվար էր տիրապետել այդ հսկայական տարածքներն ու ձևակերպել դրանք: Ռուս ժողովուրդն ուներ ուժեղ բնազդի ուժ և ձևի համեմատական թուլություն: Ռուս ժողովուրդը գերազանցապես մշակույթի ժողովուրդ չէր, ինչպես Արևմտյան ժողովուրդներն էին, այն ավելի շատ անկեղծության ու ոգեշնչման ժողովուրդ էր: Նա չափ չգիտեր ու հեշտությամբ ընկնում էր ծայրահեղության մեջ: Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մեջ ամեն ինչ շատ ավելի դետերմինացված ու ձևակերպված է, ամեն ինչ կարգերի բաժանված, վերջացած է: Ոչ ինչպես ռուս ժողովրդի մոտ` որպես պակաս դետերմինացվածի, որպես ավելի շատ դեպի անսահմանություն միտվածի, որը չէր ուզում ընդունել բաժանումներն ըստ կարգերի: Ռուսաստանում չեն եղել կտրուկ սոցիալական սահմաններ, խիստ արտահայտված դասակարգեր: Ռուսաստանը երբեք չի եղել, արևմտյան իմաստով, արիստոկրատական երկիր, ինչպես բուրժուական չդարձավ: Երկու հակասական սկզբունքներն ընկած էին ռուսական հոգու կազմավորման հիմքում. բնական, հեթանոսական դիոնիսյան բնազդն ու ասկետական-միանձնական ուղղափառությունը: Կարելի է գտնել հակադիր հատկություններ ռուս ժողովրդի մեջ - դեսպոտիզմ, պետության հիպերտրոֆիա և անարխիզմ, ազատություն, դաժանություն, բռնության հակում և բարություն, մարդկայնություն, մեղմություն, ծիսապաշտություն և ճշմարտության որոնում, ինդիվիդուալիզմ, անձի սրված գիտակցություն և անդեմ կոլեկտիվիզմ, նացիոնալիզմ, ինքնագովություն և ունիվերսալիզմ, համամարդկայնություն, վախճանաբանական-մեսիական կրոնականություն և արտաքին բարեպաշտություն, Աստծո որոնում և մարտնչող անաստվածություն, հնազանդություն և անպատկառություն, ստրկություն և խռովություն: Բայց երբեք ռուսական տերությունը բուրժուական չի եղել, և ռուս ժողովրդի բնավորության ու նրա կոչման սահմանման մեջ անհրաժեշտ է ընտրություն կատարել, որը ես կանվանեմ էսխատոլոգիական (վախճանաբանական)` ըստ վերջնանպատակի: Ուստի, անխուսափելի է նաև դարի ընտրությունը` որպես ռուսական գաղափարին ու ռուսական կոչմանն առավել բնութագրական: Ես նման դար կհամարեմ 19-րդ դարը, մտքի և խոսքի դարը և, միևնույն ժամանակ, սուր պառակտման դարը` այնքան բնորոշ Ռուսաստանի համար, ներքին ազատագրության և լարված հոգևոր ու սոցիալական որոնումների դարը:

Ռուսական պատմության համար բնորոշ է ընդհատունությունը: Ի հակադրություն սլավոնաֆիլների կարծիքի` այն բնահատուկ է ամենաքիչ չափով: Ռուսական պատմության մեջ կան արդեն հինգ շրջաններ, որոնք տարբեր պատկերներ են տալիս: Կա Կիևյան Ռուսիան, թաթարական լծի ժամանակների Ռուսաստանը, մոսկավյան Ռուսաստանը, Պյոտրի Ռուսաստանը և խորհրդային Ռուսաստանը: Եվ հնարավոր է, կլինի դեռ նոր Ռուսաստան: Ռուսաստանի զարգացումն աղետալի էր: Մոսկովյանն ամենավատ շրջանն էր ռուսական պատմության մեջ, ամենահեղձուցիչը, առավել ասիա-թաթարականն իր տեսակի մեջ: Եվ թյուրիմացաբար դա էլ իդեալականացնում էին ազատասեր սլավոնաֆիլները: Ավելի լավ էր կիևյան շրջանը և թաթարական լծի շրջանը, հատկապես եկեղեցու համար, և, իհարկե, ավելի լավ ու նշանակալի էր դուալիստական, ռասկոլնիկական պետերբուրգյան շրջանը, որի ժամանակ լավագույնս դրսևորվեց ռուս ժողովրդի ստեղծագործական հանճարը: Կիևյան Ռուսաստանը մեկուսացված չէր Արևմուտքից, ավելի ընկալունակ և ազատ էր, քան Մոսկովյան տերությունը, որի հեղձուկ մթնոլորտում մարում էր անգամ սրբությունը (ամենաքիչ սրբերը եղել են այդ շրջանում): 19-րդ դարում հատուկ նշանակությունը որոշվում է նրանով, որ մտքի երկարատև բացակայությունից հետո ռուս ժողովուրդը, վերջապես, ցույց տվեց իրեն խոսքի ու մտքի մեջ և դա արեց ազատության բացակայության շատ ծանր մթնոլորտում: Ես խոսում եմ արտաքին ազատության մասին, որովհետև մեր ներքին ազատությունը մեծ էր: Ինչպե՞ս բացատրել Ռուսաստանում, բարձրագույն մշակույթի ընկալման հանդեպ ընդունակ ու շատ օժտված ժողովրդի մեջ լուսավորության այդ երկարատև բացակայությունը, ինչպե՞ս բացատրել մշակութային հետամնացությունը և անգամ անգրագիտությունը, անցյալի մեծ մշակույթների հետ օրգանական կապերի այդ բացակայությունը: Այն միտքն էր արտահայտվում, թե Կիրիլի և Մեֆոդիի կողմից Սուրբ գրքի թարգմանությունը սլավոնական լեզվի, անբարենպաստ էր ռուս մտավոր մշակույթի զարգացման համար, քանի որ խզում տեղի ունեցավ հունարենի ու լատիներենի հետ: Եկեղեցական սլավոներենը դարձավ հոգևորականության, այսինքն, այն ժամանակվա միակ մտավորականության միակ լեզուն, հունարենն ու լատիներենը պետք չէին: Չեմ կարծում, թե սրանով կարելի է բացատրել մինչպետրոսյան Ռուսաստանում ռուսական լուսավորության հետամնացությունը, մտքի բացակայությունը և լռությունը: Ռուսական պատմության բնորոշ հատկանիշ պետք է համարել այն, որ նրանում երկար ժամանակ ռուս ժողովրդի ուժերը մնում էին ասես պոտենցիալ, չակտուալացված վիճակում: Ռուս ժողովուրդը ճնշված էր ուժերի գերածախսից, ինչը պահանջում էին ռուսական պետության չափերը: Պետությունն ամրանում էր, ժողովուրդը` տկարանում, ասում է Կլյուչևսկին: Անհրաժեշտ էր տնօրինել ռուսական տարածքներն ու պահպանել դրանք: 19-րդ դարի ռուս մտածողները, խորհելով Ռուսաստանի ճակատագրի ու կոչման մասին, մշտապես մատնանշում էին այն, որ ռուս ժողովրդի ուժերի այդ պոտենցիալությունը, արտահայտված, ակտուալացված չլինելն էլ նրա մեծ ապագայի գրավականն են: Հավատում էին, որ ռուս ժողովուրդը, վերջապես, կասի իր խոսքն աշխարհին ու կհայտնաբերի իրեն: Բոլորի կողմից ընդունված է այն կարծիքը, որ թաթարական լուծը ճակատագրական ազդեցություն է ունեցել ռուսական պատմության վրա և ռուս ժողովրդին հետ է շպրտել: Իսկ բյուզանդական ազդեցությունը ներքուստ է ճնշել ռուս միտքն ու այն դարձրել ավանդական-պահպանողական: Ռուս ժողովրդի անսովոր պայթուցիկ դինամիզմն ի հայտ եկավ նրա մշակութային խավի մեջ Արևմուտքի հետ նրա շփումից ու Պետրոսի ռեֆորմից հետո: Գերցենն ասում էր, որ Պետրոսի ռեֆորմին ռուս ժողովուրդը պատասխանեց Պուշկինի հայտնությամբ: Մենք ավելացնենք. ոչ միայն Պուշկինի, այլ նաև սլավոնաֆիլների, Դոստոևսկու և Լ. Տոլստոյի, ճշմարտության որոնողների, ինքնատիպ ռուսական մտքի ծագման:

Ռուս ժողովրդի պատմությունն ամենատանջալիներից մեկն է. պայքար թաթարական արշավանքի ու թաթարական լծի դեմ, պետության մշտական հիպերտրոֆիա, Մոսկովյան տերության տոտալիտար վարչակարգ, խռովալի դարաշրջան, պառակտում, պետրոսյան ռեֆորմի բռնի բնույթ, ճորտատիրական իրավունք, որը ռուսական կյանքի ամենաահավոր խոցն էր, մտավորականության հալածանքներ, դեկաբրիստների մահապատիժ, պրուսական յունկեր Նիկոլայ I-ինի սոսկալի վարչակարգ, ժողովրդական զանգվածի անգրագիտություն, որին տգիտության մեջ էին պահում վախից, հեղափոխության անխուսափելիություն` կոնֆլիկտների ու հակասությունների լուծման համար և դրա բռնի ու արյունահեղ բնույթ և, վերջապես, ամենասարսափելին համաշխարհային պատմության մեջ` պատերազմ: Կիևյան Ռուսաստանի, Սուրբ Վլադիմիրի հետ են կապված բիլինաներն ու դյուցազունները: Բայց ասպետականությունը չզարգացավ ուղղափառության հոգևոր հիմքի վրա: Սբ. Բորիսի և Սբ. Գլեբի նահատակության մեջ հերոսականություն չկա, գերիշխում է զոհի գաղափարը: Չհակառակվելու սխրանքը ռուսական սխրանք է: Հասարակացումը և նվաստացումը ռուսական գծեր են: Ռուսական կրոնասիրությանը բնորոշ է նաև կրոնախևությունը` մարդկանցից անարգանք կրելը, ծաղրելը, աշխարհին մարտահրավեր նետելը: Բնորոշ է սուրբ իշխանների անհետացումը մեղասավոր իշխանությունը մոսկովյան իշխաններին անցնելուց հետո: Եվ պատահաբար տեղի չունեցավ ընդհանրապես սրբության աղքատացումը Մոսկովյան տերությունում: Ինքնահրկիզումը` որպես կրոնական սխրանք, ռուսական ազգային երևույթ է, որ գրեթե անհայտ է այլ ժողովուրդներին: Այն, ինչ մեզ մոտ երկհավատություն է կոչվում, այսինքն, ուղղափառ հավատի միավորումը հեթանոսական առասպելաբանության ու ժողովրդական պոեզիայի հետ, շատ հակասություններ է բացատրում ռուս ժողովրդի մեջ: Ռուս բնազդի մեջ միշտ պահպանվել և պահպանվում է մինչև օրս էլ դիոնիսյան, էկստատիկ (սքանչելական) տարրը: Մի լեհ ասաց ինձ ռուսական հեղափոխության թունդ պահին. Դիոնիսոսն է անցել ռուսական հողով: Սրանով է պայմանավորված ռուսական խմբերգի ու պարի վիթխարի ուժը: Ռուս մարդիկ հակված են օրգիաների` շուրջպար բռնած: Նույնը մենք տեսնում ենք ժողովրդական միստիկական աղանդներում, օրինակ, խլիստականության մեջ: Հայտնի է ռուս ժողովրդի գինարբուքի ու անարխիայի հակումը կարգուկանոնը կորցնելու դեպքում: Ռուս ժողովուրդը ոչ միայն հնազանդ էր կրոնական օրհնություն ստացած իշխանությանը, այլև իր խորքերից ծնեց նաև Ստենկա Ռազինին` գովերգված ժողովրդական երգերում, և Պուգաչովին: Ռուսները վազորդներ ու ավազակներ են: Եվ ռուսները թափառականներ են, որ փնտրում են Աստծո ճշմարտությունը: Թափառականները հրաժարվում են հնազանդվել իշխանություններին: Երկրային ճանապարհը ռուս ժողովրդին թվում է փախուստի ու թափառականության ճանապարհ: Ռուսաստանը միշտ լի է եղել միստիկ-մարգարեական աղանդներով: Եվ նրանցում միշտ եղել է կյանքի փոխակերպման ծարավը: Դա կար նաև խլիստերի սոսկալի, դիոնիսյան աղանդում: Հոգևոր ոտանավորներում տրվում է մուրացկանության ու չքավորության բարձր գնահատականը: Դրանց սիրած թեման անմեղ տառապանքն է: Հոգևոր ոտանավորներում առկա է սոցիալական անճշտության մեծ զգացում: Տեղի է ունենում ճշմարտության և անիրավության պայքար: Բայց դրանցում զգացվում է ժողովրդական հոռետեսությունը: Փրկության ժողովրդական ըմբռնման մեջ ողորմությունն առաջնային նշանակություն ունի: Ռուս ժողովրդի մեջ շատ ուժեղ է հողի կրոնը, դա դրված է ռուսական հոգու շատ խոր շերտում: Հողը վերջին պաշտպանն է: Հիմնական կատեգորիան մայրությունն է: Աստվածածինը գնում է Երրորդության առջևից և գրեթե նույնանում է Երրորդության հետ: Ժողովուրդն ավելի շատ զգում էր Հովանավոր Աստվածամոր մերձավորությունը, քան Քրիստոսի: Քրիստոսը` Երկնային տերը, Նրա երկրային կերպարը քիչ է արտահայտված: Անձնական մարմնավորում ստանում է միայն մայր հողը: Հաճախ հիշատակվում է Սուրբ Հոգին: Գ. Ֆեդոտովն ընդգծում է այն, որ հոգևոր բանաստեղծություններում հավատն առ Քրիստոս Փրկագնիչը չի բավարարում, Քրիստոսը դատավոր է մնում, այսինքն, ժողովուրդը կարծես թե չի տեսնում Քրիստոսի կենոզիսը: Ժողովուրդն ինքն ընդունում է տառապանքը, բայց կարծես քիչ է հավատում Քրիստոսի գթասրտությանը: Գ. Ֆեդոտովը դա բացատրում է հովսեփականության ճակատագրական ազդեցությամբ, որն աղճատել է Քրիստոսի կերպարը ռուս ժողովրդի մեջ: Եվ ռուս ժողովուրդը ցանկանում է թաքնվել Վոլոցկի ահարկու աստված Հովսեփից մայր հողի, Աստվածածնի թիկունքում: Քրիստոսի կերպարը, Աստծո կերպարը հետ էր մղվել երկրային իշխանության կերպարի կողմից և ներկայացվում էր նրա հետ նմանությամբ: Միևնույն ժամանակ, ռուսական կրոնասիրության մեջ միշտ ուժեղ է եղել էսխատաբանական տարրը: Եթե, մի կողմից` ռուսական ժողովրդական կրոնասիրությունը հանգուցում է աստվածային ու բնական աշխարհը, ապա մյուս կողմից` ապոկրիֆները` հսկայական ազդեցություն ունեցող պարականոն գրքերը, խոսում էին Մեսիայի սպասվող գալուստի մասին: Ռուսական կրոնասիրության այս երկու տարբեր հիմքերը կարտահայտվեն նաև 20-րդ դարի մտածողության մեջ:

... Պետրոս Մեծի ռեֆորմն անխուսափելի էր և նախապատրաստվել էր նախորդող գործընթացներով և, միևնույն ժամանակ, հարկադրական էր ու հեղափոխություն էր վերևից: Ռուսաստանը պետք է դուրս գար ինքնամփոփ վիճակից, որի մեջ հայտնվել էր թաթարական լծի ու Մոսկովյան` ոճով ասիական տերության բնույթի պատճառով, և դուրս գար համաշխարհային լայնություն: Առանց Պետրոսի` ժողովրդի համար այդքան տանջալի ռեֆորմի, Ռուսաստանը չէր կարող կատարել իր առաքելությունը համաշխարհային պատմության մեջ և չէր կարողանա ասել իր խոսքը: Հարցի հոգևոր կողմով չհետաքրքրվող պատմաբանները բավականաչափ պարզել են, որ առանց Պետրոսի ռեֆորմների` ամենառուսական պետությունը չէր կարողոնա պաշտպանել իրեն և չէր կարողանա զարգանալ: Պետրոսի ռեֆորմի վերաբերյալ սլավոնաֆիլների տեսակետը քննադատության չի դիմանում և լրիվ հնացել է, ինչպես նաև արևմտամետների տեսակետը, որը ժխտում է ռուսական պատմական գործընթացի յուրատեսակությունը: Մոսկովյան տերության ողջ ինքնամփոփությամբ հանդերձ` Արևմուտքի հետ առնչությունները սկսեցին դեռևս 15-րդ դարում: Եվ Արևմուտքը միշտ վախեցել է Մոսկվայի հզորացումից: Մոսկվայում գոյություն ուներ գերմանական սլոբոդա, և գերմանական ներթափանցումը Ռուսաստան սկսվել է մինչև Պետրոսը: 17-րդ դարում ռուսական առևտուրն ու արդյունաբերությունը զավթել էին օտարերկրացիները, սկզբում` հատկապես անգլիացիներն ու հոլանդացիները... Մինչպետրոսյան Ռուսաստանում արդեն կային մարդիկ, որ դուրս էին եկել Մոսկովյան տերության տոտալիտար կարգից: Այդպիսին էր հերձվածող իշխան Խվորոստինինը, այդպիսին էր նաև ապազգայնացած Վ. Կոտոշիխինը: Օրդին-Նաշչեկինը Պետրոսի նախորդն էր: Իսկ սլավոնաֆիլների նախորդը խորվաթ Կրիժանիչն էր: Պետրոս Մեծը, որ ատում էր Մոսկովյան տերության ոճն ու ծաղրում էր մոսկովյան սովորույթները, տիպիկ ռուս էր: Միայն Ռուսաստանում կարող էր հայտնվել այդքան անսովոր մարդ: Նրա մեջ ռուսական գծերն էին պարզությունը, կոպտությունը, արարողություններ, պայմանականություններ, էթիկետ չսիրելը, ինքնատիպ դեմոկրատիզմը, սերը ճշմարտության և Ռուսաստանի հանդեպ: Եվ միևնույն ժամանակ նրա մեջ արթնանում էր վայրի գազանի բնազդը: Պետրոսը բոլշևիկների հետ նման գծեր ուներ: Նա հենց գահակալ բոլշևիկ էր: Նա կազմակերպում էր ծաղրածուական, անարգական եկեղեցական պրոցեսիաներ, որ շատ նման էին բոլշիկյան համակրոնական քարոզչությանը: Պետրոսը ախշարհիկացնում էր ռուսական թագավորությունը և այն հաղորդակից էր դարձնում արևմտյան լուսավորական աբսոլյուտիզմի տեսակին: Մոսկովյան տերությունը չիրականացրեց Մոսկվայի մեսիական գաղափարը` Երրորդ Հռոմը: Բայց Պետրոսի գործն անդունդ ստեղծեց ոստիկանական աբսոլյուտիզմի և սուրբ տերության միջև: Խզում առաջացավ ռուսական հասարակության բարձրագույն իշխող խավերի և ժողովրդական զանգվածների միջև, որոնց մեջ պահպանվել էին հին կրոնական հավատալիքներն ու հույսերը: Արևմտյան ազդեցությունները, որ բերեցին 19-րդ դարի հիասքանչ ռուսական մշակույթին, բարենպաստ չէին ժողովրդի համար: Հզորացավ ազնվականության ուժը, որը լրիվ օտար դարձավ ժողովրդին: Ազնվական-կալվածատերերի կենսաոճը անհասկանալի էր ժողովրդին: Հենց պետրոսյան դարաշրջանում, Եկատերինա II-ի տիրակալության օրոք, ռուս ժողովուրդը վերջնականապես ընկավ ճորտատիրական իրավունքի իշխանության տակ: Ռուսական պատմության պետրոսյան ողջ շրջանը պայքար էր Արևմուտքի և Արևելքի միջև` ռուսական հոգու մեջ: Պետրոսյան կայսերական Ռուսաստանը միասնականություն չուներ, չուներ իր միասնական ոճը: Բայց նրանում հնարավոր դարձավ արտասովոր դինամիզմը: Պատմաբաններն այժմ ընդունում են, որ արդեն 17-րդ դարը ճեղքման դարն էր ու արևմտյան կրթության, սկիզբը, քննադատական դարաշրջանի սկիզբը: Կայսրությունն օրգանական չէր և ծանր բեռի պես ընկած էր ռուսական կյանքի վրա: Պետրոսի ռեֆորմից դուալիզմ է բխում, որն այնքան բնորոշ է Ռուսաստանի ու ռուս ժողովրդի ճակատագրի համար և որն այնքան անծանոթ է Արևմուտքի ժողովուրդներին: Եթե Մոսկովյան տերությունն արդեն կրոնական կասկածներ է առաջ բերել ռուս ժողովրդի մեջ, ապա այդ կասկածները խիստ ուժեղացան պետրոսյան կայսրության հետ կապված: Եվ միևնույն ժամանակ, ճիշտ չէ տարածված այն մոտեցումը, թե Պետրոսը, ստեղծելով Սբ. Սինոդը Գերմանական լյութերական նմուշի օրինակով, անկախությունից զրկեց և թուլացրեց եկեղեցին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Պետրոսի եկեղեցական ռեֆորմն արդեն արդյունք էր եկեղեցու թուլացման, հիերարխիայի տգիտության և նրա բարոյական համբավի կորստին: Սբ. Դմիտրի Ռոստովսկին, որ Ռոստով էր եկել ավելի կուլտուրական հարավից (Կիևում կրթական մակարդակն անհամեմատ բարձր էր), ապշել էր կոպտությունից, տգիտությունից ու վայրենացումից: Պետրոսը ստիպված էր աշխատել և ռեֆորմներ իրականացնել սարսափելի խավարում, խավարամտության մթնոլորտում, նա շրջապատված էր գողերով, անարդարացի կլիներ ամեն ինչում մեղադրել Պետրոսին: Բայց Պետրոսի բռնատիրական բնավորությունը խոցում էր ժողովրդական ոգին: Լեգենդ է հորինվել, թե Պետրոսը հակաքրիստոս է: Մենք կտեսնենք, որ Պետրոսի գործի արդյունքում կազմավորված մտավորականությունը կընդունի Պետրոսի ունիվերսալիզմը, հայացքն Արևմուտքին և կմերժի կայսրությունը…

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am