Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պետություն և իրավունք

Պետություն և իրավունք
Օգոստոս 2008, N 5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ. ԲԱՐԻՔ, ԹԵ ՉԱՐԻՔ

Արտյոմ Խաչատրյան, քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Հարցը նման ձևով դնելն ինքնին կարող է մի շարք մարգինալ մտքերի տեղիք տալ: Սակայն կառաջնորդվենք հետևյալ նկատառումով. միջազգային իրավունքը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որը ժամանակի ոգուն հարմարեցնելու նպատակով մշտական վերանայումների կարիք ունի: Հակառակ դեպքում միջազգային իրավունքը աշխարհի ժողովուրդների համար վերածվում է աղետի` ծնելով անարդարություն և միջազգային լարվածություն:

 

Եվ այսպես, սկսենք որոշ փաստերի հաստատագրումից:

Միջազգային իրավունքի ակունքները, հավանաբար, սկիզբ են առնում այն հնագույն ժամանակներից, երբ ավարտվել է առաջին պատերազմը երկու պետությունների միջև և խաղաղության մասին համաձայնություն է ձեռք բերվել: Պետությունները, համաշխարհային ասպարեզում անհատականություններ լինելով, նույնչափ կարիք ունեն իրավունքի, որքան և մարդիկ, քանի որ բնական իրավիճակը, որի պայմաններում գործում է ուժեղի իրավունքը, ավելի ճիշտ` անիրավությունը, նրանց խորթ է: Ցանկացած համակեցություն կարգավորող նորմերի կարիք ունի, իսկ երբ աշխարհում ոչ թե մեկ, այլ երկու և ավելի պետություններ են, ապա օրակարգ է մտնում նրանց փոխհարաբերությունների հարցը, որոնք որոշվում են ինչ-որ նորմերով` նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

Յուրաքանչյուր դարաշրջան իր ավանդն է ներդրել միջազգային իրավունքի զարգացման մեջ, և այսօր այն զարմանալիորեն տարբերվում է նրանից, ինչ կար հնում կամ միջնադարում: Այսօր միջազգային իրավունքը պետությունների հարաբերությունները կարգավորող նորմերի գլոբալ ամբողջություն է` գլոբալ համաշխարհային կարգուկանոն հաստատելու հավակնությամբ: ՄԱԿ-ի նման ունիվերսալ կազմակերպությունները մասամբ կատարում են համաշխարհային կառավարության դեր, և անդամակցելով դրանց` յուրաքանչյուր պետություն ինքնակամ զրկվում է իր ինքնիշխանության մի մասից` ընդունելով (այդ թվում) սեփականների նկատմամբ միջազգային իրավական նորմերի գերազանցությունը: Սա բավական կարևոր հանգամանք է, և հարկ է նշել, որ դեռևս 100 տարի առաջ միջազգային իրավունքում այն բացակայում էր: Այս երևույթը էական նրբերանգներ մտցրեց համաշխարհային քաղաքականության մեջ. այսօր անգամ ամենամեծ տերությունն ի վիճակի չէ համաշխարհային ասպարեզում գործել իրավական շրջանակներից դուրս, և պարտավոր է իր յուրաքանչյուր գործողություն գոնե ձևականորեն անցկացնել դրանց համաձայն: Սակայն այսօր կուզենայի այլ բանի մասին խոսել: Կխոսեմ միջազգային իրավունքի` որպես պատմա-քաղաքակրթական զարգացման իրական արգելակի և ազգամիջյան հակամարտությունների խթանիչի, մասին: Այս հանգամանքը, իմ կարծիքով, պետք է տագնապ առաջացնի, սակայն աշխարհում անհանգստության նշաններ չեն նշմարվում: Կարծում եմ` սա բավական լուրջ հարց է, և մենք կփորձենք հիմնավորել նրա հրատապությունը:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ

 

Անցյալ հարյուրամյակի սկզբին աշխարհում մոտ 20 պետություններ կային, այսօր` ավելի քան 200: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Առաջին` վերացան գաղութատիրական կայսրությունները, նրանց գաղութներն ինքնուրույնություն ձեռք բերեցին և պետական ինքնիշխանության պայմաններում թևակոխեցին ազգային-պետական կայացման փուլ: Երկրորդ` առաջ եկան նոր ազգեր ու ազգություններ: Այս առնչությամբ մի քանի նկատառում ներկայացնեմ:

Առաջին. չգիտեմ ինչու, բայց աշխարհում այսօր համոզմունք կա, թե իբր ազգերի ու ազգությունների առաջացման գործընթացը բարեհաջող ավարտվել է: Եթե հրեաներն առաջացել են 40, հայերը` 26 դար առաջ, իսկ ժամանակակից եվրոպացիների պատմությունը մոտ 10-12 հարյուրամյակ է հաշվվում, ապա այստեղից կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, որ աշխարհի ժողովուրդները, իսկապես, միաժամանակ չեն առաջացել, այլ ի հայտ են եկել երկարատև զարգացման արդյունքում և տարբեր դարաշրջաններում: Հետևաբար, խոսել այն մասին, թե այսուհետ և մինչև դարի ավարտը աշխարհի վրա ոչ մի նոր ժողովուրդ, ոչ մի նոր ազգ չի գոյանա, մեղմ ասած, լուրջ չէ: Դեռևս 100 տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ 21-րդ դարասկզբին Կենտրոնական Ասիայում առաջ կգա խոշորագույն տարածաշրջանային տերություն 2,7 մլն քառակուսի կիլոմետր տարածքով, իսկ նրա անվանակիր ազգությունը` ղազախները, կձևավորվեն որպես լիարժեք ազգ` ի հետևանք ԽՍՀՄ ազգային քաղաքականության և դաշնային կառուցվածքի: Այսօր, ինչպես տեսնում ենք, այդ ամենը կա իրականում: Կամ վերցնենք ղրղըզներին, բելառուսներին, ուկրաինացիներին, մոլդավացիներին, չեռնոգորցիներին, մակեդոնացիներին, քենիացիներին, թանզանիացիներին և այլն, և այլն: Նման օրինակներ կարելի է շատ բերել, սակայն, կարծում եմ, ասվածը բավական է:

Երկրորդ. Աշխարհում այսօր փաստորեն անտեր տարածքներ չեն մնացել. մոլորակի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրը որոշակի պետության մաս է կազմում: Պետությունների տարածքային ամբողջականությունը պահպանվում է միջազգային իրավունքով. սահմանների անխախտելիությունը դրա հիմնարար սկզբունքներից մեկն է: Առաջին հայացքից սրանում որևէ բացասական բան լինել չի կարող, սակայն եթե հաշվի առնենք նաև այն, որ 200 պետությունների տարածքներում ապրում են մոտ 2000 ազգեր ու ազգություններ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է զարգացման ու կայացման գործընթացում կամ էլ հենց նոր է մտել կազմավորման փուլ, ապա հարկադրված ենք փաստել, որ վաղ թե ուշ օրակարգ կմտնի պետական ինքնիշխանության, այն է` սեփական տարածքի մասին հարցը` ի վնաս այլ պետությունների, որոնց տարածքային ամբողջականությունը խստորեն պահպանվում է միջազգային իրավունքով: Քանի որ պետությունը համընդհանուր քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, ինքնիշխանություն ներքին և արտաքին գործերում: Բայց եթե ինքնիշխանությունը հարաբերական հասկացություն է, ապա տարածքի առկայությունը պարտադիր է ու անպայման: Այս առումով հետաքրքիր կլիներ հակիրճ անդրադառնալ այն ժողովուրդներին, որոնք այսօրվա դրությամբ ի վիճակի են հիմնել սեփական պետություններ: Առավել ամբողջական պատկերացման համար դիմենք Հնդկաստանին:

Մարաթհա ժողովրդի թվաքանակը կազմում է ավելի քան 80 միլիոն մարդ, այսինքն, ավելի, քան Գերմանիայում` խոշոր համաշխարհային տերությունում: Նկատենք, որ նրանք միանգամայն կայացած ժողովուրդ են` բազմադարյա պատմությամբ. ունեն լեզու, գիր, մեծամասնությունը հինդուիզմ է դավանում է, կան նաև իսլամի, քրիստոնեության, ջայնիզմի հետևորդներ:

Թամիլներ. աշխարհում նրանց թիվը հասնում է մոտ 77 միլիոնի: Դավանում են հինդուիզմ, նույնիսկ հինդուիզմի առանձնահատուկ ճյուղ է առաջ եկել` այավարները (դավանում է թամիլների մոտ 10%-ը), կան նաև մահմեդականներ: Ունեն իրենց լեզուն, որով ստեղծվել է մեծաքանակ գրականություն, հայտնի է թամիլների կինեմատոգրաֆը:

Օրիա. թվաքանակը` մոտ 35 միլիոն: Լեզուն պատկանում է հնդարիական խմբի արևելյան ենթախմբին: 95%-ը դավանում է հինդուիզմ:

Սինդհեր. թվաքանակը` 45 միլիոն: Մեծամասնությունը սուննի մահմեդական է: Ունեն զարգացած մշակույթ` մակեդոնացիների, թյուրքերի, արաբների, աֆղանցիների ազդեցությամբ, որոնք նրանց տարածք են ներխուժել պատմության ընթացքում (ի դեպ, Բենազիր Բհուտոն ծագում է սինդհերից):

Նշեմ, որ մենք խոսում էինք առանձին էթնիկական միավորների մասին` կայացած բազմամիլիոնանոց ժողովուրդներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն, գիր ու գրականություն, ինքնատիպ մշակույթ, բազմադարյա պատմություն: Նրանք միայն պետականություն չունեն, բայց դա, հավանաբար, լուծում կգտնի: Այսօր Հնդկաստանում անջատողական միտումներ չեն նկատվում, սակայն, կարծում եմ, դա ժամանակի հարց է: Նշեմ նաև, որ Հնդկաստանում այլ կայացած, ավելի փոքրաթիվ ժողովուրդներ էլ կան (ինչպես, ասենք, կհասիները, սանտալները), բայց կարևոր է հասկանալ, որ նրանց սակավաթվությունը ամենափոքր բանն է, որ կարող է խոչընդոտել սեփական պետության ստեղծմանը:

Չինաստանում իսկական գլխացավանք են ույղուրները: Ույղուրական անջատողականությունը պատկառելի արտաքին հովանավոր ունի` Թուրքիան: Սակայն ունիտար Չինաստանը կոշտ կերպով ճնշում է հուզումները. այնտեղ ամեն տարի բանտ են ուղարկվում 100-ի կարգի անջատողականներ: Որքան կկարողանա Չինաստանը հակազդել ույղուրների ազգային ինքնագիտակցությանը` հայտնի չէ: Հայտնի է միայն, որ Արևմուտքում կա Չինաստանը մասնատելու ցանկություն, թեև ոչ ակնհայտ ձևով: Պետք է ենթադրել, որ ապագայում, ույղուրների շրջանում անջատողական տրամադրությունների աճին համընթաց` ավելի ակնհայտ ուրվագծեր կստանան նաև արտաքին «սնուցման» աղբյուրները:

Առավել լուրջ խնդիր են քրդերը Թուրքիայի համար: Այն հանգամանքը, որ Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս չի ենթարկվել մասնատման, ավելի շուտ բացառություն է կանոնից և ոչ թե կանոն: Եվ այդ հարցում ծանրակշիռ դեր են խաղում, հավանաբար, Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա ռազմավարական դաշնակցությունը ԱՄՆ-ի հետ: Կարծում եմ` հենց որ Արևմուտքում ցանկություն առաջանա «շտկել» Թուրքիայի տարածքը և քրդական պետություն ստեղծել, ապա դա անմիջապես իրականություն կդառնա. բազմամիլիոն քուրդ ժողովուրդը, որն, ի դեպ, առանձնապես քաղաքակրթվածությամբ աչքի չի ընկնում, զենքը ձեռքին բավական օպերատիվ կերպով կլուծի իր պետականության հարցերը:

Բելուջներն ու ադրբեջանցիներն Իրանում, որտեղ տիտղոսակիր ազգը չի գերազանցում բնակչության 55%-ը, դեմ չէին լինի սեփական պետականություն ունենալ: Դրան խոչընդոտում է իրանական պետության` կոշտաբար անջատողական բոլոր միտումները կասեցնող տոտալիտար բնույթը, ինչպես նաև, հավանաբար, իսլամը` որպես իսլամական հեղափոխության գաղափար, ազգային գաղափարի յուրատեսակ նախատիպ, որը կարողացել է համախմբել ժողովրդին: Սակայն դժվար է ասել, թե որքան երկար կտևի ներկա իրավիճակը և ինչով կավարտվի ազգային կայացման գործընթացը բազմազգ Իրանում:

Մինչ այժմ մենք խոսում էինք հին ու կայացած ժողովուրդների մասին: Սակայն կան նաև նոր, մեր աչքերի առջև ծնունդ առնող ժողովուրդներ: Միայն հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում կարելի է նշել տասնյակ նոր ժողովուրդներ. Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ ընդերքից են առաջ եկել ղազախները, ղրղըզները, ուզբեկները, մոլդավացիները, բելառուսները, ուկրաինացիները, ադրբեջանցիները: Բալկաններում ազգային կայացման գործընթացը նույն ընթացքն ունի. Հարավսլավիայի դաշնային կառուցվածքը և Տիտոյի ազգային քաղաքականությունը փաստորեն նոր ազգերի գոյացման պատճառ հանդիսացան: Այսպիսով, ավելի քան ակնհայտ է, որ ազգերի և ազգությունների ծնունդը հավերժական, անդադար գործընթաց է: Հետևաբար, անդադար է նաև պետական կազմավորումների առաջացումը. եթե, ասենք, հարյուրավոր տարիներ մարաթհաները և քրդերը բավարարվել են օտար պետություններում գոյատևելով, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ այդպես կշարունակվի նաև այսուհետ:

Բայց ինչպե՞ս կառուցել նոր պետություններ, եթե դրան խոչընդոտում է միջազգային իրավունքը: Ակնհայտ է, որ Երկրի տարածքը սահմանափակ է, և նոր պետությունների կազմավորումը հնարավոր է միայն գոյություն ունեցողների տարածքների վերաձևման ճանապարհով: Ակնհայտ է նաև, որ միջազգային իրավունքի մեկ այլ սկզբունք` ինքնորոշման սկզբունքը, իր կիրառմամբ ակնհայտորեն զիջում է առաջինին` տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը: Փաստորեն ստացվում է, որ միջազգային իրավունքը, որն ըստ էության կոչված է ապահովելու պետությունների իրավական համակեցությունը, իրականում ոչ այլ ինչ է, քան լուրջ արգելակ նոր ժողովուրդների կայացման ու ձևավորման գործընթացում, քանի որ նրանց զրկում է սեփական պետություն ունենալու հնարավորությունից:

Դրանով իսկ միջազգային իրավունքը պատերազմների է դրդում և խթանում է դրանք: Պատերազմը ելք է իրավունքի շրջանակից և տարաձայնությունները վերացնելու փորձ` բռնության ու բիրտ ուժի միջոցով: Այստեղ արժե նշել, որ պատերազմը, իրավունքի խախտում լինելով, էական դեր է խաղում պատմական զարգացման մեջ: Այն քայլ առաջ է հանդիսանում, դրանից հետո փլուզվում է մարդկանց համար բեռ դարձած նախկին կարգը, առաջ է մղվում նոր կառուցվածք, որն ավելի է համապատասխանում դարաշրջանի ոգուն: 20-րդ դարում երկու աշխարհակարգ է ձևավորվել, որոնք գոյություն են ունեցել տասնյակ տարիներ, և երկուսն էլ ծնվել են համաշխարհային պատերազմների արդյունքում: Ինչպես տեսնում ենք, երբ դրամատիկական իրավիճակը լուծում չի գտնում իրավական հարթությունում, քանի որ չափից ավելի անկենդան են իրավունքի նորմերը, գործի է դրվում բռնությունը և կործանում է դրանք, իսկ այնուհետև ուրվագծվում է նոր իրականություն, որում արդեն գերիշխում են նոր դարաշրջանի նոր հովերը, որին էլ հետագայում հարմարեցվում է իրավունքը:

Առհասարակ, պետք է ասել, որ ցանկացած զարգացում, ցանկացած առաջմղում հնարավոր է դառնում միայն իրավունքի խախտման արդյունքներով: Օրինակ, Նապոլեոնի Բրյումերի 18-ը ոչ այլ ինչ էր, քան քրեորեն պատժելի արարք, որի համար մարդկանց սովորաբար երկար տարիներ նստեցնում են: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի հետ, եթե չլիներ այդ պետական հեղաշրջումը, որը նոր Եվրոպայի ստեղծման սկիզբը դրեց:

Այսպիսով, անկախ այն բանից, թե ինչ է հռչակվում միջազգային իրավունքով և ինչ է սահմանվում դրանով, պատմական զարգացումը կընթանա սեփական սցենարին համապատասխան, քանի որ այն պայմանավորված է ավելի բարձր ուժերով, քան իրավական նորմերը սահմանող մարդիկ են: Միջազգային իրավունքը, որ պահպանում է համաշխարհային կարգը կայուն ժամանակներում և խանգարում է պատմական զարգացմանը, իր դերը զիջում է բռնությանը դարաշրջանների հատման կետում, երբ իրավական նորմերն ի վիճակի չեն վավերացնել նոր դարաշրջանի գալուստը և ամեն կերպ հակազդում են դրան:

Մինչ այժմ մենք խոսում էինք միջազգային իրավունքի կործանարարության մասին նոր ազգերի ու ազգությունների կազմավորման, ինչպես նաև նրանց ազգային պետությունների ստեղծման համար: Ինչպես վերը ներկայացրինք, դա իրականում այդքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում, քանի որ միշտ և ամենուրեք պատմա-քաղաքակրթական զարգացումը միջոցներ կգտնի բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու համար: Սակայն միջազգային իրավունքի իսկական կործանարարությունը մեկ այլ բանում է թաքնված: Խոսքը տարածքային վեճերի մասին է պետությունների` միջազգային իրավունքի սուբյեկտների միջև և նրանց ներսում:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԹԱՆԻՉ

 

Այստեղ մենք բախվում ենք իրավական կամայականության հետ: Այս երևույթը երբեմն անվանում են երկակի ստանդարտներ: Բանն այն է, որ որքան էլ մենք խոսենք միջազգային իրավունքի մասին, միևնույն է, դժվար է համաձայնել այն բանի հետ, որ այն պոզիտիվ է: Այսինքն, այն միանման ու միատեսակ չի գործում անկախ իրավունքի կիրառման օբյեկտից: Այստեղ որոշիչ դեր են խաղում աշխարհաքաղաքական կոնյունկտուրան և մեծ տերությունների` միջազգային իրավունքը սահմանողների և վերակացուների շահերը: Մեր աչքերի առջև, մի քանի իրավական նորմերի համապատասխան, մասնատվեց Հարավսլավիան, իսկ այնուհետև և Սերբիան (ի դեպ, կարծում եմ, որ Սերբիայի ոչնչացման գործընթացը դեռ չի ավարտվել): Արևմուտքն ընդունեց մեծամասնությամբ ալբանացիներով բնակեցված Կոսովոյի` ի բնե սերբական տարածքի անջատումը, այն դեպքում, երբ չի ճանաչում Ադրբեջանից Ղարաբաղի` ի բնե հայկական տարածքի, որը ներկա պահին 100%-ով բնակեցված է հայերով, փաստացի անջատումը: Արևմուտքն ընդդիմանում է նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի ճանաչմանը: Նկատենք, որ հետխորհրդային «խռովարար» տարածքներն անկախության համար պակաս իրավական ու պատմական հիմքեր չունեն, քան Կոսովոն, սակայն, ինչպես տեսնում ենք, նոր պետությունների կազմավորման կամ ազգային փոքրամասնությունների` պատմական հայրենիքին վերամիավորվելու պարագայում մեծ տերություններն արդեն առաջնորդվում են ոչ թե իրավական նորմերով, այլ ավելի շուտ սեփական շահերով:

Ըստ էության` մենք գործ ունենք պատմական զարգացման ոգուն ու տրամաբանությանը հակառակ ծայրահեղ անբարո, ծայրահեղ անարդար մոտեցման հետ: Երբ մեծ տերություններն անցյալում որոշում էին փոքր ժողովուրդների ճակատագիրը, դա հասկանալի էր, քանի որ դա արվում էր բռնությամբ և բացահայտ պատերազմներով: Սակայն այսօր բռնության դերը տրվում է միջազգային իրավունքին, ինչից արդեն անբարոյականության հոտ է փչում: Ամերիկացիներն ասում են. Կոսովոյի նախադեպը չի կարող օգտագործվել հայ-ադրբեջանական, վրաց-աբխազական, վրաց-օսական և մոլդավական հակասությունների լուծման համար: Այդպես են ասում, որովհետև հակառակը խորթ է իրենց ազգային շահերին, իսկ բերվող փաստարկները, մեղմ ասած, խելամիտ չեն և իրականում դեմագոգիա են:

Սակայն մեծ տերությունների` այսրոպեական շահերին հետևելն ու դրանց պահպանումը վերջին հաշվով գրեթե ոչինչ չեն լուծում: 15 տարի շարունակ օսերի` Վրաստանի կազմում մնալուց համառորեն հրաժարվելը, ինչպես նաև այն, որ Արևմուտքը համառորեն չի ցանկանում հաշտվել իրականության հետ, և Վրաստանի համառ ձգտումը` ամեն գնով վերականգնել տարածքային ամբողջականությունը, ի վերջո բանը հասցրին ահռելի ողբերգության: Տեղի ունեցավ ռազմական հակամարտություն, որում հաղթողներ չեղան. ջախջախվեց վրացական բանակը, իսկ վրացական ինքնասիրությանն անուղղելի հարված հասցվեց: Ավերվեց Հարավային Օսիան, վրացիներն իրենց նպատակին չհասան: Արևմուտքը տակտիկապես (հենց տակտիկապես) պարտվեց, Ռուսաստանը ճանաչեց վրացական ավտոնոմիայի անկախությունը, իսկ ինքը, սկզբունքորեն, ոչինչ չշահեց, այլ փչացրեց հարաբերություններն Արևմուտքի հետ և թաղեց քաղաքակիրթ դաշնակցի հետ հաշտվելու բոլոր հույսերը: Նման ելքը փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ ի սկզբանե հակամարտության բնույթի մեջ ապագա հաղթողի առկայություն պետք է լինի: Որտե՞ղ է նա, և ինչո՞ւ սրընթաց պատերազմն ի հայտ չբերեց հաղթողին:

Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքի և այն սահմանողների վերաբերմունքը հետխորհրդային անջատված տարածքներին կարելի է բնութագրել մեկ արտահայտությամբ` բռնություն ժողովուրդների հանդեպ: Մենք գործ ունենք մի դեպքի հետ, երբ պոզիտիվ իրավունքը ներխուժում է բնական իրավունքի ոլորտ, ինչը, բնականաբար, անթույլատրելի է և հաջողության չի բերում: Չէ՞ որ սերն ու ատելությունը, հարգանքն ու հարգանքի բացակայությունը, ըստ էության, մարդու անօտարելի բնական իրավունքներն են. պետական իշխանության կամ էլ միջազգային հանրության հարկադրանքով նրան անհնար է զրկել սիրուց կամ ատելությունից այն դեպքում, երբ նա կարող է դատավճռով զրկվել սեփականությունից կամ կյանքից:

Հակամարտությունների լարվածությունը հետխորհրդային տարածքում դեռ երկար կպահպանվի` շնորհիվ միջազգային իրավունքի ու նրա վերակացուների ջանքերի: Ժամանակ առ ժամանակ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից` անկայունություն ծնելով տարածաշրջանում և հիմնախնդիրներ մեծ տերությունների փոխհարաբերություններում: Աղետը Վրաստանում դեռ չի սպառել իրեն. միայն առաջին փուլն է ավարտվել, մոտ ապագայում պետք է սպասել սերիալի շարունակությանը: Եվ այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունների լուծման ներկայիս մեխանիզմները ծիծաղելի չեն թվա և վերջնականապես չեն առաջացնի մարդկանց, այդ թվում և արևմտյան հանրության ներկայացուցիչների նողկանքը: Այդժամ գուցե միջազգային իրավունքում ի հայտ կգան ավելի ընկալելի նորմեր, որոնք թույլ կտան նրան չհակառակվել բնական պատմա-քաղաքակրթական զարգացման գործընթացներին ու չհակասել դարաշրջանի ոգուն: Կուզենայի հուսալ, որ այդ երջանիկ պահին կհասնենք առանց ինչ-որ առանձնահատուկ վնասների, թեև այսօրվա դրությամբ նման լավատեսության համար հիմքեր չկան...

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը ռուսական պետության համար ապագայում հղի է վիթխարի անախորժություններով: Առաջին հերթին անպայման խոսք կգնա Հարավային Օսիան Հյուսիսայինին միացնելու մասին: Փաստացի դա նշանակում է Ռուսաստանի սուբյեկտներից մեկի կորուստը, ինչը ցանկացած դեպքում անընդունելի է Մոսկվայի համար, կամ պետք է Օսիայի երկու մասերը միանան Ռուսաստանի կազմին, ինչը նույնպես անընդունելի է Ռուսաստանի համար, քանի որ այդ դեպքում նրան պետք է նայեն որպես զավթիչի: Երկրորդ. ամերիկացիները բացահայտ խոստացան խթանել անջատողականությունը Կովկասում: Պետք է ենթադրել, որ այդ հարցում նրանք արդյունքի կհասնեն. Կրեմլը երբեք խելքով չի փայլել Կովկասյան ազգերի հետ ճիշտ վարվելու մեջ. մտրակի և քաղցրահացի քաղաքականությունը այս դեպքում արդյունավետ չէ: Հեռու չէ այն ժամանակը, երբ չերքեզները, կաբարդինները և շատ ուրիշները կնախանձեն օսեթներին և կասեն. ինչո՞վ ենք մենք նրանցից վատ: Ինչո՞ւ մեզ էլ ամերիկացիների օգնությամբ չհասնել անկախության և ազատվել մոսկովյան աչքից մեկանգամ ու ընդմիշտ: Ի՞նչ կհակադրի Ռուսաստանը դեպքերի նման զարգացման դեպքում, դժվար է ասել, բացի այդ, հարց է` կկարողանա՞ արդյոք ինչ-որ գործուն միջոց հակադրել: Երրորդ. վերջին հաշվով Հարավային Օսիայի անկախությունը նրա ազգին ոչինչ չի տա, բացառությամբ նրա էլիտայի, որը անվերահսկողության պայմաններում կկարողանա մեծ գումարներ ստեղծել և գողանալ այն ամենը, ինչ պահպանվել էր վրացական ներխուժումից հետո: Վերջապես ամենագլխավորը. Վրաստանը և նրա արևմտյան դաշնակիցները չեն հաշտվի տարածքների կորստի հետ: Հնարավոր են նոր պատերազմներ, նոր կարգուկանոն իրենց արդյունքում և շատ ուրիշ բաներ: Վերլուծել Կովկասյան ազգերի պահվածքը` անշնորհակալ զբաղմունք է, այնպես որ, սահմանափակվենք ասվածով...

Եվ այսպես կշարունակվի դեռ շատ երկար: Մինչև որ մարդիկ չհասկանան, որ միջազգային իրավունքն անհրաժեշտ է երբեմն երկնքից իջեցնել ներքև և համապատասխանեցնել դառը իրականության հետ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am