Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաք և գավառ

Քաղաք և գավառ
Հուլիս 2008, N 4

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԸ

Հայկ Վարշամունի, աշխարհագրագետ, հրապարակախոս

Այսօր հայկական անկախ պետականության գոյության պայմաններում և ազգային ռեսուրսի բաշխման միանգամայն անբնական ժողովրդագրական պատկերի համատեքստում կենսականորեն անհրաժեշտ է հայրենադարձման պետական ռազմավարության մշակումը: Այդ հարցը մշտապես հրատապ է եղել, սակայն, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքում լարվածության նոր մակընթացության խորապատկերի վրա այն դարձյալ նոր իմաստ է ձեռք բերում: Պաշտոնական Երևանի համար անթույլատրելի, նույնիսկ հանցավոր է լինել առանց այդ էլ աղետալի քիչ քանակությամբ մնացյալ ազգային ռեսուրսի փոշիացման կրավորական դիտողի դերում:

Մերձավոր Արևելքի պարբերական լարված կացությունը բնութագրվում է ինքն իր մասին հիշեցնելու ինքնատիպ հաճախականությամբ՝ միանգամայն նմանվելով մակընթացությունների ու տեղատվությունների փուլայնությանը: Մեծ քաղաքականության ընդերքում սաղմնավորվող տարածաշրջանային հակամարտությունները, ի վերջո, յուրաքանչյուր տասը տարին մեկ շատրվանում են մերձավորարևելյան նավթի նման, ու հենց այդ ժամանակաշրջանում մարդկային կյանքն այնտեղ գնահատվում է տխրահռչակ բարելից ցածր: Սակայն մակընթացությունների փուլերը ոչ պակաս ազդեցություն են գործում նաև ազգային կյանքի վրա. յուրաքանչյուր նոր տեղատվություն առաջ է բերում գաղթի հոսքի հերթական ալիք և տանում է իր հետ ուծացման անդունդը:

Ներկայումս տարածաշրջանի հայ բնակչությունը օբյեկտիվ կերպով կանխատրամադրված է գաղթի, և այդ կապակցությամբ կենսականորեն կարևոր է նրանց բաց չթողնելը դեպի անորոշություն, այլ կարողանալ կազմակերպել նրանց վերաբնակեցումը Հայաստանում: Մասնավորապես գյուղական կացութաձևը, որ բնորոշ է Մերձավոր Արևելքում ապրող մեր հայրենակիցների մի մասին, կարող է և պետք է հարմարվի ազատագրված տարածքների նոր հողին: Ընդ որում, վերաբնակեցումը պետք է իրականացվի համայնքներով, այլ ոչ թե առանձին ընտանիքներով: Սրանով մենք կկարողանանք լուծել ոչ միայն ազգային ռեսուրսի պահպանման ռազմավարական խնդիրը, այլև իրացնել Արցախը՝ ժողովրդագրական առումով:

Հարցը պետք է ուսումնասիրվի, ընդ որում կարևոր է, որ մեր հայրենակիցները վերադառնան համայնքներով, ոչ թե առանձին ընտանիքներով, քանի որ արդի պայմաններում, երբ հայկական գյուղերի քաոսային «զարգացումն» արդեն պայմանավորել է գյուղական բուրգը` «կուլակ-միջին-աղքատ», առանձին ընտանիքը պարզապես չի գոյատևի:

Հայաստանի կառավարությունը դատապարտված է հայրենադարձման ռազմավարության մշակմանը, քանզի, հակառակ դեպքում, ազգը կզրկվի իր կարևոր բաղադրիչից: Չպետք է մոռանալ, որ հենց մերձավորարևելյան համայնքներն են բնութագրվում որպես ազգային աշխարհընկալման առավելագույն խտացում, և, ի տարբերություն Սփյուռքի այլ համայնքների, ավելի քիչ են ենթարկվում ներմուծված արժեքների համակարգի ազդեցությանը: Հետևաբար, այդ հատկության փոշիացումն անթույլատրելի է:


***

Այս խնդիրը ճակատագրական ձևով անդրադառնում է նաև տարածաշրջանի հայ բնակչության վրա: Մասնավորապես, եթե 1918 թ. մեր հայրենակիցների թիվը միայն Սիրիայում 142 հազար մարդ էր, ապա ներկայում այդ ցուցանիշը գնահատվում է մոտ 50 հազար :

Ներկայումս սիրիացի հայեր կան միայն մի քանի բնակավայրերում. ամենախոշորներն են Հալեպի (30 հազար մարդ), Դամասկոսի (7000), Կամիշլիի (ամիշլի) (8000) և Քեսաբի (2500) համայնքները:

1940-50 թթ. դատարկվեցին Ազազի, Պապ, Հոմս, Ջարաբլուս /Ճարապլուս/ և հայկական շատ այլ գյուղեր, ուր, հակառակ հանգամանքներին, պահպանվել էր ավանդական ազգային կենցաղը: Ներգաղթողների մի մասը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան (1946-1948 թթ.), սակայն մեր հայրենակիցների մեծ մասը մեկնեց օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ և Կանադա: Դա տոմսակ էր մեկ ուղղությամբ: Վերջնակետը՝ ուծացում: Ներկայումս սիրիացի հայեր կան միայն մի քանի բնակավայրերում. ամենախոշորներն են Հալեպի (30 հազար մարդ), Դամասկոսի (7000), Կամիշլիի (ամիշլի) (8000) և Քեսաբի (2500) համայնքները:

Պաշտոնական Երևանն ի սկզբանե դատապարտված էր իր կառուցվածքում Սփյուռքի գործերով նախարարություն ունենալ, ինչպես նաև մեծ սփյուռք ունեցող երկրներին հատուկ ձուլման կառավարման ապարատ: Մենք պետք է կարողանանք հաշվարկել գաղթի հեռանկարային հոսքի հնարավոր ուղղությունները, որոշել տեղերում հնարավոր ուծացման աստիճանը, համադասել գործընթացը, անընդհատ կապ պահպանել մեր հայրենակիցների հետ և արդյունքում՝ սովորել կանխել հայ բնակչության տարրալուծումը օտար միջավայրում: Այլընտրանք չկա:


***

Հալեպի հայ համայնքը 14-րդ դարից ի վեր կայուն գոյություն է պահպանում. քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվում է 1329 թ. ձեռագիր: Կիլիկյան pագավորության անկումից հետո՝ 1375 թվականին, մոտ 240 հայ ունևոր ընտանիք վերաբնակվեց այս քաղաքում:

Ավելի ուշ, երբ Հալեպը դարձավ միջազգային առևտրի փոխաբեռնման կարևորագույն կետ, մեր հայրենակիցներն սկսեցին էական դեր խաղալ ապրանքափոխանակության գործընթացում: 1620 թ. քաղաքում արդեն բնակվում էր մոտ 20 հազար հայ, ընդ որում՝ նրանց միայն մի փոքր մասն էր վերաբնակված կիլիկյան հայերի ժառանգ. քաղաքի հայ բնակչության մեծ մասը Արցախից, Կարինից, Սեբաստիայից, Ջուղայից և Երևանից էին:

Ավելի ուշ՝ նոր լարվածության տեղատվությունների հետ կապված, Հալեպում հայերի թվաքանակը կտրուկ նվազեց և 1908 թ. երիտթուրքերի հեղափոխության ժամանակ ընդամենը 4000 մարդ էր մնացել: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երիտթուրքերի կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ մեր շատ փախստական-հայրենակիցներ ապաստան գտան հենց այս քաղաքում: Հայ բնակչության հետագա աճը կապված էր 1930-ական թթ. երկրորդ կեսին Ալեքսանդրեթի սանջակը թուրքերի կողմից զավթելու հետ: 1918 թ. Հալեպում ապրում էր 60 000 հայ, 1935 թ.՝ 49 281, 1944 թ.՝ 72 000, 1977 թ.՝ 75 000, 2003 թ.՝ մոտ 50 000:

Ներկայումս քաղաքում բնակվում է 30 000-ից ոչ ավելի հայ: Հայ բնակչությունը շարունակում է հեռանալ. դա պայմանավորված է տարածաշրջանային լարվածության թեժացմամբ, և որպես դրա հետևանք՝ նոր հակամարտություններով: Հալեպում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը մեկնում է Արևմուտք, որտեղ ուծացումն ավելի ինտենսիվ է :

***

Հարյուրամյակների ընթացքում կիլիկյան Քեսաբի հայ բնակչությունը հարկադրված է եղել մի քանի անգամ ավերակներից վերականգնել դատարկված Հայրենիքը և հաստատել այդ հողի վրա ապրելու իր իրավունքը: Լինելով Օսմանյան կայսրության Հալեպի վիլայեթի կազմում՝ Քեսաբը 1909 թ. կիլիկյան ջարդերի ժամանակ ենթարկվել է դաժան փորձությունների. բնակչության մեծ մասը մորթվեց:
 
Հայ բնակչության թիվը 1915 թ. 8000-ից ավելի էր: Հենց այդ ահավոր տարում Ցեղասպանության հետևանքով այն կրճատվեց ևս 5000-ով: Մնացած երիտասարդները՝ 70 հոգի, համալրեցին ֆրանսիական բանակի «Հայկական լեգիոնի» շարքերը և մարտնչեցին Թուրքիայի դեմ: 1920 թ. Քեսաբի հայերի թիվը 2363 էր, իսկ 1923 թ.՝ 3500 :

Դեռևս 20 տարի առաջ մեր հայրենակիցների թիվն այստեղ հասնում էր 5000- ի: 2006 թ. Քեսաբի հայ բնակչության թիվը 2,5 հազար էր:
 

***

Սիրիա-թուրքական սահմանին ընկած հայկական կյանքի այս զարմանալի կղզյակը դեռևս շարունակում է գոյատևել՝ պատմության դաժան մարտահրավերներին հակառակ: 200 հազարանոց քուրդ բնակչությամբ շրջապատված կղզյակը կարծես թե բոլորովին կտրված է արտաքին աշխարհից և հնարավոր է, որ հենց դրանով է կարողացել պահպանել իր նահապետական կացութաձևը:

Իսկապես շատ քիչ վայրեր կան, ուր կարելի է հանդիպել իսկական հայկական նախաստեղծ տեսակի մարդկանց, ովքեր միայն իրենց գոյության փաստով ապահովում են ժամանակների կապը, սերունդների ժառանգորդությունը և ազգի մշակութային ավանդույթները: Ավելին, հենց Կամիշլիի տեղում է գտնվել հնագույն Մծբինը: Հայոց պատմության այս կղզյակի բնակչության յուրօրինակ առաքելությունն անցյալի ու ապագայի միջև կապող օղակ լինելն է: Այս առումով Կամիշլիի հայ բնակչությունը ազգային աննախադեպ պաշար է, որն իրեն համապատասխան մոտեցում է պահանջում:

Չնայած տեղանքի որոշակի մեկուսացվածությանը՝ մեծ քաղաքականության հակասական ալիքները հասնում են նաև պատմական Մծբին. իր հերթին Կամիշլիի բնակչությունը հարկադրված է կամաց-կամաց լքել Հայրենիքը և գնել տոմսակ՝ մեկ ուղղությամբ. դա հրաշքով պահպանված ազգային նահապետական կենցաղի վերջն է: Դեռևս 2003 թ. Կամիշլիի և դրան հարող բնակավայրերի՝ Ամուտայի, Դըրբեսիայի (Տըրպեսիե) և Մոգրայիսի բնակչությունը կազմում էր 12000 մարդ, այսօր այդ ցուցանիշը նվազել է 5000-ով:

Կասկածներ, որ շատ մոտ ապագայում հայկական Կամիշլի-Մծբինը կդադարի գոյություն ունենալուց, ավաղ, կարող են իրականանալ: 8000 նահապետական հայ. սա ոչ միայն բացառիկ ազգագրական արժեք է, այլև շատ ավելին՝ ազգային ակունք, որը մենք իրավունք չունենք կորցնելու: Մեր հայրենակիցները, ովքեր անասելի ջանքերի շնորհիվ կարողացան պահպանել լեզուն, նախնիների սովորույթները և ազգային մշակույթի «ռուդիմենտները», ներկայումս ստիպված են բախելու անխնա ուծացման դարպասները: Կամիշլիի բնակչությունը հայկական «էնդեմիզմի» ինքնատիպ երրորդությունն է, և այդ փաստը հաշվի չառնելը հանցագործություն է:


***

Մեր պարագայում հատկապես, «ճակատ» և «թիկունք» հասկացությունները, նաև հայկական պետականության չափազանց խոցելի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, պայմանական են. հատուկ նշանակություն է ձեռք բերում երկրի բնակչության տեղաբաշխման հարցը:

Տեղաբաշխման հնարավորինս լավագույն սկզբունքը` մշակված պատմական բավական երկար ժամանակահատվածում, տրամագծորեն վերանայվեց սահմանամերձ խորհրդային քաղաքների ամրացման շրջանում, ինչպիսին նաև Երևանն է. ուրբանիզացիան` որպես տեխնոլոգիական խորշակ, խժռեց իր ճանապարհին ժողովրդագրական բնական դասավորությունը, որի հետևանքով համեմատաբար ոչ մեծ Արարատյան դաշտավայրը հայկական ամայացող նախալեռների հաշվին վերածվեց աներևակայելի ու աննախադեպ «մարդկային խտանյութի». վերջին հաշվով հենց գյուղի աղետը պայմանավորեց քաղաքի աղետը :


Ներկայումս անկախ հայկական պետությունը դատապարտված է մշակելու գյուղի հայեցակարգը, որի համաձայն էլ պետք է կարգավորվի հանրապետության շրջանների զարգացումը: Առաջին հերթին անհրաժեշտ է ձերբազատվել այն կարծրացած մտքից, թե գյուղի միակ գործառույթը քաղաքային բնակավայրերը գյուղատնտեսական մթերքներով ապահովելն է: Հայկական գյուղերի կոչումը բավական բազմաբնույթ հարցեր է ենթադրում, որոնցից յուրաքանչյուրն արժանի է հատուկ և խոր ուսումնասիրության :
Կարևոր է ուշադրություն դարձնել նաև խնդրի մի ուրիշ հայեցակետի վրա. հայկական միջավայրում չեն մնացել ազգային արհեստները և տնայնագործական արտադրությունը զարգացնող ավանդական գյուղեր: Ներկայումս միջազգային հանրությունը հակված է Գյուղն ընկալել իբրև համամարդկային արժեք, քանի որ գլոբալացման դարաշրջանը, ի թիվս այլոց, ենթադրում է նաև մարտահրավեր ազգային նկարագրին, որի առանցքը հենց գյուղն է: Նահապետական գյուղի արժեքը մեկնաբանվում է արդեն ոչ այնքան ազգագրական, որքան ազգային հարթության վրա: Այն, ըստ էության, Ակունք է, որից սկիզբ է առնում ազգային կյանքի հունը, իսկ ճյուղաբերանը, ի դեպ, գտնվում է փխրուն ողողատների կուտակումներով հագեցած Արարատյան հարթավայրում :


Գյուղական վայրերի զարգացումն անպայման պետք է հիմնվի գոյություն ունեցող պետական քաղաքականության վրա: Շրջանների տնտեսական մասնագիտացումը, անշուշտ, մշակված է նախընթաց պատմական ժամանակահատվածում և օբյեկտիվորեն պայմանավորված է այս կամ այն վայրի բնակլիմայական, տեղանքային և ուրիշ առանձնահատկություններով: Ակներև է, որ Արարատյան դաշտավայրը կոչված է լինելու այգեգործության, խաղողագործության և բոստանագործության կարևորագույն տարածաշրջանը, ինչպես որ Շիրակի ալպիական մարգագետինները` անասնապահության:

Իհարկե, ԽՍՀՄ օրոք շրջանների նման մասնագիտացումն արդարացվում էր ոչ միայն բնության անհրաժեշտ (բնական) առանձնահատկություններով, այլև պետական մակարդակով: Սակայն ներկայումս փաստորեն նման քաղաքականություն գոյություն չունի. ուշագրավ է, որ անասնապահական ագարակապանության զարգացումը Ամասիայում կամ Աշոցքում թելադրված է ոչ միայն շահեկան բնակլիմայական կամ ժողովրդագրական (չափազանց նոսր բնակչություն) գործոններով, այլև քաղաքական :


Միանգամայն առանձնահատուկ տեղ պետք է հատկացնել գյուղական բնակավայրերի հայ բնակչության վերադարձի և, մասնավորապես, հայրենադարձության կազմակերպմանը: Մերձավոր Արևելքի գյուղական վայրերում ապրող մեր հայրենակիցները ներկայումս զանգվածային արտագաղթի փուլն են ապրում: Տասնամյակներ շարունակ նրանց հաջողվել է պահպանել հայ ընտանիքի ազգային նկարագիրն ու ավանդական դրվածքը, սակայն ներկայումս տվյալ տարածաշրջանում սաստկացող լարվածության պատճառով նրանք ստիպված են լքել իրենց գյուղերը: Ակներև է, որ նրանց մեծ մասը կմեկնի Արևմուտք և ժամանակի ընթացքում կձուլվի: Հայկական պետությունը իրավունք չունի այդպես շռայլորեն շահագործել հրաշքով փրկված ազգային պաշարը և սոսկ անտարբեր հայացքով ուղեկցել հայրենակիցներին դեպի ձուլման աշխարհը: Կենսական անհրաժեշտություն է օրենսդրության ապահովումը, որը խթանի հայության ներհոսքը Հայաստան և այդպիսով` ա) հնարավորություն տա մեր հայրենակիցներին չտարրալուծվելու օտար միջավայրում, բ) կենդանացնի լքված տարածքները, որոնց բնության առանձնահատկությունները, իմիջիայլոց, գերազանցում են մերձավորարևելյան ցուցանիշները:

 

 

 

     

 

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected]tionalidea.am, www.nationalidea.am