Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/articles.php?id=352
2012, N 5

ՀՐԱՇԱԼԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ... ՈՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՀԻՄՔԻՑ

(հոդված առաջին)

Ստեփան Թոփչյան, գրականագետ, հրապարակախոս (ԱՄՆ)

«Մեր արժանապատվության զգացումն ու մեր գոյությունն ամրապնդվում են, երբ մենք մեզ ասում ենք այն, ինչ յուրաքանչյուրը կարող է ասել իրեն՝ իմ գոյությունն ապարդյուն և աննպատակ չէ, ես մեծ շղթայի անհրաժեշտ օղակն եմ, որ առաջին մարդու՝ իր գոյության գիտակցության զարգացումից ձգվում է հավերժություն. ամենն, ինչ երբևէ մեծ, իմաստուն և ազնվազարմ է եղել մարդկանց մեջ, մարդկային ցեղի այն բարեշնորհները, որոնց անուններն եմ կարդում համաշխարհային պատմության ժամանակագրություններում, և շատերը նրանցից, որոնց ծառայությունները մնացել են, անունները՝ ոչ, նրանք բոլորն աշխատել են ինձ համար. ես քաղում եմ նրանց աշխատանքների պտուղները, ես քայլում եմ նրանց բնակված հողի վրա, նրանց բարեբեր հետքերով։ Ես կարող եմ, երբ կամենամ, նվիրվել նրանց՝ իրենց առաջ դրած վեհ խնդրին, ավելի ու ավելի իմաստուն ու երջանիկ դարձնելու մեր ընդհանուր եղբայրական ցեղը, ես կարող եմ շարունակել կառուցել այնտեղ, որտեղ նրանք պետք է ավարտեին, ես կարող եմ մոտեցնել այն հրաշալի շինության ավարտը, որը նրանք պետք է անավարտ թողնեին»։

Յոհան Գոթլիբ Ֆիխտե

 

Ֆիխտեի մահվանից անցել է գիտության և տեխնիկայի վիթխարի առաջընթացի գրեթե երկու դար, իսկ մարդկային ցեղը ոչ միայն չի դարձել փոքր-ինչ ավելի իմաստուն ու ազնվազարմ, փոքր-ինչ ավելի եղբայրական, այլև չձերբազատվելով իր նախնական վայրի բնազդներից, անսպառ եռանդով շարունակում է գիշատչային գործելակերպը։ Ամեն պահ համաշխարհային հրդեհի վերածվելու վտանգով, ներքին թե բացահայտ, բորբոքվում է բոլորի պատերազմը բոլորի դեմ՝ մեկը մյուսի, խումբը խմբի, ժողովուրդը ժողովրդի, երկրների միավորումն այլ միավորման, քաղաքակրթությունը քաղաքակրթության։ Եվ առաջին հերթին ռազմական հզորությունը մեծացնելու նպատակով ինչքան զարգանում են գիտությունն ու տեխնիկան, այնքան ահագնանում է մարդկության կործանման վտանգը։ Մարդկային ցեղը ջանացել է զարտուղել համաշխարհային մտքի հսկաների հիմնավորած՝ ճշմարիտ ազատության հասնելու վերընթաց ուղու օրինաչափությունից։ Հակասությունը չի սպառվել պատմական ընթացքի սոսկական վայրիվերումներով։ Հակասությունը, ինքն իր արատների զոհ մարդկային ցեղին մղելով անվերջանալի ողբերգության, որի ամեն արարից հետո նույնիսկ երբ կանգնեցրել է քննական բանականության դատի առաջ, ոչինչ չի սովորեցրել։ Քանզի ստեղծագործ վիթխարի կարողություն՝ բանականության պտուղները նրան ավելի բարի ու մարդասեր չեն դարձնում։ Քանզի որպես զենք ծառայող բանականությունը նրան չի փրկում անսահման տխմար ու վայրագ ինքնակերությունից։ Եթե Յոհան Ֆիխտեի նախորդ Իմանուիլ Կանտի հետևյալ դասը պահպանված միակ պատառիկը լիներ անցյալի գրավոր բոլոր գանձերից, կամեցող մարդ արարածին բավական էր դրանով առաջնորդվել, հակասությունն ընդհանուրի բարօրության ու երջանկության հանգեցնելու, հասարակական զարգացման ճշմարիտ ուղուն բերելու համար. «Մարդկային ցեղի մեծագույն խնդիրը, որը նրան վճռել է ստիպում բնությունը՝ հանընդհանուր իրավական քաղաքացիական հասարակության հասնելն է։ Միայն հասարակությունում, և հենց այդպիսի, որում նրա անդամներին տրված է մեծագույն ազատություն, ուստիև լիակատար անտագոնիզմ և, այդուհանդերձ, ազատության ամենաճշգրիտ բնորոշումը և ապահովումը հանուն դրա համատեղելիության ուրիշների ազատության հետ. միայն այսպիսի հասարակությունում կարող է հասանելի լինել բնության բարձրագույն նպատակը՝ նրա, մարդկությունում ներդրված, նախադրյալ բոլոր ունակությունների զարգացումը... ահա թե ինչու այդպիսի հասարակությունը, որում առավելագույն ազատությունը արտաքին օրենքների տակ համադրվում է անհաղթահարելի հարկադրանքին, այսինքն՝ կատարելապես արդար քաղաքացիական կառուցվածքը, պետք է մարդկային ցեղի համար լինի բնության բարձրագույն խնդիր... Առհասարակ, լիակատար ազատության հակված մարդկանց հարկադրանքի այդ վիճակը ընդունել ստիպում է դժբախտությունը, դժբախտություններից մեծագույնն իսկ՝ այն, որ իրենք՝ մարդիկ պատճառում են իրար, որոնց հակումները հանգեցնում են այն բանին, որ անսանձ ազատության պարագայում նրանք չեն կարողանում երկար հանդուրժել իրար։ Սակայն այնպիսի սահմանափակ տարածությունում, ինչպես քաղաքացիական միությունն է, նույն այդ մարդկային հակումներն ի վերջո առաջ են բերում լավագույն գործողությունը, անտառի ծառերի նման, որոնք հենց այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը ջանում է խլել ուրիշի օդն ու արևը, մեկը մյուսին հարկադրում են այդ բարիքները որոնել ավելի ու ավելի վերևում և դրա շնորհիվ աճում են գեղեցիկ և ուղիղ։ Մինչդեռ ազատությունում աճող ծառերն իրենց ճյուղերը տարածում են ինչպես պատահի և աճում են այլանդակ, խորդուբորդ ու ծուռտիկ»։

Անտառը խանգարում է ամենաթողության պայմաններում աճած այլանդակ, խորդուբորդ ծուռտիկներին։ Երբ ժողովուրդը փորձում է պահանջել ազատության իր բնական բաժինը, ոչ միայն խանգարում է այլանդակ ու ծուռտիկ իշխանություններին, այլև դառնում է ավելորդ, վնասակար, վտանգավոր։ Անխուսափելի անհրաժեշտություն է այդպիսի ժողովրդից ազատվելը։ Ահա թե ինչու ՀՀ քրեաօլիգարխիկ իշխանությունները բացարձակ անտարբերությամբ, երբեմն նույնիսկ անթաքույց բավականությամբ են ընդունում ժողովրդի հոգևոր անկումը, բարոյական այլասերումը, նախնական բիրտ բնազդների արթնացումն ու ծավալումը, հեռացումը երկրից ու կյանքից՝ արտագաղթով, դժբախտ պատահարներով, սպանություն-ինքնասպանություններով։ Կա՛մ անմռունչ ստրկություն, կա՛մ հեռացում ու վերացում։ Կլանա-քրեա-օլիգարխիկ, նեո-ավատատեր-իշխանական այդ խավը, որի համար ժողովուրդը, հայրենիքը, աշխարհասփյուռ ազգը լոկ դրամ քամելու միջոցներ են, արդեն երկու տասնամյակից ավելի համատարած դժբախտություն ցանելով է կառուցել իր երջանկությունը։ Իսկ ինքն իրեն հարցրե՞լ է, թե ուրիշների դժբախտությունների վրա սեփական երջանկությունը կառուցողը մշտապես կվայելի՞ այն։ Այդ խավը, որ մերթընդմերթ պերճախոսում է Թուրքիայում հայերի ցեղասպանությունից և տարին մեկ ծաղիկներ է դնում զոհերի հուշարձանին, հիշո՞ւմ է, թե ինչով ավարտվեց այն իրականացրած երիտթուրք պարագլուխների ոճրալի կյանքը։ Ուղեղի հետին ծալքով անցնո՞ւմ է, թե ինչ պտուղներ կարող են տալ իր ցանած, սեփական երկրում սեփական ժողովրդի նոր ցեղասպանության վերաճած դժբախտությունները։ Թե՞ համոզված է, որ բոլոր պարագաներում երկրից փախուստ տալով անվրդով վայելելու է իր կողոպտած ու արտասահմանում պահ տված դրամն ու ունեցվածքը։ Ունեցվածք, որի թագն ու պսակը վերջերս ՀՀ երկրորդ նախագահի գնած Միջերկրածովյան կղզին դարձավ։

Ճակատագիրն այդ անհագ ավարապաշտների դուռն էլ կբախի։ Բայց ե՞րբ։

Հայաստանում հայտնաբերվեցին հնագույն կոշիկ, գինու կարասներ և աղջկա ջարդած գանգ։ Գանգաջարդության հազարամյա ավանդույթը թափով զարգանում է «Մեր Հայրենիք ազատանկախում»։ Ջահել ու ահել, ընկեր, բարեկամ, նույնիսկ հարազատ խելակորույս վնասում, խեղանդամում, սպանում են իրար։ Հունիսի 20-ին Գավառի հիվանդանոց են տեղափոխվել 18-ամյա Ռոման Քեռյանը և Վաչիկ Մնացականյանը, Ս.Հովհաննես եկեղեցու մոտ գարեջուր են խմել, վիճել, գարեջրի շշերով նախ իրար գլուծ ջարդել, ապա և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերի (NEWS.am, 25 հունիսի)։ 50-ամյա Աշոտ Տ-ն հարևանի տանը գարեջրի շշով հարվածել է 53-ամյա Էդիկ Թ-ի գլխին (NEWS.am, 18 հուլիսի)։ Աղավնաձոր գյուղում 50-ամյա Յուրիկ Բաբայանն առավոտվա խաշակերախմությունից տուն վերադառնալով վիճել է կնոջ հետ, սպանել է՝ ծեծելով, ջարդելով գլուխը։ Ամիսներ առաջ ինքնասպանություն էր գործել նրանց երեք տղաներից մեկը (NEWS.am, 3 հուլիսի)։ Ավանդույթի ուժին հլու, չբավարարվելով ծեծի սովորական տեսակներով, մոլեգին հայորդիները չեն խուսափում իրենց զոհերին մահացու հարվածներ հասցնելուց (հատկապես գլխին և կրծքավանդակի ձախ կողմը՝ սրտին)։ Նախնադարյան վայրենության ամեն մի «նվաճում» տանում է մշակութային բազմադարյան նախընթաց զարգացման արդյունքների կորստյան ու ոչնչացման։ Չէ՞ որ ինչքան շատ են բթամիտ ագրեսիվության դրսևորումները, այնքան քիչ է մշակույթը։ Անտառի օրենքներից անհամեմատ դաժան, ամենագազան երկոտանիների արյունալի բարքերի պայմաններում գոյատևման գրեթե երեք տարբերակ կա. անմռունչ ստրկություն, ինքնասպանություն-սպանություն կամ սեփական արժանապատվության ու արժանավայել ապրելու իրավունքի հաստատում՝ խուսափելով կեղծ հեղինակությունների վնասաբեր խաղերից, վճիռներ ընդունելով օբյեկտիվ օրինաչափության համաձայն, չվախենալով ոչնչից, կշռադատված, աննահանջ պայքարով։

1992-ի ապրիլի 14-ին, պաշտոնավարելով ընդամենը 97 օր, կյանքի 33-րդ տարում սպանվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀԴ անդամ Արթուր Մկրտչյանը։ 1992-ի հունվարի 8-ին նրա ընտրվելուց հետո մոլի հակադաշնակցական, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գոնե հեռախոսով չշնորհավորեց նրան։ Չընդունեց նաև, երբ առաջին անգամ եկել էր Երևան։ Այնուհետև, նախ Երևան հրավիրեցին վարչապետ Օլեգ Եսայանին, հետո միայն Արթուր Մկրտչյանին. «որքան հայտնի է, շատ անշուք ընդունելություն է եղել, ոչ ոք չի դիմավորել»։ Նա վերադարձավ ընկճված տրամադրությամբ։ Մի քանի ամիս ՀՀ իշխանությունները ԼՂՀ ԳԽ ոչ մի անդամի չհանդիպեցին, խորհրդարանի հետ ոչ մի կապ չունեցան։ Աշոտ Պետրոսյանի «Արթուր Մկրտչյանի սպանության հարցը» հոդվածում հավատարմորեն ներկայացվում է այն ժամանակի կացությունը. «ՀՀՇ կուսակցությունը, փաստորեն, չէր մասնակցում ազատագրական պատերազմին և մինչև վերջ պահպանեց իր նկարագրից բխող վարքաոճը՝ պատերազմը օգտագործել հարստանալու և ժողովրդին թալանելու նպատակին»։ ՀՀ նախագահն իր մարդիկ ուներ Արցախում, որոնց և տրվում էին արտոնությունները, «իսկ օրինական իշխանությանց ներկայացուցիչները մեծ դժվարությունների էին առնչվում ամեն քայլափոխի»։ Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև նույնիսկ բնականոն դիվանագիտական հարաբերություն չկար, որ հատուկ է սովորաբար հակամարտող երկրներին։ Պատճառը ոչ միայն հայրենանվեր Արթուր Մկրտչյանի կուսակցական պատկանելությունն էր, այլև Արցախի հիմնահարցում նրա և ազգադավ ԼՏՊ-ՀՀՇ-ական դիրքորոշումների արմատական հակադրությունը, որը ԼՏՊ «կողմնակիցները թշնամանքի հասցրեցին»։ Չպետք է մոռանալ, որ ԼՏՊ-ն դեմ էր Արցախի անկախությանը. «50 միլիոն Թուրքիան է, 7 և կես միլիոն Ադրբեջանն է. մենք,- շեշտում էր նա,- 120-160 հազար ղարաբաղցիների պատճառով իրավունք չունենք վտանգելու մեր պետականությունը և ժողովրդին» («Հորիզոն», Մոնրեալ, մայիս, 2012)։ «Ղարաբաղցիների»... կարծես նրանք մեր ժողովուրդը չեն, հայեր չեն, նույնիսկ եթե ոչ թշնամի, ապա ոչ էլ բարեկամ, առանձին էթնիկ մի խմբավորում են, որին սառնասրտորեն կարելի էր գցել թուրք-ադրբեջանական մսաղացը, իբր Հայաստանի պետականությունն ու ժողովրդին «չվտանգելու» համար։ ԼՏՊ-ՀՀՇ-ական քաղաքական դահճային «մտքի» քաղցկեղային մահացու շոշափուկները տարածում գտան զոմբիացած գլուխներում՝ ահռելի վնասներ հասցնելով առայսօր։

Արցախյան գոյապայքարի տարեգիր Բագրատ Ուլուբաբյանը փաստում է. «...երեկոյան մոտավորապես ժամը յոթ անց կեսին իր բնակարանում սպանվել է ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը։ Սպանել են հրազենով, և հանցագործը դեռևս չի հայտնվել։ Ցույց տվին բնակարանի պատուհանը ծակոտած ապակիով՝ հրազենի օգտագործման ապացույցը... հայտարարություն են հրապարակել... որ Ա.Մկրտչյանի մահը դժբախտ դեպքի հետևանք է... Ի՞նչ դժբախտ դեպքի մասին է խոսքը։ Արթուր Մկրտչյանը երեխա՞ է, չկարողացա՞վ զենքի հետ վարվել և պատահաբար արձակված կրակահերթի զո՞հ դարձավ (նախօրյակին հայտարարել էին, թե ավտոմատի կրակահերթից է մահացել)... բանակային ծառայություն անցած այդ երիտասարդը, անձնական զենքի տիրանալով, տանը երեխայի պես խաղ է արել նրանով, անզգուշորեն կրակել և իրեն սպանել... Ի՜նչ հիմար, եթե չասեմ՝ թքած-կպցրած եզրակացություն» (Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարի տարեգրություն, Ե., 1997, էջ 405, 407, 409)։

Արցախի ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկը դարձած Արթուր Մկրտչյանի կորստից հետո իրավիճակին ծանոթ որևէ մեկը չէր կասկածի, որ նա սպանվել է։ Իսկ թե ով, ինչպես է կազմակերպել սպանությունը՝ հիանալի գիտի ոչ միայն «անհետացած» Վանոն, այլև ԼՏՊ-ն, Ռ.Քոչարյանն ու նրանց շրջապատող նախկին իշխող վերնախավի այլ անդամներ։ Սպանելը և թշնամական կրակողի զոհ, դժբախտ պատահար, ինքնասպանություն ներկայացնելը, առայսօր, դարձավ չափազանց տարածված, հաճախ նույնիսկ ափաշկարա հանցագործությունները ծածկելու և ջրից չոր դուրս գալու միջոց։ Գործին փոքրիշատե տեղյակ անձանցից ո՞վ է համոզված, որ 1999-ի օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանել է դատախազ Արամ Կարապետյանը, ապա ինքնասպանվել։ Կամ՝ բավարար չափով քննվե՞ց՝ պարզելու, թե ինչու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը կախվեց, պաղատական գրություն թողնելով, որ օգնեն իր աղջկան։ Նա թուլակամ անձ չէր։ Խե՞լքն էր թռցրել նման քայլի դիմելու համար՝ չգիտես ում վրա թողնելով դստեր հոգսը։ Բնավ էլ քիչ չեն անպատասխան հարցականները։ ՀՀ անկախացումից հետո իշխանության եկածները զբաղվել են ոչ թե իրավական-ազգային ամուր պետություն կառուցելով, զարգացնելով ու զորացնելով հայրենի երկիրը, այլ իշխանությունը ծառայեցնելով սեփական շահերին ու նկրտումներին, հարստություն կուտակել արյուն թափելով, քայլելով դիակների վրայով։ Այդ շրջանից սկսած՝ տարածվեց սպանությունների և ինքնասպանությունների համաճարակը, որի դրդապատճառների վերլուծումը տարբեր մասնագետների լարված ու մեծ աշխատանք կպահանջի։ Մասնավորաբար, իմ ձեռքի տակ այդ համաճարակի վիճակագրական պատկերը ինչպես անկախության սկզբից մինչև այժմ, այնպես էլ անցյալ դարի 70-80-ականներին ներկայացնելու և համեմատելու համար բավարար տվյալներ չկան։ Մինչև անկախացումը, անկասկած, անհամեմատ քիչ էին նման դեպքերը, և այն էլ հանրապետության շատ ավելի բնակչության պայմաններում։ Աղմկահարույց, կազմակերպված սպանությունների եզակի դեպք կատարվեց Կարեն Դեմիրճյանի ղեկավարության շրջանում, երբ դաժանորեն վերացվեցին նրան հակադրվող որոշ պաշտոնատար անձինք։

Այն, որ ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանը մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման, խոշոր չափերի կաշառակերությունների, Հրազդանի ձորում սննդի մի օբյեկտի վառել-ոչնչացնելը կազմակերպելու մեջ, հարցի մի կողմն է։ ՀՀՇ-ական իշխանությունների կազմակերպած բազմաթիվ սպանությունների որոշակի մասի բացահայտումով դատապարտվեց, մասնավորաբար, նրա անմիջական ենթակայության տակ գործող ահաբեկչական հանցախումբը Ա.Տեր-Սահակյանի գլխավորությամբ։ Խուսափելով դատական պատասխանատվությունից՝ Վանոն անհետացավ ասպարեզից։ Վերջերս նրան վերադարձնելու ստորագրահավաք կազմակերպվեց։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցական ցուցանակի տակ ծվարած ՀՀՇ-ականների մի խումբ միացավ իրեն «Ելք» համարող շարժման՝ «Հանուն մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությանը, կոչ անելով ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրում մարդու իրավունքների և արդարության հաղթանակի հաստատման նկատմամբ, սատարել այս նախաձեռնությանը («Հետք», 17 հուլիսի)։ Մարդիկ, իհարկե, ազատ են իրենց խոհանոցում հայտնելու իրենց «անբեկանելի» կարծիքը «ժողովրդավարության», «իրավունքների», «արդարության» դիրքերից, սակայն հանցագործությունները, այն էլ առանձնապես ծանր, կոծկելու, հասարակությանը մոլորեցնելու անամոթ փորձերը քիչ է ասել՝ դատապարտելի են։ Դա բավական չէ, իրենց տհաս ճաշակն էլ ճգնեցին պարտադրել որպես «արդարության» գլխավոր փաստարկ։ Մեծատաղա՜նդ-գավառամիտ հոխորտաբաններն իրենց տրված փոքրի մեջ ոչ մի կերպ չեն ուզում տեղավորվել։ Քանի որ «Ելքին» և մյուսներին բախտ չի վիճակվել շատերի նման «գրող ու մահ» առնել ՀՀՇ-ական «մեծատաղանդների» հրամանով գործող հանցախմբի գնդակահարություններով, իրավունք ունեն բարձրաձայնել խելքներին փչածը։ Արժեր ստորագրել այդ փաստաթղթի տակ, եթե Վանոն իր ինքնակոչ «պաշտպանների» պես խելապակաս լիներ (մամուլում հրապարակվեց հակառակը հաստատող նրա մի նամակ), «հայրենիքում ապրելու» մղումով վերադառնար, կանգներ դատարանի առաջ՝ փաստելով որին ում հրամանով են ահաբեկել, ինչ ոճրագործությունների հետքեր ինչպես են թաքցրել և այլն ու նման «ժողովրդավարական» արարքներ։ Փախուստի դիմելուց առաջ Վանոն ակնարկեց, որ միայնակ չի գործել (չէր էլ կարող), ուստի քավության նոխազ դառնալու ցանկություն չունի։

Ոհմակը բոլոր պարագաներում մնում է ոհմակ և գործում է ոհմակի օրենքներով։ ՀՀՇ-ական բարձր իշխանավորների ոճրագործությունները հաստատող, Վանոյի ունեցած փաստերը ջնջելու համար նրան էլ անմիջապես կահաբեկեին ու կչքացնեին (ինչպես ահաբեկել էին զինակից Համբարձում Գալստյանին), եթե համապատասխան նյութերը նա թաքցրած չլիներ, պատրաստ հրապարակելու առաջին անհրաժեշտության դեպքում։ Լուրեր տարածեցին, թե դատարանից դատարան գործը «թևի տակ դրած» տանելիս կորել է, հետո էլ՝ իբր Վանոն մահացել է։ Մինչդեռ Ա.Տեր-Սահակյանի բանդայի 53 հատորանոց քրեական գործը գտնվում է դատարանի արխիվում։ Բանդան նախարարը կազմակերպել է 1992-ի ամռանը, այն գործել է մինչև 1998-ի ձերբակալումը (Panorama.am, 21.07.12)։ Ի՞նչը ստիպեց ՀՀՇ-ԼՏՊ-ՀԱԿ-ական տարրերին Վանոյի շռնդալից վերադարձ (իրապես՝ իրենք իրենց գլխին մեծ փորձանք) կազմակերպել, եթե ոչ՝ Լևոնից ավելի վճռական լիդեր ունենալու մարմաջը։ Պապին ոնց որ նախկին թափը չունի, փոխարինող էլ չկա... Մնում է հետագա հաջողություններ ցանկանալ իրենք իրենցով ոգևորված, Թումանյանի «Բարեկենդանի» մարդուկնկանից չափազանց խելոք «Ելք»-մելքերին։

«Կինը գալիս է ռաբբիի մոտ.

- Ուզում եմ ձեզ հետ խորհրդակցել, մի ամիս առաջ ամուսինս գնաց լոբի գնելու և չվերադարձավ։ Ի՞նչ անեմ։

- Անձամբ ես խորհուրդ կտայի բացել կանաչ ոլոռի պահածոն»...

Կարծեմ՝ շարունակելու հարկ չկա։

 


Տպագրել