Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Քաղաքական դիմանկարներ

Քաղաքական դիմանկարներ
Հոկտեմբեր 2008, N 7

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍԸ.

Սերգեյ Մինասյան, պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վարչության ղեկավար

ԳԵՆԵՐԱԼ-ՀԱՄՀԱՐԶ, ԻՇԽԱՆ Մ.Զ. ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ

Ներածություն

19-րդ դարի Կովկասյան պատերազմը սոցիալ-տնտեսական մասշտաբային աղետների պատճառ դարձավ, որը զգալի փոփոխություններ մտցրեց Կովկասի բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում և հայերի ճակատագրում: Պատմական առումով, Հյուսիսային Կովկասի հետ Հայաստանին կապում էր ոչ միայն աշխարհագրական դիրքը, այլև մշակութային, տնտեսական ու սոցիալ-քաղաքական դարավոր հարաբերությունները, որոնք ավելի խորացան 18-րդ դ. սկսած, երբ դեռ հնագույն ժամանակներից Հյուսիսային Կովկասում ապրող հայերը հիմնեցին առաջին խոշոր բնակավայրերն ու գաղութները: Միևնույն ժամանակ, ընդհուպ մինչև 18-րդ դ. վերջը-19-րդ դ. սկիզբը չէին դադարում լեռնական ցեղերի մշտական արշավանքները ինչպես պատմական Հայաստանի, այնպես էլ Կովկասի հայաբնակ շրջանների վրա. գերեվարվում էին հազարավոր մարդիկ, լուրջ վնաս էր հասցվում տնտեսությանը: Իրավիճակը փոխվեց Ռուսական կայսրության կողմից տարածաշրջանի վերջնական հնազանդեցմամբ. Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերում ապրող հայերը ներքաշվեցին երկարատև ու արյունալի Կովկասյան պատերազմի մեջ:

Դեռևս 18-րդ դ. երկրորդ քառորդից ռուսական բանակի կազմում, որը մարտեր էր մղում լեռնցիների դեմ, աչքի ընկան շատ հայեր, իսկ հետագայում, արդեն 19-րդ դ. Կովկասյան պատերազմի շրջանում, մարտական գործողություններում դրսևորվեց այնպիսի հայ զորավարների ռազմական տաղանդը, ինչպիսիք էին գեներալներ Մ.Տ. Լոռիս-Մելիքովը, Վ.Օ. Բեհբութովը, Ի.Դ. Լազարևը, ծովակալ Լ.Մ. Սերեբյակովը և շատ ուրիշներ: Նրանք լեռնցիների դեմ մղվող մարտերը հաճախ համարում էին բնական շարունակությունն այն պայքարի, որ մղում էին ռուսական բանակի կազմում, պատմական Հայաստանի տարածքում, հանուն թուրքական և պարսկական տիրապետությունից նրա ազատագրման:

Սակայն, ռուսական Կովկասյան բանակի հայ տաղանդավոր գեներալների այս փայլուն համաստեղության մեջ անգամ առանձնանում է իշխան Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկը:

ԳՎԱՐԴԻԱՅԻ ՍՊԱՆ

Գեներալ-համհարզ Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը (1797-1855թթ.) սերում է հայ անվանի իշխանական Արղության-Երկայնաբազուկների տոհմից: Արղության-Երկայնաբազուկների տոհմը սկիզբ է առել Զաքարյան իշխանների տոհմից, ովքեր դեռ 12-րդ դ. գլխավորում էին հայ մի շարք իշխանություններ Հայաստանի հյուսիս-արևելքում, հետագայում ամուր դիրքեր են զբաղեցրել Վրացական արքունիքում` նշանակալի հաջողությունների հասնելով պետական ու զինվորական պաշտոններում: Ընդհուպ մինչև Արևելավրացական (Քարթլի-Կախեթի) թագավորության անկումը Արղության շատ իշխաններ ծանրակշիռ տեղ էին զբաղեցնում այդ պետության ռազմաքաղաքական հիերարխիայում:

Մովսես Արղությանը արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկի եղբոր թոռն է: Դեռևս 18-րդ դ. երկրորդ կեսին, լինելով ռուսահայ թեմի հոգևոր առաջնորդը, Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը մասնակցել է Ղրիմի խանությունից հայերի վերաբնակեցմանը Ռուսական կայսրության սահմաններում, որտեղ նրանք հիմնեցին Նոր Նախիջևան քաղաքը: Հովսեփ Արղությանն ակտիվ մասնակցություն է ունեցել ռուսական զորքերի Պարսկական արշավանքին 1796թ., իսկ հետո ընտրվեց Հայոց կաթողիկոս: Ռուսական կայսրության առջև ունեցած վաստակի համար Հովսեփ Արղությանին, Պավել I կայսեր հրամանով, շնորհվում է ռուսաց իշխանի տիտղոս[1]:

Ռուսական կայսրությանը Վրաստանի միանալուց հետո Արղությաններից շատերը շարունակեցին ծառայությունը զինվորական և պետական կարևոր պաշտոններում, մասնակցեցին 19-րդ դ. ընթացքում Ռուսաստանի` Կովկասում մղած գրեթե բոլոր պատերազմներին:

Բացառություն չէր նաև ռուսական բանակի ապագա զորավարի հայրը` իշխան Զաքար Հովսեփի Արղությանը: 1802թ. հուլիսին իշխան Զ. Արղությանը Երևանի բերդում կարևոր հետախուզական տեղեկություններ ձեռք բերեց Երևանի ու Նախիջևանի խաների փոխհարաբերությունների մասին, ինչը մեծ նշանակություն ունեցավ ռուսական զինվորական հրամանատարության համար, որը պատրաստվում էր Երևանի արշավանքին[1]: Հետագայում նա մասնակցել է պարսկական զորքերի դեմ մղվող մարտերին, այդ թվում` ռուսական բանակի 1804թ. առաջին Երևանյան արշավանքին:

Երևանյան արշավանքի ժամանակ, ինչպես և այլ մարտական գործողությունների ընթացքում, աչքի է ընկել նաև Մ.Զ. Արղությանի հորեղբայրը` ռուսական բանակի գնդապետ, իշխան Սողոմոն Արղությանը, որը բազմիցս արժանացել է ռուսական կառավարության շքանշանների[1]:

Մովսես Արղությանը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ազնվականական ուսումնարանում և պատրաստվում էր մտնել քաղաքացիական ծառայության մեջ: Սակայն 1817թ. ռուսական բանակի նոր գլխավոր հրամանատարի` նապոլեոնյան կռիվների հայտնի հերոս, գեներալ Ա.Պ. Երմոլովի Կովկաս գալն այլ կերպ որոշեց նրա ճակատագիրը: Երիտասարդ Արղությանի մեջ մեծ ընդունակություններ նկատելով` Երմոլովը համոզում է նրա հորը` հնարավորություն տալ որդուն զինվորական կարիերա անել և ուղարկել նրան Պետերբուրգ: Այսպես 19-ամյա երիտասարդ իշխանը Կովկասից հայտնվեց Ռուսական կայսրության մայրաքաղաքում: 1817թ. ապրիլի 17-ին Մ.Զ. Արղությանը դարձավ Հեծյալ գնդի լեյբ-գվարդիայի` ռուսական բանակի ամենաէլիտար զորամասերից մեկի յունկեր: Թե՛ ծառայության, թե՛ ուսման մեջ Արղությանի ընդունակությունները (հատկապես ռազմական գիտություններում) ի հայտ եկան հենց սկզբից, այնպես որ, արդեն երկու ամիս անց իշխանը դարձավ շտանդարտ-յունկեր, իսկ մեկ տարի անց, երբ ընդամենը 20 տարեկան էր, դարձավ կոռնետ: 1824թ. Մ.Զ. Արղությանն արդեն Հեծյալ գնդի լեյբ-գվարդիայի շտաբս-ռոտմիստր էր[1]:

Բնականաբար, ապագա զորահրամանատարի համար ծառայությունը կայսերական գվարդիայի հայտնի գնդում ապարդյուն չանցավ: Բայց Արղությանն իսկական մարտական ծառայության էր ձգտում, որի շնորհիվ երիտասարդ սպան կկարողանար գործնականում կիրառել ստացած տեսական գիտելիքները և հմտությունները: Շուտով նման հնարավորությունը ստեղծվեց. բռնկվեց 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը:

ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ Ու ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ

Պարսկաստանի հետ պատերազմը սկսելուն պես ռուսական բանակի շատ հայ սպաեր, ովքեր ծառայում էին Հայրենիքից հեռու, ձգտելով մասնակցել Հայաստանի ազատագրության համար մղվող մարտերին, ցանկություն հայտնեցին փոխադրվել Կովկասյան կորպուս: Ռոտմիստր Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկը նրանցից մեկն էր: Թողնելով ծառայությունը մայրաքաղաք Պետերբուրգի հեղինակավոր գվարդիական գնդում` 1827թ. մարտի 23-ի հրամանով նա` մայորի կոչմամբ, տեղափոխվեց Կովկաս[1]:

Պետերբուրգցի երիտասարդ սպայի ժամանումը Թիֆլիս աննկատ չանցավ: Մատենադարանի արխիվում պահվում է 1827թ. մայիսի 7-ին թվագրված` իշխանուհի Մարիա Բեկտաբեկովայի[1] նամակը վրացահայերի առաջնորդ, արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցուն: Իշխանուհի Մ. Բեկտաբեկովան արքեպիսկոպոսին խնդրում է աջակցել Արղությանի ամուսնությանն իր ավագ դստեր[1] հետ:

Ի դեպ, 1826թ. պարսկական բանակի դեմ մարտական գործողություններում Թիֆլիսի այլ հայ իշխանների հետ մասնակցում էր նաև Մովսեսի հայրը: Իշխան Զաքարեն կռվում էր Նապոլեոնի դեմ կռիվների հերոս Դենիս Դավիդովի հրամանատարությամբ գործող ջոկատում, իսկ 1827թ. գարնանից ծառայում էր հայ ազնվականական աշխարհազորում, որն ուղեկցում էր Կովկասում ռուսական զորքերի նոր գլխավոր հրամանատար, գեներալ-համհարզ Ի.Ֆ. Պասկևիչին Երևանյան արշավանքի ժամանակ[1]:

1827թ. ապրիլի վերջին ռուսական զորքերի առաջավոր զորամասերը, գեներալ-համհարզ Կ.Խ. Բենկենդորֆի գլխավորությամբ, պաշարեցին Երևանի բերդը` ճանապարհին ազատագրելով Էջմիածնի վանքը: Հայ հեծյալ ջոկատը, որի հրամանատարությունը հանձնարարված էր մայոր Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկին, այդ զորքերի ավանգարդում էր: Քրդերի դեմ մարտերում, որոնք կազմում էին Երևանի Հուսեին խանի հեծելազորի հիմնական մասը, Արղությանի ջոկատը կարևոր դեր ունեցավ:

1827թ. մայիսի 25-ին Կ.Խ. Բենկենդորֆը լուր ստացավ արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցուց (որ ուղեկցում էր ռուսական զորքերին Երևանի արշավանքի ժամանակ) այն մասին, որ Հուսեին խանը, գտնվելով Արաքսի աջ ափին, խոչընդոտում է ռուսական զորքերի` Արևելյան Հայաստանի տարածք մտնելու ժամանակ պարսիկների կողմից քշված հայերի տունդարձին: Պարսկական զորքերին հարվածելու համար Կ.Խ. Բենկենդորֆը Արաքսի հակառակ ափ ուղարկեց կազակական երեք հարյուրյակից բաղկացած առաջավոր ջոկատը` զորային ավագ, մայոր Վերբիցկու[1] հրամանատարությամբ: 50 հայ հեծյալներ` Արղությանի գլխավորությամբ, ուղեկցում էին առաջավոր ջոկատը:

Թշնամու հեծելազորը հետապնդելիս Վերբիցկու ջոկատը շրջապատվեց բազմամարդ պարսկական հեծելագնդի կողմից և ստիպված եղավ ընդունել անհավասար մարտը: Մարտում զոհվեցին 103 կազակ և ինքը` Վերբիցկին, մյուսները, օգնություն ստանալով, կարողացան փրկվել: 50 հայ մարտիկներից յոթը զոհվեցին, ևս երկուսը գերի ընկան: Սակայն, չնայած զգալի կորուստներին, ռուսական բանակի առաջավոր զորամասերը հասան իրենց նպատակին. հայ ընտանիքների մեծ մասը տուն վերադարձավ[1]:

Հետագայում Մ.Զ. Արղությանը մասնակցեց Աբաս-Աբատի բերդի պաշարմանն ու գրավմանը, այնուհետև` 1827թ. հուլիսի 5-ին, պարսկական զորքերի դեմ կռվում, որոնց հրամանատարն էր շահի թագաժառանգ Աբաս Միրզան: Արդյունքում` ռուսական զորքերին հաջողվեց ծանր պարտության մատնել պարսկական բանակը: Այնուհետև Արղությանը մասնակցել է Սարդարապատի ամրոցի գրոհին, 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերի կողմից Երևանի բերդի ազատագրմանը և Թավրիզի գրավմանը: Երևանը գրավելու ժամանակ ցուցաբերած արիության համար իշխան Մ.Զ. Արղությանին շնորհվեց փոխգնդապետի կոչում: Նա արժանացավ նաև կայսեր երախտագիտությանը և պարգևատրվեց արծաթե մեդալով[1]:

Ռուսաստանի և Պարսկաստանի միջև պատերազմն ավարտվեց 1828թ. փետրվարին Թուրքմենչայի հաշտության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրի կետերից մեկը վերաբերում էր պարսկահայերի վերաբնակեցմանն Արևելյան Հայաստանում: Վերաբնակեցման կազմակերպման ընդհանուր ղեկավարությունը հանձնարարվեց գնդապետ Ե. Լազարևին[1]: Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկին, «ջանասիրության և հայոց լեզվի իմացության» համար, նշանակեցին գնդապետ Ե. Լազարևի[1] օգնական: Նրանց օգնում էին երկրորդ հայկական դրուժինայի նախկին հրամանատար, պորուչիկ Ակիմովը, պրապորշչիկ Շահնազարովը, մայոր Ս. Մելիքովը, տիտուլյար խորհրդական Մ. Ենիկոլոպովը և այլ հայ սպաեր[1]: Հարկ է նշել, որ հայերի հաջող վերաբնակեցման կազմակերպման մեջ մեծ է ոչ այնքան Ե. Լազարևի, որքան փոխգնդապետ Մ.Զ. Արղությանի վաստակը: Իրենց զեկույցներում այս մասին ուղղակիորեն նշում էին գեներալ-մայորներ Պանկրատևն ու Ճավճավաձեն, ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Ա.Ս. Գրիբոյեդովը[1]:

Պարսկական իշխանությունները խոչընդոտում էին հայերի տեղափոխությանը, տեղափոխվողների քարավանները ենթարկվում էին քրդերի ավազակային հարձակումներին: Ուստի, քարավանների պաշտպանության նպատակով ռուսական հրամանատարությունը զինված ջոկատներ կազմավորեց հենց վերաբնակվողների միջից: Դրանցից մեկը` կազմված մոտ 100 մարդուց, կազմակերպվեց Սալմաստի շրջանում և դրվեց Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկի հրամանատարության տակ[1]: Շատ չանցած, արդեն սկսված 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի պայմաններում, իշխանը նշանակվեց Երևանի պարետ. նրան հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել բերդի ամրացման ուղղությամբ[1]:

Միաժամանակ, ընդհուպ մինչև 1829թ. փոխգնդապետ Մ.Զ. Արղությանը կատարում էր նաև Հայկական մարզի պետի պարտականությունները, որը ստեղծվել էր Թուրքմենչայի հաշտությամբ Ռուսական կայսրությանն անցած Արևելյան Հայաստանի հողերի հիմքի վրա, Նիկոլայ I-ի հրամանով: Բայց արդեն 1829թ. արշավանքի սկզբում Արղությանը տեղափոխվեց գործող կորպուս: 1829թ. հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը նա մասնակցել է Բայբուրդի ամրոցի արշավանքին և գրավմանը, Հարթ գյուղի մերձակայքում լազերի ու չերքեզների ջոկատների դեմ մղվող մարտերին, Գյումուշխանա քաղաքի գրավմանը: 1829թ. սեպտեմբերին գլխավոր հրամանատար, կոմս Ի.Ֆ. Պասկևիչ-Երևանցու հրամանով փոխգնդապետ Արղությանը նշանակվեց Նարիմանի և Օլթիի սանջակների թուրք, քուրդ և չերքեզ հրոսակներին ճնշող ջոկատի հրամանատար. դրանք հարձակումներ էին գործում ռուսական զորքերի թիկունքում և հաղորդակցության վրա: Սուրբ Սարգիս գյուղի մոտ ջախջախելով Ասլան բեկի հրամանատարության, իսկ Օլթի ամրոցի մոտ` Հուսեին բեկի հրամանատարության տակ կռվող թուրքերի ու քրդերի ջոկատները` Արղությանը սեպտեմբերի 18-ին գրավեց Օլթին[1]:

Օլթիի գրավման ժամանակ ցուցաբերած արիության համար իշխան Մովսես Արղությանը, միակը Կովկասյան առանձին կորպուսի բոլոր հայ սպաերից 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմում, արժանացավ Ռուսական կայսրության ամենապատվավոր զինվորական պարգևներից մեկին` 4-րդ աստիճանի Սբ. Գևորգի շքանշանին[1]:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

1830թ. վերջին, արդեն որպես գումարտակի հրամանատար, Արղությանն առաջին անգամ մարտնչում է լեռնցիների դեմ, հակառակորդ, որի դեմ նա պետք է կռվեր ընդհուպ մինչև զինվորական կարիերայի ավարտը: 1830թ. նոյեմբերի 5-ին Նոր Զաքաթալա ամրոցի մերձակայքում նա ջախջախում է ռուսական զորքերի վրա հարձակված լեզգիների խոշոր ջոկատը, իսկ նոյեմբերի 14-ին Արղությանի զորքերը գրավում են ամրացված Զաքաթալան: 1830թ. դեկտեմբերի 22-23-ին ջախջախում է գլուխոդարյան լեզգիների ջոկատը, որը մտադիր էր հարձակվել ռուսական Բելոկանի ամրության վրա: 1831թ. Արղությանը մասնակցում է ռուսական զորքերի արշավանքին` գնդապետ Էսպեխոյի[1] հրամանատարությամբ (դեպի Կապիս-դար կիրճ` հնազանդեցնելու համար տեղի լեզգիներին)[1]:

1832թ. մարտի կեսերին ջարի լեզգիների մի ոչ մեծ խումբ անցավ Կախեթի հետ ռուսական սահմանը: Արղությանը շտապ միջոցներ ձեռնարկեց, և շուտով տեղի միլիցիայի ջոկատները, հայ պրապորշչիկ Նացվալովի հրամանատարությամբ, լեռնցիներին հասնելով Բելոկանի շրջանի անտառներում, անսպասելի գրոհում և ցրում են նրանց: Ցուցաբերած քաջության համար պրապորշչիկ Նացվալովին, Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, բարոն Ռոզենի հրամանով, շնորհակալություն է հայտնվում[1]:

Նույն` 1832թ. իշխան Արղությանը նշանակվում է այդ ժամանակ Երևանի բերդում տեղակայված Թիֆլիսի հետևակային գնդի հրամանատար: 1833թ. նրա ջոկատը մասնակցում է Հայկական մարզում քուրդ ցեղերի ճնշմանը: 1837թ. Կովկասյան կորպուսի զորքերը` գլխավոր հրամանատար, բարոն Ռոզենի հրամանատարությամբ, արշավանք ձեռնարկեցին Ծեբելդայի վրա ¥Հյուսիսային Աբխազիա¤: Դրանց մեջ էր նաև Մ.Զ. Արղությանի հետևակային գունդը: Ռուսական զորքերը, Սուխումից դուրս գալով ապրիլի 30-ին, անցնելով անտառներով ու սևծովյան մերձափնյա ճահիճներով, մայիսի 24-ին գրավեցին Ադլեր հրվանդանը և սկսեցին այնտեղ ամրություն կառուցել: Այդ անցման և լեռնցիների դեմ հետագա մարտերի ժամանակ կրկին աչքի ընկավ Արղությանը, որին շուտով շնորհվեց գնդապետի կոչում: Նա նշանակվեց Թիֆլիսի եգերական գնդի[1] հրամանատար:

1838թ. հուզումներ ծագեցին Շեքիի նահանգի լեռնցիների ու մուսուլմանների մեջ: Ապստամբները գրավեցին Նուխին: Շեքի քաղաքի պարետ, փոխգնդապետ Մինչենկովը, իր տրամադրության տակ ոչ լրիվ կազմով երկու վաշտ ունենալով, հայ բնակչության մի մասի հետ ստիպված էր թաքնվել կիսավեր բերդում և օգնություն սպասել: Զինելով տեղի հայերին` պարետն օգնություն խնդրեց նաև մերձակա շրջանների հայ բնակչությունից: 6 ժամ անց 100 հայ հեծյալներից բաղկացած ջոկատը, անցնելով 70 վերստ, օգնության հասավ Շեքիի կայազորին: Երբ լեզգիներին հաջողվեց ներխուժել քաղաք և գրավել քարվանսարայի շենքը, որն այնքան էլ հեռու չէր բերդի պատերից ու հարմար դիրք էր ռուսական կայազորի դեմ գործելու համար, թիֆլիսահայ Իսահակ Կուզինովը, պարանով իջնելով բերդից, չնայած թշնամու կրակին` հրկիզեց շենքը[1]: Շեքիի կայազորին օգնելու նպատակով Ցարսկիե Կոլոդցի գյուղից ուղարկվեց Թիֆլիսի եգերական գնդի գումարտակը` Արղությանի գլխավորությամբ, որը կենտրոնացված ռազմերթի արդյունքում, օգոստոսի 31-ի գիշերը մոտեցավ Նուխիին: Սեպտեմբերի 1-3-ի մարտերի արդյունքում ռուսական զորքերը` գնդապետներ Արղությանի և Բեզոբրազովի հրամանատարությամբ, ծանր պարտության մատնեցին լեռնցիներին և գրավեցին քաղաքը: Նահանգում վերականգնվեց խաղաղ իրադրությունը: Արղությանը շուտով նշանակվեց Զաքաթալայի վրա լեզգիների հարձակումները[1] կանխելու նպատակով Նուխիի շրջանում հավաքված ջոկատի հրամանատար:

1838թ. հոկտեմբերի կեսին Արղությանը նոր արշավանք նախաձեռնեց: Թիֆլիսի եգերների գումարտակից, Նիժեգորոդյան դրագունյան գնդի դիվիզիոնից, Շեքիի և Շիրվանի միլիցիայի 13 հարյուրյակից կազմված ջոկատով և 2 հրանոթով Արղությանը Նուխիից շարժվեց Խաչմազի կիրճի երկայնքով: Մոտավորապես 15 վերստ անցնելով և դիմադրության չհանդիպելով` ջոկատն ընկավ լեզգիների կրակի տակ Կոնդալա-Մարշ բարձունքի մոտ: Լեզգիներին անտառից դուրս բերելու համար Արղությանը գործի դրեց հրետանին, 2 եգերական վաշտեր պահում էին թիկունքը: Հրամայելով կրակ բաց անել լեզգիների վրա` նրանց շրջանցելու համար Արղությանն ուղարկեց հեծյալ միլիցիայի 3 հարյուրյակ: Այս քայլերը ստիպեցին լեզգիներին թողնել դիրքերը և նահանջել դեպի Կոնդալա-Մարշ  բարձունքի փլվածքները: Մեծ կորուստներ կրելով` միլիցիայի և եգերների կողմից հետապնդվող լեռնցիները ստիպված էին նահանջել նաև այս դիրքերից: Շուտով Արղությանն իր ջոկատով վերադառնում է Նուխի` ավարտելով մարտական գործողությունները Շեքիի նահանգում և հարակից շրջաններում[1]: Այս մարտական գործողություններում աչքի ընկնելու համար իշխան Արղությանը պարգևատրվում է Սբ. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով:

Որոշ ժամանակ անց Արղությանը նշանակվում է Ախալցխայի նահանգի ռազմական շրջանի պետ: Այստեղ նա ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ժանտախտի համաճարակի դեմ պայքարի միջոցառումներում: 1841թ. Գուրիայում (Արևմտյան Վրաստան) ապստամբություն է սկսվում, որը ճնշելու համար ուղարկվում է Մ.Զ. Արղությանը, որը միաժամանակ նշանակվել էր նաև Վրացական գծային գումարտակների 1-ին բրիգադի հրամանատար: Ինչպես նշվում էր Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ե.Ա. Գոլովինին ուղղված զեկույցում, այդ    առաքելությունը հանձնարարվեց Արղությանին` որպես «տեղին ծանոթ շտաբ-սպայի, որը գիտի տեղի լեզուները և հայտնի է իր խոհեմությամբ` պարտավորեցնելով նրան Ախալցխայի գավառից միլիցիա վերցնել»[1]: Ռուսական զորքերին օգնելու համար Ջավախքի հայերը տվեցին Ախալցխայի հեծյալ միլիցիայի 2 հարյուրյակ, որոնք գնդապետ Արղությանի հետ շարժվեցին Գուրիայի ուղղությամբ[1]: 1841թ. օգոստոսի 14-ին Մ.Զ. Արղությանին գրած նամակում Կովկասյան կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Կոցեբուն բացատրում էր, թե ինչու է հրամանտարության ընտրությունը կանգ առել նրա վրա. «Ոչ ոք այդքան խոհեմությամբ և հաջողությամբ չի կատարի Գուրիայում կարգուկանոնի վերահաստատումը, որքան Ձերդ պայծառափայլությունը, որը վայելում է ղեկավարության վստահությունը և ազդեցություն ունի ժողովրդի մեջ: Ես իմ պարտքը համարեցի խոնարհաբար խնդրել Ձեզ անհապաղ ուղևորվել Գուրիա և բոլոր միջոցներով ջանալ խելքի բերել ժողովրդին»[1]:

Այս գործողության ժամանակ, երբ Արղությանը նշանակվել էր առանձին ջոկատի հրամանատար և կարող էր գործել իր հայեցողությամբ, առաջին անգամ ողջ կարողությամբ փայլեց իշխան Արղությանի զինվորական տաղանդը: Նրա ռազմարշավը դեպի Գուրիա շարունակվեց 1841թ. օգոստոսի 10-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Անհրաժեշտ քանակությամբ կանոնավոր զորք և միլիցիա հավաքելով` իշխան Արղությանն օգոստոսի 30-ին շարժվեց Օզուրգետի ուղղությամբ, որը շրջապատված էր ապստամբ գուրիացիների կողմից: Քանի որ դեպի Օզուրգետի ճանապարհին ռուսական զորքերը հանդիպեցին հակառակորդի լավ ամրացված դիրքերին, որոնց գրավումը կարող էր զգալի կորուստներ պատճառել, գնդապետ Արղությանը որոշում է գիշերով շրջանցել ապստամբների դիրքերը և նրանց վրա հարձակվել այն կողմից, որտեղից նրան ամենաքիչն էին սպասում: Իր ջոկատի մի մասը ցուցադրական գործողությունների համար թողնելով ճակատում և հակառակորդի աջ թևի դիմաց` նա մյուս զորախմբով հետ է շարժվում: 7 վերստ անցնելով` նա իր զորքերն ուղարկում է գյուղական ճանապարհով դեպի աջ` շրջանցելու գուրիացիների ձախ թևը: Սեպտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, Արղությանը հայտնվում է Օզուրգետի դիմաց և անսպասելի հարձակվում ապստամբների ջոկատների վրա: Հանկարծակիի եկած թշնամին չի կարողանում երկար դիմադրել և շուտով նահանջում է: Երկու ժամ անց Օզուրգետի շրջակայքն ամբողջովին ազատագրված էր ապստամբների ջոկատներից[1]: Ռազմական նախարար, իշխան Ա. Չեռնիշևին գրած զեկույցում գեներալ Ե.Ա. Գոլովինը նշում էր. «Օզուրգետն ազատագրված է խռովարարների ամուր շրջափակումից, որոնք, իշխան Արղությանի կշռադատված կարգադրությունների և իր ջոկատի մեծ մասով նրանց ամրացված դիրքերը շրջանցելու լավ մտածված գործողությունների արդյունքում մեծ վնասներ կրելով ցրվել են, մեր կողմից գրեթե ոչ մի վնաս չկա... Վերջում պարտքս եմ համարում ասել, որ գնդապետ, իշխան Արղությանի սույն գործողությունները ցույց են տալիս, որ նա զինվորական լավ ընդունակություններ ունեցող և հատուկ ուշադրության արժանի մարդ է»[1]:

Օզուրգետում կրած պարտությունից հետո գուրիացիների մեծ մասը շուտով ցրվեց, և իշխան Արղությանը սկսեց հպատակեցնել Գուրիայի բնակչությանը` միաժամանակ փնտրելով ապստամբության մեղավորներին` թույլ չտալով նրանց փախչել Թուրքիա կամ թաքնվել անտառներում: Արդյունքում` թուրքական զորքերի հրամանատարը Քոբուլեթի շրջանում շուտով բռնեց և ռուսական իշխանություններին հանձնեց անկարգությունների` թուրքական տիրույթներում թաքնվող հրահրողներին, իսկ պարագլուխների մեծ մասին հանձնեցին իրենք` գուրիացի բնակիչները` փորձելով թոթափել ապստամբությանը մասնակցելու մեղքը: Շուտով գեներալ Ե.Ա. Գոլովինին գրած նամակում ռազմական նախարարը հայտնում էր կայսեր ցանկության մասին` պարգևատրել գնդապետ Արղությանին Գուրիայում ապստամբության արագ և հաջող ճնշման համար: 1841թ. դեկտեմբերի 8-ին իշխան Արղությանը, ավարտելով առաքելությունը Գուրիայում, Օզուրգետից վերադարձավ Ախալցխա: Գուրիայի ապստամբությունը ճնշելու համար իշխան Արղության-Երկայնաբազուկը պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով[1]:

ԴԱՂՍՏԱՆԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

1842թ. Արղությանն արդեն այլ պաշտոն ուներ: Նրան էր տրվել Սամուրյան ջոկատի հրամանատարությունը: Նա պետք է ուղևորվեր Դաղստան` հնազանդեցնելու համար Շամիլի կողմն անցած Կազիկումիխի խանությունը (Սամուրի օկրուգ): Տարեսկզբից ռուսական զորքերը Դաղստանում հայտնվեցին ծանր դրության մեջ. նրանք մեծ կորուստներ էին կրում, ամենուրեք խռովություններ էին բռնկվել, որոնք ուղեկցվում էին ռուսական ամրությունների վրա լեռնցիների հանդուգն հարձակումներով: Նոր, վճռական հրամանատարի կարիք էր զգացվում, որը կկարողանար փրկել իրավիճակը: Եվ այդ հրամանատարը դարձավ գնդապետ Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկը: Սկսվում է իշխանի զինվորական գործունեության փայլուն շրջանը, որն անխզելիորեն կապված է Հյուսիսային Կովկասի հետ: Ռուսական Կովկասյան բանակը հենց նրան է պարտական իր բազմաթիվ հաղթանակների համար, որոնք Հյուսիսային Կովկասի բարդ լեռնային պայմաններում մղված մարտերի պատմության մեջ դասական օրինակներ են դարձել:

Սամուրյան ջոկատի հրամանատար դառնալուց անմիջապես հետո Արղությանն անցնում է ակտիվ գործողությունների: Շատ շուտով նա ծանր պարտության է մատնում լեռնցիների մեծաթիվ ջոկատներին Կյուլյուլի գյուղի մոտ մղված ճակատամարտում, իսկ հետո ռուսական զորքերը գրավեցին նաև խանության կենտրոնը` Կումուխ գյուղը: Ի երախտագիտություն Արղությանի իրականացրած հաջող գործողության` նրան շնորհվեց գեներալ-մայորի[1] կոչում: Բացի այդ, «1842թ. հունիսին Կումուխ Շամիլի ներխուժման, հատկապես հունիսի 2-ին Կյուլյուլի գյուղի մոտ Շամիլի հրոսակախմբերի ջախջախման ժամանակ իրականացրած հաջող գործողությունների և կարգադրությունների համար» գեներալ-մայոր, իշխան Մ.Զ. Արղությանն արժանացավ Սբ. Գևորգի 3-րդ աստիճանի շքանշանի[1]:

Հայտնի է, որ Շամիլի դեմ պայքարում ռուսական իշխանությունները բազմիցս փորձել են ռազմական գործողությունները զուգակցել քաղաքական միջոցների հետ` նպատակ ունենալով իրենց կողմը գրավել տեղի բնակչությանը, հողատերերին ու Դաղստանի լեռնցիների ջոկատների հրամանատարներին: Հատուկ դեր էր հատկացված ռուսական բանակի զորապետերին, որոնք պետք է համակարգեին աշխատանքը լեռնցիների հետ և նրանց համոզեին համատեղ պայքարել իմամ Շամիլի դեմ: Գլխավոր հրամանատար Ե.Ա. Գոլովինի բնութագրմամբ` այս գործում կարևոր դեր պետք է խաղար Սամուրյան ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Արղությանը` «որպես խելացի, տեղի լեզուներն ու սովորություններն իմացող և մարտական գործողություններում արդեն փորձով զգուշություն ցուցաբերած մարդ»[1]:

Որոշ ժամանակ անց, 1844թ. փետրվարի 10-ին ռազմական նախարար Ա.Ի. Չեռնիշևին Կովկասյան կորպուսի նոր գլխավոր հրամանատար, գեներալ-համհարզ Ա.Ի. Նեյդհարտի զեկույցի համաձայն` Մ.Զ. Արղությանը նշանակվում է Դերբենտի ռազմական օկրուգի, ինչպես նաև Միջին ու Հարավային Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար[1]: Այդ տարի Շամիլը խոշոր հաջողությունների էր հասել ռուսական զորքերի դեմ կռիվներում. գրավված էր Ավարիան, հարձակում էր նախապատրաստվում Մեհթուլի և Կազիկումիխի խանությունների ուղղությամբ: Բայց իմամի պլանները խափանվեցին Մարգի գյուղի մոտ 1844թ. ապրիլին, իսկ այնուհետև` հունիսին, Դոկուլ-բյար[1] բարձունքի մոտ Արղությանի ջոկատի փայլուն հաղթանակների արդյունքում:

Արղության զորավարի հմտությունն ու Հյուսիսային Կովկասի լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու իմացությունը վառ դրսևորվեցին 1845թ. հայտնի Դարղինի արշավանքի նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև հետագա իրադարձությունների ժամանակ: Ինչպես հայտնի է, այդ արշավանքը, չնայած դրան մասնակցում էր Կովկասում ռուսական զորքերի նորանշանակ գլխավոր հրամանատար, կոմս (հետագայում` իշխան) Մ.Ս. Վորոնցովը, ավարտվեց ռուսական զորքերի կրած ծանր անհաջողությամբ: Արշավանքը, հավանաբար, ռուսական հրամանատարության վերջին փորձն էր (Սանկտ Պետերբուրգի անմիջական հրահանգով)` լեռնցիների հարցը լուծել մի հարվածով, ինչը, նրանց կարծիքով, կարող էր նպաստել Շամիլի և նրա գլխավորած իմամության վերջնական պարտությանը: Թե ինչի հանգեցրեց այդ արշավանքը, հայտնի է. Կովկասյան առանց այդ էլ արյունալի պատերազմի ողջ ընթացքում Դարղինի 1845թ. արշավանքն ամենաանհաջողներից մեկն էր ռուսական բանակի համար: Դրան մասնակցում էր նաև Արղությանը Սամուրի ջոկատով: Նա այն եզակի փորձառու կովկասյան գեներալներից էր, որ գիտակցում էր սույն արշավանքի բոլոր դժվարություններն ու հետևանքները:

1844թ. օգոստոսի 1-ին Ա.Ի. Նեյդհարտին գրած նամակում Արղությանը ներկայացրել է իր վերաբերմունքը պատրաստվող արշավանքին ու դրա հնարավոր արդյունքներին. «Ձերդ գերազանցություն, մտադրվելով շարժվել դեպի լեռները` իհարկե, ենթադրում եք ոչ ավելի, քան հետախուզում Շամիլի` պատերազմ վարելու միջոցները ոչնչացնելու նպատակով, իսկ գլխավորը` պատեհություն ունենալ ոչնչացնելու նրա հրոսակախմբերը, եթե նա, հանդիպելով մեր զորքերին, որոշի կռվել: Դրանից հետո զորքերը պետք է վերադառնան` լրիվ մաքրելով այն երկիրը, ուր ենթադրվում է ներխուժել»[1]:

Արղությանը նշում էր նաև, որ ռուսական զորքերի խորացումը լեռնցիների տարածքում կուղեկցվի հարձակվող զորքերի պարեն հասցնելու, ինչպես նաև տեղանքի կտրտվածության և ռուսների նկատմամբ տեղի բնակչության թշնամական վերաբերմունքի հետ կապված դժվարություններով: Վերադարձի ճանապարհին ևս ռուսներն ավելի մեծ կորուստներ կկրեն լեռնցիների կողմից, որոնք առիթը բաց չեն թողնի նահանջող ռուսական զորքերի ոչ մեծ, անջատ-անջատ ջոկատների վրա հարձակվելու համար. «Թշնամին, մեր առաջընթացին զուգահեռ, հետ կքաշվի երկրի խորքը, իհարկե` վնասներ կրելով, բայց լրիվ հուսահատ չլինելով... Դեպի երկրի խորքը մեր առաջշարժումը կախված կլինի մեր ունեցած պարենի պաշարներից, բայց այն ամեն դեպքում կդադարեցվի, այսպես ասած, ավելի կամ պակաս ուժեղ թշնամու պատճառով, որը մեր վերադարձին առիթը բաց չի թողնի հետապնդելու մեր զորքերին, ինչին կնպաստի նաև նրա մեծ շարժունակությունը»[1]: Իրոք, Արղությանը կարծես կանխատեսում էր Դարղինի արշավանքի ելքը, և՛ հայտնի «չոր հացի արշավանքի», և՛ այդ մարտերում զոհված (օրինակ, հայտնի գենարալ Պասեկը և շատ ուրիշներ) ռուս զինվորների ու սպաերի ողբերգական ճակատագիրը:

Բայց գեներալի զեկույցն այսքանով չէր ավարտվում: Շարունակության մեջ Արղությանը նկարագրում էր այն, թե ինչ ռազմավարական նշանակություն կարող էին ունենալ նախապատրաստվող Դարղինի արշավանքի հետևանքները Հյուսիսային Կովկասի հետագա իրավիճակի և ռուսական հրամանատարության պլանների համար. «Այսպիսով, երկրամասը, ուր ներխուժելու ենք, կրկին կթողնվի մեր կողմից: Բացի որոշ քայքայումից, որին կենթարկվեն բնակիչները, թշնամու զինված ուժերի միջոցները ոչ մեծ փոփոխություններ կկրեն... Մեր հարձակողական շարժումը դեպի Ավարիա, Գումբեթ և Անդիա ու վերադարձն այնտեղից առանց, հավանաբար, որևէ վճռական արդյունքի, մեզ համար շահավետ տպավորություն թողնել չեն կարող ինչպես թշնամու` ներկայումս զբաղեցրած երկրամասի բնակիչների, այնպես էլ Դաղստանի` այժմ մեզ հպատակ բոլոր բնակիչների շրջանում»[1]:

Միևնույն ժամանակ, Սամուրի ջոկատի հրամանատարն իր նամակում ընդգծում էր, որ, չնայած այս դժվարություններին, «վստահ ինձ հանձնված ջոկատի ուժին` համարձակորեն կարող եմ ասել, որ զորքերը կանեն այն ամենը, ինչ իրենցից կպահանջվի: Թշնամու առավել ուժեղ դիմադրությունը կմեծացնի միայն քաջերի կորուստը... Մնում է միայն որոշել` կհամապատասխանե՞ն արդյոք կորուստներն այդ արշավանքի հետևանքներին»[1]: Իրականում, Դարղինի արշավանքի հետևանքներն, ինչպես հայտնի է, շատ ավելի ծանր էին ռուսական զորքերի համար, քան ենթադրվում էր: Մոտ 4000 սպանված ու վիրավոր, նրանց թվում` հայտնի գեներալներ, սպառազինության հսկայական կորուստներ, իսկ Ռուսաստանի անվանն ու հեղինակությանը լեռնցիների շրջանում լուրջ հարված հասցվեց: Սակայն արշավանքի արդյունքները ստիպեցին ռուսական զինվորական իշխանություններին և հենց իրեն` կոմս Վորոնցովին, որ ծանոթ չէր Հյուսիսային Կովկասում մարտական գործողությունների մղման առանձնահատկություններին, փոխել պատերազմի ընդհանուր ռազմավարությունը անծանոթ ու դժվարհասանելի կովկասյան լեռներում և վերադառնալ «Կովկաս ամրոցի» պաշարման երկարատև, բայց ճիշտ «երմոլովյան»[1] մարտավարությանը, որը նախատեսում էր ամրությունների, ճանապարհների կառուցում, անտառահատումներ և դանդաղ առաջխաղացում դեպի Դաղստանի և Չեչնիայի[1] խորքերը:

Զեկույցի վերջում Արղությանի արած նկատառումները հետագա գործողությունների մասին` վկայում են այն, որ գեներալը խորապես ընկալում էր ստեղծված ռազմական դրությունը. «Արդեն նվաճված երկրամասի վերջնական ամրապնդման համար, եթե դուք մտադրություն չունեք շարունակել ռազմական գործողությունները լեռներում` այնտեղ հաստատվելու համար, ապա, ըստ իս, անհրաժեշտ է կարգի բերել Գերգեբիլի ամրությունը` որպես մի կետ, որը կմիացնի Կումուխն ու Թեմիր-խան-Շուրան և հենակետ կծառայի այն զորքերի համար, որոնք կգործեն Շամխալի հարթության, Մեխթուլիի տիրույթի, Ծուդախարի և Ակուշի հսկողության համար... Գերգեբիլից Թեմիր-խան-Շուրա, Կումուխ և ուղիղ դեպի Դերբենտ ճանապարհների անցկացումը նույնպես, իմ կարծիքով, առաջնահերթ կարևորության խնդիր է»[1]: Դարղինի արշավանքից հետո ռուսական հրամանատարությունը թերագնահատեց Գերգեբիլի նշանակությունը, ինչը հանգեցրեց այն բանին, որ Շամիլի զորքերն իրենք գրավեցին ու ամրացրին մարտական գործողությունների կազմակերպման ու ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող հենակետը, այնպես որ, հաջորդ 2-3 տարիներին Դաղստանում ռուսների հիմնական խնդիրներից մեկը դարձավ այդ ամրության չեզոքացումը:

ՇԱՄԻԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ

Դարղինի արշավանքի ժամանակ Սամուրի ջոկատը, չնայած ռուսական զորքերի ընդհանուր անհաջողությանը, կարողացավ լուծել հրամանատարության կողմից իր առջև դրված խնդիրները: Այլ շրջաններում ռուսական բանակի կրած ծանր կորուստների ֆոնին լեռնցիների դեմ ջոկատի մղած հաջող մարտերը բարձրացրին իշխան Արղությանի հեղինակությունը. նա մեկն էր այդ շրջանի այն սակավաթիվ հրամանատարներից, ով գրեթե պարտություն չի կրել լեռնցիների դեմ կռիվներում: 1845թ. կամպանիայի հաջող իրականացման համար Մ.Զ. Արղությանը ստացավ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտի կոչում: 1847թ. սեպտեմբերի 1-ին նա նշանակվում է Դերբենտի զինվորական նահանգապետ, իսկ նոյեմբերին` Մերձկասպյան երկրամասի ռուսական զորքերի հրամանատար և քաղաքացիական մասի կառավարիչ[1]:

Հատկանշական է այս ժամանակաշրջանի Արղությանի գործունեությանը նրա անմիջական հրամանատարի` Կովկասի փոխարքա և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-ֆելդմարշալ, իշխան Մ.Ս. Վորոնցովի, 1812թ. Հայրենական պատերազմի հերոսի տված գնահատականը, մարդ, որի անունը մտել է ինչպես Ռուսաստանի ռազմական պատմության, այնպես էլ Ռուսական կայսրության կողմից Կովկասի նվաճման և յուրացման` 19-րդ դ. առաջին կեսի տարեգրության մեջ[1]: Կովկասի նախկին §պրոկոնսուլ¦ Ա.Պ. Երմոլովին (փոխարքայի վաղեմի բարեկամը դեռ նապոլեոնյան կռիվների ժամանակներից) գրած նամակում Մ.Ս. Վորոնցովն այսպես էր բնութագրում Մ.Զ. Արղությանին. «Արղութինսկին իսկական գեներալ է, մեծ ընդունակություններ, հմտություններ ունի, սովորաբար երջանիկ է պատերազմում, երկրամասի, լեզուների իմացությամբ, ու վստահություն է վայելում և՛ մեր զորքերի, և՛ տեղաբնակների միլիցիայի շրջանում, նա անփոխարինելի է այն կարևոր տեղում, ուր այժմ ղեկավարում է»[1]:

Ինչ վերաբերում է Արղությանի նկատմամբ «պրոկոնսուլի» վերաբերմունքին, ով ժամանակին նրա ճակատագրում կարևոր դեր է խաղացել, պետք է նշել Երմոլովի հայացքների մեջ կատարված խիստ հետաքրքիր էվոլյուցիայի մասին` Հյուսիսային Կովկասում իշխան Արղությանի զինվորական և վարչարարական գործունեության առնչությամբ: Ինչպես հայտնի է, Կովկասից հեռանալուց հետո Երմոլովը չի դադարել հետաքրքրվել նրանով, որն իրեն էր պարտական իր զարգացմամբ: Նա այնտեղից կանոնավորապես տեղեկություններ էր ստանում, որոնց շնորհիվ, ճիշտ է, իրեն հատուկ թերահավատությամբ, բայց կարողանում էր միանգամայն ճշգրիտ գնահատական տալ կատարվող իրադարձություններին: Դրանք առաջին հերթին վերաբերում էին լեռնցիների հետ պատերազմի ընթացքին և ռուս զորահրամանատարների բնութագրերին: 1846թ. փետրվարին Վորոնցովին գրած նամակում Ա.Պ. Երմոլովը գրում է. «Արղութինսկուն դու վերագրում ես այնպիսի արժանիքներ և ընդունակություններ, որոնք հազվադեպ են պատահում ամենահոյակապ զորավարների մեջ: Ասում ես, թե նա անփոխարինելի է այն երկրամասում, որտեղ ղեկավարում է, որ նրա հանդեպ ընդհանուր վստահություն կա թե՛ մեր զորքերի, թե՛ տեղաբնակների կողմից: Ինչպե՞ս համարձակվեմ ինչ-որ բան ասել ի հակառակ իր խորաթափանցությամբ հայտնի զորապետի համոզմանը, և արդյո՞ք ինձ կարելի է կարծիք ունենալ, երբ ես բոլորովին չեմ ճանաչում իշխան Արղութինսկուն, իսկ նրա գործերի մասին գիտեմ ուրիշների կարծիքներից: Բայց շատերը կհամաձայնեն իմ պարզ դատողության հետ, որ անօգտակար չէ երբեմն ավագի հայացքը առանձին զորապետերի գործողություններին, որոնք կամայական կարգադրություններ են անում և նույն անկաշկանդվածությամբ էլ նկարագրում իրենց զարմանալի սխրանքները: Չես էլ նկատում, թե ինչպես են իրենց հերոս սարքում, ու դրանից հետո Վրաստանից պակաս ոչինչ չես հանձնի փառապանծի հրամանատարությանը»[1]: Տպավորությունն այնպիսին է, ասես Ա.Պ. Երմոլովի խոսքերում ակնարկվում է Ի.Ֆ. Պասկևիչի հետ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի սկզբում վերջինի տարած հաղթանակներից հետո, նրա փոխհարաբերությունների լայնորեն հայտնի §փորձի¦ մասին:

Սակայն Ա.Պ. Երմոլովն աստիճանաբար համոզվում է, որ Մ.Զ. Արղությանի կարողությունների մասին իր նախնական կարծիքը խիստ կանխակալ էր: 1846թ. օգոստոսի 31-ին նա Վ.Ս. Վորոնցովին գրում է. «Չգիտեմ` ինչո՞ւ ես մտածել, թե Արղութինսկուն չեմ սիրում: Ես նրա մեջ օգտակար մարդ եմ տեսնում, և որ նա, որպես տեղի ժողովուրդներին, ում դեմ կռվել է, ավելի լավ գիտցող, քան մյուս զորապետերը, օգտագործվել է: Ոչ ոք այնպիսի մարդիկ չունի, որ ստույգ տեղեկություններ հաղորդի: Գիտեմ նաև նրա այլ գովական հատկությունների մասին, որոնք դու նրա մեջ նկատել ես... Նաև չեմ կարող այնքան անխոհեմ գտնվել, որ նրան միանգամայն օգտակար չհամարեմ երկրամասում ծառայության համար, որտեղ նա, շատերի համեմատ, խիստ մեծ առավելություն ունի. բայց միևնույն ժամանակ չեմ վախենում ընկնել սխալմունքի մեջ` նրանում չգտնելով այն հատկությունները, որոնք կարող էին զարդարել Թյուրենին ու Վիլարդին»[1]:

Արղությանի երկարամյա մարտական հաջող ծառայությունը Դաղստանում վերջնակակապես փոխել է տալիս Կովկասի նախկին «պրոկոնսուլի» կարծիքը նրա մասին: Փոխարքային գրած իր հերթական նամակում (1849թ. փետրվարի 14-ին գրված), երբ հայ գեներալի տարած մի շարք փայլուն հաղթանակներից հետո նրա հեղինակությունն այլևս որևէ մեկի կասկածը չէր առաջացնում, Երմոլովը նշում էր. «Իշխան Արղութինսկու օգտին են վկայում թե՛ նրա նախկին գործերը, թե՛ երկրամասի կատարյալ իմացությունը. նրա զինվորական ունակությունների մասին ոչ ոք ոչ մի խոսք ասել չի կարող, և այս երկրի համար դու կարող ես հանգիստ լինել»[1]:

Հյուսիսային Կովկասում Արղությանի երկարամյա մարտական ծառայության մեջ աչքի է ընկնում 1847թ. ռազմարշավը, որը նշանավորվեց Սալթի լեռնային ամրության գրոհով ու գրավմամբ: Սալթին կարևոր ամրություն էր Դաղստանում: Սեպտեմբերի 14-ին, այդ աուլի գրոհի ժամանակ, գեներալ-լեյտենանտ Արղությանը վիրավորվեց գլխից, երբ անձամբ մարտի էր առաջնորդում զինվորներին: Եվ անգամ չնայած դրան` նա մնաց շարքում մինչև ռուսական զորքերի կողմից Սալթիի վերջնական գրավումը: Ականատեսների հիշողությունների համաձայն` «իշխան Արղութինսկին, գտնվելով թշնամու ուժեղ կրակի ներքո, հիացած նայում էր զինվորների ու միլիցիոներների[1] հերոսական սխրանքներին և իր համհարզներին ու հանձնակատարներին հանգիստ ուղարկում էր այս կամ այն կողմ` կարճ ու միշտ վճռական հրամաններով: Բայց հանկարծ նա կմկմաց, երերաց, ու արյան բարակ շիթը նրա դեմքից ծորաց կրծքին: Հերոսի առաջին մղումն այն եղավ, որ դեմքը սրբի ափով և ցույց չտա, որ ինքն էլ խոցելի է, բայց այնուհետև, համոզվելով, որ կրակել են այտին և վիրակապելու անհրաժեշտություն կա, վերջապես, տեղի տվեց իրեն շրջապատող անձանց պահանջներին... և մի որոշ ժամանակով զորքերի հրամանատարությունը զիջեց գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կոցեբուին»[1]:

Դաղստանի ջոկատի զորքերի կողմից Սալթիի ամրության գրավման առիթով Կովկասյան առանձին կորպուսի վերաբերյալ 1847թ. սեպտեմբերի 12-ի հրամանում գլխավոր հրամանատար, իշխան Մ.Ս. Վորոնցովը նշում էր. «Այս հրամանում որևէ մեկի անունը տալ չեմ կարող, քանի որ անուններն ավելի քան շատ կլինեին, ես նրանց անունները կտամ հաջորդ հրամաններում. մի անուն միայն անբաժան է իր ջոկատի կողմից և այստեղ լռության մատնվել չի կարող. գեներալ-լեյտենանտ Արղության-Երկայնաբազուկը իմ հրամանատարության ներքո ամբողջ ընթացքում ջոկատի ընդհանուր զորապետն էր. Հարավային Դաղստանում վեցերորդ ռազմարշավն է` նա մշտապես աչքի է ընկնում փայլուն և օգտակար գործողություններով, կշռադատված կարգադրություններով, երկրամասի իմացությամբ և դրա ողջ բնակչության լիակատար վստահությամբ նրա հանդեպ... Վերջապես, թշնամու դեմ նրա բոլոր գործողություններում, մեր բոլոր արշավանքներում նա մշտապես ցուցաբերել է ողջամիտ հրամանատարության և կատարյալ անձնուրացության օրինակ... Չեմ կարող բավարար չափով ներկայացնել այն ամենը, թե որքան երախտապարտություն ու հոգեկան ակնածանք եմ զգում նրա հանդեպ»[1]:

Փոխարքայի ներկայացմամբ` Սալթիի գրավման համար Մ.Զ. Արղությանը պարգևատրվում է Սպիտակ արծիվ շքանշանով: Մ.Ս. Վորոնցովին գրած նամակներից մեկում Ա.Պ. Երմոլովը նույնպես ըստ արժանվույն էր գնահատում Սալթին գրավելու Արղությանի գործողությունները. «Ես վստահ եմ, որ իշխան Արղութինսկուց դու առավելագույն օգուտն ես քաղել, քանզի նրանից լավ ոչ ոք չգիտի այդ տեղանքը և երկրամասին վերաբերող հանգամանքները, ինչին, բացի նրա ունակություններից, նպաստում էր նաև երկարամյա փորձը: Դու տեսնում ես, որ ես ոչ միայն արժանին եմ հատուցում, այլև գիտեմ, թե որքան դժվար է փոխարինել նրան»[1]:

Բայց 1847թ. ռազմարշավը միայն Սալթիի ամրության գրավմամբ ու Գերգեբիլի պաշարմամբ չսահմանափակվեց: Չէին հասցրել հիմնական ջոկատի զորախմբերը հասնել իրենց մշական տեղակայման վայրերը, երբ լեռնցիների նոր ջոկատները կրկին ներխուժեցին ռուսների կողմից վերահսկվող տարածքները Ունժուղաթլի և Վիցխիի մաղալների կողմից: Ռուսական զորքերի գլխավոր գործող կորպուսը` Դաղստանի ջոկատը, այժմ արդեն Արղությանի անմիջական հրամանատարության ներքո, նոյեմբերի 10-ին Թեմիր-խան-Շուրայից ուղևորվեց Ակուշա` օգնություն ցուցաբերելու Շամիլի զորքերի կողմից պաշարված Ծուդախարին: Այն ապաշրջափալելուց հետո Դաղստանի ջոկատն ուղևորվեց Վիցխիի մաղալ և լեռնցիների հետ մի շարք հաջող ընդհարումներից հետո գրավեց մի քանի աուլ[1]:

Հաջորդ` 1848 թվականը նշանավորվեց Արղությանի նոր հաղթանակներով: Այսպես, նա գլխավորեց ռուսական զորքերը Գերգեբիլի գրավման ժամանակ, այնուհետև նրա ղեկավարած ջոկատն ապաշրջափակեց ռուսական Ախտի ամրությունը` հաղթանակ տանելով Շամիլի ջոկատների դեմ Միսկինջի աուլի մոտ: 1847թ. Գերգեբիլի առաջին, ռուսական զորքերի համար անհաջող պաշարման արդյունքները ստիպեցին Կովկասյան կորպուսի հրամանատարությանը` ավելի մանրակրկիտ պատրաստվել դրա նոր գրոհին: Այս անգամ Արղությանը մտադիր էլ չէր կայծակնային գրոհով դուրս քշել մյուրիդներին աուլից: 5 օրվա ընթացքում, 1848թ. հունիսի 9-13-ը, նա միայն հետախուզական աշխատանքներ էր իրականացնում: Ամրությունը վերջնականապես շրջապատվեց հուլիսի 5-ին Այմյակի գյուղի գրավումից հետո: Սկսվեց Գերգեբիլի կենտրոնացված ռմբակոծումը. 18 ժամ շարունակ ամրությունը հրետակոծում էին 8 հրասանդ, 11 մարտկոցային և 6 թեթև հրանոթներ: Կայազորը չդիմացավ և ազատեց ամրությունը, բայց մյուրիդների մեծ մասը սպանվեց շրջափակումը ճեղքել փորձելիս: 1848թ. հուլիսի 7-ին, Գերգեբիլին ռուսական զորքերի մոտենալուց մեկ ամիս անց, աուլը գրավվեց ու ավերվեց[1]:

Գերգեբիլի ամրության ավերումը կարևոր հետևանքներ ունեցավ Շամիլի դեմ մղվող պատերազմի հետագա ընթացքի համար: Զրկվելով հենակետից, որտեղից մշտապես հարձակումներ էին գործում Դարղինի օկրուգի և Մեխթուլիի խանության վրա, իմամը ստիպված էր իր ուժերը հավաքել կամ Կարա-Կոյսու գետի ձախ ափին, կամ Արականի և Կոդուխ գյուղերի մոտ, ինչը հեռացնում էր նրանց ռուսների կողմից վերահսկվող շրջանների սահմաններից: Դրա համար էլ լեռնցիները, Կովկասյան կորպուսի զորքերի հետապնդման դեպքում, հայտնվում էին դժվար կացության մեջ, քանի որ արդեն զրկվել էին հենակետից Կարա-Կոյսուով գետանց կատարելու համար: Միաժամանակ, Գերգեբիլի գրավմամբ ռուսական զորքերը հնարավորություն ստացան այդ շրջանում սեփական ամրություն կառուցել, որի տեղը, Արղությանի պնդմամբ, ընտրվեց Այմյակի գյուղում[1]:

Գերգեբիլի ամրության անկումը չընկճեց Շամիլի մյուրիդներին: 1848թ. օգոստոսի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ լեռնցիների զորքերը` Դանիել բեկի գլխավորությամբ, որին քիչ ավելի ուշ միացավ նաև ինքը` Շամիլը, մտան Սամուրի կիրճի շրջան, ուր նրանց միացավ տեղի բնակչության մի մասը: Շուտով Սամուր գետի երկայնքով գտնվող գյուղերի մեծ մասը գրավվեց մյուրիդների կողմից: Սակայն կիրճից նրանց հետագա ճանապարհը փակում էր Ախտիի ռուսական ամրությունը, որը սեպտեմբերի 14-ին պաշարվեց Շամիլի զորքերի կողմից: Իշխան Արղությանը, իմանալով ամրության պաշարման մասին, իր տրամադրության տակ եղած զինուժի մի փոքր ջոկատով օգնության շտապեց Ախտիի կայազորին: Այդ ընթացքում Շամիլը մի շարք անհաջող գրոհներ էր ձեռնարկել, սակայն կայազորի ուժերը սպառվում էին, և այն այլևս դիմակայել չէր կարող: Անսպասելի, սեպտեմբերի 23-ին, ի զարմանս ամրության պաշտպանների, Շամիլը հանում է պաշարումը և նահանջում լեռները: Դա բացատրվում էր նրանով, որ սեպտեմբերի 22-ին, վերջին գրոհի օրը, Արղությանը Միսկինջիի մոտ ջախջախել էր Շամիլի զորքերը, և իմամը, վախենալով թիկունքից հարվածից, ստիպված էր դադարեցնել պաշարումը ու նահանջել: Շուտով Ախտիի կայազորը դիմավորեց Արղությանի գլխավորած ջոկատին[1]:

Գերգեբիլի գրավման համար Արղությանը առաջինը հայերի մեջ արժանացավ ռուսական բանակի գեներալ-համհարզի կոչման (ի դեպ, 20-րդ դ. սկզբին ռուսական կայսերական բանակի ընդամենը 60 զորահրամանատար էին արժանացել այդ պատվավոր կոչմանը): Իսկ Միսկինջիի մոտ տարած հաղթանակի համար իշխանը ստացավ Սբ. Ալեքսանդր Նևսկու շքանշան[1]: Կայսր Նիկոլայ I-ին 1848թ. հոկտեմբերի 6-ին ներկայացրած զեկույցում Մ.Ս. Վորոնցովը գրում էր. «Գեներալ-համհարզ, իշխան Արղութինսկու վճռական շարժումը և թշնամու դիրքերի համարձակ գրոհումը Միսկինջի գյուղի մոտ ցույց են տալիս այդ գեներալի ռազմական ունակությունների ու արժանիքների նոր օրինակ»[1]: Ավելի հակիրճ, բայց ոչ պակաս ճշգրիտ բնութագրում է տվել Երմոլովը Մ.Ս. Վորոնցովին 1848թ. նոյեմբերի 1-ին գրած նամակում. «Իշխան Արղությանը և նրա ղեկավարած ջոկատը փառահե՛ղ են գործում»[1]:

Հյուսիսայի Կովկասում երկարամյա ծառայության ընթացքում ունեցած հաջողությունների համար Դաղստանում Արղությանին տրվել էր «Սամուրի առյուծ» մականունը: Արղությանը լեռներում պատերազմ վարելու առանձնահատուկ հմտությունների ու մեթոդների էր տիրապետում: Օրինակ, 1849թ. լեռնային Դաղստանի Չոխ գյուղի ամրության պաշարմանը պատրաստվելիս նա հրամայեց Երևանի բերդի զինանոցից բերել երկու ծանր 24 ֆունտանոց, պաշարման համար նախատեսված թնդանոթ` ամրության պատերը քանդելու նպատակով. բավական հազվադեպ, եթե ոչ` եզակի դեպք է, երբ պաշարման ծանր, այդ տրամաչափի թնդանոթները կիրառում են լեռնային պայմաններում: Չնայած այն բանին, որ չափազանց դժվար էր այդ թնդանոթները Երևանի բերդից Դաղստան հասցնել, այնուամենայնիվ, իշխանը պնդեց, որ դա անպայման արվի` հավատացնելով Կովկասի փոխարքա Մ.Ս. Վորոնցովին, որ «լեռնցիների հետ պատերազմում ամեն տարի ինչ-որ նոր բան է պետք»[1]: Չոխ աուլի պաշարումը սկսվեց 1849թ. հուլիսի 5-ին: Շուտով Արղությանի զորքերը ուժեղացված հրետակոծություն սկսեցին` գործի դնելով ծանր հրետանին: Օգոստոսի 22-ին աուլը գրեթե ամբողջովին քարուքանդ էր արվել, սակայն այս անգամ Արղությանը չգրոհեց Չոխը` մտածելով, որ չարժե մարդիկ կորցնել «քարերի կույտի» վերածված լեռնային գյուղի գրավման համար[1]:

Հետագա տարիներին գեներալ-համհարզ Արղությանի ռուսական զորքերը Դաղստանում շարունակում էին հաջող մարտեր մղել Շամիլի լեռնցիների դեմ, դանդաղ, բայց և պլանաչափորեն սեղմելով օղակը հակառակորդի շուրջ և առաջ շարժվելով նրա երկրում: Այդ մարտերի համար նա պարգևատրվեց Սբ. Վլադիմիրի I-ին աստիճանի շքանշանով, որը նրան շնորհվեց 1851թ.: Ամեն տարի Արղությանը զորքը հավաքում էր Տուրչիդաղի (Գամաշի բարձունքներ) շրջանում, իր սիրած կայանատեղիում, որի բարձունքներից հիասքանչ տեսարան էր բացվում շրջակա լեռների վրա: Ծովի մակերևույթից գրեթե 8.000 ֆուտ բարձրության վրա գտնվելով և երկու կողմից շրջապատված լինելով գետերով (Կարա-Կոյսու և Կազիկումիխյան Կոյսու)` Տուրչիդաղի կլիման խիստ առողջարար էր, իսկ ռազմավարական առումով կարևոր էր նրանով, որ գտնվում էր հյուսիսային և հարավային Դաղստանի գրեթե մեջտեղում և իր լայն, մոտ 15 քառ. կմ մակերեսով սարահարթում կարող էր տեղավորել 25 հազարանոց զորք: Այս գործոնները միանգամայն բավական էին, որ Տուրչիդաղը դառնար Դաղստանի ջոկատի գլխավոր հավաքատեղի Արղությանի յուրաքանչյուր ռազմերթից առաջ: Այդտեղից ռուսական զորքերը սկսում էին իրենց ռազմարշավները, ամրությունների և ճանապարհաշինական աշխատանքները, կածաններ էին բացում անտառներում` ավելի խորանալով Հյուսիսիային Կովկասի լեռներում: Միաժամանակ, Շամիլի իմամությունը թուլանում էր ներսից, ինչն իր արտահայտությունն էր գտնում ռուսական զորքերի դեմ նրա մղած մարտերի արդյունքներում: Օրինակ, 1851թ. հունիսին Շամիլը, օգտվելով նրանից, որ կովկասյան կորպուսի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Չեչնիայում, վերջին անգամ փորձեց գրավել Կազիկումուխը: Իմամն իր գլխավոր ուժերով շարժվեց դեպի Չոխ և Սուղրաթլը, իսկ Սալթիի նաիբ Օմարին ուղարկեց Տաբասարան ու Կայթաղ: Այնուհետև նա բարձրացավ Տուրչիդաղի շրջան, բայց հունիսի 19-ին ջախջախվեց Արղությանի զորքերի կողմից: Մինչև հուլիսի կեսերը Շամիլը շարունակում էր գրոհել Տուրչիդաղը, մինչև որ հուլիսի 12-ին կրկին ջախջախվեց: Դրանից առաջ, հունիսի 22-ին, ջախջախվել էր նաիբ Օմարը, և Շամիլի համար պարզ դարձավ, որ պետք է վերջնականապես հրաժարվի Կազիկումուխը գրավեու փորձերից: Իմամը, այնուամենայնիվ, փորձեց ռուսների դեմ ապստամբություն բարձրացնել Կայթաղում և Տաբասարանում` այնտեղ ուղարկելով իր ամենավճռական ու ամենահայտնի նաիբին` Հաջի Մուրատին: Սակայն Տաբասարանում ապստամբության հույսը խորտակվեց. տեղի բնակչությունը, ռուսական զորքերի հաղթանակներից և հենց իմամության ներսում խորացող քայքայումից ելնելով, այլևս չէր օժանդակում Շամիլին, ու Հաջի Մուրատին միացավ բնակիչների ընդամնեը մի մասը: Շուտով վրա է հասնում Արղությանի ջոկատը, և 1851թ. հուլիսի 21-24-ին տեղի ունեցած մատերում Հաջի Մուրատը պարտվեց` դժվարությամբ փախչելով դեպի լեռները[1]:

Մ.Զ. Արղությանի հաղթանակները 19-րդ դ. 50-ական թթ. սկզբներին նպաստում էին ռուսական զորքերի դիրքերի նշանակալի ամրապնդմանը ոչ միայն Դաղստանում, այլև ընդհանրապես Հյուսիսային Կովկասի արևելյան մասում: Նրանք անընդհատ թուլացնում էին Շամիլի իմամության ռազմական հզորությունը` պատճառ հանդիսանալով լեռնցիների ռազմաքաղաքական վերնախավի, հատկապես Շամիլի ու նրա առաջատար նաիբների միջև գոյություն ունեցող առանց այդ էլ լուրջ տարաձայնությունների խորացման համար: 1851թ. Կայթաղում Հաջի Մուրատի` Արղությանից կրած պարտությունից հետո իմամն իր առավել հաջողակ նաիբին մեղադրեց վախկոտության մեջ և հեռացրեց նրան պաշտոնից: Դա պառակտում առաջ բերեց լեռնցիների մեջ, քանի որ Շամիլի ու Հաջի Մուրատի հակառակության մեջ ավարների մեծամասնությունը պաշտպանում էր վերջինին: Այս ամենը, ի վերջո, հանգեցրեց Հաջի Մուրատի` ռուսների կողմն անցնելուն ու նրա կործանմանը[1]:

«ՍԱՄՈՒՐԻ ԱՌՅՈՒԾԻ» ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԵՐԸ

1853-1856թթ. Ղրիմի պատերազմի սկսվելով ռուսների դրությունը Հյուսիսային Կովկասում նորից բարդացավ: Շատ զորամասեր ուղարկվեցին Ղրիմ` դաշնակիցների հետ կռվելու, կամ Թուրքիայի սահման, իսկ Կովկասի լեռնցիները, ոգևորված Ռուսաստանի դեմ եվրոպական տերությունների պատերազմով, ակտիվացրին իրենց ասպատակությունները ռուսական ամրությունների ու տիրույթների վրա:

1853թ. ամռան վերջին Շամիլի զորքերը ներխուժեցին Ջարո-Բելոկանի մարզ` մտադրություն ունենալով այնուհետև առաջ շարժվել Կախեթի ուղղությամբ: Լեզգիների սակավաթիվ ջոկատը դժվարությամբ էր հակադարձում լեռնցիների գրոհները: Օժանդակության կարիք էր զգացվում, սակայն Կովկասյան առանձին կորպուսի գրեթե բոլոր զորքերը ուղարկվել էին թուրքական սահման: Թվում էր, թե անհնար կլինի կանգնեցնել Շամիլի բազմամարդ ջոկատների հարձակումները, բայց անսպասելիորեն թիկունքից հայտնվեց «Դաղստանի պատուհաս, Կովկասի նշանավոր հերոս, գեներալ-համհարզ Արղության-Երկայնաբազուկը: Անասելի արագ շարժում կամ, այսպես ասած, սուվորովյան անցում կատարելով վիթխարի լեռնաշղթայով` իշխան Արղությանը, որպես ահարկու նշան, պատրաստվում էր հայտնվել Շամիլին»[1]: Իմանալով Դաղստանի ջոկատի անսպասելի հայտնվելու մասին` հանրահայտ «Արղութի» հրամանատարությամբ, Շամիլը, սկզբում չհավատալով ռուսական զորքերի նման անցման հնարավորությանը (իմամն իր նաիբներին հայտարարեց, որ «անգամ Արղությանը չի կարող անցնել այնտեղով, որտեղով ոչ ոք և երբեք չի անցել»), ստիպված էր շուտով նահանջել դեպի լեռները: Այն լուրջ վտանգը, որ սպառնում էր Կովկասյան կորպուսի ռուսական զորքերին, որոնք այդ ժամանակ սպասում էին ճակատից թուրքական բազմամարդ բանակի հարձակմանը, վերացվեց:

Արղությանի անցումը Կովկասյան մեծ լեռնաշղթայով ձմռան դժվարին պայմաններում մեծ արձագանք ունեցավ ողջ Ռուսաստանում (հատկապես այն անհաջողությունների ֆոնին, որոնք կրում էին ռուսական զորքերը Ղրիմի պատերազմում) և արժանավայել կերպով «ամփոփեց» փառապանծ հայ գեներալի զինվորական կարիերան: Ինչպես նշել է նրա ժամանակակից կոմս Վ.Ա. Սոլոգուբը, «Գեներալ Արղության-Երկայնաբազուկը, որին վերջերս, ցավոք, կորցրեց Կովկասը, ոչ մի տեղ և երբեք ոչ մեկից չի պարտվել, և ոչ ոք ինձ հակառակն ապացուցել չի կարող: Նա հազվադեպ խոհեմության հետ զուգակցված քաջությամբ թրծված մարդ էր, նա խորապես հասկանում էր լեռնային պատերազմը և երբեք խաբեության չի տրվել: Այդ գեներալն իր երկարատև գործունեությունն ավարտեց Կովկասյան լեռնաշղթայի հավերժական ձյուների հրաշալի անցմամբ, և այդ անցումը կարող է լիիրավ կերպով դրվել Սուվորովի և Նապոլեոն I-ի անցումների կողքին»[1]:

Մ.Զ. Արղությանի ղեկավարությամբ աճել է ռուս ականավոր զորավարների մի ողջ համաստեղություն: Ռուսական բանակի գրեթե բոլոր խոշոր զորավարները, որ 19-րդ դ. 40-ական թթ. սկզբից կռվում էին Հյուսիսային Կովկասի արևելյան մասի լեռնականների դեմ (հատկապես Չեչնիայում և Դաղստանում), տարբեր ժամանակներում ծառայել են նրա հետ կամ նրա հրամանատարության ներքո: Նրանց թվում են իշխան Ա.Ի. Բարյատինսկին (հետագայում` Կովկասի փոխարքա), ով 1856թ. գրավելով Գունիբ աուլը` վերջակետ դրեց Հյուսիսարևելյան Կովկասի հպատակեցմանը և գերի վերցրեց Շամիլին, հետևազորի գեներալ, կոմս Ն.Ի. Եվդոկիմովը, ով Վեդենո ամրության գրավմամբ ավարտեց Լեռնային Չեչնիայի հպատակեցումը, գեներալ-մայոր Է.Ի. Տոտլեբենը, որը հայտնի է որպես Սևաստոպոլի պաշտպանության կազմակերպիչներից մեկը Ղրիմի պատերազմի տարիներին, և շատ ուրիշներ: Հատկապես ընդգծենք, որ ռուսական բանակի հայ այնպիսի նշանավոր զորավարներ, ինչպիսիք են գեներալ-համհարզ Ի.Դ. Լազարևը, գեներալ-համհարզ, հեծելազորի գեներալ, կոմս Մ.Տ. Լոռիս-Մելիքովը, գեներալ-մայոր Ի.Ի. Ղորղանովը և ուրիշներ, նույնպես իրենց զինվորական կարիերան սկսել են իշխան Արղությանի ղեկավարությամբ: Ա.Պ. Երմոլովի որդիները նույնպես ծառայել են հայ գեներալի հրամանատարության ներքո, և Կովկասի նախկին գլխավոր հրամանատարը քանիցս նշել է, որ նրա ղեկավարությամբ իր որդիները կկարողանան ըստ արժանվույն դրսևորել իրենց[1]:

Կովկասյան կորպուսի հայ հայտնի սպաերից մեկը` իշխան Ա. Բեկտաբեկովը, որ երկար տարիներ ծառայել է Մ.Զ. Արղության-Երկայնաբազուկի հետ Հյուսիսային Կովկասում, գրել է. «Իշխան Արղությանը, իր մեջ միավորելով հոգու, մտքի ու սրտի գեղեցիկ որակները, ամենաարդարամիտ, խորաթափանց ու անկաշառ մարդկանցից մեկն էր, նա արհամարհում էր վաշխառությունը, կաշառակերությունը և անարժան հովանավորությունը: Իշխանը գիտեր ընտրել և գնահատել ընդունակ և գործունյա մարդկանց: Ռազմական գործողությունների իր պլաններն ու մտադրությունները նա մանրակրկտորեն թաքցնում էր: Այստեղից էլ ի հայտ է եկել ասացվածքը. «Թե ուր է գնում Արղությանը, գիտեն միայն ինքը և իր կարճ ծխամորճը»: Մ.Զ. Արղությանը լռակյաց էր, մտախոհ և հազվադեպ էր կատակում... Նա շատ արդարամիտ էր և խիստ իր ու մյուսների հանդեպ. բնակիչները, աստիճանով ցածր սպաերը և ընդհանրապես բոլոր ենթակաները` գեներալից մինչև զինվոր, անգամ թշնամին, թեև վախենում էին նրանից, բայց միևնույն ժամանակ հարգում ու սիրում էին նրան... Իշխան Արղությանը, բնածին խելքով փայլելով, ծառայության ընթացքում կատարելագործում էր գիտելիքներն ու կրթությունը. նա շատ էր կարդում, համարյա անգիր գիտեր հայտնի զորավարների պատմությունը, ազատ խոսում էր հինգ լեզվով` ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, հայերեն և թաթարերեն: Իշխանն ամուր բնավորության տեր մարդ էր, աննկուն կամքի տեր, ուղղամիտ ու անկաշառ, երբեմն` նաև համառ: Մարդկանց ճանաչելու հատուկ ունակություն ուներ. նրան շրջապատող բոլոր մարդիկ իրենք են իրենց համար ճանապարհ հարթել իրենց օժտվածությամբ»[1]:

Կովկասում Արղությանի գործունեությունը բարձր է գնահատել նաև մինչհեղափոխական զինվորական պատմագրությունը: Ռուս հայտնի զինվորական պատմաբան, Կովկասյան զինվորական օկրուգի Ռազմապատմական բաժնի պետ, գեներալ-մայոր Վ. Պոտոյի խոսքերով` «Արղությանն անվիճելի հեղինակություն է ռազմական գործում»[1]:

Երկարամյա դժվարին ծառայությունը, հատկապես նրա հանրահայտ անցումը Կովկասյան լեռնաշղթայով լրջորեն քայքայել էին իշխան Արղությանի առողջությունը: Կյանքի վերջին օրերը նա անցկացրել է հարազատ Թիֆլիսում. այստեղ բժիշկներն առանց հաջողության պայքարում էին նրա կյանքի համար: Նրա հուղարկավորության օրը` 1855թ. փետրվարի 22-ին, բազմահազարանոց ժողովրդի ներկայությամբ, Թիֆլիսի Վանքի Մայր տաճարում հուղարկավորության ծես կատարվեց, անձամբ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Ներսես Աշտարակեցու կողմից: Իշխանի կտակի համաձայն` նա թաղվեց Սանահինի վաքի Արղության-Երկայնաբազուկների ընտանեկան գերեզմանատանը:

ԱՄՓՈՓՈՒՄ

Մ.Զ. Արղությանը ռուսական կայսերական բանակի իսկական կովկասյան սպա էր, նա պրոֆեսիոնալ զինվորական էր և հոգատար հրամանատար, որն ուշադիր էր իր զինվորների ու ենթակաների հանդեպ: Նա միաժամանակ նաև տաղանդավոր վարչարար էր, որը հասկանում և հարգում էր լեռնցիների ազգային առանձնահատկություններն ու բնավորությունը, ինչն էլ նրա զորքերի հաջողությունների գրավականն էր: Ժամանակակից ռուս պատմաբաններից մեկը նկատում է. «Կովկասյան կորպուսում ռոմանտիկի, պարտքի ասպետի և կայսերական գաղափարի սպայի հոգեբանական տեսակի օրգանական զուգակցումը ստոիկությանը զինվորագրվածի գերակշռող տեսակին – հենց սա էլ կովկասյան գնդերը վերջին հաշվով անպարտելի էր դարձնում»[1]:

Կառավարության և Թիֆլիսի հասարակայնության ջանքերով Դաղստանում դրվում է հայ զորավարի հուշարձանը: Ահա թե ինչպես է նկարագրում այդ հուշարձանը 19-րդ դ. վերջի ճանապարհորդը. «Նահանգապետի տան առջև, ոչ բարձր պատվանդանին, անկաշկանդ, կանգնած է իշխան Արղության-Երկայնաբազուկը: Քաջարի գեներալը շատ է տքնել Կովկասի գրավման ժամանակ և Շամիլի հզորության գագաթնակետին մշտապես իմամի ահուսարսափն է եղել: Նա երբեք չի վտանգել ո՛չ իր ջոկատները, ո՛չ հանգիստ մարդու իր վարկը: Շատերին նա դանդաղկոտ էր թվում, բայց փոխարենը գործի մեջ էր մտնում հաստատապես և անհաջողություն գրեթե չէր կրում... Շամիլի քարտուղարն իր գրառումներում իշխանին անվանում է «խորամանկ, իսկական աղվես»: Հավանաբար, շատ էր դաղել լեռնցիներին հայ տաղանդավոր իշխանը»[1]:

Գեներալի հուշարձանը կառուցվեց Թեմիր-խան-Շուրա քաղաքում (այժմ` Բույնակսկ), որտեղից Արղությանը տարիներ շարունակ սկսել էր իր` Կովկասյան պատերազմի պատմության մեջ անցած արշավանքները դեպի Դաղստանի անմատչելի լեռները:

Իշխան Մ.Զ. Արղությանի կենսագրությունը ի հայտ է բերում Կովկասում ռուսական կառավարության վարած քաղաքականության հիմնական օրինաչափություններից մեկը: Կովկասի բուն ժողովուրդների ներկայացուցիչներին (հիմնականում հայերին ու վրացիներին, որոնք ավելի մոտ են ռուսներին դավանանքով ու մշակույթով) երկրամասի ռազմաբյուրոկրատական համակարգում նպատակաուղղված ձևով ներգրավելու ճանապարհով Ռուսական կայսրությունը հեշտացնում էր Կովկասը հպատակեցնելու իր գործը` միաժամանակ ապահովելով նվաճված երկրամասի արդյունավետ կառավարումը: Այս ամենը, վերջին հաշվով, հանգեցրեց ավելի խոր հետևանքների` կովկասցիների մեջ կայսերական ինքնագիտակցությանը. տեղի իշխող էլիտան սկսեց իրեն դասել ավելի լայն ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հետագայում` նաև մշակութային-լուսավորչական հանրության  շարքին, որն ի վիճակի էր արդյունավետորեն կենսագործել կովկասյան ժողովուրդների շահերը: Արդեն 19-րդ դ. կեսին, հիմնականում փոխարքա Մ.Ս. Վորոնցովի և նրա հաջորդների ջանքերի շնորհիվ, տարբեր էթնիկական ու դավանական պատկանելության «տեղական» կադրերի դերն ու նշանակությունը Կովկասի երկրամասի «գաղութային» վարչակառավարական ապարատում բավական մեծ էր: Որոշ ոլորտներում, օրինակ, Կովկասյան բանակի բարձրագույն հրամկազմում, նրանք նույնիսկ գերակշռող թիվ էին կազմում: Ավելին, «Ռուսական կայսերապետությունը, սեփական շահերից ելնելով, ձգտում էր ոչ թե պարզապես մեխանիկորեն ներառել տեղի սոցիալական էլիտաներին, այլ օրգանապես սերտաճեցնել դրանք կենտրոնական իշխանությանն ու ռուսական հասարակությանը»[1]: Արդյունքում` Կովկասից սերվածներին սկսեցին նշանակել նույնիսկ Ռուսական կայսրության բարձրագույն պետական պաշտոններում (այս առումով շատ հատկանշական է հայ Մ.Տ. Լոռիս-Մելիքովի փայլուն կարիերան, որը Ռուսաստանի պատմության մեջ է մտել «թավշե դիկտատոր» անվամբ): Իսկ գեներալ-համհարզ Մ.Զ. Արղությանն առաջիններից մեկն էր, որն ըմբռնում և կյանքի էր կոչում կայսերական այդ գաղափարը` միաժամանակ հանդիսանալով և՛ դրա իրականացման միջոցը, և՛ հենց իրականացնողը:

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am