Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հուլիս 2008, N 4

Հայերը համաջխարհային կինոյում

Սվետլանա Գուլյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող կինոգետ

Շառլ Ազնավուրն, անշուշտ, այսօր աշխարհում ամենահայտնի հայն է: Նա ազգի դեմքն է: Ազնիվ, արժանապատիվ, բարի, խելացի դեմքը` շատ տխուր աչքերով:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին, Փարիզում: Նրա անունը ցանկացել են Վաղինակ-Շահնուր դնել: Բայց հիվանդանոցի սանիտարուհին ոչ մի կերպ չի կարողացել արտասանել այդ անունը, և ինչպես իրեն է հարմար եղել ասել է Շառլ: Այսպես լույս աշխարհ եկավ Շառլ Ազնավուրյանը: Շառլը ծնվել է ծնողների` Ֆրանսիա գալու նույն թվականին: Հազարավոր հայերի նման փախչելով Թուրքիայից, լինելով երիտթուրքերի սանձազերծած մի ողջ ազգի ցեղասպանության հալածյալները` նրա ծնողները` Միշա (Մամիկոն) և Քնար Ազնավուրյանները, երկար դեգերումներից հետո պատրաստվում էին Ամերիկա մեկնել: Վիզային սպասելիս նրանք գալիս են Փարիզ, ուր և հաստատվում են: Մայրը Արևմտյան Հայաստանից էր: Հայրը ծնվել էր Ախալցխա քաղաքում (հարավային Վրաստան): Միշա Ազնավուրյանը կենսուրախ մարդ էր, շատ գեղեցիկ բարիտոն ուներ և սիրում էր երգել. մի անգամ նա Բաթումի նավահանգստում նավ է նստում, և մի երկու օր անց արդեն կոստանդնուպոլսյան հանդիսատեսին էր ներկայացնում ինքնատիպ կատարումներ «Արշին Մալալա» օպերետից: Միշան համոզված էր, որ թուրքական հյուրախաղերը ժամանակավոր են: Բայց ստացվեց այնպես, որ այնտեղ մնաց ընդմիշտ: Թուրքիայում նա ծանոթանում է Քնարի հետ, որն էլ դառնում է Շառլ Ազնավուրի մայրը: Ազնավուրի պապը ռուսական Նիկոլայ II ցարի խոհարարն է եղել: Նույն շաբաթվա մեջ, երբ պետք է ծնվեր մեծ շանսոնիեն, նրա հայրը և պապը Ղյու դը Շամպոլյոնում բացեցին մի ոչ մեծ ռուսական ռեստորան` «Կովկասկի»: Ռեստորանը միշտ լեփլեցուն է եղել մարդկանցով, բայց, միևնույն է, դրամարկղը միշտ դատարկ է մնացել: Պատճառն այն էր, որ ռեստորանի այցելուները նախընտրում էին ճաշել ապառիկով, իսկ ամենաբարեհոգի ռեստորանատերը` Միշա Ազնավուրյանը, ի վիճակի չէր մերժել նրանց: Նացիստական օկուպացիայի ժամանակ Միշա և Քնար Ազնավուրյաններն ամենաակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ մղվող պայքարում: Նրանց տունն ապաստան էր դարձել գերությունից փախածների, գեստապոյից թաքնվող ֆրանսիացի հայրենասերների համար:
Շառլը հինգ տարեկան էր, երբ առաջին անգամ հանդես եկավ հանդիսատեսի առջև: Ինը տարեկանում արդեն խաղում էր մեծահասակների համար ներկայացումներում, Շանզելիզեի Մադլեն թատրոնում: Իսկ 13 տարեկանում նկարահանվեց իր առաջին` ռեժիսոր Քրիստիան Ժակի ֆիլմում: Հանրահռչակ երգիչը գլխավոր և էպիզոդիկ դերեր է խաղացել ավելի քան 60 ֆիլմերում: Ազնավուրի ստեղծագործության այս հատվածը շատ ավելի պակաս է հայտնի, թեև նկարահանվել է այնպիսի ռեժիսորների մոտ, ինչպիսիք են՝ Ռենե Քլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը, Ֆրանսուա Տրյուֆոն: Նա կինո եկավ որպես փարիզյան մյուզիքհոլի կայացած աստղ: 1959թ. նա խաղաց գլխավոր դերը Ժորժ Ֆրանժյուի «Գլխով պատին» ֆիլմում` ստեղծելով անօգնական ու բարի մարդու մի կերպար, որին ինքնասպանության հասցրեց շրջապատողների անհոգիությունը: Բարոյական մաքրություն՝ հեռու աշխարհի չարից. սրանք են կինոյում Ազնավուրի ստեղծած հետագա գրեթե բոլոր կերպարների հիմնական գծերը: Ազնավուրի մասնակցությամբ առավել հայտնի կինոնկարներն են` «Օրփեոսի կտակը» (Ժան Կոկտո, 1960), «Կրակեք դաշնակահարի վրա» (Ֆրանսուա Տրյուֆո, 1960), «Անցում Հռենոսով» (Անդրե Կայաթ, 1960), «Տաքսի դեպի Տոբրուկ» (Դենի դը լա Պատելիեր, 1962), «Ամերիկյան առնետը» (Ալբիկոկո, 1963), «Սատանան և 10 պատվիրանները »(Ժյուլիեն Դյուվիվիե, 1966), «Թիթեղե թմբուկը» (Ֆոլկեր Շլենդորֆ, 1979):
«Կրակեք դաշնակահարի վրա»-ն գանգստերական ոճի ֆիլմ է: Այն կառուցվում է ամերիկյան դետեկտիվի մոտիվներով: Ֆիլմը շատ հուզիչ է և միաժամանակ հեգնական: Ազնավուրն այստեղ երկու դեր է խաղում. գանգստեր Էդուարդ Սարոյանի և ռեստորանի դաշնակահար Չառլի Քոլերի: Ազնավուրը ստեղծում է իր սիրած բարի ու անպաշտպան մարդու կերպարը, որ միայնակ է աշխարհում, ուր տիրում է ուժեղի իրավունքը: Ֆիլմում հասարակական հարաբերությունների դաժանությանը հակադրված են բարեկամության ու սիրո արժեքները:
«Տաքսի դեպի Տոբրուկ» ֆիլմի գործողությունը կատարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին  Հյուսիսային Աֆրիկայում: Չորս ֆրանսիացիներ անապատի միջով փորձում են գերմանացիների կողմից վերահսկվող անապատի միջով հասնել յուրայիններին: Միանգամայն տարբեր ծագում ու մտածելակերպ ունեցող այս մարդիկ միավորվել են մեկ նպատակի շուրջ` ողջ մնալ ու հասնել յուրայիններին: Ֆիլմի գործողությունը բարդանում է նրանով, որ ճանապարհին նրանք գերի են վերցնում գերմանացի սպայի` տոհմիկ զինվորականի՝ զարգացած ու կիրթ մի մարդու: Ճանապարհին նրանց մահացու վտանգներ և լարված հոգեբանական իրավիճակներ են սպասում: Անձնական քաջությունը, սեփական արժանապատվության զգացումը, արիությունը նրանց թույլ են տալիս հաղթահարել բոլոր փորձությունները, և երբ թվում էր, թե նպատակն իրականացված է, նրանք զոհվում են իրենց իսկ զինակիցների ձեռքով: Ֆիլմում մեկ գլխավոր հերոս առանձնացնելը հնարավոր չէ, բոլոր հինգն էլ անբաժան են միմյանցից: Բայց կատարողական արվեստն առանձնացնում է երկու դերասանի` Շառլ Ազնավուրին և Լինո Վենտուրային: Նրանք այնքան են ձուլվում դերին` իրենց միջով անցկացնելով սյուժեի բոլոր բախումներն ու շրջադարձերը, որ հանդիսատեսը երբեմն մոռանում է, որ սա կինո է:
  1966թ. Ժյուլիեն Դյուվիվիեն նկարահանեց մի հիասքանչ ֆիլմ, որում ֆրանսիական իրականություն է մտցրել Քրիստոսի հայտնի պատվիրանները: «Սատանան և 10 պատվիրանները»  ֆիլմում Շառլ Ազնավուրը կատարում է գլխավոր դերը «Մի սպանաներ» նովելում... Ունայն աշխարհից հրաժարված և իրեն Աստծուն հանձնած հեզաբարո վանական եղբոր` Դենիի քրոջը գայթակղում, իսկ հետո նաև թմրանյութերի է վարժեցնում տեղի գանգստերների դաժան, անբարո պարագլուխը: Ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում ձերբակալել նրան, քանզի նա անխոցելի է: Խորամանկ ու ճարպիկ հանցագործն իր հանցագործությունների ոչ մի հետք չի թողնում: Հուսահատության դուռը հասած աղջիկն ինքնասպան է լինում: Վանականը յուրովի է դատաստան տեսնում նրա հետ: Որոշակի ժամի նա իր տուն է հրավիրում ոստիկանությանը: Նույն ժամին նրա մոտ է գալիս և նրա սպառնալիքներով «հրապուրված» գանգստերը: Ճիշտ հաշվարկելով ժամանակը` Դենին հանցագործին հասցնում է այն աստիճանի, որ վերջինս ստիպված է լինում սպանել նրան հենց այն պահին, երբ պետք է գար ոստիկանությունը: Նա բռնվում է հանցանքի վայրում` զենքը ձեռքին: «Մի սպանաներ»  նովելի սյուժեն վտանգավորության աստիճանի մոտ է սովորական մելոդրամի, և եթե Դենիին մարմնավորող դերասանը պակաս տաղանդավոր լիներ, քան Ազնավուրը, այդպես էլ կլիներ էկրանին: Ազնավուրը ողբերգություն էր խաղում: Հավատի կործանում, իդեալների անարգում: Վերջին կադրերում Դենիի աչքերում ամբողջ աշխարհի թախիծն ու դառնությունն է: Այս ֆիլմից հետո Շառլ Ազնավուրին սկսեցին համեմատել Չարլի Չապլինի հետ: Թշնամական ու ամենակուլ իրականությանն արիաբար հակադրվող փոքրիկ մարդու թեման առաջնային է դառնում Ազնավուրի կինոաշխատանքներում: Նրա և՛ երգարվեստի, և՛ կինոարվեստի թեմաները նույնն են` մարդկայինի հաստատումը մարդու մեջ` ի հեճուկս չարի, ատելության և բռնության:
Ազնավուրը նման բնավորություն է կերտում նաև ռեժիսոր Պիեռ Գրանիե-Դեֆերի «Փարիզը օգոստոս ամսին» (1966) կոմեդիայում: Նրա հերոսը` Անրին, մեծ հանրախանութի համեստ վաճառող է՝ բարի, աչքի չընկնող մի մարդ, որ երջանկության փնտրտուքներում ապաստան է գտնում իր իսկ հորինած երևակայական աշխարհում: Արթնացումը արձակուրդը Փարիզում անցկացնող սիրունիկ անգլուհի Փեթին սիրահարված հերոսի ծիծաղելի արկածներին մելոդրամատիկ երանգ է հաղորդում: Անգլուհին իրեն խոշոր ֆիրմայի գլխավոր մանեքենուհի է ներկայացնում, իսկ Անրին ասում է, որ ինքը աբստրակցիոնիստ նկարիչ է: Անրիի ապշահար ընկերները երկյուղով նկատում են, թե ինչպես է սովորական փոքրիկ ինտրիգը վերածվում մեծ ու իսկական կրքի, որն ավարտվում է նրանով, որ Փեթը մեկնում է Լոնդոն, և Փարիզ է վերադառնում Անրիի կինը երեխաների հետ:
Ֆ. Շլենդորֆի «Թիթեղե թմբուկը» ֆիլմը համաշխարհային կինոյում հակաֆաշիստական ամենանշանակալի ֆիլմերից մեկն է: Կինոնկարի գործողությունը կատարվում է 20-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում: Ֆիլմը խճճված ու բարդ սյուժե ունի, այն գույներ չի խնայում հերոսի` գաճաճ Օսկարի օգնությամբ մերկացնելու ֆաշիստական Գերմանիայի այլանդակ ու ողորմելի աշխարհը: Զավեշտալի կերպարների շարքում առանձնապես աչքի է ընկնում Սիգիզմունդ Մարկուսի կերպարը, որը մարմնավորել է Շառլ Ազնավուրը:
1991թ. Շառլ Ազնավուրը հանդես է գալիս սեփական` «Գյուղական տարիներ» ֆիլմի գլխավոր հերոսի դերում: Մի ամբողջ տարի պանսիոնատում անցկացնելուց հետո 16-ամյա Ժյուլը կրկին երջանկություն ու անդորր է ձեռք բերում Լուարի ափին, պապիկի (Շառլ Ազնավուր) և տատիկի տանը: Բայց շուտով ուրախությունը փոխարինվում է դառնությամբ: Ժյուլին հաղորդում են, որ տանտիրոջ պահանջով տատիկն ու պապիկը պետք է թողնեն տունը, որտեղ անցել է նրա մանկությունը, և տեղափոխվել այլ տեղ: Իր համար նոր միջավայրում հայտնվելով` Ժյուլը բախվում է տեղի բնակիչների կոպտությանը, թշնամանքին, բացահայտ անբարյացակամությանը: Բայց հենց այստեղ էլ նրան սպասում էր կրկեսի դերասանուհի Էվելինի սերը: Շառլ Ազնավուրը մարմնավորում է հմայիչ, խելացի պապիկի կերպարը, որը թոռան հետ հատուկ ջերմ ու մտերիմ, հումորով լի հարաբերություններ ունի: Հերոսի նման վարքագիծը շատ հոգեհարազատ է Ազնավուրին, որովհետև ինքն էլ նման հարաբերությունների մեջ է սեփական երեխաների ու թոռների հետ: Ֆիլմը լի է աշխարհի նկատմամբ սիրով ու քնքշությամբ: 2002թ. նա նկարահանվել է Ատոմ Էգոյանի «Արարատում»: Իսկ բոլորովին վերջերս հիացրեց հանդիսատեսին Բալզակի «Գոբսեկի» հեռուստատեսային էկրանավորմանն իր մասնակցությամբ: «Կինոյում նկարահանվելն ինձ համար միշտ զվարճանք է եղել»,_ ասել է նա հարցազրույցներից մեկում:_«Եթե ես ցանկանայի լրջորեն զբաղվել կինոյով, ես ստիպված պիտի լինեի թողնել բեմը, ինչը ես երբեք չեմ ցանկացել: Երգի մեջ ամեն ինչ ես եմ հորինում` սկզբից մինչև վերջ, և այն ինձ համար ինքնարտահայտման լավագույն միջոցն է: Ֆիլմերում ես ստիպված եմ խաղալ ինչ¬որ մեկի դերը` ենթարկվելով ռեժիսորի պահանջներին: Հնարավոր է, որ ես վատ դերասան չեմ, բայց որպես երգիչ, իմ կարծիքով, ավելի լավն եմ»:
Շառլ Ազնավուրը հնարավոր բոլոր պարգևների ու մրցանակների դափնեկիր է: Դրանց մեջ Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է` Պատվո լեգեոնի շքանշանը: Իր առաջին շքանշանը Ազնավուրը ստացել է Միտերանից, երկրորդը և երրորդը` Ժակ Շիրակից: Նրան շնորհվել է նաև Հայաստանի բարձրագույն պետական պարգևը` Հայաստանի ազգային հերոսի կոչումը և Հայրենիքի շքանշանը: Կինոյում ունեցած վաստակի համար արժանացել է Պատվավոր Սեզարի, ինչպես նաև Կաննի 30-րդ կինոփառատոնի Պատվավոր մրցանակի: Նա սեփական տներ ունի Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մարոկկոյում: Երևանում ևս նրա համար տուն է կառուցվում: Երևանի պատվավոր քաղաքացին, հնարավոր է, դառնա նաև նրա պատվավոր բնակիչը:
Վերջինս կնոջ` շվեդուհի Ուլա Տորսելի հետ ապրում է արդեն ավելի քան 40 տարի: Ունի չորս երեխա` Սեդան (առաջին ամուսնությունից), որդին` Պատրիկը (երկրորդ ամուսնությունից), զոհվել է ավտովթարից, Կատյան, Միշան և Նիկոլյան (երրորդ ամուսնությունից): Բոլորովին վերջերս Երևանում կայացավ նրա թոռան հարսանիքը: Իր հայկական ծագումը նա երբեք չի թաքցրել, ավելին, ընդգծել է այդ մասին յուրաքանչյուր հարմար առիթի: Հարցազրույցներից մեկում խոստովանել է. «Ես հարյուրտոկոսանոց ֆրանսիացի եմ և հարյուրտոկոսանոց հայ: Երբ կաթով սուրճ եք պատրաստել, այլևս չեք կարող սուրճը զատել կաթից»: Կապը Հայաստանի հետ երբեք չի կտրել: Հայոց ցեղասպանության 60 ամյակի կապակցությամբ Ազնավուրը գրեց իր «Նրանք ընկան» երգը (երաժշտությունը` Ժորժ Գարվարենցի): Հայկական արմատները մղեցին նրա գրելու «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան», «Ջան» երգերը: Նրա համերգային ծրագրում տեղ է գտել նաև Սայաթ-Նովայի «Աշխարհումս իմն դուն իս»-ը, որը նա կատարել է դստեր` Սեդայի հետ: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի չորրորդ օրը Ազնավուրը Հայաստանում էր: Նա հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան և կազմակերպեց տուժածների համար օգնության հավաքման մի քանի ակցիաներ: Այդ օրերին էլ գրեց «Քեզ, Հայաստա՛ն» երգը, որի ձայնագրությանը մասնակցեցին ֆրանսիացի 90 դերասաններ ու երգիչներ: Ազնավուրը Հայաստանի պատվավոր դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում: Նրա անվամբ հրապարակ է անվանակոչվել Երևանում, Գյումրիում դրվել է նրա հուշարձանը: Երևանում սկսվել է մեծ երգչի տուն-թանգարանի շինարարությունը: «Ես կարծում եմ, որ հայկական ծագումը նաև պարտականություններ է ենթադրում,_ ասել է Շառլ Ազնավուրը հարցազրույցներից մեկում և շարունակել,_ կամ էլ հայ չպետք է լինես: Չպետք է պարծենաս, թե պատկանում ես հնագույն ժողովրդին ու հայ լինես միայն սեղանի շուրջ: Դրանով չէ, որ հայ ես: Հայ լինել նշանակում է` դա քեզ նույնպես վերաբերում է, և դու հասկանում ես, որ այդ երկիրը պետք է գոյություն ունենա, իսկ նրա մշակույթը` ապրի»:

Ռոման Բալայան

Ռոման Գուրգենի Բալայանը ծնվել է 1941թ. ապրիլի 15-ին  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղ գյուղում: Երեք տարի դերասանություն է արել Ստեփանակերտի թատրոնում: 1961-64թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Նրա առաջին լիամետրաժ կինոնկարը`«Կաշտանկան» (1976)` ըստ Ա.Պ. Չեխովի համանուն պատմվածքի, վկայում է նրա հեղինակի արտասովոր տաղանդի մասին: Կինոնկարն ապացուցում է, որ նրա հեղինակը ճիշտ է զգացել չեխովյան նյութը, չեխովյան ինտոնացիաները: Չնայած պատմվածքի «ծանրության կենտրոնը» շնից տեղափոխված էր նրա տիրոջ (Օ. Տաբակով)` նրբին ու շուտ խոցվող, միաժամանակ դժբախտ ու երջանիկ մի մարդու պատմության վրա, ֆիլմն իրապես չեխովյան էր: Հետո նկարահանեց «Մենավոր գայլը» (1977թ.)` այս անգամ Ի. Տուրգենևի ստեղծագործության էկրանավորումը: Մի անգամ Բալայանն ասել է, թե իր առջև նպատակ է դրել դառնալ «ռեժիսորների հավաքականի» անդամ: Այդ խնդիրը նա փայլուն լուծեց: Բոլորին պարզ դարձավ, որ կինեմատոգրաֆ է եկել մի շատ ինքնատիպ, բարձրակարգ ռեժիսոր: Ռոման Բալայանին նշանավոր դարձրեց «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը (1982): Այն ներկայացնում էր «պերեստրոյկայի» սկզբնական տարիների սերնդի այնքան հրատապ հոգևոր հիմնախնդիրները: Նա ամենայն անկեղծությամբ ի ցույց դրեց եթե ոչ ամբողջ սերնդի, ապա գոնե նրա մի զգալի մասի դրաման: Սա ֆիլմ է չիրացված հնարավորությունների տեր մարդու մասին, ընդ որում` հնարավորությունները որպես այդպիսին բավական մեծ են, և մարդն էլ արտասովոր է: Մակարովի կյանքը արթմնի երազ է: Այս ֆիլմի հերոս Մակարովի թեման իր շարունակությունն ունեցավ «Պահպանիր ինձ, իմ թալիսման» կինոնկարում (1986): Ֆիլմում ներկայացվող պատմությունը տեղի է ունենում 1980-ական թթ. կեսերին և հեղինակների կողմից միտումնավոր համադրվում է անցյալի հետ: 150 տարի առաջ մահացու մենամարտի են դուրս գալիս հանճարն ու ոչնչությունը` Պուշկինը և Դանտեսը: Արտաքին ուրվագծերով նման իրավիճակ ստեղծելով` նա ցույց է տալիս մենամարտը Բարու և Չարի միջև` արդեն այսօրվա նյութով ու այսօրվա հերոսներով: Բալայանը փորձում է բացահայտել մեր ժամանակակիցների` պատվի ու արժանապատվության մասին պատկերացումների իսկական արժեքը և համեմատել այդ պատկերացումները Պուշկինի մտքերի ու արարքների հետ: Ռեժիսորի հաջորդ` «Իրազեկիչը»  («Филер») ֆիլմի (1987) գործողությունը տեղի է ունենում 1916թ.: Կինոնկարի հերոսը` ազնիվ, բայց թույլ մի մարդ, ակամա մատնիչ է դառնում: Գիմնազիայի համեստ ուսուցիչը, հուսահատվելով դստեր ծանր հիվանդությունից ու անելանելիությունից, համաձայնում է համագործակցել ոստիկանների հետ և դառնում է իրազեկիչ: Բայց նա չի դիմանում այդ ծանր բեռին և ինքնասպան է լինում: «Իրազեկիչը» ֆիլմ է այն մասին, թե ինչպես են իր իսկ կողմից թույլ տրված արատները խժռում հասարակությունը, ինչպես են դրանց ջրապտույտում զոհվում ազնիվ ու արժանապատիվ մարդիկ: Այս բոլոր երեք կինոնկարներում գլխավոր դերերը կատարում է Բալայանի սիրելի դերասանը` Օլեգ Յանկովսկին:
Հանցավոր կրքի ու չարիքի ճանապարհների մասին խորհրդածություններն են համադրվել նրա «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» ֆիլմում (1989)` ըստ Նիկոլայ Լեսկովի հանրահայտ ակնարկի: Ֆիլմի աշխատանքներն սկսելուց առաջ Ռոման Բալայանը գրել է. «Այժմ, երբ մենք կիսով չափ ենք սիրում, կիսով չափ զգում, կիսով չափ ատում, Կատերինա Իզմայլովայի սիրո անսահմանությունն ինձ զարմացնում է, սարսափեցնում, և ես ուզում եմ ընկղմվել այդ սիրո անդունդը: Ես ուզում եմ, որ հանդիսատեսի աչքին ես Կատերինա Իզմայլովայի փաստաբանը լինեմ... Լեսկովի մոտ հերոսուհին սպանում է և չի տանջվում: Մեզ մոտ նա կտանջվի սպանությունից առաջ և հետո»: Լեսկովի մոտ Կատերինան նախևառաջ մարդասպան է: Բալայանի մոտ` հանցավոր սիրո զոհ: Բալայանը մեղմացնում, լուսավոր է դարձնում իր հերոսուհուն, այնինչ Լեսկովը խոստովանում է, որ սարսափում էր այդ կերպարը ստեղծելիս: Բալայանն ասում էր, թե ֆիլմը ստեղծել է «ըստ մոտիվների»: «Ես չափազանց շատ եմ սիրում Լեսկովին, դրա համար էլ զուտ դրա էկրանավորումը չեմ արել»: Չնայած գրողի հետ համընկնում չկա, ֆիլմն աչքի է ընկնում փայլուն ռեժիսուրայով ու դերասանների հոյակապ խաղով (Ն. Անդրեյչենկո և Ա. Աբդուլով): Բալայանը սովորաբար մեծ ընդմիջումներ է տալիս ֆիլմերի նկարահանումների միջև: Վերջին 16 տարիների ընթացքում նա հինգ ֆիլմ է նկարել. «Տիկինը ավտոմեքենայում» (1992)` Ս. Ժապրիզոյի դետեկտիվ վեպի էկրանավորումն է, «Երկու լուսին, երեք արև» (1998) հոգեբանական դրաման, «Գիշերը լուսավոր է» (2004), որի գործողությունը տեղի է ունենում խուլ ու համրերի գիշերօթիկում և, վերջապես, «Ընտրյալը» (2007), որ պատմում է այլախոհ գրողների մասին, որոնք իրենց ազատության համար պայքարում են դաժան ու ցինիկ ամբողջատիրական վարչակարգի դեմ: Ռոման Բալայան-ռեժիսորի ֆիլմերին հանդիսատեսը միշտ սպասում է: Որովհետև միշտ էլ վստահ ես, որ նոր աշխատանքը խորհրդածությունների տեղիք կտա:


Կարեն Շահնազարով

Այսօր կինեմատոգրաֆում դժվար է տալ մի ռեժիսորի անուն, որը հայտնի լինի շատ մեծ թվով հանդիսատեսների: Ուր մնաց թե նրան ճանաչեն դեմքով: Կարեն Շահնազարովը բացառություն է և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում: Դժվար է չնկատել նրա արտաքինը. բարձր հասակ, ալեհեր գլուխ և մի ինչ-որ արիստոկրատական վեհանձնություն: Նա շատ հաջողակ ռեժիսոր է: Պարզվում է` նաև հաջող ղեկավար է: 46 տարեկանում դառնալով Եվրոպայում ամենախոշոր կինոստուդիայի` «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրենը` Շահնազարովն այն տառացիորեն վերականգնեց ավերակներից:
Կարեն Շահնազարովը ծնվել է 1952թ. հուլիսի 8-ին, Կրասնոդարում: Հայրը` Գեորգի Խոսրոյի Շահնազարովը, ղարաբաղցի է: Երկար տարիներ աշխատել է ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնում: Կարենի հորենական պապը, խորհրդային իշխանությունների հետ խնդիր չունենալու պատճառով, իր ազնվականական ազգանունը` Մելիք-Շահնազարյան, փոխեց ավելի ընդունելի` Շահնազարով տարբերակով: Մինչև հեղափոխությունը նա աշխատել է Լյուդվիգ Նոբելի մոտ, որը եղբայրների հետ միասին Բաքվում հիմնել է նավթարդյունաբերական ձեռնարկություն: Հայտնի փիլիսոփա Պավել Ֆլորենսկու տոհմաբանությունը խաչվում է Մելիք-Շահնազարյանների ճյուղի հետ: Ֆլորենսկու մայրը Ղարաբաղի հայ էր և ընդհանուր արմատներ ուներ Կարենի հորենական գծով նախատատի հետ, որը պատկանում էր Փիրումովների հայտնի գերդաստանին: Նա Սարդարապատի ճակատամարտում թուրքերին ջախջախած ցարական գեներալ Դանիել Բեկ-Փիրումովի քույրն էր: Հոր գերդաստանում եղել են Նապոլեոնի զինակիցներ: Կարենի նախնիներից մեկն էլ ծառայության մեջ է եղել Ալեքսանդր II-ի մոտ: Մեկն էլ, Թեհրանում ռուսական դեսպանատան աշխատակից լինելով, սպանվել է Գրիբոյեդովի հետ: Ռեժիսորի մայրը` Աննա Գրիգորևնան, ավարտել է ԳԻՏԻՍ-ի թատերագիտական բաժինը: Կարեն Շահնազարովը երեք երեխաների` Աննայի, Իվանի և Վասիլիի հայրն է: Նրանք արդեն 18, 10 և 7 տարեկան են:
Մանուկ հասակում ապագա կինոռեժիսորը շատ էր սիրում նկարել և նույնիսկ ցանկանում էր ընդունվել ՎԳԻԿ-ի գեղարվեստի ֆակուլտետը: Բայց քանի որ միջնակարգ մասնագիտական կրթություն չուներ և ընդունվել չէր կարող, առանց երկար մտածելու ընդունվեց ռեժիսորական ֆակուլտետ` Իգոր Տալանկինի վարպետական դասարան: Որպես ռեժիսոր կայանալու դասական ճանապարհ է անցել. ռեժիսորի ասիստենտ, բեմադրող ռեժիսոր, «Ստարտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար, որը հետո վերանվանվեց «Ցրիչ»  («Курьер») ստուդիայի: 1998-ից «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրենն ու վարչության նախագահն է: Ինքնուրույն ֆիլմեր սկսել է նկարահանել շատ վաղ տարիքից, բայց նրան իբրև խելացի ու տաղանդավոր ռեժիսորի հռչակ բերած կինոնկարը դարձավ «Մենք ջազից ենք» ֆիլմը (1983): Կինոնկարում գլխավորը, իհարկե, ջազն է: Բայց այն նման չէ երկրում նկարահանված բազմաթիվ երաժշտական ֆիլմերից և ոչ մեկին: Ոճով այն շատ նման է հին ու բոլորի կողմից շատ սիրելի «Ուրախ տղաներին»: Հնարավոր է` այդ զգացողությունն առաջանում է հեղինակների ընտրած «ռետրո» ոճի կամ Լեոնիդ Ուտյոսովի երգերի, կամ էլ այն պատճառով, որ գործողությունը տեղի է ունենում 1920-ական թթ., Օդեսայի փողոցներում: Ֆիլմում շատ են խիստ ծիծաղելի իրավիճակները: Այն արժանացել է Երաժշտական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին (1984թ., Գրենոբլ, Ֆրանսիա): 1985թ. ԽՍՀՄ¬ում լավագույն երաժշտական ֆիլմ է համարվել Շահնազարովի հաջորդ` «Ձմռան գիշեր Գագրայում» կինոնկարը: Ֆիլմը պատմում է երբեմնի հանրահայտ դոփապարողի` հեռավոր 50-ականների հասարակության կուռքի, իսկ այսօր` էստրադային պարային անսամբլի համեստ ռեպետիտորի, տարեց ու միայնակ մարդու ոչ այնքան երջանիկ ճակատագրի մասին: Շատ վաղուց նա բաժանվել է կնոջից, իրենից հեռու է մեծացել դուստրը, որն իր հայրն է համարում բոլորովին այլ մարդու: Երկար ժամանակ երբեմնի փառքի ու արվեստի մասին միակ հիշատակությունները խնամքով պահվող հայտագրերն էին: Բայց մի անգամ երջանիկ մի դիպված կտրուկ փոխում է ամեն ինչ նրա կյանքում, և պարզվում է` նրա արվեստը կարող է ուրախություն պարգևել և՛ մեր օրերում, և՛ որ այն չի ծերացել: «Ձմռան գիշեր Գագրայում» կինոնկարը մարդկային արժանապատվության ու արտիստականության հավաստիացումն է նաև: Այն հարուստ է երաժշտական բազում հոյակապ համարներով, դերասանական կազմն անկրկնելի է:
Շահնազարովի հաջորդ ֆիլմը` «Ցրիչը» (1986), բարքերի կատակերգություն է: «Ցրիչը» սյուժետային գիծ չունի: Դա տարբեր իրավիճակների միահյուսում է, որոնցում հայտնվում է կինոնկարի 18-ամյա հերոսը` Իվանը: Ֆիլմի վերնագիրը միայն հերոսի մասնագիտությունը չի նշում: Այս պատմության մեջ ցրիչը նաև պատանի սերնդի սուրհանդակն է` առաքված մեծերի` «հայերի» աշխարհ: Կինոնկարում Իվանին է վստահված փոխհարաբերություններ հաստատել ու դրանք բացահայտել զավակների ու հայրերի միջև. իր տանը, աշխատանքում և անծանոթ ընտանիքում, ուր նրան նետում է ցրիչի ճակատագիրը: Ֆիլմի ողջ ընթացքը հիշեցնում է, որ առկա է ու հրատապ «հայրերի ու որդիների» հավերժական հիմնախնդիրը, որը, սակայն, պարզապես ջնջվել էր կյանքից, համարվել ընդհանրապես գոյություն չունեցող կամ, եթե գոյություն էլ ունի, ապա ամենևին էլ էական չէ: Ֆիլմը մեծերի, ինքնուրույն կյանքի ձգտող երիտասարդների մասին է: Ի՞նչ են ուզում նրանք, ի՞նչ են սպասում նրանցից, ինչին են հավատում. ահա ֆիլմի առաջադրած գլխավոր հարցերը: Կարեն Շահնազարովին հուզում է ժամանակակից ամենասուր վեճերից մեկը` պատանի ժամանակակցի, նրա սոցիալական ու բարոյական կերպարի հարցը: Եվ նա դրան ինքնատիպ լուծում է տալիս. չի դրամատիկացնում իրավիճակը, երբեմն նույնիսկ բաց է անում դրա կատակերգականությունն ու անհեթեթությունը: Մի խոսքով, «Ցրիչը» շատ ուրախ ֆիլմ է:
Ռեժիսորի հաջորդ ֆիլմը նախորդներից տարբերվում է թե՛ ժանրով, թե՛ նյութով: Սյուժետային գիծը կրկին բացակայում է: Իրար են հաջորդում միմյանց հետ գրեթե չկապված իրավիճակներ, որոնցում հայտնվում է մի ինչ¬որ ցնորական Զրո քաղաք գործուղված ինժեները: «Զրո քաղաքը» կինոնկարում (1989) Շահնազարովին հաջողվում է պահպանվել ամենաէական հատկությունը` շատ լուրջ բաների մասին խոսել հումորով ու հնարամտությամբ: Հերոսն անսպասելիորեն վկան ու մասնակիցն է դառնում մի շարք իրադարձությունների, որոնք արտաքնապես սովորական են թվում, բայց իրականում անհեթեթ ու աբսուրդ են: Ֆիլմը սատիրական ոճով բաց է անում կենսական մի քանի երևույթների այլանդակությունը, մարդկային շատ փոխհարաբերությունների անբնականությունը, որոնք մենք, ցավոք, սովորական ենք ընդունում, ասես այդպես էլ պետք է լիներ:
«Արքայասպանը»  ֆիլմի (1991) գործողությունը տեղի է ունենում երկու ժամանակային կտրվածքում. քսանամյա վաղեմության իրադարձությունների մասին է պատմում հոգեկան հիվանդանոցի հնաբնակը, որը պնդում է, որ «ականատեսն»  է եղել Եկատերինբուրգում 1918թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Նիկոլայ ցարի գնդակահարությանը` կնոջ, աղջիկների ու հիվանդ տղայի հետ:
«Ամերիկացի աղջիկը» ֆիլմը (1995) մի մարդու պատմություն է, որի կինը մեկնել է Ամերիկա և իր հետ տարել աղջկան` առանց նրանից բաժանվելու և անգամ դրա մասին նրան հայտնելու: Մի քանի տարի անց կինոնկարի հերոսը մեկնում է Ամերիկա և գտնում դստերը, որը, չցանկանալով բաժանվել հորից, փախչում է մորից: Ոստիկանությունից փախուստ տվող և սկզբում նույնիսկ միմյանց հետ հաղորդակցվել չկարողացող (աղջիկը միայն անգլերեն գիտի, հայրը` ռուսերեն) հոր և դստեր արկածներն էլ կազմում են ֆիլմի սյուժետային գիծը: Կինոնկարը սենտիմենտալ մելոդրամա է` կատակերգական տարրերով:
«Երազներ» կինոնկարը (1993) կոմեդիայի, ֆանտաստիկայի ու գրոտեսկի խառնուրդ է... Մինչհեղափոխական Ռուսաստանի ու հետխորհրդային Ռուսաստանի միջև խորհրդավոր կապ է ստեղծվում: Երիտասարդ կոմսուհին ու ճաշարանում աշխատող աման լվացողը նույն երազն են տեսնում. նրանք երկուսն էլ հայտնվում են վերացական երկրում. հանդիսատեսն անմիջապես գլխի է ընկնում, որ դա Խորհրդային Միությունն է: Համաշխարհային թունավորողների մասին է Շահնազարովի «Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմությունը» (2001) ֆիլմը: Կինոնկարի հերոսը նույն սեղանի շուրջ է գտնվում մեծ թունավորողների հետ միասին. Ներոն, Կալիգուլա, Մարիա Մեդիչի, պարսկական թագուհի Փարիսադ և Հռոմի պապ Ալեքսանդր VI:
 «Մահ անունով հեծյալը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում, դարասկզբին: Ահաբեկչական «Մարտական կազմակերպության» անդամները արյունալի ահաբեկչական գործողություններ են իրականացնում` վերացնելով պետության բարձրաստիճան պաշտոնյաներին: Կազմակերպությունը մտադիր է սպանել Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչին: Ահաբեկիչները հանցանքի են դիմում տարբեր պատճառներով: Մեկը` վրեժխնդրությունից դրդված, մյուսը` հանուն մերձավորի սիրո, երրորդը` լուսավոր ապագային հավատալով: Սակայն ահաբեկչական գործողությունները ձախողվում են մեկը մյուսի հետևից, ընդ որում` մեռնում են դրանց բոլոր կազմակերպիչները: Մեծ իշխանի սպանությունը կյանքի նպատակ է դառնում «Մարտական կազմակերպության»  ողջ մնացած ղեկավարի համար, որը պատրաստ է ամեն ինչի` միայն թե իրագործի այդ հանցագործությունը: Կարեն Շահնազարովի վերջին` «Անհետացած կայսրությունը» (2008) ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է Մոսկվա, անցյալ հարյուրամյակի 70-ական թվականներ: Սյուժեի կենտրոնում դասական եռանկյունին է` երկու տղա և մեկ աղջիկ: Նրանք սովորում են նույն ինստիտուտում և չեն էլ կասկածում, որ երկիրը, որտեղ ապրում են, շուտով կդադարի գոյություն ունենալ: Սիրային պատմությանը զուգահեռ ֆիլմում զարգանում է մեկ այլ պատմություն: Այն ներկայացնում է մի ողջ սերնդի մեծանալու պատմությունը, սերունդ, որն անցնում է սովորական ներքին ընդդիմությունից պետական կարգ փոխելու ճանապարհը: Կարեն Շահնազարովի գրեթե բոլոր կինոնկարները պարգևների են արժանացել միջազգային կինոփառատոներում:
Կարեն Շահնազարովն, իհարկե, հայ է: Բայց այդ մասին խոսել, նա, ինչպես երևում է, չի սիրում: Բազմաթիվ հարցազրույցներում ինձ չի հաջողվել նրանից իր ազգության հետ կապված որևէ խոսք կորզել: Բայց ահա թե ինչ է պատասխանել «Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը» հարցին: «Հայրենիքն ինձ համար այն լեզուն և այն մշակույթն է, որի մեջ ես գտնվում եմ: Եվ քանի որ ես գտնվում եմ ռուսերեն լեզվի և ռուսական մշակույթի աշխարհում, ապա հայրենիքն ինձ համար Ռուսաստանն է: Ես կարծում եմ, որ ազգությունը անգամ մարդու ցանկությամբ չի որոշվում, այլ լեզվով, որովհետև այն իր կնիքն է թողնում մարդու աշխարհայացքի և արժեհամակարգի վրա: Լեզվի մեջ է կենտրոնացված, թե ինչ է հայրենիքը»: Ամեն ինչ ասված է:


 


 

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am