Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հուլիս 2008, N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՕԼԻԳԱՐԽԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՐԱ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԻԱԿ ՊԱՅՄԱՆ

Արտյոմ Խաչատուրյան

Արիստոտելն առաջինն էր, որ քննության առավ ազգային (պետական) շահերի հետ կապված հարցերը, ինչպես նաև պետականության կազմակերպման այն ձևերը, որոնք ունակ են պաշտպանել այդ շահերը։ Դրա հետ կապված նա օլիգարխիան դասում էր պետականության կազմակերպման «սխալ ձևերի» շարքը՝ ելնելով այն բանից, որ այդ պայմաններում իշխում է սեփական շահերով առաջնորդվող հարուստ փոքրամասնությունը, որը ոչ մի առնչություն չունի համընդհանուր շահերի հետ։ Նույն կերպ Արիստոտելը պետականության կառավարման սխալ ձև էր համարում նաև դեմոկրատիան (ժողովրդավարությունը), քանի որ իր գործունեության մեջ իշխող մեծամասնությունը ղեկավարվում է մեծամասնական շահերով, որոնք նույնպես համընդհանուր շահեր չեն ներկայացնում։ Դե իսկ ճիշտ ձևերի շարքին Արիտոտելը դասում էր արիստոկրատիան (քանի որ իշխում է ընտրյալ փոքրամասնությունը՝ ընդառաջվելով համընդհանուր շահերով, ինչպես, ասենք, Քաղբյուրոն ԽՍՀՄ-ում), պոլիտիան և արքայական իշխանությունը (ի վերջո, միապետը, ի տարբերություն բռնակալի, ուրիշ շահեր ունենալ չի կարող, և նրա անձնական շահը ոչ այլ ինչ է, քան համընդհանուր շահ)։
Օլիգարխիան  (ինչպես և մյուս սխալ ձևերը) կառավարման ոչ հաստատուն ձև է առանձնապես ներկայիս դարում, քանի որ ժողովրդի համար դժվար է երկար համբերել ու դիմանալ փոքրամասնության նեղ շահերի իրականացմանը։ Արևմտյան դեմոկրատիայի տոտալ էքսպանսիայի դարում ցանկացած պետությունում կգտնվեն ուժեր, որոնց անպայմանորեն կհաջողվի օպերատիվ կերպով շահարկել բնակչության արդարացի դժգոհությունն ու հրահրել իրողություններ, որոնք վերջին ժամանակներում ստացել են «թավշյա հեղափոխություններ» անունը։ Ուկրաինայի, Վրաստանի և Ղրղըզստանի իրադարձությունները օբյեկտիվորեն պահանջված էին։ Այլ բան է, որ այդ «հեղափոխությունների» վերջնահաշվում նշված պետություններում ռեժիմների էությունը գործնականում չի փոխվել։ Հետևաբար բնակչության դժգոհությունը պահպանվում է, քանի դեռ պահպանվում է այն ծնած պատճառը՝ փոքրամասնության շահերի կենսագործումը, ինչի հետ կապված պետք է ենթադրել, որ այդ երկրներում նոր ռեժիմները նույնքան կարճակյաց են, որքան նախկինները, իսկ դրանց վերանալը ընդամենը ժամանակի խնդիր է։


ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ

Ասելով, որ օլիգարխիայի ժամանակ իշխում է փոքրամասնությունը (իսկ մեր դեպքում՝ իշխանությանը ձուլված խոշոր բիզնեսը), պետք է հասկանալ, որ պետության մեջ լրջորեն խեղաթյուրվում են «խաղի կանոնները»։ Մանավորապես, խախտվում է քաղաքական իրավահավասարության հիմքն ու երաշխավորը հանդիսացող տնտեսական իրավահավասարության հաշվեկշիռը, քանի որ իշխանությանն ու փողերին տիրացած քաղաքացիների փոքրաթիվ մի խումբ իրեն է վերապահում տնտեսական ոլորտի բացառիկ իրավունքներն ու ազատությունները։ Ակնհայտ է, որ նման պայմաններում ազատ շուկան մահանում է իր սաղմնային վիճակում, քանի որ այն հենվում է հենց տնտեսական իրավահավասարության սկզբունքների վրա և ոչ այլ ինչ է, քան իրական տնտեսական կայացման ու զարգացման միակ նախադրյալն ու հնարավորությունը. համենայնդեպս, 5000 տարվա ընթացքում մարդկությունը որևէ այլ արդյունավետ բան չի հորինել։ Այստեղ կարելի է նկատել, որ օլիգարխիայի օրոք ձևական դեմոկրատիայի պայմաններում ահավոր ձևով առևտրայնացվում է քաղաքական իրականությունը. վերանում են գաղափարներն ու գաղափարախոսութ¬յունները, իսկ փողն ու դրա վերարտադրության լծակները քաղաքականության մեջ դառնում են գլխավոր որոշիչ գործոն։ Անշուշտ, դեգրադացվում է բարոյականությունը, որն, ըստ էության, պետության անփոփոխ սուբստանցն է։ Անշուշտ, ես գրում եմ հանրահայտ բաների մասին, որոնք վիճարկման ենթակա չեն։ Եվ այսօր ուզում եմ ուշադրություն հրավիրել օլիգարխիայի խնդրի վրա մեկ այլ դիտանկյունից։ Այսպիսով, եթե ակնհայտ է, որ օլիգարխիան կործանարար է հասարակության և պետության համար, ապա հիմա մենք կփորձենք պարզել՝ պետք է արդյոք այն տվյալ պահին Հայաստանում գործող ռեժիմի համար։

ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԵՆԱՐԱՆ

Նման հարցադրումը կարող է տարակուսանք առաջացնել։ Սակայն այսօրվա իրավիճակը երկրում էապես տարբերվում է սովորականից։ Այդ առումով ցանկություն կա կիսվել որոշ գաղափարներով։
Դիտարկենք օլիգարխական ռեժիմի հենարանը։ Դա, բնականաբար, երկրի օլիգարխատն է. Այնպես, ինչպես դեմոկրատիայի օրոք իշխանության հենարան է հանդիսանում բնակչության մեծամասնությունը, այնպես էլ օլիգարխական ռեժիմի համար հենարան է հանդիսանում օլիգարխատը, փոքրամասնությունը։ Դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ ոչ ոք չի տեսել (և չի էլ տեսնի) «թավշյա հեղափոխություններ», ասենք, արևմտաեվրոպական երկրներում։ Այնտեղ անհնար է լցնել հրապարակը, իշխանությանը մեղադրել կոռուպցիայի և ընտրությունները կեղծելու մեջ, իսկ հետո վռնդել նրան, ինչպես դա սովորաբար արվում է հետխորհրդային տարածքում կամ էլ անցումային շրջանում գտնվող այլ երկրներում, քանի որ արևմտյան երկրներում իշխանության հենարան է հանդիսանում մեծամասնությունը, որն էլ հենց լուծում է բոլոր խնդիրները։
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, օլիգարխատն ի վիճակի է ապահովել երկրի կայունությունն ու ռեժիմի անվտանգությունը, եթե միայն պահպանում է իր շարքերի միասնությունը։ Բանն այն է, որ այն հասարակությունը, որը թույլ է տվել փոքրամասնությանը իշխել իրեն, ինքնին թույլ է և անկարող է որոշիչ դեր խաղալ երկրի կյանքում։ Հետխորհրդային օլիգարխական ռեժիմների բարեհաջող գոյատևումն ու վերարադրությունը ասվածի օրինակելի նկարազարդումն է։ Սակայն գործը բացարձակ այլ ընթացք է ստանում, երբ օլիգարխատի շարքերում պառակտում է երևակվում. Այս դեպքում ռեժիմը թուլանում է, քանի որ կորցնում է իր հենարանի մի մասը։ Այնուհետ իրադարձությունները զարգանում են հետևյալ կերպ. ռեժիմի դեմ է դուրս գալիս օլիգարխատով առաջնորդվող մարդկային մի կազմակերպված զանգված, իսկ ամբողջ այս դրամային լուրջ ժողովրդական շարժման երանգ է հաղորդվում։ Մենամարտի ավարտը բացառապես կախված է հակամարտող ճամբարների գործնականությունից ու օպերատիվությունից. որքան  ավելի շատ «օլիգարխական  միավոր» գրավի իր կողմը նրանցից յուրաքանչյուրը, այնքան մոտ կլինի հաղթանակին։
Օրինակ, Ղրղըզստանում Ակաևին չհաջողվեց իր ձեռքերում պահել սեփական թիմը՝ ի դեմս օլիգարխական կլանների, ինչից հետո սկսվեց «առնետավազքը», իսկ ամբողջ հեղափոխության վերջը եղավ այն, որ նախագահը փախավ երկրից և համատարած վատթարացավ վիճակը պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում։
Այսպիսով, օլիգարխական ռեժիմը բավական կենսունակ կազմակերպություն է, քանի դեռ կուռ ու միասնական է, որովհետև պետությունում լուրջ ընդդիմախոս չունի։ Իսկ թույլ և ամորֆ հասարակությունը, որն, ըստ էության, պարտավոր է ռեժիմի ընդդիմախոսը լինել, ավելի շուտ հանդիսանում է նրա դաշնակիցը, քանի որ թույլ է տալիս և վավերացնում է նրա գոյությունը։

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ԷՈՒԹՅՈՒՆԸ ՕԼԻԳԱՐԽԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Ի՞նչ կատարվեց Հայաստանում փետրվարի վերջին։ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ քաղաքականություն վերադարձավ ռևանշիստական մտադրություններով։ Որպես իշխանության հավակնող քաղաքական գործիչ, նա պետք է իր համար հենարան ստեղծեր, քանի որ ի սկզբանե Տեր-Պետրոսյանը չուներ հասարակության աջակցությունը։ Առաջին նախագահը, որքան էլ տարօրինակ է, չափազանց պրագմատիկ գործեց. նա հակաքոչարյանական-հակասարգսյանական մի կատաղի հիստերիա բարձրացրեց, ինչով գրավեց դժգոհ բնակչության ուշադրությունը, իսկ որպես ողջ արշավի (ավելի ստույգ՝ իր իշխանության գալու) կազմակերպիչ ընտրեց օլիգարխատին։ Սկզբում հենվելով որոշ օդիոզ ֆիգուրների վրա՝ ժամանակ անց Տեր-Պետրոսյանը թափ հավաքեց. նրան միացան տատանվող շատ օլիգարխներ, գեներալներ, դե իսկ ընտրություններից հետո նա գրեթե հրահրեց «առնետավազքը» խորհրդարանում (ընդհանրապես, հայկական խորհրդարանը, կախված ուժերի բալանսից, հայտնի է այս կամ այն կողմ վերակողմնորոշվելու իր ունակությամբ. բավական է հիշել տերպետրոսյանական «Հանրապետություն» դաշինքի դատարկվելը 1998թ.). յոթ «ժողովրդավարներ» (ասում են՝ փառահեղ Մանվել Գրիգորյանի ատրճանակի փողի տակ) իշխանամետ խմբակցություններից «ժողովրդի կողմն անցան», իսկ մեկ օր անց՝ հենց որ ձախողվեց գեներալ-մարդակեր Մանվելի ղեկավարած ռազմական հեղաշրջման փորձը, նրանք հրաժարականներ գրեցին և հայտնեցին հանրությանը՝ իբր նույնիսկ չեն էլ հասկացել, թե ինչի տակ են ստորագրում։ Մի խոսքով, տիպիկ «վերգոյական» ապաշխարանք։
Այսպիսով, Տեր-Պետրոսյանի «թավշյա հեղափոխությունը» ձախողվեց ընդամենը այն պատճառով, որ օլիգարխատի մեծ մասը, ի վերջո, պահպանեց իր հավատարմությունը ռեժիմին,  ավելի ճիշտ, ռեժիմը կարողոցավ իր մարդկանց իր կողքին պահել։ Այսօր մենք մեկ այլ Հայաստան կունենայինք, եթե առաջին նախագահին հաջողվեր Սարգսյանի տակից փախցնել օլիգարխների մեծամասնությունը, այն է` նրա հենարանի մեծ մասին։
Ինչպես տեսնում ենք, օլիգարխատը բավականին ապաբարոյական խավ է։ Ինչպես և միջնադարում, ժամանակ առ ժամանակ նա նախաձեռնում է սյուզերեն փոխելու գործը։ Հետևաբար, խորը հասարակական պառակտման փուլում գտնվող Հայաստանում օլիգարխատը պահպանելը հակասում է առաջին հերթին իշխող ռեժիմի շահերին։ Այսուհետ Սարգսյանի համար օլիգարխատը չի կարող այլևս հենարան լինել, նրա համար օլիգարխատն արդեն մշտական գլխացավանքի աղբյուր է։
Հետաքրքրական է այս առումով անդրադառնալ այժմ կալանքի տակ գտնվող որոշ խռովարարների անձերին, ինչպես նաև «ժողովրդին» նրանց միանալու դրդապատճառներին։ Հետաքննության տակ գտնվող երեք պատգամավորները հայտնել էին մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի անդամներին հետևյալը. «Սերժը մեր եղբայրն է, նրա դեմ մենք ոչինչ չունենք, նույնիսկ չգիտենք, թե ինչպես դա ստացվեց»։ Դե իսկ նրանցից ամենաճարպիկը, որ «Լեդի» մականունն է կրում, խոստովանել է. «Եթե այսօր Սերժն ինձ հարցնի, թե, Լեդի, ինչու՞ Դուք իմ նկատմամբ այդքան ստոր ձևով վարվեցիք, ապա ես նույնիսկ չեմ կարողանա նրա աչքերի մեջ նայել»։ Պետք է ասեմ, որ փառահեղ սուտենյորը ստում է, քանի որ նա գիտի, թե ինչու է թռել մյուս կողմը և այդ մասին գիտեն բոլորը. ժողովրդի ընտրյալը Լևոնի մոտ գնաց, որովհետև չկարողացավ հասնել զարմիկի դեմ քրեական հետապնդման (սպանության համար) դադարեցմանը, դե իսկ առաջին նախագահը հայտնի է այդօրինակ արարքների հանդեպ դրսևորվող իր ավելցուկային բարեհոգությամբ ու հազվադեպ հանդուրժողականությամբ։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ բավականին տրիվիալ է, ծամծմված, այնպես որ, այդ քաղաքացիները (ինչպես և բոլոր հայերը) բարձր գաղափարներից հեռու են։ Այսօր այդ եռյակը (Մալխասյան, Միքայելյան, Հակոբյան), հասկանալով, որ կինոն պրծնում է, իսկ իրենք դեռ երկար պիտի նստեն, փրկությունը գտնում է պրագմատիզմի մեջ՝ նպատակ ունենալով ներում կամ թույլ պատիժ ստանալ, մինչդեռ ամիսներ առաջ հրապարակում նրանք ելույթ էին ունենում սրտակեղեք հայտարարություններով։ Մասնավորապես, պատգամավոր Միքայելյանը, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են զինտեխնիկայի բոլոր տեսակները (բացի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից), փետրվարին ռոմանտիկ բարբառում էր, ասես Փետրվարյան հեղափոխության շրջանի Կերենսկին լիներ. «Լևոնի ժամանակ մենք Ղարաբաղի հաղթանակ ունեցանք, իսկ Քոչարյանի ու Սերժի օրոք՝ հոկտեմբերի 27»։ Համաձայնեք, որ տպավորիչ է. իրոք, հաղթանակը պատերազմում ավելի մեծ ձեռքբերում է, քան ահաբեկչությունը, անգամ եթե դա ողջունվում է երկրի գրեթե ողջ բնակչության կողմից։

ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱՑՆԵԼ

Տվյալ պահին Սարգսյանի գլխավոր խնդիրը իշխանությունը պահելն է և երկիրը Տեր-Պետրոսյանի տոտալիտար աղանդին հոշոտման չհանձնելը։ Դրանում է հայության համընդհանուր շահը, և այստեղ մենք տեսնում ենք շահերի մի հազվադեպ միավորում, որ հատուկ չէ ասիական հասարակությանը։ Սակայն սուվերենության լուրջ դեֆիցիտ ունեցող երկրի համար նման խնդիրները դժվար լուծելիների շարքից են։ Ի՞նչ պետք է անի նախագահ Սարգսյանը նման պարագայում։ Կարծում եմ՝ ամեն ինչ, միայն ոչ այն, ինչով նա զբաղված է հիմա (Սարգսյանն այսօր հետևում է խաղի այն կանոններին, որ պարտադրել է Տեր-Պետրոսյանի աղանդը և ոչ ճարպիկ քայլերով փորձում է վանել արևմտյան դժգոհությունը)։ Սակայն նախագահի գլխավոր խնդիրը երկրի ապաօլիգարխացումն է. կարծում եմ՝ ինձ հաջողվեց համառոտ ներկայացնել օլիգարխների դասից բխող ողջ վտանգը ինչպես պետության, այնպես էլ իշխող ռեժիմի համար։ Ինչպե՞ս սկսել այդ գործընթացը։
Ընդհանրապես կարելի էր հետևել Պուտինի օրինակին, բայց ի նկատի ունենալով կարևոր մի հանգամանք։ Բանն այն է, որ Պուտինը, սկսելով ապաօլիգարխացման գործընթացն ու առավելագույնս հեռացնելով օլիգարխներին իշխանությունից (ինչքանով որ դա ընդհանրապես հնարավոր է Ռուսաստանում), հասարակության մեջ արդեն պատկառելի մի հենարան ուներ. ատելի ու անմեղսունակ Ելցինի ֆոնի վրա նա հույսի մի շող էր պատկերանում և իշխանության եկավ բավականին ազատ ու արդար ընտրությունների արդյունքում։ Հետևաբար, նա առաջին իսկ օրվանից կարող էր իրեն ճոխություն թույլ տալ և հրաժարվել նախկին հենարանից՝ օլիգարխատից, քանի որ արդեն նորն ուներ՝ ավելի հուսալին։ Ցավոք, Սարգսյանը չի կարող հպարտանալ նման ճոխությամբ. Այսօր, ինչպես և առաջ, նա հասարակական հենարան չունի, իսկ դա արդեն բավական է, որ նախագահը անսասան թողնի պետության օլիգարխական հիմքերը։ Հետևաբար Պուտինի ճանապարհը Սարգսյանի համար չէ։
Մի ուրիշ հնարավորություն կա՝ օլիգարխներին մինչև խազը թուլացնելով, վախի ու մշտական լարվածության մեջ պահելով, զրկել նրանց  հասարակության վրա ազդելու լծակներից։ Իմ կարծիքով, նախագահն այսօր հենց դրանով էլ զբաղված է, սակայն այդ ճանապարհը նույնպես անընդունելի է, քանի որ անխտիր բոլոր օլիգարխներին թուլացնելն ու նրանց յուրատեսակ ծառայողական սենբեռնարներ դարձնելը անհեռատեսություն է. նրանց թուլացնելով՝ նախագահը թուլացնում է սեփական հենարանը, իսկ այլ հենարան չունենալու պարագայում դա վտանգավոր է դառնում։ Մի կախարդական շրջան է ստացվում. ուժեղ օլիգարխատը վտանգավոր է, քանի որ ունակ է դուրս գալ հսկողությունից և տապալել ռեժիմը: Թույլ օլիգարխատը նույնպես վտանգավոր է, քանի որ ի վիճակի չէ իրագործել իր առաքելությունը՝ լինել ռեժիմի հենարանը;
Ինչպես տեսնում ենք, առաջին պլան է մղվում նոր հենարան ստեղծելու (ձեռք բերելու) հարցը։ Այդ հենարանն է, որ կվտանգազերծի երկիրը աղետներից, իսկ Սարգսյանի ռեժիմը՝ Տեր-Պետրոսյանի տոտալիտար աղանդի ձեռքով կործանվելուց։ Բայց ինչպե՞ս ձեռք բերել այն։ Հենվել ուժային կառույցների վրա, հույս դնել ֆիսկալ ճնշամիջոցների վրա՝ անհեռատեսություն է։ Քոչարյանի օրոք 10 տարի գործադրում էին այդ մեթոդները, իսկ արդյունավետությունը զրոյական էր։ Նույնչափ միամտություն է հույս դնել պառլամենտի ու նրա մեծամասնության վրա։ Քոչարյանն ու «Արմենչիկի» (Արմեն Գևորգյանի) ղեկավարած «քաղտեխնոլոգների» թիմը 10 տարի ընթանում էին Վլադիսլավ Սուրկովի բացած արահետով (Սուրկովը ՌԴ ներքին քաղաքականությունը ծրագրողն էր Պուտինի օրոք), իբր ձևավորում էին երկրի քաղաքական դաշտը, ռուսական օրինակով զբաղված էին կուսակցական շինարարությամբ և նույնիսկ հասան ԱԺ վերահսկմանը, ինչպես Ռուսաստանում՝ Դումայի պարագայում։ Արդյունքը հասարակական պայթյունն էր և «Տեր-Պետրոսյանի հայտնությունը ժողովրդին» Այժմ արդեն, կարծում եմ, սույն ստրատեգների համար պարզ դարձավ, որ կարելի է, իհարկե, վերահսկել ամբողջ պառլամենտը, բայց բնավ ոչ հասարակությունը (քանի որ այն ոչ մի կապ չունի խորհրդարանի հետ)։ Կարելի է վերահսկել քաղաքացիների ֆինանսական հոսքերը՝ մարդկանց հետագայում ձեռնասուն դարձնելու նպատակով, բայց հնարավոր չէ կառավարել նրանց կրքերը։ Հետևաբար, անմտություն է վերահսկել (կամ ձգտել դրան) իրականության արտաքին, ձևական կողմերը, քանի որ իրական կյանքում  դրանից երբեք օգուտ չես ստանա։ Սարգսյանի և երկրի համար վտանգն այսօր կայանում է նրանում, որ նա առաջվա պես շարունակում է ուշադրություն դարձնել խնդրի ձևական կողմին։ Երբ մարտին նա կոալիցիա էր ստեղծում, դրանով հույս ուներ վերահսկել իրավիճակը և դրա համար համագործակցության բերեց ԱԺ գրեթե բոլոր կուսակցություններին։ Արդարացա՞ն արդյոք այդ սպասումները։ Կարծում եմ՝ ոչ. հակառակը, կոալիցիան ավելի խորացրեց հասարակության և իշխանության միջև եղած ճեղքվածքը և ավելի ուժեղացրեց բողոքական ընտրազանգվածի համակրանքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Հետևաբար, հենվել ներկայիս խորհրդարանի վրա չի կարելի, քանի որ այն կազմված է մեռած գաղափարախոսություններով փաթեթավորված «առևտրային» կազմակերպություններից։ Դա չի օգնի անգամ արևմտյան հանրության առաջ արդարանալիս, որովհետև ինչքան էլ ասես, թե աշխատում ես ընտրված մեծամասնության հետ, դեմոկրատ եմ, լիբերալ եմ, միևնույն  է, ոչ ոք չի հավատա, քանի որ բոլորը գիտեն, որ մեծամասնությունն ընտրված չէ։ Հայերն ուղղակի ի վիճակի չեն ընտրել այն։ Իսկ հայկական խորհրդարանի «փառքը», որ ձևավորվել է մի շարք կասկածելի քաղաքացիների շնորհիվ, արդեն վաղուց է անցել հայրենյաց սահմանները, և միայն հիմարը կարող է երազում տեսնել, թե ԱԺ-ն ի վիճակի է ազդել երկրի գործերի վրա։

ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՀԵՆԱՐԱՆԸ

Եթե ընդունում ենք, որ երկրի ապաօլիգարխացումը անհրաժեշտ է, և իշխանությունը պետք է գնա այդ քայլին, քանի որ այն նույնպես համապատասխանում է նրա շահերին, ապա և հետևաբար, պետք է նախ մտածել նոր հենարան ստեղծելու մասին, քանի որ իշխանությունը չի կարող օդում կախված ու անհենարան մնալ: Ի՞նչը կարող է Սարգսյանի համար փոխարինել օլիգարխատին որպես հենարան: Կարծում եմ, հասարակությունից բացի այս հարցում այլընտրանք չկա: Սարգսյանը պետք է հենվի հասարակության վրա, և նրանք  միասնաբար պետք է դուրս բերեն երկիրը ճգնաժամից: Երկու խոսք այն մասին, թե ինչպես է ինձ պատկերանում այդ գործընթացի սկիզբը:
Սկզբի համար ժողովրդի հետ կարելի է խոսել նրան հասկանալի լեզվով, ազնվորեն ու անկեղծ: Հետո պետք է սկզբունքայնություն ձեռք բերել և դարձնել այն կենսակերպ: Օրինակ, Գագիկ Ջհանգիրյանին պետք է դատել ոչ թե փետրվարյան դեպքերի կապակցությամբ, այլ գլխավոր դատախազի տեղակալի և ընդհատակյա միլիոնատիրոջ  կարգավիճակում բուռն գործունեության համար: Անհրաժեշտ է մինչև վերջին մեխի կտորը հեղափոխական օլիգարխների ձեռքերից հետ վերցնել նրանց ամբողջ սեփականությունը, այլ ոչ թե թույլ տալ նրանց բարգավաճել ընդհատակում. ժողովրդին դա դուր կգա: Անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն սկսել մտածող հասարակայնության հետ, որը հասարակության ավանգարդն է և կարող է օգնել նրան նախապաշարմունքներից ու ձևախեղումներից զերծ հանրային կարծիքի ձևավորման հարցում:
Կարծիք կա, որ Սարգսյանի համար հիմա դժվար է աշխատել, որ նրա «ձեռք ու ոտքը կապված են» և այլն: Հնարավոր է, որ այդպես էլ կա իրականում, բայց այդ բոլորը չի նշանակում, թե հանրապետության նախագահի պաշտոնում նա պետք է բավարարվի քաղաքական խուսանավումներով և չանել այն, ինչ սովորաբար անում են պետական գործիչները: Գեներալ դը Գոլի համար անհամեմատ ավելի դժվար էր և՛ 1944, և՛ 1958թթ., սակայն իրավիճակի բարդությունը (և անգամ անհաստատությունը) խոչնդոտ չդարձավ պատմական նշանակության պահանջված գործերի իրականացման համար:
Պետությունը լուրջ բան է, իր հանդեպ հարիր վերաբեմունք պահանջող, և միայն նման վերաբերմունքն է ի վիճակի ապահովել նրա պոզիտիվ զարգացումը, իսկ նրա ղեկավարության համար` քաղաքական երկարակեցությունը: Նման խնդիրները, որպես կանոն, լուծում են պետական գործիչները, իսկ քաղաքական գործիչների համար դա ուժից վեր է, քանզի, ինչպես ես բազմիցս գրել եմ, քաղաքական գործիչները կյանք են տալիս պրոբլեմներին` լղոզելով և հեռու անկյուն խցկելով այն դեպքում, երբ պետական գործիչները արմատախիլ են անում դրանք:

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am