Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Մեջբերումներ դասականներից

Մեջբերումներ դասականներից
Հոկտեմբեր 2008, N 7

ԷՆԵԱԿԱՆ

ՊՈՒԲԼԻՈՍ ՎԵՐԳԻԼԻՈՍ ՄԱՐՈՆ

ԷՆԵԱԿԱՆ

Ճակատամարտերն ու քաջ այրին եմ երգում, ով առաջինը Տրոյայից Իտալիայում՝

Ճակատագրով հայտնի փախստականը հասավ Լավինիայի ափ:

Երկար էր ծովերով ու հեռավոր երկրներով

Թափառել տվել նրան կամքն աստվածների, դաժան Յունոնայի քինախնդիր ցասումը:

 

Երկար ժամանակ պատերազմներ է մղել, մինչեւ որ քաղաք կառուցելով՝

Լացիոս տեղափոխեց աստվածներին, ուր առաջ եկավ ցեղը լատինների,

Ալբա քաղաքի հայրերը եւ բարձր Հռոմի պատերը:

Մուսա՛, պատմիր այն մասին, թե ինչ պատճառով այդպես

Վիրավորվեց աստվածների թագուհին, որ ամուսինը՝ փառավորված ազնվությամբ,

 

Այնքան կամովին հանդուրժեց նրա դառը հեղհեղուկությունը,

Այնքան աշխատեց: Մի՞թե այդքան համառ է երկնաբնակների ցասումը:

 

ՔՎԻՆԹՈՍ ՀՈՐԱՑԻՈՍ ՖԼԱԿ

ՆԵՐԲՈՂ ՀՌՈՄԵԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ո՞ւր, ո՞ւր եք լցվում, հանցագործներ,

Թրերը խելահեղ խլելով:

Քի՞չ են, միթե, դաշտերն ու ալիքները ծովի

Ողողվել արյամբ հռոմեական –

Ո՛չ նրա համար, որ ագահ Կարթագենի

Պատվարն այրեցին հռոմեացիները,

Ո՛չ նրա համար, որ ընկճված բրիտանացին

Անցնի Հռոմով կաշկանդված,

Այլ նրա համար, որ, ինչպես ձեռնտու է պարթևներին,

Մեր Հռոմը կործանվի յուրայինների ձեռքո՞վ:

Ոչ առյուծները, ոչ գայլերը ոչ մի տեղ այդպես չեն կատաղում՝

Թշնամություն անելով միայն այլ գազանի հետ:

Կուրացե՞լ եք, միթե, դուք: Ձեզ մոլո՞ւցքն է առաջնորդում:

Թե՞ ինչ-որ մեկի մեղքը: Պատասխանե՛ք:

Լռում են… Եվ դեմքերն ավելի են գունատվում մեռելային,

Մտքերն անզգայացած են…

Այո՛: Հռոմեացիներին հետապնդում է ճակատագիրը դաժան

Եղբայրասպան այն օրվա համար,

Երբ հեղվեց անմեղ Ռեմի արյունը,

Ծոռների արյունը նզովված:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

ՆԵՐԲՈՂ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» (ՀԱՏՎԱԾ)

Ատում եմ քեզ և քո գահը,

Միահեծա՛ն գոռոզ ցար,

Ես քո վորդոց և քո մահը

Պիտի տեսնեմ անպատճառ:

թարգմ. Հ.Թումանյանի, 1902թ.

 

ՖՅՈԴՈՐ ՏՅՈՒՏՉԵՎ

ՊՈՒՇԿԻՆԻ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՆԵՐԲՈՂԻ ԱՌԻԹՈՎ

Լի՝ ազատության բոցով կաթոգին

Ու խլացնելով շղթաների ձայնն,

Արթնացրեց քնարն Ալկեյի ոգին,

Թոթափեց ունայն փոշին ստրկության:

Քնարից վազող կայծերը պես-պես

Ջախջախիչ շիթով՝ կաթիլ առ կաթիլ

Վայր էին իջնում, Աստծո հրի պես,

Թագավորների խղճուկ ճակատին:

 

Երանի՜ նրան, ում բախտ է հասել

Բռնակալներին դաժան ու ագահ

Սուրբ ճշմարտություն համարձակ ասել՝

Մոռացած նրանց թե՛ տիտղոս, թե՛ գահ:

Ու քեզ տրված շնորհն այդ վսեմ,

Քեզ՝ մուսաների զավակիդ անմահ:

 

Քաղցրաձայն եռգով, քո ձայնով ուժգին

Բռնության ոգին արա ցիրուցան,

Ինքնակալության դաշնակիցներին

Դարձի բեր բարուն ու գեղեցկության:

Բայց մի պղտորիր անդորրը մարդկանց,

Ոի մի մթագնիր պսակդ, երգիչ,

Եվ արքայական դիպակդ հագած,

Մի քանդիր սրտեր, մեղմացրու նրանց

Քնարիդ անմար լարով կախարդիչ:

Թարգմ. Ռ.Պապայանի 2006թ

 

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՐՆԱԿ

«...Իսկ նույն օրերին մի հինավուրց քարե պատի հեռավորության վրա

Մարդ չէ, որ ապրում է. վարմունք` երկրագնդի մեծությամբ մի գործ:

Ճակատագիրը նրան բաժինս է հանել լռացնելու նախորդող բացը:

Նա այն է, ինչ երազել են ամենահամարձակները, բայց իրենից առաջ ոչ ոք չէր համարձակվել:

Այս առասպելական գործի հետևում իրերի դասավորվածությունը մնաց ամբողջ:

Նա չհամբարձվեց՝ երկրային մարմին, չայլակերպվեց, չմոխրացավ...

Հեքիաթների ու մասունքների հավաքածոում` Մոսկվայի վրայով ասես Կրեմլ լողացող

Հարյուրամյակներն այնպես են նրան սովորել, ինչպես ժամապահ աշտարակի զանգին:

Բայց նա մարդ մնաց, և եթե նապաստակի Ճամփան կտելով`

Ձմեռը հատի անտառահատմներով, նրան, ինչպես բոլորին, կպատասխանի անտառը»:

1936թ.

 

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ 

Մենք ապրում ենք` չզգալով ոտքի  տակ երկիր,

Մեր խոսքերը տասը քայլ այն կողմ չեն լսվում,

Իսկ որտեղ հերիք է կիսաբերան խոսքը,

Այնտեղ կհիշեն Կրեմլի լեռնեցուն:

 

Նրա հաստ մատները` ասես որդեր, ճարպոտ են,

Իսկ խոսքերը` հանց մի փութ կշռաքար, ճշմարիտ:

Ծիծաղում են խավարասեր-բեղերը

Եվ փայլում են նրա ճտքակոշիկները:

 

Իսկ նրա շուրջը բարակավիզ առաջնորդների ամբոխն է-

Նա նվագում է կիսամարդկանց ծառայությունների վրա.

Մեկը սուլում է, մեկը` մլավում, մեկը` թնկթնկում-

Միայն ինքն է, որ բշտում է ու մշտում:

 

Նալի նման հրաման հրամանի հետևից է կռում-

Մեկի փորատակին, մյուսի ճակատին, մեկի ունքին, մյուսի աչքին:

Մահապատիժ չէ, այլ հաճույք,

Եվ լայն է կուրծքը օսի:

1933թ.

 

***

«Ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը – նրան ժողովուրդը հարազատ-

Ժողովուրդը՝ մի Հոմերոս երիցս կփառաբանի:

Նկարիչ, պահիր և պահպանիր մարտիկին`

Մարդկային անտառն է երգում նրա հետևից` ստվարանալով,

Ինքը գալիքը՝ իմաստունի դրուժինան,

Լսում է նրան ավելի հաճախ, ավելի համարձակ:

 

Նա կռացել է ամբիոնից` ասես սարից,

Գլուխների բլուրներիի վրա: Պարտապանն ավելի ուժեղ է հայցից:

Հզոր աչքերը վստահ բարի են,

Թավ ունքերը մեկին մոտիկ լույս են տալիս...

 

Ստալինի աչքերով տեղաշարժված է սարը,

Եվ հեռվում աչքը կկոցում է հարթավայրը:

Ինչպես ծովն առանց կնճիռների, ինչպես վաղը երեկվա միջից-

Մինչև արևն են ակոսները՝ հսկայի գութանի»:

1937թ.

 

ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ

 «Թող որ աշխարհը հիշի այս օրը հավիտյան,

Թող որ հավերժությանն անցնի ժամն այս:

Լեգենդը վկայում է իմաստուն մարդու մասին,

Որ մեզնից յուրաքանչյուրին փրկեց ահավոր մահից:

 

Ցնծում է երկիրը ողջ սաթե արշալույսի շողերում,

Եվ մաքրամաքուր հրճվանքին չկա սահման,-

Ե´վ հինավուրց Սամարղանդը, և´ բևեռային Մուրմանսկը,

Ե´վ Ստալինի կրկնակի փրկած Լենինգրադը:

 

Ուսուցչի ու ընկերոջ նորատոմար օրը

Պայծառ երախտիքի երգն են երգում-

Թող որ շուրջը մոլեգնում է փոթորիկը

Կամ մանուշակն է լեռնային ծաղկում:

 

Եվ կրկնում են Սովետական Միության քաղաքների հետևից

Բարեկամ հանրապետությունների քաղաքները,

Եվ աշխատավորներն այն, ում կապանքներն են կաշկանդում,

Բայց ում խոսքն է ազատ և հոգին` հպարտ:

 

Եվ մտքերը նրանց ազատ թռչում են դեպի փառքի մայրաքաղաք:

Դեպի հավերժ լույսի մարտիկ բարձրաբերձ Կրեմլը –

Որտեղից կեսգիշերին հիմնն է տարածվում վեհասքանչ,

Եվ աշխարհով մեկ հնչում է` որպես օգնություն և ողջույն»:

 

***

Եվ Առաջնորդը արծվի աչքերով

Տեսավ Կրեմլի բարձունքից,

Ինչպես է ողողված լույսով

Երկիրը փոխակերպված:

 

Եվ դարի ուղիղ մեջտեղից,

Որին անուն է տվել,

Նա տեսնում է սիրտը մարդու,

Որ դարձել է լուսավոր` բյուրեղի նման:

 

Իր գործերի, մեծագործությունների

Հասուն պտուղներն է տեսնում նա,

Վեհաշուք շենքերի վիթխարի զանգվածներ,

Կամուրջներ, գործարաններ ու այգիներ:

 

Իր շունչն է տվել նա այս քաղաքին,

Նա հեռու է վանել մեզնից դժբախտությունը,-

Ահա թե ինչու է այդքան ամուր ու ջահել

Մոսկվայի անհաղթահարելի ոգին:

 

Եվ երախտապարտ ժողովրդի

Ձայնն է լսում Առաջնորդը.

«Մենք եկել ենք

Ասելու. ուր Ստալինն է, այնտեղ են ազատությունը,

Խաղաղությունն ու երկրի վեհությունը»:

1949թ.

 

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

ՍՏԱԼԻՆ

Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին` Ֆիրդուսին,

Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին,

Հազար կայծակ փայլատակեց մրրիկներում արնաներկ,

Ու շողացին գիշերներում հազար ասուպ, հազար երգ:

Բայց տառապած մարդու համար չէր ճառագել մի արև,

Մարքսի նման ճաճանչափայլ, Էնգելսի պես հանճարեղ,

Լենինի պես բոցակորով, Լենինի պես լուսահորդ,

Եվ քեզ նման հստակ ու մեծ, ո´վ պողպատե Առաջնորդ:

Չի´ խավարի ծիրանավառ հորիզոնում պատմության

Ձեր հանճարի արեգնային չորրորդությունը տիտան:

Կծավալվի նա անսահման, հավերժաբար կա´րևի,

Եվ կպատռի մշուշն անցյալ և ապագա դարերի:

Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գրիչ ու քնար,

Ու երգելով չեն սպառի Ձեր մեծությունն անհնար:

Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,

Կտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:

Իսկ ես, զինվորդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,

Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:

Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,

Դու` ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին:

Կանգնած էր նա, իմ ժողովուրդը, խոր վիհի եզերքին`

Իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին,

Կանգնած էր նա անդունդի մոտ անօգնական ու հյուծված,

Արյունակից և այլազգի ոսոխներից հալածված,

Մահվան մթին մրրիկների ամենակուլ բերանում`

Նա, հոշոտված բազուկներով, մի ելք էր նոր որոնում:

Ազատարար Հոկտեմբերի քայլերն այն ժամ թնդացին,

Հնչեց քո ձայնը լենինյան, Լենինի հետ միասին.

Դուք օգնության լույս նետեցիք ժողովրդին իմ չոքած,

Դուրս կոչեցիք մահվան վիհից դեպի կյանքի դուռը բաց:

Նա վեր կացավ գոտեպնդված, ոստնեց թափով ահագին

Ու միացավ կոմունիզմի աշխարհաերթ բանակին:

Մեռավ Լենինն ու պատմության սիրտը մի պահ դադարեց

Ու շողացիր հորիզոնում դու արևի նման մեծ,

Նախորդներիդ հզոր լույսով և քո լույսով սեփական

Տանում ես դու երկիրն ահա դեպի պայծառ ապագան:

Անունդ խոր երգի նման մարդկանց հոգին ողողում,

Թևեր տալիս ու հիասքանչ հերոսության է մղում:

Եվ իմ չքնաղ Հայաստանի ծաղկածիծաղ լեռներում

Իր նոր աշխարհն է կառուցում քեզնով լեցուն մի սերունդ:

Եվ ես, նրա ծոցից ելած մի խանդավառ բանաստեղծ,

Բերում եմ քեզ իմ երջանիկ ժողովրդի սերը մեծ:

Երգում եմ քեզ, Մեծ Ստալին, դո´ւ հարազատ ամենքին,

Դու մարդկային երջանկության ճարտարապետ ու դարբին:

 

ՈՂՋՈՒՅՆԻ ՆԱՄԱԿ ԸՆԿԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ

(Հայ ժողովրդի մեծ էպոս «Սասունցի Դավթի» 1000-ամյա հոբելյանին նվիրված կառավարական հանդիսավոր նիստի կողմից)

Ավ.Իսահակյան, Ն.Զարյան, Գ.Սարյան, Գ.Բորյան, Ս.Կապուտիկյան

 

Մեծ առաջնորդ,

Հայ ժողովուրդը, որ անցել է փոթորկոտ դարերով,

Ազատաբաղձ իրեն հոգում հաղթության հույս ու կորով

Նա, որ ահեղ աղետների հազար ամպրոպ է տեսել

Եվ լենինյան եղբայրության ծիածանին է հասել,

Այսօր այդ վեհ ծիածանի երփնաժպիտ աչքի տակ,

Խորհրդային հայրենիքի միասնությամբ անխորտակ

Վերածնված Հայաստանի մեր ոստանում տոնական,

Ուր եկել են բազմալեզու բազում գրիչ ու գուսան,

Արդարախոս իր հանճարի հազարամյակն է տոնում:

Եվ իր սրտի նվիրական խոսքը նա Քեզ է ձոնում,

Քեզ, մեր հզոր կուսակցության առաջնորդիդ պանծալի,

Որ ծիածանն այս կապեցիր հորիզոնում աշխարհի:

Քեզ, որ Դավթի և Մհերի վսեմությունը զգացիր,

Ժողովրդի խորունկ սրտից արև-աշխարհ հանեցիր:

 

Մեր ժողովուրդը հինավուրց, ստրկության թշնամին,

Որ իր վահանն է միացրել Հեկտորի կուռ վահանին,

Իր հետևում թողած անթիվ ճանապարհներ ու դարեր,

Էպիկական մեր լեռներում իր սուրբ օջախն է վառել:

Արևելքից, արևմուտքից քանի~ նիզակ փշրվեց

Մեր կրծքերին զրահակուռ, մեր ժայռերին բարձրաբերձ,

Արյան հազար հեղեղ անցավ վիշապասուն կիրճերով

Բայց վառ մնաց օջախը մեր` նվիրական իր հրով:

Եկան ահեղ Բաբելոնի բռնակալները դաժան,

Եկավ Դարեհն աշխարհակալ`- բերելով փիղ ու բաբան,

Եկավ Լուկուլլն ավարատենչ` ոսկու անհագ ծարավով,

Աղանդամոլ բյուզանդացիք` խարդախությամբ ու դավով,

Եկավ խորշակն արաբական անապատից վայրենի,

Եկավ Բուղան արյունկզակ, ինչպես վայրագ բորենի,

Եկավ Մանսուրը հարկահան, սարդի նման արնախում,

Քամում էր նա ժողովրդին, և գլխատում, և կախում:

Եվ այդ խուժդուժ բանակների, հորդաների հանդիման

Մեր ժողովուրդը ծառացավ` կապած ասպար ու վահան,-

Մեր ժողովուրդը մարդասեր և անձնվեր, և արդար:

Պահած անմար օջախն իր հին և իր հոգին` անվթար,

Դուրս վտարեց ոսոխներին իր ցորենի դաշտերից,

Տիգրանների, Աշոտների նիզակներով շանթալից:

Եվ դարերի ամպրոպի մեջ, զենքերի գոռ շառաչում,

Նժույգների դոփյունի տակ, հրդեհների խոլ բոցում,

Մեր դյուցազուն ժողովրդի ցասման ծովից ծիրանի,

Ինչպես հուրեր արևաչյա Վահագնը մեր պատանի

Ծնվեց մեր վեպը, բարձրացավ ամրոցը մեր հանճարի,

Ու մեր գանձերն են, գոհարներն անհիշատակ դարերի,

Ուր պատմությունն է մեր անմահ, իղձերը մեր սրբազան

Եվ մեր հավատը մշտավառ դեպի հզոր ապագան:

 

Մեր գուսանները ալեզարդ` փանդիռների որոտով,

Կյանք տվեցին դյուցազնամայր Ծովինարին լուսաթով,

Զոհեց նա սերն իր կուսական հայրենիքի վեհ սիրուն,

Ինքնահոժար դարձավ գերի օտար ու չար ձեռքերում,

Ապա լցված խոլ տարերքով հրաշագործ այն ծովի,

Ծնեց զարմը դյուցազնական` Սանասարին կորովի:

Եվ Սանասարը մայր ծովից աշխարհ հանեց հրաշք ձին,

Կայծակնացայտ ամպրոպներից պոկեց իր թուր կայծակին,

Ժայռը բերեց ժայռի վրա, բարձրացրեց սյուն առ սյուն

Եվ կառուցեց հսկաների անառիկ տունը` Սասուն:

 

Եվ Սասունի հողը հերկող ռամկի վրա մեր ազատ

Կախեց ահեղ Մսրա-Մելիքն իր սուրն արնոտ և ասաց.

-   Անցնի թող իմ թրի տակով ողջ ժողովուրդը Սասնա:

-    Ոչ, որոտաց Դավիթը սեգ, Սանասարի թոռն անահ,

Քաջ Մհերի առյուծ որդին, Սասնա բազուկն անսասան

Եվ գոռ կանգնեց Մելիքի դեմ ինչպես սյունը Սասնա տան:

Չանցավ նրա թրի տակով: Գոռաց Մելիքն, ընկրկեց,

Ազատասուն Սասնա երկիր հարկահաններ ուղարկեց,

Որ ավերեն, ավար առնեն, տանեն աշխարհը Մսրա

Ժողովրդի արդար ոսկին` արդար վաստակը նրա,

Ժողովրդի ցորենը ծով` արդար քրտինքը նրա,

Ժողովրդի մեղրն ու գինին` ուրախությունը նրա,

Մեր քառսունծամ աղջիկներին, մեր հարսներին արմաղան:

Բայց մեր Դավթի հզոր զարկից Կոզբադինը հարկահան

Գլխապատառ, ամոթահար փախավ մինչև Մսրա հող:

Ոռնաց Մելիքը զայրույթից`- աչքերի մեջ արյուն շող,

Զորք հավաքեց, առավ եկավ երիտասարդ, ալեհեր,

Ինչպես սև ամպ, ինչպես մորեխ պատեց Սասնա դաշտ ու լեռ:

Ելավ Դավիթը քաջազարմ, հեծավ քուռիկ Ջալալին,

Հագավ-կապեց զենք ու զրահ, առավ իր թուր կայծակին

Եվ երկնագահ Ծովասարի ամպածրար կատարից

Իջավ Մսրա զորքի գլխին` շանթի նման ցասմնալից:

Մսրա ծերուկ այն զինվորի շրթունքներով իմաստուն

Ժողովրդի ձայնը հասավ Դավթի սրտին ու հոգուն:

Եվ հասկացավ Դավիթը քաջ, դյուցազնը մեր մարդասեր,

Որ թշնամին Մսրա ռամիկ և ընչազուրկ ազգը չէր,

Այլ թագավորն էր նենգամիտ, Մելիքն էր այն բռնադատ,

Եվ Դավիթը նենգ Մելիքին կանչեց ահեղ կռվի դաշտ:

Ասպանդակեց նժույգը հուր, թռավ կրկին Ծովասար,

Ամպերի մեջ զենք ու զրահ փայլատակեց բոցավառ

Եվ ամպերից ահագնաթափ վայր խոյացավ նա կրկին,

Թուր կայծակի շառաչյունով շանթահարեց Մելիքին:

Եվ դառնալով նրա զորքին ասավ Դավիթը հանդարտ.

-   Մըսըրը ձեզ, Սասունը մեզ, թող տուն դառնա ամեն մարդ:

 

Մեռավ Դավիթը նենգ նետից. ծնվեց Մհերն անձնահուր,

Բռնեց Սասնա թուր-կայծակին, հեծավ հոր ձին հողմասույր:

Եկան թոռները Մելիքի, բռնակալներ նորանոր,

Եվ նրանց դեմ ելավ Մհերը հոր նման մեծազոր,

Ջարդեց, վանեց նրանց երկրից, նրանք եկան վերստին:

Նորից ջարդեց, նորից եկան, ջարդեց, եկան վերստին,

Եվ միտք արավ մռայլ Մհերն իր դյուցազուն սրտի մեջ,

Որ այս կռիվը մարդակուլ չունի վախճան, չունի վերջ:

Խորհեց Մհերը և տեսավ, որ այս դժխեմ աշխարհում

Միշտ զորեղները թույլերին բռնադատում են, տիրում,

Եվ ազգն ազգին, մարդը մարդուն արնախում գայլ է, գազան:

Խորհեց Մհերը և տեսավ` երկրի վրա քանի կան

Ստրուկ ու տեր, իշխան ու ճորտ, և օրենքները դժնի,

Կռվի սրերն արնածարավ երբեք պատյան չեն մտնի,

Եվ ամենուր մարդու կերած հացն արյունով է զանգված:

Խորհեց Մհերը և տեսավ, կրկին խորհեց և ասաց.

-   Պիտի քանդվի աշխարհը չար և կառուցվի վերստին:

Եվ աշխարհի ուժերը չար նրան ժայռում բանտեցին:

Փակվեց Մհերը քարայրում, ասաց սրտում իր խոլոր.

-  Երբ գան աշխարհը քանդողներն ու շինողները մի օր,

Ռամիկն արդար երբ տեր դառնա քրտնավաստակ իր հացին,

Մասուրի չափ դառնա ցորենն, ընկուզի չափ` երբ գարին,-

Այն ժամանակ միայն ես մութ քարանձավից դուրս կգամ,

Եվ հողն այն ժամ կդիմանա իմ քայլերին հաղթական:

 

Եվ ժողովուրդն ազատաբաղձ կռվեց դարեր ու դարեր,

Որ այն մթին քարանձավից իր Մհերին դուրս բերեր,

Բայց մղձավանջը բռնության դարերի հետ ծանրացավ,

Տեսավ աշխարհը հոշոտված, հազար ոճիր, հազար դավ,

Մինչև վշտի, տառապանքի օվկիանոսից ալեկոծ

Նոր աշխարհի դյուցազունները ծնվեցին մեծագործ.

Ելան խիզախ բոլշևիկները, մեծ Լենինը և Դու,

Եվ Հոկտեմբերը շեփորեց նոր այգաբացը մարդու:

Ելավ Մհերն իր քարայրից և իր ըմբոստ ռամիկին

Զինավառեց ու միացրեց կոմունիզմի բանակին:

Եվ Դու այսօր, մեծ առաջնորդ, բռնել ես կուռ քո ձեռքին

Աշխարհների ազատության վճիռը` թուր կայծակին,

Դու ես բռնել թուր կայծակին իբրև անհաղթ դյուցազուն,

Եվ շողացնում ես աշխարհում հորիզոնից հորիզոն:

Եվ այդ թրի հովանու տակ խաղաղ ու շեն մեր երկրում

Ռամիկն ազատ, համայնական իր անդաստանն է հերկում:

Ինքն է հերկում ու վայելում իր վաստակի բերքը ծով,

Լի են գինով մեր հնձաններն ու մառանները` հացով,

Քարաքանդակ մեր քաղաքներն են խոյանում դեպի վեր

Եվ օրոցքից երջանկության ելնում են սեգ սերունդներ:

Եվ եթե գան արնածարավ, հագած զենքեր ու զրահ

Մելիքները մեր օրերի` մեր աշխարհի, մեր վրա,-

Մեր երջանիկ հայրենիքի սահմաններից անսասան,

Ստեպներից, անտառներից, տայգաներից ռուսական,

Հրազդանի և Ռիոնի արևագույն ափերից,

Կասպիական եզերքներից, Ուկրաինայի դաշտերից,

Ոստաններից, քաղաքներից, աուլներից, լեռներից

Կբարձրանան հազար-հազար մեր Դավիթները նորից,

Կբարձրանան` հեծած նժույգ Ջալալիներ թևավոր,

Թուր-կայծակին նրանց ձեռքին կշառաչի նորից նոր,

Նրա հզոր հարվածներից կխորտակվեն` խավարչտին,

Արյամբ զանգված գահերն ամեն և պալատները վերջին,

Մեր խոլ ցասման հրդեհներում կդառնան մուր ու մոխիր,

Աշխատանքի, երգի, սիրո թշնամիները զազիր,

Կանէանան նրանց կարգերը, օրենքներն արնախում,

Եվ կշողա դրոշը մեր շղթայազերծ աշխարհում:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱՄԱԿ-ԵՐԳ

ԸՆԿԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ (հատվածներ)

 

ՆԱԽԵՐԳ

 

Շուրջս գարուն են երգում` լարած քնար, առած վին.

Ու ես մի լույս աղավնու փայփայում եմ իմ կրծքին:

- Իմ ոսկեթև աղավնի, իմ լուսավոր սուրհանդակ,

Շուտ կտանե՞ս արևին` թե քեզ հանձնեմ մի նամակ,

Իմ Ստալին անունով արեգակին բախտավոր,

Գիտեմ` նրան տեսնելու կարոտ ունես դու էլ խոր:

Սակայն դո՞ւ ես զիլ թռչում, թե արծիվը լեռների

Կամ արծիվին չի՞ հաղթում անզուսպ կայծակն ամպերի:

Ասա, ո՞վ է զորեղը, ո՞րդ եք թռչում նետի պես,

- «Ինձնից զիլ է սլանում մով արծիվը կռվասեր,

Բայց թե ճամփին նա տեսնի կռվող անգղ կամ աստղեր`

Խելակորույս կընկնի մեջ, քեզ մոռացած` կկռվի...

Իսկ կայծակի ձեռքի մեջ կաղնին անգամ կվառվի:

Տուր ես տանեմ սրընթաց` թեև չունեմ արծվի թև,

Իմ կարոտը կսնի ճամփին թևերն իմ թեթև»:

Լռեց թռչնակն ու գլխիս շառաչ լսվեց թևերի,

Հզոր արծիվն հայտնվեց ինչպես շանթը ամպերի.

Ու սավառնեց մեզ վրա կռնչալով, «տուր տանեմ,

Փափագ ունեմ տեսնելու այն արևին երկրաճեմ.

Սուտ է ասում աղավնին. ես շանթի պես կսուրամ,

Թևիս կապիր ու թռչեմ` մի վայրկյանում նրան տամ»:

Լռեց արծիվն ու թևից քաշեց փետուր մի փափուկ`

Վրան ցողեց աչքերից երկու կաթիլ ատասուք,-

-   Մինչ փետուրիս չորանան արցունքներս խնդության`

Իմ թևերը, կարոտով, պիտի նամակդ իրեն տան...

 

***

Մեր սիրելի ՍՏԱԼԻՆ, սիրտդ լույս է արձակում,-

Սրտեդ բխող լույսի պես մեր ջինջ սերն է ճառագում...

Վառ արևը լուսնի հետ երազում է ունենալ

Տիեզերքին ղեկավար` քո մեծ սիրտը լուսափայլ,

Ժողովուրդս էլ լուսակունք աստղերի հետ բյուրեղի`

Գետերի հետ, արևի, լեռների հետ, մայր հողի

Ձայնն առաջին քեզ տվեց` իբրև աշխարհ կերտողի:

... Համաձայն ես բաղձանքին... նա քեզ խորն է հավատում:

Դու տոչորած սրտերը գարունքներով ես պատում:

Ոսկե լուրդ երբ լսվեց` կես գիշեր էր անդորրած,

Եվ աղեղից երկնքի ջինջ արցունքներ իջան ցած,

Ծագել ցանկաց արևը` ու քեզ գրկել գիշերով,

Համերգ տվին արթնացած երգիչները քո սիրով:

Ու ղողանջեց գիշերը, բուրեցին սեր ու խնդում,

Մեր սրտերը, արտերը, այգիները մեր հանդում:

Լուսաբացին շուտ ծագած արևի հետ միասին,

Ծաղկունքն ամեն հիացքով շշնջացին քո մասին:

Ժողովրդիս ծով սրտին ցողեր շաղեց խնդության`

Մեր աչերից մինչ սիրտդ կապվեց սիրո ծիածան:

Ու մի գթոտ մոր նման Արագածը մեր բարի,

Հիացմունքից ջրերը փոխեց կաթի աղբյուրի:

Թե մի գետ էր խնդության` հայոց կյանքը դարձավ ծով,

Թե մի ծով էր ծաղկաբույր` օվկիան դարձավ զնգոցով,

Թե օվկիան էր` ծավալվեց երջանկության երկնքում

Վարդ շաղ տալով ճամփեքին, հիմա քեզ է նա երգում:

Ազատությունն է երգում հավերժավառ ու անծիր,

Ուր խմբվեցին մեր հույսի հին աստղերը ցան ու ցիր:

Ազատություն է երգել` իմ ժողովուրդն հինավուրց`

Ինչպես մթին գիշերում վեր սլացող լույսի խուրձ:

Երազել է օջախին, խաղաղ մի ծուխ ծիրանի,

Հողմերի դեմ ծաղկելով` ինչպես հզոր մի կաղնի,

Որին կտրել տենչացին ելուզակներ թե օտար,

Թե հայրենի գայլերի ոհմակները մութն ու չար,

Թիվը կորած օրերից ու դարերից խորախոր,

Մինչ վարդավառ այս ներկան` մինչև արևն այս հզոր,

Ձգվում է խոլ մի գիշեր, որ թվում էր անվախճան,

Ուր նա ըմբոստ աստղերով որոնում էր իր ճամփան,

Ազատության սերն անծիր` ինչպես մի գետ լուսավոր,

Խավարի մեջ հոսում էր ժողովրդի սրտից խոր.

Երբ միշտ սողում էին գոռ, դեպի երկիրն իմ հայոց

Բյուր, թագակիր գրոհներ, որ խայթեին որպես օձ,

Որ ոտնատակ ճզմեին կյանքը ինչպես մի ողկույզ,

Բայց միշտ արշավն հոների ժողովուրդն էր մղում դուրս...

 

***

Մեր հրեղեն հայր հզոր, երկրի արև մեր անմուտ,

Դու տոչորած դաշտերին անձրևաբեր գարնան գութ.

Մեր սիրելի Ստալին...

Ահա այդպես հորձանուտ

Օրերի հետ դարերի իմ ժողովուրդն էր գալիս

Կռիվներում ջրդեղված իբրև քարվանը հողմերից,

Եվ իր բոլոր ճամփեքին ձեռք էր մեկնում նա անբիծ,

Մաքուր, ժայռե հավատով, ճամփորդներին իր նման,

Որոնք այն խուլ գիշերում կուզեին լույսն անսահման...

Ելնում էին սակայն միշտ հող-սահմանից իրենց մութ,

Քանի Շահեր արյունոտ, որոնք ինչպես գայլ անգութ,

Իրենց հողում հոշոտած ըմբոստ ոգին լուսատենչ,

Թրեր էին ճոճում խենթ, ժողովրդիս աչքի մեջ:

Իսկ հյուսիսի ցարն ագահ ինչպես ոգին եղեռնի,

Ռուսական աշխարհը փոխելով խուլ մի բանտի,

Արշավ կազմեց արյունոտ մութ մրրկի պես ելած,

Նոր-նոր հողեր խլելով իր սրտի տակ, որ զնգաց

Վրաց երկրում ոսկեհեր, լեռնաշխարհում նաիրյան,

Բյուրագագաթ Կովկասում խոլ փակելով լույս ճամփան:

Եվ մութն ասես թանձրացավ, սակայն գիշերն ինչքան սև`

Այնքան բոցեղ կփայլեն աստղ արծիվները հրաթև:

Ու ցարի սև սրի դեմ Նալբանդյանը խոյացավ,

Ժողովրդիս զավակը` գլխում լույսեր, սրտում ցավ.

Բայց աչքերը լցվեցին բանտի մահվան խավարով,

Մեռավ իբրև մարգարե, ապրեց իբրև հույսի ծով...

Ու գարշ ստվերը ցարի` երկգլխանի ցինը կույր,

Արարատյան աշխարհին սավառնում էր, սակայն, զուր,

Օ, զուր անցան արքայի երազներն արյունոտ,

Ռուսական ժողովուրդն ինչպես եղբայրն իր գթոտ`

Բարի ձեռքը նա մեկնեց ժողովրդիս բզկտված,

Եվ ցարի դեմ կայծակվող տվեց սրերն իր սրած,

Հյուսվեց նրանց բախտն իրար ոնց շուշանը վարդենուն.

Երբ դարերով վեր եկած աշխատավորն էր անտուն...

 

***

Մեր սիրելի Ստալին, խոնարհվում են քո լույսին

Ողջ աստղերը լուսնի հետ` արևի հետ միասին,

Նրանք մեզ են արևում, երկրի սիրով պսակված,

Դու և մեզ ես արևում, ով մայր արև, և նրանց,

Ինչպես Լենինը հրեղեն...

Սակայն վիշտ է ինձ պատում.

Կարծես մատաղ իմ սրտին փշալար են փաթաթում,

Սև ամպերը չեն ծածկել երբեք երկինքը ամբողջ,

Բայց այս վշտի ամպի մեջ տիեզերքը կորավ ողջ:

Մեռավ Լենինը... անվախճան, յոթն արևի պես հանգավ,

Սև անդունդի պես մի վիշտ ժողովրդիս սիրտն ընկավ,

Մեծ հողագունդը հեծկլտաց, արցունք ծփաց ծովեծով,

Երբ դեռ նոր էր բողբոջել նոր աշխարհը նոր լույսով,

Երբ դեռ նոր էր բաբախում ազատությամբ իր սրտի,

Իբրև հսկա կոկոնը արևաչափ մի վարդի,

Այն մեծ սրտի, որ հիմա բաբախում է, գիտեմ ես,

Քո վիթխարի կրծքի տակ, ով առաջնորդ լուսակեզ...

 

***

Մեր սիրելի Ստալին, մեր սրտի մեջ, մեր հոգու

Բսած ծաղիկ կենսաբեր, արև ծաղիկ կենսատու,

Դու գտնված մեր բախտի, մեր սրտի աչք արեգակ,

Բազեն թևիդ խոնարհվում, օձն է մեռնում ոտքիդ տակ:

Դու լույս, դու սեր, դու կյանքի ազատության ջինջ կամար.

Ժողովրդի սիրտ ու հայր, ժողովրդի պես անմար,

Դու առաջնորդն իմաստուն բանակներին անհամար:

Արևն արժե մի աշխարհ, դու` յոթն արև, յոթն աշխարհ,

Գարունների դու ծնող, աստղերն արև դարձնող,

Դու լենինյան խոհերի ծաղիկներին իջած ցող,

Քո արեգակ աչքերի նվիրական լույսի տակ,

Գարնան գրկում բացվեցին, կյանք շնչեցին բովանդակ.

Հայոց դաշտերն արգավանդ և լեռները ոսկեվետ`

Ասես դուռը դրախտի բացվեց նրանց սրտի հետ:

Հովիտները լսեցին գութանների հորովել,

Ցնծաց հողը նաիրյան, բացվեց գարունն առավել,

Տրակտորը դաշտ իջավ նման շանթի շառաչի,

Օձ ու կուլակ ողջ փշրեց սրով կայծակ ձևիչի:

Կոլխոզական արևով ողջ գետերը քրտնքի,

Ճակատներից արևառ` ջրանցքներին գիրկ գրկի`

Ծով կապելով ջրեցին համայնական դաշտ ու լեռ`

-   Հեյ հորովել, հորովել, այսպես թնդաց կյանքը մեր:

Մեր Հանճարեղ Ստալին...

Ահա այսպես նաիրյան

Մուժը ցնդեց և կյանքը զարկեց սիրո լույս վրան...

Խրճիթները փուլ եկան, աթարների բուրգի պես...

Լույսը ծնված գետերից` գյուղերն ի վեր սուրաց ներս:

Ամենուրեք, ամեն տեղ, ռադիոները երգեցին

Ինչպես ոսկի սոխակներ` կերգեն բացվող վարդերին:

Մեր սիրելի արեգակ...

Ահա այսպես բռնկված

Ելավ ծուխը ծիրանի` երդիկներից կանաչած,

Ազատություն տեսնելով արտուտն ամպից իջավ ցած,

Եվ բուն դրեց ցորենի արտերի մեջ և ձվեր,

Ելան ձագերն, առան թև, կյանք երգելով թռան վեր:

Ծիծեռնակն առաջին բերեց գարունն իսկական,

Անանց գարունն առաջին, որով անուշ կյանք ելան,

Բևեռի սառն ափերից մինչև Զանգու, Արփաչայ,

Գյուղեր, ցեղեր և հողեր ռուս, գյուրջի, քյուրդ ու հայ

Եվ ծիծառը թև բացեց տանիքներից, հանդերում,

Ուր արևն էր քեզ նման ծաղիկներին կյանք բերում:

Համայնական արտերով հոսեցին սեր ու երգեր,

-    Ջան, երազը կյանք դարձավ, ինչ թովիչ է կյանքը մեր:

 

***

Մեր սիրելի Ստալին, հայր իմաստուն, մեծագութ,

Հավետ ծագող արեգակ,

Ահա այսպես ցնդեց մութ

Տառապանքի գիշերը և քո ճամփով լուսահեր

Դեպի թովիչ ապագան, կյանքն է զվարթ սուրում վեր,

Քո լենինյան հուրերն են հավերժորեն բոցկլտում,

Ամեն վճիտ աչքի մեջ, ամեն սրտում և հանդում,

Ժողովուրդս ազատ է ինչպես արծիվ երկնքի,

Երջանկություն են բուրում վայրկյաններն իր կյանքի,

Ինչպես ծաղիկը հոտավետ, ինչպես վարդը պարտիզում,

Ինչպես երկու սիրահար սրտի համբույր երազում:

Ժողովրդիս աչքերից արևներ են ծագում վառ,

Քաղաքները ելնում են` ծաղկում ինչպես նոր անտառ,

Ուռիների տեղ վշտոտ, խրճիթների տեղ մթին

Կաղնիներ են բարձրանում, հսկա շենքեր խնդագին,

Սակայն նորից երկաթե ձեռքը, ջանքը ստեղծող

Նոր քաղաքներ է կանգնում, իրար կապում ծով ու հող,

Շող ամրոցներ գիտության` լուսագանգուր բազալտից,

Որ թնդում են խնդագին իբրև կաճառ լուսալից:

Ամեն թաղից ու բաղից, բյուր շենքերից իր մարմար,

Իր գլխից էլ բարձր ու վեհ փողփողում են փրկարար,

Փարոսների պես կարմիր դրոշների ծփանքներ,-

-  Հեյ արևներ, իմացեք, ձեզնից վառ է կյանքը մեր:

Սակայն կյանքին այս վսեմ, այս արևին նորածագ,

Այս խնդության լույս ծովին, այս մեր բախտին ոսկեակ,

Խեթ նայեցին, ուզեցին գիշեր բերել և խավար,

Ծախել հողը հայրենի և գլորել գլխիվայր

Ժողովրդին իմ ծաղկած,- քանի դևեր, քանի նոր

Հայրենադավ դահիճներ, որ սողալով գլխիկոր

Հագած խաբող քղամիդ, կրծում էին կյանքը պերճ,

Ինչպես որդը չարաղետ հսկա կաղնու բնի մեջ:

 

***

Դու մեր բարի Արագած, մեր խնդության ակն-աղբյուր,

Մեր ոսկեհոս մուսագետ, դու ամեն տան ոսկի հյուր,

Ե՞րբ ես գալու մեզ ղոնաղ,

Մեր լեռներին ծաղկավետ, Արագածին ցողաշաղ,

Որի կանաչ լանջերը օթևան են հոտերի,

Որի զմրուխտ ժայռերը ակունքներ են աղբյուրի,

Եվ ջրերի պես մաքուր, ջրերից հորդ, սառնորակ,

Կաթն է հոսում լանջն ի վար` դեպի գյուղեր և քաղաք:

Այծյամներն են կախարդիչ ծաղկում նրա քերծերին,

Ե՞րբ ես գալու, որ լեռան արծիվների թևերին,

Ծաղիկների մեջ պահած մեղր ու կարագ բերենք քեզ,

Օ~, եկ մի հեղ, երբ որ գաս, մեր լեռները բարձր ու վես,

Կցածրանան ժպտալով կանաչ ճամփա կտան քեզ:

 

***

Դու կատարումն ու կյանքն ես մեր դարավոր հույսերի,

Հավերժաբուխ շատրվան դու լենինյան լույսերի,

Մեր աննման Ստալին...

Արի, բարի, հյուր եկ մեզ,

Շիրակն արի, ուր Շարան, էն շատակեր հին Շարան,

Թե որ լիներ կենդանի` կուշտ կմնար ամեն ժամ...

Շիրակն արի, տես ինչպես ծովերի պես հայրենի,

Ծովը քիչ է, օվկիանի, երկնքի պես ծիրանի,

Կոլխոզական արտերն են հեղեղվելով գալիս տուն`

Թոնիրներին ծուխ տալով, դուրս բխելով խնդություն...

Շիրակն արի, տես ինչպես բաբախում են շարունակ,

Վանքերի տեղ, լուսակերտ զավոդները մեր անհագ,

Իրենց շուրջը միշտ բացվող լույս վարդերի պես վճիտ,

Արարատյան բամբակից հորինում են նազուկ չիթ...

Շիրակն արի, տես ինչպես շառաչում են շարունակ

Գնացքների արշավներ, քո մտքերի լույսի տակ.

Եվ երկնքում ջինջ ու բաց` արծիվներից էլ վերև,

Օդանավեր են լողում արտուտներից էլ թեթև...

Շիրակն արի, գեթ հյուր եկ, դու լուսե հայր Շիրակի,

Իբրև արևը նրա, դու առաջնորդն աշխարհքի:

Մեր սիրելի Ստալին...

Մեզ հյուր արի գեթ մի օր,

Արարատյան դաշտն իջնենք` լինենք քեզ հետ ունկնդիր,

Խաղողների աճմանը` այն շշուկին, որ անծիր,

Այգիներով հոսում է – իբրև անուշ աստղալույս

Եվ ավետում ծով բերքի աճը ողկույզ առ ողկույզ:

Երբ բրոնզե բազեով գաս Կրեմլից մի օր մեզ,

Ինչպես որդին իր հորը` պիտի կրծքին սեղմե քեզ,

Ժողովուրդս երջանիկ, որ կյանք ունի վարդերես:

Հյուր եկ զմրուխտ բաղերին, որ ծագել են քո սիրով,

Երբ գաս մի օր, հավատա, հափշտակված քո շնչով,

Խաղողներից անհամբեր, առանց հնձան մտնելու,

Դուրս կպրծնի ինքն իրեն նեկտար գինին, որից դու

Կզգաս համը մեր կյանքի, որ արծիվ է քո թևով,

Որ ծաղկել է, դառել վարդ, լցված Լենին արևով:

Այդ սուրբ գինուց ամեն օր, ամեն սեղան նստելիս,

Քո կենացն ենք հուր սիրով յոթ անգամ շուռ տալիս,

Երդվում ենք քեզ, Առաջնորդ, երդվում ենք սեր ու խինդով,

Որ մեր փիրուզ լեռները հավերժ ծաղկեն անվրդով,

Մեր դաշտերը արգավանդ, մեր սրտերը` ամե~ն ժամ

Ծլեն, ծաղկեն, բաբախեն քո արևից անբաժան:

Եվ երբ երկրին մեր չքնաղ չար թշնամին արյունոտ

Օձանման ոլորվի` կջախջախենք ձեռն ու ոտ...

Երկինք, երկիր մեր թևին` մենք տասնմեկ եղբայրներ

Երդվում ենք մեծ արևին` միշտ կթնդա կյանքը մեր...

 

***

Ծով է աշխարհը հեղհեղուկ... մեր երկիրը ժայռ է վառ.

Կոմունիզմի նավապետ, դու արեգակ մեր անճառ,

Մեզ հավերժող Ստալին...

Երբ գաս մեզ մոտ դու ղոնաղ...

Մեր Սևանը, որպես մի վճիտ գինով լիքը թաս`

Կբարձրացնեն քո սիրով մեր լեռները ոսկեղեն,

Եվ քո կենացն ասելով երկնքի մեջ կխմեն...

Դու արև-հյուր մեր հավետ, դու արև-հյուր մեր սրտի:

Երբ գաս` քո շեն ճամփեքին մանուշակներ կփռենք,

Ու վառ վարդեր ու վարդե~ր... լեռներից վար կբերենք

Մեխակներից քո սիրած ու կպատենք երթը քո`

Որոնք նորից կբուրեն ու կմնան մեզնից գոհ...

Մեր լուսեղեն Ստալին,-

Օրերդ երկա~ր թող զնգան`

Ինչպես մեր սերը խնդուն, ինչպես ճամփեն քո անվան

Սիրտդ սուրբ է հողի պես, սերդ քնքուշ սուսամբար

Ծաղիկներ ես սիրում դու, և բալիկներ, և աշխարհ,

Մեր սիրավառ Ստալին...

Այցի արի, գե´թ այցի,

Ծաղիկներին մեր բացված, բալիկներին քո հույսի,

Երազներն մեր սիրո, որոնք ծնված կարիքում`

Անմահ սիրո ակունքը գտան միայն մեր կյանքում,

Մեր աշխարհքում, մեր հողում, ուր հոսում են գարուններ,

Ջինջ ջրերի հետ հյուսված և պսակած սիրտ ու սեր

Անվերջ սեր են շշնջում մեխակներին մեր սրտի,

Նունուֆարին մեր հոգու, բողբոջներին մեր կյանքի.

Մեր դյութական Ստալին,

Քո պատիվը մի ոսկյա,

Մի լուսեղեն ամրոց է, որ կանգնած է մեր հսկա,

Մեր վեհ, դալար ուսերին, ու միշտ բարձր կպահենք

Գալիք բոլոր դարերում` Արագածի նման սեգ:

 

ՎԵՐՋԵՐԳ

Եկ իմ արծիվ լեռնային, տուր փետուրդ և սուրա,

Գիրս նրան տաս պիտի` մինչ արցունքդ չորանա.

Դեպի Կրեմլ սլացիր, ինչպես գարնան ավետիք,

Ու սրտաբուխ ողջույն տար մեր աշխարհից լեռնաձիգ:

Մայիսի 17-20, 1938թ.

Երևան

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am