Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականություն
Հոկտեմբեր 2008, N 7

ԳԼՈԲԱԼ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Հայկ Վարշամունի, աշխարհագրագետ, հրապարակախոս

Վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական գործընթացները Կովկասում երբեք այսքան արագ չեն զարգացել։ Ընդ որում՝ սույն պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե սառեցված կամ ձգձգվող գործընթացներին, այլ տարածաշրջանային ուժերի դասավորվածության ու գերակայությունների սկզբունքային փոփոխությանը։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների ֆոնին, անգամ այնպիսի լուրջ հարցեր, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացն է՝ Մինսկի խմբի շրջանակներում, կամ՝ նախագահական ընտրություններն Ադրբեջանում, կորչում են տարածաշրջանային վերադասավորումների ավելի թարմ հայեցակարգերի ջրապտույտում։ 

Ամռան սկզբին քչերը կարող էին ենթադրել, որ այնպիսի լուրջ քաղաքական դերակատարի, ինչպիսին ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին է, այցը Բաքու կարող էր այդքան տխուր արդյունք ունենալ։ Այն լիակատար ձախողման ենթարկվեց, ընդ որում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անգամ հարկ չէր համարել օդանավակայանում դիմավորել բարձրաստիճան հյուրին։ Չեյնիին չդիմավորեցին նույնիսկ Ադրբեջանի վարչապետի մակարդակով։

Այնպես որ՝ նա սկզբում հանդիպման գնաց «BP-Ադրբեջան» ընկերության նախագահ Շրեդերի և Chevron-ի ադրբեջանական մասնաճյուղի թոփ-մենեջերի հետ, այնուհետև այցելեց Բաքվի ամերիկյան դեսպանատուն և կարճ զրույց ունեցավ դեսպան Էն Դերսիի հետ։ Ադրբեջանի նախագահի նստավայրում Չեյնին հայտնվեց արդեն երեկոյին մոտ։ Այնքան սրտնեղած էր, որ անգամ հրաժարվեց մասնակցել իր պատվին տրվող ընթրիքին և Բաքվից մեկնեց Թբիլիսի։ 

Այս ամենն ավելի քան տարօրինակ է թվում, քանի որ հենց Դիք Չեյնին էր, որ Բուշ-ավագի վարչակազմում պաշտպանության նախարար լինելով՝ փոքր դեր չէր ունեցել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական հարաբերությունների հաստատման գործում։ 1998թ. նոյեմբերին, երբ ԱՀՆՊԸ առաջին փոխնախագահ Իլհամ Ալիևն այցելեց ԱՄՆ, Չեյնին նրա պատվին Ամերիկա-ադրբեջանական գործընկերության հիմնադրամում և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտում պաշտոնական այցելության կազմակերպիչներից մեկն էր։

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարն այն ժամանակ իր ելույթում նշել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է վճռական քայլեր նախաձեռնի 907-րդ հոդվածը հանելու համար։ «Իհարկե, տարածաշրջանի որոշ հարևաններ դեպքերի նման զարգացում չէին ցանկանա,- նշել է Չեյնին՝ ակնարկելով Հայաստանը:- Ավելին, նրանք ընդհանրապես չէին ուզենա տեսնել անկախ և ուժեղ Ադրբեջան»:

Զարմանալի չէ, որ երբ Ջորջ Բուշ-կրտսերն առաջադրեց Չեյնիի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում, ԱՄՆ հայկական սփյուռքը տարակուսանքի մեջ ընկավ։ Սփյուռքի ղեկավարներից մեկը՝ Մայքլ Մահդեսյանը, հայտարարեց. «Երկրի հայերը՝ հանրապետականները և դեմոկրատները, խիստ անհանգստացած են։ Դիք Չեյնին իր բոլոր պաշտոններում ոչ միայն խոշոր նավթային բիզնեսի շահերին էր ծառայում, այլ նաև ագրեսիվորեն առաջ էր մղում ադրբեջանական շահերը՝ ի վնաս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի»:

Ամերիկահայերի կարծիքով՝ Չեյնին միշտ, այդ թվում և Ներկայացուցիչների պալատի անդամ եղած ժամանակ, հակառակվել է հայկական լոբբիի առաջարկներին։ Այսպես, 1985 և 1987թթ. նա քվեարկել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեմ։ Պաշտպանության նախարար դառնալով՝ Չեյնին, ԱՄՆ հայերի կարծիքով, աջակցել է Թուրքիային մեծ քանակությամբ ռազմատեխնիկա մատակարարելու գործին։ Halliburton-ի ղեկավարի պաշտոնում այժմյան փոխնախագահը շատ բան է արել՝ հասնելու 907-րդ հոդվածից հրաժարվելուն։ Իր ջանքերի համար, ինչպես նկատել է ամերիկահայ համայնքը, 1997թ. Ամերիկա-ադրբեջանական առևտրային պալատը Դիք Չեյնիին շնորհել է «Ազատության աջակցության համար» մրցանակ։ Եվ, այնուամենայնիվ, նրա վերջին այցը Բաքու ձախողվեց։ Այս ամենը վկայում է, որ տարածաշրջանում իսկապես փոխվում են իրողությունները։  

Գտնվելով Բաքվում՝ Դիք Չեյնին տեղեկացրել է Իլհամ Ալիևին, որ ԱՄՆ-ը աջակցելու է տարածաշրջանի իր դաշնակիցներին և մտադիր է հետագայում ևս շարունակել տրանսկասպյան գազատարի անցկացումը՝ Ռուսաստանի շրջանցմամբ։ Սակայն, Իլհամ Ալիևը հասկանալ է տվել, որ թեև գնահատում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները, բայց Մոսկվայի հետ վիճել չի պատրաստվում։ Ըստ էության, դա նշանակում էր, որ ներկա պայմաններում Բաքուն որոշել է սպասողական դիրք գրավել և չարագացնել Nabucco-ի իրագործումը։

Չեյնիի Բաքու այցի նախօրեին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև, որի ընթացքում «երկու պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգային հարցերի շուրջ, ինչպես նաև՝ քննարկել են նախատեսվող քաղաքական շփումների գրաֆիկը»: Բայց այդ «պրոտոկոլային» նախադասությունների հետևում շատ բան է թաքնված։ Անցած ամռանը ռուսական «Գազպրոմն» առաջարկել է գնել ադրբեջանական գազը՝ ցանկացած ծավալով և եվրոպական գներով։ Նման առաջարկից դժվար է հրաժարվել, և դրա ընդունման դեպքում՝ Nabucco-ն Ադրբեջանին պետք չի լինի։

Կարևոր է նաև մեկ այլ բան։ Բոլորովին վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ (որի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը և Կենտրոնական Ասիայի հանրապետությունները՝ բացի Թուրքմենստանից) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավորությունը՝ ՀԱՊԿ-ին նրանց անդամակցության համատեքստում։ Այդ հարցի շուրջ նախնական փոխհամաձայնություն է ձեռք բերվել, սակայն, մի բացառությամբ։ Հայտնի է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր. «Հայաստանը չի կարող ճանաչել համանման դրության մեջ գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ նույն պատճառով Հայաստանը ժամանակին չի ճանաչել Կոսովոյի անկախությունը»:

Երևանը հասկանալ տվեց ՀԱՊԿ իր դաշնակիցներին, որ կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման դիմաց։ Իսկ դա անել չի կարող Ռուսաստանը, որն Ադրբեջանում կարևոր էներգետիկ շահեր և, հավանաբար, այս հաշվով ինչ-որ պայմանավորվածություններ ունի ադրբեջանական ղեկավարության հետ։ Պետք է ենթադրել, որ Մոսկվան Բաքվին երկընտրանք է առաջարկել.

ա) կամ Ադրբեջանը մասնակցում է Nabucco-ին և արևմտյան այլ նախագծերին՝ ի վնաս Ռուսաստանի,

բ) կամ «Գազպրոմը» միջազգային գներով գնում է ադրբեջանական գազը, և Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։   

Դժվար չէ հասկանալ, թե ինչ պրագմատիկ ընտրություն պետք է կատարեր Ադրբեջանը։ Ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Ռուսաստանը ձեռք բերեց այդ երկրի վրա ազդեցության հզորագույն ղարաբաղյան լծակը։ Բաքվում ամեն ինչ հասկացան ինչպես հարկն է։ Այստեղից էլ՝ այն սառը ընդունելությունը, որ ցուցաբերվեց Դիք Չեյնիին, և խնդիրները, որ հավանաբար կսպասեն Nabucco նախագծին։

Եվ ընդհակառակը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Վաշինգտոն կատարած այցելության շրջանակներում՝ Սպիտակ տանը հանդիպել է Դիք Չեյնիի հետ։ Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հետ կապված։ Մասնավորապես, անդրադարձել են վրաց-օսական հակամարտության ժամանակ Հայաստանի տնտեսության կրած վնասի, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երևան այցելության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի թեմաներին։    

Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է իրագործել բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Նա վտանգավոր է համարել այն հայտարարությունները, որոնցում խոսվում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և անտեսվում են ընդունված այլ սկզբունքներ, ինչի արդյունքում՝ հակամարտության լուծման ոչ ճիշտ պատկերացումներ և ակնկալիքներ են ձևավորվում։ Հնարավոր է՝ արդեն շատ շուտով պաշտոնական Վաշինգտոնը բարի ժեստ կատարի Հայաստանի հանդեպ։ Բայց թե ինչպիսին կլինի այն՝ այսօր դժվար է կանխատեսել...

***

Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն անցել են այն ժամանակները, երբ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի անսպասելի այցը պաշտոնապես ներկայացվում էր որպես «կողմերի միջև մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածություն»: Ներկայում նման բացատրությունները քչերին համոզիչ կթվան՝ անկախ, անգամ, հետո արված հայտարարությունների արդարացվածության աստիճանից։ 

Տարածաշրջանում կտրուկ սրված լարվածության պատճառով` նման այցերը նույնչափ անսպասելի են, որչափ և սպասելի։ Հիմա տարածաշրջան կարող է այցելել ով ասես և որտեղից ասես, քանի որ Հարավային Կովկասի «քաղաքական վերաբաժանմամբ» շահագրգիռ երկրների միջև հակասությունները հասել են գագաթնակետին։

Տարածաշրջանում քաղաքական գործընթացների զարգացման արդի փուլի բնութագրերից մեկն է այն, որ զուգահեռաբար Երևան էին այցելել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։

Հոկտեմբերի 20-ին, Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցելության օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Սիմոնսի հետ և նշել, որ «Եվրոպական ուղղվածությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գերակայություններից մեկը, իսկ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ դրա կարևորագույն տարրն է»: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև, որ Երևանը կշարունակի փոխգործակցությունը Եվրատլանտյան դաշինքի հետ՝ դա դիտարկելով որպես հանրապետության անվտանգության բաղադրիչ։

Հավանաբար հենց դրա համար էլ Ռուսաստանի ղեկավարն իր երևանյան ելույթում ուշադրությունը կենտրոնացրել է ռազմավարական գործընկերների համաձայնեցված միջազգային քաղաքականության անցկացման անհրաժեշտության վրա։ Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, հայտարարվում է ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքի, այլ, ընդհակառակը, Մոսկվայի դաշնակից։

«Համաձայնեցված գործողությունները միջազգային ասպարեզում անվտանգության, և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում մեր դիրքերի ամրապնդման լուրջ գործոն են, և վերջին տարիներին դա հատկապես նկատելի է դառնում»,- ընդգծել է Մեդվեդևը։

Ռուսական «Ռեգնում» գործակալությունն այս առիթով հրապարակել է անանուն քաղաքագետի կարծիքը. «Եթե Ռուսաստանի նախագահը Հայաստանի նախագահի հետ հանկարծ խոսում է «համաձայնեցված գործողությունների» անհրաժեշտության մասին, նշանակում է, որ Հայաստանը պարզապես իր արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ բանում Ռուսաստանին կանգնեցրել է փաստի առջև՝ նախապես չնախազգուշացնելով նրան։ Եվ Ռուսաստանը դիվանագիտորեն ցույց է տալիս, որ Հայաստանի նման գործողությունները չեն օգնում հավաքական անվտանգությանը և թուլացնում են նրա դիրքերը տարածաշրջանում և աշխարհում։ Մնում է կռահել, թե Հայաստանի այդ որ «անհամաձայնեցված» քայլերն են, որ «չեն ամրապնդել» նրա դիրքերը և ստիպել են Ռուսաստանին հիշեցնելու  անվտանգության մասին, որի երաշխավորն է իրեն համարում։ Կարելի է ենթադրել, որ այդ նրբիմաստ դիվանագիտական նախադասությամբ Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ակնարկել է այն մասին, որ Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանի քաղաքականության «չհամաձայնեցված բազմավեկտորությունը», որը նվազեցնում է Ռուսաստանի նշանակությունը որպես նրա անվտանգության երաշխավորի»:

Այսպես է, թե ոչ՝ դժվար է պնդել, սակայն պարզ է, որ Ռուսաստանը չի կարող բավարարել Երևանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացման գործընթացը։ Իրավիճակն, իրոք, բոլորովին էլ միանշանակ չէր. մի կողմից՝ հենց ռուսական սահմանապահ ջոկատներն են պաշտպանում (հայ սահմանապահների հետ միասին) Հայաստանի պետական սահմանը (ընդ որում՝ չորս սահմանապահ ջոկատներից երեքը տեղակայված են հայ-թուրքական սահմանին), մյուս կողմից՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հիմնականում գրվել է ԱՄՆ-ում։

Նման հակասությունների թվարկումը կարելի է շարունակել. մասնավորապես, Երևանից 100 կմ հյուսիս գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանը, փաստորեն, հանդիսանում է Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն մեխանիզմներից մեկը, մյուս կողմից՝ հայկական զինվորական համակազմը, հակառակ Մոսկվայի դիրքորոշման, գտնվում է Իրաքում։ Միանգամայն հավանական է, որ խոսելով «միջազգային ասպարեզում համաձայնեցված գործողությունների» անհրաժեշտության մասին՝ Դմիտրի Մեդվեդևը հասկանալ է տվել Հայաստանի ղեկավարին, որ Ռուսաստանը մտադիր չէ անվերջ հաշտվել նման հակասությունների հետ, և որ ժամանակն է, որ Հայաստանի նոր նախագահը կողմնորոշվի։ Այլ խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի «կոմպլեմենտար քաղաքականությունը» փոխակերպել Սերժ Սարգսյանի «միավեկտոր» քաղաքականության։

Հիմքեր կան ենթադրելու, որ հայ-ռուսական բանակցությունների ընթացքում դիտարկվող հիմնական հարցը վերաբերում էր Երևանի արտաքին քաղաքական վերջնական և առավել հստակ կողմնորոշմանը։ Մյուս բոլոր խնդիրները, այդ թվում՝ Ղարաբաղյանը, հանդես էին գալիս այս ընդհանուր ֆոնին։ Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել է Մոսկվա, ինչով, հավանաբար, որոշել է առաջ անցնել Վաշինգտոնից։

Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկվում էր որպես Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման ավելի երկար շղթայի առանձին օղակ։ Նման օղակներից էին նաև տնտեսական և, առաջին հերթին, հաղորդակցային հարցերը։

Իհարկե, Ռուսաստանի նախագահի այցը չանցավ առանց հայ-ռուսական ավանդական հարաբերությունների մատնանշման. դրանց նշաձողը պատմականորեն խիստ բարձր է։ Այս առիթով ահա թե ինչ է ասել ադրբեջանցի հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը Day.az. գործակալությանը. «Մենքչպետքէ  շփոթենքերկուբան. համակրանքնուշահերը: Գրեթեողջ քրիստոնեական աշխարհը՝ արևմտյան երկրներից մինչև Ռուսաստան, համակրում է հայերին, և եթե աշխարհում ամեն ինչ հիմնվեր համակրանքի վրա, ապա Լեռնային Ղարաբաղը վաղուց անկախ ճանաչված կլիներ կամ կգտնվեր Հայաստանի կազմում։ Բայց միջազգային հարաբերությունները կառուցվում են ազգային և պետական շահերի հիման վրա։ Իսկ այստեղ արդեն ստիպված են հաշվի նստել նաև Ադրբեջանի շահերի հետ։ Եվ շատ չափորոշիչներով՝ Ադրբեջանն այսօր ավելի կարևոր է ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի երկրների կամ այդ նույն Ռուսաստանի համար, քան Հայաստանը և հայերը...»:

Ռուսական «Независимая газета»-ն, իր հերթին, նշում է, որ «Մոսկվան կարող է որոշակի հարցեր ունենալ Երևանին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ ունեցած դիրքորոշման վերաբերյալ։ ՀԱՊԿ գագաթաժողովում քննարկելով Թբիլիսիի ագրեսիան՝ Հայաստանը շուտով հայտարարեց իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Դա տեղի ունեցավ սեպտեմբերի վերջին, Սերժ Սարգսյանի՝ Վրաստանի մայրաքաղաք այցելության ժամանակ»:

Կարծիք կա, թե հոկտեմբերի 3-ին Երևանում գտնվող Սերգեյ Լավրովը փորձում էր հստակեցնել այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը։ Եվ հնարավոր է, չհասնելով ցանկալի արդյունքի՝ մի քանի օր անց, «Российскаяа газета»-ին տված հարցազրույցում մի հայտարարություն է արել, որը, հայ քաղաքագետների խոսքերով, «սառը ցնցուղ է եղել Երևանի համար»:

Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Российскаяа газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանն, ըստ էության, շրջափակված է Ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Հայաստանը արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու մեծ դժվարություններ ունի։ Հայ ժողովրդի արմատական շահերից է բխում՝ որքան հնարավոր է շուտ վերացնել այս իրավիճակը։ Աշխարհագրական և քաղաքական ելքերն իրականում շատ չեն»:

Այս հայտարարության շեշտադրումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այնքան էլ համարժեք չի ըմբռնում տեղի ունեցողի դինամիկան և բնույթը։ Հայաստանն «ըստ էության շրջափակված» է դեռ խորհրդային ժամանակներից՝ 1989-1990թթ.։ Եթե խորհրդային շրջանում հանրապետությունը ԽՍՀՄ միակ սուբյեկտն էր, որ շրջափակված էր միութենական հարևան սուբյեկտի (Ադրբեջանական ԽՍՀ-ի) կողմից, ապա ներկայում Հայաստանը Եվրոպայի խորհրդի միակ անդամն է, որ շրջափակված է միանգամից նրա երկու անդամների (Թուրքիայի և Ադրբեջանի) կողմից։

1998-ից պաշտոնական Անկարան (մասնավորապես) հնարավոր ապաշրջափակման համար մի քանի նախապայման է առաջադրել, որոնց թվում առաջնային էին՝

ա) Հայաստանի ղեկավարության հրաժարումը ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքականությունից,

բ) հայկական զինվորական ստորաբաժանումների դուրսբերումը վերահսկվող տարածքներից և խորհրդային սահմանների շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Չնայած վերջին տարիներին այդքան ակնհայտորեն ծավալվող իրողություններին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 7-ին հայտարարեց. «Հենց որ Ղարաբաղյան կարգավորումն իրողություն դառնա, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին՝ բնականոն կապեր հաստատելու արտաքին աշխարհի հետ՝ բնականաբար, Անկարայի և Երևանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։ Այն խնդիրները, որ ունեցել է Հայաստանն այդ ճգնաժամի (վրաց-օսական - Armenianow) ընթացքում Վրաստանի տարածքով ապրանքների անխափան տարանցման դժվարությունների հետ կապված, պարտադրում են շուտափույթ կարգավորման անհրաժեշտություն ու հրատապություն։ Հայկական կողմի համար սկզբունքորեն կարևոր է խուսափել նման խափանումներից։ Այստեղից էլ՝ Երևանը շահագրգռված է, որպեսզի որքան հնարավոր է շուտ լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, ինչը ոչ միայն միջոց կծառայի Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման, այլև Թուրքիայի տարածքով արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապերի բացման համար»:

Այսպիսով, Լավրովի խոսքերից երևում է, որ շնչահեղձ եղող Հայաստանը պատրաստ է դիմել ամեն ինչի, միայն թե բացվեն սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի հետ։ Ի դեպ, Մոսկվան իրեն թույլ չէր տալիս նման հայտարարություններ անել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Արդյո՞ք սա նշանակում է, թե հայկական ներկայիս ղեկավարությունը գնում է Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած դիրքորոշումների մեղմացման։ Հիշեցնենք, որ դրանք ձևակերպվել էին հետևյալ կարպ.

ա) Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս,

բ) Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել անկլավ, ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ընդհանուր սահման ունենան,

գ) Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է երաշխավորվի միջազգային մակարդակով։    

Ինչևէ, Սերգեյ Լավրովը ոչ երկիմաստորեն նկատել է, թե «մինչև կովկասյան ճգնաժամը մշակվել էր մի բովանդակալից փաստաթուղթ, որը ներկայացնում է կարգավորման գրեթե բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները»: Նա նաև ավելացրել է. «Չլուծված են մնացել երկու-երեք հարց, որոնք կհամաձայնեցվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումների ժամանակ: Նախևառաջ, խոսքը Լաչինի միջանցքի մասին է: Եվ մեր` որպես երեք միջնորդներից մեկի, զգացողությունն այնպիսին է, որ լուծումը միանգամայն իրական է»:

Լաչինի միջանցքը հենց այն հաղորդակցային կետն է, որը միացնում է ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` Հայոց աշխարհի երկու մասերը: Հայկական իշխանությունները մինչ այդ նշում էին, որ այդ միջանցքի ճակատագիրը թեև քննարվում է առանձին կետով, բայց վիճարկման ենթակա չէ: Այնինչ, ինչպես երևում է ռուս նախարարի խոսքերից, լավ էլ՝ վիճարկվում է:

Հավանաբար, որոշ պատասխաններ պետք է տար նույն օրը ադրբեջանական Day.Az. գործակալությանը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցը: «Հայաստանի դիրքորոշումը, Թուրքիայի հետ մերձեցման առնչությամբ, միշտ պարզ ու հստակ է եղել,- նշել է վարչապետը:- Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանի: Ըստ երևույթին` ինչ-որ մեկին ձեռնտու է իրավիճակն այլ կերպ մեկնաբանել»:

Որոշ վերլուծաբաններ ուշագրավ են համարում այն, որ իր հարցազրույցում Տիգրան Սարգսյանը չի ընդգծել հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ: Այնինչ, այդ մասին հայտարարում էին և´ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանն իր վարչապետության օրոք, և´ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Այլ խոսքերով` ներկայիս վարչապետը չհայտարարեց, որ.

ա) Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս,

բ) Լեռնային Ղարաբաղը չի կարող անկլավ լինել, ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ընդհանուր սահման ունենան:

***

Հատուկ ուշադրության է արժանի Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոկտեմբերի 1-ի, բոլորովին էլ ոչ պատահական, հայտարարությունը. «Թուրքիան իրավունք չունի առաջարկել իր դերը, որպես միջնորդի, Ղարաբաղյան հակամարտությունում, քանի դեռ չի բացել սահմանը Հայաստանի հետ և չի վերականգնել երկաթուղային կապը: Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիան արտաքուստ ջանում էր իրեն որպես միջնորդ ձևացնել Ղարաբաղյան հակամարտությունում»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 63-րդ նիստի շրջանակներում, սեպտեմբերի 26-ին կայացել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային գործընթացների և կովկասյան պլատֆորմ ստեղծելու թուրքական նախաձեռնության շուրջ: Ղարաբաղյան թեմայի քննարկումների ժամանակ էլ պաշտոնական Անկարան, Վարդան Օսկանյանի կարծիքով, փորձում էր միջնորդի տպավորություն թողնել:

«Դա միանշանակ հանգեցնում է տարածաշրջանում Թուրքիայի դերի և իմիջի բարձրացմանը, սակայն, որքան ես հասկացա, հանդիպման օրակարգում ներառված էին միայն տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Կովկասում անվտանգության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը»,- նշել է Օսկանյանը: Նախկին նախարարի կարծիքով` ներկա իրավիճակով Թուրքիան տեղ չունի Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում, քանի դեռ բաց չէ սահմանը Հայաստանի հետ և չի գործարկվում երկաթուղին երկու երկրների միջև: Նա նշել է, որ ներկա իրավիճակում հայ դիվանագիտությունը չպետք է թույլ տա, որ Անկարան հանդես գա միջնորդական նախաձեռնությամբ կամ իր համար համապատասխան իմիջ ձևավորի. «Թուրքիան այդ դերի իրավունքը չունի, քանի որ հակամարտության մասնակից է հանդիսանում Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է նա:

Օսկանյանը հիշեցրել է, որ 10 տարի, ղեկավարելով արտաքին քաղաքական գերատեսչությունը, տիրապետել է տեղեկատվության, որը հասու չէ շարքային քաղաքացիներին: Այս առումով, նա չի բացառել, որ տվյալ փուլում կա մի գաղտնիք, որը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ինչի մասին գիտեն միայն Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հույս է հայտնել, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը և երկաթուղային հաղորդակցության վերականգնումը տեղի չեն ունենա ի հաշիվ Ղարաբաղյան հարցում զիջումների:

Նախկին նախարարն ընդգծել է, որ իր համար նորություն չեն օրերս Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Բաքվում արած հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի զիջումների անհրաժեշտության մասին, և նշել է, որ թուրք պաշտոնյաները նման հայտարարություններ անում են վերջին տասը տարիների ընթացքում: «Ես ցավով եմ ընդունում միայն այն փաստը, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կապվում է Ղարաբաղի և հարակից տարածքների հարցի հետ»,- ընդգծել է նա:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան հրավիրելու որոշումը՝ Օսկանյանը նշել է, որ հրավերի ճիշտ լինելը կերևա մոտ ժամանակներս։ «Ինձ համար գնահատականները միանշանակ են. հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մեջ միայն մի չափանիշ կա՝ երկու երկրների միջև սահմանի բացումը կամ էլ երկաթուղային կապի վերականգնումը»: Նա նշել է, որ եթե մոտ ժամանակներս հայ-թուրքական սահմանը բացվի կամ վերագործարկվի պետությունների միջև երկաթուղային հաղորդակցությունը, հրավերը կարելի է ճիշտ քայլ համարել։ Հակառակ պարագայում, Օսկանյանի խոսքերով, կստացվի, որ Թուրքիան ընդամենը շահարկել է իրեն տրված հնարավորությունը։

Դեռ 2007թ. պաշտոնական Երևանն իրատեսորեն հույս ուներ վերականգնել Հայաստանի ցամաքային՝ երկաթուղային կապն արտաքին աշխարհի հետ։ Վերջին ժամանակներս հետազոտվում էր Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական տեղամասը, որը դեռևս 13-15 տարի առաջ ապահովում էր Հայաստանի կապը Ռուսաստանի և Եվրոպայի երկրների հետ։

Երկաթուղու աբխազական տեղամասը փակվեց պաշտոնական Թբիլիսիի կողմից՝ Աբխազիայի տարածքում վրաց-կովկասյան զինված հակամարտության հետևանքով։ Երևանը քանիցս հայտարարել է իր համար կենսական կարևորություն ունեցող այդ տեղամասի ապաշրջափակմանն օժանդակելու պատրաստակամության մասին։ Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ վրացական ղեկավարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ աբխազական հատվածում երկաթուղային հաղորդակցության բացակայությունն առաջին հերթին շրջափակում է Հայաստանը. «Աբխազիան անկլավ չէ, և այն կապված է Ռուսաստանի հետ և՛ ցամաքային ճանապարհով, և՛ ծովով,- նշում էր Հայաստանի ղեկավարը։- Այս իրավիճակում այնքան էլ հասկանալի չէ աբխազական շրջափակման իմաստը։ Միակ երկիրը, որ իրական վնասներ է կրում դրանից՝ Հայաստանն է»:

Չնայած այս հատվածում ուղևորաբեռնափոխադրումների վերականգնման կարևորության մասին պաշտոնական Երևանի բազմակի հայտարարություններին՝ Թբիլիսին միշտ այս հարցը դիտարկել է աբխազական ողջ հիմնախնդրի լուծման համատեքստում և պնդել է առաջին հերթին Աբխազիայի Գալիի շրջան վրացի փախստականների վերադարձի հարցը։ Երկար ժամանակ հայկական կողմը փաստարկված լավատեսության հիմքեր չուներ։ Բայց 2005թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. «Վրացական կողմը համաձայնել է գործարկել Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական տեղամասը»: Ավելին, նա նշել էր, որ շատ շուտով Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը կստեղծեն կոնսորցիում՝ այդ խնդրի լուծման համար։

Հոկտեմբերի 12-ին Երևան ժամանած Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը նույնպես հանդես է եկել խիստ լավատեսական հայտարարությամբ. «Մի քանի օր հետո կավարտվի Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական տեղամասի հետազոտումը։ Մենք գիտենք, թե ճանապարհի որ հատվածներում է անհրաժեշտ շինարարություն կատարել, որտեղ՝ վերականգնել»:

Վերջին իրադարձությունները տարածաշրջանում խառնեցին բոլոր, այդ թվում և աշխարհագրական, խաղաթղթերը։ Այսօր արդեն իմաստ չունի խոսել աբխազական տեղամասի վերաբացման մասին։

Վերջին ժամանակներս թուրք-հայկական սահմանի հնարավոր վերաբացման և երկաթուղային հաղորդակցության Կարս-Գյումրի հատվածի վերագործարկման խիստ արդիականացած հարցի համատեքստում՝ անհրաժեշտ է հաշվի առնել ամբողջ շարք օբյեկտիվ գործոնների առկայությունը, որոնց մեծ մասը ներկայում չի մտնում հայկական հասարակական-քաղաքական բանավեճերի օրակարգի մեջ։

Անցյալ տարվա դրությամբ քչերը կարող էին ենթադրել, որ «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը կզեկուցի պետության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին Հայաստանի երկաթուղային պաստառի վիճակի մասին։ Այնինչ, նման հանդիպում տեղի ունեցավ սեպտեմբերի սկզբին, թեև, այդ զրույցի բովանդակության մասին պաշտոնական հաղորդագրություն չեղավ։ Հնարավոր է՝ խոսքը վերաբերել է Հայաստանն Իրանին կապող երկաթուղու անցկացման հեռանկարներին։

2008թ. փետրվարից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանը, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100 %-ոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը երեսուն տարի է՝ ևս քսան տարի երկարացնելու իրավունքով, աշխատանքի առաջին քսան տարուց հետո, կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Բայց թե ինչպիսին կլինի տարածաշրջանը «քսան տարի անց»՝ այսօր ոչ ոք ասել չի կարող։

Այնուամենայնիվ, Դմիտրի Մեդվեդևի հետ զրույցից անմիջապես հետո ՌԵՈւ ղեկավարը եկել է Երևան։ Հայաստանի մայրաքաղաքում նա հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին ասելու ոչ մի նոր բան չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Իրանի միջև երկաթուղու անցկացմանը, Յակունինն ընդգծել է, որ նախագծի իրականացման որևէ ժամկետ առայժմ չկա։ «Հարցը տեղափոխվում է միջպետական հարաբերությունների և միջպետական բանակցությունների հարթություն։ Դա լուրջ վերամշակում է պահանջում, որովհետև նախագիծը թանկ արժե, բայց մենք համաձայն ենք նրան, որ նախնական նախագիծը պետք է վերամշակվի։ Մենք արդեն որոշակի նախագծեր ունենք, որոնք մեզ հնարավորություն են տալիս, այդ թվում և միջազգային ասպարեզում, բանակցություններ վարել որոշակի տրանսպորտային միջանցքների շուրջ, որոնք ձեռնտու կլինեն ՌԵՈւ-ի և այն երկրների համար, որոնց տարածքով անցնում են այդ միջանցքները, և ձեռնտու կլինեն, բնականաբար, Հայաստանի Հանրապետությանը»:

Անկարան և Բաքուն իրենց իրականացրած շրջափակումը հիմնավորում են «հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացմամբ», չնայած, նույնիսկ, այն բանին, որ նման «հիմնավորումը» հերքվում է ժամանակագրորեն։ Շրջափակումն սկսվել է 1989-1990թթ., երբ ռազմական գերազանցությունն Ադրբեջանինն էր։

Ադրբեջանն իր պարտադրած պատերազմի սկզբին ուներ դեպի արտաքին աշխարհ չորս երկաթուղային ելք.

1. Բաքու-Դիվիչի-Հուդաթ-Դերբենտ

2. Բաքու-Քյուրդամիր-Եվլախ-Գյանջա-Աղստաֆա-Թբիլիսի

3. Բաքու-Կազը Մահոմեդ-Ալի Բայրամլի-Լենքորան-Աստարա

4. Բաքու-Ալի Բայրամլի-Հորադիզ-Զանգելան-Ջուլֆա։

1980-ական թթ. վերջից Ադրբեջանը սկսեց կիրառել դաժան շրջափակման ռեժիմ՝ մեծ մասամբ իր տարածքով անցնող միասնական երկաթուղային համակարգում ներգրավված հիմնական տարածաշրջանային մայրուղիներից կտրելով հետևյալ հայկական ելքերը.

1. Իջևան-Աղստաֆա

2. Կապան-Զանգելան

3. Մինջավան-Մեղրի

4. Իլյիչևսկ-Արարատ։

Հյուսիսային ուղղությամբ (դեպի Ռուսաստան) Հայաստանի երկաթուղային ելքը փակվեց արդեն վրաց-աբխազական դիմակայության հետ կապված։

Հարավկովկասյան հաղորդակցությունների խնդրի համարժեք և ամբողջական պատկերացման համար անհրաժեշտ է հասկանալ «Վրաստանի համար մղվող վիթխարի մարտի» էությունը, որ միմյանց միջև վարում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

Դիմակայության այս ֆոնին են ծավալվում տարածաշրջանային ճակատամարտերը, ընդ որում` ոչ բոլոր կետերում է, որ ռազմավարական գործընկերները, ինչպիսին են ԱՄՆ-ը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը, ընդհանուր լեզու են գտնում: Ըստ էության` սա է ընթացիկ պահի առանձնահատկությունը: Առանձին հարցերի շուրջ նույն Վաշինգտոնը կարող է իրեն թույլ տալ պաշտպանել Հայաստանին և հանդես գալ Թուրքիայի շահերի դեմ:

Մասնավորապես, 2005թ. նոյեմբերին ԱՄՆ-ը դադարեցրեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու շինարարության նախագծի ֆինանսավորումը:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այս առիթով հայտարարել է. «Մենք ջանում ենք զարգացնել Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքին գտնվող երկրները միավորող բոլոր նախագծերը: Իհարկե, կուզեինք, որ երկաթուղին, որը կմիացնի Թուրքիան և Ադրբեջանը, անցնի Հայաստանի տարածքով»:

Այս չափից ավելի անկեղծ խոստովանությունը վկայում է Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային պաստառի վերաբացման հարցին ամերիկյան մոտեցման մասին, որը, չգիտես ինչու, արժանանում է նաև պաշտոնական Երևանի հավանությանը, թեև, իրականում, դա դիվանագիտական ծուղակի նույնքան անկեղծ ճանապարհ է: Եվ բոլորովին էլ հայկական լոբբիի գործունեությամբ չի թելադրված (ինչպես սիրում են ներկայացնել այս դիրքորոշումը մեզ մոտ) ամերիկյան դիվանագետի հայտարարությունը, ինչպես և ԱՄՆ Սենատի` նախագահ Ջ.Բուշի հավանությանն արժանացած համապատասխան որոշումը: Տվյալ դեպքում մի շատ կարևոր հանգամանք կա, որն անմիջականորեն կապված է հայ ընտրողի ներկա, այլ ոչ թե խորհրդարանական ընտրության հետ Արևմուտք-Արևելք առանցքում:

***

Ռուս-ամերիկյան դիմակայությունը տարածաշրջանում երկրաչափական արտացոլում ունի և դրսևորվում է որպես հակամարտություն միջօրեագծային (ուղղահայաց) և լայնակի (հորիզոնական) վերաշխարհամասային առանցքների միջև: Աշխարհագրական առումով՝ այդ դիմակայությունը բնութագրվում է երկու աշխարհաքաղաքական ճառագայթների հատմամբ. Մոսկվայի կողմից առաջ մղվող «Հյուսիս-Հարավ» վեկտորը և Վաշինգտոնի կողմից հովանավորվող «Արևելք-Արևմուտք» միջանցքը: Նշված վեկտորների հատման կետը Վրաստանի տարածքն է` որպես միակ հանրապետության, որը հնարավորություն ունի միմյանց միացնելու ինչպես Արևելքն ու Արևմուտքը (Թուրքիայով ու Ադրբեջանով), այնպես էլ Հյուսիսն ու Հարավը (Հայաստանով և Իրանով): Պաշտոնական Վաշինգտոնի կողմից հովանավորվող եվրասիական տնտեսական ռեսուրսի (Չինաստան-Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս-Թուրքիա-Եվրոպա) տեղաշարժն ըստ լայնքի, փաստորեն, նվազագույնի է հասցնում մերձավորարևելյան տարածաշրջան և Հնդկական օվկիանոսի ավազան Ռուսաստանի անմիջական ելքի հնարավորությունները:

Եվ հակառակը. Վրաստանի` դեպի Ռուսաստան տեսական կողմնորոշումը վերջինին թույլ կտա իրականացնելու կենսականորեն կարևոր ռազմավարական նախագծեր, առավել բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում` Տրանսկովկասյան երկաթուղու գործարկմամբ` հետագայում Հայաստանի, Իրանի և Հնդկական օվկիանոսի ավազանի ընդգրկմամբ: Այսպիսով, Վրաստանն իր աշխարհագրական դիրքի պատանդն է, ինչով էլ բացատրվում է Մոսկվայի և Վաշինգտոնի դիմակայությունը:

«Վրաստանի համար» մեծ տերությունների անզիջում պայքարն էլ հենց հարկադրում է նրանց անվերջ մանևրել և երբեմն հանդես գալ ռազմավարական գործընկերների շահերի դեմ: Մասնավորապես, 2004թ. մայիսին Ռուսաստան-Ադրբեջան-Իրան (Դերբենտ-Բաքու-Աստարա-Ռեշտ-Կազվին ուղղությամբ) եռակողմ երկաթուղային կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման փաստը թելադրված էր Մերձավոր Արևելք անմիջական ելք ունենալու` Մոսկվայի համար կենսական անհրաժեշտությամբ:

Կազվին-Ռեշտ-Էնզելի-Աստարա երկաթուղու շինարարության մասին հուշագիրը տասներկու բաժնից է բաղկացած: Իրանական կողմից փաստաթուղթը ստորագրել է «Իրանի երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Աբաս Գորբանալիբեկը, ռուսական կողմից` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Շևչենկոն: Բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ներկայացնում էր ԱՀ պետական երկաթուղու վարչության պետ Մեհթի Մեհթիևը:

Այս համաձայնագրին զուգահեռ, նույն` 2004թ. մայիսին Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն ձեռք բերեցին ուղիղ երկաթուղային կապ հաստատելու մասին Աջարիայով, որի սյուզերենն, ի դեպ, 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, Անկարան է: Պայմանագրի վեցերորդ հոդվածի համաձայն` «Թուրքիայի համար պետք է ապահովված լինի Թուրքիա կամ Թուրքիայից ուղարկվող ամեն տեսակի ապրանքների ազատ տարանցումը Բաթումի նավահանգստով, առանց մաքսի, առանց որևէ ձգձգման և առանց որևէ հարկի` Թուրքիային տրամադրելով Բաթումի նավահանգստից օգտվելու համար նախատեսված հատուկ հարկը չվճարելու իրավունք»:

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ այս գլոբալ դիմակայության համատեքստում էլ ուրվագծվում է ստեղծված իրավիճակին տարբեր մոտեցումների բույլը. դրանում երկրներից յուրաքանչյուրը փորձում է քաղել ազգային կամ պետական շահի առավելագույնը: Այլ խոսքերով` ամերիկա-ռուսական երկրաչափական դիմակայության հարթությունում զուգահեռաբար դրսևորվում են մի քանի պաշտոնական, բայց արդեն տարածաշրջանային դիրքորոշումներ.

-         վրացական,

-         թուրքական

-         ադրբեջանական,

-         իրանական,

-         հայկական:

Առանց սրանցից յուրաքանչյուրի հաշվառման և ըմբռնման` անհնար է համարժեք պատկերացում կազմել այս կամ այն տարածաշրջանային երկրի մեկուսացվածության կամ հաղորդակցային կախվածության աստիճանի մասին:

Ստեղծված իրավիճակում Թուրքիան, մասնավորապես, փորձում է բաց չթողնել «պատմական պահը» և առավելագույն շահ կորզել իր աշխարհագրական դիրքից, քանի որ հաղորդակցային նախագծերի լայնական ուղղությունները նրան բոլորովին էլ փոքր շահաբաժին չեն խոստանում, և որ հատկապես կարևոր է, խոստանում են ապագա կայուն շահաբաժիններ: «Թուրքական խոշոր պարանոցի» վերածվելու նպատակով էլ, ինչն անարգել բեռնափոխադրումներ կապահովի Եվրոպայի և Ասիայի միջև, Անկարան ձեռնարկեց գլխավոր տրանսպորտային նախագծերի` Բոսֆորի հատակով երկաթուղային թունելի շինարարության («Մարմարա» նախագիծ) և Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության համաձայնագրի ստորագրման աշխատանքները:

Ակնհայտ է, սակայն, որ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի վրացական հատվածի համար ի հայտ է գալիս հզոր մրցակից, որն ի վիճակի է Վրաստանը վերածելու «կեղծ տարանցիկ» երկրի: Թեև այդ երկաթուղին կանցնի Վրաստանով, բայց նրա նշանակությունը` որպես Տրասեկայի հիմնական օղակի, կվերանա: Չէ՞ որ Վրաստանը այս նախագծի շրջանակներում միակ երկիրն է, որը Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար Սև ծով ելք է ապահովում: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային ցանցի թուրքական ծրագրի իրագործումից հետո կենտրոնասիական շահագրգիռ երկրների համար ելքը դեպի Սև և Միջերկրական ծովեր ավելի կհեշտանա, բայց արդեն Թուրքիայի տարածքով` շրջանցելով սևծովյան նավահանգիստները:

Մեկ նյութի մեջ, իհարկե, անհնար է ներկայացնել տարածաշրջանային երկրների շահերի ողջ ընդգրկուն պատկերը. մեր հոդվածում կանդրադառնանք «ամերիկյան շահին», որը, Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության ապագայի առումով, հակասում է թուրքականին: Իրականում ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական Վաշինգտոնի «հայամետ» դիրքորոշումը: Հարցի պատասխանը բավականին պարզ է. տարածաշրջանային հաղորդակցային նախագծերում` երկաթուղային թե խողովակաշարային (մասնավորապես` նավթագազատարներ) տրանսպորտ, ԱՄՆ-ը հետապնդում է ոչ այնքան ֆինանսական, որքան լայնական ուղղությամբ իր ընդլայնման շահերը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հորիզոնական վեկտորները լրիվ համապատասխանում են ամերիկյան աշխարհաքաղաքական շահի համատեքստին (ի թիվս այլոց` այդ երթուղիների երկայնքով, ԱՄՆ բանակի գեներալ Չաք Ուոլդի խոստովանությամբ, հետագայում պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի զինվորական ստորաբաժանումները): Այլ խոսքերով` Վաշինգտոնը, անգամ առանց ֆինանսական շահագրգռության, հետագայում ևս կաջակցի լայնական ուղղության բոլոր նախագծերին և, միևնույն ժամանակ, կկասեցնի միջօրեագիծ ճանապարհների վերականգնման ցանկացած հնարավորություն: Այս առումով, երկաթուղու Կարս-Գյումրի լայնական հատվածի վերաբացմանն ուղղված ամերիկյան դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է թվում. նախ` Հայաստանը դառնում է Ադրբեջանն ու Վրաստանը Թուրքիային կապող ենթատարանցիկ երկիր, երկրորդ` ներառվում է «Արևելք-Արևմուտք» հորիզոնական առանցքում: Տարօրինակ է, բայց Հայաստանի մեկուսացման փաստն էլ հենց ավելի շատ անհանգստացնում է ԱՄՆ-ին:

Հայաստանին լայնական ուղղության հաղորդակցային ծրագրերին մասնակցությունից դուրս թողնելու փաստը դեռ չի նշանակում, թե երկիրը զրկվում է տարածաշրջանի տարանցումների քարտեզին կարևոր դեր խաղալու հնարավորությունից: Ավելին, շատ տնտեսագետների կարծիքով` առաջիկայում Երևանն է հենց, որ դատապարտված է կարևոր օղակ դառնալ Ռուսաստան-Իրան միջօրեագծային առանցքում:

Միակ խաղացողը, որն այս պարտիայում կարող է իրական սպառնալիք ներկայացնել ամերիկյան շահերին, օբյեկտիվորեն «մեկուսացված Երևանն» է հանդիսանում: Սա է գլխավոր պատճառը, որ ամերիկյան իշխանությունները փորձում են որքան հնարավոր է շուտ վերաբացել թուրք-հայկական սահմանը և երկաթուղային կապը Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու տեղամասում: Միևնույն ժամանակ, Հայաստանին միջազգային աջակցության և ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիի մոտեցումների հարգման տպավորություն է ստեղծվում: Այսպիսով, Երևանի պաշտոնական դիրքորոշումը Կարս-Գյումրի հատվածի գործարկման նպատակահարմարության վերաբերյալ և այլընտրանքային Կարս-Ախալքալաք ճանապարհի շինարարությունը թույլ չտալն, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, լրիվ համապատասխանում են ԱՄՆ շահերի համատեքստին:

Share    



Գնահատում

պե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am