Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Հուլիս 2008, N 4

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎ. ՆԿՎԴ-ի ԳԵՆԵՐԱԼ ԵՎ «ԱԶԳԻ ՀԱՅՐ»

Արիս Ղազինյան, «Ազգային Գաղափար» ամսագրի գլխավոր խմբագիր

 

Պատմական` կարծես անհամատեղելի շերտերից հյուսված, նա իրավ մարմնավորում է Դարը և արտացոլում այդ նույն դարի ծնունդ հանդիսացող «ադրբեջանցի» ժողովրդագրական հասկացության էությունը: Գրեթե հարյուրամյա մի ս‎‎ֆինքս, որն անկախ ժամանակի բոլոր վայրիվերումներից, հսկում և, ինչպես իրեն էր թվում, դեռ շատ երկար է հսկելու սեփական ձեռքերով կերտած իշխանության բուրգը: Ինչպես դարաշրջանի յուրաքանչյուր հուշարձան, նա ապահովագրված է Նորին գերազանցություն Պատմությամբ: Ի դեպ, փորձառու չեկիստ Հեյդար Ալիևը միշտ էլ աչքի է ընկել ճիշտ ժամանակին ապահովագրվելու իր յուրահատուկ կարողությամբ, ինչի շնորհիվ էլ նրան հաջողվում էր ամեն անգամ չոր դուրս գալ հեղափոոխական փոփոխությունների ամենակուլ հորձանուտներից: Ավելին, հենց նրան էր վիճակված լինելու դառնալ «ադրբեջանական ազգի հայրը»:

     Մինչդեռ, այս գործչի կյանքի «արտաքին թաղանթը»  հիշեցնում է շարքային, թող և չափազանց հաջողակ, խորհրդային մի ‎ֆունկցիոների աշխատանքային ուղի: Այն բնավ չի հաղորդում իր հերոսի փոքրիշատե խոշոր արժանիքները՝ նրանց օղակելով աղքատիկ կենսագրական (ավելի հաճախ` ինքնակենսագրական) տողերով:

    Այս հոդվածում մենք կփորձենք ներկայացնել Ալիևի կյանքի և գործունեության որոշ դրվագներ, որոնք սովորաբար դուրս չեն բերվում նրա կենսագրության «արտաքին թաղանթից»:  Շատ դրվագներ հաճախ և միտումնավոր անտեսվում են, քանզի հակառակ դեպքում ծնվում են հարցեր (և ոչ պատասխաններ), ինչն իր հերթին անթույլատրելի է պաշտոնական պատմագրության տեսանկյունից: Վերջիվերջո, Հեյդար Բաբան հանդիսանում է ադրբեջանական պատմության ոչ թե Հարցը, այլ հենց Պատասխանը:


***

     Հեյդար Ալիրզա օղլի Ալիևը ծնվել է 1923թ. մայիսի 10-ին Նախիջևանում (խորհրդային և թաթարական պաշտոնական տերմինաբանությանբ` Նախիչևանում): Այդ ժամանակահատվածում պատմական Հայաստանի այս երկրամասն արդեն երկու տարի է, ինչ գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի իրավասության ներքո, ընդ որում՝ Բաքվի իշխանությունները կիրառում էին բավականին կոշտ միջոցներ հայ բնակչության հանդեպ: Միայն մեկ օրինակ. նույնիսկ Անդրկովկասյան դաշնության գոյության պայմաններում, Ադրբեջանի ղեկավարությունը թույլ չտվեց 1926-ին նախիջևանցի հայ փախստականներին վերադառնալ հարազատ օջախներ՝ «հիմնավորելով»  նման մոտեցումը «Նախիչևանի ԻԽՍՀ սակավահողությամբ»: Արդյունքում՝ Հայաստանի այս մասը հետզհետե թյուրքացվեց, և այստեղ հայ բնակչություն գրեթե չմնաց:

     Մինչդեռ, Ալիևի պաշտոնական կենսագրությունը «հաղորդում է» այլ տեղեկատվություն. «Ադրբեջանցիների համար Զանգեզուրի գավառը հատուկ թեմա է և առանձնահատուկ ցավ: Զանգեզուրում գործող հայ հրոսակախմբերը մշտապես խոշտանգում և հետապնդում էին խաղաղ ադրբեջանցիներին, որոնցից շատերը ստիպված եղան լքել հարազատ օջախները և հանգրվանել Նախիչևանում: Մի անգամ Հալինջա գետի ափին, բարձր լեռան մոտ, ադրբեջանցիները բախվեցին հայ գրոհայինների կողմից կիրառվող գյուղական բնակչության ոչնչացման նոր մարտավարությանը, երբ մի ավազակային հարձակմանը հաջորդում էր մյուսը. հրոսակախմբերն անընդհատ վերադառնում էին: Այդ օրվա լուսաբացը Ջոմարդլու գյուղում դիմավորվեց ողբերգության ցոլքերով: Թվում էր՝ ոչինչ չի կարող խախտել դրախտային այս տեղանքի անդորրը, սակայն արևածագին հնչեցված կրակոցները, որ արձագանքվում էին լեռներում, այնքան վախ ու սարսափ հաղորդեցին կանանց ու երեխաներին, որ որոշումը մեկն էր` փախչել: Այսպես սկսվեց ադրբեջանցիների էջքը Զանգեզուրից Նախիչևան»:

    Հեյդար Ալիևի պաշտոնական կենսագրության էջերը, որոնք այսօր ձեռք են բերել առասպելական երանգներ, անքակտելիորեն կապված են նաև «նկարագրվող» իրադարձությունների հետ. «Այդ ժամանակահատվածի Նախիչևանը եզակի քաղաք էր: Մի կողմից դա հնագույն տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվող և լուսավորչական հարուստ ավանդույթներ ունեցող տիպիկ ադրբեջանական քաղաք էր: Մյուս կողմից` նրա բնակիչները հիշում էին այն ժամանակների մասին, երբ Նախիչևանը Իլդեզիդ աթաբեկների մայրաքաղաքն էր, և հպարտանում էին իրենց պատմական անցյալով՝ սերմանելով երեխաների մեջ քաղաքացիության այն ավանդույթները, առանց որոնց հնարավոր չէ նաև կերտել պետականություն»:

    «Հեյդարի հայտնության» պաշտոնական տեսակետից զատ գոյություն ունի նաև «ներքաղաքական վարկած», որը թեև չի արժանացել Բաքվի իշխանությունների հավանությանը, սակայն որպես ինքնաբավ տեղեկություն շրջանառվել է հենց թաթարների կողմից. Ըստ այդ վարկածի` «ժողովրդի ապագա հայրը»  լույս աշխարհ է եկել ոչ թե 1923-ին Նախիջևանում, այլ 1919-ին, Սիսիանի շրջանի Ջոմարդլու գյուղում: Համենայնդեպս, դեռ 20 տարի առաջ հարակից գյուղերի (Աշոտավան, Հացավան, Թասիկ) առանձին տարեցներ պնդում էին, որ անձամբ ճանաչում են փոքրիկ Հեյդարին, «որը տեղափոխվեց Նախիչևան մեկ նպատակով` ստանալ կրթություն»: Այնտեղ նա ապրում էր իր ազգակից Նաջա‎ֆլիի տանը: Դժվար է ասել, թե որքանով է համապատասխանում այս պատումը իրականությանը, սակայն ուշագրավ է հետևյալ փաստը. բնավ չհանդիսանալով Խորհրդային Հայաստանի խոշոր բնակավայրերից՝  Ջոմարդլուն, այնուամենայնիվ, միակ ադրբեջանաբնակ գյուղն էր, որը «հասուն սոցիալիզմի» տարիներին կապված էր Բաքվի հետ ավտոբուսային անմիջական հաղորդակցմամբ:

     Վերադառնանք սակայն Հեյդար Ալիևի կենսագրության պաշտոնական վարկածին. «Երկար, տանջալից, սարսափելի մի ուղի` ճանապարհազուրկ մի տեղանքով ստիպված էին կտրել մարդիկ՝ ապավինելով սոսկ իրենց բնազդին: Ալիևի ավագ եղբայրների հիշողությունից այլևս չեն ջնջվի Զանգեզուրի արահետները, այն ծառերն ու թփուտները, որոնք խնայում էին նրանց կիզիչ արևից և ապահովում սնունդով: Այդ ամենից հետո Նախիչևանն, իրավ, ներկայանում էր որպես ավետյաց երկիր. Հենց այստեղ՝ Նախիչևանում, ջոմարդլեցի Ալիրզան և Իեզետ խանումը` Սիսիան գյուղից նորեն վերագտան իրենց հույսը: Եվ հենց այստեղ Նաջա‎ֆլիի տանը 1923թ. մայիսի 10-ին լույս աշխարհ եկավ Հեյդար Ալիևը:
   Հայրը` Ալիրզան, աշխատում էր երկաթգծի վրա, մայրը զբաղված էր ութ երեխաների դաստիարակությամբ: Զավակները լիովին արդարացրին ծնողների հույսերը, և յուրաքանչյուր ոք, ով այսօր փորձում է հասկանալ «Ալիևների ֆենոմենը»  իրոք ապշում է, թե ինչպես նախկին կայսրության հեռավոր, ծայրամասային գավառում կարող էր ծնվել մի ընտանիք, որի անդամները ներկայացնելու էին հսկայական մի երկիր միջազգային ամենահեղինակավոր գիտական և քաղաքական համաժողովներում:


***

        Ընտանիքում Հեյդարը չորրորդ երեխան էր: Ավագ եղբայրը` Հասանը, որը 1950թ.-ից Ադրբեջանի ԿԿ քարտուղարի պաշտոնում համակարգում էր հանրապետության գյուղատնտեսությունը, հաճախ էր հիշում «բարձրադիր Սիսիանի լեռնանքցը, որը ստպված էին հաղթահարել իր ընտանիքի անդամները, որպեսզի, անցնելով Բիչլախը և Շահբուզը, Արևելյան Արփաչայի հովտով հասնեին Նախիչևան»: Մյուս եղբայրը` Հուսեյնը, հաճախ էր խոստովանում, որ «դեռ մանկուց երազում էր պատկերել Հայրենիքի` Զանգեզուրի չնաշխարհիկ տեսարանները»: Նա իրոք դարձավ նկարիչ:

      Հարկ է նշել, որ նկարելը խորթ չէր նաև Հեյդարին. «Ես իսկապես պատանեկան տարիներին շատ էի սիրում նկարել, - խոստովանում էր նա 2001-ին: – Քանի որ Բաքվում այն ժամանակ գոյություն չուներ կերպարվեստի ինստիտուտ, ես դպրոցն ավարտելուն պես ընտրեցի նկարչությանը մոտ մասնագիտություն` ճարտարապետություն: Նախիչևանում, որտեղ ծնվել եմ, շատ են միջնադարյան հուշարձաններ: Հենց նրանց պատկերելով էլ մտերմացա ճարտարապետությանը: Կարծում եմ՝ ուսումն ավարտելու դեպքում կարող էի դառնալ բավականին լավ ճարտարապետ: Սակայն դարձա, հուսով եմ, ոչ վատ քաղաքական գործիչ»:

       Ըստ պաշտոնական վարկածի՝ Հեյդար Ալիևը ստիպված եղավ թողնել ուսումը Հայրենական մեծ պատերազմի պատճառով: Ոչ, նա իհարկե չի ծառայել բանակում, և չի մարտնչել ռազմի դաշտերում: 1941թ. նա փոխում է մասնագիտությունը, սակայն ոչ բնակության վայրը. մնում է Նախիջևանում՝ աշխատանքի անցնելով Ներքին գործերի համակարգում (ՆԿՎԴ): Երեք տարի անց Ալիևը կրում էր արդեն ոչ միայն երիտասարդ չեկիստի կաշվե բաճկոն, այլև կրտսեր սպայի ուսադիրներ:

      Մինչդեռ, անհայտ են մնում Ալիևի` բանակից խուսափելու իրական հանգամանքները: Չար լեզուները շշնջում էին, որ Հեյդարին փրկել է ամենազոր հորեղբայր Հասանը, ով 1930-40թթ. բավականին բարձր կուսակցական դիրքեր էր զբաղեցնում Բաքվում: Հասանը հետաքրքիր համբավ ուներ. ասում էին, որ «նա առաջին քուրդն է, ով ստացել է գիտության թեկնածուի աստիճան»: Հատկանշական է, որ այս հարցը թարմ հնչեղություն ստացավ Միխայիլ Գորբաչովի օրոք. ավելին, հրապարակում եղավ 1991թ. ադրբեջանական «Սելսկայա գազետա» թերթում: Մասնավորապես նշվում էր, որ 1941-ին Ալիևը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել զինկոմիսարիատ` տուբերկուլյոզով հիվանդ լինելու մասին: Առավել ուշագրավն այն է, որ ԽՍՀՄ կուսակցական Հսկողության կոմիտեի պետ Բորիս Պուգոյի` Բաքու և Նախիջևան գործուղած հանձնաժողովի անդամներին այդպես էլ չհաջողվեց հայթայթել որևէ փաստաթուղթ, անգամ Ալիևի ծննդյան մասին. Նախիջևանի մզկիթի գրանցումների դավթարում նույնպես բացակայում էին Հեյդարի` լույս աշխարհ գալու փաստը հաստատող տեղեկությունները:

      Ինչևէ. 1944-ից նա դառնում է իսկական չեկիստ, իսկ հինգ տարի անց նշանակվում հակահետախուզությամբ զբաղվող 5-րդ բաժնի պետ: Հենց այդ ժամանակներից էլ նա ներգրավվում է «հայկական թեմայի» մեջ, քանզի Ադրբեջանի տարածքում «հայկականությունը» (տես` դաշնակցություն, պահանջատիրություն, հայրենադարձություն) արդեն իսկ և վաղուց «հակահետախուզության գործառույթ էր»: Հենց նման միջավայրում էլ «կոփվել է»  ՊԱԿ-ի ապագա գեներալ Հեյդար Ալիևը: Այսօր անգամ զավեշտական է թվում, սակայն իրականում հենց «հայկական խնդիրները»  կոչված էին դառնալ նրա «կյանքի ուղեգիրը»:
     
 
***

        «Հայկական հարցերը» իրոք հետապնդել են Ալիևին ծննդյան պահից: Նրա աշխարհ գալու օրերին՝ 1923-ին, Ղարաբաղից, որպիսին այն կար Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի հայտնի որոշումն ընդունելուց հետո անգամ, առանձնացվեցին և վարչական ինքնորոշում ստացան հետագայի Լաչինի, Քելբաջարի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Շահումյանի, Խանլարի, Գետաբեկի շրջանները և այլ տարածքներ, և միայն մնացած տարածքի հիման վրա ստեղծվեց», այսպես կոչված, Ինքնավար Մարզը Լեռնային Ղարաբաղի /ԻՄԼՂ/: Նշված տարածքների մի մասը զոհաբերվեց «Կարմիր Քրդստան» վիրտուալ կազմավորմանը:

      1921-1923թթ. «անկեղծորեն սոցիալիստական Ադրբեջանին» ոչ միանշանակորեն «խորհրդայնացված» հայկական հողերի հանձնման գործողությունները շարունակվեցին նաև հետագայում: 1927թ. Գետաբեկի շրջանի տասը հայաբնակ գյուղեր հանձնվեցին Շամխորի շրջանին: Հատկանշական է, որ այդ ամենը կատարվում էր Անդկովկասյան դաշնության գոյության շրջանում, երբ թվում էր, թե նման վերաբաժանումների առիթ պետք է որ չլիներ: Այնուամենայնիվ, հենց Անդկովկասյան դաշնության նախագահության 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց մինչ այդ ՀԽՍՀ-ին /որի տարածքը կազմում էր 34.539 քառ. կմ/ պատկանող 4.739 քառ. կմ: Հետաքրքիր է, որ 1926-1928թթ. հրատարակված քարտեզներում (ԽՍՀՄ ատլաս, Մոսկվա 1926թ., Սովետական մեծ հանրագիտարան, Մոսկվա, 1926թ., Կարմիր բանակի ռազմատեխնիկական գերատեսչության քարտեզներ, Դոնի Ռոստով, 1926-1928թթ./Հայկական ԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը /Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը/ ընդհանուր և բավական երկար սահման ունեն հենց Քելբաջարի ու Լաչինի շրջաններում:

     1930-ական թթ. սկզբին Հադրութի շրջանի Օղեր գյուղը հանձնվեց Ֆիզուլիի շրջանին` ծիծաղաշարժ պատճառաբանությամբ. «հեռու է շրջկենտրոնից»:  Մարտունու շրջանի Գյուլաբլի գյուղը հանձնվեց Աղդամի շրջանին այն պատճառով, որ «տեղի բնակչությունը լավ չի հասկանում հայերենը»: Ասկերանի շրջանի Լեսնոյե բնակավայրն առանձնացվեց Մեշալի անվան տակ: Նման գործողություններ շատ հաճախ էին իրականացվում, և տարօրինակն այն էր, որ վերաբաժանումը կատարվում էր պատմական Ղարաբաղի տարածքում: Ընդ որում` ԼՂԻՄ շուրջ նոր ստեղծված շրջաններն ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնում էր ոչ այլ կերպ, քան Արցախի հետ որևէ կապ չունեցող: Ուշադրությունը հրավիրում ենք նման հարցերի վրա, քանի որ հենց նման միջավայրում էր ընթանում Հեյդար Ալիևի «մասնագիտական աճը»:

     Մասնավորապես, նրան հայտնի էր 1945թ. հայ կոմունիստների առաջնորդ Գրիգոր Հարությունովի կողմից Իոսի‎ֆ Ստալինին հասցեագրված նամակի բովանդակությունը. «…Հայաստանի ԿԿ-ն և Սովնարկոմը Սովետական կառավարության և ՀԿ(բ)Կ Կենտկոմի քննարկման է դնում Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի մարզի Հայկական ՍՍՀ կազմի մեջ մցնելու հարցը` որպես Ղարաբաղի երկրամաս»: «Հայկական խնդիրները»  իրոք կոչված էին դառնալ Հեյդար Ալիևի «կյանքի ուղեգիրը»: 
       
    
***


     Դեռ ավելին. 1967թ. Հեյդար Ալիևի նշանակումը ադրբեջանական ՊԱԿ-ի նախագ‎ահի պաշտոնում որոշակիորեն պայմանավորված էր հենց «հայկական գործոնի» առկայությամբ: Այս մասին հարկ է խոսել առավել մանրամասն:

      1966թ. սեպտեմբերի 30-ին Խորհրդային Հայաստանի ղեկավար Անտոն Քոչինյանը նոր մի նամակ է հասցեագրում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին և Կոմունիստական կուսակցության ԿԿ-ին, որում ասված էր. «Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանին վերջ կդնի անբնական այն վիճակին, երբ Սովետական Միության պայմաններում փոքրաթիվ հայ ժողովուրդն ունի երկու պետականություն` միութենական հանրապետություն և հարևանությամբ գտնվող ինքնավար մարզ, սակայն միութենական մեկ այլ հանրապետության կազմում: ...Վերոշարադրյալի հիման վրա. խիստ կարևոր ենք գտնում քննարկել Նախիչևանի և Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին վերադարձնելու հարցը»:

    Ի պատասխան նամակի՝ խորհրդային ղեկավարությունը որոշում է կայացնում հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու մասին` ԼՂԻՄ հարցը քննարկելու և լուծելու նպատակով: Նաև խորհուրդ է տրվում պաշտոնական գրություն հասցեագրել ադրբեջանական իշխանություններին. 1967թ. Անտոն Քոչինյանը դիմում է արդեն Ադրբեջանի ԽՍՀ առաջին քարտուղար Ախունդովին: Նշենք, որ այդ ժամանակ Հեյդար Ալիևը հանրապետական ՊԱԿ-ի նախագահի տեղակալն էր:

    Ախունդովն ընդունում է Քոչինյանի առաջարկությունը՝ հանդիպելու վերաբերյալ, սակայն խնդրում է քիչ հետաձգել այն՝ պատճառաբանելով իր խնդրանքը «Ռումինիայում արձակուրդն անցկացնելու» ցանկությամբ: Հայտնի է, որ Կոնստանցայում նա հանդիպում է Ռումինիայում Թուրքիայի դեսպանի հետ, որը, ամենայն հավանականությամբ, Ախունդովին է հաղորդում իր պետության դիրքորոշումը, ինչպես նաև անհրաժեշտ ցուցումներ տալիս: Հետաքրքիր է, որ հենց այդ ժամանակ, բոլորի համար անսպասելի, ի հայտ է գալիս Թաթարական ԻԽՍՀ առաջին քարտուղարը, որն իր հերթին դիմում է խորհրդային ղեկավարությանը` Թաթարա-բաշկիրական միութենական հանրապետություն կազմավորելու խնդրանքով: ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Յուրի Անդրոպովի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման ցանկությունը, նա պատասխանում է, որ «թյուրքական ժողովուրդները ցանկանում են միավորվել այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի հայերը Հայաստանի հետ»: 

     Այս երկու իրադարձությունների միջև ուղղակի կապը կասկած հարուցել չի կարող: Ակնհայտ է, որ Կրեմլը չէր կարող իրեն հանդուրժել խորհրդային վարչատարածքային բաժանման նոր վերաձևում, քանի որ այն հղի էր շղթայական ռեակցիայի հեռանկարով: Հենց սրա վրա էլ կառուցված էր «թյուրքական մարտավարությունը»: Այնուամենայնիվ, 1967թ. նամակը, որպես «հայկական հանդգնության» օրինակ, առիթ հանդիսացավ իրավիճակի կտրուկ սրման, և ուղեկցվեց մարդասպանությամբ: Այն կարծես Սումգայիթի նախատիպն էր: Մի քանի ամիս կենտրոնական իշխանությունները բավականին լարված վիճակում էին գտնվում: Հենց 1967թ. Ադրբեջան է գործուղվում ՊԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներից Է. Նորմանը, որն այնուհետ հաղորդում է Անդրոպովին` հանրապետությունում կադրային լուրջ փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ավելին, Նորմանն առաջարկում է ադրբեջանական ՊԱԿ-ի նոր ղեկավարին նշանակել Մոսկվայից: Գործին սակայն միջամտում է Անդրոպովի առաջին տեղակալ Ս. Ցվիգունը, որը ժամանակին ղեկավարում էր Ադրբեջանի պետանվտանգության համակարգը: Հենց նրա նախաձեռնությամբ 1967թ. Հեյդար Ալիևը նշանակվում է ադրբեջանական ՊԱԿ-ի ղեկավարի պաշտոնում:

     ***


1978թ. սեպտեմբերին ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևն այցելեց Բաքու: Դա նրա արդեն երկրորդ (1970թ. հետո) այցն էր Ապշերոնյան ծովածոց: (Իր մահից մեկ ամիս առաջ՝ 1982թ. նոյեմբերին, նա հասցրեց վերջին անգամ հյուրընկալվել Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում): Խորհրդային մամուլն ընդգծված նրբանկատությամբ է ներկայացրել Լեոնիդ Բրեժնևին հուզիչ դիմավորելու և ճանապարհելու տեսարանները, իսկ առանձին դեպքերում՝ նրա գրչից չեն վրիպել բաժակաճառերը, պաշտոնական ձոներգությունը, որոնք, ըստ էության, իրական «Լուկուլլոսյան խրախճանք»  էին՝ կազմակերպված ադրբեջանական կոմունիստների լիդեր Հեյդար Ալիևի կողմից: Մի քանի լակոնիզմ սեղանային խառնաշփոթ արտահայտություններից (ինչպես, օրինակ, «լայն քայլում է Ադրբեջանը») հետագայում «դեդալյան թևեր» ձեռք բերեցին և վերջնականորեն ձևավորված աֆորիզմներ դարձան:
Բայց բաժակաճառերի թվում կար մեկը, որը դուրս էր ընդհանուր կոնտեսքստից՝ նման փոխադարձ գովասանքի, որի մասին հետագայում ոչ ոք չհիշեց: Կամ գուցե չէր ցանկանում հիշել: Գլխավոր քարտուղարը սկսեց իր ճառը «սակայն…» բառով: Հետո ամեն ինչ սովորական էր: «Սակայն անվիճելի է, ձեռքբերումների հետ մեկտեղ դուք պետք է հիշեք, որ հադիսանում եք ինտերնացիոնալ Բաքվի ավանդույթի իրավահաջորդը և պետք է անեք ամեն ինչ՝ ի նպաստ ժողովուրդների եղբայրության հետագա ամրապնդման»:
Այս բաժակաճառն ընկալվում է պատմական հետևյալ համատեքստում: 1977թ. նոյեմբերի 23-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նիստի քննարկման առարկա էր հանդիսացել հետևյալ նամակը. «Պատմական մի շարք հանգամանքների բերումով տասնամյակներ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել է Ադրբեջանին: Ընդ որում՝ հաշվի չէին առնված մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական նպատակահարմարությունը: Անցան տասնամյակներ, և Լեռնային Ղարաբաղի մասին հարցը շարունակում է շրջանառվել, անհանգստության և անբարյացակամության պահեր հրահրել հարևան երկու ժողովուրդների միջև, որոնք կապված են դարավոր բարեկամությամբ: Անհրաժեշտ է միացնել Լեռնային Ղարաբաղը («Արցախ» - հայերեն) Հայկական ԽՍՀ-ին: Այդ դեպքում ամեն ինչ իր օրինական տեղը կընկնի» (նամակներ Հայկ. ԽՍՀ-ից, Վրաց. ԽՍՀ-ից, Նախ. ԻԽՍՀ-ից, ԼՂԻՄ-ից):
Ակնհայտ է, որ նման բովանդակությամբ նամակը՝ առավել ևս հասցեագրված այսօրինակ բարձր գերատեսչությանը, չէր կարող ծնվել առանց հայկական իշխանությունների հավանության: Դրա համար հիմքեր կային. 1978թ. Խորհրդային Հայաստանը պետք է նշեր պատմական հայրենիքի արևելյան հատվածի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150 ամյակը և, բնականաբար, որոշակի հույսեր էր փայփայում այս հոբելյանի և առավել ևս, Խորհրդային պետության ղեկավարի՝ երևանյան այցի առթիվ: Սակայն այդ հանդիսություններին Լեոնիդ Բրեժնևն այդպես էլ չմասնակցեց: Մեկ ամիս առաջ՝ 1978թ. սեպտեմբերին, գլխավոր քարտուղարին իր մոտ հրավիրեց նույն Հեյդար Ալիևը: Չար լեզուներն ասում էին, որ Ադրբեջանի ղեկավարը շռայլորեն ադամանդներ և ոսկեղեն է նվիրաբերում իր վերադասին:
«Լուկուլլոսյան խրախճանքները», բաժակաճառերը, պաշտոնական ձոներգությունը, այս ամենը 1878թ. սեպտեմբերին էր: Հավանաբար հենց այն ժամանակ Լեոնիդ Բրեժնևը խոսք տվեց այլևս երբեք չխոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Իսկ Երևան՝ տոնական հանդիսություններին մասնակցելու, նա գործուղեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար (?!) Կ. Ուստինովին:
Հեյդար Ալիևը նույնպես մասնակցում էր երևանյան տոնակատարություններին: Նա չէր թաքցնում իր բավարարվածությունը շաբաթներ առաջ գլխավոր քարտուղարի հետ անցկացված հանդիպումից և ոգևորված բաժակաճառեր էր ասում մաքուր հայերենով: Այն ժամանակ, հավանաբար, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ ընդամենը 10 տարի անց խորհրդային ազգային քաղաքականության ընդերքում տեղակայված դանդաղ գործողության ականը, որի անունն է Լեռնային Ղարաբաղ, մի նոր, անհավանական ուժով կպայթի:


***

     Այս հոդվածում մենք հիմնական ուշադրությունը դարձնում ենք Հեյդար Ալիևի կենսագրության «հայկական կտրվածքի» վրա: Իրոք, տարբեր տարիներին զբաղեցնելով չափազանց բարձր պաշտոններ՝ նա երբեք չի դադարել զբաղվել «հայկական խնդիրներով»: Առավել «արդյունավետ» Ալիևը գործել է 1969թ. Ադրբեջանական ԽՍՀ առաջին քարտուղար նշանակվելուց հետո: Ներկայացնենք միայն մի քանի օրինակ: Հատկանշական է, որ դեռևս 1987թ., Ղարաբաղյան շարժման նոր փուլից մեկ տարի առաջ, Չարդախլու գյուղում /Հյուսիսային Արցախ/ լարված իրավիճակ ստեղծվեց` կապված այդ հայտնի հայկական գյուղի հանդերի մի մասը հարևան ադրբեջանական գյուղերին հանձնելու Բաքվի որոշման հետ:

     Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող Արծվաշեն անկլավը ժամանակին հայկական սահմանամերձ գյուղերից մեկն էր: Այնուհետ Արծվաշենի հողահանդակները «հանկարծ» տրվեցին ադրբեջանցիների օգտագործմանը, ինչի արդյունքում էլ գյուղը վերածվեց հայկական հանրապետության մի կղզյակի Ադրբեջանի կազմում: 1970-80-ական թթ. քարտեզներին այն արդեն որպես անկլավ է նշվում: Այդ նույն ժամանակ հօգուտ Նախիջևանի ԻԽՍՀ-ի կտրվեց նաև Հայաստանի Արարատի շրջանի Քյարքի գյուղը, որն իր «ադրբեջանական կարգավիճակն» ամրագրեց հետագա տարիների քարտեզներին:

      Ակնհայտ է, որ քննարկելով այսօր ՀՀ-ն և ԼՂՀ-ն կապող Քելբաջարի և Լաչինի հարցը` անհրաժեշտ է հատկապես նշել նաև այն փաստը, որ դրանք ուժով են խլվել Հայկական ԽՍՀ-ից: ՀՀ դիրքորոշումը ԼՂՀ անկլավային գոյության անհնարինության վերաբերյալ, ի թիվս այլ, ոչ պակաս կարևոր փաստարկների, պետք է հենվի նաև այս փաստի վրա, որի մասին փաստական տեղեկատվություն կա: Մասնավորապես, պաշտոնական Բաքվի հրաժարումը խորհրդային ժառանգությունից ենթադրում է, ի թիվս այլոց, ՀՀ-ին վերադարձնել 506 քառ. կմ տարածք, որ «սեփականաշնորհվել»  էին Հեյդար Ալիևի օրոք:

        1960թ. վերջին ադրբեջանական Քյամարլու գյուղի բնակիչները /Ղազախի շրջան/ յուրացրել էին 700 հա անտառներ և հայկական Դովեխ գյուղի /Նոյեմբերյանի շրջան/ վարելահողերը: Ընդ որում` այդ հողերի վրա էր գտնվում հայկական միջնադարյան գերեզմանատունը: 1970-ական թթ. Հայկական ԽՍՀ-ն Նոյեմբերյանի Կոթի գյուղի շրջանում էլի 700 հա տարածք կորցրեց` հօգուտ ադրբեջանական Թաշսալախլոր գյուղի: Այնինչ տարածքը պատմական կարևոր արժեք ուներ. ժայռերից մեկի ստորոտին է գտնվում հայկական միջնադարյան գերեզմանատունը, իսկ գագաթին` 13-րդ դ. կառուցված Սբ. Սարգիս մատուռը: Մատուռն, ի դեպ, վերականգնվել էր 1838թ. Կոթիի բնակիչ Արզուման Տեր-Սահակյանցի կողմից: Դեռ մի քանի տարի առաջ հայկական բարձունքներից երևում էր նրա գմբեթը` վրայի խաչով:

       1970-80թթ. «Դովեխի հարցը» բավական հաճախ քննարկումների օրակարգ էր մտցվում, սակայն յուրաքանչյուր անգամ, «խուսափելու համար ազգամիջյան ընդհարումներից», լուծում չէր ստանում: 1984թ. դրանով զբաղվում էին անձամբ Կարեն Դեմիրճյանը /Հայկական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը/ և Վլադիմիր Մովսիսյանը /Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալը/, ընդ որում` ապացուցվեց, որ անցած տասնամյակներին հայերից խլվել է մոտ 2.100 հա անտառային և գյուղատնտեսական հող, որոնք որպես հայկական հողեր են նշված 1920-ական թթ. քարտեզներում: Մոսկվայում «Դովեխի փաթեթը» ստացավ իր լուծումը, սակայն` միայն քարտեզի վրա: Այդ ժամանակ Հեյդար Ալիևն արդեն Մոսկվայում էր և հանդիսանում էր ԽՍՀՄ փաստացի ղեկավարներից մեկը: Ուստի, պատահական չէ, որ հողերը ձևականորեն վերադարձվեցին Հայաստանին, բայց իրականում ադրբեջանցիներն էին շարունակում օգտագործել այդ տարածքները: Ավելին, Բաղանիս-Այրում շրջանում ադրբեջանական նոր տներ, անասնագոմեր ու ֆերմաներ հայտնվեցին: Խախտվեց նաև սահմանը Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ:

     Այսպիսով, ԽՍՀՄ միայն վերջին տարիներին Հայաստանը նման ձևով կորցրել է ավելի քան 500 քառ. կմ տարածք և դարձել ԽՍՀՄ միակ հանրապետությունը 30 հազար քառ. կմ-ից էլ պակաս տարածքով:

***

          1993-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ դառնալուց հետո Հեյդար Ալիևը չդադարեց զբաղվել «հայկական խնդիրներով»: Սակայն այս անգամ նա ապավինում էր արդեն իսլամիստական կառույցներին: 1993թ Աֆղանստան է այցելել ԱՀ ներքին գործերի փոխնախարար Ռովշան Ջավադովը, ով հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետ, Հեզբ-ի-իսլամ կուսակցության առաջնորդ Հեքմաթիարի (աֆղանական թմրաբիզնեսը նա է վերահսկում) և գեներալ Ռաշիդ Դուստումի հետ: Արդյունքում՝ Քաբուլի և Բաքվի միջև սկսում է գործել ուղիղ օդային կապ, որն էլ ադրբեջանական բանակին ապահովում էր զինվորական համալրումով: Փորձագետները նշում են, որ Հեքմաթիարի մարդկանց հավաքագրումը և Բաքվին օգնություն ուղարկելը իրատեսական չէր լինի առանց Պակիստանի հատուկ ծառայությունների, որոնք վերահսկում էին իրավիճակը Աֆղանստանի փուշտունական ճամբարում:

        Այս առումով հիշարժան է Հեյդար Ալիևի` 1996թ. ապրիլին Պակիստան կատարած պաշտոնական այցը: Պակիստանի ղեկավարությունն այցի ընթացքում հավաստեց իր «լիակատար և անվերապահ» աջակցությունը Բաքվին Ղարաբաղյան հակամարտությունում: Իսլամաբադում Հեյդար Ալիևն իր կողմից հավաստեց, որ Ադրբեջանը սատարում է Պակիստանին Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ ունեցած վեճում: Իսլամաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն հայտարարեց, որ իր երկիրը «դատապարտում է Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ և հույս ունի, որ այդ ագրեսիայի հետևանքները շուտով կվերացվեն»: Ընդ որում` վարչապետը նաև հույս է հայտնել, որ «օկուպացված ադրբեջանական հողերը կազատագրվեն, և ադրբեջանցի փախստականները կվերադառնան հայրենի օջախներ»: Բացի այդ, նա հայտարարել է, որ Պակիստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵԱՀԿ-ին Ղարաբաղում միջազգային խաղաղարար ուժերի կազմավորման գործում, մասնավորապես, այդ նպատակի համար զինվորական համակազմ տրամադրելով:

        Այսպիսով, իշխանության գալուց հետո Հեյդար Ալիևն ինքն արդեն սկսեց գրավել աֆղանական մոջահեդներին ու չեչեն գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, ինչն իր արտացոլումը գտավ Ադրբեջանի տարածքում թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ու նրա Ալ-Կաիդա կազմակերպության գործունեության մասին ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտական ծառայության փաստաթղթում: Մոսկվան նույնպես ընդունում էր դա: ՌԴ ԱՆ ներկայացուցիչը 1993թ  նոյեմբերին նշում էր 1500 աֆղանական մոջահեդների առկայության մասին, որոնք կռվում էին Բաքվի կողմից: ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Եվգենի Պրիմակովն այն ժամանակ հիշատակել է նաև Ղարաբաղյան պատերազմում աֆղան մոջահեդների ակտիվացման մասին:

        Դեռևս 1993թ  նոյեմբերին ԼՂՀ Ազգային անվտանգության վարչությունը բազմաթիվ վկայություններ է ներկայացրել մարտական գործողություններում աֆղան վարձկանների մասնակցության մասին: Դրանք յուրաքանչյուրը 100 մարդուց բաղկացած առանձին ստորաբաժանումների ցուցակներ էին, աֆղան գրոհայինների լուսանկարներ՝ արված Գյանջայում (Կիրովաբադ) գտնվող ռուսական նախկին 104-րդ օդադեսանտային զորքերի դիվիզիայի ուսումնական կենտրոնում, բառարաններ (ադրբեջանական-փուշտուն և ադրբեջանական-դարի), մուսուլմանական կրոնական գրականություն և Փեշավարի ու Կարաչիի (Պակիստան) թերթեր, ծանրոցներ, զենք և այլն: Այս ամենն առգրավվել է հայկական ուժերի կողմից Ղարաբաղյան ճակատի հարավային տեղամասում՝ Ջեբրաիլի և Ֆիզուլու շրջաններում վարվող մարտերի ընթացքում:

        Հատկանշական է, որ Կոնգրեսի Հետազոտությունների ծառայության հաշվետվությունում ներառված որոշ տեղեկություններ վկայում էին Ադրբեջանում զանազան արմատական իսլամիստական խմբավորումների գործունեության մասին` մինչև 1991թ. անկախության ձեռքբերումը: «Սակայն դրանց առկայությունն Ադրբեջանում հատկապես նկատելի դարձավ 1993թ. մարտական գործողությունների ժամանակ, երբ Հեյդար Ալիևի կառավարությունը լայնորեն դիմեց Աֆղանստանի և այլ երկրների գրոհային մոջահեդների ծառայությանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում,- նշվում էր հաշվետվությունում:- Ադրբեջանը, Ղարաբաղյան հակամարտությունը որպես կրոնական պատերազմ բնութագրելով, դա օգտագործում էր իսլամական աշխարհի հետ կապեր հաստատելու համար: Այդ կապերը, ներառյալ ջիհադ քարոզող արմատական կազմակերպություններին սիրաշահելը, նպատակ ունեին դիվանագիտական մեկուսացման մեջ գցել Հայաստանը և ռազմական ու ֆինանսական օգնություն փնտրել Ղարաբաղի դեմ նոր ռազմական կամպանիա սկսելու համար»:

Այնուամենայնիվ, Հեյդար Ալիևին չհաջողվեց կիսել «հայկական հանգույցը»: Նա կնքեց իր մահկանացուն 2003թ. դեկտեմբերի 12-ն ամերիկյան Քվինլենդում: Հարցը, որը հետապնդում էր նրան ծննդյան պահից նա կտակեց իր որդուն…

   
  

 

 

 


 

 

 


 

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am