Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Օգոստոս 2008, N 5

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԱՆԿՈՒՄԸ՝ ԿԱՐՍԻ ՍՑԵՆԱՐ

Կարինե Ալեքսանյան, պատմաբան, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս

 

1920թ. թուրք-հայկական պատերազմը հայոց նորագույն պատմության ողբերգական էջերից է: Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի անկայունությունը և արտաքին քաղաքական կյանքի ձախողումները հայերի պարտության պատճառ հանդիսացան: Պարտվելով այս պատերազմում` հայ ժողովուրդը ոչ միայն կորցրեց հայկական հողերը մեկ միասնական պետության մեջ միավորելու բացառիկ հնարավորությունը, այլ նաև նորանոր տարածքներ զիջեց թուրքերին, կրեց հսկայական նյութական վնասներ, տվեց մեծաթիվ մարդկային զոհեր և վերջապես, զրկվեց անկախ պետականությունից:

1920թ. թուրք-հայկական պատերազմում Հայաստանի պարտությունն առավել ողբերգական հետևանքներ ունեցավ Ալեքսանդրապոլի գավառի համար: Հայկական բանակի բարոյալքման, բնակչության խուճապի, իշխանությունների փլուզման հետևանքով թուրքերը հեշտությամբ գրավեցին Ալեքսանդրապոլն ու գավառը: Այնուհետև նրանք, վարպետորեն օգտվելով թուրք-բոլշևիկյան դաշինքից, ոչ մի իրավական հիմք չունենալով այստեղ մնալու, կարողացան ամբողջ վեց ամիս այն պահել օկուպացիոն դաժան ռեժիմի պայմաններում: Այսպես, չնայած 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի և 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրերով Ալեքսանդրապոլի գավառը մնում էր Հայաստանի կազմում, թուրքերն այստեղից հեռացան միայն 1921թ. ապրիլի 22-ին: Ինչևէ, ամեն ինչ իր հերթականությամբ...

Կարսի խայտառակ հանձնումից հետո հայոց զորքն անընդունակ էր դիմադրություն ցույց տալ թուրքերի ճնշմանը և քայլ առ քայլ նահանջելով` կանգնում է Ալեքսանդրապոլից 18կմ հեռու գտնվող Կզըլչախչախ գյուղում: Շիրակի նահանգապետ Կարո Սասունու վկայությամբ. «Չնայած հայկական զորքի թիվն այստեղ հասնում էր տասը հազարի, բայց այն ավելի շուտ ամբոխի էր նմանվում, քան բանակի՝ պարտվածի հոգեբանությամբ և մինչև հոգու խորքը հուսահատված»:

Այս իրավիճակում կողմերն ամրանում են հետևյալ դիրքերում. գեներալ Հովսեփյանի զորամասերը, որոնք կարողացել էին անկորուստ դուրս գալ Կարս-Ալեքսանդրապոլ խճուղին, դիրքավորվում են Կզըլչախչախ գյուղում: Սեպուհի զորամասերը Կզըլչախչախից աջ՝ Ղըմլիի բարձունքներում: Ձախ թևի վրա՝ երկաթուղու գծի ուղղությամբ, ամրանում է Հասան Փաշայանի գունդը, իսկ ձախ թևի լեռնադաշտում՝ գնդ. Ղորղանյանի գունդը, որին միանում է սասունցի Մուշեղը: Հակառակորդն ամրանում է Սեյդի-Դիլան-Կիլլի-Մեծ և Փոքր Յաչնի-Ղարախաչ-Սուբոտան-Հաջի Վալի-Բիլիար շրջաններում: Նոյեմբերի 1-2-ին հետախուզություններ են տեղի ունենում, և առաջապահներն ընդհարվում են: Այս փոքրիկ ընդհարումներն իսկ խուճապի են մատնում տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող հայոց զորքին: Թուրքերը, տեսնելով հայոց բանակի վիճակը, գնդացրային կրակով մշտական վախի մեջ են պահում նրան: Վերջինս, բացարձակապես կորցնելով հավատն իր ուժերի նկատմամբ, միակ ելքը տեսնում էր զինադադարի մեջ: Ընդ որում` դրան սպասում էին հասարակ զինվորներից մինչև հրամանատարը: Դեպքերի ականատես և մասնակից անհայտ գրողի օրագրում կարդում ենք. «Դասալքությունը սոսկալի չափերի է հասնում: Գիշերները զինվորները հարյուրներով են փախչում: Զորքի բարոյական կորովը բավականին ընկած է, զորավարից սկսած մինչև հասարակ զինվորը ոչ միայն դիմադրելու, առաջ խաղալու հույս չունեն, այլև հավատացած են, որ ամեն բան վերջացել է: Բաբելոնյան խառնակություն է տիրում: Մեր բանակը չի կռվում և օր առաջ շտապում է տուն հասնել, որպեսզի թշնամուն չհանդիպի»:

Եվ այս իրավիճակն անկարող էին փոխել կառավարության և պառլամենտի անդամների, մտավորականների և կուսակցությունների կոչերը, որոնցով ժողովրդին զենքի էին հրավիրում, ձգտում վերականգնել բանակի ոգին ու կորովը՝ հույս ունենալով գոնե թուրքերի առաջխաղացումը կանգնեցնել և ոչ նվաստացուցիչ պայմանագիր կնքել:

Վիճակը չի փոխում նաև կառավարության անդամների գալուստը Ալեքսանդրապոլ: Դեռևս հոկտեմբերի 14-ին ձախողված հարձակումից հետո Ալեքսանդրապոլ էին եկել հաղորդակցության նախարար Ջամալյանն ու լուսավորության նախարար Ղազարյանը, որոնք պետք է հրամանատարությանն աջակցեին և տեղական իշխանությունների հետ լուծեին բոլոր խնդիրները: Սրանցից ավելի շուտ Կարսում էին գտնվում Վրացյանն ու խնամատարության նախարար Բաբալյանը (սակայն Վրացյանը Կարսի անկումից մեկ շաբաթ առաջ կանչված է եղել Երևան կառավարության աշխատանքներին մասնակցելու համար): Նոյեմբերի 1-ից նրանց են միանում քսանից ավելի գործիչներ՝ զինվորական նախարար Ռ. Տեր-Մինասյանը, սպարապետ Թ. Նազարբեկյանը և պառլամենտի անդամներ: Սակայն այս միջոցառումներն արդեն ոչ մի օգուտ չէին կարող տալ: Շիրակի նահանգապետ Կ. Սասունին դրանք նույնիսկ համարում է վնասակար: «Այս միջոցառումները,- գրում է նա, - ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասում են գործին: Առանց այն էլ Ալեքսանդրապոլում կային բազմաթիվ իշխանություններ, որոնք խաչաձևում էին միմյանց, և այս նոր եկողներն էլ, միանալով սրանց, ավելի են մեծացնում շփոթությունն ու ստեղծում այնպիսի վիճակ, երբ ղեկավարությունը փաստորեն կանգ է առնում: Եվ ընդհանրապես, գործի կենտրոնացված ղեկավարումն ավելի է թուլանում»:

Դրությունը փրկելու մի հուսահատ փորձ ևս արվում է նոյեմբերի 1-ին: Ալեքսանդրապոլում գտնվող պատասխանատու պետական գործիչները, որոնց ավելացել էին Շանթն ու Քաջազնունին, ժողով են հրավիրում և որոշում Քաջազնունու խոսքերով «Բարև բռնել հրամանատարության առջև և ըսել՝ պատրաստ ենք հրամանիդ ծառայելու»: Այլ խոսքով, պետք է մտնեին բանակ, քաջալերեին նրան իրենց անձնական օրինակով, ստիպեին զորքին կռվել, և այս աշխատանքի ընթացքում պետք է ենթարկվեին իրենց զորամասերի հրամանատարներին: Նույն օրը զինվորական նախարար Ռ. Տեր-Մինասյանը, որ Ալեքսանդրապոլ էր եկել հրամանատարությունը ստանձնելու և պատերազմը շարունակելու նպատակով, զորավար Նազարբեկյանի ու պառլամենտի անդամներ Ա. Հովհաննիսյանի և Ե. Միրաքյանի հետ գնում է Կզըլչախչախ՝ անձամբ տեսնելու զորքի վիճակը: Սակայն նոյեմբերի 2-ին վերադառնալով այնտեղից՝ հայտարարում է, որ եղած զորքով որևէ լուրջ գործողություն կատարելն անհնարին է, և որ միակ ելքը զինադադարն է:

Համոզվելով, որ պատերազմի շարունակումը հնարավոր չէ` նոյեմբերի 3-ին Հայաստանի կառավարությունը որոշում է զինադադար խնդրել թուրքերից: Իր հերթին նոյեմբերի 2-ին քեմալական կառավարությունը պաշտոնական առաջարկ է ուղարկում Երևան` հաշտության բանակցություններ սկսելու: Նրանում մեղադրելով հայերին՝ նախ ցարական Ռուսաստանին, ապա և Անգլիային` ծառայելու և Թուրքիայի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ, բայց, այնուամենայնիվ, զգալով իրենց կատարյալ հաղթանակը՝ առաջարկում են հաշտության բանակցություններ սկսել: Սակայն կառավարությունից ստացած այս նոտան Կարաբեքիրը հայոց բանակի հրամանատարությանն է ուղարկում միայն նոյեմբերի 5-ին: Իսկ մինչ այդ` նոյեմբերի 4-ին, թուրքական հիմնական ուժերն ընդհանուր գրոհ են ձեռնարկում Կզըլչախչախի ուղղությամբ՝ նպատակ ունենալով դուրս մղել հայերին իրենց դիրքերից այդ հատվածում, ճեղքել ռազմաճակատը և դուրս գալ Արփաչայի վրա՝ վտանգ ստեղծելով Ալեքսանդրապոլի համար: Կզըլչախչախի մոտ հայերը փորձում են կանգնեցնել թուրքերին, և օրվա ընթացքում դա նրանց հաջողվում է: Սակայն թուրքերը, դիմելով փորձված մարտաձևին, անընդհատ գնդացրային կրակով խուճապ են առաջացնում հայկական դիրքերում: Արդյունքում` մութն ընկնելուն պես հայոց զորքը թողնում է Կզըլչախչախի դիրքերը և նոր դիրքեր բռնում Ալեքսանդրապոլից 10 կմ հեռավորության վրա: Կզըլչախչախի կռիվները հայոց բանակի վերջին ջղաձգումներն էին և չնայած իրենց հերոսականությանը, չէին կարող փոխել պատերազմի ելքը: Ավելին, Կզըլչախչախից հետո դասալքությունը բանակում հասնում է աննախընթաց չափերի:

        Հայաստանի Հանրապետության պարտությունը պատերազմում արդեն ոչ մեկի մոտ կասկած չէր հարուցում, և Կարաբեքիրի՝ թուրքական կառավարությունից ստացած նոտան հայոց բանակի հրամանատարությանը նոյեմբերի 5-ին հանձնելը պայմանավորված չէր կարող լինել Կզըլչախչախի կռիվներով: Իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 2-ի նոտային, ապա այն դեռ չէր նշանակում, որ «քեմալականներն ընդունում էին մի փոքրիկ Հայաստանի գոյության անհրաժեշտությունը»: Թուրքերը չգրավեցին ամբողջ Արևելյան Հայաստանը, քանի որ դա նրանց թույլ չտվեց ամենից առաջ Խորհրդային Ռուսաստանը: Այդ մասին է վկայում մասնավորապես Լեգրանը, որը նոյեմբերի 19-ին Հ. Օհանջանյանի հետ հանդիպման ժամանակ, իմանալով զինադադարի պայմանների մասին, հայտարարում է. «Եթե Հայաստանի կառավարությունը համաձայնել է Կարսը թուրքերին հանձնել, ապա ռազմաճակատի հետագա զորացման կամ ռազմական օգնության համար Ռուսաստանին դիմելու ամեն մի անհրաժեշտություն վերանում է, քանի որ թուրքերն այս պայմաններում միշտ էլ խաղաղություն կկնքեն Հայաստանի հետ»:

       Պատահական չէ, որ Կարսը գրավելուց հետո պաշտոնապես դիմելով Հայաստանի կառավարությանը խաղաղության բանակցություններ սկսելու, թուրքերը իրենց առաջխաղացումը շարունակելու առիթը բաց չէին թողնում՝ փորձելով այն պայմանավորել Խորհրդային Ռուսաստանի շահերով: Արդեն նոյեմբերի 3-ին Կարաբեքիրը մի հեռագիր է ուղարկում 11-րդ կարմիր բանակի հրամանատարին, որում վերջինս փորձում էր համոզել` հարձակվել Հայաստանի վրա` ասելով, որ դա ոչ թե պատերազմ կլինի, այլ մի թեթև զբոսանք, որը հեշտությամբ կհանգեցնի Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը: Կարաբեքիրն իր հետագա առաջխաղացումն ապահովելու նպատակով փորձում էր Խորհրդային Ռուսաստանին համոզել, որ իր բանակը «հեղափոխական ազատարար» բանակ է, որի նպատակն է փրկել հայ աշխատավորությանը «դաշնակցականների լծից և Հայաստանում հռչակել բանվորա-գյուղացիական իշխանություն»:

      Կարսը գրավելուց հետո պաշտոնապես դիմելով Հայաստանի կառավարությանը խաղաղության բանակցություններ սկսելու` թուրքերը առիթ բաց չեն թողնում իրենց առաջխաղացումը շարունակելու՝ փորձելով այն պայմանավորել Խորհրդային Ռուսաստանի շահերով: Կարաբեքիրը մի կողմից փորձելով իր առաջխաղացումը պայմանավորել Ռուսատանի շահերով, մյուս կողմից` նոյեմբերի 7-ին Հայաստանի կառավարությանը առաջարկած նախնական զինադադարի պայմանով գրավում է Ալեքսանդրապոլի կարևոր ռազմաստրատեգիական կետերը՝ բերդն ու կայարանը: Այնուհետև հաստատվելով Ալեքսանդրապոլում` նոյեմբերի 8-ին ներկայացնում է Անկարայի կառավարության զինադադարի շատ ավելի ծանր պայմանները` նպատակ ունենալով մերժման դեպքում զարգացնել ռազմական հաջողությունները և գրավել Ալեքսանդրապոլի գավառը: Հայաստանի կառավարությունը, մերժելով Խորհրդային Ռուսաստանի՝ Հայաստանի խորհրդայնացման և Թուրքիայի հետ նոր զինադադարի պայմանները, և միաժամանակ իրական ուժ չունենալով` կանգնեցնել թուրքական առաջխաղացումը, հնարավորություն է տալիս թուրքերին ռազմական գործողություններով շարունակել Հայաստանի «ազատագրման» գործը: Ալեքսանդրապոլի գավառի բնակչությանը թուրքական վտանգի դեմ հանդիման մնում է անօգնական: Բախտի քմահաճույքին մնացած բնակչությունը ստիպված է լինում «աղ ու հացով» դիմավորել իր թշնամուն:

            Կզըլչախչախի գրավումից հետո, երբ լուրջ վտանգ է կախվում Ալեքսանդրապոլի գլխին, քաղաքը մատնվում է անիշխանության: Չնայած կառավարության որոշմանը, այն է՝ թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու դեպքում քաղաքում պետք է մնան քաղաքացիական վարչության անդամները, շրջանային ինքնավարության նախագահը, վարչության անդամները և ընդհանրապես բոլոր պաշտոնյաները, նոյեմբերի 5-ի լուսաբացին թողնում են քաղաքը՝ մատնելով այն անիշխանության, ավերման ու հրդեհման: Այս ամենից հետո միայն զոր. Սիլիկյանի թույլտվությամբ ընտրվում է 15 հոգուց բաղկացած կոալիցիոն մարմին՝ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, որը պետք է ձեռնամուխ լիներ քաղաքի գործերի կարգավորմանը: Սարգսյանը նշանակվում է նաև Ալեքսանդրապոլում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ՝ խորհրդականներ ունենալով Ե. Միրաքյանին և Պ. Շերմազանյանին:

Քաղաքի զինվորական և քաղաքացիական իշխանությունների փախուստն էլ ավելի է մեծացնում բնակչության խուճապը, որը սկսվել էր Կարսի անկումից հետո: Ստեղծված իրավիճակում նոյեմբերի 5-ի լուսաբացին բոլշևիկները, դուրս գալով բանտից, փորձում են իրենց ձեռքը վերցնել իշխանությունը՝ կարծելով, թե թուրքերի միակ նպատակը դաշնակցական կառավարության տապալումն էր: Սակայն Սեպուհը բոլշևիկներին սպառնում է ձերբակալությամբ, և վերջիններս հարկադրված անցնում են ընդհատակ: Այդ ընթացքում նոյեմբերի 5-ին Կարաբեքիրը հայոց բանակի հրամանատարին հայտնում է, որ ինքը ստացել է հաշտության վերաբերյալ Հայաստանի կառավարության առաջարկը, հեռագրով հաղորդել է Անկարա և խոստանում է հաղորդել ստացած պատասխանը: Իսկ մինչ այդ առաջարկում է նախնական զինադադար հետևյալ պայմաններով. հայկական բանակը հետ էր քաշվելու 10 կմ Ալեքսանդրապոլից, թուրքերը գրավելու էին միայն Ալեքսանդրապոլի բերդն ու կայարանը, քաղաքը չէր օկուպացվելու:

         Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 7-ին, վաղ առավոտյան ուղարկում է իր պատասխանը: Հաջորդ օրը երկու կողմերի միջև զինադադարի մասին համաձայնություն է կայացվում, և ամբողջ ճակատով կրակը դադարեցվում է: Արևելյան բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը նոյեմբերի 7-ին Ալեքսանդրապոլի քաղաքագլխին ուղղված նամակում երաշխավորում էր կյանքի, պատվի և ունեցվածքի անձեռնմխելիություն, անվտանգություն և կարգուկանոն: «Դաշնակցականների կողմից շարունակւած խառնակութեան հետևանօք, - գրում է Կարաբեքիրը,- բանակս ստիպվեցավ յառաջ խաղալ: Երկու կողմի կառավարութեան մեջ մինչև հաշտութեան պայմանները որոշւելը Արևելյան հրամանատարութիւնը և Երևանի կառավարութիւնը ընդունած են, որ Գյումրին գրաււի:

Գյումրիի բերդը և կայարանը գրավելու մասին որոշած զօրամասը այսօր ճաշից յետոյ որոշեալ տեղը պետք է հասնին: Իմ ամենաբուռն ցանկութիւնն է, որ զօրքը մտած ժամանակ ժողովրդեան կեանքին, պատւին ու գոյքին ձեռք չպետք է տրւին, խնդրում եմ, որ բոլորը վստահութեամբ իւուրաքանչիւր մարդ իր գործով զբաղւի: Քաղաքի ապահովութիւնը և խաղաղութիւնը պահպանելը Ձեր խնամքին կը յանձնւին, մինչև որ Ձեր կողմից օգնութիւն չպահանջւի մեր կողմից երբեք միջամտութիւն չը պիտի լինի: Յատկապես կը բարևեմ Գյումրիի ժողովրդին: Թող իրազեկ լինեն այս յայտարարութեանը և եթէ ունեն մի ուրիշ ցանկութիւն, խնդրում եմ, որ մի մարմնի միջոցով ինձ յայտնեն այդ մասին»:

Հենց այդ օրն էլ հայկական զորքերը, կատարելով զինադադարի պայմանները, սկսում են հետ քաշվել Արփաչայի արևմտյան ափից, ինչպես նաև դատարկել Ալեքսանդրապոլը: Նախապես որոշվածի համաձայն՝ Սեպուհի զորամասը թողնում է Ալեքսանդրապոլի և քաղաքի դիրքերն ու հաստատվում Ջաջուռի ստորոտում գտնվող հայկական գյուղերում, որոնք Ալեքսանդրապոլից գտնվում էին այնքան հեռավորության վրա, որքան թելադրում էին զինադադարի պայմանները: Ժողովրդական ուժերի մեծ մասը նահանջող զորքի հետ փոխադրվում է Նորաշեն (Շիրակի 2-րդ գավառամ) և Ապարանի շրջան: Զորավար Հովսեփյանը 1 և 4 գնդերի թնդանոթային ու գնդացրային կազմով հեռանում է դեպի Հոռոմ գյուղը՝ թիկունք ունենալով Արագածի բարձունքները: Այդ գծով է նահանջում նաև Սմբատը, որի զորամասերը սկսում են համալրվել սասունցի ձիավորներով: Իսկ գնդապետ Ղորղանյանը և Հասան Փաշայանն իրենց ուժերը կենտրոնացնում են Աղին կայարանում՝ Արարատյան դաշտ տանող երկաթուղու ուղղությամբ:

Սրանով փաստորեն, Ալեքսանդրապոլը հանձնվում էր թուրքերին: Հայաստանի կառավարությունը նույն նոյեմբերի 7-ի կառավարական հաղորդագրության մեջ գրում է. «Կարսի անկումից հետո թշնամու անընդհատ ճնշման տակ մեր զորքերը ստիպված եղան նահանջել դեպի Ալեքսանդրապոլ: Երեկ` ամսույս 6-ին, թշնամու զորքը հասել էր արդեն Ալեքսանդրապոլի տակ և սպառնում էր քաղաքին: Մի կողմից Ալեքսանդրապոլի ժողովրդին սպառնացող վտանգը և մյուս կողմից մեր և Անկարայի կառավարությունների կողմից փոխադարձաբար արտահայտված ցանկությունը՝ բանակցություններ սկսել հաշտության դաշն կապելու համար, հանգեցրին նրան, որ պայմանավորվեցինք սկսել հաշտության բանակցություններ, որի տեղն ու ժամանակը կորոշվի մոտ օրերս: Միևնույն ժամանակ մեր և թուրք զորահրամանատարների միջև տեղի ունեցավ բանակցություններ անմիջական զինադադարի մասին: Բանակցությունները հաջող ելք ունեցան և արդեն կնքված է զինադադար հետևյալ պայմաններով, որ մենք քաշում ենք մեր զորքը Արփաչայի արևմտյան ափից ձախ, թուրքական զորքերը զինադադարի ժամանակ գրավում են Ալեքսանդրապոլի բերդը, երկաթուղային կայարանը և շուրջը 10 կմ շրջակայքով: Թուրք հրամանատարությունը երաշխավորում է, որ քաղաքում չի խանգարվի կարգ ու կանոնը և ազգաբնակչության ապահովությունը:

Հաղորդելով այս ամենը, կառավարությունը վստահ է, որ կնքված զինադադարը և սկսված բանակցությունները հաշտության մասին կտան ցանկալի արդյունք: Պարզ է, որ բանակցությունների ելքն այնքան բարեհաջող կլինի մեզ համար, որքան մեծ կլինի մեր դիմադրական ուժը: Ամեն մի քաղաքացի պարտական է լավ ըմբռնել այս պարզ ճշմարտությունը, թև ու թիկունք հանդիսանալ մեր հայրենիքը պաշտպանող բանակին»:

Սակայն դժբախտաբար «հայրենիքը պաշտպանող բանակը» որպես այդպիսին արդեն գոյություն չուներ, իսկ գործադիր իշխանությունների բացակայությունը քաղաքը վերջնականապես մատնել էր անիշխանության: Ինչ վերաբերում է ժողովրդին, համենայնդեպս, քաղաքում մնացած բնակչությանը, ապա այն պատրաստ էր համախմբվել իշխանության շուրջ և աջակցել բանակին: Այդ մասին են խոսում բազմաթիվ փաստեր: 1920թ. հոկտեմբերի 6-ին Ջամալյանի՝ արտգործնախարարությանը ուղղված հեռագրում նշվում էր. «Տրամադրությունը Շիրակի նահանգում ավելի քան բարձր է, գրեթե առանց ուժի դասալիքները և նոր զինվորականները հավաքվում են այնպիսի քանակությամբ, որ նրանց դասավորման խնդիրը մտահոգություն է պատճառում: Երկաթուղու ծառայողների և բանվորների զինակոչի նկատմամբ կառավարության կայացրած որշումը մինչև անգամ ուշացած է: Մինչ այդ նրանք մեծ թվով կամավոր են գրվել և այժմ մենք դժվարությամբ ենք կարողանում համոզել մասնագետներին մնալ իրենց պաշտոնում: Ժողովուրդը զգում է, թե ինչ վտանգ է կախված հայրենիքի գլխին և պատրաստ է մինչև վերջը կանգնելու իր կառավարության թիկունքին ու հետ վանել հանդուգն թշնամուն»:

Եվ նույնիսկ 1920թ. նոյեմբերի 7-ի առավոտյան նման տրամադրություններ են եղել: Այդ մասին է վկայում Ալեքսանդրապոլում կենտրոնական իշխանության ներկայացուցչի խորհրդական Պ. Շերմազանյանի հեռագիրն ուղղված Արշակ Ջամալյանին. «Շտաբն իր տեղում է, - ասված է հեռագրում. - Արսենը զբաղված է իր ընթացիկ խնդիրներով, սակայն նա մնացել է համարյա մենակ՝ անզոր բավարարելու քաղաքացիների հարց ու փորձերին: Քաղաքացիները բանակի համար ինքնակամ կերպով հավաքում են հաց, մսացու, ծխախոտ: Քիչ առաջ մի խումբ կանայք եկան շտաբ, ցանկություն հայտնեցին անձամբ դիրքեր տանել հացը և ծխախոտը: Առայժմ այդպիսի աշխուժություն է տիրում Սեպուհի բանակի շուրջ: Քաղաքում չեն երևում գործադիր իշխանությունները, բացակայում են հատկապես միլիցիոներները: Չափազանց անհրաժեշտ է մոբիլիզացնել Երևանի մեր կուսակցական ընկերներին և բերել Ալեքպոլ: Ծայրահեղորեն անհրաժեշտ է այստեղ բերել բեռնակիրներ՝ պահեստների ռազմամթերքը կայարան տեղափոխելու և Երևան ուղարկելու համար: Մանրամասներ չեմ հայտնում և չեմ ուզում գուշակել քաղաքի ապագան, սակայն անհրաժեշտ է բավարարել իմ հաղորդած պահանջներն ամենաարագ կերպով: Ժամանակը թանկ է: Հակառակ դեպքում ձեր վրա կվերցնեք բարոյական պատասխանատվությունը»:

Թուրքերը մի կողմից փորձում էին բոլշևիկյան ագիտացիայի միջոցով թուլացնել ժողովրդի կամքը, մյուս կողմից` զարգացնում էին ռազմական հաջողությունները: Կարաբեքիրն առաջարկած զինադադարով հայերին ստիպել էր փաստորեն առանց դիմադրության իրեն հանձնել Ալեքսանդրապոլը և զրկվել կարևոր ռազմաստրատեգիական դիրքերից: Այնուհետև հաստատվելով Ալեքսանդրապոլում և տեսնելով քաղաքում տիրող ռեալ իրավիճակը ու հայկական կողմի դիմադրողական կարողությունները` նոյեմբերի 8-ի երեկոյան հայկական կողմին Ջաջուռի ճակատի առաջավոր գծում ներկայացնում է Անկարայի կառավարության զինադադարի պայմանները, որոնք շատ ավելի ծանր էին:

Նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին, Երևանում ստացվում է նաև Անկարայի կառավարության նոյեմբերի 8-ի նոտան, որով թուրքերը դնում էին հաշտության իրենց պայմանները: Այս նոտայով թուրքերը հայերին առաջարկում էին ուղղակի բանակցությունների մեջ մտնել իրենց հետ և չմիջազգայնացնել հարցը: Սակայն սա չէր նշանակում, թե նրանք կողմ էին անկախ Հայաստանի գոյությանը, թեկուզ փոքր սահմաններով, ինչպես դա կարող էր թվալ առաջին հայացքից, և ինչպես հավատացած էին Հայաստանի կառավարության անդամները: Խատիսյանն, օրինակ, թուրքերի կողմից փոքրիկ Հայաստանի պահպանման շարժառիթներ էր համարում այն, որ «ա. անոնք կերազեին ունենալ Կովկասի մեջ իրենց ազդեցության, և եթե հնարավոր է իրենց հովանավորության տակ չորս հանրապետություններ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Հյուսիսային Կովկաս), բ. թուրքերը հաշվի կառնեին հայկական հարցի միջազգային բնույթը և փոքրիկ Հայաստան մը ստեղծելով՝ կուզեին որոշ գոհացումը տալ աշխարհի հանրային կարծիքին: Եվ գ. թուրքերը կուզեին ունենալ յանձին Հայաստանի հողամաս մը, ուր կարողանային հավաքել հայերու մնացորդները Թուրքիո սահմաններեն»:

Ելնելով այս մտայնությունից, նոյեմբերի 10-ին Անկարայի Արտաքին գործոց ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթարին ուղարկած նոտայում Համո Օհանջանյանը փորձում է մերժել զինադադարի նոր պայմանները:

Թուրքերը մի կողմից տպավորություն ստեղծելով, թե իրենք կողմ են անկախ Հայաստանի գոյությանը, Հայաստանի կառավարությանը դրդում էին չընդունել Հայաստանի խորհրդայնացման վերաբերյալ Խորհրդային Ռուսաստանի առաջարկը, մյուս կողմից ռազմական առաջխաղացմամբ և զինադադարի նոր ծանր պայմաններով անելանելի վիճակի մեջ գցելով նրան` ստիպում են խաղաղ ձևով իշխանությունը հանձնել բոլշևիկներին: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլը թուրքերին հանձնելուց հետո ոչ մի հիմք չէր տեսնում թուրքերի կողմից զինադադարը խախտելու համար:

Կարաբեքիրը, չսպասելով Անկարայի պատասխանին, իսկույն պատասխան նոտա է հղում Հայաստանի կառավարությանը, որի մեջ ասում է, թե իր պայմանները և կառավարության պայմանները չպետք է շփոթել, և քանի որ Հայաստանի կառավարությունը չի ընդունում իր կառավարության պայմանները, ուստի ինքը ստիպված է վերսկսել ռազմական գործողությունները: Արդեն այդ օրը՝ նոյեմբերի 10-ին, թուրքերի մի փոքր զորամաս շարժվում է Հոռոմի վրա, որտեղ կանգնած էր գնդ. Հարությունյանի 1-ին գունդը: Վերջինս սակայն առանց կռվի հետ է քաշվում դեպի Մոլլա-Գեոկչա: Չնայած դրան, Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է մերժել թուրքական պայմանները և շարունակել պատերազմը:

Հարկ եղավ ռազմական գործողությունների մի քանի օր, որպեսզի Հայաստանի կառավարությանը պարզ դառնար, որ հաշտության կնքումն ամեն գնով անհրաժեշտ էր: Պատերազմը վերսկսելու առաջին օրերին` նոյեմբերի 10-12-ին, թուրքերը ոչ մեծ ուժերով գործում են Ջաջուռի և Աղինի ուղղությամբ՝ փորձելով ճնշել թևերը, ապա ստիպել հետ քաշվել կենտրոնին: Նոյեմբերի 13-ին թուրքերը վճռական հարված են հասցնում Ջաջուռի ուղղությամբ: Կենտրոնի շուրջ 4000 հոգանոց հայկական զորքերը Հովսեփյանի հրամանատարությամբ տեղից չեն շարժվում և ոչնչով չեն օգնում աջ թևին: Սեպուհի զորամասերը, չկարողանալով լուրջ դիմադրություն ցույց տալ, նոյեմբերի 13-ին թողնում են Ջաջուռի լեռնանցքը և նոյեմբերի 14-ին քաշվում են Համամլու գյուղը: Ջաջուռին տիրանալուց հետո թուրքերը նոյեմբերի 16-17-ին ակտիվ գործողություններ են սկսում նաև կենտրոնի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու վերջին ճիգերը ձախողվում են, բանակի բարոյալքումը հաղթահարել չի հաջողվում: Հայոց բանակն անհաղորդ է մնում կառավարության կոչերին և ձգտումներին: Ալեքսանդրապոլի գավառի անպաշտպան մնացած գյուղացիները ստիպված են լինում ՙաղ ու հացով՚ դիմավորել իրենց թշնամուն:

Իսկ առանձին մարդիկ, չնայած իրենց հերոսական գործողությանը, վիճակը փոխել չեն կարողանում: Մասնավորապես, Սմբատն իր 120 ձիավորներով փորձում է Մոլլա-Գեոկչայից օգնության հասնել Ջաջուռին: Հանդիպելով թուրքերի առաջապահների հետ` Սմբատն իր սասունցի և մշեցի ձիավորներով բավական կորուստներ է պատճառում նրանց: Սակայն իմանալով իր ուժերի քանակը և տեսնելով, որ շատ է հեռացել կենտրոնից` հետ է քաշում իր ձիավորները Գըրըք գյուղի մոտ, որտեղ էլ ծանր վիրավորվում է գլխից, տեղափոխվում նախ Մոլլա-Գեոգչա, ապա և Երևան:

Հայաստանի կառավարությանը ոչինչ չէր մնում անել, քան նոյեմբերի 15-ին որոշում ընդունել թուրքական պայմաններն ընդունելու մասին և պատվիրակություն ուղարկել Ալեքսանդրապոլ՝ զինադադար կնքելու համար: Ներքին գործերի Նախարար Արարատյանի գլխավորությամբ պատվիրակությունը զինադադար է կնքում, որի համաձայն` դաշնակցական զինված ուժերը հետ են քաշվում և զբաղեցնում Որթնավ-Բաշ-Ապարան-Դանագիրմազ-Սոնգյուռլու-Ղրմղլու-Ալագյազ գիծը:

Թուրքերը բանակցությունների նախօրյակին գտնվում էին Նալբանդ կայարանի, Մեծ Պարնի, Չրախլի, Ղոլղաթ, Ղուլիջան, Արթիկ, Սոնգուրլի գյուղերի սահմաններում: Այստեղից մինչև Բաշ Ապարան և Թալին ընկած տարածքը հայտարարվում է «չեզոք գոտի»: Այս գոտու մեջ ընկնում են 45 գյուղեր, որոնք շուտով լցվում են Տաճկաստանից, Սարիղամիշից, Կարսից, Ալեքսանդրապոլից և այլ վայրերից եկած փախստականներով:

Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում թուրքերն օկուպացնում են Ալեքսանդրապոլի գավառը: Հայաստանի կառավարությունը հրաժարվում է նոյեմբերի 8-ի զինադադարի պայմաններից և շարունակում պատերազմը` հույսը դնելով ոչ այնքան հայոց բարոյալքված բանակի վրա, որքան դիվանագիտական միջնորդության: Հայաստանի կառավարությունը օգնության խնդրանքով նախ դիմում է բոլշևիկներին, ապա և Անտանտին: Հայաստանի Հանրապետության կառավարության համոզմամբ՝ թեԽորհրդային Ռուսաստանը և թեԱնտանտը չէին կարող թույլ տալ թուրքերի հետագա առաջխաղացումը, քանի որ ըստ իրենց` դա նրանց շահերը չէր արտահայտում: Դժբախտաբար, Հայաստանի կառավարության հաշվարկները սխալ են դուրս գալիս: Թուրքերի առաջխաղացումը մտնում էր Անգլիայի շահերի մեջ: Դաշնակիցները հույս ունեին, որ թուրք-հայկական պատերազմում թուրքերի առաջխաղացմանը կհաջորդի թուրքական ագրեսիայի ընդլայնումն Անդրկովկասում, ինչը կհանգեցնի Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի: Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանին, ապա այն, տալով դիվանագիտական միջնորդության համաձայնությունը, ռազմական օգնությունը պայմանավորում էր նախ Սևրի պայմանագրից հրաժարմամբ, ապա և Հայաստանի խորհրդայնացմամբ: Այս մասին է վկայում Տ. Բեկզադյանի և Լեգրանի` նոյեմբերի 14-ի հանդիպման ժամանակ վերջինիս հետևյալ հայտարարությունը. «Սովետական Ռուսաստանի շահերը, մասնավորապես այն ճիգերը, որոնք նրանք պատրաստ են անելու Բաքուն պահելու համար, պահանջում է նրանցից համաձայնել Հայաստանի գոյության հետ: Ձեր կառավարությունը պետք է ըմբռնի սա և հասկանա, որ Ռուսաստանի կողմից առաջադրյալ միջամտությունը հիմնավորվում է ոչ միայն պլատոնական իղձերով, այլև միանգամայն իրական շահերով»:

Դառնալով այդ իրական շահերին՝ հայտնեց, որ դրանք պայմանավորված են վերջին թվով Խորհրդային Ռուսաստանի և Անտանտի քաղաքականության սկզբունքային ներհակությամբ, ուստի և Խորհրդային Ռուսաստանը այլ կերպ չէր կարող պատկերացնել իր միջամտությունը Հայաստանի և Թուրքիայի միջև, քան այն պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Սևրի պայմանագրից: Միայն այդ դեպքում Սովետական Ռուսաստանը կարող է միջամտել և հարկ եղած դեպքում նույնիսկ ստիպել տաճիկներին վերադառնալ 1914թ. սահմանները, եթե նրանք համաձայնությամբ չանեն դա:

Սակայն թուրքերի առաջխաղացմանը և Հայաստանի պարտությանը զուգընթաց Խորհրդային Ռուսաստանի օգնության գինը բարձրացել էր: Նույն Լեգրանը, արդեն նոյեմբերի 19-ի վարչապետ Հ. Օհանջանյանի և ռազմական նախարար Ռ. Տեր-Մինասյանի հետ հանդիպման ժամանակ ասում է. «Ես դեռ սեպտեմբերի 19-ին Բեկզադյանին հայտնեցի, որ եթե Հայաստանի կառավարությունը բացահայտորեն հրաժարվի Թուրքահայաստանի հարցը Սևրի պայմանագրով լուծելու մտադրությունից և դիմի Խորհրդային Ռուսաստանի միջնորդությանը, ապա դա կարող է հսկայական դեր խաղալ Թուրքահայաստանի հարցը բարվոք լուծելու գործում: Ներկայումս Սևրի պայմանագրի այդ տեսակետից իրական նշանակությունը զրոյի է հավասարված, և Հայաստանի կառավարությունը, իմ կարծիքով, սխալ թույլ տվեց ժամկետը բաց թողնելու իմաստով: Ներկա պահին Սևրի պայմանագրից հրաժարումն արդեն կորցրել է իր երբեմնի գինը»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քիչ ավելի ուշ՝ դեկտեմբերի 2-ին, ստիպված է լինում կատարել անխուսափելին՝ իշխանությունը հանձնել բոլշևիկներին: Նույն օրը թուրքերի հետ կնքվում է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը: Թուրքերն այս անգամ արդեն հրաժարվելով Խորհրդային Ռուսաստանի միջնորդությունից` շտապեցնում են կնքել հաշտության պայմանագիրը` ակնարկելով, որ հակառակ դեպքում կշարժվեն Երևանի վրա: 1920թ. նոյեմբերի 30-ի գիշերը Քյազիմ Կարաբեքիրի վերջնագրին պատասխանելու նպատակով տեղի ունեցած հատուկ ժողովը, որին մասնակցում էին խորհրդարանի  երեսփոխանները, կառավարության անդամները, ՀՅԴ Բյուրոն իր ողջ կազմով և մի շարք անհատ գործիչներ, որոշում է ընդունել հաշտության պայմանները՝ հանուն հայ ժողովրդի փրկության: Պատճառաբանությունը հետևյալն էր. «Եթե մերժեինք Կարաբեքիրի պահանջը, թուրք  բանակը, ամենայն հավանականությամբ, առաջ պիտի շարժվեր և մինչև ռուս զորքերի հասնելը Էջմիածինն ու Երևանն էլ պիտի գրավվեին հարակից շրջաններով միասին: Հետագայում ռուսները կարող էին հեռացնել թուրքերին, բայց սրանք արդեն ավերն ու կոտորածը գործած կլինեին»:

 Հայաստանի կառավարությունը վերը նշված պայմանագրի կնքումով ձգտում էր ուղղակի բանակցությունների մեջ մտնելով թուրքերի հետ` ամեն գնով կանգնեցնել նրանց արշավանքը, փրկել Հայաստանի մնացած բնակչությանը կոտորածներից մինչև նոր կառավարության կազմվելը և Կարմիր բանակի մուտքը Երևան: Համենայնդեպս, նրանց այդպես էր հավատացնում Կարաբեքիրը: Այդ մասին է վկայում նաև Ա. Խատիսյանը, որը 1921թ. փետրվարի 20-ին Կ. Պոլսի «Պատրիարքարանում հավաքված բարեկամներու փոքրիկ շրջանակի մը մեջ» ասել է. «Երբ Քյազիմ Կարաբեքիրի մոտ կպնդեի, թե ռուս պոլշևիկ ներկայացուցիչ Մդիվանին պետք է մասնակցի բանակցություններուն ու Քարաբեքիր կմերժեր, ըսի թե պոլշևիկներն իրեն չեն ներեր այս բանը: Այն ատեն Քարաբեքիր մտերմորեն պատասխանեց.- Դուք պետք է գիտնաք, պ. Խատիսյան, որ մենք նախապես համաձայնած ենք Մոսկվայի հետ՝ ստանալով Կարսի նահանգը, ավելի մեզ չեն տար, բայց եթե այժմ դուք չընդունեք մեր պայմանները՝ ես կքալեմ ավելի առաջ, փույթ չէ թե վաղը ստիպված ետ դառնամ»:

            Պատահական չէ, որ թեև Ալեքսանդրապոլի գավառը գրավվեց թուրքերի կողմից, բայց 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով մնաց Հայաստանի Հանրապետության կազմում, և չնայած, որ այդ պայմանագիրը կնքվել էր արդեն իշխանություն չունեցող կառավարության կողմից, նույնությամբ ընկնում է 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հիմքում:

Այս հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի խորհրդայնացումից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն Ալեքսանդրապոլի գավառում և Խորհրդային Ռուսաստանի պայքարն այն ազատագրելու համար, որը տևեց վեց ամիս, վկայում է այն մասին, որ դաշնակցականների անհանգստությունն այս առթիվ անտեղի չէր: Մյուս կողմից, իհարկե, Թուրքիան կառչում էր Ալեքսանդրապոլի պայմանագրի առանձին կետերից, մասնավորապես, Հայաստանի մաս ճանաչված, բայց թուրքերի կողմից օկուպացված տերիտորիաներին վերաբերող կետից: Դրա համաձայն` թուրքերն օկուպացված շրջաններից պետք է հեռանային միայն «Հայաստանի կողմից ներկա պայմանագրի բոլոր պայմանների կատարման դեպքում»: Սա հնարավորություն էր տալիս թուրքերին երկարացնել Ալեքսանդրապոլի գավառի օկուպացիան, քանի որ պայմանագիրը կազմված էր այնպես, որ միշտ էլ կարելի էր կառչել այս կամ այն հոդվածից:

Ներկայացված իրադարձությունները տեղի են ունեցել ազգային պատմության թերևս ամենահակասական ժամանակահատվածներից մեկում, և հազիվ թե ենթադրում են միանշանակ գնահատականներ: Ակնհայտ է սակայն, որ Ալեքսանդրապոլի գավառի բնակչությունը դարձավ ոչ միայն Անտանտի և Խորհրդային Ռուսաստանի միջև առկա հակասությունների զոհը, այլ առաջին հերթին` հենց ներքին, որոնց պատճառով արդեն հանձնվել էր Կարսը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am