Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский    Կայքի քարտեզը
RSS News RSS
  Հրատարակչի կողմից
Հետահայաց Հետահայաց
Ամսվա քրոնիկա և համարի տեսություն Ամսվա քրոնիկա և համարի տեսություն
Աշխարհն ամսվա ընթացքում Աշխարհն ամսվա ընթացքում
Հայրենական մտքի գոհարներ Հայրենական մտքի գոհարներ
Քաղաքականություն Քաղաքականություն
Աշխարհաքաղաքականություն Աշխարհաքաղաքականություն
ԱՊՀ ԱՊՀ
Պետություն և իրավունք Պետություն և իրավունք
Հասարակություն և իշխանություն Հասարակություն և իշխանություն
Տնտեսություն Տնտեսություն
Բանավեճեր Բանավեճեր
Գիտություն և կրթություն Գիտություն և կրթություն
Մշակույթ և արվեստ Մշակույթ և արվեստ
Պատմություն Պատմություն
Քաղաք և գավառ Քաղաք և գավառ
Քաղաքական դիմանկարներ Քաղաքական դիմանկարներ
Հուշեր Հուշեր
Մեջբերումներ դասականներից Մեջբերումներ դասականներից
Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում Մամուլ. հետաքրքիրն ամսվա ընթացքում

 Հոդվածներ


Հետահայաց

Հետահայաց
Նոյեմբեր 2008, N 8

ՀԵՏԱՀԱՅԱՑ. ՆՈՅԵՄԲԵՐ

1991թ.

6 նոյեմբերի - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ և Ղազախական ԽՍՀ նախագահներին. «Կիրանց (Հայաստան) և Խրիմլու (Ադրբեջան) գյուղերի միջև հակամարտության պատրվակով Ադրբեջանի ղեկավարությունը նոյեմբերի 4-ին լիովին դադարեցրել է գազի մատակարարումը Հայաստան: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»:  

11 նոյեմբերի - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը Հայաստանի Գերագույն խորհրդի հատուկ նիստում:

19 նոյեմբերի - Բանակցություններ Երևանի և Բաքվի միջև ՀՀ-ին Ադրբեջանի տարածքով գազի մատակարարումը վերականգնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն է ստորագրվում գործընթացը նոյեմբերի 20-ից վերսկսելու շուրջ: Սակայն հաջորդ օրը ևս Հայաստանը գազ չի ստանում:

20 նոյեմբերի - Ռազմական ուղղաթիռ է վթարվում Աղդամի մոտ: Ուղղաթիռում էին գտնվում ԱՀ նախագահ Այազ Մութալիբովի աշխատակազմի անդամներ: Բաքուն անմիջապես հայտարարեց, թե ուղղաթիռը խփել են ղարաբաղցիները: Սակայն հատուկ հանձնաժողովը պարզեց, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել ներսում արձակված կրակոցի արդյունքում:

22 նոյեմբերի - Ստեփանակերտը կենտրոնացված հրետակոծության է ենթարկվում ադրբեջանական բանակի և ՄՀՕՋ` Շուշիում տեղակայված ստորաբաժանումների կողմից:

23 նոյեմբերի - Բաքվում հրապարակվում է ԼՂԻՄ լուծարման մասին օրենքը:

27 նոյեմբերի - ԽՍՀՄ Պետխորհրդի որոշումը Ադրբեջանի Հանրապետության նոյեմբերի 23-ի հրամանի հակասահմանադրական բնույթի մասին:

 

1992թ.

5 նոյեմբերի - ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցչին` ՄԱԿ Քարտուղարության քաղաքական հարցերի վարչության փոխտնօրեն Օմար Խալիմին:

12 նոյեմբերի - Երևան է ժամանում Թուրքիայի զինվորական առաքելությունը` Հայաստանի տարածքում տեղակայված ՌԴ Զինված ուժերի տեսչություն անցկացնելու համար:

13 նոյեմբերի - Ուժգին պայթյուն N676 ուղերթի Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի ութերորդ վագոնում, որի արդյունքում մահանում է ուղեկցորդուհի Լյուբա Միլովանովան: Շարքից ամբողջությամբ դուրս է եկել 13 վագոն: Այդ օրվանից ուղևորատար ոչ մի շարժակազմ Երևանից դուրս չի եկել առանց սակրավորների նախնական ստուգման:

16 նոյեմբերի - Երևանում առևտրաշրջանառության մեջ են մտցվում «հացի կտրոնները»:

17նոյեմբերի - ԼՂՀ զինանշանի և օրհներգի հաստատումը:

25 նոյեմբերի - ՀՀ ԱԳՆ դիմումը ԱՊՀ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին. «Ահա արդեն չորրորդ տարին է` Հայաստանը շրջափակված է հարևան Ադրբեջանի կողմից, որի տարածքով է մատակարարվում բեռների ու գազի ավելի քան 75%-ը: Անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ Բաքվի գործողություններին»: 

 

1993թ.

1 նոյեմբերի - Ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը հացի գնի թանկացման մասին. 1կգ հացի համար` 100, ալյուրի համար` 60 ռուբլի: Նախատեսվում է նաև հացի օրաբաժինն ավելացնել մինչև 350 գրամ մեկ անձի համար` Իջևանում, Ծաղկաձորում, Մեղրիում, Սիսիանում, Տաշիրում, Քաջարանում, Նոր Հաճնում:

2 նոյեմբերի - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի դիմումը ժողովրդին` «միավորվելու և հայերին վերջ տալու» կոչով:

3 նոյեմբերի - Միջազգային հայկական ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի դիմումը` ուղղված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին. «... հայ ժողովուրդը երբեք չի ների Ձեզ այն անտարբերությունը, որ ցուցաբերում եք նրա նկատմամբ: Ձեր սեփական ժողովրդի նկատմամբ»:

11 նոյեմբերի - ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցում են աֆղան մոջահեդները: ԼՂՀ ազգային անվտանգության վարչությունը տարածում է Արցախի դեմ, մասնավորապես` Զանգելանի և Ջեբրաիլի ուղղությամբ, մարտական գործողություններին մասնակցած և մասնակցող աֆղան մոջահեդների ցուցակը:

12 նոյեմբերի - ՄԱԿ ԱԽ-ը ընդունում է 884 բանաձևը, ըստ որի` պահանջվում էր հայկական զորքերը դուրս բերել «օկուպացված ադրբեջանական տարածքներից»:

14 նոյեմբերի - Անցում հայոց ազգային դրամական միավորին` հայկական դրամին:

20 նոյեմբերի - Ստեփանակերտ է հասցվում հայկական դրամի առաջին խմբաքանակը: ԼՂՀ-ն, ինչպես և ՀՀ-ն, անցնում է հայկական դրամական միավորի: Փողի փոխանակման պայմանները նույնն են:

24 նոյեմբերի – Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավատարմագրումից զրկում է ընդդիմադիր «Գոլոս Արմենիի», «Երկիր», «Ազատամարտ» և «Հայլուր» գործակալության` ղարաբաղյան թեմատիկան լուսաբանող թղթակիցներին:

 

1994թ.

2-3 նոյեմբերի - ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալիի այցը Երևան: Նրա` Երևանում արած հայտարարությունից. «Մեր դիրքորոշումը պետությունների տարածքային ամբողջականությունն է, սահմանների անձեռնմխելիության գոյություն ունեցող նորմերը, ուժի միջոցով ուրիշի տարածքները զավթելու փորձերի դատապարտումը, ՄԱԿ բոլոր որոշումների պահպանումը»:

9 նոյեմբերի - Ծեծի է ենթարկվում «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, Ռամկավար-ազատական կուսակցության (ՌԱԿ) Կենտրոնական վարչության անդամ Հակոբ Ավետիքյանը: «Սույն բռնությունը կուսակցության և նրա թերթի դեմ ծավալված կազմակերպված ահաբեկչական գործողությունների շարունակությունն է»,- ասվում է ՌԱԿ հայտարարությունում:

21 նոյեմբերի - ՀՀ խորհրդարանի` առավոտյան նախատեսված նիստի տապալումը քվորումի բացակայության պատճառով: Պատգամավորները նպատակահարմար չհամարեցին քննարկել ընդդիմության` նոյեմբերի 19-ին Երևանի բազմահազարանոց հանրահավաքում առաջ քաշված պահանջը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին:

22 նոյեմբերի - Սահմանվում է էլեկտրաէներգիայի մատակարարման երկժամյա գրաֆիկ` կապված Հայաստան ներմուծվող գազի ծավալների կրճատման հետ:

 

1995թ.

3-7 նոյեմբերի - Սփյուռքը նշում է ՀՅ Դաշնակցության հիմնադրման 105 ամյակը: Բուն Հայաստանում կուսակցության գործունեությունն արդեն ավելի քան 300 օր կասեցված է: ՀՀ նախագահը ՀՅԴ-ն անվանում է «105-ամյա զառամյալ ծերունի»:

13 նոյեմբերի - «Հայաստանի ընդդիմությունն ավելի է շահագրգռված, որ ՀՀ-ն Եվրախորհուրդ մտնի, քան երկրի իշխանությունները»,- Երևանում հայտարարում է ԵԽԽՎ` ԵԽ կազմ չմտած նոր եվրոպական երկրների գծով հանձնաժողովի նախագահ Ժան Սեթլիմգերը:

16 նոյեմբերի - Երևանի բնակհատվածի առաջին 500 տների ջերմամատակարարման վերականգնումը: Մի քանի տարվա էներգետիկ ճգնաժամից հետո փորձնական կարգով ջեռուցվում են Ավանի, Ավան-Առինջի, Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների շենքերը:

24 - 26 նոյեմբերի - ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, բանակի գեներալ Անդրեյ Նիկոլաևի այցը Երևան՝ նախագահ Բորիս Ելցինի հանձնարարությամբ: Այցի առիթը Հայաստանի հետ սահմանին թուրքական զինվորական ստորաբաժանումների աննախադեպ կուտակումն էր:

 

1996թ.

4 նոյեմբերի - Հրաժարական է տալիս ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը: Հրաժարականի դրդապատճառների շարքում նա նշում է «անձնական որոշումը» և «պետական որոշումը»:

11 նոյեմբերի - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը. նախագահը երդվում է արդեն ոչ միայն 7-րդ դարի ձեռագիր Ավետարանի, այլև գործող ՀՀ Սահմանադրության վրա:

17 - 18 նոյեմբերի - Բանակցություններ Հելսինկիում, Ղարաբաղյան կարգավորման շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԼՂՀ` բանակցությունների լիիրավ սուբյեկտի պատվիրակությունը ներկայացնում է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արկադի Ղուկասյանը:

24 նոյեմբերի - Առաջին նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում: Ձայների ճնշող մեծամասնությամբ` քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի 86,11%-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը:

1997թ.

1 նոյեմբերի - Հանրապետության թերթերում հրապարակվում է Հայաստանի նախագահի «Պատերազմ և խաղաղություն» հոդվածը, որում հեղինակը փորձում է փաստարկել իր զիջողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

5 նոյեմբերի - Հայաստանի տարածքը Թուրքիայի կողմից գնդակոծվում է հետագծային գնդակներով: Թուրքական «Տորոն» պահակետի դիրքերի շրջանից արձակված գնդակները 14-րդ ուղեկալի ուղղությամբ էին, որտեղ, միջկառավարական երկկողմ համաձայնագրերին համապատասխան, ծառայում էին ռուսական սահմանապահները:

14 նոյեմբերի - Բազմահազարանոց հանրահավաք «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի»` կազմակերպված ընդդիմության կողմից, Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի մասնակիցները բողոքում են նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 1-ին հրապարակած «Պատերազմ և խաղաղություն» հոդվածի բովանդակության առնչությամբ:

16 նոյեմբերի - Առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԶՈւ զորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ զորավարժություններին «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: «Պրոմեթևս-97» զորախաղերն անցկացվում են Սալոնիկ քաղաքի (Հունաստան) մերձակայքում:

25 նոյեմբերի - ՄԱԿ 52-րդ Գլխավոր ասամբլեան ընդունում է այդ կազմակերպության և ԵԱՀԿ համագործակցության մասին բանաձև, որում ողջունում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերը` ուղղված «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հակամարտության» կարգավորմանը:

 

1998թ.

2 նոյեմբերի - ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նվիրված նոր Ընտրական օրենսգրքի շրջանառության մեջ գտնվող նախագծերի քննարկմանը:

11 նոյեմբերի - ՀՀ ԱԳՆ-ը ընդունում է նոր փաստաթուղթ` «Օրակարգ», որը ներկայացնում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Փատաթուղթը դոկտրին չի կոչվում, քանի որ դրանում «արտացոլված են երկրի այսօրվա արտաքին քաղաքականության հիմնախնդիրները»:

11 նոյեմբերի - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նոր տարբերակ` հարցի փաթեթային լուծման և «Ընդհանուր պետության» գաղափարի հիման վրա: Փաստաթղթում առաջին անգամ չի նշվում Բաքվի և Ստեփանակերտի ուղղահայաց փոխհարաբերությունների մասին: Երևանը պաշտոնապես պաշտպանում է «Ընդհանուր պետության» գաղափարը` որպես ընդհատված բանակցային գործընթացի վերսկսման հիմք:

20 նոյեմբերի - Պաշտոնական Բաքվի հայտարարությունն այն մասին, որ իրենք անընդունելի են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած «Ընդհանուր պետության» գաղափարը` որպես համապատասխան բանակցությունների վարման հիմք:

 

1999թ.

3 նոյեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանը Արամ Սարգսյանին` հոկտեմբերի 27-ին զոհված Վազգեն Սարգսյանի եղբորը, ՀՀ վարչապետ նշանակելու մասին:

10 նոյեմբերի - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդությամբ դիմում է ՀՀ ԱԺ` խորհրդարանի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և դատական կարգով կալանքի վերցնելու մասին:

16 նոյեմբերի - Նշանակումներ ՀՀ նոր կառավարությունում: Հայաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանը նշանակվում է պետության ղեկավարի աշխատակազմի ղեկավար: ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվում Ալեքսան Հարությունյանը:

18 - 19 նոյեմբերի - ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովը: Ամփոփիչ փաստաթղթերում չկա ուղղակի հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված:

22 նոյեմբերի - Հրապարակվում է Թուրքիայի 10.000 քաղաքացիների դիմումը երկրի Ազգային մեծ ժողովին` Անկարայի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջով:

 

2000թ.

2 նոյեմբերի - ԵԱՀԿ գործող նախագահ Բենիտա Ֆերերո-Վալդների և ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Լամբերտո Դինիի համատեղ հայտարարությունը Եվրոպայի խորհուրդ Հայաստանի և Ադրբեջանի միաժամանակյա անդամակցության նպատակահարմարության մասին, ինչը «նոր ազդակ կհանդիսանա Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում»:

8 նոյեմբերի - Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ հրապարակավ ընդունեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք:

15 նոյեմբերի - Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը հրաժարվեց մասնակցել Ֆրանսիա-Թուրքիա խաղին: Թուրքական կողմը «իր հայկական ծագումը երբեք չթաքցնող» մարզիկի նման պահվածքն ընկալում է որպես «անձնական վիրավորանք»:

22 նոյեմբերի - ՀՀ խորհրդարանն ընդունում է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները համամասնական-մեծամասնական մանդատների հարաբերակցության մասով:

 

2001թ.

7 նոյեմբերի - ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում դրված է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագծերի աշխատանքով զբաղվող Ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի ձևավորման հարցը:

12 նոյեմբերի - ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հայտարարությունը միջնորդների նոր նախաձեռնությունների մշակման մասին, «որոնք հենվում են Փարիզի և Քի Ուեսթի սկզբունքների վրա»:

17 նոյեմբերի - Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվում արգենտինյան «Արգենտինայի օդանավակայաններ-2000» արգենտինական ընկերությանը: Կոնցեսիայի մասին պայմանագիրը ստորագրում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանը:

23 նոյեմբերի - Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի (ԹՀՀՀ) հերթական նիստը Նյու Յորքում, որի ընթացքում ԹՀՀՀ-ին միացան Ամերիկայի երկու թուրքական կազմակերպություններ:

 

2002թ.

8 նոյեմբերի - Եվրահանձնաժողովը Հայաստանը ներառում է երրորդ աշխարհի պետություններում իրացվելու համար նախատեսված դեղորայքի ապօրինի շրջանառություն ունեցող երկրների ցանկում: ԽՍՀՄ նախկին հանրապետություններից ցանկում ներառված են նաև Ադրբեջանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը:

17 նոյեմբերի - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆոնոթոնի մեկնարկը` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով, որը միմյանց կկապի ԼՂՀ Հադրութի և Մարտակերտի շրջանները:

22 նոյեմբերի - Ժնևում ԱՀԿ աշխատանքային խմբերի ամփոփիչ հանդիպմանն ընդունված որոշումն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին:

 

2003թ.

3 նոյեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարան է վերադարձնում մինչ այդ առաջին, երկրորդ և երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունված «Ազգային անվտանգության հիմնարար սկզբունքների մասին» օրենքը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որ ներկայացնում էր ՀՀ նախագահի դիրքորոշումը, նշել է, որ օրենքը հռչակագրային բնույթ է կրում և արմատական ճշգրտումների կարիք ունի:

12 նոյեմբերի - Հայաստանում (Գյումրի) տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահանգրվանին պատկանող, ուսումնամարզական թռիչք իրականացնող МиГ-29 կործանիչի վթարը: Ինքնաթիռը վայր է ընկել Արփի լճի շրջանում, օդաչու Կոնստանտին Կարդաշը զոհվել է` չհասցնելով դուրս թռչել:

15 նոյեմբերի - Հայաստանի նախագահը ստորագրում է ՀՀ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը, որը սահմանում է օմբուդսմենի նշանակման և պաշտոնից ազատման կարգը, նրա լիազորությունները, գործունեության երաշխիքներն ու պայմանները:

27 նոյեմբերի - Լոս Անջելեսում մեկնարկում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության համար միջոցների հավաքման հեռուստամարաթոնը: Ավտոմայրուղու նախագծային արժեքը $25 մլն է:

 

2004թ.

5 նոյեմբերի - Սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը:

12 նոյեմբերի - Սպիտակ տան որոշումը` Հայաստանը ներառել 16 երկրների ցանկում, որոնք 2005թ. կստանան ամերիկյան օգնություն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Մյուս պետություններն էին Մարոկոն, Բենինը, Բոլիվիան, Գանան, Հոնդուրասը, Լեսոտոն, Մալին, Մալագասյան Հանրապետությունը, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Շրի Լանկան, Վանուատուն, Վրաստանը:

15 նոյեմբերի - ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ աջակցում են Բաքվի նախաձեռնությանը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգում ներառելու «Ադրբեջանի օկուպացված տարածքների դրության մասին» հարցը: ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանն այս առնչությամբ «պաշտոնական տարակուսանք» է հայտնում:

26 նոյեմբերի - Հասարակածային Գվինեայի դատարանը 14-24 տարվա ազատազրկման է դատապարտում 6 հայ օդաչուների:

 

2005թ.

1 նոյեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություներ և լրացումներ մտցնելու մասին օրենքը, ինչպես նաև Հանրահավաքների, երթերի և ցույցերի անցկացման կարգի մասին օրենքը:

4 նոյեմբերի - ՎԻՉ/ՍՊԻԴ հանրապետական կենտրոնի հայտարարությունը. «17 տարի առաջ Հայաստանում ՍՊԻԴ-ով հիվանդ առաջին հիվանդի գրանցման օրվանից մինչ օրս եղել է այդ հիվանդությունից մահվան 72 դեպք: 2004թ. ՍՊԻԴ-ից մահացածների թիվը կազմել է 50 մարդ: Մահացածների մեջ կան 11 կին և 2 երեխա: ՍՊԻԴ-ից մահացության առաջին դեպքը երկրում գրանցվել է 2001թ.: Ընթացիկ տարում կտրուկ ավելացել է նաև ՍՊԻԴ-ով հիվանդացածների թիվը: Հայաստանում ավելի քան 3 հազար մարդ ՎԻՉ վարակակիր է»:

22 նոյեմբերի - «Հրեական կրոնական հանրությունն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, չնայած Իսրայելի քաղաքական շրջանակների դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, և վշտակցում է հայ ժողովրդին անմեղ զոհերի համար»,- Ծիծեռնակաբերդում հայտարարել է Իսրայելի գլխավոր ռաբին Յոնա Մեցհերը:

27 նոյեմբերի - Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե: Հանրաքվեի արդյունքներով` Հայաստանում ընդունվեցին սահմանադրական փոփոխություններ:

 

2006թ.

11 նոյեմբերի – Մոսկվայի մարզի Իվանտեեկ քաղաքի երկաթուղային կառամատույցում սպանվել է վարսահարդարման արվեստի դասընթացների ուսանող, 15-ամյա Նարեկ Քոչարյանը:

15 նոյեմբերի - «Հայերին այսօր սպանում են միայն Ռուսաստանում և Ադրբեջանում»,- հայտարարել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա լիակատար անգործության մեջ մեղադրել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը:

16 նոյեմբերի - Մուրմանսկում սպանվել է թերակղզում ամենախոշոր ձեռներեցներից մեկը` «Ռուսաստանի եվրոպական հյուսիսի հայերի ասոցիացիայի» տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նրան էր պատկանում Մուրմանսկի սոցիալական առևտրային բանկի կանոնադրական կապիտալի և բաժնետոմսերի փաթեթի 70%-ը:

26 նոյեմբերի - Արգենտինայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունեց (175 կողմ, 2 ձեռնպահ) օրինագիծ «Ապրիլի 24-ը ազգերի միջև հանդուրժողականության և հարգանքի օր սահմանելու մասին»:

30 նոյեմբերի - «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթն ամբողջությամբ հանձնվեց հոլանդական «Postfinance»-ին պատկանող «Հայփոստ Տրաստ Մենեջմենթ» ընկերության հավատարմագրային կառավարմանը:

 

2007թ.

8 նոյեմբերի - ՀՀ կառավարությունն ընդունում է որոշում Մրցակցության ազգային խորհուրդ ստեղծելու մասին:

17 նոյեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է օրենքներ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Իրավական ակտերի մասին» օրենքներում համապատասխան ուղղումներ կատարելու մասին: Փոփոխությունների հիմնական նպատակն այն բացթողումների վերացումն է, որոնք հայտնաբերվել էին մայիսին, խորհրդարանական ընտրությունների ընթացքում, և ընտրական օրենսդրության կատարելագործումը 2008թ. նախագահական ընտրությունների շեմին:

21 նոյեմբերի - Վախճանվեց գրող Աղասի Այվազյանը:

26 նոյեմբերի - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց ՀՀ «Նվազագույն աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» օրենքներում փոփոխությունները: Այդ ուղղումներն ընդունվել էին նոյեմբերի 5-ին, Ազգային ժողովի կողմից և նախատեսում էին 2008թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 20.000-ից բարձրացնել մինչև 25.000:

Պատրաստեց Հայկ Ղազինյանը

Share    



Գնահատում

Ինչպե՞ ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: [email protected], www.nationalidea.am