Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Հուլիս 2008, N 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ԵՎ ՇՀԿ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ

Ալեքսանդր Կնյազեվ, պատմական գիտությունների թեկնածու, ռուս-կիրգիզական համալսարանի պրոֆեսոր, ռուսական աշխարագրական ընկերության իսկական անդամ

Վերջին տասնամյակներին համաշխարհային քաղաքականության ծանրության կենտրոնն ավելի ու ավելի է տեղափոխվում դեպի Ասիա. այստեղ են գտնվում համաշխարհային տնտեսության այնպիսի սուբյեկտներ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Իրանը, Հարավային Կորեան, հարավարևելա-ասիական երկրները: Սակայն քաղաքական ու տնտեսական դինամիզմը չի նվազեցնում, այլ հաճախ նույնիսկ հրահրում է կոնֆլիկտայնության բարձր պոտենցիալը: Ասիայում չկա տարածաշրջանային անվտանգության կայացած և հուսալի համակարգ, և դրա ստեղծումը մոտակա ու միջնաժամկետ հեռանկարում, ինչպես երևում է, քիչ հավանական է: Մինչև վերջին ժամանակներս ԱՄՆ-ի հետ ասիական երկրների ռազմական դաշինքները, աշխարհամասում անվտանգության որևէ «ճարտարապետության» հիմք չհանդիսանալով, թերևս, զսպման գործիքի դեր էին կատարում:
2000-ական թթ. սկզբին տեղի ունեցած աշխարհաքաղաքական տեղաշարժերը` աշխարհում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի նվազումը, Չինաստանի և Հնդկաստանի վերելքը, Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարգավիճակի վերականգնումը, Իրանի` հզորագույն տարածաշրջանային տերության վերածվելը, արմատական իսլամական շարժումների վերազգային համախմբումը, մարտահրավեր են նետում ամերիկյան հեգեմոնիային` ըստ այդմ, նվազեցնելով ինչպես նախկին երկկողմանի պաշտպանական դաշինքների /օրինակ, Թայվանի հետ/, այնպես էլ արհեստական, ի սկզբանե անօգնական այնպիսի դաշինքների նշանակությունը, ինչպիսիք են՝ ՎՈՒԱՄ-ը կամ ՍՏՀ -ը, որոնք ավելի շուտ այսրոպեական PR նախագծեր էին:
Ռուդոլֆ Չելենսի «Պետության` որպես տարածության մեջ մարմնավորված աշխարհաքաղաքական մարմնի»  մասին դասական հասկացությունը 21-րդ դարասկզբին բավական մեծ ճշգրտման է ենթարկվում: Համաշխարհային պատմության նորագույն շրջանը բնութագրվում է ստեղծված հավասարակշռության մեջ չափազանց հզոր տեղաշարժերով և պահանջում է անհետաձգելի գլոբալ քաղաքական մի շարք որոշումներ ընդունել: Անհրաժեշտ է հստակ ձևակերպել նոր աշխարհայացքային հենք, որի հիման վրա կարելի կլիներ իրագործել ընթացիկ քաղաքականության խնդիրները, ինչն անհնար է միայն կիրառական քաղաքագիտության գործիքանու կիրառման: Աշխարհաքաղաքականության խնդիրներին հավելվում է նաև գլոբալ քաղաքական կազմակերպության ինքնամփոփ և սահմանափակ համակարգի վերլուծությունը: Այդ խնդրի լուծումը պահանջում է աշխարհաքաղաքականության մեթոդաբանական գործիքանու ճշգրտում և լրացում, թեև ուսումնասիրման բուն առարկայի ճշտման անհրաժեշտություն չի առաջացնում, ինչպես նաև հրաժարում մշակված բազային մեթոդական սկզբունքներից:
Կենտրոնաասիական ներկա քաղաքականության` որպես հետազոտման առարկայի հիմնախնդիրներն առայժմ ավելի շուտ կանոնական ձևակերպում են ստանում` առաջին հերթին քաղաքականության և տարածության փոխադարձ ազդեցությամբ: Այդ փոխազդեցության էությունն այն է, որ մի կողմից` տարածության հատկությունները, որում նախաձեռնվում են այս կամ այն քաղաքական ակցիաները չեն կարող չազդել քաղաքական գործողությունների բնույթի ու ռեզոնանսի վրա: Մյուս կողմից` քաղաքականությունը, որպես մարդկանց բազմության ջանքերի միասնական կամքի ենթարկման արդյունք, չի կարող չազդել տարածության վրա, չկերպափոխել այն սույն կամքին համապատասխան: Տարածությունն, այսպիսով, քաղաքական է դառնում ոչ միայն այլաբանորեն, այլև իրապես տարածությունը դառնում է քաղաքական իմպուլսների ռեզոնատոր: Աշխարհի աշխարհաքաղաքական պատկերը բարդանում է դրանով նորանոր սուբյեկտների ընդգրկմամբ և ստիպում է արդի աշխարհաքաղաքականությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել «մարդկային գործոնին», ինչ-որ «անթրոպոլոգիական շրջադարձ» կատարել, ինչն էլ հենց խիստ բնորոշ է Կենտրոնական Եվրասիայի աշխարհաքաղաքականությանը...

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱՆ ԵՎ ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
 
Գլոբալ զարգացման դինամիկ փոփոխվող հանգամանքների ըմբռնումը ամերիկյան եվրասիական քաղաքականության որոշիչ հրամայականներից մեկն է: Այդ քաղաքականության գլխավոր սցենարներից մեկը «Մեծ խաղի» ավանդական տարածքում ԱՄՆ-ի կողմից տոտալ վերահսկողության հաստատման փորձն է, որին միանում է ԱՄՆ եվրոպական դաշնակիցների մտադրությունը` նշյալ տարածքի վրա տարածել նաև իր ազդեցությունը, որը ենթադրում է մի ամբողջ շարք նպատակների ձեռքբերում :
Կասկածից վեր է, որ ԱՄՆ ռազմավարության իրականացումը կոչված է ապահովելու տարածաշրջանում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայության երկարատև բնույթը, տարածաշրջան, որտեղ, բացի նավթագազային կորպորացիաների շահերից, կուտակվել է հսկայածավալ հակամարտածին պոտենցիալ, որի խելամիտ կառավարումը կարող է ապահովել ԱՄՆ-ի` որպես «միակ գերտերության» կարգավիճակը: Ռուսաստանի և Չինաստանի չեզոքացումը, Իրանի վերածումը ամերիկյան քաղաքականության անմիջական օբյեկտի, դաշնակիցների` Իսրայելի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի որոշ շահերի հաշվառումը, այդ շրջանակում Հնդկաստանի ներառումը. սրանք են ենթադրվող տարածաշրջանային կազմակերպման հիմնական բաղադրիչները:
Տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, բացի ածխաջրածնային հայտնի ռեսուրսներից, որ միավորում են Կենտրոնական Ասիան ու Կասպյան ավազանը, որոշվում է Եվրոպայի ու Ասիայի միջև ունեցած սահմանային դրությամբ` «արևելք-արմուտք» և «հյուսիս-հարավ»  միջաշխարհամասային և ազգամիջյան տրանսպորտային ուղղություների ու հաղորդակցությունների խաչմերուկում, համաշխարհային երեք կրոնների տիրապետող ազդեցության ոլորտների շարժական հատման կետում: Ելնելով դրանից` ԱՄՆ-ը ձգտում է վերահսկողություն սահմանել հիմնական տրանսպորտային և էներգետիկ հիմնական օբյեկտների նկատմամբ. դրանք TRACECA և «Մետաքսի մեծ ճանապարհ»  նախագծերն են, Անդրկասպյան նավթատարը, Բաքու-Ջեյհան և Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան /այսպես կոչված ԱԱԳ, «Անդրաֆղանական գազատար»/ խողովակաշարերը, ԵՄ կողմից լոբբիի ենթարկվող «Նաբուկկո»  գազատարի նախագիծը: Նոր հազարամյակի սկզբից ի վեր ամերիկյան եվրասիական ռազմավարության նորությունը, դատելով ըստ ամենայնի, մասնակի հրաժարումն է ծովապետական /տալասոկրատիկ/ մոդելից և անցումն անմիջական ներկայությանը rimland»а-ի զգալի հատվածում` Եվրոպայից մինչև Իրան և Կենտրոնական Ասիա:
«Նոր դարում ազգային անվտանգության ռազմավարության»  մեջ նշվում է, որ 21-րդ դ. գլխավոր բնութագիրը գլոբալացումն է, այնտեղ էլ ասվում է, որ միևնույն ժամանակ գլոբալացումն ուղեկցվելու է զանազան տեսակի «մարտահրավերներով»  ու ռիսկերով, որոնք կազդեն ԱՄՆ անվտանգության վրա: Փաստաթուղթը ԱՄՆ ազգային շահերը բաժանում է երեք կարգի. կենսական շահեր, կարևոր ազգային շահեր և հումանիտար ու այլ շահեր: Կենսական շահերն են «մեր տարածքի և մեր դաշնակիցների տարածքի «ֆիզիկական անվտանգությունը, մեր քաղաքացիների անվտանգությունը, մեր հասարակության տնտեսական բարգավաճումը և մեր կենտրոնական ենթակառուցվածքի, այսինքն, էներգետիկայի, բանկերի ու ֆինանսների, հեռահաղորդակցության, տրանսպորտի, ջրային համակարգերի և արտակարգ իրավիճակների կանխման համակարգերի պաշտպանությունը»: Ուղղակիորեն ասվում է. «Մենք կանենք ամեն ինչ` պաշտպանելու համար այդ շահերը, ընդ որում, երբ դա անհրաժեշտ է ու տեղին, օգտագործելով մեր ռազմական հզորությունը` միակողմանի ու վճռական կարգով» :
Ելնելով ռազմավարական այս դրույթներից` ԱՄՆ վարչակազմը, բացի խողովակաշարերից, աջակցություն է ցուցաբերում նաև տրանսպորտային այլ նախագծերին, առաջին հերթին` արևելա-արևմտյան «միջանցքին»: Տրանսպորտային միջանցքի բացումը լայնակի ուղղությամբ թույլ կտա.
- փակել Չինաստանի էներգամատակարարման հնարավոր աղբյուրներից մի քանիսը,
- ապահովել Ռուսաստանից «կտրվելն» ու ԱՄՆ-ից կենտրոնաասիական և անդրկովկասյան-կասպյան պետությունների ուղղակի կախվածությունը,
- ի հակակշիռ ռուսաստանյան շահերի` ապահովել կենտրոնաասիական և սևծովյան-կասպյան պետությունների տարածաշրջանային ինտեգրումը ,
- փոխել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսության ու էներգառեսուրսների կողմնորոշվածությունը դեպի արևմտյան ընկերակցության շահերի սպասարկումը,
- ապահովել տարածաշրջանի երկրների նկատմամբ քաղաքական և, մասնավորապես, ուղղակի ռազմական վերահսկողության սահմանումը,
- այդ նախագծի օգնությամբ կապել Թուրքիան և Եվրամիությունը,
- կտրել Իրանը Կենտրոնական Ասիայից և Ռուսաստանից, ինչը կխափանի ամերիկյան քաղաքական մեկուսացումից դուրս գալու նրա փորձերը, շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա` նպատակ ունենալով նրան ներառել ԱՄՆ-ին ենթակա տարածաշրջանային պետությունների թվում,
- աջակցել տարածաշրջանում գործունեություն ծավալած ամերիկյան նավթային ընկերություններին, դիվերսիֆիկացնել էներգիայի համաշխարհային աղբյուրները` պայմաններ ստեղծելով դրանց առավելագույն կառավարման և վերահսկողության համար:
Խոսքը գլոբալ խնդրի մասին է, որի բաղադրիչ մասերն են հանդիսանում ԱՄՆ առևտրային, էներգետիկ և աշխարհառազմավարական շահերը:
Էներգետիկ շահը թելադրվում է առաջին հերթին Վաշինգտոնի` ինչպես միջնաժամկետ, այնպես էլ ավելի երկար հեռանկարի համար ԱՄՆ-ին էներգառեսուրսներով ապահովելու հուսալիությունը բարձրացնելու ձգտմամբ: Խոսքը նախևառաջ վերաբերում է ածխաջրածինների աղբյուրների դիվերսիֆիկացմանը /ԱՄՆ տնտեսության` Մերձավոր Արևելքից և OPES երկրներից կախվածության թուլացումը նավթի ու գազի փոխադրման նոր ճանապարհների ստեղծումը/: Բնական է, որ ԱՄՆ-ը հովանավորում է միայն այն նախագծերը, որոնք ձգվում են Արևելքից Արևմուտք` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:
Սակայն Կասպյան տարածաշրջանը հիմնականում դիտարկվում է որպես ածխաջրածինների` ռազմավարական նշանակության պահուստային ավազան: ԱՄՆ-ը շահագրգռված է ոչ այնքան արդյունահանմամբ, որքան այդ ռեսուրսների նկատմամբ վերահսկողության սահմանմամբ և ապագայի համար դրանց պահեստավորմամբ: Կասպյան նավթը ավելի նշանակալի կարող է դառնալ այն դեպքում, եթե մոլորակի մեկ այլ տեղում քաղաքական պատճառներով նավթի արդյունահանումը նվազի: ԱՄՆ ազգային էներգետիկական ռազմավարության /CNES/ շրջանակներում էներգետիկ համակարգի /որպես Պարսից ծոցի այլընտրանք/ ստեղծումը կարևոր գործոն է համաշխարհային «էներգետիկական հավասարակշռության»  նկատմամբ ամերիկյան վերահսկողության սահմանման գործում: Երկարաժամկետ պլանավորման շրջանակներում նախատեսվում է անմիջական վերահսկողություն սահմանել կենտրոնաասիական տարածաշրջանի ածխաջրածնային պաշարների նկատմամբ և թույլ չտալ, որպեսզի մերձկասպյան պաշարները հայտնվեն այն երկրների տրամադրության տակ, որոնց ԱՄՆ-ը համարում է իր ռազմավարական ընդդիմադիրն ու մրցակիցը:
Ամերիկյան ռազմավարական արտաքին քաղաքական պլանավորմանը բնորոշ բազմատարբերականությանը համապատասխան` ԱՄՆ-ը, ըստ երևույթին, տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու երկու հիմնական զուգահեռ սցենարներ է մշակում: Առաջինը տարածաշրջանում կառավարվող հակամարտությունների շղթայի կազմակերպումն ու աջակցումն է, երկրորդը` ԱՄՆ-ից /երբեմն նրա ռազմավարական դաշնակիցներից` Թուրքիայից, Պակիստանից/ կախյալ պետությունների գոտու ստեղծումը, որոնց տարածքով կարող են անցել այդ լայնության խողովակաշարային և այլ տրանսպորտային միջանցքները:

«ԹԱԼԻԲԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ «ԱՖՂԱՆԱԿԱՆ» ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԸ

Բնական է, որ այդ քաղաքականության եվրասիական հատվածում Աֆղանստանը կարևոր տեղ է գրավում: 21-րդ դ. սկզբին Աֆղանստանը, վերջին գրեթե 200 տարիների ընթացքում անընդհատ վերարտադրելով իր կոնֆլիկտային պոտենցիալը, որն իր արտացոլումն է գտնում Միջին Արևելքի ողջ ենթատարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում, եղել և մնում է ազդեցության գործոն տարածաշրջանային ցանկացած նախագծի վրա:
1990-ական թթ. առաջին կեսին Աֆղանստանում վերահսկվող ուժի /«Թալիբան» շարժման տեսքով/ ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքը Պակիստանի հետ ամերիկյան եվրասիական ռազմավարության իրականացման կարևոր ուղղություններից մեկն էր:
1990-ական թթ. առաջին կեսին ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում էր նաև կարևոր մի էներգետիկ նախագծի` «Անդրաֆղանական գազատարի»  /ԱԱԳ/ նախագծին : Նախկին խորհրդային Միջին Ասիայի մասնատումը և 1991-1992թթ. նոր պետությունների խմբի կազմավորումը, ինչպես նաև 1992թ. Քաբուլում Նաջիբուլայի կառավարության անկումը ստեղծեցին մի իրավիճակ, երբ ավանդական աշխարհաքաղաքական սահմաններին նոր հաղորդակցային հնարավորություններ ի հայտ եկան: Հնարավորություններ, որ ճանապարհ էին բացում  «ավելի մեծ Կենտրոնական Ասիայի» կամ «նոր Մերձավոր Արևելքի» առաջացման համար: «Կենտրոնական Ասիան հին գաղափար է, որ կյանքի է կոչվել ոչ միայն Պակիստանում, այլ նաև Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս գտնվող մուսուլմանական աշխարհում, ներառյալ՝ չինական Սինցզյանը: Մշակութային, պատմական, կրոնական և առևտրային հին կապերի վերականգնման գործընթացը, որքան էլ այն դժվար լինի, արդեն ընթանում է, հնարավոր է` ավելի շատ Պակիստանում, որպես մի պետություն, որ գտնվում է այդ շրջանների կենտրոնում» : Հենց Պակիստանն է /հաշվի առնելով նաև նրա սեփական տարածաշրջանային ծրագրերը` ներառյալ ինչպես հետխորհրդային կենտրոնաասիական տարածքի յուրացման հետ կապված հավակնությունները, այնպես էլ պակիստանա-աֆղանական երկկողմ հարաբերությունների պատմականորեն ձևավորված պրոբլեմատիկան/ դարձել ամերիկյան աշխարհաքաղաքական նախագծերի առաջմղման գլխավոր հենակետը: ԱՄՆ-ի համար «կառավարելի» աֆղանական հակամարտությունը, 1990-ական թթ. Աֆղանստանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի թվացյալ ողջ անտարբերությամբ հանդերձ, տարածաշրջանային գործընթացների վրա ազդելու միանգամայն արդյունավետ միջոց էր:
Սակայն մոտավորապես 1998-1999թթ. ակնհայտ դարձավ, որ թալիբներն անկարող են միավորել և կառավարել երկիրը: Հավանաբար, բեկումնային էին 1997թ. գարնան-ամռան իրադարձությունները, երբ թալիբների` դեպի հյուսիս ճեղքումը չհանգեցրեց Աֆղանստանի ողջ տարածքի նկատմամբ «Թալիբան» լիակատար վերահսկողության հաստատմանը: Ի լրումն` ամերիկյան ռազմավարությունը բավականաչափ չէր հաշվարկել աֆղանական սոցիալ-քաղաքական առանձնահատկությունները, այն է` այստեղ չկար պետական իշխանության կոշտ կենտրոնացման ավանդույթ : 2000-2001թթ. աստիճանաբար ի հայտ են գալիս աֆղանական ուղղությամբ Ռուսաստանի, և, որ ամենագլխավորն է` տարածաշրջանային նոր խաղացողի` Շանհայի համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ ակտիվացման առաջին նշանները: Կենտրոնական Ասիայում ոչ միայն պարզապես ազդեցության ոլորտները կիսելու, այլ նաև կենտրոնաասիական անվտանգության հարցերն ինքնուրույն լուծելու, ինչպես նաև արևմտյան հեգեմոնիային դիմակայելու համար տարածաշրջանի պետությունների ջանքերը միավորելու Մոսկվայի և Պեկինի ձգտումն առաջ բերեց Արևմուտքի անհանգստությունը :
Բայց արդեն 1990-ական թթ. վերջին Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ էական ճշգրտումներ են մտցվում. սկսում է իրականցվել ոչ միայն Աֆղանստանում, այլև միանգամից տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ ուղղակի ռազմական ներկայության պլանը: Բևեռայնորեն փոխվում է «Թալիբանի»  դիրքորոշումը, ամերիկյան արտաքին քաղաքական տեղեկատվական գործողությունների շնորհիվ առանցքային է դառնում հրեշային կերպարով ներկայացվող Օսամա բեն Լադենը: Աֆղանստանում ԱՄՆ մարտավարության փոփոխության առաջին նշանն են դառնում 1998թ. օգոստոսին մոջահեդների ճամբարների ռմբակոծումները: Տարածաշրջանային նոր պլանի իրականացման կարևոր քայլ /որը զգալիորեն փոխեց տարածաշրջանի ռազմավարական նկարագիրը/  դարձավ 1999թ. որոշումը ԱՊՀ հարավային թևը CENTCOM-ի հրամանատարության «պատասխանատվության գոտում» ներառելու մասին: 2001-2002թթ. ԱՊՀ հարավային մասում ԱՄՆ ռազմական ներկայության հաստատումը տարածաշրջանում ուժերի սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական դասավորության մշտապես գործող գործոն դարձավ: Այդ նպատակի իրականացումն ապահովվեց 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններով : Արդյունքը ռազմակայանների ստեղծումն էր Ուզբեկստանում /մինչև 2005թ. նոյեմբերը/ և Ղրղըզստանում, ռազմական ներկայության հզորացումը Պակիստանում, ԱՄՆ ռազմական համագործակցության ակտիվացումը Տաջիկստանի, Ղազախստանի և Հնդկաստանի հետ:
Պատմությունը միշտ էլ կերտվել է հանուն որոշակի շահերի գործադրվող բռնության և դրա դեմ գործադրվող բռնության վրա: Եվ ահաբեկչությունն էլ` որպես բռնության և պատերազմի մաս, միշտ առկա է եղել պատմական գործընթացում: Տեղեկատվական ներգործության ամերիկյան կառույցների կողմից համաշխարհային հանրությանը պարտադրված «միջազգային ահաբեկչության» առասպելը վերածվեց «casus belli»-ի` արդարացնելու համար ագրեսիան սկզբում Աֆղանստանում, իսկ հետո նաև Իրաքում: 2001թ. վերջին - 2002թ. սկզբին հետխորհրդային տարածքում վարվող ներքաղաքական բանավեճը` Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության փաստի հետ կապված, երկու հիմնական դիրքորոշում ի հայտ բերեց: Առաջին տեսակետն այն էր, որ ԱՄՆ-ը մտադիր է հետխորհրդային Կենտրոնական Ասիայում իր ռազմական ներկայությունն օգտագործել միայն սեփական ռազմավարական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար: ԱՊՀ հարավում ԱՄՆ զինված ուժերի ներկայության օգտին բերվող գլխավոր փաստարկն այն էր, որ ամերիկացիներն, իբր, չեզոքացնում են «հյուսիսի վրա թալիբների հարձակման սպառնալիքը» :

«ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՔԱՈՍԸ» ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Երկու սցենարների` կառավարելի հակամարտությունների կազմակերպում և «բարեկամական վարչակարգերի» ստեղծում, զուգահեռ գործարկումը հանգեցնում է գործընթացների քաոսացման Եվրասիական տարածքում: Ըստ էության, գլոբալացումը չկայացած պետություններին և նախապետական կազմավորումներին մշտական պայքարի «կառավարելի քաոսի» մեջ ներքաշելու քաղաքականությունն է, որը թույլ է տալիս ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք կերպով ձևակերպել միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են՝ ինքնիշխանությունը, չմիջամտելը և այլն, պերմանենտ խորացնել արդի միջազգային իրավունքի ճգնաժամը: Աֆղանստանում և Եվրասիական մի շարք երկրներում ԱՄՆ իրականացրած գործողությունները որոշակի իմաստով կարևոր են ոչ ինքնին իբրև այդպիսին, այլ՝ որպես ռազմավարական դիզայնի բաղադրիչներ, որպես կառավարման նոր համաշխարհային կառույցի ստեղծման գործընթացների վարման կերտվող համակարգի հենահարթակներ: Ա. Նեկլեսան այդ համակարգն անվանում է «համաշխարհային կապերի գլոբալ դինամիկ համակարգ՚» /dynamic intraglobal relations/` այն տարբերելու համար «նախկին հավասարակշռված և ստացիոնար միջազգային համակարգից» /balanced international relations/ :
«Կառավարվող քաոսի»  հայեցակարգի էությունն այն է, որ տվյալ պետությունը բերվի և պահվի այնպիսի վիճակում, որ ի վիճակի չլինի վերահսկել սեփական առկա ուժերը և համարժեք արձագանքել ներքին և արտաքին մարտահրավերներին /հայտնի failed state/: Համապատասխանաբար, այդ երկրի կառավարությունը կարիք կունենա մշտական արտաքին օժանդակության: Դա իր հետևանքներով հավասարազոր կլինի լիակատար ռազմական պարտության և «թավշյա» օկուպացիայի :
Նման վերահսկողության հաստատումը թույլ կտար ԱՄՆ-ին հասնել գլոբալ տիրապետության Եվրասիայի համար կարևոր, այսպես կոչվող, «Հինգծովյա» այս տարածքում : Հենց դրա համար էլ «սառը պատերազմի» ավարտից հետո ԱՄՆ-ը հետևողականորեն փորձում է «բալկանացնել» Եվրասիայի կենտրոնական մասը` Բալկաններից մերձսևծովյա  շրջանով ու Կովկասով մինչև Կենտրոնական Ասիա: Այդ գործընթացի շրջանակներում են նախկին Հարավսլավիայի տարածքի հետագա քաոսայնացումը, ամերիկյան քաղաքականության ուկրաինական և վրացական ուղղությունները, ոչ ուղղակի, բայց խիստ ակնհայտ աջակցությունը չեչեն անջատողականներին ու նրանց հետ կապված արմատական խմբավորումներին ռուսական Հյուսիսային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Սինցզյանում: Այս նույն գործընթացի հունով է ընթանում նաև հետխորհրդային ողջ տարածքի ձևաչափի վերափոխումը, այսինքն՝ ոչ բարեկամական վարչակարգերից բուֆերի կամ Ռուսաստանի շուրջ հակամարտային գոտիների ստեղծումը: Այս նախագծի տեղեկատվական ապահովման շրջանակում են գտնվում նաև «Մեծ Մերձավոր Արևելքի» և «Մեծ Կենտրոնական Ասիայի»  հայտնի նախագծերը:
Մեզ համար «ոչ բարեկամական վարչակարգերն» այնքան հետքրքիր չեն, որքան «հակամարտային գոտիները»: Չէ՞ որ տարածաշրջանային կառավարվող հակամարտությունները, որ խոչընդոտում են տնտեսական նախագծերի իրականացմանը և միաժամանակ հսկայական ռեսուրսներ են «շեղում» սահմանակից երկրների անվտանգության ապահովման համար, կարող են գլոբալ ածխաջրածնային պաշարների պահեստավորման գրեթե իդեալական միջոց ծառայել: Աֆղանական հակամարտությանը սահմանակից երկրներն են Չինաստանը, Իրանը և գլխավորը` հետխորհրդային Կենտրոնական Ասիան, այնուհետև Ռուսաստանը, որի վրա աֆղանական հակամարտության ներգործությունը բավական հեշտ է արտացոլվում: Հետաքրքիր է նաև աֆղանական խնդրի ազդեցությունը Պակիստանի վրա, որն իր ուժային պոտենցիալը պահպանում է ևս մեկ ասիական տերության` Հնդկաստանի համար:
Համենայնդեպս, կենտրոնաասիական տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի օբյեկտիվ գերակայությունը` իրենց աշխարհագրական դիրքի շնորհիվ /ինչպես նաև էներգետիկ գործոնի և դրանցում զարգացած խողովակաշարային ենթակառուցվածքի առկայությունը/, ստիպում է Վաշինգտոնին և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը դիտարկել որպես սպառնալիքների գլխավոր աղբյուր տարածաշրջանում ամերիկյան շահերին: Պետդեպարտամենտի «Միացյալ Նահանգներ. միջազգային գործերի ռազմավարական պլան» փաստաթղթի «ռազմավարական նպատակներ» բաժնում ուղղակիորեն ասվում է. «Ռուսաստանը և Չինաստանը մարտահրավեր են երկարատև անվտանգությանը» : Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը իրենց քաղաքականությամբ մի շարք խնդիրներ են ստեղծում, որոնք ԱՄՆ-ը հարկադրված է հաշվի առնել Կասպիայում իր ռազմավարությունն իրականացնելիս:
1990-ական թթ. կենտրոնաասիական տարածաշրջանում ամերիկյան աշխահառազմավարության հիմնական բովանդակությունը ձևակերպել է դեռ Զբիգնև Բժեզինսկին. ԱՄՆ-ը պետք է կարողանա վերահսկել տարածաշրջանային այլ տերությունների հնարավոր ուժեղացման գործընթացը, որպեսզի ընթանա այն ուղղությամբ, որը չի սպառնում աշխարհում Վաշինգտոնի գերիշխող դերին: Նման վերահսկողության միջոցներից մեկը դարձավ «կառավարվող հակամարտությունների» ստեղծումը: Աֆղանստանի ներքին գործերին միջամտությունը, որն ուժեղացավ 1970-ական թթ. վերջից և քողարկված ձևեր ձեռք բերեց 1990-ականներին, զգալիորեն սրեց երկրի ներքաղաքական դրությունը և, ի վերջո, նպաստեց այն բանին, որ հակամարտությունը դուրս գա Աֆղանստանի սահմաններից: Այն երկրների շահերի տեսակետից, որոնց ազգային անվտանգության համար «Թալիբանի» գործողություններն իսկապես սպառնալիք են ներկայացնում, ԱՄՆ-ը մեղավոր է այն բանում, որ աֆղանական հակամարտությունը չափից ավելի երկարատև բնույթ ստացավ:
2001թ. աֆղանական իրադրության մեջ ստեղծված լճացումը նվազեցրեց հակամարտության գործիքայնությունը: Փոխարենը սեպտեմբերի 11-ի իրադարձությունները ամերիկյան վարչակազմին համոզիչ առիթ տվեցին իրականացնելու PNAC նախագիծը, որի շրջանակներում Աֆղանստան և Իրաք ինտերվենցիայի ծրագրերը գոյություն ունեին դեռ մինչև 2001թ. սեպտեմբերի 11-ը: Եվ թեև կոնսպիրոլոգիական տեսություններն ամենահեղինակավոր տեղը չեն զբաղեցնում ակադեմիական հետազոտություններում, կարելի է հիշել, որ PNAC փաստաթղթերում` թվագրված 2000թ. սեպտեմբերին, հավաստվում էր, որ «որպես ապագայի գերիշխող տերություն»  ԱՄՆ փոխակերպման գործընթացը կարող է ձգվել երկար ժամանակ, եթե «ինչ-որ աղետալի իրադարձություն տեղի չունենա, որը, Փըրլ Հարբորի նման, կարող է կատալիզատոր դառնալ» : Այդպիսին դարձան 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները:
Ռազմավարական փոխադրումներ կատարելու ԱՄՆ հնարավորություններն ու արդի ռազմական տեխնոլոգիաները /ռազմավարական միջթատերաբեմային մանևրի ընդունակությունը/  թույլ են տալիս կտրուկ կրճատել նրա ռազմակայանների անձնակազմի թվաքանակը /միաժամանակ դրանց նոր ցանց ստեղծելով հետխորհրդային տարածքում/: «Ամերիկյան շահերի» յուրաքանչյուր գոտի ապահովվում է բացարձակապես ինքնատիպ, հատուկ աշխարհի այդ տարածաշրջանի համար կազմավորված և առանձնապես համալրված ու զինված զորքերի մշտական խմբավորմամբ, որն ի վիճակի է ինքնուրույն կամ որոշ զորեղացումից հետո լուծել ռազմավարական բնույթի խնդիրներ: Խմբավորումները պատրաստվում են հատուկ մոդելներով, որոնք մշակված են կոնկրետ տարածքի ու տարածաշրջանի համար: Ինքնաբավ մարտական խմբավորումները, որ տեղակայվում են կարևոր աշխարհագրական կետերում և ապահովված են սպառիչ տեղեկատվական դաշտով, ստեղծում են ԱՄՆ տեղաբաշխված ուժային ազդեցության աշխարհառազմավարական ցանց, որը, բացի բուն ռազմաքաղաքական խնդիրներից, լուծում է նաև էքսպանսիայի ուժային ծածկման խնդիրները:

ՆԱՏՕ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ԵՎՐՈՊԱՅԻ «ԴՈՒՐՍՄՂՈՒՄԸ» ԵՎ ՄԱԿ ՆԵՐՔԱՇՈՒՄԸ

Իր եվրասիական քաղաքականության գլոբալ նպատակներից մեկը ԱՄՆ-ը համարում է Եվրոպայի պոտենցիալի աճին խոչընդոտելը եվրոպական պետությունների ինտեգրման և միջազգային ասպարեզում ինքնուրույն գործելու ճանապարհին: «Նոր հիմքի վրա անդրատլանտյան հարաբերություններ ստեղծելու առաջարկություններն, ամենայն հավանականությամբ, այդպես էլ բարի ցանկություններ կմնան: Եվրոպական պետությունների դիրքորոշման մեջ էլ միասնականություն չկա: Եվրոպական հանրության ներսում խոր երկպառակություն է նկատվում « հին Եվրոպայի, և աշխարհամասի ամերիկամետ տրամադրություններ ունեցող երկրների միջև»,- նշել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինը : «Ամերիկա-եվրոպական հարաբերություններում, ինչպես և նախկինում, չկա մի շատ կարևոր հիմնարար բաղադրիչ. Եվրոպան: Չկա Եվրոպան` որպես այդպիսին, որը միանում է Ամերիկային իր երկարաժամկետ կամպանիայում, պարզապես առանձին եվրոպական պետություններ անում են այն, ինչ կարողանում են»,- հայտարարում էր Զբիգնև Բժեզինսկին աֆղանական ռազմական գործողության ամենասկզբում : Իրաք կատարած ԱՄՆ ագրեսիայից հետո Եվրոպայում աշխարհաքաղաքական նոր փոխդասավորություն ստեղծվեց: ԱՄՆ-ը «հին Եվրոպայից» երաշխավորված ուղղակի աջակցություն սպասել չի կարող, քանի որ վերջինը կանոնավորապես փորձում է դուրս գալ ԱՄՆ քաղաքականության գործիք լինելու վիճակից: Արդյունքում` ԱՄՆ-ը գործողության մեջ է մտցնում «Երիտասարդ Եվրոպա» պայմանական անունը կրող ծրագիրը, որի պայմանական առաջատարն է դառնում Լեհաստանը: Այս ծրագրի հիմքն է կազմում կառավարվող հակամարտությունների շղթայի պահպանումը և Եվրոպայի պարագծով «ծայրամասի կենտրոնների» ստեղծումը: Նման փոխդասավորությունը նպատակ ունի թուլացնել եվրոպական միասնությունը, որպեսզի աշխարհամասը հետագայում ևս մնա ամերիկյան էֆեկտիվ ռազմավարության գոտի:
Այդ ռազմավարության մեծ հաջողություն կարելի է համարել ՆԱՏՕ նոր դրսևորումը, որը վերջնական հայեցակարգային ձևակերպում ստացավ 2006թ. վերջին, այն է` կառույցը ստանձնեց «գլոբալ անվտանգության» պատասխանատվությունը կամ, այլ խոսքերով, դուրս եկավ պատասխանատվության ավանդական գոտուց: Դաշինքը փոխակերպվում է և արդեն ակնհայտորեն խաղում է գլոբալացման ռազմական գործիքանու, ԱՄՆ-ի և վերազգային կորպորացիաների կողմից համաշխարհային տիրապետություն հաստատելու գործիքի դեր: ՆԱՏՕ-ն դուրս է բերվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի իրավասությունից, ՆԱՏՕ նախկին եվրաատլանտյան տարածքն ընդլայնվել է` հասնելով մոլորակային տարածքի մակարդակի, ՆԱՏՕ-ն, ըստ էության, այլևս չի սահմանափակվում որևէ ֆունկցիոնալ խնդրի կամ ֆունկցիոնալ նախանշման մեջ: ՆԱՏՕ նոր առաքելության կատարման մեջ կարևոր նախադեպ է դառնում Աֆղանստանը. ISAF գործառույթների հանձնումը ՆԱՏՕ-ին 2004թ. օգոստոսին թույլ տվեց ԱՄՆ-ին որոշակի չափով թոթափել Աֆղանստանում պատերազմի բեռը, առավելագույն ռեսուրսներ «պոկել» Եվրոպայից` հերթական անգամ փորձության ենթարկելով եվրաինտեգրումը: Եվ միևնույն ժամանակ, իրադարձությունների հետագա ընթացքի պատասխանատվությունը գցել նաև եվրոպացիների վրա: Այս առնչությամբ հետաքրքիր է նաև մի միտում ևս, որ նկատվեց 2006թ. նոյեմբերին ՆԱՏՕ` Ռիգայի գագաթաժողովում: Դա դիմումն էր ՄԱԿ-ին և այլ կառույցների. Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը թույլ է տալիս խոսել այն մասին, որ դաշինքը կուզենար որպես աֆղանական հիմնախնդրի քաղաքական կարգավորման մատրիցա օգտագործել կոսովյան մոդելը : Այլ խոսքերով, աֆղանական կարգավորման ոչ ռազմական բաղադրիչները կարող են աստիճանաբար հանձնվել ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների պատասխանատվությանը: ՄԱԿ այլ անդամ երկրների, օրինակ, Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից դեպքերի նման զարգացումը չընդունելը էլ ավելի կնպաստի ՄԱԿ անգործունակությանը` արձակելով միայն ՆԱՏՕ-ի գծով գործընկերների համաձայնությամբ ապահովված ԱՄՆ ձեռքերն իր միակողմանի գործողություններում:

ՄԻ ՔԱՆԻ ՄԻՏՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐ

Կենտրոնաասիական ենթատարածաշրջանի անվտանգության ապահովման օպտիմալ մոդել է համարվում ինտեգրումը այն պետությունների շրջանակներում և մասնակցությամբ, որոնց ռազմավարական շահերը միմյանց չեն հակասում, և որոնց քաղաքական /առանձին դեպքերում` ռազմական/ ներկայությունը տարածաշրջանի երկրներում չի հակադրվում տարածաշրջանի երկրների ժողովուրդների ավանդական արժեքներին: Նման ինտեգրումը հնարավոր է ՇՀԿ, ՀԱՊԿ շրջանակներում` գերազանցապես իսլամական բնակչություն ունեցող երկրներում, միջազգային իսլամական կառույցներում /օրինակ, ԻԿԿ/, որոնք առայժմ քիչ են ներքաշված տարածաշրջանային հակամարտություններում:
2000-ական թթ. սկզբին եվրասիական տարածքում անվտանգության ոլորտի պոզիտիվ փոփոխությունների առավել ընդգծված կատալիզատոր է դառնում Ռուսաստանի ամրապնդումը, որը կարողացավ վերադարձնել այլ առաջատար տերությունների հետ հավասար գլոբալ օրակարգի ձևավորմանն ու իրականացմանը մասնակցելու իրավունքը: Առանց Ռուսաստանի և Ռուսաստանին հակառակ արդեն անհնար է լուծել որևէ նշանակալի միջազգային հիմնախնդիր, մանավանդ մի տարածաշրջանում, որը Ռուսաստանի համար օբյեկտիվորեն ազգային շահերի ոլորտ է ներկայացնում. այստեղ, չնայած հետխորհրդային ժամանակաշրջանի բոլոր կորուստներին, Ռուսաստանը պահպանել է ամենամեծ թվով ազդեցության գործոնները: Այդ գործընթացի կարևորագույն գործիքներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը /ՀԱՊԿ/ և ՇՀԿ-ն: Համենայնդեպս, առաջին անգամ վերջին 1,5 տասնամյակում ի հայտ են գալիս նոր մրցակցային միջավայրի ուրվագծերը, միջավայր, որտեղ միայն կարող են իրականացվել նոր աշխարհակարգի` համաշխարհային զարգացման արդի փուլին համարժեք նախագծերը:
Այս առումով առավել հետաքրքիր է թվում ՇՀԿ-ն: Դրա ծագումն արդեն իսկ գրեթե միանշանակ ցուցում է, որ ո՛չ Չինաստանը, ո՛չ Ռուսաստանը սահմանափակված չեն ամերիկյան քաղաքագիտական կենտրոնների նախատեսած ռազմավարական տարբերակներով: Միասնական ու հարթ աշխարհի առասպելաբանությանը հավատալը հարմար է, բայց դա մոլորություն է: Գլոբալացման տեխնոլոգիաները փոխգործակցության հնարավորություն են տալիս, բայց այդ փոխգործակցության ու զարգացման հավասար պայմաններ չեն տրամադրում:
Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում ամերիկյան ռազմական ներկայությունը գլոբալ ապակայունացնող գործոն է ողջ Կենրոնական Եվրասիայի համար: Գլխավորը, որ չվերացնելով նախորդ սպառնալիքները` ԱՄՆ-ը ստեղծեց նոր, աշխարհաքաղաքական ուժերի մրցակցության բուն փաստից ու բնույթից բխող սպառնալիքներ` Կենտրոնական Ասիայում ազդեցություն ունենալու համար : Իրավիճակի ապակայունացմանը /ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներով/ է ուղղված պետությունների ներքին քաղաքականության վրա ամերիկյան կողմի ներգործությունը: Եվ եթե նորագույն ժամանակների հակամարտությունների հիմնական պատճառը գլոբալացման ծախսերն են, ապա անվտանգության լուրջ դեֆիցիտը նույնպես մեկ կենտրոնից` ԱՄՆ-ից եկող միակողմանի ուժային գործողությունների ռեցիդիվներ է ստեղծում:
Բայց ամերիկյան սցենարներն առայժմ հեռու են իրականացվելուց` հենց ԱՄՆ շահերից ելնելով. վերջին տարիների համաշխարհային քաղաքականության վերլուծությունը ի հայտ է բերում ոչ թե «միաբևեռ»  կամ «բազմաբևեռ» աշխարհի, որի մասին հաճախ խոսում են ԱՄՆ աշխարհաքաղաքական ընդդիմադիրները 1980-ական թթ. վերջից, այլ անկանոն, «ոչբևեռային» աշխարհի պատկերը: Հակամարտություններին միակողմանի ուժային արձագանքման քաղաքականությունը ակնհայտորեն ապացուցեց իր անարդյունավետությունը, միանձնյա առաջատարության պահանջարկը սրընթաց ընկնում է, միաժամանակ օբյեկտիվորեն նեղանում է առճակատման դաշտը միջազգային հարաբերություններում: Եվ ԱՄՆ գերիշխանական գործողություններն ամբողջ աշխարհում իրենց հետևից բերում են առնվազն հակաամերիկանիզմի սրընթաց աճ, որը դառնում է հակաամերիկյան ակտիվության գաղափարաբանության բաղադրիչներից կարևորը: Այդ գործընթացն օբյեկտիվ է, դրա դիալեկտիկան բխում է բնության և հասարակության բուն էությունից: Կարևոր է միայն, որ այդ ակտիվությունը դրսևորվի այնպիսի ձևերով, որոնք հատուկ են ազգերի քաղաքակիրթ ընկերակցությանը, ինչպիսին մենք, անշուշտ, մեզ համարում ենք:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Արդի քաղաքականության վերլուծությունը բերում է հետևյալ եզրակացության. մինչև վերջերս ունիվերսալ թվացող համակարգային մոտեցման կիրառումը` նորագույն քաղաքական գործընթացները հետազոտելիս, ունի իր սահմանները: Կենտրոնական Եվրասիայի ընթացիկ քաղաքականության վերլուծությունն այդ ապացուցող օրինակներ է տալիս: Բոլորովին էլ ոչ բոլոր իրադարձությունների, երևույթների ու գործընթացների ամբողջությունն է համակարգային համարվում, իսկ այնպիսի իրավիճակում, երբ այս կամ այն սոցիալական ընդհանրությունը վերջնականապես չի ձևավորվել որպես համակարգ, դրանում իրենց որոշակի նշանակությունն ունեն տարբեր տեսակի «պատահականությունները»` կապված մարդկանց վարքագծի բազմազանության դրսևորման, հասարակական կյանքի բարդության հետ:
Հենց այս կանոնն է վճռական հանդիսանում անվտանգության Եվրասիական ոլորտը դիտարկելիս: Անգլո-ամերիկյան աշխարհաքաղաքականության զարգացում ըստ այն վեկտորների, որ համահունչ են Հաուսհոֆերի դպրոցին, մարդկային գործոնի անգամ դիտարկման ժխտում և դրա փոխարինում տեխնիկապես լուծվող էմպիրիկ խնդիրներով. ի՞նչ պետք է անել` տվյալ տարածքը ենթարկեցնելու համար, ինչպե՞ս են տվյալ տարածքի պարամետրերն ազդում նրանց վարքագծի վրա, ովքեր այն զբաղեցնում են և այլն. նման զարգացումը հանգեցրեց աշխարհաքաղաքականության գործնական նշանակության բացահայտմանը և անգամ որոշակի իրական արդյունքների ձեռքբերմանը: Սակայն այս մոտեցումների կիրառումը Կենտրոնական Եվրասիայի քաղաքական առումով բարդ տարածքի նկատմամբ ի հայտ է բերում իմանենտ անբավարարություն, և, ինչպես ցույց են տալիս տարածաշրջանային նորագույն իրադարձությունները, ցանկալի արդյունքների բացակայություն:
Եվրասիան զգալի չափով Արևելք է: Արևելյան քաղաքականությունը, անկախ ամեն ինչից, հիմնականում կառուցվում է անհատականությունների վրա և ոչ միայն հայտնի քաղաքական դեմքերի թվից: Եվ միայն «մարդկային գործոնի» վերադարձը` ամենալայն իմաստով, իր ողջ բարդությամբ ու անկրկնելիությամբ հանդերձ, աշխարհաքաղաքական հետազոտությունների սուբյեկտների շրջանակ կդառնա աշխարհաքաղաքականության վերադարձ դեպի ինքն իրեն, դեպի իր իսկական էությունը:


 1. Կամ էլ նրա պետությունների` որպես կյանքի ձևերի»մասին գաղափարը /«staat als lebensform»/:
  2.Թեև, ընդ որում, ԵՄ-ը Կենտրոնական Ասիայի ու Աֆղանստանի վերաբերյալ հստակ ռազմավարություն չունի: Տարածաշրջանը հեռու է Եվրամիության սահմաններից, Եվրոպան ինքնուրույն աշխարհաքաղաքական հավակնություններ չունի ինչպես ԵՄ-ի /որպես վերազգային քաղաքական նախագիծ, որի էներգիայի մեծ մասը ծախսվում է ներքին տարածության ինքնակազմակերպման վրա/ առանձնահատկության հետ կապված, այնպես էլ պայմանավորված անբավարար հնարավորություններով, արհեստականորեն ստեղծված ճգնաժամային իրավիճակների համար /ինչպես, օրինակ, նախկին Հարավսլավիայում/ ռեսուրսներ հատկացնելով:
  3.ԱՄՆ միջազգային գործունեության բոլոր ասպեկտները սովորաբար զետեղվում են մի շարք պաշտոնական փաստաթղթերում, որոնք պատրաստվում են Ազգային անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի, Պաշտպանության նախարարության, ԿՀՎ-ի կողմից: Դրանցից առավել ընդհանրացվածները, որ նախատեսված են լայն հասարակության համար, հրապարակվում են ամենամյա զեկույցների տեսքով: ԱԱԽ-ի համար այդպիսի փաստաթուղթ է A National Strategy For a New Century /«Նոր դարում ազգային անվտանգության ռազմավարությունը»/, Պաշտպանության նախարարության համար` Annual Report to the President and the Congress /«Պաշտպանության նախարարի ամնամյա ուղերձը Նախագահին և Կոնգրեսին»/, Պետդեպարտամենտի համար` United States. Strategic Plan for International Affairs /«Միացյալ Նահանգներ. միջազգային գործերի ռազմավարական պլան»/, ԿՀՎ-ի համար` Director of Central Intelligence. Annual Report for the United States Intelligence Community /«ԿՀՎ-ի տնօրենի ամենամյա զեկույցը Միացյալ Նահանգների հետախուզական հանրության համար»/:
 4. A National Strategy For a New Century. - P.1.
 5. Բլոկների ստեղծումը, որ տեղի է ունենում անկախ օբյեկտիվ պատճառներից ու պահանջմունքներից, շատ բնորոշ է հետխորհրդային և հետսոցիալիստական տարածքի համար: Բլոկների ստեղծման այդ ակտիվությունն ապացուցում է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օբյեկտիվորեն պայմանավորված համակարգերի և ուժի արտաքին կենտրոնների ակտիվության հետ կապված քաղաքական իրականության անհամապատասխանությունը: Տեղի է ունենում անհամատեղելի գործընկերների միավորում՝ ըստ կողքից պարտադրված և տնտեսական ու քաղաքական համագործակցության համար իրական հիմքեր չունեցող կանոնների: Կատարվում է տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտների վերադասավորում` առանց հաշվի առնելու դրանց իսկական նշանակությունը և դերը տարածաշրջանային գործընթացներում: Տեղական քաղաքական էլիտաները, ղեկավարվելով մարտավարական դրդապատճառներով, նպաստում են, որպեսզի իրենց երկրները վերածվեն արտաքին ռազմավարական կառավարման սուբյեկտների: Վերջին հաշվով, դա հավելյալ կոնֆլիկտայնություն է ստեղծում: Նման դաշինք է, մասնավորապես, ՎՈՒԱՄ-ը:
 6. Դա կարծես միակ երկայնակի նախագիծն է, որին աջակցում է ԱՄՆ-ը: Նախապես ԱԱԳ նախագծի իրականացման ապահովումը կապված էր Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության հաստատման հետ, ամերիկյան կողմի հիմնական օպերատորն էր լինելու կալիֆոռնիական Unocal-ը /ավելի ճիշտ, Unocal-ի գլխավորությամբ ստեղծված, Unocal, Delta Sign MOU with Gazprom and Turkmenrusgaz for natural gas pipeline projectե կարտելը/:
7.  Bernard Lewis. Rethinking the Middle East// Foreign Affairs. - 1992 (Fall). - P. 99-119.
8.  Crossete Barbara. Central Asia rediscovers its identity// New York Times. - New York, 1990. - June, 24. - P. E3.
 9. 2000թ. արդեն «Թալիբանը» միասնական ղեկավարություն չուներ, փաստորեն միանգամից իշխանության մի քանի կենտրոն էր գործում: Ղանդահարում իշխում էր մոլլա Մոհամադ Օմարը, Քաբուլում` մոլլա Մոհամադ Ռաբանին, Հերաթում` մոլլա Հասանը, մինչև 2000թ. հուլիսը Ղունդուզի խմբավորման հրամանատարն էր Բաշիր Բագլանին, իրենց հավակնություններն էին /որոնք երբեմն վերաճում էին զինված դիմակայության/ ներկայացնում նաև Նանգարհարի, Լագմանի, Կունարի փուշտուն հեղինակությունները, որոնցից մի քանիսը սեպարատ բանակցություններ էին վարում «Հյուսիսային դաշինքի» հետ: Տե՛ս Князев А. Афганистан как источник религиозного экстремизма и терроризма: год 2000-й// Центральная Азия и Кавказ. - 2000. - № 5 (11). - С. 86:
 10. Այս առումով նշանակալի էր 2001թ. Դուշանբեի գագաթաժողովը. ՇՀԿ անդամ դարձավ Ուզբեկստանը, որի վրա էր տարածաշրջանում իր գլխավոր հաշվարկը կատարում, ընդ որում` ոչ անհաջող, ԱՄՆ-ը: Ի. Քարիմովի Դուշանբե գալն ու նրա պատրաստակամությունն այն հարցում, որ «բոլորը պետք է ընդունեն Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի շահերի առկայությունը», մեկնակետ դարձավ սկզբունքորեն նոր ամերիկյան սցենարի իրականացման համար: Մանրամասն տե՛ս Князев А.А. Афганский кризис и безопасность Центральной Азии (XIX — начало XXI в. ), Душанбе: Дониш, 2004.
 11. 2001թ. սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո Unocal-ի ղեկավարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, ուր ասվում էր, որ ընկերությունը որևէ կապ չունի թալիբների հետ: Unocal-ի կայքէջում զետեղվեց հետևյալ հայտարարությունը. «Unocal has received inquiries about a previously proposed pipeline that, if built, would have crossed a part of Afghanistan. We withdrew from that project in 1998, and do not now have — nor plan to have — any projects in that country. We do not support the Taliban in any way whatsoever»:
 12.Ռուսաստանյան /ինչպես և տարածաշրջանի երկրների/ քաղաքական գիտակցության մեջ նման փաստարկի ի հայտ գալը, ի թիվս այլոց, բացատրվում է նաև հետևյալ պատճառով: 1990-ական թթ. երկրորդ կեսի ընթացքում և, հատկապես, 2001թ. արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով նպատակաուղղված կերպով ձևավորվում է մի պատկերացում, ըստ որի` հնարավոր է, ավելին` անխուսափելի է, որ թալիբներն, իբր, զավթեն Տաջիկստանը և Ուզբեկստանը` «Աֆղանստանին միացնելով ընդհուպ մինչև Բուխարա ընկած տարածքները»: Այն, որ նման գործողություններն անիրական էին, պայմանավորվում էր շատ բանով. թալիբներն ամուր թիկունք չունեին, բավականաչափ համախմբված չէին, և երկրի ներսում լուրջ դիմակայություն կար: Կարևոր գործոն էր համարվում տարածաշրջանի` էթնիկ և մենթալ առումով թալիբ-փուշտուններին թշնամական բնակչությունը: Աֆղանստանի տարածքում «Թալիբանի» ռազմական հաջողությունների մեծ մասը միշտ ապահովվել է Պակիստանի կանոնավոր զինված ուժերի ուղղակի աջակցության շնորհիվ: Բուն «Թալիբանի» մարտական պոտենցիալը երբեք անգամ համադրելի չի եղել կենտրոնաասիական պետությունների զինված ուժերի հզորության հետ, մանավանդ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը հաշվի առնելու պարագայում: – Коргун В. Исламский экстремизм у границ СНГ// Азия и Африка сегодня, М., 1999, № 1, С. 13. Տե՛ս նաև Князев А. Афганский кризис и безопасность Центральной Азии (XIX — начало XXI в.), Душанбе, Дониш, 2004.
13.  Տե՛ս Неклесса А. И. Управляемый хаос: движение к нестандартной системе мировых отношений // Мировая экономика и международные отношения. - М.: Наука, 2002. - № 9. - С.103-112.
 14. ԱՄՆ արդի ռազմավարական /ռազմական/ հայեցակարգերի տեսությունը տե՛ս Попов И. М. Война будущего: взгляд из-за океана. Военные теории и концепции современных США. — М.: Транзиткнига. АСТ. Астрель, 2004.
Ամերիկյան ռազմական վերլուծաբաններն այսպես են նկարագրում այդ հայեցակարգի դրույթները. «Քաոսի տեսությունը ազգային համակարգերի գիտական հետազոտություննեերի զարգացող բնագավառ է: Գծային համակարգերը բնութագրվում են հավասարումներով, որոնք բավարարում են համամասնականության բնութագրերին /որտեղ «մուտքի» փոփոխությունները համամասնական են «ելքի» փոփոխություններին/ և ադդիտիվությանը /որտեղ ամբողջը նույնական է իր մասերի գումարի հետ/: Գծային համակարգի համար «մուտքի» վիճակի իմացությունը նշանակում է «ելքի» իմացություն, եթե անգամ այն նկարագրող հավասարումները շատ բարդ են: Դա թույլ է տալիս գուշակել կամ կանխատեսել համակարգի զարգացումը: Ընդհակառակը, ոչգծային կամ քաոսային համակարգերը բնութագրվում են «հակադարձ կապի» բարդ հանգույցով և վերջնական վիճակի մեծ փոփոխություններով` նախնական պայմանների փոքր փոփոխությունների արդյունքում: Այդ գործոնները համակցվում են և ունենում հետևանքներ, որոնք չեն տեղավորվում հստակ, կանխատեսելի պատկերներում»,- Chaos, Complexity, and the Military // Paper of National Defense University - National War College. - P. 2-3.
15.  Սև, Միջերկրական, Կասպից ծովեր, Պարսից ծոց` դրան հարող Արաբական ծովով:
16.  Այստեղ վերջին դերը չէր խաղում «գունավոր հեղափոխությունների» «երկարատև» տեխնոլոգիաները Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղըզստանում, ինչպես նաև չեչեն անջատողականների և այլ արմատական կրոնաքաղաքական խմբավորումների ուղղակի կամ անուղղակի աջակցությունը ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում, ույղուրներինը` Սինցզյանում, բելուջներինը` Պակիստանում, Աֆղանստանում և Իրանում... Այդ աջակցության տեխնոլոգիաների մեջ կարևոր տեղ են գրավում ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի նման Եվրոպական ինստիտուտները:
 17. United States. Strategic Plan for International Affairs, P. 12:
18. «Project for the New American Century»(PNAC)-ն համաշխարհային մակարդակով այսպես կոչված pax americana-ի ստեղծման նախագիծ է, դրան մասնակցում են փոխնախագահ Դիք Չեյնին, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, նրա տեղակալ Փոլ Վուլֆովիցը, Ջորջ Բուշի կրտսեր եղբայրը` Ջեբ Բուշը և փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Լյուիս Լիբին: Այս նախագծի հիմնական փաստաթուղթը` «Rebuilding America»s Defences»-ը /ԱՄՆ պաշտպանական քաղաքականության վերակառուցումը/, գրվել է 2000թ.: Հետաքրքիր է, որ Պակիստանի նախկին արտգործնախարար Նիազ Նիակը (Niaz Niak) դեռ 2001թ. հուլիսի կեսին Բեռլինում բարձրաստիճան ամերիկյան քաղաքական գործիչների կողմից տեղեկացված էր այն մասին, որ «հոկտեմբերի կեսերին սկսվելու է ռազմական գործողություն Աֆղանստանի դեմ» - Meacher Michael. El cuento de la guerra contra el terrorismo// El Mundo. — Madrid, 2003. — 11 de septiembre.
19.  Մանրամասն տե°ս Тимоненков Р. Силы глобальных перевозок// Независимое военное обозрение. — М., 2005. — № 33(442), 2 сентября. — С. 3.
20.  Inquiռtudes et divergences occidentales. Par Hubert Vռdrine// Le Monde. - Paris, 2003. - 23 dռcembre.
21.  Zbigniew Brzezinski. A New Age of Solidarity? Don»t Count on It// The Washington Post. - Washington, 2001. - November, 1. Ավելացնենք. «Եվրոպացիների» մասին կարելի է ընդհանրապես չխոսել: Եվրոպան չկա այս պատերազմում, կան միայն եվրոպական պետությունները: Մեծ Բրիտանիան, օրինակ, մասնակցում է գործողությանը և, ընդ որում, ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում մեր գործողություններում: Մյուսները, որոնք մինչ այդ փոքր-ինչ ավելի բարձր էին խոսում այն «Եվրոպայի մասին, որն աշխարհում ինքնուրույն դեր ունի անվտանգության քաղաքականության բնագավառում», այժմ իրենց ավելի զուսպ են պահում: - Europa gibt es nicht in diesem Krieg// Spiegel. — Hamburg, 2001. — November, 12.
22.  Ռիգայի ամփոփիչ հայտարարության 9-րդ կետում ուղղակիորեն ասվում է, որ «ինչպես և Աֆղանստանում, հաջողությունը Կոսովոյում կախված կլինի ջանքերի ներդաշնակեցումից»/ՆԱՏՕ, ՄԱԿ, ԵՄ, ԵԱՀԿ/:
23.  Այս տրամադրությունն անուղղակիորեն հաստատող վառ օրինակ է թմրանյութերի արտադրության հետ կապված իրադրությունը: ԱՄՆ-ը, հրաժարվելով թմրաբիզնեսի դեմ պայքարից, չի ցանկանում ապակայունացնել Կարզայի ամերիկամետ վարչակարգը` եկամտի աղբյուրից զրկելով ամերիկացիների հետ համագործակցող մի շարք դաշտային հրամանատարների: Ընդ որում` ԱՄՆ-ը պատրաստ է հաշտվել այն բանի հետ, որ այդ նույն ֆինանսական հոսքերը մասամբ «սնում» են հակաարևմտյան ապստամբական շարժումը: Բայց գլխավորն այն է, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը ստիպված են զգալի ռեսուրսներ առանձնացնել` չեզոքացնելու համար Աֆղանստանի ու Պակիստանի հետ իրենց սահմանին թմրանյութերի սպառնալիք հանդիսացող օջախի մշտական ճնշումը, ինչը լրիվ համապատասխանում է ԱՄՆ շահերին: ԿՀՎ-ն և ԱՄՆ այլ հատուկ ծառայությունները կարող են մասնակցել այն փորձերին, որ ուղղված են Աֆղանստանից Արևմտյան Եվրոպա նարկոթրաֆիկի հիմնական մի շարք երթուղիները դեպի Ռուսաստան և Չինաստան վերակողմնորոշելուն: Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել այն ճնշումը, որն ԱՄՆ-ը գործադրում էր Դուշանբեի վրա, որի նպատակն էր հանել ռուս սահմանապահներին տաջկա-աֆղանական սահմանից: Աֆղանստանում թմրանյութերի արտադրության աճի հետ կապված իրավիճակի աշխարհաքաղաքական շահավետությունը, ամենայն հավանականությամբ, այնքան բարձր է գնահատվում ԱՄՆ ղեկավարության կողմից, որ անգամ հենց ԱՄՆ-ում աֆղանական մատակարարումների հաշվին ափիոնից կախվածության աճը վարչակազմին չի ստիպում հրաժարվել իր վարած քաղաքական գծից:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am