Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Ամսվա քրոնիկա և համարի տեսություն

Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Հոկտեմբեր 2008, N 7

ԱՄՍՎԱ ՔՐՈՆԻԿԱ

Արիս Ղազինյան, «Ազգային գաղափար»-ի գլխավոր խմբագիր

Հոկտեմբերի 27-ին լրացավ հայոց խորհրդարանի նիստերի դահլիճում իրականացված ահաբեկչության ինը տարին, որի զոհը դարձան ութ մարդ, այդ թվում և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի երկու անդամ՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը: Այս իրադարձությունը համարյա թե սասանեց հայոց ինքնանկախ պետականության հիմքերը և նշանավորեց երկրի ներքաղաքական զարգացման միանգամայն նոր վեկտորներ: Քաղաքական դեմքերի տեղն զբաղեցրին պատահական մարդիկ՝ սպանված վարչապետի ու խորհրդարանի խոսնակի ազգականները: Այդ հանգամանքը էլ ավելի խորացրեց հակասությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում:    

Ահաբեկչական ակտի հետևանք դարձավ տարանջատումը Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին պաշտպանողների շարքերում, որոնց թվում էին ինչպես զուտ քաղաքական, այնպես էլ` քրեական ուժեր: Այդ ուժերի մի մասն աստիճանաբար համախմբվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուս մասը՝ պետության ներկայիս ղեկավարի, հանրապետության նախկին վարչապետի ու պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի շուրջ: Խմբավորումների միջև սուր հակասությունները մինչ օրս էլ հարթված չեն, ինչի վկայությունն են տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները: Դրանց անցկացման ժամանակ արձակված կրակոցները մայրաքաղաքում և Հայաստանի մի շարք շրջաններում մեկ անգամ ևս վկայում են դրանց մասին:

Հոկտեմբերի 28-ին միանգամայն հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «գունավոր» հեղափոխության անհաջող փորձ էին: Հատկանշականն այս հայտարարության մեջ այն էր, որ այն արել է իշխող կուսակցության փոխնախագահը, կուսակցություն, որի ղեկավարն, ինչպես հայտնի է, Հայաստանի գործող նախագահն է:

Մայրաքաղաքի կենտրոնում կատարված դրամատիկ դեպքերն, անշուշտ, դեռ երկար կհուզեն հայ հանրային միտքը: Շատերն, իրոք, դրանք դիտում են «գունավոր» հեղափոխությունների համատեքստում, թեև, թվում է, դրա համար բավականաչափ հիմնավորումներ չկան: Ի վերջո, գունավոր նախագծերի գլխավոր բնութագիրը անխուսափելի իշխանափոխությունն է, ինչը Հայաստանում տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է առանձին տեսարանների ու դրվագների նմանությանը, ապա դրանք գրեթե միշտ խաբուսիկ են՝ նկատի ունենալով զանգվածային տարակուսանքի դրսևորման ձևերի սահմանափակությունը:

Բացի դրանից, գունավոր նախագծերի իրական արյունքներից անկախ՝ դրանք իրականացվել են ազգային և անգամ ազգայնական առանցքի վրա, ընդ որում՝ առանցքն ինքը իրապես շաղկապում էր քաղաքական կյանքի երկու բևեռ՝ արտաքին (Արևմուտք-Ռուսաստան հակադրություն) և ներքին (ընդդիմություն-իշխանություն հակադրություն): Հազիվ թե ուկրաինական «նարնջագույն» բլոկն ունենար զանգվածների աջակցությունը, եթե քարոզեր Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման նպատակահարմարությունը Ղրիմի բնակչութանը պլեբիսցիտի իրավունքի տրամադրման ճանապարհով: Նախանձելի չէր լինի նաև վրացական «վարդերի» հեղափոխության առաջնորդների դրությունը, եթե նրանք հրապարակավ ընդունեին Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ինքնորոշման հնարավորությունը:

Հայաստանում ոչ մի նման բան չի եղել: Բայցևայնպես, չհաջողված «գունավոր» հեղափոխության վարկածը դեռ բավական տարածված է որոշակի քաղաքական ու հասարակական շրջանակներում: Այնինչ, այսօր որոշ վերլուծաբաններ ուշադրություն են դարձնում «արևմտյան» նախագծին, որն էլ «միակ իսկականն» են համարում: Խոսքը Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի՝ սեփական քաղաքական կուսակցությունը ստեղծելու մասին է: Թողնելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը՝ Վարդան Օսկանյանը դարձավ իր ստեղծած քաղաքական հետազոտությունների «Civilitas» հիմնադրամի նախագահը: Հետաքրքիր է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Հատկանշական է, որ նա ևս հայտարարել է իր կուսակցությունը հիմնելու մասին, ընդ որում՝ Վարդան Օսկանյանի ու Նինո Բուրջանաձեի՝ մեծ քաղաքականություն վերադարձի լուրերն ի հայտ եկան միաժամանակ, այն է՝ հոկտեմբերի 27-28-ին: Զուգադիպությո՞ւն է: 

Հոկտեմբերին քաղաքական կյանքը Հայաստանում իսկապես ակտիվացավ: Մասնավորապես, հաճախակի դարձան արտերկրյա հյուրերի այցելությունները, ընդ որում՝ ողջ տարածաշրջանի մակարդակով: Հյուրեր եկան Եվրամիությունից, ՄԱԿ-ից, ՆԱՏՕ-ից և այլն: Ի վերջո, տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը: Պետք է ենթադրել, որ բանակցությունների գլխավոր թեման Ղարաբաղյան կարգավորումն էր, սակայն, վերջին բոլոր զարգացումների ֆոնին անգամ, այդ հարցն ընկալվում էր բարձրաստիճան հյուրերի բազմաթիվ այցելությունների ու տարածաշրջանային նոր վերաբաժանման համատեքստում: Հենց այս հարթությունում է, թերևս, մեկնաբանվում Երևանում Ռուսաստանի լիդերի արտահայտած միտքը ռազմավարական գործընկերների կողմից ավելի կոորդինացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:    

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Մոսկվայում բանակցային մարաթոն է անցկացվում՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Սկզբում հանդիպեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները, այնուհետև` նոյեմբերի 1-ին նրանց պետք է միանային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին օրը նախատեսված է եռակողմ հանդիպում` բարձրագույն մակարդակով:

Այդ հանդիպումների նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ «այսօր բանակցություններ են ընթանում երեք սկզբունքների շուրջ. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն ու ազգերի ինքնորոշման իրավունք»: Նա նշել է, որ եթե հակամարտության կողմերից մեկը մշտապես շեշտադրում է այս սկզբունքներից մեկը, ապա դա դեռ չի նշանակում, թե մյուս երկուսը չեն քննարկվում:

Մեկնաբանելով այն փաստը, որ մոսկովյան հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղել են Բաքվում և չեն եկել Երևան, Նալբանդյանը նշել է, թե դա վկայությունն է այն բանի, որ համանախագահները ցանկացել են ճշտել Ադրբեջանի դիրքորոշումը: «Երևանի դիրքորոշումը նրանց ավելի հասկանալի է»,- նշել է նա: Նալբանդյանը հիշեցրել է, որ 2001թ. գարնանը կողմերը մոտ էին հանգուցալուծմանը, բայց այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հայտարարեց, թե «երկրի հանրությունը դրան պատրաստ չէ»:

Ինչևէ, եթե վերլուծաբանները մինչ այդ թերահավատությամբ էին վերաբերվում նման հանդիպումներին, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Բանակցությունները Մոսկվայում սկսվում են Հայաստանում հայրենասիրական ուժերի ակտիվացման ֆոնին:  Ղարաբաղյան պատերազմի վետերանների մի խումբ հանրային շարժում նախաձեռնեց ընդդեմ Ադրբեջանին տարածքային զիջումների, կոշտացավ է ՀՅԴ կուսակցության հռետորիկան:  

Կարելի է փաստել, որ քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իշխում է ստատուս-քվոն, միայն մարգինալ ուժերն են ակտիվություն ցուցաբերում, որոնք իրենց առջև նպատակ են դրել իշխանափոխությունը որպես գլխավոր գերակայություն, բայց հենց որ ղարաբաղյան գործընթացն ակտիվացման խթան է ստանում, ակնթարթորեն սկսում է տրոփել հանրային իրական զարկերակը:

Կարծում եմ (ինչպես և շատերը), որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն տա Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուց հայկական զորքերի դուրսբերման ծրագրին ու ժամկետներին, Հայաստանի ներքաղաքական դաշտը կատարելապես կվերափոխվի, ու ի հայտ կգա նոր ընդդիմադիր ճակատ: Նրանց կարծիքով՝ Ղարաբաղի շուրջ բանակցությունների արագացումն ի վիճակի է դուրս բերել ՀՅԴ ներկայացուցիչներին կոալիցիայից, քաղաքական ասպարեզ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին ու միավորել նրանց: Նման բան կարող է տեղի ունենալ նաև հայ-թուրքական ոլորտում վերջին միտումների ֆոնին:    

Հոկտեմբերին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նաև արտերկրում: Մասնավորապես, վերջնագիծ է դուրս եկել նախագահական մրցարշավը ԱՄՆ-ում: Առայժմ, ամսվա վերջի դրությամբ, առաջատարը դեմոկրատների ներկայացուցիչն է աֆրոամերիկացի Բարաք Օբաման: Եթե հաշված օրերի ընթացքում իրավիճակը չփոխվի և Օբաման առաջ անցնի իր հակառակորդ հանրապետականից, ապա դա կարելի է համարել ԱՄՆ նոր դարաշրջանի սկիզբը, քանի որ առաջին անգամ պուրիտանականների հիմնած պետության մեջ, որտեղ 43 նախագահներից միայն մեկն է  կաթոլիկ եղել (Ջոն Քենեդին), ղեկը կստանձնի սևամորթ մահմեդականը:

Բավականին գլոբալ այս հարցին մենք կանդրադառնանք հաջորդ անգամ, իսկ այսօր բավարարվենք ասվածով:

Եվ այսպես, Ամերիկան, Հայաստանը և ամբողջ աշխարհը գլոբալ փոփոխությունների սպասման մեջ են: Ինչպիսի՞ն կլինեն դրանք:  

Մի երկու խոսք սույն համարի բովանդակության մասին:

Հոդվածների շարքը բացում է ամսագրի հրատարակիչ Արտյոմ Խաչատրյանի «Հոկտեմբերի 27. վերիմաստավորման փորձ» նյութը: Ինչպես միշտ, հեղինակն իրեն հատուկ ոճով ջանում է դիտարկել պատմական իրականության՝ հանրության կողմից միանշանակ չընկալվող ցավոտ հարցերը: Անշուշտ, հեղինակի հետ կարելի է և պետք է բանավիճել շատ մոտեցումների շուրջ, սակայն հոդվածի արժեքն այն է, որ Արտյոմը հակված է այդ ողբերգական իրադարձությունը դիտարկել ոչ թե նեղ՝ տեղական հարթությունում, այլ համաշխարհային պատմության տրամաբանության համատեքստում: Կարծում ենք՝ ապագայում հեղինակը հնարավորություն կունենա ավելի հանգամանորեն ծավալել այս հետաքրքիր մոտեցումը:     

«Աշխարհաքաղաքականություն» խորագրով ներկայացված է Հայկ Վարշամունու «Գլոբալ հակասությունների խաչմերուկում» հոդվածը: Հեղինակը կարծում է, որ թուրք-հայկական սահմանի հնարավոր վերաբացման և Կարս-Գյումրի հատվածով երկաթուղային հաղորդակցության վերականգնման՝ վերջին ժամանակներս աշխուժացած հարցի հետ կապված՝ անհրաժեշտ է հաշվի առնել մի ամբողջ շարք օբյեկտիվ գործոնների առկայությունը, որոնց մեծ մասը ներկայում դեռ չի մտել հայ հասարակական-քաղաքական բանավեճերի օրակարգ:

Պատմաբան-իրավաբան Սարո Սարոյանը հանդես է գալիս «Հասարակություն և իշխանություն» խորագրում: Նրա հոդվածի թեմատիկան՝ «Մովսես Խորենացու քաղաքական հայեցակարգը և անտիկ քաղաքական միտքը», այսօր բավականին արդիական է: Մեր առաջին համարում արդեն անդրադարձել ենք «իդեալական կառավարչի» և «կառավարման իդեալական ձևերի» հիմնախնդրին (հեղինակ՝ Երվանդ Մարգարյան): Այսօր Սարոն է դիտարկում այդ նույն խնդիրը՝ մեծն Մովսես Խորենացու ուսմունքի պրիզմայով: Հոդվածում հիմնավորվում է անտիկ քաղաքական մտքի և, ընդհանրապես, փիլիսոփայական մտքի ազդեցությունը պատմահայր Խորենացու վրա: Մի խոսքով, առաջարկում ենք ծանոթանալ: Հոդվածի միակ «թերությունը» գիտական լեզուն է, ինչը մի փոքր բարդացնում է ընթերցումը, բայց դա, կարծում եմ, որևէ կերպ չի անդրադառնում որակի վրա: 

«Մշակույթ և արվեստն» այսօր ներկայացված է իմ «Հայերը համաշխարհային կերպարվեստում» հոդվածով: Մի ժամանակ խորհում էինք գրել մի ամբողջ շարք աշխարհի հայերի մասին, ովքեր հանդես են եկել մարդկային գործունեության տարբեր ոլորտներում: Այդպես ստեղծվեցին «Հայերը համաշխարհային կինոյում», «Հայերը համաշխարհային շանսոնում» հոդվածները: Այժմ հերթը նկարիչներինն է: Հույս ունենք, որ շուտով կարող ենք ներկայացնել նաև աշխարհով սփռված գիտության գործիչներին, ովքեր իրենց հետքն են թողել համաշխարհային գիտության մեջ: Սույն համարում տպագրվում է հոդվածի առաջին մասը, որը ակնարկներ է  ներառում Բաշինջաղյանի, Սուրենյանցի, Յակուլովի մասին: Մյուսների մասին՝ հաջորդ համարում:

«Քաղաքական դիմանկարներ» խորագրում ներկայացված է պատմաբան Սերգեյ Մինասյանի «Կովկասյան պատերազմի հերոսը. գեներալ-համհարզ, իշխան Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկ»: Հայտնի է, որ XVIII- XIXդդ. Ռուսական բանակի կազմում աչքի են ընկել մեր շատ հայրենակիցներ՝ գեներալներ Մ.Տ. Լոռիս-Մելիքովը, Վ.Օ. Բեբութովը, Ի.Դ. Լազարևը, ծովակալ Լ.Մ. Սերեբրյակովը… Ցավով պետք է արձանագրենք, որ հայերի ներկա սերունդը նրանց մասին, գրեթե, պատկերացում չունի, և Սերգեյի հոդվածը կոչված է լրացնելու  (ինչ-որ չափով) այդ բացը: Նյութի հերոսը իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկն է, ով առանձնանում է անգամ վերը նշված տաղանդավոր հայ սպաների փայլուն աստղաբույլում:

Վերջապես, «Մեջբերումներ դասականներից» խորագրում այս անգամ որոշել ենք դիմել իշխանության ու մտավորականության փոխհարաբերությունների հավերժական թեմային և ներկայացված շարքն անվանեցինք «Մտածողները՝ իշխանավորներին»: Կարծում եմ՝ ընթերցողների համար խիստ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ էին գրում Օկտավիանոսի, ռուս ցարերի, Ստալինի և այլոց մասին այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Հորացիոսը, Պուշկինը, Ախմատովան, Պաստեռնակը և, իհարկե, մեր հայրենակիցները: Հատկապես հետաքրքիր են Ստալինի մեծությանը նվիրված գործերը: Այս առնչությամբ հարկ է ասել, որ եթե անձի պաշտամունքը իրականություն էր ԽՍՀՄ-ում, ապա դրանում մեծ բաժին ունեն մտածող հասարակայնության ներկայացուցիչները, որոնք մի երկու տասնամյակ անց նույն թափով սկսեցին խարանել ինչպես պաշտամունքը, այնպես էլ նրա կրողին: Մի խոսքով՝ ցանկանում ենք հաճելի ժամանց, և հավաստիացնում ենք, որ ընթերցողին սպասում են միանգամայն անսպասելի զգացողություններ:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am