Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


ԱՊՀ

ԱՊՀ
Սեպտեմբեր 2008, N 6

«ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ» ՈՐՊԵՍ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

Գարեգին Գաբրիելյան, քաղաքական մեկնաբան

«Քրիստոնյա վրացիները միշտ վտանգ են զգացել հայերի կողմից: Հայերը դարերից ի վեր ապրել են Վրաստանում, անգամ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին մինչև վերջերս հայկական քաղաք էր և Ստամբուլից ավելի Արևելք գտնվող կարևորագույն հայկական մշակութային կենտրոն: Այսպիսով, հրեաները Վրաստանում երբեք իբրև պրոբլեմ կամ սպառնալիք չեն ընկալվել. «հրեայի» ավանդական տեղը գրավում էին հայերը»:

Դան Շապիրա, Երուսաղեմի համալսարանի «Ռուսական նախագծի» ակադեմիական ղեկավար

«Այսպես կոչված «ռուսաստանյան խաղաղարարները» պաշտպանում են ոչ թե խաղաղությունը, այլ Ռուսական կայսրության վերջին բեկորները»:

Մարտ Լաար, Վրաստանի նախագահի խորհրդական, Էստոնիայի նախկին վարչապետ և խորհրդարանի պատգամավոր

 

ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

Պաշտոնական Թբիլիսիի հռչակած համավրացական միասնության քաղաքականությունը (որպես նոր վրացական պետականության հիմք) ներկայում հակասության մեջ է վրացական էթնոսը կազմող առանձին խմբերի աշխարհզգացողության հետ: Գրեթե յուրաքանչյուր ենթաէթնիկ կազմավորում ունի սեփական`պատմությամբ մշակված վերաբերմունքը Հայրենիք տերմինի հանդեպ. այն տեղայնացվում է այս կամ այն խմբի կենսագործունեության ավանդական տարածքով: Այդ զգացողությունը, իհարկե, չի հակադրում միասնական և անբաժանելի Վրաստանի գաղափարին, սակայն օբյեկտիվ խոչընդոտ է հանդիսանում Մեծ Հայրենիքի հասկացության արագ գաղափարաբանական գիտակցման (երկրի քարթվել բնակչության կողմից) ճանապարհին:

Գործող իշխանության հռչակած «գաղափարաբանական ճակատը» «գաղափարաբանական թիկունքի» պակաս է զգում, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հանրապետության իշխանությունները միշտ էլ լրջորեն մտահոգված են եղել այդ ամրագրված խնդրով. սույն հարցն այսօր էլ դիտարկվում է որպես կարևորագույն օղակ ազգային անվտանգության համակարգի կայացման գործընթացում:

Նախանցյալ տարի երկրի իշխանությունները որոշեցին իրենց քաղաքականության կարևորագույն ուղղությունը` Համավրացական միասնության գաղափարը: Այդ քաղաքականության առաջին դրսևորումներից մեկը դարձավ 2006թ. մայիսին Թբիլիսիում անցկացված «Վրացական սփյուռք. կամուրջ ամբողջ աշխարհի հետ» կոնֆերանսը, որին մասնակցում էին 18 երկրների ավելի քան 100 վրացական համայնքների ներկայացուցիչներ: Այդ ժամանակ հենց հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց «միասնական գենը առանձին բաղադրիչների արհեստականորեն բաժանելու» կործանարարության և անթույլատրելիության մասին ու կոչ արեց, առանց բացառության, բոլոր քարթվելներին իրենց վրացի անվանել: Դիմելով համագումարի պատվիրակներին` նա հատկապես ընդգծեց սեփական ազգային պատկանելության հենց նման (միասնական և անբաժանելի) պատկերացման կարևորությունը` առանց էթնոնիմի ավանդական մատնանշման (մեգրել, սվան և այլն): «Ես` Վրաստանի նախագահս, իմ պարտքն եմ համարում դիմել ձեզ և առաջարկել, ըստ իս, ազնվագույն առաքելություն. մասնակցել ձեր Հայրենիքի` միասնական և անբաժանելի Վրաստանի վերածննդին և միավորել բոլոր վրացիների ջանքերը հանուն այդ պատմական առաքելության»: Համանման ուղերձով մասնակիցներին դիմեց նաև Համայն Վրաց կաթողիկոս, պատրիարք Իլյա II-ը:

Արդեն 2006թ. հունիսին կազմակերպվեց նոր կոնֆերանս, որն անցավ երկու փուլով` Սվանեթիայում և Թբիլիսիում: Կազմակերպիչներն էին Վրաց Ուղղափառ եկեղեցին, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը և Կոռնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտը (հարկ է նշել, որ առավել վաղ վրացերեն ձեռագրերի մեծ մասը հայտնաբերվել է հենց Սվանեթիայում): Ելույթ ունենալով այս միջոցառմանը` Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա II-ը հերթական անգամ ընդգծեց. «Ցավոք, գտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են բաժանել վրաց ժողովրդին և ձգտում են Սվանեթին ու սվանական բարբառը ներկայացնել որպես վրացականից անկախ, տարբեր մշակույթ... Այդ մարդիկ, անշուշտ, ոչ միայն սվանների, այլև ողջ վրաց ժողովրդի թշնամին են... Չէ՞ որ մենք նույն գենն ունենք, նույն մշակույթը, նույն Հավատը, և մենք ամեն ինչ կանենք, որ վրաց ժողովուրդը պահպանի այդ միասնությունը»:

Այս ելույթից հետո վրացական մամուլում հայտնվեցին նյութեր, որոնցում ընդգծվում էր միասնական ազգային օրգանիզմի մասնատման անթույլատրելիությունը, ընդ որում` առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվում հենց Սվանեթիային:

Վրացական իշխանությունների ընդգծված ուշադրությունն այդ բարձրլեռնային տարածաշրջանի նկատմամբ պայմանավորված էր մի քանի գործոններով, որոնցից մեկն էլ Թբիլիսիի հռչակած համավրացական միասնության վեկտորն էր: Հենց այդ շրջանում էլ մշակվեց «Վրացական ժողովրդի միասնության հիմքը կազմող վրացական մշակույթի աղբյուրների ուսումնասիրման վիճակի մասին արտակարգ հուշագիրը»: Ընդունվեց որոշում գիտահանրամատչելի գրականության նոր շարքի ստեղծման մասին` հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու համար «յուրաքանչյուր երկրամասի անգնահատելի ավանդն ազգային պատմության և մշակույթի գանձարան»: Հատուկ ուշադրություն է դարձվելու ժողովուրդների քարթվելական խումբը կազմողների միասնական ազգածագմանը և «պատմական ընտրության ու հեռանկարների ընդհանրությանը»: Հուշագրի ընդունման ժամանակ Համայն Վրաց կաթղիկոս-պատրիարք Իլյա II-ը հերթական անգամ հայտարարեց. «Վրաց ժողովուրդը թույլ չի տա ընդհանուր միասնության մասնատում»:

Խնդիրը, որ փորձել և փորձում են լուծել վրացական իշխանությունները, այն է, որ ընդհուպ մինչև մեր օրերը, ըստ էության, քարթվելական խմբի ներկայացուցիչներն իրենց պետական տերմինաբանությանը համարժեք չեն նույնականացնում: Խոսվածքների բազմազանությունը (իմերեթական, գուրիական, լեչխումական, Քարթլիի, Կախեթի, Փշավի, Մցխեթի և այլն), ինչպես նաև այն փաստը, որ, մասնավորապես, մեգրելները խոսում են իրենց լեզվով, արտացոլում են հանրապետությունում բնակվող խմբերից յուրաքանչյուրի ոչ այնքան լեզվական առանձնահատկությունները, որքան հաստատուն ավանդույթների, կացութաձևի, հոգեկերտվածքի տարբերության աստիճանը. մասնավորապես, առավել մեծաթիվ քարթվելական էթնիկական միավորը (մեգրելները) իրեն անվանում է ոչ թե «քարթվել», այլ հենց «մարգալ», իսկ Հայրենիքը` իր բնակության պատմական տարածքը, «Սամարգալյո»:

Ընդհուպ մինչև 19-րդ դ. առաջին կեսը քարթվելական խմբի արևմտյան և արևելյան ներկայացուցիչների առնչությունները նվազագույն էին: Վրաստանի տարածքը երկու մասի բաժանող Սուրամի լեռնաշղթան սահման է հանդիսանում երկու աշխարհների միջև, ինչով էլ կանխորոշել է քարթվելական միջավայրում այնպիսի հասկացությունների ի հայտ գալուն, ինչպիսին են Ամիերեթին` երկրի լեռնաշղթայի անդրկողմում, և Իմիերեթին` երկրի լեռնաշղթայի այսրկողմում (Այսրկովկասի և Անդրկովկասի նման): Այս պատմական բաժանման հիմքի վրա էլ, մասնավորապես, ձևավորեց արևմտյան քարթվելների հանդեպ կիրառվող «իմերեթցի» ընդհանրական հասկացությունը: Իրականում իմերեթցի են նաև գուրիացիները (որոնք իրենց «գուրուլի» են անվանում), լեչխումները, ռաչինները և այլն: Իմերեթից արևմուտք գտնվում էին մեգրելների հողերը, ովքեր հաճախ ավելի սերտ կապեր ունեին աբխազների, քան թե գուրիացիների կամ առհասարակ իմերեթցիների հետ:

Սուրամի լեռնաշղթայից ավելի արևելք գտնվում էին արևելյան ենթախմբերի` հիմնականում քարթլեցիների և կախեթցիների հողերը, ովքեր պատմականորեն սերտ հարաբերություններ չունեին արևմտյան վրացիների, առավել ևս` մեգրելների, աբխազների կամ սվանների հետ: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան շատ լավ հասկանում էր դրությունը, և դրա համար էլ իրեն ասես միսիոներ էր զգում: Նա հասկանում էր, որ իր պետությունը «ծվեններից» է կազմված և այդ խայտաբղետ խճանկարի մեջ իրական վտանգ էր տեսնում Միացյալ Վրաստանի գաղափարին: Սկզբից ևեթ նա փորձում էր հասկանալ տալ քարթվելական աշխարհին «Ընդհանուր և միացյալ Հայրենիքի» գաղափարը և կտրեց-անցավ այդ աշխարհը լայնքով ու երկայնքով: Սառնարյուն, ծովեզրյա մեգրելը գովերգում էր Կախեթը առաջին խաղողագործի նման. «Կախեթը ժողովրդագրական առումով միշտ միատարր տարածաշրջան է եղել, և վրացիներն այստեղ միշտ մեծամասնություն են կազմել,- 1989թ. հայտարարեց նա Կախեթի Ախալսոփելի գյուղում:- Այսօր մենք լուրջ խնդիր ունենք: Գլուխ են բարձրացրել թաթարները, լեգերը, հայերը և օսերը: Հարկավոր է փրկել Կախեթը` մեր սուրբ հողը, օտարերկրացիներից»:

Հատկանշական է, որ իր քաղաքական ձախողումից գրեթե անմիջապես հետո նա արդեն հանդես էր գալիս որպես Թբիլիսիից անկախ «Մեգրելա-աբխազական հանրապետության» հռչակման նախաձեռնող: Եվ այնուամենայնիվ, անգամ համաշխարհային պատմության մեջ եզակի այս օրինակը Սաքարթվելոյի մասնատված «իշխանություններով» դրեյֆող վրացական հակասությունների սառցաբեկորի ընդամենը գագաթամասն է:

Ի հետևանք պատմական զարգացման հատուկ տրամաբանության` քարթվելական միջավայրում այդպես էլ չմշակվեց բոլորի համար միասնական մոտեցում «Հայրենիք» հասկացությանը: Հայտնի պատմաբան Ն. Բերձենիշվիլին դեռ 1937թ. այս մասին գրում էր. «Ֆեոդալական Սաքարթվելոն (Վրաստանը) երբեք վերջնականապես չի կլանել «Աբխազիա», «Քարթլի», «Կախեթ», «Սոմխեթի» և այլ հասկացություններ, և միացյալ Վրաստանի թագավորի տիտուլատուրան երբեք չի վերածվել պատմական բովանդակությամբ բանաձևի»:

Դիտարկվող հարցի տեսակետից սա շատ կարևոր ասպեկտ է, որը թույլ է տալիս համարժեք գնահատել Վրաստանի Հանրապետության ներկայիս բնակչության` «Աբխազիայի համար մարտնչելու և զոհվելու» մեջ շահագրգռված լինելու աստիճանը: Կոդորի կիրճի հայտնի դեպքերը Կախեթի և Քարթլիի (մասնավորապես) բնակչության կողմից ընկալվում էին անկեղծ հետաքրքրությամբ, սակայն հարկ եղած ձևով չէին անցնում գաղափարախոսական պրիզմայի միջով: Ելնելով նրանից, որ քարթվելական խմբի ներկայացուցիչները չունեին «Հայրենիքի» զգացողության միասնական ընկալում` մենք այսօր հնարավորություն չունենք հիշել ամբողջ վրացական ժողովրդի կողմից (ներկայում այն պաշտոնապես այդպես է ըմբռնվում) հենց Հայրենական պատերազմ մղելու թեկուզ և մեկ պատմական օրինակ:

Այս առումով պատմաբանները հատկապես հաճախ հիշատակում են նման պատերազմ վարելու, ըստ էության, միակ իրական հնարավորությունը, երբ 1790թ. կնքվեց ռազմաստարտեգիական «Իվերիա թագավորների և իշխանների տրակտատը», որը ստորագրել էին Արևելյան Վրաստանի թագավոր Հերակլ II-ը, արևմտյան տիրակալ (Իմերեթիա) Սողոմոն II-ը, ինչպես նաև արևմտյան իշխանները` գուրիական իշխանը (Սիմոն Գուրիելի) և Գերոգի Դադիանին: Այս պայմանագիրն ավելի շատ հիշեցնում էր հարևան կառավարիչների միջև կնքված դաշինք և ոչ թե ազգային ունիա: Այն ձախողվեց, քանի որ Սողոմոն II-ը գործնականում մերժեց Հերակլ II-ին օգնություն ցուցաբերել, երբ 1795թ. սեպտեմբերին Աղա Մահոմետ խանի պարսկական 35 հազարանոց զորքը պաշարեց Թիֆլիսը: Ավելին, իր զորքով գալով Արևելյան Վրաստանի մայրաքաղաք` նա ոչ միայն չաջակցեց թագավորին, այլև, ամայացնելով քաղաքին հարակից հողերը, վերադարձավ Քութաիս:

 

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔ, ՓՈՔՐ ԴԱՎԵՐ

Վրաստանում ազգային գաղափարախոսության մշակումը սերտորեն կապված է 19-րդ հարյուրամյակի վերջին հասարակական գործիչներ Իլյա Ճավճավաձեի և Ակակի Ծերեթելու գործունեության հետ: Այդ ժամանակ էլ փորձ արվեց զանգվածային գիտակցության մեջ ներդնել «Հայրենիքի» ավելի մասշտաբային հասկացություն, որը տեղայնացվում էր ողջ քարթվելական աշխարհի շրջանակներում: Հարկ է նշել, որ այդ ժամանակ էլ մշակվեց որոշակի ավանդույթ. ազգը համախմբող գործոնները, որպես կանոն, հենվում էին ոչ թե ազգային` համաքարթվելական արժեքների ներկայացման ու պահպանման, այլ «քարթվելականից դուրս» թշնամական կերպարի որոնման վրա: Մասնավորապես, Իլյա Ճավճավաձեի աշխատություններում «թշնամու կերպարն» արտացոլվում է հայերի մեջ: Ճավճավաձեի «հայկական ընտրությունը» պայմանավորված էր այն հանգամանքով, որ վրաց ազնվականությունը, ի վիճակի չլինելով հարմարվել կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, հարկադրված էր վաճառել իր կալվածքները հայ հարուստ վաճառականներին:

1801թ. իրադարձությունների անընդհատ ուռճացվող թեմայի և դրա հիման վրա Ռուսաստանի թշնամական կերպարի կերտման համատեքստում հետազոտողներն անուշադրության չեն մատնում նաև այն փաստը, որ «վրացական գահի լուծարման որոշումը Թիֆլիսում կարդացվել է հայ Հովսեփ Արղությանի կողմից, իսկ առաջին փոխարքա է նշանակվել հայ գեներալ Լազարևը»: 19-րդ դարի առաջին կեսից վրաց էլիտայի վերաբերմունքը հայերի նկատմամբ ընդգծված բացասական դարձավ. հայերին ընկալում էին միայն որպես Ռուսաստանի դրածոներ և վրաց գահի կորստյան մունետիկներ:

Վրացական նացիոնալիստական գաղափարախոսության հիմնադիր Իլյա Ճավճավաձեն գրում էր. «Հայ գիտնական այրերը, միևնույն է, պնդում են իրենցը` փորձելով բնակատեղի ձեռք բերել այնտեղ, որտեղ այն երբեք չեն ունեցել... ցանկանալով բոլորին համոզել, թե իբր պատմական իրավունք ունեն հաստատվել այդ տեղերում»:

Այս միտքը թափանցեց դարավերջին ձևավորված նացիոնալիստական գաղափարախոսության մեջ և հայտնի չափով առկա է նաև այսօր: Պատահական չէ, որ «վարդերի հեղափոխության» շրջանում վրաց ժողովրդի որոշ ներկայացուցիչներ և մասնավորապես, տարբեր ազնվականական միությունների անդամներ, մտահոգություն էին հայտնում հեղափոխության երեք առաջնորդների մեջ հայկական արյան պարունակության հետ կապված. այդ ժամանակ Միխայիլ Սահակաշվիլու համար բոլորովին էլ հեշտ չէր...

Այս առումով, այնքան կարևոր չէ «արտաքին թշնամու» էթնիկ պատկանելությունը, որքան ինքը` սույն կերպարի գաղափարախոսական մշակումը, որն, ի դեպ, մինչ օրս էլ չի թուլացրել իր դիրքերը: 20-րդ դարի առաջին քառորդում վրացական կուսակցական ինստիտուտների որդեգրած այս գաղափարախոսությունը կանխորոշեց ազգային կյանքի զարգացման տրամաբանությունը, և Վրաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) գաղափարապես հենվում էր նաև Միացյալ և անբաժան Վրաստանի վեկտորին:

Ներկայում «արտաքին թշնամու որոնման ու հայտնաբերման» գործընթացը շարունակում է մնալ «վրացական համախմբման» կարևորագույն մեխանիզմը: Այդ գործընթացում ավանդաբար հատուկ տեղ է հատկացվում «ռուս-հայկական դավադրությանը»:

Չափազանց հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2006թ. սեպտեմբերի 1-ին: Ելույթ ունենալով Սագարեջոյում` նա պաշտոնապես փաստել է Հայաստանի վրա ռուսական ճնշման առկայությունը, որն ուղղված է Երևանի կողմից հակավրացական քաղաքականության անցկացմանը: Համենայնդեպս, հենց այդպես (և ոչ այլ կերպ) պետք է հասկանալ նրա հնչեցրած հաջորդ նախադասության իմաստը. «Ռուսաստանը վերջնականապես փակեց Լարսի մաքսակետը: Եվ փակել է ոչ միայն մեր, այլև հարևան Հայաստանի առջև, որի բեռներն անցում էին Լարսով, որովհետև նաև Հայաստանին նա ասում է` եկե´ք, իբր, միասին իրականացնենք ինչ-որ պլաններ»:

Նախագահը նպատակահարմար չհամարեց որոշակիացնել իր հայտարարության «պլանային բաղադրիչը» (հավանաբար` մանրամասնվող առարկայի բացակայության պատճառով), սակայն Միխայիլ Սահակաշվիլու «հայկական շեշտադրումն» ինքնին հատկանշական է: Ինչո՞վ էր, ուրեմն, պայմանավորված Վրաստանի նախագահի այդքան ոչ կոռեկտ ելույթը:

Հազիվ թե արժե մտածել, որ պաշտոնական Թբիլիսիի ղեկավարը հավաստի տեղեկատվություն ուներ «համապատասխան» հայ-ռուսական բանակցությունների մասին: Մենք, իհարկե, կասկածի չենք ենթարկում վրաց առաջնորդի իրավասության և իրազեկության աստիճանը, սակայն հարցն էլ հենց այն է, որ Մոսկվան ու Երևանը Վրաստանի վերաբերյալ ոչ մի համատեղ պլան էլ չունեին: Բայց և ինքը` Միխայիլ Սահակաշվիլին, այն ժամանակ չթաքցրեց իր վստահությունը Հայաստանի իշխանությունների հանդեպ. խորհրդածելով «Երևանի վրա ռուսական ճնշման» թեմայի շուրջ` նա մասնավորապես նկատեց. «Բնականաբար, դրան ոչ ոք չի համաձայնի, բայց նման քաղաքականություն` Հայաստանի վրա ճնշման գործադրում Վրաստանի համատեքստում, կա´»:

Միանգամայն հնարավոր է, որ Վրաստանի նախագահի հրամայականը` «բնականաբար, դրան ոչ ոք չի համաձայնի», որոշակի հասցեատեր չուներ և, առաջին հերթին, նախազգուշացնող բնույթ էր կրում: Դա երևում է նրա հաջորդ արտահայտությունից. «Ստրկությամբ դեռ ոչ ոք հաջողության չի հասել: Միայն հպարտ, ինքնասեր երկրներն են, ինչպիսին են Լեհաստանը, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, որոնց հետ նույն կերպ էին վարվում մի քանի տարի առաջ, և որոնք դարձան եվրոպական չափանիշներով հաջող երկրներ, հասնում հաջողության: Ես չեմ ուզում անվանել մի քանի այլ երկրներ, որոնք շարժվում են այդ ուժերի ղեկավարությամբ և մուրացկաններ են, գտնվում են նույն աղքատացած վիճակում, ինչպես դա կար մինչ այդ»:

Չենք փորձի խորանալ այս «ասույթի» էության մեջ, սակայն ավելի էական է այն, որ Սագարեջոյում Միխայիլ Սահակաշվիլու ելույթը, այդ թվում և առաջին հայացքից անսպասելի անդրադարձը հայկական թեմային, լրիվ համապատասխանում են նրա իրականացրած քաղաքականության համատեքստին ու տրամաբանությանը: Ներկայում կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ բոլորովին էլ ոչ պատահական այդ հայտարարությունը հնչեցնելու պահին Սահակաշվիլին արդեն ծրագրել էր հայերի խմբի կալանումը Աբխազիայում և Հարավային Օսիայում: Այդ ժամանակ ՀՀ 25 քաղաքացիների Վրաստանի պետական սահմանը խախտելու մեղադրանք էր ներկայացվել: Արժե ավելացնել, որ նույն մեղադրանքով կալանվել են ընդհանուր թվով 48 ՌԴ քաղաքացիներ, որոնց մեջ շատ էին հայերը:

Նույն` 2006թ. վրացական իշխանությունները «փայլուն կերպով կանխեցին» հերթական «հայ-ռուսական դավադրությունը». ձերբակալվեցին ՌԴ ԶՈւ ներկայացուցիչները, իսկ «դավադրությունն» իբր կոորդինացվում էր Հայաստանից: Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլու հայտարարությամբ` «Վնասազերծված երևանյան խմբի գործունեությունը կոորդինացնում էր ԳՀՎ գնդապետ Անատոլի Իվանովիչ Սինիցինը»: Այս ողջ անհեթեթությունը տեղավորվում է սեպտեմբերի 1-ին Սագարեջոյում Միխայիլ Սահակաշվիլու հնչեցրած հայտարարության համատեքստում:

Ընդհանրապես, հարկ է նշել, որ «դավադրություների» ավանդույթը Վրաստանում խոր արմատներ ունի: Ինչպես հայտնի է, դեռ 2005թ. մայիսի 10-ին, Ազատության հրապարակում ԱՄՆ և Վրաստանի նախագահների ելույթի ժամանակ, հանդիսատեսների բազմությունից ամբիոնի ուղղությամբ, ուր կանգնած էին նախագահները, նետվել է մարտական նռնակ, որը, սակայն, չի պայթել: Իհարկե, այդ ամենը վրացական հատուկ ծառայություններն էին սարքել, սակայն հենց այդ դրամատիկ իրադարձությունից հետո Ջորջ Բուշը և Միխայիլ Սահակաշվիլին վերջնականապես և անշրջելիորեն հարազատացան ու եղբայրացան: Ներկայում մտերիմ ընկերներին պատկերող բազմաթիվ վահանակների կհանդիպես Վրաստանի բոլոր ճանապարհներին, այդ թվում և Սվանեթիայի բարձրլեռնային Ուշգուլի գյուղի շրջանում: Նույն թվականի օգոստոսի 28-ին հենց այստեղ էին ուղևորվում Միխայիլ Սահակաշվիլին և ԱՄՆ սենատորների պատվիրակությունը` Ջոն Մաքքեյնի գլխավորությամբ: Հասկանալի է, որ այս անգամ էլ առանց դավադրության չանցավ:

Մեկ օր առաջ Միխայիլ Սահակաշվիլին անձամբ էր ցուցադրում երկիրը ամերիկյան սենատորների պատվիրակությանը, որ Վրաստան էին եկել նրա անձնական հրավերով, ամուսինների հետ: Օգոստոսի 27-ին նրանք նախագահի ուղեկցությամբ ծանոթանում էին հին վրացական մայրաքաղաք Մցխեթին, որտեղ մասնակցեցին երկրում առաջին շրջանային խոշորացված դատարանի նոր շենքի բացմանը: Հյուրերը շրջեցին նաև Մցխեթի դատախազության շենքում: Շրջանային դատարանի բացման արարողության ընթացքում Վրաստանի նախագահը գուշակեց Ջոն Մաքքեյնի համար ԱՄՆ նախագահի պաշտոնը:

«Անցյալ տարի մենք պատիվ ունեցանք Վրաստանում ընդունել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին,- հայտարարեց Միխայիլ Սահակաշվիլին:- Եթե հավատանք ամերիկյան մամուլին, այժմ մենք պատիվ ունենք, կարելի է ասել` գրեթե վստահաբար, ընդունել Ամերիկայի հաջորդ նախագահին: Եթե հավատանք իմ ինտուիցիային և հաշվի առնելով որոշ սենատորների տարիքը, հնարավոր է` մենք այժմ ընդունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մի քանի հաջորդ նախագահների»:

Իր հերթին Մաքքեյնը հայտարարեց, որ ողջունում է Վրաստանում իրականացվող բարեփոխումները և վստահ է երկրում ժողովրդավարական գործընթացների հաղթանակին: Սենատորն ընդգծեց, որ «Վրաստանը և վրաց ժողովուրդը, անկասկած, արժանի են հաջողությունների, և նրանց հաղթանակը սարերի հետևում չէ»: Նա նշեց, որ վրացական հին մայրաքաղաքում դատարանի նոր շենքի բացումը խորհրդանշում է այն, որ Վրաստանի կառավարության ընտրած քաղաքականությունը և նրա նպատակները ճիշտ են: Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ սեպտեմբերի 3-ին Վրաստանի ՆԳՆ հաղորդումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ անհաջող մահափորձի մասին. վերջինս մահափորձի պահին Ջոն Մաքքեյնի գլխավորած ամերիկյան սենատորների պատվիրակության հետ էր:

Ինչպես հաղորդեց վրացական ՆԳՆ-ն, մահափորձը կատարվել է օգոստոսի 28-ին, երբ Վրաստանի ղեկավարն ու ԱՄՆ պատվիրակությունն ուղևորվում էին չարաբաստիկ բարձրլեռնային Ուշգուլի գյուղը: ՆԳՆ տվյալներով` նախագահին և հյուրերին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ Կարելի շրջանի Ավնևի գյուղին մոտ տարածքից (Ցխինվալի մոտակայքում) արձակվել է «Стрела-2» հրթիռ, որը պայթել է ուղեկցող ուղղաթիռի մոտ` լուրջ վնասներ չպատճառելով դրան: Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը տարածել է նաև այն տեղանքի, որտեղից արձակվել է հրթիռը, և շարժական զենիթահրթիռային համալիրի մնացուկների տեսագրությունը:

Առաջին անգամ ձերբակալվեց մի հայ, երկրորդ դեպքում ձերբակալվածներ չկային, սակայն պարզ էր մի բան` «ռուսները»:

Սույն հոդվածում մեր ուշադրությունը չենք կենտրոնացնի «դավադրության» վարկածների կայացման տրամաբանության վրա, քանի որ նման սցենարները ավանդաբար վրացական քաղաքական էլիտայի գործունեության անքակտելի հատկանիշն ու կառավարման եղանակն են: Նմանատիպ սցենարներն իրենց արտացոլումը գտան ոչ միայն Վրաստանի պատմական ժամանակագրությունում, այլև գեղարվեստական գրականության մեջ: Կան վրացի դպրոցականներին լավ ծանոթ մի շարք ազգային դեմքեր, որոնց գործունեությունը սահմանափակվում էր միայն սյուզերենի դեմ հերթական դավադրությունը սարքելով` հանցագործության հետագա բացահայտմամբ: Այս կամ այն պատմական շրջանին համապատասխան` «տիրոջ» կարգավիճակում հանդես էին գալիս թագավորը, իշխանը, նահանգապետը, մեծատոհմիկ աստիճանավորը, փոխարքան և այլք:

Հատկանշական է, որ վրացի պատմագիրների կամ գրողների` «լրտեսության» թեմային դիմելու հաճախականությունը կարող էր և չհամապատասխանել նման երևույթների փաստական պարբերականությանը. և այնուամենայնիվ, կարևոր է մեկ այլ բան` վրացական մի քանի սերունդ դաստիարակվել է այս ուսումնագաղափարախոսական սուբստրատի վրա, ընդ որում` «դավադրության» վարկածն ինքը մինչև օրս ուղեկցում է Վրաստանի քաղաքական պատմությանը: Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ այս թեմային, քանի որ վրացական քաղաքական գիտակցության մեջ համապատասխան խոր ավանդույթների առկայության փաստն է հիմնականում բացատրում իշխանական ընտրանու ներկայացուցիչների` առաջին հայացքից այդքան միանման և հաճախակի դիմումները նշյալ թեմային:

Մենք, իհարկե, չենք պատրաստվում նույն արշինով չափել Ստալինին ու Բերիային, Շևարդնաձեին ու Սահակաշվիլուն, սակայն թույլ կտանք մեզ նկատել, որ վերջինների` վիրտուալ դավադրությունների մերկացման հիվանդագին հակումը հիմնվում է այդ թվում և նրանց աճեցրած ավանդական միջավայրի վրա: Մինչ այդ նման հակմամբ աչքի էին ընկնում նաև վրաց տիրակալները, ինչի մասին, իմիջիայլոց, հիշատակում են նաև հայկական միջնադարյան աղբյուրները: Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ «պետական դավադրության հիմնավորման հենքը» գրեթե որոշիչ դեր չի խաղում. այն իսկապես կարող է ծիծաղելի թվալ, բայց էական է մեկ այլ բան. անգամ հակառակ իր խելացնորությանը` այն համոզիչ է վրաց հասարակության որոշակի մասի համար, որը դաստիարակվել է հենց նման միջավայրում:

Մի շարք պատմաբանների կարծիքով` վրաց ղեկավարների ավանդական հակումը` «ամեն ինչում դավադրություն տեսնել», սկզբից ևեթ հենվում էր փոքր պետության (պետությունների) էթնիկ բազմազանության գործոնի վրա, երբ ամեն տեղից զանգվածային հուզումներ էին սպասվում, ընդ որում` ոչ թե սոցիալական, այլ հենց էթնիկական հողի վրա: Վրաստանի ղեկավարության շարունակական վախը զուգահեռ ազգային (աբխազական, օսական, հայկական և այլն) շարժումների հնարավոր բռնկումից` ավանդական է և հիշեցնում է նախորդների` միապետերի համապատասխան վախը: Սակայն մի շարք պատմական պատճառներով (բոլոր կայսրությունների մեջ Վրաստանը զբաղեցնում է ամենափոքր տարածքը. 1 քառ. կմ տարածքի վրա այլալեզու` ոչ տիտղոսակիր բնակչության խտությամբ այն մրցակից չունի) իրավիճակի սրությունը վերջին ժամանակներս ավելի կտրուկ արտահայտություն է ստանում:

Հանրապետության ինքնիշխան զարգացման 17 տարիների ողջ քաղաքական կյանքը «հերթագայող դավադրությունների» կորագիծ է, որոնք կազմում են նոր վրացական պետականության սրտագիրը: Եվրոպայի խորհրդի քաղաքական տարածության ոչ մի այլ երկրում «պետական դավադրություն» սահմանումը և այս հոդվածով քրեական գործի հարուցումը նման թափ չեն ստացել, որքան Վրաստանում:

Արտաքին թշնամու որոնումը «ազգային համախմբման» կարևորագույն մեխանիզմ է մնում այս երկրում, ընդ որում` հրեա գիտնականների վկայությամբ` «հակասեմիթիզմը Վրաստանում ավանդաբար արտահայտվել է հայավախության ձևով»: Բնորոշմանը կարել է ավելացնել նաև «ռուս-հայկական դավադրությունների» մի ամբողջ շարք:

Այս առնչությամբ, կասկածից վեր է, որ եթե հանկարծ պաշտոնական Երևանը բացահայտորեն պաշտպանելու լիներ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Մոսկվայի դիրքորոշումը, ապա վրացական հատուկ ծառայություններն անմիջապես միջազգային հանրությանը կներկայացնեին վերջին դեպքերի Հայաստանի ներգրավվածության «բազմաթիվ ապացույցներ»:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am