Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Օգոստոս 2008, N 5

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ

Արտյոմ Խաչատրյան

Օգոստոսն աչքի ընկավ երկու իրադարձություններով` պեկինյան օլիմպիադայով և Վրաստանի ողբերգությամբ: Առաջինը մեզ համար երկար սպասված և հիրավի բեկումնային իրադարձություն էր. Հայաստանը պարգևների թվով առաջինն էր աշխարհում ըստ բնակչության խտության: Սա ուրախալի է և մի շարք մտքերի տեղիք է տալիս: Պարզվում է` սպորտում մենք պոտենցիալ ունենք, ընդ որում` հսկայական, որն անհրաժեշտ է օգտագործել: Նախագահ Քենեդին ասում էր, որ ապագայում ազգի վեհությունը որոշվելու է օլիմպիական մեդալների ու տիեզերական թռիչքների քանակությամբ: Եթե տիեզերքի հետ կապված անլույս անհուսություն է, ապա օլիմպիական մեդալների առումով, ինչպես տեսնում ենք, անհամեմատ լավ է: Այնպես որ, Քենեդու վարկածով ազգային վեհության երկու բաղադրիչներից մեկն արդեն ունենք: Հայկական սպորտի լիակատար երջանկության համար պահանջվում է փոքր մի բան. անհրաժեշտ է, որպեսզի Գագիկ Ծառուկյանը թողնի քաղաքականությունը, փակի իր կուսակցությունը, դուրս գա խորհրդարանից ու ամբողջովին նվիրվի բիզնեսին ու սպորտին: 15 տարիների ընթացքում պրն Ծառուկյանն ապացուցել է իր գերազանցությունն այս ոլորտներում, այժմ եկել է հերթը ցույց տալու, որ նա հասկանում է սեփական թույլ տեղերը և թույլ չի տա, որ դրանք գերակշռեն ուժեղ կողմերին: Դա բարիք կլինի ինչպես իր (ռազմավարական առումով), այնպես էլ Հայրենիքի համար, քանի որ մի առևտրային կազմակերպություն քաղաքականության մեջ պակաս կլինի, և մի առիթ էլ` ավելորդ անգամ ամաչելու սեփական խորհրդարանից, բնականաբար, նույնպես պակաս կլինի: Բայց մենք չէ, որ պետք է որոշենք, թե ինչպես վարվի պրն Ծառուկյանը. կարծում եմ` նա, ի վերջո, ճիշտ որոշում կկայացնի:

Երկրորդ կարևոր իրադարձությունն աշխարհում նույնպես անմիջական կապ ունի Հայաստանի հետ: Վրացական ողբերգությունը, որն, ի վերջո, հանգեցրեց Ռուսաստանի կողմից (առայժմ) այդ երկրի մասնատման պաշտոնական ճանաչմանը, բավական արմատական ձևով կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա: Բայց նախապես կուզեի երկու խոսք ասել վրաց-ռուսական հակամարտության մասին:

Այսօր շահագրգիռ շատ երկրներում փորձում են հաշվարկել կոնկրետ վնասներն ու պարզել հաղթողին: Աշխարհում լայնորեն տարածված է այն կարծիքը, որով բացառապես Ռուսաստանին անվերապահ հաղթանակ է վերագրվում Վրաստանի, Արևմուտքի, ՆԱՏՕ-ի և այլնի նկատմամբ: Պետք է ասեմ, որ սա խիստ կարճատես կարծիք է, և եթե այս հակամարտության մեջ կան պարտվողներ, ապա դա առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է: Բանն այն է, որ Ռուսաստանն ուղղափառ քաղաքակրթության միջուկն է, և նրա հակամարտությունը քաղաքակրթական արբանյակի հետ ոչ այլ ինչ է, քան հարված ուղղափառությանը, այսինքն, սուբստանցիային, որի միջուկը Ռուսաստանն է: Այլ կերպ ասած` գոլ սեփական դարպասին: Եթե նման բան կատարվեր ամերիկացիների ու անգլիացիների միջև, ապա բոլորը միանգամայն արդարացիորեն կխոսեին անգլոսաքսոնյան աշխարհի վախճանի մասին, քանի որ ավերիչ բախումները միասնական քաղաքակրթական ամբողջության ներսում դրա վերահաս կործանման և, բնականաբար, նրա միջուկի լուրջ դեֆորմացման ցուցանիշներն են: Տարօրինակ է, որ ոչ ոք այս տեսանկյունով չի դիտարկում վրաց-ռուսական ընդհարումը: Այնուամենայնիվ, օբյեկտիվ իրականության համար բոլորովին էլ կարևոր չէ, թե ինչ են խոսում մարդիկ իր մասին. այն, ինչ կա իրականո՞ւմ, թե՞ այն, ինչ կուզենային տեսնել այնտեղ, քանի որ օբյեկտիվ իրականությունը կզարգանա սեփական սցենարին համապատասխան` ժամանակ առ ժամանակ մարդկանց հուսահատեցնելով և նրանց համար պրոբլեմներ ստեղծելով: Ինչ վերաբերում է այս ողբերգության մեղավորին որոշելուն, ապա այստեղ միանշանակ խոսելը նույնչափ ճիշտ չէ: Անշուշտ, Սահակաշվիլին պարգև չէ և շատ անճշտություններ է թույլ տվել. հենց նա է իրեն զոռով կրակը գցել ու հրահրել իր երկրի փլուզումը: Բայց անկասկած է նաև այն, որ միասնական քաղաքակրթական ամբողջության ներսում ցանկացած ճգնաժամի դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է նրա միջուկը, տվյալ պարագայում` Ռուսաստանը: Հենց ռուսական կոմունիստական քաղաքականությունն է հանգեցրել ոչ այնքան անհրաժեշտ երկու տարածքների միավորմանը Վրաստանին և հետո սադրել դրանց անջատումը` դե ֆակտո ճանաչված ռուսաստանյան ազատական էքսպերիմենտի  տարիներին: Արդյունքը` մի ողջ ժողովրդի` ոչնչի հետ չհամեմատվող վիրավորվածությունը, որը բացառում է ցանկացած հաշտություն Ռուսաստանի հետ առաջիկա հարյուրամյակներում: Ուրեմն, պե՞տք էր արդյոք Ռուսաստանին քանդել ուղղափառ քաղաքակրթությունը, որի միջուկն էր ինքը: Բնականաբար, ոչ: Արժե՞ արդյոք քաղաքակրթական ճգնաժամն իբր թե ռուսական զորքի ու ռուսական զենքի մեծ հաղթանակի, ընդ որում` եղբայրական ժողովրդի նկատմամբ, ստացված այսրոպեական հաճույքին: Վերջապես, արժե՞ր արդյոք ինքն իրեն աղետալի հարված հասցնել միայն այն բանի համար, որ նացիոնալիստներն ու հայրենասերները մի երկու ամիս հիացմունք ապրեին ռուսական մեծապետությունից (որն իրականում գոյություն չունի 1991 թվականից):

Սակայն Վրաստանը բոլորովին էլ առաջին հարված չէ, որ լիբերալ ելցինյան Ռուսաստանը, որպես քաղաքակրթության, մեթոդաբար հասցրել է ուղղափառությանը Արևմուտքի հետ համատեղ` հրապուրվելով արևմտյան արժեքներով: Ակնհայտ է, որ չէր լինի սերբական ողբերգությունը` դրան հաջորդող սերբական էթնոսի այլասերմամբ, եթե չլիներ ելցինյան վարչակազմի բացահայտ աջակցությունը Սերբիայի ոչնչացմանն ուղղված արևմտյան բոլոր նախաձեռնություններին, ընդհուպ մինչև նախկին Հարավսլավիայի վերաբերյալ Հաագայի տրիբունալի ստեղծումը, միջազգային պատժամիջոցները նրա դեմ և այլն, և այլն: Կարծում եմ` սրանք լուրջ հարցեր են, որոնց շուրջ արժե, որ խորհի Ռուսաստանի մտածող հասարակայնությունը: Այդժամ արդեն պարզ կդառնա, որ ոչ մի հաղթանակի մասին էլ խոսք լինել չի կարող, իսկ եթե խոսվի էլ, ապա ճիշտ կլիներ այն վերագրել արևմտյան հանրույթին, քանի որ հարյուրամյակների ընթացքում հենց Արևմուտքն է շահագրգռված եղել ուղղափառ քաղաքակրթության վերացմամբ:

Սակայն հանուն արդարության արժե նշել, որ, անշուշտ, մարտավարական առումով Ռուսաստանը լուրջ աշխարհաքաղաքական հաղթանակ է տարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ: Նրանք վերջապես հասկացան, որ տերուտնօրինություն անել Կովկասում` Ռուսաստանի բազմադարյա տիրապետության գոտում, նրանց պարզապես չի հաջողվի: Դա բավական ցավոտ ապտակ էր ամերիկացիների համար, և հայտնի չէ, թե ինչպես նրանք դա կմարսեն: Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում նման հաղթանակը, անգամ դրա նման հարյուրները, Ռուսաստանի համար չեն դառնա փոխհատուցումն այն ջախջախման տեսակետից, որը նա ակամա, Արևմուտքի հետ համատեղ, սարքեց ուղղափառ քաղաքակրթության գլխին:

Բայց ամենից շատ հայերին է հուզում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման «նախադեպությունը» Ղարաբաղի համար: Հարկ կա՞, որ մենք առաջընթաց սպասենք այս հարցում: Կարծում եմ` ոչ: Նախագահ Մեդվեդևը հստակ հասկացրեց, որ ճանաչում է խռովարար վրացական տարածքների անկախությունը միայն «մարդկանց կյանքի փրկության» համար: Այս է ամենը: Ղարաբաղում մարդկանց կյանքին ոչ ոք և ոչինչ չի սպառնում: Համենայնդեպս, այսօր ոչ մի հույս չկա, թե նախագահ Ալիևը մի առիթով կխմի ու կկրկնի Սահակաշվիլու սխրանքը: Սակայն, իրական օգուտ Օսիայի ու Աբխազիայի ճանաչումից, այնուամենայնիվ, կա. կարծում եմ` դա վերջնականապես կփակի արևելյան հարևանի ախորժակը` երբևէ ռազմական ճանապարհով լուծելու Ղարաբաղի հիմնախնդիրը: Ժամանակը կանցնի, կրքերը կմարեն, մի սերունդը կփոխարինվի հաջորդով, և գուցե Իլհամ Ալիևը կնմանվի հորն ու կսովորի ճանաչել իրականությունը: Այդ ժամանակ արդեն Ղարաբաղի համար բարվոք ժամանակներ կգան: Հայերն էլ պետք է զինվեն համբերությամբ և, ամենագլխավորը, սովորեն ավելի հետևողականորեն ու սկզբունքայնորեն պաշտպանել իրենց շահերն աշխարհում, անգամ եթե ընդդիմախոսը Միացյալ Նահանգները լինի:

Վրաց-ռուսական ողբերգության (որն, ի դեպ, սկզբնական փուլում է) ապագայի մասին դեռ շատ կխոսենք: Դրանք կլինեն առանձին թեմաներ խորհրդածությունների համար, և հաջորդ համարում կփորձենք հարցն ավելի ծավալուն լուսաբանել: Այժմ բավարարվենք ասվածով: Դե, իսկ «Պետություն և իրավունք» խորագրով ներկայացնում ենք մի հոդված, որն արտացոլում է հակամարտությունը միջազգային իրավունքի պրիզմայի միջով:

Այժմ` մեր ներքին գործերի մասին: Օգոստոսի 24-ին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ. նախագահի աշխատակազմի ղեկավար պրն Հովիկ Աբրահամյանը դարձավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` նշանակետ ունենալով խոսնակի աթոռը: Այս իրադարձությունը ես հակված եմ համարել ինչպես Հանրապետական կուսակցության շարքերում, այնպես էլ ընդհանրապես ողջ քաղաքական վերնախավում մաքրման հայտանշան: Կարծում եմ` երկրի նախագահը որոշել է լրջորեն ձերբազատվել իշխանությունում նժդեհականների ճնշիչ ազդեցությունից և սկսում է նրանց փոխարինել պրագմատիկներով, առանց որևէ գաղափարախոսության մարդկանցով: Դա իսկապես բարիք է Հայաստանի համար, քանի որ անհամեմատ ավելի նախընտրելի է, որ խորհրդարանի նախագահ լինի ցանկացած խանութի վարիչ, քան թե դաշնակցական կամ նժդեհական: Բացի այդ, նժդեհականին վստահել պետության երկրորդ պաշտոնը` չմտածված քայլ կլիներ, հատկապես հաշվի առնելով այն, որ կյանքում երբեմն լինում են նաև ոչ այնքան հաճելի ֆորսմաժորային հանգամանքներ: Ինչպես տեսնում ենք, նախագահ Սարգսյանն այնուամենայնիվ գործում է: Իհարկե, գործում է ոչ այնպես, ինչպես մենք կուզեինք` կտրուկ ու արմատական, բայց հարկ է ընդունել, որ նրա ընտրած ուղին նույնպես տանում է երկրի, ինչպես նաև նրա բնակիչների ուղեղների մաքրմանը:

Ինչ վերաբերում է ապագա խոսնակի կերպարին, ապա պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ ներկա խորհրդարանում նա իր այլընտրանքը չունի: Նա բավական կարգին գործնական տղա է: Ասում են` թղթախաղում տանուլ է տալիս, բայց եթե նույնիսկ այդպես էլ է, ապա չտխրենք այդ առիթով, քանի որ տանուլ է տալիս անձնական փողերը: Բայց ամենագլխավորն այն է, որ Հովիկ Աբրահամյանը բանիմաց մարդ է, որ ապրում է հասկացություններով, չի խախտում դրանք, ինչպես և հայրենական բարոյականության նորմերը: Վերջերս քաջատեղյակ մեկն ինձ պատմեց հուզիչ մի պատմություն, որն ավելի քան լավ է բնութագրում Աբրահամյանի էությունը: Ուրեմն, վերջին նախագահական ընտրություններից առաջ թե հետո Վազգեն Սարգսյանի գերդաստանը «վրաերթ» է կազմակերպում նրա վրա: Իբր` չե՞ս ամաչում, դավաճանել ես Վազգենի հիշատակը, դու նրան ես պարտական ամեն ինչով և այլն, և այլն, իսկ հիմա Սերժի կողքին ես: Այս քաղքենի, անբարո և գեղցիական բարբաջանքին Աբրահամյանը պատասխանում է. «Սպասիր, ստո'պ: Ոչ Վազգենին, ոչ ուրիշ որևէ մեկին ես ոչնչով պարտական չեմ: Արտաշատի քաղաքապետի պաշտոնը ես Վազգենից գնել եմ, իսկ $100-ը ձեր տանն իսկ, ձեր աչքի առաջ եմ տվել նրան»: Կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են...

Օգոստոսի 20-ին Սերժ Սարգսյանն իրականացրեց առողջարար ևս մի մանևր. միավորեց հարկային ու մաքսային ծառայությունները: Նախապես անպատվեց նրանց ու դեղին քարտ ցույց տվեց: Կարծում եմ` շատ խելամիտ քայլ է, քանի որ պետության ֆիսկալ համակարգը պետք է միասնական լինի: Ուզում եմ հավատալ, որ երկրորդ քայլը կլինի միացյալ կոմիտեի հանձնումը ֆինանսների նախարարությանը: Միացյալ Նահանգներում` առավել կատարյալ ֆիսկալ համակարգ ունեցող պետությունում, հարկային ու մաքսային ծառայությունները ֆինանսների նախարարության վարչություններ են: Դա ճիշտ է և արդյունավետ. եթե բյուջեի պատասխանատուն ֆինանսների նախարարն է, հետևաբար` ողջամիտ կլինի նրան հանձնել ողջ ֆիսկալ համակարգը` դրանով իսկ զրկելով նրան քաղաքականանալուց և ուժեղացնելով հարկերի ու պետության այլ եկամուտների հավաքման արդյունավետությունը: Տեսնենք` գործը կհասնի՞ դրան, բայց, ինչպես ասում են, հույսը կորցնել պետք չէ:

 

Վերջապես, օգոստոսին ջանադրաբար աշխատում էր նաև երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես և անցած ամիսները, օգոստոսը նույնպես բեղմնավոր էր նրա համար: Հյուսիսային պողոտայում շուրջօրյա հանրահավաքի են նստած խելագարները, ընդ որում` ինչպես ասում են տեղեկացված աղբյուրները, բավական համեստ վճարի` օրական ընդամենը 10.000 դրամի դիմաց: Դժվար է հասկանալ. Իրո՞ք տերպետրոսյանական շարժման ավանգարդը լրջորեն տառապում է հոգեկան հիվանդություններով, թե՞ վերջինները գաղտագողի սողոսկել են նրանց ուղեղները ամռան ընթացքում: Քանի որ դժվար է պահպանել առողջ դատողականությունը` ամեն օր մնալով արևի տակ, 30 աստիճանը գերազանցող շոգի պայմաններում: Մի խոսքով, պետությունը, ինչպես և նախորդ ամիսներին, փաստորեն գործ չի անում` երկրի գժանոցները Տեր-Պետրոսյանի ակտիվիստներով լցնելու փոխարեն: Իսկ նրանց համար, ովքեր դեռ կասկածում են խոսքերիս ճշմարտացիությանը, բերեմ ընդամենը մի փաստարկ, ավելի ճիշտ, տերպետրոսյանական «համաժողովրդական շարժման» առաջավոր մարտական ջոկատի ծրագրային բնույթի մի քանի քաղաքական նկատառումներ: Ահա դրանցից մի քանիսը. «Թող որ կինդ սևերի մեջ ման գա, Ռոբերտ...», կամ «Թող բալեքդ սատկեն, Սերժ...», կամ «Ռոբերտ և Սերժ, մարդասպաններ ու արնախումներ, թող որ սատկեք բոլորդ ձեր գերդաստաններով, որ մարդ չմնա սև հագնելու համար»: Այսպիսին են առաջին նախագահի «համաժողովրդական շարժման» հիմնական գաղափարական ուղղությունները (ափսոս, որ նախագահ Սարգսյանի գաղափարախոսական թիմը դրանց հիմքի վրա քաղաքական բանավեճեր չի կազմակերպում արևմտյան դեսպանություններում, միջազգային կառույցներում և զանազան այլ կազմակերպություններում, որոնք կարեկցանքով ու համակրանքով են վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի «շարժմանն» ու այսպես կոչված «ժողովրդին»), իսկ գործող նախագահը ստիպված կլինի դեռ երկար լսել դրանք, քանի դեռ չի ընկալել պարզագույն մի բան, այն է` պետությունում երբեմն անհրաժեշտ է օրենքի ուժով մարդկանց բուժում պարտադրել, այլապես երկրում գժության համաճարակը սպառնալիք կդառնա ազգային անվտանգությանը, որի երաշխավորն է, ի դեպ, նախագահը: Խոսքն ու գործը Սերժ Սարգսյանինն են, իսկ մենք շուտով կհոգնենք գաղափարներ արտադրելուց և ավելի անտարբեր կդառնանք այն բոլոր այլանդակությունների հանդեպ, որ տեղի են ունենում երկրում: Մի խոսքով, Տեր-Պետրոսյանի ոչնչության մասին երկար խոսել արդեն անհնար է, այնպես որ, ավելի լավ է անցնենք համարի համառոտագրությանը:

 

«Աշխարհաքաղաքականություն» խորագրում խոսվում է Պակիստանի մասին: Բայց, ոչ միայն. հոդվածն, ըստ էության, բաղկացած է երկու մասից՝ բուն «ներպակիստանյան» և ապա՝ «անդրպակիստանյան», որն արդեն վերաբերում է պաշտոնական Իսլամաբադի «առաքելությանն» իսլամական աշխարհում: Մասնավորապես, խոսվում է Իսլամաբադ - Բաքու ռազմաքաղաքական առանցքի վրա առկա գործընթացների մասին, որոնք, ինչպես փորձում է ցույց տալ հեղինակը՝ Արիս Ղազինյանը, անփոփող են՝ անկախ Պակիստանում իշխող այս կամ այն վարչախմբից: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս այնտեղ հերթական իշխանափոխություն է կատարվել՝ նախագահ Մուշարաֆը ստիպված է եղել վայր դնել իր լիազորությունները: Կարծում եմ` ներկայացված նյութն ընթերցողին անտարբեր չի թողնի:

«Պետություն և իրավունք» խորագրով այսօր ներկայացված է իմ աշխատանքը: Այս անգամ գրում եմ միջազգային իրավունքի մասին այն անօրինության պրիզմայի միջով, որի պատանդն են դառնում ողջ ժողովուրդներ: Խորհուրդ եմ տալիս կարդալ, բավական հետաքրքիր է:

«Հասարակություն և իշխանություն» խորագիրն այսօր զբաղեցրել է բավական ինքնատիպ մի նյութ: Մենք որոշեցինք այստեղ զետեղել հրապարակախոս Սերգեյ Առուստամյանի «Ողբերգական ժամանակի քրոնիկա» հոդվածը: Ըստ էության, սա իմաստուն և կյանքի երկար ճանապարհ անցած մարդու էսսե է, նրա յուրաքանչյուր խոսքում զգացվում է սուր ցավ 1991թ. սկսած` երկրի ապրած յուրաքանչյուր օրվա համար: Մի խոսքով` այլևս չեմ հուշի...

«Մշակույթ և արվեստ» խորագիրն այսօր նեկայացված է մեր մշտական հեղինակ Աննա Ասատրյանի հոդվածով: Այս անգամ Աննան գրում է հայերի մասին համաշխարհային շանսոնում: Միանգամայն հետաքրքիր աշխատանք է քաղաքական բոլոր հակումների տեր քաղաքացիների համար, քանի որ խոսքն այն մասին է, ինչը միավորում է մարդկանց` երգի ու նրա վարպետների: Ազնավուրի, Լեգրանի, Կառվարենցի, Բաբաջանյանի ու Թարիվերդիևի ստեղծագործական դիմանկարները ներկայացված են ընթերցող լայն շրջանակի համար, բայցև պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով: Մի խոսքով, հույս ունեմ, որ այսօր ևս, ինչպես և առաջին համարում, Աննան անտարբեր չի թողնի ընթերցողին:

«Պատմություն» խորագիրը նվիրված է ողջ հայության համար ողբերգական 1920 թվականին: Պատմաբան Կարինե Ալեքսանյանի հոդվածում խոսվում է Ալեքսանդրապոլի անկման մասին: Հեղինակը ջանադրաբար խուսափում է հարցը քաղաքականացնելուց: Հավանաբար երկյուղում է, որ այդպես էլ գիտությունների դոկտոր չի դառնա, քանի որ ահա արդեն 10 տարի գիտությունը, կրթությունը, մի խոսքով, երկրի ողջ հոգևոր ոլորտը «կապալով տրվել է» դաշնակցականներին: Հետևաբար, ակադեմիական միջավայրում ինչ-որ բացասական բան, այն է` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ասել մեր պատմության դաշնակցական շրջանի մասին, այլ բան չի նշանակում, քան խաչ քաշել հետագա կարիերայի վրա, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը, ինչպես տեսնում ենք, ոչ մի կերպ չի շտապում ձերբազատվել կոալիցիոն գործընկերների այդ կատեգորիայից: Այնուամենայնիվ, Կարինեի` գործածության մեջ դրված պատմական տվյալները թույլ են տալիս առողջ ընթերցողին համապատասխան հետևություններ անել և հասկանալ շատ բան, ինչն այդքան վարպետորեն խեղաթյուրվում է պաշտոնական հայ (ավելի ստույգ, դաշնակցական) պատմագրության ու գաղափարախոսության կողմից:

Եվ վերջապես, «Մեջբերումներ դասականներից» խորագիրը: Այսօր մենք նորից չենք փայլում ինքնատիպությամբ և որոշել ենք հայ ընթերցողին ներկայացնել այն, ինչն արևմտյան լուսատուները մատուցել (և պարտադրել) են ողջ աշխարհին կանանց վերաբերյալ: Ըստ էության` դա բավական ռեակցիոն, հակաֆեմինիստական գրականություն է, հատկապես Շոպենհաուերի աֆորիզմը: Այս առնչությամբ կուզենայի ասել մի քանի խոսք երևույթի էության մասին: Հայտնի է, որ ամեն զզվելի ու անընդունելի բան ստեղծվել է Արևմուտքում և տարածվում է այնտեղից: Հակաֆեմինիզմը (ինչպես և հակասեմիթականությունը) բացառություն չէ: Տեսեք, թե ինչ են մտածում ու գրում կանանց մասին արևմտյան (և ընդհանրապես համամարդկային) մտքի այնպիսի հսկաները, ինչպիսիք են Շոպենհաուերը, Նիցշեն և այլք: Բայց անընդունելիությունը դրանում չի թաքնված, այլ ուրիշ բանում: Ավելի կոնկրետ` արդեն քանի տարի նույն արևմտյան մտածողների ու գաղափարախոսների կողմից մեզ է պարտադրվում մեկ այլ այլասերում` այսպես կոչված «գենդերը» և գենդերային կրթությունը, ինչի համար առասպելական դրամաշնորհներ են տրվում ու փչանում են հազվադեպ չփչացած ուղեղները Հայաստանի Հանրապետությունում: Հարց է ծագում. արևմուտքցի պարոններ, դուք արդեն մի անգամ փչացրել եք աշխարհը` նրան պարտադրելով հակաֆեմինիզմը, հակասեմիթականությունը և ուրիշ շատ բաներ, ուրեմն ինչո՞ւ եք այսօր էլ, երկրորդ անգամ, փչացնում այն` այս անգամ այլ ապականություններով: Սա ասում եմ նրա համար, որպեսզի ընթերցողին մղեմ պարզագույն մտքի` ստիպեմ խորհել նրան. արժե՞ արդյոք ընդհանրապես անսալ այն ամենին, ինչ ծագում է Արևմուտքից հումանիտար ոլորտում (բացառությամբ, իհարկե, բնագիտության և այն ամենի, ինչը կապ ունի տեխնիկական առաջընթացի հետ): Կարծում եմ` ոչ, թեև դա իմ անձնական կարծիքն է: Թող յուրաքանչյուրն ինքն իր փոխարեն որոշի: Դե, իսկ Արևմուտքում գենդերի և գենդերային կրթության լոկոմոտիվներին առաջարկում եմ ծանոթանալ գոնե նրան, ինչի վրա հիմնված է արևմտյան միտքն իր ողջ պերճաշուքությամբ հանդերձ...

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am