Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պետություն և իրավունք

Պետություն և իրավունք
Սեպտեմբեր 2008, N 6

ՈՏՆԱՀԱՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԱՀԵՏՈՎ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑԻ ԿԱՐԳԻ ԿՈՐԸ

Աշոտ Գարեգինյան, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի մագիստրատուրայի համակարգող

«Ես, օրինակ, ներկայացնում եմ մի երկիր, որը հիմնադրվել է անջատողականների կողմից: Որոշ ժամանակ անց այլ երկրներ ընդունեցին մեր անկախությունը, և դա նորմալ է. մենք ինքնորոշման իրավունք ստացանք: Այդ ժամանակ էլ` 18-րդ դարում, մի քանի տարի անց, նախկին այլ գաղութներ, արդեն իսպանական, մեր օգնության խիստ կարիքն ունեին, որպեսզի մենք նույնպես ճանաչեինք նրանց անկախությունը: Բայց այդ ժամանակ մենք պատասխանեցինք. «Չէ, շնորհակալ ենք, դա արդեն մեր շահերին չի համապատասխանում»: Նրանք հիվանդագին արձագանքեցին. «Ի՞նչ եք ասում, չէ՞ որ մենք ձեր անկախությունը ճանաչեցինք»: Բայց մենք պատասխանեցինք, որ յուրաքանչյուր դեպքում բոլոր մոտեցումները տարբերվում են մեկը մյուսից»:

Մեթյու Բրայզա

 

«Երբ մարդկության պատմության ընթացքում մի ժողովրդի համար անհրաժեշտ է դառնում լուծարել իրեն մեկ այլ ժողովրդի հետ միավորող քաղաքական կապերը և աշխարհի տերությունների մեջ գրավել ինքնուրույն և անկախ դիրք, ինչի իրավունք նա ունի` համաձայն բնության օրենքների և նրա Արարչի, ապա մարդկության կարծիքի հանդեպ հարգանքը պարտավորեցնում է նրան շարադրել այն պատճառները, որ նրան մղում են առանձնացման»:

ԱՄՆ անկախության հռչակագիր

 

1776թ. հուլիսի 4-ին Ֆիլադելֆիայում, Հյուսիսամերիկյան գաղութների II աշխարհամասային կոնգրեսում ընդունված Նահանգների մասին դեկրետի (որն ավելի հայտնի է որպես Անկախության հռչակագիր) ներածականում ճշգրիտ բնութագրվում են այն պատճառները, որոնք մղում են ժողովուրդներին բարձրացնել ազգային-ազատագրական պայքարի դրոշը: Ավելի ուշ Մարքսը այդ փաստաթուղթը կանվանի պատմության մեջ «մարդու իրավունքների առաջին հռչակագիր»:

Այն, ինչ տեղի ունեցավ 2001թ. սեպտեմբերի 11-ին, հավանաբար ստիպեց միջին վիճակագրական ամերիկացուն, թեկուզ կարճ ժամանակով, աշխարհն ընկալել արդեն մի փոքր այլ ռակուրսով: Մինչ այդ անհոգ յանկին ակամա սկսեց խորհել հումանիստական բնույթի հարցերի շուրջ և մարդու հիմնական իրավունքների մասին դատել ոչ միայն եվրոպոիդ ամերիկացու տեսանկյունով: Բայց և այդ հանգամանքը չնվազեցրեց նրա մեջ հարգանքի արժանի մոլեռանդ հայրենասիրությունը: Ավելի շուտ` հակառակը:

Միակ բանը, որ ամերիկյան ողբերգությունից հետո ոչ միայն անսասան մնաց յանկիի գիտակցության մեջ, այլև ավելի խորացավ, դա ազգի ընտրյալ լինելու գիտակցությունն էր: Ամերիկյան հանրային գիտակցության հիմնարար գիծը ամերիկյան ազգի բացառիկության և ընտրյալության գաղափարն է: ԱՄՆ հիմնադիր հայրերի հոդվածներում և ելույթներում կարելի է գտնել այս աշխարհում ԱՄՆ հատուկ առաքելության մասին երկարաշունչ ճառեր: Աբրահամ Լինքոլնին է պատկանում հանրահայտ «Մենք` ամերիկացիներս, ողջ մարդկության վերջին հույսն ենք» արտահայտությունը:

Ամերիկյան գրականության դասական Հ. Մելվիլը ավելի հեռուն է գնացել. «Մենք` ամերիկացիներս, հատուկ, ընտրյալ մարդիկ ենք, մենք` մեր ժամանակների Իսրայելն ենք, մենք ազատությունների տապանն ենք տանում աշխարհին...»:

Հարկ է նշել, որ գրողը չէր խորամանկում. 17-րդ դարասկզբի առաջին կեսին Ամերիկա եկած անգլիացի բողոքականներն իսկապես իրենց «նոր հրեաներ» էին անվանում, երկիրը` «Նոր Իսրայել», իսկ Նոր աշխարհը` «Ավետյաց երկիր»: Ինչպես և հրեաները, բողոքական անգլիացներն իրենց Աստծո ընտրյալ ժողովուրդ էին համարում, իրենց գլխավոր Գիրքը` միայն Հին Կտակարանը:

Ազգային ընտրյալության համատքեստում է ներգրվում Ջ. Բուշի 2003թ. նոյեմբերյան ելույթը «գլոբալ ժողովրդավարական հեղափոխության»` որպես «ԱՄՆ նոր արտաքին քաղաքականության», սկսման մասին: Այդ քաղաքականության մեկնարկը տրվեց Իրաքով, բայց, ամերիկյան նախագահի պնդմամբ, «ազատագրության կարիք ունեն մեր մոլորակի ևս ոչ պակաս, քան 40-50 երկրներ»: Այլ խոսքերով` այսպես կոչված «Չարիքի առանցքն» այսօր կազմում է միջազգային իրավունքի սուբյեկտների արդեն քառորդ մասը:

2003թ. աշնանն ընդունվեց Մարկ Փալմերի առաջարկած քաղաքական գիծը` «Կոտրել Չարիքի առանցքը. ինչպես 2005թ. իշխանությունից հեռացնել վերջին դիկտատորներին» անվանմամբ: Ծրագրում մանրամասն նկարագրվում են 25 պայմաններ, որոնց կատարումը կապահովի ԱՄՆ-ին ոչ պիտանի քաղաքական վարչակարգերի հաջող տապալմանը նվազագույն ծախսերով: Հակիրճ` այդ պայմանները հանգեցնում են հետևյալին.

1. տեղի ազատական արժեքների և արևմտամետ հայացքների կողմնակիցներից կազմավորել ոչ կառավարական կազմակերպություններ – իրավապաշտպան, խաղաղասիրական, երիտասարդական, ուսանողական,

2. ազատական և արևմտամետ ԶԼՄ-ի ստեղծում (մամուլ, ռադիո, հեռուստաալիքներ, վեբ-կայքեր),

3. արևմտյան ԶԼՄ-ի կողմից տվյալ երկրի քաղաքացիների գիտակցության և արևմտյան հանրային կարծիքի մեջ «ոչ ժողովրդավարական վարչակարգի» ապալեգիտիմացմանն ու դեմոնացմանն ուղղված ինտենսիվ և համակարգված քարոզչության անցկացում,

4. արևմտյան և տեղի «ժողովրդավարական» ԶԼՄ-ի կողմից վարչակարգին ընդդիմադիր խմբերի և կազմակերպությունների լեգիտիմացմանն ու դրանց ժողովրդի իսկական ներկայացուցիչների իմիջ հաղորդելուն ուղղված կենտրոնացված քարոզչություն,

5. ՄԱԿ-ում, Եվրամիությունում, ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում և միջազգային այլ կազմակերպություններում բանաձևերի «խցկում», որոնք դատապարտում են «մարդու իրավունքների ոտնահարումը», «մամուլի ազատության վրա հարձակումները» և այլն այն երկրներում, որտեղ պլանավորվում է «ժողովրդավարական հեղափոխությունը»,

6. «քաղաքացիական հասարակության» ընդդիմադիր խմբերի և կազմակերպությունների պատրաստումը (թրենինգ) փողոցային «առանց բռնությունների» գործողություններին – ցույցեր, հանրահավաքներ, նստացույցեր, պաշտոնական շենքների և ինստիտուտների պաշարում և այլն,

7. երկրի ներսում հոգեբանական մթնոլորտի ստեղծում, որը կաթվածահար է անում գոյություն ունեցող իշխանության կողմնակիցների դիմադրելու կարողությունը,

8. «դիկտատորներին», երկրի ղեկավարության անդամներին ճնշելու դիվանագիտական և ֆինանսական մեթոդների կիրառում` նրանց «խաղաղ» ճանապարհով իշխանությունից հրաժարվել ստիպելու նպատակով:

Այսպիսով, ըստ էության չժխտելով համաշխարհային ժողովրդավարական հեղափոխության նեոպահպանողական հայեցակարգը` առաջարկվում է այն իրականացնել ոչ թե ռազմական ճանապարհով (ինչպես ամիսներ առաջ տեղի էր ունեցել Իրաքում), այլ «խաղաղ» մեթոդներով, և գլխավորը` տեղի ազատական և արևմտամետ համոզմունքների տեր անձանցից կազմված «ոչ կառավարական կազմակերպությունների» «ձեռքերով»:

Այս համատեքստում պետք է դիտարկել «Human Rights Watch» կազմակերպության հիստերիկան Հայաստանում, այսպես կոչված, քաղաքացիական ազատությունների, այդ թվում` հավաքների, երթերի, խոսքի սահմանափակումների առնչությամբ, ինչպես նաև նրա բացահայտ ակնարկը մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապված: Հիշեցնենք, որ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող այդ կազմակերպությունը քննադատել էր հանրահավաքների անցկացման մասին ՀՀ օրենքում կատարված ճշտումները, քանի որ «դրանք հակասում են խաղաղ հավաքների ազատության ապահովման վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորություններին, որը երաշխավորվում է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայով»: Համապատասխանաբար` «կառավարությունն իրավունք չունի կամայականորեն սահմանափակել այդ ազատությունը, մանավանդ որ, մարդու իրավունքների Եվրոպական դատարանը խաղաղ հավաքների իրավունքը համարում է ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը»:

Հարկ է նշել, որ այս կազմակերպությունը 1992թ. հանդես եկավ «անհարմար վարչակարգերի» ղեկավարների հանդեպ ՄԱԿ հովանու ներքո գործող, այսպես կոչված, «տրիբունալների» ստեղծման նախաձեռնությամբ: Այս քաղաքականության առաջին զոհերը դարձան Հարավսլավիայի և Սերբիայի Հանրապետության առաջնորդները` Միլոշևիչը և Կարաջիչը. 1993թ. փետրվարին ստեղծված «Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային դատարանը» այս քաղաքական գործիչներին մեղադրեց մարդկայնության դեմ կատարած հանցագործություններում:

Հատկանշական է, որ «Human Rights Watch»-ը Համաշխարհային կառավարության կառուցվածքում ամենակոշտ և արմատական բաժիններից մեկն է: Հակառակ հռչակած «իրավապաշտպան» թեզիսներին` այս կազմակերպությունը հանդես է գալիս միջազգային մեղադրողի դերում` սկզբից ևեթ մերժելով մեղադրյալներին «կոմպետենտ պաշտպանություն» տրամադրելու հնարավորությունը: Այն ընդհանրապես չգիտի այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսին են «կասկածյալը» և «անմեղության կանխավարկածը»:

1993թ. օգոստոսի 1-ին «Human Rights Watch»-ը հրապարակեց հաշվետվություն «սերբական վարչակարգի չարագործությունների» մասին: Ուշագրավ է այդ փաստաթղթի գլխագիրը. «Պատժե´լ անմիջապես»: Նշենք, որ Հարավսլավիայի ղեկավարության հանդեպ վճիռը կայացնելուց անմիջապես հետո կազմակերպությունը սկսեց «Аrest Now!» («Ձերբակալե´լ անմիջապես») անունը կրող կամպանիան: «Համակցելով աշխատանքն իրավաբանների, մամուլի աշխատանքը, համախմբելով մարդկանց հսկայական քանակություն` մենք ստիպեցինք ՆԱՏՕ կառավարություններին` ձերբակալել կասկածյալներին կամ հարկադրել վերջիններին, որ իրենք հանձնվեն»,- ոչ առանց հպարտության ավելի ուշ հայտարարել էր «Human Rights Watch»-ի ղեկավարությունը:

Այս կազմակերպության քաղաքականությունը լավ երևում է նաև այլ օրինակներով: Մասնավորապես, Իրաքի օկուպացումը սկսելուց մի քանի ամիս առաջ այն հրատարակել էր մի ամբողջ շարք հաշվետվություններ այդ երկրում մարդու իրավունքների խախտման մասին, այդ թվում և տասնհինգամյա վաղեմության (օրինակ, 1987թ. Սադամի վարչակարգի կաղմից քրդերի դեմ պատերազմում քիմիական զենքի կիրառման մասին): Այդ հրապարակումների նպատակն ակնհայտ էր. աշխարհին ցուցադրել «դիկտատորի կառավարման սարսափները» և դրանով իսկ մեղադրել հասարակայնության ակնկալվող բացասական հակազդեցությունը Իրաքի Հանրապետության դեմ ԱՄՆ ագրեսիային: Հիշեցնենք, որ այդ պատերազմի չազդարարվող նպատակներից մեկն էր Իսրայելի Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից սպասվող հնարավոր սպառնալիքի վերացումը:

Հատկանշական է նաև մեկ այլ օրինակ. 2006թ. մայիսին «Human Rights Watch»-ը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին մտցրեց, այսպես կոչված, «Խայտառակության սրահ»` «հոմոսեքսուալիստների և լեսբուհիների հանդեպ խտրականության» համար: Մոսկվայի քաղաքապետն իրավապաշտպանների դժգոհությունն էր առաջացրել նրանով, որ արգելել էր Ռուսաստանի մայրաքաղաքում գեյ-շքերթ անցկացնել: Մերժելով մայիսի 27-ին շքերթ կազմակերպելու հայտը` քաղաքային իշխանություններն ընդգծեցին, որ նման միջոցառման անցկացումը առաջ է բերել խոր զայրույթ հասարակության մեջ, մասնավորապես, կրոնական գործիչների շրջանում: Հետագայում «Խայտառակության սրահում» տեղ գտավ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս XVI պապը, որ հանդես էր եկել այլասեռվածների դեմ:

***

Նորագույն պատմությունը վկայում է, որ պաշտոնական Վաշինգտոնն ավանդաբար հակված է լսել միայն իր սեփական կարծիքը, հաշվի նստել միայն ու միայն սեփական նկրտումների հետ, ընդ որում` այդ նույն Հռչակագրի մեն-միակ նախադասությունն ավելի կարևոր է նրա համար, քան, Կիկերոնի լեզվով արտահայտված, «բոլորի ճառերը»: Առաջնորդվելով այս հանգամանքով` մենք թույլ կտանք մեզ մեջբերել ոչ թե մեն-միակ, այլ հատուկ ուշադրության արժանի մի ամբողջ շարք նախադասություններ ավելի քան երկու հարյուր տարի առաջ ընդունված ԱՄՆ հիմնարար փաստաթղթից:

Անկախ ԱՄՆ Հռչակագրից. «Խոհեմությունն, իհարկե, պահանջում է, որպեսզի կառավարման վաղուց ստեղծված ձևերը չփոխվեն պակաս կարևոր և անցողիկ պատճառների հետևանքով, քանի որ անցյալի փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի հակված են հանդուրժել չարը, քանի դեռ այն տանելի է, քան օգտվել կյանքի սովորական ձևերը վերացնելու իր իրավունքից: Բայց երբ չարաշահումների և բռնությունների այդ շարքը, որ անփոփոխ նույն նպատակն են հետապնդում, փորձում է ժողովրդին ենթարկել բացարձակ դեսպոտիզմի, ապա ժողովրդի իրավունքն ու պարտքն է` տապալել նման կառավարությունը և իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ ստեղծել: Գաղութները նույնպես երկար և համբերությամբ տարբեր ճնշումներ կրեցին, և միայն անհրաժեշտությունն է նրանց այժմ ստիպում փոխել նախկին պետական կարգի ձևերը»:

Ուրեմն, որևէ մեկն իրավունք ո՞ւնի արդյոք այսօր մեղադրել ամերիկյան առաջին քաղաքական գործիչներին, նույն Թոմաս Ջեֆերսոնին կամ Ջորջ Վաշինգտոնին, լեգենդար Փոլ Ռևիրին և Ուիլյամ Դաուեսին, նման «սեպարատիզմի» համար: Մի՞թե նույն անհրաժեշտությունը չի մղել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` փոխել նախկին պետական կարգի ձևերը: Մանավանդ որ,

ա) «Թագավորը հրաժարվեց հաստատել հանրային բարեկեցության համար ամենաանհրաժեշտ և օգտակար օրենքները»:

բ) «Նա փորձեց խոչընդոտել այդ նահանգների բնակեցմանը` խանգարելով այդ նպատակի համար գոյություն ունեցող օտարերկրացիների հպատակեցման օրենքների կիրառմանը` հրաժարվելով ներգաղթը խրախուսող նոր օրենքների հաստատումից»:

գ) «Նա բազմաթիվ նոր պաշտոններ բացեց և մեզ մոտ ուղարկեց անթիվ չինովնիկների ամբոխներ, որպեսզի ճնշի և սնանկացնի ժողովրդին»:

դ) «Նա մեզ մոտ խաղաղ պայմաններում մշտական բանակ էր պահում` առանց մեր օրենսդիր ժողովների համաձայնության»:

ե) «Այժմ նա օտարերկրացի վարձկանների ամբողջ բանակներ է ուղարկում, որպեսզի ավարտին հասցնի ոչնչացման, սնանկացման և բռնակալության գործը, որ սկսվել էր ավելի վաղ այնպիսի դաժանությամբ և ուխտադրժությամբ, որ հազիվ թե հայտնի լինեին անգամ ամենաբարբարոսական ժամանակներում,և որ բոլորովին վայել չեն քաղաքակիրթ ազգի ղեկավարին»:

զ) «Այդ բոլոր հալածանքների ընթացքում մենք հնազանդորեն խնդրել ենք վերականգնել մեր իրավունքները: Մեր կրկնվող խնդրագրերին միակ պատասխանը եղել են նոր անարդարությունները: Թագավորը, որին հատուկ են տիրանին բնորոշ բոլոր գծերը, չի կարող լինել ազատ ժողովրդի տիրակալ»:

Կարելի է էլի համապատասխան կետեր թվարկել Անկախության հռչակագրից, սակայն կարծում ենք, որ մեզ հետաքրքրող համանմանություններն ընդհանուր գծերով արդեն ուրվագծվել են: Եվ Անգլիայի` «անջատողական տրամադրութուններ ունեցող գաղութներին» հայտարարված պատերազմն էլ, Նահանգների մասին դեկրետի ընդունման շրջանում, իր հերթին, նույնպես համանմանություն էր: 1777-1778թթ. անգլիացիներն արդեն վերցրել էին Նյու Յորքը, Ֆիլադելֆիան և նույնիսկ բանակ էին ուղարկել Փենսիլվանիա...

Հռչակագրում սրա մասին էլ կա. «Ի հաստատումն սույն հռչակագրի, ամուր վստահությամբ, աստվածային նախախնամության հովանավորությամբ, մենք փոխադարձ երդում ենք տալիս զոհել մեր կյանքն ու ունեցվածքը և սրբորեն պահել մեր պատիվը»:

Ամերիկացիներն ուժեղ և համախմբված ժողովուրդ դուրս եկան և չնայած ծանրագույն ռազմական փորձություններին, կարողացան հավատարիմ մնալ տված երդմանը: 1782թ. Փարիզում կնքվեց նախնական խաղաղ դաշն, իսկ 1783թ. (Հռչակագրի 7-րդ տարում) Վերսալում ընդունվեց Միացյալ Նահանգների անկախությունը: Ուրեմն, ի՞նչ է բխում վերն ասվածից: Արդյո՞ք աշխարհում կան առանձին ժողովուրդներ, որոնց սկզբից ևեթ տրված են համապատասխան իրավունքներ (ձգտել անկախության, իսկ եթե անհրաժեշտ է, զենքը ձեռքին պաշտպանել այն), և ժողովուրդներ, որոնք զրկված են այդ իրավունքներից:

Կամ, գուցե, դրանից հետևում է, որ ամերիկացիները դեմոկրատ ժողովուրդ են (ընդ որում` այդ հասկացության լավագույն ըմբռնմամբ), իսկ հայերն, օրինակ, նացիոնալիստներ են (բնականաբար, վատագույն ընբռնմամբ): Ավելի հիմար հարց, համաձայնենք, դժվար թե մտածեինք: Սակայն այդ հարցն է հաճախ դառնում գլխավորը, քանի որ այդպիսին է երկակի ստանդարտների քաղաքականությունը:

Այնինչ, ոչ թե մեկ այլ տեղում, այլ հենց նույն Հռչակագրում կարդում ենք. «Մենք ինքնըստինքյան ակնհայտ ենք համարում ճշմարտությունները, որ բոլոր մարդիկ հավասար են ստեղծված և Արարչի կողմից օժտված են որոշակի անքակտելի իրավունքներով, որոնց թվում են կյանքի իրավունքը, ազատության և երջանիկ լինելու իրավունքը, որ այդ իրավունքների ապահովման համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնց արդարացի իշխանությունը հենվում է կառավարվողների համաձայնության վրա, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի փոխել կամ վերացնել կարգը և հաստատել նորը` հիմնված այնպիսի սկզբունքների վրա և կառավարման այնպիսի ձևերի կազմակերպմամբ, որոնք պետք է լավագույն ձևով ապահովեն ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը»:

Այնպես որ, դիվանագիտության մեջ սեպը սեպով են հանում: Դե, իսկ փաստերը` որքան ուզես:

***

Անցած տարվա վերջին Դակոտայի հնդկացիները հայտարարեցին, որ պատրաստ են պաշտպանել սեփական շահերը` ընդհուպ մինչև ԱՄՆ կազմից դուրս գալը և սեփական պետական կազմավորման հռչակումը: Այս իրադարձություններն, անշուշտ, պետք է ընկալել պաշտոնական Վաշինգտոնի կողմից խրախուսվող` պատմական Սերբիայի տարածքում երկրորդ ալբանական պետության ստեղծման ճանապարհով Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման սկզբունքի ֆոնին: Հատկանշական է, որ ամերիկյան հնդկացիների թվաքանակը` ավելի քան 2 մլն է` ավելին, քան, օրինակ, Կոսովոյի ալբանացիների թիվը: Առանձնահատուկ ցինիզմի «շնորհիվ» նոր ալբանական պետության ստեղծման նախագիծն օբյեկտիվորեն դատապարտված էր դառնալու հանուն իրենց իրավունքների ճնշված ժողովուրդների շարժումների կատալիզատորը, ինչպես նաև նոր ազդակ հաղորդելու լիակատար ճանաչման համար չճանաչված հանրապետությունների պայքարին:

Ավելի լայն իմաստով, մենք գործ ունենք միջազգային իրավաքաղաքական մտքի փակուղային իրավիճակի հետ, որը հետագայում խորանալու է: Անվերջ մանիպուլյացիաներ կատարելով հաճախ ընդհանրապես հակացուցված սկզբունքներով` գլոբալ քաղաքականության ինստիտուտներն իրենք են իրենց նետում անխուսափելի փակուղու մեջ: Ակնհայտ է, որ երկակի ստանդարտների օգտագործումը` որպես այս կամ այն քաղաքական հարցի լուծման մեխանիզմ, սկզբից ևեթ դատապարտված է այդ հիմնախնդիրներն ավելի խորացնելուն: Հատկապես կարևոր է ընդգծել, որ միջազգային քաղաքականության խոցելի օրգանիզմում իրավական մետաստազների բազմացումը որոշակի պահի կարող է դուրս գալ հսկողությունից: Այս առնչությամբ հիշեցնենք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բեռնսի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ «ցանկացած պայմանավորվածություն, որ ձեռք կբերվի Կոսովոյի վերաբերյալ, չի կարող դրվել այլ հակամարտությունների վրա և առավել ևս` նախադեպ ծառայել սառեցված հակամարտությունների լուծման և դեպի ավելի Արևելք տարածման համար»: Հազիվ թե դիվանագետը կարողանար ենթադրել, թե նման պայմանավորվածությունները կարող են տարածում ստանալ ոչ միայն Արևելքում, այլև Արևմուտքում, ընդ որում` ԱՄՆ տարածքում: Օրինակներն իսկապես վկայում են, որ շատ գործընթացներ այսօր աստիճանաբար անվերահսկելի են դառնում:

Մյուս կողմից` հնդկացիների ելույթները հերթական անգամ ցուցադրեցին ԱՄՆ` որպես համաշխարհային ժողովրդավարության պատվարի, կարգավիճակի թվացյալությունն ու վիրտուալությունը: Բուն բնակչության իրավունքների խտրականության միջոցով ստեղծված երկիրն այսօր էլ պահպանել է ռասիստական պետական կազմավորմանը բնորոշ գծերը: Հատկանշական է, որ միայն 1924թ. ամերիկյան Կոնգրեսը օրենք ընդունեց հնդկացիներին քաղաքացիություն տալու մասին: Այնինչ այդ օրենքը ընդհանուր ոչինչ չուներ ժողովրդավարության հաղթանակի հետ: Օրինակ, դրա երկրորդ պարագրաֆը նախատեսում էր, որ ԱՄՆ քաղաքացիություն ստանալով` յուրաքանչյուր հնդկացի պետք է պատրաստ լիներ գույքային իրավունքների սահմանափակման: Իրավաբանական կազուիստական լեզվից սովորականի վերածած` սա նշանակում է, որ հնդկացու սեփականությունը կարող էր առգրավվել դատարանի որոշմամբ, առանց նրա ցեղի ավագների խորհրդի հետ համաձայնեցնելու: Հասկանալի է, որ հնդկացիներն առանձնապես հիացած չէին Կոնգրեսի բարերարությունից. «Ինչպե՞ս կարելի է ինքնիշխան ազգ լինել` միաժամանակ օտար երկրի քաղաքացի մնալով, օտար կառավարության կողմից կառավարվելով»,- ընդվզել էր տուսկարորա ցեղի առաջնորդ Քլինթոն Ռիկարդը, որը հետո հիմնեց Ամերիկայի հնդկացիների պաշտպանության լիգան:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել նաև, որ հնդկացիների ներկա ելույթները թեև հասունացել են ԱՄՆ խտրականության արգանդում, սակայն արմատապես տարբերվում են նախորդներից: Մինչ այդ տարբեր ցեղային միությունների հնդկացիների պայքարը չէր նախատեսում դեռ 19-րդ դ. ստորագրված պայմանավորվածությունների խզում: Այն այլ դրսևորումներ ուներ, ինչպես, օրինակ, 1961թ. 210 հնդկացիական ցեղերի Չիկագոյի կոնֆերանսը, 1968թ. «Ամերիկյան հնդկացիների շարժում» առաջադիմական կազմակերպության ստեղծումը, 1969թ. Ալկատրասի դեպքերը, հնդկացիների բազմաթիվ ելույթները հողօգտագործման, որսի և ձկնորսության իրավունքի համար, բնիկ ամերիկացիների առաջնորդների բազում համագումարները (Դենվերում, Ալբուքերքում, Դեթրոյթում, Բիլինգսում), 1972թ. «խախտված պայմանագրերի արահետով» բողոքի երթ դեպի Վաշինգտոն, 1973թ. Վունդեդ Նիի հնդկացիների հերոսական դիմադրությունը, որը գլխավորում էին Ռ. Մինեն, Դ. Բանկեն և Լեոնարդ Փելթիերը:

Չնայած 1974թ. արդեն սկսեցին հնչել քաղաքական անկախության առաջին ելույթները, սակայն հենց վերջին իրադարձույթուններն են նշանավորում հնդկացիական ժողովուրդների պայքարի իրապես նոր մակարդակը: Ակնհայտ է, որ հայտարարությունների շեշտադրումը ներգրվում է Կոսովյան նախադեպի համատեքստում: Իհարկե, հիմքեր չկան ենթադրելու, թե սույն քաղաքական շարժումը կհասնի հռչակած նպատակին: Ամեն ինչից զատ, ի տարբերություն ԽՍՀՄ Սահմանադրության, որը ձևականորեն թույլատրում էր այս կամ այն միութենական սուբյեկտի դուրս գալը խորհրդային պետության կազմից, ամերիկյան Սահմանադրությունը ակնարկ անգամ չի թույլատրում նման զարգացման համար:

Հնդկացիների նոր շարժման հնարավոր արդյունքների թվում քիչ թե շատ իրական են թվում ամերիկյան կառավարությանը ցեղասպանության համար պատասխանատվության կանչելու հեռանկարները: Նման հեռանկար, իրոք, գոյություն ունի, և չի կարելի բացառել, որ շուտով մենք կդառնանք համապատասխան նախաձեռնության ականատեսը: Նման զարգացումը նույնպես ժամանակի համատեքստում է, երբ վերջին ժամանակներս ակտուալ դարձած` մարդկայնության դեմ գործված հանցագործությունների թեմատիկան լայնորեն քննարկվում է նաև ԱՄՆ օրենսդիր իշխանությունում: Այս առնչությամբ նշենք, որ այսօր ԱՄՆ հնդկացիների քաղաքական ինքնագիտակցության բնորոշ գիծը նրանց ելույթներն են միջազգային համաժողովներում, որոնցում ավելի մեծ ուշադրություն է դարձվում իրավական հարցերին` նպատակ ունենալով հասնել հնդկացիների հետ որոշ պայմանագրերի ճանաչմանը` որպես միջազգային-իրավական փաստաթղթեր, ԱՄՆ կառավարությանը ցեղասպանության մեղադրանք ներկայացնել միջազգային դատարանում:

Մասնավորապես, այդ նպատակով դեռ 1982թ. սեպտեմբերին կալիֆոռնիական Դևիս քաղաքում անցկացվեց Առաջին միջազգային հնդկացիական տրիբունալը (ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության տնտեսական հետևանքների մասին), որն ի մի էր բերել Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային Ամերիկաների 150 ցեղերի 450 հնդկացի պատվիրակների: Այդ համաժողովում հրապարակվեցին Ամերիկայի ռազմատենչ արտաքին քաղաքական փաստաթղթեր: Նշենք, որ անգամ առավել դեմոկրատականորեն տրամադրված ամերիկյան նախագահներից մեկը` Թ. Ջեֆերսոնը, 1803թ. հայտարարել է հետևյալը. «Մեր ուժը և հնդկացիների թուլությունն այժմ այնքան ակնհայտ են, որ նրանք պետք է հասկանան. նրանց կործանելու համար բավական է ձեռքով շրխկացնենք նրանց»: 19-րդ դ. սկզբին դաշնային կառավարությունը մի շարք խոշոր հնդկացիական պատերազմներ մղեց. 1812թ.` շաունի ցեղախմբի դեմ, որը գլխավորում էր Թեկումսեն, Օհայո նահանգում, 1815թ.` կրիկերի համադաշնության դեմ Ալաբամայում, 1816-1818թթ.` սեմինոլների դեմ Ֆլորիդայում: Այս ցեղերը չէին ցանկանում կամավոր պայմանագրեր կնքել:

Պաշտոնական Վաշինգտոնը հնդկացիներին հակազդելու հատուկ ավանդույթ ունի: Օրինակ, 1953թ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց թիվ 108 բանաձևը, որը հռչակում էր դաշնային խնամակալության դադարեցումը (տերմինացիա) ռեզերվացիաների հանդեպ: Այս օրենսդրությունը պետք է որ ավարտեր հնդկացիների ամերիկանացման ձգձգված գործընթացը և վերջ տար նրանց էթնիկական և մշակութային առանձնացվածությանը` խարխլելով այն հիմքը, որի վրա այն պահպանվում էր, այն է` հնդկացիների հողերի անձեռնմխելիությունը: Այսպես, զրկվելով դաշնային խնամակալությունից` տերմինացիայի ծրագրի անցկացման յոթ տարիների ընթացքում յոթ ցեղեր լրիվ զրկվեցին հողից: Այդ ժամանակ, հնարավոր հետևանքներից խուսափելու համար, նախագահ Քենեդին դադարեցրեց այդ քաղաքականությունը, իսկ 1970թ. հունիսին նախագահ Նիքսոնը հայտարարեց բռնի տերմինացիայից իշխող շրջանակների հրաժարվելու մասին: Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ ամերիկյան իշխանությունները որոշակի զիջումների կգնան սոցիալական և տնտեսական ոլորտներում: Հավանական է` մի քանի մոնոպոլիաների կհանձնարարվի նյութապես աջակցել հատուկ նախագծերին: Չէ՞ որ վերջին տասնամյակներին իրենց իրավունքների համար հնդկացիների պայքարը ձեռք է բերել հիմնականում հակամոնոպոլիստական բնույթ, և հիմքեր կան ենթադրելու, թե ԱՄՆ իշխանությունները կփորձեն սկսված զուտ քաղաքական շարժումը ներառել հակամենաշնորհային պայքարի ավանդական համատեքստում:

Հնդկացիները պաշտպանում են իրենց իրավունքները Ժայռոտ լեռների ածխահանքերի, սաղմոնով հարուստ հյուսիսարևմտյան գետերի և արևելքի ընդարձակ անտառների հանդեպ: Նրանց հակառակորդներն են խոշոր մոնոպոլիաները («Կոնտինենթըլ օյլ», «Էքսոն», «Շել» և այլն): 1842թ. սկսած` գործում է Հնդկացիների գործերի բյուրոն (ՀԳԲ), որը միջնորդ է դարձել պետության և հնդկացիական ռեզերվացիաների միջև, նրա օգնությամբ դաշնային կառավարությունը վերահսկողություն է իրականացնում, որովհետև բնիկ ժողովրդի ներկայացուցիչներն «իրավասու» չեն համարվում վարելու իրենց գործերը: Ամենայն հավանականությամբ, ՀԳԲ-ն ներկայում առաջարկություններ է մշակում, որոնցից հնդկացիական ցեղերի առաջնորդները «չեն հրաժարվի»: Համենայնդեպս, այդպես են կարծում ամերիկյան աստիճանավորները:

***

Ամերիկյան նախագահի ծաղրանկարային մուսան, որ այդքան անտաղանդ կերպով շառաչում է համաշխարհային նյարդային համակարգի լարերի վրա, գլոբալ քաղաքականության քնարական լիցքն է արտացոլում: Այդ մուսան իր մասին հայտարարում է ոչ միայն խուզած կանաչ սիզախոտի ամբիոնից, այլև հիմնականում պատերազմներով ու ռմբակոծություններով: Նրա խելացնոր քնարի հմայքը «չտեսնող» յուրաքանչյուր սուբյեկտ (այդ թվում` միջազգային իրավունքի սուբյեկտ) գրեթե դատապարտված է դառնալու կատաղի քերթողի էսթետիկայի թիրախը: Բայց աշխարհն իսկապես չի հասկանում նրա բուռն ստեղծագործության «պայթման ալիքը», քանի որ նրա առաջ բերած տատանումները` «բուշացնցումները», կազմում են հողազանգվածի նախաինֆարկտային սրտագիրը: Խեղճն արդեն բացահայտորեն զայրացնում է ոչ միայն պալատական Սենեկային, այլև ողջ երկերեսանի ամբոխին: Վերջինը, սակայն, լռում է:

Այլ է իրեն չծանրաբեռնած (շենծու հաճոյախոսությունների ծանրությամբ) այլախոհ հանրության պարագայում: Վերջինն ազատ ցուցադրում է իր դիրքորոշումը, և այդ ժամանակ ամերիկյան Ներոնի արտասահմանյան շրջագայություններն իսկապես վերծվում են «շրջուն-գայությունների»: Բայց բանը միայն ինքը չէ...

Քաղաքական աշխարհում էսթետիկական այնպիսի կատեգորիաներ, ինչպիսին են ազատությունը և արդարությունը, ամենից շատ են ենթարկվում երկակի ստանդարտների: Ավելին, եթե ուշադիր դիտենք, ապա երկակի ստանդարտների ենթարկվում են հենց այդ կատեգորիաները: Իհարկե, գաղափարը շատ գայթակղիչ է, հատկապես երբ որսացուն էլ քիչ չէ, սակայն ազգերի համար շատ ավելի օգտակար կլիներ, որ իրենք որոշեին իրենց կենսական շահը, ինչպես դա անում են յանկիները:

Երկու տարուց ավելի ԱՄՆ-ը և Եվրամիությունն իրականացրին դաժան տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն Պաղեստինի դեմ: Աշխարհը, որ իրեն համարում է արդի քաղաքակրթության պատվարը և ժողովրդավարություն արտահանելու մոնոպոլ իրավունքի է տնօրինում, հենց այդ կերպ արտահայտեց դիրքորոշումը մի ողջ ժողովրդի քաղաքական կողմնորոշմանը. վերջերս Պաղեստինի Ինքնավարությունում անցկացված ընտրություններն առավել ազատ ու արդար էին, սակայն դա բոլորովին էլ ձեռնտու չէր աշխարհիս հզորներին: Համաժողովրդական քվեարկության ճանապարհով «Համաս» կուսակցության իշխանության գալու փաստը նրանք անընդունելի համարեցին, և... թքա´ծ ունեին ԱՄՆ-ը և Եվրամիությունն այն բանի վրա, որ ընտրություններն իսկապես ազատ ու արդար էին: Տնտեսական շրջափակումը, որին ենթարկվեց պաղեստինցի ժողովուրդը, «քաղաքակիրթ պատասխաններից» մեկն է կամարտահայտման իրավունքին: Մեկ այլ դրսևորում կարելի է համարել Լիբանանի դեմ Իսրայելի նախաձեռնած պատերազմը:

ԱՄՆ և Եվրամիության բարոյալքման գործընթացը մեկնարկել է բավական վաղուց, բայց այսօր այն ձեռք է բերել անվերահսկելի ծավալներ ու հատկություններ: Համատեղ թքած ունենալը (առանձին վերցրած` Պաղեստինում) այդքան քարոզված «ազատ» և «արդար» ընտրությունների վրա ոչ այլ ինչ է, եթե ոչ երրորդ երկրների ինքնիշխանության ճնշման մեխանիզմ: Լինելով կարծեցյալ ժողովրդավարական արտադրանքի բաղկացուցիչ տարր` այն իր հերթին արտահանվում է դրա հետ միասին: Ընդ որում` ադապտացիան նոր տեղերում տեղի է ունենում անասելի հեշտությամբ, ինչը կրկին բացատրվում է ավանդական արժեքային դրույթների «լղոզվածությամբ». նույն հեշտությամբ աշխարհն այսօր բաժանվում է առաջավորների ու մերժվածների, դեմոկրատների ու ռադիկալների, սպիտակի և սևի: Աղանդավորները հաղթական շքահանդես են սկսել աշխարհով մեկ, միասեռականների ամուսնությունները լայնորեն տարածվում են առաջավոր Եվրոպայում և զավթում են իրավական դաշտը, «փչացածները» շքերթ են անցկացնում երեք կրոնների քաղաք Երուսաղեմում: Այս խառնակ ժամանակների հերոսը` «լղոզված» արժեքների համակարգում սնված մոլագարն է, որը սիրում է ժամանակ առ ժամանակ դպրոցներ ներխուժել և կրակ բացել երեխաների վրա: Հենց սա էլ արդի արևմտյան քաղաքակրթության հաղթանակն է:

Ստեղծված իրավիճակն, իհարկե, չի կարող բավարարել արևմտյան հասարակության որոշակի շերտերի պահանջմունքները. արժեքների նոր սանդղակի հարկադրված որոնման արդյունքում է, որ «առաջավոր աշխարհի» շատ ներկայացուցիչներ անցնում են իսլամի կամ բուդդայականության գիրկը. համենայնդեպս, ակնհայտ է, որ արդի աշխարհակարգի հակասական պայմաններում այդ կրոններն ավելի շատ են պահպանում էսթետիկական կատեգորիաների անսասանությունը. թույլատրելիի սահմաններն այստեղ բավական կոնկրետ են նշված, իսկ  հանցագործությունները դրանցով (այդ թվում և հանրային կարծիքի կողմից) դաժանորեն պատժվում են: Ըստ էության, սրանով է բացատրվում որոշ ժամանակներից ի վեր նորաձև դարձած (Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կառուցվածքում բարձրաստիճան հոգևորական-արվամոլների ի հայտ գալուց հետո)` «քաղաքակիրթ աշխարհի» առաջին հայացքից ինքնաբավ թվացող ներկայացուցիչների հակումը դեպի Տիբեթ կամ Փարաջայի նկատմամբ:

Նույն տիպի «լղոզված» կատեգորիա է ոչ թե «ազատ» և «արդար» ընտրությունների ինստիտուտը, այլ հենց մեխանիզմը: Լինելով իմպերիալիստական տեխնոլոգիաների արտադրանք` այն ժողովուրդների ինքնիշխան իրավունքի ճնշման միագամայն կայացած գործիք է, ուստի ենթակա է նույն երկակի ստանդարտներին: Պաղեստինի օրինակը դրա լավագույն վկայությունն է: Ժողովրդի ազատ կամարտահայտմանը «քաղաքակիրթ աշխարհի» «թքողական» վերաբերմունքի ուրիշ շատ օրինակներ էլ կան: Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունները, որոնց արդյունքը ոչ ոք չի վիճարկում, չէին կարող դրական գնահատականի արժանանալ ժողովրդավարության «ջատագովների» կողմից հենց քաղաքական նկատառումներով. պետության ղեկավար Ուգո Չավեսը չի ողջունում աղանդավորների հաղթական երթը, ամենևին մտադիր չէ արմատավորել միասեռ ամուսնությունները, Կարակասում այլասեռվածների շքերթի մասին խոսք անգամ լինել չի կարող...

Արևմտյան աշխարհը հակված է նույն հարթության մեջ դիտարկել Հիտլերի (որ իշխանության էր եկել ազատ և արդար ընտրությունների ճանապարհով) և Ստալինի (որի ընտրությունները ձևական բնույթ են կրել) կերպարները: Այսպիսով, այդ աշխարհն ինքը տարբերություն չի դնում ընտրական միջոցառումների և դրանց բացակայության միջև, եթե քաղաքական առումով արդյունքը միանման ձևով անընդունելի է: Եվ հակառակը, կարող է պաշտպանել ավտորիտարիզմի ցանկացած ձև, միայն թե այդ դիկտատուրան խամաճիկային վարչակարգ է: Ինչպես (օրինակ) բոլիվիականն էր, որ գնդակահարեց Չեին:

Այս առումով ուշագրավ է այն, որ նոր հայկական պետականության զարգացման ողջ ընթացքում նման հարցերն այդպես էլ չդարձան հասարակական-քաղաքական բանավեճերի առարկա: Երկրում գործող  բոլոր (առանց բացառության) կուսակցական կազմակերպությունների քաղաքական բառապաշարը յուրացրեց միայն մի սահմանում` «ազատ և արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը»: Ժողովրդավարական կերամանը, որը, համարձակվում ենք մտածել, սնում է հայկական միավորումների համապատասխան կողմնորոշումը, այլախոհություն և այլ` հատկապես ազգային ազատություններ թույլ չի տալիս` սահմանելով հեռանկարային խմբերի գաղափարաբանական շրջանակները: Հայրենական քաղաքական գործիչներն այսօր փորձում են ավելի շատ կաթոլիկ լինել, քան Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կառուցվածքում առկա հոգևորական-արվամոլները:

Յուրաքանչյուր առանձին վերցված պետության սոցիալական սպեկտրը փոխվում է ժամանակի մեջ. հասարակությունում գերիշխող արժեքների սանդղակն է որոշում փոխակերպումների փուլը: Քարոզվող արժեքների համապատասխան` բնակչության որոշակի մասը կարող է ղեկավարվել.

ա) այսրոպեական ձեռքբերումներով (ամբոխի ախտանիշ),

բ) կյանքի ընթացքում կուտակված նյութական բարիքներով («հացի և տեսարանի» ծարավ ժողովրդի ախտանիշ),

գ) դարերի միջակայքում կուտակված ազգային նվաճումներով:

Արևմտյան աշխարհը, որը, ինչպես կարծում ենք, «ազատ և արդար» ընտրությունների ինստիտուտն օգտագործում է որպես առանձին երկրների վրա ճնշում գործադրելու միջոց, ինչպես նաև որոշում է հեռանկարային ներքաղաքական ընդհարումների գաղափարաբանական շրջանակները, հակված է ամբոխը համարել ընտրազանգված, իսկ «հացի ու տեսարանի» (իմա` ռեստորանների ու կազինոների) ծարավ ժողովրդի ներկայացուցիչներին` այդ ընտրազանգվածի առաջադրած մարդիկ: Տեխնոլոգիան, համարձակվում ենք նկատել, ունիվերսալ է, քանի որ նշված կատեգորիաները կոսմոպոլիտական են ըստ էության և տեղ են գտնում գրեթե բոլոր հասարակական-քաղաքական ֆորմացիաներում և ցանկացած պետությունում: Ակնհայտ է, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը այսրոպեական և անձնական արժեքների ակնհայտ գերակայության մթնոլորտում կարող է աղետալի հետևանքներ ունենալ ազգային պետության համար: Այդ ընտրությունների հեռանկարային արդյունքը դպրոց ներխուժող, սերունդ սպանող մոլագարն է:

Այլ մոտեցում է ցուցաբերվում ազգային արժեքների կողմնակիցների նկատմամբ. նրանց չի թույլատրվում մտնել ներքաղաքական պայքարի ասպարեզ, քանի որ շատ սահմանափակումների կողմնակիցներ են, նշանակում է` ժողովրդավարության, այդ թվում` աղանդավորների հաղթական երթերի, միասեռական ամուսնությունների, Երևանում այլասեռվածների շքերթի հակառակորդներն են: Հայաստանի քաղաքական վերնախավն այսօր ամբողջությամբ ներգրավված է «ժողովրդավարություն կոչվող Մեծ խաչի» մեջ, դրա համար այդպես էլ չփորձեցին աջակցել հասարակական այն շերտի ամրացմանն ու բազմացմանը, որն ազգային արժեքների կողմնակիցն է: Թեև ազգային կողմնորոշման տրամաբանությունների գերակայության պայմաններում ազատ և արդար ընտրությունների անցկացումը կնախանշեր հեռանկարային զարգացման ավելի արժանավոր ճանապարհ:

Բարոյահոգեբանական խոր ճգնաժամում գտնվող Հին Եվրոպան կորցնում է հողը ոտքերի տակ և սահում է ամերիկյան մեծ սողանքի կամոք: ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական ծանրության ուժը ստիպում է նրան ցած գլորվել Եվրոպական քաղաքակրթության զառիթափն ի վար, մինչև երբեմնի հիմնարար սկզբունքների ստորոտը: Այսօր այն արդեն ի վիճակի չէ պաշտպանել պատմության մշակած սեփական արժեքային հիմքերը, որն ինտենսիվորեն խարխլվեցին վերջին բոլոր տասնամյակների ընթացքում: Թուրքիայի հետ հայտնի բանակցություններն ինդիկատոր դարձան, որն ավելի լավ ցույց տվեց Եվրոպական մշակույթի զարգացման ներկա փուլի փխրունությունն ու խոցելիությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտի մեկ հեռախոսազանգը թվաբանական պարզ զրոյի հավասարեցրեց վաղուց թևաթափ եղած եվրոպացիների սոցիոլոգիական հարցախույզների բոլոր արդյունքները:

Միջազգային քրոնիկան լի է նման օրինակներով, ուստի պետք չէ ավելի շատ դեմոկրատ թվալ, քան Ջեֆերսոնը կամ Վաշինգտոնը: Իրերի նման դասավորության պարագայում, մեծ վերապահությամբ կարելի է համարվել ազատ և արդար ընտրությունների կողմնակից: Հանգամանքներից կախված` դրանք կարող են ոչ միայն պետության զարգացման արժանավոր հեռանկարներ նշանակել, այլև կործանել և´ ազատությունը, և´ արդարությունը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am