Նյութի մշտական հասցեն : http://national-idea.am/news.php?id=20864
Լրահոս


26.06.2013 / 10:49

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ՇԱՏ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԽՈՐԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը երբեք չի արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահի հետ երեկվա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի», – ընդգծել է պետության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացների հանդեպ Հայաստանի վերաբերմունքին, ապա, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: «Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են», – հայտարարել է ՀՀ նախագահը:

Միաժամանակ պետության ղեկավարն ընդգծել է, որ «մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա»: Ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում», – հավելել է նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Լեհաստանն աջակցում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում, մենք այդ աջակցության և օժանդակության կարիքն ունենք:


Տպագրել