Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մշակույթ և արվեստ

Մշակույթ և արվեստ
Հոկտեմբեր 2008, N 7

ՀԱՅԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏՈՒՄ

Արիս Ղազինյան, «Ազգային Գաղափար» ամսագրի գլխավոր խմբագիր

ԳԵՎՈՐԳ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ (1857-1925)

20-րդ դարը նա դիմավորեց Փարիզում: Այդ ժամանակ արդեն նկարիչը հստակ պատկերացում ուներ իր կոչման մասին. աշխարհին ներկայացնել Հայաստանը` մոռացված մի երկիր, ուր այցելելը միջնադարի փառապանծ ասպետների, տաճարականների և ուխտագնացների պարտականությունների շրջանակում էր: Նա շատ լավ հասկանում էր արդի աշխարհի խոցելիությունը, և հենց այդ հանգամանքն էլ վախեցնում էր նրան. բնանկարչի խորին համոզմամբ` Հայաստանի նկատմամբ արտաքին հետաքրքրության ցուցանիշը պայմանավորված է աշխարհի բարոյական կացության մակարդակով: Այս նշաձողն էլ որոշեց բարձրացնել նկարիչը: Փարիզում...

Տեղի ընտրությունը թելադրված էր ոչ միայն Փարիզի` որպես արվեստների համաշխարհային կենտրոնի, հատուկ նշանակությամբ, այլև ուրիշ նկատառումներով. Ֆրանսիայի մայրաքաղաքը պատմականորեն բարեհաճ էր հայերի նկատմամբ: 591թ. հայ եպիսկոպոս Սիմոնն այցելում է Տուրի Մայր տաճար, և այդ այցը նրա հայրենակցի «առաջին շրջագայությունն» էր Ֆրանսիայում: Բայց ինքը` նկարիչը, այնքան էլ համաձայն չէ սրա հետ. 5-րդ հարյուրամյակով թվագրվող Սբ. Գևորգ եկեղեցին Տալարում կառուցել են հենց հայերը:

Հայկական կտավներն աշխարհին առավել լիարժեք ներկայացնելու նպատակով Գևորգ Բաշինջաղյանը` առաջինը նկարիչներից, կտրում-անցնում է աստվածաշնչյան երկիրը լայնքով ու երկայնքով: Նոր ծնվող մոդեռնիզմի գաղափարներն, իհարկե, հրապուրում են նրան, բայց ի վիճակի չեն նրան ներքաշել վրձնահարվածների մթին թավուտները. 20-րդ դարը թակում է ազգային հյուղակների պատուհաններն իր մեծապետական բռունցքով, և անհրաժեշտություն կա վավերագրորեն պատկերել կոպիտ հարյուրամյակով չապականված Նախաստեղծը. երկինքը, լեռները, լճերը, անտառները, տաճարները, մարդկանց... Հայ գլխավոր վավերագրողը լինելով` նա առաջինն է նկարում բիբլիական Արարատը բնօրինակից...

Անհատական ցուցահանդեսին Փարիզում նա պատրաստվում է միսիոների նման: Լատինկան թաղամասի բուկինիստական բազմաթիվ կրպակներից մեկում ձեռք է բերում «Հիշողություններ փառապանծ ասպետ Ֆրոմոնի մասին»-ը. հեռավոր 9-րդ դարում ուխտագնացն այցելել է «սուրբ վայրեր», այդ թվում և Հայաստան` քավելու մեղքը Տիրոջ առաջ: Նկարչի կինը` Աշխենը, չի հասցնում կարգի բերել գրադարանը. խանդավառված Գևորգն ամեն օր տուն է բերում ֆրանսիացի գրողների «նորանոր ստեղծագործություներ», որոնցում հայերի կերպարներ կան. Կոռնելի, Փոլ Սկարենի, Մոլիերի, Կրիբինիոնի, Վոլտերի, Ռուսոյի, Մոնտեսքիյոյի դրամաները... Նա այցելում է Սեն Դընիի թագավորական գերեզմանատուն, որտեղ ֆրանսիական միապետերի շիրիմների կողքին հանգչում է նաև Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Լուսինյանի աճյունը. 1393թ. փարիզցիներին զարմացնում է արտաքսման մեջ վախճանված հայոց արքայի հանդերձանքի և պատանքի կատարյալ ճերմակությունը ճոխ թաղման ժամանակ...

Ժամանակի հետ գեղանկարչի ռազմավարությունը ձեռք է բերում ավելի հստակ ուրվագծեր. նա մտադրվում է անհատական ցուցահանդես բացել «հայկական Փարիզում», որի ներկապնակի միջով էլ հնարավոր կլինի թակել ունայն աշխարհի դռները: Կամ, ծայրահեղ դեպքում, վերածնել հայոց ներկայության` կրապ բուրող երբեմնի ոգին: Այս ներկանյութը լավ ծանոթ է նկարչին, այն նաև ալիզարին անունն ունի, արտադրվում է Ֆրանսիայում, հայ Հովհաննես Ալթունյանի ջանքերով, որը հայտնի է Ժան Ալթոն անունով: Նրա շնորհիվ են Ֆրանսիայում հայտնվել նաև հայերեն տպատառերը. Լյուդովիկոս 13-րդի առաջին նախարար Արման Ժան դյու Պլեսին օժանդակել է հայ գրականության հրատարակմանը, 1633թ. Փարիզում, Թագավորական տպագրատանը, լույս է տեսնում հայ-լատիներեն բառարանը: Կարդինալ Ռիշըլիեն իսկապես բարեհաճ էր հայերի նկատմամբ. հատուկ կարգադրությամբ նա հայերին արտոնություններ է տրամադրում առևտրային գործունեության համար: Ավելի ուշ, 1672թ., ոմն Պասկալ Հարությունյան մայրաքաղաքի Սեն Ժերմեն շրջանում բացում է Ֆրանսիայում առաջին սրճարանը. Բուրբոնները հավանում են ըմպելիքը, և շուտով Փարիզը սկսում է բուրել ոչ միայն հայկական կրապով, այլև սուրճով:

Փարիզում իր առաջին անհատական ցուցահանդեսին նկարիչը պատրաստվում էր իբրև արևելագետ: Եվ զարմանալի չէ. արևելագիտության հիմնադիրներից մեկը Ֆրանսիայում հայ Պիեր դը Պինն էր, իսկ Լյուդովիկոս 14-րդի խորհրդատուների թվում հատուկ տեղ էին զբաղեցնում հայերը: Ժամանակագրությունը տեղեկություններ է պահպանել նաև հայկական ծագմամբ հրացանակրի` ոմն Ֆիլիպ դը Զագլիի մասին: Մի շարք հետազոտողների կարծիքով` այս հրացանակիրը, որն, իմիջիայլոց, անհոգ կյանք էր վարում թագավորի շքախմբում, դարձել է գրեթե հայկական ազգանուն ունեցող հանրահայտ գասկոնցու նախատիպը: Արտաքնապես Գևորգ Բաշինջաղյանը շատ նման էր թագավորական հրացանակրի, ազգանունն էլ հրացանակրին վայել էր: Բայց միայն արտաքնապես...

Գեղանկարչի ներաշխարհը հրաբխի նման քնած էր հայրենի Հայաստանում` Փարիզում արթնանալու հույսով. ներսից նրան սնող մագման թեժ լավայի նման ժայթքեց Ֆրանսիայում ստեղծած 30 կտավներում: Բայց մոդեռնիստական Փարիզի պայմաններում ցուցահանդեսի հաջողությունը (ինչն, ինքնըստինքյան, նշանակալի երևույթ է) չի գոհացնում  նկարչին, բայց հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել մեկ այլ բանի վրա. անհրաժեշտ է Հայաստանը ցույց տալ հենց հայերին: Մի ազգի, որը պատմական հանգամանքների բերումով քաղաքականապես բաժանված է կայսրությունների միջև և իր կյանքի ընդհանուր պատկերը` անսահման պատկերը ներկայացնելու խիստ կարիք ունի:

1901թ. աշնանը Գևորգ Բաշինջաղյանը որոշում է իր ստեղծագործությունը նվիրել ազգային համախմբման գաղափարին. նա թողնում է Փարիզը և ընտանիքով, կնոջ` Աշխեն Քաթանյանի և երեք երեխաների հետ վերադառնում Թիֆլիս: Հենց այս քաղաքում, հեռավոր 1883-ին, մեծն Միխայիլ Կլոդի աշակերտը բացում է առաջին անհատական ցուցահանդեսը: Դա տեղի է ունենում Հայաստան` Սևանա լիճ, Մուղնիի տաճար, Անի, Աշտարակ, Վաղարշապատ, բիբլիական Արարատ, առաջին ճամփորդությունից հետո...

Երկրորդ ճամփորդությունը Հայաստանում նա կատարում է ճարտարապետության պատմաբան Թորոս Թորամանյանի` իսկական պրոֆեսիոնալ, հանրահայտ այդ մարդու հետ: Նկարչի կյանքն ընթանում էր ոգեշունչ միջավայրում. նրա բարեկամներն էին Կոմիտասն ու Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը... Վերջինը նրան ձոնել է.

Մե´ծ է արդարև, մեծ է քո հոգին,

Որ ընդգրկել է ժայռերն ահագին

Իրենց սեփական խոր մտածմունքով.

Փրփրուն գետը փայլուն ծփանքով,

Լուսին-աստղերով կամարը երկնի

Եվ համատարած խավարն ահռելի...

Նրա` որպես մեծ հայրենասերի մասին հիացմունքով գրել է նաև Ավետիք Իսահակյանը, որ նրա հետ ծանոթացել էր 1896թ. «Մեր սերունդը զմայլված էր Բաշինջաղյանի գործերով, և մենք նրա ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում: Ես հետաքրքրությամբ էի լսում նշանավոր նկարչի պատմությունները: Ուր ասես, որ նա չի եղել` Եվրոպայում, Ռուսաստանում... հատկապես լավ գիտեր Իտալիան և Փարիզը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի, Լուվրի գանձերը նրան լավ հայտնի էին: Նա պատմելու հատուկ տաղանդ ուներ: Հիշում եմ` ինչպես էր նկարագրում Զանգեզուրը, Ղարաբաղը և Անին. իսկական հայրենասեր էր»:

Նա իր անհատական վախճանին պատրաստվում էր իբրև Նկարիչ: Ուսումնասիրում էր մեծն Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, հանդես էր գալիս որպես գրող և գրականագետ: Հաճախ այցելում էր Սբ. Գևորգ եկեղեցի և տեղ փնտրում գմբեթի տակ: 1925թ. հոկտեմբերի 3-ին վերջին անգամ հարազատներին հիշեցնում է իր թաղման տեղը` եկեղեցու գավթում, Սայաթ-Նովայի գերեզմանի կողքին. «Սեն Դընիից վատը չէ»...

ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ (1860-1921)

Մոսկվայի գեղարվեստական թատրոնում պատրաստվող «Ճայի» նոր բեմադրության լուրը Անտոն Չեխովն ընդունեց որոշակի զգուշավորությամբ: Գրողը երբեք չի կասկածել Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի վարպետությանը, սակայն լուրջ երկյուղներ ուներ պիեսի գեղարվեստական ձևավորման հետ կապված. վերջին հաշվով, դա նույնպես բեմադրիչների գործն էր, որից նրանք գլուխ չէին հանում 1898-ին: ՄԳԹ գլխավոր նկարիչ Վ. Սիմովը դժգոհ էր իր աշխատանքից. նա չէր կարողացել ապահովել չեխովյան խոսքին համարժեք բնանկարային պատկերումը: Առանձնապես անհաջող էր առաջին գործողության ձևավորումը. Սորինի կալվածքը, Նինա Զարեչնայայի մենախոսությունը... ձևի և բովանդակության լիակատար անհամապատասխանություն:

Բայց Անտոն Պավլովիչը դեռ որոշ ժամանակ ուներ ծանոթանալու ռեժիսորների առաջարկած նոր նկարչի թեկնածությանը. իր 7-րդ` 1904-1905թթ. խաղաշրջանը ՄԳԹ-ն սկսեց Մորիս Մետերլինկի մեկ գործողությամբ երեք պիեսի՝ («Կույրերը», «Անկոչը» և «Այնտեղ, ներսում») ներկայացումներով, որոնց ձևավորողն էր Վարդգես Սուրենյանցը:

Հայ անվանի նկարիչ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտին ՄԳԹ ղեկավարները վաղուց էին նկատել: Բեմի բարեփոխիչների կարծիքով` վարպետը տիրապետում էր նրբագույն երանգների փոխանցման հատկապես արժեքավոր արվեստին: «Պարսկական էսքիզներ» շարքի «Հաֆեզի երգը» կտավի շուրջ Վ. Սերովի և Ի. Ռեպինի բանավեճին հետևում էր 90-ականների ողջ բոհեմը. վաղուց արդեն ռուսական գեղանկարչության տեսությունը երկու նշանավոր վարպետների նման կառուցողական վեճով չէր «հարստացել» առանձին ստեղծագործության շուրջ: Իլյա Ռեպինն իր գնահատականներում Սերովից ավելի հեռուն էր գնում. «Տարօրինակության հասնող ինքնատիպություն, չորության հասնող զսպվածություն և կրքոտ սեր շատ նուրբ, հազիվ նշմարվող մանրամասների նկատմամբ: Սա է նոր գոյացող դպրոցի վառ օրինակը»:

Մի հանգամանք էլ կար, որ գրավում էր ռեժիսորների ուշադրությունը. Վարդգես Սուրենյանցն օժտված էր, այսպես կոչված, «նկարային վերամարմնավորման» տաղանդով. նրա իսպանական, պարսկական կամ ղրիմյան էտյուդները, հայկական վանքերի որմնանկարները և, վերջապես, ազգային պատմության` առասպելական թե իրական, հիասքանչ կտավները վկայում էին նկարչի` վերամարմնավորման կարողության մասին: Բայց թատերական բեմադրությունների համար կարևոր նկարչի այս առանձնահատկությանն առաջինն ուշադրություն դարձրին ոչ ՄԽԹ-ի հիմնադիրները. 20-րդ դարասկզբին Մարիինյան թատրոնը Վարդգես Սուրենյանցին հրավիրեց Սանկտ Պետերբուրգ:

Այնինչ, նկարիչն իրեն միշտ միսիոներ է համարել, որը պարտավոր էր «նիրհող» աշխարհին տեղեկացնել հայոց ողբերգության մասին. հենց այս պատճառով է նա դառնում Պերեդվիժնիկների ընկերության անդամ. շարժական ցուցահանդեսների գաղափարը առավել էր համապատասխանում իր ժողովրդի պատմությունը որքան հնարավոր է ավելի լայն լսարանի ներկայացնելու նրա ձգտմանը: Հայերի շրջանում միսիոներական գործունեության զարգացման անհրաժեշտության մասին դեռևս պատանի Վարդգեսին պատգամել է նրանց ազգական, հոր բարեկամ, անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին. ապագա նկարչի ընտանիքը 1867թ. հայրենի Ախալցխայից տեղափոխվում է Թեոդոսիա, մեծ ծովանկարչի մոտ: Իմիջիայլոց, տղայի հայրը` Հակոբը, Ախալցխայի ինքնապաշտպանության կազմակերպիչն էր թուրքական ներխուժման դեմ, Ղրիմի պատերազմի ժամանակ: Կովկասյան ճակատն անցնում էր Հակոբի բակով, և ռուս զինվորները կատակում էին. окопы под Акопом (խրամատները` Հակոբի տակ): Հավանաբար, այս պատճառով էլ մեծ նկարչի կյանքի առանցքն իբրև երկու բևեռ իրար է կապում Կովկասն ու Ղրիմը...

Մարիինյան թատրոնը չսխալվեց ձևավորողի ընտրության հարցում. 1894թ. Մոսկվայում, Ռուս նկարիչների առաջին համագումարի ժամանակ, գեղանկարիչը կարողացավ ցուցադրել ծավալուն պատկերման իր տաղանդը. Կ. Կորովինի «Ղրիմ» կտավի հետ միջանցքի պատերը զարդարում էր նաև Վ. Սուրենյանցի «Հեռավոր Արևելք» պաննոն: Կայսերական թատրոնում նա ձևավորում է «Ծովահենները» բալետը և Անտոն Ռուբինշտեյնի «Դևը» օպերան: Նկարչի աշխատանքը գերազանցեց բոլոր սպասելիքները, բայց արժե՞ արդյոք զարմանալ. ո՞վ նրանից ավելի լավ գիտեր կովկասյան բնապատկերը, դե, իսկ Լերմոնտովին «գիտեր» հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանի միջոցով: Նրա պետերբուրգյան հյուրախաղերի ժամանակ թատերական քննադատ Վլադիմիր Չույկոն գրել է. «Պետք է գա մի հայ դերասան, որպեսզի ապացուցի մեզ, որ Լերմոնտովն իսկական թատերական դրամատուրգ է»: Մոսկվայում Ադամյան-Արբենինով հիացել են Փոքր թատրոնի նշանավոր դերասանուհիներ Գլիկերիա Ֆեդոտովան և Մարիա Երմոլովան: Ռուսաստանում (և ոչ միայն) Ադամյանը միշտ հնարավորություն է ունեցել հանրությանը ներկայանալ ողջ պերճաշուքությամբ` Համլետ, Օթելլո... Ավաղ, հայրենի Կոստանդնուպոլսում այդպես չէր. 1888թ. նա գրում է Սուրենյանցին. «Այստեղ ես զրկված եմ Համլետ և Արքա Լիր խաղալու իրավունքից. քաղաքում արգելված են բոլոր ներկայացումները, որոնցում թագավոր է երևում, որովհետև Կոստանդնուպոլսում միայն սուլթանն է, և անգամ բեմի վրա երկրորդը չպետք է լինի»...

Մոսկվայի գեղարվեստական թատրոնում պատրաստվող «Ճայի» նոր բեմականացման լուրը Անտոն Չեխովն ընդունեց, ինչպես վերը նշեցինք, որոշակի տագնապով: 1898-ին բեմադրողները չկարողացան ապահովել պիեսի գեղարվեստական ձևավորումը: Ավելին, երկու տարի առաջ պետերբուրգյան պրեմիերան ձախովել էր: Չեխովն, իրոք, տագնապելու բոլոր հիմքերն ուներ. չնայած Սուրենյանցի մասին ՄԳԹ  հիմնադիրների հիանալի գնահատականներին (ի դեպ, հաջողությունը Մարիինյան թատրոնում նկարչի առջև ստեղծագործական նոր հորիզոններ է բացում, առաջարկ է ստանում նաև Վերա Կոմիսարժևսկայայի թատրոնից), երրորդ անհաջողությունն արդեն «Ճայի» համար կարող էր բախտորոշ դառնալ: Այդ պատճառով էլ մեծ գրողը հարկադրված էր 1904թ. մայիսին գնալ Մոսկվա` դիտելու Մետերլինկի երեք պիեսների փորձերը. նկարչի աշխատանքը տպավորում է նրան, բայց Չեխովը չի շտապում, սպասում է պրեմիերային...

1904թ. հոկտեմբերին «Կույրերը» ներկայացման պրեմիերան մեծ հաջողություն ունեցավ. «Ներկայացումից հետո դահլիճը երկար ժամանակ չէր թողնում Կոնստանտին Ստանիսլավսկուն և նկարիչ Վարդգես Սուրենյանցին»,- հիացած գրում էր մոսկովյան մամուլը: Արդեն Յալթայից Անտոն Չեխովը կապվում է գեղանկարչի հետ. «Հարգելի Վարդգես Հակոբովիչ, հավատացած եմ, որ հենց Դուք պետք է ձևավորեք «Ճայը»: Դա ինձ համար շատ կարևոր է»: Սուրենյանցի աշխատանքը` պարկային հոյակապ բնապատկերները, անհրաժեշտ ձև ու արտաքին կոլորիտ հաղորդեցին չեխովյան պիեսի բովանդակությանը. «Ճայի» երկար սպասված հաղթանակն ապահովված էր:

Բայց նոր առաջարկներին արդեն տագնապահույզ մոտեցում էր ցուցաբերում ինքը` Սուրենյանցը. ես պետք է ոչ թե բեմ նկարազարդեմ, այլ հայկական տաճարները... Նա հրաժարվում է ՄԳԹ գլխավոր նկարիչը դառնալու հեռանկարից` նախընտրելով հայոց պատմության գլխավոր նկարչի առաքելությունը. 1890-ական թթ. Սուրենյանցը ստեղծում է հայոց ջարդերին նվիրված կտավների մի ամբողջ շարք. «Լքյալը», «Ոտնահարված սրբությունը», «Ջարդից հետո»-ն..., Այվազովսկու և Գաբրիելյանի հետ ձևավորում է «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և ցեղասպանության ժամանակ նա մնում է Հայրենիքում և որպես «առաջին պերեդվիժնիկ»` տեղից տեղ շարժվում` Էիրվան, Էջմիածին, Օշական...

Կովկասյան ճակատն այդ ժամանակ անցնում էր նրա սրտի միջով ու «կրակում» սրտի կաթվածներով: Վերջինը 1921թ. ապրիլի 6-ին էր, Յալթայում. այստեղ նա հայկական եկեղեցին էր որմնանկարում...

ԳԵՈՐԳԻ ԲՈԳԴԱՆԻ ՅԱԿՈՒԼՈՎ (1884-1928)

Երբ նկարում էր «Դիլիջանյան բնանկարներ» հայտնի շարքը, արդեն լուրջ հիվանդ էր: Թոքերի ծանր հիվանդությունը (այս ախտորոշումը տրվել էր դեռ Թիֆլիսում. այս քաղաքում է ծնվել ապագա ռեֆորմատորը) միշտ հիշեցնում էր իր մասին: Այն առավել սրացավ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ. քսանամյա զինվորը ստիպված էր օրերով մնալ մանջուրյան խոնավ խրամատներում: Բախտը բերեց, որ ճապոնական գնդակից վիրավորվեց, և զորացրվեց: Բայց անգամ կյանքի մայրամուտին, «երևանյան շրջանում», նկարիչն իրեն երջանիկ էր համարում, ինչը, պետք է ենթադրել, համապատասխանում էր իրականությանը: «Իմ ամենածանր բեռը թոքերս են, թեև պետք է խոստովանեմ, որ դիլիջանյան բնապատկերները թեթև են նկարվում» (Самое тяжелое мое бремя – это легкие, хотя нужно признать, что дилижанские пейзажи и пишутся налегке): Նա կատակում էր կյանքի հետ և կյանքում, մի´շտ, մահ չկա, կա´ Անվախճանություն...

Քամիները նրան չէին վախեցնում: Նա կարողանում էր գեղագիտական խոր բովանդակություն հաղորդել բարխաններին: Ամենաանհրապույր սրահը վերափոխվում էր նրա կախարդական վրձնի ընդամենը մի հարվածից: Նկարչի լուսային կոմպոզիցիաները և զարմանահրաշ գույները կենսագործունեության կարևոր գործընթացը` ֆոտոսինթեզն ապահովելու կարողություն ունեին. մայրամուտ էին շնչում և արևածագ արտաշնչում: Անցյալ հարյուրամյակի քսանական թվականների սկզբին նա Մոսկվայի «տեսարժանությունն» էր: Վարպետի եզակի տաղանդը հայտնի էր արվեստի բոլոր ռեֆորմատորներին. նրանք այցելում էին Յակուլովի հայտնի արվեստանոցը` հուսալով համագործակցել. Է. Մեյերհոլդ, Ս. Դյագիլև, Ս. Պրոկոֆև, Ա. Թաիրով, Ա. Կորնեն, Ա. Բլոկ, Վ. Մայակովսկի, Ս. Եսենին...

1921թ. ձմռանը բոլշևիկյան Ռուսաստան այցելած Այսեդորա Դունկանը բուռն ցանկություն ուներ ծանոթանալու այդ առեղծվածային մարդու հետ. ընկերները հավաստիացնում էին, որ երիտասարդ հանրապետությունը առաջինը նրան է պարտական արվեստի լավագույն դրսևորմամբ` խորհրդային ավանգարդով: Եվրոպայում արդեն լեգենդներ էին պտտվում նոր պետության ստեղծագործական կյանքի ռեֆորմատորների տաղանդի ուժի մասին. «Դա շատ ավելի թունդ է քաղաքական հեղաշրջումից, դա իսկական հեղաշրջում է արվեստում»: Հանրահայտ պարուհին, որն իրեն բոհեմից դուրս պարզապես չէր պատկերացնում, իհարկե, չէր կարող բաց թողնել գոնե նրան տեսնելու հնարավորությունը. «Տարե´ք, տարե´ք ինձ նրա մոտ, ուզում եմ տեսնել այդ մարդուն»:

Նրա քարտուղար և թարգմանիչ Իլյա Շնեյդերն, իհարկե, չէր կարող չիմանալ ողջ Մոսկվային հայտնի հասցեն. Բոլշայա Սադովայա 10: Մայրաքաղաքի ստեղծագործական կյանքի էպիկենտրոնը մի խոշոր շենք էր, ուր տեղ էին գտել հայտնի շատ նկարիչների արվեստանոցները. յոթերորդ հարկում, «38» ցուցանակի հետևում, ապրում էր նորարարը: Բայց «հեզ» Շնեյդերին, որին մարդկային կյանքը մաթեմատիկական հերթագայող հավասարումներ էր թվում, տագնապեցնում էր այլ բան. գիշերվա ժամը երկուսը + արտասովոր Դունկանը + անփույթ Ժորժը = է էներգիայի վիթխարածավալ արտանետման Մոսկվայում և Մերձմոսկվայում: Էռնստ Ռեզերֆորդն արդեն հասցրել էր ճեղքել ատոմը, և քմահաճ պարուհու քարտուղարը, չգիտես ինչու, հիշեց և անգամ բարձրաձայն արտաբերեց ականավոր ֆիզիկոսի անունը: Բայց բալետի պարուհու հետ համաձայնության գալու հնարավորություն նա չուներ...

«38» համարի ցուցանակը, որը սթափեցնող հզոր ազդեցություն թողեց Այսեդորայի վրա, ասում էր. «Ընկե´ր գողեր: Մի´ խցկվեք, խնդրում եմ, իմ բնակարան, քանի որ այնտեղ արժեքավոր ոչինչ չկա: Այլապես կարող եք զուր տեղը ձեր վիզը կոտրել, եթե տանտերը ձեզ դիմավորի»: Ստորագրված էր` Յակուլով:

Նա արվեստում հեղափոխության իսկապես առաջին «գարանտն» էր. ծանոթները հաճախ նրան «ավանգարանտ» էին անվանում: Այդ մականունը նա ստացավ 1916թ., երբ Է. Մեյերհոլդի հետ Կուզնեցկի մոստում հիմնադրեց «Արվեստների համաշխարհային կայարանը»` «Պիտորեսկ» սրճարանը: Բայց նկարիչը լայն ճանաչման էր արժանացել մինչ այդ: Ֆրանսիական մոդեռնի ներկայացուցիչ Ս. Դելոնեն, որի հետ նա ծանոթանում է Փարիզում 1913թ., պարզապես ցնցված էր Յակուլովի «գյուտերով». «Մոնմարթրը քոնն է, Ժո´րժ»: Վարպետի վրա ավելի մեծ տպավորություն է թողնում նկարչի մշակած «Լույսի և ոճերի առաջացման տեսությունն արվեստում»: Այնուհետև Յակուլովն ամբողջովին նվաճում է Փարիզը. 1927թ. Դյագիլևի խնդրանքով Ֆրանսիայի մայրաքաղաքում նա բեմադրում է Սերգեյ Պրոկոֆևի «Պողպատե վազք» բալետը:

Գրիգորի Յակուլովը մեկ այլ մականուն էլ ուներ` Ժորժ Գեղեցիկ. այս անունով էր նա հայտնի մոսկովյան բոհեմում: Արտասովոր նկարչի, հանրահայտ «Բազմերանգ արևների տեսության» հեղինակի հետ շփումը ռուսական և խորհրդային ավանգարդի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի ստեղծագործական զարգացման բաղկացուցիչն էր: Այդ շփումը նրանց վրա բարերար ազդեցություն էր թողնում, որի մոգական ուժը ժամանակին փորձեց գուշակել, բայց անհաջող, ինքը` Վլադիմիր Մայակովսկին. Ժորժն, անկասկած, ազդեցություն ուներ հանճարեղ բանաստեղծի վրա, հատկապես «պլակատային արվեստի» և Պատուհանների վրա աշխատելու գործընթացում... Նա ազդում էր բոլորի վրա:

«Նստի´ր Ալիսա, այսօր ինձ համար բնորդուհու դեր կխաղաս». քմահաճ Կոոնենը, որի խաղով հիացել են Երմոլովան, Նեժդանովան, Սկրյաբինը, Բալմոնտը, Բրյուսովը, Բլոկը, ամեն անգամ անձնատուր էլ լինում հենց Ժորժի հետ հանդիպելիս: Այդ հանդիպումները շատ-շատ էին. Թաիրովը հաճախ էր հյուընկալվում հայրենակցի մոտ, որին, իր հետ հավասար, համարում էր սեփական զավակի` Կամերային թատրոնի հիմնադիրը: «Հա´, բայց իմ մազերի գույնն ուրիշ է»,- համարձակվեց նկարչին պատասխանել Կոոնենը, երբ նա արդեն ավարտել էր աշխատանքը: «Դուք դերասանուհի եք և կարող եք ցանկացած գույնի մազեր ունենալ: Այս դեպքում Դուք ինձ ոսկե-դարչնագույն ընդհանուր կոլորիտով երևացիք, և ես Ձեզ շատեն դարձրի»: Ալիսա Կոոնենը կրկին ընկրկում էր...

38-րդ բնակարանից բարձր ձայներ էին լսվում, կերուխումի հոտ էր գալիս: Տանտերն ինքն ընդառաջ ելավ հյուրերին, բայց կարծես որևէ մեկի վիզը կոտրել չէր պատրաստվում. ամենաարժեքավորն, ինչ ուներ այդ պահին, երեք հարբած իմաժինիստերն էին` Սանդրո Կուսիկյանը, Անատոլի Մարիենհոֆը և Սերգեյ Եսենինը: «Ուրախ եմ ողջունել քեզ, իմ սիրելի Իլյա: Ո~նց թե, Բոկոտիկն էլ հե՞տդ է»: Բոկոտիկին նա առաջին անգամ էր տեսնում...

 «Պարոնայք, ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հյուրին (Ժորժը որսաց կուրաժը): Այս մեծ կինը ծնվել է Խաղաղ օվկիանոսի ափին, ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում: Իր արվեստով նա նվաճել է ոչ միայն երկու Ամերիկաները, այլև ողջ քաղաքակիրթ Եվրոպան: Նրան ծափահարել են աշխարհիս հզորները. և´ Անգլիայի թագավորը, և´ հանճարեղ Ռոդենը, և´ Չապլինը, և´ նույնիսկ Լենինը: Նրա երազանքը եղել և մնում է հազարավոր երեխաների պարի բարձր ու ազնիվ արվեստը սովորեցնելը: Դրանով նա արդեն զբաղվել է Գերմանիայում և Ֆրանսիայում: Եվ ահա Ռուսաստանում է: Բարեկամնե´ր, լցրեք բաժակները, և ես խնդրում եմ տղամարդկանց խոնարհել գլուխները նրա առջև: Դա, ի դեպ, վերաբերում է նաև քեզ, Սերյոժա: Խմենք մեծ կնոջ` Այսեդորա Դունկանի կենացը»:

Բոկոտիկը նստած էր մեխվածի պես, նա դավաճանեց ինքն իրեն և ընկրկեց, ինչպես Կոոնենը... Հլու Իլյա Շնեյդերը լուռ հավաքում էր դատարկ շշերը. մեկ շիշ + երկու շիշ + ևս երեք շիշ + ... = է Անվախճանության:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am