Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Սեպտեմբեր 2008, N 6

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արտյոմ Խաչատրյան, քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Հայաստանը վերջնականորեն նոր դարաշրջան է թևակոխել. այսօր արդեն միանշանակ կարելի է խոսել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներն անցել են, եկել է նոր ժամանակ: Անհնար է հասկանալ որտեղ ենք հայտնվել, ուր ենք շարժվում և ինչ է մեզ սպասվում առջևում, եթե չգիտակցենք այն պատմական ճանապարհը, որն անցել է երկիրն անկախություն ձեռք բերելուց հետո: Փորձենք վերիմաստավորել այդ ճանապարհը` ներկա իրականության և նրա զարգացման հավանական ուրվագծերի առավել օպտիմալ պատկերացման հանգելու համար: Սկզբի համար փորձենք հիշել, թե ինչ էր Հայկական ԽՍՀ-ն:

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը երեք գլոբալ հարց լուծեց.

-    ապահովեց արտաքին և ներքին անվտանգությունը,

-      ստեղծեց բոլոր նախադրյալները սոցիալ-տնտեսական արագ զարգացման համար,

-      եվրոպակենտրոնությունն ընդունեց որպես պետական քաղաքականության հիմք:

Վերջինը չափազանց կարևոր հանգամանք է, քանի որ կազմավորում էր եվրոպական հանրապետությունը. հանրապետություն, որի քաղաքացիները եվրոպացիներ էին` եվրոպական արժեքների կրողներ:

Հայկական ԽՍՀ տնտեսական զարգացումը ԽՍՀՄ միասնական տնտեսական դաշտի պայմաններում բուռն էր ընթանում, հատկապես առաջին հնգամյակներին, իսկ արդեն 1990թ. ընդհանրապես որևէ տնտեսություն (բացառությամբ գյուղատնտեսությունից և արհեստագործությունից) չունեցող տարածքը վերածեց Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերական շրջաններից մեկի, որտեղ զարգացած էին արտադրության գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում և գիտատար արդյունաբերությունը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանն ուներ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ համաշխարհային տնտեսության անդաստանում ինքնուրույն «նավարկելու» համար:

Արտաքին անվտանգության ապահովումը, բնականաբար, արդյունավետ զարգացման երաշխիքն էր, սակայն ես ավելի լուրջ եմ համարում ներքին անվտանգությունը, որն իր սուբյեկտի համար երաշխավորում էր Խորհրդային Միությունը, այն է` ԽՍՀՄ-ը փրկեց հայերին հենց իրենցից` հայերից, և վերազգային կառավարումը փրկություն էր սեփական խմբապետերի ու քաղաքական գործիչների ճիրաններում խեղդվող ժողովրդի համար: Խորհրդային իշխանության 70 տարիներին հայի կողմից հայի` բռնության ենթարկելու մի դեպք անգամ չի գրանցվել, ինչը սովորական դարձավ վերազգային կառավարման վերացումից և Երրորդ հանրապետության առաջին հերոսների հայտնվելուց անմիջապես հետո: Խաղաղ արարման և բարգավաճման ժամանակաշրջանը փոխարինվեց բռնության, գողության և կամայականության ժամանակաշրջանով. հայերը թողնվեցին իրենք իրենց, և, ինչպես 1918-20թթ., նրանց ինքնության մեջ դրսևորվեցին ասիական սկզբունքները: Եվրոպակենտրոնությունը` որպես սուբստանց, որպես պետական քաղաքականության բովանդակություն, տեղը զիջեց «ասիականությանը»: Եվրապակենտրոնությունը նոր իշխանությունների ճաշակով չէր, քանի որ ոչ մի կերպ չէր ներդաշնակվում ո´չ գանձագողության, բռնության ու կամայականության, ո´չ 1990թ. հետո երկրում կրկին ծնունդ առած նեխած ազգայնական գաղափարախոսությունների, ո´չ նոր բարքերի ու արժեքների հետ, որոնք բավական արագ փոխարինեցին խորհրդային շրջանում գոյություն ունեցողներին:

 

ԱՍԻԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարկ կա հասկանալու, թե ինչպես է արտացոլվում ասիական սկզբունքը քաղաքական իրականությունում` իր ամբողջության մեջ: Նախ` անհետացել է իրավահավասարությունը: Սա բավական կարևոր է, և հարկ է մանրամասն քննարկել այն:

Ասիական հասարակական կարգի առանձնահատկություններից մեկը ուղղահայացությունն է հասարակական հարաբերություններում: Այն որոշ հիերարխիայի առկայություն է ենթադրում, իսկ դա, իր հերթին, ենթադրում է հօգուտ վերադասների հասարակության ստորադաս անդամների ինքնակամ հրաժարում սեփական իրավունքների և ազատությունների որոշակի քանակությունից: Օրինակ, այն, որ հանրային կարծիքը Հայաստանում հանդուրժողաբար է վերաբերվում այնպիսի անճոռնի երևույթի, ինչպիսին խմբապետությունն է, վերն ասվածի վկայությունն է. մարդիկ կարծում են, թե գեներալ Մանվել Գրիգորյանը կամ աստիճանազրկված գեներալ Սամվել Բաբայանը, կամ էլ սպարապետ Վազգեն Սարգսյանն, իհարկե, այնքան էլ ճիշտ չեն, ինչպես իրենք կուզեին, բայց, այնուամենայնիվ, շատ բան նրանց կարելի է և պետք է ներել, քանի որ նրանք հերոսներ են: Փաստորեն, մարդն իրեն ավելի քիչ իրավունքներ ու ազատություններ է վերապահում, քան ուրիշին, տվյալ պարագայում` կեղծ հերոսներին: Նա չի ասում, թե ինձ թույլատրվում են բռնություն կիրառել, գողանալ կամ թալանել, սակայն այդ «արտոնությունները» գիտակցաբար տալիս է ուրիշին ու հաշտվում է իրականության մեջ դրանց իրագործման հետ: Նշեմ, որ եվրոպական հասարակության մեջ ոչ ոք նման հանդուրժման չի արժանանում. անկախ նրանից` մարդը հերոս է, թե «բոմժ», նրանից նույն բանն է պահանջվում, քանի որ հասարակության անդամներն ապրում են միասնական իրավական դաշտի շրջանակներում և բարոյական նորմերի միասնության մեջ, որոնց խախտման դեպքում հետևանքները նույնն են բոլորի համար:

Այսպիսով, իրավահավասարությունը` որպես հասարակական կարգի սուբստանց, խորթ է ասիական հասարակությանը, հետևաբար` դրա վերացումը նպաստում է արդեն մի փոքր այլ կարգի հասարակական կարգի կառուցմանը, որտեղ արատներին գլխավոր դեր է բաժին ընկնում: Բայց մինչ այդ երևույթը դիտարկելը` հարց տանք. իրավահավասարություն կա՞ր արդյոք Հայկական ԽՍՀ-ում:

Ւհարկե, այո´, և խոսքը քաղաքական ու տնտեսական իրավահավասարության մասին է, որը Խորհրդային Միությունն ապահովում էր: Ճիշտ է, ազատություններ, որպես այդպիսին, չկային (ասենք, չկար ձեռներեցության, ձայնի, կարծիքի, խոսքի ազատություն և այլն), սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չէր անդրադառնում հավասարության վրա: ԽՍՀՄ քաղաքացիները հավասար էին ամեն ինչում, այդ թվում և իրենց բոլոր սակավաթիվ ու սահմանափակ իրավունքներով: Կարծում եմ` սա անվիճելի փաստ է:

Եվ այսպես, իրավահավասարության` որպես միջանձնային, միջհասարակական հարաբերությունների սուբստանցի, վերացումը արմատական փոփոխություններ մտցրեց հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում, և այս առնչությամբ պետք է մի քանի նկատառում անեմ:

Առաջին. Առաջինը խորտակվեցին ԽՍՀՄ-ում հաջող գործող պլանային շուկան ազատ շուկայով փոխարինելու հույսերը: Տնտեսական անիրավահավասարությունն ինքնատիպ բազիս հանդիսացավ հանցավոր սեփականաշնորհման, պետական գույքի հափշտակման, սաղմանվորվող կոռուպցիայի (իր բոլոր դրսևորումներով) համար: Բայց այն ամենից շատ հարվածեց մասնավոր ձեռնարկատիրությանը. հայտնի է, որ անիրավահավասար տնտեսական իրավունքներն ու հնարավորությունները, ազատություններն ու պայմանները կործանարար ազդեցություն են ունենում բիզնես-հանրության վրա, որի մեծամասնությունը նորահայտ օլիգարխաթի հետ հայտնվում է ձեռներեցության անհավասար պայմաններում: Սա նշանակում է, որ հարվածի տակ է հայտնվում նաև երկրի համախառն արդյունքի արտադրությունը, քանի որ շուկայի մասնակիցների մեծամասնությունը գտնվում է «ոտնահարված» վիճակում:

Երկրորդ. Տնտեսական հարաբերություններում անիրավահավասարությունը շատ արագ անցնում է քաղաքական հարթություն և ծնում քաղաքական անհավասարություն: Ազդեցիկ տնտեսական լծակների տիրապետող քաղաքացիները քաղաքական կշիռ ձեռք բերեցին, հասարակությունը` բրգաձև կառույց, այսինքն, ենթարկվեց ուղղահայաց հիերարխացման: Այսուհետ քաղաքական գործընթացը վարում էին ոչ թե հասարակական համակրանքն ու տրամադրությունները, այլ նրանց կամքը, ովքեր կանգնած էին այդ բուրգի վերևում: Հայտնի է, որ ընտրություններին քաղաքացիների մեծամասնությունը քվեարկում է ոչ թե ըստ իր համոզմունքների (որոնք, ցավոք, տարեցտարի ավելի ու ավելի են պակասում), այլ հասարակական հիերարխիայի վերևում գտնվողների ցուցումներին համապատասխան: Օրինակ, թաղային ու շրջանային հեղինակությունները, օլիգարխները, պաշտոնյաները և այլն, որ բնակչության վրա ազդեցության լծակներ ունեն, ավելի մեծ դեր են խաղում ազգային կամարտահայտության գործընթացում, քան երկրի քաղաքացիների քաղաքական ու գաղափարախոսական նախապատվությունները:

Այստեղից էլ կարելի է դուրս բերել այն բոլոր թելերը, որոնցով հյուսված է երկրի քաղաքական իրականությունը, և լիարժեք պատկերացում ստանալ նրա մասին: Բնականաբար, դրանում կարելի է լայն ասպարեզ գտնել նսեմ կրքերի, ստոր նպատակների ու շահերի առաջացման համար, որոնք հատուկ են այն մարդկանց, ովքեր առանձնապես փայլուն են դրսևորվում այն պայմաններում, երբ մեկ անհատին առավելություն է շնորհված մյուսի նկատմամբ: Եվ հասարակության մեջ տիրող անարդարությունը, որն իսկապես դառնում է հասարակական տրամադրությունների շարժիչ ուժն ու սոցիալական լարվածության դետոնատորը, քաղաքական և տնտեսական անիրավահավասարությունից բխող նսեմ կրքերի իրագործման արդյունքն է:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկասկած, դրանք անհրաժեշտ են, եթե անգամ ազգն ամբողջովին ապագաղափարախոսականացվել է: Հայկական ԽՍՀ-ում տիրապետում էր վերազգային գաղափարախոսությունը` սոցիալիզմը: Դրա սնանկացումից ու ԽՍՀՄ փլուզումից հետո նոր կազմավորվող պետությունը պետք է կառուցեր սեփական քաղաքական համակարգ, որն առանց գաղափարախոսությունների և համապատասխան քաղաքական կուսակցությունների գործել չէր կարող: Այժմ տեսնենք, թե ինչ գաղափարախոսություններ կարող էր ծնել Հայաստանը:

Նկատի առնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը թողնվել էր ինքն իրեն, և եվրոպակենտրոնությունը, չնայած քաղաքական առաջնորդների «եվրոպականությանը», ինչպես արդեն վերն ասվել է, մոռացության մատնվեց: Կարծում եմ` 1990-ականների հենց սկզբից Հայաստանի մասին պետք է խոսել որպես տիպիկ ասիական պետության մասին: Ուստի հարկ կա ըմբռնել ասիական գաղափարախոսության էությունը` համեմատական վերլուծություն անցկացնելով արևմտյանի հետ:

Եվ այսպես, Արևմուտքում ներկայում քաղաքական դաշտը երկու թև ունի` աջ և ձախ: Նրանց միջև անհաղթահարելի գաղափարախոսական տարաձայնությունը հետևյալում է. աջերն ասում են, թե հանրային բարիքը պետք է որքան հնարավոր է մեծացնել, որպեսզի բոլորի համար լավ լինի, մինչդեռ ձախերը պնդում են, որ հանրային բարիքը պետք է ավելի հավասարաչափ բաժանել, որպեսզի բոլորի համար լավ լինի: Առաջին հայացքից` տափակ տարբերություն, սակայն դրանում մի ամբողջ փիլիսոփայություն կա` մշակված վերջին հարյուրամյակների արևմտյան հասարակական մտքի ու քաղաքական մշակույթի կողմից: Օրինակ, հանրային բարիքների հավասարաչափ բաժանումը պահպանողականների համար ինչ-որ անբարո և անարդար բան է: Ընդունելով, որ մարդիկ ի ծնե հավասար են, պահպանողականներն, այնուամենայնիվ, կարծում են, որ բնածին հավասարությունը պետք է սահմանափակվի միայն ազատությունների և հնարավորությունների, իրավունքների և պարտականությունների իրավահավասարությամբ, ոչ ավելին: Քանի որ իսկապես անարդար է, երբ հանրային բարիքները նույն չափով կվայելեն աշխատասերն ու ծույլը, տաղանդավորն ու ապաշնորհը, արարողն ու սպառողը: Հակիրճ այս է արևմտյան գաղափարախոսությունների էությունը, որոնց կրողներն ԱՄՆ-ում կոչվում են հանրապետականներ և դեմոկրատներ, Անգլիայում` պահպանողականներ և լեյբորիստներ, Գերմանիայում` քրիստոնեա-դեմոկրատներ ու սոցիալ-դեմոկրատներ և այլն: Նշենք, որ արևմտյան աջ և ձախ գաղափարախոսությունները վերազգային են, սակայն դրանք ունիվերսալ անվանել չի կարելի, քանի որ վերազգային լինելը չի նպաստում դրանց սերտաճմանը ոչ արևմտյան աշխարհում: Մասնավորապես, Արևելքում դրանք անճանաչելիության չափ կորցնում են իրենց էությունը և, խառնվելով ազգային երանգներին, դադարում են անգամ համապատասխանել «աջ» և «ձախ» հասկացություններին: Համառոտ անդրադարձը քաղաքական գաղափարախոսություններին կհամոզի մեզ դրանում:

Վերցնենք Մերձավոր Արևելքը, որտեղ մենք, ըստ էության, գտնվում ենք: Այստեղ, ըստ էության, տիրապետում են կա´մ իսլամական, երբեմն` տոտալիտար (ասենք, վահաբականությունը Սաուդյան Արաբիայում), կա´մ սոցիալիստական, բայց նացիոնալիզմով և մասամբ իսլամով պճնված (մասնավորապես, իշխող սոցիալիստական կուսակցությունը Սիրիայում) գաղափարախոսությունները, կա´մ դրանց նման մի ինչ-որ այլ բան: Հաճելի բացառություններ են Թուրքիան և Իրանը. առաջին դեպքում մենք տեսնում ենք եվրոպական ժողովրդավարության հիմնակմախքը` որոշ ասիական շեղումներով, երկրորդի դեպքում` դասական իսլամական ժողովրդավարական հանրապետություն: Ինչպես տեսնում ենք, ոչ մի վերազգային գաղափարախոսություն Արևելքում արմատավորվում. այն խառնվում է ազգային-կրոնական հոսանքների հետ` այդ գործընթացում կորցնելով իր էությունը: Նշենք նաև, որ Արևելքում ոչ մի գործուն քաղաքական համակարգ և ոչ մի ժողովրդավարական պետություն չկա` դրանց իսկական իմաստով (բացի, երևի թե, Թուրքիայից, սակայն վերապահությամբ. թուրքական աշխարհիկ ժողովրդավարությունը հիմնված է զինվորականների սվինների վրա, և դժվար է ասել, թե ինչ կլիներ այդ պետության հետ, եթե չլիներ գլխավոր սպայակույտի համընդհանուր վերահսկողությունը երկրի քաղաքական գործընթացի և ընդհանրապես պետական կարգի նկատմամբ):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԵՐԸ

Եվ այսպես, 1990-ից Հայաստանում ի հայտ եկան քաղաքական գաղափարախոսությունների և, բնականաբար, կուսակցությունների առաջացման նախադրյալները: Հիշեցնենք, որ նոր պետությունը հռչակեց ժողովրդավարացման, ազատականացման, ազատ շուկայի ուղեգիծ, և այդ ամենը, հասկանալի է, ըստ արևմտյան չափանիշների: Բայց ի՞նչ կարող էր առաջարկել հայ քաղաքական միտքը այս գլոբալ նախագծերի իրագործման համար: Դիտարկենք հարցի նախապատմությունը:

Հայտնի է, որ խրուշչովյան հայլոցքի ժամանակներից սկսած` Հայաստանում (ինչպես և ԽՍՀՄ մյուս ազգային հանրապետություններում) վերածնվեցին նացիոնալիստական միտումները, որոնք հանգեցրին հակախորհրդային տրամադրությունների առաջացմանը: Դրան նպաստեցին մի քանի գործոններ: Նախ` 60-ականներին ձևավորվեց քիչ թե շատ ինքնուրույն մտածող մտավորականությունը, որը ջանում էր գտնել խորհրդային իրականության բազմաթիվ հիմնախնդիրների լուծումները: Ինչպիսին էին, օրինակ, համընդհանուր դեֆիցիտը, գրաքննությունը, որ սահմանափակում էր ստեղծագործական գործունեությունը, տնտեսական և տեխնիկական հետամնացությունն արևմտյան երկրներից և այլն: Այս գլոբալ հիմնախնդիրների պատճառը Հայկական ԽՍՀ մտածող հասարակայնությունը, որ արդեն տարված էր հակասովետականությամբ, տեսնում էր «հիմար» խորհրդային կարգի, մասնավոր ձեռնարկատիրության բացակայության, կոմունիստական գաղափարախոսության և, վերջապես, դաշնային կենտրոնից Հայաստանի կախվածության մեջ: Մարդիկ մտածում էին, թե Հայաստանն առանց ԽՍՀՄ-ի շատ ավելի լավ կապրի. բավական է ինքնուրույն ծախել տուֆը, ջերմուկը կամ կոնյակը, և հանրապետությունն անմիջապես կանցնի Եվրոպայից, էլ չենք խոսում հայ գիտնականների վիթխարի ինտելեկտուալ պոտենցիալի մասին, ովքեր էլ, սեփական երկրի բարօրության համար աշխատելու փոխարեն, կերակրում էին Խորհրդային Միությանը: Ահա մոտավորապես այսպիսի հասարակական տրամադրություններով Հայկական ԽՍՀ-ն մոտեցավ 1990 թվականին, երբ սկսեցին ստեղծվել առաջին քաղաքական կուսակցությունները, իսկ մի փոքր ավելի ուշ փլուզվեց Խորհրդային Միությունը:

Եվ այսպես, քաղաքական գաղափարախոսություններն անհրաժեշտ էին` վերջապես լուծելու համար այն հիմնախնդիրները, որոնք հուզում էին երկրի մտածող հասարակայնությանը դեռ 1960-ականներից: Բայց պարզվեց, որ դրանք պարզապես չկան. քաղաքական միտքն ի վիճակի էր միայն այն բանին, որ պատմական հայրենիք վերադարձներ դաշնակցությանը, ինչպես նաև վերակենդանացներ նժդեհականությունն ու այլ կիսահեթանոսական հոսանքներ: Միակ նորությունը այն ժամանակ իշխող Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության իբր ազատական գաղափարախոսությունն էր: Սակայն միանշանակ է, որ ՀՀՇ գաղափարախոսության «արևմտականությունը» ընդամենը դատարկ թաղանթ էր, քանի որ նրա առաջնորդների լիբերալիզմի և ժողովրդավարության մասին խոսք լինել չէր կարող, էլ չենք խոսում այն մասին, որ արևմտյան քաղաքական տենդենցները (ինչպես և այսօր) խորթ էին ազգային գենոֆոնդին: Այս առնչությամբ պետք է ասեմ հետևյալը. ինչպես դաշնակցականների սոցիալիզմը անցյալ դարասկզբին, այնպես էլ ՀՀՇ լիբերալիզմը հարյուրամյակի ավարտին՝ ընդամենը քողածածկույթ էին: 100 տարի առաջ աշխարհում չափից ավելի նորաձև էր սոցիալիստական գաղափարը, ինչն էլ բազմաթիվ երկրներում հրապուրեց ազգային շատ շարժումների, նրանց թվում և հայ դաշնակցականներին: Դարավերջին աշխարհում նման ճանաչում և հեղինակություն էին վայելում նաև արևմտյան նմուշի լիբերալիզմն ու դեմոկրատիան, և ազգային շարժումները ԽՍՀՄ-ում հենց դրանց վրա էին հենվում. այլ տարբերակներ պարզապես չկային: Ե՛վ սոցիալիզմը, և՛ լիբերալիզմը քողածածկույթ էին, իսկ դրանք կրողները՝ ընդամենը հայ (հենց հայ) քաղաքական գործիչներ՝ բուն հայկական գաղափարախոսությամբ, որ ամեն անգամ ի հայտ էր գալիս պետական անկախության պայմաններում. սրա վկայությունն այն է, որ ինչպես սոցիալիստ դաշնակցականները, այնպես էլ լիբերալ հհշ-ականները միանման պետություններ էին կառուցում, որոնցում գերիշխում էին ասիական սկզբունքները՝ ուժեղ արտահայտված ռազմական հենքով: Օրինակ, դաշնակցականները ծնունդ տվեցին խմբապետությանը, իսկ հհշ-ականները վերակենդանացրին այն. եթե դարասկզբին Հայաստանում ավազակությամբ և ժողովրդին անարգելով զբաղվում էին Դրոն, Սաքոն, Կարոն ու Շավոն, ապա դարավերջին և մինչ օրս այդ գործելակերպը կիրառում են Սյամոն, Մանվելը, Սեյրանը, Վազգենը և այլք: Դաշնակցականները չկարողացան ստեղծել տնտեսության շուկայական մեխանիզմներ, և հաշվված ամիսներում երկրում ի հայտ եկավ օլիգարխաթը (20-րդ դ. սկզբի նմուշի): Նույն բանն արեց ՀՀՇ-ն, միայն թե վերջինի բախտը բերեց, քանի որ հարյուրամյակի վերջի Հայաստանում արդեն հարստանալու բան կար, մինչդեռ դաշնակցականները թալանում էին աղքատության ու սովի մատնված բնակչությանը: Այսպիսով, ինչ էլ անեին և ինչ գաղափարախոսություն էլ ընտրեին հայ քաղաքական կուսակցություններն ու առաջնորդները, միևնույն է, արդյունքում ստացվում է նույն բանը, այսինքն, հակազգային, հակապետական պլուտոկրատիա, որից բխում են սոցիալական անարդարությունը, բռնությունը, կամայականությունը և, ամենագլխավորը, իրավական դաշտից դուրս գտնվող քաղաքական էլիտան:

Սակայն, Հայաստանում «կառավարելի ժողովրդավարություն» հաստատելուն զուգընթաց, առաջ եկավ նոր քաղաքական կուսակցություններ ստեղծելու պահանջարկ: Դրանք գերազանցապես ստեղծում էին նրանք, ովքեր ավելորդ մի երկու կոպեկ ու քաղաքական հավակնություններ ունեին: Այսպես բազմացան կուսակցությունները, որոնց ճշգրիտ թիվն այսօր անգամ դժվար է նշել, բայց յոթ տասնյակից հաստատ ավելի են: Կարծում եմ՝ այդ կուսակցությունները չեն կարող էական դեր խաղալ երկրում. դրանք, առավելապես առևտրային կազմակերպություններ լինելով՝ քաղաքական գործընթացի դեկորացիա են միայն և անմիջապես կդադարեցնեն իրենց գործունեությունը ֆինանսավորում չունենալուն պես: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ապա, անկասկած, այդ կուսակցությունները գաղափարախոսություն չունեն, եթե գաղափարախոսություն չհամարենք օրինականության ու բարգավաճման, արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի մասին աչքի զարնող կարգախոսները:

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Այստեղ մենք բավական լուրջ երևույթի հետ գործ ունենք: Ըստ իս՝ երկրի պատմությունը, ավելի ճիշտ՝ նրա մեկնությունը, ամենաանմիջական կապն ունի գաղափարախոսության հետ: Հայաստանում այսօր բոլոր քաղաքական կուսակցությունները կանխամտածված ձևով պատմության, հետևաբար և՝ իրենց գաղափարախոսության հիմքում դրվող արժեքների կեղծ մեկնությամբ են առաջնորդվում: Օրինակ, չափից ավելի խեղաթյուրված է մեկնաբանվում Առաջին հանրապետության պատմությունը, իսկ նրա գործիչները համարվում են մեծ պատմական անհատներ, մինչդեռ իրականում նրանք սովորական «ժուլիկներ» ու ավազակներ էին: Բայց ողբերգությունն այն է, որ ժողովրդին կեղծ արժեքներ և կուռքերի աստիճանի հասցված կեղծ հերոսներ պարտադրելը աղետալի հետևանքներ է ունենում, քանի որ, նախ՝ ինքնաբերաբար վերանում է նոր, առողջ արժեքներ ստեղծելու հնարավորությունը, երկրորդ՝ արդարացվում և օրինականացվում են Հայաստանի Հանրապետության ներկայիս իրողությունները, այդ թվում՝ խմբապետությունը, «հերոսների» կամայականությունը, բռնությունը և այլն: Հիշատակված արատների նկատմամբ միանման գորովագին վերաբերմունք ունեն երկրի բոլոր քաղաքական ուժերը. օրինակ, Վազգեն Սարգսյանին հարգում են և՛ տերպետրոսյանական աղանդում, և՛ Հանրապետական կուսակցությունում, ինչպես և անցյալ դարասկզբի դաշնակցական հերոսներին (հանուն արդարության ասենք, որ Տեր-Պետրոսյանն ի սկզբանե բացասական վերաբերմունք ուներ դաշնակցության և բոլոր ժամանակների նրա առաջնորդների հանդեպ, բայցևայնպես, նրա թափը չհերիքեց Նիկիտա Խրուշչովի նման գործն ավարտին հասցնելու համար):

Այսպիսով, կարող ենք ազգի և պետության համար վտանգավոր միտումներ նշել. փաստորեն, երկրի քաղաքական էլիտան, որ վարում է կուսակցությունների և գաղափարախոսությունների «արտադրությունը», գիտակցաբար պահպանում է ներկա վերաբերմունքը պատմագրությանը, քանի որ այն իրեն ավելի քան ձեռնտու է: Ձեռնտու է ընդդիմադիր ուժերին, քանի որ նոր գաղափարներ ու գաղափարախոսություններ ստեղծելու վրա գլուխ չեն կոտրի, նրանց դուր է գալիս նաև ներկա իրողությունը, որի տերն են ուզում դառնալ. ձեռնտու է Տեր-Պետրոսյանի աղանդին, քանի որ նրան երկրպագողների ստրկական մտածողությունն անհրաժեշտ է նրան աղանդի «մարտունակությունը» պահելու համար, իսկ մարդկանց աչքերը բացելը և իրերն իրենց անուններով անվանելուն կոչելը Տեր-Պետրոսյանի ծրագրերի մեջ չեն մտնում, քանի որ դա ստրկամտությունից ազատագրվելու առաջին քայլն է. վերջապես, ձեռնտու է իշխանություններին, բայց... ձեռնտու է մարտավարական առումով, կարճաժամկետ հեռանկարի համար... Ռազմավարական առումով այս գաղափարախոսություններով, պատմագրությամբ, կեղծ արժեքներով, կեղծ հերոսների պաշտամունքով ու կուռքերի պանթեոնով սույն պատկերը Սարգսյանի ռեժիմին ձեռնտու լինել չի կարող, քանի որ նրա առաջին թշնամիները հենց նշված երևույթներն են ու դրանց հետևանքները: Ի հաստատումն ասվածի՝ հավելեմ, որ Տեր-Պետրոսյանի այսպես կոչված «ժողովրդի» շարժիչ ուժը կռապաշտությունն ու իրականության խեղաթյուրված ներկայացումն էին, քանի որ մարդը չի կարող համարժեք ընկալել իրականությունը՝ անցյալի մասին կեղծ պատկերացումներ ունենալով:

Այսպիսով, անելանելի վիճակ է ստեղծվում. մի կողմից՝ քաղաքական գաղափարախոսությունները պետք են երկրին, քանի որ քաղաքական համակարգը ցեմենտող նյութ են հանդիսանում: Մյուս կողմից՝ ցանկացած գաղափարախոսություն Հայաստանում (ինչպես և Սսիայում ընդհանրապես) նախ՝ խեղաթյուրվում է և զրկվում բովանդակությունից, և երկրորդ՝ ավելի շատ վնաս, քան թե օգուտ է բերում: Ուրեմն, ո՞րն է ելքը:

Այսօր, երբ տեղին չէ խոսել երկրում երկու թևից բաղկացած նորմալ քաղաքական դաշտի մասին, որոնցում իշխում են աջ և ձախ քաղաքական գաղափարախոսությունները, կարելի է առաջ քաշել նոր գաղափարախոսության ստեղծման հայեցակարգը: Այն պետք է լինի ոչ քաղաքական, և դա միակ պայմանն է՝ մեռյալ անցյալի բեռից ազատվելու և ապագայում բնականոն, առողջ գաղափարախոսությունների առաջացման հիմք պատրաստելու համար:

 

ԱԶԳԱՅԻՆ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հնարավո՞ր է արդյոք ոչ քաղաքական գաղափարախոսություն քաղաքականության մեջ: Թեև հազիվ թե աշխարհում նախադեպը գտնվի, բայց այն աննախադեպ պատմությամբ և հասարակական գիտակցությամբ աննախադեպ պետությունում՝ Հայաստանում, հնարավոր է: Խոսքը պրագմատիզմի գաղափարախոսության մասին է: Տեսնենք ի՞նչ է պրագմատիզմի հասկացությունը:

Պրագմատիզմը՝ որպես ուսմունք, առաջ է եկել 19-րդ դարի երկրորդ կեսին, Միացյալ Նահանգներում և առավել մեծ տարածում է ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում: Պրագմատիզմի հեղափոխականությունը հանգում էր հետևյալին. փիլիսոփայությունը պետք է լինի ոչ թե կեցության և իմացության սկզբունքների մասին խորհրդածություն, ինչպես համարվում էր անտիկ ժամանակներից սկսած, այլ այն հիմնախնդիրների լուծման ընդհանուր մեթոդ, որոնք կանգնում են մարդկանց առջև կենսական տարբեր խնդրահարույց իրավիճակներում և նրանց գործունեության ընթացքում՝ անընդհատ փոփոխվող աշխարհում: «Պրագմատիզմը մտածողությունը դիտարկում է որպես միջավայրին օրգանիզմի հարմարվելու միջոց՝ հաջող գործելու նպատակով: Մտքի գործառույթը ոչ թե իմացության՝ որպես օբյեկտիվ իրականության արտացոլման, ու դրա վրա հիմնված գործունեության կողմնորոշման, այլ կասկածը հաղթահարելու մեջ է, որը խոչընդոտում է նպատակին հասնելուն կամ խնդրահարույց իրավիճակը պարզելուն ուղղված անհրաժեշտ միջոցների ընտրությանը: Գաղափարները, հասկացությունները և տեսություններն ընդամենը գործիք են, գործողության միջոց կամ պլաններ: Դրանց նշանակությունը, համաձայն պրագմատիզմի հիմնական դոկտրինի, հանգեցվում է հնարավոր գործնական հետևանքների: Համապատասխանաբար, ճշմարտությունը սահմանվում է որպես գաղափարի օգտակարություն կամ աշխատունակություն: Ճշմարտության նման սահմանումը պրագմատիզմի առավել բնութագրական և առավել անցանկալի դոկտրինն է. հաջողությունը բացարձակացվում և վերածվում է ոչ միայն գաղափարների ճշմարտացիության միակ չափանիշի, այլև ճշմարտություն հասկացության հենց բովանդակությանը»[1]: Ինչպես տեսնում ենք, պրագմատիզմը, եթե ոչ որպես գաղափարախոսություն՝ իր դասական ըմբռնմամբ, ապա գոնե որպես գաղափար կամ սկզբունք կարող է կիրառվել քաղաքականության մեջ:

Բայց վերադառնանք ճշմարտության հասկացությանն ըստ պրագմատիզմի դոկտրինի: Եթե այն դիտարկենք սոսկ որպես գաղափարի օգտակարություն կամ աշխատունակություն, իսկ հաջողությունը՝ ճշմարտացիության չափանիշ և ճշմարտության բովանդակություն, այսինքն, անօգտակարը ճշմարիտ լինել չի կարող, իսկ հաջողությունը չի կարող չպարունակել ճշմարտություն, ապա կհանգենք հետաքրքիր մտահանգման: Այն կարելի է արտահայտել հետևյալ կերպ. քաղաքական բոլոր գործիչները և ուժերը ձգտում են հաջողության, որը ճշմարտության բովանդակությունն ու չափանիշն է, իսկ ճշմարտությունը, իր հերթին, գաղափարի օգտակարությունն ու աշխատունակությունն է, հետևաբար` նպատակահարմար կլիներ հրաժարվել այն գաղափարներից, որոնք անօգտակար ու անաշխատունակ են, քանի որ դրանք չեն հանգեցնում հաջողության բովանդակությունը հանդիսացող ճշմարտությանը:

Վերոշարադրյալ մտահանգման հիման վրա կարելի է միանշանակ եզրակացության գալ, որ իշխանության ղեկին գտնվող հայ քաղաքական գործիչները ներկա պահին պետք է ընտրեն դասական պրագմատիզմով գործելու ուղին, որի հիմքի վրա կարելի կլինի լուծել պետության բոլոր հիմնախնդիրները:

Առաջին, պրագմատիզմի միջոցով կարելի է վերացնել կեղծ արժեքներն ու ջախջախիչ հարված հասցնել հանրային գիտակցության այն արատներին, որոնք քաղաքական իրականության ներկա հիմնախնդիրների աղբյուրն են հանդիսանում: Օրինակ, դաշնակցական կուլտերն այսօր վնասում են երկրի ղեկավարությանը: Ցանկացած պահի, ցանկացած մակարդակում նախագահ Սարգսյանին կարող են մեղադրել նացիզմի խրախուսման մեջ` դա հիմնավորելով նրանով, որ գոյություն ունեն նացիստական լեգեոնականների անունները կրող պետական շքանշաններ: Հարց է ծագում. որքանո՞վ է ճշմարտացի լեգեոնականների պատվին պետական շքանշաններ ունենալը: Պատասխանն ակնհայտ է: Արդյո՞ք դա հաջողության է տանում: Անշուշտ, ո´չ, դա միայն ավելորդ խնդիրներ է ստեղծում: 

Երկրորդ, պրագմատիզմի միջոցով կարելի է վերացնել իրենց սպառած և նորերի առաջացմանը խանգարող ներկա քաղաքական գաղափարախոսությունները: Օրինակ, եթե պետական իշխանությունը դադարի «խաղ անել» դաշնակների հետ և «ձայնակցել» նրանց արժեքներին, ապա կարելի է վստահաբար ասել, որ երկրի հնագույն կուսակցությունն ակնթարթորեն անցյալի գիրկը կանցնի: Ինչպես ճշմարիտ չեն դաշնակցության գաղափարախոսական հիմքերն ու նպատակները, ճիշտ այդպես էլ դրանք չեն հանգեցնում հաջողության: Դրանք ընդամենը լրացուցիչ, ոչ պետքական խնդիրներ են ստեղծում երկրի ղեկավարության համար` բարդացնելով նրա գործունեությունը: Զուտ պրագմատիզմով կարելի է ազատվել ավելի շատ միջնադարյան մտածելակերպին հատուկ կեղծ ամոթից, իսկ այնուհետև վերջ տալ նաև 21-րդ դարին ոչ հարիր այնպիսի գաղափարախոսությունների, ինչպիսին նժդեհականությունն է և այլ կիսահեթանոսական ուսմունքները: Պարադոքս է նաև այն, որ այդ ուսմունքների իսկական հետևորդներ ընդհանրապես գոյություն չունեն, դրանք պահպանվել են ընդամենը թղթի վրա և շնորհիվ այն բանի, որ ազգն ի վիճակի չի եղել իսկական քաղաքական միտք մշակել: Մի խոսքով` հայերին կարելի է հասկացնել, որ իրենցից առանձնապես մի բան չեն ներկայացնում, իսկ եթե ուզում են նշանակալի լինել աշխարհում, ապա այն, ինչ վերջինը պետք կգա նրանց դրա համար` Վահագն աստվածն է, ցեղակրոնության ուխտը, հանուն ցեղի ինքնազոհության պատրաստակամությունը և այլն: Դրա համար ընդամենը պետք է սովորել չստել ինքդ քեզ և ուրիշներին, իսկ դրանից հետո արարելը շատ ավելի հեշտ կլինի:        

Երրորդ, պրագմատիզմի միջոցով կարելի է հասնել «ախպերության» վերացմանը պետական գործերում: Այն կօգնի ըմբռնել, որ վերջնարդյունքում դրանից ոչ մի օգուտ էլ չկա, իսկ հաջողության հասնելն անհնար է, որովհետև դրանում ճշմարտություն չկա, քանի որ պետական գործերը շատ ավելի լուրջ բան են:

Չորրորդ, պրագմատիզմի միջոցով կարելի է կարգի բերել պետական կարգը: Միանշանակ, գործող Սահմանադրությունը երկիրը տանում է դեպի միջնադար` թույլ տալով դասային ներկայացուցչություն: Հանրապետությանն անհրաժեշտ է կառավարման հանրապետական ձև, այն է` նախագահական հանրապետություն գործադիրից օրենսդիր իշխանության հստակ բաժանմամբ: Պե՞տք են արդյոք այսօր երկրին և Սարգսյանին կոալիցիաներն ու այդ կարգի այլ բաները: Իհարկե, ո´չ: Ո՞րն է դրանց առաջացման պատճառը: Կեղծ քաղաքական մոտիվները, որոնցում ճշմարտացիություն և հետևաբար` հաջողության կաթիլ անգամ չկա: Ուրեմն, ինչո՞ւ հանդուրժել դրանց:      

Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, պրագմատիզմը, գաղափարախոսություն, առավել ևս` քաղաքական գաղափարախոսություն չլինելով, իրական քաղաքականության մեջ մեծ գործերի է ընդունակ: Այն կետերի առնչությամբ, որոնց մասին վերը խոսեցինք, կարելի է ասել, որ պրագմատիզմը (դրա կիրառման դեպքում) իսկական քաղաքական գաղափարախոսության գործ է կատարում: Իսկ դա արդեն լուրջ փաստարկ է դրանով զբաղվելու համար:

Եթե պետությունում չկա ոչ մի գործուն քաղաքական գաղափարախոսություն, որն ի վիճակի է տալու ներկա իրականության կենսական հարցերի պատասխանը, ապա ավելի լավ կլինի հրաժարվել դրանցից և սպասել, մինչև որ հայտնվի նորը, առողջը: Իսկ դրա համար շատ քիչ բան է պետք. քաղաքական կամք` ազատվելու համար կեղծ ամոթխածությունից, ինչի շնորհիվ կարելի կլինի ազատվել կեղծ արժեքներից ու գաղափարներից: Դա հնարավոր է և դժվար չէ, եթե ժամանակավորապես պրագմատիզմը հռչակվի գաղափարախոսություն և գործողության հրահանգ:



[1] Философский энциклопедический словарь, стр. 521-522, Москва, 1983г.

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am