Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Հուլիս 2008, N 4

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՓՈԽԿԱՅՍՐՆ» ՈՒ «ՍՐՏԻ ԴԻԿՏԱՏՈՐԸ». ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ԳԵՆԵՐԱԼ, ԿՈՄՍ Մ.Տ. ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ

Սերգեյ Մինասյան, պատմական գիտությունների թեկնածու, կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վարչության ղեկավար

 «Հազիվ էի հասցրել շուրջս նայել, խորհել, սովորել, երբ հանկարծ` շրը՛խկ, գնա կառավարելու արդեն ամբողջ պետությունը: Ես լիազորություն ունեի սեփական հայեցողությամբ բարձրագույն հրամանատարներ արձակել: Ոչ մի ժամիշխան` ո՛չ Մենշիկովը, ո՛չ Արակչեևը, երբեք նման համընդգրկուն իշխանություն չեն ունեցել»:
Ռուս անվանի իրավաբան և գրականագետ Ա.Ֆ. Կոնիի հետ Մ.Տ. Լոռիս-Մելիքովի խոսակցությունից
«Փառք Աստծո, այդ հանցավոր ու հապճեպ քայլը սահմանադրության հետ կապված` չկատարվեց, և այդ ամբողջ ֆանտաստիկ նախագիծը մերժվեց Նախարարների խորհրդում միանգամայն աննշան փոքրամասնության կողմից»:
1881թ. մարտին նոր կայսր Ալեքսանդր III-ի գրախոսականը ներքին գործերի նախարար, կոմս Մ.Տ. Լոռիս-Մելիքովի` 1881թ. հունվարի 28-ին կայսր Ալեքսանդր II-ին ներկայացրած զեկույցի առաջին էջում, «Սահմանադրության» նախագծի վերաբերյալ:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1881թ. մարտի 1-ին Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ը, հավանություն տալով լիբերալ բարեփոխումներ սկսելու նախագծին, որ մշակվել և «բարձրագույն զննման» էին ներկայացվել ներքին գործերի նախարար Մ.Տ. Լոռիս-Մելիքովի կողմից, և դրանց քննարկումը նշանակելով մարտի 4-ին, Նախարարների խորհրդի նիստում, ժամապահների փոխարինումից հետո, մտավ Միխայլովյան պալատ, այնուհետև՝ Ինժեներնայա փողոցով ուղղվեց դեպի Սանկտ Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքը: Սակայն այստեղ նրան սպասում էր դավադիրների` հեղափոխական-նարոդովոլականների խումբը` ռումբերով: Առաջին ռումբի պայթյունի արդյունքում տուժեցին միապետի թիկնապահ խումբը և մի քանի պատահական անցորդներ: Բայց Իգնատի Գրինևիցկու նետած երկրորդ ռումբը ճակատագրական եղավ Ալեքսանդր II-ի համար. արքան մահացու վիրավորվեց: Մահացող ցարին հասցրին Ձմեռային պալատ, և մի քանի ժամ անց նա վախճանվեց:
Այսպես ավարտվեց կայսր Ալեքսանդր II-ի քսանհինգամյա թագավորությունը: Նրա անվան հետ են կապված Ռուսաստանը կերպարանափոխած «Մեծ բարեփոխումները», բայց նա այդպես էլ չհասցրեց իրականացնել պետական կառավարման ողջ համակարգի ոչ պակաս արմատական բարեփոխումները, որոնք հետագայում իրենց հեղինակի անունով հայտնի դարձան «Լոռիս-Մելիքովի Սահմանադրություն»  անվամբ: Սահմադրական այդ բարեփոխումները, ինչպես կարծում են որոշ պատմաբաններ, կարող էին արմատապես փոխել ռուսական պատմության ողջ ընթացքը և անգամ հանգեցնել երկրում սահմանադրական միապետության հաստատմանը:
Բայց, ինչպես հայտնի է, պատմությունը պայմանական եղանակ չի ընդունում, և, հավանաբար, այլևս անիմաստ է դատողություններ անել, թե ինչպես կընթանար Ռուսական կայսրության, գուցե նաև ողջ Եվրոպայի պատմությունը, եթե չլիներ 1881թ. մարտի 1-ի ողբերգությունը: Առավել անիմաստ է դատողություններ անել, թե ինչպես կդասավորվեր այն մարդու ճակատագիրն ու քաղաքական կարիերան, որի ջանքերով էլ պատրաստվել էր սահմանադրական բարեփոխումների այդ նախագիծը, եթե կայսր Ալեքսանդր II-ը ողջ մնար և բարեփոխումներն իրականացվեին: Մարդ, որի մեջ միատեղվում էին խոշոր զորահրամանատարի, կովկասյան պատերազմների հերոսի և ողջ կայսրության մասշտաբով պետական գործչի որակները: Եվ սակայն անկախ այս ամենից` կոմս Մ.Տ. Լոռիս-Մելիքովի կյանքն ու գործունեությունն արժանի են նրան, որ շարունակեն զարմացնել պատմաբաններին և խելացի ու տաղանդավոր մարդու, քաջասիրտ գեներալի ու իմաստուն պետական գործչի գլխապտույտ կարիերայի ապշեցուցիչ օրինակ ծառայեն:

ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ

Միխայիլ /Միքայել/ Տարիելի Լոռիս-Մելիքովը սերում էր Թիֆլիսի հայ ազնվական հայտնի տոհմից: Պահպանված ավադությունների համաձայն` Լոռիս- Մելիքովների տոհմը սկիզբ է առնում 16-րդ դարի հայ ազնվական մի տոհմից, որն իրանա-թուրքական պատերազմների հետևանքով Հայաստանից փախել է Վրաստան և ծառայության անցել Լուարսաբ I-ին վրաց թագավորի մոտ: Հետագայում այն ստացել է Լոռու մարզը` ի տնօրինում, ինչպես նաև մելիքի` այդ տեղանքի պրիստավի ժառանգական պաշտոնը: 1602թ. Մ.Տ. Լոռիս-Մելիքովի նախնիները` Լոռու մելիքներ Նազար և Դայ Քալանթարովները /«քալանթար» բառից, որ պարսկերեն նշանակում է կառավարիչ/ Պարսից շահ Աբասից ֆիրման ստացան, որը հաստատում էր նրանց` Լոռու մարզի սեփականատերեր լինելու ժառանգական իրավունքները: Հետագայում նրանց հետնորդները տեղափոխվեցին Թիֆլիս, որտեղ ազնվականության շարքում ծառայության են նշանակվում Վրաց /Քարթլի-Կախեթի/ արքունիքում` Լոռիս-Մելիքով, այսինքն, «Լոռու մելիքներ» ազգանվամբ: Լոռիս-Մելիքով ազգանունը հայկական «Լոռու մելիք»-ի վրացականացված /հետագայում նաև ռուսացված/ տարբերակն է:
Ապագա զորահրամանատարն ու պետական գործիչը, պատմաբանների շրջանում առավել տարածված վարկածի համաձայն, ծնվել է 1825թ. Տարիել Լոռիս-Մելիքովի` բավական ունևոր հայ ազնվականի ընտանիքում, որն ակտիվ առևտրային գործունեություն էր վարում /ինչպես և Թիֆլիսի այն ժամանակվա հայ շատ ազնվականներ/: Տարիել Լոռիս-Մելիքովի առևտրային գործունեությունը բավական հաջող էր ընթանում, և 1820-30-ական թթ. նա կարողացավ կազմակերպել գերմանական Լայպցիգից Թիֆլիս արդյունաբերական և այլ ապրանքներ մատակարարելու գործը: Հետագայում Լայպցիգում նրանք ունեցան իրենց ընտանեկան առևտրային ներկայացուցչությունը: Տարիել Լոռիս-Մելիքովը կարողացավ իր երեխաների համար լավ կրթություն ստանալու հնարավորություն ապահովել: Պատանի Միխայիլը /նա ավագն էր/ դաստիարակվում էր տանը, իսկ հետագայում նա դարձավ Թիֆլիսում լավագույն` Արզանովների պանսիոնի աշակերտ և հաճախեց հայկական հայտնի Ներսիսյան վարժարան: Դեռ վաղ տարիքից նա ուսման մեջ, հատկապես լեզուներ սովորելու մեջ, հատուկ ընդունակություններ ցուցաբերեց և բացի հայերենից, ռուսերենից ու վրացերենից /որոնց տիրապետում էր կատրելապես/, խոսում էր նաև գերմաներեն, ֆրանսերեն ու թուրքերեն:
12 տարեկան հասակում հայրը նրան ուղարկում է Մոսկվա` ուսումը շարունակելու արևելյան լեզուների Լազարյան նշանավոր ինստիտուտում: 19-րդ դ. հայտնի այս բարձրագույն ուսումնական հաստատությունը բացվել է 1815թ. հայ նշանավոր բարերար Ի.Լ. Լազարևի միջոցներով և համարվում էր Ռուսաստանում ամենախոշոր գիտակրթական կենտրոնը, որը զբաղվում էր արևելյան երկրների ուսումնասիրությամբ, դիվանագիտական կադրերի և պետական պաշտոնյաների պատրաստմամբ` աշխատելու համար Ռուսական կայսրության արևելյան և հարավային ծայրամասերում: Սովորաբար Լազարյան ինստիտուտի ուսանողների զգալի մասը Ռուսաստանի և Կովկասի հայ համայնքներից դուրս եկած երիտասարդներ էին. ռուսական կայսրությունը ևս շահագրգռված էր դրանով, քանի որ դրանում էր տեսնում կայսրությանը միացված Կովկասի տարածքում բնակվող ժողովուրդների էլիտաների` ռուսական քաղաքական ու հասարակական կյանքին աստիճանական սերտաճման գրավականը: Բավական է ասել, որ այդ ուսումնական հաստատության կուրատորն ու պատվավոր հոգաբարձուն էր նույն ինքը` ամենազոր Ա.Խ. Բենկենդորֆը՝ կայսերական գրասենյակի երրորդ բաժանմունքի պետն ու ժանդարմների կորպուսի շեֆը:
Ի դեպ, Ա.Խ. Բենկենդորֆի հովանավորության շնորհիվ էլ Միխայիլ Լոռիս-Մելիքովը, որին հեռացրել էին ինստիտուտից մանր խուլիգանության համար /նա սոսնձել էր Լազարյան ինստիտուտի իր չսիրած դասատուներից մեկի աթոռը, ինչի համար էլ հեռացվել էր/, շուտով կարողացավ ընդունվել Սանկտ Պետերբուրգի գվարդիական պոդպորուչիկների և հեծելազորի յունկերների նորաբաց դպրոց, որտեղ սովորում էին երիտասարդ սպաներ` հետագայում ռուսական բանակի գվարդիական գնդերում ծառայելու համար: Մի քանի տարի առաջ, ի դեպ, այս զինվորական դպրոցն էր ավարտել Մ.Յու. Լերմոնտովը: Այն բավական հեղինակավոր հաստատություն էր համարվում: Այսպես, ճակատագրի բերումով, հեծելազորի ապագա գեներալն ու Ռուսաստանի պետական գործիչն իր համար միանգամայն անսպասելիորեն ոտք դրեց զինվորական ճանապարհին, որը հետագայում նրա համար կդառնա այն ասպարեզը, որտեղ չի կարողանա լիարժեք դրսևորել իր կարողություններն ու անձնական հատկանիշները: Դպրոցում Լոռիս-Մելիքովը լավ էր սովորում և բավական ընդունակ ուսանողի համբավ ուներ: Այդ տարիներին էլ կայսերական ապագա զորահրամանատարը ծանոթացավ Ռուսաստանի պատմության մեջ հայտնի մշակութային շատ գործիչների ու արվեստագետների հետ, ինչպես, օրինակ, ապագա մեծ բանաստեղծ Ն.Ա. Նեկրասովը, որի հետ նա ծանոթացել է 1841թ. և նրա հետ միասին ապրում էին նույն բնակարանում, որ վարձել էին իշխան Նառիշկինի հետ միասին: Ինչպես կարծում են որոշ պատմաբաններ և Լոռիս-Մելիքովի կենսագիրները, հավանաբար այդ տարիներին և հատկապես Նեկրասովի ազդեցությամբ նրա մեջ ծնվում է հատուկ սեր պոեզիայի և գրականության նկատմամբ, ինչն այնքան էլ բնորոշ չէ ռուսական բանակի` խստաշունչ Կովկասում ծառայող զորապետերի համար:
1843թ. օգոստոսի 2-ին, 18 տարեկանում, լեյբ-գվարդիայի երիտասարդ կոռնետ Մ.Տ. Լոռիս-Մելիքովը, ավարտելով զինվորական ուսումը, նշանակում ստացավ Գրոդնոյի հուսարական գնդում, որտեղ ծառայեց 4 տարի: Սակայն հայրենիքից հեռու ծառայությունն այնքան էլ չէր հրապուրում երիտասարդ սպային, բացի այդ, Կովկասում, գործող բանակում կարիերայի մեջ առաջ գնալն ավելի արագ կլիներ: Արդյունքում` 1847թ., արդեն պորուչիկի աստիճանով, Լոռիս-Մելիքովը տեղափոխվում է ռուսական բանակի գործող զորամաս` Կովկասյան կորպուս: Այստեղ` Կովկասում էլ, հարազատ վայրերին էլ մոտ ու ծանոթ միջավայրում, թուրքերի ու կովկասյան լեռնցիների դեմ բազմաթիվ մարտերում /նրա ծառայացուցակում նշված է, որ Կովկասում 32-ամյա ծառայության ընթացքում նա մասնակցել է 180 ճակատամարտերի ու ընդհարումների/ Լոռիս-Մելիքովին վիճակված էր ոսկե տառերով մտնել ռուսական կայսերական բանակի տարեգրության մեջ:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ. ՊՈՐՈՒՉԻԿԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ԳԵՆԵՐԱԼ

1847թ. հուլիսի 24-ին Լոռիս-Մելիքովը նշանակվում է Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար Մ.Ս. Վորոնցովին կից հատուկ հանձնարարությունների սպա: Այդ ծանր ժամանակաշրջանում ցարական զորքերը ծանր մարտեր էին մղում Հյուսիսային Կովկասի լեռնցիների դեմ: Ռուսական բանակի համար հատկապես բարդ իրավիճակ էր ստեղծվել Հյուսիսային Կովկասի արևելյան մասում` Չեչնիայում և Դաղստանում, որտեղ նրանք ծանր կորուստներ էին կրում Իմամ Շամիլի գլխավորած լեռնցիներից: Հյուսիսային Կովկասում զինվորական ծառայության առաջին ամիսներին` 1847թ. նոյեմբերից մինչև 1848թ. փետրվար, Լոռիս-Մելիքովը գտնվում էր գեներալ-մայոր Նեստերովի Չեչենական ջոկատում: Լեռնցիների դեմ մարտնչող կայսերական բանակի զորամասերում ծառայության առաջին իսկ օրերից Լոռիս-Մելիքովը ցուցաբերել է սպային անհրաժեշտ բոլոր լավագույն հատկանիշները, այդ թվում և՝ անձնական քաջություն, սառնասրտություն, հակառակորդի լեզվի և բարքերի իմացություն, ծանր պահերին մարդկանց ղեկավարելու ունակություն, զորապետի տաղանդ:
1848թ. գարնանը Լոռիս-Մելիքովը տեղափոխվում է Դաղստան, ամբողջ Հյուսիսային Կովկասում նշանավոր գեներալ Մովսես Զաքարի Արղութինսկի-Դոլգորուկովի Սամուրյան ջոկատ: Մ.Զ. Արղութինսկի-Դոլգորուկովը սերում է հին և նշանավոր հայկական ազնվական տոհմից, Հայոց կաթողիկոս Հովսեփ Արղութինսկի-Դոլգորուկիի ազգական թոռն է, բնիկ թիֆլիսցի, առաջինը հայ զորավարներից, որ հետագայում ստացել է ռուսական կայսերական բանակի գեներալ-համհարզի կոչում, համարվել է ամենատաղանդավոր գեներալներից մեկը Հյուսիսային Կովկասում, և միակը, որ 1840-ական թթ. լինելով Դաղստանում ռուսական զորքերի ջոկատներից մեկի հրամանատարը` ոչ մի լուրջ պարտություն չի կրել Շամիլից: Իր անվանի հայրենակցի ղեկավարության տակ մարտնչելիս էլ աչքի ընկավ Լոռիս-Մելիքովը` ամրացված Գերգեբիլ աուլի գրավման մարտերում, Չոխ և Սալթի աուլների վրա Արղութինսկու ձեռնարկած ռազմարշավներում և Շամիլի լեռնցիների ջոկատների դեմ այլ մարտերում ու բախումներում, ինչի համար ժամկետից շուտ ստացել է շտաբս-ռոտմիստրի աստիճան և պարգևատրվել իր առաջին մարտական` «Արիության համար» 4-րդ աստիճանի Սբ. Աննայի շքանշանով: Միևնույն ժամանակ, գլխավոր հրամանատար Վորոնցովին կից ծառայելիս նույնպես, հատուկ հանձնարարություններով, Լոռիս-Մելիքովը մասնակցել է մարտերի և ընդհարումների Հյուսիսային Կովկասի արևելյան մասում կռվող ռուսական զորքերի այլ ջոկատների կազմում` կատարելով նաև Կովկասյան կորպուսի հրամանատարի հատուկ առաջանդրանքները: 1853թ. արդեն ռոտմիստր Լոռիս-Մելիքովը լայնորեն հայտնի էր ամբողջ Կովկասում` որպես ամենահեռանկարային սպաներից մեկը: Նա բազմիցս արժանացել է Կովկասյան կորպուսի հրամանատարի և ջոկատների հրամանատարների խրախուսանքին: Լոռիս-Մելիքովը մասնակցում էր ոչ միայն մարտերին. հրամանատարությունը նրան էր հանձնարարում հատուկ առաջադրանքների կատարումը, ինչն առանձնահատուկ որակներ և վստահություն էր պահանջում: Օրինակ՝ լեռնցիների հայտնի պարագլուխ Հաջի Մուրատի հարցաքննությունը, որի հետ Լոռիս-Մելիքովը հասցրել էր հանդիպել դեռևս 1851թ. ձմռան մարտերում, Մեծ Չեչնիայում: Հաջի Մուրատը, որ Շամիլի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով անցել էր ռուսների կողմը, առաջին անգամ հարցաքննվեց Կովկասյան կորպուսի հրամանատարի հատուկ հանձնարարությունների գծով սպա Լոռիս-Մելիքովի կողմից, քանի որ ռուսական հրամանատարությունն այդ փաստին հատուկ նշանակություն էր տալիս: Հետագայում Հաջի Մուրատի հարցաքննության` Մ.Տ. Լոռիս-Մելիքովի կատարած գրառումները /որ նա հրապարակեց 1881թ. «Русская страна» ամսագրի 30-րդ հատորում` «Գրառումներ Հաջի Մուրատի մասին» վերնագրով/ Լ.Ն. Տոլստոյի նշանավոր վեպի հիմքն են դառնում, որը նվիրված է Հյուսիսային Կովկասի լեռնցիների առաջնորդին: Այդ ժամանակ ռոտմիստր Միխայիլ Տարիելի Լոռիս-Մելիքովն արդեն լայնորեն հայտնի էր ամբողջ Կովկասում, և գլխավոր հրամանատար Մ.Ս. Վորոնցովը Ռուսաստանի ռազմական նախարար Ա.Ի. Չեռնիշովին գրած նամակում նրան բնութագրում էր որպես «արժանավոր ու շատ խելացի սպա»:
1853-1856թթ. Ղրիմի պատերազմում Լոռիս-Մելիքովը կրկին բազմիցս աչքի ընկավ այս անգամ արդեն թուրքերի դեմ մղվող մարտերում: Մասնավորապես, 1854թ. հունվարից, արդեն որպես գնդապետ, նա գլխավորում էր «որսորդների» հատուկ, թռուցիկ հեծյալ ջոկատը /նախապես դրա կազմում ընդգրկված էր մոտ 300 մարդ, հիմնականում հայեր, ինչպես նաև քրդեր, վրացիներ և կովկասյան թաթարներ/, որը կատարում էր հրամանատարության հատուկ առաքելությունները: Լոռիս-Մելիքովի «որսորդները»հետախուզություն էին անցկացնում, իսկ ռուսական զորքերի կողմից Կարսի ամրոցի պաշարումից հետո ասպատակություններ էին իրականացնում հաղորդակցությունների և թուրքերի գումակների վրա թշնամու խոր թիկունքում: Անձամբ Լոռիս-Մելիքովին ենթարկվող այդ ջոկատն այնքան մեծ համբավ ձեռք բերեց, որ նոր գլխավոր հրամանատար /1854թ. վերջից/, գեներալ-համհարզ Ն.Ն. Մուրավյովն այսպես էր գրում ռուսական Կովկասյան բանակի այդ «օտարերկրյա լեգեոնի» /Մուրավյովի պատկերավոր արտահայտությամբ/ մասին. «... Կազմված էր ամեն տեսակ աստիճանի ու կացության մարդկանց խառնամբոխից, մեծ մասամբ հայերից, ինչպես թուրքահպատակ, այնպես էլ մերոնցից: Նրանց մեջ կային և՛ վրացիներ, և՛ մեր մուսուլմանական ծայրագավառների բնակիչներ, թուրքական հույներ և նույնիսկ մի ռուս... նրանք փոխարինում էին կազակներին հեռավոր հեծյալ պարեկների և որոնումների համար, հանդգնորեն հետամուտ էին ամեն տեսակ նպատակի: Դեպի հեռավոր վայրեր կարևոր թղթերն արագ տեղ հասցնելու համար չկային նրանցից ավելի հուսալի սուրհանդակներ, որոնք առաջ էին սլանում կտրիճաբար և պատվի ինչ-որ զգացողությամբ ու միշտ կատարում էին հավատարմորեն»: Ղրիմի պատերազմում Լոռիս-Մելիքովն աչքի ընկավ ոչ միայն ճակատամարտերում: Ղեկավարելով իր «որսորդներին»` նա նաև հետախուզական գործունեություն էր վարում /այդ թվում և գործակալական/ թշնամու թիկունքում, ինչպես Կարսում, այնպես էլ Էրզրումում, Վանում և այլուր: Նա նաև կապեր էր պահպանում թուրքական քրդերի հետ, որոնց միջից մոտ 1300 մարդ հետագայում մտան ռուսական ծառայության մեջ: Լոռիս-Մելիքովի «որսորդների» ջոկատի դերը Կարսի պաշարման ժամանակ բավական կարևոր էր, քանի որ նրանք գրեթե ամեն օր գիշերային դարանակալումներ էին իրականացնում, խլում էին թշնամու հաղորդագրություններն ու գումակները, այսինքն, փաստորեն, ամբողջովին տերուտնօրինություն էին անում թշնամու թիկունքում:
Կարսի գրավումից հետո Լոռիս-Մելիքովը նշանակվեց Կարսի փաշայության պետ և դրանով իսկ հնարավորություն ստացավ գործի դնել ոչ միայն զինվորականի իր ունակությունն ու արիությունը, այլև վարչարարական տաղանդը: Լոռիս-Մելիքովը մեծ արդյունքների հասավ Կարսի կառավարման գործում, ընդ որում` կառավարչի նրա ունակություններն ու, միաժամանակ, արդարամիտ վերաբերմունքը տեղի բնակչության նկատմամբ գնահատվում էր ոչ միայն ռուսական իշխանությունների, այլև անգամ թուրքերի կողմից: 1856թ. հուլիսին Փարիզի հաշտության պայմանագրի կնքումից ու Կարսի ամրոցը Թուրքիային վերադարձնելուց հետո սուլթանը Լոռիս-Մելիքովին պարգևատրեց Մեջլիսի 2-րդ աստիճանի շքանշանով:
1858-ից Լոռիս-Մելիքովը կատարում էր Աբխազիայի զորապետի և Քութայիսի գեներալ-նահանգապետության գծային գումարտակների տեսուչի պարտականությունները: Կովկասի նոր փոխարքա Ա.Ի. Բարյատինսկու հրամանով Լոռիս-Մելիքովն Աբխազիայում իրականացրեց Ծեբելդա ամրոցի շինարարությունը /որը նախատեսված էր Աբխազիայում ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը խորացնելու համար/, էապես սահմանափակեց տարածաշրջանում զենքի մաքսանենգությունը, դարավոր ստրկավաճառությունը և այլն:
1860թ. մայիսին նա դարձավ Հարավային Դաղստանի զորապետը և միևնույն ժամանակ` Դերբենտի քաղաքապետը, իսկ 1863թ. մարտի 28-ին Լոռիս-Մելիքովը դարձավ Տերի մարզի /որ ներառում էր ներկայիս Հյուսիսային Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի տարածքները, այսինքն, Հյուսիսային Կովկասի այն բոլոր մարզերը, որոնցում 19-րդ դարի գրեթե ողջ ընթացքում ընթանում էին առավել համառ մարտեր ռուսական զորքերի և լեռնցիների միջև, և որոնք բոլորովին վերջերս այդքան դժվարությամբ հնազանդվել էին/ պետը: Այս պաշտոնում Լոռիս-Մելիքովը լիովին բացահայտեց իրեն որպես լավագույն վարչարար: Այդ շրջանում Լոռիս-Մելիքովը, մասնավորապես, աչքի ընկավ որպես Հյուսիսային Կովկասի լեռնցիների Թուրքիա զանգվածային գաղթի /որն ակտիվորեն սկսվեց 1865թ./ գլխավոր կազմակերպիչներից մեկը, մյուս կողմից` նա վերացրեց լեռնական գյուղացիների ճորտատիրական կախվածությունը տեղական ֆեոդալներից, տարածաշրջանում ներդրեց ռուսական հարկային, վարչական ու դատական համակարգը, կառուցեց Հյուսիսային Կովկասում առաջին երկաթուղին` Ռոստովից մինչև Վլադիկավկազ, ինչպես նաև իր միջոցներով Վլադիկավկազում բացեց առաջին ուսումնական հաստատությունը /Արհեստավորական ուսումնարանը/:
Այս պաշտոնին գտնվելով` Լոռիս-Մելիքովն առաջին անգամ ի ցույց դրեց վարչական ու պետական գործչի աշխատանքի իրեն հատուկ ոճը` համատեղելով հասարակության ներկայացուցիչների և տեղի քաղաքական էլիտաների /տվյալ դեպքում` հյուսիսկովկասյան լեռնցիների ավագանիների/ աշխատանքը բարեփոխումների ու վարչարարության մեջ` մի կողմից, և պետական շահերի անվերապահ պաշտպանությունն ու դիմադրության ամեն տեսակ փորձերի ճնշումը /օրինակ, չերքեզներին և չեչեններին Թուրքիա արտաքսելիս նա գլխավոր կազմակերպիչներից մեկն էր/` մյուս կողմից:
1857թ. մայիսին Լոռիս-Մելիքովը սեփական խնդրանքով /հիվանդության և բուժման համար արտասահման մեկնելու անհրաժեշտության պատճառով/ ազատվեց Տերի մարզի ղեկավարի պաշտոնից և ի գնահատումն Ռուսական կայսրության առջև ունեցած զինվորական ու պետական վաստակի` 1875թ. օգոստոսի 30-ին արժանացավ հեծելազորի գեներալի կոչման: Սակայն 1876թ. վերջին Լոռիս-Մելիքովի արձակուրդն արտասահմանում ընդհատվեց, քանի որ կայսեր հրամանով նա նշանակվել էր Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար` Թուրքիայի հետ սպասվող նոր պատերազմի նախաշեմին: Թեև այս նշանակումը Լոռիս-Մելիքովի /և ոչ միայն նրա/ համար անսպասելի էր, այնուամենայնիվ, ինչպես ցույց տվեցին 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ճակատում ընթացող մարտերը, նշանակումը ճիշտ էր կատարված: Ռուս գեներալներից ոչ ոք այնքան լավ չգիտեր Կովկասյան ճակատի ապագա ռազմական գործողությունների թատերաբեմը, որքան Լոռիս-Մելիքովը: Ընդունված է այն կարծիքը, որ Լոռիս-Մելիքովի նշանակումը տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական նախարար, հայտնի լիբերալ բարեփոխիչ Դ.Ա. Միլյուտինի նախաձեռնությամբ, որը լավ գիտեր և գնահատում էր Լոռիս-Մելիքովին դեռևս Կովկասում ծառայած ժամանակներից:
Պատերազմի հենց սկզբից Լոռիս-Մելիքովը ղեկավարում էր Կովկասյան ճակատի մարտական գործողությունները: Նա փայլուն դրսևորեց իրեն որպես հմուտ, վճռական և միևնույն ժամանակ ենթակաների նկատմամբ հոգատար հրամանատար` իր համար փառք ապահովելով ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ Եվրոպայում: 1877թ. մայիսի 5 /17/-ին Արդահան ամրոցի գրավման համար նա պարգևատրվեց Սբ. Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով, իսկ 1877թ. հոկտեմբերի 1-3 /13-15/-ին Ալաջայի բարձունքներում Մուխթար փաշայի բանակի ջախջախման համար` Սբ. Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշանով: Նոյեմբերի 6 /18/-ին Կարսի գրավման համար Լոռիս-Մելիքովը ստացավ նոր` Սբ. Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում նրա ունեցած հաջողությունների գագաթնակետը դարձավ Էրզրումի կապիտուլյացիան 1878թ. փետրվարի 11 /23-ին/:
1878թ. ապրիլի 16-ին, մարտական գործողությունների ավարտին, Լոռիս-Մելիքովին շնորհվեց կոմսի տիտղոս, և նա միակն էր ռուսական կայսերական բանակի գեներալներից, որ հատկապես այդ պատերազմում ունեցած վաստակի համար արժանացավ կոմսի տիտղոսի:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ «ԿԱՐԳԱԴՐԻՉԸ»

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը մինչ այդ ոչ այնքան հայտնի կովկասյան գեներալին ռուս հասարակության շրջանում դարձրեց հանրահայտ, իսկ Լոռիս-Մելիքովի ունեցած վարչարարական փորձը նոր հորիզոններ բացեց նրա առջև` աշխատելու կայսրության մասշտաբով պետական գործչի պաշտոնում: Դրանով հանդերձ, նարոդնիկական շարժման ակտիվացման ֆոնին Ռուսաստանում կար նոր քաղաքական գործող անձի անհրաժեշտություն, որն ընդունակ կլիներ իր հեղինակությամբ ղեկավարել ոչ միայն  ճնշիչ-ուժային միջոցներով /որոնք հաճախ հանգեցնում են հակառակ արդյունքների հեղափոխականների դեմ պայքարում/, այլև ազդել հանրային կարծիքի վրա` երկրի իրավիճակի բարելավմանն ուղղված ավելի ազատական ու գրավիչ քայլերով:
1879թ. հունվարին Մ.Տ. Լոռիս-Մելիքովը նշանակվում է Աստրախանի, Սամարայի, Սարատովի նահանգների ժամանակավոր նահանգապետ` Նիժնոյե Պովոլժիեում բռնկված ժանտախտի համաճարակի դեմ պայքարելու համար անսահմանափակ լիազորություններով: Վճռական վարչական միջոցների ու հմուտ ղեկավարման շնորհիվ Լոռիս-Մելիքովը կարողացավ արագ կանգնեցնել համաճարակի տարածումը: Կարճ ժամանակում հմուտ զորավարի նրա համբավին ավելացավ նաև ազնիվ ու արդյունավետ աշխատող վարչարարի հեղինակությունը: Արդյունքում` 1879թ. ապրիլին Ալեքսանդր II-ը նրան նշանակեց Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ` արտակարգ լիազորություններով, կապված հեղափոխական ահաբեկչության ալիքի բարձրացման հետ /քանի որ նախկին գեներալ-նահանգապետը` Դ.Ն. Կրոպոտկինը, սպանվել էր նարոդովոլական Գ.Դ. Գոլդենբերգի կողմից 1879թ. փետրվարի 9 /21/-ին/: Իրեն վստահված նահանգում Լոռիս-Մելիքովը սկսեց իրականացնել ավելի ճկուն քաղաքականություն հեղափոխականների դեմ` փորձելով կրճատել ճնշումների մասշտաբները և իր կողմը գրավելով ազատական հանրության կոնստրուկտիվ տրամադրված հատվածին: Իր քաղաքական գործողությունների այս չափավորության շնորհիվ Լոռիս-Մելիքովը միակը դարձավ ժամանակավոր գեներալ-նահանգապետերի մեջ, որ «տեղ չգտավ» նարոդովոլականների «դատապարտված է մահվան» ցուցակում: Լոռիս-Մելիքովի գործունեությունը Խարկովի գեներալ-նահանգապետի պաշտոնում աննկատ չմնաց նաև իշխանությունների կողմից...
1880թ. փետրվարի 12 /24/-ին Ձմեռային պալատում տեղի ունեցած պայթյունից հետո Ալեքսանդր II-ը, ռազմական նախարար Դ.Ա. Միլյուտինի խորհրդով, Լոռիս-Մելիքովին նշանակում է «Պետական դավադրության դեմ պայքարի գլխավոր կարգադրիչ հանձնաժողովի» գլխավոր պետ: Սպասվում էր, որ նա կգլխավորի հեղափոխականների դեմ անհաշտ ու դաժան պայքարը, սակայն Լոռիս-Մելիքովը սկսեց գործել այլ մեթոդներով` դրանով իսկ հաստատելով խիստ, բայց ազատական ու կոնստրուկտիվ քաղաքական գործչի իր համբավը: Նա հատուկ կոչով դիմեց Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որով խոստանում էր անզիջում պայքարել հեղափոխական տրամադրությունների դեմ` միևնույն ժամանակ հայտարարելով, որ պետության ներսում կարգուկանոնի հաստատման գլխավոր ուժ համարում է հանրության աջակցությունը: Լոռիս-Մելիքովի այս քաղաքականությունը, «գլխավոր կարգադրիչի» պաշտոնում կատարած առաջին իսկ քայլերից, արժանանալով ծայրահեղ հետադիմական շրջանակների քննադատությանը, ստացավ «սրտի դիկտատուրա» անվանումը, իսկ նրան կոչեցին «թավշյա դիկտատոր»:
Լոռիս-Մելիքովի նշանակումն այս պաշտոնում արդյունք էր նարոդովոլականների դեմ նախկին, բավական կոշտ ուժային-վարչարարական մեթոդների անարդյունավետության: Նարոդովոլականներին ձերբակալում էին, ոմանց մահապատժի էին ենթարկում, բայց մահափորձերը ցարի դեմ մշտապես շարունակվում էին, իսկ հանրային կարծիքի մեջ «հասարակական կարգի համար մարտնչողների» հեղինակությունը շատ բարձր էր, ինչի օրինակ հանդիսացավ Վերա Զասուլիչի արդարացումը: Նշանակումից հետո Լոռիս-Մելիքովն անմիջապես մեղմացրեց նարոդովոլականների նկատմամբ վերաբերմունքը բոլոր առումներով: Մյուս կողմից` հեղափոխական-նարոդնիկների որոշակի հատվածը «թավշյա դիկտատորի» այս գործողություններում հատուկ վտանգ էր տեսնում` համարելով, որ Լոռիս-Մելիքովի մեղմ գործողությունները /ժամանակակիցները դրանք անվանել են «աղվեսի պոչի»  քաղաքանություն/ սպառնալիք են պարունակում նարոդնիկական շարժման համար, քանի որ կարող են խարխլել սոցիալական հիմքն ու զրկել հեղափոխականներին հասարակական աջակցությունից: Արդյունքում` 1880թ. մարտի սկզբին Լոռիս-Մելիքովի դեմ անհաջող մահափորձ կատարվեց Մոլդեցկու կողմից, որը, չնայած Լոռիս-Մելիքովին գրող Գարշինի անձնական միջնորդությանը, ներման չարժանացավ կայսր Ալեքսանդր II-ի կողմից, և մեկ օրվա ընթացքում զինվորական դատարանի վճռով մահապատժի ենթարկվեց:
Շուտով Լոռիս-Մելիքովը զբաղեցրեց Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նրա ձեռքերում կենտրոնացավ իրոք անսահմանափակ իշխանություն ողջ կայսրությունում: Հասարակությանը հանդարտեցնելու համար նա հասավ լուսավորության նախարար, հետադիմական Դ.Ա. Տոլստոյի պաշտոնազրկմանը /1880թ. ապրիլ/, նրա առաջարկությամբ 1880թ. օգոստոսի 6 /18/-ին փակվեցին Երրորդ բաժանմունքը և Գերագույն կարգադրիչ հանձնաժողովը: ՆԳՆ գործունեության ոլորտը Լոռիս-Մելիքովի ղեկավարությամբ զգալիորեն ընդլայնվեց` ի հաշիվ կառույցում Պետական ոստիկանության վարչության ստեղծման, որին անցան Երրորդ բաժանմունքի իրավասության տակ գտնվող քաղաքական հետախուզման գործառույթները: Լոռիս-Մելիքովը միաժամանակ դարձավ Ժանդարմների առաջին կորպուսի պետը: Վերոնշյալ խորշելի հաստատությունների փակումը միաժամանակ ուղեկցվում էր, այսպիսով, ոստիկանական ինստիտուտների կենտրոնացմամբ:
Նոր պաշտոնում աշխատելիս Լոռիս-Մելիքովը թուլացրեց գրաքննությունը, պատրաստեց գյուղացիների տնտեսական վիճակը բարելավող միջոցառումներ. նվազեցրեց փրկագնման վճարումները, օժանդակում էր գյուղացիներին հող գնելու գործում, թեթևացրեց վերաբնակեցման պայմանները, հասցրեց վերացնել աղի հարկը: 1880թ. երկրորդ կեսին ահաբեկչության ալիքը նվազեց, ինչն ավելի ամրապնդեց Մ.Տ. Լոռիս-Մելիքովի դիրքերը, և նա արժանացավ ռուսական պետական բարձրագույն պարգևին` Սբ. Անդրեյ Պերվոզվաննու շքանշանին: Լոռիս-Մելիքովին հաջողվեց որոշ չափով հասնել իշխանությունների հանդեպ հասարակության թերահավատորեն ու անգամ քննադատաբար տրամադրված մասի և երկրի մտավորականության աջակցությանը: Օրինակ, ռուս մեծ գրող Մ.Ե. Սալտիկով-Շչեդրինը, «թավշյա դիկտատորի» հետ հանդիպումից ու զրույցից հետո, իր ոչ պակաս նշանավոր գործընկերոջը` Ա.Ն. Օստրովսկուն ուղղված նամակում գրում էր. «Գրքննության հարցն այժմ թեթևացել է, և ընդհանուր առմամբ էլ վիճակը թեթևացել է: Լոռիս-Մելիքովը ցույց տվեց իսկական աստվածաշնչյան օձի իմաստություն. պատկերացրեք, նրա մասին ոչինչ չի լսվում, և մենք սկսում ենք անգամ մեզ անվտանգության մեջ զգալ: Այն դեպքում, երբ անցած տարի առանց սարսափի չէիր կարող մտածել գիշերվա վրա հասնելու մասին»:
Լոռիս-Մելիքովը որոշել էր իր նախագծերը հանձնել հատուկ հանձնաժողովի դիտարկմանը, որի կազմում պետք է ընդգրկվեին, բացի պաշտոնյաներից, նահանգային զեմստվոներից և որոշ քաղաքային դումաներից ընտրվածները: Այդ պլանը, որ ներառում էր նաև օրենսդրական և կազմակերպական կարևոր փոփոխություններ, հետագայում հայտնի դարձավ «Լոռիս-Մելիքովի Սահմանադրություն» անվամբ: Թեև պետք է ընդունել, որ Լոռիս-Մելիքովի նախագիծն, այնուամենայնիվ, իսկական սահմանադրություն չէր, քանի որ կարևորագույն հարցերի քննարկման գործընթացին հասարակական գործիչների մասնակցությունը թույլատրվում էր միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Այնուամենայնիվ, շատ պատմաբանների կարծիքով` Ալեքսանդր II-ի կողմից այդ «սահմանադրության» ընդունումը, շատ հեղափոխականների հետո արված խոստովանությամբ, կարող էր կանխել կայսեր դեմ մահափորձն ու մարտի 1 /13/-ի աղետը: Մոլոդեցկուց հետո, որը մահափորձ էր կատարել Լոռիս-Մելիքովի դեմ նրա նշանակումից անմիջապես հետո և որն անհապաղ կախաղան էր բարձրացվել, «թավշյա դիկտատորն» ավելի քան կես տարի ոչ մեկին մահապատժի չենթարկեց, իսկ 1880թ. փետրվարից մինչև 1881թ. մարտի 1-ը ցարի դեմ մահափորձ չձեռնակվեց:
Լոռիս-Մելիքովի համար գլխավորը Ռուսաստանի հասարակական կարգի լիբերալացումն էր, ինչին միանգամից չէ, որ համաձայնություն տվեց Ալեքսանդր II-ը: Արմատական ազատական բարեփոխումների գաղափարը լիովին համապատասխանում էր Լոռիս-Մելիքովի բնավորությանն ու քաղաքական հայացքներին: Նա հայտնի է իր «Ուժը ուժի մեջ չէ, ուժը սիրո մեջ է» աֆորիզմով, որն իր վարչական ու քաղաքական ողջ գործունեության ընթացքում մշտապես փորձել է իրականության մեջ կիրառել այն: 1881թ. հունվարի 28-ին /փետրվարի 9-ին/ Լոռիս-Մելիքովն Ալեքսանդր II-ին ներկայացրեց 1880թ. ապրիլյան իր ծրագրի իրականացման պլանը` առաջարկելով ստեղծել նախատեսված բարեփոխումների պատրաստման ժամանակավոր հանձնաժողովներ /ֆինանսական և վարչական/: Դա փաստորեն նշանակում էր ներկայացուցչական սկզբունքների ներդրում Ռուսական կայսրության կառավարման համակարգում և սահմանադրության մի ինչ-որ նախատիպ էր հանդիսանում: Ալեքսանդր II-ը հավանություն տվեց պլանին և դրա քննարկումը նշանակեց մարտի 4-ին: Այն խիստ գաղտնի էր պահվում, հասարակությանը հայտնի չէր, և մարտի 1-ին կայսր Ալեքսանդր II-ի սպանությունը ճակատագրական եղավ Լոռիս-Մելիքովի բարեփոխումների ազատական նախագծի և, ընդհանրապես, բարձրագույն պետական պաշտոնում նրա կարիերայի համար:
Սպանված ցարի հաջորդի` նոր կայսր Ալեքսանդր III-ի օրոք կառավարող շրջանակներում տիրապետող էին պահպանողականները` Սբ. Սինոդի օբեր-պրոկուրոր Կ.Պ. Պոբեդոնոսցևի գլխավորությամբ: Ապրիլի 29-ին /մայիսի 11-ին/ Ալեքսանդր III-ը Մանիֆեստ հրապարակեց, որը հռչակում էր ինքնակալության անսասանությունը, ինչը նշանակում էր հրաժարում ցանկացած քաղաքական վերափոխումից, և արդյունքում` 1881թ. մայիսի 4 /16/-ին Մ.Տ. Լոռիս-Մելիքովը հրաժարական տվեց: Հրաժարականից հետո նա հիմնականում ապրում էր արտասահմանում, Ֆրանսիայում /Նիսում/ և Գերմանիայում /Վիսբադենում/: Երբեմն գալիս էր Սանկտ Պետերբուրգ` ձևականորեն մասնակցելու Պետական խորհրդի նիստերին: Լիբերալ պետական գործչի համար, ինչպես Լոռիս-Մելիքովն էր, արդեն անհնար էր աշխատել Ռուսական կայսրությունում հաղթանակած պահպանողական ռեակցիայի ժամանակաշրջանում...

ՎԵՐՋԱԲԱՆ

Թբիլիսիում, համարյա Քռի ափին, հին Թիֆլիսի առավել հայտնի պատմական նրբանցքներից մեկում է գտնվում գլխավոր հայկական եկեղեցին` Սուրբ Գևորգը: Այս եկեղեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի աթոռանիստն է: Սուրբ Գևորգը վիրահայոց գլխավոր հոգևոր կենտրոնը չէ միայն. եկեղեցին նշանավոր է նաև նրանով, որ նրա փոքրիկ գավիթը հայոց պատմության ու մշակույթի` ծագումով թիֆլիսցի մի շարք ականավոր ներակայացուցիչների վերջին հանգրվանն է: Օրինակ, այնտեղ է գտնվում մեծն Սայաթ-Նովայի շիրիմը, այստեղ է, որ նա, ավանդության համաձայն, զոհվել է Պարսից շահ Աղա Մոհամեդ խանի 1795թ. Թիֆլիսի արշավանքի ժամանակ:
Սայաթ-Նովայի շիրիմից քիչ հեռու, ոչ մեծ ծառերի ստվերում են գտնվում 19-րդ դարի ռուսական բանակի հայ ականավոր գեներալներ Լազարևի և Շելկովնիկովի շիրիմները: Եվ բոլորովին առանձնացված այն տապանաքարն է, որի տակ հանգչում է հեծելազորի գեներալ, կոմս Միխայիլ Տարիելի Լոռիս-Մելիքովի աճյունը: Մարդ, որը մտել է ոչ միայն Հայաստանի և ողջ Կովկասի պատմության մեջ, այլև որի անունը ոսկե տառերով արձանագրվել է Ռուսաստանի զինվորական ու քաղաքական տարեգրությունում: Նրա ապշեցնող կենսագրությունը, զորավարի գլխապտույտ ու վաստակաշատ, իսկ հետագայում` իր ժամանակի մեծագույն պետական գործչի կարիերան մինչ օրս զարմացնում է պատմաբաններին ու ամբողջ Ռուսական կայսրության մասշտաբով քաղաքական կարիերայի բարձունքներին հասած այդ զարմանալի հայի կենսագիրներին:
Թիֆլիսում ծնված, մայրաքաղաքում կրթություն ստացած, Կովկասում ու թուրքերի դեմ երկու պատերազմներում փայլուն ծառայություն ունեցած, կայսրության պետական ծառայության մեջ բարձունքների հասած, «Սահմանադրության» հեղինակ, սահմանադրության, որ կարող էր ստեղծել Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմքերը և, հնարավոր է, փոխել նրա պատմության ընթացքը, լիբերալ քաղաքական գործիչ և ականավոր զինվորական, վարչական գործիչ Մ.Տ. Լոռիս-Մելիքովը երկարատև հիվանդությունից հետո, 1888թ. դեկտեմբերի 12 /24/-ին, վախճանվեց Նիսում և թաղվեց իր հարազատ Թիֆլիսում:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am