Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Պատմություն

Պատմություն
Սեպտեմբեր 2008, N 6

ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ (1918թ. դեկտեմբեր-1920թ. մայիս)

Կարինե Ալեքսանյան, պատմաբան, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս

1918թ. մայիսին պատմական դժվարին և ծանր պայմաններում Հայաստանի անկախության հռչակումը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Սկսվեց հայոց նորագույն պատմության պետականության շրջանը: Պետականության կայացման գործընթացում մեր ժողովրդի համար գերխնդիր մնաց իշխանության մարմինների ձևավորման հարցը: Այն այսօր էլ իր ամբողջ ծանրությամբ կանգնած է հայ ժողովրդի առաջ՝ դառնալով լուրջ մարտահրավեր ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին:

Թեև 1918թ. Հայաստանը հռչակվել էր խորհրդարանական հանրապետություն, սակայն գոյության սկզբում Հայաստանի խորհուրդը (պառլամենտը) ձևավորվել էր ոչ թե ընտրությունների միջոցով, այլ կազմավորվել Ազգային խորհրդի հիմքի վրա` կուսակցական համամասնության սկզբունքով: Հետևաբար, հանրապետության առանձին շրջաններ, առավել ևս Ալեքսանդրապոլի գավառը, որը միայն 1918թ. դեկտեմբերին էր ազատագրվել թուրքական օկուպացիայից, չունեին իրենց ներկայացուցիչները խորհրդարանում: 1918թ. դեկտեմբերին, թուրքերի հեռանալուց հետո Ալեքսանդրապոլում դեռ շարունակում էին գործել նրանց կողմից կյանքի կոչված տեղական ինքնակառավարման մարմինները` Քաղաքային խորհուրդն ու Քաղաքային վարչությունը: Այս հանգամանքն առանձնահատուկ բնույթ էր հաղորդում Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգին: Կենտրոնական և տեղական իշխանության մարմինները, լուրջ տարաձայնություններ ունենալով իրավասության սահմանների վերաբերյալ, հազվադեպ էին հանդես գալիս ընդհանուր և միասնական շահերով:

Այս հանգամանքն արդեն զգացվում էր 1918թ. դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի ժամանակ: Այն աղետալի կացություն էր ստեղծել հենց Ալեքսանդրապոլի գավառում: Բնակչությունից խլվում էին թուրքերից մի կերպ թաքցրած ալյուրի վերջին պաշարները, մարտնչող բանակ էին զորակոչվում թուրքական բռնություններից խույս տված երիտասարդները (սա, անշուշտ, կենսական անհրաժեշտություն էր, սակայն բնակչության որոշ շերտեր հակված չէին համարժեքորեն ընկալել իրականությունը, հատկապես պատերազմի պատրվակով` առանձին գործիչների կողմից իրականացվող թալանի ‎ֆոնի վրա - խմբ.):

1918թ. դեկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի Քաղաքային ինքնավարությունը` ՀՀ նախագահ նախարարին ներկայացնելով հայ-վրացական պատերազմի հետևանքով Ալեքսանդրապոլի գավառի սովամահ բնակչության վիճակը, տեղեկացնում է այն մասին, որ Քաղաքային դումայի արտակարգ նիստը որոշել է դիմել կառավարությանը` խնդրելով համարել ժամանակավրեպ և ծայրահեղ անցանկալի հայ-վրացական պատերազմը և փորձել հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Կոչ է արվում նաև դադարեցնել Ալեքսանդրապոլում պատասխանատու պետական պաշտոնյաների կողմից հացի վերջին պաշարների բռնազավթումը և բնակչության մոբիլիզացիան: Հայաստանի կառավարությունը, բնականաբար, պատասխանում է, որ պատերազմը պառլամենտի և ոչ թե տեղական իշխանությունների իրավասությունն է: Ընդ որում` թե′ Հայաստանի խորհուրդը և թե′ Ալեքսանդրապոլի Քաղաքային խորհուրդը մեղադրում էին միմյանց ժողովրդի կողմից ընտրված չլինելու և բնակչության վստահությունը չվայելելու մեջ:

Արձաքանքելով ՀՀ կառավարության հունվարի 4-ի այն պատասխանին, ըստ որի` պատերազմ վարելը բացառապես պառլամենտի իրավասության խնդիր է` Ալեքսանդրապոլի քաղաքագլուխը ՀՀ կառավարությանն ուղղված իր գրության մեջ նշում է, որ գործող պառլամենտը չի կարող լինել ժողովրդի կամքի իրական արտահայտիչը, քանի որ այն ընտրվել է Ազգային խորհրդի կողմից, այլ ոչ թե դեմոկրատական ընտրությունների արդյունքում: Հետևաբար, նշվում է գրության մեջ, Ալեքսանդրապոլ քաղաքը և գավառը, չունենալով իրենց ներկայացուցիչը պառլամենտում, իրավասու է, ի դեմս ներկայացուցչական միակ մարմնի` տեղական ինքնակառավարմանը, արտահայտելու իր կարծիքն այնպիսի էական հարցի շուրջ, ինչպիսին պատերազմն է: Նշելով, որ Քաղաքային դումայի կարծիքը, որպես հասարակական կարծիքի արտահայտություն, լսվել է անգամ միապետական կարգերի ժամանակ, և հետևաբար պետք է լսվի` առավելևս դեմոկրատական կարգերի օրոք` նամակում պահանջվել է Ալեքսանդրապոլի բնակչությանը հնարավորություն տալ ունենալ իր ներկայացուցիչը: Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունն իր հերթին գտնում էր, որ Ալեքսանդրապոլի տեղական իշխանության մարմիններն ընտրությունների միջոցով չէ որ ձևավորվել են, ուստի պետք է վերակազմավորվեն հենց ընտրությունների արդյունքում:

Այսպիսով, 1918թ. վերջերին Հայաստանում առաջնահերթ խնդիր է դառնում թուրքական զինակալումից ազատված տարածքներում իշխանության մարմինների ձևավորումը և տեղական ու կենտրոնական իշխանությունների իրավասության սահմանների որոշումը: Դեռևս 1918թ. նոյեմբերի 28-ին ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կողմից Ալեքսանդրապոլի գավառային կոմիսար էր նշանակվել Արամ Նոհրատյանը, իսկ նրա օգնական` Թալալյանցը: Նշանակվել էին նաև գավառամասային կոմիսարներ: Հունվարի 25-ից Ալեքսանդրապոլում Հայաստանի ներկայացուցչությունը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ փետրվարի 1-ից` վերացվել: Ավելի ուշ` 1919թ. մայիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արդեն կազմավորվեցին տեղական իշխանության մարմինները:

Բնականաբար, Ալեքսանդրապոլում ընտրությունների կազմակերպման գործում առանձնակի ակտիվություն էր ցուցաբերում հենց իշխող` դաշնակցական կուսակցությունը: Դեռևս 1919թ. փետրվարի 25-ին Ալեքսանդրապոլի ՀՀԴ (ՀՅԴ) տեղական կոմիտեն դիմել էր Քաղաքային վարչությանը` առաջարկելով արագացնել Քաղաքային դումայի ընտրությունները: Դաշնակցությունը գտնում էր, որ Քաղաքային դուման և վարչությունն ընտրության միջոցով չեն ձևավորվել և այնտեղ ներկայացված չեն քաղաքական մյուս կուսակցությունները, հետևաբար Վվարչությունն իրավունք չունի միայնակ կազմակերպել ընտրության գործը: Առաջարկվում էր Քաղաքային վարչությանը կից կազմել ընտրական միջկուսակցական հանձնաժողով, որն էլ կղեկավարեր ընտրական գործընթացը: Քաղաքային վարչությունը, որն, առաջնորդվելով 1917թ. ապրիլի 15-ի քաղաքային ընտրությունների վերաբերյալ Անդրկովկասյան կառավարության ժամանակավոր օրենքով, 1919թ. փետրվարի 26-ին արդեն սկսել էր ցուցակագրել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին, պատասխանում է, որ համաձայն վերը նշված օրենքի` ընտրական ցուցակների կազմելու իրավունքը պատկանում է Քաղաքային վարչությանը, որն էլ արդեն ձեռնարկել է այդ գործը:

1919թ. փետրվարի 26-ին Ալեքսանդրապոլի քաղաքացիներին ուղղված հայտարարության մեջ Քաղաքային վարչությունը հրավիրում է առանց սեռի, ազգի և դավանանքի խտրության 20 տարին լրացած Ալեքսանդրապոլի բոլոր քաղաքացիներին ցուցակագրվել` ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակները կազմելուց հետո վարչությունը մեկ այլ հայտարարությամբ առաջարկում է քաղաքացիներին ստուգել կազմած ցուցակները և ներկայացնել բողոքները, ընդ որում` հիշյալ ժամանակամիջոցում դրանք չներկայացնողները զրկվում էին ընտրության իրավունքից: Ցուցակագրությունն ավարտելուն պես Քաղաքային վարչությունը տեղեկացնում է այդ մասին նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությանը` առաջարկելով նկատառումներ հայտնել նաև նկատված թերությունների վերաբերյալ: Վերջինս ներկայացնում է չցուցակագրվածների ցանկը և խնդրում լրացուցիչ ցուցակագրութուն կատարել:

Ընտրությունները նշանակվում են 1919թ. մայիսի 4-ին: Նրանց մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները ապրիլի 29-ից սկսած համապատասխան տեղամասերից ստանում են իրենց քարտերը, տոմսերն ու ծրարները: Ալեքսանդրապոլ քաղաքում ստեղծվում են ընտրական 10 շրջաններ:

Ընտրություններին մասնակցում էին երեք հիմնական քաղաքական ուժեր՝ դաշնակցականները, սոցիալ-դեմոկրատները, ժողովրդականները:

Հայոց պետականության պատմության մեջ լինելով առաջինը` այս ընտրությունները շատ կարևոր դեր խաղացին մեր ժողովրդի քաղաքական հասունացման գործում: Մասնավորապես, քաղաքական կյանքում հաստատվեցին այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք էին ընտրություններին դաշինքով մասնակցելը: Այսպես, սոցիալիստական կուսակցությունները հանդես եկան ընդհանուր ցուցակով: Դեռևս 1919թ. մարտի 25-ի ՌՍԴԲԿ Ալեքսանդրապոլի կազմակերպության ընդհանուր ժողովը, քննելով Ալեքսանդրապոլի միջկուսակցական բյուրոյի առաջարկը` հանդես գալ միասնական բլոկով, պատասխանում է, որ դա կլինի միայն այն դեպքում, երբ սոցիալիստական ուղղության բոլոր կուսակցություններն ընդունեն ՙԽորհուրդների իշխանությունը՚: 1919թ. ապրիլի 14-ին Ալեքսանդրապոլի սոցիալիստական բլոկի կոմիտեն խնդրում է Երևանի ՌՍԴԲԿ կոմիտեից ներկայացուցիչ ուղարկել` նախընտրական պայքար մղելու համար: Սոցիալիստական միության կողմից առաջարկված թեկնածուները՝ թվով 52 հոգի, ներկայացված էին առաջին ցուցակով: Սրանցից 13-ը սոցիալիստ-հեղափոխականներ էին, 13-ը՝ անկախ սոցիալիստներ: Ցուցակը գլխավորում էր քաղաքագլուխ Լևոն Սարգսյանը: Երկրորդ ցուցակով հանդես էին գալիս դաշնակցականները, որոնք ունեին 60 թեկնածու, իսկ երրորդ ցուցակով` ժողովրդականները: Նշված թեկնածուները Ալեքսանդրապոլի քաղաքագլխին ուղղված դիմումով պետք է տային իրենց գրավոր համաձայնությունը այս կամ այն ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ:

 Հատկանշական է, որ առաջին անգամ ընտրություններում` հատկապես դաշնակցության և ժողովրդականների ցուցակներում, առաջադրված էին կանայք:

Ընտրություններին մասնակցում էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ հողագործներ, ուսուցիչներ, արհեստավորներ, իրավաբաններ, տնտեսագետներ, բժիշկներ, պետական պաշտոնյաներ և այլք:

Ընտրությունների արդյունքում Դաշնակցությանը հաջողվեց տեղական ինքնակառավարման մարմիններում ստանալ բացարձակ մեծամասնություն: Ընդհանուր վիճակը պատկերացնելու համար բավական է նշել առանձին վերցրած մի տեղամասի արդյունքները: Այսպես՝ 1-ին տեղամասում սոցիալիստները ստացել էին 19 ձայն, դաշնակցականները՝ 339, ժողովրդականներն` ընդամենը 39:

Ինչպես մեր օրերում, ընտրությունների արդյունքները լուրջ դժգոհություններ առաջացրին բնակչության տարբեր շերտերում: Երևանի Շրջանային դատարանին ուղղված դիմումում մի խումբ քաղաքացիներ Ալեքսանդրապոլի Քաղաքային դումայի մայիսի 4-ի ընտրությունները համարեցին կեղծ և հանդես եկան նոր ընտրություններ անցկացնելու առաջարկով: Նրանք դաշնակցականներին մեղադրում էին քաղաքացիներին խաբելու, ինչպես նաև բռնություններ իրականացնելու մեջ: 1919թ. մայիսի 24-ին ՆԳՆ-ին ուղղված դիմումում ընտրություններն անարդար է համարել նաև Ալեքսանդրապոլի քաղաքագլուխը: Նույն օրը ՀՀ Նախարարների խորհրդին ուղղված գրությունում նա նշում է, որ չնայած Շրջանային դատարան տրված բազմաթիվ բողոքների առկայությանը, նախարարներ Յաղջյանը և Մանասյանը նորընտիր վարչությանն առաջարկել են աշխատանքի անցնել: «Հարգելով քաղաքացիների բողոքարկելու իրավունքը և բարձր գնահատելով կարգուկանոնը հանրապետությունում,- ասվում է գրությունում,- ես չեմ կարող իրականացնել նախարարների պահանջը»:

Թեև արդարադատության նախարարին նույնպես ուղղված էին բազմաթիվ բողոքներ, ընտրություններն, այնուամենայնիվ, համարվեցին կայացած: 1919թ. հունիսի 1-ին Երևանի Շրջանային դատարանը Պիգուրենկոյի նախագահությամբ լսեց Ալեքսանդրապոլի բնակիչների (Սմբատ Բաստրամջյան Բագրատ Կորկոտյան, Ալ. Կորկոտյան և ուրիշներ) բողոքները և եկավ այն եզրակացության, որ նրանք հիմնավորված չէին:

Մայիսի 4-ի Քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքում վերակազմավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները: 1919թ. հունիսի 4-ին Ալեքսանդրապոլի խորհուրդը գաղտնի քվեարկությամբ խորհրդի նախագահ ընտրեց Հովակիմ Բուդաղյանին, խորհրդի քարտուղար՝ Մկրտիչ Սիմոնյանին: Հունիսի 6-ին խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ընտրեց նաև վարչության երկու անդամների` Պարույր Գյոնջյանին (22 ձայն կողմ և 1 դեմ), որն, ի դեպ, օրենքի համաձայն ճանաչվեց քաղաքագլխի պաշտոնակատար, և Ալեքսանդր Մարգարյանին (22 կողմ, 2 դեմ): Հունիսի 6-ին խորհուրդը միաձայն որոշեց հետաձգել քաղաքագլխի ընտրությունները ու ևս մեկով ավելացնել վարչության անդամների թիվը: Ավելի ուշ՝ 1919թ. հոկտեմբերի 3-ին, վարչության երրորդ անդամ է ընտրվում Մուշեղ Աբիյանը: 1920թ. ապրիլի 3-ի նիստում Քաղաքային խորհուրդը որոշում է հետագայում ունենալ վարչության նաև չորրորդ անդամին:

Հունիսի 10-ին Քաղաքային խորհուրդը ստեղծում է հանձնաժողովներ և որոշում նրանց կազմն ու քանակը: Մասնավորապես, ստեղծվում են պարենավորման, ֆինանսաբյուջետային, բժշկասանիտարական, միլիցիայի, պառլամենտական քաղաքային ընտրությունների, Ժողովրդական տան հանձնաժողովներ: Ավելի ուշ` սեպտեմբերի 23-ին, Քաղաքային խորհրդի կողմից քաղաքագլուխ է ընտրվում բժիշկ Հայկ Մելքոնյանը:

Այսպիսով, 1919թ. մայիսի 4-ին անցկացված տեղական իշխանության մարմինների ընտրությունների արդյունքում իշխանությունն անցնում է դաշնակացական կուսակցությանը` ապահովելով վերջինիս հաղթանակը նաև 1919թ. հունիսին կայացած պառլամենտական ընտրություններում: Դաշնակցականները պառլամենտի ընտրություններում ևս Ալեքսանդրապոլում բացարձակ մեծամասնություն են ապահովում: Այստեղ ՀՀԴ-ն ստանում է 3884 ձայն, Ժողովրդական կուսակցությունը` 35, սոցիալիստ-հեղափոխականները` 130 ձայն:

Թեև դաշնակցականները կարողանում են բացարձակ մեծամասնություն ապահովել նախ 1919թ. մայիսի 4-ի Ալեքսանդրապոլի Քաղաքային դումայի, ապա` հունիսի 21-23-ի Հայաստանի պառլամենտի ընտրություններում (թե′ տեղական, թե′ կենտրոնական իշխանությունները կազմավորվում են հենց դաշնակցականներից), այնուամենայնիվ, պայքարը իրավասության սահմանների համար չի թուլանում, այլ շարունակվում է Առաջին հանրապետության գոյության ողջ ընթացքում:

1919թ. հոկտեմբերին ՀՀ Հանրային կրթության նախարարությանն ուղղված գրության մեջ Ալեքսանդրապոլի քաղաքագլուխը, ի պատասխան Հայաստանի կառավարության` ժողովրդական համալսարան բացելու առաջարկին, գրում է, որ Քաղաքային ինքնավարության կարծիքով` համալսարանի ուղղակի վերահսկողությունը պետք է լինի քաղաքային իշխանության ձեռքում, քանի որ այն իրենից ներկայացնում է ավելի դեմոկրատական հիմնարկություն: 1920թ. հունիսի 5-ին Հայաստանի կառավարության ընդունած օրենքով` նախարարությունների որոշ իրավասություններ փոխանցվում են գավառային ինքնավարություններին:

Տեղական իշխանության մարմինները ստիպված էին ճշտել նաև իրենց իրավասության սահմանները ՀՀԴ կուսակցության հետ: Վերջինս 1919թ. հունիսի պառլամենտական ընտրություններում ապահովելով խորհրդարանական մեծամասնություն` միաժամանակ փորձում էր հաստատել կուսակցական դիկտատուրա` իրեն ենթարկելով թե′ օրենսդիր մարմինը, թե′ կառավարությունը: Այն հասարակական կազմակերպությունների և կուսակցական տեղական կոմիտեների միջոցով փորձում էր ստիպել կառավարությանը գործել հեղափոխական մեթոդներով, սակայն ակնհայտ էր նաև իշխանության երկվությունը, որն առավել զգալի էր գավառներում: Ինչպես գրում է Կ. Սասունին, «Խատիսյանի կառավարության մեջ կային Բյուրոյի քանի մը անդամներ, բայց անդին կար Բյուրոն՝ որպես առանձին գերագույն մարմին, որու հեղինակությունն անպայման ավելի բարձր էր, քան կառավարության հեղինակությունը: Երկիշխանության կերպարանքը միշտ կնշմարվեր: Այդ երկվությունն ավելի ցայտուն կդրսևորվեր գավառին մեջ, ուր շատ անգամ պետական գործիչը կջլատվեր կենտրոնական կոմիտեի մը բռնած մեկ տարբեր ընթացքին պատճառով»:

1919թ. սեպտեմբերին տեղի ունեցած ՀՀԴ 9-րդ համագումարը որոշում է ստեղծել անկուսակցական միություններ, որոնց ուղղություն տվողը պետք է լիներ հենց դաշնակցական կուսակցությունը: Փաստորեն, ընտրությունների արդյունքում` ստանալով բացարձակ մեծամասնություն, նա փորձում է ընդդիմություն դառնալ սեփական կառավարությանը: Բայց քանի որ կուսակցությունն իր սոցիալական ծրագրերով առանձնապես չէր տարբերվում մյուս սոցիալիստական, այդ թվում նաև բոլշևիկյան կուսակցությունից, ստեղծված միությունները հնարավորություն էին տալիս վերջիններիս քարոզել իրենց գաղափարները: Ստեղծված անկուսակցական միությունները, հեղինակազրկելով իշխանության մարմիններին, շատ շուտով դուրս եկան նաև ՀՀԴ հսկողությունից: Մասնավորապես, Ալեքսանդրապոլի գավառում, որտեղ բնակչությունը գտնվում էր առավել ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, այդ միություններն ընկան հատկապես բոլշևիկների ազդեցության տակ` նպաստելով բոլշևիկյան շարժման աշխուժացմանը, թեպետ մինչև 1919թ. երկրորդ կեսը բոլշևիկներն Ալեքսանդրապոլի քաղաքական կյանքում էական դեր չէին կատարում: Արդյունքում` բոլշևիկներն այստեղ սկսում են ակտիվ աշխատանք տանել բոլոր կազմակերպություններում, ընդ որում` պրոպագանդայից զերծ չի մնում նաև դպրոցը: Հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը 1920թ. ապրիլի 26-ի՝ միջնակարգ դպրոցներին ուղղված շրջաբերականում նշում է, որ դպրոցում աշխատող ուսուցիչների մեծ մասը «հակապետական» զրույցներ են անցկացնում աշակերտների հետ:

Բոլշևիկները հատկապես մեծ ազդեցություն էին ձեռք բերել արհեստակցական միությունների մեջ, որոնց գործունեությունը, համաձայն իրենց կանոնադրության առաջին կետի, գերազանցապես տնտեսական բնույթ ուներ: Իրենց նպատակներին հասնելու համար արհեստակցական միությունները դիմում էին տարբեր քայլերի ու միջոցների: Նրանք կառավարությանը ներկայացնում էին աշխատողների աշխատավարձին ու աշխատանքային պայմաններին վերաբերող առաջարկություններ ու պայմաններ: 1919թ. վերջերից արհմիությունները սկսում են արդեն գործադուլային պայքարը:                 

Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը թափանցում է նաև գյուղացիության մեջ: Բոլշևիկներին հաջողվում է իրենց ազդեցության տակ գցել Շիրակի գյուղացիական միությանը:

Այսպիսով, մինչև 1920թ. սկիզբը բոլշևիկներն իրենց ազդեցության տակ են վերցնում ստեղծված անկուսակցական միությունները: Մինչդեռ կառավարությունը, հաշվի չառնելով այս հանգամանքը, որոշում է կազմակերպել մայիսմեկյան տոնակատարություններ՝ ՀՀԴ դրոշի տակ: Ստեղծված պայմաններում մայիսմեկյան տոնակատարությունը վերածվում է հակակառավարական միջոցառման:

Մայիս¬յան ցույցերը, կապելով Դաշնակցության թուլության հետ և այն համարելով դրսի ուժերի կազմակերպած գործը, մայիսի 4-ին պառլամենտի դաշնակցական խմբակցության արտակարգ նիստը որոշում է անմիջապես արձակուրդ ուղարկել պառլամենտը և հայտարարել կուսակցության դիկտատուրա: Մայիսի 5-ին կազմվում է նոր կառավարություն՝ Համո Օհանջանյանի գլխավորությամբ, բացառապես կուսակցության բյուրոյի անդամներից: Նոր կառավարությունն անմիջապես անցնում է կտրուկ միջոցների: Հայտարարվում է բոլոր դաշնակցականների մոբիլիզացիա: Պառլամենտական ‎ֆրակցիայի ‎անդամների մեծամասնությունը երկու կամ երեք հոգանոց խմբերով գործուղվում է գավառներ` արտակարգ լիազորություններով: Նույն գիշերն իսկ կազմվում է երկու արտակարգ հանձնաժողով, որոնցից առաջինը պետք է մեկներ Ալեքսանդրապոլ, իսկ երկրորդը՝ Կարս, դարձյալ ռազմական և քաղաքական բացարձակ լիազորություններով: Ալեքսանդրապոլի հանձնախմբի նախագահն էր Կարո Սասունին, անդամները` Հովակիմ Բուդաղյանը և Արսեն Շահմազյանը: Ըստ կառավարության այդ որոշման` հանձնաժողովի նախագահները, ելնելով իրավիճակից, իրենք իրենց կարող էին հայտարարել նահանգապետեր:

Մայիսմեկյան ցույցերից ցնցված Դաշնակցությունը երկրում հաստատում է կուսակցական դիկտատուրա` Հայաստանի քաղաքական համակարգում ամրագրելով 1919թ. ընտրությունների արդյունքները:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am