Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Սեպտեմբեր 2008, N 6

ՈՉԽԱՐԸ ԵՎ ԳԱՅԼԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

Այն ժամանակվանից ի վեր, երբ պետության ղեկավար դարձա, ես խորհրդակցել եմ միայն ինքս ինձ հետ, և դա ինձ միանգամայն ձեռնտու էր. ես սխալներ սկսեցի գործել այն ժամանակ, երբ սկսեցի լսել, թե ինչ էին ասում խորհրդականներս:

Ժողովուրդը սեփական դատողությունն ունի, քանի դեռ մոլորության մեջ չի ընկել ամբոխավարների կողմից: Ցանկացած կուսակցական խառնաժողով կազմված է հիմարներից և սրիկաներից: Քաղաքականության մեջ բթությունը թերություն չի համարվում:

Շատախոսների մեկ տասնյակն ավելի մեծ աղմուկ է անում, քան տասը հազարը, որ լռում են. սրանում է հաջողության հասնելու նրանց միջոցը, ովքեր հաչում են ամբիոնից: Երբ ժողովուրդները դադարում են դժգոհել, նրանք դադարում են մտածել:

Նապոլեոն

Ոչխարը և գայլը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը, սա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների իմաստը:

Լինքոլն

Կապիտալիզմի գլխավոր թերությունը բարիքների անհավասար բաշխումն է. սոցիալիզմի գլխավոր առավելությունը՝ զրկումների հավասար բաշխումը:

Պետական գործչի տարբերությունը քաղաքական գործչից այն է, որ քաղաքական գործիչը կողմնորոշվում է դեպի հաջորդ ընտրությունները, իսկ պետական գործիչը՝ դեպի հաջորդ սերունդը:

Չերչիլ

Ազատության պատմությունը դիմադրության պատմությունն է: Ազատությունը երբեք կառավարությունից չի ծագում: Ազատությունը ծագում է նրա հպատակներից... Ազատության պատմությունը կառավարական իշխանության սահմանափակման և ոչ թե դրա ընդլայնման պատմություն է:

Վ.Վիլսոն

Դուք ազատ եք: Ազատությունը հիասքանչ է: Բայց Դուք պետք է իմանաք, որ քաոսը վերականգնելու համար ժամանակ է հարկավոր:

Ջորջ Բուշ

Պետությունները մեռնում են այն ժամանակ, երբ չեն կարողանում տարբերել լավ մարդկանց վատերից:

Անթիսֆենես

Բռնակալների մեծ մասը, ըստ էության, սերել է ամբոխավարներից, որոնք ժողովրդի վստահությունը ձեռք էին բերում նրանով, որ զրպարտում էին անվանիներին: Ժողովրդավարությունը չունևոր մեծամասնության կառավարումն է հանուն սեփական բարօրության:.

Արիստոտել

Ճնշված և կրկին ձեռք բերված ազատությունն ավելի կատաղի է դիմադրում, քան այն ազատությունը, որին երբեք ոչինչ իր սպառնացել:

Ցիցերոն

Արդարությունն առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության՝ բռնակալական:

Բլեզ Պասկալ

Ազատությունն այն է, որ կախված լինես միայն օրենքներից: Սակայն պետության մեջ օրենքների բազմաթիվությունը նույնն է, ինչ բժիշկների մեծ թիվը. հիվանդության և անզորության նշան:

Վոլտեր

Ես, իհարկե, արհամարհում եմ Հայրենիքն իմ ոտքից գլուխ, բայց ինձ համար ցավալի է, երբ օտարերկրացին է կիսում ինձ հետ այդ զգացումը:

Պուշկին

Օտար, արևմտաեվրոպական մտքին մենք դիմեցինք՝ սովորելու համար ապրել սեփական խելքով, բայց մենք փորձեցինք մեր խելքը փոխարինել իրենցինով:

Կլյուչևսկի

Նա, ով վերածվում է սողացող ճիճվի, կկարողանա՞ արդյոք հետո բողոքել, թե իրեն տրորեցին:

Կանտ

Լիբերալը կարող է մինիստր դառնալ, բայց դրանից դեռ չի հետևում, թե նա լիբերալ մինիստր կլինի:

Վիլհելմ Հումբոլտ

Ո՞ր կառավարությունն է ամենալավը: Այն, որ սովորեցնում է մարդուն կառավարել ինքն իրեն: Մեծամասնությունից ավելի ատելի բան չկա. ճանապարհը պետք է մատնանշի ուժեղ մարդկանց ոչ մեծ խումբը, մասսան պետք է գնա նրանց հետևից՝ չգիտակցելով իր կամքը: 

Գյոթե

Մեզ ավելի բարձր բան է պետք, քան դեմոկրատիան – ընկերական վստահություն կուսակցության անդամների միջև: Վատն է այն հեղափոխականը, ով պայքարի թունդ պահին կանգ է առնում օրենքի անսասանության առջև:

Լենին

Ցանկացած ժողովրդավարություն հանգեցնում է տականքների դիկտատուրայի:

Ալֆրեդ Նոբել

Ուր բոլորը հավասար են, այնտեղ ոչ ոք ազատ չէ:

Պիեռ Բուսատ

Չափավոր լիբերալիզմ. շանն ազատություն պետք է, բայց այնուամենայնիվ նրան պետք է կապած պահել:

Չեխով

Երբ ինձ ազատ արձակեն, ես պարզապես մի բանտից մյուսը կանցնեմ:

Օ.Ուայլդ

Իմ բանտախուցը իմ ամրոցն է:

Կաֆկա

Պետական մարդկանց ճանաչելու և լավ ընտրելու ամենաճիշտ եղանակն այն է, որ մի կողմ թողնես նրանց, ովքեր իրենք են առաջադրվում և առաջադրես նրանց, ովքեր իրենք են մի կողմ քաշվում:

Մանուել

Ազատ երկրներում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի չլսել այն:

Նորման Կոլի

Երբ պետությունը սկսում է սպանել, միշտ իրեն Հայրենիք է անվանում:

Ստրինդբերգ

Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի:

Բրեխտ

Լուրջ քաղաքական կուսակցությունը դատապարտում է ցանկացած ստորություն, եթե այն չի ներառված կուսակցության ծրագրում:

Շվեբել

Ժողովրդական վերելքի դարաշրջաններում մարգարեներն առաջնորդ են լինում, անկման դարաշրջաննեևում առաջնորդները դառնում են մարգարեներ: Քաղաքականության մեջ դա նախորդում է իրադարձություններին:

Լանդաու

Իմ ցանկությունները խիստ համեստ են: Պետության ղեկավարի դիմանկարները չպետք է գերազանցեն նամականիշի չափերը:

Նաբոկով

Ժողովրդավարությունը նրանց առջև, ովքեր նրան լրջորեն են վերաբերվում, գրեթե անլուծելի խնդիրներ է դնում, իսկ նրանց համար, ովքեր ատում են այն, գրեթե անսահմանափակ հնարավորություններ է բացում: Քաղաքականությունը հնարավորի արվեստը չէ, քաղաքականությունը անհնարինի արվեստն է:

Վացլավ Հավել

Ժողովրդավարությունը Ռուսաստանում կտիրի այն ժամանակ, երբ գործող նախագահը կպարտվի ընտրություններում:

Կասպարով

 

DICTATUS PAPAE

«Պապի դիկտատի» 27 հիմնական դրույթները

Գրիգոր VII-ի հովվապետություն (1075թ.)

 

1. Միայն հռոմեական եկեղեցին է հիմնադրվել Տիրոջ կողմից:

2. Միայն Հռոմի պապն իրավունք ունի կոչվելու տիեզերական:

3. Միայն Պապին է պատկանում եպիսկոպոսներին նշանակելու և պաշտոնազրկելու իրավունքը:

4. Պապի պատվիրակը ժողովում իր դրությամբ ավելի բարձր է ցանկացած եպիսկոպոսից, անգամ եթե ավելի ցածր կոչում ունի. նրան է պատկանում նաև եպիսկոպոսներին տեղափոխելու իրավունքը:

5. Պապը կարող է որոշում կայացնել նաև բացակա անձանց պաշտոնազրկության մասին:

6. Պապի կողմից բանադրված անձանց հետ անգամ արգելված է գտնվել նույն տան մեջ:

7. Միայն Պապին է կարելի, ժամանակի պահանջներին համապատասխան, նոր օրենքներ  արձակել, նոր եպիսկոպոսություններ հիմնել, կապիտուլները վերածել աբբայությունների և հակառակը, բաժանել հարուստ եպիսկոպոսությունները և միավորել աղքատները:

8. Միայն Պապը կարող է կրել կայսերական տարբերանշաններ:

9. Բոլոր իշխանները պետք է համբուրեն միայն Պապի ոտքը:

10. Միայն Պապի անունն են հիշատակում եկեղեցիներում:

11. Ողջ աշխարհում միայն նա է արժանի Պապ կոչվելու:

12. Պապն իրավունք ունի գահընկեց անել կայսրերին:

13. Պապն իրավունք ունի, եթե անհրաժեշտություն կա, եպիսկոպոսներին տեղափոխել մի եպիսկոպոսական թեմից մյուսը:

14. Պապն իր հայեցողությամբ կարող է տեղափոխել կղերականին մի եկեղեցուց մյուսը:

15. Նա, ում Պապը հոգևորական է ձեռնադրել, կարող է լինել ցանկացած եկեղեցու առաջնորդ, նրա վրա չի կարող դրվել ավելի ցածր պաշտոնի կատարումը: Նրան, ում Պապը հոգևորական է ձեռնադրել, մեկ այլ եպիսկոպոս իրավունք չունի ավելի բարձր աստիճանի ձեռնադրել:

16. Առանց Պապի կարգադրության չի կարող Տիեզերաժողով հրավիրվել:

17. Ոչ մի կապիտուլ և ոչ մի գիրք չեն կարող կանոնական համարվել, եթե չեն հենվում Պապի հեղինակության վրա:

18. Ոչ ոք իրավունք չունի փոխել Պապի որոշումը, քանի դեռ նա ինքը համապատասխան փոփոխություն չի կատարել:

19. Ոչ ոք իրավունք չունի դատել Պապին:

20. Ոչ ոք չի կարող համարձակվել դատել այն անձին, ով ապավինել է Առաքելական աթոռին:

21. Յուրաքանչյուր եկեղեցու առավել կարևոր գործերը հարկ է ներկայացնել Պապի քննարկմանը:

22. Հռոմեական եկեղեցին դեռ երբեք չի սխալվել, այն, Սուրբ Գրքի վկայությամբ, հավերժ անսխալական է:

23. Հռոմի պապը, եթե ընտրվել է կանոններին համապատասխան, հաշվի առնելով Սուրբ Պետրոսի ծառայությունները, անշուշտ, կդառնա սուրբ, ինչպես դա հաստատել է եպիսկոպոս սուրբ Փավիոս Էնոդիոսը, և նրա հետ այս հարցում համաձայն էին շատ սուրբ հայրեր, դա կարելի է գտնել Սուրբ Սիմաքի դեկրետներում:

24. Պապի հրամանով և համապատասխան լիազորություններով մեղադրանքներ կարող են հարուցվել նաև ավելի ցածրաստիճան հոգևորականների կողմից:

25. Պապը կարող է եպիսկոպոսին պաշտոնանկ անել կամ պաշտոնին վերադարձնել առանց ժողով գումարելու:

26. Կաթոլիկ չի կարելի համարել նրան, ով միասնական չէ Հռոմի եկեղեցու հետ:

27. Պապը կարող է հպատակներին ազատել հավատարմության ուխտից՝ տրված այն մարդուն, ով մեղք է գործել:

 

ՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՏԻԽՈՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ

 

13 հոկտեմբերի 1918թ.

«Սուր վերցնողը սրից էլ կընկնի»

(Մատթ. 26:52)

 

Փրկչի այս մարգարեությունը Մենք ուղղում ենք ձեզ, մեր հայրենիքի ճակատագրի ներկայիս որոշողներ, որ ձեզ անվանում եք «ժողովրդական կոմիսարներ»: Մի ամբողջ տարի դուք ձեր ձեռքում եք պահում պետական իշխանությունը և արդեն պատրաստվում եք տոնել հոկտեմբերյան հեղափոխության մեկամյակը, բայց մեր եղբայրների՝ գետերով թափված արյունը, որ անգթաբար սպանվել են ձեր կոչով, առ երկինք է բարձրանում և հարկադրում մեզ ասել ձեզ ճշմարտության դառը խոսքը:

Զավթելով իշխանությունը և ժողովրդին կոչ անելով վստահել ձեզ՝ ի՞նչ խոստումներ տվեցիք դուք նրան և ինչպե՞ս կատարեցիք այդ խոստումները:

Իրականում դուք նրան քար տվեցիք հացի և օձ՝ ձկան տեղ (Մթ. 7, 9, 10): Արյունահեղ պատերազմից հյուծված ժողովրդին դուք խոստացաք տալ խաղաղություն «առանց անեքսիաների և կոնտրիբուցիաների»: Ի՞նչ նվաճումներից կարող էիք հրաժարվել դուք, Ռուսաստանը խայտառակ խաղաղության հասցնողներդ, որի նվաստացուցիչ պայմաններն անգամ ինքներդ չեք համարձակվում ամբողջությամբ հրապարակել: Անեքսիաների և կոնտրիբուցիաների փոխարեն մեծ հայրենիքը մեր նվաճված է, փոքրացված, մասնատված և նրա վրա դրված տուրքի դիմաց դուք գաղտնի Գերմանիա եք տանում ձեր չվաստակած ոսկին : «...»

Դուք ժողովրդին բաժանել եք միմյանց թշնամիացած ճամբարների և նրանց ներքաշել դաժանությամբ աննախադեպ եղբայրասպանության մեջ: Քրիստոսի սերը դուք բացահայտ փոխարինել եք ատելությամբ և խաղաղության փոխարեն արհեստականորեն դասակարգային թշնամություն եք հրահրել: Եվ չի երևում ձեր սանձազերծած պատերազմի վերջը, քանի որ դուք ձգտում եք ռուս բանվորների ու գյուղացիների ձեռքերով հաղթանակը մատուցել համաշխարհային հեղափոխության ուրվականին: «...» 

Բայց քիչ էր, որ դուք ռուս ժողովրդի ձեռքերը ներկեցիք նրա եղբայրական արյամբ՝ քողարկվելով կոնտրիբուցիաների, ռեկվիզիցիաների ու նացիոնալիզացիաների զանազան անվանումներով, դուք նրան մղեցիք ամենաբացահայտ ու ամենաանամոթ թալանի: Ձեր հրահրմամբ թալանվեցին կամ խլվեցին հողեր, կալվածքներ, գործարաններ, ֆաբրիկաներ, տներ, անասուններ, փող են գողանում, իրեր, կահույք, հագուստ: Սկզբում «բուրժույների» անվան տակ թալանում էիք հարուստ մարդկանց, հետո «կուլակների» անվան տակ սկսեցիք թալանել արդեն ավելի ունևոր և աշխատասեր գյուղացիներին՝ այդ կերպ ավելացնելով աղքատների թիվը, թեև դուք չեք կարող չգիտակցել, որ առանձին քաղաքացիների մեծ բազմություն սնանկացնելով վերանում է ժողովրդական հարստությունը և աղքատանում է երկիրն ինքը:

Մութ ու անկիրթ ժողովրդին գայթակղելով հեշտ ու անպատիժ շահով՝ դուք թմրեցրիք նրա խիղճն ու խլացրիք մեղքի գիտակցությունը նրա մեջ, բայց ինչ անվանումների տակ էլ թաքնվեն չարագործությունները, սպանությունը, բռնությունը, թալանը միշտ կմնան ծանրագույն և առ երկինք աղաղակող՝ վրեժի կոչող մեղքեր ու հանցագործություններ: Դուք ազատություն եք խոստացել:

Մեծ բարիք է ազատությունը, եթե ճիշտ է հասկացվում, ազատություն չարից, ուրիշին չճնշող, կամայականության և ինքնակամության չվերածվող: Բայց դուք այդ ազատությունը չէ, որ տվեցիք. ամբոխի ստոր կրքերն ամեն կերպ քաջալերելու, սպանությունների ու թալանի անպատժելիության մեջ էր ձեր ընծայած ազատությունը: Մարդկության ինչպես քաղաքացիական, այնպես էլ բարձրագույն հոգևոր ազատության բոլոր դրսևորումներն անգթորեն ճնշվեցին ձեր կողմից:

Դա՞ է ազատությունը, երբ ոչ ոք առանց հատուկ թույլտվության չի կարող ապրուստ հայթայթել, բնակարան վարձել, քաղաքից քաղաք տեղափոխվել: Դա՞ է ազատությունը, երբ ընտանիքներ, իսկ երբեմն էլ` մի ամբողջ շարք տների բնակիչներ վտարվում են բնակարաններից, գույքը փողոց է նետվում, երբ քաղաքացիներն արհեստականորեն բաժանվում են կարգերի, որոնց մի մասը մատնված է սովի և թալանի: Դա՞ է ազատությունը, երբ ոչ ոք չի կարող բացահայտ հայտնել իր կարծիքը` վախենալով հակահեղափոխության մեջ մեղադրվելուց: 

Ո՞ւր է խոսքի և մամուլի ազատությունը, ո՞ւր է եկեղեցական քարոզի ազատությունը: Արդեն իրենց նահատակ արյամբ վճարել են համարձակ շատ եկեղեցական քարոզիչներ, հասարակական ու պետական քննարկման և քննադատության ձայնը լռեցված է, մամուլը, բացի նեղ-բոլշևիկյանից, իսպառ ճնշված է: Հատկապես ցավագին ու դաժան է ազատության ոտնահարումը հավատի գործերում...

 

1801թ. սեպտեմբերի 12-ի բարձրագույն Հրովարտակը

 

Աստծո ողորմածությամբ, Մենք՝ Համայն Ռուսիո Միապետ և Ինքնակալ, և այլն, և ալյն, և այլն Ալեքսանդր Առաջինը,

Հայտարարում ենք Վրացական թագավորության բոլոր բնակիչներին, ում հարկ է ծանուցել

Վրացական թագավորության նկատմամբ Ռուսական կայսրության հովանավորությունն ու գերագույն իշխանությունը միշտ էլ ռուսական միապետների վրա դրել է նաև պաշտպանության պարտքը: 1796թ. ձեզ վրա Աղա Մահոմեդ խանի ուժեղ հարձակման դեմ ի Տեր հանգեալ մեծն տիրուհի, կայսրուհի Եկատերինա Ալեքսեևնան ուղարկել է իր զորքերի մի մասը: Այդ ժամանակ այդքան հաջող ոչ միայն Վրաց թագավորության փրկությունը, այլև բոլոր նահանգների ու ժողովուևդների երջանիկ հպատակեցումը Կասպից ծովի ափերից մինչև Քուռ և Արաքս գետերը, զերծ էին պահում ձեզ ամեն տեսակ վտանգներից: Մնում էր միայն, որ ներքին բարեհաստատմամբ հավերժ սահմանեք ձեր բարօրությունը: Բայց Պարսկաստանից, Հայաստանից և ձեր սահմաններից ռուսական զորքերի անսպասելի և հապճեպ նահանջը չիրականացրին ձեր արդարացի ակնկալիքը: Հետո ձեր կրած շատ աղետներ՝ անհավատ և օտար ժողովուրդների ասպատակություններ, քաղաքների ու գյուղերի ամայացում, ձեր հայրերի, մայրերի, կանանց և երեխաների ստրկացում և գերեվարում, վերջապես՝ արքայական տան պառակտում և ժողովրդի բաժանում արքայական տիտղոսի տարբեր որոնողների միջև, ձեզ ներքաշեցին երկպառակչական կռիվների մեջ: Ձեզ շրջապատող գիշատիչ ժողովուրդները պատրաստ էին հարձակվել ձեր թագավորության վրա և անպատիժ հոշոտել նրա մնացորդները:

Այս բոլոր չարիքների միավորմամբ ոչ միայն վրաց ժողովուրդը, այլև անգամ նրա անունը, որ նախկինում այդքան փառավոր էր ողջ Ասիայում, կվերանար երկրի երեսից: Գտնվելով այս անդունդում` բազմիցս դիմել եք ռուսական հովանավորությանը: Մեր զորքերի մուտքը և ավարական Օմար խանի պարտությունը կասեցրին ձեր կործանումը` սարսափեցնելով Կովկասյան լեռները լցված բոլոր գիշատիչներին և նրանց, ովքեր քայքայում են Պարսկաստանի և Մեծ Հայքի մարզը: Լռեցին խռովությունները ձեր մեջ, և դուք բոլորդ միահամուռ ու հանդիսավոր դիմեցիք ռուսական իշխանությանը` անմիջաբար կառավարելու ձեզ: Մենք, ընդունելով Համայն Ռուսիո գահը, ձեռք բերեցինք Ռուսաստանին միացած Վրաց թագավորությունը, ինչի մասին 1801թ. հունվարի 18-ի հրովարտակը ծանուցվեց համայն ժողովրդին: Ծանոթանալով ձեր դրությանը և տեսնելով, որ Վրաստանում ռուսական զորքի ներկայությամբ ու միջոցով մինչ օրս էլ զսպվում է մեր հավատակիցների արյունահեղությունը և վերջնական կործանումը, որ ձեզ համար պատրաստել են ձեզ սահմանակից վայրի ու անհավատ ժողովուրդները` Մենք ցանկանում ենք փորձել` հնարավորությո՞ւն կա արդյոք վերականգնել առաջին կառավարումը Մեր հովանու ներքո և պահպանել ձեր անդորրն ու անվտանգությունը: Բայց այս ուղղությամբ հետազոտությունները Մեզ վերջնականապես համոզեցին, որ վրաց ժողովրդի տարբեր մասերը, մարդկայնորեն հավասարապես թանկ մեզ համար, արդարացիորեն վախենում են հալածանքից ու նրանց վրեժից, ովքեր արքայական ունեցվածքին ձգտելով` կարող էր հասնել նրա իշխանությանը, քանի որ ժողովրդի մեծ մասն ակնհայտորեն նրանց դեմ էր հանդես եկել: Միայն սրա կասկածը և հետևանքների նկատմամբ վախը, անհանգստություն առաջացնելով, անխուսափելիորեն երկպառակությունների և արյունահեղության աղբյուր կդառնային: Ավելին,  նախկին տիրակալությունը, անգամ հեռակա թագավորի թագավորության ժամանակ, ով իր ոգով ու տիտղոսով միավորում էր բոլորին իր իշխանության տակ, չկարողացավ հաստատել ո´չ արտաքին, ո´չ ներքին անվտանգություն: Հակառակը, քանի անգամ դեպի անդունդն է ձեզ գլորել չարը, որի եզրին այժմ էլ գտնվում եք և որից, ամենայն հավանականությամբ, կգահավիժեք, եթե արդար իշխանության հզոր ձեռքն այդ անկումից ձեզ չպահի: Դրա համար էլ այս հանգամանքներից ելնելով` ձեր ընդհանուր զգացմունքը և վրաց ժողովրդի ձայնը Մեզ մղեցին չթողնել և աղետի զոհ չդարձնել հավատակից ժողովրդին, որն իր ճակատագիրը հանձնել է Ռուսաստանի մեծահոգի պաշտպանությանը: Ձեր հույսն այս անգամ խաբված չի լինի: Ոչ թե´ ուժերը զորացնելու, ոչ թե´ շահախնդրության, ոչ թե´ կայսրության` աշխարհում առանց այդ էլ ամենաընդգրկուն սահմանների ընդլայնման համար ենք Մենք ստանձնում Վրաց թագավորության կառավարման բեռը: Միասնական արժեքները` միասնական պատիվն ու մարդկայնությունը Մեզ վրա սրբազան պատք են դնում, անսալով տառապյալների աղաչանքին, նրանց վիշտը թեթևացնելու համար, Վրաստանում հաստատել կառավարում, որը կկարողանա իրականացնել արդարադատություն, անձնական և գույքային անվտանգություն և յուրաքանչյուրին ապահովել օրենքի պաշտպանություն: Ուստի և, ընտրելով մեր գեներալ-լեյտենանտ Կնորինգին որպես ձեր գլխավոր հրամանատար` Մենք նրան տվեցինք հրահանգ` սկսել այդ կառավարումը Մեր անունից արված հայտարարությամբ և ուժի մեջ մտցնել ու կիրառել մեր կողմից նախանշված որոշումը, որի իրագործման համար ներգրավելով ձեզնից ընտրվածներին` ըստ արժանիքների և բոլորի կողմից վստահության. հույս ունենք, որ դուք, հավատալով այս կառավարմանը, անկասկած, նրա հովանու տակ անդորր ու անվտանգություն ձեռք կբերեք, իսկ հետո նաև բարօրություն և առատություն:

Ձեր հողից հավաքվող բոլոր հարկերը հրամայել ենք Մենք ծառայեցնել հօգուտ ձեզ, և ինչ կմնա կառավարումը պահելու համար, օգտագործել ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու համար: Ամեն ոք կպահպանի իր ունեցվածքը, իր հավատին մնալու ազատությունը և անձեռնմխելի սեփականությունը: Արքայազնները կպահպանեն իրենց կալվածքները, բացի բացակայողներից, իսկ նրանց կալվածքների տարեկան եկամուտը ամեն տարի կվերածվի փողի, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն, միայն թե հավատարիմ լինեն իրենց ուխտին: Ձեր բոլորի ու ձեզնից յուրաքանչյուրի բարօրության համար Մեր այսքան մեծահոգի խնամակալության փոխարեն Մենք պահանջում ենք, որպեսզի դուք, ի հաստատումն ձեզ վրա հաստատած իշխանության, հավատարմության երդում տաք` ըստ կցված ձևի: Հոգևորականությանը` որպես հոգևոր հովիվներ, առաջինը պետք է օրինակ ծառայեն:

Վերջապես, և թող որ իմանաք դուք բարեգութ կառավարման արժեքը, և թող որ խաղաղություն տիրի ձեր մեջ, արդարություն, ինչպես անձնական, այնպես էլ գույքային ապահովություն, և թող որ վերջ տրվի կամայականությանն ու արյունալի խոշտանգումներին, թող որ յուրաքանչյուրը ջանա սեփական և ընդհանուր օգուտի համար, ազատ և անարգել զբաղվի հողագործությամբ, արհեստներով, առևտրով, ձեռագործությամբ, օրենքների հովանու տակ, որոնք հավասարապես պաշտպանում են բոլորին: Ձեր հարստությունն ու բարօրությունը հաճելի պարգև կլինեն Մեզ համար:

Տրվել է գահանիստ քաղաք Մոսկվայում,

1801թ. սեպտեմբերի 12-ին

 

1861Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

ՃՈՐՏԵՐԻՆ ԱՄԵՆԱՈՂՈՐՄԱԾԱԲԱՐ ԱԶԱՏ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աստծո ողորմածությամբ` Մենք Համայն Ռուսիո միապետ ու 27 ինքնակալ, լեհական թագավոր, ֆիննական մեծ իշխան և այլն, և այլն, և այլն Ալեքսանդր Երկրորդը, հայտարարում ենք մեր բոլոր հպատակներին:

Աստծո կամոք և գահակալության սրբազան օրենքով գտնվելով մեր նախահայրերի համառուսական գահին` այդ կոչմանը համապատասխան մենք մեր սրտում ուխտեցինք մեր արքայական սիրով ու հոգատարությամբ պարուրել բոլոր կոչումների ու դասերի մեր բոլոր հպատակներին, Հայրենիքի պաշտպանության համար սուրն ազնվորեն թափահարողից մինչև համեստ արհեստավորի գործիք բանեցնողը, բարձրագույն պետական ծառայություն անցկացնողից մինչև դաշտում արորով ու գութանով ակոս բացողը: Խորամուխ լինելով կոչումների և դասերի դրությանը պետության կազմում` մենք հայտնաբերեցինք, որ պետական օրենսդրությունը, որը եռանդուն բարվոքում է բարձրագույն և միջին դասերը` սահմանելով նրանց պարտականությունները, իրավունքներն ու արտոնությունները, հավասարաչափ գործունեության չի հասել ճորտերի հանդեպ, որոնք այդպես են կոչվում նրա համար, որ մասամբ հին օրենքների, մասամբ ժառանգական սովորույթի պատճառով գտնվում են կալվածատերերի իշխանության տակ, որոնց վրա է դրված նրանց բարեկեցությունը ապահովելու պարտականությունը: Կալվածատերերի իրավունքները ցայժմ շատ լայն են եղել և չճշգրտված օրենքով, ինչի փոխարեն գործի են դրվել ավանդույթը, սովորույթը և կալվածատիրոջ բարի կամքը: Լավագույն դեպքում այս ամենից գոյանում էին կալվածատիրոջ անկեղծ, ճշմարիտ խնամակալության և բարերարության ու գյուղացիների բարեմիտ հնազանդության նահապետական բարի հարաբերություններ: Բայց բարքերի պարզության նվազման, հարաբերությունների բազմազանության ավելացման, գյուղացիների հանդեպ կալվածատերերի անմիջական հայրական վերաբերմունքի պակասեցման պայմաններում, նաև այն պարագայում, երբ կալվածատիրական իրավունքները երբեմն հայտնվում են այնպիսի մարդկանց ձեռքում, ովքեր միայն սեփական շահն են փնտրում, բարի հարաբերությունները թուլացան և ճանապարհ բացվեց կամայականության առջև, ինչը նեղություն էր տալիս գյուղացիներին և չէր նպաստում նրանց բարեկեցությանը, և գյուղացիներն անգործության էին մատնվում սեփական կենցաղի բարելավման գործում:

Սույնը նկատում էին նաև հավերժահիշատակ մեր նախորդները և միջոցներ էին ձեռնարկում գյուղացիների դրությունը բարելավելու համար, բայց դրանք մասամբ անվճռական, կալվածատերերի ինքնակամ, ազատասիրական գործունեությանն ուղղված միջոցներ էին, մասամբ` վճռական միայն մի քանի տեղերի համար` կապված հատուկ հանգամանքներով պայմանավորված պահանջի հետ կամ որպես փորձարկում: Այսպես, կայսր Ալեքսանդր I-ը հրաման արձակեց ազատ երկրագործների մասին, և մեր` ի Տեր հանգեալ ծնող Նիկոլայ I-ը` հրաման պարտական գյուղացիների մասին: Արևմտյան նահանգներում 28 գույքային կանոններով սահմանվում էր գյուղացիներին հող հատկացնելու և նրանց պարհակի հարցը: Բայց ազատ երկրագործների և պարտական գյուղացիների մասին որոշումները գործողության մեջ դրվեցին շատ փոքր չափերով:

Այսպիսով, մենք համոզվեցինք, որ ճորտերի դրությունը փոխելու գործը մեր նախորդների կտակն է մեզ ու մեր ճակատագիրը` իրադարձությունների միջով մեզ տրված նախախնամության ձեռքով:

Մենք սկսեցինք սույն գործը ռուսական ազնվականության, գահին նրա հավատարմության հայտնի մեծ փորձի և հօգուտ Հայրենիքի զոհաբերության նրա պատրաստակամության հանդեպ մեր վստահության ակտով: Ազնվականությանը մենք տրամադրեցինք, նրա իսկ առաջարկով, նկատառումներ կազմել գյուղացիների կենցաղի նոր կարգի մասին, ընդ որում` ազնվականները պետք է սահմանափակեին իրենց իրավունքները գյուղացիների հանդեպ և փոխակերպումների դժվարությունները հաղթահարեին առանց սեփական շահը նվազեցնելու: Եվ մեր վստահությունն արդարացավ: Նահանգային կոմիտեներում, հանձինս նրանց անդամների, որ օժտված են յուրաքանչյուր նահանգի ազնվականական ողջ հանրության վստահությամբ, ազնվականությունն ինքնակամ հրաժարվեց ճորտերի անձը տնօրինելու իրավունքից: Այդ կոմիտեներում, անհրաժեշտ տեղեկություններ հավաքելով, կազմվեցին ճորտության մեջ գտնվող մարդկանց կենցաղի նոր կարգի և կալվածատերերի հետ նրանց հարաբերությունների մասին նկատառումներ:

Այդ նկատառումները, որ, ինչպես և պետք էր սպասել գործի բնույթից ելնելով, բազմազան էին, միահյուսված, համաձայնեցված էին բերված ճիշտ կարգի, ստուգված և լրացված այդ գործի գլխավոր կոմիտեում. նման ձևով կազմված նոր որոշումները կալվածքային գյուղացիների և սպասավոր ճորտերի մասին քննարկվել են Պետական խորհրդում:

Աստծո օգնությանը դիմելով` մենք որոշեցինք այս գործին ընթացք տալ: Նոր որոշումների համաձայն` ճորտերը ժամանակին կստանան ազատ գյուղաբնակների լիակատար իրավունքներ:

Կալվածատերերը, պահպանելով իրենց պատկանող բոլոր հողերի սեփականության իրավունքը, գյուղացիներին, նախատեսված պարհակով, մշտական օգտագործման են հատկացնում տնամերձ, հողակտոր, ավելին, նրանց կենսապահովման և կառավարության հանդեպ պարտականությունները կատարելու համար` որոշումներով նախատեսված դաշտային հողի և այլ հանդերի քանակություն:

Օգտվելով այս հողաբաժնից` գյուղացիները դրա դիմաց պարտավոր են հօգուտ կալվածատերերի որոշումներով նախատեսված պարհակ կատարել: Սույն դրության մեջ, որն անցումային է, գյուղացիները կոչվում են ժամանակավորապես պարտական:

Միևնույն ժամանակ, նրանց իրավունք է տրվում գնել իրենց հողաբաժինը, իսկ կալվածատիրոջ համաձայնության դեպքում` նրանք կարող են որպես սեփականություն ձեռք բերել դաշտային հողեր և այլ հողահանդակներ, որ հատկացված են նրանց մշտական օգտագործման համար: Որոշակի քանակությամբ հողի նման սեփականություն ձեռք բերելով` գյուղացիները կազատվեն կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորություններից, գնելով հողը, և ձեռք կբերեն ազատ գյուղացի-սեփականատերերի վճռական դրություն: Սպասավոր ճորտերի մասին հատուկ որոշմամբ նրանց համար սահմանվում է 29 անցումային դրություն` հարմարեցված նրանց զբաղմունքին և կարիքներին: Սույն որոշման արձակումից երկու տարի ժամկետից հետո նրանք լրիվ ազատ կդառնան և կստանան ժամկետային արտոնություններ:

Կազմված որոշումների այս գլխավոր դրույթներով սահմանվում է գյուղացիների ու ճորտերի ապագա կենսակերպը, հաստատվում է հանրային գյուղացիական վարչության կարգը և մանրամասն նշվում են գյուղացիներին և ճորտերին շնորհվող իրավունքներն ու նրանց վրա դրվող պարտականությունները կառավարության և կալվածատերերի հանդեպ: Թեև այս որոշումներն ընդհանուր են, տեղական և որոշ հատուկ վայրերի համար հատուկ լրացուցիչ կանոններով` փոքր կալվածատերերի ու գյուղացիների համար, որ աշխատում են կալվածատերերի ֆաբրիկաներում և գործարաններում, հնարավորինս հարմարեցված տեղի տնտեսական կարիքներին և սովորույթներին, բայց և, պահպանելու համար սովորական կարգն այնտեղ, ուր երկկողմանի շահ է ներկայացնում, մենք կալվածատերերին թույլ ենք տալիս գյուղացիների հետ կամավոր համաձայնություն կայացնել և պայման կնքել գյուղացիների հողաբաժնի ու նրա պարհակի չափի մասին` հետևելով կանոններին, որ սահմանվել են նման պայմանավորվածությունները չխախտելու համար:

Որպես նոր կարգ` սույն փոփոխությունները, պահանջվող անխուսափելի բազմաբարդությունից ելնելով, չեն կարող միանգամից իրականանալ, այլ դրա համար ժամանակ կպահանջվի, մոտավորապես երկու տարուց ոչ պակաս, ապա այդ ժամանակաընթացքում, խառնաշփոթությունը կանխելու և հանրային ու մասնավոր շահը պահպանելու համար, ցայժմ գոյություն ունեցող կալվածքներում կարգը պետք է պահպանվի այնքան ժամանակ, երբ անհրաժեշտ նախապատրաստություններն ավարտելուն պես կգործի նոր կարգը:

Այս ամենը ճիշտ կատարելու համար մենք հարմար գտանք հրամայել.

1. Յուրաքանչյուր նահանգում բացել գյուղացիական գործերով նահանգային ներկայացուցչություն, որին կվստահվի կալվածքային հողերում հաստատված գյուղացիական միությունների գործերի բարձր կառավարումը:

2. Տեղերում թյուրիմացությունների և վեճերի պարզաբանման համար, որ կարող են ծագել նոր որոշումները կատարելիս, գավառներում նշանակել հաշտարար միջնորդների և նրանցից կազմավորել գավառային հաշտարար ժողովներ:

3. Հետո կալվածքներում կազմավորել աշխարհական վարչություններ, ինչի համար, թողնելով գյուղացիական միություններն իրենց ներկա վիճակում, բացել զգալի գյուղերում վոլոստային վարչություններ, իսկ փոքր գյուղացիական միությունները միավորել մեկ վոլոստայն վարչությունում:

4. Կազմել, ստուգել և հաստատել յուրաքանչյուր գյուղացիական միության կամ հողաբաժնի համար կանոնադրական հավատարմագիր, որում կթվարկվի, տեղի դրության հիման վրա, գյուղացիներին մշտական օգտագործման հանձնված հողի քանակությունը և պարհակի չափը, որ նրանք պետք է կատարեն հօգուտ կալվածատիրոջ ինչպես հողի, այնպես էլ նրանից ստացվող շահույթի դիմաց:

5. Սույն հավատարմագրերը գործի դնել դրանց 30 հաստատունների դեպքում յուրաքանչյուր հողաբաժնի համար, իսկ բոլոր հողաբաժինների համար վերջնականապես գործի դնել երկու տարվա ընթացքում սույն հրովարտակի արձակման օրից սկսած:

6. Մինչև այս ժամկետի ավարտը գյուղացիները և ճորտերը նման կալվածատերերին հնազանդ վիճակում և անվերապահ կատարեն իրենց նախկին պարտավորությունները:

7. Կլավածատերերը շարունակեն հսկել կարգն իրենց կալվածքներում` իրավունք ունենալով դատուդատաստանի, մինչև վոլոստների կազմավորումը և վոլոստային դատարանների բացումը: Ուշադրություն դարձնելով նախաձեռնվող փոփոխությունների անխուսափելի դժվարություններին` մենք ապավինում ենք նախ Ռուսաստանն օրհնող Աստծո ամենաբարեգթությանը...

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am