26.06.2013 / 10:27
ՌԴ-Ն ՆԱՀԱՆՋՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Այդ մասին ասվում է կուսակցության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ և պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:
Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը և ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:
Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել սպառազինությունը և ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաև նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը և միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ելնելով նշվածից` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից և կոչ է անում ՀՀ իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել և դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:
Միաժամանակ միջազգային հանրության, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա և ակնկալում պատշաճ արձագանք»,- նշվում է հայտարարության մեջ: