Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հասարակություն և իշխանություն

Հասարակություն և իշխանություն
Օգոստոս 2008, N 5

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՔՐՈՆԻԿԱ

Սերգեյ Առուստամյան, հրապարակախոս

 

Իսկ ես կարծում էի, թե նա ընդմիշտ է հեռացել մեր կյանքից: Հեռացել է և այլևս չի վերադառնալու: Որպես մի ինչ-որ ստոր, կեղտոտ, հանցավոր, կատարյալ անբարո մի բան, որի մասին հիշել չեմ ուզում: Քանի որ սիրտդ անմիջապես սկսում է սեղմվել տագնապից, թե Չարը կարող է հարություն առնել: Բայց, հավանորեն, երկարատև քնից հետո օձերն արթնանում են...

Նա քնած էր: Ուղիղ տասը տարի` փակվելով իր սև, չարագուշակ դղյակում, փորձելով այնպես անել, որ իր մասին մոռանան: Այդպես թվում էր յուրաքանչյուրին, ում վերքերը` հասցված անձամբ նրա ու նրա սատրապների կողմից, դեռ ցավում էին, ով նրա օրհնությամբ թալանվել, սնանկացել էր ու նետվել խավարի, աղքատության ու սովի անդունդը: Այդ բոլոր տարիներին նրա անունը քչերն էին տալիս, քանի որ այդ անունը մարդկանց հոգիներում միայն մի զգացում էր առաջ բերում` ատելություն: Եվ հանկարծ` դե ա´ռ քեզ, նա արթնացավ և կրկին պայքարի նետվեց նախագահական աթոռի համար:

Մարդը, որ մի ժամանակ նստել էր ժողովրդական կաթսայի առջև ամենամեծ գդալով, նորից իշխանություն է ուզում: Երբ նա հեռացավ, կարող էր թվալ, թե այլևս թալանելու բան չէր մնացել: Երկիրն, իրոք, ավերվել էր, ժողովուրդը` թալանվել մինչև վերջին թելը: Այժմ ամեն ինչ փոխվել է: Ուրեմն, ինչպե՞ս կրկին չբռնել թալանի ու ավազակության ճանապարհը:

Նրա տիրապետության տարիներին ես նրա մասին շատ եմ գրել: Գրել եմ որպես մեր պետության թիվ 1 հանցագործի մասին: Եվ Աստված վկա, այլևս երբեք չէի հիշի: Իսկ հիմա, երբ նորից լսեցի նրա ձայնը, հանցավոր «ռեժիմը» տապալելու մասին ժողովրդին ուղղված նրա կոչերը, ես զայրույթից պայթեցի: Ո՞նց կարող է լինել, որ մեկ տոկոսանոց վարկանիշ ունեցող մեկը փորձի հիմարացնել ժողովրդին, տրորել բոլորին ու ամեն ինչ և կրկին հասնել «արքայական գահին»: Բայց եթե ազնիվ լինենք, մեղավորը նա չէ: Մեղավորը, իմ կարծիքով, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով, հակառակ ժողովրդի կամքի, հակառակ Քրեական օրենսգրքի պահանջների, ողորմածաբար հանցագործին նվիրեց սև դղյակը, այնինչ հարկ էր, որ նա այսօր բոլորովին այլ ինտերիերում գտնվեր:

Ինձ զարմացրեց և անգամ փոքր-ինչ վրդովեցրեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկը, որում նա ասում էր, որ եթե նա այժմ շարունակելիս լիներ ղեկավարել երկիրը, մարտի 1-2-ի դեպքերի համար Լևոն Տեր-Պետրոսյանին` որպես խռովության կազմակերպչի, որն առաջինն է վառել կրակը, անպայման բանտ կնստեցներ: Իմ կարծիքով, մի ինչ-որ սարսափելի տգեղ բան կա նախկին նախագահի այս խոսքերի մեջ: Մի՞թե դա փորձ էր` կշտամբելու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին ինչ-որ անվճռականության, քաղաքական կամքի բացակայության համար: Բայց... Քոչարյա՞նն է, որ պիտի խոսի այդ մասին: Տասը տարի, պրն նախկին նախագահ, դուք նախագահ եք եղել, հետո ևս քառասուն թե հիսուն օր էլ` մինչև Սերժի երդմնակալությունը: Ինչո՞ւ, ուրեմն, բանտ չնստեցրինք Լևոնին: Ըստ իս` ավելի տրամաբանական ու ճիշտ կլիներ ընդհանրապես չխոսել այդ մասին...

Եվ այսպես, ես նայեցի արխիվս ու ընկղմվեցի անցյալի մեջ: Ի՞նչ եմ ես գրել Լևոնի, նրա հետ իշխանության եկած սրիկաների ու խարդախների, թալանչիների ու քաղաքական արկածախնդիրների, այդ խավար տարիների մեր կյանքի մասին:

 

1991

 

Երբ ազգը կանգնած է ճամփաբաժանին, և ոչ ոք խելքը գլխին չգիտի ուր գնալ` ձախ, թե աջ, կամ մնալ տեղում, ծրագրերի անսովոր պահանջարկը միանգամայն բացատրելի է: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է հստակ իմանալ, թե ինչ անի: Երեկ գոռում էին «Կորչի´ «Նաիրիտը», իսկ այսօր նորի՞ց գոռալ, թե՞ արդեն պետք չէ: Երեկ գոռում էին «Կորչի´ ատոմայինը», իսկ այսօ՞ր: Երեկ բոլորին կանչում էին մեռնել հանուն Ղարաբաղի, իսկ այսօր, ի՞նչ է, մեռնել պետք չէ՞: Գուցեև իսկապես էլ պետք չէ, մանավանդ, որ պաշտոնական անձինք ասում են. մեր պայքարն անհեռանկարային է, և անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը, Ադրբեջանը և Մոսկվան չեղյալ հայտարարեն բոլոր որոշումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Անհրաժեշտ է, իբր, վերադառնալ մինչև 1988թ. փետրվարի իրավիճակին: Իհարկե, այստեղ կարելի է հարցնել. իսկ ինչի՞ համար էին այդքան վիշտն ու արյունը:

Ես կարծում եմ` շատ իմաստուն լինել պետք չէ` հասկանալու համար. այնքան էլ չքողարկելով իրենց մտադրությունները` կապիտանական կամրջակին հայտնված մարդիկ փորձում են Հայաստանը դնել Ռուսաստանին հրաժեշտ տալու ճանապարհին: Որպեսզի հայ ժողովուրդը, որ դարերով սեր է տածել Ռուսաստանի, ռուս ժողովրդի նկատմամբ, ոչ ցավագնորեն ու ոչ այնքան տխուր հրաժեշտ տա այդ զգացմանը:

 

***

Ես խոսում եմ մեծ փորձանքի մասին, որ պատուհասել է մեզ. որոշակի շրջանակների կողմից հանրապետությունում ծայր առած հակառուսական սանձարձակ քարոզչության: Փաստն, ինքնին, վրդովեցուցիչ է, ավելին, քաղաքականապես ապաշնորհ, քանի որ այդ ամենի հետևում ուրիշ որևէ այլ բան անհնար է նկատել, բացի քարանձավային, բացառապես վայրի ցանկությունից` հային պատվաստել իրեն բոլորովին ոչ հատուկ զգացումներ, որոնք նախկինում երբեք չի ունեցել. թշնամանքի և ռուս ժողովրդին չսիրելու զգացումներ:

 

***

Հայկական հեռուստատեսությունը դադարեց ռուսերենով հաղորդումներ հեռարձակելը: Ռուսերեն գրքերի առջև ամուր փակվեցին հայկական հրատարակչությունների դռները: Ռուսերեն մակագրություններն անհետանում են փողոցների անվանումներից, առևտրային օբյեկտների ու հաստատությունների ցուցանակներից. դրանք փոխարինվում են... անգլերենով: Եվ ընդ որում` ինչ-որ մեկը փորձում է այս ամբողջ այլանդակությունը բացատրել բարձր ատյանների` հայերեն չիմացողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ձգտմամբ: Լողալ չիմացողին, իբր, տախտակամածից գցում են ծովը, և նա ափ է դուրս գալիս արդեն շատ լավ լողորդ դարձած: Ահա այն դրույթը, որին հետևում են իրենց գործերում ազգի մաքրության, բազմալեզու հանրապետության համար պայքարողները:

 

***

Ինչպես առաջ Միության բոլոր քաղաքների հրապարակները «Լենինի անվան» էին, այնպես էլ այժմ Համագործակցության բոլոր անկախ պետություններում որքան հրապարակ կա, անպայման Ազատության է: Հիմա ուղղակի այլ հրապարակներ չկան: Լինում են միայն Ազատության, Անկախության և Հանրապետության հրապարակներ: Եվ մենք, ինչպես և բոլորը, որ վերջերս են ազատություն ձեռք բերել, ոչ մի կերպ չենք կարող ապրել մեր Թատերական հրապարակով:

... Թատերական հրապարակ: Ամբիոնին մեկը մյուսի հետևից փոխվում են հռետորները: Թեժ խոսքեր, խանդավառ ճառեր: Դրանք ինչ-որ տեղ են կանչում ժողովրդին` կոչ անելով, ոչ մի րոպե չհապաղելով` ինչ-որ բան ոչնչացնել, ավերել, ջնջել, ջարդել, արմատախիլ անել: Միասնական պոռթկմամբ բազմահազարանոց ամբոխը ռազմաշունչ վեր է նետում ձեռքերը, և յուրաքանչյուրը պատրաստ է անմիջապես, տեղում, հանուն ազգի, հանուն ժողովրդի մեռնել կամ պատմական սխրանք գործել: Երբեք մինչ այդ պահը ես մեր ժողովրդին չեմ տեսել այդքան միասնական, մի շնչով, մի կրքով, մի պոռթկմամբ ապրող: Թվում էր` մեզնից պոկվում են ինչ-որ շղթաներ, և մենք դանդաղ դուրս ենք մագլցում մինչև վերջ փտած ճահճից, որը յոթանասուն տարի մեզ ներքաշել էր իր խորխորատը...

Հին աշխարհին, որ կառուցել էին մեր հայրերն ու պապերը, մենք հրաժեշտ տվեցինք հեշտությամբ...

 

***

Աչքերիս առջև ուրվականների նման երևում են անցյալի պատկերները: Թող որ այն երիցս նզովյալ էր, ատելի, հակահումանիստական, բայց ի համեմատ այն ամենի, ինչ այսօր ունենք, այն հեքիաթային դրախտ է թվում: Մարդուն ի՞նչ աստիճանի պիտի հասցնես, որ երնեկ տա շղթաներին, վանդակաճաղերին: Եվ բանը երշիկն ու պանիրը չեն, այլ այն, որ ուզում ես գլխի ընկնել, հասկանալ. ինչո՞ւ էր մեզ պետք մախաթը փոխել մեխով: Ինչո՞ւ այն, ինչ ունենք այսօր, ուրիշները ձեռք բերեցին առանց արյան ծովի, առանց արցունքների օվկիանոսի, վշտի ու տառապանքի: Ինչո՞ւ եփեցինք այս ամբողջ շիլան, որի արդյունքում կորցրինք կամ անվերադարձ կորցնում ենք մեր հողերը, ստեղծեցինք աշխատազուրկների, անօթևանների, որբացածների մի ամբողջ բանակ, ստացանք արյուն և պատերազմ: Ո՞վ կպատասխանի այս բոլոր հարցերին:

 

***

Եթե ես նախագահ լինեի, երբեք ինձ թույլ չէի տա հայտնվել այժմ արդեն վերջնականապես փետրահան արված հհշ-ականների հանրահավաքին, որոնք ժողովրդի մեջ միայն ու միայն մի ռեակցիա են առաջացնում` անջատման ռեակցիա: Ես երբեք Ազատության հրապարակի լռությունը չէի խլացնի այժմ արդեն ոչ մի արժեք չունեցող «միացո´ւմ» կամ «պայքա´ր, պայքա´ր մինչև վերջ» ճիչերով: Ես երբեք այդ հանրահավաքին վհուկներ չէի փնտրի ու սեփական մեղքերս ուրիշների վրա չէի բարդի: Ավելին, շեփորի հնչյունների ներքո, տրվելով հանրահավաքային կրքերին, ձեռքերս ռազմատենչ վեր չէի պարզի: Նման բան իրեն կարող էր թույլ տալ միայն այն մարդը, ով ոտքերի տակ բոլորովին հողը չի զգում, ամբողջովին զուրկ է նրանից, ինչը քաղաքական հոտառություն է կոչվում...

Իմ կարծիքով, իր քաղաքական կարիերայի ամենազգալի բացթողումը Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց այն օրը, երբ հայտնվեց արդեն ոչ մեկին պետք չեկող այդ բղավարանը:

 

1992

 

Նման բան դեռ չէր եղել: Եղել էր հակառակը:

Հայերը փախչում են` լքելով հայրենի հողը, որը նրանցից շատերի համար հանկարծ խորթ մայր էր դարձել:

Ինչի՞ց են փախչում: Ո՞ւր են փախչում: Ո՞վ է փախչում:

Առաջինը, որ խելքիդ փչում է, այն է, որ փախչում են, հավանաբար, իրենց մեղքից: Իրենց առջև, սերունդների առջև, նախնիների առջև: Այն մեղքից, որ թույլ ենք տվել... Թույլ ենք տվել, որ մակերես բարձրանան բորբոսը, սև մրուրը, որոնք պետք է որ հատակին մնային: Փախչում են ինչ-որ բան անելու իրենց անօգնականությունից և այն բանի գիտակցումից, որ այդքան առատորեն մատուցված զոհերից հետո ղեկին հայտնվեցին ոչ այն մարդիկ: Կրպակավարի աշխարհայացքով պրոֆեսորներ, կրպակավարներ, որոնք իրենց պրոֆեսորներ են երևակայում: Կապիտալիստական նոր հասարակության շինարարները, հասարակություն, որտեղ ամենագլխավորը պետք է դառնա իրենց կապիտալը` խլված, հափշտակված ոչինչ չկասկածող ժողովրդից:

Լքելով հայրենի լեռները, հայրենի գերեզմանները, տաճարներն ու վանքերը` փախչում են հայերը առնող-ծախողների` իրենց համար պատրաստած ճակատագրից:

Երեկ դու ստրուկ էիր: Այսօր դու ստրուկ չես: Դու` ոչինչ ես:

Երեկ դու կուշտ ստրուկ էիր, ինչ-որ մեկից կախված: Այսօր դու անկախ, ինքնիշխան, սովյալ Ոչինչ ես:

Փախչում են հայերը: Փախչում են ապաշնորհ իշխանություններից: Ամենաապաշնորհներից, որոնք երբևէ եղել են Հայաստանում:

Որքա~ն եմ ուզում ասել. «Նրանք գնում են»: Բայց այդպես չէ: Նրանք չեն գնում, այլ փախչում են... Տասնյակ հազարավոր հայեր, որոնց հանդեպ Հայաստանը շրջվեց մեջքով, ընդմիշտ լքում են Հայաստանը:

Փախչում են հայերը: Բոլոր տեղերից, ուր ապրել են դարեդար: Բաքու, Գյանջա, Ղարաբաղ, Շահումյանովսկ: Երեք հարյուր հազար հայեր, մի ակնթարթում կորցրած ողջ կյանքում ստեղծած իրենց տները, կորցրած մերձավորներին, նրանց, ում այրել էին, բռնաբարել, մորթել:

Ո՞ւր ենք հասել, պարոնայք:

 

***

Ո՞ւր են այն բարիքները, որ խոստացել էիք ժողովրդին, եթե ամեն ինչ ջնջի, ավերի, ոչնչացնի ու ստեղծի անկախ հայկական պետություն, բնականաբար, ձեր գլխավորությամբ:

Ի՞նչ ստացավ ժողովուրդը:

Անկախ նախագահ, անկախ նախարարներ, օրենքներ ստեղծելու անկախ սիրահարներ: Անկախ` ժողովրդից:

Ես չեմ հավատում այդ պարոններին, որոնք իրենց իսկ կողմից անլույս աղքատության մեջ նետված ժողովրդին պնդում են, թե սիրում են նրան: Այն ամենը, ինչին դիպավ նրանց ձեռքը, միտքը, այդ ամենը մեռավ, ոչնչացավ, անհետացավ...

 

ՀՀՇ-ի որդին երկու տարում

Փորեց անդունդ քեզ, ժողովուրդ...

Ժողովուրդ չես, այլ ամբոխ,

Թե ՀՀՇ-ն է քեզ իշխում:

 

1993

 

Բնակչության իննսուն տոկոսը Լևոնին իր կուռքն էր համարում: Բայց, ցավոք, քաղաքական գործիչների մասին դատում են ոչ թե նրանց գեղեցիկ աչքերով, այլ իրենց կատարած գործերով: Լևոն Տեր-Պետրոսյանը, փառք Աստծո, այնպիսի բաներ արեց ու այնքան բաներ արեց, որ նախկին վարկանիշից ոչինչ չմնաց: Եթե հավատանք սոցիոլոգներին, ապա այսօր բնակչության դեռ 14 տոկոսը նախընտրում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Բայց եթե հավատանք: Բայց ես հո´ չեմ հավատում և կարծում եմ, որ դա սուտ է: Որովհետև շրջապատիս մեջ չգիտեմ մեկին, որը մի բարի խոսք կասի նախագահի մասին: Իսկ նա, տե´ս է, մխիթարում է իրեն. ես ժողովրդի նախագահն եմ: Ճիշտ է, երախտամոռ, ոչ այնքան լավ, բայց... նախագահն է: Այսինքն, վատ ժողովրդի լավ նախագահը:

 

***

Նրան սպասում էին` միակ ու անկրկնելի, աշխարհահռչակ գիտնականին: Ոմանց թվում էր, թե եթե նա տասը լեզու գիտի, ապա կյանքը կբարելավվի առնվազն հինգ անգամ այն ժամանակների համեմատ, երբ ղեկանիվի մոտ լավագույն դեպքում երկու լեզու իմացող կապիտաններ էին կանգնած: Եվ նա եկավ: Եկավ և արեց այն, ինչը ոչ ոքի չէր հաջողվել անել: Նա սկսեց հայի միջից արմատախիլ անել, ոչնչացնել այն միակ գենը, որը մարդուն դարձնում է այս կամ այն ազգի ներկայացուցիչը. ֆրանսիացուն` ֆրանսիացի, ռուսին` ռուս, հային` հայ: Այն գենը, որը մարդու մեջ հպարտություն է առաջացնում այն բանի համար, որ նա, ասենք, հայ է, ոչ թե անգլիացի, ծնում է սեր հողի հանդեպ, որի վրա ապրում է, ժողովրդի հանդեպ, որ ապրում է այդ հողի վրա, նրա մշակույթի, պատմության, լեզվի հանդեպ: Սրանով և միայն սրանով ես կարող եմ բացատրել հայերի զանգվածային փախուստը Հայաստանից:

 

***

Լևոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, կարծում է, թե այնպիսի նախագահ է, ինչպես Միտերանը: Նրան, անկասկած, թվում է, թե նա կանգնած է մի պետության գլխին, որը նույնքան ազատ է, անկախ ու դեմոկրատական, որքան Քլինթոնի գլխավորածը: Չէ՞ որ արտոնությունները նույնն են: Սպիտակ տուն, անձնական ինքնաթիռ, զրահապատ ավտոմեքենաներ, թիկնապահներ... Եվ գլխի էլ չի ընկնում, որ այսքանով ողջ նմանությունը վերջանում է: Որ նա պետության ղեկավար չէ, այլ պարզապես ճարպիկ մարդ, որ կարողացել է հասնել իշխանության գագաթին` այն օգտագործելով ի բարօրություն իրեն և իր զինակիցների ու փորձելով անել ամեն ինչ, որպեսզի հայրենի հողը երբեք հարություն չառնի...

Ծիծաղս գալիս է, երբ ասում են, թե նախագահը ծրագիր չունի: Ծրագիրը կա: Ընդ որում` ամուր, հստակ մշակված: Իսկ այդ ծրագիրը կենսագործելու վրա ջանադրաբար աշխատում է նախագահի զինակիցների մի ամբողջ կոհորտա, մարդիկ, ովքեր ճարպկորեն գործում էին ավազակության ու թալանի, մղձավանջային կյանքի ստեղծման, քաղաքակիրթ ժողովրդին իր հեռավոր, քարանձավային նախնիների կենսապայմաններին վերադարձնելու անդաստանում:

 

1994

 

Հարց նախագահին, հայոց պետության պատմության մեջ առաջինին: Նրան, ով երդում է տվել, Ավետարանով. «Երդվում եմ դառնալ Սահմանադրության պաշտպանության և հանրապետության, անկախության ու ժողովրդավարության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորը»: Դարձա՞վ, թե՞ ոչ: Իսկ եթե դարձավ, այդ ինչպե՞ս եղավ, որ ամենաբարձր աթոռներին հայտնվեցին գողերը: Ո՞ւմ օրհնությամբ նրանք դարձան խորհրդականներ, պետնախարարներ, նախարարներ: Ո՞վ նշանակեց նրանց: Մի՞թե նա չէր, որ երդվում էր երաշխավոր լինել: Ինչպե՞ս համատեղել մեկը մյուսի հետ խոսքերը` գործերի: Ի՞նչ կատարվեց: Երդմնազանցությո՞ւն:

Դուք նախագահ եք, դուք պետության ղեկավարն եք: Ձեր խելքին երբևէ փչե՞լ է միտք այն մասին, որ իսկական առաջնորդները պարտավոր են ապրել ժողովրդի կյանքով, նրա հետ հավասար կիսել և´ նրա ուրախությունները, և´ տխրությունը: Չէ՞ որ սա հասարակ, մարդկային միտք է: Կարո՞ղ են արդյոք հայրն ու մայրն ապրել մի կյանքով, որը տարբեր է իրենց երեխաների կյանքից: Ո´չ, ո´չ և ո´չ: Իսկ ինչպե՞ս եք ապրում դուք, պարոն նախագահ, ինչպե՞ս են ապրում ձեր զինակիցները: Այն, ինչ կասեմ, հիմա էլ ուշ չէ անել: Կարգադրեք, որպեսզի ձեր ընտանիքի յուրաքանչյուր շնչին պետությունը տրամադրի օրական երկու-երեք դրամից ոչ ավելի: Այնքան, որքան ստանում են թոշակառուները: Հրամայեք, որպեսզի ձեր առանձնատանը էլեկտրաէներգիա տան օրական մեկ ժամից ոչ ավելի: Գիտցեք, թե ինչի է նման կյանքը, երբ մարդը քսաներեք ժամ ստիպված է մրսել սառը բնակարանում: Խնդրեք ձեր տիկնոջը, որպեսզի մեկ ժամում հասցնի ընտանիքի համար նախաճաշ, ճաշ և ընթրիք պատրաստել, փոշեկուլով մաքրել բնակարանը, լվացք անել և բոլորի համար «բաղնիքի օր» կազմակերպել: Ես շատ կուզենայի, որ ձեր տանը կերոսին, գազ, լուցկի և ճրագ չլինեին: Որպեսզի դուք կարիքը չունենայիք սառնարանը միացնելու, որովհետև այն դատարկ է: Ես ուզում եմ, որպեսզի դուք շրջեք մութ մուտքերով, լռվեիք մեռած վերելակներում, ընկնեիք սառցակալած փողոցներում, չիմանայիք ինչ է թերթը, ռադիոն, հեռուստացույցը: Ես պարզապես ուզում եմ, որպեսզի դուք ևս, նախագա´հ, չէ´, մի ամիս չէ և ոչ էլ մի տարի, այլ ընդամենը մի շաբաթ ապրեիք այնպես, ինչպես այսօր ապրում է մեր ժողովուրդը, որին դուք խոստացել էիք բարերարություն անել:

 

***

Ցինիզմն օրըստօրե ավելի վստահաբար է իր համար ճանապարհ հարթում` կոպտորեն ու լկտիաբար ներխուժելով մեր կյանք, մեր բարոյականության, մեր կենցաղի մեջ: Տպավորությունն այն է, որ ոչ մի ճար չկա մեր հասարակությունը լափող այդ ապականության դեմ, որը տիֆի ոջիլի նման դուրս է սողոսկել կյանքի նորաստեղծ բազարային կարգի բոլոր ծակերից: Ցինիզմը դարձավ ժողովրդի հաշվին ճարպակալած, իրենց վրա հանկարծ թափված անհաշիվ հարստությունից գլուխը կորցրած նորաթուխ հայերի և ամեն տեսակ բարձրաստիճան այրերի վարքականոնը, որոնք իրենց ազգի առաջնորդներ էին հայտարարում: Ամեն ինչ այս աշխարհում հիմա նրանց է պատկանում: Բոլոր պալատները, բոլոր մեքենաները, բոլոր ինքնաթիռները, շոգենավերը, Բալեարյան, Կանարյան և մյուս բոլոր կղզիները: Որովհետև նրանք հազարներ, միլիոններ, միլիարդներ ունեն...

 

***

ՀՀՇ-ականների ստեղծած ժողովրդավարական մեր պետությունում բարոյական բնույթի արժեքները, որոնցով դարեր շարունակ ապրել է մարդկությունը, այնպիսի փոփոխությունների, այնպիսի վերաիմաստավորման են ենթարկվում, որ հասարակ մահկանացուի համար միշտ չէ, որ հաջողվում է հասկանալ` ո՞րն է բարոյական, և ո՞րը` անբարո: Բոլոր ժամանակներում, ասենք, գողությունը եղել է դատապարտելի արարք: Այժմ դա պատվի, խիզախության և հերոսության գործ է: Գողանում են բոլորը: Հատկապես բարձրաստիճան անձինք, ովքեր բացահայտ ու անվախ քաղցածներին ու աղքատներին ցուցադրում են, որ ապրում են ոչ թե վաստակած միջոցներով ու փողերով, այլ գողացած: Իսկ երբ հանկարծ գողին գող են անվանում, խայտառակում նրան, թքում երեսին, նա նույնիսկ հարկ չի համարում երեսի թուքը սրբել:

Սոված, մրսած, աղքատ: Ուրիշի ձեռքին նայող: Երկիր, որտեղից փախչում են հայերը: Թուրքից չէ, որ թախչում են, չէ´: Փախչում են հայից, որը «մինչև վերջ պայքարի» էր կոչում և արեց ամեն ինչ, որպեսզի այդ «վերջը» գա: Նրա` կոռուպցիայի, կաշառակերության, գողության, թալանի, բռնության ու տեռորի մեջ թաղված իշխանությունից: Նրա կամակատարներից` ագահ, անկուշտ, երեկվա պլեյբեյներից, ոչնչություններից, որ հանկարծ հարուստ ու ազնվազարմ դարձան:

Դատարկվում է Հայաստանը: Այն արդեն մեկ երրորդով դատարկ է: Հազարավոր լքված բնակարաններ: Հազարավոր դատարկված տներ: Ամուր կողպված դռներ: Զրահով ու երկաթով փակված դռներ:

Հայը չի կարող արքուբարքով թաղել հային: Հային թաղում են սավանով, քրջուփալասով, ցելոֆանե «դագաղում»: Նման բան ևս հայոց պատմությունը չգիտեր:

Իսկ ի՞նչ կլինի վաղը: Ի՞նչ է սպասում հայ ժողովուրդը դեկտեմբերի 1-ին, այն օրը, երբ հացի գները կբարձրանան տասնմեկապատիկ: Այն մթերքի, որը դեռևս միակ հասանելին է հային: Այսօր արդեն կանխատեսողներն ասում են, որ դեկտեմբերից, գոյատևելու համար, բնակչության մեկ շնչի համար կպահանջվի ոչ պակաս, քան 20 հազար դրամ: Եվ սա` այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը 240 դրամ է:

Չի՞ դառնա արդյոք դեկտեմբերի 1-ը այն օրը, որից սկիզբ կառնի համաժողովրդական թաղումը: Չի՞ դառնա արդյոք դեկտեմբերի 1-ը հարազատ Հայաստանից հայերի զանգվածային ելքի օրը:

 

1995

 

Հարկ չկա, խնդրում եմ, խաբել ժողովրդին ու մխիթարվել պատրանքներով, թե մենք անկախ պետություն ենք: Անկախությունն անցյալի գործիչների հուշարձաններն անարգանքով պատվանդանից գցելն ու քաղաքների և փողոցների հապճեպ անվանափոխությունը չէ: Եվ այն, որ երկար հարյուրամյակներ պետականության կորստից հետո մենք, ի վերջո, հայր թագավոր ունեցանք հանձին նախագահի, և այն, որ մեր դրոշը ծածանվում է ՄԱԿ շենքի առջև, և այն, որ տասնյակ պետություններում մենք արդեն ունենք ՀՀՇ «արտակարգ և լիազոր» ներկայացուցիչներ, բոլորովին էլ այն բանի վկայությունը չեն, թե մենք անկախ ենք: Անկախ պետությունը թեթևամտորեն չի կառուցվում: Այն կառուցելու համար անհրաժեշտ է մեծ համբերությամբ, խելամտորեն, ողջ ազգի ֆիզիկական բոլոր ուժերի ու բանականության լարումով անցնել խորխորատներով ու բարձունքներով, կիրճերով ու հարթություններով, տագնապներով ու հույսով լի մի ճանապարհ, որն էլ հենց կարող է հասցնել նպատակին: Բայց դրա համար առաջնորդ է պետք: Եվ ո՞վ իմանա, եթե պետության այլ ղեկավար ունենայինք, արդյո՞ք այսօր կոտրած տաշտակի առջև նստած կլինեինք` հանդուրժելով աղքատությունը, խավարն ու ցուրտը:

 

***

Կոռուպցիա և կաշառակերություն, անօրինություն և կամայականություն, մեռած տնտեսություն, մեռած գիտություն, հարյուր հազարավոր հայեր` լքած հայրենի օջախները, աղքատ ու սոված... Անապագա, փողոց նետված աղջիկներ: 10-12 տարեկան առաջին անգրագետ դեռահասներ, որ գրել-կարդալ չգիտեն: Սա չէ՞ արդյոք, պարոնայք, ձեր անկախ հայոց պետականությունը: Սա չէ՞ արդյոք այն ամենը, ինչի համար պայքարում էիք` ատամներով կառչելով ձեր աթոռներից:

 

***

Եթե դատավճիռ կայացնողը ես լինեի, այն կհնչեր այսպես. «Հայ ժողովրդի աչքին հիասքանչ ու մեծագույն գաղափարի` անկախության գաղափարի ապականման ու վարկաբեկման, նրա հոգում կոմունիստական շղթաների հանդեպ բարեհաճ վերաբերմունք արթնացնելու և, ավելին, այդ շղթաները կրկին կրելու ցանկության համար պարոնայք պարոնները դատապարտվում են...»:

Ի հավելումն` «Դեմոկրատիա» սուրբ հասկացության ապականման ու վարկաբեկման համար, որն այժմ արդեն երկար ժամանակ կընկալվի որպես դիլետանտների ու արկածախնդիրների, կոռուպացված տարրերի իշխանություն, ովքեր կյանքի նորմ են դարձրել անօրինությունը, անարխիան, կամայականությունը, ամենաթողությունը, սանձարձակ հանցավորությունը...»

 

1996

 

ՀՀՇ համագումարի ժամանակ նախագահն ասաց, որ իր կուսակցությունը «տեղի-անտեղի ենթարկվում է դաժան քննադատության, անարգանքի և զրպարտության ընդդիմության ու հանրային կարծիքի կողմից»: Այնուհետև նա ավելացրել է, որ իբր կանցնի ժամանակ և «կմոռացվի այն ամենը, ինչ այսօր ասվում է ՀՀՇ-ի, Հայաստանի գործող իշխանությունների հասցեին: Կմոռացվեն բոլոր իրական հոգսերն ու դժվարությունները, կմոռացվեն շատ անուններ և իրադարձություններ»:

Իսկ ի՞նչ կմնա ժողովրդի հիշողության մեջ: «Պատմությունը,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը,- կամրագրի միայն հետևյալ փաստերը. ՀՀՇ-ի օրոք Հայաստանը նորից ձեռք բերեց իր անկախությունը, ՀՀՇ-ի օրոք Հայաստանում դրվեցին ժողովրդավարության հիմքեր, ՀՀՇ-ի օրոք ձևավորվեց ազատ շուկայական տնտեսությունը»:

Անշուշտ, նախագահը սխալվում է: Ես միանգամայն վստահ եմ, որ պատմությունն ուրիշ շատ բաներ էլ կարձանագրի: Օրինակ, ՀՀՇ-ի օրոք տնտեսության բարեփոխման անվան տակ իրականացվեց հայ ժողովրդի զանգվածային թալանի լայնածավալ գործողություն, ՀՀՇ-ի օրոք ծրագրված և գիտակցաբար փլուզվեցին արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, անհետացման եզրին հասցվեցին գիտությունն ու մշակույթը, ՀՀՇ-ի օրոք, նախագահի գիտությամբ և համաձայնությամբ, այն դեպքում, երբ հանրապետությունում բավականաչափ քանակությամբ էլեկտրաէներգիա էր արտադրվում, երեք տարիների ընթացքում արհեստականորեն էներգետիկ ճգնաժամ ստեղծվեց, ինչի արդյունքում ավելի քան մեկ միլիոն հայեր հարկադրված էին փախչել հայրենի երկրից, ՀՀՇ-ի օրոք կոռուպցիան և պետական գույքի հափշտակումն աննախադեպ ծավալներ ստացան, իշխանության ղեկանիվին հայտնվեցին անգամ քրեական տարրեր:

 

1997

 

Համոզված եմ` կանցնի ժամանակ, և ամեն ոք կմտածի. մենք նախագահ ունեինք` ազգընտիր, որի գլխավոր հոգևոր հատկությունը սուր ատելությունն էր սեփական ժողովրդի հանդեպ: Մենք կառավարություններ ունեինք` մեկը մյուսին հաջորդող, որոնց գործունեության գլխավոր ուղղությունը մեթոդական խորտակումն էր այն ամենի, ինչը պետության բարգավաճման, ժողովրդի բարօրության հիմքն էր կազմում, այն է` տնտեսության:

Անկախությունն, անշուշտ, մեծ բան է: Չկա աշխարհի երեսին մի ժողովուրդ, որը չի երազում ազատ, ինքնուրույն ապրել: Հայ ժողովուրդը բացառություն չէ: Եվ նա քիչ կյանքեր չի զոհաբերել անկախությունը նվաճելու համար: Բայց տե´ս, թե ում բաժին հասան նրա պտուղները: Չեմ վիճում, նախագահը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը և շատ ուրիշներ լրիվ անկախ են: Այսինքն, իրենք իրենց համար են: Ինչպես ժողովուրդը նրանց «վերջը չի», այնպես էլ ժողովուրդը նրանց հետ գործ չունի: Ժողովուրդը հիմա մտածում է մի կտոր հաց վաստակելու մասին: Ինչն անել չի կարող, քանի որ նրան ՀՀՇ-ն է իշխում:

 

2001

 

Իմ արխիվում ես պատահաբար գտա դաշնակցական «Ազատամարտ» թերթի 1992թ. հուլիսի 14-ի համարը, որում հրապարակված է Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հոր` Էդուարդ Հովհաննիսյանի «Այլևս չենք լռի» հոդվածը: Հովհաննիսյանը գրում է, որ «Դաշնակցությանը» մտահոգում են «հանրապետության նախագահի պահվածքը, քաղաքականությունը, նրա անթաքույց թշնամանքն ու ատելությունը ՀՅ «Դաշնակցության» հանդեպ, որը ոչ մի լավ բան չի խոստանում ո´չ Հայոց պետությանը, ո´չ ժողովրդին, ո´չ իրեն` նախագահին»: Հոդվածում Էդուարդ Հովհաննիսյանը հրապարակում է խիստ հատկանշական մի փաստ Լևոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունից, ինչի մասին Լևոնն, անշուշտ, երբեք և ոչ ոքի չի պատմել: Մասնավորապես, պնդվում է, որ ժամանակին` անցյալ հարյուրամյակի յոթանասունական թվականների վերջին, Լևոնը համագործակցել է ՊԱԿ-ի հետ և եղել այդ գերատեսչության գաղտնի գործակալը: «ՊԱԿ գործակալ Լևոն Տեր-Պետրոսյանը,- գրում է Հովհաննիսյանը,- անձնական համարը` N-385292, այդ հզորագույն կազմակերպությունում իր ճանապարհը սկսել է 1977թ. մայիսի 29-ին»: 1982թ. ՊԱԿ փաստաթղթերում նա հիշատակվում է որպես ավագ լեյտենանտ: Հովհաննիսյանը հրապարակում է դրանցից մեկը` ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ Լևոն Տեր-Պետրոսյանի վկայականը, և հաղորդում է, որ Լևոնի մասին մյուս փաստաթղթերը գտնվում են Մյունխենում, հայկական խնդիրների արխիվում:

Եվս մեկ հետաքրքիր տեղեկատվություն: «Գոլոս Արմենիի» թերթը գրում է, որ «ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը համագործակցել է ՊԱԿ-ի հետ Սոկրատ գործակալական մականվամբ»:

 

2003

 

Այսօր է, որ չենք կարողանում հանգիստ լսել նրա անունը: Այսօր է, որ սև դղյակում ապրող ճգնակյացին մենք ո´չ մեր թագավորը, ո´չ էլ աստվածն ենք համարում: Բայց չէ՞ որ այլ ժամանակներ են եղել... Հրանտ Մաթևոսյանն այն ժամանակ նրան անվանում էր «մեր միս ու արյունից ծնված Վարդան Մամիկոնյան», իսկ Տիգրան Մանսուրյանը, ցնցված Լևոնի ֆենոմենից, բացականչել էր. «Ես Տիգրան Մեծի շնչառությունն եմ լսում»...

... Խոստովանում եմ` այնքան էլ հաճելի չէ գրել նախկին նախագահի մասին և մտածել, որ մեր բազմամարդ պատմության մեջ ամենաճակատագրական աթոռին կարող էր հայտնվել մեկը, որը տարրական պատկերացում չուներ մարդկային առաքինության, օրինավորության, պատվի ու արժանապատվության մասին, ով իր ժողովրդին այդքան վիշտ ու դժբախտություն բերեց, որ կհերիքեին մի քանի սերնդի: Չեմ կարող հասկանալ` եթե նա այդքան շատ բարիք է գործել, իր ժողովրդին նվիրել է ինքնիշխանություն, պետականություն, անկախություն, ապա ինչո՞ւ հասարակության մեջ գրեթե չես գտնի մեկին, որը կարողանար ատելությունը, նողկանքը չցուցադրելով` արտաբերել այդ անունը` Լևոն: Վերջերս իրենց որջերից կրկին, խավարասերների նման, դուրս սողացին նրա ձեռնասունները: Խորհրդարան, ղեկին, ղեկանիվին, կերակրամանին են ձգտում: Իշխանություն են ուզում, որ վերջնականապես ընկճեն Հայաստանը, որ նա այլևս չմտածի էլ երբևէ ոտքի կանգնել: Կուզենայի իմանալ` մի՞թե Լևոնը կարող է իր սնանկացրած Հայաստանը համարել իր հայրենիքը, որտեղ նա, ինչպես և բոլորը, իրավունք ունի ապրել: Եթե այո, ինչո՞ւ նա չի ապրում իր փողերով, որոնք, իմ կարծիքով, քիչ չեն, այլ իմ, աղքատ, չքավոր ժողովրդի փողերով:

... Պոկվում են օրացույցի թերթիկները: Ներկան անվերադարձ անցյալ է դառնում: Այն սև օրից, երբ նա եկավ, գրեթե տասներեք տարի է անցել: Շատ բան շղարշով է պատվել, մոռացվել, հուշերի ոլորտն անցել: Այսօր քչերը գիտեն, որ նա միշտ ասել է մի, արել բոլորովին այլ բան: Որ եթե այսօր էլ մեզ համար վատ է ու դեռ երկար վատ է լինելու, դրա համար մենք պարտական ենք նրան: Մեր պատմության ու կյանքի մեջ ամենանենգ, ամենակեղծավոր, ամբարտավան, չար անձնավորությանը: Ուստիև, որպեսզի միշտ ամեն ինչ հիշվի, թե ում և ինչի համար «երախտապարտ» լինել, անհրաժեշտ է երբեմն հոգիդ, թերթերի արխիվները փորփրել: Որոնցում կարելի է այնպիսի բաներ պեղել, որ կարող էին աննկատ մնալ:

 

2008

 

Կարծում էի` այդ հրեշի մասին այլևս չենք գրելու, պարզվեց` գրելու ենք. կյանքն է ստիպում: Ընդ որում` երկար ժամանակ ենք գրելու: Հիշեցնելու մարդկանց հենց իր, իր գարշելի շրջապատի, իր վազգենների ու մանվելների, վանիկների ու սամվելների և այլ տականքների մասին: Այսօր Լևոնը մարտի է նետվում` մինչև վերջ պարպելու արյան կիսատ մնացած թասը, ընկճելու աննկուն մնացած հայրենակիցներին, սովահար անելու իր կառավարման տարիներին հրաշքով ողջ մնացածներին և, իհարկե, «վերացնելու» բոլոր ընդդիմադիրներին: Ափսոս, որ անվերադարձ անէության գիրկն է անցել ԽՍՀՄ ՊԱԿ-ը, թե չէ ազգովին կխնդրեինք նրան Հայաստանից հեռացնել իր գործակալին: Բայց... Չկա ՊԱԿ-ը, սակայն կա ԿՀՎ-ն, որը կարծես թե հայկական իշխանությունների տապալման համար Լևոնին համարյա թե 500 մլն դոլար է նվիրել: Եթե դա այդպես էլ է, ապա նրանց գործակալը վատ է աշխատել, փողերն իզուր են ծախսվել:

Այսօր մենք սպասման մեջ ենք: Ուր որ է գալու է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանը` Յովանովիչը, որը հայտնի է որպես պետական հեղաշրջումների փայլուն կազմակերպիչ: Նրա «հաշվին» է գրանցված, օրինակ, Ասկար Ակաևի փախուստը Ղրղըզստանից: Չեմ հավատում, թե նրա մոտ ինչ-որ նման բան «կստացվի» Հայաստանում: Սակայն նրա նշանակումը որոշակի խորհրդածությունների առիթ է տալիս: Ամերիկացիներն ուզում էին մեզ մոտ ուղարկել Հոհլանդին. բայց դա թույլ չտվեցին մեր ամերիկացի եղբայր-հայերը: Հոհլանդն, իբր, ցեղասպանությունը չի ճանաչում: Իսկ Յովանովիչն, ի՞նչ է, ճանաչո՞ւմ է: Արդյոք չստացվեց այնպես, որ երկու չարիքից վատագույնն ենք ընտրել:

Մեր նախագահին` Սերժ Սարգսյանին, չես նախանձի, չէր խանգարի նրա աշխատավարձին` որպես լրավճար «աշխատանքի պայմանների վնասակարության» համար, տալ կաթ, ինչպես նաև սննդային այլ հավելուկներ, որոնք կանխում են ամեն տեսակ ինսուլտներն ու ինֆարկտները: Բայց, ցավոք, մեզանում այլ կերպ լինել չի կարող: Չի կարող այլ կերպ լինել մի պետությունում, որտեղ քաղաքականությամբ զբաղվում են այնպիսի հրեշներ, ինչպիսին Լևոնն է: Խնդրում եմ Աստծուն, որ, ի վերջո, բարեհաջող ավարտվի Լևոնի «երկրորդ գալուստը», որպեսզի այն փոխարինվի նրա երկրորդ երկարատև անհետացմամբ: Միայն այդ դեպքում մենք կիմանանք, թե ինչ են հոգեկան խաղաղությունն ու անդորրը...

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am