Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հուլիս 2008, N 4

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտյոմ Խաչատրյան

Հուլիսը հայտնի է նրանով, որ այս ամսվա մեջ տեղի է  ունենում մոլորակիս ութ առաջատար տերությունների լիդերների հանդիպումը։ Ըստ իս՝ դա տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունն է, որն իր նշանակությամբ գերազանցում է ՄԱԿ-ի վեհաժողովներն ու բարձր մակարդակի մնացյալ միջոցառումները, քանի որ  մոլորակի ամենակարևոր հարցերը՝ պատերազմ-խաղաղությունից մինչև գլոբալացում, գտնվում են  ռազմաքաղաքական և տնտեսական տերությունների վարույթում։ Ութնյակի վերջին, ինչպես նաև նախորդ հանդիպումները մեկնաբանելն ավելորդ է. գլխավոր պայմանավորվածությունները, ինչպես միշտ, մնում են կադրից դուրս։ Ինչ վերաբերում է պաշտոնական քրոնիկային, ապա այն բավականին տաղտկալի է և քիչ բան է ասում։
Բայց քիչ ավելի մոտենանք մեր սահմաններին։ Ամսվա սկղզբում  երկու այցելություն կատարվեց, որ անմիջական առնչություն ունեն մեզ հետ. նախագահ Մեդվեդևն այցելեց Բաքու, իսկ նախագահ Սարգսյանը՝ Աստանա։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հավերժական սիրո և ոչ պակաս հավերժ եղբայրության մասին Բաքվում ստորագրված հռչակագիրը լուրջ տագնապ առաջացրեց տեղի բորբոքված ուղեղներում և նույնիսկ մի շարք շահարկումների պատճառ դարձավ։ Սակայն չեմ կարծում, որ ամեն ինչ անհուսալի է. ուրիշի սիրուն չարժե նախանձել, առավել ևս, որ դրա դրսևորումները Հայաստանի համար ոչ մի լուրջ սպառնալիք չեն ներկայացնում, համենայնդեպս, Ղարաբաղը ուժով զավթելու գործում Ռուսաստանը Ադրբեջանին չի աջակցի, ուստիև մնացյալը մեզ չպետք է հուզի։ Դե իսկ նախագահ Սարգսյանն Աստանայում ներկա եղավ քաղաքի հոբելյանին։ Երևում է, կուլուարներում նրան հաջողվեց մի քանի կարևոր գործ անել, քանի որ հանդիպել էր մի շարք բարձրաստիճան անձանց հետ, թեպետև պաշտոնական քրոնիկան այս հարցում լռում է։ Բայց չտխրենք այս պատճառով` գլխավորն այն է, որ Հայաստանի համար կարևոր գործեր արվեն, իսկ կիմանանք մենք դրա մասին, թե ոչ, այնքան էլ էական չէ։
Բայց մինչ այդ՝ Սահմանադրության օրը, նախագահ Սարգսյանն ուրախացրեց իր հայրենակիցներին՝ հրավիրելով ֆուտբոլ նայելու իր թուրք գործընկերոջը։ Դաշնակցականների արձագանքը կանխատեսելի էր՝ կկազմակերպվի սկանդալ: Փոքր-ինչ զարմանալի մոտեցում, քանի որ 1918-1920թթ. նրանք այլ կարծիքի էին: Երբ հայերին օդի պես անհրաժեշտ էր դաշինքը բոլշևիկների հետ, դաշնակցականներն արեցին լրիվ հակառակը և դաշինքի գնացին թուրքերի հետ, ինչի հետևանքով անհետ  չքացան տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներ։ Այդ կապակցությամբ չեմ կարող մեջբերում չանել դաշնակցական առաջնորդ Սիմոն Վրացյանից, որը չնայած սոսկ Ներսիսյան ճեմարանի 10 դասարանների կրթությանը, իմաստաբար հայատարարում էր. «Այսօր մենք երկու իրական ուժ ունինք մեր կողքին, մեկը Սովետական Ռուսաստանն է, միւսը Թուրքիան: Միւս ուժերը մեզանից շատ հեռու են: Առաջինի հետ ինչպես ցույց տուեց դառը փորձը, հաշտուել չենք կարող. մենք պետք է հաշտուենք ու բարեկամանանք միւսի հետ: Այդ անհնարին չէ, որովհետև մենք և թուրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխութամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով» :


Դե իսկ Դաշնակցության մյուս վագրը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, ավելի արմատական էր. «Դաշնակցության նպատակն է՝ Թուրքը պաշտպանել Ռուսի դեմ»:
Հարց է առաջանում. ո՞ւր կորավ դաշնակցականների նուրբ սերն առ թուրքերը։ Պատասխանը, կարծում եմ, պետք է պարզ լինի ցանկացած նորմալ հայի համար. 1918-1920թթ. դաշինքը թուրքերի հետ հակացուցված էր հայերի համար, ինչպես  ցիանական թույնը, սակայն դաշնակցականները գնացին այդ դաշինքին։
Անցյալ համարում ես տպագրեցի Ալեքսանդրապոլի պայմանագրի տեքստը, որը ստորագրել էին դաշնակցականները իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց երեք օր անց։ Կարծում եմ՝ այդ տեքստը պետք է լինի յուրաքանչյուր հայի տանը, և, հնարավոր է, ինչ-որ ժամանակ անց նախադրյալներ ստեղծվեն այս երկրում բանականության թագավորություն հաստատելու համար, և դաշնակցականները կվերանան՝ հայտնվելով բնական կենսամիջավայրից դուրս, ինչպես ձուկը ցամաքի վրա։ Որքա՞ն է պետք սպասել այդ բախտաշնորհ պահին՝ մենք չգիտենք։ Գիտենք միայն, որ դա հիրավի հեղափոխական քայլ կլինի։

Ամսվա նշանավոր իրադարձությունը նախագահի 100-րդ օրն էր։ Եզրակացություններ անելու համար այդ ժամկետը շատ կարճ է, բայց, այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ ոչ մի էական թռիչքային բան նախագահի կողմից դեռ չի իրականացվել։ Կառավարությունը հիշեցնում է առողջ բանականության ու անհեթեթության մի խառնուրդ։ Նախագահի բոլոր անձնական նշանակումները հազվադեպ հաջող են և անգամ այլընտրանք չենթադրող (վարչապետը, ֆինանսների, պաշտպանության նախարարները, գիտության կոմիտեի նախագահը) կամ լիովին նորմալ են (արդարադատության, էկոնոմիկայի նախարարները)։ Ինչ վերաբերում է կոալիցիոն նախարարներին կամ Քոչարյանի ժառանգությանը, ապա այդ մասին ավելի լավ է լռել, որովհետև դժվար է մնալ նորմատիվային բառապաշարի շրջանակներում։ Կարծում եմ՝ նման թիմով դժվար թե հնարավոր լինի պառակտված երկիր ղեկավարել և հենց այդ պատճառով էլ խաղի կանոնները այսօր թելադրում է Տեր-Պետրոսյանի ղեկավարած «ընդդիմությունը», իսկ երկրի ղեկավարությունը ստիպված է ընդունել այն, քանի որ ինքն ի զորու չէ սահմանել ու թելադրել սեփական կանոնները։ Տեսնենք, թե ինչքան ժամանակ կհանդուրժի նախագահը այս կառավարությանը։ Նրան և ողջ երկրին ցանկանանք, որ նրա համբերությունը հնարավորինս շուտ հատի, քանի որ պետությանն այսօր անհրաժեշտ են ուրիշ մարդիկ, որ ունակ են կառուցողական աշխատանքի, կարող են խնդիրներ հայտնաբերել ու լուծել և, որ ամենակարևորն է, չեն դավանում մեռած գաղափարախոսություններ։
Վերջապես, հուլիսի գլխավոր թեման։ Բնականաբար, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է ու նրա «համաժողովրդական շարժումը»։ Հուլիսի 4-ին անցկացնելով իր կողմնակիցների հանրահավաքը՝ էքս-նախագահը ավարտեց այն քաղաքի կենտրոնում անցկացված երթով և շուրջօրյա նստացույց կազմակերպերպեց Հյուսիսային պողոտայում։ Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ է գործում. նա փորձում է թուլացնել իշխանությունը, սասանել նրա հիմքերը և ստիպում է Սարգսյանին անցնել իրավակիրառման պրակտիկային, իսկ դա, ինչպես հայտնի է, մեղմ ասած, չի ողջունվում եվրոպական կազմակերպությունների կողմից։ Այդպիսին է այսօր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. մեզ թույլ չի տրվում նստեցնել մարոդյորներին, ցրել չարտոնված մասսայական միջոցառումները, և ընդհանրապես պահպանել ներքին օրենսդրությունը։
«Համաժողովրդական շարժմանը» նկատելի ոգևորություն հաղորդեց «Լուիս Մարիա դը Պյուչ» բարձրագոչ անվանմամբ մի բարձրաստիճան եվրոպացու այցը։ Ըստ էության, այս տղան սպառնաց Հայաստանին մինչև իսկ Եվրոպայի խորհրդից հեռացնել, եթե մինչև սեպտեմբերի 11-ը չկատարվեն նրանց պահանջները, որ ուղղված են հայկական պետականության ոչնչացմանը։ Ճիշտն ասած, ես կամավոր դուրս կգայի ԵԽ-ից, առավել ևս, որ Հայաստանն այստեղ մեծ հաշվով անելիք չունի, բայց արտաքին քաղաքականության հարցերով զբաղվում են այլք, որոնց, երևում է, հաճույք են պատճառում ում կողմից որ է տրված դաստիարակչական ապտակները։ Ի հավելումն դրան՝ նրանք ի վիճակի չեն բացատրել երկրի ներսի կամ արտասահմանյան լիբերալ հանրությանը, որ այն մարդուն, ում մոտից ծանր հրետանի ու հակաօդային պաշտպանության միջոցներ են առգրավվում, կամ ում «տանիքի» տակ հասարակաց տուն է ծաղկում իր բոլոր ակսեսուարներով հանդերձ, այդ մարդկանց արդեն այլախոհ կամ քաղբանտարկյալ անվանել չի կարելի։ Մի խոսքով, երկրի սուվերենությունը, որ առանց այդ էլ առանձնապես բարձր չէր Քոչարյանի օրոք, տերպետրոսյանական աղանդի ջանքերի շնորհիվ լուրջ հարվածի տակ ընկավ։ Տեսնենք, թե ինչի կհասցնի դա. կարելի է միայն ասել, որ Տեր-Պետրոսյանի աղանդին հակազդելու այսօրվա միջոցները Հայաստանի համար լավ բան չեն կանխատեսում։
Ամսվա մյուս իրադարձություններից պետք է առանձնացնել Ռադովան Կարաջիչին ձերբակալելն ու Արևմուտքին նրան վաճառելը։ Երբ ազգը սկսում է զբաղվել իր մարդկանց վաճառքով, որոնք համարձակություն են ունեցել պաշտպանել սեփական ազգային շահերը, ապա դա արդեն տվյալ ազգի համար ծանր ախտորոշում է։ Կարելի է ասել, որ այդ ազգը ապրում է իր վերջին օրերը և դատապարտված է կործանման։ Իհարկե, մեղք են սերբերը, բայց դա նրանց ընտրությունն է։ Կորցնելով Կոսովոն և համակերպվելով դրա հետ՝ սերբերն արդեն ոչնչի ընդունակ չեն. նրանց ինքնությանը սարսափելի հարված է հասցվել. հարված, որից ուշքի չեն գալիս անգամ մեծ ազգերը, այնպես որ, սերբերի մասին խոսելն ավելորդ է։
Բայց հետաքրքիր է, որ սպանիչ սերբական պրակտիկան հետևորդներ է գտնում Հայաստանում։ Հայտնի է, որ հայերը սիրում են ներկրել ամեն վատը, և սերբական փորձը նրանց սրտով եղավ։ Խոսքը գնում է Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու համար ստորագրահավաք սկսելուն։ Գտնվեցին տասնյակ հազարավոր ստորագրողներ։ Տեր-Պետրոսյանի աղանդավորները համոզում են մարդկանց, որ եթե 300 հազար մարդ ստորագրի, ապա վաղն ևեթ Հաագայից հատուկ ինքնաթիռ կգա և կտանի «ատելի ղարաբաղցուն»։ Բնականաբար, մտքի նման այլասերանքի կարող էին հասնել միայն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի որոշ դեգեներատների բորբոքված ուղեղները։ Ես, իհարկե, Քոչարյանի պաշտպանը չեմ և բացարձակապես անտարբեր եմ նրա ճակատագրի հանդեպ։ Բայց որոշակի սահմաններ կան, որոնք անցնելն անթույլատրելի է։ Ի պատասխան Տեր-Պետրոսյանի այս խելացնոր ու պետության համար վնասակար ակցիայի՝ առաջարկում եմ ստորագրահավաք սկսել նրան ստիպողական բուժման ենթարկելու և հասարակական գործունեությունից մեկուսացնելու համար  (գոնե մի որոշ ժամանակով՝ բուժման ժամանակահատվածի ընթացքում)։ Քանի որ այսօր ակնհայտորեն հիվանդ մարդիկ քաղաքականության մեջ անում են բաներ, որոնց պատասխանը հետագայում ստիպված են լինելու տալ երկրի առողջ քաղաքացիները։
Ըստ իս՝ Տեր-Պետրոսյանի դեգեներատների ու դուրսպրծուկների դեմ արմատական միջոցներ չկիրառելն արդեն անհնար է։ Կարծում եմ՝ 1 մլն ստորագրություն կհավաքվի, իսկ դա արդեն բավական է նախկին նախագահին հոգեբուժական քննության ենթարկելու գործընթացը նախաձեռնելու և հետագա ստիպողական բուժման համար։ Իմ կարծիքով, գործող օրենսդրության շրջանակներում այս մաքրազտող գործողությունն անցկացնելը բավականին հեշտ կլինի. կարևորը սկսելն է։

Իսկ այժմ համառոտ՝ համարի բովանդակության մասին։ Մենք նոր խորագիր ունենք՝ «Հետհայաց»։ Ամեն համարում մենք 1991-2008թթ. ընթացքում հերթական ամսվա քաղաքական իրադարձությունները կընդգրկենք։ Ամեն էականը կարտացոլվի ամսագրի էջերում, և ընթերցողի առաջ կբացվի Երրորդ Հանրապետության պատմության պարզ պատկերը, որը հաճախ մոռացված է, ժամանակին էլ միշտ չէ, որ ճիշտ է լուսաբանվել։ Հուսով եմ, խորագիրն ընթերցողի մոտ ակտիվ հետաքրքրություն կառաջացնի։
Հոդվածների բլոկը բացվում է իմ «Հայաստանի ապաօլիգարխացումը նրա գոյատևման միակ պայմանն է» հոդվածով «Քաղաքականություն» խորագրի ներքո։ Այս անգամ խոսքը կգնա օլիգարխատի մասին՝ որպես ռեժիմի անհուսալի հենարանի, ինչի հետ կապված առաջարկում եմ խորհրդածել օլիգարխատի վերացման նպատակահարմարության մասին։
«Աշխարհաքաղաքականություն» խորագրի տակ այս անգամ հանդես կգա Ռուս-կիրգիզական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Կնյազևը։  Նա գրում է ամերիկյան աշխարհաքաղաքական սցենարների մասին` եվրասիական իրողությունների համատեքստում:
«Մշակույթ և արվեստ» խորագրի տակ Սվետլանա Գուլյանի «Հայերը համաշխարհային կինոյում» հոդվածի շարունակությունն է։ Կարծում եմ՝ առավել մեծ հետաքրքրություն այստեղ կառաջացնի Ազնավուրին նվիրված գլուխը։ Ցավոք, Շառլ Ազնավուրը հայտնի է հայերին հիմնականում որպես շանսոնյե, իսկ այն հանգամանքը, որ նա ֆրանսիական կինոյի առանցքային դեմքերից է, մեզ, փաստորեն, քիչ է հայտնի։ Սվետլանայի աշխատանքը կօգնի մասնակիորեն լրացնել այդ բացը։ Կարծում եմ՝ արվեստի աշխարհի՝ Ազնավուրի  նման մեծությունները պետք է բազմակողմանիորեն հայտնի լինեն գոնե պատմական հայրենիքում։
«Քաղաք և գավառ» խորագրի տակ ներկայացված է Հայկ Վարշամունու  բավականին հետաքրքիր մի աշխատանք: Հայկական կառավարության կառուցվածքում նոր գերատեսչության՝ Սփյուռքի հարցերով նախարարության ձևավորման համատեքստում հրատապ է դառնում մի հարց, որը, աշխարհով մեկ հայերի սփռված լինելու պատճառով, ցավոք, երբեք չի կորցրել իր այդ հրատապությունը: Առանձին վերցրած մի «սիրիական օրինակի» վրա նյութի հեղինակը փորձում է ներկայացնել ձուլման (ասիմիլյացիայի) այն հեռանկարը, որ Դամոկլյան սրի պես կախված է ազգի ապագայի վրա: Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը պարտադրված է հայրենադարձության նոր (սովետականից տարբեր) քաղաքականություն մշակել, քանի որ, հակառակ դեպքում, ազգը հերթական անգամ կկորցնի սեփական էթնոմշակույթային դիմադրողականության կարևորագույն և գործնականում չվերականգնվող չափաբաժինը:

 

Եվ վերջապես, համարի զարդը՝ երկու հոդված «Քաղաքական դիմանկարներ» խորագրի տակ։ Դրանցից մեկը նվիրված է Միքայել Լոռիս-Մելիքովին (հեղինակ՝ Սերգեյ Մինասյան), մյուսը պատմում է Հեյդար Ալիևի մասին (հեղիանակ՝ Արիս Ղազինյան)։ Պլուտարքոսից մենք վերցրել ենք «զուգակշիռքի» հայեցակարգը և ձգտել ենք ադապտացնել այն մեր էջերում։ Այսպիսով, մեր առջև են պետական երկու մեծ գործիչների դիմանկարները։ Երկուսն էլ ծառայել են կայսրություններին. մեկը՝ Ռուսական, մյուսը՝ Խորհրդային, և երկուսն էլ հասել են բարձրագույն դիրքերի։ Երկուսն էլ չեն եղել «տիտղոսային» ազգի ներկայացուցիչներ։ Երկուսին էլ հաջողվել է վառ հետք թողնել կայսրությունների պատմության մեջ, սակայն, ի տարբերություն Լոռիս-Մելիքովի, Հեյդար Ալիևին բախտ վիճակվեց կայսրության փլատակների վրա կառուցել իր ազգային պետությունը։ Ընդհանրապես բուն թեմատիկան այնքան է ինձ գրավում, որ ես ստիպված եմ քիչ ավելի մանրամասնորեն կանգ առնել այս երկու  անհատների կենսագրությունների վրա։
Թիֆլիսահայ Լոռիս-Մելիքովը՝ հետագայում գեներալ և Ռուսական կայսրության դե-ֆակտո առաջին վարչապետը, պատմության որբն է։ Նրան չէին ընդունում ԽՍՀՄ-ում, քանի որ նա ցարական մինիստր էր։ Նրան չեն ընդունում Հայաստանում, քանզի կարծում են, որ Լոռիս-Մելիքովը բոլորովին էլ հայ գործիչ չէ և, դեռ ավելին, ոչինչ չի արել հայերի համար։ Հայաստանում ընդունում են բոլորովին այլ  պատմական կերպարների՝ մարդակերների ու բանդիտների, կաշառակերների ու խուլիգանների։ Դե, ո՞ւր է թե գեներալ Լոռիս-Մելիքովը հասներ Մանվելին, Սյամոյին, Վազգենին, Սեյրանին, Դրոյին և այլոց։ Չէ՞ որ նա խուլիգան-խմբապետ չէր, հայերին չէր թալանում ու սպանում։ Մի խոսքով՝ Հայաստանի համար ոչ մի վատ բան չէր արել։ Հակառակը, նա շատ օգտակար բաներ էր արել Ռուսաստանի համար, որի մի մասն էր կազմում Հայաստանը։ Հետևաբար, այսօրվա Հայաստանում Լոռիս-Մելիքովն ընդունված լինել չի կարող, նա Հայաստանին պետք չէ, իսկ Երևանի կենտրոնական փողոցը պետք է կրի միայն մարդակեր-խուլիգանի անունը։ Սակայն, փառք Աստծո, վերջին ժամանակներս այդ ուղղությամբ դրական միտումեր են նկատվում Ռուսաստանում։ Համենայնդեպս, ռուսական պատմության դասագրքերում Միքայել Լոռիս-Մելիքովը ներկայացվում է որպես մեծ պետական գործիչ։ Փորձենք խորամուխ լինել այդ մարդու վեհության մեջ։
Հանգուցյալ գեներալ Ալեքսանդր Լեբեդն ասում էր, որ գեներալ-լիբերալը նույնն  է, ինչ հրեա-եղջերվապահը։ Չգիտեմ, կա՞ն արդյոք աշխարհում հրեա-եղջերվապահներ և հնարավո՞ր է դա արդյոք բնության մեջ, բայց գեներալի ու լիբերալի սինթեզն իրականում գոյություն ունի, և Լոռիս-Մելիքովը դրա փայլուն ապացույցն է։ Որպես պետական գործիչ՝ նա կանգնած էր ռուսական սահմանադրականության ակունքներում, քանի որ գիտակցում էր, որ մեծ կայսրությունը պետք է ձերբազատվի աբսոլյուտիզմից, և նա շատ բան արեց քաղաքացիական իրավունքների և ազատությունների զարգացման համար։ Բայց որպես գեներալ նա դաժանորեն պայքարում էր կայսրության թշնամիների դեմ և նրա սահմաններից դուրս էր արտաքսում տասնյակ հազարավոր չերքեզների և այլ ցեղերի ներկայացուցիչների՝ բոլորովին չմտահոգվելով «մարդու իրավունքներով ու ազատություններով», քանի որ առաջին հերթին նա մտահոգված էր կայսրության շահերով։
Հոդվածում հեղինակը մեծ տեղ է հատկացնում Լոռիս-Մելիքովի քաղաքական հայացքներին, փորձում է որոշել նրա տեղը Ռուսաստանի պատմության մեջ։ Սակայն, ցավոք, նա մինչև վերջ անկեղծ չէ, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որը հեղեղված է լիբերալ նախապաշարմունքնեով։ Իսկ ես պարզ կասեմ Ռուսաստանի ժողովրդի համար Լոռիս-Մելիքովի գործած ամենամեծ սխրանքի մասին։ Դա Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի կազմում պահելն էր։ Եթե չլինեին գեներալի վճռական քայլերը լեռնաբնակներին Թուրքիա արտաքսելու ուղղությամբ, ապա այսօր Հյուսիսային Կովկասում բոլորովին այլ ժողովրդագրական պատկեր կլիներ, իսկ ելցինյան լիբերալ էքսպերիմենտների շրջանում Կովկասն անպայման կանջատվեր Ռուսաստանից։ Կարծում եմ՝ ռուս ազգայնականները պետք է ըստ արժանվույն գնահատեն գեներալի սխրանքը, ինչպես նրան գնահատում են լիբերալները բոլորովին այլ բնույթի գործունեության համար։
Հեյդար Ալիևի դիմանկարը Արիսը բավականին յուրօրինակ ձևով է ներկայացնում։ Հասկանում եմ, որ Ալիևի չսևացրած պորտրետը որոշ շրջանակներում կարող է գրգռվածություն առաջացնել, բայց այդ հանգամանքն մեզ բոլորովին չի հուզում։ Մի բան գիտեմ. Հեյդար Ալիևի մեծությունը ոչ մի կապ չունի նրա հանդեպ մեր վերաբերմունքի հետ։  Առաջարկում եմ մտածել այս կտրվածքով, և ապրելն ավելի հեշտ կլինի:
           «Մեջբերումներ դասականներից» խորագրի տակ այսօր մի արտասովոր բան ունենք: Ավելի կոնկրետ՝ «հակասեմիտական գրականություն», որի համար քաղաքակիրթ երկրներում ընդունված է նստեցնել, կամ գոնե «իզգոյ» դարձնել: Սակայն մեզ չեն բանտարկի, քանի որ հեղինակները մենք չենք, այլ արևմտյան մտքի լուսատուները՝ Կիկերոնից մինչև Վագներ ու Վոլտեր: Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել մեր արևմտյան «կուրատորներին» և Արևմուտքի բոլոր բնակիչներին այն մասին, որ մարդկային լկտիության ամբողջ տեսականին՝ ներառյալ հակասեմիտիզմը, հակաֆեմինիզմը (այդ մասին հաջորդ համարում) ու այլն, ստեղծվել են բացառապես նրանց կողմից և միայն հետագայում են փաթաթվել մնացյալ աշխարհի գլխին: Պատմություն իմացողները գիտեն, որ եթե արաբական երկրներում այսօր «պայթեցնում են» տարին մի քանի տասնյակ հրեաների, ապա Եվրոպայում 1000 տարվա ընթացքում նրանց ոչնչացրել են միլիոններով: Բավական է ասել, որ Իսպանիան մինչև Նապոլեոնի ներխուժումը (19-րդ դար) ուղղակի արգելում էր  հրեաների մուտքը: Մի խոսքով, նախքան սովորեցնելն ու մեր նման հաճոյակատարներից  սուսիկ-փուսիկ սովորել պահանջելը, օգտակար կլիներ, որ կողքից իրենց նայեին ու մտածեին մի հարցի շուրջ. իրավունք ունե՞ն արդյոք անել դա: Անձամբ ես կարծում եմ, որ ոչ. Արևմուտքի բնակիչները որևէ մեկին սովորեցնելու բարոյական իրավունք չունեն...  Հավելեմ, որ խորագրի տակ տեղ են գտել նաև այլ նյութեր, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն ընթերցողին: Մասնավորապես, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել հայերի մասին Լոուրենս Արաբացու «անկեղծացումներին»: Խորհելու առիթ կգտնեք այնտեղ...

 


 

Share    


Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am