Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Սեպտեմբեր 2008, N 6

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԿՏՈՆԻԿԱ ԿԱՄ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՍԱԼԵՐԻ ԴՐԵՅՖ

Արիս Ղազինյան, «Ազգային Գաղափար» ամսագրի գլխավոր խմբագիր

Տեխնոլոգիական հասարակության զարգացման գործընթացը  պայմանավորեց նոր ժամանակների եզրաբանությունը, որը մարդկային ուղեղի ծալքերում սկսած հաղթարշավով նվաճեց առաջադեմ ակտիվիստների ողջ սերնդի գիտակցությունը: Տերմինաբանական բառախաղի ավանդույթներով սնված սոցիալական շերտերն իրենք են ներկայանում որպես դասական էսթետիկայի հիմքերը սասանող մոդեռնացված մեխանիզմ. խորքային վերիմաստավորման են ենթարկվում ամենատարրական բարոյական արժեքները, ընդ որում` բացասական հակոտնյան հանդես է գալիս որպես պոզիտիվի կենսունակ այլընտրանք: Պարզունակ փիլիսոփայական վարժությունների միջոցով, որոնք կատարվում էին դեռևս հին ակադեմիական պուրակներում, չարը համոզիչ կերպով ներկայանում է բարի, եսասիրականը` այլասիրական, հերոսականը` անպատասխանատու: Խնդիրն այն է, որ արդի փուլում հին սոփեստական պարադոքսները ձևավորում են Մեծ քաղաքականության փիլիսոփայությունը: Թափանցիկ երկնաքերների թեթև գրասենյակներում խելացի և հուսալի տարրերը մշակում են Նոր ժամանակի հասկացությունները` այն անկեղծ մտադրությամբ, որ խոր ճգնաժամ ապրող երկրներին ցույց տան, թե զարգացման հատկապես որ տերմինաբանական փուլում են գտնվում նրանք, և հատկապես ինչ տերմինաբանական հեղափոխություն է անհրաժեշտ ճգնաժամը հաղթահարելու համար: Ապակե աշտարակների ինտելեկտուալ-տեխնոլոգիական ընդերքում էլ սաղմնավորվում են վարդագույն, նարնջագույն և զանազան այլ հեռանկարային նախագծերի պտուղները:

Տերմինների քաղաքական փոխակերպումը հստակ երևում է այնպիսի հասկացությունների արհեստական հակադրման հարթությունում, ինչպիսին են էվոլյուցիան (բնաշրջություն) և ռևոլյուցիան (հեղափոխություն): Միջազգային փորձագիտական հանրությունը սիրում է «ձևեր թափել» այդ կարծեցյալ հակադրության երևակայական առանցքի վրա` առանձնապես չխորանալով պատճառահետևանքնային կապերի պղտոր ջրապտույտում: Չնայած ակնհայտ է, որ գրեթե յուրաքանչյուր սոցիալ-հասարակական հեղափոխություն տվյալ հասարակության էվոլյուցիոն զարգացման հերթական շրջափուլի ավարտի փաստումն է, և ըստ էության պայմանավորված է դրանով, ապակե գրասենյակների ջատագովները, իսկական անագե զինվորիկների նման, միևնույն է, հակադրում են մեկը մյուսին և պատրաստ են կյանքը տալ հանուն վիրտուալ իրականության: Համաշխարհային պատմության մեջ առաջին հասարակական հեղափոխությունը` նեոլիթյանը, կապված քարե գործիքները պղնձե գործիքներով փոխարինելու հետ (ինչն, իմիջիայլոց, վճռական ներգործություն ունեցավ առաջին պետական միավորումների կազմավորման գործում), օբյեկտիվորեն չէր կարող տեղի ունենալ առանց նախորդ փուլերի զարգացման տրամաբանության: Կրակ ստանալու և այն պահպանելու տեխնոլոգիան, անիվի և գութանի հայտնագործումը, ինչպես  հետագա բոլոր հայտնագործությունները, որ հեղափոխական ազդեցություն գործեցին մարդկության պատմության ընթացքի վրա, թելադրված էին էվոլյուցիայի կողմից և ըստ այդմ` չեն կարող հակադրվել նրան: Այլ բան է, որ ներկայում գրվում է նախկին հիմքերը քանդելուն կոչված նոր աշխարհակարգի հավատամքը:

Մարդկային հասարակության զարգացման օրենքները զարգանում են ֆիզիկական օրենքների համակարգում` անկախ համաշխարհային քաղաքականության մագիստրոսների համապատասխան ցանկությունից: Հզորագույն սեյսմիկ ցնցումներն ու հրաբխային ժայթքումները, մինչև իրենց մասին բարձրաձայն հայտարարելը, իրենց հերթին, երկար «խմորվում» են երկրագնդի արգանդում: Ինչպես և հեղափոխական իրադարձությունները, դրանք նշանավորում են դանդաղ խորքային տեղաշարժերի հերթական փուլի ավարտը և մասնագետների կողմից ընկալվում են բացառապես երկրագնդի էվոլյուցիայի համատեքստում: Նույն օբյեկտիվ սկզբունքների համապատասխան էլ տեղի է ունենում ջրի պտույտը, որ պայմանավորում է մթնոլորտում սառցի կրիտիկական վիճակի գոյացումը և տեղումները: Այսպիսով, էվոլյուցիոն զարգացման հեղափոխական բոլոր դրսևորումները պատմականորեն անխուսափելի են, քանի որ հեղափոխությունը էվոլյուցիայի, այդ թվում` հասարակական-քաղաքական հակասությունների էվոլյուցիայի բարձրագույն, գագաթնային փուլն է: Այլ բան է, որ քաղաքակրթության զարգացման արդի մակարդակը թույլ է տալիս «կազմակերպել» երկրաշարժեր և անձրևներ «խթանել»: Ըստ էության` այս սխեման էլ գործում է արհեստական հեղափոխությունների մոդելավորման ժամանակ: Այս առումով հատկանշական է, որ եթե մինչ այդ ապակե գրասենյակների փորձագետները գլոբալ հաղորդակցային շրջանառության մեջ էին գցում հեղափոխությունների զուտ կործանարարության մասին տխրահռչակ վարկածը, ապա ավելի ուշ դրան գումարվեցին տերմինը հեղաշրջում հասկացությամբ փոխարինելու փորձերը, իսկ հիմա արդեն հեղափոխություն են անվանում սեփական գունավոր մշակումները` դրանք ներկայացնելով զուտ դրական ռակուրսով. առաջին երկու վեկտորները հստակ երևում էին Խորհրդային Միության փլուզման շրջանում:

***

Միխայիլ Գորբաչովի հռչակած Պերեստրոյկան`Վերակառուցումն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցրեց գլխավոր արդյունքին` գաղափարախոսական վերակառուցմանը, որը ենթադրում էր անսասան թվացող սոցիալ-տնտեսական հիմքերն ու պատմական իրադարձությունները ներկայացնել այլընտրանքնային լույսով: Նոր գաղափարաբանական քաղաքականության կրողները` խորհրդային մտավորականության այն ներկայացուցիչներն էին, որոնք ի սկզբանե արմատականորեն էին տրամադրված և միշտ գերադասում էին արևմտյան կողմնորոշումը և բուրժուական աշխարհայացքը: Քաղաքագիտության մեջ այս մարդիկ կոչվում են «Փոքր ժողովուրդ»:

Առաջինն այս հասկացությունն օգտագործել է Օգյուսթեն Կաշենը, որն ուսումնասիրել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Ավելի ուշ այդ տերմինը սկսեցին օգտագործել նաև այլ պատմաբաններ, և հետագա հետազոտությունների արդյունքում մշակվեց «Փոքր ժողովրդի» ընդհանուր բնութագիրը:

Խորհրդածելով արդի ռուսական պատմության մասին`Շաֆարևիչը նշում է, որ «Փոքր ժողովուրդը» միշտ գոյակցում է հասարակության հետ և հաճախ ազդում նրա հոգևոր կյանքի վրա: Իրենց արժեքային կողմնորոշիչներում այս շերտի ներկայացուցիչները մարդկանց բաժանում են «էլիտայի» և «բութ իներտ զանգվածի», ընդ որում` վերջինը «ի վիճակի չէ հասկանալ էլիտայի ընթացիկ պահանջները և գաղափարները»:

«Փոքր ժողովրդի» ներկայացուցիչները`

ա) արհամարհանքով մերժում են զանգվածների ավանդական արժեքները,

բ) արհամարհում են «Մեծ ժողովրդի» պատմությունը և նրա նվաճումները:

«Փոքր ժողովուրդը» հիմնականում ստեղծագործական առումով անկար է: Նա իր արժեքները գլխավորապես փոխառում է կողքից, այլ մշակույթից, որը համարում է առաջավոր ավանդական մշակույթի համեմատ: Միևնույն ժամանակ, այս շերտի ներկայացուցիչները սովորաբար ինտելեկտուալ առաջնորդության են հավակնում, ընդ որում` նրանց բարերար ազդեցությունն ինտելեկտուալ կյանքի վրա ընդունում են բոլորը: Բանավեճերի աշխուժացումը, քննարկումների հորիզոնի ընդլայնումը, օտար փորձի ներմուծումը` այս ամենը, իսկապես, արագացնում է ինտելեկտուալ արտադրանքի արտադրությունն այս կամ այն երկրում: Մյուս կողմից` առկա է օրակարգի փոփոխման, «Մեծ ժողովրդի» ինտելեկտուալ ուժերի` դեպի ոչ հրատապ հարցերը շեղվելու ռիսկ:

Հասարակական կյանքի վրա առանձնահատուկ ազդեցության շնորհիվ «Փոքր ժողովուրդը» ԱՄՆ-ում պետական ինստիտուտների հատուկ ուշադրության գոտի է հանդիսանում: Շատ հաճախ նրանց գաղափարները ստեղծագործաբար վերամշակվում են քաղաքական էլիտայի կողմից և ներդրվում կյանք: Սա շատ խելամիտ և լավ մտածված քաղաքականություն է, քանի որ նման վերամշակման դեպքում սովորաբար հանվում է հանրային հյուսվածքը քայքայող թունավորությունը, որ հատուկ է «Փոքր ժողովրդի» ներկայացուցիչներին:

ԱՄՆ պատմության մեջ կարելի է հանդիպել նաև «Փոքր ժողովրդի» արդյունավետ ճնշման օրինակների, որը տարբեր շրջաններում, տարբեր պատճառներով չափից ավելի մեծ ազդեցություն էր ձեռք բերել: Այդպիսին է, օրինակ, 1950-ական թթ. սկզբին Հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովի աշխատանքը (մաքքարթիզմ): Ամերիկյան վերլուծական գրասենյակներում ասում են, որ «միշտ պետք է իմանալ «Փոքր ժողովրդի» գոյության մասին և միշտ հիշել, որ այն պոտենցիալ «յուրային չէ»:

Սակայն իր արտաքին քաղաքական մշակումներում ԱՄՆ Պետքարտուղարությունը «հաշվարկը կատարում է» հենց «Փոքր ժողովրդի» ներկայացուցիչների վրա այս կամ այն պետությունում: Հենց այդ համակազմն է, համաշխարհային քաղաքականության ճարտարապետների տեսակետով, լավագույն հումքը շատ «փորձարարական երկրներում» «վերազգային արտադրանքի» պատրաստման համար:

«Փոքր ժողովրդն» ավելի ընկալունակ է դրսի հովերի հանդեպ և ծայրահեղ քննադատական հայացքներ ունենալով «ազգային կյանքի» վերաբերյալ` կարող է սասանել ավանդական հիմքերը: Այս ամենը շատ լավ ներառվում է քաոսի տեսության համատեքստում:

***

1990-ական թթ. վերջին EIR հանդեսում հրապարակված հատուկ հետազոտություններում պատմվում է Մեծ Բրիտանիայի Տնտեսական հարաբերությունների ինստիտուտում «ռուսական առաջին դեմոկրատական զորակոչի» ներկայացուցիչների անցած հատուկ պատրաստության մասին: Այդ հատուկ ուսումնահետազոտական հաստատությունը հիմնված է ամենագաղտնի և ամենաանթափանց օթյակներից մեկի` Մոնթ Փերելին ընկերության կողմից: Այդ ընկերության համագումարներն անցկացվում են երկու տարին մեկ, ընդ որում` հավաքույթների անցկացման տեղն ու ժամանակն ավանդաբար խիստ գաղտնի է պահվում:

1983-1985թթ. Մոնթ Փելերին ընկերության ՏՀԻ-ում հատուկ պատրաստություն են անցել Գայդարը, Չուբայսը, Պոտանինը, Շոխինը և «իշխանության այլ ապագա պրոֆեսիոնալները»: Ուշագրավ է նրանց ուսման ժամանակաշրջանը. դա Կոնստանտին Չեռնենկոյի և Յուրի Անդրոպովի օրոք էր: Հիմք կա՞ արդյոք համարելու, թե ապագա «բարեփոխիչները» արտասահման էին ուղևորվել` առանց ամենակարող Քաղբյուրոյի գիտության և ամենահաս ՊԱԿ-ի հովանավորության: Հազիվ թե...

Մոնթ Փելերին մասոնական օթյակը սկզբնավորման պահից սուբսիդավորվել է բրիտնական հետախուզության կողմից, գտնվել նրա հսկողության և հովանավորության ներքո: Այն շռայլորեն վարձատրել է Ռուսաստանում ԱՄՆ ազդեցության յուրաքանչյուր գործակալի: Լավ օրինակ է արտաքին գործերի նախկին նախարար Անդրեյ Կոզիրևը (հանվել է 1996թ.): ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում գտնվելու վեց տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չի պաշտպանել Ռուսաստանի ազգային շահերը: Ավելին, նա էր, որ եռանդուն հանդես էր գալիս այն բանի օգտին, որ հակազդեցություն չցուցաբերվի դեպի Արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը, ինչով էլ, ի դեպ, առաջ էր բերել անգամ գործընկերների` Անվտանգության խորհրդի (որի կազմում մտցվել էր 1993թ. Բորիս Ելցինի կողմից) անդամների տարակուսանքը: Եթե ամերիկացիները ժամանակին խորհրդային արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյին «Պարոն Ոչ» էին անվանում, ապա նրա անվանակից Կոզիրևին պատվում էին «Պարոն Այո» անվամբ:

Հատկանշական է, որ նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո Կոզիրևը մի ինչ-որ ժամանակ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսորների թվում հայտնվեց, ավելի ուշ` դարձավ ICN ամերիկյան դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի անդամ և իրեն նվիրեց դեղամիջոցների տարածմանն Արևելյան Եվրոպայի երկրներում: Դա լավ վարձատրվող անաշխատ պաշտոն էր` հատուկ Կոզիրևին երախտապարտ լինելու համար: Նման օրինակները, իրոք, շատ են:

Տպավորիչ է 1996թ. Անդրեյ Կոզիրևին փոխարինելու եկած Եվգենի Պրիմակովի ծառայացուցակը. Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, կուսակցական քարոզիչ, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, ՌԴ արտաքին գործերի նախարար, ՌԴ կառավարության նախագահ (1998թ.), Միջազգային հարաբերությունների խորհրդի և Եռակողմ հանձնաժողովի խորհրդատու, Մալթայի օրդենի անդամ, Հռոմի ակումբի անդամ: Պրիմակովի և Մոնթ Փելերին ընկերության միջև հաստատված կապերը վաղեմի և ամուր էին: 1989թ. Կատո ինստիտուտում (Մոնթ Փելերին ընկերության դուստր օթյակ) նրան նվիրեցին Ֆրեդերիկ Հայեկի (1899-1992թթ.)` Մոնթ Փելերին ընկերության հիմնադրի բրոնզե կիսանդրին: 1998թ. հունիսի 25-ին Եվգենի Մաքսիմովիչը ելույթ ունեցավ Լոնդոնում, հենց Տնտեսական հարաբերությունների ինստիտուտում, պատկառազդու մասոնների առջև: Այն նույն ինստիտուտում, որտեղ պատրաստություն են անցել Գայդարը, Չուբայսը, Ֆյոդորովը և այլք:

Այսպիսով, Ռուսաստանի անկախության հռչակման պահին արևմտյան դիվանագիտության զինանոցում արդեն «Փոքր ժողովրդի» համակազմ կար, որը կոչված էր կազմելու նոր քաղաքական էլիտան:

***

Ինչպես արդարացիորեն նկատում է հայտնի պատմաբան և քաղաքագետ Նատալյա Նարոչնիցկայան, «Միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգի փլուզումից և ուժերի հվասարակշռության խախտումից հետո, որն անգամ ուժեղագույն տերություններին և նրանց բլոկներին հարկադրեց ապավինել դասական միջազգային իրավունքին, իրավապաշտպան թիմատիկան շատ արագ վերածվեց անթաքույց քաղաքական ճնշման հզոր գործիքի միջազգային հարաբերություններում: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, ապա դրանցից մի քանիսը, որ մինչ այդ ընդհանրապես ազդեցիկ չէին, վերածվեցին ինքնահռչակ իրավարարի, որ քաղաքակրթվածության «հասունության վկայականներ» էին բաժանում: Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության տարածման պատրվակով տեղի են ունենում հումանիտար ինտերվենցիաներ, կանխարգելիչ հարվածներ են հասցվում ինքնիշխան երկրներին»:

Ռուսաստանը, որ դուրս գալով երկաթե վարագույրի հետևից, հռչակեց «համաշխարհային քաղաքակրթական հանրություն մտնելու» դոկտրինը, դրանով իսկ նպաստեց Արևմուտքի կողմից միակ «ցուցամատի» ինքնահռչակմանն այս բնագավառում:

«Արևմտյան արժեքների»` որպես «համամարդկային արժեքների» առջև անձնատուր լինելու մասին հայտարարությունն իրավունք տվեց Արևմուտքին մարդու իրավունքների ազատական մեկնությունը պարտադրել որպես միակ ունիվերսալ չափանիշ: Արդյունքը դարձան Եվրոպայի արտաքին քաղաքականության արտասովոր գաղափարականացումը և ԱՄՆ արտաքին քաղաքական գաղափարաբանության մեջ մեսիականության բուռն հորդումը, որն ուլտրալիբերալ ունիվերսալիստական հռետորությունը միավորում էր կալվինիստական «քավող ազգերի» կրոնական գաղափարի և «աստվածային նախասահմանման» դոկտրինի հետ, որոնք դեռևս Թեոդոր Ռուզվելտի կոպիտ իմպերիլիզմի ժամանակներում բացահայտորեն արդարացնում էին էքսպանսիան:

Ստիպված ենք նշել, որ Ռուսաստանի այն գաղափարաբանական էլիտան, որ «նոր մտածողությամբ» հափշտակված` ամբողջատիրության և անազատության հրաժեշտի դրոշի ներքո հանձնեց նաև Ռուսաստանի դիրքերը, մինչ օրս «անքաղաքակիրթ» է համարում անգամ թեթևակի ընդվզել արդեն ոչ միայն ռուսական մեծապետության, այլև ռուսական պատմական անձի (իր հոգևոր բնորոշիչներով) վերացման դեմ: Դիմադրությունը նրա համար նշանակում է վերադարձ «տոտալիտարիզմին», իսկ ազգային արժանապատվության, մշակույթի, պատմության ցանկացած պաշտպանություն «ռուսական ֆաշիզմ» է: Սակայն Ռուսաստանի հիմնախնդիրներն արտացոլում են միայն ընդհանուր միտումն աշխարհում:

Համաշխարհային գլոբալ գերհասարակության արևմտյան ներկա լիբերալ նախագիծը, բոլոր քաղաքակրթությունների համար, մարդու իրավունքների ռազմաշունչ-ազատական մեկնություն ունեցող միասնական կառավարմամբ, մարտահրավեր է նետում ոչ միայն Ռուսաստանին, այլև մարդկության բոլոր ավանդույթներին:

Ռուսաստանն այսօր դեռ շարունակում է վճարել անցյալի համար: Նարոչնիցկայայի խոսքերով` «Մենք վճարում ենք մանկամիտ խաղաղասիրական դոկտրինների համար, որոնցով լրիվ թմրեցվել էին 1980-ական թթ. վերջի – 90- ական թթ. սկզբի մեր քաղաքական և առավել ևս` գաղափարաբանական էլիտայի ուղեղները: Հենց այդ ժամանակ էլ բացեցին բոլոր դռները: Աշխարհաքաղաքական ռազմաստրատեգիական գլխավոր պարտությունը ՆԱՏՕ-ում բոլորովին էլ Լեհաստանի ու Չեխիայի ընդգրկումը չէր, այլ Մերձբալթիկայի´նը: Ահա նպատակը` Ռուսաստանից կտրել Բալթիկան, ինչն Արևմուտքը փայփայում էր դեռ այն ժամանակվանից, երբ Պետրոս Մեծը ձեռք բերեց այդ ելքը դեպի ծով: ՆԱՏՕ Մերձբալթիկայի մուտքից հետո ամենալուրջ բանը, որ մեզ իսկապես սպառնում է, արևմտյան «սիրահետումն» է Ուկրաինային: Այդ երկու դիրքերը Ռուսաստանը գերտերություն էին դարձնում` ամրապնդելով նրա ներկայությունը Սև ծովում և Բալթիկայում: Եվ այնտեղից էլ մեզ դուրս են մղում` քշելով դեպի Եվրասիայի հյուսիս-արևելք, աշխարհամասի խորքերը, որտեղ տարածությունը բնակավայրերի և հումքի ու արտադրանքի տեղափոխման ուղիների միջև տարածությունը չափվում է հազար կիլոմետրերով»:

Վերակառուցման շրջանում «լրիվ բթացած քաղաքական և առավել ևս` գաղափարական էլիտան» շատ շուտով առաջադրեց իրեն զանգվածների միակ մունետիկի դերում` ընդգծելով տրիբունի և խոսափողի իր մոնոպոլ իրավունքը:

Խորհրդային պետությունը քանդելուն նպատակաուղղված ժողովրդավարներն աչքի էին ընկնում ծայրահեղ անպատասխանատվությամբ և պատրաստակամությամբ` ներգրավվել Արևմուտքի կողմից հովանավորվող բազմաթիվ կազմակերպություններում: Նրանք փոխակերում էին այս կամ այն իրադարձության բնույթը և զանգվածներին ներկայացնում պատմական զարգացման խեղաթյուրված մոդելը. մասնավորապես, 1917թ. Սոցիալիստական հողափոխությունն անվանում էին հեղաշրջում, այն դեպքում, երբ  իշխանափոխությունը նման մասշտաբային իրադարձության, որն ամբողջովին քանդեց անհուսալիորեն նեխած Ռուսական կայսրության ավանդական կարգը, ամենևին էլ գլխավոր առանձնահատկությունը չէր:

Նույն կերպ էին ներկայացվում նաև խոհրդային պետության հետագա կյանքի կարևորագույն դրվագները. այդ խառնակ ժամանակներում հրապարակային ասֆալտներին գրվում էր գլխավորապես խեղաթյուրված և կանխակալ պատմություն, որը շատ շուտով տեղ գտավ նոր քաղաքական պարբերականների առաջին էջերում և բազմաթիվ հրատարակություններում: Հրապարակումները ոչ պակաս կանխակալ սոցիալիստական հրապարակախոսության տրաֆարետ լեզվով դաստիարակված լսարանի կողմից կլանվում էին նոր հայտնության նման: Այդ ուժերը գործում էին հոգեվարք ապրող պետության շատ տարածաշրջաններում:

***

Վերակառուցման շրջանում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ասպարեզ մտավ «Ղարաբաղ» կոմիտեն, որը հաջող կերպով որսաց զանգվածների գաղափարաբանությունը: Հարկ է նշել, որ այդ կազմակերպության անդամների մեծ մասը խիստ մակերեսային պատկերացում ուներ պաշտպանության ենթակա «առարկայի» մասին: Այնուամենայնիվ, կոմիտեի գործունեությունը պաշտպանում էին ինչպես ամերիկյան Սենատը (հայտնի են 1989թ. բանաձևերը), այդպես էլ ռուսաստանյան «դեմոկրատական» շարժման առաջնորդները` Անատոլի Սոբչակը, Գալինա Ստարովոյտովան և շատ ուրիշներ:

Խորհրդային պետության փլուզումը նպատակակետ դարձրած «դեմոկրատական ուժերն» իսկապես հանդես էին գալիս հօգուտ ԼՂԻՄ հայ ժողովրդի իրավունքների և պահանջների հարգման, քանի որ շահագրգռված էին խորհրդային երկրի միասնական օրգանիզմը քայքայող լարվածության օջախների գոյությամբ պահպանմամբ: իհարկե, երբեք չի կարելի բացառել նաև հիմնախնդրին այդ մարդկանց միանգամայն անկեղծ մոտեցման գործոնը, սակայն տվյալ պարագայում ավելի կարևոր է այն, որ ԱՄՆ Սենատի «հայամետ» բանաձևերը` մի կողմից, Ռուսաստանի դեմոկրատական շարժման առաջնորդների «հայամետ» դիրքորոշումները` մյուս կողմից, և «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` երրորդ կողմից, նույն շղթայի օղակներն էին:

Մասնավորապես, Սոբչակի պատրաստակամությունը` «հանձնել պատգամավորական մանդատը ԼՂԻՄ ներկայացուցչին», ավելի ճիշտ կլինի դիտարկել իրերի նման դասավորության համատեքստում: Հետաքրքիր է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ո´չ ամերիկյան Սենատը, ո´չ «դեմոկրատական Ռուսաստանի» առաջնորդները, ո´չ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անգամ հնարավոր չէին համարում Լեռնային Ղարաբաղի քաղաքական ինքնորոշումը:

Զարմանալի չէ. Անատոլի Սոբչակը մասոնական շատ օթյակների («Ռոտարի» մասոնական ակումբ, «Մագիստերիում» մասոնական օթյակ, «Մեծ Եվրոպա» մասոնական միավորում-օթյակ) անդամ էր: Նույնը կարելի է ասել նաև Գալինա Ստարովոյտովայի գործունեության մասին, ով դեռ 1970-ական թթ. զբաղվում էր այն տարածքներով, որոնք հետագայում վերածվում էին «լարվածության օջախների»:

1970-ական թթ. կեսերին ԱՄՆ-ը, չգիտես ինչու, սկսեց հետաքրքրվել ԽՍՀՄ այն տարածաշրջաններով, որտեղ շատ երկարակյացներ էին ապրում: Նախագիծն ինքը բավական հետաքրքիր մշակում էր, որ նպատակ ուներ անջատողական շարժումներ հրահրել և այդպիսով նպաստել խորհրդային պետության ինտերնացիոնալ հիմքերի խարխլմանը:

Առավել սևեռուն ուշադրություն էր նվիրվում Աբխազիային: Խորհրդա-ամերիկյան համատեղ արշավանք կազմակերպվեց, որի նպատակն էր ստուգել երկարակյացների մասին վրացական ղեկավարության տրամադրած տեղեկությունների հավաստիությունը (հենց այդ ժամանակ Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն շփման մեջ մտավ մասոնական կազմակերպությունների հետ, որոնք ավելի ուշ նրան դարձրին խորհրդային ԱԳՆ ղեկավար, իսկ այնուհետև առաջարկեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնը): Արշավի մասնակիցների թվում էր նաև Գալինա Ստարովոյտովան: Ենթադրվում էր, որ եթե Աբխազիայում երկարակյացների մասին տեղեկությունները հաստատվեն, ապա ամերիկացիներն Աբխազիայի զարգացման համար զգալի գումարներ կներդնեն, կկառուցեն առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ Արևմուտքի ունևոր մարդկանց այցելությունների համար:

Տեղեկությունների մի մասը, ինչպես պարզեց այս արշավը, իրականությանը չէր համապատասխանում: Սակայն Գալինա Ստարովոյտովան շարունակեց աշխատանքներն այդ ուղղությամբ և 1980թ. գլխավորեց ազգագրական արժշավը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ուր մնաց մոտ մեկ տարի: 1980-ական թթ. կեսերին նա աշխատում էր դոկտորական ատենախոսության վրա ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտում, որտեղ էլ ծանոթանում է երևանցի երիտասարդ ասպիրանտ Համբարձում Գալստյանի հետ, որը հետագայում դառնում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Հետքրքիր է, որ այն ժամանակ Ստարովոյտովան գրախոսում է նաև Ալեքսան Հակոբյանի թեկնածուական ատենախոսությունը, որը նույնպես դարձավ այդ կոմիտեի անդամ:

1987թ. աշնանը ԽՄԿԿ ԿԿ պահաջով հատուկ փորձագիտական խումբը վերլուծական մեծ գրություն պատրաստեց ԽՍՀՄ տարածքում բոլոր ազգամիջյան հակամարտությունների մասին: Գալինա Ստարովոյտովան փաստաթղթի հեղինակներից մեկն էր: Դրանում բավական հանգամանալիորեն վերլուծված էր իրավիճակը ԽՍՀՄ հնարավոր տասնինը «թեժ կետերի» մասին, և յուրաքանչյուր առանձին դեպքի համար տրված էր համապատասխան հանձնարարական: «Առաջին համարի» տակ Լեռնային Ղարաբաղն էր:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո Գալինա Ստարովոյտովան առաջադրվեց Հայաստանից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորի թեկնածու, թեև այդ պահին նման առաջարկություններ ուներ Թաթարստանից և Էստոնիայից:

***

Կարևորագույն թեզիսները, որ մշակվել էին ազգային գաղափարախոսների կողմից Հայաստանի անկախության հռչակումից շատ տասնամյակներ առաջ, լրիվ անտեսվեցին հանրապետության նոր իշխանությունների կողմից և պաշտոնապես «քաղաքական անաքրոնիզմ» գնահատվեցին: Այնինչ, հենց այդ աշխատություններում էին տրված թույլատրելիի սահմանները հեռանկարային հայկական պետականության համար` թշնամական շրջապատի հաշվառմամբ: Որոշ գաղափարախոսներ կանխատեսել էին գրեթե բոլոր հիմնախնդիրները, որոնց բախվեց անկախ Հայաստանը գոյության առաջին օրերից: Ավելին, կային նույնիսկ որոշակի «դեղատոմսեր», որոնք, սակայն, հանձնվեցին «պատմության արխիվ» իշխանության եկած «ինտելեկտուալների» կողմից: Հայաստանում իշխանության կարգված անձինք «միակ և համապարփակ համադարման» հռչակեցին ազատական բարեփոխումները` հեռանկարում ունենալով միասնական էթնոմշակութային ընդհանրությունը մի ինչ-որ կոսմոպոլիտ հումքի փոխակերպելը` հաջորդ վերազգային արտադրանքի պատրաստման համար:

Այս պատճառով էլ ազգային համախմբման հզորագույն գործոնները` երկրաշարժ, թշնամական շրջապատը, ռեսուրսների սղությունը, պատերազմը, շրջափակումը, փախստականները, պաշտոնապես մեկնաբանվեցին տրամագծորեն հակառակ ուղղությամբ և փաստորեն ներկայացվեցին որպես ազգային քայքայման մեխանիզմներ:

Լիբերալ ճակատի ակտիվիստները կոչված էին «որսալու» ընդվզած զանգվածների գաղափարախոսությունը, որոնք այս կամ այն խորհրդային տարածքի պատմական առանձնահատկություններից կախված` սկզբունքային տարբերություններ էին արձանագրում: Մասնավորապես, եթե վրացական դեմոկրատական թևը մեծ մասամբ նման էր մերձբալթյանին և պահանջում էր քաղաքական անկախություն, ապա հայկական շարժման սկզբնական փուլում նման կարգախոսներ առաջ չէին քաշվում, ավելին, հանրապետությունը տեսանելի հեռանկարում միութենական սուբյեկտ էր համարվում` նրա կազմում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման պայմանով:

Արհեստական հեղափոխությունների նախագծումը որոշակի զուգահեռներ է հայտնաբերում ուժեղ երկրաշարժերի հնարավոր կազմակերպման հետ. սեյսմիկ ցնցումները բնորոշ են երկրագնդի այսպես կոչված գեոսինկլինալ տեղամասերի համար, որոնց տեկտոնիկան ենթադրում է հարթավայրային-պլատֆորմային տարածաշրջանների համեմատ անհամադրելիորեն ավելի մեծ դինամիզմ: Ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը հին սալերի շրջաններում աննշան փոքր է (համապատասխանաբար` խիստ բարձր է երկրաշարժի իսկական բնույթի բացահայտման ռիսկի աստիճանը), ինչի հետևանքով էներգիայի արտանետումը պլանավորվում է ակտիվ տեկտոնիկ տարածաշրջանների համար: Նույն կերպ ուրվագծվում են արհեստական հեղափոխությունների իրականացման առումով առավել պիտանի, քաղաքականապես շատ ակտիվ տարածքները, ընդ որում` անկախ նման ակտիվության բնույթից (ներքին հակասություններ, քաղաքացիական պատերազմ, ազատագրական պայքար, «արտաքսման մեջ գտնվող ընդդիմադիր կենտրոնի» առկայություն ենթադրող դիկտատուրա և այլն):

Նոր իրականության մոդելավորման գործընթացը ենթադրում է զանգվածային ակտիվության բնույթի և բովանդակության արտաքնապես աննկատ փոխակերպում` ակտիվության ձևի պահպանմամբ: Հենց այդ կերպ Ղարաբաղյան շարժումը Խորհրդային Հայաստանում, իր արտաքին թաղանթը պահպանելով, փոխակերպվեց սկզբունքորեն այլ բովանդակությամբ: Նման անգույն (գաղտնիության և արտաքին քողարկվածության շնորհիվ) հեղափոխական վկայություններից մեկը բացառապես ազգային շարժման ալիքով իշխանության եկած նախագահի նահանջն էր մինչ այդ իր իսկ կողմից անխնա գործադրվող` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման գաղափարից:

Իշխող կուսակցության ներսում հետո արագ առաջ եկած պառակտումը, ինչպես և այդ հիման վրա նոր ընդդիմադիր քաղաքական կազմակերպության ձևավորումը որոշակի զուգահեռներ ունեն վարդագույն և նարնջագույն հեղափոխությունների հայտնի սյուժեների հետ: Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել նաև հայկական իշխանությունների բարձրագույն մարմիններում ամերիկյան քաղաքացիների, այլ խոսքերով` պաշտոնական Վաշինգտոնի շահերը ներկայացնող քաղաքական գործիչների հայտնվելու հանգամանքին:

Անկախության ձեռքբերման ժամանակաշրջանում հայկական հասարակական-քաղաքական մթնոլորտը հագեցած էր որոշակի մտադրություններով, այդ թվում` սեփական ուժերով ժողովրդավարական պետության ստեղծումը, պատմական և սոցիալական արդարության վերականգնումն ու ապահովումը, ճիշտ կադրային քաղաքականությունը, վստահելի և իրավահավասար կապերի կարգավորումը միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ, ազգային սփյուռքի հետ հարաբերություններում սկզբունքորեն նոր մակարդակ ապահովելը: Միևնույն ժամանակ, մերժվում էին խորհրդային լճացման տարիների տնտեսությանը բնորոշ դրսևորումները` կոռուպցիան իշխանության բոլոր օղակներում, հովանավորությունն ու խնամակալությունը կլանային կառույցների հանդեպ, բնակչության սոցիալական բևեռացումը և այլն: Նման վեկտորները միասին վերցրած կազմում էին այն գաղափարախոսական հումքը, որը հեռանկարային ակնկալիքների տեսակետից պետք է որակյալ «վերամշակման» ենթարկվեր և ներկայացվեր որպես ապագա հայոց պետականության արժանի ազդարարում:

Հռչակված նպատակներն, իհարկե, համակարգային մոտեցում և բանիմաց կադրեր էին պահանջում, որոնք ի վիճակի կլինեին առավելագույն չափով նպաստել քաղաքական և տնտեսական ֆորմացիայի փոփոխության ավելի լավ կշռադատված և կարգավորված գործընթացին, հատկապես ակտիվ պատերազմի պայմաններում: Սակայն հենց այդ շրջանում որքան բնական, նույնքան էլ հում մտադրությունները հայոց դեմագոգիայի հայրերը փոխարինեցին կեղծ կատեգորիաներով, որոնցից առավել մարգինալներն առնչվում էին սննդարդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը: Իշխանությունը ժառանգած «ինտելեկտուալները» պատկերացում չունեին տնտեսության բանիմաց կազմակերպման եղանակների ու ձևերի, անկախ պետության ղեկավարման մասին: Կարծեցյալ ժողովրդավարական վերափոխումների միջազգային կերամանից սնվելով` նրանք գիտեին միայն մասնավոր սեփականության, տնտեսական մրցակցության օգուտի մասին և հավատում էին ոչ միայն արտադրական և սոցիալական հարաբերությունները, այլև ազգային հարցերը կարգավորելու շուկայի հատկությանը: Այլ խոսքերով` վերջինների գիտելիքները սահմանափակվում էին վերակառուցման շրջանում բուրժուական տնտեսության մասին մոդայիկ ուսումնական ձեռնարկների մի քանի գլուխներով:

Արմատական ազատականության կամակատարները լինելով` հայկական իշխանությունները կա´մ չէին նկատում, կա´մ ավելի հաճախ պարզապես անտեսում էին բազմաթիվ գործոններ, և առաջին հերթին` ազգային և ժամանակային համատեքստը: Այս հանգամանքը պայմանավորեց այն, որ խորացող թշնամական ագրեսիայի իրադրությունում անցկացվեցին կորստաբեր ռեֆորմներ տեղերում կառավարման ապակենտրոնացման և հողի սեփականաշնորհման ուղղությամբ:

Նույն կերպ ապացուցվում էր պետության դերը նվազագույնի հասցնելու նպատակահարմարությունը ազատական շուկայի կայացման և տարերային զարգացման գործընթացում. այսպես կոչված «շոկային թերապիայի» մետաստազները անցումային շրջանի համադարման էին ներկայացվում: Արդյունքում` անասելի ծաղկում ապրեցին խորհրդային լճացման տնտեսության` ժամանակին մերժված դրսևորումները` կոռուպցիան իշխանության բոլոր օղակներում, հովանավորչությունն ու խնամակալությունը կլանային կառույցների հանդեպ, բնակչության սոցիալական բևեռացումը և այլն:

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական քսանամյա պայքարը, որն այդքան հմտորեն ու քողարկված ձևով որսացին «վարդագույն և նարնջագույն հեղափոխությունների» հայրերը, և որն ավելի ուշ խեղաթյուրվեց անճանաչելիության աստիճանի («Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»), ճիշտ ժամանակին համընկավ նախագահական ընտրությունների հետ: Ներկայում հասարակական-քաղաքական մթնոլորտը հանրապետությունում զարմանալիորեն տարբերվում է մեկնարկայինից. սեփական ուժերով ժողովրդավարական պետություն ստեղծելու, սոցիալական արդարություն ապահովելու, բանիմաց կադրային քաղաքականություն վարելու զանգվածային լավատեսությունը վաղուց արդեն գոյություն չունի: Նշանակո՞ւմ է արդյոք, որ «քսանամյա թնդության» գաղափարախոսական հումքը դատապարտված էր դառնալու «արտադրական թափոն», թե՞ այն դեռ շանս ուներ լինելու ծրագրայնորեն պահանջված նախագահական պաշտոնի թեկուզև մեկ թենկածուի կողմից:

Նոր հայկական պետականությունը, հանձինս հանրապետությունը ներկայացնող բարձրաստիճան անձանց և առաջին հերթին` երկրի նախագահի, շատ արագ հայտնվեց ամերիկյան քաղաքականության մերձավորարևելյան շահի պատանդի դերում: Ղարաբաղյան հիմնախնդրի` Պետդքարտուղարության մշակած ժողովրդավարական հասարակություն կառուցելու ավանդական մոդելի փոխակերպումն իրականացվեց գունավոր հեղափոխությունների նախագծման սկզբունքներին համապատասխան: Սրանով է բացատրվում նոր քաղաքական գործիչների կտրուկ հեռացումը մինչ այդ հռչակած թեզիսներից, ինչն էլ անշրջելի պառակտում էր պայմանավորում իշխող կուսակցության շարքերում: Հետհեղափոխական ժամանակին բնորոշ հակադրությունը նախկին համախոհների միջև այս կամ այն չափով երևում է Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան, Վիկտոր Յուշչենկո – Յուլյա Տիմոշենկո, Միխայիլ Սահակաշվիլի – Իրակլի Օքրուաշվիլի... ժամանակագրական առանքում:

***

Հայոց անկախ պետականության վերականգնման գործընթացն ուղեկցվել է որոշակի քաղաքական մշակումների օգտագործմամբ, որոնց մեծ մասն արտաքնապես չէր առանձնանում ազատագրական պայքարի ընդհանուր ֆոնին: Դրանք հանդես էին գալիս քողարկված ձևով և կլանվում էին ազգային դիմադրության մինչ այդ չեղած ալիքի կողմից: Հայոց պատմության այս հակասական և հուզառատ շրջանում ինքնորոշվող պետության հասարակական-քաղաքական ասպարեզում ի հայտ եկավ «հիմնախնդիրների լուծման մասնագետների» մի ողջ համաստեղություն, որի ներկայացուցիչներն առաջարկեցին և փաստորեն պարտադրեցին արևմտյան աշխարհի տեխնոլոգիական արգանդում հասունացած հեռանկարային զարգացման դեղատոմսեր:

Այս առումով կարելի է բերել նոր պետության պետական կյանքին ամերիկահայերի ակտիվ ներգրավման շատ օրինակներ. մասնավորապես, հատկանշական է, որ 1990-ական թթ. սկզբին, ամենևին էլ ոչ պատահականորեն, Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական էր նշանակվել Պետքարտուղարության շահերի ջատագով Ժիրայր Լիպարիտյանը, էներգետիկ գերատեսչության ղեկավար` Սեպուհ Թաշճյանը, տնտեսական վերափոխումների հսկիչ` Հայաստանում Համաշխարհային բանկի առաջին ներկայացուցիչ Վահրամ Ներսիսյանցը:

ԱՄՆ արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչության ներսում և շուրջը հայկական ծագմամբ մասնագետների բավական հզոր համակազմի առկայությունն օբյեկտիվորեն նպաստում էր վերջիններիս ներգրավմանը Ղարաբաղյան հիմնախնդրի փոխակերպման գործընթացում, ինչպես նաև արդեն տարածաշրջանային մասշտաբի այլ իրադարձություններում: Այդ ժամանակվանից սկսած, հայ ժողովրդի` սկզբում ազգային-ազատագրական շարժումը սկսեց կոորդինացվել ավելի հետևողականորեն և աննկատ փոխակերպվեց «լիբերալ-դեմոկրատականի»: Գործընթացն ընթանում էր էվոլյուցիոն հունով, առանց տեսանելի ցնցումների և առավել ևս` առանց իշխանափոխության:

Ինչպես վերը նշեցինք, հայկական իշխանության ձևավորման առանձնահատկությունը դարձավ գործընթացի քողարկվարծությունը անձանցով, ովքեր հայկական ծագում ունեին և կոչված էին իբր նպաստելու պատմական հայրենիքի կայացման և զարգացման գործին: Իրականում մի փոքր այլ է. Հայաստանում աշխատող մարդիկ, փաստորեն, գործուղված էին Պետքարտուղարության կողմից, և միայն լավագույն դեպքում նրանք իրենց պետության օրինապահ քաղաքացիներն էին, որ կատարում էին իրենց «քաղաքացիական պարտքը»:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am