Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Սեպտեմբեր 2008, N 6

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ

Արտյոմ Խաչատրյան

2008թ. սեպտեմբերն աչքի ընկավ նշանակալի շատ իրադարձություններով: Ճշգրտումներ տեղի ունեցան երկրի քաղաքական վերնախավում, նախագահ Սարգսյանն առաջին անգամ հանդես եկավ համաշխարհային ասպարեզում` ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի ամբիոնից, լուրջ փոփոխություններ կատարվեցին ընդդիմադիր դաշտում: Եվ, իհարկե, մեկնարկեց հերթական քաղաքական շրջանը: Բայց ամեն ինչի մասին` հերթով:  

Նախագահ Սարգսյանը փոխեց խորհրդարանի ղեկավարությունը: Տիգրան Թորոսյանին` հին գվարդիայի նժդեհականին, փոխարինեց պրագմատիկ, պատկառելի կազմակերպչական ունակությունների տեր, քաղաքական գործընթացին խորագիտակ Հովիկ Աբրահամյանը: Այս փոփոխությունը լայն բանավեճերի առիթ հանդիսացավ: Դրանք հիմնականում հանգում էին հետևյալին. հարկ կա՞ր արդյոք փոխարինել Թորոսյանին երկրի ամենավարկաբեկված քաղաքական գործիչներից մեկով: Տեսակետ կա, թե այս փոփոխությունը Սարգսյանի սխալն է, քանի որ այսօր, երբ նա հասարակական աջակցության պակաս ունի, անհրաժեշտ է բացառիկ զգույշ լինել կադրային քաղաքականությունում և ավելորդ անգամ չենթարկվել հասարակության հանդիմանանքին` դրանով իսկ թուլացնելով իր երերուն դրությունը: Անշուշտ, Աբրահամյանի ընտրությունն ինչ-որ չափով սասանեց նախագահի վարկանիշը, սակայն, այնուամենայնիվ, դա պահանջված և երկրին անհրաժեշտ քայլ էր: Նախ` Թորոսյանի հեռանալը պարզորոշ ցույց տվեց, որ նախագահ Սարգսյանը դանդաղ, բայց հաստատուն հեռացնում է գաղափարական հանրապետականներին`կիսանացիստական-կիսահեթանոսական գաղափարախոսությունների կրողներին: Հասկանալով, որ նժդեհականությամբ կարելի է խայտառակվել աշխարհում, Սարգսյանը սկսել է նդեհականներին դուրս մղել քաղաքականությունից: Հատկանշական է, որ Վազգեն Սարգսյանը, որ 10 տարի առաջ գլխավորում էր Հանրապետական կուսակցությունը, պայման էր դրել հին կուսակցականների առջև. կուսակցության ծրագրային փաստաթղթերից հանել Գարեգին Նժդեհի ուսմունքի բոլոր դրույթները, քանի որ նրա համար նույնպես ակնհայտ էր, որ արդի ինքնիշխան պետության իշխող կուսակցությունը չի կարող նացիզմ դավանել. աշխարհում դա անպայման կարձանագրեն և ինչ-որ կերպ լրջորեն «կհիշեցնեն»: Մի խոսքով` այսօր կարելի է վստահաբար ասել, որ խորհրդարանի հաջորդ կազմում հին հանրապետականներից ոչ ոք չի լինի, նրանց կփոխարինեն պրագմատիկները: Հասկանալի է, դա շատ ավելի նախընտրելի է, քանի որ ավելի լավ է ընդհանրապես գաղափարախոսություն չունենաս, քան թե նացիզմ դավանես:      

Երկրորդ` Աբրահամյանը քանիցս գերազանցում է Թորոսյանին գործնական հատկանիշներով. եթե վերջինը խորհրդարանում ինքնուրույն վերահսկում էր միայն ինքն իրեն, այն էլ` ոչ բոլոր դեպքերում, ապա Աբրահամյանն ի վիճակի է «իր ձեռքում պահել» խորհրդարանի մեծամասնությանը: Սա նշանակում է, որ նոր խոսնակը նկատելիորեն կբարձրացնի խորհրդարանի աշխատունակությունը, ինչը նույնպես պակաս կարևոր չէ:

Տիգրան Թորոսյանը «հեռանում» էր երկար, տանջալի, և ի վերջո հեռացավ խիստ նեղացած. նրան թվում է, թե նրա արժեքը չեն իմացել: Ընդ որում` ամենից շատ չարացած է իր գվարդիայից` նժդեհականներից, որոնք չպաշտպանեցին նրան դժվար պահին ու չհամարձակվեցին առճակատման գնալ նախագահ Սարգսյանի դեմ: Պետք է ենթադրել, որ շուտով միջկուսակցական, «միջնժդեհական» տարաձայնություններ կսկսվեն: Չեմ կարծում, թե դա կվնասի պետությանը, ավելի շուտ` հակառակը, քանի որ զտիչ ոչ մի գործընթաց առանց պառակտումների չի անցնում:  

Մեկ այլ նշանակալի ներքաղաքական իրադարձություն է Լևոն Տեր-Պետրոսյանի «համաժողովրդական շարժման» ակնհայտորեն նկատելի անկումը: Արդեն պարզ է, որ առաջին նախագահին չի հաջողվի գրգռված լարվածության մեջ պահել իր ընտրազանգվածին, այն էլ` մաքուր օդում: Ընդհանրապես, նման ելքը կանխատեսվում էր և չի զարմացնում, քանի որ իսկապես անհնար է երկար ժամանակ վերահսկել մարդկանց հսկայաթիվ զանգվածի` նրան չառաջարկելով ո´չ գաղափարախոսություն, ո´չ գաղափարներ, բավարարվելով միայն ատելություն սերմանելով: Ատելությունն, իհարկե, հզոր բան է և կարճատև հեռանկարի համար ի վիճակի է նենգափոխել լայն հասարակական շարժման գաղափարական հիմքը, սակայն, կրկնում եմ, ատելությունն առանց իսկական գաղափարի ու գաղափարախոսության շատ արագ կցնդի` տարակուսանքի մեջ թողնելով իր հետ մեծ հույսեր կապողներին:  

Սակայն Տեր-Պետրոսյանի վարակից հարյուր տոկոսով ազատվելու մասին դեռ վաղ է խոսել: Անշուշտ, առաջին նախագահը բաց չի թողնի շարժումը վերակենդանացնելու հնարավորությունը: Պետք է սպասել, որ նա կակտիվանա երկրում և աշխարհում անախորժություններին զուգընթաց: Բայց այս գործում ևս մի երկու կողմ կա, որոնց վրա քիչ ուշադրություն է դարձվում: 

Նախ, վերցնենք դոնորների` այստեղ ծախսված և հովանավորների հույսերը չարդարացրած միջոցների հարցը: Ընդունել, որ գործողությունը խափանվել է, իսկ տասնյակ միլիոնավոր դոլարներ պարզապես քամուն են տրվել` Տեր-Պետրոսյանի ուժերից վեր է և ցածր` նրա անդրօվկիանոսյան կուրատորների արժանապատվությունից: Հետևաբար, պայքարն անպայման կշարունակվի: Մանավանդ որ հովանավորներին ուղարկվող հաշվետվությունները իրերի իսկական դրությունը չեն ներկայացնում և իրականությունը վարդագույն երանգներով են պատկերում:    

Երկրորդ` Վաշինգտոնի հավանությանն արժանացած հարավօսական գործողության ձախողումը և դրան Ռուսաստանի անկանխատեսելի հակազդեցությունը ամերիկացիներին անհարմար վիճակի մեջ գցեցին: Մեծ տերության ինքնասիրությանը զգալի հարված հասցվեց, և այսօր կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ամերիկյան վարչակազմի վարքագիծը Հարավային Կովկասում անհամարժեք կդառնա: Ամերիկացիներին ռևանշ է հարկավոր Վրաստանի համար, և Հայաստանը կարող է դառնալ դրա իրականացման հենադաշտ: Ինչո՞ւ Հայաստանը և ոչ թե Ադրբեջանը, մանավանդ որ այստեղ շուտով ընտրություններ են: Նրա համար, որ Ադրբեջանն առանց այդ էլ վաղուց արդեն տարածաշրջանում ամերիկյան շահերի անցկացնողն է, ինչը չես ասի Հայաստանի մասին: Բայց գլխավորն այն է, որ հենց Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այստեղ է, որ այդ տերությունը մինչ օրս ռազմական ներկայություն ունի, էլ չենք խոսում վիթխարի տնտեսական ազդեցության մասին: Իհարկե, Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս բերելը նորություն չէ ամերիկյան աշխարհաքաղաքական «ցանկությունների» ցանկում, սակայն, կրկնեմ. վտանգը ներկա պահին այն է, որ այսօր ամերիկացիները կփորձեն դրան հասնել անհամարժեք, ոչ ադեկվատ ձևով, և իրատեսական ենթադրություններ անելը պարզապես անիմաստ է:   

Հայաստանի համար մեկ այլ կարևոր իրադարձություն է Միացյալ Նահանգների նոր դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի գալուստը: Կարծում եմ` նրա նշանակումը հատկապես մեզ մոտ պատահական չէ. հիշեցնենք, որ Ասկար Ակաևն այս տիկնոջն է պարտական իր երկրից փախչելու համար: Մի խոսքով` Հայոց հողում Տեր-Պետրոսյան-Յովանովիչ երկյակի բավական հետաքրքիր գործունեություն է սպասվում: Տեսնենք ինչ դուրս կգա դրանից:

Սեպտեմբերին կայացած հաջորդ նշանակալի իրադարձությունը նախագահ Սարգսյանի ելույթն էր Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանում: Կարծում եմ` այսպես կոչված «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը պատմության գիրկն է մտնում: Նախագահը հասկանալ տվեց, որ չի պատրաստվում հաշտվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքների ոտնահարման հետ և գերակայությունը չի տալիս պետությունների տարածքային ամբողջականությանը, հատկապես եթե խոսքը վերաբերում է անջատված և դե ֆակտո ինքնիշխան պետություններին: Այս առնչությամբ արժե նշել, որ այնուամենայնիվ Վրաստանի ձախողումը օգտակար եղավ Հայաստանին: Այս տարի միջազգային իրավունքի հենքային սկզբունքը` տարածքային ամբողջականության պահպանումը, անարգվեց երկու անգամ. ամերիկացիների (Կոսովոյի պարագայում) և ռուսների (Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ) կողմից:    

Սառույցը շարժվեց, և այսուհետ արդեն պարզ է, որ աշխարհում ոչինչ հավերժ հաստատված չէ ու ամեն ինչ ենթակա է փոփոխության: Հարկավոր է միայն, որ Հայաստանը կարողանա օգտվել փոխված իրավիճակից և ավելի վստահ առաջ տանել իր շահերն աշխարհում:

Ինչ խոսք, կյանքը Հայաստանում սեպտեմբերին հիմնականում դժվար թե դեպի լավն է փոխվել: Դրական տեղաշարժերը գլխավորապես տեղի են ունենում հռչակագրերի մակարդակում և դժվար են հաստատվում (կամ ընդհանրապես չեն հաստատվում) իրականության մեջ, քանի որ դժվար է նոր գործեր անել հին մարդկանցով ու հին մեթոդներով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրարշավները ցույց տվեցին գործերի անմխիթար վիճակը ժողովրդի հանդեպ իշխանության վերաբերմունքում: Հայ իրականության ֆեոդալական սկզբունքները ջրի երես դուրս եկան և ամբողջ հզորությամբ հայտարարեցին իրենց մասին: Այսինքն` պարզ դարձավ, որ գավառներում խոսք լինել չի կարող ժողովրդական իշխանության մասին: Քաղաքապետարանների ու գյուղապետարանների ղեկավարները նշանակվում են ուղղակի Երևանից, սակայն նրանք մեծ մասամբ վնաս են հասցնում նախագահ Սարգսյանի հեղինակությանը, քանի որ թեկնածուներին ընտրում և «արքայական հավանության» են արժանացնում հիմնականում ոչ թե նրա, այլ ոմանց մասնավոր շահերից ելնելով: Օրինակ, գյուղից սերած պատգամավորը և օլիգարխը հայրենի գյուղի գյուղապետի հարցը լուծում է` ելնելով իր մորթապաշտական նկատառումներից: Նրան ավելի հաճելի կլինի, որ այդ պաշտոնը զբաղեցնի աներոջ բարեկամը, քան նա, ում գյուղացիները հաճույքով կընտրեին: Աներոջ ընտանիքին նվիրված օլիգարխը դա անում է Հանրապետական կուսակցության, մարզպետարանի ռեսուրսների և այլ մեխանիզմների օգտագործմամբ: Բնականաբար, նրան կհաջողվի գյուղապետի պաշտոնում պահել իր մարդուն: Սակայն հենց դա տեղի ունենա, նախագահ Սարգսյանը կկորցնի նվազագույնը 600 ձայն այդ գյուղում, և խորհրդարանական ու նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ ստիպված կլինի լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ձայները վերադարձնելու համար: Հարցը, որն անձամբ ինձ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, հետևյալն է. արժե՞ արդյոք բավարարել օլիգարխների հավակնությունները` ի վնաս պետության ղեկավարի հեղինակության: Ի՞նչն է ավելի նախընտրելի նախագահ Սարգսյանի համար. գյուղապետարաններից մեկի ղեկավարի պաշտոնին տեսնել իր մերձավորներից մեկի բարեկամին ու զրկվել գյուղացիների վստահությունի՞ց, թե՞ ընտրությունը թողնել բնակչությանը և կասեցնել իր մերձավորների մորթապաշտ շահերը` դրանով իսկ ամրապնդելով անձնական դիրքերը բնակչության մեջ: Կարծում եմ` սա լուրջ հարց է, որի շուրջ նախագահ Սարգսյանը վաղ թե ուշ պետք է մտածի: Բնականաբար, իշխանության տեղական մարմիններում Երևանի կողմից թեկնածուների հաստատմանը կարելի է դիմանալ և հասկանալ, քանի որ այդ գործը բնականոն ընթացքին թողնելն այսօր չի համապատասխանում պետության շահերին, սակայն դա պետք է անել այնպես, որ վերջնարդյունքում չտուժեն պետության և նրա ղեկավարի շահերը, ինչպես վերոնշյալ գյուղում. անհրաժեշտ է նվազագույնի հասցնել պալատականների մասնավոր ու կասկածելի շահերի իրագործումը, և դրությունն անպայման դեպի լավը կփոխվի:

Այժմ` մի քանի խոսք համարի բովանդակության մասին:

«Ազգային գաղափարի» վեցերորդ համարի ընդհանուր ուղղվածությունը թելադրված է  Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ վերջին իրադարձություններով: Ներկայացված հոդվածները հիմնականում վերաբերում են արդի աշխարհակարգի կառուցվածքի հակասություններին, երբ մեկին թույլատրվում է կիրառել ազգային ինքնորոշման իր իրավունքը, իսկ մյուսին այդ իրավունքը մերժվում է: Հերթական անգամ փաստվում է, որ անցյալ հարյուրամյակի տրամաբանության համատեքստում ծնված իրավական փաստաթղթերը չեն տեղավորվում քաղաքակրթության զարգացման ներկա փուլի տրամաբանության մեջ և հաճախ պարզապես այս կամ այն երկրի, այս կամ այն «անհարմար վարչակարգի» վրա ճնշում բանեցնելու մեխանիզմներ են հանդիսանում:  

«ԱՊՀ» խորագրով ներկայացված է քաղաքական մեկնաբան Գարեգին Գաբրիելյանի «Արտաքին թշնամին` որպես Վրաստանում ազգային համախմբման հիմնական մեխանիզմ» հոդվածը: Բավական հարուստ նյութի հիման վրա հեղինակը պատմում է վրաց ազգայնական գաղափարախոսության կայացման մասին` այդ տարածքի իրական մասնատվածության ֆոնին: Նախանցյալ դարավերջից սկսած` «արտաքին թշնամու» կերպարն է կոչված եղել համախմբելու ազգային վերնախավին, ընդ որում` այդ համախմբումը տեղի է ունեցել, ըստ էության, քարթվելական արժեքները շրջանցելով: Արտաքին թշնամին, որ գլխավորապես ներկայացված է ռուս-հայկական երկյակով, մինչ օրս մթագնում է վրացական հասարակական-քաղաքական վերնախավի որոշակի մասի գիտակցությունը:

Խիստ հետաքրքրական է նաև լրագրող Աշոտ Գարեգինյանի հոդվածը, որ ներկայացված է «Պետություն և իրավունք» խորագրով: Այն աչքի է զարնում նաև բավական երկար վերնագրով` «Ոտնահարված իրավունքների արահետով կամ արդար կարգի կորը»: Հեղինակը նշում է, որ ամերիկյան հանրային գիտակցության հիմնարար գիծը ամերիկյան ազգի բացառիկության և ընտրյալության գաղափարն է: Մեջբերումներ են արվում ԱՄՆ հիմնադիր հայրերից, որոնք աշխարհում ԱՄՆ հատուկ առաքելության մասին երկարաշունչ ճառերի հեղինակներ են: Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Դակոտայի հնդկացիները հայտարարեցին այն մասին, որ պատրաստ են պաշտպանել սեփական շահերը` ընդհուպ մինչև ԱՄՆ կազմից դուրս գալը և սեփական պետական կազմավորման հռչակումը: Վերլուծելով այս իրադարձությունը` հեղինակը պնդում է, որ մենք այսօր գործ ունենք միջազգային իրավաքաղաքական մտածողության փակուղային իրավիճակի հետ, որը հետագայում ավելի կխորանա: Անվերջ մանիպուլյացիաներ կատարելով հաճախ ընդհանրապես հակասական սկզբունքներով` գլոբալ քաղաքականության ինստիտուտներն իրենք են հայտնվում անխուսափելի փակուղում: Միանգամայն ակնհայտ է, որ երկակի ստանդարտների` որպես այս կամ այն քաղաքական հարցի լուծման ունիվերսալ մեխանիզմի, կիրառումը սկզբից ևեթ դատապարտված էր էլ ավելի խորացնելու հենց այդ հիմնախնդիրները:   

«Բանավեճ» խորագրով ներկայացված է ամսագրի խմբագիր Արիս Ղազինյանի «Հեղափոխությունների տեկտոնիկա կամ դեմոկրատական սալերի դրեյֆ» հոդվածը, որում հեղինակը վերլուծում է «գունավոր հեղափոխությունների» բնույթը և այդ համատեքստում փորձում է հիմնավորել հայտնի տեսակետն այն մասին, որ 1990-ական թթ. սկզբին Հայաստանում տեղի է ունեցել «անգույն հեղափոխություն»: Նոր իրականության մոդելավորման գործընթացը ենթադրում է զանգվածային ակտիվության բնույթի ու բովանդակության արտաքնապես աննկատ փոխակերպում` ձևի պահպանմամբ: Հենց այդպես է Ղարաբաղյան շարժումը Խորհրդային Հայաստանում, պահպանելով արտաքին թաղանթը, սկզբունքորեն այլ բովանդակություն ստացել: Նման անգույն հեղափոխության (թաքնված ու արտաքնապես քողարկված լինելու պատճառով) վկայություններից մեկը բացառապես աղգային շարժման ալիքով իշխանության եկած նախագահի հրաժարումն էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման` մինչ այդ անխնա չարչրկված գաղափարից:  

«Գիտություն և կրթություն» խորագրի ներքո հանդես է գալիս ԵրՊՄՀ փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Անահիտ Թելունցը: Նրա «Արժեքի փիլիսոփայական տեսության կայացումը XIXդ. վերջին – XXդ. սկզբին» հոդվածը ճանաչողական նշանակություն ունի և կարող է հետաքրքրել մեր ամսագրի ընթերցողներին: Միջնադարյան մենթալությունը, որ հաստատում է Հավատի գերակայությունը Բանականության նկատմամբ, և որը հիմնականում իռացիոնալ է, քրիստոնեության աստվածաբանական միտքը պետք է հանգեցներ արժեքի տեսության մշակմանը: Այդ գործընթացի մասին է պատմում հոդվածագիրը:  

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի վերջին բանաստեղծության մասին է գրում Ավիկ Իսահակյանը «Մշակույթ և արվեստ» խորագրի ներքո: Մյուս մեծ բանաստեղծի թոռն ընթերցողին ծանոթացնում է Չարենցի` իր պապին հասցեագրված հայտնի բանաստեղծության պատմությանը: Սա շատ հուզիչ պատմություն է, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին: Մանավանդ որ խոսքն անցյալ հարյուրամյակի ազգային գրականության երկու մեծագույն ներկայացուցիչների փոխհարաբերությունների մասին է: Հոդվածն այդպես էլ վերնագրված է` «Չարենցի վերջին բանաստեղծությունը»:

Անցյալ հարյուրամյակի մասին են գրում նաև մյուս երկու հոդվածագիրները` «Պատմություն» խորագրի ներքո: Առաջին հոդվածի` «Ինքնակառավարման մարմինների կազմավորումը Ալեքսանդրապոլում (1918թ. դեկտեմբեր – 1920թ. մայիս)» հեղինակը պատմաբան Կարինեն է: Գունեղ ներկայացված է ընտրական մարմինների կայացման շրջանը Առաջին Հանրապետության օրոք, միևնույն ժամանակ շեշտադրվում է իշխանությունների համարժեք դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է երկրում ներդնել հենց տեղական ինքնակառավարման մարմիններ: Հաշվի է առնվում նաև այդ բարդ ու դրամատիկ ժամանակաշրջանին հատուկ հակասությունների գործոնը: Հոդվածն արժեքավոր է նաև նրանով, որ դրա բովանդակությունն ու շեշտադրումը միանգամայն համապատասխանում են մեր օրերի համատեքստին, հատկապես Երրորդ Հանրապետությունում սեպտեմբերին կայացած նման ընտրությունների ֆոնին:

Նույն խորագրի երկրորդ հոդվածի հեղինակը` փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանը, ներկայացնում է նախիջևանահայերի ողբերգությունը, որոնք ստիպված են եղել լքել իրենց պատմական հայրենիքը: Դա, իհարկե, ընդհանուր առմամբ, ողջ հայ ժողովրդի ողբերգությունն է: Նախիջևանի երկրամասը ոչ միայն Հայաստանի հանգուցային պատմական շրջաններից է, այլև հնագույն ազգերից մեկի ֆոլկլորային շտեմարանը: Հեղինակը պատմում է հայերի արտաքսման մասին` հենվելով հավաստի փաստերի վրա, և ապացուցում է, որ հայերի բռնագաղթը, ինչպես և հայ մշակույթի հետքերի հետևողական վերացումը նույն շղթայի օղակներն են: Յուրաքանչյուր տասնամյակ այդ շղթայի առանձին օղակն է եղել, որը փակվել է 1988թ.` վերջին հայ ընտանիքների արտաքսմամբ:

«Մեջբերումներ դասականներից» խորագիրը ներկայացնում է հայտնի մարդկանց ասույթները ժողովրդավարության ու ազատության մասին, որոնցում գերիշխում է քննադատական մոտեցումը դրանց` որպես քաղաքական կատեգորիաների: Ներկայացված է նաև կայսր Ալեքսանդր Առաջինի 1801թ. հրովարտակը «Վրաց թագավորության բոլոր բնակիչներին` ում որ հարկն է ծանուցել», Ռուսաստանին Վրաստանի միանալու մասին, ինչպես նաև Ալեքսանդր Երկրորդի հրովարտակը 1861թ. ճորտատիրական իրավունքի վերացման մասին: Երկու փաստաթղթերն էլ անմիջական կապ ունեն համարի ընդհանուր ուղղվածության հետ: Այս խորագրում ներկայացված են նաև VII  (1075թ.) «Պապի դիկտատի» 27 հիմնական դրույթները և Տիխոն պատրիարքի դիմումը (1918թ.) Ռուսաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդին, որոնք, իրենց հերթին, բավական հետաքրքրական են:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am