Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Սեպտեմբեր 2008, N 6

ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱԹԱՓՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

Արտակ Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու

Հայերիս պատմական հայրենիքի կենտրոնական հատվածներից մեկը` Մեծ Հայքի Վասպուրական, Սյունիք և Այրարատ աշխարհների նշանավոր խաչմերուկ Նախիջևանը, թուրք-բոլշևիկյան խարդավանքով 1921թ. բռնակցվեց Ադրբեջանին: Եվ խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված քաղաքական նպաստավոր պայմաններում էլ այդ երկրամասում իրականացվեց թուրք-ադրբեջանցիների դարավոր երազանքը` շուրջ յոթ տասնյակ հայ բնակավայրերի հայաթափումը:

Ինչպես հայտնի է, 1604-1605թթ. շահաբասյան հայտնի բռնագաղթից հետո Նախիջևանը մեծ մասամբ կորցրել էր հայ բնակչությանը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի կազմում Ռուսաստանին միանալուց և Երևանի նահանգի գավառներից մեկը դառնալուց հետո կրկին սկսել էր հայաշատ դառնալ:

1918թ. իրադարձությունների նախօրյակին Նախիջևանի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին ¥այնտեղ տեղափոխվել էր ոչ միայն Թուրքմենչայի պայմանագրով Իրանի Խոյ և Սալմաստ գավառների հայության զգալի մասը, այլև Մեծ եղեռնից փրկված բազմաթիվ գաղթականներ¤: Նրանց մեծ մասը, սակայն, գաղթեց հայրենի երկրամասից 1918-20թթ. ծավալված իրադարձությունների ընթացքում:

Ադրբեջանում Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ տարիներից նորելուկ այս հանրապետության իշխանությունները տեղահանված հայերին արգելեցին վերադառնալ հայրենի օջախները. 1922թ. հունիսի 24-ին Ադրբեջանի Ժողկոմխորհի նախագահ Գազանֆար Մուսաբեկովը Հայաստանի կառավարությանը հայտնեց, որ «Ադրբեջանի Կենտգործկոմի որոշմամբ` հայ բնակչության զանգվածային վերաբնակությունը Ադրբեջանի սահմաններում, այդ թվում` Նախիջևանում, արգելվում է»: Չնայած հայ տարագիրների` Երևանին, Բաքվին և Մոսկվային ուղղած բազմաթիվ բողոքներին ու խնդրանքներին, Նախիջևանի Կենտգործկոմի 1926թ. ապրիլի 26-ի և Ադրբեջանի Կենտգործկոմի նույն թվականի մայիսի 29-ի որոշումներով այդ հարցը փակվեց` պատճառաբանվելով, որ «Նախիջևանի ԻԽՍՀ գյուղացիությունը ապահովված չէ անհրաժեշտ քանակության հողով` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար և հողի խիստ կարիք ունի» ու «ցանկացած գաղթականների վերաբնակեցումը Նախիջևանի ԻԽՍՀ-ում տեղի գյուղացիությանը կդնի ծայրահեղ ծանր դրության մեջ», ուստի «առաջարկվում է Նախիջևանի ԻԽՍՀ հողժողկոմատին` հողաբաժիններ տալ միայն այն անձանց, ովքեր հանրապետություն են տեղափոխվել մինչև 1925թ. ապրիլի 1-ը»:

Եվ հայերից դատարկված Կզնուտը, Շահկերտը ¥Ղազանչի¤, Այլապատը, Աստապատը, Աբրակունիսը և այլ խոշոր բնակավայրեր սկսեցին բնակեցվել Զանգեզուրից, Վայոց ձորից, Ադրբեջանի շրջաններից տեղափոխված և տեղացի ադրբեջանցիներով:

1927թ. Նախիջևան եկավ ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Ռիկովը` իր հետ բերելով Նախիջևանի հայերից ստացված բազմաթիվ դիմումներ: Նրա կարգադրությամբ ձերբակալվեցին, նույնիսկ գնդակահարվեցին ինքնավար հանրապետության մի շարք ղեկավարներ, և հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց բնակավայրերը: 1930-ական թթ. կեսերին հայության թիվը նույնիսկ սկսեց աճել և մոտենալ բնակչության ընդհանուր թվի 25 տոկոսին, գործում էին 30 գյուղական և 4 քաղաքային հայկական դպրոցներ, Նախիջևանի մանկավարժական և բժշկական ուսումնարանների հայկական բաժանմունքները, հայկական թատրոնը, և հայ կյանքը շոշափելիորեն սկսեց բնականոն հունի մեջ ընկնել:

Սակայն այս փոփոխություններն Ադրբեջանին դուր գալ չէր կարող, և 1930-ականների վերջերից, օգտվելով ստալինյան ծավալվող բռնությունների ընձեռած հնարավորություններից, սկսեց գործել պետական մակարդակով կազմակերպված հայաթափման մի նոր, առավել անկասելի ծրագիր: Նախ փակվեցին հիշյալ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների հայկական բաժանմունքները, հայկական թատրոնը, ազգությամբ ադրբեջանցիներով փոխարինեցին ինքնավար հանրապետության հայազգի մի շարք ղեկավարների: Այդ և հետագա տարիներին անթաքույց հալածանքների զոհ դարձան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Հազարապետ Գրիգորյանը, փոխվարչապետ Մնացական Մինասյանը, Շահբուզի շրջկոմի առաջին քարտուղար Մամիկոն Հովակիմյանը, կուսակցական-պետական գործիչներ Հովհաննես Գրիգորյանը, Նորիկ Գրիգորյանը և շատ ուրիշներ:

Իշխանությունները կանխամտածված խոչընդոտում էին անգամ Հայաստանի հետ մշակութային կապերը, չէին բաժանորդագրում Հայաստանում լույս տեսնող պարբերականները: Իսկ հետագայում, հատկապես 1960-ականներից սկսած, շրջկոմները հայաբնակ գյուղերի վրա դնում էին գյուղատնտեսական առաջադրանքների մեծ մասը, աշխատանքից ազատում ժողովրդի մեջ հեղինակություն վայելող ղեկավարների: Օրինակ, Գյոմուր և Առինջ գյուղերի կոլտնտեսությունների նախագահներին աշխատանքից ազատելուց հետո դեպի Հայաստան «կամավոր» բռնագաղթի ճանապարհը բռնեցին ոչ միայն հիշյալ գյուղերի հուսալքված բնակիչները, այլև Բաբոնք ¥Կարաբաբա¤, Օծոփ ¥Բադամլու¤, Նորս գյուղերի, Շահապոնք ¥Շահբուզ¤ շրջկենտրոնի հայերը: Իսկ նրանց գնալուց ընդամենը մի քանի օր անց ադրբեջանցիներն անարգել տիրացան տիրազուրկ տներին ու այգիներին: Այնուհետև սկսվեց Երնջակի ¥Ջուլֆայի շրջան¤ հայկական գյուղերի` Շոռոթի, Փորադաշտի, Գյաղի գաղթը: Իսկ դեռևս 1950-ականներին Սպիտակ եղեռնի առաջին ալիքը տեղահանել էր Աստապատ, Երնջակ, Լենինաբադ գյուղերի հայությանը, Նախիջևան և Ջուլֆա քաղաքների հայ բնակչության զգալի մասին:

Կատարվածի մեջ, անշուշտ, մեղքի իրենց բաժինն ունեին Խորհրդային Հայաստանի իշխանությունները, քանի որ իր գլխին եկած այդ մեծ ողբերգության տասնամյակներում նախիջևանահայությունը բոլորովին միայնակ էր: Հայաստանի կառավարությունը չէր փորձում սատարել, օժանդակել իր տարածքի կենտրոնում գտնվող ամենամերձավոր այս «ներքին սփյուռքին» անգամ մանկավարժական, բժշկական, մշակույթի բնագավառների կադրերով երկրամասն ապահովելու, տեղացի երիտասարդներին արտամրցութային կարգով բուհեր ընդունելու և հետագայում իրենց ծննդավայրերն ուղարկելու հարցերում: Ավելին, սփյուռքահայերին գրավելու «ծաղկուն և հյուրընկալ հայրենիքի» գովքերով ու գունազարդ կոչերով ավելի շատ խարխլել է բնիկ հայկական Նախիջևանի, Արցախի, Ուտիքի և Ջավախքի հիմքերը: Եզակի բացառություններից մեկն էր, թերևս, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի կարգադրությամբ ամենախոշոր հայկական գյուղը` Ազնաբերդը Երևանին կապող մշտական ավտոբուսային երթուղու ստեղծումը, որը մեծապես նպաստեց բնակավայրի գոյատևմանը:

Եվ այսպես, պետական քաղաքականության բազմաթիվ գործոնների ազդեցության տակ հայության թիվը կրկին սկսեց նվազել` 1960թ. կազմելով մոտ 10 տոկոս, իսկ 1988թ. հայտնի իրադարձությունների նախօրյակին` ընդամենը 1,5 տոկոս, որի մոտ 1 տոկոսն ապրում էր միակ զուտ հայաբնակ Ազնաբերդ գյուղում, 0,5 տոկոսը` պատմական Գողթն գավառի տարածքի հայ գյուղերում ¥Ցղնա, Փառակա, Բիստ, Վերին Ազա, Դեր, Ռամիս, Տանակերտ, Ալահի, Մեսրոպավան¤, ինչպես նաև Նախիջևան, Ջուլֆա, Շահապոնք քաղաքներում:

Հայության վերջնական տեղահանությունն իրագործվեց 1988թ. նոյեմբերի 22-ին: Նախիջևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հակահայ հանրահավաքին մասնակցող մոլեռանդների գազազած ամբոխը, նախ ջարդելով մարզկոմի դռներն ու լուսամուտները, ապա այրելով խորհրդային բանակի երկու հրասայլ, ցրվեց քաղաքով մեկ` հաշվեհարդար տեսնելու հայերի հետ: Գիշերվա ժամը 12-ին հայտարարվեց արտակարգ դրություն, երբ քաղաքից արդեն գաղթել էին վերջին 122 հայ ընտանիքները:

Համանման իրադարձությունների հետևանքով նույն բախտին արժանացան նաև մնացած փոքրաթիվ հայ բնակավայրերը… Կատաղած թուրք ամբոխին հակահարված տվեց միայն Ազնաբերդը. մինչև «խաղաղարար» խորհրդային զորքի ժամանումը զոհվեց 3 և վիրավորվեց 7 ադրբեջանցի ելուզակ: Սակայն Հայաստանից սպասվող կազմակերպված օգնության բացակայությունը, խորհրդային բանակի բացահայտ ադրբեջանամետ կեցվածքը, Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը հուսալքեցին ազնաբերդցիներին, և նրանք, ի վերջո, ստիպված եղան հեռանալու հայրենի վայրերից…

Նախիջևանի հայությունը գաղթի օրերին տվել է 10 զոհ, բռնագաղթածները հիմնականում վերաբնակվել են Վայքի, Եղեգնաձորի, Արարատի, Արտաշատի, Մասիսի շրջաններում և Երևանում:

… Իսկ այսօր մեր հայրենիքի ողբերգականորեն հայազրկված նախիջևանյան հատվածում շարունակում է իրագործվել ճերմակ և կարմիր եղեռններին չզիջող մշակութային ցեղասպանությունը` հայկական հուշարձանների ոչնչացումը, որը սկիզբ է առել դեռևս խորհրդային իշխանության «արշալույսին»…

Համամարդկային մշակույթի և մարդկության դեմ գործված այդ ահավոր հանցագործությունների մեղքը ադրբեջանցի «մտավորականները» սիրում էին բարդել Արցախյան շարժման վրա` մոռանալով, որ 1988թ. մեր ազգային զարթոնքից դեռ շատ առաջ միայն Նախիջևանի տարածքում ոչնչացվել են հարյուրից ավելի հուշարձաններ և հուշարձանախմբեր ¥համանման բազմաթիվ փաստեր կան նաև հայկական գերյալ մյուս շրջաններում¤: Հենց Նախիջևան քաղաքում, 1975թ. շինարարության պատրվակով ավերվել է 7-րդ դարի նշանավոր Սբ. Երրորդություն եկեղեցին, 1971թ., համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերի համար հուշարձան կառուցելու «ամենահարմար» տեղը քաղաքի հայկական գերեզմանատունը համարելով, նրա մեծ մասը թաղվեց հողի, ավազի և շինարարական աղբի հսկայական կույտերի տակ, տապանաքարերի մի մասով էլ շարվեցին հանրապետական հիվանդանոցի պատերը: 1987թ. հոկտեմբերին, դարձյալ շինարարության պատրվակով, ամբողջովին ավերվեց և հողին հավասարվեց Ագուլիսի գլխավոր գերեզմանատունըª շուրջ 400 տապանաքարերով, որոնցից 100-ը` արժեքավոր արձանագրություններով:

1986թ. Օծոփի Սբ. Աստվածածին վանքի սյուներից լինգերով գազանաբար հանվել էին հսկայական քարեր` աննման հուշարձանի կյանքը տասնյակ անգամներ կրճատելու նպատակով: Գողթնի Ցղնա գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին վեր էր ածվել… թունաքիմիկատների և պարարտանյութերի պահեստի, իսկ Ագուլիսի հռչակավոր տաճարները ծառայում էին որպես… անասնագոմեր: Հին Ջուղայի հռչակավոր խաչքարերի «անտառից» պարբերաբար կտրատվում, տեղահանվում և որպես կենցաղային շինանյութ էին օգտագործվում հայ խաչքարագործության ժանեկահյուս գլուխգործոցները… Իսկ Նախիջևանի այսպես կոչված պատմության պետական թանգարանի մուտքի մոտ ցուցադրաբար տեղադրվածª Ջուղայի գերեզմանատնից գողացված-բերված խոյաձև մի տապանաքարի կռնակից կրկին ցուցադրաբար քերված հայերեն արձանագրությունը խորհրդանշում էր այն հակահայ քաղաքականությունը, որ վարում էր Ադրբեջանը տասնամյակներ շարունակ… Ահա բազում-բազում հրեշավոր փաստերից ընդամենը մի քանիսը …

… Այսօրվա պայմաններում աներևակայելի է Նախիջևանի պատմության լուռ վկաներին բաժին հասած դաժան ճակատագիրը, երբ ընդամենը մի քանի տարի առաջ վայրագորեն հողին հավասարեցվեցին Ջուղայի հռչակավոր գերեզմանատան հազարավոր ժանեկահյուս խաչքարերը, հիմնահատակ պայթեցվեցին Աբրակունիսի, Ցղնայի, Շոռոթի, Ագուլիսի հոյակերտ տաճարները:

Եվ սակայն հայոց Նախիջևանի հինավուրց հողում դեռևս պատսպարվող մեր քարեղեն նվիրական հիշատակների բեկորները շունչ ու ոգի առած սպասում են իրենց բնօրրանի նոր արշալույսին…

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am