Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքականություն

Քաղաքականություն
Հոկտեմբեր 2008, N 7

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁ

Արտյոմ Խաչատրյան, քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Հոկտեմբերին Հայաստանում հիշատակում են խորհրդարանում կատարված ահաբեկչությունը: Ձևացնում են, թե սգում են, ասում են, թե իբր պետականությանն ահավոր հարված է հասցվել, դատապարտում են մարդասպանների ավազակախմբին ու նրանց ուղղորդողներին և, ընդունված ավանդույթի համաձայն, վրդովվում են, որ հանցագործությունը մինչ օրս չի բացահայտվել, թեև ավազակախմբի բոլոր անդամներն այսօր պատժված են: Ողբը հայերի համար հաճելի հոգեվիճակ է, հայերն այնքան են սիրում ողբալ, որ անգամ դժվար է զանազանել` որտեղ են իսկապես ողբում և որտեղ` պարզապես ձևացնում: Առհասարակ, հայերը չեն սիրում իրականությունը, որում ապրում են (անկեղծ ասած` այնտեղ սիրելու բան էլ չկա), ուստի նախընտրում են ապրել մի ինչ-որ վիրտուալ աշխարհում, որտեղ իրականությունը ներկայանում է վարդագույն երանգներով. բանդիտները դառնում են հերոսներ, քանի որ ցանկացած պարագայում նրանցից պրծում չկա, հետևաբար` ավելի լավ է սիրել նրանց, համակերպվել նրանց գոյության հետ: Գանձագողերին ու  պետությունը կործանողներին` նույնպես, իսկ այն մարդիկ, ովքեր աչքի չեն ընկել նման արատներով, մոռացության են մատնվել: Ո՞ւմ են այսօր հետաքրքրում Լուկաշինը, Մյասնիկյանը, Զարոբյանը: Ինչո՞վ են նրանք նշանավոր: Ոչնչով, գուցե միայն նրանով, որ ի տարբերություն Դեմիրճյանի` հանրապետությունն ու ազգը նրանց պատճառով հսկայական վնաս չի կրել:    

Եվ այսպես, ամեն տարվա հոկտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքացիները խոր սգի մեջ են, ընդ որում, կարևոր չէ` իսկապե՞ս են սգում, թե՞ ձևացնում են: Բանականության մթագնման հետևանքով քչերն են առ այսօր փորձել ըմբռնել, թե իրականում ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: Ահաբեկչությո՞ւն: Սովորական սպանությո՞ւն: Գուցե խոշոր պատմական իրադարձությո՞ւն է տեղի ունեցել: Կարծում եմ, այնուամենայնիվ, ճշմարտությունը վերջինի մեջ է, և այսօր կուզեի մտորել այս համատեքստում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը համարենք խոշոր պատմական իրադարձություն, ապա հարկ կա հայացք նետել պատմական փուլերի զարգացման  տրամաբանությանը: Պատմության համառոտ զննումը պարզորոշ ցույց է տալիս, որ պատմական զարգացման բոլոր տեղաշարժերը տեղի են ունեցել միայն իրավական դաշտի կոպտագույն խախտումների պայմաններում: Անսահման երևակայություն է պետք ունենալ Հոկտեմբերյան հեղափոխությունը, ինչպես նաև ֆրանսիական յակոբինյան կամ էլ թերմիդորյան հեղաշրջումները լեգիտիմ իրադարձություններ անվանելու համար: Այստեղ պետք է վերապահում անեմ. քանիցս գրել եմ, որ ոչ լեգիտիմ ցանկացած գործողություն, ցանկացած ակցիա, որ դուրս է գալիս իրավունքի շրջանակներից, կարող է լեգիտիմացվել ժողովրդի մասնակցությամբ, այն է` հեղափոխությամբ, որը խորտակում է գոյություն ունեցող կարգը և նրա ավերակների վրա հիմնում նորը, ավելի կենսունակն ու գործունը: Սակայն ո´չ Հոկտեմբերյան հեղափոխությունը, ո´չ թերմիդորյան հեղաշրջումը, ո′չ ռուսական 1762թ. հեղաշրջումն ու Պետրոս Երրորդի վերացումը, ո´չ 1973թ. չիլիական դրաման ապահովված չէին ժողովրդական մասնակցությամբ, հետևաբար, ոչ լեգիտիմ գործողություններ էին: Բայց անգամ չնայած այդ հանգամանքին, այս բոլոր նշանակալի պատմական իրադարձությունները միտված էին ապագային և, ըստ էության, ազգային-պետական կայացման առաջընթաց քայլ էին: Ինչպես տեսնում ենք, պատմական զարգացումը իրավունքի հետ ներդաշնակություն չի ենթադրում, ավելին, հիմնականում ընթանում է դրա համընդհանուր խախտումների պայմաններում` այնուամենայնիվ` վիթխարի դրական հետք թողնելով պատմության մեջ: Այսօր միայն անհույս «պացիֆիստ»-ապուշները կարող են դատապարտել 1762-ի ռուսական հեղաշրջումը, քանի որ Եկատերինա Մեծն իր «իրավախախտմամբ» փաստորեն փրկեց Ռուսաստանը Պետրոս Երրորդից, իսկ որ նա հարյուրապատիկ գերազանցում էր իր խև ամուսնուն պետական գործչի բոլոր հատկանիշներով` կասկածից վեր է:         

ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Երրորդ Հանրապետության տասնութամյա պատմությունը կարելի է բաժանել մի քանի առանցքային փուլերի.

1. ԽՍՀՄ փլուզումը և ՀՀՇ իշխանության գալը` Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

2. 1993-ին Վազգեն Մանուկյանը վերջնականապես անցնում է ընդդիմադիր դաշտ, սկսվում է երկրի համընդհանուր ֆեոդալականացումը, որպես դաս ի հայտ է գալիս զինվորական օլիգարխիան, ինչը բնորոշ է բացառապես ասիական երկրներին:

3. 1998թ. թավշյա հեղաշրջումը և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը:

4. 1999թ. Վազգեն Սարգսյանի վերացումը և հասարակության ու պետական քաղաքականության մաքրման գործընթացի սկզբնավորման երկչոտ փորձերը:

5. Քոչարյանի կրկնակի հաղթանակը 2003թ. նախագահական ընտրություններում և ազգի ու հասարակության գռեհկացման սկզբունքի արմատավորումը որպես պետական քաղաքականություն:

6. 2008թ. իշխանության է գալիս Սերժ Սարգսյանը:

Այս կետերի կապակցությամբ մի քանի պարզաբանում պետք է անեմ: 1993-ին Վազգեն Մանուկյանի` անհաշտ ընդդիմության շարքերն անցնելը, ըստ էության, հայ նորագույն պատմության երկրորդ բախտորոշ երևույթն էր. եթե 1991թ. երկիրը ձեռք բերեց անկախություն ու Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն արմատական փոփոխություններ մտցրեց հասարակական-տնտեսական ֆորմացիայի ու հանրային գիտակցության մեջ, իսկ հասարակությունում գերակշռում էին ազատ շուկայով ժողովրդավարական եվրոպական հանրապետություն կառուցելու խանդավառ հույսերը, ապա 1993 թվականը վերջնականապես խորտակեց բոլոր ակնկալիքները. Վազգեն Մանուկյանի հեռանալով պետությունը ոտք դրեց ասիական օլիգարխիայի ճանապարհին` ռազմական զգալի թեքմամբ: 1993թ. օգոստոսին Վազգեն Սարգսյանն ստեղծեց երկրապահ կամավորականների ռազմականացված միությունը, որի ներկայացուցիչները պատերազմից հետո ձեռք բերեցին սեփականություն և պատկառելի տեղեր բյուրոկրատիայի մեջ, և որը շուտով ձևավորվեց որպես իրական քաղաքական ուժ: Մի խոսքով` 1993թ. օգոստոսին երկիրը, որ գտնվում էր հայ ինքնության դիխոտոմիայից, այն է` արևմտյան ու արևելյան սկզբունքների հակամարտությունից բխող խոր հակասությունների փուլում, վերջնականորեն ընտրեց ասիականությունը: Ես հակված եմ ընդունել, որ սա իսկապես ճակատագրական ու առանցքային պահ է հայոց պատմության մեջ, քանի որ խորտակվեցին նորմալ պետության կառուցման բոլոր հույսերն ու սաղմերը: Հայաստանը հանձնվեց սպարապետ Վազգենի բանդաների, նորաթուխ օլիգարխիայի և կոռումպացված նոր բյուրոկրատիայի հոշոտմանը: Այդ պահը կարելի է համարել հայ ինքնության ձևախեղումների սկիզբը, որոնց մասին բազմիցս գրել եմ. չէ՞ որ բոլորը գիտեն, որ 1990թ. հայը և այսօրվանը բացարձակապես տարբեր բաներ են: Ջրի երես դուրս եկան հանրային գիտակցության խորքերում թաքնված այնպիսի արատներ, որոնք այժմ որոշիչ են հանդիսանում երկրի քաղաքական իրականության մեջ, իսկ քաղաքակրթական ինքնության արևելյան սկզբունքը վերջնականապես հաղթանակեց արևմտյանի նկատմամբ:

1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալով քիչ բան փոխվեց ներքաղաքական իրականության մեջ: Այն ընդամենը երկիշխանություն ծնեց. Ռոբերտ Քոչարյանը սպարապետ Վազգենի համար անվերապահ հեղինակություն չէր` ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որին սպարապետը ծնկաչոք երդվել էր շան պես հավատարիմ լինել և խոստացել էր սենբեռնարի նման ծառայել նրան, ընդ որում` մինչև կյանքի վերջը: Եվ միանգամայն բնական է, որ բարձրագույն իշխանության շարքերը պառակտվեցին, ինչը խնամքով թաքցվում էր հասարակությունից, թեև դա տեսանելի էր անգամ անզեն աչքով: Երկիշխանության հետևանքը հանդիսացան «Միասնություն» դաշինքի ստեղծումը և իրական իշխանության` Սարգսյան-Դեմիրճյան երկյակի ձեռքն անցնելը. այս ողջ մղձավանջն ավարտվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին:

Այդ օրը Հայաստանը նոր դարաշրջան մտավ. վախճանվեց զինվորական օլիգարխիայի նահապետը և երկրի ասիական-օլիգարխիական պետական կարգի ճարտարապետներից մեկը: Խելամիտ կլիներ ենթադրել, որ շուտով սկսվելու է այդ կարգի ապամոնտաժումն ու երկրի ապաօլիգարխացումը: Սակայն դա տեղի չունեցավ. երկրում ընդամենը պակասեցին բռնությունն ու կամայականությունը, քանի որ ո´չ Ռոբերտ Քոչարյանը, ո´չ Սերժ Սարգսյանն իրենց բնույթով խմբապետ չէին. նրանք խորհրդային կուսակցական ֆունկցիոներներ էին:

Սպարապետ Վազգենի թողած «ժառանգության» ու Քոչարյան-Սարգսյանի միջև թաքուն հակամարտությունն ընթանում էր դանդաղ, անաղմուկ, ընդհուպ մինչև այն պահը, քանի դեռ ասպարեզ չէր ելել հայ ժողովրդավարության «հայրը»` Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր շատ են խոսում, որ առաջին նախագահի ու, ասենք, գեներալ Մանվել Գրիգորյանի միությունն անբնական էր, բայց դա այդպես չէ: Պարզ է, որ ոչ մի գաղափարախոսական կամ քաղաքական հիմնավորում այդ միությունը չունի, սակայն կա մի բան, որ մարդկանց ավելի քան մերձեցնում է` արյան կանչը: Ինչպես բռնությունն ու անմարդկայնությունը, այնպես էլ կամայականությունն ու ամենաթողությունը Տեր-Պետրոսյանի և նրա ու Վազգենի «աճեցրած» երկրապահների հոգևոր աշխարհի սուբստանցն են: Իսկ որոշ, այդ թվում և կարևոր (ասենք, տարածքային զիջումներ և այլն) հարցերի շուրջ տարաձայնությունները չեն կարող խոչընդոտ դառնալ այդ միության վերակենդանացման համար: Այսպիսով, մնալով առանց սպարապետ Վազգենի ու Տեր-Պետրոսյանի, ուրեմն և առանց հոգևոր հենարանի` զինվորական օլիգարխիան ու նրան հոգեհարազատ սոցիալական խմբերը հայտնվեցին առկախ վիճակում: Դա անբնական վիճակ էր, դրա համար էլ դրա վերջը եկավ, իսկ որ այդ վիճակը պահպանվում էր գրեթե ինը տարի, ընդամենը հետևանքն էր այն բանի, որ երկրի ղեկավարությունը չէր ցանկանում հիմնովին փոխել իրավիճակը. երկու կողմերն էլ համակերպվել էին ստեղծված իրականությանը:

Եվ այսպես, գլխավորը, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, զինվորական օլիգարխիայի և խմբապետության կորիզի վերացումն էր, ինչը նախադրյալներ ստեղծեց երբևէ` ապագայում, երկրի մաքրման ու օլիգարխաթափման համար: Ապագան եկավ 2008թ. փետրվարին: 

Ասում են` հոկտեմբերի 27-ը երկիրը հետ մղեց, այն դարձավ ավելի վատը, իսկ այ Դեմիրճյանի ու սպարապետ Վազգենի հետ Հայաստանը շատ ավելի լավը կլիներ: Մասնավորապես, այս տեսակետն էր սիրում արտահայտել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թեև հոգուն մեղք էր անում, քանի որ ինքն էլ հիանալի հասկանում էր, որ գոյություն չուներ երկիրը ճգնաժամից դուրս բերելու` սպանված գործիչներին հայտնի որևէ դեղատոմս, որը հայտնի չլիներ երկրի ցանկացած շարքային քաղաքացու: Պատմությունը պայմանական եղանակ չունի, սակայն եթե այնուամենայնիվ փորձենք պատկերացնել Հայաստանի ներկան Դեմիրճյան-Սարգսյան տանդեմի առկայությամբ, ապա միանշանակ կարելի է ասել, որ երկիրն այսօր հայտնված կլիներ մոնղոլ-թաթարական լծի պայմաններում: Վազգեն Սարգսյանը չէր սիրում կիսել իշխանությունն ու սեփականությունը որևէ մեկի հետ, իսկ թե ինչ արեց նա վեցամսյա վարչապետության օրոք, հայտնի է յուրաքանչյուրին: Մասնավորապես, հասցրեց վերաբաշխել ֆինանսական հոսքերի մեծամասնությունը (օրինակ, հայտնի ձեռներեց Միքայել Բաղդասարյանն այդ շրջանում փախուստի մեջ էր, ինչպես, ի դեպ, նաև շատերը), կոշտ հսկողություն սահմանեց բոլորի ու այն ամենի վրա, ինչը շնչում էր երկրում, ստեղծվում ու գողացվում... Տարօրինակ է, բայց Տեր-Պետրոսյանն էլ է սիրում օգտագործել «մոնղոլ-թաթարական լուծ» բառակապակցությունը: Պատահմա՞մբ չէ:  

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

1999թ. հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը յոթին մոտ ինձ զանգահարեց հայտնի հանրապետական-նժդեհականներ Գալուստ Սահակյանի և Աշոտ Աղաբաբյանի ազգականը: Ասաց, որ ուրախալի նորություն ունի, բայց ոչ մի կերպ չի կարող կիսվել դրանով: Հետո այլևս չդիմացավ ու հայտնեց, որ խորհրդարանում գնդակահարել են Վազգենին ու էլի ոմանց, և նույն պահին էլ առաջարկեց խմել այդ «ուրախալի» իրադարձության առիթով: Ես անմիջապես միացրի ռուսական հեռուստատեսության առաջին ալիքը, և նորությունների թողարկման մեջ հաղորդավարը շփոթված հաղորդում էր, թե Հայաստանում անհավանական ինչ-որ բան է տեղի ունեցել. ահաբեկիչների ավազակախումբը խուժել է խորհրդարանի շենք և կրակ բաց արել մի խումբ մարդկանց վրա, կան տվյալներ, որ սպանվել է վարչապետ Վազգեն Սարգսյանը և այլն, և այլն: Քիչ անց հայկական հեռուստատեսությունն արդեն ընդունել էր սպանության փաստը և ժամը մեկ քաղաքացիներին տեղեկացնում էր կատարվածի, ահաբեկիչների հետ բանակցությունների, միջազգային հանրության արձագանքների և այլնի մասին: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հետագայում պատմել է այդ օրվա իր տպավորությունների մասին: Այսինքն` նա կարծում էր, թե տեսնելու է վրդովված մարդկանց, իսկական վիշտ ու սուգ, բայց ականատեսն է եղել իրենց գործին շտապող անտարբեր երևանցիների: Սոս Սարգսյանը վշտացած էր այն բանից, որ մեր հայրենակիցները կորցրել են քաղաքացիականությունը, որ 1988թ. նրանք այդպիսին չէին և այլն, և այլն: Նա, իհարկե, իրավացի էր, բայց այս ողբերգության հանդեպ երկրի քաղաքացիների անտարբերությունն այլ բացատրություններ էլ ուներ: Ահաբեկչության նկատմամբ վերաբերմունքով ժողովուրդը ցույց տվեց իր իսկական ու ճշմարիտ կարծիքը երկրի բարձրագույն իշխանության, խմբապետության ու օլիգարխիայի հանդեպ: Դե, իսկ հետո, հուղարկավորության օրը, ինչպես ընդունված է, ժողովրդին «քշել» էին մասնակցելու սգո արարողություններին (հանուն արդարության պետք է ասել, որ գալիս էին նաև իրենց կամքով, սուր զգացողությունների համար):    

Հանրապետական պատգամավորներից մեկը, վերջերս, մի սեղանի շուրջ ինձ ասաց, թե ինքն ինձնից երջանիկ է և անձնական երջանկության մեջ իր առավելությունն իմ նկատմամբ բացատրեց նրանով, որ անձամբ է տեսել, թե ինչպես են գնդակահարում Վազգենին և անարգանքի ենթարկում նրա մեռած մարմինը: Նա ասաց, որ ճակատագիրն իրեն ավելի մեծ հաճույք ու բավարարություն պատճառել չէր էլ կարող: Առհասարակ, նողկում եմ նման անկեղծությունից, թեկուզև այն պատճառով, որ անկեղծանում են նրանք, ովքեր կերակրվել են ռեժիմի կողմից, բայց հրճվում են դրա սյուներից մեկի կործանմամբ, քանի որ ժամանակին ծեծ են կերել նրանից: Իսկ որպես Հայաստանի շարքային քաղաքացի ես ականատեսն եմ եղել համընդհանուր ցնծության (թեև լռելյայն)` ահաբեկչության հետ կապված: Ահա և այսպես էլ ապրում են հայերը. կարծես թե բոլորն են երջանիկ այս նույն առիթով, սակայն միևնույն ժամանակ սգում են նրա համար, քանի որ այլ կերպ չի կարելի, գեղեցիկ չէ, պատշաճ չէ...  

POST SCRIPTUM

Ես, անշուշտ, դատապարտում եմ հոկտեմբերի 27-ի ահաբեկությունը` որպես քրեորեն պատժելի արարք: Սակայն, այնուամենայնիվ, այդ իրադարձությունը համարում եմ պատմական ու բեկումնային Հայաստանի ազգային-պետական կայացման երկար ու տաղտկալի գործընթացում: Պատմական զարգացումը բարդ գործընթաց է, և իր ընթացքի մեջ ոչինչ չի ընդունում, ներառյալ նաև իրավունքը, բացի նրանից, ինչ նախատեսված է ի վերուստ, ինչ օբյեկտիվորեն անհրաժեշտ է ու պահանջն է ժամանակի:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am