20.06.2013 / 13:52
ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՈՐԴԵԳՐԱԾ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային «Ֆրանս 24» հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլևս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»:
Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը մնում է փաստ: Այս մասին ասվում է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:
Մինչ օրս հարցազրույցի այդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրվել, ուստի միանշանակ կերպով պետք է եզրակացնել, որ գործ ունենք ոչ թե թյուրիմացության, այլ պաշտոնապես որդեգրված դավաճանական դիրքորոշման հետ: Այդ դիրքորոշման կրողները ոչ միայն քայլ առ քայլ զիջում են հայկական կողմի դիրքերը, այլևս պատրաստ են հանձնելու Արցախը:
Ասվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ԼՂՀ արտգործնախարարը նույն հարցազրույցում Արցախի ազատագրված տարածքներն անվանել է «անվտանգության ապահովման բուֆերային գոտի»:
Այս երևույթի հիմնական պատասխանատուն հայաստանյան հանցավոր վարչախումբն է, որն իր կառավարումը երկարաձգելու համար աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բարեհաճությունն ստանալու նպատակով պատրաստ է նույնիսկ բացահայտ կերպով ուրանալու ազգային շահը:
Բնավ պատահական չէ, որ վարչախմբի ներկայացուցչի այս արարքը համընկնում է Արցախի հարցի կարգավորման համատեքստում աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հերթական ակտիվացմանը:
Նախախորհրդարանը մեր ժողովրդին զգոնության կոչ է անում և զգուշացնում է, որ իրադարձությունների նման զարգացման պարագայում վտանգված է ոչ միայն Արցախը, այլև հայկական պետականությունն առհասարակ:
Նման անփառունակ հեռանկարից խուսափելու համար Նախախորհրդարանը մեր ժողովրդին հորդորում է օր առաջ համախմբվել ու միանալ ազգային-ազատագրական պայքարին, ինչի շնորհիվ մենք ոչ միայն կարող ենք հաղթահարել օտար ուժերից նորգաղութային կախյալությունը և ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությանը Արցախի վերամիավորման գործը, այլև կառուցել հզոր ու ինքնիշխան հայկական պետություն: