26.06.2013 / 13:57
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ:
Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին:
Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝ նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ: