Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Օգոստոս 2008, N 5

ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՆՍՈՆՈՒՄ

Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստի գիտության թեկնածու, երաժշտագետ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

 

«Այս տղան ձեր գերդաստանի պատիվը կդառնա,

մեր ժողովրդի և ֆրանսիացի ժողովրդի պարծանքը»:

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ [1]

 

Հիրավի, մարգարեական էին Մ. Մանուշյանի խոսքերը. տասնամյակներ անց շանսոնի պատրիարք Ազնավուրը պիտի դառնար Ֆրանսիայի խորհրդանիշերից մեկը Էյֆելյան աշտարակի և Մոնմարտրի կողքին, իսկ ֆրանսիացիներն էլ պիտի խոստովանեին, թե «Ֆրանսիան երկու Շառլ ունի, մեծ` դը Գոլը և փոքր` Ազնավուրը»[2]: Պատահականությո՞ւն էր արդյոք, զուգադիպությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն, որ Ազնավուրը ծնվեց հենց Փարիզում:

Ազնավուրի լույս աշխարհ գալուց դեռ շատ առաջ երգիչ դառնալ երազող և դրա համար բոլոր տվյալներով` թավշյա բարիտոնով, արտահայտիչ աչքերով, հարուստ ներաշխարհով օժտված գեղեցկատես Մամիկոն Ազնավուրյանը 1917-ին օպերետային խմբի կազմում Թիֆլիսից պիտի մեկներ Կոստանդնուպոլիս` չորսամսյա հյուրախաղերի, այնտեղ պիտի ծանոթանար տեղի թերթերից մեկի մշակույթի բաժնի աշխատակից, Զմյուռնիայում թուրքերի վայրագությունների հետևանքով ընտանիքն ու հարազատներին կորցրած պարմանուհի Քնար Բաղդասարյանի հետ, իր համար անսպասելիորեն նրան ամուսնության առաջարկ աներ, թատերախմբի ղեկավարը Քնարին վերցներ խմբի կազմում` երկու տարով մեծացնելով նրա տարիքը[3]: Վրացահայ Մամիկոնն ու տաճկահայ Քնարը պիտի ամուսնանային և հրաշքով հեռանային արյամբ ողողված Օսմանյան Թուրքիայից` հյուրախաղերը շարունակելով Բուլղարիայում, ապա` Հունաստանում: Եղեռնից փրկված շատ ու շատ հայերի պես Ազնավուրյաններն իրենց նորածին դստեր հետ պիտի ընտրեին Ֆրանսիան, ափ իջնեին Մարսելում, բայց շատերի նման չպիտի հաստատվեին այնտեղ, այլ տեղափոխվեին Փարիզ, որտեղ Մամիկոնի հայրը` Միսաքը, արդեն տարիներ առաջ բնակություն էր հաստատել և Լատինական թաղամասում գնել ռեստորան, անունը` «Կովկաս»: Տեղափոխվելով Փարիզ` նրանք պիտի վճռեին մեկնել ԱՄՆ և ամիսներ անցկացնեին ամերիկյան վիզայի սպասելով: Ամերիկյան վիզան ստանալուց հետո, երբ արդեն նրանք սիրել էին ֆրանսիական հյուրընկալ հողը, ահավասիկ այդ ժամանակ` 1924-ի մայիսի 22-ին, Փարիզի 5-րդ թաղամասում պիտի լույս աշխարհ գար Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանը[4]` Ազնավուրյանների գերդաստանի անդրանիկ ֆրանսիացին, որդին անհայրենիք մնացած Մամիկոն Ազնավուրյանի (ծնված 1897-ի մայիսի 26-ին, Ախալցխայում) և հայրենիք չունեցող Քնար Բաղդասարյանի (ծնված 1902-ի նոյեմբերի 10-ին, Թուրքիայի Զմյուռնիա քաղաքում): «Հայրենիք» չուներ նաև Շառլի ավագ քույրը` հունական Սալոնիկում ծնված Աիդան, որին ծնողներն անվանակոչել էին Վերդիի հանրահայտ օպերայի գլխավոր հերոսուհու անունով` ի նշան երախտագիտության իտալական նավի հրամանատարի, որի օգնությամբ նրանք կարողացան դուրս պրծնել դժնդակ Թուրքիայից[5]: Սակայն Նանսենյան անձնագրում դրոշմված այդ բառը ոչինչ էր նշանակում, քանզի նրանք բոլորն էլ գիտեին, որ ունեն հայրենիք, խոշտանգված, ավերի մատնված ու հարկադրաբար լքված հայրենիք, որը, սակայն, անհնար է երբևէ մոռանալ և որը կոչվում է ՀԱՅԱՍՏԱՆ:

Տարիներ անց` 1946-ին, Ազնավուրյանները` հայրը, մայրը, քույրը, Շառլը և նրա առաջին կինը` ֆրանսուհի Միշելինը, որոշում են հայրենադարձվել Հայաստան, բայց որոշումն իրականություն չի դառնում: Դժվար է ենթադրել, թե ինչպես կդասավորվեր Ազնավուրի հետագա ճակատագիրը, եթե նա Ֆրանսիայից տեղափոխվեր Հայաստան, սակայն դա տեղի չունեցավ, որովհետև Շահնուր Ազնավուրյանը պիտի մնար Ֆրանսիայում և դառնար համաշխարհային էստրադայի դասական, ֆրանսիական լեգենդար շանսոնիե, խոշոր հասարակական գործիչ, պիտի լիներ մեկը համաշխարհային հռչակի արժանացած Ֆրանսիայի հանրահայտ կատարողներից, «Թայմի» և CNN-ի համատեղ հարցման արդյունքներով պիտի ճանաչվեր 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող (1998):      

«Ես ֆրանսիացի եմ` հայկական ծագումով,- հետագայում կգրի Ազնավուրը. -Ֆրանսիայում ինձ երբեք օտարազգի չեմ համարել, սակայն, միևնույն ժամանակ, չեմ մոռացել, որ ծնունդով հայ եմ: Ֆրանսիայում մենք մեր ուրույն տեղն ունենք` Գառզու, Թրուայա, Վերնոյ...»[6]: Այո, Ֆրանսիան պիտի դառնար բազում հայորդիների երկրորդ հայրենիքը, այստեղ պիտի գործեին և ֆրանսիական հողում իրենց հավիտենական հանգիստը գտնեին ականավոր հայորդիներից շատերը` Արմենակ Շահմուրադյանն ու Հակոբ Գյուրջյանը, ֆրանսիական կրթօջախներում պիտի իրենց ստեղծագործական վարպետությունը հղկեին Փանոս Թերլեմեզյանն ու Հովհաննես Չեքիջյանը:

Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն է, որին Եվրոպայում հաջողվեց ստանալ պլատինե ձայնասկավառակ: Իր գործունեության ընթացքում վաճառված ձայնասկավառակների քանակն արդեն վաղուց գերազանցել է 100 միլիոնի սահմանագիծը: Նրա երգերը կատարել են ինչպես ինքը, այնպես էլ Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Շիրլի Բեյսին, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Ֆրեդ Աստերը, Բինգ Կրոսբին և շատ ու շատ այլ հանրահայտ արտիստներ: Ազնավուրը զուգերգերով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Լայզա Մինելիի և այլոց հետ:

Եվ տարիներ անց արդեն ականավոր երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը պիտի խոստովաներ. «Ֆրանսիան իմ երկիրն է, Հայաստանը` իմ հավատը»: Եվ այսօր շանսոնի արքա Ազնավուրն աշխարհում ամենահանրահայտ հայորդին է:

Նա պիտի դառնար երգիչ. երգի հանդեպ սերը նրան էր փոխանցվել ժառանգաբար, գեներով, իր ծնողներից: Թեև պապը` Միսաք Ազնավուրյանը, ռուսաց Նիկոլայ Երկրորդ ցարի խոհարարն էր, որը հեղափոխությունից հետո թողնելով կնոջը` մի գերմանուհու հետ բնակություն էր հաստատել Փարիզում, սակայն հաճախ, երբ ռեստորանի այցելուները հեռանում էին, իսկ խոհանոցն էլ շողում էր մաքրությունից, «մեր Միսաք պապն իր ձեռքն էր վերցնում թառը և երգում իր մանկության երգերը»,- հետագայում կհիշի Ազնավուրի քույրը` Աիդա Ազնավուրը. - Երբեմն մենք Շառլի հետ սուսիկ-փուսիկ նստում էինք անկյունում, ունկնդրում և տեսնում, թե ինչ թախծոտ են նրա աչքերը»[7]: Ազնավուրի հայրը Սայաթ-Նովայի երգերի կատարող էր և թառահար, բավական ճանաչված բարիտոն, իսկ մայրը հանդես էր գալիս ոչ մեծ թատերախմբերի կազմում, նվագում դաշնամուր, ուստի որդին պիտի գնար նրանց ճանապարհով:

Ավելի քան 1000 երգ է հեղինակել Ազնավուրը, որոնցից շատերն արդեն մտել են ֆրանսիական էստրադայի գանձարանը, դարձել էստրադայի կլասիկա: Նրա գրչին են պատկանում «Monsieur Carnaval» (1965), «Douchka» (1973)[8] և «Lotrek» (2004)[9] օպերետների, ինչպես նաև մի քանի ֆիլմերի երաժշտությունը:

Ազնավուրի աշխարհահռչակ երգերի թվում են` «Բոհեմ», «Սիրո թմբուկներ», «Մաման»[10], «Սիրուց հետո», «Հավերժական սեր», «Ոչ մոդայիկ ուրախություններ», «Երիտասարդություն», «Դեռ երեկ», «Իզաբել», «Նա», «Ինչպես ասում են», «Ավե Մարիա», «Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել», «Ես արդեն ներկայացրի», «Քանի որ», «Սա է վերջը», «Ալելույա», «Երկու կիթառ», «Տար ինձ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտնալ», «Մեռնել հանուն սիրո» և այլն:

«Ես հարյուր տոկոսով հայ եմ և հարյուր տոկոսով ֆրանսիացի: Շատ կապված եմ իմ արմատներին, ամբողջականորեն հայ եմ իմ կենցաղով ու սովորույթներով, և ամբողջականորեն ֆրանսիացի` իմ արվեստի մեջ: Ու երկվություն չկա այդ երկու հանգամանքների միջև: Շատ բան եմ ժառանգել իմ ծնողներից: Ես գաղթականի զավակ եմ և այդ իսկ բնույթով ունեցել եմ նվաճելու ձգտում: Եվ այդպես է, որ հայը անուն նվաճեց Ֆրանսիայում և ֆրանսիացին` աշխարհում: Ես հայրենասեր չեմ, ես հայրենամոլ եմ»,- կասի Ազնավուրը[11]:

Արդեն հինգ տարեկան հասակում նա ջութակ էր նվագում, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա դեբյուտը բեմում` ռուսական պարերի կատարմամբ[12]: Երգել նա նույնպես սկսեց մանուկ հասակում: Ապագա երգչի երաժշտական այբբենարանն էին հոր ռեստորանում հնչող ռուսական և հունգարական երգերը, տանը հնչող դասական, ազգային և ժողովրդական երաժշտությունը, դպրոցում ուսուցանվող ֆրանսիական երգերը: 1939-ին 15-ամյա Շառլը մանկական երգի մրցույթում գրավում է առաջին տեղը` նմանակելով Մորիս Շևալիեին: Շուտով հասկանում է, որ արվեստում պիտի գտնի իր ուղին, իր ոճը և սկսում է ինքը հորինել իր համար: Սկզբում գրում է Պիաֆի, ապա ուրիշների համար: Նրա անունը հայտնի է դառնում այլ երգիչների կատարմամբ իր հեղինակած երգերով:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ հայրը կամավոր մեկնել էր ռազմաճակատ, և ընտանիքի միակ կերակրողը Շառլն էր, օկուպացված Ֆրանսիայում նա զբաղվում է օգտագործված հեծանիվների վերավաճառքով, ապա հանդես գալիս փոքրիկ դերերով թատրոններում: Նացիստական օկուպացիայի տարիներին երգչի ծնողներն ակտիվ մասնակցում էին ֆաշիզմի դեմ պայքարին: Միշա Ազնավուրյանի տունը հանգրվան էր գերությունից փախածների համար: Այստեղ էին Գեստապոյից թաքնվում նաև ֆրանսիացի հայրենասերները[13]:

1944-ին Ազնավուրը գրում է իր առաջին երգը` «Ես հարբած եմ», իսկ 1940-ականների կեսերին արդեն ձեռք է բերում կոմպոզիտորի և բանաստեղծի որոշակի համբավ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ազնավուրը վերադառնում է իր սիրելի գործին` խաղում Ժան Դաստեի դրամատիկական թատերախմբի կազմում: 1947-ին նա սկսում է աշխատել Պիեռ Ռոշի հետ` որպես երգիչ և երգերի հեղինակ: Շուրջ ութ տարի է տևում նրանց համագործակցությունը բեմում. նրանք միանգամից դառնում ու հավետ մնում են հավատարիմ ընկերներ: «Դա ջայլամի և ճագարի համագործակցություն էր` դրանից բխող հաջող և անհաջող հետևանքներով»[14]: Նրանց հորինած և կատարած բազում երգերը շատ արագ ժողովրդականություն էին ձեռք բերում:

Այդ ժամանակ էլ տեղի է ունենում հանդիպումը հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, որը մեծ դեր ունեցավ Ազնավուրի հետագա կյանքում: Պիաֆն անմիջապես հասկացավ, որ Ազնավուրն օժտված է տաղանդով, հասկացավ, որ նա պետք է իր համար երգեր գրի: Պիաֆը հասկացավ նաև, որ իրենից հետո միայն Շառլը կկարողանա ցնցել հասարակ մարդկանց, գրավել նրանց սիրտը, խռովել նրանց հոգին, ինչպես դա կարողանում է անել ինքը: Պիաֆն ըստ արժանվույն գնահատեց ոչ միայն Ազնավուրի կոմպոզիտորական տաղանդը, այլև արտիստական հզոր ներուժը: Դա այնքան էլ հեշտ չէր` առաջին հայացքից Ազնավուրը ոչ մի հիմք չուներ էստրադայի վարպետների հետ մրցելու համար. փոքրիկ ձայն, ոչնչով աչքի չընկնող արտաքին տեսք: Բայց Ազնավուրին ընդգրկելով իր ծրագրում` Պիաֆը չսխալվեց: Թեև սկզբում հանդիսատեսը թերահավատորեն էր վերաբերվում նրան, սակայն տարիների ընթացքում անվստահության սառույցը հալվեց:

Մորիս Շևալիեի և Էդիտ Պիաֆի աջակցության առկայությամբ անգամ պահանջվեց ավելի քան 10 տարի, որպեսզի Ազնավուրը նվաճի հասարակության ճանաչումը: Սկզբնական շրջանում քննադատները ծայրահեղ անբարյացակամ էին տրամադրված այդ խռպոտ, ոչնչով աչքի չընկնող ձայնի տիրոջ հանդեպ: «Նման արտաքինով ու ձայնով բեմ դուրս գալու հավակնությունն աներևակայելի է, ուղղակի խելագարություն, մի բան, որ ապացուցում է այդ արտիստի բացառիկ անողջամտությունը: Բարեբախտաբար, այն մարդիկ, ովքեր ասպարեզ են բացում արտիստների համար, որոշել են բոլոր դռները փակել նրա առաջ»[15]: Կամ` «Այդ խռպոտ ձայնի տեր մարդու թռիչքը դեպի ոսկին տեղի չի ունենա: Նա բեմ չի բարձրանա, որովհետև ձայն չունի, որովհետև ի վիճակի չի կանգնել հանդիսատեսի առաջ: Վճիռը վերջնական է»[16]: Կամ` «Լավ կլիներ, եթե Ազնավուրը հաշվապահությամբ զբաղվեր»[17]:

Չէին կարողանում գնահատել նրա երգերի թեմատիկան նույնպես. չէ՞ որ այն ժամանակվա ֆրանսիական էստրադային բնորոշ էր սենտիմենտալության և բանալության զուգակցումը: Մինչդեռ Ազնավուրի ստեղծագործության մեջ կարմիր թելի պես անցնում էր բոլորովին այլ բան` մելամաղձոտություն, կարոտաբաղձություն, հեգնանք և այլ «արգելված» թեմաներ:

Հենց 1950-ականների կեսերին նրա երգացանկում հայտնվում է «Սիրուց հետո» երգը, որի բովանդակությունը համարվեց չափազանց անկեղծ, և այն արգելեցին հեռարձակել ռադիոյով: Այդուամենայնիվ, արտիստը չէր հանձնվում և հանդես էր գալիս ունկնդիրների առջև ակումբներում` աստիճանաբար ձեռք բերելով ճանաչում:

Ազնավուրի նպատակամղվածությունն անում էր իր գործը. նա դառնում է փարիզյան մյուզիք-հոլի աստղ, իսկ այնուհետև` կինոյում նկարահանումներից հետո նրա հռչակն էլ ավելի է աճում[18]:

Դեպի երաժշտական Օլիմպոս նրա վճռական վերելքը կայանում է 1956-ին, Կասաբլանկայում և Փարիզում կայացած հաջող համերգներից հետո. երկար ժամանակ հանրահայտ «Օլիմպիայում» նա հանդես էր գալիս օրական երեք անգամ: Ազնավուրն այլևս համերգային էստրադայում է: Բավական էր միացնել ցանկացած ռադիոկայան, և ամենաուշը տասը րոպե անց հնչում էին Ազնավուրի երգերը` իր, Պիաֆի, Ֆիլիպ Կլեյի, Ժակլին Ֆրանսուայի կատարմամբ: Լրագրողներից մեկն էլ իր հոդվածը վերնագրում է «Ֆրանսիան ամբողջապես ազնավուրացած է»: Աշխարհի ունկնդիրները սիրեցին Ազնավուրին անմիջականության, պարզության և հմայքի համար: Այն բանի համար, որ նա միաձուլվում է հանդիսասրահի հետ, իր և ունկնդիրների միջև չի առաջացնում անտեսանելի պատնեշ: Նա երգում է հասարակ իրողությունների` ընկերության, սիրո, միայնության և մարդկային շփման բերկրանքի մասին, Փարիզի մասին, որի հետ են կապված այդքան շատ ուրախ և տխուր հիշողություններ: «Ազնավուրը սիրո մասին երգում է այնպես, ինչպես մինչ օրս երբեք ոչ ոք չի երգել: Նա երգում է այնպես, ինչպես ինքն է սիրում, զգում և տառապում»,- կնկատի Մորիս Շևալիեն, իսկ քննադատները նրա համերգները կանվանեն «քնքշանքի, կարոտաբաղձության և սիրո երկու ժամեր»:

Չափազանց ինքնատիպ է Ազնավուրի ստեղծագործական մաներան: «Իմ հիմքը ողջ ֆրանսիական երգն է, իմ արմատները` համաշխարհային ֆոլկլորը, առաջին հերթին` հայկական պոեզիան»,- խոստովանում է ականավոր շանսոնիեն: Երգերի ոճը հյուսվում է տարբեր բաղադրիչներից. սրանցում կարելի է որսալ և´ ֆրանսիական շանսոնի գծեր, և´ ջազի ռիթմեր, և´ հայկական ժողովրդական ու աշուղական մեղեդային դարձվածքներ, և, վերջապես, մելոդեկլամացիայի բնորոշ հնարքներ: Այդ ամենը նա միաձուլում է մեկ ամբողջության մեջ` յուրաքանչյուր երգ վերածելով երաժշտական-դրամատիկական մանրաերգի: Իր երգերում երգիչ-Ազնավուրի հետ ներկա է դերասանը. «Ես չեմ դադարում դերասան լինել երբեք: Երգերն ինձ համար միշտ էլ փոքրիկ պիեսներ են: Ես դրանք բեմադրում եմ, ես դրանք խաղում եմ` կատարելով մերթ այս, մերթ` մի քանի դերեր»:

«Միակ արվեստը, որ ես ընդունում եմ` ժողովրդական արվեստն է»,- խոստովանում է Ազնավուրը: Իր արվեստում կոմպոզիտորը ձգտում է ստեղծել ժողովրդական ստեղծագործության նման պարզ, բնական ու անմիջական արվեստ: Ավելին, ընդունված է համարել, որ երգիչն իսկական հեղափոխություն կատարեց ֆրանսիական երաժշտական բեմում:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Ազնավուրը նույնը չմնաց. չդարձավ «քրոնիկ Ազնավուր»: Արտիստը պետք է քայլի ժամանակին համընթաց. «Լինել իր ժամանակի վկան` սա է երգչի կոչումը»: Ժամանակի ընթացքում փոփոխվում է Ազնավուրի ստեղծագործական բնութագիրը: Ինչ էլ նա անի` ամենից առաջ ձգտում է հավատարիմ մնալ ինքն իրեն, իր ոճին, քանզի գիտի, թե ինչի համար է նրան սիրում հասարակությունը: Ահա թե ինչու բոլոր մոդայիկ ուղղություններն ու հոսանքները շրջանցում են նրան: «Ես Ամերիկայում, Իսպանիայում կամ Անգլիայում ելույթ եմ ունենում ոչ թե որևէ մեկին ապշեցնելու նպատակով, - ասում է Ազնավուրը:- Երևի թե ես ուզում եմ զարմացնել ինքս ինձ: Ընդհակառակը, ինձ տարօրինակ է թվում, երբ մարդը մեկնում է Նյու Յորք մի քանի լրագրողների ընկերակցությամբ և վերադառնալով` որևէ հանդեսում հրապարակում է չորս էջանոց հոդված այն մասին, թե ինչպես նվաճեց Ամերիկան: Եթե ես մեկնում են Նյու Յորք, ես գնում եմ այնտեղ աշխատելու: Իսկ թե գիտեն այդ մասին մյուսները` ինձ բոլորովին չի հետաքրքրում: Երբ «She» երգն Անգլիայում դարձավ թիվ մեկ հիթ, ես «մի՞թե դուք չգիտեք, որ ես հաջողության հասա արտասահմանում» աղաղակով չվազեցի թերթի խմբագրություն: Ես իմ կյանքում դեռևս ոչնչից չեմ հասցրել հագենալ: Միևնույն ժամանակ ճանաչումը ոչ մի ընդհանուր բան չունի փառքի հետ. կարելի է լինել նշանավոր, բայց չհասնել ճանաչման: Եվ հակառակը. ինձ հաճելի է ճանաչումը, որը ես նվաճել եմ նրանով, ինչ արել եմ. մի՞թե արտիստը կարող է դրանից հագենալ: Լինենք անմիջական. մենք բեմ ենք բարձրանում սոսկ այն պատճառով, որ դահլիճում նստած են մարդիկ: Մենք երգեր ենք գրում, որպեսզի դրանք դառնան հանրահայտ և ոչ թե փոշոտվեն սեղանի դարակում»:

1960-ի սկզբներին Ազնավուրը համերգներ է տալիս Նյու Յորքում, իսկ քիչ անց` Ֆրենկ Սինատրայի ստուդիայում թողարկում իր ամերիկյան անդրանիկ ալբոմը: 1965-ին փարիզյան բեմում Ազնավուրը բեմադրում է «Monsieur Carnaval» մյուզիքլը, և հենց այդ ժամանակ հասարակությունն առաջին անգամ լսում է երևի թե երաժշտի ամենահայտնի երգը` «La boheme»: 1969-ին «Hier encore» երգի համար հեղինակների և կոմպոզիտորների ամերիկյան ասոցիացիան Ազնավուրին պարգևատրում է հատուկ մրցանակով, իսկ Ֆրանսիայում այդ կոմպոզիցիան հեղինակին բերում է La Medille Vermeil:

1970-ականների սկզբին Ազնավուրի երգերում ի հայտ է գալիս մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդկանց պրոբլեմների և ողբերգությունների թեման. նա գրում և բեմից կատարում է թախծոտ կոմպոզիցիաներ` «Le temps des loups», «Comme ils disent»,«Mourir d'aimer»[19]:

Ժամանակի ընթացքում նրա երգացանկում ավելի ու ավելի հաճախ են տեղ գտնում սոցիալական և քաղաքական բնույթի երգեր. այսպես, 1975-ին հայոց Մեծ եղեռնի 60-ամյա տարելիցի կապակցությամբ Ապարտեիդի[20] զավակ Ազնավուրը, ում ամերիկացիները կկոչեն a survivor[21], իր մշտական համահեղինակ Ժորժ Կառվարենցի հետ հորինում է «Ils sont tombes» բալլադը` յուրատեսակ requiem միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին, որոնց թվում էին Ազնավուրի թուրքահպատակ մոր ծնողները, երկու եղբայրներն ու քույրը, ովքեր անհետացան Մեծ Եղեռնի տարիներին և որոնց փնտրեց մայրն իր ողջ կյանքում ու մինչև կենաց վախճանն ապրեց նրանց գտնելու հավատով:

«Նրանք ընկան առանց իմանալու թե ինչու,

Թե´ այր, թե´ կին, թե´ երեխա, որ ապրել էին ուզում լոկ,

Հարբածի պես մարմնակործան նրանք ընկան,

Հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափազդու»[22]:

Հարազատների, իր ժողովրդի զավակների կորստյան դառնության կսկիծը սրտում, Ազնավուրն իր հուշագրության մեջ կգրի. «Ես ծնողներիս երբեք չեմ տեսել ժամանակակից Թուրքիային փնովելիս, նրանք մեր մեջ երբեք ատելություն չէին սերմանում այդ ժողովրդի հանդեպ: Հակառակը, նրանք միշտ ասում էին, թե Թուրքիան ինչ գեղեցիկ երկիր էր, կանայք ինչքան հմայիչ էին, թե նրանց խոհանոցը լավագույնն էր ողջ Միջին Արևելքում և, որ խորքում մենք շատ նմանություններ ունեինք այդ ժողովրդի հետ: Եթե Եղեռնը չլիներ,- կամ գոնե ճանաչվեր,- հակառակությունն այդքան խորը չէր արմատավորվի մերոնց երկրորդ և երրորդ սերունդների հիշողության մեջ»[23]:

Տարիներ անց իր ծնողներին և մանկությանն Ազնավուրը կնվիրի քնքշանքով, կարոտաբաղձությամբ և լիրիզմով ներծծված երգը, որն այդպես էլ կվերնագրի` «Ինքնակենսագրություն»: Հետաքրքրական է Ֆրանսիայով մեկ շատ արագ տարածված և ջերմ ընդունելություն գտած երգի ստեղծման պատմությունը. այստեղ հեղինակը վերադառնում է իր արմատներին: «Ես իմ ողջ կյանքում զգացել եմ իմ ազգային, ընտանեկան արմատները, ինչը չափազանց կարևոր է արտիստի համար: Իմ մեջ բնական ցանկություն առաջացավ գրել իմ հուշագրությունը[24]: Ավարտելով այն` ես ինքս ինձ համար քննության պես մի բան սարքեցի` որոշեցի մի քանի րոպե տևողությամբ երգում տեղավորել հուշագրության մի քանի գլուխ»[25]: Այդ քննությունը փայլուն հաջողություն ունեցավ:

Հայկական թեմատիկայի վրա են հյուսված նաև նրա «Ջան» և «Քնքուշ Հայաստան» երգերը: Դստեր` Սեդա Ազնավուրի հետ նա հայերեն երգել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը[26]:

1987-ի դեկտեմբերին Ազնավուրը դառնում է գրականության և արվեստի բնագավառում Ֆրանսիայի ազգային մրցանակի 18 դափնեկիրներից մեկը. այդ հեղինակավոր պարգևը շնորհվում է Ֆրանսիայի մշակույթի ականավոր դեմքերին: «Ֆիգարո» թերթն այդ օրերին գրեց. «Մրցանակն իրավամբ գտավ երգչին, որի արտիստական կարիերայի տևականությունը հիրավի դարձել է տաղանդի և աշխատասիրության հոմանիշ: Դիմագրավելով մոդայի հոսանքներին, անգլոսաքսոնական երգերի հորձանքին` «Մամայի», «Բոհեմի» և էստրադային այլ գագաթների կատարողը հավատարիմ մնաց իրեն, ֆրանսիական երաժշտական ոճին»[27]: Թեև ֆրանսերենից բացի Ազնավուրը երգում է նաև իսպաներեն, իտալերեն, անգլերեն, մի քիչ էլ` գերմաներեն, բայց ինչպես ինքն է խոստովանում. «Իմ ոճը տիպիկ ֆրանսիական երգչի ոճն է»:

Ազնավուրը երբեք չի մոռանում իր պատմական հայրենիքը: 1988-ի երկրաշարժից ընդամենը մի քանի օր անց նա այցելում է Հայաստան, տուժածներին օգնում փողով, առաջին անհրաժեշտության պարագաներով` հագուստ, սնունդ, դեղորայք: Հազարավոր մարդկային կյանքեր խլած աղետալի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնում է «Aznavour pour l’Armenie» (Ազնավուրը` Հայաստանին)[28] բարեգործական ասոցիացիան և տուժածներին օգնելու նպատակով կազմակերպում մի քանի ակցիաներ[29]: Դրանցից մեկի համար նա հրավիրում է Անրի Վերնոյին և փոփ երաժշտության, թատրոնի և կինոյի 90 համաշխարհային աստղերի. նրանց հետ համագործակցելով` «Քեզ համար, Հայաստան» երգի[30] հիման վրա ստեղծվում է բարեգործական տեսահոլովակը, որը վաճառվեց ռեկորդային քանակով` 2 միլիոն օրինակ: Երգի կատարմանը մասնակցում են Ադամոն, Ռոզի Արմենը, Շառլ Ազնավուրը, Կատյա Ազնավուրը, Ժիլբեր Բեկոն, Ժյուլիեն Կլերքը, Ջոնի Հոլիդեյը, Պատրիսիա Կաասը, Միրեյ Մաթյոն, Վանեսա Պարադին, Պիեր Ռիշարը, Շուշաննան, Մարինա Վլադին և էլի շատ ու շատ ուրիշներ[31]: Երգի ձայնասկավառակների և մագնիտոֆոնային ձայնագրությունների իրացման, ինչպես նաև տեսահոլովակի ցուցադրման ողջ հասույթը փոխանցվում է արհավիրքից տուժածների ֆոնդին: «Ազնավուրի և նրա ընկերների` համաշխարհային արվեստի աստղերի կոչը հնչեց բոլոր մայրցամաքներում և դարձավ շատ ու շատ երկրների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական ու հասարակական գործիչների, գործարարների և այսպես կոչված «հասարակ մարդկանց» աննախադեպ գործողությունների ինքնատիպ նվագակցություն»[32]:

Եվ այսօր, օգտվելով առիթից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2008-ի դեկտեմբերին լրանում է Սպիտակի կործանարար երկրաշարժի 20-ամյա տարելիցը, բոլորիս կոչ եմ անում մեկ անգամ ևս հիշել աշխարհը ցնցած այդ երգը: Տեքստի հայերեն թարգմանությունը, որը կատարել է կոմպոզիտոր, երջանկահիշատակ Գևորգ Արմենյանը, տպագրվում է առաջին անգամ[33]:

 

ՆՈՏԱՅԻՆ ՕՐԻՆԱԿԸ

 

1991-ին երգիչը հրատարակում է երգերի տեքստերի և կարճ արձակի ժողովածու` «Des mots a l’affiche», իսկ 1997-ին Ազնավուրը ճանաչվում է Ֆրանսիայի տարվա լավագույն երգիչ և ստանում պարգև Victoires de la Musique: 1995-ին Ազնավուրն արժանանում է Ֆրանսիական երգի մեծ մեդալին, իսկ 1996-ին նրա անունն իր տեղն է գտնում Երգերի հեղինակների փառքի սրահում:

Ֆրանսիական շանսոնի ամենակենսունակ և շլացուցիչ աստղ Շ. Ազնավուրն ավելի քան տասը տարի փորձում էր ճանաչում ձեռք բերել, որպեսզի հետագայում շուրջ կես դար թագավորեր ֆրանսիական երաժշտական Օլիմպոսի վրա: Դեպի փառք ու ճանաչում ընկած ճանապարհին նա ստիպված էր հաղթահարել հասարակության անտարբերությունը, քննադատների անբարյացակամ, երբեմն` թշնամական վերաբերմունքը: Ոչնչով աչքի չընկնող իր արտաքին տեսքով, կարճ հասակով (ընդամենը 164 սմ) նա բոլորովին նման չէր իդեալական կինոհերոսի, իսկ նրա խռպոտ ձայնն ամենևին էլ չէր հիշեցնում իսկական աստղերի սոխակի դայլայլներ հիշեցնող տրելները: Բայց նա ուներ անվիճելի երկու զորեղ առավելություն` անձնական ֆենոմենալ հմայք և ապշեցուցիչ նպատակասլացություն: Եվ ոչ միայն: Հենց Ազնավուրին է պարտական ֆրանսիական շանսոնը հեղափոխական նորացմամբ, որն օգնեց ձերբազատվել բանալության և սենտիմենտալության ավելորդ տարրերից: Հեգնանքի, մելանխոլիայի, նոստալգիայի, տաբուացված թեմաների ներարկումը ֆրանսիական երաժշտության` ժամանակին համընթաց քայլող այդ մագիստրալային ուղղությունը դարձրին կենդանի, դինամիկ, զարգացող երևույթ:

Քայլ առ քայլ բարձրանալով վեր, հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները` Ազնավուրը զարմանալիորեն պարտություններ չի ունեցել. «Այո, իմ կյանքում եղել են ծանր պահեր, բայց չեն եղել պարտություններ: Իմ վերելքը աներևակայելիորեն դժվարին էր: Բայց, հաղթահարելով յուրաքանչյուր աստիճան, ես երբեք վար չեմ գլորվել: Վայրէջքներ չեմ ունեցել: Ավելին, այն ամենը, ինչին հասել եմ, ես, բնականաբար, պահել-պահպանել եմ ինքնակարգապահության և լարված աշխատանքի շնորհիվ»[34]:

2004-ի մարտի 15-ին Փարիզի մոմե արձանների թանգարանի էքսպոզիցիան համալրվում է Ազնավուրի մոմարձանով, որը դրվեց Ժերար Դեպարդիեի և Ալեն Դելոնի արձանների կողքին: Մոմարձանը հագել է երաժշտի բեմական հանդերձանքներից մեկը:

Ֆրանսիական շանսոնի պատրիարքը 2005-ին «Огонек»-ին տված հարցազրույցում կասի. «Ես տիպիկ ֆրանսիացի եմ, բացարձակապես: Ինչը ինձ չի խանգարում լինել տիպիկ հայ: Երբ պատրաստում եք կաթով սուրճ, անհնար է այլևս անջատել կաթը սուրճից»[35]: 2006-ին 82-ամյա Ազնավուրն ուղևորվում է Կուբա, Չուչո Վալդեսի հետ ձայնագրում է «Color Ma Vie» ալբոմը, որը թողարկվում է 2007-ի փետրվարի 19-ին: Ազնավուրի նոր երգերի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայում, որտեղ 2007-ի ապրիլի 20-ին նա տվեց իր միակ համերգը: Բոլորովին վերջերս` 2008-ի հուլիսի 2-ին Հայաստանի ազգային հերոս Ազնավուրն արժանացել է Կանադայի «Պատվո ասպետ» շքանշանին: Կանադայի ազգային տոնի 141-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևների արժանացած 75 ականավոր կանադացիների շարքում աշխարհահռչակ շանսոնիեն միակ օտարերկրացին է: Կանադայի իշխանություններն այդպիսով ցանկանում են իրենց երախտագիտությունն արտահայտել Ազնավուրին, ով մեծ ավանդ ունի Կանադայի և ֆրանսախոս երկրների մշակութային կապերն ամրապնդելու գործում[36]:

«Ես լիովին գոհ եմ այն ամենից, ինչ արել եմ իմ կյանքում,- խոստովանում է Ազնավուրը. - Լեզուն չիմացող գաղթականների զավակ` ես դարձա մեկը նրանցից, ով այսօր ամենալավն է երգում ֆրանսերեն և աշխարհում ներկայացնում է Ֆրանսիան ավելին, քան որևէ այլ ֆրանսիացի: Ընդհանուր առմամբ ինձ բախտ վիճակվեց հասնել անհամեմատ ավելի մեծ բաների, քան կարող էի երազել»[37]:

Այսօր տիկնոջ` շվեդուհի Ուլա Ինգեգերդ Թորսելի և երեք զավակների` Կատյայի, Միշայի և Նիկոլայի հետ Ազնավուրն ապրում է Շվեյցարիայում, Ժնևյան լճի ափին: Չնայած տարիքին` շանսոնի արքան շարունակում է աշխատել և աշխարհում շրջագայել հյուրախաղերով. «Ես պատրաստվում եմ աշխատել մինչև 90 տարեկանս և մեռնել 100-ում»: Մեզ մնում է հուսալ, որ Ազնավուրին ստեղծագործական տաղանդով օժտելու հարցում այդքան շռայլ գտնված բնությունը նրան կպարգևի նաև ստեղծագործական արտասովոր երկարակեցություն, և մեծ հայորդին դեռ բազում տարիներ կապրի բուռն ստեղծագործական կյանքով` նորանոր անակնկալներ մատուցելով իր արվեստի միլիոնավոր երկրպագուներին աշխարհի տարբեր ծագերում:

 

ԺՈՐԺ (ՏԻՐԱՆ) ԿԱՌՎԱՐԵՆՑ

 

«Չկա մի լուրջ ֆիլմ, որին իր ինքնատիպ երաժշտությամբ

մասնակցած չլինի ուրույն անհատականությամբ օժտված այս երաժշտաստեղծը»:

FIGARO[38]

1964-ին երեսուներկուամյա Ժորժ Կառվարենցը հռչակվում է ֆրանսիական կինոերաժշտության առաջին դեմք` ցկյանս պահպանելով իր դիրքերը:

Շառլ Ազնավուրի հետ զուգահեռաբար է ծավալվել ճանաչված կոմպոզիտոր Կառվարենցի` հայտնի բանաստեղծ, Կոմիտասի սան Գևորգ Կառվարենցի[39] որդու, հետագայում` Շ. Ազնավուրի գործընկերոջ և մի շարք ստեղծագործությունների համահեղինակի և, վերջապես, երգչի քրոջ` Աիդայի ամուսնու[40] գործունեությունը:

Կառվարենցները ծագումով Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող Բոլու փոքրիկ քաղաքից էին: Ժորժի պապը[41] քիչ կրթված, բայց մեծ կարողության տեր գեղջուկ էր[42]. ասում են, թե նա մեկ օրվա ընթացքում չէր հասցնում ձիով շրջել իր բոլոր կալվածքները: Սեփական հսկա այգիներում նա աճեցնում էր մրգեր, հիմնականում` տանձ, և դրանք երկաթուղով ուղարկում Մերձավոր Արևելքի բոլոր անկյունները: Գնացքի հայտնագործումը ծերունու համար դառնում է Աստծո պարգև, և նա իր ձեռքում է կենտրոնացնում մրգի արտահանման զգալի մասը: Կրթություն չունենալով հանդերձ` նա մտավորական էր և ընկերություն էր անում գրողների, ինժեներների, ճարտարապետների, հայ մշակույթի այլ գործիչների հետ: Արդեն 20-րդ դարի սկիզբն էր, երբ օրերից մի օր տուն գալով` նա ասում է տիկնոջը. «Մարի, մեր Գևորգ որդին անպայման պետք է ֆրանսերեն ու անգլերեն իմանա: Պատրաստիր հագուստները, ես նրան ուղարկում եմ Զմյուռնիա` ամերիկյան քոլեջ»: Յոթնամյա Գևորգը հրաժեշտ է տալիս մորն ու հեռանում հայրենի օջախից: Ամերիկյան քոլեջն ավարտելուց հետո Գ. Կառվարենցը Կ.Պոլսում, ապա` Հունաստանում զբաղվում է մանկավարժական և խմբագրական աշխատանքով: Հենց Աթենքում էլ 1932-ի ապրիլի 1-ին լույս աշխարհ է գալիս Ժորժ (Տիրան) Գևորգի Կառվարենցը[43]: 1943-ին նա տեղափոխվում է Փարիզ, ուսանում Սևրի Սամուել Մուրատյան հայկական վարժարանում. դպրոցական տարիներին էլ հորինում է առաջին երգերը: 1947-ին ընդունվում է Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտում է 1952-ին: 1950-ականներից նրա երգերը կատարում են ֆրանսիական էստրադայի ամենանշանավոր երգիչները` Դալիդան, Միրեյ Մաթյոն, Ջոնի Հոլիդեյը, Սիլվի Վարդանը, Ժ. Բեկոն, Աիդա Ազնավուրը և այլք: 1960-ից սկսած Կառվարենցը համարվում է ֆրանսիական էստրադայի ամենաինքնատիպ կոմպոզիտորներից մեկը, ում ավելի քան 500 երգերը, 40-ից ավել ձայնասկավառակները լայն տարածում են գտել երգարվեստի սիրահարների շրջանում: 1964-ին Կառվարենցն արժանանում է Ֆրանսիական Շանսոնիե ընկերության մրցանակին: «Նրա «Հնաոճ վայելքներ» ձայնապնակը թողարկվել է 23 միլիոն տպաքանակով և 350 տարբերակով»[44]: Կոմպոզիտորի լավագույն երգերից են` «Աղջկաս», «Փարիզի կամուրջներ», «Լույս», «Սեր», «Սպասում եմ», «Երբեք չեմ մոռանա», «Նրանք ընկան», «Փարիզը օգոստոսին», «Վենետիկ», «Քեզ համար, Հայաստան» («Ոսկե սուր» մրցանակ, 1989, Փարիզ, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով):

Կինոերաժշտության մեջ դեբյուտը 1960-ին նկարահանված «Թոբրուկ գնացող գնացքը» ֆիլմն էր: Ֆիլմի երաժշտությամբ թողարկված մեկ միլիոն քանակով ձայնասկավառակների շնորհիվ Կառվարենցը դառնում է հանրահայտ: Կառվարենցը երաժշտություն է գրել մոտ 200 ֆիլմերի համար, այդ թվում` Անրի Վեռնոյի «Առյուծներն արձակված են» (1961), «Դանիելան գիշերով», «Ամերիկյան առնետը», «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Երկնային ամպրոպ» (1965), «Մարկո հրաշալին» (1966), «Ձեռքերդ վեր» (1967), «Երեք հեքիաթ սիրո մասին» (1963), «Որոնեք կուռքը» (1964), «Սաֆո» (հոր բանաստեղծությունների հիման վրա), «Կրկնակի վազք», «Ստրկավաճառը», «Ալբոմի նշանը», «Հրեշտակների քայլերգը», «Ժամադրություն Բրազիլիայում», «Հինգ վայրագ աղջիկ» (1966), «Մանտրեն», «Ամերիկյան կողոպուտ», «Ծովահենը» (1967), «Գայլերի ժամանակը» (1969), «Բանտ» (1973), «Սիրո պատմություն», «Թեհրան-43» (1979) և այլն[45]: Կինոերաժշտության ասպարեզում «Կառվարենցի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է նկարի պատկերահոգեբանական էության շատ հետաքրքիր ու նրբին հնչյունային մարմնավորման արտահայտությամբ: Նրա երաժշտության երկրորդ արժանիքը ֆրանսիական շանսոնիեի ժողովրդական հիմքերի, նրանց կենսունակ արտահայտչամիջոցներից ստեղծագործաբար օգտվելն է: Մեզ համար արժեքավորը հայ ազգային երաժշտության ակունքներից յուրովի օգտվելու հանգամանքն է: Եվ այս ամենը միավորվելով բարձր պրոֆեսիոնալ հնարավորությունների կիրառման հետ` Կառվարենցի ստեղծագործությունը դարձնում են ժամանակակից ֆրանսիական երաժշտության հետաքրքիր բաղկացուցիչը` միաժամանակ հանդիսանալով ֆրանսահայ գաղթօջախի ազգային, երաժշտական կյանքի արժեքավոր հատվածը»[46]: Կինոֆիլմերի համար գրած երաժշտության շատ հատվածներ անջատվել են ֆիլմերից և մեծ ժողովրդականություն վայելել:

Իր երգերին բաժին ընկած անսովոր հաջողությունն ու ջերմ ընդունելությունը Կառվարենցը բացատրում է այն հանգամանքով, որ «ինքն անկարող էր ստեղծագործության մեջ սահմանազատվել ազգային երաժշտությունից, չօգտվել նրանից, որ հայ երգն իր «արյան մեջ է» և որ հենց դրանով էլ պայմանավորված է թե´ իր, թե´ Ազնավուրի երգերի ամենուր գտած հաջողությունը»[47]:

1977-ին Կառվարենցը երկու օրով այցելում է Երևան. առաջին անգամ ոտք դնելով հայրենի հողին` նա ասում է. «Հիմա, երբ տեսա հայրենիքս, մեր վերածնված երկիրը, ինձ համար կարևոր դարձավ հավաքել, ամբողջացնել ու հրատարակել հորս` երգահան, բանաստեղծ ու խմբավար Գևորգ Կառվարենցի աշխատությունները և այդ ամենը բերել Հայաստան` նվիրելու իմ ժողովրդին»[48]:

Հետմահու[49]` 1997-ին Փարիզում լույս է տեսել «Ժորժ Կառվարենցի կինոերաժշտությունը» լազերային ձայնասկավառակը, որը պարունակում է 31 ստեղծագործություն` 11 ֆիլմերից:

Արդեն 15 տարի է, ինչ դադարել է բաբախել անզուգական երգերի հեղինակ Ժ. Կառվարենցի սիրտը, բայց այսօր էլ մեզ հետ է նրա ստեղծած անմահ երաժշտությունը:

 

ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆ

 

«Մինչև տասը տարեկանն իմ կյանքում շատ վճռական դեր է ունեցել պապս:

Նա շատ է պատմել Հայաստանի մասին, նվագում էր հայկական մեղեդիներ:

Նա հետաքրքիր դեպքեր գիտեր հայ մշակույթից, պատմությունից:

Այս ամենը շատ կարևոր էր»[50]:

ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆ

Դժվար թե գտնվի մեկը, ում անծանոթ լինի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, գործիքավորող և դերասան Միշել Լեգրանի անունը. բոլորը միաբերան կբացականչեն. «Դե իհարկե, «Շերբուրգյան հովանոցները»: Եվ իսկապես. «Շերբուրգյան հովանոցներ» (1964) և «Աղջիկները Ռոշֆորից» (1968) ֆիլմերի համար գրված երաժշտությունը նրան բերեցին համաշխարհային փառք, և նրա անունը խոշոր տառերով գրվեց 20-րդ դարի երաժշտական մշակույթի պատմության մեջ: Դե իհարկե, նա միակ կոմպոզիտորն է, ով կինոերաժշտության համար երեք անգամ արժանացել է «Օսկարի», այդ թվում` «Շերբուրգյան հովանոցներ» և «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմերի համար, հինգ անգամ ստացել է «Գրեմի»:

Միշել Լեգրանը ծնվել է 1932-ի փետրվարի 24-ին, Փարիզում, երաժիշտների ընտանիքում: Հայրը` Ռայմոնդ Լեգրանը, վարիետեներից մեկի նվագախմբի ղեկավարն էր: Մայրը` Հայկանուշ-Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի էր, ծանոթ էր Էդիտ Պիաֆի և Մորիս Շևալիեի հետ. վերջինս, նկատելով Միշելի երաժշտական բացառիկ ընդունակությունները` նրան փայլուն ապագա է կանխագուշակում:

Երեք տարեկան էր Միշելը, երբ ծնողներն ամուսնալուծվում են: «Իմ մայրական պապը` Սարգիս Տեր-Միքայելյանը[51], 1917-ին փրկվել է Եղեռնից: Նա իսկական հայ էր` զգացմունքային, կրքոտ, մեծահոգի: Նա ապրում էր Ասնիի (Փարիզի արվարձան) իր տանը, իմ մոր հետ, վեց տարի: Երբեմն կիրակի օրերին ինձ հետը տանում էր Ժան Գուժոնի հայկական եկեղեցին»[52]: Ինչպես հետագայում կխոստովանի Լեգրանը, նրա մտքով չէր էլ անցնում երաժիշտ, առավել ևս` կոմպոզիտոր դառնալ: Սակայն վաղ հասակում բացահայտված երաժշտական բացառիկ ընդունակությունները և եզակի լսողությունն ու արտասովոր երաժշտականությունը նրան տասնմեկ տարեկանում բերում են Փարիզի կոնսերվատորիա, որտեղ աշակերտում է Նադյա Բուլանժեին: Ուսումնառության շրջանում նա կատարում է ստեղծագործական առաջին փորձերը: 1952-ին Լեգրանն ավարտում է Փարիզի կոնսերվատորիան` կոմպոզիցիայից առաջին մրցանակով: Սակայն նրան վիճակված չէր լիովին նվիրվել դասական երաժշտությանը: Դեռևս մանկական տարիներից նա տարված էր ջազով: «Ջազն ազդեց իմ ողջ կյանքի վրա,- հետագայում կխոստովանի բազմակի օսկարակիրը.- որովհետև ես մեծացել եմ նրա հետ: Ես այն դիտում եմ որպես դարի երաժշտական կարևոր հայտնագործություններից մեկը: Այն դարձել է իմ մշակույթի մի մասը, և ես նվագում եմ ջազ այնպես, ասես այն լիներ իմ սեփական լեզուն: Իմպրովիզացիաներ կատարելիս դուք ձեր մատներն ու միտքը պահում եք ճկուն ու երիտասարդ»: 20-ամյա Լեգրանը նվագախումբ է հավաքում, երգեր հորինում, շուտով դառնում նվագախմբի ղեկավար ու դիրիժոր և համագործակցում նշանավոր շանսոնիե Մորիս Շևալիեի հետ:

1950-ականների սկզբին Լեգրանն իրագործում է այն, ինչ չէր հաջողվել եվրոպացիներից ոչ մեկին. նա համատեղ ծրագրեր է իրականացնում հանրահայտ ամերիկյան ջազմեններ Դիզի Գիլեսպիի, Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրեյնի, Ստեն Գետցի և Բիլ Էվանսի հետ, որոնք գտնվում էին իրենց փառքի գագաթին և դժվարամատչելի էին Հին աշխարհի երաժիշտների համար: 1955-ին լույս է տեսնում նրա «Ես սիրում եմ Փարիզը» դեբյուտային ալբոմը, որը շուտով դառնում է գործիքային երաժշտության ալբոմների առաջատարը: Հետագայում ձայնագրած ալբոմների թիվը գերազանցում է 100-ը:

Կինոերաժշտության ասպարեզ Լեգրանը մուտք է գործում 1953-ին` հետագայում երաժշտություն գրելով 200 ֆիլմերի համար:

1961-ին սկիզբ է առնում կոմպոզիտորի և ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ժակ Դեմիի բեղմնավոր համագործակցությունը. 1961-ին նկարահանվում է «Լոլա», իսկ 1962-ին` «Հրեշտակների նեղուցը» ֆիլմերը: Երկու տարի անց ծնվում է «Շերբուրգյան հովանոցներ» մելոդրաման, որտեղ Ժ. Դեմին շարունակում է «Լոլա» ֆիլմում արծարծված երջանկության սպասումի, սիրո հավատարմության գաղափարը: Ֆիլմը վճռված է ֆրանսիական մյուզիքլի անսպասելի ոճական մաներով, որտեղ դիալոգները երգվում էին Լեգրանի երաժշտությամբ: Ֆիլմն ամբողջ աշխարհում ուշադրության արժանացավ երիտասարդ մարդկանց կործանված երջանկության թեմայով (դրանք մեծ անկեղծությամբ խաղում էին Կատրին Դենյովն ու Նինո Կաստելնուովոն)[53] և, իհարկե, Լեգրանի ցնցող երաժշտությամբ: Սրան հաջորդում է Ժակ Դեմիի ևս մեկ մյուզիքլը` «Աղջիկները Ռոշֆորից» (1968), կրկին Կ. Դենյովն ու նրա քույրը` Ֆ. Դորլեակը, բայց ֆիլմը վճռված է որպես ամերիկյան մյուզիքլ` մեծ քանակությամբ պարային համարներով:

Ահավասիկ այս երկու ֆիլմերն էլ դարձան Լեգրանի հաղթարշավի մեկնարկը. նրա երգերը, անջատվելով ֆիլմերից, երգվեցին ամբողջ աշխարհում, թարգմանվեցին տարբեր լեզուներով: Ասում են, թե Ռավելի «Բոլերոյից» հետո «Շերբուրգյան հովանոցների» երաժշտությունն ամենաշատ ինտերպրետացիաներն է ունեցել:

Լեգրանը երաժշտություն է գրել նաև «Կինը մնում է կին» (1961), «Կեցցե կյանքը» (1962), «Երբ թռչում են փասիանները» (1965), «Կյանքն ամրոցում» (1966), «Վճարեք կատակներով» (1966), «Լողավազանը» (1969), «Երջանիկ ավարտ» (1969), «Ավանակի կաշին» (1970), «Ամուսիններ և տարիներ» (1971), «Փախուստ» (1971), «Ամենակարևոր իրադարձությունն այն բանից հետո, երբ մարդը քայլեց լուսնի վրա» (1973), «Մարդը մեռավ» (1973), «Երեք հրացանակիրներ» (1973), «Ոստիկաններ և գողեր» (1973), «Կեսգիշերվա մյուս կողմը» (1977), «Բոլերո» (1981), «Մեկը և մյուսը» (1981), «Երբեք մի ասա «երբեք» (1983), «Միացված գծեր» (1988), «Կրկին սիրահարվելով» (1991), «Թշվառները» (1995), «Մադլեն» (1998), «Երկնագույն հեծանիվ» (2000) և էլի շատ ու շատ ֆիլմերի համար:

Զուգահեռաբար Լեգրանը հանդես է գալիս որպես դիրիժոր և դաշնակահար` դասական երաժշտության կատարմամբ, երբեմն հորինել է իր երգերի տեքստերը, նկարահանվել կինոյում, իսկ 1989-ին սեփական սցենարով նկարահանել «Հինգ օր հունիսին» ինքնակենսագրական ֆիլմը: Աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Շառլ Ազնավուրի, Մորիս Շևալիեի, Մայլս Դևիսի, Էդիտ Պիաֆի, Բարբարա Սթրեյզանդի, Լայզա Մինելիի, Թամարա Գվերցիդելիի հետ: Նրա երգերը կատարել են քույրը` Քրիստին Լեգրանը, հետագայում դուստրը` Քրիստինը և որդին` Բենժամինը:

Մշտարթուն է Լեգրանի կապը հայրենիքի, իր արմատների հետ: 1987-ին կոմպոզիտորը քրոջ հետ այցելում է Հայաստան և տասնամյակներ անց կատարում մորական պապին տված երդումը: Ոտք դնելով հայրենի հողին` նա ասում է. «Իղձս կատարվեց: Ես Հայաստանում եմ»[54]: Միշել և Քրիստին Լեգրանների համերգները Երևանում ընդունվում են բացառիկ ջերմությամբ: Իսկ «Նյու Յորք թայմսին» 1999-ին տված հարցազրույցում նա խոստովանում է. «Ութ տարի առաջ քրոջս հետ մենք մի շաբաթ անցկացրինք Երևանում, որտեղ գտանք մեր ազգականներից ոմանց: Ինձ համար հետաքրքիր էր իմ արմատներին առնչվելը: Երևանի ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալը մեծ ուրախություն էր: Ես զգում էի, որ վերագտնում եմ իմ զարմիկներին, եթե ոչ եղբայրներիս: Դա գեղեցիկ էր և հուզիչ»[55]

 

 

 

 

 

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

«Առնո Բաբաջանյանը մեկն էր այն քչերից,

ում անունն ու ստեղծագործությունը նվաճեցին

համաժողովրդական սեր և ճանաչում:

Ես երջանիկ եմ, որ այդպիսի ընկեր եմ ունեցել»[56]:

ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

 

Սրանից ճիշտ 25 տարի առաջ, 1983-ի նոյեմբերի 11-ին հայ և ողջ սովետական ժողովրդին ցնցեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971), ԽՍՀՄ Պետական մրցանակների (1951, 1953), ՀԽՍՀ պետական մրցանակների (1967, 1983, հետմահու) դափնեկիր, տաղանդավոր կոմպոզիտոր և փայլուն դաշնակահար, երգի անզուգական վարպետ Առնո Բաբաջանյանի մահվան գույժը: Կորուստն անդառնալի էր, ցավը` անամոքելի: «Առնոյի հուղարկավորությունը,- հետագայում կհիշի Ալ. Հարությունյանը,- առանց չափազանցության, իսկապես համաժողովրդական վշտի անկեղծ դրսևորման վերածվեց: Անընդհատ հնչում էին հրաժեշտի հուզումնալից խոսքեր, իսկ ես մի տեսակ մթագնության մեջ էի ու այդ խոսքերի իմաստը չէի ընկալում: Այդ դառը րոպեներին աչքերիս առջևով սլացավ համատեղ ապրած մեր ողջ կյանքը»[57]:

Արդեն քառորդ դար է, ինչ մեզ հետ չէ մեծ կոմպոզիտորը, սովետական երգի ականավոր վարպետը[58]: Սակայն այսօր էլ, ինչպես նրա կենդանության օրոք և անցած քառորդ դարի ընթացքում, հայերեն և ռուսերեն լեզուներով, չնվազող սիրով ու ոգևորությամբ են կատարվում նրա թողած երգերը, որոնցից շատ-շատերը ստեղծման առաջին իսկ օրերից դառնում էին շլյագերներ, և դրանք երգում էր ողջ երկիրը` Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, Մոսկվայից` Երևան…

Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921-ի հունվարի 22-ին, մաթեմատիկայի ուսուցիչ, երաժշտության սիրահար Հարություն Բաբաջանյանի հարկի ներքո, որը նաև հոյակապ ֆլեյտա էր նվագում: Արդեն 3-4 տարեկանում դրսևորվում են ապագա կոմպոզիտորի երաժշտական բացառիկ ընդունակությունները. նա արագորեն տիրապետում է ֆիսհարմոնիային և տանը լսած մեղեդիները նվագում մանկապարտեզի դաշնամուրի վրա: Օրերից մի օր մանկապարտեզից տուն գալով` Առնոն պատմում է հորը Մոսկվայից եկած մի «քեռու» մասին, որն այցելել էր մանկապարտեզ, ստուգել բոլոր մանչուկների լսողությունն ու երաժշտական տվյալները, ապա ցույց տվել Առնոյին և ասել. «Այս տղան անպայման պետք է երաժշտություն սովորի»: Հայրը` Հարություն Յակովլևիչը, պատասխանել էր. «Ես այդ քեռուց շուտ գիտեի, որ դու պետք է երաժշտություն սովորես»[59]: Ինչ իմանային, որ Մոսկվայից եկած «քեռին» հենց ինքը` Արամ Խաչատրյանն էր: Հիրավի, քչերին է բախտ վիճակվել երաժշտության աշխարհ մուտք գործելու օրհնությունը ստանալ Ա. Խաչատրյանից, այն էլ` մանկապարտեզում, 4 տարեկան հասակում: Հետագայում նրանց միջև պիտի ստեղծվեր ջերմ բարեկամություն, իսկ հանճարեղ կոմպոզիտորի հանդեպ Ա. Բաբաջանյանի երախտագիտության վկայություններից մեկը` նրա հիշատակին նվիրված «Էլեգիան» պիտի դառնար երաժիշտների ու երաժշտասերների ամենասիրված ստեղծագործություններից մեկը: Դա` հետագայում: Իսկ մինչ այդ…

Իննամյա Առնոն գրում է իր անդրանիկ opus-ը` «Պիոներական քայլերգը», որը 1932-ին հրատարակում է Հայպետհրատը` 1000 օրինակ տպաքանակով: Հրատարակության նախաձեռնությունը Չարենցինն էր. «Մի անգամ,- հետագայում կհիշի Հայպետհրատի երաժշտական բաժնի ղեկավար Մ. Մազմանյանը,- Չարենցը մեզ հաղորդեց իր հիացմունքը նախորդ օրը մի շնորհալի երեխայի ունեցած ելույթի մասին. Առնոյի հեղինակած «Պիոներական քայլերգը» նրան շատ էր դուր եկել: Տեսնելով երեխայի ինքնատիպ տաղանդը` Չարենցը որոշում է խրախուսել նրան և լույս ընծայել քայլերգը»[60]: Բնագրի վրա Չարենցը մակագրում է «opus 1»:

Բնությունը շռայլորեն էր օժտել Ա. Բաբաջանյանին: Սակայն պակաս կարևոր դեր չունեցավ նրա մասնագիտական հիմնարար կրթությունը: 1947-ին Բաբաջանյանը էքստերն ավարտում է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ֆակուլտետը` ազգային երաժշտության հիմքով կոմպոզիցիայի դասավանդման դպրոցի հիմնադիր Վարդգես Տալյանի (1896-1947) դասարանը[61]: Նույն թվականին Պրահայում կայացած դեմոկրատական երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա «Վաղարշապատի պարը», «Պրելյուդն» ու «Էքսպրոմտը» արժանանում են առաջին մրցանակին: Արդեն պարզորոշ ուրվագծվում է տաղանդավոր կոմպոզիտորի հետագա ստեղծագործական ուղին:

1948-ին Ա. Բաբաջանյանն ավարտում է Մոսկվայի կոնսերվատորիայի` սովետական պիանիզմի դպրոցի հիմնադիրներից մեկի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր, խոշոր մանկավարժ Կոնստանտին Իգումնովի (1873-1948) դաշնամուրային դասարանը[62]. ուսուցիչը շատ բարձր էր գնահատում Բաբաջանյան դաշնակահարին: Մինչ այդ Ա. Բաբաջանյանն աշակերտել էր նրան 1942-ին, Երևանում, երբ այստեղ էր էվակուացվել ականավոր դաշնակահարը[63]: Ա. Բաբաջանյանը փայլուն դաշնակահար էր. նա առանձնապես հռչակվեց իր ստեղծագործությունների կատարմամբ: 1946-48-ին Բաբաջանյանը կատարելագործվում է Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում` Գ. Լիտինսկու, Ն. Պեյկոյի, Վ. Ցուկերմանի ղեկավարությամբ: Վաղ շրջանի նրա գործերից են Լարային N1 կվարտետը (1943), Դաշնամուրային կոնցերտը (1944), Լարային N2 կվարտետը (1947) և Ջութակի կոնցերտը (1949):

1950-ին Ա. Բաբաջանյանը վերադառնում է հայրենիք և դասավանդում Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանում` շարունակելով ստեղծագործել: Նույն թվականին Ալ. Հարությունյանի հետ ստեղծած «Հայկական ռապսոդիան» լայն ժողովրդականություն վայելեց և հնչեց աշխարհի տարբեր բեմահարթակներում` հեղինակների անզուգական կատարմամբ: Բաբաջանյանի անհատական ոճը լիարժեք դրսևորվում է «Հերոսական բալլադում» (1950, ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1951)[64], ապա` Դաշնամուրային տրիոյում (1952): 1959-ին նա գրում է Ջութակի և դաշնամուրի սոնատը, 1962-ին` Թավջութակի կոնցերտը, իսկ Լարային N3 կվարտետը նվիրում Դ. Շոստակովիչի հիշատակին` ի նշան մեծ կոմպոզիտորի նկատմամբ տածած անկեղծ հարգանքի: Ա. Բաբաջանյանի նորարարական գործերի շարքում են «Պոլիֆոնիկ սոնատը» (1947, 2-րդ խմբ.` 1956) և «Վեց պատկեր» շարքը (1965, ՀԽՍՀ Պետական մրցանակ` 1966):

Սակայն այս ամենով հանդերձ` կոմպոզիտորի համար բախտորոշ ժանր դարձավ երգը, որն ուղեկցեց նրան ստեղծագործական ողջ կյանքում: Եվ դա պատահական չէր. չէ՞ որ կոմպոզիտորի մանկական տարիներին Երևանում տարածված ու սիրված էր Պեպոյի երգը` «Պեպո» ֆիլմից, և Ա. Խաչատրյանի երգի սիրահարների թվում էր նաև Առնոն:

Հենց երգերում, թատերական ներկայացումների համար գրած երաժշտության (Վ. Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է», Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) և կինոերաժշտության («Հասցեատիրոջ որոնումները», «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ», «Առաջին սիրո երգը», համահեղինակ` Ղ. Սարյան, «Անդրաշխարհյան փեսացուն», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Երջանկության մեխանիկա», ՀԽՍՀ Պետ. մրց.` 1983, ինչպես նաև «Հարսնացուն Հյուսիսից»[65], «Մրցույթի էին եկել խոհարարները» և այլ հեռուստաֆիլմեր) մեջ էլ առավելագույնս դրսևորվեց Ա. Բաբաջանյանի մեղեդային բացառիկ տաղանդը:

1956-ին Բաբաջանյանը տեղափոխվում է Մոսկվա` անծայրածիր ԽՍՀՄ մայրաքաղաքը նվաճելու և սովետական երգի զարգացումն առաջ մղելու: Սկիզբ է առնում կոմպոզիտորի երկարատև ու բեղմնավոր ստեղծագործական համագործակցությունը բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ, բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973) Մուսլիմ Մագոմաևի հետ` «Благодарю тебя», «Зимняя любовь», «Пока я помню – я живу», «Позови меня», «Свадьба», «Судьба», «Вальс прощания», «Такая нам судьба дана», «Письмо», «Ноктюрн», «Прошлая осень», «Ребята, которых нет…», «Приснилось мне», «Загадай желание», «Встреча», «Моя Вселенная»… «Ես գտա Բաբաջանյանին, Բաբաջանյանը գտավ ինձ, մենք երկուսս գտանք Ռոժդեստվենսկուն: Այդպես էլ քայլեցինք մինչև վերջ»,- հետագայում կխոստովանի Մ. Մագոմաևը[66]: 1969-ի ամռանը Սոպոտում կայացած էստրադային երգի միջազգային IX փառատոնում ԽՍՀՄ միակ պատվիրակ Մ. Մագոմաևը երկրորդ մրցույթում կատարում է Ա.Բաբաջանյանի «Сердце на снегу» երգը` գրված Դմոխովսկու տեքստով, որն արտակարգ ընդունելություն է գտնում և երգչին բերում գլխավոր պարգևը: Ա. Բաբաջանյանի և Մ. Մագոմաևի տանդեմը բազմազգ Խորհրդային Միության եղբայրական ժողովուրդների ստեղծագործական դաշինքի մի վառ օրինակ էր, դաշինք, որի անդամներից յուրաքանչյուրն արդեն դարձել էր խորհրդային երաժշտարվեստի յուրօրինակ խորհրդանիշ[67]: 20 տարի առաջ գրչի մեկ հարվածով կործանվեց հզոր Խորհրդային Միությունը, խարխլվեց սովետական երաժշտական մշակույթը, իսկ երբեմնի ինտերնացիոնալ երկրում արարող տարբեր ազգերի ներկայացուցիչները հայտվեցին բարիկադների հակառակ կողմերում, հակամարտող բանակներում: Կոմպոզիտորի մահից շուրջ 20 տարի անց` 2002-ին, Մ. Մագոմաևը «Աստղեր, որոնք չեն մարում» շարքից ձայնագրում է «Воспоминания об А. Бабаджаняне и Р. Рождественском» խտասալիկը:

Բացառիկ էր Ա. Բաբաջանյանի և Եվգենի Եվտուշենկոյի («Не спеши», «Чертово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու («Год любви», «Москва-река»[68], «Верни мне музыку», «Парижский снег»), Լեոնիդ Դերբենյովի («Лучший город земли», «В нежданный час», «Ты приснишься мне») հետ համատեղ գրված երգերին բաժին ընկած հաջողությունը: Ա. Բաբաջանյանի երգերն իրար հետևից լույս աշխարհ էին գալիս երջանիկ աստղի տակ:

Արձագանքելով 1965-ին Կուբայում անցկացված գեղեցկության մրցույթին` Ա. Բաբաջանյանը գրում է «Королева красоты» երգը, որն, առաջին անգամ հնչելով ռադիոյով 1965-ին, անմիջապես դառնում է շլյագեր. դեռևս նոտաները չհրատարակված` ողջ ժողովուրդը երգում է այն: Եվ պատահական չէ, որ երգը համաժողովրդական հարցման արդյունքներով ճանաչվում է տարվա լավագույն երգ: Տեքստի հեղինակն էր Ա. Գորոխովը. նրա հետ համագործակցությամբ ծնվեցին նաև «Будь со мной», «Солнцем опьяненный», «Мир на двоих» երգերը, որոնք ևս փայլուն կատարեց Մ. Մագոմաևը:

Հիրավի, դեռևս կենդանության օրոք Ա. Բաբաջանյանն իր էստրադային երգերի շնորհիվ վայելեց սովետական ողջ ժողովրդի սերը: «Առնոյի երգերը պետք են բոլորին»,- հետագայում պիտի փաստեր Մ. Մագոմաևը:

Ա. Բաբաջանյանի կինոերաժշտությունը ևս ֆենոմեն էր. կինոֆիլմերի համար գրված երգերն անջատվում էին ֆիլմից, թարգմանվում և ապրում իրենց ինքնուրույն կյանքով` երգվելով հանրահայտ երգիչ-երգչուհիների կողմից: «Առաջին սիրո երգը» ֆիլմից (1951) Հովհ. Ղուկասյանի տեքստով գրված «Երգ առաջին սիրո» ու Վ. Հարությունյանի խոսքերով հորինված «Սիրո երգ» և «Իմ Երևան» երգերն անմիջապես հանրահայտ դարձան ու մեծ հռչակ բերեցին հեղինակին: Իսկ ինչ վերաբերում է «Սերենադին» (Երևանի սիրուն աղջիկ), ապա այն արդեն վաղուց դարձել է ժողովրդական և քչերին է հայտնի, որ այդ երգի հեղինակը Բաբաջանյանն է: Շուտով` 1959-ին, ֆիլմի մեծ ժողովրդականություն վայելած չորս երգերը հրատարակում է Հայպետհրատը` հայերեն և ռուսերեն տեքստերով[69]: Ծանրակշիռ էր ականավոր կոմպոզիտորի ներդրումը գործիքային ջազի, երաժշտական-թատերական ժանրերի բնագավառում ևս:

Իր երգերով ու կինոերաժշտությամբ Ա. Բաբաջանյանը մեծապես նպաստեց սովետական և հայկական էստրադային երաժշտության զարգացմանը: Նա ազգային մեղեդիները հարստացնում էր` դրանք օժտելով ժամանակակից դինամիկ ռիթմերով, հարմոնիկ թարմ հնչողությամբ: Նա երգերն ու էստրադային նվագախմբի համար գրված գործիքային ստեղծագործությունները սիրով էր ընդունում ունկնդիրը:

«Ո՞րն է Ձեր ամենասիրելի երգը» հարցին Ա. Բաբաջանյանը պատասխանել է.-«Այն դեռևս չեմ գրել»: Այդպես էլ հեռացավ երգի անզուգական վարպետը մեզանից` դեռևս չստեղծած իր ամենասիրելի երգը: Սակայն նրա երգերը սիրեց ու երգեց ժողովուրդը: Երգեց թե´ հայերեն, թե´ ռուսերեն: Նրա երգերը կատարեցին թե´ սովետական և թե´ ռուսական էստրադային երաժշտության աստղերը, ռուսական ժողովրդական երգի վարպետները, օպերային երգիչները… Իսկ «Ազգ փառապանծը» Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ հիրավի հնչում է և կհնչի որպես հայ ժողովրդի հավերժության ձոն:

Եվ այսօր` ականավոր կոմպոզիտորի մահից քառորդ դար անց, անհրաժեշտ է ի մի բերել նրա` տարբեր արխիվներում և մասնավոր հավաքածուներում ցրված ստեղծագործական ողջ ժառանգությունը, որը սպասում է իր երաժշտագետ-հետազոտողին: Վաղուց է հասունացել Բաբաջանյանի երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական հրատարակության իրականացման հարցը:

 

ՄԻՔԱՅԵԼ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ

 

2008թ. մայիսի 29-ից հունիսի 4-ը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների կողմից անցկացվող Հայաստանում Ռուսական օրերի շրջանակներում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում կայացավ «Միքայել Թարիվերդիևի երաժշտության օրերը» փառատոնը: Պատմական հայրենիքում առաջին անգամ ներկայացվեց նշանավոր կոմպոզիտոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1986), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977), Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1977), ֆիլմի համար լավագույն երաժշտության «Նիկա» մրցանակի եռակի դափնեկիր (1991, 1994, 1997), միջազգային 18 մրցանակների դափնեկիր Թարիվերդիևի երաժշտությունը նման խոշոր մասշտաբներով: Երևանում Մոսկվայի տանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Կամերային երաժշտության տանը, Շուշվա կինոթատրոնում տեղի ունեցած համերգներին մասնակցեցին Տատյանա Կուինջին, Ալեքսեյ Գորիբոլը, «Մերիդիան» տրիոն, Աննա Մայիլյանը, Շուշան Պետրոսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ: Հնչեցին «Սպասում» մոնոօպերան, կամերային գործերը, վոկալ շարքերը և կինոֆիլմերի հանրահայտ երաժշտությունը: Կոմպոզիտորի երգեհոնային ստեղծագործությունը կատարեցին Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթների դափնեկիրներ Եկատերինա Մելնիկովան (Ռուսաստան), Ժան-Պիեր Ստայվերսը (Նիդեռլանդներ) և Հովհաննես Մանուկյանը (Հայաստան): Ցուցահանդեսում ցուցադրվեցին լուսանկարներն ու արխիվային նյութերը, ներկայացվեց Մ. Թարիվերդիևի ֆոտոաշխատանքների ցուցահանդեսը:

Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931-ի օգոստոսի 15-ին, Թբիլիսիում: Մայրը` թիֆլիսահայերի հարուստ ընտանիքից սերող Սաթենիկ Հակոբովան, քաղաքացիական պատերազմի տարիներին հրապուրվում է բոլշևիկյան գաղափարներով և վրաց մենշևիկների «շնորհիվ» հայտնվում բանտում: Հայրը` Ղարաբաղի խոշոր հողատերերի տոհմին պատկանող Լևոն Թարիվերդիևը, նույնպես հարում է Կարմիրներին և ղեկավարում Թիֆլիս մտած կարմիրբանակային հեծյալ գունդը, որն առաջին հերթին ազատագրում է բանտարկված բոլշևիկներին: Ըստ ընտանեկան լեգենդի` այդտեղ էլ տեղի է ունենում Միքայելի ապագա ծնողների հանդիպումը` գնդի հրամանատարի վզով է ընկնում գեղեցիկ աղջիկը, որին կարմիր հեծյալը սիրում է ամբողջ սրտով:

Ցավոք, կարճատև էր Մ. Թարիվերդիևի մանկությունը. շուտով հայրը բռնադատվում է. «Հիշում եմ, թե ինչպես փողն իսպառ անհետացավ: Մենք սնվում էինք կարտոֆիլով ու թեյով, բայց այդ ամենը ես թեթև էի տանում»,- տարիներ անց կպատմի կոմպոզիտորը:

Վեցամյա Թարիվերդիևն ընդունվում է Թբիլիսիի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը. ութ տարեկանում նա արդեն հեղինակել էր դաշնամուրային մի քանի պիեսներ, իսկ տասը տարեկանում` ամբողջ սիմֆոնիա: 1945-ին նրա մեկ գործողությամբ «Հարցաքննություն» բալետը բեմադրվում է Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերային թատրոնում[70]` երկու տարի պահպանվելով խաղացանկում:

Միջնակարգ երաժշտական կրթությունը Թբիլիսիում ստանալուց հետո Մ. Թարիվերդիևն ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիա և Գրիգոր Եղիազարյանի դասարանում մեկ տարի սովորելուց հետո Արամ Խաչատրյանի խորհրդով տեղափոխվում Մոսկվա: Բավական վաղ սկսվեց ապագա կոմպոզիտորի մուտքը երաժշտական աշխարհ. երրորդ կուրսում հրատարակվում են նրա առաջին ռոմանսները, չորրորդում` գրվում առաջին ֆիլմի երաժշտությունը:

1957-ին Մ. Թարիվերդիևն ավարտում է Գնեսինների անվան պետական մանկավարժական ինստիտուտի կոմպոզիցիայի դասարանը` աշակերտելով Ա. Խաչատրյանին: Կոմպոզիտորի դեբյուտը կայանում է Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում` նրա ռոմանսները երգում է հռչակավոր Զարուհի Դոլուխանյանը:

Իր ստեղծագործական համեմատաբար կարճատև կյանքի ընթացքում Թարիվերդիևը խոր հետք թողեց սովետական և ռուսական երաժշտության պատմության մեջ: Նրա ժառանգությունը բազմաժանր է ու մեծարժեք. գործունեության հիմնական բնագավառներն են երաժշտական թատրոնն ու կամերային երաժշտությունը: Նրա գրչին են պատկանում «Ո՞վ ես»[71] (օպերա երիտասարդների համար, լիբրետոն` ըստ Վասիլի Ակսյոնովի «Пора друг мой, пора» պատմվածքի), «Մանդարիններ Մոնակոյից» (ըստ Ա. Վոզնեսենսկու, Ե. Վինոկուրովի, Ե. Եվտուշենկոյի, Ռ. Ռոժդեստվենսկու, Ս. Կիրսանովի և այլոց բանաստեղծությունների), «Կոմս Կալիոստրո» (օպերա-բուֆ, Ա. Տոլստոյի համանուն պատմվածքի մոտիվներով, 1983)[72], «Սպասում» (մոնոօպերա, 1985)[73], «Ֆիգարենկոյի ամուսնությունը» (երգիծական օպերա Բոմարշեի մոտիվներով) օպերաները, «Ծովափին» և «Հարցաքննություն» մեկ գործողությամբ, «Երջանկության պոեմ», «Գեռնիկա» (1984) և «Աղջիկը և մահը» (ըստ Մ. Գորկու, 1987) երկու գործողությամբ բալետները, Ջութակի N1 (1982) և N2 (1992) կոնցերտները, Կոնցերտը ալտի և լարայինների համար ռոմանտիկական ոճով (1994)[74], Դաշնամուրի, ջութակի և թավջութակի տրիոն, 24 պիեսից բաղկացած «Տրամադրություններ» դաշնամուրային շարքը: Ժառանգության կարևոր մասն են վոկալ ստեղծագործությունները` Երեք ռոմանս Ավ. Իսահակյանի խոսքերով (1955), Շեքսպիրի երեք սոնետ (1956), «Акварели» վոկալ շարքը` միջնադարյան ճապոնական բանաստեղծների տեքստերով (1957), Վոկալ շարք Մայակովսկու խոսքերով (1958), Երեք ռոմանս Կիրսանովի խոսքերով (1960), Վոկալ շարք Լ. Մարտինովի խոսքերով (1962), Երկու երգ Ն. Դոբրոնրավովի խոսքերով (1963), Վոկալ շարք Բ. Ախմադուլինայի խոսքերով (1963), «Մնաս բարով, զենք» վոկալ շարքը Է. Հեմինգուեյի խոսքերով (թարգմ.` Վոզնեսենսկու), ինչպես նաև երգեր ու ռոմանսներ Մ. Լերմոնտովի, Ռ. Ռոժդեստվենսկու, Լ. Աշկենազիի, Ա. Վոզնեսենսկու, Մ. Ցվետաևայի, Բ. Պաստերնակի և այլոց տեքստերով: «Թարիվերդիևյան բուն երգայինը` երգ, ռոմանս, երգաշար, ինչպես և շուբերտյանը, խորապես միահյուսվում է բանաստեղծական խոսքին` նրա իմաստին, հնչական, տաղաչափական, կառուցվածքային հատկանիշներին: Այսպիսի մոտեցմամբ են երաժշտավորված Շեքսպիրի, Հեմինգուեյի, Եսենինի, Մայակովսկու, Իսահակյանի, Ախմատովայի, Ցվետաևայի, Կիրսանովի, Վինոկուրովի, Վոզնեսենսկու, ճապոնացի բանաստեղծների քերթվածները, ինչպես և վերստին շուբերտյան մոտեցմամբ ստեղծված երգաշարերը»[75]: Հատուկ ուշադրություն է հատկացրել կոմպոզիտորը երգեհոնի համար գրված ստեղծագործություններին` Կոնցերտ երգեհոնի համար. «Կասանդրա» (1985), Սիմֆոնիա երգեհոնի համար. «Չեռնոբիլ» (1988)[76], Կոնցերտ երգեհոնի համար. «Պոլիֆոնիկ տետր» (1998), Չորս պիես երգեհոնի համար (1989), Տասը խորալ երգեհոնի համար (1995): Կոմպոզիտորի մահից 3 տարի անց[77]` 1999-ին, հիմնադրվում է Ռուսաստանում անցկացվող երգեհոնահարների միակ` Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը, որն անց է կացվում երկու տարին մեկ, Կալինինգրադում[78]:

Սակայն, այդուամենայնիվ, Թարիվերդիևին առավել ժողովրդականություն բերեց կինոերաժշտությունը: Նա երաժշտություն է գրել 132 ֆիլմի համար: Դժվար էր գտնել Խորհրդային Միությունում որևէ մեկին, որին ծանոթ չլիներ «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» հեռուստաֆիլմերի երգերի հեղինակի անունը: Նրա կինոերաժշտության մեջ որոշիչ ու առանցքային տեղ է գրավում երգը` օժտված ներքին մենախոսության գործառույթով: Առավել նշանակալի ֆիլմերն են` «Прощай», «Король-олень», «Пятнадцатая весна», «Семнадцать мгновений весны», «Пропавшая экспедиция», «Ирония судьбы, или с легким паром», «Золотая речка», «Старомодная комедия», «Адам женится на Еве», «Ученик лекаря» և այլն[79]:

«Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստաֆիլմն այս տարի բոլորում է իր ստեղծման 35 ամյակը: 1978-ին ֆիլմը ներկայացվում է ԽՍՀՄ Պետական մրցանակի, բայց, ցավոք, մրցանակ չի ստանում: Ֆիլմի սիրահարների թվում էր Լ.Ի. Բրեժնևը: Մահից ոչ շատ առաջ նա խնդրում է բերել ֆիլմը, ապա իրար հետևից մի քանի անգամ դիտում բոլոր սերիաները: Կինոդիտումից հետո Լեոնիդ Իլյիչն արտասվում է ու բացականչում. «Какая прекрасная музыка! Какой огромный труд композитора»[80]: Կոմպոզիտորն արժանանում է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի: Եվ այսօր էլ, 35 տարի անց, մեծ սիրով ու ջերմությամբ են հնչում ֆիլմի` Ռ. Ռոժդեստվենսկու խոսքերով գրված «Мгновения», «Песня о далекой родине», «Города», «А ты полюбишь», «Прелюдия для Кэт», «Двое в кафе», «Весна» և «Побег» երգերը, որոնք երբեք չեն կորցնի իրենց հմայքը:

1977-ին ԽՍՀՄ Պետական մրցանակի արժանացած «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» հեռուստաֆիլմից «Со мною вот что происходит» (խոսք` Ե. Եվտուշենկոյի), «У зеркала» (խոսք` Մ. Ցվետաևայի), «Никого не будет в доме» (խոսք` Բ. Պաստերնակի), «По улице моей который год» (խոսք` Բ. Ախմադուլինայի), «Я спросил у ясеня» (խոսք` Վ. Կիրշոնի), «Мне нравится, что вы больны не мной» (խոսք` Մ. Ցվետաևայի) երգերն իրենց քնարականությամբ և հուզական արտահայտչականությամբ կապրեն հավերժ: Եվ պատահական չէ, որ Թարիվերդիևը ստեղծման առաջին իսկ օրվանից ղեկավարել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի կոմպոզիտորների գիլդիան: Դեռևս կենդանության օրոք, ի գնահատանք սովետական կինոերաժշտության ասպարեզում ունեցած ծանրակշիռ ավանդի` 1988-ին «Կինոտավրոս» ռուսական բաց կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում հիմնադրվում է Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակը` լավագույն երաժշտության համար: 2008-ի հունիսի 23-ին «Կինոտավրոս» փառատոնում արդեն տասներորդ անգամ շնորհվեց Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակը` լավագույն երաժշտության համար, որին արժանացավ Ալեքսեյ Այգին` Մ. Կալատոզիշվիլու «Дикое поле» ֆիլմի համար:

Ավարտելով անդրադարձը Մ. Թարիվերդիևի երգարվեստին` զարմանալի պատահականությամբ նկատեցի, որ այսօր օգոստոսի հենց 15-ն է` կոմպոզիտորի ծննդյան օրը: Դե, ուրեմն, թող օրհնյալ լինի արդեն քանի-քանի սերունդների սիրելի երգերի հեղինակի ծնունդը, ով մեզ իր անզուգական արվեստով պարգևել է հիացմունքի ու հուզմունքի բազում «տասնյոթ ակնթարթներ» և անմահացրել իր անունը երախտապարտ սերունդների հիշողության մեջ:

ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՏԻԳՐԱՆ ՉՈՒԽԱՃՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

 



[1] Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», Երևան, 2004, էջ 376:

[2] Գասպարյան Ս., «Ազնավուրը ծանոթ և անծանոթ (կենսագրականը` Ս. Գասպարյանի)», Երևան, 1991, էջ 15:

[3]Քնար Բաղդասարյանի անձնական փաստաթղթերը վառվել էին Զմյուռնիայում տեղի ունեցած վայրագությունների ընթացքում:

[4]Շ. Ազնավուրի մասին տես Ազնավուր Շ., «Ազնավուրը Ազնավուրի մասին», Երևան, 1976: Գասպարյան Ս., «Ազնավուրը ծանոթ և անծանոթ (կենսագրականը` Ս. Գասպարյանի)», Երևան, 1991: Ազնավուր Շ., «Երգեր և բանաստեղծություններ», Երևան, 1999: Ազնավուր Շ., «Անցած օրեր. հուշեր», Երևան, 2004: Բրուտյան Ց., «Սփյուռքահայ մշակույթը», Երևան, 1982, էջ 336-337: Բրուտեան Ց., «Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները», Երեւան, 1996, էջ 328-330:

[5]«Մայրս արդեն նավի վրա է լինում,- հետագայում կհիշի աշխարհահռչակ շանսոնիեն,- երբ մի թուրք զինվորական, արհամարհելով հորս անձնագիրը, հայերենը լսելով փակում է նրա ճանապարհը: Օգնության է հասնում նավի հրամանատարը` գոչելով, թե նավը միջազգային տարածք է և ոչ ոք ոչ մի դեպքում չի կարող խանգարել ուղևորին բարձրանալ այնտեղ»:

[6] Գասպարյան Ս., «Ազնավուրը ծանոթ և անծանոթ», էջ 21:

[7] Տես Аида Азнавур-Гарваренц. «Мой брат, Шарль Азнавур. Роман-воспоминание», перевод Григора Джаникяна и Ирины Карумян, «Дружба народов», 2005, 2:

[8] «Douchka» օպերետնԱզնավուրն ստեղծել է Ժորժ Կառվարենցի հետ:

[9] Մյուզիքլը նվիրված է ֆրանսիացի նկարիչ Անրի Թուլուզ-Լոտրեկին: «Loutrec» մյուզիքլի պրեմիերան կայացավ Լոնդոնում, նույն թվականի ապրիլին և ջերմորեն ընդունվեց քննադատների կողմից:

[10] Գրվել է 1964-ին, դարձել հիթ և վաճառվել 1 միլիոն 350 հազար տպաքանակով:

[11] Բախչինյան Ա., Հայերը համաշխարհային կինոյում, էջ 373:

[12] Տասներեք տարեկանում Շառլը Օդեոն թատրոնում «Մարգո» պիեսում հանդես է գալիս Հենրի IV-ի դերով:

[13] Տես Лилоян Т. «Я слушал время... », «Советская культура», 31 марта, 1988:

[14] Տես «Аида Азнавур-Гарваренц. Мой брат, Шарль Азнавур. Роман-воспоминание»:

[15] Ազնավուր Շ., «Ազնավուրը Ազնավուրի մասին», էջ 189:

[16] Նույն տեղում:

[17] Նույն տեղում, էջ 190:      

[18] Կինոյում Շ. Ազնավուրի գործունեության մասին տես Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 373-379:

[19] «Mourir d'aimer»-ի համար կոմպոզիտորը Վենետիկի կինոփառատոնում արժանանում է «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակին:

[20] Անհայրենիք, քաղաքացիություն չունեցող անձի այս կարգավիճակը` Նանսենյան անձնագրեր, 1915-ից հետո տրվում էր Օսմանյան Թուրքիայից փախած և այլ երկրներում ապաստանած հայերին:

[21] Վերապրող (անգլ.):

[22] Ազնավուր Շ., «Անցած օրեր. հուշեր», էջ 13:

[23] Նույն տեղում, էջ 19:

[24] Տես Ազնավուր Շ., «Անցած օրեր. հուշեր»: Հուշագրության առանձին պատառիկներ տպագրվել են ռուսերեն. Տես «Новое время». 17 декабря, 2005, стр. 7.

[25] Տես Лилоян Т. «Я слушал время... »:

[26] Հետագայում իր անձնական նավն Ազնավուրը կանվանի «Սայաթ-Նովա»:

[27] Տես Лилоян Т. «Я слушал время... »:

 

[28]1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

[29]1988-ից ավելի քան 10 անգամ եղել է Հայաստանում, այցելել աղետի գոտի, համերգներով հանդես եկել Երևանում: Ի նշան երախտագիտության` Ազնավուրին շնորհվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր. Նա ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է (1995-ից), ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում (1989-ից): Ազնավուրի անունով են կոչվում հրապարակներ Երևանում և Գյումրիում (տեղադրված է նաև Ազնավուրի արձանը, քանդակագործ` Ս. Պետրոսյան, 2000): Շուտով Երևանում իր դռները կբացի նրա տուն-թանգարանը:

[30] Երգի տեքստը գրում է Ազնավուրը, իսկ մեկ օր անց Կառվարենցը հորինում է մեղեդին:

[31] Գասպարյան Ս., «Ազնավուրը ծանոթ և անծանոթ», էջ 51:

[32] Чахмахчян Л. «Армения, 1988. испытание декабрем». Москва, 2002, стр. 152.

[33] Երգի տեքստի հայերեն թարգմանությունը տարիներ առաջ` 1989-ի նոյեմբերի 15-ին հեղինակին է նվիրել նրա դասախոսը` կոմպոզիտոր Գևորգ Արմենյանը:

[34] Տես Лилоян Т. «Я слушал время... »:

[35]  «Жизнь-интересный проект. Шарль Азнавур собирается в Кремль». «Голос Армении», 1 октября, 2005.

[36] Տես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 2008, 3 հուլիսի, էջ 4:

[37] Տես Лилоян Т. «Я слушал время... »:

[38] Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 437:

[39] Լույս են տեսել Գևորգ Կառվարենցի «Ծովեր» (1913), «Գերեզմանի ծաղիկներ» (1921), «Տաւիղ էվոլեան» (1931), «Բանաստեղծութիւն» (1977) բանաստեղծությունների ժողովածուները: Մահացել է 1946-ի սեպտեմբերի 5-ին, Միլանում: Թաղված է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը:

[40] Աիդա Ազնավուրն ու Ժորժ Կառվարենցն ամուսնացել են 1965-ի սեպտեմբերի 18-ին. Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում կայացած նրանց պսակադրությանը մասնակցել են կինոաստղեր և երգարվեստի վարպետներ Ջինա Լոլոբրիջիտան, Ժան Մարեն, Միշել Մորգանը, Մորիս Շևալիեն, Ջոնի Հոլիդեյը, Էնրիկո Մասիասը, Դալիդան, Անրի Վերնոյը և այլք: «Նրանցից ոմանք, առաջին անգամ լինելով հայկական եկեղեցում, իրենց հիացմունքն են հայտնել լրագրողներին հայ եկեղեցական երաժշտության մասին, մասնավորապես, Մորիս Շևվալիեն չի թաքցրել զարմանքը հայկական շարականների և քառաձայն երգչախմբի վերաբերյալ» (Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 436):

[41] Կառվարենցի պապը կաթոլիկություն էր ընդունել. նա թուրքերեն խոսում էր ավելի լավ, քան հայերեն և սիրում էր կրկնել, որ թշնամու լեզուն պետք է իմանալ նրանից լավ:

[42] Ժ. Կառվարենցի արմատների մասին տես «Аида Азнавур-Гарваренц. Мой брат, Шарль Азнавур. Роман-воспоминание»:

[43] Ժ. Կառվարենցի մասին տես Բրուտյան Ց., «Սփյուռքահայ երաժշտական մշակույթը», Երևան, 1982, էջ 292-294:

[44] Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 436:

[45] Որոշ ֆիլմերում կոմպոզիտորն օգտագործել է հայկական երաժշտություն:

[46] Բրուտյան Ց., «Սփյուռքահայ երաժշտական մշակույթը», էջ 293:

[47] Նույն տեղում:

[48] Նույն տեղում:

[49] Կառվարենցը մահացել է 1993-ի մարտի 21-ի, Փարիզում:

[50] Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 434:

[51] Մոր հայրը` Սարգիս Տեր-Միքայելյանը, Եղեռնից մազապուրծ` ապաստանել է Ֆրանսիայում և ամուսնացել ֆրանսուհու հետ:

[52] Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 434:

[53] Ֆիլմում ձայնագրվել են Քրիստին և Միշել Լեգրանները:

[54] Բախչինյան Ա., «Հայերը համաշխարհային կինոյում», էջ 434:

[55] Նույն տեղում:

[56] Эдвард Мирзоян. «Фрагменты». Ереван, 2005, стр. 281.

[57] Ալեքսանդր Հարությունյան, «Հուշեր», Երևան, 2000, էջ 96:

[58] Ա.Բաբաջանյանի մասին տես Թաշչյան Ս., «Առնո Բաբաջանյան», Երևան, 1961: Григорян А. «Арно Бабаджанян». М., 1961: Аматуни С. «Арно Бабаджанян». Ереван, 1985: Тероганян М. «Арно Бабаджанян». М., 2001:

[59] Эдвард Мирзоян. «Фрагменты», стр. 273.

[60] Թաշչյան Ս., «Առնո Բաբաջանյան», էջ 12-13:

[61] Վ. Տալյանի սաներից են Ալ. Հարությունյանը, Էդ. Միրզոյանը, Ղ. Սարյանը, Ա. Խուդոյանը, Ա. Մերանգուլյանը, Ռ. Աթայանը և այլք:

[62] Կ. Իգումնովի սաների թվում էին Լև Օբորինը և Յակով Ֆլիերը:

[63] Այդ օրերին Փոքր դահլիճում կայանում է Իգումնովի հոբելյանական համերգը, որտեղ Բաբաջանյանը նվագում է Բալակիրևի «Իսլամեյը»: Կատարումից հետո Իգումնովը Բաբաջանյանին ասում է. «Կարող ես համարել, որ «Իսլամեյից» հետո որևէ ստեղծագործություն քեզ համար դժվարություն չի ներկայացնի» (տես Ալեքսանդր Հարությունյան, «Հուշեր», էջ 19):

[64]«Հերոսական բալլադը» բազմիցս հնչել է Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Բրյուսելում, Վիեննայում: Բացի հեղինակից, կոնցերտը կատարել են Է. Գիլելսը, Վ. Մերժանովը, Վ. Վլասենկոն և ուրիշներ (տես Маргарян Г. «Жанр фортепианного концерта в творчестве армянских композиторов. Тенденции его развития (1950-1980-е гг.)», Ереван, 2008, էջ 52):

[65]1973-ին «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմի համար գրված «Тополиный пух» երգը կատարել է Վալենտինա Տոլկունովան:

[66] Մ. Մագոմաևի երգացանկում տեղ են գտել նաև Բաբաջանյանի մյուս երգերը` «Не спеши», «Чертово колесо», «Твои следы», «Год любви», «Москва-река», «Верни мне музыку», «Лучший город земли», «В нежданный час», «Ты приснишься мне», «Будь со мной», «Солнцем опьяненный», «Мир на двоих» և այլն:

[67] Մ. Մագոմաևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման է արժանացել ընդամենը 31 տարեկանում, իսկ ճանաչում ձեռք բերել 19 տարեկանում` Հելսինկիում կայացած երիտասարդական փառատոնին մասնակցելուց հետո:

[68] «Москва-река» երգը կատարել է Լ. Զիկինան:

[69] Բաբաջանյան Ա., «Երգ առաջին սիրո», Հայպետհրատ, 1959:

[70] Բեմադրող բալետմայստերներ` Գելովանի և Գամալետդինով:

[71] Այս օպերայով սկսվեց Բորիս Պոկրովսկու կամերային թատրոնի գործունեությունը:

[72] «Կոմս Կալիոստրո» կոմիկական օպերայի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայի կամերային երաժշտական թատրոնում, 1983-ին, Բ. Պոկրովսկու բեմադրությամբ, որից հետո արդեն 25 տարի այդ հանրահայտ թատրոնի ամենախաղացանկային օպերաներից է և հաջողությամբ ցուցադրվել է տարբեր երկրներում հյուրախաղերի ընթացքում:

[73] «Սպասում» մոնոօպերայի պրեմիերան կայացավ Մոսկվայի կամերային երաժշտական թատրոնում, 1985-ին (ռեժիսոր` Բ. Պոկրովսկի): Այնուհետև օպերան 1990-ին բեմադրվել է Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում, 1992-ին` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

[74] Կոնցերտը գրվեց Յուրի Բաշմետի պատվերով:

[75] Բրուտեան Ց., «Արցախյան ոգին երաժշտության ծիրի մեջ», Երևան, 2000, էջ 184:

[76] Սիմֆոնիայում արտացոլվեցին վթարից անմիջապես հետո կոմպոզիտորի` Չեռնոբիլ կատարած այցելության տպավորությունները:

[77] Մ. Թարիվերդիևը մահացել է 1996-ի հուլիսի 25-ին, Սոչիում:

[78]Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային հերթական` վեցերորդ մրցույթը նախատեսվում է անցկացնել 2009-ին:

[79] Մ. Թարիվերդիևը սինթեզատորի վրա էքսպերիմենտներ կատարած առաջին սովետական կոմպոզիտորներից է. նա հայտնագործել է այսօր «ռինգտոն» կոչվող կարճ մեղեդիները: Այսինքն, էքսպերիմենտներ արել այն ժամանակ, երբ բջջային հեռախոսներ դեռևս չկային:

[80] «17 мгновений легенды. Телефильму «Семнадцать мгновений весны» – 35 лет». Аргументы и факты, 32, 2008, стр.

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am